Լսել

Ի՞նչ է Սուրբ Հոգին 12/16/1959

Բովանդակություն

Ի՞նչ է Սուրբ Հոգին

Շարք 2 թիվ 5

 

Ա Ս Վ Ա Ծ Խ Ո Ս Ք Ը

Ուիլյամ Մարրիոն Բրանհամի

միջոցով

 

Ի՞ՆՉ Է ՍՈւՐԲ ՀՈԳԻՆ

(What is the Holy Ghost?)

 

Դեկտեմբերի 16, 1959 թ. երեկո

Բրանհամի խորան

Ջեֆերսոնվիլ, Ինդիանա, ԱՄՆ

 

«Ասված Խոսքը սկզբնական սերմն է»:


 

1. Այս հավաքույթը կտարբերվի մինչև հիմա այստեղ ունեցած մեր հավաքույթներից: Ընդհանրապես, ամեն անգամ, երբ հավաքվում ենք այստեղ, դա հիվանդների բժշկության և ֆիզիկական կարիքների համար է: Դրա վրա ենք շեշտը դնում: Բայց այս երեկո արթնության հավաքույթը սկսում ենք անձի, հոգու բժշկության համար:

2. Երբ մարմնի բժշկություն է լինում, մենք ուրախանում ենք, որովհետև դա որոշակի ձևով ցույց է տալիս, որ Աստված բժշկում է հիվանդներին: Բայց գուցե այդ հիվանդը, եթե երկար ապրի, նորից հիվանդանա, և գուցե նույն հիվանդությամբ, որից բժշկվել էր: Դա չի ջնջում բժշկության իրականությունը: Բժիշկը թոքաբորբի դեմ դեղ կտա և գուցե երկու օր հետո հիվանդը մեռնի այն բանից հետո, երբ բժիշկն ասել էր, որ նա լավանում է: Հիվանդությունը վերադարձավ: Բայց երբ ձեր հոգին է բժշկվում, հավիտենական կյանք ունեք:

3. Ես հավատում եմ, որ այնքան մոտ ենք մեր Տեր Հիսուսի գալստին, որ մեր ամեն հնարավորը պիտի անենք՝ բոլորին Թագավորություն տանելու համար և Թագավորությունը բոլորին բերելու համար, որպեսզի նրանց հոգին բժշկվի:

4. Մենք մտադիր չենք այս երեկո ձեզ շատ երկար պահել, որովհետև առաջին երեկոն բավականաչափ նստելու տեղեր չունենք մեր սիրելի բարեկամների համար: Մենք մտադիր ենք մի նոր եկեղեցի կառուցել, մի մեծ խորան այստեղ, կամ որտեղ որ Տերը կառաջնորդի, բայց, որքան գիտեմ, այստեղ կլինի:

5. Հավաքույթներ են լինելու չորեքշաբթիից ուրբաթ: Այս հավաքույթները կվերջանան եկող կիրակի, հետո կլինեն Սուրբ Ծննդյան արձակուրդները, բայց կվերջացնենք միայն այն ժամանակ, երբ Տերը կասի: Չգիտենք, թե ինչ արդյունքների կհասնենք: Բայց հավատում ենք, որ այս խորանի մարդիկ և նրանք, ովքեր հաճախում են մեր քույր եկեղեցիները (Յութիքայում գտնվող Սրբության խորանը, որի հովիվը Գրիմ Սնելինգ եղբայրն է, Նյու Օլբանիի եկեղեցին, որի հովիվը Ջունի Ջեքսոն եղբայրն է, և խճուղու մոտ գտնվող եկեղեցին, որը հովիվը Ռուդել եղբայրն է) փորձում են հավատացյալներին առաջնորդել Քրիստոսի հետ ավելի լավ հաղորդակցության. սա էր մեր նպատակը: Եվ առաջիկա երեկոների ընթացքում կարդալու և սովորեցնելու համար ընտրել եմ…

6. Այս երեկո խոսելու եմ այս թեմայով՝ «Ի՞նչ է Սուրբ Հոգին»: Վաղը երեկոյան քարոզի թեման կլինի՝ «Ինչու՞ Է Սուրբ Հոգին տրվել»: Եվ ուրբաթ երեկոյան (ձայնագրողներին ասեմ, որ չեմ ուզում, որ ուրբաթ օրվա քարոզը ձայնագրվի)՝ «Ինչպե՞ս կարող եմ ստանալ Սուրբ Հոգին և ինչպե՞ս իմանամ, որ ստացել եմ»: Հետո կանգ կառնենք և կտեսնենք, թե շաբաթ և կիրակի Տերը ուր մեզ կառաջնորդի: Կիրակի առավոտյան կլինի բժշկության հավաքույթ, իսկ կիրակի երեկոյան՝ ավետարանչության:

7. Այժմ ուզում եմ, որ բոլորն իմանան, որ… (գիտեմ, որ սա ձայնագրվում է), երբեք չեմ ցանկացել տարաձայնություններ ստեղծել եղբայրների մեջ. այսպիսի ավետարանչական հավաքույթների ժամանակ հյուրեր ենք ունենում տարբեր հարանվանություններից, որոնցից յուրաքանչյուրը ստացել է իր միջավայրի ուսմունքը: Եվ այդ տեսակ հավաքույթներում ես քարոզում եմ միայն ավետարանական գլխավոր ճշմարտությունները, որոնց հավատում են իմ հավաքույթը կազմակերպող եղբայրները: Բայց այս խորանում խոսում եմ այն բաների մասին, որոնց մենք ենք հավատում: Եթե որևէ բան չեք հասկանում, շատ ուրախ կլինեմ ձեզանից փոքրիկ նամակ կամ գրություն ստանալ, որում կտաք ձեր հարցերը այդ կետի վերաբերյալ: Եվ ուրախությամբ կփորձեմ կարողացածիս չափ բացատրել ձեզ այդ:

8. Գիտեք, ինչպիսի եկեղեցի էլ լինի… եթե վարդապետություն չունեք, եկեղեցի չեք: Պետք է ունենաք որևէ բան, որի վրա հենվում եք, սկզբունքներ, որոնց հետևում եք: Ինչ ճյուղավորման կամ հարանվանության էլ որ պատկանի մարդը, եթե Աստծո Հոգուց ծնված է, նա իմ եղբայրն ու քույրն է, առանց հաշվի առնելու…. Մնացած բաների վերաբերյալ կարող ենք լիովին հակառակ կարծիքներ ունենալ, բայց մենք եղբայրներ ենք: Եվ ես իմ ամեն հնարավորը կանեմ, որպեսզի օգնեմ այդ եղբորը ավելի մոտենալ Քրիստոսին, որովհետև ամեն ճշմարիտ քրիստոնյա նույնը կաներ ինձ համար:

9. Հիմա, այս խորանի վերաբերյալ… բայց դրա մասին խոսելու ժամանակը չէ: Ինչպես ձեզ խնդրեցի, կուզենայի, որ այրեիք ձեր հետևում գտնվող բոլոր կամուրջները և կարգի բերեք ձեր կյանքը, որպեսզի այս բաների մեջ մտնենք ամբողջ սրտով և մեր ողջ կյանքով: Մենք այստեղ պետք է գանք միայն մեկ նպատակով՝ պատրաստել մեր հոգիները Տիրոջ գալստյան համար և ուրիշ ոչ մի նպատակ չունենանք: Եվ ինչպես ասել ու կրկնել եմ, հնարավոր է, որ ես ասեմ կամ սովորեցնեմ մի բան, որը հակառակ լինի այն բաներին, որոնց դուք հավատում եք: Ես չեմ եկել ձեզ հակաճառելու համար, դուք այդ հասկանում եք: Մենք այստեղ ենք Տիրոջ գալստյանը պատրաստվելու համար:

10. Կարծում եմ, որ այս փոքրիկ խումբը… Այստեղ ինձ հետ են տարբեր վայրերից եկած ինձ ծանոթ եղբայրներ, որոնք եկել են ինձ այցելելու, և մենք ուրախ ենք ընդունել նրանց այստեղ: Անկասկած այստեղ կան մարդիկ, որոնք այս քաղաքից չեն, գալիս են հարևան փոքրիկ քաղաքներից: Ուրախ ենք, որ դուք այստեղ եք և զգացված ենք, որ մեզ այնքան եք սիրում, որ եկել եք լսելու այս բաները: Սիրելի եղբայրներ և քույրեր, թող դուք այստեղից տանեք Աստծո ամենամեծ գանձերը, որոնք Տերը կդնի ձեր սրտում: Սա է իմ աղոթքը:

11. Ինչ վերաբերում է այս փոքրիկ խորանին, ես հավատում եմ, որ այստեղ եկողները աշխարհի լավագույն մարդկանց թվին են պատկանում: Չեմ ասում, որ աշխարհի բոլոր լավագույն մարդիկ, այլ լավագույններից ոմանք գալիս են այս խորանը: Բայց օրեցօր, հավաքույթից հավաքույթ զգում եմ, որ այս խորանը մեծ կարիք ունի ավելի մեծ նվիրվածության, ավելի խորունկ կյանքի և Աստծո հետ ավելի մտերիմ հաղորդակցության: Եվ ես նրանց խոստացել եմ փոխանցել այս պատգամները: Եվ մենք ուրախ ենք ձեզ հրավիրել այստեղ՝ հաղորդակցվելու Աստծո Խոսքի շուրջը, այնպես ինչպես սովորեցնում ենք և փորձում հաղորդել այն:

12. Առաջիկա երեք երեկոների ընթացքում քարոզի համար որևէ թեմա չենք վերցնելու, այլ պատգամ ենք բերելու Աստծո Խոսքի ուսմունքից: Ես ոչ ոքի չէի խնդրի անել այն, ինչը ես ինքս չէի անի: Այս շաբաթը իսկական Գողգոթա էր ինձ համար: Այլևս ոչինչ չէի հասկանում, գլուխս կորցրել էի: Բայց սեփական կամքս լիովին ենթարկեցի Տիրոջը և կատարելապես հնազանդվեցի Նրան:

13. Անցած գիշեր, կեսգիշերից քիչ անց ես ու կինս վեր կացանք, աղոթեցինք, խոսեցինք Տիրոջ հետ մեր դիմաց գտնվող սենյակում՝ բացելով մեր Սուրբ Գրքերը՝ մենք նորից մեզ ընծայեցինք Տիրոջը, որ լիովին ծառայենք Նրան՝ մերժելով մեր սեփական կամքը և ամեն բացասական միտք: Եվ խոստացանք ծառայել Տեր Հիսուսին: Կարծում եմ, որ ձեր վերաբերմունքն էլ նույնն է, և դուք նույն բանն եք արել: Եվ այս երեկո մենք սուրբ հողի վրա ենք, այն մարդանց մեջ, որոնք ծոմ են պահել ու աղոթել են, ուղղել են իրենց սխալները և պատրաստվել են Տիրոջից որևէ բան ստանալու: Եվ գիտեմ, որ քաղցած եկողը քաղցած չի վերադառնա, որովհետև Աստված կկերակրի նրան Կենաց Հացով:

14. Այժմ Սուրբ Գիրքը բացելուց առաջ մեր գլուխները մի պահ խոնարհենք աղոթքի համար:

15. Տեր, այս երեկո արդեն աղոթքներ բերվել են Քո առջև: Քո զավակները երգել են Սիոնի երգերից: Նրանց սրտերը բարձրացել են դեպի Քեզ: Մենք եկել ենք այստեղ Քեզ նվիրվելու, մեր հոգու խորքից Քեզ երկրպագելու: Եվ մենք հիշեցնում ենք Քեզ, Տեր, Քո ասածը, երբ Դու լեռան վրա էիր և սովորեցնում էիր Քո աշակերտներին. «Երանի նրանց, ովքեր Ճշմարտության քաղցն ու ծարավն ունեն, որովհետև նրանք կկշտանան»: Դու այդ խոստացել ես, Տեր: Մենք այս երեկո եկել ենք բաց սրտով, քաղցով ու ծարավով և գիտենք, որ Դու կպահես Քո խոստումը:

16. Մինչ մենք անհամբերությամբ ուզում ենք բացել այս Գրքի սրբազան էջերը՝ այնտեղից հանելու համար դրա գանձերը, թող Սուրբ Հոգին վերցնի այդ խոսքերը և դնի յուրաքանչյուր սրտում: Եվ թող այս սերմը ընկնի պարարտ և խորունկ հավատքի մեջ, որը կաճեցնի Խոսքում արված բոլոր խոստումները: Լսիր մեզ, Տեր, մաքրիր և փորձիր մեզ: Եվ եթե Տեր, մեր մեջ կա որևէ անմաքուր բան, որևէ չխոստովանված մեղք, որևէ սխալ բան, հայտնիր մեզ անմիջապես, Տեր և մենք դա կարգի կբերենք առանց հետաձգելու, որովհետև հասկանում ենք, որ ապրում ենք Տեր Հիսուսի գալստյան շուքի ներքո: Ով սուրբ Աստված, մենք եկել ենք Քո արդարության հովանու տակ և խնդրում ենք նոր ընծայում, և թող Սուրբ Հոգին լցնի մեր կյանքերը:

17. Տեսնելով, որ հոգևոր արթնության կրակները սկսում են մարել, թող այնտեղ նետենք Խոսքի փայտը, որ նոր կրակ վառի, որ մեր սրտերը ջերմեռանդությամբ լեցուն լինեն: Սրբացրու մեզ, Տեր. խնդրում ենք Քեզ Քո թանկագին Խոսքով, Քո Արյունով և Քո Շնորհքով, մեր ողջ գոհությունն ու փառաբանությունը Քեզ են պատկանում: Մեր սրտերից հանիր ամեն նախապաշարմունք, Տեր: Մաքրիր մեզ, Տեր: Տուր մեզ մաքուր սիրտ, մաքուր ձեռքեր և հոգի, որ ամեն երեկո մտնենք Քո սրբարանը ուրախ և Հոգով լցված: Մենք այդ խնդրում ենք Հիսուսի Անունով և Նրա փառքի համար:

18. Ես ուզում եմ անմիջապես Խոսքը կարդալ: Եվ մինչ դուք բացում եք ձեր Աստվածաշունչը, պատրաստում եք ձեր թղթերն ու գրիչները նշումներ անելու համար.. եթե ուզում եք այդ անել, շատ լավ կլինի: Եվ մինչ դուք պատրաստվում եք, բացենք Գործք առաքելոց գրքի յոթերորդ գլուխը՝ պատասխանելու կամ սկսելու պատասխանել այս հարցին՝ «Ի՞նչ է Սուրբ Հոգին»:

19. Ոչինչ չի հաղթի սատանային, երկրի վրա ոչինչ սատանային չի հաղթել Աստծո Խոսքից բացի: Հիսուսը մեծ ճակատամարտում Խոսքից օգտվեց և ասաց. «Գրված է…»:

20. Վերջերս ռադիոյով մի հաղորդում էի լսում, որը փորձում էր ապացուցել, որ աշխարհի ստեղծումը եղել է ֆոսֆատի մոխիրների և մի քանի այլ քիմիական տարրերի կուտակումից, և արևի ճառագայթները ստեղծել են կյանքի սաղմը և կյանք են տվել: Դա ծիծաղելի է, որովհետև արևը սպանում է ցանկացած կյանքի սաղմ: Սաղմը դրեք արևի տակ, անմիջապես կմեռնի: Բայց սատանան փորձում էր ինձ համոզել դրանում: Եվ այս առավոտ իմ փոքրիկ Ռեբեկային դպրոց տանելուց հետո, վերադարձա և միացրի ռադիոն, հետո կարծելով, որ նույն հիմարություններն եմ լսելու, անմիջապես անջատեցի: Երբ վերադարձա տուն, սատանան ինձ ասաց. «Գիտե՞ս, որ այն մարդը, որին դու Հիսուս ես անվանում, սովորական մարդ էր, ինչպես Բիլլի Գրեհեմը կամ Օրալ Ռոբերտսը: Դա պարզապես մի մարդ էր, որի շուրջը որոշ մարդիկ հավաքվեցին և ասացին. «Նա մեծ մարդ է»: Որոշ ժամանակից էլ ավելի մեծ դարձավ, նրանց համար Աստված դարձավ: Եվ հիմա Նրա մահից հետո այս հավատալիքը տարածվեց ամբողջ աշխարհում: Ահա ամենը»:

21. Ես մտածեցի. «Ինչպիսի՜ ստախոս ես դու»: Եվ Գրեհեմի փողոցով անցնելով շրջվեցի և ասացի. «Սատանա, դու, որ խոսում ես իմ մտքի հետ, քեզ մի քանի հարց պետք է տամ: Ո՞վ էր Նա, ում մասին ասել էին հրեա մարգարեները: Ո՞վ էր Օծյալ Մեսիան: Ի՞նչ կար այդ մարդկանց վրա, որոնք կանխասեցին Նրա գալուստը և Նրա կյանքը պատմեցին Նրա երկիր գալուց հազարավոր տարիներ առաջ: Ո՞վ ամեն բան կանխասեց ամենափոքր մանրամասներով: Եվ երբ Նա եկավ, ասացին. «Մեղավորների շարքը դասվեց»: Այդպես եղավ: Նրա գերեզմանը հարուստի հետ եղավ, բայց երրորդ օրը հարություն առավ: Հենց այդպես էլ կատարվեց: Եվ հետո, Նա խոստացավ Սուրբ Հոգին, և ես ստացա: Այնպես, որ սատանա, լավ կանես՝ հեռանաս, որովհետև այդ բաները գրված են Խոսքում, իսկ Խոսքի ամեն բառը Ճշմարտություն է»: Այնժամ սատանան հեռացավ: Պարզապես մեջբերում արեք Խոսքից. դա բավական է: Նա տանել չի կարող Խոսքը, որովհետև Խոսքը ներշնչված է:

Այս երեկո սկսենք կարդալ Գործք առաքելոց գրքի 7-րդ գլխից. «Եվ քահանայապետն ասաց. «Արդյո՞ք այդ բաներն այդպես են»: Նա էլ ասաց. «Մարդի՛կ, եղբայրնե՛ր ու հայրեր, լսեցե՛ք. փառքի Աստվածը երևաց մեր հայր Աբրահամին, որ Միջագետքում էր՝ դեռևս Խառանում բնակություն չհաստատած, և նրան ասաց. «Քո երկրից ու ազգականներից դուրս արի և եկ այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ»: Այն ժամանակ քաղդեացիների երկրից դուրս եկավ, Խառանում բնակվեց, և նրա հոր մեռնելուց հետո նրան այնտեղից փոխադրեց այս երկիրը, որտեղ հիմա դուք բնակվում եք: Եվ սրա մեջ նրան ժառանգություն չտվեց, ոչ էլ մի ոտնաչափ, և նրան խոստացավ այս տեղն իրեն ունեցվածք տալ, իսկ նրանից հետո՝ նրա սերնդին՝ դեռ որդի չունեցած: Եվ Աստված այսպես խոսեց. «Նրա սերունդն օտար երկրում պանդուխտ կլինի, ու նրան ծառա կդարձնեն, չորս հարյուր տարի կչարչարեն: Եվ այն ազգին, որին կծառայեն, ես կդատեմ,— ասաց Աստված,— ու դրանից հետո կգան և այնտեղ ինձ կպաշտեն»: Եվ նրան թլփատության ուխտը տվեց. հետո Իսահակին ծնեց, ութերորդ օրը նրան թլփատեց, և Իսահակը՝ Հակոբին, իսկ Հակոբը՝ տասներկու նահապետներին»:

Այստեղից կսկսենք խոսել այսօրվա հիմնական թեմայի շուրջ՝ «Ի՞նչ է Սուրբ Հոգին»: Պատճառը, որի համար ընտրեցի այս թեման, այն է, որ դուք չեք կարող ստանալ Սուրբ Հոգին, եթե չիմանաք, թե Ով է Նա: Եվ դուք չեք կարող Նրան ընդունել (եթե նույնիսկ գիտեք, թե ով է Նա), եթե չգիտեք, թե ինչու է Նա տրվել և Նա ձեզ համար է: Այնուհետև չեք կարող իմանալ, թե արդյոք ստացել եք Սուրբ Հոգին, եթե չգիտեք, թե ինչ է Նա ձեզ բերում: Ուրեմն, եթե գիտեք, թե Ով է Նա, Ինչ է Նա, ինչ է Նա ձեր մեջ գործում, երբ իջնում է ձեզ վրա, կիմանաք, թե ինչ ունեք, երբ Նա գա ձեր մեջ: Տեսնու՞մ եք: Ավելացնելու բան չկա:

22. Այսօր հենց այդ էի ասում մեր Ջեֆրիս եղբորը: Նա ինձ ասել էր. «Կուզենայի այս երեկոյան հավաքույթի գալ, բայց վաղը երեկոյան կգամ»: Նա չգիտեր, որ հավաքույթ կար, որովհետև այստեղ մենք չէինք հայտարարել այդ մասին: Լեո եղբայրը և մյուսները գրել էին մեր ընկերներից ոմանց, որոնք այս քաղաքից չեն: Քանի որ տեղ չկար…

23. Ես ասացի. «Ջեֆրիս եղբայր, եթե դուք ինձ ուղարկեիք ձեր նավթաշտարակներից մեկը, երբ ես ոչ մի գաղափար չունեմ դրանց մասին, ես հավանաբար կպայթեցնեի այն: Սխալ կոճակ կսեղմեի կամ սխալ շարժիչ գործի կդնեի: Օգտագործելուց առաջ նախ պետք է սովորեմ օգտագործել»: Նույնը վերաբերում է ձեզ, որ եկել եք Սուրբ Հոգին ստանալու. դուք պետք է իմանաք, թե ինչու եք եկել, ինչպես ստանալ, և ով է Նա:

24. Առաջին, Սուրբ Հոգին խոստացված է: Այդ մասին կարող էինք խոսել տասը շաբաթ և միայն թեթևակի կշոշափեինք այս թեման. Ի՞նչ է Սուրբ Հոգին: Բայց նախ ուզում եմ խոսել այնքան, որ ձեզ ընդհանուր գաղափար տամ ամեն երեկո, իսկ հաջորդ օրը հարցեր կտաք:

25. Նրանք, ովքեր Սուրբ Հոգով մկրտված չեն, Սուրբ Հոգին չեն ստացել, թող ձեռք բարձրացնեն: Այժմ, Սուրբ Հոգու մասին ուզում եմ խոսել որպես Նշանի, որովհետև Նա նշան է: Հասկանում ենք, որ մեզ բոլոր խոստումները տրվել են… Աբրահամը խոստումի հայրն էր, որովհետև Աստված խոստումը տվել էր Աբրահամին և Իր սերունդին: Եվ այդ Նշանը տրվեց ընտրյալ ժողովրդին:

26. Մեծ տարբերություն կա սովորական քրիստոնյայի և Սուրբ Հոգով լցված քրիստոնյայի միջև: Մենք դա կարող ենք գտնել Սուրբ Գրքում: Ահա քրիստոնյան ասում է, որ ինքը քրիստոնյա է: Բայց եթե այդ քրիստոնյան դեռ Սուրբ Հոգով լցված չի, նա միայն պատրաստվում է քրիստոնյա դառնալ: Տեսնու՞մ եք: Նա ջանում է հավատալ, ջանք է թափում դրա համար, բայց Աստված դեռ չի տվել նրան Սուրբ Հոգու պարգևը: Աստծո համար նա դեռ չի հասել այդ նպատակին, որ Աստված ճանաչի այդ:

27. Որովհետև Աստված ուխտ արեց Աբրահամի հետ նրան կանչելուց հետո. դա այն կանչի խորհրդապատկերն է, որը ստանում է այսօրվա հավատացյալը… Նա կանչեց Աբրահամին, և Աբրահամը թողեց իր երկիրը և եկավ ապրելու մի օտար երկրում, օտար ժողովրդի մեջ: Եվ այս նույն կանչը Աստված ուղղում է մարդուն, որ մարդը թողի իր չարությունը և զղջա իր մեղքերի համար: Այնժամ նա դուրս է գալիս իր ապրած միջավայրից՝ ուրիշ միջավայրում, այլ մարդկանց մեջ ապրելու համար: Եվ այն բանից հետո, երբ Աբրահամը հավատարիմ գտնվեց Աստծո խոստումին (որ զավակ էր ունենալու և այդ զավակի միջոցով ողջ երկիրն օրհնվելու էր), Աստված նրա ճանապարհը հաստատեց մի նշանով. այդ նշանը թլփատությունն էր: Եվ թլփատությունը Սուրբ Հոգու խորհրդապատկեր է:

28. Սրանք մեր կարդացած համարներին հաջորդող համարներն են, եթե ուզում եք նշել: Ստեփանոսն ասում է 51-րդ համարում. «Խստապարանոցներ և սրտերով ու ականջներով չթլփատվածներ, դուք Սուրբ Հոգուն միշտ հակառակվում եք. ինչպես ձեր հայրերը, այնպես էլ դուք»:

29. Թլփատությունը Սուրբ Հոգու խորհրդապատկեր է: Եվ Աստված տվեց Աբրահամին թլփատության նշանը այն բանից հետո, երբ նա ընդունեց խոստումը և գնաց օտար երկիր: Տեսնու՞մ եք: Դա նշան էր: Եվ բոլոր իր երեխաները և իրենցից հետո եկող սերունդները պետք է մարմնում ունենային այդ նշանը,

որպեսզի նրանք զանազանվեն բոլոր մյուս ժողովուրդներից: Թլփատության նշանը նրանց մյուս ժողովուրդներից զանազանելու համար էր: Հենց այդ է անում Աստված այսօր: Սրտի թլփատության նշանը՝ Սուրբ Հոգին, Աստծո Եկեղեցուն զատում է մյուս հավատամքներից, դավանություններից և հարանվանություններից: Նրանք հարանվանությունների հետ են, բայց զատված ժողովուրդ են:

30. Եթե մարդու հետ երկու րոպե խոսեմ, կարող եմ ասել՝ Սուրբ Հոգին ստացել է, թե ոչ: Դուք էլ կարող եք այդ իմանալ: Դա նրանց զանազանում է, դա կնիք է, Նշան է: Սուրբ Հոգին նշան է: Հին Կտակարանում ամեն զավակ, որ մերժում էր թլփատությունը (որը Սուրբ Հոգու խորհրդապատկեր էր), դուրս էր հանվում ժողովրդի միջից: Նա չէր կարող մյուսների հետ հաղորդակցություն ունենալ, եթե մերժում էր թլփատությունը: Տեղափոխեք սա մեր ժամանակաշրջան: Սուրբ Հոգու մկրտությունը մերժող անձնավորությունը չի կարող հաղորդակցվել Սուրբ Հոգով մկրտվածների հետ: Դա հնարավոր չէ: Դուք պետք է նույն բնույթն ունենաք:

31. Դա նման է… Մայրս սովորություն ուներ ասելու. «Ամեն թռչուն իր երամն ունի»: Այո, հին ասացվածք է, բայց ճշմարիտ: Դուք չեք տեսնի, որ աղավնիներն ու ագռավները ընկերություն անեն: Նրանց կերակուրները տարբեր են, նրանց սովորություններն ու ցանկությունները տարբեր են: Նույն տարբերությունը կա աշխարհի և Սուրբ Հոգու թլփատություն ստացած քրիստոնյայի մեջ, որն ազատված է մարմնից:

32. Թլփատությունը միայն տղամարդկանց համար էր: Բայց եթե կինը ամուսնանում էր մեկի հետ, դառնում էր նրա մասնիկը. նա թլփատված էր նրա հետ: Հիշեք Տիմոթեոսի թղթից այս հատվածը. «Սակայն կփրկվի որդեծնությամբ, եթե պարկեշտությամբ մնա հավատի, սիրո և սրբության մեջ»:

33. Թլփատությունը… գիտեք, Սառան ինքն իրեն ծիծաղեց վրանում՝ լսելով Հրեշտակի պատգամը, երբ նա ասաց. «Աբրահա՛մ (վերջինս չգիտեր, թե ով է այդ Օտարականը), որտե՞ղ է քո կին Սարան»: Որտեղի՞ց գիտեր, որ նա կին ունի:

34. Ինչպես Հիսուսն ասաց. «Ինչ որ կատարվել է Ղովտի օրերում, կլինի նաև Մարդու Որդու օրերում»: Հիշեք, այդ նշանները ցույց չտրվեցին Սոդոմին ու Գոմորին, ոչ էլ կրոնավոր մարդկանց, այլ ընտրյալներին, որոնք կանչված էին: Աբրահամը ընտրյալ էր: «Եկեղեցի» բառը նշանակում է «կանչված, «ընտրված», ինչպես Աբրահամն էր զատված և թլփատված: Երբ Սառան ծիծաղեց լսելով հրեշտակի պատգամը, Աստված անմիջապես նրան կսպաներ, բայց Նա չէր կարող հարվածել Սառային՝ առանց հարվածելու Աբրահամին, որովհետև նրանք մեկ էին: Սառան նրա մասնիկն էր: Նրանք երկու չէին, այլ մեկ:

35. Ինչ վերաբերում է մեր օրերի թլփատությանը, Սուրբ Հոգին է թլփատում սրտերը, և դա մեզ տրված նշանն է: Վերջերս մեկն ասաց… Ես դա կատակի նման չեմ կրկնում, որովհետև ճշմարտություն է, թեև կատակի պես է հնչում: Ինչպես հաճախ ասել եմ. «Այս վայրը կատակի տեղ չի»: Արևմտյան ափում, ուր վերջերս եղել ենք, կար մի գերմանացի: Նա Սուրբ Հոգին ստացավ և իջավ փողոց. նա մի քանի քայլ էր անում, հետո բարձրացնում էր ձեռքերը և սկսում էր լեզուներով խոսել, հետո սկսում էր վազել, ցատկել և աղաղակել: Աշխատանքի վայրում շարունակում էր իրեն նույն կերպ պահել, և նրա ղեկավարը հարցրեց իրեն. «Ու՞ր էիր գնացել (ես սիրում եմ այն տեղերը, ուր գնացել էր)»: Հետո ասաց. «Երևում է՝ գնացել ես այդ խելագարների խումբը»: Նա պատասխանեց. «Դուք կարծում եք, թե նրանք խելագա՞ր են»: «Անշուշտ, խելագար են»,— պատասխանեց նա:

36. Նա պատասխանեց. «Փառք Տիրոջը խելագարների համար» (բառախաղ անգլերենում. «nut» բառը նշանակում է խելագար, տարօրինակ, նաև մանեկ. ծան. թարգմ.): Հետո ավելացրեց. «Գիտեք, որ մանեկները մեծ կարևորություն ունեն, օրինակ՝ ավտոմեքենայի մեջ: Հանեք ավտոմեքենայի բոլոր մանեկները, և կմնա միայն երկաթների կույտ»: Դա ճիշտ է:

37. Երբ Սուրբ Հոգին գալիս է ձեր մեջ, դուք այնքան ուրիշ եք դառնում, որ աշխարհն այլևս ձեզ չի սիրում, հակառակվում է ձեզ և չի ուզում գործ ունենալ ձեզ հետ: Դուք ուրիշ աշխարհում եք ծնվել, դուք նույնքան օտար եք…տասն անգամ ավելի օտար եք, քան եթե գայիք աֆրիկյան ջունգլիի ամենահեռավոր վայրերից: Երբ Սուրբ Հոգին գալիս է, դուք ուրիշ եք դառնում: Նա Նշան է, կնիք է ժողովորդի մեջ:

38. Դուք կասեք. «Բրանհամ եղբայր, թլփատության նշանը տրվեց Աբրահամին և իր սերնդին»: Այո, դա ճիշտ է:

39. Այժմ կարդանք Գաղատացիս թղթի 3-րդ գլխի 21-րդ համարը և տեսնենք, թե դա ինչպես է մեզ վերաբերում: Գաղատ.3:29: Տեսնենք, թե թլփատությունը ինչպես կարող է վերաբերել հեթանոսներին (ծնունդով մենք հեթանոսներ ենք): Այժմ կարդալու եմ 16-րդ համարը. «Եվ Աբրահամին ու նրա որդուն այն խոստումները տրվեցին: Չի ասում՝ «Եվ սերունդներին», ինչպես շատերի, այլ ինչպես մեկին՝ «Եվ քո սերնդին», որ է Քրիստոս»:

40. Քրիստոսը Աբրահամի սերունդ էր: Հավատու՞մ եք դրան: Շատ լավ: Այժմ կարդանք 28 և 29 համարները. «Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով: Եվ դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի զավակ եք ու խոստման համաձայն՝ ժառանգներ»: Ինչպե՞ս կարող ենք պատկանել Աբրահամի սերնդին: Մենք Աբրահամի սերնդից ենք, եթե ապրում ենք Քրիստոսի մեջ: Իսկ ո՞րն էր Աբրահամի սերունդը: Կարող էինք վկայակոչել Հռոմ. 4-րդ գլուխը և ուրիշ հատվածներ էլ… Աբրահամը խոստումը չստացավ թլփատությունից հետո: Ցույց տալու համար, որ թլփատությունը միայն խորհրդապատկեր էր, նա խոստումը ստացավ թլփատությունից առաջ: Եվ այդ խորհրդապատկերը ցույց է տալիս, որ նույնիսկ թլփատությունից առաջ նրա հավատքը համարվեց արդարություն:

41. Երբ բնակվում ենք Քրիստոսի մեջ, մասնակից ենք դառնում Աբրահամի սերնդին և ժառանգորդ ենք Քրիստոսի հետ: Ուրեմն, ով էլ որ լինենք, հրեա թե հույն… Աբրահամի սերունդն ունի Աբրահամի հավատքը և կառչում է Աստծո Խոսքից: Ինչքան էլ ծիծաղելի թվա, ինչքան էլ տարօրինակ կամ խորթ լինեք, դուք կառչում եք Աստծո Խոսքից՝ առանց որևէ բանով մտահոգվելու:

42. Աբրահամը (75 տարեկան) և Սառան (65 տարեկան) կառչեցին Աստծո Խոսքից և ոչ մի կարևորություն չտվեցին այն բանին, ինչ հակառակ էր Նրա Խոսքին: Ձեր կարծիքով ի՞նչ էին մտածում այն ժամանակի բժիշկները: Ձեր կարծիքով մարդիկ ի՞նչ էին մտածում տեսնելով 75 տարեկան մի ծերունու, որը Աստծուն փառաբանում է այն բանի համար, որ երեխա է ունենալու 65 տարեկան կնոջից, այսինքն՝ դաշտանադադարից մոտ 25 տարի հետո: Բայց Աբրահամի այդ հավատքը ձեզ կարող է տարօրինակ դարձնել:

43. Նույնը կատարվում է, երբ թլփատվում եք Սուրբ Հոգով: Նա ձեզ մղում է անելու բաներ, որոնք նախկինում երբեք չէիք անի: Նա ձեզ մղում է ընդունելու Աստծո խոստումը և հավատալ դրան:

44. Բայց Սուրբ Հոգին ոչ միայն խոստում է և Նշան, այլև Կնիք: Հիմա, եթե ուզում եք, միասին կարդանք հռոմեացիներին ուղղված նամակը… նախ կարդանք եփեսացիներին ուղղված նամակի 4-րդ գլխի 30-րդ համարը: Կարդանք այդ հատվածը: Եփեսացիներին, 4-րդ գլուխ, համար 30… Դուք տեսել եք շատ մարդկանց, որոնք կնիք են համարում ինչ ասես: «Եթե մտնում եք մի եկեղեցի, ստանում եք եկեղեցու կնիքը»: Մյուսներն ասում են, որ պետք է պահել շաբաթ օրը և դա Աստծո Կնիքն է: Ուրիշներն էլ ասում են. «Եթե որևէ հարանվանության անդամ ենք, կնքված ենք Աստծո Թագավորության համար»: Իսկ Աստվածաշունչն ասում է. «Թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ»:

45. Այժմ կարդանք եփեսացիներին ուղղված նամակի 4-րդ գլխի 30-րդ համարը. «Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար»:

46. Այժմ մի քիչ խիստ կթվա: Սիրելի օրինապաշտ եղբայրներ, մի պահ համբերատար եղեք: Նկատե՞լ եք, թե ինչքան է տևելու այդ կնիքը: Ոչ թե մինչև հաջորդ արթնություն, ոչ թե մինչև այն օրը, երբ ինչ-որ բան այնպես չի լինի, այլ «մինչև փրկության օրը»: Ահա թե մինչև երբ եք կնքված մնում: Մինչև ձեր փրկագնման օրը, մինչև փրկագնվեք Աստծո հետ լինելու համար: Ահա թե մինչև երբ է Սուրբ Հոգին ձեզ կնք ում: Ոչ թե արթնությունից արթնություն, այլ հավիտենությունից հավիտենություն: Ահա թե ինչ է Սուրբ Հոգին՝ Նա Աստծո Կնիքն է, որովհետև դուք շնորհք եք գտել Նրա առաջ, Նա սիրում և վստահում է ձեզ և կնքել է ձեզ Իր Կնիքով: Ի՞նչ է կնիքը: Կնիքը ցույց է տալիս լիովին կատարված գործ: Ամեն: Աստված ձեզ փրկել է, սրբացրել, մաքրել, դուք շնորհք եք գտել Նրա առաջ, Նա կնքել է ձեզ Իր կնիքով: Նրա գործն ավարտված է: Դուք Նրա աշխատանքն եք մինչև ձեր փրկագնման օրը: Կնքված բանը ավարտուն է: Ի՞նչ է Սուրբ Հոգին: Նշան է: Այդ մասին կխոսենք հետագայում, մեկ ուրիշ պատգամում: Նշան, որի մասին խոսում է Պողոսը: Լեզուները նշան էին հավատացյալների… ավելի ճիշտ՝ անհավատների համար:

47. Ուշադրություն դարձրեք. Սուրբ Հոգին Նշան է… ուզում եմ ասել՝ Կնիք է: Դա այն Նշանն է, որ Աստված տվել է Իր զավակներին, ում ընտրել է: Նրան մերժել նշանակում է դուրս մնալ ընտրյալների շարքից, իսկ Նրան ընդունել նշանակում է մերժել աշխարհը և աշխարհի բաները, լինել մի բան, ինչի վրա Աստված դրել է Իր հավանության կնիքը:

48. Ես Հարրի Վաթըրբերիի հետ աշխատում էի երկաթուղում: Մենք բեռնավորում էինք վագոնները: Իմ եղբայր Դոկը կանգնում էր հետևում, որ օգներ բեռնավորելու վագոնները: Երբ վագոնը բեռնավորված էր, հսկիչը ստուգում էր այն. եթե ինչ-որ բան լավ կապված չէր, նա չէր կնքում այդ վագոնը, մինչև որ լիովին բեռնավորվեր և կարգին վիճակում լիներ, որպեսզի վագոնացնցումները չվնասեին բեռները:

49. Նույնը մեզ է վերաբերում: Եթե Կնիքը չենք ստանում, պատճառն այն է, որ մեր մեջ ամեն բան կարգին չէ: Երբ Տեսուչը գա քննելու մեր կյանքը և տեսնի, որ մենք չափազանց անփույթ ենք ամեն բանում, անփույթ ենք մեր աղոթքի կյանքում, անփույթ ենք մեր բնավորության մեջ կամ ուրիշների մասին խոսելիս, Նա չի կնքի վագոնը: Եթե կան որոշ անմաքուր սովորություններ, չար բաներ, հոգու գռեհկություն, Նա չի կնքի այդ վագոնը: Բայց երբ Տեսուչը տեսնում է, որ ամեն բան կարգին է, դնում է Իր Կնիքը: Թող ոչ ոք չհամարձակվի բացել այդ Կնիքը, մինչև մեքենան հասնի իր նշանակման վայրը: Այդպես է: «Մի դիպչեք Իմ օծյալներին, չարիք մի արեք իմ մարգարեներին, որովհետև ասում եմ ձեզ, ավելի լավ է ջրաղացի քար կապեն ձեր պարանոցին և ձեզ ծովի անդունդը նետեն, քան թե վիրավորեք կամ նվազագույն չարիք անեք այս փոքրերից մեկին, որոնք կնքված են»: Տեսնու՞մ եք, թե դա ինչ է նշանակում:

50. Ահա թե ինչ է Սուրբ Հոգին. Նա ձեր Ապահովագրությունն է, Պաշտպանությունը, Վկան, Կնիքը, այն Նշանը, որը ցույց է տալիս, որ դուք սահմանված եք երկինք գնալու: Ինչ ուզում է թող սատանան ասի, ես սահմանված եմ երկինք գնալու: Ինչու՞: Որովհետև Նա ինձ կնքել է, Նա ինձ տվել է Կնիքը: Նա ինձ կնքել է Իր Թագավորության համար, և ես ճանապարհ եմ ընկել դեպի Փառք: Թող քամիները փչեն, թող սատանան անի այն, ինչ ուզում է. Աստված ինձ կնքել է մինչև իմ փրկագնման օրը: Ամեն: Ահա թե ինչ է Սուրբ Հոգին: Ոհ, դուք պետք է փափագեք Նրան: Ես չեմ կարող առանց Նրա: Շատ բաներ կարելի էր ասել այս թեմայի վերաբերյալ, բայց ես վստահ եմ, որ դուք գիտեք, թե ինչ եմ ուզում ասել:

51. Այժմ կարդանք Հովհաննեսի Ավետարանի 14-րդ գլուխը: Ես սիրու՛մ եմ Խոսքը: Այն Ճշմարտությունն է: Աստծո Հոգին, Սուրբ Հոգին… Ի՞նչ է Սուրբ Հոգին: Քրիստոսի Հոգին է ձեր մեջ:

52. Կարդալուց առաջ կուզեի մի քանի բացատրություններ տալ: Ի՞նչ է Սուրբ Հոգին: Կնիք է: Ի՞նչ է Սուրբ Հոգին: Ուխտ է: Ի՞նչ է Սուրբ Հոգին: Նշան է, Քրիստոսի Հոգին է ձեր մեջ: Տեսնու՞մ եք: Հիսուսն ասում է.

«Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհը Ինձ չի տեսնի, բայց դուք կտեսնեք, որովհետև ձեզ հետ և ձեր մեջ կլինեմ մինչև աշխարհի վերջը»:

53. Ինչու՞ Աստծո Հոգին պետք է լինի Իր Եկեղեցում: Ինչու՞ Նա արեց այդ (իրականում դա վաղվա թեման է): Ինչու՞ Սուրբ Հոգին եկավ: Ինչու՞ իջավ ձեր մեջ: Ինչու՞ իջավ իմ մեջ: Աստծո գործը շարունակելու համար:

54. «Ես միշտ անում եմ այն, ինչ հաճելի է իմ Հորը: Ես չեմ եկել կատարելու Իմ սեփական կամքը, այլ Իմ Հոր կամքը: Ինձ ուղարկող Հայրը ինձ հետ է: Ինչպես Հայրն ինձ ուղարկեց, այնպես էլ Ես եմ ձեզ ուղարկում»: Ո՛հ, Հայրն է Նրան ուղարկել, մտել է Նրա մեջ: Հիսուսին ուղարկող Հայրը Նրա մեջ էր, գործում էր Նրա միջոցով: Ձեզ ուղարկող Հիսուսը քայլում է ձեզ հետ և ձեր մեջ է: Եվ եթե Քրիստոսի մեջ բնակվող Հոգին Նրան մղել է անելու այն, ինչ Նա արել է, ուրեմն կարող եք պատկերացում ունենալ, թե ինչ կանի Նա, երբ ձեր մեջ լինի: Որովհետև այդ Կյանքը չի կարող փոխվել: Նա կգնա մարմնից մարմին, բայց Իր բնությունը չի փոխի, որովհետև Աստված է:

55. Այժմ կարդանք Հովհաննեսի Ավետարանի 14-րդ գլխի 10-րդ համարը. «Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն իմ մեջ է: Այն խոսքերը, որ ես խոսում եմ ձեզ հետ, ինձանից չեմ խոսում, այլ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է այդ գործերը կատարում (մտածեք այդ մասին): Հավատացեք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրն իմ մեջ է: Ապա թե ոչ հենց այդ գործերի համար հավատացեք ինձ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինձ հավատացողն այն գործերն էլ կանի, որ ես եմ անում, և դրանցից էլ ավելի մեծ բաներ կկատարի որովհետև Ես Իմ Հոր մոտ եմ գնում»: Տեսնու՞մ եք, թե Նա ինչ է ասում: Այժմ կարդանք շարունակությունը: Կարդալու եմ մինչև 20-րդ համարը: «Եթե Իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ : Եթե Ինձ սիրում եք, Իմ պատվիրանները պահեցեք: Եվ Ես Հորը կաղաչեմ (ուշադրություն դարձրեք), և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. Ճշմարտության Հոգին, որին աշխարհս չի կարող ընդունել, որովհետև Նրան չի տեսնում և ոչ էլ ճանաչում է Նրան: Բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ պիտի լինի»:

56. Ո՞վ է ուրեմն այդ Հոգին: Ի՞նչ է Սուրբ Հոգին: Քրիստոսն է ձեր մեջ, ձեր Մխիթարիչն է. ահա թե ով է Սուրբ Հոգին: «Երբ Մխիթարիչը գա, կանի այն գործերը, որոնք Ես էի անում, երբ Նա իմ մեջ էր: Ես Հորը կխնդրեմ, որ ձեզ այդ Մխիթարիչը տա: Դուք ճանաչում եք Մխիթարչին, բայց աշխարհը չի ճանաչում և չի ճանաչի երբեք: Իսկ դուք ճանաչում եք, որովհետև Նա ապրում է ձեզ հետ և ձեր մեջ»: Ահա Նա է Մխիթարիչը: «…ու ձեր մեջ պիտի լինի»: «Ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ (Մխիթարիչը Քրիստոսն է: Սուրբ Հոգին Քրիստոսն է): Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհն այլևս ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կտեսնեք, որովհետև Ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի կլինեք»:

57. Սա կարող էինք անվերջ շարունակել… Ի՞նչ է Նա: Նա Կնիք է, Նշան է, Մխիթարիչ է: Նա այդ ամենն է: Դա է ժառանգելու Աբրահամի սերունդը:

58. Այժմ բացահայտենք, թե ուրիշ ինչ է Մխիթարիչը: Կարդանք Հովհաննեսի ավետարանի 16-րդ գլխի 7-րդ համարը: Արդյո՞ք Նա նաև Դատապաշտպան չէ: Գիտե՞ք, թե ինչ է դատապաշտպանը: Նա ստանձնում է ձեր պաշտպանությունը: Մենք գիտենք, որ Դատապաշտպան ունեք: Կարդանք Հովհ.16:7 համարը: Հետևու՞մ եք: Հովհ.16:7: «Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ. լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ: Եվ նա երբ գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության և դատաստանի համար: Մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում: Արդարության համար, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում, ու ինձ այլևս չեք տեսնի: Եվ դատաստանի համար, որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է»:

59. Լավ: Դատապաշտպանը, որի մասին կարդում ենք 1 Հովհ.2:1,2 համարներում… կարդանք սա: «Իմ որդյակներ, սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս արդարին: Նա քավություն է մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի»: (անգլերեն թարգմանության մեջ և այլ թարգմանություններում «բարեխոս» բառի փոխարեն գրված է «դատապաշտպան». ծան. թարգմ.):

60. Ի՞նչ է Սուրբ Հոգին: Դատապաշտպան է: Ի՞նչ է դատապաշտպանը: Ի՞նչ է Նա անում: Նա գթություն է ցուցաբերում: Ձեր տեղն է գրավում, անում է այն, ինչ դուք չեք կարող անել: Նա քավություն է ձեր մեղքերի համար: Նա ձեր արդարությունն է, բժշկությունը, ձեր կյանքն է, ձեր հարությունը: Նա այն ամենն է, ինչ Աստված ունի ձեզ համար: Նա Պաշտպան է:

61. Կարող էինք մտնել մանրամասների մեջ և ցույց տալ, թե ինչպես է Նա մեզ համար բարեխոսում մեր անգիտության պատճառով: Երբեմն, երբ մենք ունենք Սուրբ Հոգին, առանց հասկանալու սայթաքում ենք ինչ-որ պատճառով: Սուրբ Հոգին այնտեղ է՝ մեզ համար բարեխոսելու համար: Նա մեր Պաշտպանն է, Նա մեր Բարեխոսն է: Նա ներկա է և բարեխոսում է մեզ համար: Մենք չենք բարեխոսում մեզ համար, որովհետև մեր մեջ բնակվող Սուրբ Հոգին է մեզ համար բարեխոսում: Սուրբ Հոգին միջնորդում է (երբեմն այնպիսի բառերով, որոնք չենք կարող հասկանալ) և բարեխոսում է մեզ համար: Ահա թե ինչ է Սուրբ Հոգին:

62. Երբ ես ինչ-որ բան եմ ձեռնարկում, առաջ եմ գնում փոքր երեխայի պես: Փոքր երեխայի պես ենք առաջ գնում: Մենք առաջ ենք գնում խավար աշխարհում, որը լի է թշնամիներով, մեղքով, ծուղակներով, ամեն բանով: Դուք ասում եք. «Ո՛հ, ես վախենում եմ ընդունել քրիստոնեական կյանքը: Ես վախենում եմ անել այս կամ այն»: Մի վախեցեք: Մենք Բարեխոս ունենք: Ամեն: Ո՛հ, Նա կանգնած է մեր կողքին և բարեխոսում է մեզ համար: Սուրբ Հոգին մշտապես բարեխոսում է մեզ համար, ամեն ժամանակ…

63. Նա մեր Պաշտպանն է (ո՛հ, ինչքան Տիրոջից պետք է գոհանանք դրա համար). Նա Կնիք է, Նշան է, Կյանքի Հոգի, երկնքի Աստված, Մխիթարիչ, Կյանք, Բարեխոս: Ի՞նչ է Նա: Ո՛հ, մենք կարող էինք ժամերով խոսել այդ թեմայի վերաբերյալ: Հիմա մի քանի րոպեով ուրիշ բանի մասին խոսենք:

64. Մենք կհարցնենք… Մեզ խոստացվել է վերջին օրերում… Այդ Բարեխոսը, Կնիքը, Խոստումը, այն ամենը, ինչ Նրա մասին ասացինք այս երեկո և տասը հազար անգամ ավելին: Նա մեզ խոստացվել է վերջին օրերում: Մի ժամանակ նրանք Սուրբ Հոգին չունեին, այլ միայն իրենց մարմնի մեջ որպես վկայություն, որպես նշան, կնիք ունեին, որովհետև հավատում էին, որ Նա գալու է: Եվ մարմնով թլփատվածները քայլում էին օրենքի ստվերի տակ:

65. Այսօր մենք չենք քայլում օրենքի ստվերի տակ, այլ առաջ ենք գնում Հարության զորությամբ: Մենք առաջ ենք գնում Հոգու զորությամբ, ով մեր ճշմարիտ Կնիքն է, ճշմարիտ Բարեխոսը, ճշմարիտ Մխիթարիչը, ճշմարիտ Նշանը, որը ցույց է տալիս, որ մենք վերստին ծնված ենք, առանձնահատուկ ժողովուրդ ենք, տարօրինակ, արտասովոր վարքով, որ կառչում է Աստծո Խոսքից և վատ է համարում այն, ինչ Աստծո Խոսքից չէ: Աստծո Խոսքը Ճշմարտություն է… Ահա թե ինչ է Սուրբ Հոգին:

66. Փափագու՞մ եք Նրան: Ուզու՞մ եք ստանալ Սուրբ Հոգին: Տեսնենք, թե արդյոք խոստացված է Նա: Անդրադառնանք Եսայի մարգարեի գրքին: Կարդանք 28-րդ գլուխը: Կսկսենք ութերորդ համարից: Ահա թե ինչ է ասել Եսային Նրա գալստից 712 տարի առաջ: Մենք կարող էինք դրա վերաբերյալ շատ բաներ ասել, կարող էինք մի քիչ հեռվից սկսել, բայց կսկսենք այստեղից և կտեսնենք, թե արդյոք Նա խոստացված է Եկեղեցու համար:

67. Ո՞ր օրերում Նա պետք է գար. վերջին օրերում, երբ պետք է ապականություն լիներ: Այժմ, հիշեք, որ բառը հոգնակի թվով է դրված՝ օրեր: Վերջին երկու օրերը, վերջին երկու հազարամյակները: Կարդանք ութերորդ համարը. «Որովհետև բոլոր սեղանները լիքն են պիղծ փսխվածքով, այլևս տեղ չի մնացել»:

68. Փնտրեք այսօր մաքուր սեղան: Նայենք մեր շուրջը և տեսնենք, թե արդյոք մեկը կարող ենք գտնել: Բոլոր սեղանները… նրանք գնում են Տերունական Ընթրիքին, և առաջին բանը, որ անում են նյութական իմաստով, սպիտակ հաց կամ թխվածքաբլիթ վերցնելն է. այն կտրում են և բաժանում, մինչդեռ դա պետք է արվեր Սուրբ Հոգով սրբացված ձեռքերով և պետք է օգտագործել անթթխմոր հաց: Քրիստոսը ապականված չէ, իսկ հաղորդությունը Նրան է խորհրդանշում:

69. Ավելին, հաղորդություն են տալիս այնպիսի մարդկանց, որոնք խմում են, սուտ ասում, գողանում, ծխում, ծխախոտ են ծամում, անում են ինչ ասես, եթե միայն պատկանում են իրենց եկեղեցուն: Դա լիովին սխալ է: Եթե այդպիսի մարդ Տերունական Ընթրիք է վերցնում միաժամանակ մեզ հետ, նա ուտում և խմում է իր սեփական դատապարտությունը, որովհետև չի զանազանում Տիրոջ Մարմինը: Եվ եթե նրա կյանքը կարգին չի, թող նա հեռու մնա հաղորդությունից: Եվ եթե դուք հաղորդություն չեք ընդունում, նշանակում է, որ ձեր խղճմտանքը մեղավոր է: «Նա, ով չի ուտում, ոչ մի բաժին չունի ինձ հետ»: Բայց Տիրոջ բոլոր սեղանները ծածկված են պիղծ բաներով: Մաքուր տեղ չի մնացել:

70. Նայեք, արդյո՞ք դա չի պատկերում մեր ժամանակաշրջանը: «Ու՞մ է նա գիտություն սովորեցնում, ու՞մ քարոզ հասկացնում»: Ո՞վ կհասկանա իմաստությունը: Ու՞մ կարող է Նա սովորեցնել վարդապետությունը:

—— Փառք Աստծուն, ես երիցական եմ:

—— Ես մեթոդական եմ:

—— Ես հոգեգալստական եմ:

—— Ես ուխտավոր եմ:

—— Ես սրբության ուխտավոր եմ:

Աստծո համար դա ոչ մի նշանակություն չունի. պարզապես մեկ ուրիշ սեղան:

71. «Ու՞մ կսովորեցնեմ վարդապետությունը»: Ո՞ր վարդապետությունը՝ մեթոդակա՞ն, մկրտակա՞ն, երիցակա՞ն, հոգեգալստակա՞ն: Ո՛չ, Աստվածաշնչի վարդապետությունը: «Ու՞մ է քարոզ հասկացնում»: Ինչպե՞ս եք իմանում, որ ստացել եք Սուրբ Հոգին: Այդ կտեսնենք ուրբաթ երեկոյան: Տեսնու՞մ եք:

72. «Ու՞մ է քարոզ հասկացնում»: Լավ լսեք այս: «Կաթից կտրվածների՞ն, ստինքից քաշվածների՞ն»:

73. Փոքր երեխաներն ասում են. «Ես գնում եմ եկեղեցի: Մայրս այս եկեղեցու անդամ էր»: Ոչ մի բան չունեմ դրա դեմ, սիրելի եղբայր (ես գիտեմ, որ սա ձայնագրվում է): Շատ լավ, գնացեք մայրիկի եկեղեցին: Բայց լսեք, մայրիկը քայլում էր մի լույսի մեջ, դուք՝ մեկ ուրիշ:

74. Լյութերը մի լույսի մեջ էր քայլում, Ուեսլեյը՝ մեկ ուրիշ: Ուեսլեյը քայլում էր մի լույսի մեջ, հոգեգալստականները՝ մեկ ուրիշ: Բայց այսօր ավելի առաջ ենք գնում: Եթե մեկ ուրիշ սերունդ լինի, մեզ կգերազանցի:

75. Վերադառնանք առաջին օրերին, երբ ճանապարհը լայն և ընդարձակ էր: Լյութերը քարոզեց հավատքով արդարացումը: Դա միայն մարդկանց տարավ կաթոլիկությունից բողոքականություն, Խոսքի հաղորդակցությամբ: Արդարացում հավատքով. ոլորտը լայն էր, նրանք դրանից առաջ չգնացին:

76. Հետո եկավ մեկ ուրիշ արթնություն, Ուեսլեյի արթնությունն էր: Նա նրանց սթափեցրեց ու Հարսին տարավ սրբացման՝ ապրելու ուղիղ, մաքուր, սուրբ, Աստծո Խոսքով սրբացած կյանքով, մի կյանք, որն ուրախություն է բերում ձեր սրտին: Դա շատ ցնցեց լյութերական վարդապետությունը:

77. Հետո եկավ հոգեգալստականությունը Սուրբ Հոգու մկրտությամբ, դա էլ ավելի նեղացրեց ճանապարհը՝ Սուրբ Հոգին ստանալով: Եվ պարգևները, վերականգնումը, Աստծո Հոգին մտան եկեղեցի նշանների ու հրաշքների առատությամբ և մերժեցին հոգեգալստականությունը: Ի՞նչ է սա: Մենք այնքան ենք մոտեցել Տեր Հիսուսի գալստին, որ նույն Հոգին, որ Իր մեջ էր, հիմա գործում է

Եկեղեցում՝ կատարելով նույն բաները, ինչ Նա էր անում երկրի վրա եղած ժամանակ: Առաքյալների ժամանակներից մինչև հիմա դա ոչ մի տեղ չէր եղել: Իսկ ինչու՞: Ճանապարհը լայն էր, բայց գնալով նեղանում է: Ի՞նչ է սա: Դա նման է այն բանին, երբ ձեր ձեռքը մոտենում է ստվերին, սևանկարին: Ի՞նչ է սա: Արտացոլանք: Ի՞նչ էր Լյութերը: Քրիստոսի արտացոլումը: Ի՞նչ էր Ուեսլեյը: Քրիստոսի արտացոլումը:

78. Տեսեք, Բիլլի Սանդեյի ժամանակը նոր է վերջացել: Վերջերս ծեր դոկտոր Ուիթնին՝ հին դպրոցից վերջինը (նա սովորեցրել է հենց այս ամբիոնում,) մեռավ, կարծեմ, մոտ իննսուն տարեկանում: Իր ժամանակին Բիլլի Սանդեյը հարանվանությունների աչքում նորարար էր երևում: Նա ձևականություններ չէր պահպանում. կանգնում էր ու աղաղակում. «Դուք, մեթոդականներ, քարոզիչներ և մյուսներ, հետևեք ճիշտ ճանապարհին, դուք, մկրտականներ, հետևեք ճիշտ ճանապարհին, դուք, երիցականներ…»: Նա ձևականություններ չէր պահպանում: Նա այն ժամանակների Բիլլի Գրեհեմն էր:

79. Ուշադրություն դարձրեք, երբ հարանվանական եկեղեցիները ունեցան իրենց արթնությունը, ի՞նչ կատարվեց: Լիակատար Ավետարանի եկեղեցիներն էլ արթնություն ունեցան: Հետո եկան Բոսվորթ եղբայրները, Սմիթ Ուիգլսվորթը, դոկտոր Փրայսը, Էմի Մաքֆերսոնը և ուրիշներ: Բայց մի օր Սմիթ Ուիգլսվորթը մեռավ, իսկ հաջորդ առավոտյան մեռավ դոկտոր Փրայսը: Քսանչորս ժամվա ընթացքում ես հայտնվեցի ասպարեզում: Հիմա էլ իմ վերջն է մոտենում:

80. Ուշադրություն դարձրեք. այլևս շատ չեք լսում Բիլլի Գրեհեմի կամ Օրալ Ռոբերտսի մասին: Իմ հավաքույթներին էլ ավելի քիչ մարդ կա: Ինչու՞: Մենք հասել ենք վերջին, ևս մեկ ժամանակաշրջան է ավարտին մոտենում:

81. Ինչպե՞ս Բիլլի Սանդեյը և մյուսները ասպարեզ եկան: Նրանք եկան անմիջապես Մուդիի արթնությունից հետո: Ե՞րբ եկավ Մուդին: Նոքսի արթնությունից հետո: Ե՞րբ եկավ Նոքսը: Ֆիննիի արթնությունից հետո: Ֆիննին եկավ Կալվինից հետո, Կալվինը՝ Ուեսլեյից հետո, Ուեսլեյը՝ Լյութերից հետո: Նրանք բոլորն էլ իրար հաջորդեցին ժամանակաշրջանից ժամանակաշրջան: Հենց որ մի արթնություն վերջանում էր, Աստված մեկ ուրիշն էր բերում, ավելի շատ լույս սփռելով, և դա կատարվում էր առանց դադարի:

82. Այժմ մենք այս ժամանակաշրջանի վերջում ենք: Այդ մարդկանցից յուրաքանչյուրն ուրախանում էր, որ Քրիստոսին պետք է տեսներ իր ծառայության վերջում: Բայց դեռ շատ բան կար սպասելու՝ հրեաների վերադարձը, երկնքում թռչող ափսեները, այն ամենը, ինչ այսօր ենք տեսնում: Բայց մենք հասել ենք վերջին, հիմա հասել ենք:

83. Նրանք գիտեին, որ Եկեղեցին ստանալու էր այն զորությունը, որը իրեն հնարավորություն կտար կատարելու նույն գործերը, որոնք Հիսուսն էր անում, ինչպես ստվերն է ավելի մթնում և ավելի շատ արտացոլում… Վերցրեք ստվերը… ստվերից հեռու ստվերի նվազագույն արտացոլանքն եք ստանում: Մի պահ հետո ստվերը ավելի ու ավելի է մոտենում ծառին և ի վերջո միախառնվում է նրա հետ:

84. Լյութերի ժամանակ Աստծո Հոգին գործեց արդարացման միջոցով, Ուեսլեյի ժամանակ՝ սրբացման միջոցով, հոգեգալստականների ժամանակ՝ Սուրբ Հոգու մկրտության միջոցով, իսկ վերջին օրերին Աստծո Հոգին այստեղ է՝ կատարելով այն նույն գործերը, որոնք անում էր, երբ Քրիստոսի մեջ էր: Ինչպե՞ս: Քրիստոսն ու Եկեղեցին մեկ են դարձել: Եվ երբ նրանք միանան վերջին օղակով, Եկեղեցին ցնծության աղաղակով երկինք կբարձրանա: Ուեսլեյը, Լյութերը և մյուսները հարություն կառնեն այդ օրը: Առաջինները վերջին կլինեն, վերջինները՝ առաջին: Հարություն կլինի:

85. Մենք ժամանակների վերջում ենք: Լսեք, ի՞նչ է անում Սուրբ Հոգին. Սուրբ Հոգու գործը արդարացման ժամանակ՝ դա միայն Նրա թույլ արտացոլանքն է, սրբացման ժամանակ արտացոլանքն ավելի ուժեղ է, իսկ հիմա Սուրբ Հոգին անձամբ վերադառնում է՝ կատարելով այն հրաշքներն ու նշանները, որոնք կատարում էր սկզբում: Ո՛հ, փառք Նրան: Եթե ուզում եք ինձ ֆանատիկ անվանել, կարող եք այդ անել հենց հիմա:

86. Լսեք, եղբայրներ: «Որովհետև բոլոր սեղանները լիքն են պիղծ փսխվածքով, այլևս տեղ չի մնացել: Ու՞մ է նա գիտություն սովորեցնում, ու՞մ քարոզ հասկացնում: Կաթից կտրվածների՞ն, ստինքից քաշվածների՞ն»: Ոչ թե մանկիկներին՝ երիցական մանկիկներին, մեթոդական, հոգեգալստական, լյութերական, ուխտյալ մանկիկներին: Նա ուզում է, որ կաթից կտրվեն և հաստատուն կերակուր ուտեն: Եվ ահա. «… հրաման հրամանի վրա՝ հրաման հրամանի վրա, խրատ խրատի վրա՝ խրատ խրատի վրա. մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ: Իրավ թոթովախոս շրթունքով և օտար լեզվով պիտի խոսի նա այս ժողովրդի հետ: Նա որ նրանց ասաց. «Սա է ձեր հոգնածին հանգստացնելու հանգստությունը, և սա է մխիթարությունը, բայց նրանք չուզեցին լսել»:

87. Մի՞թե Նա այդպես չեկավ Պենտեկոստեի օրը, այն օրը, որն ազդարարվել էր Իր գալստից 712 տարի առաջ… Նա եկավ հենց Պենտեկոստեի օրը:

88. Ինչ-որ մեկը շաբաթը պահելու մասին ասաց… Ես չեմ մերժում կամ արհամարհում որևէ մեկի եկեղեցին կամ կրոնը, բայց նա ասաց. «Շաբաթ օրը, Աստծո շաբաթը հանգստի օր էր»: Սա է հանգստի օրը: «Սա է ձեր հոգնածին հանգստացնելու հանգստությունը»: Այդպես է, ամեն: Հրաման հրամանի վրա, խրատ՝ խրատի վրա: Ահա հանգիստը: Ի՞նչ է Սուրբ Հոգին: Հանգիստն է: «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ»:

89. Ի՞նչ է Նա. Նա էր, որ գալիս է ձեր մեջ ու ձեզ խաղաղություն է տալիս, Նա ձեր Նշանն է, Մխիթարիչը: Դուք մխիթարված եք, հանգստացած, կնքված: Ի՞նչ է կատարվում ձեզ հետ:

90. Նա Նշան է: Աշխարհը գիտի, որ ձեզ հետ ինչ-որ բան է կատարվել: Ի՞նչ է Նա. Մխիթարիչ է: Ի՞նչ է Նա. Նշան է: Դուք հանգստի մեջ եք: Նա ձեր Դատապաշտպանն է: Եթե ձեզ ինչ-որ բան պատահի, կա Մեկը,

որ կարող է անմիջապես ձեզ պաշտպանել, բարեխոսել ձեզ համար: Եկեղեցում ապրող Աստծո Հոգին է ճշգրիտ կերպով մարգարեանում, թե ինչ է Նա անելու, երբ գա. դա լինելու է հավիտենական հանգիստ, անդադար հանգիստ:

91. Աստված ստեղծեց աշխարհը (Եբր.4) և հանգստացավ յոթերորդ օրը: Դա ճիշտ է: Ութերորդ օրը կգա… Նա դա հրեաներին տվեց որպես ուխտ որոշակի ժամանակահատվածով: Դա ճիշտ է: Նրանք հանգստանում են մեկ օր և շաբաթվա առաջին օրը նորից սկսում են աշխատել: Վերսկսումը… Դա չէ այն հանգիստը, որի մասին Աստված խոսել է: Երբ Աստված աշխարհը ստեղծեց վեց օրում, Նա գնաց հանգստանալու, և Նրա հանգիստը շարունակվում է այն ժամանակվանից մինչև հիմա: Նա չվերադարձավ ութերորդ օրը, որ նորից սկսի աշխատել: Այս հանգիստը միայն գալիք հանգստի ստվերն է:

92. Դա խորհրդապատկեր է, ինչպես լուսինը արևի համեմատ: Երբ արևը ծագում է, այլևս լուսնի կարիքը չկա: Այժմ ուշադրություն դարձրեք. (Հայտնության 12-րդ գլխում նկարագրված է կինը, որի ոտքերի տակ լուսինն է, իսկ ինքը արև է հագել.. կարող էինք կարդալ Աստվածաշունչը առաջին էջից մինչև վերջինը այդ բաները բացատրելու համար: Տեսնու՞մ եք):

93. Բայց ի՞նչ է սա: Երբ Աստվածաշունչն ասում է Եբր.4-րդ գլխում. «Որովհետև եթե Հեսուն նրանց հանգիստ տված լիներ, ապա դրանից հետո Նա ուրիշ օրվա մասին չէր խոսի»: Ի՞նչ է Նա ասել հանգստի վերաբերյալ: «Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթ.11:28):

94. Ուրեմն, երբ գալիս ենք Նրա մոտ, տեսնում ենք սա. «Որովհետև,— ասվում է Եբր.4:10-ում,— Աստծո հանգիստը մտնողը նույնպես իր գործերից դադարում է, ինչպես Աստված դադարեց Իր գործերից»: Նա ստեղծեց աշխարհը և այլևս չանդրադարձավ դրան: Ինչքա՞ն ժամանակով: Ինչքա՞ն ժամանակով եք դուք կնքված Սուրբ Հոգով. մինչև ձեր Փրկագնման օրը: Այնժամ դուք կգտնեք այդ Հանգիստը, այդ Մխիթարչին, այդ Դատապաշտպանին, այդ Կնիքը, այդ Ազատողին: Ո՛հ, ես սկսում եմ խանդավառվել, ես այնպիսի օրհնություն եմ զգում…

95. «Դա մե՞զ էլ է խոստացված, Բրանհամ եղբայր: Դա ապացուցվա՞ծ է Աստվածաշնչում»: Կատարելապե՛ս: Կարդանք Հովելի մարգարեությունը: Տեսնենք, թե ինչ է ասում Հովելը: Որքա՜ն եմ գոհանում Աստծո այս սուրբ Խոսքը ճանաչելու համար: Սիրու՞մ եք Նրան: Առանց այդ Խոսքի ես չգիտեմ, թե ուր կլինեինք: Լավ, կարդանք Հովել 2:28-ը: Քրիստոսի գալուց ութ հարյուր տարի առաջ մարգարեն խոսել է Հոգով. «Եվ պիտի լինի սրանից հետո, որ Իմ Հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և պիտի մարգարեանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն: Եվ ծառաների ու աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը Իմ Հոգին: Եվ նշաններ պիտի տամ երկնքում ու երկրի վրա. արյուն և կրակ և ծխի սյուներ: Արեգակը պիտի փոխվի խավարի, և լուսինը՝ արյան, Տիրոջ մեծ ու ահեղ օրը գալուց առաջ: Եվ պիտի լինի, որ ամեն ով որ կանչի Տիրոջ անունը, կփրկվի»:

96. Այդ ինչպե՞ս… Հովելը… Նկատե՞լ եք, որ Պետրոսը Գործք 2-րդ գլխում կրկնում է նույն համարը՝ ասելով. «Ով Հրեաստանի մարդիկ… իմ խոսքերին ականջ դրեք: Որովհետև սրանք (այն կնքված, հանգստություն ստացած, տարօրինակ մարդիկ) ոչ թե, ինչպես դուք եք կարծում, հարբած են, քանի որ օրվա երրորդ ժամն է, այլ սա Հովել մարգարեի միջոցով ասվածն է՝ ՚՚Եվ վերջին օրերին,—ասում է Աստված,— այնպես կլինի, որ Իմ Հոգուց ամեն մարմնի վրա կթափեմ»: Ի՞նչ է Նա, ի՞նչ է Սուրբ Հոգին:

