Լսել

Շրջաբերական Նամակ 2016 Դեկտեմբեր

Բովանդակություն

Աստված հավատարիմ է Իր բոլոր գործերում

Փրկության պատմության մեջ Բրանհամ եղբոր ծառայությունը մեծ նշանակություն է ունեցել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համար: Նա ուղարկվել է պատգամով, որպես խոստացված մարգարե (Մաղաքիա 4:5, 6), ինչը մեր Տերը հաստատեց Մատթ. 17:11 և Մարկոս 9:12 համարներում: Նա պատասխանեց. ՙԻրոք, նախ Եղիան պիտի գա և ամեն բան վերականգնի՚ : Եղիայի ծառայությունը տեսություն չի եղել, այլ իրական: Նա հավաքեց Աստծո ժողովրդին Կարմեղոս լեռան վրա, տասներկու քարերով վերանորոգեց քանդված զոհասեղանը և այնտեղ դրեց զոհը: Այնուհետև աղոթեց, և Տերը պատասխանեց տեսանելի ձևով, և Իսրայելի զավակների սրտերը վերադարձան Աստծուն (3 Թագ. 18:21, 40): Ես ականատես և վկա եմ եղել այն արտասովոր ծառայության, որն Աստված տվել է Բրանհամ եղբորը: Հավատարիմ Տերը վերցրեց Իր պատգամաբերին, բայց աստվածաշնչյան պատգամը շարունակվում է քարոզվել: Այն, որ Աստված ինձ հանձնարարություն է տվել դրա հետ կապված, իմ որոշումը չէ: Նա ինձ չի հարցրել, թե արդյոք ուզում եմ գնալ: Երախտագիտությամբ հետադարձ հայացք եմ գցում Տիրոջ ծա- ռայության մեջ անցկացրած օրհնյալ տարվա վրա: Աստված հավատարիմ է: Նա շնորհք և զորություն է տվել Իր Խոսքը քարոզելու և աշխարհով մեկ տանելու համար: Այո՜, Նա հաստատել է Իր տված հանձնարարությունը, և բոլոր դրան հավատացողները ուրախանում են: Տերը կանխասել էր, որ լինելու է Իր Խոսքը լսելու քաղց և ծարավ (Ամովս 8:11): 1976 թվականի սեպտեմբերի 19-ին Տերն Ինքն ինձ պատվիրեց. ՙԻմ ծառա, Ես քեզ ընտրել եմ Մատթ. 24:45-47-ում գրվածի համաձայն, որ կերակուր բաժանես՚: Այդ խոսքն իրականացավ մեր աչքերի առաջ, և երբեք Տիրոջ սեղանն այդքան ճոխ կերպով բացված չի եղել, ինչպես մեր ժամանակներում: Իրականանում են նաև գերբնական ամպի միջից Բրանհամ եղբորն ասված խոսքերը. ՙԻնչպես Հովհաննես Մկրտիչն է ուղարկվել Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ դու կուղարկվես մի պատգամով, որը նախորդելու է Քրիստոսի երկրորդ գալստին՚: Պատգամի միջոցով հավատարիմ Տերը վերականգնեց ամեն բան: Տասներկու առաքյալների վարդապետությունը նորից քարոզվեց (Գործք 2:42): Ինչպես պատգամը ամբողջովին տեղ գտավ Խոսքում, այնպես էլ ճշմարիտ հավատացյալներն են մնում Խոսքի մեջ, մինչև ամեն բան վերականգնվի Եկեղեցում ճիշտ այնպես, ինչպես եղել է սկզբնական Եկեղեցում: Շուտով երկնային Փեսան կգա և Իր հարսին կտանի Իր հետ: Աստծո շնորհքով ես հավատարիմ մնացի աստվածային կոչմանը՝ չնայած չար զրպարտություններին և անձնական կյանքում ունեցած ծանր փորձություններին: Այն, ինչ Տերն ասել է Եսայի 54:17 համարում Իր ուղարկածների վերաբերյալ, միշտ ուժի մեջ է. ՙՔո դեմ ստեղծված ոչ մի զենք հաջողություն չի ունենալու, և ամեն մի լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի: Սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և նրանց արդարությունն Ինձանից է,– ասում է Տերը՚ (Եսայի 54:17): Ես կարիք չունեմ հետ վերցնելու իմ խոսքերը, որոնք ասել եմ ութ հազարից ավելի քարոզներում կամ գրել գրքույկներում ու շրջաբերական նամակներում: Ողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում եղբայրներին, որոնք ինձ հետ բաժանում են հոգևոր կերակուրը: Ի՛նչ առաձնաշնորհում է գիտակցաբար ապրել Քրիստոսի վերադարձից առաջ վերջին փուլը: Եվ գիշեր-ցերեկ անձնվեր արված աշխատանքը իզուր չի լինելու (Փիլիպ. 