Լսել

Վիլլիամ Բրանհամ՝ Աստծո ուղարկած մարգարեն

Բովանդակություն

Ջինջ երկնքից

1949 թվականի նոյեմբերին Ուիլյամ Բրանհամը տեղեկացրեց Ջեք Մուրին և Գորդոն Լինդսեյին, ովքեր արդեն մասնակցել էին նրա ծառայությանը Միացյալ Նահանգների արևմտյան ափում, որ ինքը հավաքույթներ է անցկացնելու 1950 թվականի հունվարին Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում: Այդ լուրը շատ արագ տարածվեց, և մարդիկ եկան տարբեր վայրերից, այնպես որ ողջ քաղաքը իրարանցման մեջ էր: Հոգևոր առաջնորդները, որոնք ոչ մի հոգևոր հասկացողություն չունեին կատարվածի վերաբերյալ, միմյանց դրդեցին ավերիչ քննադատություններ բերել այդ հավաքույթների վերաբերյալ: Ելույթ ունեցավ նրանցից մեկը՝ դոկտոր Բեստը, որը հրավիրեց մամուլին և 1950 թվականի հունվարի 24–ին «Sam Houston Coliseum»–ում կազմակերպեց բաց բանավեճ Ուիլյամ Բրանհամի հետ «Բժշկություններ այսօ՞ր» թեմայով, որին մասնակցում էր մոտ 8000 մարդ: Հրավիրեց նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչներ Ջեյմս Այերսին և Թեդ Կիպերմանին, որպեսզի լուսանկարվեն ամենատպավորիչ պահերը: Մարտահրավերը նետեց դոկտոր Բեստը, որին ընդդիմախոսում էր Աստվածաշնչի վարդապետ դոկտոր Ֆ.Ֆ. Բոսվորտը, որին ես անձամբ ճանաչում եմ: Նա ուղեկցում էր Ուիլյամ Բրանհամին, և նրան խնդրեցին անցկացնել բանավեճը: Ժամեր գնացին այս անպատշաճ ներկայացման մեջ: Բանավեճի ժամանակ բազմությունը բաժանվեց երկու խմբի. ոմանք բարձրաձայն գոռում էին «ամեն», մյուսներն էլ հակառակվում էին և բարձրաձայն գոռում «ոչ»: Բայց երբ ունկնդիրներին հարցրին՝ «Ձեզանից քանի՞սն են բժշկվել այս հավաքույթների ժամանակ», հարյուրավոր մարդիկ կանգնեցին: Ընդդիմախոսը ստիպված էր ընդունել իր պարտությունը, թեև այդ արեց խայթիչ խոսքերով: Երբ բանավեճի այս հատվածն ավարտվեց, Ուիլյամ Բրանհամը բարձրացավ ամբիոն: Մինչ այդ նա մնացել էր սրահում և լսել էր ողջ բանավեճը, որովհետև խոսվում էր իր մասին և իր ծառայության, հատկապես բժշկության պարգևի: Նա հանդարտ մոտեցավ խոսափողին և ասաց. «Ես չեմ եկել, որ ինքս ինձ պաշտպանեմ: Եթե Աստված է ինձ ուղարկել, Նա էլ կպայքարի ինձ համար»: Հենց այդ պահին պարոն Այերսը արեց այն լուսանկարը, որի վրա գտնվում է կրակի սյունը Ուիլյամ Բրանհամի գլխավերևում: Հավաքույթը ուշ վերջացավ, և գրեթե կեսգիշեր էր, երբ պարոն Այերսը, որը հավանություն էր տալիս դոկտոր Բեստի քննադատություններին և նրա կողմից էր, մնաց ապշահար և տեղը չէր գտնում: Լուսանկարներից ոչ մեկը չէր հաջողվել, բացի այն նկարից, որում գտնվում է գերբնական լույսը Ուիլյամ Բրանհամի գլխավերևում: Այդ նույն գիշերը պարոն Այերսը գնաց հյուրանոց, որտեղ մնում էր Ուիլյամ Բրանհամը՝ հարցնելու համար, թե արդյոք ինքը գիտեր, որ գերբնական Լույսը կանգնած էր իր գլխավերևում: Քանի որ խոսքը գերբնական երևույթի