Հիսուս Քրիստոսը Նույնն Է Երեկ, Այսօր և Հավիտյան Եբր. 13.8
Հրաժեշտ ամենամսյա միսիոներական ճանապարհորդություններին
Անցած տասնամյակների ընթացքում ամեն ամսվա երկու շաբաթը
հատկացնում էի միսիոներական ճանապարհորդություններին այնպես
որ ամեն ամսվա վերջին կիրակին լինեմ Ցյուրիխում և առաջին շաբաթ-
կիրակին՝ Կրեֆելդում։ Ընդհանուր առմամբ օդում անցկացրել եմ 15
միլիոն մղոն ճանապարհ (մոտ 25 միլիոն կիլոմետր): Քարոզել եմ
աշխարհի 165 երկրների բազմաթիվ քաղաքներում։
Հիմա հասել եմ կյանքիս 87-րդ տարուն։ Լինելով առողջ՝ տարիքը
թողել է իր հետքերը քայլելու կարողության, լսողության և տեսողության
վրա, ուստի երկար ճանապարհորդությունները այլևս հնարավոր չեն
ինձ համար։ Մինչդեռ առցանց հեռարձակումների միջոցով բոլոր
երկրների բոլոր հավատացյալները կարող են տարբեր լեզուներով լսել
քարոզները և մասնակցել մեր հավաքույթներին։ Այսպիսով հնարավոր է
դարձել հոգևորապես հոգ տանել ողջ աշխարհի հավատացյալների
համար, ինչպես դա շնորհակալությամբ հաստատում են ողջ աշխարհից
բազում հավատացյալներ։
Ես կարող եմ ասել. «Տեր, հիմա խաղաղությամբ արձակիր քո
ծառային, որովհետև վերջին պատգամը քարոզվել է ողջ աշխարհում։ Իմ
աչքերը տեսել են մեր ժամանակների համար տրված խոստման
իրականացումը»։ Բոլոր ճշմարիտ հավատացյալները մինչև վերջ
կտեսնեն այն, ինչ անելու է Աստված։ Նա խոստացել է և կկատարի։
Հատկապես նրանց համար, ովքեր վերջին տարիների ընթացքում
են ավելացել հավատացյալների թվին ամբողջ աշխարհում, կուզեի
համառոտ պատմել իմ հոգևոր կյանքի պատմությունը:
Ես քարոզել եմ ազատ հոգեգալստական եկեղեցում 1952
թվականից: Երբ առաջին անգամ տեսա Բրանհամ եղբորը հյուրանոցի
ընդունարանում 1955 թվականի հունիսի 15-ին, մարգարեն ինձ ասաց.
ՙԴու Ավետարանի սպասավոր ես՚, հետո նայեց աջից ձախ և ասաց.
ՙԿինդ կանգնած է մուտքի մոտ՚: Հետո մենք իրար ձեռք սեղմեցինք և
կարճ զրույց ունեցանք իրար հետ: 1958 թվականից ես թարգմանել եմ
Բրանհամ եղբոր քարոզները գերմաներեն:
1962 թվականի ապրիլի 2-ին Տերն Ինքը լսելի ձայնով պատվիրեց
ինձ քարոզել Խոսքը ուրիշ քաղաքներում:
1962 թվականի դեկտեմբերի երեքին դրա վերաբերյալ երկար
զրույց ունեցա Բրանհամ եղբոր հետ, որի ընթացքում նա հայտնությամբ
հաստատեց իմ ստացած ծառայությունը երկու վկաների ներկայությամբ:
Դրանից անմիջապես հետո նա ինձ խնդրեց իր փոխարեն քարոզել Լոս
Անջելեսում, Դեմոս Շաքարյանի մոտ, ինչպես նաև Էռնեստ Հոտտոնի
մոտ, Օքլենդում, Օրեգոնում: Նաև խնդրեց հնարավորության դեպքում
այցելել Հենրի Մարտինին Էդմոնտոնում, Կանադայում, որի տանը նրա
քարոզները լսում էին ձայներիզներով: Նաև ինձ տվեց եղբայրների
անուններն ու հեռախոսահամարները: Մեր զրույցի վերջում ասաց.
ՙՖրանկ եղբայր, եթե միսիոներական ճամփորդության գնաս
Հնդկաստան, հանդիպիր Պոլ Լորիին: Նա եղել է Բոմբեյի
հավաքույթներին: Նա ավետարանիչ է, եկել է ԱՄՆ և մկրտվել այստեղի
խորանում Տեր Հիսուս Քրիստոսի Անունով՚:
1964 թվականին կատարեցի իմ առաջին միսիոներական
ճանապարհորդությունը Հնդկաստանում: Այնտեղ տեսա հազարավոր
մարդկանց, որոնք եկել էին հավաքույթներին, և երեք հարյուր
հավատացյալներ մկրտվեցին քարոզից հետո: Վերադարձի
ճանապարհին գնացի Հորդանան և Իսրայել:
1965 թվականի դեկտեմբերին Բրանհամ եղբոր հեռանալուց հետո
մի կարևոր ժամանակաշրջան ավարտվեց:
Մի նոր փուլ սկսվեց, և ես քարոզեցի բացահայտված Խոսքի
պատգամը աշխարհով մեկ, Աստծո հանձնարարությամբ, նախ՝
Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում, հետո ողջ Եվրոպայում,
իսկ հետագայում՝ ողջ աշխարհում։ Բացի պաշտամունքների և
հավաքույթների ժամանակվա քարոզներից ամեն առիթ օգտագործել եմ
բացահայտված Խոսքը քարոզելու համար ռադիոյի և
հեռուստատեսության միջոցով, շրջաբերական նամակներով և
գրքույկներով։
Մարգարեի հուղարկավորության ժամանակ, 1966 թվականի
ապրիլի 11-ին, ես հրավիրել եմ Փիրի Գրին եղբորը, որ վկայի այն ինչ
սեփական աչքերով տեսել է Բրանհամ եղբոր ծառայության ժամանակ և
այն, ինչ ինքը ապրել է հավաքույթների ժամանակ։ Ցավոք սրտի նա
միայն պատմեց պատմություններ մարգարեի կյանքից։ Կրեֆելդում իր
առաջին քարոզի ժամանակ ոգևորությամբ ասաց. «Տեսիլքի մեջ
մարգարեն տեսավ մի օրացույց, որն ինքն իրեն բացվեց և կանգ առավ
1977 թվականի վրա»։ 1977 թվականին ամեն բան կավարտվի և տեղի
կունենա հափշտակությունը, --- պնդում էր նա։ Ես նրա թարգմանիչն էի
և օրացույցի մասին հիշատակեցի իմ առաջին շրջաբերական
նամակում, 1966 թվականին։ Հետագայում պարզեցի, որ Բրանհամ
եղբայրը երբեք չի խոսել օրացույցի մասին։
Երբ 1977 թվականը եկավ և անցավ, մի նոր ուսմունք տարածվեց,
ըստ որի հարություն է լինելու ԱՄՆ-ի արևմտյան ափում երկրաշարժի
ժամանակ, և մարգարեն ավարտելու է իր ծառայությունը վրանում։ Իրոք
չենք կարող զբաղվել այդ բոլոր կեղծ ուսմունքներով. դա կնշանակի
ժամանակ վատնել։
Առանց քննարկելու ԱՄՆ-ի քարոզիչների ներկայացրած թեմաների
մանրամասները՝ օգտակար է նշել, որ նրանցից ոչ մեկը չի կարող վկայել,
որ կանչ է ստացել Տիրոջից։ Ոչ մեկը Խոսքը չի քարոզել, բոլորը պատմել
են իրենց հնարած պատմությունները և միայն հետաքրքրված են
մեջբերումներով՝ «Մարգարեն ասաց»։
Ես սա ասում եմ Աստծո փառքի համար. երբեք մի կողմ չեմ դրել
Աստծո Խոսքը և չեմ ընդունել մեկնություններ։ Դրա պատճառով
եղբայրներն իմ դեմ դուրս եկան, որովհետև մարգարեի մեջբերումները
Խոսքից բարձր են դասում և գրված Խոսքը չեն ընդունում որպես
վերջնական հեղինակություն։
Հետո եկավ 1979 թվականը, երբ թշնամին կասկածներ ցանեց իմ
ստացած հանձնարարության վերաբերյալ, որ ինձ ներկայացնի որպես
անվստահելի և քանդի եկեղեցին։ Ես ամբիոնի մոտ էի, երբ քարոզի
ավարտից քիչ առաջ մի կին բարձր գոռաց. «Ամեն բան կեղծիք է
այստեղ։ Դուրս եկեք, հեռացեք այս շենքից և այլևս չվերադառնաք,
որովհետև ամեն բան այստեղ ընդմիշտ վերջացած է»։ Ամեն մարդ որ
հավատաց այդ կնոջ ասածին այն ժամանակ, մինչև այսօր
չվերադարձավ այս շենք։ Բոլոր նրանք ովքեր հավատում են այն բանին,
ինչ Տիրոջ ձայնն ասաց 1962 թվականի ապրիլի 2-ին, և Բրանհամ
եղբայրը հաստատեց 1962 թվականի դեկտեմբերի 3-ին երկու վկաների
ներկայությամբ, ամբողջ աշխարհից եկան և լցրեցին եկեղեցու շենքը։
Եվ հազարավոր մարդիկ առցանց միանում են մեզ և լսում են այս
ժամանակի համար տրված մաքուր Խոսքը։ Տերը պահեց Իր Խոսքը և
չթողեց որ թշնամին կործանի Իր գործը։
1933 թվականի հունիսի 11-ին տրված աստվածային
հանձնարարության երկրորդ մասը՝ այսինքն այն, որ պատգամը
տարածվելու է երկրով մեկ, իրականացավ մեր աչքերի առաջ: Մատթ.
