Ընդգրկում Աստծո փրկության ծրագրում
Երկրի վրա ամենից շատ տարածված գրքերի մեջ Աստվածաշունչը գրավում է առաջին տեղը:
1960-2010 թվականներին մոտ 3,9 միլիարդ օրինակ է վաճառվել ամբողջ աշխարհում: Ըստ համաշխարհային աստվածաշնչյան ընկերության՝ 2015 թվականի հունվարին Աստվածաշունչը թարգմանված էր 563 լեզուներով և բարբառներով: Աստվածաշունչը միակ Գիրքն է, որը մեզ տեղեկացնում է, թե ինչ է կատարվել ժամանակների սկզբից և ինչ է լինելու վերջում: Այն պարունակում է նախապես գրված մարդկության ողջ պատմությունը: Նույնիսկ այն, ինչ հիմա կատարվում է, արդեն կանխասվել էր Հին և Նոր կտակարանների մարգարեություններում: Այս շարադրանքը հասցեագրված է բարի կամք ունեցող ամեն մարդու երկրի բոլոր ազգերում և լեզուներում: Վեց հիմնական կրոնների կողքին՝ հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ, տաոիզմ, բուդդայականություն և հինդուիզմ, ոմանք համաշխարհային կրոնների թիվը հասցնում են տասներկուսի: Միանգամայն հասկանալի է, որ նրանցից յուրաքանչյուրը համոզված է, որ ինքն է հավատում ճշմարիտ ձևով: Բացի դրանից, կան բնապաշտական և ցեղային շատ կրոններ: Արդյո՞ք իրականում կարող է գոյություն ունենալ որևէ ճշմարիտ կրոն, որը ձևավորվել է տարիների ընթացքում և որը հիմնադրել է մահկանացու մարդը: Բնականաբար, մարդու անձնական հիմնական համոզմունքները, ինչպես նաև արժանապատվությունը անձեռնմխելի են, քանի որ ամեն մարդ իրավունք ունի հավատալու այն բանին, ինչը ճշմարիտ է համարում: Բայց նաև ճիշտ է այն, որ մարդու կողմից հիմնված կրոնը վերջնական չէ, բացարձակ չէ, որ կասկածից վեր լինի: Կրոնական ուղղությունները ժամանակավոր են և իրականում վերաբերում են միայն այս անցողիկ կյանքին: Ցանկացած փիլիսոփայություն և գաղափարախոսություն, ինչպես նաև աստվածաբանությունը մարդկային սահմանափակումներ ունեն և ի վերջո, բոլոր կարևոր հարցերը թողնում են անպատասխան: Կան բաներ, որոնք վեր են մեր հասկացողությունից, բայց ինքնին վերջնական են: Դրանցից մեկն այն է, որ մարդը ստեղծվել է Արարչի պատկերով և օժտվել արարչական ունակությամբ: Անհավատության և անհնազանդության արդյունքում, որոնք հասցրին դրախտում սկզբնական մեղքին, մարդկությունը զրկվեց կենդանի Աստծո հետ հավիտենական հաղորդակցությունից և ենթարկվեց մահվան, որովհետև կյանքում ոչինչ այնքան իրական չէ, ինչքան մահը: Այն ամենը, ինչ ժամանակավոր է, սկիզբ ունի և վերջ է ունենալու: Երբեք չի վերջանալու միայն այն, ինչ չի սկսվել: Դեպի հավիտենություն մուտք մեզ չի տրվել օրորոցից: Մեր ծնունդով մուտք գործեցինք ժամանակի մեջ: Որպես ժամանակավոր արարած՝ մենք ինքնաբերաբար հավիտենական կյանք չենք կարող ունենալ. միայն հավիտենական Աստված կարող է մեզ այն տալ: Միակ գիրքը, որն իրավացիորեն կոչվում է Սուրբ Գիրք կամ Աստծո Խոսք, Աստվածաշունչն է, և մենք հիմա միասին կքննենք որոշ կարևոր թեմաներ: Միայն Աստվածաշունչն է մեզ հայտնում, թե ինչ է եղել սկզբում, երկնքի և երկրի արարումից ի վեր, մինչև ժամանակների վերջը և նույնիսկ դրանից հետո: Մինչև քննելը այն, ինչ ժամանակավորից այն կողմ է, տեսնենք, թե ինչպես եղավ Հավիտենականի մուտքը ժամանակի պատմության մեջ: Սկզբում Աստծուն տեսնում ենք արարչագործության մեջ: Ցանկացած խելամիտ մարդու համար տիեզերքի փառավոր արարչագործությունը իրականություն է, որը ենթադրում է Արարչի գոյությունը: Աստվածային կարգը բոլոր արարածների մեջ, որոնք գտնվում են ջրում, ցամաքում և օդում, բոլոր բույսերը, ծառերը, ցանելն ու հնձելը, արարչագործության մեջ տեսանելի կյանքն ու վերարտադրությունը կենդանի վկայություն են Արարչի մասին: Օրինակ, ի՞նչ կարող է հաղորդել էվոլուցիայի տեսությունը աստվածային արարչագործության իրականության վերաբերյալ: Դա միայն հուսահատ ջանք է՝ ժխտելու համար արարչագործությունն ու Արարչին: Դա ընդամենը տեսություն է, մինչդեռ արարչագործությունն իրականություն է: Ապացուցված փաստերն ինքնին խոսուն են: Մինչև այսօր ամեն բան վերարտադրվում է իր տեսակի պես, ինչպես Արարիչն է ասել (Ծննդոց
1:12): Եթե մեկը լսել է Աստծո Ամենակարող լինելու և ամեն տեղ գտնվելու մասին, կարող է բաց աչքերով հոգևորապես տեսնել դա արարչագործության մեջ: Պատմության մեջ մարդկությանը հենց սկզբից միշտ ուղեկցել են ողբերգական իրադարձություններ, որոնք մշտապես սասանել են շատերի հավատքը: Երկնքի Տերը երկրի վրա դեռ չի մտել Իր թագավորության մեջ: Այս պահին դեռ իշխում է այս խավար աշխարհի իշխանը, և ողջ մարդկությունը գտնվում է նրա ազդեցության տակ: Միայն այն ժամանակ, երբ մարդը Փրկչին դառնալու անձնական փորձառության միջոցով ազատվում է չարի իշխանությունից, հայտնվում է աստվածային ներգործության ներքո: ՙՀայր մեր՚ աղոթքում միշտ աղոթում ենք. ՙԹող Քո թագավորությունը գա՚: Եվ Նա անկասկած գալիս է: Ժամանակը մոտ է: Ժամանակների նշանները ցույց են տալիս դա: