Լսել

Մարտահրավեր քրիստոնեական աստվածաբանությանը և ավելին

Բովանդակություն

Ոչ ոք չի կարող շրջանցել Հիսուս Քրիստոսին

Ինչքան, որ անբացատրելի է Աստված Իր էությամբ և Իր հայտնություններով, նույնքան անբացատրելի է մեր Տերը փրկագնման մաս կազմող տարբեր ոլորտներում: Երբ խոսվում է «Տիրոջ» մասին, կամ երբ Նա հայտնվում է փրկության ծրագրի հետ կապված համատեքստում, օրինակ՝ որպես մարդու Որդի, Աստծո Որդի, Դավթի Որդի, Աստծո Գառ, Քահանայապետ, Բարեխոս և այլն, Նա ցույց է տրվում Աստծո կողքին որպես Մեկը, որը մարդ է դարձել, ոչ թե որպես երկրորդ աստվածային Անձնավորություն: Դա պարզ երևում է համապատասխան սուրբգրային հատվածներից: Երբ Հիսուսը խոսում է որպես Մարդու Որդի, այդ ժամանակ Հայրը Նրանից մեծ է, որովհետև միայն Հայրը գիտի ժամն ու ժամանակը, և այդ ժամանակ Նա անում է այն, ինչ տեսնում է Հորն անելիս (Հովհ.5:19,20 և այլ համարներ): Նա Մարգարե էր, Տեսանող էր: Նրան տեսիլքով ցույց էին տրվում այն բաները, որոնք պետք է կատարվեին. Նրան նույնիսկ հայտնի էին մարդկանց մտքերն ու մտադրությունները. «Փիլիպոսը դեռ քեզ չկանչած՝ ես տեսա քեզ, որ թզենու տակ էիր» (Հովհ.1:49): «Հիսուսը նրան ասաց. «Դու ճիշտ ասացիր, թե ամուսին չունես: Դու հինգ ամուսին ես ունեցել, և նա, ում հիմա ունես, քո ամուսինը չէ. դա ճիշտ ասացիր: Կինը Նրան ասաց. «Գիտեմ, որ գալու է Մեսիան (որ «Քրիստոս» է կոչվում»). երբ Նա գա, մեզ ամեն բան կպատմի»: Հիսուսը նրան ասաց. «Ես եմ, որ քեզ հետ խոսում եմ» (Հովհ.4: 16– 26): Ուրիշ շատ օրինակներ էլ կան: «Բայց Հիսուս ինքն իր անձը չէր վստահում նրանց, որովհետև ինքը բոլորին գիտեր: Եվ կարիք չուներ, որ մեկը մարդու մասին վկայեր, որովհետև ինքը գիտեր, թե մարդու մեջ ինչ կար» (Հովհ.2:24,25): Այսպես կատարվեց 2 Օրին.18:18 համարում գրվածը, ինչպես Պետրոսը շարադրեց Պենտեկոստեից հետո իր երկրորդ քարոզի ժամանակ: «Մովսեսն ասաց. “Ձեր Տեր Աստվածը ձեր եղբայրների միջից ինձ նման մարգարե կհանի. ամեն բանում, ինչ որ ձեզ ասի, լսեցեք Նրան: Եվ այնպես կլինի, որ ամեն մարդ, ով այն մարգարեին չլսի, ժողովրդի միջից պիտի ջնջվի”» (Գործք 3:22, 23): Որպես «Մարդու Որդի»՝ Նա Մարգարեն էր և Ծառան (Ես. 42:1–4, 52:13, Գործք 4:23–31): Որպես «Աստծո Որդի»՝ Նա փրկագնողն էր և Փրկիչը: Որպես «Դավթի Որդի»՝ Նա Թագավոր է: Նա Թագա- վոր է, Քահանայապետ և Մարգարե: Մեր սիրելի Տիրոջ բոլոր գործողությունները, այն ամենը, ինչ Նա ասում է, և այն ամենը, ինչ ասվում է Նրա մասին, պետք է նայել իր համատեքսում և Իր կատարած առաջադրանքի հետ կապված: Ահա թե ինչու անվանումները երբեք չպետք է փոխարինվեն մեկը մյուսով: Եթե Ավետարանում ութսուն անգամից ավելի գրված է «մարդու Որդի», ուրեմն այդպես էլ պետք է մնա: Եթե գրված է «Աստծո Որդի», ուրեմն այդ համատեքստին այդ անվանումն է համապատասխանում, նույնը վերաբերում է «Դավթի Որդի» անվանմանը և այսպես շարունակ: Սուրբ Գրքում ամեն ինչ աստվածային կերպով կարգադրված է յուրաքանչյուր ոլորտում, փրկագնման ծրագրի համաձայն: Աստված չի բազմացել, Նա Մեկ է մնացել: Մինչդեռ Նա Որդու՝ Անդրանիկի միջոցով, Հոգուց ծննդի միջոցով իրականացրեց բոլոր անդրանիկների