Լսել

Վիլլիամ Բրանհամ՝ Աստծո ուղարկած մարգարեն

Բովանդակություն

Գերբնական հաստատում

Բոլոր ժամանակներում Աստծո կողմից ուղարկված մարդիկ երկրի վրա լիազորություն են ստացել երկնքից եկած վկայությամբ: Սկզբնական քրիստոնեության մեջ Հիսուսի՝ կենդանի Աստծո Քրիստոսի սկսած ծառայությունը Փրկչի հարությունից հետո շարունակվել է փրկվածների միջոցով: Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու հեղումից հետո առաքելական քարոզչությունը հաստատվեց Տիրոջ գործակցությամբ, ով այդպիսով հաստատում էր քարոզչությունը: Բոլոր հանգամանքներում սկզբնական եկեղեցին է ճշմարիտ օրինակը շնորհքի ողջ ժամանակաշրջանում: «Արդ Տերը նրանց հետ խոսելուց հետո երկինք բարձրացավ, Աստծո աջ կողմը նստեց: Նրանք էլ դուրս գնացին. ամեն տեղ քարոզում էին, և Տերը գործակցում էր նրանց ու խոսքը հաստատում այն նշաններով, որ հետևում էին» (Մարկ. 16:19,20): «Ապա մենք ինչպե՞ս կազատվենք, եթե այդպիսի մեծ փրկության նկատմամբ անհոգ լինենք, որ սկզբից Տիրոջ կողմից խոսվեց և մեր մեջ հաստատվեց նրանից լսողների միջոցով: Աստված էլ վկայեց նշաններով, հրաշքներով, տեսակտեսակ զորություններով և Սուրբ Հոգու պարգևներով, ինչպես որ Ինքը կամեցավ» (Եբր. 2:3,4): Նա, ով կարդում է Գործք առաքելոց գիրքը և առաքելական թղթերը, անընդհատ կհամոզվի, որ Տեր Աստված հաստատում էր Իր Խոսքը գերբնական ձևով: Նշաններ և հրաշքներ էին կատարվում հավատացողների միջոցով: Խաչված և հաղթականորեն հարություն առած Տիրոջ Ավետարանը պարունակում է այս երկուսը՝ փրկության բարի լուրը, որ ազատում է և երջանկացնում և Աստծո զորության դրսևորումը հավատացյալների մեջ (Հռոմ. 1:16, 17, 1 Կորնթ. 1:18): Մարդը իսկապես լիովին ազատագրվում էր, այնպես որ հոգու փրկությունը, ազատագրումը և մարմնի բժշկությունը սովորական բաներ էին սկզբնական եկեղեցու պաշտամունքների ժամանակ, նույնիսկ եղել են մեռելների հարության դեպքեր: Ճիշտ այն բաները, որոնք Աստծո Հոգով կատարվել են մեր Տեր Հիսուսի ծառայության մեջ, հետո՝ սկզբնական եկեղեցում, բազմիցս կրկնվել են Ուիլյամ Բրանհամի ծառայության մեջ, նույնիսկ ավելի մեծ չափով: Այդ փաստերին ականատես են եղել միլիոնավոր մարդիկ, և, ինչպես նշեցինք, ունենք նաև ձայնագրված քարոզների վկայությունը: Նա, ով Աստծո այս մարդուն համեմատում է այն ճանաչված ավետարանիչների հետ, որոնց համար բոլոր միջոցները ընդունելի են (օրինակ՝ ունկնդիրներից փող հավաքել և օգտագործել թատերախաղի բոլոր միջոցները), անարդարացի է վարվում Աստծո մարդու հետ: Եթե հարցնեք այդ քարոզիչներին, նրանցից ոչ մեկը չի կարող բերել երկնային կոչման ապացույցը, որն ունեցել են Աստծո կողմից ուղարկված բոլոր ճշմարիտ մարգարեները, այդ թվում նաև Ուիլյամ Բրանհամը: Գորդոն Լինդսեյը գրել է «Աստծո կողմից ուղարկված մարդը» գիրքը: Այնտեղ կարդում ենք, որ բոլորը, լինեին բարեկամ թե թշնամի Աստծո այդ մարդուն, ստիպված էին ընդունել, որ այս դեպքում ոչ թե մարդն էր գործում, այլ Աստված էր գործում մարդու միջոցով: Այն բանից հետո, երբ այս հասարակ մարդը 1946 թվականի մայիսի յոթին ստացավ իր ծառայության և կոչման լիազորությունը, սկսեց անցկացնել առաձնահատուկ ավետարանչական հավաքույթներ: 1946–1949 թվականներին մեր ժամանակների Լրիվ Ավետարանի քարոզչությունը վճռական հաջողություն ունեցավ սկզբնական քրիստոնեության օրինակի պես: Այս ծառայության հաստատումը և բժշկության հրաշքներն այնքան զորավոր էին, որ մարդիկ բոլոր հարանվանություններից և երկրներից հեղեղի պես լցվում էին այդ հավաքույթների դահլիճներում: Քաղաքական գործիչները և գործարար մարդիկ, նույնիսկ Վաշինգտոնի