2:16): Աղոթում եմ, որ ոչ ոք չկորցնի այս թանկարժեք ժամանակը առանց հաշտվելու Աստծո և իր մերձավորների հետ: Դեռ շնորհքի ժամանակն է, և ամեն մարդ կարող է գալ Աստծուն և կյանքը նվիրել Տիրոջը: Դեռ քարոզվում է մեղքերի թողությունը միսիոներական հանձնարարության համաձայն: Դեռ կան մարդիկ, որոնք դարձի են գալիս և մկրտվում են սուրբգրային ձևով: Թող այս վերջին փուլը դառնա հոբելյանական տարի բոլոր ճշմարիտ հավատացյալների համար (Ղևտ. 25:8-13): Անցել է ուղիղ 61 տարի, երբ 1955 թվականի օգոստոսի 15-ին առաջին անգամ ողջունեցի Բրանհամ եղբորը առաջին երկու հավաքույթներից հետո: 61 տարի է անցել նրա հեռանալուց հետո: Այդ տարիների ընթացքում ես անձամբ վերջին պատգամը տարել եմ ճանապարհորդելով 160 երկրներում: Բազմաթիվ հեռուստահաղորդումների և Կրեֆելդի միսիոներական կենտրոնի՝ ամեն ամսվա առաջին շաբաթ-կիրակին տեղի ունեցող մեր հավաքույթների համացանցային հեռարձակման միջոցով Աստծո Խոսքը հասցնում ենք բոլոր մայրցամաքներում բնակվող հազարավոր հավատացյալներին: Բացի այդ 8200 DVD և 1150 CD սկավառակներ են ուղարկվում ամեն ամիս: Ամեն ամիս ուղարկած գրքույկների, շրջաբերական նամակների և քարոզների թիվը հասնում է հարյուրավոր հազարների: Լրիվ Ավետարանը քարոզվել է բոլոր ժողովուրդներին որպես վկայություն. այդպիսով իրականանում է Մատթ. 24:14-ում գրվածը: Հիմա վերջը կարող է գալ և գալու է, մինչդեռ ոչ ոք չգիտի ո՜չ օրը, ո՜չ ժամը: Ես կարող եմ գոհությամբ ասել. ՙՀավատարիմ Տեր, հիմա խաղաղությամբ արձակիր Քո ծառային, որովհետև իմ աչքերը տեսան այս ժամանակի համար տրված խոստման իրականացումը՚: Տերն Ինքը կավարտի Իր Խոսքը Իր Հարս-Եկեղեցու հետ: Փեսան նրան տուն կտանի և Իր առջև կներկայացնի այն Հարսին, որն անբիծ ու անարատ է (Եփես. 5:27): Միայն կատարյալ սերը, որը կապված է Աստծո յուրաքանչյուր Խոսքի հանդեպ կենդանի հավատքով, կմտնի փառքի մեջ: Բոլոր հավատացող ընտրյալների համար Աստծո յուրաքանչյուր Խոսքը այո և ամեն է և հասնում է իրականացմանը: ՙԱրդ գոհություն Աստծուն, որ միշտ մեզ հաղթության է առաջնորդում Քրիստոսում և Իր գիտության բույրը մեր միջոցով հայտնում է ամեն տեղ՚ (2 Կորնթ.2:14): Թող ամենակարող Աստծո օրհնությունը հանգչի բոլոր նրանց վրա, ովքեր հավատում են Աստծո Խոսքին: Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր հիշում են ինձ իմ աղոթքներում, համաշխարհային նշանակություն ունեցող այս միսիոներական գործի համար: Թող հավատարիմ Աստված վարձահատույց լինի բոլոր նրանց, ովքեր այս գործին աջակցում են իրենց ընծաներով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև նրանց, ովքեր աշխատում են միսիոներական կենտրոնում: Այո՜, թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր բազմաթիվ երկրներում քարոզում են այս թանկագին Խոսքը: Եվ այս ցուցակի վերջում, բայց ոչ վերջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր եղբայրներին, որոնք քարոզում են Կրեֆելդի եկեղեցում: Թող Տերն օրհնի բոլոր նրանց, ովքեր սիրում են Նրա հայտնությունը: Ամեն: 2017 թվականի համար սրտանց մաղթում ենք ձեզ Աստծո տեսանելի օրհնությունները, որ քաղաքում կամ երկրում ապրելիս լինեք: Բոլորս բարձրացնենք մեր գլուխները, որովհետև գիտենք, որ մեր մարմնի փրկությունը մոտ է: Մարանաթա: Գործելով Աստծո հանձնարարությամբ՝ Էվալդ Ֆրանկ
Բովանդակություն