հոգևոր բազմացումը: Նրանք գոյության են կանչվել Ճշմարտության Խոսքով, ապրել են վերստին ծնունդը (Հակոբ 1:18, 1 Պետր.1:23 և այլ համարներ) և, որպես Աստծո որդիներ և դուստրեր, շնորհք են գտել և ընդունվել: «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ, միակ ճշմարիտ Աստված և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին» (Հովհ. 17:3): «Եվ գիտենք, որ Աստծո Որդին եկավ և մեզ միտք տվեց, որպեսզի ճշմարիտը ճանաչենք և ճշմարիտի մեջ ենք, այսինքն Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ: Նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը» (1 Հովհ.5:20): Ստեփանոսը Նրան տեսավ որպես մարդու Որդի՝ Աստծո աջ կողմում (Գործք 7:56): Հովհաննեսը տեսավ Նրան յոթ աշտանակների մեջտեղում, որպես մարդու Որդի (Հայտն.1:13): Դանիելը Նրան արդեն տեսել էր, որ գալիս էր որպես մարդու Որդի (Դանիել 7:13,14): Քահանայապետի, Միջնորդի և Բարեխոսի պաշտոնում Նրան տեսնում ենք Աստծո կողքին: Պողոսը գրում է իր գործակից Տիմոթեոսին. «Որովհետև մեկ Աստված կա և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս Մարդը» (1 Տիմ.2:5): Հովհաննես առաքյալն այդ մասին այսպես է ասում. «…իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս արդարին» (1 Հովհ.2:1): Փրկության պատմության տեսանկյունից Նոր Կտակարանում Աստծո փրկագնման ծրագրի համաձայն փրկությունը մեզ շնորհվում է Որդու միջո- ցով: Չնայած Իր մարդեղությանը՝ Որդին մարդկանց համար կենդանի հավատքի իսկական առարկա դարձավ. «Աստծուն հավատացեք ու ինձ հավատացեք» (Հովհ.14:1): Միայն Նա, ով հավատում է Աստծո Որդուն, իսկապես հավատում է Աստծուն: Կենդանի, փրկարար հավատք միայն կարելի է ունենալ Իր Անձը հայտնած Աստծո հանդեպ: Մնացած բոլոր բաները կրոնական գործողություններ են, որոնք շրջանցում են Աստծուն: Միայն Որդու մեջ Հայրը մեզ հանդիպեց, միայն Նրա մեջ մենք ունենք Հորը: Այս իմաստով պետք է հասկանանք նաև հետևյալ հատվածները. «Վախով ծառայեցեք Տիրոջը և դողալով ցնծացեք: Որդուն համբուրեք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհում, որովհետև նրա բարկությունը շուտով կվառվի, երանի այն ամենին, որ նրան են հուսացած» (Սաղմ.2:11,12): «Ձեզ՝ նրանով այն Աստծուն հավատացողներիդ, որ նրան մեռելներից հարություն տվեց ու փառքը տվեց նրան, որպեսզի ձեր հավատը և հույսն Աստծո վրա լինի» (1 Պետր.1:21): Փրկությունը, որն Աստված մեզ տալիս է, շնորհվում է Աստծո բոլոր որդիներին և դուստրերին Աստծո Որդու միջոցով: Ահա թե ինչու առաքելական պայմանը այսօր էլ նույնն է. «Հավատա Տեր Հիսուսին և կփրկվես դու և քո տունը» (Գործք16:31): Փրկությունը Որդու մեջ է. Նա է մեր փրկությունը: «Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանքը չի տեսնի, այլ Աստծո բարկությունը մնում է նրա վրա» (Հովհ.3:36): «Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը նրա Որդու մեջ է: Ով որ Որդուն ունի, նա կյանք ունի, և ով որ Աստծո Որդուն չունի, կյանք չունի» (1 Հովհ.5:11,12): «Ամեն ոք, ով Որդուն ուրանում է, Հորն էլ չունի: Նա, ով դավանում է Որդուն, Հորն էլ ունի» (1 Հովհ.2:23):
Բովանդակություն