Կոնգրեսի ներկայացուցիչները փնտրում էին Աստծո այդ մարդուն, որ նա աղոթի իրենց համար: Հիսունական թվականների առաջին կեսին միսիոներական ճամփորդությունները նրան տանում էին Աֆրիկա, Հնդկաստան և Եվրոպա: Դուրբանում (Հարավային Աֆրիկա) մարզադահլիճներում հավաքված մարդկանց թիվը անցնում էր մի քանի հարյուր հազարից: Բոմբեյում (Հնդկաստան) հավաքույթներին ներկա էր 400 000 ունկնդիր: Գերմանիայում և Շվեյցարիայում հավաքույթներին մասնակցում էր 10 000–ից 20 000 մարդ: Սկանդինավյան երկրներում մեծ նշաններ և հրաշքներ եղան, հատկապես Ֆինլանդիայում, որտեղ հարություն առավ ավտովթարից մահացած մի տղա: Անգլիայի Ջորջ VI թագավորը խնդրեց Ուիլյամ Բրանհամին աղոթել իր համար: Դա տեղի ունեցավ Բուկինհեմյան պալատում, երբ ինքնաթիռը Ֆինլանդիայի ճանապարհին վայրէջք կատարեց Լոնդոնում: Բոլոր նրանք, ովքեր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնի դարձան Միացյալ Նահանգներում, հետո մյուս երկրներում, ուղղակի կամ անուղղակի կերպով նրան են պարտական իրենց ծառայության համար, որովհետև տեսան Աստծո գերբնական զորությունը Ուիլյամ Բրանհամի կյանքում: Հանգուցյալ Դեյվիդ Դյուպլեսիսը, որը ողջ աշխարհում ճանաչված է որպես «պարոն Պենտեկոստե», այնպիսի խորը տպավորություն ստացավ Հարավային Աֆրիկայում կատարված հավաքույթների ժամանակ, որ որոշեց նրան հետևել Միացյալ Նահանգներում: Ես անձամբ հանդիպել եմ նրան հավատքի միջազգային կոնֆերանսների առիթով, որոնք 1958 թվականի հունիսին կազմակերպել էր Գորդոն Լինդսեյը Տեխաս նահանգի Դալաս քաղաքում: Այդ կոնֆերանսների գլխավոր քարոզիչը Ուիլյամ Բրանհամն էր: Կարող էի թվարկել շատ մարդկանց, որոնց անձամբ ճանաչել եմ, նրանց թվում նաև Դեմոս Շաքարյանին՝ Լրիվ Ավետարանի գործարարների նախագահին: Նրանք, եթե դեռ ապրում են և բավական քաջություն ունեն, կարող են վկայել այդ եզակի ծառայության մասին, որից իրենք օգտվել են: Այն, ինչ մեր Տերն ասաց Ինքն Իր մասին, բառացիորեն կատարվում էր Աստծո այդ մարդու ծառայության մեջ. «Ուրիշն է, որ իմ մասին վկայում է, ու ես գիտեմ, որ ճշմարիտ է այն վկայությունը, որ վկայում է իմ մասին... Բայց վկայությունը, որ ես ունեմ, ավելի մեծ է, քան Հովհաննեսինը, որովհետև այն գործերը, որ Հայրն է ինձ տվել կատարելու, այդ նույն գործերն իմ մասին են վկայում, թե Հայրն է ինձ ուղարկել: Եվ ինձ ուղարկող Հայրն Ինքն է իմ մասին վկայել» (Հովհ. 5:32–37): Այնտեղ, ուր Աստված է խոսում և գործում, գործերն են վկայում այդ մասին: Այն գործերը, որոնք Աստված կատարում է գերբնական ձևով, Հիսուս Քրիստոսի Ավետարանի քարոզչության հետ միասին վկայում են աստվածային առաքելության մասին: Այդ գործերը անհերքելի և համոզիչ ապացույց են բոլոր մարդկանց համար: Մեր Տերն ասում էր. «Հավատացեք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն իմ մեջ է: Ապա թե ոչ հենց այդ գործերի համար հավատացեք ինձ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինձ հավատացողն այն գործերն էլ կանի, որ ես եմ անում, և դրանցից էլ ավելի մեծ բաներ կկատարի...» (Հովհ. 14:11,12): Աստված Ինքը հաստատեց այս խոսքերը Ուիլյամ Բրանհամի ծառայության մեջ, այնպես, որ մարդկանց կարծիքի կարիքը չկա: Մովսեսը, Եղիան, Պողոսը, Պետրոսը, Աստծո ուղարկած բոլոր մարդիկ հաստատվել են Նրա կողմից: Նույնը կարող է ասվել մեր Բրանհամ եղբոր մասին: Այդպիսով, նա, ով դժվարանում է մարդուն հավատալ, հնարավորություն ունի հավատալ Աստծուն. «...որովհետև ոչ ոք չի կարող այդ հրաշքներն անել, ինչ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի» (Հովհ. 3:2):
Բովանդակություն