Աստծո փրկության ծրագրի իրականացումը Նոր Կտակարանում
Մարդկության փրկության համար Իր հավիտենական ծրագիրն իրականացնելու համար Աստված Նոր Կտակարանի սկզբում բացահայտվեց որպես Հայր Որդու մեջ, Սուրբ Հոգու միջոցով, Հիսուս Քրիստոս՝ (եբր.՝ Յահշուա Մաշիահ) Աստծո Օծյալի մեջ: Նորկտակարանյան Ուխտի Անունը՝ Յահշուան, ծագել է հինկտակարանյան Ուխտի Անունից՝ Յահվե: Եբրայերեն ՙյաշա՚ բառը նշանակում է ՙփրկել՚: Բավական է համեմատել Հովել 2:32-ում գրվածը՝ ՙԵվ պիտի լինի, որ ամեն ով որ կանչի Տիրոջ անունը, կփրկվի՚ Գործք 2:21-ի հետ՝ ՙԵվ այնպես կլինի, որ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչվի, կփրկվի՚ (Գործք 2:21): ՙՔանի որ ով, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի՚ (Հռոմ.10:13): Հին Կտակարանի Յահվեն Նոր Կտակարանի Յահշուան է: Եբրայերենում գրված է. ՙ… և նրա անունը Յահշուա կդնես, որովհետեւ նա իր ժողովրդին կը փրկի (յաշա) իր մեղքերից՚ (Մատթ. 1:21): Յահշուա նշանակում է ՙՅահվե Փրկիչ՚: Ցավոք սրտի,Նորկտակարանյան այս Ուխտի Անունը, որում Աստված հայտնվել է որպես Հայր Որդու մեջ, ոչ միշտ է ճանաչվել փրկության ծրագրի հետ կապված իր նշանակության մեջ: Անհրաժեշտ է Սուրբ Հոգու հայտնությունը՝ ճանաչելու համար այս անըմբռնելի և անբացատրելի խորհուրդը, որում մենք ներգրավված ենք: Սկզբում սա վերաբերում է բոլորիս. ՙԲայց շնչավոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծո Հոգուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են. և չի էլ կարող իմանալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում՚: Մինչդեռ առաքյալը կարող է վկայել. ՙԲայց Աստված մեզ Իր Հոգով հայտնեց, որովհետև Հոգին բոլոր բաները քննում է, Աստծո խորքն էլ՚: (1 Կորնթ.2:10-15): Իր հանձնարարությունը կատարելուց և մեզ փրկագնելուց առաջ Փրկիչը պետք է ծնվեր այս աշխարհում, մարմնով, որպես Որդի: ՙԲայց երբ ժամանակի լրումը եկավ, Աստված իր Որդուն ուղարկեց, որ կնոջից ծնվեց ու օրենքի ներքո եղավ՚ (Գաղատ.4:4): ՙԵվ Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ... Նրա մայրը՝ Մարիամը... Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց՚ (Մատթ. 1:18): ՙՈրովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է՚ (Մատթ.1:20): ՙԵվ այս ամենը եղավ, որ մարգարեի միջոցով Տիրոջ ասածը կատարվի, որ ասում է. ՙԱհա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրա անունը Էմմանուել կդնեն, որ թարգմանվում է ՙԱստված մեզ հետ՚ (Մատթ.1:22,23, Եսայի 7:14): ՙՀրեշտակը պատասխանեց նրան. ՙՍուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը քեզ հովանի կլինի, դրա համար այն ծնված սուրբն էլ Աստծո Որդի կկոչվի՚ (Ղուկ.1:34,35): Եղիսաբեթը վկայեց Սուրբ Հոգով լցված. ՙԱյս որտեղի՞ց էր, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ՚ (Ղուկաս 1:43): Ոչ թե՝ Աստծո մայրը: Այդքան պարզ ձևով է մեզ պատմվում Աստծո Որդու գալուստը: Այսպես հայտնեցին հրեշտակները դաշտում գտնվող հովիվներին. ՙՈրովհետև այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որ Քրիստոս Տերն է՚ (Ղուկաս 2:11): Աստծո Խոսքում մեր Տիրոջ ու Փրկչի վերաբերյալ տեսնում ենք չորս ՙՈրդու կարևոր տիտղոսներ՚՝ Աբրահամի Որդի, Դավթի Որդի, Աստծո Որդի և Մարդու Որդի: Որպես Աբրահամի Որդի (Մատթ.1:1)` Նա ՙաշխարհի Ժառանգորդն՚ է (Հռոմ. 4:13), իսկ փրկագնվածները սահմանված են լինելու Աստծո ժառանգորդներ և Քրիստոսի ժառանգակիցներ (Հռոմ.8:17): Որպես Դավթի Որդի՝ (Մատթ.1:1 բ)` Նա ՙԹագավորն՚ է (Ղուկաս 1:32, Հովհ. 18:37), իսկ փրկագնվածները սահմանված են կիսելու Նրա հետ թագավորությունը (Հայտն. 5:10): Որպես Մարդու Որդի` Նա ՙՄարգարեն՚ է, որը կանխասվել է արդեն իսկ Մովսեսի կողմից (2 Օրինաց 18:15-19), ինչպես շեշտում է Պետրոսը Գործք 3:22-24 համարներում. ՙԵվ այնպես կլինի, որ ամեն մարդ, ով այն մարգարեին չլսի, ժողովրդի միջից պիտի ջնջվի՚: Որպես Աստծո Որդի՝ Նա Փրկագնիչն է, որի միջոցով փրկագնվածները որդեգրություն են ստանում Աստծո որդիներ և դուստրեր լինելու համար. ՙ... որ որդեգրություն ընդունենք՚ (Գաղատ. 4:5): Սրա վերաբերյալ առաքյալը գրում է. ՙՊողոս՝ Հիսուս Քրիստոսի ծառա՝ կանչված առաքյալ լինելու, առանձնացված Աստծո Ավետարանի համար, որ Նա նախապես խոստացել էր Իր մարգարեների միջոցով՝ Սուրբ Գրքերում, Իր Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, որ մարմնի կողմից Դավթի սերնդից եղավ, և Աստծո Որդի հայտարարվեց զորությամբ՝ ըստ սրբության Հոգու, մեռելներից հարություն առնելով. որով շնորհ և առաքելություն ստացանք՝ Իր անվան համար հավատքի հնազանդություն քարոզելու բոլոր ազգերի մեջ՚ (Հռոմ. 1:1-5): Մարմնավորապես Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, Դավթի սերնդից է (Մատթ. 1:1-17, Ղուկաս 3:23-38) և Նա մեզ ՙհիմա իր մսեղեն մարմնի մեջ իր մահվամբ հաշտեցրեց, որպեսզի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի կանգնեցնի իր առաջ՚ (Կողոս.1:22): ՙՈրով փրկություն ունենք Նրա արյունով՝ մեղքերի թողություն Իր շնորհքի մեծության չափով՚ (Եփես. 1:7): Իր քավչարար մահով Նա մեզ հաշտեցրեց Աստծո հետ. ՙՈրովհետև Աստված էր, որ Քրիստոսի մեջ աշխարհն հաշտեցրեց Իր հետ, նրանց հանցանքները չվերագրելով նրանց և մեզ հանձնարարեց հաշտության պատգամը՚ (2 Կորնթ.5:19): Նա մեռավ, ՙորպեսզի Իր մահով խափանի մահվան իշխանություն ունեցողին, այսինքն՝ սատանային՚ (Եբր. 2:14): Նրա հարությամբ մեզ հաղթանակ տրվեց մահի դեմ և անմահություն շնորհվեց: ՙՈւրեմն քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդով եղավ... որովհետև Նա պիտի թագավորի, մինչև բոլոր թշնամիներին Իր ոտքի տակ դնի... բայց երբ ամեն բան հնազանդվի նրան, այն ժամանակ Որդին ինքն էլ կհնազանդվի նրան, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամենը ամեն բանի մեջ՚ (1 Կորնթ. 