Լսել

Աստվածաշունչը՝ աշխարհում ամենից շատ կարդացված գիրքը

Բովանդակություն

Աստված՝ Էլոհիմ, Տեր՝ Յահվե Արժեքավոր համեմատություններ

Եբրայերեն ՙԷլոհիմ՚ բառը, որն Աստվածաշնչում գտնում ենք 3526 անգամ, Ծննդոց գրքի առաջին գլխի առաջին համարից սկսած, որը մեր Աստվածաշնչերում թարգմանված է ՙԱստված՚, ՙՍեպտուագինտա՚ թարգմանության մեջ թարգմանված է ՙԹեոս՚, իսկ ՙՅահվե՚ բառը, որը մեր Աստվածաշնչերում հանդիպում է 4024 անգամ Ծննդոց 2:4 համարից սկսած, թարգմանվում է ՙԿիրիոս՚ բառով և նշանակում է Տեր: ՙԷլոհիմ-Յահվե՚՝ ՙՏեր Աստված՚ բաղադրյալ Անունը Աստվածաշնչում հանդիպում է 6356 անգամ: Միշտ պարզ է եղել և հիմա էլ պարզ է ցանկացած հրեայի համար, որ երբ կարդում են ՙԷլոհիմ՚ բառը, խոսքը միակ Աստծո՝ երկնքի և երկրի Արարչի մասին է: Նա Ինքը Հին Կտակարանում ներկայացավ որպես Մեկ Աստված, ՙԵՍ ԵՄ ՈՐ ԵՄ՚: Նա, որ է: Նա՝ Հավիտենականը, մի քանի անձերով չի ներկայանում, այլ բացահայտվում է տարբեր հայտնություններով (թեոֆանիաներով), որպես Արարիչ, Պահապան, Փրկիչ, Թագավոր, Դատավոր և այլն: Սրանք անուններ չեն, այլ Աստծուն վերագրվող անձնական հատկություններ: Աստված չի կոչվում ՙԱրարիչ՚, Նա Արարիչ է, չի կոչվում ՙԹագավոր՚, Նա Թագավոր է, չի կոչվում ՙԴատավոր՚, Նա Դատավոր է, չի կոչվում ՙՓրկիչ՚, Նա Փրկիչ է, և այլն: Մինչդեռ Նա միշտ նույնն է: Միայն մի քանի օրինակ. Ծննդ.14:18 համարում Նա հայտնվեց որպես ՙԷլ Էլյոն՚՝ ՙԲարձրյալ Աստված՚: ՙՕրհնյալ լինի Աբրամը երկնքի և երկրի Արարիչ Բարձրյալ (Էլ Էլյոն) Աստծուց՚: Ծննդ. 17:1 համարում Նա հայտնվեց Աբրահամին որպես ՙԷլ Շադայ՚՝ ՙԱմենակարող Աստված՚. ՙԵս եմ ամենակալ Աստվածը (Էլ Շադայ). Իմ առաջ քայլիր ու կատարյալ եղիր՚: Ծննդոց 21:33-ում գրված է ՙԷլ Օլամ՚՝ ՙՀավիտենության Աստված՚. ՙԱբրահամը... Տիրոջ՝ հավիտենական Աստծո (Էլ Օլամ) անունը կանչեց՚: Եսայի 9:5,6 համարներում կարդում ենք Որդու ծննդյան խոստումը. ՙ...Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված (Էլ Գիբբոր), Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան՚: Բոլոր եբրայերեն բառերը, որոնք սկսվում կամ վերջանում են ՙԷլ՚-ով, վկայում են Աստծո մասին: Նույն կերպ, բոլոր բառերը, որոնք սկսվում կամ վերջանում են ՙՅահ՚-ով կապ ունեն Յահվեի՝ Տիրոջ հետ: Դա շատ կարևոր է և բացառում է ամեն տեսակ մեկնություն: Այսպես, օրինակ ՙԷմմանու-Էլ՚ նշանակում է ՙԱստված մեզ հետ՚: «Իսրայ-Էլ»՝ Աստծո հետ մենամարտող: ՙԲեթ-Էլ՚՝ Աստծո տուն: ՙԴանի-Էլ՚ նշանակում է ՙԱստված Դատավոր է՚: Էլի-ՅԱՀ (Հայ.՝ Եղիա)՝ ՙԱստված Յահվեն է՚: ՙԵսա-ՅԱՀ՚ նշանակում է ՙՅահվեն փրկություն է՚: ՙՀալլելու-ՅԱՀ՚ նշանակում է ՙՕրհնեցեք Տիրոջը՚ և այլն: Ուխտի սուրբ Անունը՝ ՙՅահվեն՚, ինչպես գրված է եբրայերեն բնագրում, առաձնահատուկ կարևորություն ունի: Ինչպես արդեն նշեցինք, ՙԷլոհիմ՚ թարգմանվում է ՙԹեոս՚, իսկ ՙՅահվե՚ թարգմանվում է ՙԿիրիոս՚: Դա կատարելապես չի համապատասխանում սկզբնական նշանակությանը: Կիրիոսը գերիշխան է, կարող է լինել երկրի վրա թագավոր կամ ղեկավար, բայց չի արտահայտում Աստծո անվան հայտնությունը, ինչպես այդ մասին վկայված է Ելից 6:2-3 համարներում. ՙԵվ Աստված (Էլոհիմ) խոսեց Մովսեսի հետ և ասաց նրան. ՙԵս եմ Եհովան: Ես երևացի Աբրահամին, Իսահակին և Հակոբին Ամենակարող Աստծո անունով, բայց իմ Եհովա (Էլոհիմ Եհովա) անունով նրանց չհայտնվեցի՚: ՙJHWH՚ անունը, որը հայտնի