Լսել

Շրջաբերական Նամակ 2017 Հոկտեմբեր

Բովանդակություն

Ով ավելացնի կամ պակասեցնի

2017 թվականի հունիսի 11-ին Բրյուսելում տեղի ունեցած մեծ միջազգային հավաքույթի ժամանակ մենք հիշեցինք 1933 թվականի հունիսի 11- ին Բրանհամ եղբորը Աստծո կողմից տրված հանձնարարության մասին: 2017 թվականի հունիսի 12-ն ինձ հիշեցրեց 1958 թվականի հունիսի 12-ին Բրանհամ եղբոր հետ ունեցած զրույցս Տեխաս նահանգի Դալաս քաղաքում: Այդ զրույցի վերջում նա ինձ ասաց. «Ֆրանկ եղբայր, դու այս պատգամով կվերադառնաս Գերմանիա»: Դալասում մեր զրույցից հետո Բրանհամ եղբայրը ՙՄենք ուզում ենք տեսնել Հիսուսին՚ վերնագրով քարոզի հենց սկզբում ասաց. ՙՔիչ առաջ Գերմանիայից եկած մի մարդ ինձ ողջագուրեց: Այնտեղ մենք ունեցել ենք տասը հազար նորադարձներ ամեն երեկո, ընդհանուր՝ հիսուն հազար նորադարձ՚: Քարոզի ժամանակ նաև խոսեց գերբնական լույսի մասին, որը տարբեր վայրերում լուսանկարվել էր, և ասաց. ՙԱյստեղ Գերմանիայից մի մարդ կա: Նա այնտեղ էր, երբ գերմանական ֆոտոխցիկը երեք անգամ լուսանկարեց այն՚: Քարոզիչների հավաքույթի լուսանկարը, որտեղ Բրանհամ եղբոր գլխավերևում լույս կա, կարելի է տեսնել համացանցում: Ճիշտ է, ես նրա առանձնահատուկ ծառայության վկան ու ականատեսն եմ եղել: Քանի որ 1933 թվականի հունիսի 11-ին տրված հանձնարարության մեջ լուրջ փոփոխություն են արել, ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել ճիշտ խոսքերը և փոփոխված տարբերակը համեմատության համար: Բնօրինակում ասվել է. ՙԻնչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց որպես սուրհանդակ Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես դու կուղարկվես մի պատգամով, որը սուրհանդակ կլինի Քրիստոսի երկրորդ գալստից առաջ՚: Բրանհամ եղբայրը 55 անգամ ճշտորեն կրկնել է այն, ինչ ձայնն ասել է գերբնական ամպի միջից, և որպեսզի ընտրյալները լրջորեն ընդունեն ու հավատան, 1960 թվականի փետրվարի 10-ին և դրանից հետո էլի շատ անգամներ, նա շեշտել է. ՙՈչ թե ես եմ լինելու սուրհանդակը, այլ պատգամը՚: Ցավոք սրտի, կրճատված տարբերակը տարածվել է Բրանհամ եղբոր՝ փառքի մեջ գնալուց կարճ ժամանակ անց. ՙԻնչպես Հովհաննես Մկրտիչն ուղարկվեց որպես սուրհանդակ Քրիստոսի առաջին գալստից առաջ, այնպես էլ դու կուղարկվես որպես սուրհանդակ Քրիստոսի երկրորդ գալստից առաջ՚: Գլխավոր բառը՝ ՙպատգամը՚, այդ տարբերակում չկա: Նորից պետք է շեշտենք. ոչ ոք իրավունք չունի փոխելու հանձնարարության ճշգրիտ բառերը: 1946 թվականի մայիսի 7-ին մի երկնային պատգամաբեր նրան ասաց. ՙՄի՜ վախեցիր, ես ուղարկվել եմ Ամենակարող Աստծո կողմից՝ ասելու համար, որ քո ծնունդը և առանձնահատուկ կյանքը ցույց են տալիս, որ Աստված քեզ ուղարկում է երկրի ժողովուրդների մոտ աստվածային բժշկության պարգևով՚: Դա մեզ հիշեցնում է Ղուկաս 1:19 համարը, որտեղ հրեշտակը հաղորդում է Զաքարիային Հովհաննես Մկրտչի ծննդյան և ծառայության մասին. ՙԵս Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Աստծո առաջ: Եվ ուղարկվեցի քեզ հետ խոսելու ու այս բաների մասին ավետիս տալու՚: Բրանհամ եղբորը տրված երկու հանձնարարությունները պետք է դասավորվեն Աստվածաշնչի համաձայն. առաջինը վերաբերում էր այն պատգամին, որը պետք է նախորդի Քրիստոսի երկրորդ գալուստը, իսկ երկրորդը վերաբերում էր իր ավետարանչական ծառայությանը: Աստծո կողմից լիազորություն և բժշկության պարգև ստացած լինելով Բրանհամ եղբայրը ճանապարհորդեց տարբեր մայրցամաքներում և քարոզեց Ավետարանը տարբեր երկրներում: Բրանհամ եղբոր հավաքույթների ժամանակ ակնթարթային բժշկություններ էին տեղի ունենում, այնպես, ինչպես մեր Փրկչի ծառայության ժամանակ: Կույրերը տեսողություն էին ստանում, անդամալույծները քայլում էին, խուլերը լսում էին: Այսպես1946 թվականին սկսվեց բժշկության համաշխարհային արթնությունը: Հիվանդների համար աղոթելուց առաջ նա ամենաքիչը 280 անգամ վկայակոչել է մեր Տիրոջ խոսքերը Հովհ.5:19 համարում.ՙՃշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին իրենից չի կարող ոչինչ անել, եթե չտեսնի Հորն անելիս…՚: Նա նույնպես տեսիլքներում տեսնում էր, թե ինչ է Աստված անելու և այդ մասին ասում էր աղոթքի շարքում կանգնած ամեն մարդու և հաստատում էր ՙԱյսպես է ասում Տերը՚ խոսքերով: Ես դա անձամբ տեսել եմ հավաքույթների ժամանակ: Հենց սկզբից Աստված առաջնորդեց, որ կարողանամ Աստվածաշնչի համաձայն դասավորել այն, ինչ վերաբերում է Աստծո Խորհրդին: Հենց սկզբից իմ բացարձակ հիմքը եղել է և հավիտյան կմնա Աստծո գրված Խոսքը: Տերն Ինքն է ինձ պատվիրել քարոզել Աստծո Խոսքն այնպես, ինչպս գրված է: Ինչ վերաբերում է պատգամին, խոսքը միայն աստվածաշնչյան քարոզչության մասին է, որը պետք է լինի անսխալ և առանց թերության: 1963 թվականի նոյեմբերի 28-ին Բրանհամ եղբայրն ասաց. ՙԴուք երբեք չպետք է լքեք Խոսքը: Դուք պետք է մնաք այդ Խոսքի հետ այնպես, ինչպես գրված է: Մի ավելացրեք ոչ մի սեփական մեկնություն: Ասեք հենց այնպես, ինչպես գրված է: Սա Աստծո Խոսք է, Աստված է: Աստված և Իր Խոսքը նույնն են՚: 1965 թվականի սեպտեմբերի 19-ին նա շեշտեց քարոզի ժամանակ. ՙԴուք չեք կարող որևէ բան ընդունել, եթե հենց այդպես չի գրված Աստծո Խոսքում: Դուք պետք է կատարելապես ներդաշնակ լինեք Խոսքի հետ՚: Ցավոք սրտի, Աստծո պատվերի համաձայն Խոսքի մաքուր քարոզչության հետ մեկտեղ եղան նաև տարբեր մեկնություններ: Բրանհամ եղբորը վկայակոչող որոշ եղբայներ կարողացան ճշմարտանման դարձնել իրենց սեփական մեկնությունները և աշակերտներին իրենց ետևից տանել (Գործք 20:30): Մարգարեի մեջբերումները դարձան մեկնության առարկա և