97. Նա Խոստում է հավատացյալների համար: Մենք բացահայտում ենք, թե ով է Սուրբ Հոգին, բայց սպասեք: Ու՞մ է Նա խոստացված. հավատացյալներին: Այժմ կարդանք Ղուկաս 24-րդ գլուխը և կարդանք Հիսուսի ասած վերջին խոսքերը երկրից գնալուց առաջ: Ղուկաս 24-րդ գլուխ: Իսկ դուք, որ նշումներ եք անում, կարող եք նշել սա և սերտել վաղը, երբ ավելի շատ ժամանակ կունենաք: Ղուկաս 24:49. լսենք, թե ինչ է ասում Հիսուսը: Վերջում, փառքի մեջ համբարձվելուց առաջ, Իր համբարձման օրը Նա ասաց այս խոսքերը Իր աշակերտներին. «Եվ ահա ես իմ Հոր խոստումը ձեզ կուղարկեմ (ո՞ր խոստումը. Կնիքը, Նշանը, Մխիթարիչը, այն ամենը, ինչ ձեզ ասացի և հազարավոր շատ ուրիշ բաներ)… իմ Հոր խոստումը ձեզ կուղարկեմ (ո՞ր խոստումը. այն, որ Եսայի մարգարեն էր ասել, որ պետք է կատարվի. «Այս ժողովրդի հետ կխոսեմ թոթովախոս շրթունքով ու օտար լեզվով: Ես ձեզ հանգիստ կուղարկեմ: Ես ձեզ կուղարկեմ այն հանգիստը, որի մասին ասել է Հովել մարգարեն: Վերջին օրերում կուղարկեմ ձեզ Իմ Հոգին»: Ես կուղարկեմ, և բոլոր ազգերը, բոլոր ժողովուրդները, սկսած Երուսաղեմից… Ես Աբրահամի սերնդին կբերեմ այս ուխտի մեջ: Ես կկնքեմ նրանցից յուրաքանչյուրին: Ես կուղարկեմ Իմ Հոգին: «Եվ ահա ես իմ Հոր խոստումը ձեզ կուղարկեմ, դուք էլ Երուսաղեմ քաղաքում նստեցեք, մինչև վերևից զորություն ստանաք»:

98. Ուրեմն ի՞նչ է Սուրբ Հոգին. զորություն է վերից: Զորություն ոչ թե եպիսկոպոսից, ոչ թե եկեղեցուց, այլ վերից:

99. Ինչպե՞ս եկավ այդ զորությունը: Երբ դարձաք եկեղեցու անդա՞մ… Ես կասկածում եմ, որ դա այդպես է: Մի՞թե այդ զորությունը եկավ, երբ դարձաք որևէ եկեղեցու անդամ կամ սեղմեցիք քարոզչի ձեռքը: Ո՛հ, ո՛չ: Իսկ դուք, կաթոլիկներ, երբ հանում եք ձեր լեզուն և հաղորդությու՞ն վերցնում: Ոչ: Ուրեմն ինչպե՞ս եկավ այդ զորությունը:

100. Շարունակենք կարդալ: Կարդանք Գործք առաքելոցի առաջին գլխի ութերորդ համարը: Այն ժամանակ նրանք հավաքված էին: Այդ հավաքույթի ժամանակ նրանք խոսում էին Հիսուսի մասին և մեկ ուրիշի էին ընտրել Հուդայի փոխարեն: «Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա…»: Ինչպե՞ս: Բրանհամի խորանի անդամ դառնալո՞վ: Ո՛չ: Մեթոդական, կաթոլիկ, երիցական եկեղեցու

անդամ դառնալո՞վ: Ո՛չ: Այդպես չի ասվում Աստվածաշնչում: Դրանք մարդկային վարդապետություններ են: Զորություն եք ստանում, երբ քարոզի՞չ եք դառնում: Ո՛չ: Երբ դիպլո՞մ եք ստանում: Ո՛չ: Երբ աստվածաբանության դոկտո՞ր եք դառնում: Ո՛չ: Զորություն կստանաք, երբ մկրտվե՞ք ջրով: Ո՛չ: Զորություն կստանաք, երբ վերցնեք առաջին հաղորդությու՞նը: Ո՛չ, ո՛չ: Տեսնու՞մ եք: Այդ ամենը մարդկային հաստատություններ են:

101. Լսեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը, ի՞նչ է ասում Հիսուսը: «Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա (ի՞նչ է Սուրբ Հոգին. զորությու՛ն), և Իմ վկաները կլինեք (միայն տասներկու՞սդ) Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը: Երբ այս ասաց, նրանց նայելու ժամանակ համբարձվեց, և մի ամպ նրան վերցրեց նրանց աչքերից»:

102. Այժմ շրջեք էջը: Նայենք այդ մարգարեությունների իրականացմանը: «Երբ Պենտեկոստեի օրը հասավ, բոլորը միաբան, միասին էին: (Եվ հանկարծակի հովիվը եկավ. ճի՞շտ կարդացի… քահանան եկավ խորան. ո՛չ)…Եվ հանկարծակի երկնքից մի ձայն հնչեց (պատրանք չէր, իրոք այդպես էր), մի ձայն հնչեց… (արդյոք հովի՞վը մոտեցավ դռանը, արդյոք քահանա՞ն էր վերցրել հաղորդությունը և դուրս գալիս սրբարանից. ամենևին ո՛չ,)… Եվ հանկարծակի երկնքից մի ձայն հնչեց՝ սաստիկ փչող քամու պես, և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին»:

103. Ի՞նչ է Սուրբ Հոգին: Այնտեղից նրանք ստացան զորություն, նրանք այնտեղ պետք է սպասեին: Դա կատարվեց, երբ նրանք սպասում էին: Ամեն բան ազդարարվել էր հենց Ծննդոցից սկսված, Աբրահամից սկսված մինչև Նրա գալուստը, թե ինչպես էր Նա գալու, թե ինչ արդյունքներ էին լինելու: Ի՞նչ է Նա: Նա խոստացված էր Եկեղեցուն, հավատացյալներին: «…և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, ինչպես կրակից, և նստեցին նրանցից ամեն մեկի վրա: Բոլորը Սուրբ Հոգով լցվեցին ու սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին» (Այդ մասին կխոսենք ուրբաթ երեկոյան, ուստի այսօր թողնենք):

104. Եվ ի՞նչ: Նա խոստացված է Եկեղեցուն: Դա բացարձակ խոստում է:

105. Այժմ բացահայտենք, թե մինչև երբ են կնքվում Սուրբ Հոգով լցվելուց հետո: Այստեղ ներկա գտնվողներից քանի՞սն են ստացել Սուրբ Հոգին: Ձեռք բարձրացրեք: Սուրբ Հոգին ստացած մարդիկ մեծամասնություն են: Եղբայրս, քույրս, կուզեի, որ դուք էլ մեզանից մեկը լինեիք: Երբ հասկանաք, թե ով է Նա… Նա Աստծո Հոգին է, որ բնակվում է ձեր մեջ, որպեսզի դուք կատարեք Աստծո ծրագրերը: Ամեն անգամ, երբ Աստված Իր Հոգին ուղարկել է Իր ծառաների, մարգարեների, վարդապետների, առաքյալների մեջ, նրանք միշտ մերժվել են աշխարհի կողմից: Բոլոր ժամանակներում նրանք խելագար են համարվել: Նույնիսկ Պողոսը, երբ կանգնած էր Ագրիպասի առջև, ասաց. «Ես պաշտում եմ մեր հայրերի Աստծուն այն ճանապարհով, որը նրանք «հերձված» են համարում»: Ի՞նչ է հերձվածը: Նրանք դա խելագարություն են համարում: Նրանք դա անվանում են խելագար հավատացյալների խումբ: «Ես այդպես եմ պաշտում մեր հայրերի Աստծուն»: Ես այնքան երջանիկ եմ, որ նրանցից մեկն եմ: Այո, դա ճիշտ է: Երջանիկ եմ, որ նրանցից մեկն եմ:

106. Այն բանից հետո, երբ Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, նրանք այնպես լցվեցին միմյանց հանդեպ սիրով, որ ամեն բան իրենց համար ընդհանուր դարձավ: Ճի՞շտ է այդ: Ո՛հ, ինչպիսի հաղորդակցություն: Երբեմն երգում ենք այս երգը. «Ո՛հ, ինչպիսի հաղորդակցություն, ինչպիսի՜ աստվածային ուրախություն»: Հենց այդպես է: Նրանց համար կարևոր չէր՝ արևը փայլում է թե ոչ: Նրանք չէին պահանջում թեթև, հաճելի կյանք: Որոշ մարդիկ ինձ ասում են. «Պարոն Բրանհամ, ես կուզենայի Սուրբ Հոգին ստանալ, եթե ինձ երաշխավորեք, որ կդառնամ միլիոնատեր, նավթահորեր և ոսկու հանքեր կգտնեմ…»: Տեսնու՞մ եք: Մարդիկ կան, որ այդպես են սովորեցնում: Նրանք սուտ բաներ են սովորեցնում: Աստված նման բաներ չի խոստացել:

107. Սուրբ Հոգին ստացած մարդը չի մտահոգվում, թե ստիպված կլինի ողորմություն խնդրել: Դա նրան չի հուզում, նա ճանապարհ է ընկել դեպի երկինք: Այստեղ նրան ոչինչ չի կապում: Դա ճիշտ է: Նա չի մտահոգվում երկրային բաներով: Կարևոր չէ ձեզ համար՝ քննադատում, ծաղրում են ձեզ, կամ կորցնում եք ձեր հեղինակությունը: Դուք Փառքի ճանապարհին եք: Ալելուիա՛: Ձեր աչքերն ուղղված են Քրիստոսին, և դուք ճանապարհ եք ընկել: Ձեզ չի մտահոգում այն, ինչ աշխարհն է ասում: Այդպիսին է Սուրբ Հոգին: Նա Զորություն է, Կնիք է, Մխիթարիչ է, Բարեխոս է, Նշան է: Նա երաշխիքն է այն բանի, որ Աստված ընդունել է ձեզ: Ինչքա՞ն ժամանակ է, որ խոսում եմ: Ինձ ութ րոպե է մնում: Լավ: Ես մի քանի սուրբգրային հատվածներ եմ նշել: Կարծում եմ, որ բոլորը չենք կարող նայել, բայց կանենք ամեն հնարավորը:

108. Երբ մարդը լցվում է Սուրբ Հոգով, հնարավո՞ր է, որ հալածանքները կամ ուրիշ բաները նրան ստիպեն հետ դառնալ: Ոչ, նա չի պարտվի, որովհետև հավիտյան Աստծո որդի է, նա միշտ Աստծո որդի կլինի, որովհետև դուք կնքված եք ինչքա՞ն ժամանակով (դահլիճում պատասխանում են. «Մինչև փրկագնման օրը»— ծան. խմբ.): Այո, հենց այդպես է ասում Աստվածաշունչը:

109. Երբ աշակերտներին նորից ծեծեցին, ծաղրեցին, ծիծաղեցին նրանց վրա, նրանք մտածեցին, որ ժամանակն է նորից հավաքվելու որոշ ժամանակով: Կարդացեք Գործք առաքելոց 4-րդ գլուխը և տեսեք, թե ինչ է կատարվել: Դա ձեզ համար է, որ արդեն ունեք Սուրբ Հոգին: Պետրոսին ու Հովհաննեսին ծեծեցին, բանտարկեցին նրա համար, որովհետև բժշկություն էին արել, եկեղեցու դռան մոտ բժշկության ծառայություն էին արել: Քանի՞սդ գիտեք այդ: Այնտեղ մի կաղ մարդ էր պառկած, որ չէր կարող քայլել և այդ վիճակում էր քառասուն տարի: Տեսնելով Պետրոսին՝ նրան մեկնեց իր բաժակը, որ ինչ-որ բան դնեն մեջը (Պետրոսը ցույց տվեց, որ ինքը Սուրբ Հոգով լցված քարոզիչ էր, նա փող չուներ): Նա ասաց. «Ոսկի և արծաթ չունեմ»: Տեսնու՞մ եք: Դա նրա համար միևնույն էր: Նա դեպի

երկինք էր ճանապարհ ընկել: Ո՛հ, ինչպես կուզենայի, որ ժամանակ ունենայինք մի քիչ երկար այս թեմայի շուրջ խորհրդածելու: Տեսնու՞մ եք: Նա ճանապարհ էր ընկել դեպի երկինք: Նա մխիթարություն ուներ, նա ուներ Հոգին, զորություն ուներ: Նա առաջ եկավ և ասաց. «Ոսկի և արծաթ չունեմ, բայց այն, ինչ ունեմ, կտամ քեզ»: Անկասկած, մարդը իրեն կհարցներ. «Ուրեմն ի՞նչ ունեք պարոն»: «Ես հավատք ունեմ: Իմ սրտում մի բան կա, որ մոտ 10 տարի առաջ է այնտեղ մտել: Ես Վերնատանն էի, և հանկարծ Աստծո բոլոր խոստումները… Ես ուղեկցել եմ Հիսուս Քրիստոսին երեքուկես տարի, Նրա հետ ձկնորսության եմ գնացել, ձուկ բռնել, տարբեր բաներ արել: Ես տեսել եմ, թե Նա ինչպես է բժշկում հիվանդներին: Նա անընդհատ ասում էր ինձ. «Հայրն Իմ մեջ է, բայց երբ Ես մեկնեմ, Նա կգա ձեր մեջ»: Բայց ես չէի կարող հասկանալ այդ: Նա ինձ ասում էր. «Անշուշտ, Ես չեմ սպասում, որ դուք հասկանաք այդ բաները: Դուք դրանք չեք հասկանում, բայց պարզապես ընդունեք»: Հիմա էլ չեմ հասկանում: Եվ մի ասեք, որ դուք հասկանում եք, որովհետև դա ճիշտ չէ»: Տեսնու՞մ եք: Ես էլ չեմ կարող հասկանալ այդ, ոչ էլ բացատրել, միակ բանը, որ գիտեմ այն է, որ պետք է ունենամ Սուրբ Հոգին:

110. «Լավ, լավ,— կասեք դուք,— դա գիտականորեն չէ»: Ոհ, այո: Նայեք այս լույսերին: Երբ Բենիամին Ֆրանկլինը ունեցավ այդ գաղափարը, ասաց. «Ես գտել եմ»: Նա չգիտեր, թե ինչ էր գտել: Եվ կուզենայի, որ ինչ-որ մեկը հիմա ինձ ասեր, թե ինչ է էլեկտրականությունը: Մենք չգիտենք, թե դա ինչ է, բայց ունենք այն: Դա ճիշտ է, ոչ ոք չգիտի, թե ինչ է էլեկտրականությունը: Նրանք կարող են այն գործի դնել, վերածել լույսի, վառել, օգտագործել, բայց այն արտադրվում է գեներատորներով (երկու դետալները միասին գործում են և արտադրում այն). դա է այն ամենը, ինչ նրանք գիտեն: Էլեկտրականությունը լույս է տալիս և ունի հզորություն:

111. Ինչպես Աստծո Հոգին: Դուք մի դետալ եք, իսկ Աստված մյուս Դետալն է, և միասին գործելով ինչ-որ բան կստանաք ձեզ համար: Դա ճիշտ է: Այն ձեզ լույս կտա, զորություն կտա: Դուք չգիտեք, թե դա ինչ է, և երբեք էլ չեք իմանա, բայց գիտեք, որ ունեք: Դա հաստատ է, ձեզ համար է և ձերն է: Դա երաշխիք է, վստահություն: Դա ճիշտ է: Ի՞նչ է ցույց տալիս այդ Լույսը: Դուք վստահություն ունեք, որ դա Լույս է:

