Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով
Շարք 3 թիվ 1
Խրամատում կանգնած
(Standing in the gap)
1963 թ. հունիսի 23 առավոտ
Բրանհամի խորան
Ջեֆերսոնվիլ, Ինդիանա, ԱՄՆ
«Ասված Խոսքը սկզբնական սերմն է»:
Շնորհակալություն,
Նեվիլ եղբայր: Մի պահ կանգնած մնանք և խոնարհվենք աղոթքի համար: Խոնարհենք մեր գլուխները.
եթե խնդրանք ունեք, հայտնեք դա՝ բարձրացնելով ձեր ձեռքը: Ձեր սրտում պահեք այս բաները,
որոնց կարիքն ունեք և խնդրեք ձեր երկնային Հորը շնորհել դրանք: Մեր երկնային Հայր,
հիմա գալիս ենք Քեզ մոտ Տեր Հիսուսի Անունով: Մենք գալիս ենք՝ հավատալով, որ աղոթքով
պիտի հայտնենք Քեզ մեր փափագները: Եվ եթե հավատանք, որ մեր խնդրածը կստանանք, դա մեզ
կտրվի: Այդ խոստումն այնքան իրական է: Տարիներ շարունակ մենք դա զգացել ենք և գիտենք,
որ դա ճշմարտություն է: Նախ ուզում ենք գոհանալ Քեզանից, որ պահել ես մեր կյանքը և
հնարավորություն ես տվել նորից այստեղ հավաքվելու Տիրոջ հավաքույթում: Մենք շնորհակալ
ենք այս եկեղեցու համար, հովվի համար, այն փառավոր ճշմարտության համար, որի վրա կառուցված
և կանգնած է եկեղեցին: Շնորհակալ ենք յուրաքանչյուրի համար, ով գտնվում է Քո աստվածային
ներկայության մեջ: Խնդրում ենք, որ ողորմած լինես մեր հանդեպ և մեզ հասկացնես այն,
ինչի կարիքն ունենք, որ ավելի արդյունավետ ծառաներ լինենք Քեզ համար: Մեր սրտի փափագն
է ծառայել Քեզ ակնածանքով ու հավատարիմ սրտով, որ Դու լավագույնը ստանաս մեր կյանքում:
Թող ամեն օր այնպես քայլենք, որ Քեզ հաճելի լինենք բոլոր այն գործերում, որ պետք է
այսօր անենք: Այսօր խնդրում ենք Քեզ բոլոր հիվանդների ու կարիքավորների համար, նրանց
համար, ովքեր այստեղ են Քո աստվածային ներկայության մեջ, ինչպես նաև նրանց համար, ովքեր
Քո սրբարաններում են ամբողջ աշխարհում: Թող փառավոր Եհովան գա Իր զորությամբ և բժշկի
բոլոր հիվանդներին ու տառապանքի մեջ եղողներին: Թող Քո մեծ անունը փառավորվի: Այս առավոտ
օրհնիր յուրաքանչյուրի սրտում եղող գաղտնի խնդրանքը, որ հայտնում են Քեզ աղոթքով: Մինչ
Քո հայացքը թափանցում է յուրաքանչյուրի սիրտը և զանազանում է նրանց խնդրանքի առարկան,
մենք աղոթում ենք, որ Դու պատասխանես նրանց սրտի փափագին: Խնդրում ենք, օրհնիր մեզ,
մինչ մենք շարունակում ենք Քեզ երկրպագել, և երբ դուրս գանք այս դահլիճից և տուն վերադառնանք,
կարողանանք ասել Էմմաուս գնացող աշակերտների պես. «Մեր սրտերը չէի՞ն վառվում մեր մեջ,
երբ Նա խոսում էր մեզ հետ ճանապարհին»: Մենք դա խնդրում ենք Հիսուսի Անունով: Ամեն:
Կարող եք նստել: Ուզում եմ ձեզ ասել, թե ինչքան լավ է այստեղ լինել այս առավոտ, այս
եկեղեցում, Տիրոջ ներկայության մեջ: Մի քանի ամիս է անցել, ինչ եղել եմ այստեղ: Անցած
կիրակի էի ուզում գալ, բայց կարծում եմ, որ Տիրոջ կամքը չէր: Ի դեպ, այս հովիտը լավ
