Լսել

Մեծ ողբերգությունը և Աստծո փրկության ծրագիրը

Բովանդակություն

ՄԵՂՔԻ ՄԵՋ ԱՆԿՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՇՏԿՈՒՄԸ

Մեր առջև բացվում է մեր Աստծո փրկության խորհրդավոր ծրագիրը: Ծննդ.1:27 համարում Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով, հոգևոր մարմնում: 2-րդ գլխի յոթերորդ համարում Տեր Աստված նրա համար հողից մարմին պատրաստեց: 18-րդ համարում Աստված ասում է. «Լավ չէ, որ մարդ մենակ լինի. նրա նման մի օգնական շինեմ իրեն հարմար» (Ծննդոց 2:18): Դրանից հետո Աստված հողից շինեց բոլոր կենդանի արարածներին զույգերով, և Ադամը նրանց անուն տվեց: Հետո Տեր Աստված նայեց, թե արդյոք նրանց մեջ Ադամին հարմար օգնական կար, բայց չկար (հ.20): Ի վերջո Տեր Աստվածը Ադամի կողից հանեց Եվային և ներկայացրեց նրան. նա մարմին էր Ադամի մարմնից, և ոսկոր՝ նրա ոսկորներից (հհ. 21-24): Դրանում է մեծ խորհուրդը և վերաբերում է Քրիստոսին և Եկեղեցուն (Եփես. 5:30-32). ինչպես Եվան վերցվեց Ադամից և տարվեց նրա մոտ, այնպես էլ Եկեղեցին, որ Քրիստոսի մեջ էր, վերցվեց Նրանից և Նրան կներկայացվի որպես մաքուր կույս (2 Կորնթ. 11:2, Եփես. 5:27): Նա Փեսա-Խոսքն է, իսկ Եկեղեցին՝ Հարս-Խոսքը, Նա Գլուխն է, Եկեղեցին՝ Նրա Մարմինը (Կողոս. 1:18 և այլ համարներ): Արարչագործության սկզբում երկինքն ու երկիրը այնպիսի ներդաշնակության մեջ էին, որ մենք չենք կարող պատկերացնել, երանություն ու երջանկություն էր: Երկնային զորքերը երկրպագություն էին մատուցում Աստծուն Նրա գահի առաջ: Տերը այցելում էր երկրի առաջին բնակիչներին դրախտում օրվա հովի ժամանակ և հաղորդակցվում էր նրանց հետ: Չկար տառապանքի, հիվանդության կամ մահվան որևէ հետք: Արուսյակը նույնպես մուտք ուներ այդ վայրերում, ինչպես Եզեկիելն է խորհրդավոր կերպով նկարագրում իր գրքի 28-րդ գլխում. «Դու կատարելության կնիքն ես՝ լի իմաստությունով ու գեղեցկությամբ կատարյալ, Եդեմում՝ Աստծո դրախտում էիր դու մի օծված քերովբե էիր ծածկող » (Եզեկ.28:12-14): Նա առաջին «օծյալն» էր, և դարձավ Աստծո թշնամին: Դա մեծ կարևորություն ունի վերջին ժամանակների օծյալների վերաբերյալ մեր թեմայի համար: Աստծո թշնամին դարձած այս քերովբեի համար բավական չէր այն, որ աղետ էր բերել երկնքում: Նրան ամենևին դուր չեկավ այն, որ Աստված Ադամին՝ Իր որդուն հաստատել է այն ամեն բաների վրա, որ Ինքը ստեղծել էր երկրի վրա: Ադամն ու Եվան գերիշխան կերպով էին իշխում երկրի վրա: Հակառակորդը, որ ինքը դուրս էր եկել երկնային կարգուկանոնից, իր հետ անկման տարավ նաև երկրի առաջին մարդկանց: Լինելով հոգևոր էակ՝ նա իրեն ենթարկեց կենդանական աշխարհի ամենազարգացած և ամենախորամանկ կենդանուն (Ծննդ. 3:1), որը անշուշտ, ամենից շատ էր մարդուն նման: Դա օձն էր, որը կարող էր կանգնել և խոսել գիտեր: Մեզ հայտնի է օձի և Եվայի զրույցը: Միայն անեծքի պատճառով (հ.14) այդ կենդանին կորցրեց իր սկզբնական տեսքը և դարձավ սողուն: Այն ժամանակվանից ի վեր մինչև Հայտնության գիրքը Աստծո թշնամուն անվանում են «սատանա», «վիշապ», «առաջին օձ»: Երկրի վրա էլ ավելի սարսափելի բան կատարվեց, քան երկնքում: Քերովբեներն ու սերովբեները, որոնք Արուսյակի ազդեցության տակ չընկան, մնացին աստվածային կարգուկանոնի մեջ, այսինքն՝ իրենց համար նախատեսված առաջադրանքների