Լսել

Մկրտություն, Տերունական ընթրիք, ոտնլվա

Բովանդակություն

Պարզաբանում

Ոչ սուրբգրային ավանդույթի պատճառով շատերը հավատում են, որ այդ երկու նյութերը փոխվում են և դառնում Քրիստոսի արյունն ու մարմինը: Եթե դա իրոք այդպես լիներ, սարսափելի կլիներ: Ով կարող է պատկերացնել, որ կարելի է ուտել սուրբ Մարմինը և խմել սուրբ Արյունը և հետո մարսել դրանք բնական ճանապարհով: Միայն այդպիսի բան մտածելը հայհոյություն է: Դա կատարելապես բացառվում է: Ինչպես հրեաները ճիշտ չհասկացան Տիրոջ խոսքերը, որովհետև չճանաչեցին դրանց հոգևոր իմաստը, այնպես էլ հիմա քրիստոնյաները ճիշտ չեն հասկանում: Այն օրը բազմությունը կարծում էր, որ Տերը պատվիրում է գործել օրենքին հակառակ, երբ ասաց. «Իմ մարմինը ուտողը և Իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի» (Հովհ. 6:54): Յուրաքանչյուր հրեա գիտեր, թե ինչ է գրված Ղևտ. 17:10–12 համարներում. «Եթե Իսրայելի տնից կամ ձեր մեջ պանդխտացած օտարականներից մի մարդ որևէ արյուն ուտելիս լինի, Ես այն արյուն ուտող անձի դեմ պետք է լինեմ և նրան իր ժողովրդի միջից կորցնեմ: Որովհետև մարմնի կենդանությունը արյան մեջ է, և Ես ձեզ տվեցի այն, որպեսզի սեղանի վրա ձեր հոգիների համար քավություն անեք, քանզի հոգու համար քավություն անողը արյունն է: Դրա համար Իսրայելի որդիներին ասացի. «Ձեզանից որևէ մեկը արյուն չուտի, ձեր մեջ պանդխտացած օտարականն էլ արյուն չուտի»: Այդ պատճառով հրեաները այդպես վարվեցին, երբ Հիսուսը նրանց ասաց Իր մարմինը ուտելու և Իր արյունը խմելու մասին: Այդ երկու բնական խորհրդապատկերները ցույց են տալիս հոգևորը: Աստված չէր կարող այդքան խիստ ձևով արգելել արյուն խմելը և հետո նույնիսկ պահանջել Իր հետևորդներից այդ անել: Ամեն ոք, ով վերցնում է հաց ու գինին, վկայում է, որ ինքը գնված է մարմնի զոհաբերմամբ և հեղված արյունով: Դա այդ հրաշալի իրադարձության հիշատակի համար է: Փրկագնումը և թողությունը չենք ստանում Տերունական Ընթրիքին մասնակցելու շնորհիվ. դա կատարվեց Գողգոթայում: Տերունական Ընթրիքի միջոցով պարզապես հիշում ենք այն, ինչ արդեն կատարվել է: Հովհ. 6–րդ գլխում կարդում ենք հացի բազմացման հրաշքի մասին, երբ հազարավորները կերակրվեցին: Հաջորդ օրը մարդիկ եկան Տիրոջ մոտ և Նա ասաց իրենց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. դուք Ինձ ոչ թե նրա համար եք փնտրում, որ հրաշքներ տեսաք, այլ որովհետև հացից կերաք և կշտացաք: Աշխատեցեք ոչ թե կորստական կերակուրի, այլ այն կերակուրի համար, որ մնացող է հավիտենական կյանքի մեջ, որ Մարդու Որդին կտա ձեզ» (Հովհ. 6:26–27): Նա խոսեց հացի մասին, կերակուրի մասին, հավիտենական կյանքի մասին, և բազմությունը հիշեց, թե ինչպես Իսրայելի որդիները կերակրվեցին Հին Կտակարանում: Դրա համար էլ նրանք գոռացին. «Մեր հայրերն անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է ՝«Երկնքից նրանց հաց տվեց» (հ. 31): Հիսուսն էլ պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. երկնքից այն հացը ձեզ ոչ թե Մովսեսն է տվել, այլ Իմ Հայրն է երկնքից ճշմարիտ հացը տալիս ձեզ: Որովհետև Աստծո հացն այն է, որ երկնքից է իջնում և կյանք է տալիս աշխարհին»: Նրանք էլ ասացին. «Տեր, ամեն ժամանակ տուր մեզ այդ հացը: Հիսուսն էլ նրանց ասաց. «Ես եմ Կյանքի Հացը, ինձ մոտ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի» (Հովհ6:32–35): Դա շատ պարզ պատասխան է: Կարիք չկա հատուկ մեկնաբանության: Ինչպես բնական հաց ենք ուտում ֆիզիկապես ապրելու համար, այնպես էլ պետք է պատկանենք Նրան, ով Կյանքի Հացն է, եթե ուզում ենք հավիտյան ապրել: Տեր Հիսուսը մեզ ներկայանում է, որպես կենդանի հաց, որը իջնում է երկնքից և աշխարհին տալիս է հավիտենական և աստվածային կյանք: Նա այդ միտքը շեշտում է հետևյալ համարներում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. «Ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի: Ես եմ Կյանքի Հացը: Ձեր հայրերը մանանան անապատում կերան ու մեռան: Սա է այն հացը, որ երկնքից է իջնում, ու եթե մեկը սրանից ուտի, չի մեռնի: Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել: Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ Ես կտամ , Իմ մարմինն է, որ Ես աշխարհի կյանքի համար կտամ» (հհ. 47–51): Դա է Ավետարանը: Նա զոհաբերվել է Իր մարմնով , որպեսզի մենք ազատվենք մեր մարմնից և ստանանք հավիտենական կյանք: Երկնային հացը չի թխվում երկրի վրա, և աստվածային կերակուրը չի ստեղծվում մարդու ձեռքով: Տերը զոհաբերվեց: Նա խաչվեց, որպեսզի բոլոր նրանք, ովքեր հավատում են փրկագնման կատարյալ գործին, ստանան հավիտենական կյանք, նաև կերակրվեն հոգևորապես: Նա է կյանքի հացը: Մենք Հոգով ենք Նրա հետ հաղորդակցվում: Քանի որ Նա դարձավ մեզանից մեկը, մենք վերադարձվել ենք Իր թագավորություն և դարձել Իր մասնիկը: Հրեաները վիճում էին իրար հետ և հարցնում. «Ինչպե՞ս կարող է Իր մարմինը մեզ տալ ՝ուտելու» (հ. 53): Այսօր էլ քրիստոնյաները վիճում են՝ Տիրոջ ընթրիքը պարզությամբ և գոհունակ սրտով ընդունելու փոխարեն: Մենք տեսնում են Աստծո Գառին, որը վերցրեց մեր մեղքերը և թափեց Իր արյունը մեզ համար: Արյունը մեր քավությունն էր, ուստի Նա պետք է զոհաբերվեր զոհասեղանի վրա: Քրիստոսի մեջ էր Աստծո կյանքը, Իր մահով այդ կյանքը ազատ արձակվեց և կարողացավ վերադառնալ բոլոր նրանց վրա, ովքեր գնվեցին Նրա կողմից: Մեր Տիրոջ խոսքը ուղղված էր Իր չարչարանքներին և մահվանը: Մենք պետք է ճանաչենք Աստծո հետ հոգևոր և աստվածային մասնակցությունը, որը մեզ տրվել է մեզ համար խաչված Հիսուս Քրիստոսի միջոցով: Վերստին ծննդյան միջոցով դառնում ենք Աստծո որդիներն ու դուստրերը: Պողոսն