24:14 համարում, մեր Տերն ասել է. ՙԵվ արքայության այս Ավետարանը
ամբողջ տիեզերքում կքարոզվի՝ բոլոր ազգերին վկայություն լինելու
համար, և այն ժամանակ կգա վերջը՚:
1962 թվականի մարտին Բրանհամ եղբայրը հանձնարարություն էր
ստացել կերակրի պաշար հավաքելու, որի մասին նա խոսեց ապրիլի
մեկին: Երբ խոսում էր յոթերորդ կնիքի մասին, շրջվեց Նեվիլ եղբոր
կողմը և ասաց. ՙՀիմա կերակրի պաշարը պահեստավորված է՚: 1976
թվականի սեպտեմբերի 19-ին Տերն ինձ կանչեց հզոր ձայնով. «Իմ
ծառա, ըստ Մատթ.24:45-47 համարների Ես քեզ նշանակել եմ, որ
կերակուր բաժանես ճիշտ ժամանակին»: Ես այն հաղորդեցի բոլոր
ծառայող եղբայրներին և Աստծո ժողովրդին: Բոլոր ընտրյալները
հավատում են Աստծո ամեն խոսքին և հարգում են Նրա որոշումը:
Նրանք վայելում են Տիրոջ ճոխ սեղանից:
Ես ընդամենը մարդ եմ, ինչպես Պողոսը, Եղիան կամ Բրանհամ
եղբայրը, բայց նաև ճիշտ է, որ ես կատարել եմ Տիրոջ տված
հանձնարարությունը: Կարիք չկա որ կրկնեմ բոլոր այն
հանձնարարություններն ու գերբնական փորձառությունները, որոնք
Տերն ինձ տվել է այս տարիների ընթացքում. ես դրանց մասին արդեն
պատմել են տարբեր շրջաբերական նամակներում: Յուրաքանչյուր
գերբնական փորձառություն ճշմարիտ է, Աստված վկա է: Ինչպես
Պողոսն ու Բրանհամ եղբայրը, ես էլ կարող եմ նշել ժամն ու վայրը,
որտեղ կատարվել են այդ գերբնական փորձառությունները:
Աստծո շնորհքով Պողոսի նման ես էլ կարող եմ վկայել, որ կանչվել
եմ ՙքարոզելու Աստծո ավետարանը, որ Սուրբ Գրքում Աստված
նախապես Իր մարգարեների միջոցով խոստացել էր՚ (Հռոմ. 1:1,2), և
կատարելու Աստծո հանձնարարությունը: Փիլիպ. 1:6-ի համաձայն Տերն
Ինքը կավարտի Իր գործը. ՙԵվ հաստատ համոզված եմ սրանում, որ
Նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, կկատարի էլ մինչև Հիսուս
Քրիստոսի օրը՚ (Փիլիպ.1:6):
ՙՈչ թե զորությունով, ոչ թե ուժով, այլ իմ Հոգով,---ասում է զորաց
Տերը՚ ( Զաքարիա 4:6):
Գործելով Աստծո հանձնարարությամբ՝ Եղբայր Ֆրանկ
Հիսուս Քրիստոսը Նույնն Է Երեկ, Այսօր և Հավիտյան Եբր. 13.8