Լսել

Շրջաբերական Նամակ 2017 Հոկտեմբեր

Բովանդակություն

500-ամյա տարեդարձը Ռեֆորմացիայի ավարտը

2017 թվականի հոկտեմբերի 31-ը ողջ Գերմանիայում կնշվի որպես առանձնահատուկ տոն. 500 տարի է անցել այն ժամանակվանից, երբ Մարտին Լյութերը 95 դրույթները փակցրեց Վիտենբերգի եկեղեցու դռան վրա, 1517 թվականի հոկտեմբերի 31-ին՝ վճռականորեն նպաստելով Ռեֆորմացիայի առաջընթացին: Այժմ բոլոր քրիստոնեական եկեղեցիները, որոնք դավանում են Նիկիայի հավատո հանգանակը, վերադառնում են մայր-եկեղեցի: Մարտին Լյութերն ապրել էր հավատքով արդարացումը: Աստծո Հոգով առաջնորդված և Աստծո շնորհքով լցված լինելով՝ Ռեֆորմացիայի այս գործիչը քարոզեց Ավետարանը: Նա հավատում էր խաչի վրա Փրկչի կատարած փրկագնման կատարյալ գործին: Իսկ այն, թե ինչ է նա ասել հրեաների մասին, երբ ծեր էր, հիվանդ և հրեա բժշկից հիասթափված, պետք է մի կողմ թողնել: Մինչդեռ պատմաբանները լռում են այն փաստի վերաբերյալ, որ հրեաների վերաբերյալ խոսքերը ծագել են հենց կրոնական որոշումներից, հատկապես 1179 թվականի Լատերանի տիեզերաժողովի ժամանակ: Հրեաների հանդեպ ատելությունը գոյություն է ունեցել վաղուց: Երբ Կոստանդիանոս կայսրը քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն ողջ հռոմեական կայսրությունում 311 թվականին, դրանից կարճ ժամանակ անց սկսվեց հրեաների հալածանքը: Քրիստոսի խաչելության պատճառով նրանց անվանում էին ՙՔրիստոսին և Աստծուն սպանողներ՚: 321 թվականին հրեաներին արգելվեց շաբաթը պահել և նրանց ստիպեցին փոխարենը պահել կիրակին: Այդ ողբերգական զարգացումների ներքո 325 թվականի մայիսի 20-25-ը տեղի ունեցավ Նիկիայի տիեզերաժողովը: Կոստանդիանոս կայսրը, որին հետաքրքրում էր իր բոլոր քաղաքացիների միաբանությունը, հրավիրել էր այդ ժամանակ քրիստոնեության մեջ գոյություն ունեցող տարբեր ուղղությունների առաջնորդներին: Այնտեղ քննարկվեցին աստվածաշնչյան թեմաները հեթանոս կրոնական ներկայացուցիչների կողմից. Սուրբ Գրքի խոսքերն օգտագործեցին և սխալ մեկնեցին: Առաջին ոչ աստվածաշնչյան հավատքի դավանանքը երրորդության վերաբերյալ, այսինքն, որ Աստված գոյություն ունի երեք հավիտենական անձերով, ձևակերպվել և հաստատվել է հետագայում՝ 381 թվականին, Կոստանդնուպոլսում՝ հայտարարելով, որ Սուրբ Հոգին Երրորդության երրրորդ անձն է: Աստվածաշնչյան հավատքի դավանությունը գրված է միայն Աստվածաշնչում, և առաքյալների կողմից է միայն այն, ինչ գրված է Գործք առաքելոցում, և առաքելական վարդապետություն է միայն այն, ինչ գրված է առաքյալների թղթերում: Աստվածաշնչին հավատարիմ լինել նշանակում է հավատալ այն ամենին, ինչ գրված է Աստվածաշնչում: Սկզբնական եկեղեցին մնում էր առաքյալների վարդապետության և գործերի մեջ. ՙՈւ միշտ հետևում էին առաքյալների ուսմունքին, հաղորդությանը, հացը կտրելուն և աղոթքներին՚ (Գործք 2:42): Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին այժմ կառուցվում է առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որի Անկյունաքարը Հիսուս Քրիստոսն է (Եփես. 2:20): Տպավորիչ է Հին և Նոր Կտակարանների միջև կատարյալ համաձայնությունը: Հենց Աստվածաշնչի առաջին համարից Աստված՝ Էլոհիմը, ներկայանում