Լսել

Աստվածաշունչը՝ աշխարհում ամենից շատ կարդացված գիրքը

Բովանդակություն

Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստները Աստծո փրկության ծրագրի մաս են կազմում

Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ Մաղաքիա 3:1 համարում գրվածը կատարվեց Հովհաննես Մկրտչի ծառայության միջոցով. ՙԱհա Ես իմ հրեշտակին ուղարկում եմ Քո առջևից, որ Քո առաջ Քո ճանապարհը պատրաստի՚ (Մատթ. 11:10, Ղուկաս 7:27): Խոստումը, որ կատարվում է Քրիստոսի վերադարձից առաջ, սա է. ՙԱհա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ՚ (Մաղաք.4:5): Դա հաստատեց մեր Տերը Հովհաննես Մկրտչի ծառայությունից հետո. ՙՃշմարիտ է, առաջ Եղիան պիտի գա և ամեն բան վերականգնի՚ (Մատթ. 7:11): Մարկոս 9:12 համարում մեր Տերը դա հաստատեց ևս մեկ անգամ. ՙԻրոք, նախ Եղիան պիտի գա և ամեն բան վերականգնի՚: Աստվածաշնչյան շատ հատվածներում ուղղակիորեն խոսվում է Հիսուս Քրիստոսի վերադարձի մասին: Հենց սկզբից Նրա վերադարձի սպասումը կենտրոնական թեմա է եղել բոլոր հավատացյալների համար: Այդ սպասումը հիմնված է հենց Իր տված խոստման վրա. ՙԵվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, նորից կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ: Որպեսզի ուր որ ես եմ, դուք էլ լինեք՚ (Հովհ. 14:3): Իր վերադարձի և աշխարհի վերջի վերաբերյալ աշակերտների հարցին (Մատթ. 24:3) Տերը պատասխանեց այս խոսքերով. ՙԵվ արքայության այս Ավետարանը ամբողջ տիեզերքում կքարոզվի՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը՚ (Մատթ.24:14): Նախկինում երբեք չի եղել մի ժամանակաշրջան, ինչպես հիմա, երբ ժամանակակից զանգվածային լրատվամիջոցների միջոցով Ավետարանը հասնում է մինչև երկրի ծայրերը: Լրիվ Ավետարանի քարոզչության հիմնական նպատակն այն է, որ հավատացյալները պատրաստ լինեն Հիսուս Քրիստոսի վերադարձին, որովհետև գրված է. ՙպատրաստները նրա հետ հարսանիքի խնջույքի մտան. դուռն էլ փակվեց՚ (Մատթ. 25:10): Առաքյալների ժամանակ քարոզչության հիմնական թեման Քրիստոսի վերադարձն էր, մեր ժամանակներում էլ նույնն է: Պողոս առաքյալը թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակում գրում է. ՙՔանզի ո՞վ է մեր հույսը և ուրախությունը, կամ պարծանքի պսակը: Մի՞թե դուք չեք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի առջև, Նրա գալստյան ժամանակ՚ (1 Թես. 2:19): Պողոս առաքյալն ավարտեց իր վկայությունն այս խոսքերով. ՙԱյսուհետև ինձ մնում է արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը՚ (2 Տիմ. 4:8): Հիմա այսքան մոտ լինելով Քրիստոսի վերադարձին՝ Տիրոջ Եկեղեցուն բոլոր պատկանողները պետք է ունենան փրկության նույն փորձառությունները, որոնք եղել են սկզբում, Աստծո առաջ պետք է վերադառնան սկզբնական՝ Սուրբ Գրքին համապատասխան դիրքին: Այդպես կանխասեց Պետրոս առաքյալը՝ վկայակոչելով Քրիստոսին և հավատացյալներին. ՙՈւմ երկինքը պետք է ընդունի, մինչև ամեն բաների հատուցման ժամանակները, որոնց մասին Աստված խոսեց Իր սուրբ մարգարեների բերանով աշխարհի սկզբից ի վեր՚ (Գործք 3:21): Քրիստոսի վերադարձից առաջ կենդանի Աստծո Եկեղեցում ամեն բան պետք է լինի այնպես, ինչպես եղել է սկզբում. առաջին և վերջին քարոզչությունը, առաջին և վերջին մկրտությունը, ամեն ուսմունք և կիրառություն պետք է համապատասխան լինեն բնօրինակին: Նույն Ավետարանը, նույն հավատքը, նույն մկրտությունը այժմ քարոզվում են աշխարհով մեկ, և բոլոր նրանք, ովքեր իսկապես հավատում են, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, ստանում են մեղքերի թողություն և մկրտվում են այնպես, ինչպես սկզբում՝ Տեր Հիսուս Քրիստոսի Անունով, և ստանում են Սուրբ Հոգու մկրտությունը: Սա է ճշմարիտ առաքելական օրինակը (Գործք 2:38- 39, Գործք 8:14-17, Գործք 10:43-48, Գործք 19:5-6), որն Աստծո առջև ուժի մեջ է մինչև վերջ:

Բովանդակություն