չէ իմ առողջության համար: Ես ալերգիա ունեմ այստեղի օդից: Դա ինձ մոտ առաջացնում է
եղջերատենդ և ստամոքսի խանգարում: Դող ու սարսուռ եմ զգում: Չնայած դրան, ես վեր կացա
և ստիպեցի ինձ գալ այստեղ: Բայց այս հովիտը շատ անառողջ է, և ինձ հակացուցված է այստեղ
ապրել: Այժմ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաշալի պահեր ենք ունեցել Տիրոջը ծառայելով
երկրի տարբեր վայրերում, որտեղ Տերը մեզ կանչել է ծառայության: Ես չէի մտածել այս առավոտ
որևէ հատուկ բանի մասին խոսել, միայն թե Նեվիլ եղբայրը շատ էր ուզում, որ ինչ-որ բան
ասեմ, քանի որ այստեղ եմ: Նեվիլ եղբայրը միշտ շատ սիրալիր է, մենք դա բոլորս գիտենք:
Մենք շատ ենք սիրում Նեվիլ եղբորը: Չկա մի օր, որ ես իմ աղոթքներում չհիշեմ նրան, իր
կնոջը, իր ընտանիքը, երեխաներին: Թող Աստված նրան ուժ տա շարունակելու: Ինչպես բոլորս
գիտենք, ժամանակն անցնում է: Մենք այնքան մոտ ենք երեկոյան ժամանակվա Լույսին: Ընտանիքիս
մնացած մասն արևմուտքում է: Մենք բոլորս լավ ենք: Ես հինգուկես կիլոգրամով գիրացել
էի, բայց չորսուկես կիլոգրամով նիհարեցի այստեղ գալուց հետո: Բիլլի Պոլն էլ ութ կիլոգրամով
գիրացել էր: Ռեբեկան, Սառան ու Հովսեփն էլ: Իհարկե, կինս չգիրացավ: Մենք հրաշալի պահեր
ենք ունեցել և շնորհակալ ենք դրա համար: Մտածում եմ, կարծես թե չէինք ուզում վերադառնալ,
բայց երկու բան էր մեզ պակասում, և ոչինչ չէր կարող դրանց փոխարինել: Մեկը՝ այստեղի
մեր ընկերները, մյուսը՝ եկեղեցին: Ուր էլ գնանք, ընկերներ գտնում ենք, և շնորհակալ
ենք դրա համար: Բայց ոչինչ չի կարող փոխարինել մեր հին ընկերներին, որոնք մեզ հավատարիմ
են մնացել մեր լավ և վատ օրերին: Ինչպիսին էլ լինեն մեր մյուս ընկերները, նրանց չեն
կարող փոխարինել: Մենք մեկ ենք նրանց հետ, և օրեցօր միասին սպասում ենք Տիրոջ գալստին:
Եվ դժվար է մտածել, որ մենք կարող էինք… բայց մենք չենք կարող բաժանվել: 9. Դա ինձ
հիշեցրեց սուրբգրային մի հատված. կարծեմ Պողոսն է ասել. «Որովհետև համոզված եմ, որ
ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները,
ո՛չ ներկա բաները, ո՛չ էլ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ
մեկ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ
է» (Հռոմ. 8:38,39): Մահն էլ չի կարող մեզ բաժանել, որովհետև մենք սրտով միաբան ենք
այս փառավոր եղբայրական հաղորդակցությամբ Աստծո Խոսքի շուրջ: Մենք միասին ենք լինելու
այդ փառավոր հավիտենության մեջ: 10. Անշուշտ, մենք գնում էինք եկեղեցի, բայց ամեն տեղ
չկար… ուրիշ է փողոցի անկյունում գտնվող մեր փոքրիկ խորանը: Առավոտները կարոտում էի
զանգակի ձայնին: Ես հիշեցի, որ մի ժամանակ դեռ չէր հնչում, որովհետև դեռ զանգակատունը
չէին կառուցել: 11. Հիշում եմ այն ժամանակը, երբ այստեղ ծնկի էինք եկել, ութերորդ և
Փեն փողոցների խաչմերուկում, սրանից երեսունհինգ տարի առաջ, իմ առաջին եկեղեցու կառուցման
