Լսել

Մարտահրավեր քրիստոնեական աստվածաբանությանը և ավելին

Բովանդակություն

Մարյամի պաշտանմունքը

Իմաստուններն են, որ մոլորությունների միջով հասնում են Ճշմարտությանը. հիմար են նրանք, ովքեր հարատևում են մոլորության մեջ: Աստվածաշնչյան լուսաբանումը, քրիստոնեական աստվածաբանությանն ու գործերին ուղղված մարտահրավերը անհրաժեշտ են: Անկասկած, դուք արդեն հասկացել եք այս շարադրանքի արդիական լինելը: Բայց կատարվում է էլ ավելի նշանակալից մի բան: Միջազգային մամուլի հաղորդագրությունները մեզ տեղեկացրել են, որ 42 կարդինալներ, 50 եպիսկոպոսներ և Հռոմի եկեղեցու այլ պաշտոնյաներ, որոնց աջակցում են ողջ աշխարհի չորս ու կես միլիոն կաթոլիկներ, պապին են դիմել մի աներևակայելի խնդրանքով՝ մինչև 2000 թվականը դոգմայի միջոցով Մարիամին բարձրացնել մինչև համափրկչուհու աստիճանին: Վերջին հաշվով դա կնշանակեր սա՝ Մարիամին դասել Աստվածության շարքը, ինչպես երևում է հետևյալ մեջբերումից. «Նախաձեռնողների նպատակն է ստանալ հավատքի երեք նոր սկզբունքներ՝ Որ Մարիամը նույնպես համագործակցել է փրկագնմանը իր Որդու միջոցով: Որ Փրկչի տառապանքներից և մահից հոսող ամեն շնորհք արդյունավետ կլինի միայն Մարիամի բարեխոսությամբ: Որ հավատացյալների ամեն խնդրանք և աղոթք կարող է հասնել Հիսուսին միայն Մարիամի միջնորդության շնորհիվ: … Երրորդությունը կարող է դառնալ Չորրորդություն Մարիամի հետ, որպես Հոր դուստր, Որդու մայր և Սուրբ Հոգու հարսնացու» (Welt am Sonntag, N 35, օգոստոսի 31 1997): Պետք է մեծ երևայակություն ունենալ դա պատկերացնելու համար՝ Հոր դուստր, Որդու մայր և Սուրբ Հոգու հարսնացու: Ինչպիսի՜ համաստեղություն: Քրիստոնեության մեջ շատերը, հրեաներն ու մուսուլմանները արդեն գլուխ են օրորում քրիստոնեական համարվող «Երրորդության» վերաբերյալ: Ահա հիմա էլ «Չորրորդություն» է ծագում: Ինչ վերաբերում է դոգմաներին, պետք է հանուն Ճշմարտության սիրո ասել, որ դրանք բացարձակապես ոչ մի ընդհանուր բան չունեն աստվածաշնչյան վկայության հետ: Իսկ այս պահանջը հանդգնության գագաթնակետն է և աստվածաշնչյան հավատացյալների համար անցել է ամեն սահման: Հանուն նրանց սիրո, ովքեր տարբեր կրոններում և դավանանքներում անկեղծորեն փնտրում են Ճշմարտությունը, Աստծո Խոսքը պետք է առանց զիջումների ներկայացվի աստվածային օրակարգի համաձայն: 1997 թվականի օգոստոսի 31–ի մամլո հաղորդագրության մեջ, որն արդեն հիշատակեցինք, նաև գրված է հետևյալը. «Նոր դոգման ոչ միայն կփոխեր Մարիամի պաշտամունքը, քրիստոնեական հավատքի համար Մարիամի կարևորության վերաբերյալ աստվածաբանական մտածողությունը, այլև հավատքի ողջ ժառանգության մեջ կբերեր այնպիսի փոփոխություն, ինչպիսին չի եղել այս երկու հազար տարիների ընթացքում»: Անշուշտ, այդպես է: Հռոմի եկեղեցուց եկող բոլոր փոփոխությունները մեզ հեռացնում են Սուրբ Գրքից: Որևէ դոգմա ներմուծելուց առաջ նախ պետք է չեղյալ անեին Աստծո Խոսքը, որը միակ ընդունելին էր, որպեսզի կարողանային դրա փոխարեն դոգմատիկ վարդապետությունն հաստատել: Ավելացրած բաների և Աստծո Խոսքի խախտումների չափը, դրանով իսկ՝ անօրենության չափը լրացվել է մեղքի և անօրենության մարդու կողմից, որը հանդգնորեն իրեն բարձր է դասում Աստծուց և Աստծո Խոսքից (2 Թես.2–րդ գլուխ): Միայն Սուրբ Գրքի վրա հիմնված ճշմարիտ հավատքի ուրացումը, որի մասին նախօրոք հաղորդել էր Պողոսը, կարելի է համարել ավարտված: Արդեն Իր ժամանակ Տեր Հիսուսը ասում էր պատասխանատուներին. «Սակայն զուր տեղն են պաշտում ինձ՝ այնպիսի վարդապետություններ սովորեցնելով, որոնք մարդկանց պատվիրաններ են: Եվ Աստծո Խոսքը անարգում եք ձեր ավանդույթով, որ ժառանգել եք: Եվ սրա նման ուրիշ բաներ եք անում» (Մարկ.7:7,13): Ավելի պարզ չէր կարող ասվել. այնտեղ, ուր հաստատվում են մարդկային պատվիրաններ և վարդապետություններ, այնտեղ Աստծո Խոսքը չեղյալ է հայտարարվում, և այդպիսով արհամարհում են Աստծուն և Տիրոջ հանդեպ երկրպագությունն էլ իզուր է դառնում: Եկեղեցու կողմից հաստատված սուրբգրային հիմքից զուրկ բոլոր դոգմաներից և վարդապետություններից ոչ մեկը այնքան անհավատալի չի, որքան այս մեկը, որ հիմա պահանջում են: Ընդ որում ուշագրավ է այն, որ բողոքականները այլևս վաղուց չեն բողոքում: Իրականում քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները այլևս չեն փափագում Աստծո Խոսքի հետ համապատասխանության, այլ փորձում են համակերպվել մայր–եկեղեցու հետ՝ մոտենալ Հռոմին: Չորս «միայն». — Միայն ՇՆՈՐՀՔՈՎ — Միայն ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ — Միայն ՀԱՎԱՏՔՈՎ — Միայն ՍՈՒՐԲ ԳԻՐՔ Սրանք են եղել Ռեֆորմացիայի սկզբունքները, աստվածաշնչյան հավատքի և Ավետարանի ազատ քարոզչության սյուները, որոնք այլևս չեն կիրառվում: Մինչդեռ փոքրիկ փոքրամասնության, այսինքն՝ Լրիվ Ավետարանի քրիստոնյաների դավանանքը մնում է նույնը. «Սուրբ Գիրքն է միակ աղբյուրը և հավատքի, ուսմունքի և կյանքի կատարյալ չափանիշը: Միայն շնորհքով է մարդը փրկվում՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով»: Պահանջված դոգման պարտադիր կհռչակվի, թե ոչ, դա չէ կարևորը: Այն պահանջողների մեծ թիվը ինքնին խոսուն է: Վերջին հաշվով՝ Մարիամը արդեն ունի այդ դիրքը Հռոմի եկեղեցու հավատքի աշխարհում, անկախ նրանից դոգման կհռչակվի, թե ոչ: Որևէ նոր դոգմայի հռչակումից առաջ քննարկումների ժամանակ միշտ աշխուժություն է լինում, վեճեր են լինում և հակառակվող ձայներ են լսվում: Վատիկանի առաջին տիեզերաժողովի ժամանակ (1869–1870), երբ պետք է հռչակվեր պապի անսխալականության վերաբերյալ դոգման և գլխավորապես, գերմանացի եպիսկոպոսները դեմ դուրս եկան դրան, նրանց խնդրեցին հեռանալ, որպեսզի քվեարկությունը և դոգմայի հռչակումը ընթանան առանց բախումների: Եկեղեցու ողջ պատմության ընթացքում նման շատ դոգմաներ հռչակվեցին: Այստեղ կթվարկենք միայն վերջին երեքը. Առաջին. 