այսպես է գրում. «Որովհետև Նրա մարմնի անդամներն ենք, Նրա մարմնից ու ոսկորներից» (Եփես. 5:30): Մարմնավորապես ոչ ոք մարմին չէ Իր մարմնից և ոսկոր չէ Իր ոսկորներից: Բնական կյանքում մենք բոլորս Ադամից ենք: Բայց հոգևորապես մենք մասնիկն ենք այն նոր ստեղծագործության, որը սկսեց գոյություն ունենալ Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ հետ: Որպես փրկագնվածներ, մենք վերադարձվել ենք Աստծո հետ հաղորդակցություն ունենալու համար: Մեր հոգիներում ունենք Իր կյանքը, որը հավիտենական կյանքն է: Մարմնավոր մտքի համար այս ամենը հիմարություն է, հետևաբար մարդիկ իրենց սեփական մտքերն ունեն, երբ կարդում են Աստծո Խոսքը: Հոգևոր բաները պետք է հոգևոր ձևով հասկանալ: Հիսուս Քրիստոսը ամեն ինչ է. Նա Ճանապարհն է, Ճշմարտությունը, Կյանքը, Կենդանի Հացը, աշխարհի Լույսը, Հարությունը՝ ամեն ինչ է մեզ համար: Նրա միջոցով մենք նորից դարձել ենք Աստծո որդիներն ու դուստրերը: Բայց Հիսուսը երբեք չի բացատրել Խոսքը, Նա միայն ասել է այդ: Նա գործում էր Խոսքին համապատասխան, և Նրան վերաբերող ամեն բան կատարվեց: Ուստի Նա կարող էր ասել. «Իմ կերակուրն այն է, որ Ես Ինձ ուղարկողի կամքը անեմ և Նրա գործը կատարեմ» (Հովհ. 4:34): Ամեն ոք, ով մասնակցում է Տերունական Ընթրիքին, ներքուստ պատրաստ է կատարելու Աստծո կամքը, ինչպես այն մեզ հայտնի է Իր Խոսքում: Մենք պետք է անձնական հարաբերություն ունենանք Աստծո հետ: Այդ ժամանակ կարող ենք վստահությամբ ասել. «Իմ կերակուրը ինձ փրկողի կամքը կատարելն է»: Մենք ընդունում ենք Աստծո Խոսքը և ընդունում ենք Քրիստոսին՝ երկնքից իջած կենդանի հացին: Նրա արյունը փրկեց մեզ, որովհետև թափվել էր մեր քավության համար: Հիսուսն ասաց. «Սա է այն հացը, որ երկնքից է իջել. ոչ թե ինչպես ձեր հայրերը կերան մանանան ու մեռան, այս հացն ուտողը հավիտյան կապրի» (Հովհ. 6:58): Այդ առանձնահատուկ խոսքերից հետո Իր աշակերտներն ասացին. «Խիստ է այդ խոսքը, ո՞վ կարող է դա լսել» ( հ. 60): Նույնիսկ Տիրոջը հետևողները ունեցան սեփական գաղափարները, երբ լսեցին Իր խոսքը: Շատ հստակ Նա խոսեց Իր մասին որպես երկնքից իջած հացի: Բայց տեսավ, թե որքան անօգնական էին նրանք և ասաց 63 համարում. «Հոգին է կենդանացնողը. մարմինը ոչ մի օգուտ չի տալիս: Այն խոսքը, որ Ես ձեզ հետ խոսեցի, Հոգի է ու Կյանք»: Միայն վերոհիշյալ խոսքերից հետո ենք ստանում լույս և հայտնություն Տիրոջ ասածների վերաբերյալ: Իր մարմինը ուտելու և արյունը խմելու վերաբերյալ Նրա խոսքերը շատերին մղեցին հեռանալու Իրենից:Դրա վերաբերյալ վեճերը շարունակվում են նույնիսկ այսօր: Գրված է. «Դրանից հետո Նրա աշակերտներից շատերը հետ գնացին ու Նրա հետ այլևս չէին շրջում»: Այնժամ Հիսուսը հարցրեց տասներկուսին. «Մի՞թե դուք էլ եք ուզում գնալ»: Սիմոն Պետրոսն էլ պատասխանեց Նրան. «Տեր, ու՞մ մոտ պիտի գնանք. Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես: Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին» (հհ. 66–69): Այս նույն վկայությունը կունենա յուրաքանչյուր ոք, ով իսկապես հետևում է Հիսուսին: Անկախ նրանից, թե հասկանում են Նրա ասածները, թե ոչ, նրանք հավատում են Նրան, վստահում են Նրան, հնազանդվում են Նրան և հետևում, իսկ հետո գալիս է այն պահը, երբ ամեն ինչ պարզ է դառնում: Եկեք ամփոփենք այս թեմայի վերաբերյալ մտքերը. փրկագնման գործը մեկընդմիշտ կատարվեց Գողգոթայում: Նրանք, ովքեր հավատքով ընդունում են այդ, մասնակցում են Տերունական Ընթրիքին՝ հիշելու համար այդ նշանավոր օրը և Գողգոթայում կատարվածը: Ըստ մասնակիցների քանակի հաց է թխվում, անշուշտ առանց թթխմորի, ինչպես արդեն ասվեց: Հացը բարձրացնում են եկեղեցու առջև, աղոթում և օրհնում են Տիրոջ անունով: Հետո այն կտրվում է և բոլոր մասնակիցները ուտում են դրանից: Եթե ինչ–որ բան մնում է, մի քանիսը ուտում են մնացածը, ուստի ոչինչ չի կորչում: Հետո գավաթով գինին, որը պետք է լինի միայն կարմիր խաղողից , նույնպես բարձրացնում են եկեղեցու առաջ, աղոթում և օրհնում են Տիրոջ անունով: Բոլոր նրանք, ովքեր վերցրել են հացը, վերցնում են նաև գինին: Այդ ամենը կատարվում է ի հիշատակ մեր Տիրոջ, որը տվեց Իր մարմինը և թափեց Իր արյունը: Տերունական Ընթրիքը պետք է կատարվի այնպես, ինչպես Նա ասել է: Եթե այդպես չի արվում, ճշմարիտ ծառայությունը անմիջապես վերածվում է ինքնահնար կռապաշտության, իսկ այն, ինչ կոչվում է «հավատք», իրականում հակառակն է: Պողոսը գրում է. «Չեք կարող խմել Տիրոջ գավաթը և դևերի գավաթը, չեք կարող վայելել Տիրոջ սեղանից և դևերի սեղանից: Նախանձի՞ գրգռենք Տիրոջը. մի՞թե մենք Նրանից զորավոր ենք» ( Ա Կորնթ. 10:21–22): Նա պետք է որ նկատի ունենար Ղևտ. 17–րդ գլխում գրված համարը, որտեղ Աստված ասում է, թե ինչպես պետք է մատուցվեն զոհերը: 3–7 համարներում պարզ ասվում է, որ այն զոհերը, որոնք հաճելի չեն Տիրոջը, Իրեն չեն մատուցվել: Կարդում ենք. «... Իսրայելի որդիները այն զոհերը, որոնք հիմա դաշտի մեջ են մորթում, Տիրոջը բերեն, այսինքն վկայության խորանի դռան մոտ, քահանային բերեն և խաղաղության զոհերի համար Տիրոջը զոհեն, և քահանան պետք է սրսկի արյունը վկայության խորանի դռան վրա՝ Տիրոջ սեղանի վրա ու ճարպը անուշ հոտի համար այրի Տիրոջ առջև: Եվ իրենց զոհերը այլևս թող չզոհեն դևերին, որոնց ետևից գնալով պոռնկություն արեցին: Սա նրանց համար հավիտենական կանոն պիտի լինի իրենց սերնդի մեջ»: Աստված տվեց պատվերը և հստակ կարգադրություններ, թե ինչպես և ինչ պետք է արվեր: Իսրայելացիները համոզված էին, որ իրենք զոհաբերում էին Տիրոջը, բայց ամեն բան կատարում էին իրենց երևակայությամբ: Հետո Տերը հստակ հայտնեց, որ միայն այն զոհաբերություններն են