Լսել

Մկրտություն, Տերունական ընթրիք, ոտնլվա

Բովանդակություն

Ներածություն

Ջրի մկրտությունը և Տերունական Ընթրիքը աստվածաշնչային պատվերներ են, որոնք կիրառվում են քրիստոնեական եկեղեցիներից մեծ մասում, թեև տարբեր եկեղեցիներում արվում են տարբեր կերպ: Բայց առաջին եկեղեցում դրանց կատարման սկզբնական ձևը մոռացվել է եկեղեցու պատմության ընթացքում: Տարիներ շարունակ եկեղեցու պատմագրերը և բարեփոխիչները վիճել և տարաձայնություններ են ունեցել դրանց վերաբերյալ՝ օգտագործելով նույն Խոսքը: Բայց նրանք չկարողացան հասնել համաձայնության, և տարբերությունները մնացին: Դրանք չեն համապատասխանում առաջին եկեղեցու կատարած ձևերին, որոնց պետք է վերադառնանք: Առաջին քրիստոնյաների մասին կարդում ենք. «...Միշտ հետևում էին առաքյալների ուսմունքին»: Նրանք ընդունում էին, որ առաքյալները կանչված են Տիրոջ կողմից և հաղորդ էին լինում Աստծո թագավորությանը վերաբերող գաղտնիքներին: Իր հարությունից հետո Տերը մնաց աշակերտների հետ «մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատվեր տվեց Իր ընտրած առաքյալներին ու համբարձվեց: Որոնց էլ Իր չարչարանքից հետո շատ ապացույցներով, կենդանի հայտնվեց՝ քառասուն օրվա ընթացքում երևալով նրանց ու Աստծո արքայության մասին խոսելով» (Գործք 1:2–3): Մենք ուրախանում ենք՝ իմանալով, որ Նա խոսել է Իր թագավորությանը վերաբերող բոլոր բաների մասին: Նա տվեց հանձնարարությունը: Պենտեկոստեի օրը Նա նրանց մեջ ուղարկեց Իր Հոգուն և հստակ հայտնեց, թե ինչ պետք է արվի և ինչպես պետք է արվի՝ համաձայն Աստծո կատարյալ կամքի: Պողոս առաքյալը նրանց հետ չէր հենց սկզբից: Նախ նա ստացավ «աստվածաբանական կրթություն», բայց իր դարձի գալուց հետո քարոզում էր նույն ավետարանը և նույն ուսմունքները, ինչ որ առաքյալներն էին քարոզում: Ուղղակի հայտնություն ստանալով՝ 14 տարի հետո ուղևորվեց դեպի Երուսաղեմ՝ համեմատելու մյուս առաքյալների հետ՝ տեսնելու համար, թե իր քարոզչությունը համապատասխանում է նրանց քարոզչությանը: Այլապես նա վախենում էր, որ իզուր վազած կլինի (Գաղատ. 2:1–2): «Գործք առաքելոց» գիրքը և «Թղթերը» վկայում են ուսմունքների կատարյալ ներդաշնակության մասին, որոնք ներդաշնակ են նաև չորս ավետարանների և Հին Կտակարանի հետ: Հետևաբար, այն ինչ մեզ տրվել է առաքյալների միջոցով, ճշմարիտ վարդապետություն է և գործունեություն: Այստեղ մենք գործ չունենք Պողոսի կամ Պետրոսի կարծիքների հետ, այլ ուղղակի հայտնությամբ տրված Աստծո Խոսքի և ծրագրի հետ: Նույնիսկ այսօր դա միակ արժեքավոր չափանիշն է, որով ամեն բան պետք է ստուգվի: Մի անգամ Տերը հարցրեց Իր աշակերտներին. «Հասկացա՞ք այս ամենը»: Նրանք ասացին. «Այո՛, Տեր»:Նա էլ ասաց նրանց. «Դրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանտեր մարդու, որ իր