1854 թվականին Պիոս IX պապը հռչակեց «Աստվածամոր» «Անարատ Ծնունդը», որն ընդհանրապես գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ և դրա համար էլ Սուրբ Գրքում այդ մասին ոչ մի վկայություն չկա: Ոչ էլ Աստծո Խոսքում որևէ խոսք կա Մարիամի «անարատ սրտի» մասին: Երկրորդ. 1870 թվականին Հռոմի եկեղեցու կողմից հռչակվեց «պապի անսխալականության» դոգման: Երրորդ. Միայն 1950 թվականին Պիոս XII պապը հայտարարեց, որ իր երկրային կյանքի ընթացքը ավարտելուց հետո Մարիամը հոգով և մարմնով համբարձվեց երկնային փառքի մեջ. դա ուղղակիորեն հակասում է Քրիստոսի միակ անսխալական և հավիտյան ընդունելի Խոսքի հետ. «Ոչ ոք երկինք չի բարձրացել, բացի երկնքից իջնողից՝ Մարդու Որդուց, նրանից, որ երկնքում է» (Հովհ.3:13): Զարմանալի չէ՞, որ առաքյալներից և քրիստոնեության առաջին դարերի եկեղեցական հայրերից ոչ մեկը ոչինչ չի հաղորդել ինչ–որ պապի կամ նրա անսխալականության մասին, Մարիամի անարատ ծննդի կամ մարմնավոր համբարձման մասին: Միայն դարեր հետո, այսինքն՝ մոտ երկու հազար տարի հետո հասան այդպիսի մտքերի, միայն այն պատճառով, որ դա օգուտ է բերում պապի եկեղեցուն: Ինչպես արդեն նշեցինք, ամեն անգամ այդ եկեղեցին գիտակցաբար խախտեց Աստծո Խոսքը, իսկ նրանց, ովքեր ճանաչում էին միայն Աստծո Խոսքի արժեքը, բանադրանքի ենթարկեցին, անիծեցին, հալածեցին, սեփականազրկեցին և մահվան մատնեցին: Ինչպես Աստված Եկեղեցուն կապեց Իր Խոսքի հետ, այնպես էլ պապերը իրենց սեփական խոսքի հետ կապեցին Հռոմի եկեղեցու բոլոր անդամներին աշխարհով մեկ: Մարդիկ մինչև հիմա կանգնած են կարևոր որոշման առջև՝ հավատան Աստծուն, թե՞ պապին: Երկուսը միաժամանակ հնարավոր չէ, մեկը մյուսին բացառում են, ինչպես Քրիստոսը և հակաքրիս- տոսը, լույսը և խավարը: Այն, ինչ իրոք գրված է Աստվածաշնչում, արժեք ունի Աստծո մոտ և պատկանում է ճշմարիտ հավատքին: Բոլորը պետք է քաջություն ունեն հարցնելու, թե արդյո՞ք Եկեղեցու վարդապետությունները կարող են քննություն բռնել: Հիսուս Քրիստոսի Եկեղեցու, Իսրայելի և հեթանոսների համար վճռական այս ժամանակաշրջանում Աստված հոգացել է, որ աստվածային պատասխանատվության տակ եղող մեկը որոշակի դիրքորոշում ընդունի: Նա պետք է մարդկանց ուշադրությունը հրավիրի, որպեսզի, իրենք որոշեն, թե իրականում ում են հավատում և