Լսել

Վիլլիամ Բրանհամ՝ Աստծո ուղարկած մարգարեն

Բովանդակություն

Ներածություն

Երբ Աստծո Խոսքը քարոզելու համար մեկնում էի տարբեր երկրներ, ինձ հաճախ խնդրում էին որևէ բան հրատարակել Ուիլյամ Բրանհամի մասին: Ես նրան անձամբ ճանաչել եմ 10 տարի (1955–1965), եղել եմ նրա հետ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում: Մենք ճաշել ենք միևնույն սեղանի շուրջը, ուղևորվել ենք նույն մեքենայով: Ես ճանաչել եմ նրան որպես մարդու և Աստծո ծառայի: Աստված ինձ առանձնաշնորհում է տվել վկա և ականատես լինելու այն արտասովոր ծառայության, որ Աստված տվել էր նրան: Քանի որ անձամբ և հիմնավորապես ճանաչել եմ նրա ծառայությունը, կարող եմ հեշտությամբ խոսել և գրել նրա մասին: Ես ունեմ նրա երեք հարյուրից ավելի քարոզները և այդպիսով կարողացել եմ ընդհանուր պատկերացում կազմել նրա քարոզչության, արտասովոր ծառայության և Աստծո տված պատգամի մասին: Իր կյանքի ընթացքում, ինչպես նաև 1965 թվականին երկնային հայրենիք գնալուց հետո, ոմանք առանձնապես գնահատել են նրան, իսկ մյուսները՝ լիովին մերժել: Քրիստոնեական պարբերականներում նրան շատ խիստ քննադատել են այն հեղինակները, որոնք չեն ճանաչել ո՛չ նրան, ո՛չ նրա ծառայությունը: Բայց պաշտոնական մամուլը ընդհանրապես դրական էր խոսում նրա մասին: Հայտնի է, որ ճանաչված մարդկանց վերաբերյալ տարբեր կերպ են դատում: Բայց ավելի դժվար է նրանց ճակատագիրը, ովքեր դուրս են գալիս ավանդական սովորություններից: Հին ժամանակներից «մարգարե» կամ «մարգարեուհի» են անվանել այն տղամարդկանց և կանանց, որոնք ներկայանում էին հայտնություններով: Այդ բառը մենք գտնում ենք Սուրբ Գրքում: Աբրահամը, Մովսեսը, Եղիան և էլի շատ ուրիշներ եղել են Աստծո կողմից հաստատված մարգարեներ: «Մարգարե» բառն արտահայտում է այն փաստը, որ ոչ թե մարդն է խոսում, այլ Աստված է խոսում մարդու միջոցով: Աստծո մարդիկ եղել են Աստծո շուրթերը երկրի վրա, Աստծո «խոսափողները». ահա թե ինչու Աստծո կողմից ուղարկված մարգարեները, որոնք իրոք խոսել են Տիրոջ անունով, ասել են «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈւՄ ՏԵՐԸ»: Միայն այն բանից հետո, երբ Աստված խոսում էր նրանց հետ լսելի ձայնով, նրանք կարող էին ասել՝ «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ»: Բացի այդ նրանք որոշ իրադարձություններ տեսնում էին տեսիլքով, դրա համար կոչվում էին նաև «տեսանողներ»: Սուրբ Հոգու ներշնչումն ավելանում էր նրանց տեսածներին, այդպիսով տեսած և հայտնությամբ տրված բաներն ասվում էին, հետո գրվում որպես Աստծո Խոսք: Հին Կտակարանի ամենաճանաչված մարգարեն Մովսեսն է: Անտեսանելին հայտնվում էր նրան տեսանելի ձևով, մարդու կերպարանքով և խոսում էր նրա հետ դեմ առ դեմ: Նոր Կտակարանի ամենահայտնի մարգարեն և տեսանողը Հովհաննես առաքյալն է: Աստվածաշնչի վերջին գրքում նա պատմում է այն, ինչ տեսել և լսել է: Նա իր աչքերի առջև տեսնում է մարդկության պատմության ընթացքը մինչև վերջ, համաձայն աստվածային փրկության ծրագրի: Նա նույնիսկ տեսավ նոր երկինքն ու նոր երկիրը, այսինքն՝ նոր սկիզբը: «Որովհետև Տեր Եհովան ոչ մի բան չի անի, եթե չհայտնի Իր խորհուրդը Իր ծառաներին՝ մարգարեներին» (Ամովս 3:7): Կարող ենք իրավացիորեն հարցնել, թե ինչպես կարող ենք ճշմարիտ մարգարեին տարբերել սուտ մարգարեից, որովհետև շատերն են հավակնում, որ Աստծուց են ուղարկված: Բոլոր ժամանակներում եղել են ճշմարիտ և սուտ մարգարեներ: Տերն Ինքը մեզ զգուշացրել է, որ վերջին ժամանակներում սուտ մարգարեներ կգան, բայց նաև խոստացել է Տիրոջ մեծ և ահեղ օրվանից առաջ ուղարկել Եղիայի նման մարգարե (Մաղաք. 4:5, Մատթ. 17:1): Մինչդեռ կա մի ճշմարիտ և վստահելի չափանիշ, մի չափանմուշ, որով պետք է ստուգել մարգարեներին. դա Աստծո անսխալական Խոսքն է, որը մնում է հավիտյան և միշտ արժեքավոր է: Հին և Նոր Կտակարանները պարունակում են Աստծո փրկության լիակատար և վերջնական ծրագիրը: Նա, ով հավակնում է լինել մարգարե կամ մարգարեուհի, պետք է հնազանդվի ողջ Սուրբ Գրքին և նրա ուսմունքին, հայտնությունները և գործերը պետք է համապատասխանեն ողջ Սուրբ Գրքի վկայությանը: Ամենափոքր շեղումը, ավելացումը, պակասեցումը, Աստծո Խոսքի մեջ փոփոխություններ կատարելը որակազրկում է այդ անող մարդուն: Նա, ով խոսում է Աստծո կողմից, այսինքն՝ նա, ում միջոցով Աստված իրոք խոսում է, պետք է ասի այն, ինչ արդեն ասվել է: Հին և Նոր Կտակարանները պարունակում են բոլոր վարդապետություները, գիտությունը և հայտնությունները, այդ պատճառով Աստվածաշնչի վերջին գլխում պատժի սպառնալիք է հնչում բոլոր նրանց համար, ովքեր ինչ–որ բան են ավելացնում Աստծո գրավոր Խոսքին կամ պակասեցնում: Ամեն դեպքում Աստված գերիշխան է իր բոլոր գործերում: Նա ասում է. «Ահա Ես նոր բան եմ անում...» (Ես. 43:19):Նա կատարում է Իր կամեցածը՝ առանց նախօրոք հայտնելու մանրամասները: Ուիլյամ Բրանհամը չեկավ նոր հայտնություններով, նրա ծառայության նպատակն էր միայն աշտանակի վրա դնել այն, ինչ արդեն արդեն հաստատված էր Աստծո Խոսքում և հաղորդվել էր մարգարեների և առաքյալների միջոցով: Նրան վստահված ծառայության միջոցով Աստված մի կողմից նոր բան արեց, մյուս կողմից արեց այն, ինչ նախկինում արդեն եղել էր: Ով ընդունում է Աստծո կողմից ուղարկված այդպիսի մարգարեի, նույնպես մարգարեի վարձ կստանա (Մատթ. 10:41): Ճիշտ է, որ բերելով լիովին աստվածաշնչյան քարոզչություն՝ նա հակադրվում էր ավանդական մեկնություններին, որոնք առկա էին պաշտոնական և անկախ եկեղեցիներում: Մինչդեռ նրա քարոզած վարդապետության և գործերի ապշեցուցիչ համապատասխանությունը Սուրբ Գրքին պետք է մղեր ցանկացած անկեղծ մարդու, լինի դա հոգևորական թե աշխարհիկ, ստուգել իր սեփական վարդապետությունը և գործերը: Ճշմարտության ամեն անկեղծ փնտրողին մնում է միայն ենթարկվել Աստծո առաջ արժեք ունեցող միակ վկայությանը՝ Սուրբ Գրքին: Ամեն հավատացյալ պետք է քննի՝ իմանալու համար, թե արդյոք ինքը կանգնած է այն անսասան հիմքի վրա, որի վրա հիմնվել է առաջին եկեղեցին:
Բովանդակություն