շարադրվեցին որպես վարդապետություն: Այդպես անդադար նոր խմբեր առաջացան: Ես ոչ մի անգամ չեմ մասնակցել մեջբերումների վերաբերյալ բանավեճերին. դրանք միայն բաժանումներ են առաջացնում (Հռոմ. 16:17): Ողբերգությունն այն չէ, որ հաճախ Բրանհամ եղբոր ասածները դժվարըմբռնելի են, այլ այն, ինչ եղբայրները դարձրել են նրա ասածները (2 Պետրոս 3:16): Այն, ինչ Բրանհամ եղբայրն ասել է ՙՀափշտակությունը՚ քարոզում, սխալ է մեկնաբանվում՝ վկայելով, որ Տերն արդեն վերադառնում է աղաղակով: 1 Թես. 4-րդ գլխի արթնության կանչը վերաբերում է Քրիստոսով ննջածներին, ոչ թե նրանց, ովքեր հիմա ողջ են: Նրա վերադարձի ժամանակ ամեն բան կլինի ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է 4-րդ գլխի 13-18 համարներում. ՙՔանի որ Տերն Ինքը հրամանով, հրեշտակապետի ձայնով ու Աստծո փողով երկնքից վայր կգա, և Քրիստոսով մեռելները նախ հարություն կառնեն: Եվ հետո մենք, որ կենդանի ենք մնացել, նրանց հետ ամպերով օդի մեջ կհափշտակ- վենք՝ Տիրոջը դիմավորելու, և այդպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք՚ (1 Թես. 4:16,17): Այդ թեմայի վերաբերյալ կարդացեք նաև 1 Կոնրթ. 15:45-58 համարները: Արթնության կանչը, որը հիմա պատգամի միջոցով ուղղված է ողջ եղողներին, գրված է Մատթ. 25-րդ գլխում. ՙԱհա փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու՚ : Բոլոր կույսերը լսում են կանչը և գնում են Փեսայի դիմավորելու: Մատթ. 13-րդ գլխում կարդում ենք սերմնացանի առակը, որը բարի սերմ է ցանում իր արտում: Մեր Փրկիչն առակում ասում է. ՙԲայց մինչ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ, ցորենի մեջ որոմ ցանեց ու գնաց՚ (Մատթ. 13:25): Խոսելով Իր աշակերտների հետ՝ նրանց այսպես բացատրեց առակը. ՙԲարի սերմը ցանողը Մարդու Որդին է: Արտն աշխարհն է, բարի սերմը նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ որոմները չարի որդիներն են՚: Հենց այդ է կատարվել մեր ժամանակներում: Նախ Աստծո Խոսքը ցանվեց որպես բարի սերմ: Հետո թշնամուն հաջողվեց ցորենի մեջ իր սերմը ցանել մեկնությունների միջոցով: Դա կատարվեց այն ժամանակ, երբ կույսերը հոգնեցին և հոգևոր քնի մեջ ընկան: Մինչդեռ ցորենը մնում է ցորեն, իսկ որոմը մնում է այն, ինչ կա: Երկու սերմերի պատմությունը սկսվել է Կայենից և Աբելից: Մեկն ատում էր, մյուսն ատելություն էր ստանում: ՙԻսկ նա, ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է քայլում ու չգիտի, թե ուր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը՚ (1 Հովհ. 2:11): Կարող ենք ասել. նա, ում եղբայրը Կայենը չէ, չի կարող Աբելը լինել: Այս համատեքստում է նաև այս նախազգուշացումը. ՙԵթե մեկը լսում է թագավորության Խոսքը և չի հասկանում, գալիս է չարը և հափշտակում նրա սրտի մեջ սերմանվածը՚ (Մատթ.13:19): Շատ կարևոր է, որ հավատանք և հասկանանք յուրաքանչյուր Խոսքը, այլապես թշնամին այն կհափշտակի և կցանի իր սերմը: Տերը հարցնում է Իր աշակերտներին. ՙԱյս բոլոր բաները հասկացա՞ք՚: Ասացին Նրան. ՙԱյո, Տեր՚ (Մատթ. 13:51): Ո՞վ այսօր կարող է անկեղծորն պատասխանել ՙայո՚: Ո՞վ է հասկացել այն, ինչ քարոզվել և գրվել է Աստծո հանձնարարությամբ, Աստծո Խոսքի համաձայն: Ո՞ւմ կասի Տերը, որ նրա աչքերն ու ականջները երանելի են: Ակնհայտ է, որ Փեսայի գալստին սպասող բոլոր կույսերը քնեցին: Արթնացան բոլորը, բայց միայն իմաստուն կույսերն էին քնել Խոսքի սերմն իրենց հետ ունենալով և արթնացան Խոսքի սերմի հետ: Նրանք պատրաստ էին և կարող են մտնել հարսանիքի սրահը, որովհետև իրենց անոթներում յուղ էին վերցրել և կարող էին օգտվել Հոգու լեցունությունից: Իսկ հիմար կույսերը խաբվեցին թշնամու կողմից մեկնությունների միջոցով (2 Կորնթ. 11:3,4), և կկանգնեն փակ դռան առջև և իզուր կթակեն (Մատթ. 25:11-13): Խոսելով Իր գալստի մասին՝ մեր Տերը մեզ կոչ է անում արթուն մնալ. ՙԱրդ, արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե ձեր Տերը որ ժամին կգա՚ (Մատթ. 24:42): ՙՏերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, բայց մեր նկատմամբ համբերող է լինում , որովհետև չի ցանկանում, որ կորչողներ լինեն, այլ որ բոլորն ապաշխարության հասնեն՚ (2 Պետր.3:9): Այս սուրբգրային հատվածը հստակորն հերքում է այն կեղծ վարդապետությունը, ըստ որի շնորհքի ժամանակաշրջանն ավարտվել է, և արյունն այլևս շնորհաց գահի վրա չէ: Մենք դեռևս շնորհքի ժամանակաշրջանում ենք, Տերը դեռևս կոչ է անում ապաշխարելու և հոգևոր խառնաշփոթությունից դուրս գալու: Աստծո շնորհքով դեռ փրկության օրն է (2 Կորնթ. 6:2): Կեղծ վարդապետները, որոնք տարածում են իրենց սեփական մեկնությունները Բրանհամ եղբոր քարոզածի վերաբերյալ, կգրավեն միայն հիմար կույսերի ուշադրությունը: Եվս մեկ անգամ պետք է շեշտվի սա՝ ամեն բան թողեք այնպես, ինչպես ասված է: Ոչինչ մի ավելացրեք Աստծո գրված Խոսքին: Առաջնորդվելով Սուրբ Հոգով՝ Բրանհամ եղբայրը լույսի տակ բերեց բոլոր թաքնված խորհուրդները: Նրա եզակի և արտասովոր ծառայությունը, որի համար Տիրոջից գոհանում ենք, կատարվել է լիարժեք կերպով: Նրան հայտնվել է Աստծո փրկության ծրագրի հետ կապված ամեն բան՝ աստվածության, մկրտության, Տերունական ընթրիքի վերաբերյալ, Եդեմի պարտեզում իրականում կատարված սկզբնական մեղքի վերաբերյալ: Ամեն հայտնություն տրվել է նրան, նաև յոթ կնիքների վերաբերյալ հայտնությունը: 1963 թվականի փետրվարի 28-ի հզոր փորձառությունը, երբ հայտնվեց գերբնական ամպը և յոթ հզոր որոտները երկրաշարժի ուղեկցությամբ ցնցեցին Սանսեթ լեռան շրջակայքը, մեծ կարևորություն ունեցավ Բրանհամ եղբոր համար յոթ կնիքների բացման