112. Այժմ ուշադրություն դարձրեք: Դուք չգիտեք, թե ով է Նա: Այդ մարդիկ ասացին. «Դե լավ (նրանք ասում էին իրենց իմացածը), մենք գիտենք, որ նրանք անգրագետ են»: «Նրանք պարզապես ցնդած են,—ինչպես ասում էր այն երիտասարդ գերմանացին»: Ասում էին. «Նրանք անգրագետ և տգետ են, բայց այն ձկնորսի, այն հյուսնի հետ էին, ում անունը Հիսուս էր. դա կարող եմ ասել, որովհետև նույն բաներն են անում ինչ որ Նա է արել»:

113. Ահա թե ինչ է Սուրբ Հոգին. դա Հիսուսն է, որ ապրում է անգրագետ ձկնորսի, հյուսնի, անգրագետ քարոզչի մեջ, ինչպիսին էլ նա լինի: Այդ մարդը ուզում է անգետ լինել աշխարհի բաներում, բայց թույլ տալ, որ գա իր մեջ Հիսուսը, Կնիքը, Մխիթարիչը: Նրան չի հետաքրքրում հեղինակությունը, միակ բանը, որ նա ուզում է, Աստված Ինքն է:

114. Երբ Աստված հաստատում էր կարգը, ասաց. «Դուք, բոլոր ղևտացիներ, ես ձեզ ընտրեցի և քահանա դարձրի: Եվ բոլոր ձեր եղբայրները (մյուս 11 ցեղերը) ձեզ տասանորդ կվճարեն»: «Եթե ունեք ինը բուշել խնձոր, մի բուշելը կտաք ղևտացիներին: Երբ հաշվում եք ձեր ոչխարներին, վերցրեք տասներորդը: Անկախ նրանից, մեծ է թե փոքր, գեր թե նիհար, տասներորդը պատկանում է ղևտացիներին»: «Այժմ, ղևտացիներ, դուք որ ստացել եք ձեր հասանելիքը, դուք էլ տասանորդ տվեք Տիրոջը: Դուք կմատուցեք երերման պատարագներ, բարձրացնելու ընծաներ, տարբեր պատարագներ: Դուք տասանորդ կտաք Տիրոջը»:

115. Նա ասաց. «Մովսես, ինչ վերաբերում է քեզ, Ես եմ քո Բաժինը»: Ո՛հ, Նա ասաց. «Ես եմ քեզ բավարարող Բաժինը»: Եվ այդպիսին է Սուրբ Հոգին այսօր Եկեղեցու համար: Ոսկի և արծաթ չունեմ, բայց ունեմ այդ բավարարող Բաժինը: Ալելուիա: Կրթությու՞ն: Ես հազիվ եմ կարողանում կարդալ այս Գիրքը: Բայց ես ունեմ բավարարող Բաժինը, և դա բարի Բաժինն է: Ես ոչ մի բանի դոկտոր չեմ. ո՛չ փիլիսոփայության, ո՛չ իրավաբանության: Բայց ես ունեմ բավարարող Բաժինը, և այդ Բաժինն եմ ես փափագում: Դա այն բաժինն է, որ Աստված ուզում է, որ ունենաք: Թողեք բոլոր հին բաները, հեղինակությունը, բոլոր մնացած բաները և առաջ շարժվեք վերցնելու Աստծո բավարարող բաժինը, որովհետև այն, ինչ ունեք այս երկրի վրա, կթողեք, երբ գնաք: Բայց եթե ունենաք այդ բավարարող Բաժինը, այն ձեզ անկասկած վերև կբարձրացնի:

116. Այսօր մենք ապահովագրական գումար ենք տալիս թաղման բյուրոյի տիրոջը (անգլ. undertaker— ծան. թարգմ): Եկեք ստանանք բավարարող Բաժինը և ունենանք Նրան, ով վերև է տանում (անգլ. uptaker— ծան. թարգմ.), ոչ թե նրան, ով ներքև է տանում (անգլ. undertaker— ծան. թարգմ):

117. Այժմ տեսնենք շարունակությունը: «Եվ արձակվելուց հետո յուրայինների մոտ եկան…»: (Տեսնու՞մ եք, նրանք չգնացին քահանայի մոտ): Դա ցույց է տալիս, որ նրանք ունեին Սուրբ Հոգին: Նրանք չվերադարձան հնին, սառը ձևապաշտությանը: Ոչ, նրանք չվերադարձան, որ ասեին. «Տեսեք, թե նրանք ինչ արեցին մեզ հետ»: Ոչ, ոչ, նրանք ունեին իրենց եկեղեցին. ընդամենը տասներկու հոգին էին, բայց դա բավարար էր. մի բուռ մարդիկ: «… արձակվելուց հետո…»: Այն բանից հետո, երբ նրանց ծեծեցին և սպառնացին՝ ասելով. «Եթե էլի մկրտեք Հիսուսի Անունով»: Այո: «Եթե էլի քարոզեք կամ ինչ էլ անեք Հիսուսի Անունով, մենք ձեզ ցույց կտանք»:

118. Նրանք ասացին. «Ինչպիսի սպառնալիք: Գնանք մյուս եղբայրների մոտ»: Ահա թե ինչ էր պետք անել: Զորությունը միության մեջ է, զորությունը միաբանության մեջ է: Նրանք ասացին. «Գնանք մյուս եղբայրների մոտ և տեսնենք, թե ինչ կարող ենք անել»:

119. Այնժամ նրանք բոլորը հավաքվեցին և իրար պատմեցին իրենց հետ կատարվածը: «Եվ արձակվելուց հետո յուրայինների մոտ եկան ու պատմեցին, ինչ որ քահանայապետներն ու ծերերն

ասացին իրենց: Եվ երբ նրանք լսեցին, միաբանությամբ իրենց ձայներն առ Աստված բարձրացրին ու ասացին. (Հիմա լսեք, թե ինչ են նրանք ասում: Ուշադրություն դարձրեք, որ նրանք չեն ասում. «Ո՛հ, Տեր, այնքան եմ ցավում»: Ո՛չ, նրանք արդեն փրկված էին, Սուրբ Հոգով լցված, նրանք հավիտենական կյանք ունեին):«Տեր, դու ես Աստվածը (մենք այդ գիտենք), որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու նրա միջի բոլոր բաները: Որ քո Դավիթ ծառայի բերանով խոսեցիր…»:

120. Դուք կարող էիք դուրս գալ բանտից և ասել. «Տեր, լսիր, նրանք այնքան են ծաղրում ինձ»: Մի՞թե Նա չէր ասել, որ կծաղրեին: «Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանք պիտի կրեն»: «Լսեք, իմ ղեկավարն ինձ ասաց, որ եթե տեսնի, որ ես…»: Մի՞թե Նա չի ասել, որ այդպես կասեն:

121. «Գիտեք, այն օրը ինձ տարան դատարան, որովհետև…»: Մի՞թե Նա չէր ասել, որ թագավորների ու իշխանների առաջ կտարվեք Իր Անվան պատճառով: «Մի անհանգստացեք, թե ինչպես եք պաշտպանվելու կամ ինչ եք ասելու, որովհետև ոչ թե դուք եք խոսելու (ես դա տեսա երեկ), այլ Սուրբ Հոգին, որ բնակվում է ձեր մեջ. Նա կխոսի»: Տեսնու՞մ եք: Դա լավ է: «Մի անհանգստացեք, թե ինչ եք ասելու»: «Տեր….որ քո Դավիթ ծառայի բերանով խոսեցիր ու ասացիր. ՚՚Հեթանոսներն ինչու՞ խռովվեցին, և ժողովուրդներն ունայն բաներ մտածեցին: Երկրի թագավորները վեր կացան, և իշխանները միասին հավաքվեցին Տիրոջ ու Նրա Օծյալի դեմ՚՚: Որովհետև իսկապես Քո սուրբ Որդի Հիսուսի վրա, որին օծեցիր, հավաքվեցին Հերովդեսը և Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների հետ, Իսրայելի ժողովրդի հետ, որպեսզի անեն, ինչ որ Քո ձեռքն ու կամքը նախապես սահմանեց լինելու»: (Ոհ, ես սիրում եմ սա: Տեր, նրանք անում են հենց այն, ինչ Դու ես ասել, որ կանեն): Ինչպես ասում է Աստվածաշունչը. «… վերջին օրերում կլինեն ծաղրողներ, վայրագներ, ամբարտավաններ, կլինեն ավելի շատ հաճույք սիրողներ քան Աստծուն պաշտողներ, ստախոսներ, սուտ վկաներ, անզուսպներ, նրանք կարհամարհեն լավ մարդկանց, կունենան աստվածապաշտության կերպարանքը, բայց կուրանան….»: Նրանք բավականին չեն բարձրացել, որ զորությունը ստանան: «Աստվածապաշտության կերպարանքն ունենալով, բայց ուրանալով նրա զորությունը. այդպիսի մարդկանցից հեռու մնացեք»: Ահա, թե ինչ է Սուրբ Հոգին: Տեսնու՞մ եք: Ինչ, որ նախապես էր սահմանվել լինելու: «Եվ հիմա, Տե’ր, նայի’ր նրանց սպառնալիքին և Քո ծառաներին ամենայն համարձակությամբ Քո Խոսքը խոսել տուր (Ոհ, ես սիրում եմ այս: Այժմ ուշադրություն դարձրեք), որ Քո ձեռքը մեկնես, և բժշկություն, նշաններ ու հրաշքներ լինեն՝ (ո՛հ, եղբայրներ, դևերը չեն մեռնում, բայց Սուրբ Հոգին էլ չի մեռնում) Քո սուրբ Որդի Հիսուսի անունով»: Երբ նրանք աղոթեցին, այն տեղը շարժվեց, ուր հավաքված էին, և բոլորը Սուրբ Հոգով լցվեցին, ու Աստծո Խոսքը խոսում էին համարձակորեն»:

122. Ո՛հ, նրանք ինչ-որ բան ունեին, երբ բարձրացան այնտեղ, այդպես չէ՞: Խոստումն ասում էր…. Ահա թե ինչ է Սուրբ Հոգին. Նա ձեզ համարձակություն է տալիս, ձեզ մխիթարում է, կնքում, Նշան է ձեզ տալիս:

123. Լսեք: (Ո՛հ, կուզեի, որ ժամանակ ունենայինք): Կարող էինք Փիլիպոսի հետ իջնել սամարացիների մոտ Գործք առաքելոց 8-րդ գլխի 4-րդ համարում: Նրանք մեծ ուրախություն էին ունեցել, մեծ բժշկություններ էին տեղի ունեցել: Նրանք մկրտված էին Հիսուս Քրիստոսի Անունով, բայց մարդ ուղարկեցին Երուսաղեմ՝ Պետրոսին բերելու: Պետրոսը իջավ, նրանց վրա ձեռք դրեց, և նրանք ստացան Սուրբ Հոգին (Գործք առաքելոց 8-րդ գլուխ, 14-րդ համար):

124. Կար մի հեթանոս Կոռնելիոս անունով: Նա արտասովոր մարդ էր. վճարում էր տասանորդը, ժողովրդի համար ժողովարաններ էր կառուցում, ակնածում և վախենում էր Աստծուց. նա լավ մարդ էր (լավ երիցական, մեթոդական, մկրտական, կամ մեկ ուրիշ բան): Բայց մի օր Աստված ասաց. «Քանի որ նա լավ մարդ է, ես նրան կուղարկեմ մի հավաքույթի: Այնտեղ կլինի Իմ քարոզիչը և նրան կպատմի այդ մասին»: Այդ ժամանակ նա տեսիլք տեսավ, որում իրեն ասվեց. «Գնա Հոպպե, այնտեղ կգտնես Սիմոն անունով մի կաշեգործի: Այնտեղ Սիմոն Պետրոս անունով մի մարդ կա: Թող նա գա այստեղ, նա ցույց կտա քեզ ճանապարհը, որովհետև ստացել է ինչ-որ բան:

125. Եվ մինչ Պետրոսն այնտեղ կանգնած էր… Կոռնելիոսը պատրաստվում էր երկրպագել նրան, Պետրոսը նրան ասաց. «Վեր կաց, ես ինքս էլ քեզ նման մարդ եմ»: Եվ այն ժամանակ, երբ Պետրոսը քարոզում էր Խոսքը…. (խոսում էր նույն բաների մասին, ինչ ես եմ հիմա խոսում. թե ինչպես է Աստված խոստացել ուղարկել Սուրբ Հոգին), մինչ ասում էր այդ բաները, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա: Ահա թե ինչ է Սուրբ Հոգին և ում համար է: Եվ նրանք բոլորը լցվեցին Սուրբ Հոգով:

126. Այժմ լսեք: Եփեսացիների մոտ մի մկրտական եղբայր կար: Նա օրինավոր, խելացի մարդ էր, լավ գիտեր օրենքը, հայտնի մարդ էր, գիտուն: Մի օր նա սկսեց կարդալ Աստվածաշունչը. նա կարդաց, որ Մեսիա անունով մեկը պիտի գար երկիր: Այդ կարդալուց հետո լսեց Հիսուսի մասին և ասաց. «Ես համոզված եմ: Եվ ես բացահայտ դավանում եմ իմ հավատքը, որ Հիսուսը Քրիստոսն է, Աստծո Որդին»: Նա իսկական մկրտական էր: Ահա գալիս է նա՝ հռչակելով, որ Հիսուսն է Քրիստոսը: Նա այդ արեց այնպիսի եռանդով, որ Աստված կանչեց նրան ծառայության: Աստված միշտ խոսում է անկեղծ սրտի հետ:

127. Այդ վայրում կար Ակյուղաս անունով մի վրանագործ իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ: Նրանք վրաններ էին պատրաստում (Այդ մասին խոսվում է Գործք 18-րդ գլխում): Նրանք Պողոսի ընկերներն էին: Նրանք Սուրբ Հոգին ստացան՝ ուսմունքը լսելով Պողոսի միջոցով: Նրանք իմացան, որ արթնության հավաքույթ կա, և գնացին այնտեղ: Միայն տասը-տասներկու հոգի կային այնտեղ: Նրանք գնացին տեսնելու և լսեցին այդ քարոզչին, որ քարոզում էր սրտի ողջ անկեղծությամբ: Նա ասաց. «Գիտեք, ես

հավատում եմ, որ նա կլսի Ճշմարտությունը»: Երբ հավաքույթը վերջացավ, գնաց վրանի հետևը և ասաց. «Այստեղ այս հասակի մի եղբայր ունենք, մի հրեա կեռ քթով: Երբ գա, քեզ ավելի ճշգրիտ կբացատրի Աստծո Խոսքը»:

128. Որոշ ժամանակ հետո… Պողոսն այդ ժամանակ բանտում էր (սարսափելի վայր ժամանակակից քարոզչի համար, այդպես չէ՞): Բայց նա բանտում էր, Տերն էր նրան այնտեղ դրել: Այն բանից հետո, երբ երկրաշարժը ցնցեց բանտը, նա բանտապետին և իր ողջ ընտանիքին մկրտեց Տեր Հիսուս Քրիստոսի Անունով և գնաց այնտեղ: Նա դև էր հանել այդ վայրում ապրող մի աղախնի միջից, որը գուշակություն էր անում: Նրա տերերը շատ փող էին վաստակում նրա միջոցով, իսկ Պողոսը վերջ դրեց նրանց եկամուտին: Դրա համար նրան բանտարկեցին, բայց Տերը ցնցեց այդ բանտը, որովհետև այդ շրջանում շատ մարդիկ կային, որոնք պիտի լսեին Ճշմարտությունը: Դուք չեք կարող կապել Աստծո Խոսքը, ինչ էլ որ անեք: Դա պարզապես անհնար է:

129. Այդ ժամանակ նա գնաց այն վայրը, որտեղ գտնվում էր այդ մարդը, ինչպես նաև Ակյուղասն ու Պրիսկիղան: Գուցե այնտեղ սենդվիչ կերան և ուտելուց անմիջապես հետո գնացին հավաքույթի: Պողոսը խորքում նստած էր, լսում էր մկրտական քարոզչին և ասաց. «Շատ լավ է այն, ինչ քարոզում եք, բայց կա ավելին, դոկտոր Ապողոս: Հավատալուց հետո Սուրբ Հոգին ստացա՞ք»:

— Ո՛հ, — ասաց նա,— մենք չգիտեինք, որ Սուրբ Հոգի կա: Ի՞նչ նկատի ունեք Սուրբ Հոգի ասելով: Մենք մկրտական ենք:

Նա ասաց.