է որպես Արարիչ: Ժամանակների սկզբում Հավիտենականը, ով Իր բնույթով Հոգի է, դուրս եկավ լույսի և կյանքի Հոգու հավիտենական լեցունությունից, հայտնվեց տեսանելի տեսքով որպես Տեր՝ Յահվե: Իր ամենակարող Խոսքով գոյության կանչեց ամեն տեսանելի և անտեսանելի բաները: Նա քայլեց Եդեմի պարտեզում և Իր պատկերով ստեղծեց առաջին մարդուն: Ողջ Հին Կտակարանում Տեր Աստված Իր մարգարեների միջոցով հաղորդել էր Իր փրկության ծրագիրը, որը Նա կազմել էր հավիտենությունից ի վեր: Նոր Կտակարանում առաջին գլխից մինչև վերջինը բազմաթիվ հատվածները վկայում Հին Կտակարանի մարգարեու- թյունների իրականացման մասին: Ողջ Սուրբ Գրքի գլխավոր թեման եղել է և մնում է աստվածությունը: Հին Կտակարանի 400 տարիների ընթացքում Տեր Աստված հայտնվել է տարբեր կերպերով՝ որպես Արարիչ, Պահապան, Թագավոր, Դատավոր և այլն: Մեր փրկության համար Նա Նոր Կտակարանում հայտնվեց որպես Հայր երկնքում, երկրի վրա՝ Որդու մեջ, և Իր Եկեղեցում՝ Սուրբ Հոգու միջոցով: Ողջ Հին Կտակարանում մինչև Մաղաքիա մարգարեի գիրքը, որն ապրել է Քրիստոսից 400 տարի առաջ, ոչ ոք երբեք չի խոսել երկնքում գտնվող Հոր, երկնքում գտնվող Որդու մասին, ոչ էլ երեք հավիտենական անձերի մասին, որոնք միաբան են իրար հետ և կազմում են երրորդությունը, ինչպես դա ներկայացված է այս նկարում: Հին Կտակարանում հիմնականում խոսվում էր Մեսիայի գալստյան մասին, որը Փրկագնիչն է: 100-ից ավելի մարգարեություններ խոսում են Փրկչի մասին, որը կույսից ծնվելու է որպես Աստծո Որդի. ՙԱհա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրա անունը Էմմանուել կդնեն, որ թարգմանվում է ՙԱստված մեզ հետ՚ (Եսայի 7:14. Եսայի 9:5, Միքիա 5:1): Նոր Կտակարանում Որդու ծնունդը նկարագրված է ճշգրիտ կերպով. ՙՄի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծո մոտ շնորհ գտար: Ահա կհղիանաս, որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի, և Տեր Աստված Նրան կտա Իր հոր՝ Դավթի աթոռը: Եվ Նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա Նրա թագավորությանը վերջ չի լինի՚: Եվ Մարիամն ասաց հրեշտակին. ՙԱյդ ինչպե՞ս կլինի, քանի որ ես դեռ տղամարդ չեմ ճանաչում՚: Եվ հրեշտակը պատասխանեց ու ասաց նրան. ՙՍուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը քեզ վրա հովանի կլինի: Ուստի քեզնից ծնվածը Սուրբ կլինի և կկոչվի Աստծո Որդի՚ (Ղուկաս 1:30-35): Տեր Աստված անձամբ հայտնվեց Աբրահամին (Ծննդոց 18), Մովսեսին (Ելից 4) և Հին Կտակարանի բոլոր մարգարեներին: Մինչդեռ մեզ մեղքից փրկագնելու համար Տերը պիտի հայտնվեր մարդկային մարմնով: Իր ծնունդից ի վեր՝ ՙՈրովհետև այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց Դավթի քաղաքում, որ Քրիստոս Տերն է՚ (Ղուկաս 2:11), Որդին Տեր է կոչվել 300 անգամ: Նա միշտ նույն Տերն է (Եբր. 13:8), լինի դա Հին Կտակարանում, թե Նոր Կտակարանում: ՙ…եվ ոչ ոք չի կարող Հիսուսին ՙՏեր՚ ասել, եթե ոչ՝ Սուրբ Հոգով՚ (1 Կորնթ.12:3բ): Չկա սուրբգրային մի հատված, որն ասում է, թե Աստված որպես Հայր հավիտենության մեջ ծնել է Որդուն: Այն, ինչ եկեղեցական հեթանոս հայրերը որոշել են հատկապես Նիկիայի, իսկ այնուհետև Կոստանդնուպոլսի