է որպես քառագիր, Հին կտակարանում Տեր Աստծո Ուխտի սուրբ բացահայտված Անունն է Պետք է ուխտ կնքվեր Իսրայելի հետ, դրա համար Տեր Աստվածը բացահայտեց Իր Ուխտի Անունը՝ ՙYHWH՚, ՙՅահվե՚ Իր մարգարե Մովսեսին և Իր Ուխտի ժողովրդին: Օրենքում (Ելից 20) Ամենակարողն ասում է. ՙՔո Տեր (Յահվե) Աստծո անունը դատարկ տեղը չհիշատակես, որովհետև Տերն (Յահվե) Իր անունը դատարկ տեղը հիշատակողին անպատիժ չի թողնի՚: Այդ Անունն այնքան սուրբ էր Աստծո համար, որ Նա ուզում էր վստահ լինել, որ Իր ժողովուրդը՝ Իսրայելը, կճանաչի այդ Անվան սրբությունը: Օրինակ, Տեր Աստծո անունը չպետք է ասվեր, երբ տանից հանում էին մեռած մարդու (Ամովս 6:9,10): ՙԼռիր, որովհետև Տիրոջ անունը հիշել չկա՚: Որովհետև Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի (Մատթ. 22:32): Բայց Աստվածաշնչում Ամովսի մարգարեության այս հատվածը սխալ է հասկացվել և սխալ է մեկնաբանվել, այնպես որ ՙՅահվե՚ Ուխտի անունը՝ Տեր Աստծո Անունը մինչև հիմա ուղղափառ հրեաները չեն արտաբերում, այլ փոխարինել են ՙԱդոնայ՚ անունով: Եբրայերեն ՙԱդոն՚ բառը նշանակում է ՙթագավոր՚, ՙգերիշխան՚, նաև ՙտեր՚: Սառան Աբրահամին կոչում էր ՙԱդոն՚ (Ծննդոց 18:12, 1 Պետրոս 3:6): Մինչդեռ Էլոհիմ Յահվեն՝ Տեր Աստվածը, ոչ միայն Թագավոր է, Նա Հավիտենականն է, ՙԵս եմ Որ ԵՄ՚-ն է, ՙԻնքն Իրենով գոյություն ունեցողն՚ է (Ելից 3:14, Ելից 34:5,6 և այլ համարներ): ՙՅահվե՚ Անունը Ուխտի բացահայտված Անունն է և Աստծո փրկագնման Անունը Հին Կտակարանում: Հետևյալ յոթ անվանումներում պարունակվում է Աստծո փրկության ողջ ծրագիրը. ՙՅահվե-Յիրե՚ նշանակում է ՙՏերը կհոգա՚ (Ծննդոց 22:1- 14), ՙՅահվե-Ռաֆա՚ նշանակում է ՙՏերը բժշկում է՚ (Ելից 15:26), ՙՅահվե-Նիսի՚՝ ՙՏերը՝ իմ դրոշը՚ (Ելից 17:15), ՙՅահվե-Շալոմ՚՝ ՙՏերը՝ իմ խաղաղությունը (Դատավորաց 6:24), ՙՅահվե- Ցիդկենու՚՝ ՙՏերը՝ մեր Արդարությունը՚ (Երեմիա 23:6), ՙՅահվե- Շամահ՚՝ ՙՏերն այստեղ է՚ (Եզեկիել 48:35), ՙՅահվե- Սաբաովթ՚՝ ՙԶորաց Տերը՚ (1 Թագավորաց 1:3): Էլոհիմը՝ Աստված, ով Իր բնույթով Հոգի է (Հովհ. 4:24), որին ոչ ոք չի տեսել (Հովհ. 1:18, 1 Հովհ. 4:12), հավիտենության մեջ թաքնված էր Հոգու, լույսի և կյանքի լեցունության մեջ (1 Տիմ. 1:17): Ժամանակի սկզբում Նա հայտնվեց որպես Յահվե՝ Տեր, տեսանելի կերպարանքով: Նա Իր ամենակարող Խոսքով գոյության կանչեց այն ամենը, ինչ կա բնական և գերբնական արարչության մեջ և շրջեց դրախտում: Առաջին ՙհավատո հանգանակը, որը մեզ փոխանցել է Սուրբ Գրքի միջոցով, այսինքն՝ ՙՇմահ Իսրայելը՚, դուրս է եկել հենց Տեր Աստծո բերանից: Տերն ասաց հրամայական ձայնով. ՙԼսի՜ր, ո՜վ Իսրայել, մեր Եհովա Աստվածը՝ Եհովան մեկ է՚ (2 Օրին.6:4): Մարկ. 12:29 համարում այդ խոսքերը հաստատում է մեր Տերն ու Փրկիչը. ՙԼսի՜ր, Իսրայել, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է՚: Բնագրում այդ հանգանակն այսպես է հնչում՝ ՙՅահվե Էլոհիմ Յահվե Էխադ՚՝ Յահվեն՝ Տերը մեր Աստվածն է, Յահվեն՝ Տերը, մեկ է: Դա վկայում է միակ ճշմարիտ Աստծո հանդեպ ճշմարիտ հավատքի մասին: Եթե նույնիսկ Տերը հայտնվում է տարբեր ձևերով՝ որպես Արարիչ, Փրկիչ, Թագավոր, Դատավոր և այլն, Նա միակ Տերն է, և չկա մեկ ուրիշը Նրանից բացի: ՙԵս եմ Տերը և ուրիշը չկա. Ինձանից բացի Աստված չկա...՚: (Եսայի 45:5): ՙԵս եմ Եհովան՝ քո Աստվածըբացի Ինձանից ուրիշ աստվածներ չունենաս՚: (Ելից 20:2,3):

Բովանդակություն