Լսել

Շրջաբերական Նամակ 2018 Տարվերջ

Բովանդակություն

Հիմնական թեման՝ Վերջին պատգամը Քրիստոսի վերադարձից առաջ

Սրտանց ողջունում եմ աշխարհի բոլոր եղբայրներին և քույրերին մեր Տեր Հիսուս Քրիստոսի թանկագին Անունով, 1 Թես. 3:13 համարի խոսքերով. ՙԹող Նա ձեր սրտերը հաստատի անարատ սրբությամբ Աստծո և մեր Հոր առջև, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ՝ Իր բոլոր սրբերի հետ մեկտեղ՚: Հենց հաջորդ գլխում, 13-17 համարներում առաքյալը նկարագրում է, թե ինչպես է տեղի ունենալու Նրա վերադարձը. ՙՈրովհետև, Տիրոջ Խոսքով ձեզ սա ասենք, թե մեզնից նրանք, որ կենդանի են ու մնան մինչև Տիրոջ գալուստը, ննջեցյալներից առաջ չեն անցնելու: Որովհետև Տերն Ինքը ազդարարության հրամանով, հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողով կիջնի երկնքից, և նախ Քրիստոսով մեռածները հարություն պիտի առնեն: Եվ հետո մենք, եթե ողջ մնանք, նրանց հետ միասին պիտի հափշտակվենք ամպերով՝ օդի մեջ Տիրոջը դիմավորելու, և այդպես հավիտյան Տիրոջ հետ պիտի լինենք՚ (1 Թես. 4:15, 16,17): Արթնության կոչը, ձայնը և փողի ձայնը հնչում են հարության, վերափոխման և հափշտակության ժամանակ: Հիմա՝ շնորհքի ժամանակաշրջանի վերջում կեսգիշերին կոչ է հնչում բոլոր հավատացյալների համար. ՙԱհա փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու՚ (Մատթ. 25): Խոսքի մաքուր պատգամը նախորդում է Քրիստոսի երկրորդ գալստին: Վերջին պատգամն արդեն բերվել է շատ տարիներ առաջ: Մինչդեռ Նրա վերադարձը կլինի հանկարծակի, ինչպես ասել է Տերն Ինքը. ՙՈրովհետև ինչպես կայծակն է դուրս գալիս արևելքից և երևում մինչև արևմուտք, այնպես էլ կլինի Մարդու Որդու գալուստը՚ (Մատթ. 24:27): Դա կլինի մեկ ակնթարթում. ՙ...հանկարծակի, մեկ ակնթարթում՝ վերջին փողի ժամանակ... մեռելները հարություն կառնեն առանց ապականության, և մենք կփոխվենք՚ (1Կորնթ. 15:52): Պողոսն իր մի քանի նամակներում ճշտորեն նկարագրել է, թե ինչպես է տեղի ունենալու այդ մեծ իրադարձությունը և ինչ է լինելու այն ժամանակ: Բոլոր առաքյալները նույնպես իրենց նամակներում խոսել են Քրիստոսի երկրորդ գալստի մասին: 1 Թես. 5:23 համարում առաքյալը եզրափակում է թեման՝ ևս մեկ անգամ շեշտելով. ՙԻսկ խաղաղության Աստվածն Ինքը թող ձեզ բոլորովին սրբացնի և ձեր հոգին, անձն ու մարմինն ամբողջապես անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը՚: Մեր ժամանակաշրջանում Աստծո մարդ Ուիլյամ Բրանհամը 1400 անգամ հիշատակել է Քրիստոսի Հարսի պատրաստությունը հափշտակության համար: Նա այդ արել է Աստծո անմիջական հանձնարարությամբ: Այդ առանձնահատուկ ծառայության միջոցով նախ ամեն բան պետք է վերականգնվեր Եկեղեցում: Դա մեր ժամանակաշրջանի համար տրված խոստումն է: Նա պատասխանեց. ՙՃշմարիտ է, առաջ Եղիան պիտի գա և ամեն բան վերականգնի՚ (Մատթ. 17:11, Մարկոս 9:12): Շնորհքի ժամանակաշրջանի վերջի այս ամենակարևոր իրադարձությունը իմ քարոզչության մաս է կազմել իմ ծառայության բոլոր տարիների ընթացքում: Ինչպես բոլոր աստվածաշնչյան ուսմունքների վերաբերյալ այս թեմայի վերաբերյալ նույնպես ճշմարիտ եմ համարում միայն այն, ինչ գրված է Աստվածաշնչում: Ես կտրականապես մերժում եմ բոլոր մեկնությունները: Ժամանակն առաջ է գնացել, մեր Տիրոջ և Փրկչի վերադարձը (Հովհ. 14) շատ մոտ է: Այժմ կարևոր է լիակատար վերականգնումը աստվածաշնչյան հիմքի վրա և հավատքով ու հնազանդությամբ պատրաստությունը Քրիստոսի փառավոր օրվա համար (Փիլիպ. 