ժամանակ: Տարածքը ճահճոտ էր: Հիշում եմ, թե ինչպես Տեր Հիսուսն ինձ օգնեց այդ հարցում:
Այժմ այն կանգնած է որպես քարի և շաղախի մի հուշարձան: Բայց իմ սրտի խորքում այդ հուշարձանը
կմնա այնքան, որքան հիշողությունս: 12. Ի դեպ, եկեղեցին շենքը չի, այլ այն մարդիկ,
որոնք հավաքվում են դրա տանիքի տակ Աստծուն երկրպագելու: Մենք շնորհակալ ենք դրա համար:
13. Այժմ, քանի որ ժամանակը քիչ է, կուզեի համառոտ պատմել մի քանի բաների մասին, որոնք
կատարվել են: Քանի դեռ այստեղ եմ, կձայնագրեմ մի քանի ձայներիզ: Ես ձեզ խոստացել էի,
որ ձայնագրվող ամեն նոր քարոզ նախ պետք է հնչի այս ամբիոնից: Ի դեպ, այստեղ են ձայնագրվել
բոլոր ձայներիզները: Ջիմ եղբայրը և մյուսները ձայներիզներ են վաճառում հավաքույթներում:
Բայց այդ ձայներիզները միշտ այն թեմաների շուրջ են, որոնք նախ այստեղ են քարոզվել:
Եթե հին ձայնագրությունների մեջ փնտրեք, կտեսնեք, որ այդպես է: Ես ձեզ դա խոստացել
էի և կշարունակեմ այդպես անել, մինչև Տերը չփոխի դա: 14. Ես մտածում եմ բոլոր նրանց
մասին, ովքեր լսում են ձայներիզները: Այստեղ հնչող պատգամը շրջում է երկրով մեկ: Հասկանու՞մ
եք: Այս պատգամը գնում է ամեն տեղ, նույնիսկ ջունգլիներ, ձայնագրությունների շնորհիվ:
Եվ թարգմանվում է անթիվ լեզուներով, որպեսզի հասնի հեթանոսներին և ողջ աշխարհին: Ահա
թե ինչու, քանի դեռ այստեղ եմ, եթե Տերը թույլ տա, ուզում եմ ևս մի քանի ձայներիզ ձայնագրել:
Եվ գուցե այս երեկո, եթե մեր հովիվը սրտում չունի որևէ պատգամ, ես կուզեի ևս մեկ ձայներիզ
ձայնագրել: 15. Երեքշաբթի առավոտյան լինելու եմ Արկանզասում, որ օգնեմ մի խմբի, որը
կոչվում է Ազգային քրիստոնեական եղբայրություն: Կամ միջազգային… չգիտեմ: Ներեցեք… Ինչպե՞ս
եք դուք ասում: Քրիստոնյաների եղբայրական ընկերակցություն: Շնորհակալություն, եղբա՛յր:
Ես պետք է կիրակի օրը սկսեի, բայց այնպես արեցի, որ գամ այստեղ՝ խորան: Ես կմնամ այնտեղ
մինչև ուրբաթ, երբ վերջանա նրանց հավաքույթը: Ես կջանամ շաբաթ երեկոյան վերադառնալ,
որ կիրակի օրն այստեղ լինեմ: Աստծո կամքով ևս մեկ ձայներիզ կձայնագրեմ: Եվ գուցե մեր
մեկնելուց առաջ հասցնեմ ևս մի քանի ձայնագրություններ անել: 16. Նաև անպայման ուզում
եմ գնալ համաժողովի Բաթոն Ռուժում, Լուիզիանայում: Հետո կվերադառնամ, որովհետև ամեն
դեպքում պետք է գնամ Անկորիջ: Ես պետք է գնամ Ֆերբենքս և Անկորիջ՝ Լրիվ Ավետարանի գործարարների
հետ հանդիպման: Այնուհետև կվերադառնամ, և եթե Տերը թույլ տա, հուլիսի վերջին շաբաթը
կգնամ Չիկագո: 17. Այնուհետև արագ կվերադառնամ Արիզոնա, որ երեխաներին դպրոց տանեմ:
Որովհետև ես պետք է այստեղ լինեմ օգոստոսի 15-ին, այդպես չէ՞, Չարլի: Այդ ժամանակ Աստծո
կամքով ես կուզեի գնալ Քենթուքի: Տեսնում եմ, որ բոլորը ծիծաղում են: Գուցե նոր եկածները
չգիտեն, թե ինչու: Հուսով եմ, որ վատ տպավորություն չի թողնի, եթե ես ամբիոնի մոտից
ասեմ դա, բայց սկսվում է սկյուռիկների որսի շրջանը: Եվ գիտեք, հույս ունեմ մի քանի
շաբաթ այնտեղ արձակուրդս անցկացնել: 18. Բիլլին ինձ մի քանի գրություններ տվեց: Դրանցից
մեկի վրա գրված է. «Հայրիկ, Նեվիլ եղբայրն ուզում է իմանալ, թե կարող ես երկու մանուկների
ընծայում կատարել»: Անկասկած: Շատ լավ կլիներ: Մենք կարող էինք դա հենց հիմա անել:
Այնուհետև, կարծում եմ, որ հաջորդ քառասունհինգ րոպեի ընթացքում կարող ենք խոսել կատարված
իրադարձությունների մասին: 19. Սա բաց խորան է: Սա երբեք հարանվանություն չի եղել և
Աստված տա, երբեք էլ չլինի: Որովհետև մենք փափագում ենք, որ այս վայրում ուրիշ օրենք
չլինի, սիրուց բացի, ուրիշ հավատամք՝ Քրիստոսից բացի, ուրիշ դասագիրք՝ Աստվածաշնչից
բացի: Մենք չունենք անդամներ, այլ եղբայրական հաղորդակցություն, բոլոր մարդկանց, բոլոր
հարանվանությունների համար: Այստեղ բոլորին սիրով ենք ընդունում, և մենք եղբայրական
հաղորդակցություն ունենք Աստծո Խոսքի շուրջ և ուրախ ենք յուրաքանչյուրիդ տեսնել: Կարևորն
այն է, որ մենք սիրում ենք Տեր Հիսուսին: Մենք գիտակների խումբ չենք: Մենք հասարակ
մարդիկ ենք, որոնք փորձում են պարզապես կարդալ Աստվածաշունչը և ոչ մի մեկնություն չանել
գրվածից դուրս: 20. Ես հավատում եմ, որ մի օր Աստված աշխարհը կդատի Աստվածաշնչով: Նա
կդատի աշխարհը: Եվ եթե դատելու համար չափանիշ չլինի, մարդիկ ինչպես կարող են իմանալ,
թե ինչ պետք է անեն: Չենք կարող Աստծուն մեղադրել անարդարության մեջ: Դրա համար եթե
Նա դատի ըստ Հռոմի կաթոլիկ եկեղեցու, ուղղափառ հույնը կկորսվի, ինչպես նաև մյուսները:
Եթե դատի ըստ հունական ուղղափառ եկեղեցու, և ոչ թե ըստ Հռոմի կաթոլիկ եկեղեցու, Հռոմի
եկեղեցին և մյուսները կկորսվեն: Եթե դատի երիցական եկեղեցու համաձայն, լյութերականներն
ու մկրտականները կկորսվեն: Հասկանու՞մ եք: Եթե դատի ըստ հոգեգալստականների, հոգեգալստականներից
բացի բոլոր մյուսները կկորսվեն: 21. Բայց ես կարծում եմ, որ Նա չի դատի որևէ եկեղեցու
համաձայն, որովհետև չափազանց շատ տարակարծություններ ու խառնաշփոթություն կա: Աստվածաշունչն
ասում է. «Նա կդատի աշխարհը Հիսուս Քրիստոսով»: Եվ դա Սուրբ Գրքի համաձայն է: Աստվածաշունչն
ասում է. «Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստված էր, և Խոսքն Աստծո հետ էր: Եվ Խոսքը մարմին
դարձավ ու մեր մեջ բնակվեց: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Տեսնում եք, Նա՛
է Խոսքը: Իսկ այս Աստվածաշունչը Քրիստոսն է գրքի տեսքով: Հայտնության գրքի 22-րդ գլխում,
գրքի վերջում Հիսուսն ասում է. «Եթե մեկը այս Գրքին մեկ խոսք ավելացնի կամ պակասեցնի,
նրա բաժինը կպակասի Կյանքի Գրքից»: Մենք գիտենք, որ Նա իշխանություն ունի անելու բաներ,
որոնք Աստվածաշնչում գրված չեն, բայց քանի դեռ կառչում ենք գրվածից, ամեն բան հրաշալի
