Լսել

Մկրտություն, Տերունական ընթրիք, ոտնլվա

Բովանդակություն

Նշանակությունը

Մկրտությունը պարզապես մի գործողություն է, որով անձնավորությունը միանում է Քրիստոսի մահվան, թաղման և հարության հետ: Մկրտության մեջ մեղքերի թողություն չկա: Մկրտվող անձնավորությունը ցույց է տալիս, որ մեղքերի թողություն է ստացել Գողգոթայի խաչի վրա թափված արյան շնորհիվ: Պետրոս առաքյալն այսպես է գրում. «Դրա օրինակը, այսինքն՝ մկրտությունը, մեզ էլ հիմա փրկում է, ոչ թե մարմնի աղտը դեն գցելով, այլ բարի խղճմտանքի վկայությունն առ Աստված Հիսուս Քրիստոսի հարությամբ»: (1 Պետր. 3:21) Նա, որ մկրտվում է, նույնանում է Քրիստոսի հետ՝ գիտակցելով, որ խաչվում է Նրա հետ: Մկրտությունը հնազանդության գործողություն է հավատացյալի կողմից, համաձայն իր Փրկչի և Տիրոջ նկատմամբ ունեցած անձնական հավատքի խոստովանության: Նաև կարդում ենք Փիլիպոսի և ներքինու մասին, որոնք երկուսն էլ մտան ջուրը: Այսօր նույնպես մկրտությունը այսպես է կատարվում Աստվածաշնչին հավատացող բոլոր եկեղեցիներում: Թե՛ մկրտողը և թե՛ մկրտվողները մինչև գոտկատեղը մտնում են ջրի մեջ: Մկրտելուց առաջ մկրտողը այսպիսի մի բան պետք է ասի. «Այսինչ եղբայր կամ Այսինչ քույրիկ, ըստ քո հավատքի խոստովանության, ես քեզ մկրտում եմ՝ համաձայն Աստծո Խոսքի, Տեր Հիսուս Քրիստոսի անունով»: Մկրտությունը համեմատվում է թաղման հետ: Այդ պատճառով մկրտվողին դեպի ետ սուզում են ջրի մեջ և ամբողջովին ընկղմում, հետո նորից բարձրացնում: Ջրից ելնելը նշանակում է, որ այդ անձնավորությունը հարություն է առել Քրիստոսի հետ՝ նոր կյանք ունենալու համար: Բայց, իհարկե, նոր կյանքը ստանում ենք ոչ թե մկրտությամբ, այլ Խոսքի և Սուրբ Հոգու միջոցով տրված վերստին ծնունդով: Ցանկացած դեպքում, եթե ջուր են սրսկում կամ լցնում մկրտվողի գլխին, դա չպետք է նույնիսկ «մկրտություն» համարել, որովհետև մկրտություն չէ: Առաքյալը գրում է Կողոս. 2:12 համարում. «Թաղվելով Նրա հետ մկրտությամբ, որով նաև Նրա հետ հարություն առաք՝ հավատալով Աստծո զորությանը, որ մեռելներից հարություն տվեց Նրան»: Սուրբ Գիրքը չի սովորեցնում, թե երեխան վերստին ծնվում է ջուր լցնելու կամ սրսկելու գործողության միջոցով, ընդհակառակը, հստակ սովորեցնում է, որ մարդիկ նախ պետք է լսեն Հիսուս Քրիստոսի Ավետարանը, ընդունեն Խոսքի սերմը իրենց հոգու մեջ և ունենան նոր կյանք Սուրբ Հոգու կողմից տրված: Միայն այդ ժամանակ նրանք պետք է մկրտվեն: Բացի այդ, ջրով մկրտվել չի նշանակում ավտոմատ կերպով Սուրբ Հոգին ստանալ: Սուրբ Հոգով մկրտությունը առանձին մկրտություն է: Դա Աստծո պատասխանն է այն հավատացյալին, որը հնազանդ է եղել ջրի մկրտության մեջ: Այդ դեպքում անձնավորությունը ստանում է այն վստահությունը, որ ինքը պատկանում է Աստծուն: Հռովմ. 6:4–5 համարներում առաքյալը ամփոփում է մկրտությունը հետևյալ խոսքերով. «Մկրտությամբ Նրա հետ մեռնելով թաղվեցինք մահի մեջ, որ ինչպես Քրիստոսը մեռելների միջից Հոր փառքով հարություն առավ, այնպես մենք էլ նոր կյանքի մեջ ընթանանք: Որովհետև եթե Նրա մահվան նմանությամբ Նրա հետ միացանք, ապա Նրա հարությանն էլ նման կլինենք»: Այդպիսի միտք նա արտահայտել է նաև Գաղատացիներին ուղղված իր նամակում, 3–րդ գլխի 26–27 համարներում. «Որովհետև ամենքդ Աստծո որդիներ եք՝ Քրիստոս Հիսուսին հավատալով: Քանի որ ամենքդ որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսին եք հագել»: Ոչ թե չոր մեղավորը մտնում է ջուրը, որպեսզի այնտեղից դուրս գա թաց մեղավորը, այլ մենք խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր գտել են Աստծո շնորհքը, հաշտվել են Նրա հետ, համոզվել են, որ իրենց մեղքերը ներված են, ովքեր վստահ են, որ Աստված ընդունել է իրենց:
Բովանդակություն