1:6): Պողոսը, ով քարոզում էր Խոսքը Աստծո կողմից կոչ արեց Փիլիպեում գտնվող հավատացյալներին այս խոսքերով. ՙԿյանքի Խոսքն ամուր պահելով, որպեսզի ես ուրախանամ Քրիստոսի օրը, որ իզուր չեմ վազել, ոչ էլ իզուր եմ աշխատել՚ (Փիլիպ. 2:16): Ես նույնպես Աստծո կողմից կոչ եմ անում բոլոր ժողովուրդներին և լեզուներին պատկանող աստվածաշնչյան հավատացյալներին: Հայտն. 19:7 համարում հափշտակությունն ապրած բազմությունը երգում է. ՙՈւրախանանք ու ցնծանք ու փառք տանք Նրան, քանի որ հասավ Գառնուկի հարսանիքը, ու Նրա կինը ինքն իրեն պատրաստեց՚: Մատթ. 25:10-ում գրված է. ՙՊատրաստները նրա հետ հարսանիքի խնջույքի մտան. դուռն էլ փակվեց՚: Մենք ապրում ենք Քրիստոսի երկրորդ գալստից առաջ ամենակարևոր ժամանակաշրջանում: Դրա համար պետք է միշտ կրկնել որպեսզի ճշմարիտ աստվածաշնչյան հավատացյալները լսեն և հավատան: 1933 թվականի հունիսի 11-ին մի արտասովոր բան տեղի ունեցավ: Երբ երիտասարդ քարոզիչ Ուիլյամ Բրանհամը կատարում էր իր առաջին մկրտության ծառայությունը Օհայո գետում, աղմուկ լսվեց երկնքից և գերբնական ամպը իջավ և տեսանելի եղավ բոլոր ներկաների համար: Այդ ժամանակ լսվեց մի զորավոր ձայն. ՙԻնչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց որպես սուրհանդակ Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես դու կուղարկվես մի պատգամով, որը սուրհանդակ կլինի Քրիստոսի երկրորդ գալստից առաջ՚: Բրանհամ եղբայրը տարբեր քարոզներում 18 անգամ հիշատակել է այդ գերբնական իրադարձությունը և շեշտել է. ՙՈչ թե ես եմ լինելու սուրհանդակը, այլ պատգամը՚: Սկզբնական հանձնարարությունը և բառերը հետագայում փոխվել են Բրանհամին պաշտողների կողմից ԱՄՆ-ում. ՙԻնչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց որպես սուրհանդակ Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ դու կլինես սուրհանդակ Քրիստոսի երկրորդ գալստից առաջ՚: Աստծո կողմից ուղարկված մարդը քարոզել է բոլոր աստվածաշնչյան ուսմունքները, Աստծո ողջ խորհուրդը, որպեսզի Հիսուս Քրիստոսի Եկեղեցում ամեն բան բերվի սկզբնական վիճակին: Նա շեշտել է, որ միակ հավիտենական Աստվածը մեր փրկության համար հայտնվել է որպես Հայր երկնքում, Իր միածին Որդու մեջ երկրի վրա և Սուրբ Հոգով Իր Եկեղեցում: Աստված Քրիստոսի մեջ էր և աշխարհը հաշտեցրեց Իր հետ (2 Կորնթ. 5:19, 1 Տիմ. 3:16): Բրանհամ եղբայրը լրիվ Ավետարանը քարոզել է այնպես, ինչպես իրենց ժամանակում Պողոսն ու Պետրոսն են քարոզել: Նա ճիշտ է հասկացել Մատթ. 28:19-ի հանձնարարությունը, որտեղ խոսվում է Անվան մասին, որում պետք է մկրտվել, կամ Մարկոս 16:16-ում գրվածը, որտեղ խոսվում է հավատքի մասին և Ղուկաս 24:47-ում գրվածը, որտեղ խոսվում է մեղքերի թողության մասին: Նա քարոզել է մեղքերի թողությունը Քրիստոսի Զոհի Արյունով և հավատացյալներին մկրտել է այնպես, ինչպես Պետրոսն է պատվիրել Սուրբ Հոգու առաջնորդությամբ, Պենտեկոստեի օրը. ՙԱպաշխարեցե՜ք և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի Անունով մկրտվի՝ մեղքերի թողության համար...՚: Այդ օրը երեք հազար հոգի հավատացին առաջին քարոզին, որը տեղի ունեցավ Սուրբ Հոգու հեղումից հետո և մկրտվեցին (Գործք 2:14-41): Սկզբում՝ առաջին Եկեղեցում բոլոր հավատացողները, թե՜ հրեաները, թե՜ սամարացիները, թե՜ հեթանոսները մկրտվել են Տեր Հիսուս Քրիստոսի Անունով (Գործք 8:16, Գործք 10:48): Հովհաննես Մկրտչի աշակերտները նույնպես մկրտվեցին. ՙԵվ երբ լսեցին, Տեր Հիսուսի անունով մկրտվեցին՚ (Գործք19:5): Եռամիասնական մկրտությունը գոյություն չունի Աստվածաշնչում, այն սկիզբ է առել չորրորդ դարում, Աթանասի ժամանակ:
Բովանդակություն