կլինի: 22. Ինչ վերաբերում է մանուկների ընծայմանը, ես կարծում եմ, որ շատերը, մեթոդականներն
էլ, ջրցողում են անում: Կաթոլիկների և լյութերականների մոտ մանուկները առաջին հաղորդությունն
ընդունում են տասներկու տարեկանում և մկրտության նման մի բան են ընդունում հենց ծնվելուց
հետո: Կարծում եմ, որ նրանք ջրցողում են մանուկներին: Կարծում եմ, որ մանուկների մկրտությունն
է բաժանել նազովրեցիներին մեթոդականներից շատ տարիներ առաջ: Այդպես չէ՞, Բրաուն եղբայր:
Կարծում եմ, որ դա է նրանց բաժանման պատճառը, քանի որ նազովրեցիները չեն ընդունում
մանուկների մկրտությունը: Իսկ մենք այստեղ՝ խորանում, եթե հավատարիմ մնանք Աստվածաշնչում
գրվածին, Աստվածաշնչի ոչ մի համարում ո՛չ չափահասները, ո՛չ էլ մանուկները երբեք չեն
ջրցողվել: Աստվածաշունչն ասում է (միակ հատվածն է, որում այդ մասին խոսվում է). «Եվ
Հիսուսի մոտ էին բերում նաև մանուկներ, որ նրանց դիպչի…»: Հիսուսն ասաց. «Թույլ տվեք
փոքրիկ երեխաներին, որ Ինձ մոտ գան, և մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիններինն
է Աստծո թագավորությունը»: 23. Ես կարծում եմ, որ իմ ձեռքերը, մեր հովվի ձեռքերը կամ
էլ որևէ այլ հովվի ձեռքերը շատ տկար են Հիսուսի ձեռքերին փոխարինելու համար: Եթե Քրիստոսն
այս առավոտ այստեղ լիներ, ծնողները Նրա մոտ կտանեին իրենց երեխաներին: Բայց քանի որ
մենք այստեղ Նրան ենք ներկայացնում, մեզ մոտ են բերում: Եվ մենք նրանց Տիրոջն ենք հանձնում՝
նրանց վրա ձեռք դնելով՝ որպես հիշատակ Նրա փառավոր Խոսքի և գործերի: Այդպես ենք ընծայում
այս թանկագին փոքրիկներին: 24. Եթե այստեղ կա որևէ մայրիկ, որի երեխան դեռ չի ընծայվել
Տիրոջը, եթե ցանկանում է, կարող է այստեղ գալ մյուս ծնողների հետ, որոնք ուզում են
հանձնել իրենց երեխաներին: Մենք նրանց պարզապես այստեղ ենք բերում և հանձնում ենք Տիրոջը,
աղոթում ենք նրանց համար և ասում ենք Տիրոջը, որ նրանց վրա ձեռք ենք դնում Նրա ձեռքերի
փոխարեն: Սրանից ավելի սուրբգրային ձև դեռ չեմ գտել: Գուցե դուք գտնեք դասագրքերում,
թե ինչ են ասել մի խումբ մարդիկ կամ որևէ մարդ, բայց ես ձեզ ասում եմ այն, ինչ Խոսքն
է ասում: Հասկանու՞մ եք: Կարծում եմ, որ հնարավորինս պարզ բացատրեցի: 25. Գուցե հիմա
դաշնակահարը (դու՞ք եք դաշնակահարը, եղբայր) բարձրանա այստեղ… Սարսափելի չէ՞, որ իմ
եկեղեցում հարցնում եմ, թե ով է դաշնակահարը: Հյուրի նման եմ դարձել: Լավ, մենք կերգենք
այս փոքրիկ խմբերգը: Բերեք նրանց, բերեք նրանց, Փոքրիկներին Հիսուսին բերեք: Վեր կենանք,
մինչ եկեղեցին երգում է այս փոքրիկ խմբերգը: Թող երեխաներին բերող հայրիկներն ու մայրիկներն
այստեղ գան հիմա: Բերեք նրանց, բերեք նրանց, Փոքրիկներին Հիսուսին բերեք: (Մանուկներին
հանձնելու արարողությունը. ծան. խմբ.) Ահա, ես կարծում եմ, որ սա է այն ամենը, ինչ