հետևում՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդին, ուղղափառ եկեղեցու պատրիարքին, որևէ եպիսկոպոսի կամ կրոնական հեղինակության, կրոնի հիմնադրի, կրոնական առաջնորդի, խարիզմատիկ առաջնորդի, թե՞ փրկագնվածների Եկեղեցու Առաջնորդին, այսինքն՝ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ՝ առաջին առաքյալների ուսմունքի համաձայն: «Անապատի մեջ կանչողի ձայնը. «Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը, և ուղիղ արեք ամայության մեջ շավիղը մեր Աստծո համար» (Ես.40:3): Պետք է լինի ձայն, որը վերևից հնչում է հոգևոր անապատում՝ երկրի վրա Տիրոջ ճանապարհը պատրաստելու համար: Այս շարադրանքի միակ նպատակը սա է: Մարիամը, որին քրիստոնեության 5–րդ դարից մինչև հիմա ավելի ու ավելի են փառաբանել հակասուրբգրային ձևով, որին վերագրել են տարբեր պատվավոր տիտղոսներ և պաշտոններ, որոնք պատկանում են միայն Քրիստոսին, պետք է միլիոնավոր կաթոլիկների և բարձրաստիճան մարդկանց կամքով աշխարհի առջև բարձրանա որպես «պաշտամունքի առարկա»: Մինչդեռ տարօրինակ է. Մատթեոսը և Ղուկասը, որոնք ազգատոհմերի մասին տեղեկություններ են տվել, չեն հիշատակում Մարիամի մորն ու հորը: Ոչ ոք չգիտի, թե ովքեր են եղել նրա ծնողները, որովհետև դա ոչ մի կարևորություն չուներ Աստծո համար: Մատթեոսը տոհմածառը սկսում է Աբրահամով, երեք անգամ հաշվում է տասնչորս սերունդ և վերջացնում է այս խոսքերով. «Հակոբը ծնեց Հովսեփին՝ Մարիամի ամուսնուն, որից ծնվեց Հիսուսը, որին Քրիստոս են ասում» (Մատթ.1:16): Ղուկասը տոհմածառը ներկայացնում է հակառակ ուղղությամբ և հասնում է մինչև Ադամը՝ այսինքն՝ մարդկության նախահայրը, բայց այստեղ էլ ոչինչ չի ասվում Մարիամի ծնողների մասին: Նա մարդկային սերնդից էր, ինչպես մենք բոլորս, և միայն աստվածային ընտրության միջոցով նա դարձավ այն «ընտրյալ անոթը», որին Աստված սահմանել էր Իր Որդու ծննդյան համար: Դրանով, փրկության պատմության տեսանկյունից մեկընդմիշտ կատարվեց նրա «բարձր և եզակի» առաջադրանքը: Նրա համար այլևս բացարձակապես ոչ մի խոստումներ չեն եղել հետագա առաջադրանքների համար: Եթե այնուամենայնիվ, ինչ–որ մեկը այդպես է կարծում, չի կարող ապացուցել Աստվածաշնչով: Փրկիչը պետք է ծնվեր մեղսաբնույթ ստեղծագործության մեջ, այլապես չէր կարող մարդկությանը ազատել անկումից և ողորմություն անել: Հանուն Մարիամի պաշտամունքի այն աստիճանի են հասել, որ սխալ են թարգմանել Ղուկ.1:28 համարը: Բնագրում Գաբրիել հրեշտակը Մարիամին ողջունում է այս խոսքերով. «Ողջույն քեզ, ո՛վ շնորհընկալ»: Կաթոլիկ կատեխիզիսը այս համարը թարգմանել է այս բառերով. «Ողջույն քեզ, ո՛վ շնորհալի»: Շատ մեծ տարբերություն կա այստեղ: Միայն Աստված է շնորհքով լեցուն, ողորմած և գթասիրտ, «և նրա