գանձից նոր ու հին բաներ է հանում» (Մատթ. 13:51–52): Բոլոր ժամանակներում Տերն օգտագործել է մարդկանց, որոնց Նա կանչել էր Իր թագավորության հստակ նպատակների համար: Նրանք չէին ներկայացնում աստվածաբանական գիտությունը, որովհետև նրանք սովորել էին երկնային դպրոցում: Նրանք խոսում էին համաձայն երկնային իմաստության, որը ծածկված է այս աշխարհի իմաստուններից: Նրա պատգամաբերները միշտ ստացել են Իր Խոսքը և Իր Հոգին: Ուստի նրանք ունեն Աստծո կամքի հստակ հայտնությունը և հետևաբար գիտեն, թե ինչպես ճշմարիտ ձևով կատարել այն: Դրա հաստատ նշանն այն է, որ նրանց քարոզչությունը և գործունեությունը կատարյալ ներդաշնակության մեջ են Սուրբ Գրքի հետ: Այն ժամանակ մեր Տերը և առաքյալները իրենց տրամադրության տակ ունեին միայն Հին Կտակարանը: Անընդհատ նրանք մեջբերումներ էին անում Հին Կտակարանից: Նոր Կտակարանում գտնում ենք Հին Կտակարանից 84 մեջբերումներ: Այսօր ավետարանի քարոզիչները մեծ պատասխանատվություն ունեն Աստծո առջև: Յուրաքանչյուր ոք, ով ծառայում է Աստծո թագավորության մեջ, պետք է քաջություն ունենա իր ուսմունքն ու գործունեությունը համեմատել Պողոսի և մյուս առաքյալների ուսմունքի և գործունեության հետ: Եթե դա չի ներդաշնակում սկզբնական քարոզչությանը և գործունեությանը, ուրեմն ինչ–որ տեղ սխալ բան կա: Եթե Պողոսը անհրաժեշտ էր համարում իր ուսմունքը համեմատել առաքյալների վարդապետության հետ, համոզված լինելու համար, որ իզուր չի ծառայել, ինչպե՞ս կարող է մեզանից որևէ մեկը անտեսել այդ: Այն ամենի մեջ, ինչ սկզբնապես տրվել է Աստծո կողմից, մենք տեսնում ենք նմանակումներ և կեղծում, որոնք չեն համապատասխանում բնօրինակին: Եփեսոսի եկեղեցուն ուղղված նամակում կարդում ենք. «...ու փորձեցիր նրանց, ովքեր առաքյալ են ձևանում, բայց չեն և պարզեցիր, որ սուտ են» (Հայտն. 2:2): Այդ դատողությունը հնարավոր էր, որովհետև լսողները քարոզվածը համեմատում էին սկզբնական առաքելական ուսուցման հետ: Աստվածաշնչին հավատացող այդ քրիստոնյաները նկատեցին, որ այս մարդիկ միայն պնդում էին, որ առաքյալ են, բայց իրականում ստախոսներ էին, որովհետև չէին քարոզում մաքուր աստվածային պատգամը, ինչպես դա արել են առաջին առաքյալները: Առաջին եկեղեցում անորոշություն չկար ջրի մկրտության, Տերունական Ընթրիքի և այլ ուսմունքների վերաբերյալ: Տերը տվել էր հստակ ծանուցում, թե ինչպես պետք է այդ բոլոր բաները կատարվեն: Հետևաբար Նա ուղարկել էր նրանց, ում կարող էր ասել այդ բաների մասին:«Ձեզ լսողը Ինձ է լսում» (Ղուկաս10:16): Մենք կարիք ունենք բացահայտելու, թե Սուրբ Գրքում ինչպես են նկարագրված մկրտությունը և Տերունական Ընթրիքը: Տերունական Ընթրիքի հետ կապված է նաև ոտնալվան, որը նույնպես համառոտ կքննարկենք Աստծո Խոսքի լույսի տակ:
Դեկտեմբեր 1986
Բովանդակություն