հետ կապված: Դրա համար է նա այդքան շատ խոսել 7 որոտների մասին: Իսկ այն 7 որոտները, որոնց մասին խոսվում է Հայտնության 10:7 համարում, իրենց ձայնը հնչեցնելու են միայն այն պահին, երբ Տերն իջնի որպես Ուխտի Հրեշտակ՝ շրջապատված ծիածանով: Կնիքներում գրված ոչ մի բան չի իրականացել այն ժամանակ, երբ Բրանհամ եղբայրն այդ մասին քարոզել է 1963 թվականի մարտին: 1963 թվականի մարտին Գառնուկը չի լքել գահը, ոչ էլ Նոր Ուխտի արյունն է վերցվել շնորհաց գահից Սրբության Սրբոցում: Բրանհամ եղբայրը միայն կրկնել է այն, ինչ Հովհաննես առաքյալը տեսել և գրել է Պատմոս կղզում, իսկ հետո քարոզել է իրեն տրված հայտնության վերաբերյալ: Այդպես նա կարողացավ սուրբգրային ձևով դասավորել և ցույց տալ, որ առաջին չորս կնիքների հեծյալները, որոնք սլանում են չորս տարբեր ձիերի վրա, հակաքրիստոսի զարգացման չորս փուլերն են, որը կատարվում է Նոր Կտակարանի Եկեղեցու զարգացմանը զուգահեռ: Հինգերորդ կնիքում ցույց է տրվում, որ խոսքը հրեա նահատակների մասին է, որոնք վրեժխնդրություն են պահանջում: Այդ համատեքստում Բրանհամ եղբայրը հիշատակում է Ադոլֆ Այքմանին, որը Հոլոքոսթի ժամանակ վեց միլիոն հրեաների կոտորածի գլխավոր պատասխանատուն է: Մարգարեն ճիշտ է դասավորել նաև վեցերորդ կնիքի իրադարձությունները (Հայտն. 6:12-17), այսինքն՝ մեծ նեղության ժամանակը, որովհետև դրանից հետո սկսվում է Տիրոջ օրը, երբ արևը խավարի պիտի վերածվի, իսկ լուսինը՝ արյան (Հովել 2:31, Գործք 2:20): Հայտն. 7:1-8 համարներում խոսվում է Իսրայելի տասներկու ցեղերից 144000 հրեաների մասին, որոնք պետք է կնքվեն: 9-րդ համարից սկսած մինչև 17-րդ համարը ցույց է տրվում բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եղող մեծ բազմությունը, որը գալիս է մեծ նեղությունից և լվացել է իր հագուստները Գառնուկի Արյունով: Յոթերորդ կնիքի ազդարարման ժամանակ, ութերորդ գլխում դատաստանի յոթ հրեշտակները, որոնց տրվել էին յոթ փողերը, հայտնվում են Աստծո գահի առջև, որ ազդարարեն դատաստանները երկրի վրա: 8-րդ և 9-րդ գլուխներում տեսնում ենք, թե ինչ է կատարվում վեց փողերի ժամանակ, որոնք դատաստաններ են բերում երկրի վրա: 10-րդ գլխում Ուխտի հրեշտակը երդումով ազդարարում է, թե ինչ է լինելու, երբ դատաստանի յոթերորդ հրեշտակը փչի իր փողը. երբ դատաստանի յոթերորդ հրեշտակը փողը փչի. ՙ...Աստծո խորհուրդը կկատարվի, ինչպես ավետեց իր ծառա մարգարեներին՚ : Հայտնության 10:7 համարում արված ազդարարումն իրականանում է Հայտն. 11:5 համարում, երբ սկսվում է հազարամյա թագավորությունը. ՙՅոթերորդ հրեշտակը փողը փչեց, ու երկնքում մեծ ձայներ եղան, որ ասում էին. ՙԱշխարհի թագավորությունները մեր Տիրոջն ու նրա Օծյալինը եղան, և նա կթագավորի հավիտյանս հավիտենից՚ (Հայտն. 11:15):
Բովանդակություն