լիությունից մենք շնորհք ստացանք՝ շնորհքի տեղ» (Հովհ.1:16): Մարիամը շնորհք էր գտել Աստծո առաջ, որպեսզի Նրա խոստումը կատարվի: Նաև Աստվածաշունչը չի ճանաչում Մարիամի որևէ «հրաշագործ պատկեր»: Ընդհանրապես Աստվածաշունչը չի ընդունում ոչ մի պաշտամունք, որը տրվում է մարդուն՝ ոչ Հին Կտակարանի, ոչ էլ Նոր Կտակարանի անձանց: Եփեսոսը այն քաղաքն էր, որում հեթանոսները պաշտում էին հատկապես Արտեմիս (Դիանա) աստվածուհուն՝ որպես հովանավորչուհու և պտղաբերության աստվածուհու: Արծաթագործները, որոնք այդ պաշտամունքի շնորհիվ հասել էին բարեկեցության, վախենում էին, որ Պողոսը իր քարոզչությամբ վերջ կդնի իրենց արհեստին: «Այս բանը ոչ միայն մեր արհեստն է վտանգի մեջ գցում, որ անարգվի, այլ մեծ աստվածուհու՝ Արտեմիսի տաճարն էլ ոչնչի տեղ է դրվում: Եվ կնսեմանա նրա մեծությունն էլ, որին ամբողջ Ասիան ու աշխարհը պաշտում են» (Գործք 19:27): Նույն բանը կատարվում է Մարիամի հետ, որին պաշտում են ուղղափառ և կաթոլիկ աշխարհում: Նրանք նույնիսկ հավատում էին, որ Արտեմիսի պատկերը ընկել էր երկնքից. «Ո՛վ եփեսացի մարդիկ, ո՞վ է այն մարդը, որ չգիտե՝ Եփեսոս քաղաքը Արտեմիս մեծ աստվածուհու ու Դիոսից ընկած կուռքի տաճարի պաշտոնյան է» (հ.35): Այդ ժամանակ նորադարձները մերժեցին երկնքի թագուհու և պտղաբերության աստվածուհու պաշտամունքը և եկան Պողոսի քարոզած Հիսուս Քրիստոսին: Մինչդեռ, ինչպես հստակ երևում է պատմական զարգացումներից, հետագայում, Եփեսոսի տիեզերաժողովի ժամանակ (և դա պատահական չէ), Մարիամին, որպես պտղաբեր, բարձրացրին երկնքի թագուհու աստիճանին: Երկու դեպքերում էլ պաշտամունքն ու սնահավատությունը իրար նման են: Ինչպես պատմությունից տեղեկանում ենք՝ հետագայում մերժվեց Յուպիտերը և նրա փոխարեն բարձրացրին Պետրոսին: Այս ամենը և ուրիշ շատ բաներ էլ ընդամենը հեթանոսական սովորությունների շարունակությունն են՝ քրիստոնեական հագուստով: Մարիամը Աստծո մայրը չէ և չի էլ կարող լինել, բայց նա մեր Տիրոջ մայրն է: Ահա թե ինչպիսին է ճշմարիտ վկայությունը. «…և Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեց: Բարձրաձայն գոչեց ու ասաց. «Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը: Այս որտեղի՞ց էր, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ …Եվ երանի նրան, ով հավատաց, որովհետև կկատարվեն այն բաները, որոնք Տիրոջ կողմից ասվել են իրեն» (Ղուկաս 1:41–45): Ահա թե ինչպիսի վկայություն են տալիս բոլոր նրանք, ովքեր իրոք լցված են Սուրբ Հոգով: Նրանք, ոչ միայն թեմայի, այլև Ճշմարտության մեջ են մնում: Մարիամի «անարատ ծնունդ» երբեք չի եղել, «անարատ ծնունդ» է ունեցել միայն Աստծո Որդին, Մարիամի մեջ, որը անարատ և կույս էր, երբ «աստվածային Սերմը» դրվեց նրա մեջ Սուրբ Հոգու հղացմամբ: Այն, որ նա էլ սխալական էր, ինչպես ցանկացած մարդ, պարզ երևում է այս իրադարձությունից. տասներկու տարեկանում Հիսուսը մնաց Երուսաղեմի տաճարում և Նրան գտան միայն երեք օր հետո: Աստված թույլ տվեց, որ Մարիամը, իր անհանգստության մեջ ասի և անի մի անմտածված բան: Բնականաբար, ինչպես ցանկացած մայր, որ անհանգստանում է իր երեխայի համար, ասաց հանդիմանությամբ. «Որդյա՛կ, ինչո՞ւ մեզ հետ այդպես արեցիր. հայրդ ու ես տագնապած քեզ էինք որոնում» (Ղուկ.2:48): Այս խոսքերով նա, առանց գիտակցելու, ասաց մի սարսափելի սուտ, որովհետև Հովսեփին անվանեց Հիսուսի հայրը: Մինչդեռ տասներկու տարեկան Հիսուսը հյուսնի արհեստանոցում չէր, այլ տաճարում, և անմիջապես ուղղեց իր մոր ասածը. «Ինձ ինչո՞ւ էիք փնտրում, չգիտե՞իք, որ ես պետք է իմ Հոր տանը լինեի» (հ.49): Պատկերացրեք, Մարիամն ինքն էլ չհասկացավ Հիսուսի ասածը: «Նրանք (Հովսեփն ու Մարիամը) չհասկացան այն խոսքը, որ ասաց իրենց» (հ.50): Այսօր էլ նույնը կատարվում է Մարիամին երկրպագողների հետ. նրանք չեն հասկանում Հիսուսի ասածը: Նույնիսկ մի անգամ Հիսուսը Մարիամին «մայր» չկոչեց, այլ «կին» (Հովհ.2:4), որովհետև Նա այն Սերունդն էր, որ պետք է գար կնոջ միջոցով (Ծննդ.3:15), ինչպես այդ մասին հաղորդվել էր Աստվածաշնչի առաջին խոստումի ժամանակ: Կանայի հարսանիքի ժամանակ նույնիսկ խստորեն հանդիմանեց նրան. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, կի՛ն» (Հովհ.2:4): Այն խոսքը, որ Մարիամն ասաց ծառաներին, բոլոր աստվածաշնչյան հավատացյալների համար ուժի մեջ է նաև այսօր. «Ինչ որ ձեզ ասի, արեք» (հ.5): Նրանք արեցին այն, ինչ Նա ասաց և հրաշք եղավ. Նրա Խոսքով ջուրը գինի դարձավ: Մարիամն էլ ինչպես բոլոր մյուս հավատացյալները, կարիք ուներ Սուրբ Հոգով լցվելու, որպեսզի փրկվեր: Բացի Ավետարաններից, նա հիշատակվում է միայն Գործք 1:14 համարում, հավաքույթի ժամանակ, երբ հարյուր քսան հոգին սպասում էին Սուրբ Հոգու հեղմանը. «Սրանք բոլորը միշտ միաբան աղոթք ու աղաչանք էին անում մի քանի կանանց հետ, Հիսուսի մոր՝ Մարիամի և նրա եղբայրների հետ» (Գործք 1:14): Նրա համար էլ, որը «Աստծուց շնորհք էր ստացել» և «օրհնյալ» էր, բացառություն չկար, նա առանձնահատուկ դիրք չէր գրավում, նա նույնպես մաս էր կազմում մեղսաբնույթ ստեղծագործության և դրա համար կարիք ուներ փրկության: Նրա նման, բոլոր նրանք, ովքեր իրոք հավատացել են Աստծո խոստումներին և դեռ հավատում են, շնորհք են գտնում Նրա առաջ, և, ինչպես Տերն Ինքն է ասում Լեռան քարոզում և այլ հատվածներում, երանելի են համարվում: Սուրբ Հոգով հղացված և Մարիամից ծնված Որդին իսկապես հարուցյալ Տերն է, որը երկինք է համբարձվել և Հոգով բնակվում է փրկագնվածների մեջ: Մատթ. 13–րդ գլխում Տերը երանելի է համարում Իր աշակերտների աչքերը, որովհետև տեսնում են, և ականջները, որովհետև լսում են: Մինչև Հայտնության վերջին գլուխը, որը Աստվածաշնչի վերջին գիրքն է, բոլոր նրանք, ովքեր հաղթում են և մտնում Աստծո քաղաքը, երանելի են համարվում: Նորկտակարանյան Եկեղեցու հիմնումից հետո Մարիամը ոչ մի անգամ չի հիշատակվում: Ոչ Պետրոսն ու Պողոսը, ոչ Հակոբոսն ու Հովհաննեսը, կամ էլ որևէ ուրիշ մարդ, չեն խոսել նրա մասին թղթերում: «Կույս Մարիամը» գոյություն է ունեցել միայն, որպեսզի կատարվի Ես.7:14 համարում գրված մարգարեի խոսքը. «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի»: Ինչպես Աստվածաշունչն է ասում, Մարիամը Հովսեփի նշանածն էր, և նա ուզում էր Մարիամից բաժանվել, որովհետև նա բառացիորեն անսպասելի կերպով հղիացել էր: Տիրոջ հրեշտակը Հովսեփին պատվիրեց չլքել նրան. «Հովսեփ, Դավթի որդի, քո կնոջը Մարիամին քեզ մոտ առնելուց մի՛ վախենա, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է… և իր կնոջն իր մոտ առավ: Եվ նրան չմերձեցավ, մինչև որ նա իր անդրանիկ որդուն ծնեց և նրա անունը Հիսուս դրեց» (Մատթ.1:20–25): Աստվածաշունչը պարզ ասում է, որ դրանից հետո նա որդիներ և դուստրեր ունեցավ Հովսեփի հետ (Մատթ.13:55.56): Այդ պահից սկսած այլևս «կույս Մարիամ» չկա: Թեև դուստրերի անունները հիշատակված չեն, գիտենք, որ նրա որդիների անուններն էին՝ Հակոբոս, Հովսես, Սիմոն և Հուդա, և նրանք ծառայում էին Տիրոջը: Հովհ.2:12 համարում կարդում ենք. «Դրանից հետո Հիսուսը իջավ Կափառնայում. ինքը, իր մայրը, եղբայրներն ու իր աշակերտները…» (Հովհ. 2:12): Հովհ.7:5 համարում ասվում է, որ սկզբում Իր եղբայրներն էլ չէին հավատում Նրան: Պողոս առաքյալը գրում է. «Մի՞թե մեզ հետ քույր, կին ման ածելու իշխանություն չունենք, ինչպես ուրիշ առաքյալները, Տիրոջ եղբայրներն ու Կեփասը» (1 Կորնթ.9:5): Նա նաև անում է այս վկայությունը. «Եվ առաքյալներից մեկ ուրիշի չտեսա, բացի Տիրոջ եղբայր Հակոբոսից» (Գաղատ.1:19): Հուդա առաքյալը ներկայանում է որպես Հիսուս Քրիստոսի ծառա և Հակոբոսի եղբայր, որը նաև Տիրոջ եղբայրն էր (Հուդա 1): Սկզբից ի վեր Աստված մարդկանց պարգևներ և համապատասխան առաջադրանքներ է տվել Իր փրկության ծրագրի համար: Բայց միայն Նրան է պատկանում պատիվն ու երկրպագությունը: ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ. «Ես եմ Եհովան, սա է Իմ անունը. և ես Իմ պատիվը ուրիշին չեմ տա, և ոչ իմ փառքը՝ կուռքերին» (Ես.42:8): Մարիամի պաշտամունքն ամբողջությամբ դուրս է մնում Աստծո Խոսքից և Աստծո թագավորությունից: Դա բնորոշ կերպով ուղղափառ և կաթոլիկ է, այլ ո՛չ աստվածաշնչյան, ո՛չ քրիստոնեական:
Բովանդակություն