տիեզերաժողովում և անվանել են ՙառաքելական հավատո հանգանակ՚, լիովին խորթ է Աստվածաշնչին: Կարևոր չէ, որ այն գրված է Դիդախեում կամ կատեխիզիսում, կամ որևէ եկեղեցական գրվածքում, եթե դա չկա Սուրբ Գրքում գրված, ուրեմն աստվածաշնչյան չէ: Բոլոր եկեղեցիներն իրավունք ունեն որոշելու, թե ինչին են ուզում հավատալ, ինչ են ուզում սովորեցնել և կիրառել: Իսկ մենք ուզում ենք հավատալ այնպես, ինչպես Սուրբ Գիրքն է ասում: Կարևոր չէ, թե ինչ են ասել Տերտուղիանոսը, Աթանասը, Օգոստինոսը, Հիերոնիմուսը և մյուսները. նրանց ասածները հիմք են եղել հռոմեական կայսրության պետական եկեղեցու համար: Իսկ աստվածաշնչյան հավատացյալները հավատում են միայն այն բաներին, որոնք Աստծո մարդիկ են ասել Աստծո կողմից Նոր Կտակարանի Եկեղեցու ստեղծման ժամանակ: Բոլոր նրանք, ովքեր վկայակոչում են Եփես. 4:5-ը՝ ՙՄեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն՚, պետք է կարդան Գործք առաքելոց գրքում, թե ինչպես են առաքյալները կատարել մկրտությունը (Գործք 2:38, Գործք 8:16, Գործք 10:48, Գործք 19:5). ոչ մի անգամ այն չի կատարվել երրորդաբանական ձևակերպմամբ, այլ միայն Նոր Կտակարանի Ուխտի Անունով, որով Աստված հայտնվեց որպես Հայր՝ Որդու մեջ և Սուրբ Հոգու միջոցով, այսինքն՝ Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Մատթ. 28:19-ում բնագիր տեքստում գրված է՝ ՙմկրտեք նրանց ... Անունով՚, ոչ թե անուններով, ոչ թե երեք տիտղոսներով: Պետրոս և Պողոս առաքյալները, ինչպես նաև Փիլիպոսը հանձնարարությունը կատարեցին ճշգրիտ կերպով: Ոչինչ չի կարելի ավելացնել այն բաներին, ինչ սովորեցրել, կատարել ու գրել են Պետրոս, Հովհաննես, Հակոբոս և Պողոս առաքյալները: Առաքելական հավատքի ճշմարիտ դավանությունը միայն Աստվածաշնչի մեջ է: Նոր Կտակարանը նույնպես փակված փաստաթուղթ է, որին ոչինչ չի կարող ավելացվել և ոչ մի փոփոխություն չի կարելի անել (Հայտն. 22): Մենք կարող ենք ճշմարիտ կերպով վկայել ճշմարիտ և Ամենակարող Աստծո առջև. ՙՈրովհետև մենք ոչ թե վարպետությամբ հնարված առասպելների հետևելով ձեզ ցույց տվեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունն ու գալուստը, այլ Նրա մեծափառությանն ականատես լինելով՚ (2 Պետր.1:16): Մենք վերադարձել ենք սկզբնական Խոսքին, որը դուրս է եկել Երուսաղեմից և կարող ենք փորձառությամբ ապրել այն, ինչ Աստված անում է փրկության պատմության ամենակարևոր ժամանակաշրջանում: Մինչև երկրի ծայրերն է հասել աստվածաշնչյան պատգամը, որի միջոցով ամեն բան Աստծո առաջ պիտի վերադառնա իր ճիշտ վիճակին: Ամբողջ աշխարհում Աստծո զավակների սրտերը վերադառնում են հայրերի ճշմարիտ հավատքին: Տեր Աստված ավարտել է Իր արարչության գործը, հենց Ինքն էլ կավարտի Իր փրկագնման գործը՝ ճշտորեն կատարելով այն, ինչ խոստացել է Իր Խոսքում. ՙՈրովհետև Տերն արդարությամբ մի կարճ ու համառոտ բան կանի. Տերը երկրի վրա մի վճռական բան կանի՚ (Հռոմ. 9:28): ՙԱյնպես էլ պիտի լինի Իմ բերանից դուրս եկած Խոսքը, նա պիտի պարապ ետ չդառնա ինձ մոտ, այլ կատարի իմ ուզածը և հաջողվի նրանում, ինչի համար որ ես նրան ուղարկեցի՚ (Եսայի 55:11): Ամեն: Գործելով Աստծո հանձնարարությամբ՝ Էվալդ ֆրանկ
Բովանդակություն