Վերադարձ Խոսքին, Վերադարձ սկզբին
ՙԲայց մեր Աստծո Խոսքը կմնա հավիտյան: Եվ սա այն Խոսքն է, որ ձեզ ավետարանվեց՚ (1 Պետր.1:25): Հարյուրամյակներ հետո, որոնց ընթացքում պետական եկեղեցին կիրառեց աշխարհիկ սուրն ու կրոնական իշխանությունը անհատների և ողջ ազգերի հանդեպ, Միջնադարի վերջում ճանապարհ հարթվեց հոգևոր արթնության և Աստվածաշնչին վերադառնալու համար: Բոլոր արթնությունների ժամանակ, Ռեֆորմացիայից առաջ և հետո աստվածաշնչյան ձևով հավատացողները հեռացան պետական եկեղեցուց և հալածվեցին նրա կողմից: Ջոն Ուիքլիֆը (1321–1384), որը Վուլգաթան (Աստվածաշնչի թարգմանության լատիներեն տարբերակը - ծան. թարգմ.) թարգմանել է անգլերեն, ճանաչել է Աստծո Խոսքի նշանակությունը և հրապարակավ դավանել. ՙԻնձ համար արժեք ունի միայն այն, ինչ գրված է Աստվածաշնչում՚: Նա հակառակվեց պապությանը և իր մահից երեսուն տարի հետո հռչակվեց որպես հերետիկոս: Յան Հուսը (1370–1415) նույնպես քարոզեց Աստվածաշնչից ներշնչանք ստանալուց հետո և հակառակվեց պապերի համապարփակ հավակնություններին: Հավատքին վերաբերող հարցերում Աստվածաշունչը նրա համար դարձավ միակ հեղինակությունը: Այսպես է նա գրել Հովհ. 8:31-32 համարների վերաբերյալ իր մեկնությունում. ՙՓնտրիր Ճշմարտությունը, լսիր Ճշմարտությանը, սովորիր Ճշմարտությունը, սիրիր Ճշմարտությունը, ասա Ճշմարտությունը, պահիր Ճշմարտությունը, պաշտպանիր Ճշմարտությունը մինչև մահ՚: 1415 թվականի հուլիսի 6-ին Կոնստանցայի եկեղեցական ժողովում իր մահվան դատավճիռը ստանալուց հետո նա իր հոգին հանձնեց Փրկիչ Հիսուս Քրիստոսին, մեղքերի թողություն խնդրելով ճշմարտության թշնամիների համար, երբ կապված էր խարույկի վրա: Մարտին Լյութերը մերժեց պապական ինդուլգենցիաների վաճառքը և քարոզեց ապաշխարություն և հավատքով արդարացում: Արդեն 1520 թվականին նա աշխատություն հրատարակեց ՙԵկեղեցու բաբելոնյան գերության՚ մասին և շարադրեց իր տեսակետը՝ հայտարարելով, որ կրոնական խորհուրդները չեն փրկում, այլ միայն Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը: Նրա համար նույնպես կարևոր էր միայն ՙSola Scriptura՚-ն՝ ՙՄիայն Սուրբ Գիրք՚: Վորմսի ռայխստագում, 1521 թվականի ապրիլի 18-ին Մարտին Լյութերն իր ելույթի վերջում ասաց այս հայտնի դարձած խոսքերը.
ՙՈրովհետև ես չեմ հավատում ո՜չ պապին, ո՜չ տիեզերական ժողովներին, քանի որ նրանք հաճախ են սխալվել և իրենք իրենց հակասել: Եթե ես չհամոզվեմ Սուրբ Գրքի վկայությամբ և հստակ փաստարկներով, ես կապված եմ իմ մեջբերած սուրբգրային հատվածներով և իմ խղճմտանքը գերի է Աստծո Խոսքին: Չեմ կարող և չեմ ուզում հրաժարվել իմ համոզմունքներից, որովհետև սեփական խղճի դեմ գնալը ո՜չ խելամիտ է, ո՜չ էլ ապահով: Թող Աստված ինձ օգնական լինի: Ամեն՚:
Կրոնական բանավեճի գագաթնակետին ռեֆորմատորն ինքն իրեն տեսավ որպես Աստծո խոսափողը պապի և եկեղեցու դեմ: 1531 թվականին Շվեյցարիայում ռեֆորմացիան հաղթանակ ունեցավ Ուլրիխ Ցվինգլիի միջոցով, Ցյուրիխում: Ջոն Կալվինը նույնպես նպաստեց ռեֆորմացիայի տարածմանը 1536 թվականին, Ժնևում: Երկուսն էլ, ինչպես նաև շատ ուրիշներ նպաստեցին այդ ժամանակվա ՙբողոքական՚ արթնությանը ողջ Եվրոպայում: Բոլոր դարձի եկածները, որոնց պետական եկեղեցին անվանում էր ՙհերետիկոսներ, ամեն տեղ հավաքվում էին աղոթքաժողովների համար: Ձևավորված փոքրիկ խմբերը, որոնց մեջ էր նաև անաբապտիստական շարժումը, համարվեցին ՙաղանդներ՚ և հալածվեցին: Մինչդեռ արդեն հնարավոր չէր կանգնեցնել ռեֆորմացիան, և Սուրբ Գիրքն էլ ավելի խորությամբ և պարզությամբ էր քարոզվում հաջորդ դարերի արթնությունների ժամանակ: Հայտնվեցին արթնության քարոզիչներ՝ կոմս Ցիցենդորֆը մորավական եղբայրների համար, Ջոն Ուեսլեյը՝ մեթոդականների համար, Ջոն Սմիթը՝ մկրտականների համար, Մենո Սիմոնսը՝ մենոնիտների համար, Ուիլյամ Բուտը՝ Փրկության բանակի համար և շատ ուրիշներ: Աստվածաշնչյան ճշմարտության բոլոր քարոզիչները համակարծիք էին Քրիստոսի ՙփոխանորդի՚ վերաբերյալ, որը յուրացրել է երկրի բոլոր իշխանությունները և իրեն բարձրացնում է ամեն բանի վրա, որ Աստված է կոչվում կամ պաշտվում է, և որին Պողոն անվանում է կորստյան որդի (2 Թես. 2): Նրանք շեշտում էին, որ Աստծո Խոսքը չի ճանաչում ո՜չ ՙՔրիստոսի փոխանորդ՚ (Vicarius Filii Dei), ո՜չ էլ ՙՊետրոսի հետնորդ՚, նաև այն, ինչ Տերն է ասել Մատթ. 23:9 համարում. ՙԵվ երկրիս վրա ոչ մեկին ձեզ ՙՀայր՚ չկոչեք, որովհետև ձեր Հայրը մեկն է՝ Նա, որ երկնքում է՚: