Լսել

Շրջաբերական նամակ 2019 Ապրիլ-մայիս

Բովանդակություն

Դասավորել սուրբգրային ձևով

Հին Կտակարանի աստվածաշնչյան մարգարեություններում Աստծո փրկության ծրագրի վերաբերյալ ամեն բան կանխասվել է, թե՜ Իսրայելի, թե՜ Եկեղեցու, թե՜ ազգերի հետ կապված, նաև այն, ինչ պետք է լիներ Փրկչի առաջին գալստյան ժամանակ, ինչպես նաև վերադարձի ժամանակ և դրանից հետո: Ղուկաս 24-րդ գլխում հարուցյալ Տերը հայտնեց Իր աշակերտներին, որ կատարվել է ամեն բան, որ գրված էր օրենքում, սաղմոսներում և մարգարեների գրքերում: Հետո բացեց նրանց միտքը, որ հասկանան բոլոր այդ բաները: Այնպես էլ հիմա կատարվում է այն ամենը, ինչ գրված է Հին Կտակարանում և Նոր Կտակարանում այս ժամանակաշրջանի համար, և հավատարիմ Տերը բացել է նաև մեր միտքը, որ հասկանանք: Աստծո շնորհքով կարող ենք զանազանել, թե որ խոստումներն են իրականացել նախկինում, և որ խոստումներն են իրականանում մեր ժամանակաշրջանում: Օրինակ, Մատթ. 3:3-ում գտնում ենք հաստատումը այն բանի, որ Աստված Հովհաննեսի միջոցով իրականացրել է Եսայի 40:3-ում գրված խոստումը: Հովհաննեսի մասին է ասվել Եսայի մարգարեի գրքում. ՙԱնապատի մեջ կանչողի ձայնը. ՙՊատրաստեցեք Տիրոջ ճանապարհը, և ուղիղ արեք ամայության մեջ շավիղը մեր Աստծո համար՚ (Ես.40:3): Քրիստոսի առաջին գալստյան ժամանակ Մաղաքիա 3:1-ի առաջին մասն իրականացավ Հովհաննես Մկրտչի ծառայության միջոցով. ՙԱհա ես ուղարկում եմ Իմ պատգամաբերին, որ ճանապարհ պատրաստի Իմ առջևից՚ (Մաղաք.3:1): Մեր Տերը դա հաստատեց Մատթ. 11:9, 10 համարներում. ՙՈրովհետև սա նա է, որի համար գրված է. ՙԱհա Ես իմ հրեշտակին ուղարկում եմ Քո առջևից, որ Քո առաջ Քո ճանապարհը պատրաստի՚ (Մատթ.11:10): Երկրորդ մասը կիրականանա, երբ տաճարը վերակառուցվի. ՙՀանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում եք, և ուխտի հրեշտակը, որին դուք հավանում եք. ահա նա գալիս է,--- ասում է զորաց Տերը՚: Մատթ. 17-րդ գլխում կարդում ենք Իր երեք աշակերտների առջև մեր Փրկչի այլակերպության և Մովսեսի ու Եղիայի հայտնվելու մասին: Այնուհետև աշակերտները հարցրին մեր Տիրոջը. ՙՀապա դպիրներն ինչու՞ են ասում. ՙԱռաջ Եղիան պետք է գա՚: Հիսուսն էլ պատասխան տվեց նրանց ու ասաց. ՙԻրոք, առաջ Եղիան է գալու և ամեն ինչ վերահաստատելու է՚: Բայց դրանից անմիջապես հետո ասաց. ՙԲայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան արդեն եկել է, և նրան չճանաչեցին, այլ ինչ որ ուզեցին, նրան արեցին: Այդպես էլ մարդու Որդին է նրանց կողմից չարչարվելու: Այն ժամանակ աշակերտները հասկացան, որ Հովհաննես Մկրտչի մասին ասաց իրենց՚ (Մատթ.17:10-13): Ղուկաս 1:17 համարի համաձայն Մաղաքիա մարգարեի միջոցով ասված խոստման առաջին մասն իրականացավ Հովհաննես Մկրտչի միջոցով. ՙԻնքն էլ Եղիայի հոգով ու զորությամբ նրա առաջից կգա, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի (Մաղաքիա 4:6ա), անհնազանդներին՝ արդարների իմաստության, որպեսզի Տիրոջ համար պատրաստ ժողովուրդ կազմի՚ (Ղուկաս 1:17): Հիսուսը լաց եղավ Երուսաղեմի վրա, որովհետև Իսրայելը՝ Իր ընտրյալ ժողովուրդը, չէր ճանաչել այն ժամանակը, որում Աստված Իր շնորհքով այցելեց իրենց, ոչ էլ այն, ինչ կատարվեց իրենց ժամանակաշրջանում Խոսքի համաձայն և ասաց. ՙԳոնե այս օրվա մեջ գիտենայիր, թե ինչում է քո խաղաղությունը, սակայն հիմա դա ծածկվեց քո աչքերից՚ (Ղուկաս 19:41, 42): Օրենսգետները Հովհաննեսի կողմից չմկրտվելով՝ մերժեցին Աստծո ծրագիրը (Ղուկաս 7:30): Հրեաները դեռ սպասում են Եղիայի գալուն, որովհետև օրենսգետները մինչև հիմա չեն հասկացել, որ խոստումն իրականացել է: Այդ պատճառով հրեական Զատկի ամեն տոնակատարության ժամանակ նրա համար պատրաստում են աթոռ և գինով բաժակ: Այնուամենայնիվ, երկու մարգարեներ են պատրաստված Իսրայելի ժողովրդի համար, որոնք հայտնվելու են Երուսաղեմում, ինչպես ցույց է տրված Զաքարիա չորրորդ գլխում, աշտանակի երկու կողմերում գտնվող ձիթենիների միջոցով (հ. 3): Մարգարեական խոսքում տրված բացատրությունը հետևյալն է. ՙՍրանք երկու օծյալներն են, որոնք կանգնում են ամբողջ երկրի Տիրոջ առաջ՚ (Զաքարիա 4:14): Մենք գտնում ենք այս խոսքի իրականացումը երկու մարգարեների ծառայության մեջ, որոնք մեզ հիշեցնում են Մովսեսին և Եղիային Հայտն. 11:4 համարում. ՙՍրանք են այն երկու ձիթենիները և երկու ճրագակալները, որոնք երկրի Տիրոջ առաջ կանգնած են՚: Գոհություն Աստծուն, որ մեզ շնորհել է աստվածաշնչյան ձևով դասավորել մարգարեությունը: Հովհաննես Մկրտչի առանձնահատուկ ծառայության միջոցով, որը խոստացվել էր Փրկչի առաջին գալստյան ժամանակ, Հին Կտակարանի հայրերը դարձան Նոր Կտակարանի զավակների հավատքին: Այդ ծառայությունը հարյուր տոկոսով Աստծո կամքի մեջ էր, Աստծո Խոսքի համաձայն էր և միայն այդ կերպ կարող էր պատրաստվել Տիրոջ համար պատրաստ ժողովուրդ Նրա առաջին գալստյան ժամանակ: Մաղաքիա 4:6-ի երկրորդ մասն իրականանում է հիմա, համաձայն այն բանի, ինչ մեր Տերն ասել է Մատթ. 17:11 և Մարկոս 9:12 համարներում: Եղիայի ծառայության նման ծառայությամբ Աստծո զավակների սրտերը վերադառնում են առաքելական հայրերի հավատքին: Հենց դա է վերջին պատգամի նպատակը, որ Տերն Իր վերադարձի ժամանակ տանի Իր համար պատրաստ ժողովրդի:
Բովանդակություն