— Որտեղի՞ց գիտեք, որ մկրտական եք: (Տեսնու՞մ եք):

— Դե, մենք մկրտված ենք…. մենք գիտենք միայն Հովհաննեսի մկրտությունը:

— Բայց նա մկրտում էր միայն ապաշխարության համար՝ ասելով, որ հավատան Նրան, ով գալու էր իրենից հետո, այսինքն՝ Հիսուս Քրիտոսին:

Եվ երբ լսեցին, մկրտվեցին Հիսուս Քրիստոսի Անունով: Պողոսը նրանց վրա ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, և նրանց լեզուներով խոսեցին ու մարգարեացան: Ասված էր.« Բոլոր նրանց համար է, ում Նա կկանչի»:

130. Ուրեմն ինչպե՞ս ենք անում այդ: Ուզում եմ ձեզ ինչ-որ բան ասել: Հետո կվերջացնեմ, որովհետև ասացի, որ կթողնեմ շուտ գնաք: Դուք գիտեք, թե ինչ է Սուրբ Հոգին: Այս երեկոյի վերջին ընթերցանության համար (ես շատ հատվածներ ունեմ նշած, բայց հիմա չենք կարող դրանց մասին խոսել) վերցնենք 1 Կորնթացիս 12-ը: Սա կկարդանք, հետո կվերջացնենք: Շատ լավ: Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 12-րդ գլուխը: Քանի՞սդ եք հավատում Պողոսի ուսմունքին: Նա ասաց Գաղատացիս թղթի առաջին գլխի ութերորդ համարում. «Եթե երկնքից մի հրեշտակ քարոզի ուրիշ Ավետարան, որը մենք չենք քարոզել, անիծյալ լինի»: Առավել ևս եթե մի քարոզիչ ուրիշ ավետարան քարոզի: Եթե երկնքից մի հրեշտակ ուրիշ ավետարան քարոզի, թող անիծյալ լինի: Տեսնու՞մ եք: Նրա հետո ոչ մի գործ մի ունեցեք: Այժմ կարդանք 1 Կորնթ.12-րդ գլխից:

131. Քանի՞սդ գիտեք, որ պետք է Քրիստոսի մեջ լինենք, որ մասնակցենք հարությանը, որովհետև Աստված խոստացել է հարություն տալ Նրա Մարմնին: Ուրիշ միջոց չկա: Եթե Քրիստոսից դուրս եք… Դուք կարող եք հավատալ Նրան և ասել. «Անշուշտ, ես հավատում եմ Նրան: Նա Աստծո Որդին է»: Շատ լավ, եղբայրս, ես պատրաստ եմ սեղմել ձեր ձեռքը, երբ ասում եք դա: «Ես հավատում եմ Նրան, դավանում եմ Նրան որպես իմ Փրկիչ»: Դա լավ է, բայց դուք դեռ Նրա մեջ չեք: «Ես կսեղմեմ քարոզչի ձեռքը, կխոստովանեմ իմ մեղքերը»: Դա դեռ չի նշանակում, որ Նրա մեջ եք:

132. Այժմ, ուշադրություն: Տեսնենք, թե ինչ ճանապարհ է ցույց տալիս Պողոսը Քրիստոսի մեջ լինելու համար: Ինչպե՞ս եք ճանաչվելու որպես թլփատված: Աբրահամը նշան ստացավ: 1 Կորնթ.12—րդ գլուխ. սկսենք 12-րդ համարից: «Ինչպես որ մարմինը մեկ է ու շատ անդամներ ունի, և մեկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով՝ մարմինը մեկ է,— այնպես էլ Քրիստոսը» (Ոչ թե բաժանված, այլ մեկ: Լսեք): Որովհետև մեկ եկեղեցո՞վ (քանի՞սդ եք կարդում ինձ հետ միաժամանակ)… մեկ ձեռքսեղմումո՞վ, մեկ ջրո՞վ. ո՛չ, այլապես ինչ-որ մեկը սխալվում է: Մեկ Հոգով… (մեծատառո՞վ է գրված. ուրեմն խոսքը Սուրբ Հոգու մասին է: Տեսնու՞մ եք): «Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար. թե հրեաներ, թե հույներ, թե ծառաներ, թե ազատներ. ամենքս էլ մեկ Հոգուց խմեցինք»:

133. Քրիստոսի Մարմինը մեկ է Հոգով: Այնտեղ յուրաքանչյուր անդամը Պենտեկոստեից մինչև այսօր խմում է նույն նոր Գինուց, Սուրբ Հոգուց, բերելով նույն արդյունքները: Ինչպե՞ս ենք այդ անում: Մեկ Հոգով: Սուրբ Հոգին Աստծո բաց դուռն է: Ի՞նչ է Սուրբ Հոգին. Նա Աստծո բաց դուռն է, Նա Նշան է, Կնիք է, Մխիթարիչ, Դատապաշտպան, Երաշխիք, Հանգիստն է, Խաղաղությունն է, Բարությունը, Բժշկությունը, Կյանքը: Նա Աստծո բաց դուռն է, որ տանում է դեպի բոլոր այդ բաները: Նա Աստծո բաց դուռն է դեպի Քրիստոս: Աստված ապացուցեց, որ Քրիստոսին հարություն էր տվել մեռելներից: Եվ նրանք, որ մահացել են Քրիստոսով, Աստված նրանց հարություն կտա հարության օրը: «Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար»: Քանի՞սդ եք հավատում սրան:

134. Ո՞վ է Քրիստոսը, ո՞վ է Սուրբ Հոգին: Դա մարդկանց համար ծաղրանքի առարկա չի: Մարդիկ ծաղրում են, բայց ոչ հավատացյալները: Ինչ վերաբերում է անհավատին… Ինչպե՜ս կուզեի երկու-երեք շաբաթ էլ ունենալ: Կուզեի վաղը երեկոյան էլ խոսել և ասել, թե ինչ է Նա անհավատի համար: Թույլ տվեք միայն մի պահ խոսել դրա մասին: Անհավատի համար ծաղրանքի առարկա է, թակարդ, գայթակղության քար, մահ, հավիտենական բաժանում Աստծուց: Չեմ կարող մտածել այն ամենի մասին, ինչ Նա անհավատի համար է:

135. Հիշեք, անհավատները ծաղրեցին այն նույն անձրևը, որը փրկեց Նոյի ընտանիքը: Տեսնու՞մ եք: Նույն Սուրբ Հոգին, որի մասին անհավատներն ծաղրանքով ասում են, որ «խելագարություն» է, «տարօրինակություն», այդ նույն Սուրբ Հոգին Եկեղեցուն երկինք կտանի վերջին օրը և կդատի անհավատներին: Դա ճիշտ է: Ահա թե ինչ է Սուրբ Հոգին:

136. Երանի նրանց (կարող եմ դա ասել ողջ սրտով), ովքեր քաղցած և ծարավ են Սուրբ Հոգուն, որովհետև նրանք պիտի կշտանան:

137. Վաղը երեկոյան կխոսենք այն մասին, թե ինչ է Նա անում, երբ գալիս է:

138. Այժմ քանի՞սն են փափագում ստանալ Սուրբ Հոգին և ուզում են, որ աղոթենք իրենց համար, որ Լույսը տեսնեն: Դուք գիտեք, թե ինչ է Նա:

139. Վաղը երեկոյան կտեսնենք, թե ինչ է Նա անում, իսկ դրա հաջորդը օրը թեման կլինի. «Ինչպես ստանալ Սուրբ Հոգին»: Հետո կհրավիրենք մարդկանց: Այստեղ կսովորեցնենք, հետո կգնանք տարբեր սենյակներ և այնտեղ կմնանք ողջ Սուրբ Ծննդի ընթացքում, եթե անհրաժեշտ լինի (ոհ, այո՛), մինչև Սուրբ Հոգին գա: Մենք կմոտենանք Նրան Աստվածաշնչի հաստատուն հիմքի վրա: Մենք կմոտենանք Նրան և կստանանք Սուրբ Հոգին, ինչպես Աստված խոստացել է, ինչպես Նա եկավ սկզբում: Դրա համար ենք մենք այստեղ: Կարևոր չէ, թե ինչ են մարդիկ ասում, Աստծո Խոսքը առաջին տեղն ունի իմ սրտում: Դա ճիշտ է: Եվ ես փափագում եմ այն ամենը, ինչ Աստված պահել է ինձ համար: Եթե կա ավելին, բացիր երկինքը, Տեր, որովհետև իմ սիրտը բաց է դրա համար: Դա ճիշտ է:

140. Քանի՞սդ եք փափագում Սուրբ Հոգին ստանալ: Բարձրացրեք ձեր ձեռքը, ասեք. «Աղոթեք ինձ համար»: Այժմ, երբ ձեր ձեռքերը բարձրացրած են. Երկնային Հայր, այս ողջ ընթացքում մենք սովորեցրել ենք, բայց Քո Հոգին այստեղ է: Նրանք բարձրացրել են իրենց ձեռքերը, գիտեն, թե ինչ է Սուրբ Հոգին: Նրանք գիտեն, թե ինչ է նշանակում Սուրբ Հոգի: Խնդրում եմ, ով իմ Աստված, մինչև հավաքույթի վերջանալը, թող բոլոր նրանք, ովքեր ձեռք են բարձրացրել, ստանան Սուրբ Հոգին: Շնորհիր այդ, Տեր:

141. Մենք աղոթում ենք նրանց համար: Խնդրում ենք, որ նրանց օրհնես և տաս նրանց իրենց սրտի փափագը: Նայիր նրանց բարձրացրած ձեռքերին, Տեր: Նրանք Քեզ սիրում են, նրանք փափագում են Սուրբ Հոգին ստանալ: Գիտեն, որ չեն կարող գնալ… Վաղը երեկոյան, Տեր, Քո օգնությամբ Սուրբ Գրքի միջոցով կապացուցենք, որ չեն կարող հափշատկվել առանց Սուրբ Հոգու: Նաև խնդրում եմ, Հայր, նրանց քաղց և ծարավ տուր, որ կերակրվեն: Ես նրանց ներկայացնում եմ Քեզ, Հայր, շնորհիր այդ օրհնությունները: Խնդրում ենք Հիսուսի Անունով: Ամեն:

Կը սիրեմ զինք

Կը սիրեմ զինք,

Զի նախ Ինք զիս սիրեց

Եվ Գողգոթայի խաչի վրա

Փրկությունս գնեց:

142. Մի բան եմ ուզում ասել, մինչև նորից կերգենք: Կուզենայի ուրբաթ երեկոյան հավաքույթից առաջ այս դահլիճում հանդիպել հովիվներին: Տեսնու՞մ եք թե ինչ եմ ջանում անել: Ցույց տալ, թե ինչ է Սուրբ Հոգին, ինչպես մոտենալ, ինչը պատվել: Այդ ժամանակ կուրորեն չեք գա, առանց հասկանալու: Դրա համար այսօր չխնդրեցի: Ուզում եմ իմանաք, թե ինչ է Նա: Նա Խոստում է, Կնիք է, Մխիթարիչ և այլն: Վաղը երեկոյան և վաղը չէ մյուս օրը երեկոյան հավաքույթ կլինի: Մենք չենք գնա, մինչև Նա չգա: Մի անհանգստացեք, թե ինչքան ժամանակ պետք կլինի: Մենք կմնանք այնքան, մինչև Նա գա: Մաքրեք ձեր սրտերը: Նա երբեք չի գա անմաքուր սրտի մեջ: Մաքրվեք, պատրաստ եղեք, և Սուրբ Հոգին կշնորհվի ձեզ:

Կը սիրեմ զինք (բարձրացնենք մեր ձեռքերը)

Կը սիրեմ զինք,

Զի նախ Ինք զիս սիրեց

Եվ Գողգոթայի խաչի վրա

Փրկություն գնեց:

Հովիվն ասաց, ու մենք էլ համաձայն ենք, որ վաղը կսկսենք ժամը յոթին, յոթն անց կեսի փոխարեն: Այդպիսով կկարողանամ վերջացնել ժամը ինին, ինն անց կեսի փոխարեն: Ժամը յոթին կսկսենք երգել, իսկ յոթն անց կես կբերեմ պատգամը:

Կը սիրեմ զինք

Կը սիրեմ զինք, (հանեք ձեր թաշկինակները և թափահարեք դեպի Նա: Կոտրեք ձևապաշտության բոլոր կապանքները)

Զի նախ Ինք զիս սիրեց

Եվ Գողգոթայի խաչի վրա

Փրկությունս գնեց:

Լավ, տեղը զիջում եմ ձեր հովվին՝ Նեվիլ եղբորը:

Բովանդակություն