Լսել

Մկրտություն, Տերունական ընթրիք, ոտնլվա

Բովանդակություն

Անունը

Սուրբ Գրքում մեկ ուրիշ համար կա, որ այնքան շատ է սխալ հասկացվել և սխալ օգտագործվել: Դա Մատթ. 28:19 համարն է, որ ասում է. «Ուրեմն, գնացեք, բոլոր ազգերին աշակերտ դարձրեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»: Անհասկանալի է, բայց այնուամենայնիվ ճշմարիտ. երրորդ դարում այս բաները բոլորովին սխալ հասկացվեցին և սկսեց կիրառվել եռամիասնական ֆորմուլան, որը մինչև հիմա էլ կիրառվում է: Թվում է, ոչ ոք չի նկատում, որ Տերը խոսում է Անվան մասին: Ո՞րն է այն անունը, որով պետք է մկրտվենք:Հայրը, Որդին և Սուրբ Հոգին արտահայտում են Աստծո դրսևորման տարբեր ձևերը: Բայց մինչև մկրտելը մենք պետք է իմանանք Անունը: Անձնավորությունը կարող է շատ պաշտոններ ունենալ. կարող է լինել ուսուցիչ, իրավաբան, դատավոր և այսպես շարունակ: Մեկը կարող է լինել և՛ հայր, և՛ որդի, և՛ ամուսին և այլն: Դրանք այդ անձնավորության ունեցած դիրքի նկարագրություններն են և իրենց տեղն ունեն, բայց պետք է ճիշտ օգտագործվեն: Բայց յուրաքանչյուր ոք, լինի դա ուսուցիչ, կամ իրավաբան, կամ դատավոր, անուն ունի: Նույնն էլ Աստված, որ հայտնվեց տարբեր կերպերով և Հին Կտակարանում հայտնվեց Յահվե անունով, որը ուխտի հետ կապված անունն է: Ջրի մկրտության ժամանակ մենք պետք է իմանանք Նրա այն Անունը, որ կապված է Նոր Կտակարանի ուխտի հետ: Մատթ. 28–րդ գլխում ընդամենը պատվիրան տրվեց մկրտելու այն անունով, որով Նա հայտնվեց, որպես Հայր, Որդի և Սուրբ Հոգի: Բայց անունն Ինքը չհիշատակվեց: Այժմ մենք կքննարկենք մի շարք համարներ, որտեղ խոսվում է միայն Անվան մասին: Դա շատ կօգնի մեզ և նրանց, ովքեր փնտրում են Ճշմարտությունը: Ղուկաս 10:17 համարում կարդում ենք. «Այն յոթանասունն ուրախացած հետ դարձան և ասացին. «Տե՛ր, դևերն էլ են Քո անունով մեզ հնազանդվում»: Չէ՞ որ ինքնաբերաբար հասկանում ենք, որ խոսքը Հիսուսի Անվան մասին է, եթե նույնիսկ անունը չի ասվում: Իհարկե, հասկանում ենք: Մի առիթով Տերն ասաց. «Որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի Իմ Անունով հավաքված լինեն, ես այնտեղ նրանց մեջ եմ» (Մատթ. 18:20): Ո՞վ կկասկածի, որ Նա նկատի ուներ Հիսուս անունը, եթե նույնիսկ Նա չասաց այդ: Ղուկաս 24:47 համարում մենք կարդում ենք. «Եվ Նրա անունով, Երուսաղեմից սկսած, բոլոր ազգերի մեջ ապաշխարություն և մեղքերի թողություն քարոզվեր»: Յուրաքանչյուր ոք, ով կարդում է այս հատվածները, գիտի, թե որ անվան մասին է խոսքը: Հովհ. 2:23 համարում կարդում ենք. «...