շրջանակում: Մինչդեռ երկրի վրա ողջ մարդկությունը լիովին ընկավ սատանայի իշխանության տակ: Նա կարողացավ ազդել առաջին մարդկանց վրա, որ կասկածեն Աստծո Խոսքին, այսինքն՝ չուտել բարու և չարի գիտության ծառից: Նա նրանց մղեց խախտել Աստծո սուրբ պատվիրանը, որի խախտման համար մահվան դատավճիռ էր հռչակվել: Նա նրանց ասաց. «Ձեր աչքերը կբացվեն», «Իմաստուն կդառնաք» և «Աստծո նման կլինեք»: Թշնամին ասաց. «Բնավ չեք մեռնի...»: Դա Աստծո ասածի ճիշտ հակառակն էր: Նախ սատանան իր իշխանության տակ վերցրեց կենդանական աշխարհը՝ իրեն ենթարկելով օձին, հետո Եվան ընկավ նրա ազդեցության տակ: Սատանան կասկածի տակ դրեց Աստծո Խոսքը, կեղծեց Աստծո ասածը՝ «Պարտեզի ամեն ծառից համարձակ կեր » ՝ ասելով. «…պարտեզի ոչ մի ծառից չուտեք» (Համեմատեք Ծննդոց 2:16 և 3:1 համարները) և սխալ իմաստ տվեց ասվածին: Այն ժամանակվանից թշնամին խոսում է աստվածաշնչյան թեմաներով, բայց երբեք չի մնում սկզբնական Ճշմարտության մեջ, նա չի ժխտում Խոսքը, բայց ամեն անգամ աղավաղում է ասվածի իմաստը, բերելով անվերջանալի փաստարկներ և այդպիսով խախտում է Աստծո Խոսքի արժանահավատությունը: Դա չվերջացավ պտուղ ուտելով. դա միայն սկիզբն էր: Գործը չսահմանափակվեց աչքերի ցանկությամբ, այլ մինչև այսօր դա տանում է մարմնի ցանկությանը: Սատանան ոչ միայն ներքաշեց Եվային իր փաստարկների մեջ, այլևս իսկապես գայթակղեց նրան. նա այդ արեց քանի դեռ բազմացումը տեղի չէր ունեցել այնպես, ինչպես նկատի էր ունեցել Տերը, երբ ասել էր մարդուն. «Աճեցեք և շատացեք » (Ծննդոց 1:28): Բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում, երբ ասում են, որ կինը խաբվել է: Բոլորը գիտեն նաև, թե ինչ է նշանակում, երբ ասում են. «Նա մեղքի մեջ է ընկել»: Սուրբ Գիրքն ասում է. «Եվ եթե մեկը չնշանված աղջիկ խաբի ու պառկի նրա հետ » (Ելից 22:16): Օձի կողմից գայթակղվելուց հետո Եվան տրվեց Ադամին, որը դեռ չէր ճանաչել նրան: Օձը մի սերունդ էր թողել: Կայենը նրա բնական սերունդն էր, ինչպես Աբելը՝ Ադամի: 3-րդ գլխում կատարվածից հետո կարդում ենք 4-րդ գլխի 1-2 համարներում. «Եվ Ադամը գիտաց իր կինը՝ Եվան, և նա հղացավ և ծնեց Կայենը Եվ դարձյալ ծնելիս ծնեց նրա եղբայր Հաբելը » (Ծննդ.4:1,2): Աշխարհ եկան լիովին տարբեր երկու որդիներ: 3-րդ գլուխը և 4-րդ գլխի սկիզբը պետք է կարդալ միասին: Սուրբ Գրքի գլանափաթեթներում դեռևս գլուխների և համարների բաժանումը չկար: Մեզ համար անհասկանալի է, որ դա կատարվեց նույն օրը, երբ դեռ Տեր Աստված պարտեզ չէր եկել օրվա հովի ժամանակ: Դրանից հետո մարդիկ թաքնվեցին, և Աստված կանչեց. «Ադամ, ու՞ր ես»: Դրանից անմիջապես հետո Ադամն ու Եվան թզենու տերևից ծածկոցներ պատրաստեցին՝ իրենց մերկության ամոթը ծածկելու համար: Տեր Աստվածը ուղղակիորեն վկայակոչեց կատարվածը և պատիժը դրեց ճիշտ տեղում: Մինչև հիմա էլ այն նույնն է: Նա ասաց Եվային. «… և ցավով զավակ ծնես…» (Ծննդ.3:16): Ոչ մի կին, այդ թվում և առաջին կինը չի հղիացել միրգ ուտելով: Երբ Տեր Աստված տվեց օրենքը, առանց պատճառի չէր, որ տվեց այս խիստ կարգադրությունը. «Եվ ոչ մի անասունի հետ չզուգավորվես նրա հետ պղծվելով և բնավ մի կին անասունի առաջին չկանգնի՝ նրա հետ զուգավորվելու. գարշություն է այդ» (Ղեւտ.18:23): «Անիծյալ է որևիցէ անասունի հետ պառկողը. և բոլոր ժողովուրդն ասե. ամեն» (2 Օրինաց 27:21): Օրինազանցությունը և մեղքի մեջ անկումը կատարվեց այն պատճառով, որ Ադամը ենթարկվեց իր կնոջ ազդեցությանը: Դրա պատճառով է նա հանդիմանվում. «Որովհետև դու լսեցիր քո կնոջ խոսքին…» (Ծննդոց 3:17): Հիմնական մեղադրանքն ուղղված էր Ադամին, որովհետև նա խախտել էր իրեն տրված Աստծո պատվիրանը Ահա թե ինչու է գրված. «Որովհետև ինչպես որ Ադամով բոլորը մեռնում են » (1 Կորնթ. 15:22): Շնորհքի և շնորհազրկության պատմությունը ընթացքի մեջ մտավ: Այդ պահից Աստծո և մարդու միջև հաղորդակցությունը խզվեց: Աստծուց բաժանված լինելով առաջին զույգը ստիպված էր հեռանալ դրախտից: Մինչդեռ «կորստյան մեջ մտնելու» պահին Աստված նրանց փրկության խոստում տվեց կնոջ սերնդի միջոցով (Ծննդ. 3:15): Երբ Աստված ուխտ կնքեց Աբրահամի հետ, Աստված պահանջեց տղամարդու անդամի թլփատությունը: Արդյո՞ք դա մեղսագործության ժամանակ Աստծո պատվիրանի խախտումը հիշեցնելու համար էր: «Սա է իմ ուխտը, որ պիտի պահեք իմ և ձեր մեջտեղը և քեզանից հետո քո սերունդի մեջտեղը՝ ձեր ամեն արուն թլփատվի» (Ծննդ. 17:10): Աստված հաստատեց մարմնի թլփատությունը որպես ուխտի նշան: «Քո ընդոծինը և քո արծաթով առածը անպատճառ պիտի թլփատվի. և իմ ուխտը ձեր մարմնում հավիտենական ուխտ լինի: Եվ մի անթլփատ արու, որի թլփատության մարմինը թլփատված չէ, այն անձն իր ժողովրդից պիտի կորչի. նա իմ ուխտն անարգել է» (Ծննդ.17:13,14): Թլփատությունն այնքան կարևոր էր, որ Աստված ուզում էր Մովսեսին սպանել, որովհետև իր սեփական որդուն չէր թլփատել (Ելից 4:24-26): Հեսուի ժամանակ Աստված պատվիրեց թլփատել նաև նրանց, ովքեր ծնվել էին Եգիպտոսից դուրս գալուց հետո (Հեսու 5:2-5): Փրկիչը նույնպես թլփատվեց ութերորդ օրը և այդպիսով ենթարկվեց աստվածային կարգադրությանը (Ղուկաս 2:21-24): Աստվածաշնչում ամեն վճիռ իր իմաստն ու նշանակությունն ունի: Պողոսը, որ առաքյալ էր և Աստծուց սովորած վարդապետ, Աբրահամի և թլփատության մասին գրել է. «Եվ թլփատության նշանն ընդունեց իբրև այն հավատի արդարության կնիք, երբ անթլփատ էր, որպեսզի ինքը հայր լիներ այն բոլոր հավատացյալներին, ովքեր անթլփատությունից են, որպեսզի նրանց էլ արդարություն համարվի» (Հռոմ.4:11): Նոր Ուխտում մեղքի մեջ անկումը շտկելուց հետո այլևս մարմնավոր թլփատության պատվեր չկա: Այժմ մեր սիրտը պետք է թլփատվի: Քրիստոսը մահացել է թլփատվածների և անթլփատների համար: Այժմ ուժի մեջ է մնում Պողոսի գրածը. «Քանի որ Քրիստոս Հիսուսի մեջ ո՛չ թլփատությունն է մի բանի կարող, ոչ էլ անթլփատությունը, այլ հավատը, որ սիրով է գործում» (Գաղատ.5:6): «Նրանով դուք անձեռակերտ թլփատությամբ թլփատվեցիք՝ Քրիստոսի թլփատությամբ մարմնական մեղքերի մարմնից մերկանալով, Նրա հետ մկրտությամբ թաղվեցիք, որով նրա հետ էլ հարություն առաք՝ հավատալով Աստծո զորությանը, որ մեռելներից հարություն տվեց նրան» (Կողոս.2:11,12): Կյանքի Ծառը գտնվում էր պարտեզի մեջտեղում, իսկ գիտության ծառը հենց նրա կողքին էր: Հնազանդությունն ու անհնազանդությունը, կյանքն ու մահը շատ մոտ են իրար, բայց բացառում են մեկը մյուսին: Կյանքի բացակայությունը մահ է, լույսի բացակայությունը խավար է, հավատքի բացակայությունը անհավատություն է, հնազանդության բացակայությունը անհնազանդություն է:
Բովանդակություն