Լսել

Շրջաբերական նամակ 2019 Ապրիլ-մայիս

Բովանդակություն

Ոչ թե տեսություն, այլ իրականություն

3 Թագ. 18-րդ գլխում մեզ ասվում է, որ Եղիա մարգարեն Աստծո ժողովրդին հավաքեց Կարմեղոս լեռան վրա: Ի՞նչ արեց նա առաջին հերթին: Եղիան հավաքված ժողովրդին կոչ արեց ընտրություն կատարել. ՙԴուք մինչև ե՞րբ եք կաղալու երկու մտքի վրա. եթե Տերն Աստված է, Նրան հետևեցեք, իսկ եթե Բահաղն է աստված, գնացեք նրա հետևից՚ ( 3 Թագ. 18:21): Այնուհետև վերցրեց տասներկու քար և Տիրոջ համար զոհասեղան կառուցեց: Ի՞նչ է կատարվում Եղիայի ծառայության միջոցով մեր ժամանակներում: Տասներկու առաքյալների վարդապետությունը նորից դրվել է աշտանակին, ճշմարիտ հավատքի հիմքը նորից դրվել է, որպեսզի Եկեղեցում ամեն բան վերադառնա սկզբնական վիճակին և ամեն փորձառություն իրական լինի: Ճշմարիտ Եկեղեցին այսօր նույնպես կառուցված է ՙառաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է՚ (Եփես.2:20): Այդ ժամանակ Տեր Աստված պատասխանեց, և աստվածային կրակը կլանեց ողջակեզն ու զոհասեղանը. ՙԵվ երեկոյան զոհի ժամանակն էր, երբ Եղիա մարգարեն մոտեցավ և ասաց. ՙՈ՜վ Եհովա, Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստվածը. թող այսօր իմացվի, որ Դու ես Աստված Իսրայելի մեջ, և ես Քո ծառան եմ, և թե ես Քո Խոսքով եմ արել այս բոլոր բաները: Պատասխան տուր ինձ, ով Տեր, պատասխան տուր ինձ որ այս ժողովուրդն իմանա, որ Դու Եհովադ ես Աստված և դու ետ կդարձնես նրանց սրտերը՚: Եվ Տիրոջ կրակն իջավ դեպի ցած, կլանեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափեց (3 Թագ.18:36-38): Այնուհետև Եղիան ասաց Աքաաբին. ՙԵլիր, գնա կե՜ր և խմիր, որովհետև սաստիկ անձրևի ձայն է լսվում՚ (3 Թագ. 18:41): Այնուհետև ասվում է, որ տեղատարափ անձրև եկավ: Ի՞նչ է լինելու հիմա: Այն ժամանակ ժողովուրդը հավաքվեց, և նրանց սրտերը Աստված դարձրեց: Դա ուժի մեջ է նաև այսօր Տիրոջ պատվիրանի համաձայն. ՙԻնձ մոտ հավաքեցեք Իմ սրբերին, նրանց, որ զոհաբերությամբ ուխտ արեցին Ինձ հետ... և Ես Իմ խոսքերը լսել տամ նրանց...՚ (Սաղմոս 50:5, 2 Օրինաց 4:10): Հակոբ առաքյալը գրել է. ՙԵղիան մեզ պես մարդ էր՝ կրքին ենթակա, և ջերմեռանդ աղոթք արեց...՚ (Հակոբ 5:17): Հովհաննես Մկրտիչը մեզ նման մարդ էր: Բրանհամ եղբայրը մեզ նման մարդ էր: Կարևորը Աստծուց հանձնարարություն ստանալն է, ուղարկվելը: Մատթեոսը մեզ պատմում է ուղարկված մարգարեի ծառայության մասին. ՙԱյդ ժամանակ նրա մոտ էին գնում Երուսաղեմից, ամբողջ Հրեաստանից ու Հորդանանի բոլոր կողմերից, և մկրտվում էին նրանից Հորդանանի մեջ՝ խոստովանելով իրենց մեղքերը՚ (Մատթ. 3:5, 6): Ժողովուրդը հավաքվում էր բազմությամբ: Քարոզչությանը հավատացողները զղջում էին, ապաշխարում, խոստովանում իրենց մեղքերը և մկրտվում: Այսօր էլ նույնն է. Աստծո ժողովուրդը գալիս է արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից: Աստվածային պատգամին հավատացողները ապաշխարում են և մկրտվում Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Այն ժամանակ մկրտողները լսեցին և հավատացին պատգամաբերի խոսքերին. ՙԵս ձեզ ապաշխարության համար ջրով եմ մկրտում, բայց իմ հետևից եկողն ինձանից զորավոր է, ես նրա կոշիկներն էլ վերցնելու արժանի չեմ, նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով ու կրակով՚ (Մատթ.3:11): Պենտեկոստեի օրը նաև հավաքված հարյուր քսան հոգին ստացան Սուրբ Հոգու հեղումը, հետո երեք հազար հոգի էլ ավելացան, հետո էլ՝ շատ ուրիշները տարբեր վայրերում: Դա եղել է սկզբում և նույն բանը խոստացված է վերջի համար: Բոլոր նրանք, ովքեր հիմա իսկապես հավատում են և մկրտվել են, մասնակցելու են Սուրբ Հոգու հզոր հեղմանը, երբ առաջին ու վերջին անձրևները միաժամանակ թափվեն (Հակոբ 5:7): Ժամանակը մոտ է: Վերջին պատգամի միջոցով Աստված ամեն բան վերականգնել է և հաղթականորեն ավարտելու է Իր փրկագնման գործը Հարս-Եկեղեցու հետ:
Բովանդակություն