մասին էր, որոշվեց սևանկարը հանձնել կասկածելի փաստաթղթերի հետազոտման համար նահանգի ամենաբանիմաց մարդուն՝ դոկտոր Ջորջ Լեյսիին: Նա գրավոր կերպով հայտնեց իր հետազոտության արդյունքի մասին, և հաստատեց, որ ոչ մի ռետուշ կամ ժապավենի կրկնակի լուսակայում չի արվել: Նա հայտնեց, որ Լույսի սյունը իրոք ներկա է եղել, այլապես ֆոտոխցիկկը չէր կարող հանել այդ: Դուք կարող եք տեսնել դոկտոր Լեյսիի զեկույցի բնօրինակը այս գրքույկի վերջում: Ամեն անգամ, երբ Ուիլյամ Բրանհամը հայտնության և զանազանության պարգևի միջոցով աղոթում էր որևէ մեկի բժշկության համար, այդ Լույսը իջնում էր այդ մարդու վրա: Նա տեսնում էր այն ամենը, ինչ Աստծո կողմից պիտի հայտներ տվյալ մարդուն՝ զորացնելու համար նրա հավատքը Աստծո ներկայության և սեփական բժշկության հանդեպ: Հազարավոր այդպիսի դեպքերում, մոտ քսան տարվա եզակի ծառայության մեջ ոչ մի անգամ սխալ չեղավ: Ամեն անգամ ամեն ինչ հարյուր տոկոսով համապատասխանում էր: Երբ նրան հարցնում էին, թե արդյոք չի վախենում մարդկանց ասել այն, ինչ ինքը բնավ չգիտի, նա պատասխանում էր. «Ինչո՞ւ պիտի վախենամ, որ ինչ–որ բան չի համապատասխանի, երբ Աստված է ինձ ցույց տալիս և խոսում իմ միջոցով»: Ուիլյամ Բրանհամը բազմիցս ասել է, որ այդ հայտնի լուսանկարը աշխարհում գերբնական երևույթով միակ լուսանկարն է և գտնվում է Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան): Ես ինքս տեսել եմ Լույսի սյունը պատկերող այդ լուսանկարը 1969 թվականի դեկտեմբերին «Hall of Art»–ում: Ինձ ուղեկցող այդ ծեր մարդն ասաց. «Այս լուսանկարը այլևս չի հետաքրքրում հասարակությանը և մի օր անհետանալու է որևէ դարակում»: Գերբնական իրադարձությունները հազվագյուտ բան չեն եղել մարգարեների և առաքյալների կյանքում, բայց դրանց կարող են հավատալ միայն այն մարդիկ, որոնք իսկապես Աստծուց շնորհք են ստացել: Երբ Սավուղը Դամասկոսի ճանապարհին հանդիպեց այդ փայլուն Լույսին, լսեց Աստծո ձայնը այդ Լույսի միջից, և այնտեղ Աստծուց ստացավ իր առաքելական լիազորությունը: Ով կարող է ընդունել այդ իրականությունը, թող ընդունի, որովհետև մեր օրերում հաստատվել է, որ Աստված չի փոխվում, որ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Եթե այստեղ կրկնվում է Աստծո գերբնական գործողությունը, որն արդեն գրված է Սուրբ Գրքում, և մենք պետք է մեծ ակնածանքով ընդունենք Աստծո նախընտրած գործելակերպը: Մովսեսի ժամանակ Աստված իջնում էր Լույսով և Կրակի սյունով, այդպես էր Նա իջնում և տեսանելի դարձնում Իր ներկայությունը վկայության խորանի մոտ: Աստված չի մահացել: Նա ապրում է այսօր էլ հայտնվում է այնտեղ, ուր Իրեն հավատում են և վստահում: Աստված Լույս է և ապրում է Լույսի մեջ: Նա կարող է հայտնվել գերբնական ամպի կամ գերբնական կրակի մեջ: Նա այդպես էլ արեց: Նրանն է ողջ փառքը:
Բովանդակություն