Լսել

Աստվածաշունչը՝ աշխարհում ամենից շատ կարդացված գիրքը

Բովանդակություն

Վճռորոշ համեմատություն

Հին և Նոր Կտակարանների վկայությունը կատարելապես ներդաշնակ է մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ: Կատեխիզիսում և մյուս աստվածաբանական գրքերում, հակառակը, գտնում ենք մարդկանց կողմից ձևակերպված հավատքի դավանանք: Հովհաննես առաքյալը պարզ ասում է. ՙԴրանով Աստծո Հոգին ճանաչե՜ք. ամեն հոգի, որ խոստովանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, Աստծուց է: Եվ ամեն հոգի, որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, Աստծուց չէ. դա նեռի հոգին է, որի մասին լսեցիք, թե գալիս է և հիմա արդեն աշխարհում է՚ (1Հովհ. 4:2.3): Քրիստոսին՝ Որդուն դավանալու վերաբերյալ առաքյալը խոսում է թեմայի շուրջ և հարցնում. ՙՈ՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է , թե Հիսուսը չէ Քրիստոսը: Նա նեռն է, որն ուրանում է Հորը և Որդուն՚ (1 Հովհ.2:22): ՙԱնտի՚ բառը (գերմաներենում և մի շարք լեզուներում նեռ բառը գրված է ՙAntichrist՚. ծան. թարգմ.) նշանակում է ՙհակառակ, ընդդեմ՚: Խոսքը հակաքրիստոսի հոգու մասին է, այսինքն, այն հոգու, որը գործում է Քրիստոսին հակառակ, և հակաքրիստոսների մասին, որոնք այդ չար ոգու ազդեցության տակ են: Բոլոր այն ուսմունքները, որոնք հակառակ են այն բանին, ինչ Աստծո Հոգին է հռչակել Քրիստոսի վարդապետության մեջ, Աստվածաշնչում, հակաքրիստոսյան են, հակառակ են Նրան և հեռացնում են մեզ Աստծուց՝ Կյանքի Ծառից (Հայտն. 22:19): Եթե մենք ուշադրություն դարձնենք առաքելական նախազգուշացմանը, որն ասում է, որ ամեն հոգի, որը չի դավանում Հիսուս Քրիստոսին աստվածաշնչյան ձևով, որպես մարմնով եկած Որդի, այդ հոգին Աստծուց չէ, ուրեմն հարց է առաջանում. իսկ ի՞նչ կասեք բոլոր նրանց մասին, որոնք Որդուն, որի կուսական ծնունդը ազդարարվել է Եսայի 7:14 համարում, որը ծնվել է Բեթլեհեմում ինչպես կանխասվել էր Միքիա 5:1 համարում (Մատթ. 2:5), ընդունում են որպես աստվածության երկրորդ հավիտենական անձնավորություն, որի մասին Աստվածաշնչում ոչինչ չկա գրված: Կարիք կար, որ Հովհաննես առաքյալը նորից ընդգծի դա. ՙԱմեն հոգի, որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսին մարմնով եկած (ինչպես վկայում է Սուրբ Գիրքը), Աստծուց չէ. դա նեռի հոգին է՚ (1Հովհ. 4:2.3): Կրոնական հավատո հանգանակները, որոնք ձևակերպվել են 325 թվականին Նիկիայում և լրացվել են 381 թվականին Կոստանդնուպոլսում, չեն համապատասխանում այն վկայությանը, որը մեզ փոխանցվել է Սուրբ Գրքով: Հավատո հանգանակներում, օրինակ, կարդում ենք. ՙ... ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն` Հոր էությունից։ Աստված` Աստծուց, լույս` լույսից, ճշմարիտ Աստված` ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ թե` արարած։ Նույն ինքը` Հոր բնությունից...՚: Այսինքն, ըստ դրա Որդին պետք է Հորից ծնվեր որպես Աստված երկնքում մինչև ժամանակի սկսվելը, հավիտենության մեջ: Դա բացարձակապես չի համապատասխանում: Բոլորովին չի խոսվում Քրիստոսի, Որդու, Օծյալի մասին: Իրականում Սուրբ Գիրքն ասում է Սաղմոս 2:7 համարում. ՙԴու Իմ Որդին ես, Ես այսօր ծնեցի քեզ՚: Բայց հավիտենության մեջ չկա ո՜չ այսօր, ո՜չ վաղը, հավիտենությունը միշտ եղել է և կլինի: Գաբրիել հրեշտակը երկնքից իջավ և ազդարարեց երկրի վրա Որդու ծննդյան մասին: Նա ասաց կույս Մարիամին. ՙԱհա կհղիանաս, որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես՚ (Ղուկ.1:31): Այս դավանանքը՝ ՙՀայրն Աստված է, Որդին Աստված է, Սուրբ Հոգին Աստված է: Հայրը հավիտենական է, Որդին հավիտենական է, Սուրբ Հոգին հավիտենական է՚ լիովին հակաաստվածաշնչյան է, հետևաբար հակաքրիստոսից է և Աստծուն հակառակ: Միայն մեկ հավիտենական Աստված կա. ՙՀավիտենից մինչև հավիտյան Դու ես Աստված՚ (Սաղմ.90:2բ): ՙՈրդի Աստված՚ կամ ՙՀավիտենական Որդի՚ անվանումները ոչ մի անգամ չեն հանդիպում Աստվածաշնչում, ոչ էլ ՙՍուրբ Հոգի Աստված՚ անվանումը: Սուրբ Գրքում գրված է Աստծո Որդի, Սուրբ Հոգի: Սուրբ Հոգին երրորդ անձնավորություն չէ, այլ Աստծո Հոգին, որը շարժվում էր ջրերի վրայով հենց սկզբում (Ծննդոց 1), և որի մասին Աստվածաշնչում 378 անգամ գրված է՝ ՙՌուախ Յահվե՚ (եբր.` Տիրոջ Հոգի  ծան. թարգմ.), և որը իջավ Պենտեկոստեի օրը Նոր Կտակարանի Եկեղեցում (Գործք 2): Եվ միայն 381 թվականին Սուրբ Հոգին հռչակվեց Աստվածության երրորդ անձը Կոստանդնուպոլսի տիեզերաժողովի ժամանակ: Այսպես կոչված առաքելական հավատո հանգանակը ո՜չ առաքելական է, ո՜չ էլ աստվածաշնչյան: Առաքելական է միայն այն, ինչ առաքյալներից է գալիս, աստվածաշնչյան է միայն այն, գրված է Աստվածաշնչում: ՙԲայց մեզ համար մեկ Աստված կա՝ Հայրը, որից են բոլոր բաները, մենք էլ՝ Նրա համար, և մեկ Տեր Հիսուս Քրիստոս, որով են բոլոր բաները, մենք էլ՝ Նրանով՚: (1 Կորնթ.8:6): Այդ մեկ Աստվածը հայտնվել է որպես Տեր, Հայրը՝ Որդու մեջ: Ոչ մի եկեղեցու օգուտ չի տա այն, որ նա իր հավատո հանգանակում շեշտում է Եփես. 4:5-ի խոսքերը՝ ՙՄեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն՚, եթե քարոզում են մեկ ուրիշ Տիրոջ մասին, սովորեցնում և կիրառում են մեկ ուրիշ հավատք, մեկ ուրիշ մկրտություն, որոնք տարբեր են Սուրբ Գրքի սովորեցրածից: Քրիստոնեության երրորդ դարում աստվածաբանական վեճը ծնվեց միայն այն պատճառով, որ մարդկային միտքը փորձեց Աստվածությանը ներկայացնել հասկանալի ձևով և բացատրել Հոր հայտնությունը Որդու մեջ, թեև գրված է. ՙՈրդուն ոչ ոք չի ճանաչում, բացի Հորից և Հորը ոչ ոք չի ճանաչում, բացի Որդուց և ում որ Որդին կուզենա հայտնել՚ (Մատթ.11:27, Ղուկաս 10:22): Առաքյալներն ու մարգարեները երբեք չեն բանավիճել Աստվածության թեմայի շուրջ, որովհետև այն, ինչ Տերն ասաց Պետրոսին, վերաբերում էր նաև իրենց. ՙ... որովհետև մարմինն ու արյունը չհայտնեցին քեզ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է՚ (Մատթ. 16:17): Աստծո ճշմարիտ Եկեղեցու, որը Ճշմարտության սյունն ու հաստատությունն է (1 Տիմ. 3 :15), հավատքի ճշմարիտ դավանությունը գրված է միայն Աստվածաշնչում: Միայն Աստվածաշնչում է իրականում մեզ ասվում, թե ով է Հիսուս Քրիստոսը, Աստծո Որդին: Հավիտենապես ճշմարիտ աստվածաշնչյան և առաքելական հավատքի դավանությունը հիմնվել է հենց Աստծո կողմից: Այստեղ խոսքը փրկագնման և հավիտենական կյանքի մասին է: ՙԵվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը Նրա Որդու մեջ է: Ով որ Որդուն ունի, նա կյանք ունի, և ով որ Աստծո Որդուն չունի, կյանք չունի՚ (1 Հովհ.5:11,12): Սա փրկության փորձառություն է, որը յուրաքանչյուրը կարող է անձամբ ունենալ Շնորհքով: ՙԲայց ովքեր Նրան ընդունեցին, նրանց, որ հավատում են Նրա անվանը, իշխանություն տվեց նրանց Աստծո զավակներ լինելու՚ (Հովհ.1:12) :  ՙԵվ գիտենք, որ Աստծո Որդին եկավ և մեզ միտք տվեց, որպեսզի ճշմարիտը ճանաչենք և ճշմարիտի մեջ ենք, այսինքն Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ: Նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը՚ (1 Հովհ.5:20) : Ամե՜ն, այո՜, ամեն: Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու համար, որը կազմակերպություն չէ, այլ կենդանի օրգանիզմ, ընդունելի են միայն աստվածաշնչյան ուսմունքները, որոնք գրված են Սուրբ Գրքում: Նրա Եկեղեցում կարող են հավատալ և սովորեցնել միայն այն, ինչ հաստատված է հավիտյան ուժի մեջ եղող Կտակում, որովհետև դրա բովանդակությունը երբեք չի կարող փոխվել, և ոչինչ չի կարող դրան ավելացվել (Գաղատ. 3:15, Հայտն. 22:18-21): ՙԲայց եթե մենք էլ կամ երկնքից մի ուրիշ հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովված լինի՚ (Գաղատ.1:8): Նա, ով Աստծուց ուղղակի հանձնարարություն է ստացել առաջին առաքյալների՝ Պետրոսի, Հովհաննեսի, Հակոբոսի, Պողոսի նման, միշտ կգործի Աստծո համար, Աստծո Խոսքի համար: Իսկ նրանք, որոնք որևէ եկեղեցու են ծառայում, կպաշտպանեն այն, ինչ այդ եկեղեցում են հավատում, սովորեցնում, կիրառում, օրինակ հավատո հանգանակներն ու դոգմաները, որոնք ընդունվել են չորրորդ դարից սկսված, տիեզերաժողովներում և սինոդներում: Նույնիսկ Ռեֆորմացիայից հետո բոլոր նոր ծագած քրիստոնեական դավանանքները հաստատեցին իրենց ուսմունքները, որոնք ոչ միշտ էին համապատասխանում Աստվածաշնչին: Այսօր ամբողջ աշխարհում գոյություն ունեն երկու միլիարդից ավելի քրիստոնեության համախոհներ, որոնք բաժանված են կաթոլիկ, անգլիկան, ուղղափառ և բողոքական եկեղեցիներում և մեծ թվով տարբեր փոքրիկ եկեղեցիներ:

Բովանդակություն