Իրեն հաճելի, որոնք կատարվում են Իր պատվիրած վայրում և Իր պահանջած ձևով: Մնացած ամեն բան զոհաբերվում էր դևերին: Նա, ով Աստծո ժողովրդի անդամ է, չի կարող անել այն, ինչ ուզում է: Եթե դա Տիրոջ համար է արվում, պետք է արվի Աստծո Խոսքի համաձայն: Հակառակ դեպքում, եթե մեր երևակայությունն է գործի դրվում, դևերը սկսում են գործել: Նույնը վերաբերում է Տերունական Ընթրիքին: Պողոսը, որպես հատուկ հայտնություն ունեցող առաքյալ, հստակ խոսել է այդ մասին: Նա չէր ուզում, որ հավատացյալները լինեն դևերի ազդեցության տակ և, չնայած դրան, մասնակից լինեն Տիրոջ սեղանին: Առաքյալների ժամանակ վեճեր չկային Տերունական Ընթրիքի վերաբերյալ: Տեր Հիսուսը տվել էր պատվեր, և հավատացլյալները ամեն բան արեցին Աստծո Խոսքի համաձայն, կատարյալ պարզությամբ: Ահա թե ինչու Սուրբ Գիրքն ասում է, որ նրանք շարունակում էին հաց կտրելը: Գործք 20:7 համարում նույնպես կարդում ենք. «Մեկշաբթի օրը, երբ դեռ հավաքված էինք հաց կտրելու համար...»: «Հաց կտրել» արտահայտությունից հասկանում ենք, որ Տերունական Ընթրիքի ժամանակ շեշտը դրվում էր հացի և հացը կտրելու վրա, ճիշտ այնպես, ինչպես Տերն Ինքն արեց և աշակերտներին պատվիրեց նույնն անել: Առաքելական ժամանակների վերաբերյալ կարդում ենք Գործք 2:42 համարում. «Ու միշտ հետևում էին առաքյալների ուսմունքին, հաղորդությանը, հաց կտրելուն և աղոթելուն»: Բոլոր նրանք, ովքեր իսկապես պատկանում են կենդանի Աստծո եկեղեցուն, կվերադառնան նույն՝ սկզբնական վարդապետությանը և գործերին: Նրանք ամեն բան իրենց ճիշտ տեղը կդնեն և այդ կանեն ըստ Սուրբ Գրքում ցույց տրված նմուշի: Այլևս չեն լինի հատուկ մեկնություններ, այլ պարզապես կհնազանդվեն Խոսքին: Հավատացյալների համար կարևորը միայն Խոսքն է: Ուստի ճշմարիտ եկեղեցին իրոք մասնակցում է Տերունական Ընթրիքին՝ ի հիշատակ Գողգոթայում կատարվածի: Այնտեղ սուրբ արյունը թափվեց մեր մեղքերի թողության համար: Սուրբ Գրքում ոչ մի տեղ գրված չէ, որ ով որ մասնակցում է Տերունական Ընթրիքին, ստանում է մեղքերի թողություն: Որտեղ որ այդպիսի բան է ուսուցանվում, այնտեղ փրկությունը կախված է կրոնական արարողությունից, ոչ թե Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած անձնական հավատքից: Աստծո թագավորությունը սկսում է իր ընթացքը հենց հիմա: Խաչված և հարություն առած Հիսուս Քրիստոսի Ավետարանը կենդանի Աստծո եկեղեցում դրվել է քարոզչության կենտրոնական տեղում: Այդ ավետարանով տրված ամեն պատվեր պետք է կատարել և պահել հնազանդությամբ: Այդ կերպ եկեղեցին վերադառնում է նախնական վիճակին Աստծո շնորհքով: Մեր Տերը Առաջինն է և Վերջինը, Նա նույնն է երեկ, այսօր ու հավիտյան: Երանի նրանց, ովքեր Նրան և Իր Խոսքին տալիս են ճշմարիտ տեղը և ճանաչում են, որ Նա է Տերը՝ կատարելով Նրա բոլոր պատվիրանները:
Բովանդակություն