15:21, 25, 28): Բոլոր փրկագնվածները դա կապրեն Տիրոջ վերադարձի ժամանակ. ՙՈրովհետև պետք է, որ այս ապականացուն անապականություն հագնի, և այս մահկանացուն անմահություն հագնի: Եվ երբ այս ապականացուն անապականություն հագնի, և այս մահկանացուն՝ անմահություն...՚ այն ժամանակ փրկագնվածները կաղաղակեն. ՙՈ՜վ մահ, ու՞ր է քո խայթոցը, ո՜վ գերեզման, ու՞ր է քո հաղթանակը... Բայց գոհություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով՚ (1 Կորնթ. 15:55- 57): Ամեն: Երբեք միակ Աստվածը բաժանված չի եղել ՙերեք հավիտենական անձերի՚: Երբեք Սուրբ Գրքում չի խոսվել եռակի Աստծո մասին, ՙերրորդության՚ կամ ՙերկրորդության՚ մասին, այլ միայն այն մասին, որ Հայրը բացահայտվեց Որդու մեջ մեր փրկության համար: Նույն կերպ Նոր Կտակարանում է խոսվում է մեկ և միակ Աստծո մասին. ՙ...այն փառքը, որ միայն Աստծուց է՚ (գերմաներենում և այլ թարգմանություններում՝ այն փառքը, որ միակ Աստծուց է. ծան. թարգմ.) (Հովհ. 5:44): ՙ... որ ճանաչեն քեզ, միակ ճշմարիտ Աստված՚ (Հովհ. 17:3): ՙՈրովհետև մեկ է Աստված... ՚ (Հռոմ.3:30): ՙ...իսկ Աստված մեկ է՚ (Գաղատ.3:20): ՙԲայց հավիտենական Թագավորին՝ այն անեղծին ու աներևույթին, այն միակ Աստծուն...՚ (1 Տիմ.1:17): ՙՈրովհետև մեկ Աստված կա...՚ (1 Տիմ.2:5): ՙԵս եմ Ալֆան և Օմեգան,-- ասում է Տերը,-- Նա, որ է, և որ էր, և որ գալու է՝ Ամենակալը՚ (Հայտն. 1:8): Առաքելական հավատքի ճշմարիտ դավանանքը, որը ներառում է ամեն ինչ, գտնվում է միայն Աստվածաշնչում և մեկընդմիշտ հաստատվել է Տիրոջ ողջ եկեղեցու համար: ՙՄեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն: Մեկ Աստված ու ամենքի Հայր, որ ամենքի վրա, ամենքի հետ ու ձեր ամենքի մեջ է՚ (Եփես.4:5,6): ՙԱստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնի մեջ հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսներին, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց՚ (1 Տիմ.3:16): Մարմնով եկած մարդկային վիճակում Տերը ներկայացավ որպես Փրկագնիչ Աստծո կողքին փրկագնման ծրագրի համաձայն: Նա Միջնորդ է. ՙՈրովհետև մեկ Աստված կա և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս Մարդը՚ (1 Տիմ.2:5): Նաև Բարեխոս է. ՙԻմ որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս արդարին՚ (1 Հովհ.2:1): Եվ Քահանայապետ է. ՙԲայց որ եկավ Քրիստոսը՝ հանդերձյալ բարիքների Քահանայապետը, ավելի մեծ, կատարյալ ու անձեռակերտ խորանով, այսինքն՝ Նա, որ այս արարածներից չէ, և ոչ թե նոխազների ու զվարակների արյունով, այլ բուն Իր արյունով մեկ անգամ այն սրբատեղին մտավ ու հավիտենական փրկություն ստացավ՚ (Եբր. 9:11,12):