շատ մարդիկ Նրա անվանը հավատացին՝ տեսնելով Նրա գործած հրաշքները»: Շատ տարօրինակ է, որ բոլորը հասկանում են, թե ինչ անվան մասին է խոսքը, երբ կարդում են այդ հատվածները, միայն Մատթ. 28:19 համարը կարդալիս չեն հասկանում: Դա իսկապես տարօրինակ է: Պետք է լրջորեն մտածել այդ մասին: Մինչև հիմա նշված համարներում մենք խոսեցինք Որդու Անվան մասին, բայց հաջորդ համարներում կխոսենք Հոր Անվան մասին: Այժմ մենք քայլում ենք Աստծո հայտնությունների առանձնահատուկ հիմքի վրա: Տերը սովորեցրեց մեզ աղոթել. «Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո Անունը» (Մատթ. 6:9): Այս աղոթքը միլիոնավոր մարդիկ կրկնում են ամեն կիրակի, և ոչ ոք չի մտածում կամ չի հարցնում. ո՞րն է Հոր Անունը, որ պետք է սուրբ լինի: Հովհ. 12:28 համարում Որդին ասաց. «Հա՛յր, փառավորիր Քո անունը»: Եվ երկնքից ձայն եկավ. «Փառավորեցի էլ ու դարձյալ կփառավորեմ»: Ո՞ր Անվան մասին էր Նա խոսում: Ո՞րն էր այն Անունը, որ Աստված փառավորել էր և էլի պետք է փառավորեր: Միայն մեկ Անուն կա, որով կարող ենք մոտենալ Աստծուն: Դա Իր իսկ Անունն է: Իր աղոթքում Որդին նորից դիմում է Հորը և ասում. «Քո Անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց աշխարհից տվեցիր Ինձ» (Հովհ. 17:6): Արդյո՞ք դա վերաբերում է Աստծո՝ Հին Կտակարանի անուններից մեկին: Անշուշտ՝ ոչ: Նա, որ ուշադիր է կարդացել այս խոսքը, նկատած կլինի, որ Հոր Անունը հայտնվում է բոլոր նրանց, ովքեր պատկանում են Տիրոջը՝ աշխարհից փրկագնվելով: Նրանք Աստծո ճշմարիտ որդիներն ու դուստրերն են: Աստված ճանաչում է նրանց, և նրանք ճանաչում են Աստծուն: Այժմ այս հարցը պետք է բերենք ընդհանուր հայտարարի: «Ով սուրբ Հայր, Քո Անունով պահիր նրանց, որ Դու Ինձ տվեցիր, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք մեկ ենք» (Յովհ. 17:11): Ավելի պարզ չէր կարող ասվել: Որդու Անունը Հոր Անունն է: Այսպես, 26 համարում կարդում ենք. «Քո Անունը նրանց ճանաչել տվեցի և ճանաչել կտամ»: Մենք գործ ունենք միայն մեկ Աստծո հետ, որ միայն մեկ Անուն ունի: Մեր Տերը հրեաներին ասաց. «Ես Իմ Հոր անունով եկա և Ինձ չեք ընդունում (Հովհ. 5:43): Իսկ ի՞նչ կասեք այսօրվա քրիստոնյաների մասին: Նրանք ընդունու՞մ են Նրան՝ ճանաչելով, որ Հոր և Որդու Անունը նույնն է: Երանի նրան, ով հավատում է, որ Հայրը հայտնվեց Որդու մեջ և բացահայտեց մեզ համար այն Անունը, որ վեր է ամեն անունից՝ Հիսուս, Էմմանուել՝ Աստված մեզ հետ: Աստված միայն մեկ անձի մեջ հայտնվեց, որը Հիսուս Քրիստոսն է: Աստված միայն մեկ Անուն ունի, որը պետք է հայտնվի մեր մեջ. այդ Անունն է՝ Տեր Հիսուս Քրիստոս: Այդ Անունով կարող ենք մոտենալ Հորը և շնորհաց աթոռին: Ամեն ծունկ պիտի ծալվի և ամեն լեզու դավանի, որ Հիսուսն է Տերը: Աստված մեզ հանդիպեց Քրիստոսով, և միայն Քրիստոսով կարող ենք հանդիպել Աստծուն:Այս մի քանի օրինակների լույսի տակ պետք է լուծվի Մատթ. 28:19 համարի պրոբլեմը: Այստեղ խոսվում է Անվան մասին, առանց հիշատակելու այն, իսկ հետո մի կողմ են թողնվում այդ միակ Անվանը պատկանող կոչումները, և միայն Անունն է կիրառվում մկրտության ժամանակ:
Բովանդակություն