Վերջին նախազգուշացում
Այսօր բոլոր աստվածաբանները գիտեն, որ Հովհաննես Մկրտիչը խոստացված մարգարե էր (Եսայի 40:3, Մաղաքիա 3:1), որը պատրաստեց Տիրոջ ճանապարհը, բայց մերժվեց դպիրների կողմից. ՙԲայց փարիսեցիներն ու օրենսգետները անարգեցին Աստծո խորհուրդն իրենց անձերի մասին՝ նրանից չմկրտվելով՚ (Ղուկաս 7:30): Այն, ինչ եղել է նախկինում, արդյո՞ք կրկնվում է այսօր: Ղուկաս 19-րդ գլխում Փրկիչը նույնիսկ լաց եղավ Երուսաղեմի վրա և ասաց. ՙ...որովհետև չճանաչեցիր քո այցելության ժամանակը՚ (հ.44): Նրանք, ովքեր չեն ուզում հավատալ և մկրտվել աստվածաշնչյան ձևով, մի՞թե այսօր չեն մերժում Աստծո փրկության ծրագիրը: Անկասկած, բավարար չէ կրոնական ավանդույթով անկեղծորեն արտասանել ՙՀայր մեր՚-ի խոսքերը՝ ՙ...թող Քո թագավորությունը գա, Քո կամքը թող լինի՚, եթե նվազագույն ցանկություն չունեն կատարելու Աստծո կամքը, որը բացահայտվում է միայն Աստծո Խոսքում: Մի՞թե մեր ժամանակներում չի կրկնվում այն, ինչ Տերն ասել է այն ժամանակ. ՙՎա՛յ ձեզ, օրենսգետներ, որ վերցրել եք գիտության բանալիները, դուք ինքներդ չեք մտնում և մտնողներին էլ արգելում եք՚ (Ղուկաս 11:52): Մի՞թե չեն կառուցում իրենց սեփական թագավորությունը, իրենց սեփական եկեղեցին: Մի՞թե բոլորը իրենց սեփական ծրագիրը չունեն: Իսկ նրա՞նք, ովքեր դուրս են եկել Ռեֆորմացիայից, նաև հոգեգալստական շարժումը, բայց քարոզում են իրենց սեփական ավետարանը: Համաշխարհային եկեղեցին ձգտում է բոլոր քրիստոնեական դավանանքների կրոնական միաբանությանը և ի վերջո բոլոր կրոնների միավորմանը մեկ համաշխարհային առաջնորդի իշխանության ներքո, և դրա համար վկայակոչում է Հովհ. 17-րդ գլուխը. ՙՈրպեսզի բոլորը մեկ լինեն...՚: Ֆրանցիսկոս պապը ներողություն է խնդրել բոլոր այլադավան հավատացյալներից, սկսած վալդենսներից մինչև հոգեգալստականները, որոնք մի ժամանակ հալածվել են կաթոլիկ եկեղեցու կողմից: Այո, այլևս պետք չէ շեշտել այն, ինչ մեզ բաժանում է, այլ միայն այն, ինչ միավորում է՝ ՙԵռանձնյա Աստծո՚ դավանանքը: 2017 թվականին Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի կապակցությամբ եկեղեցիների միավորումը բացարձակ առաջնահերթություն է: Իսկ ինչպիսի՞ն է բոլոր աստվածաշնչյան հավատացյալների միաբանությունը Աստծո հետ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ Եկեղեցու Առաջնորդի միջոցով: Քրիստոնեական միսիոներական բազմաթիվ գործերի պատասխանատուներից, ներառյալ համաշխարհային ճանաչում ունեցող բարգավաճման ավետարանի քարոզիչներից և միլիոնավոր ունկնդիրներից քանի՞սն են իրոք պատրաստվում Քրիստոսի մոտալուտ վերադարձին: Յուրաքանչյուրին անձամբ ուղղված կոչը սա է՝ վերադառնալ Աստծուն, վերադառնալ սկզբին, վերադառնալ այն Խոսքին, որը դուրս է եկել Երուսաղեմից, որը մնալու է հավիտյան: Ո՞վ կկանգնի Աստծո կողքին, ո՞վ կառաջնորդվի միայն Խոսքով և ոչ մի փոխզիջման չի գնա: Եսային աղաղակեց. ՙՈ՞վ հավատաց մեր լուրին, և Տիրոջ բազուկը ու՞մ հայտնվեց՚ (Ես.53:1): Պողոսը նույնպես ունեցավ այդ փորձառությունը. ՙԲայց բոլորը չէ, որ հնազանդվեցին Ավետարանին: Ինչպես Եսային է ասում. ՙՏե՜ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին՚ (Հռոմ.10:16): Ո՞վ է հավատում այնպես, ինչպես Գիրքն է ասում: Ո՞վ է հարգում Աստծո Խոսքը և հոժար է ուղղվելու: Յուրաքանչյուրն ազատ է ընտրելու՝ ուզում է հարել որևէ ոչ աստվածաշնչյան դավանանքի, թե՞ ուզում է ընդունել առաքյալների և մարգարեների ճշմարիտ դավանանքը: Մի կրոնից մյուսին անցնելը, մի եկեղեցուց մյուսը գնալը իմաստ չունի: Աստծո Խոսքը, որպես Սերմ (Ղուկաս 8:11) պետք է ընդունված լինի սրտում, և յուրաքանչյուրին անձամբ բերի նոր կյանք, հավիտենական կյանք վերստին ծնունդի միջոցով (Հովհ. 3:7, 1 Պետրոս 1:23): Սա շատ լուրջ բան է, և մենք պետք է կայացնենք որոշում, որով կմտնենք հավիտենություն: Բոլոր նրանք, ովքեր շնորհք են գտել Աստծո առաջ, իրենք իրենց քննում են, որ տեսնեն, թե արդյոք համապատասխանում են մեր Տիրոջ ասածին. ՙԲայց ժամանակ կգա, և հիմա է, երբ ճշմարիտ երկրպագողները հոգով ու ճշմարտությամբ կերկրպագեն Հորը, որովհետև Հայրն իրեն այսպիսի երկրպագողների է ուզում: Աստված Հոգի է ու նրան երկրպագողները պիտի հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն՚ (Հովհ.4:23,24): Նա, ով ճշմարտապես չի երկրպագում Ճշմարտության Հոգով, Ճշմարտության Խոսքի համաձայն, իզուր է երկրպագում Աստծուն. ՙԱյս ժողովուրդն Ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրա սիրտն Ինձանից հեռացած, բաժանված է: Սակայն զուր տեղն են պաշտում ինձ՝ այնպիսի վարդապետություններ սովորեցնելով, որոնք մարդկանց պատվիրաններ են՚ (Մատթ. 15:8, 9, Մարկոս 7:6,7): Վերջում պետք է ևս մեկ անգամ շեշտել. ճշմարիտ հավատքի դավանանքը, ճշմարիտ ուսմունքը միայն Աստվածաշնչի մեջ է, և մենք պետք է ինքներս մեզ քննենք Աստծո առաջ՝ տեսնելու համար, թե արդյոք մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին որպես Եկեղեցու Առաջնորդ և վերադառնում ենք առաքյալների և մարգարեների ուսմունքին, որը դուրս է եկել Երուսաղեմից, թե հարատևում ենք այն ուսմունքի մեջ, որը գալիս է հռոմեական կայսրության պետական եկեղեցուց: Ամեն հարցում արդյո՞ք ընդունում ենք միայն Աստծո Խոսքը, թե՞ համառորեն մնում ենք կրոնական ավանդույթների մեջ: Նախազգուշացումն ուղղված է մեզ բոլորիս. ՙԱյսօր, եթե Նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի՜ խստացրեք՚ (Եբր. 4:7): Նա, ով ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն: Այդպես է յոթ անգամ գրված Հայտնության գրքում (Հայտն. 2 և 3):