անհրաժեշտ էր անել: Հիմա ուղիղ ժամը տասնմեկն է: Գիտեք, երբ տեսա այս մայրիկներին ու
հայրիկներին իրենց երեխաների հետ, հիշեցի Հովսեփին ու Մարիամին, որոնք այն առավոտ եկան
Հիսուսին ընծայելու: Քիդ եղբայր, այսօր ես իմ աշխատասենյաում մի կարճ զրույց ունեցա
մի մարդու հետ: Լսեցի այս առավոտ ձեր հուզված խոսքերը… ձեր տարիքի մարդ էր: Կարծում
եմ, որ դուք պատմում էիք, թե ինչպես է Տերը ձեզ բժշկել: Մի օր քիչ էր մնում, որ իմ
մեքենայով վթարի ենթարկվեի, երբ գնում էի նրան տեսնելու: Մտածեք այդ մասին. այդ մարդը,
ում կինը հիմա այստեղ է, քարոզում էր Ավետարանը այն ժամանակ, երբ ես դեռ չէի ծնվել:
Նա քարոզում էր Ավետարանը Քենթուքիի և Թենեսիի սարերում ու ձորերում, այնտեղ, որտեղ
քարածխի հանքեր կան: Նրանք կարիքի մեջ էին և ուտելու բան չունեին: Եվ նրա կինը, որ
այստեղ է, սկսեց օրական քսան-երեսուն ցենտով լվացք անել, որպեսզի իր ամուսինը կարողանա
գնալ ավետարանչական դաշտ՝ Ավետարանը քարոզելու: Իրոք հուզիչ է, չէ՞: Երբ մտածում ես,
որ իր մահճակալի շուրջը հավաքվել էին լավագույն բժիշկներն ու ասում էին. «Նա մահամերձ
է: Շագանակագեղձի քաղցկեղ ունի, որը տարածվել է: Նրան հաշված ժամեր են մնացել, ամենաշատը՝
մեկ-երկու օր»: Դա եղել է երկու-երեք տարի առաջ: Եվ հիմա նա այստեղ է, առողջ է ու փառք
է տալիս Աստծուն: Քանի՞ տարեկան էիք, երբ Տերը ձեզ բժշկեց, Քիդ եղբայր: Ութսու՛ն: Նա
ութսուն տարեկան էր, երբ Աստված բժշկեց նրան: Արդյո՞ք Աստված հոգ տանում է մեզ՝ տարեցներիս
համար: Այն էլ ինչպե՜ս: Դա հաստատ է: Նա բժշկեց Աբրահամին, երբ նա հարյուր տարեկան
էր, իսկ Սառային, երբ իննսուն տարեկան էր, և նրանք ունեցան Իսահակին: Ճիշտ չէ՞: Մենք
շատ երջանիկ ենք դրա համար: Ձեզ հետ այնքան հաճելի է, որ ողջ առավոտը կուզեի զրուցել
ձեզ հետ: Բայց կարդանք մի քանի հատված Սուրբ Գրքից և սկսենք պաշտամունքը: Եթե Աստծո
կամքն է, կուզեի ձեզ տեղեկացնել կատարված մի քանի բաների վերաբերյալ: Այս երեկո Աստծո
կամքով կուզեի ևս մեկ ձայներիզ ձայնագրել: Եթե ուզում եք գալ լսել, շատ լավ կլինի:
Ես կձայնագրեմ այդ ձայներիզը, հենց որ հովիվը վերջացնի իր պատգամը: Կուզեի քարոզել
այս թեմայով՝ «Նրա գալստի կարմիր լուսազդանշանը»: Կուզեի ցույց տալ, որ այդ լույսի
առկայծումներից մեկը հիմա տեսանելի է: Դրա վերաբերյալ եմ ուզում խոսել այս երեկոյան:
Այդ կարմիր լուսազդանշանը հենց հիմա ներկա է: Ազդանշանը միացել է, գնացքն անցակետում
է: Այժմ կկարդանք Թվոց գրքի 16-րդ գլխից: Սա հավիտենական Խոսքն է, դրա համար կարդանք
ակնածանքով: Կուզեի կարդալ 3-րդ և 4-րդ համարները որպես հիմք այն բանի, ինչ ուզում
եմ ասել: Այժմ եթե դեռ ձայնագրիչները միացրած չեն, կուզեի, որ միացնեիք: Այս պահից
ասվածները պետք է ուղարկվեն: Կարո՞ղ ենք անմիջապես սկսել: Շատ լավ: 35. Այժմ կարդանք
Թվոց 16:3-4 համարները. «Եվ Մովսեսի ու Ահարոնի շուրջը հավաքվելով` ասացին նրանց.
«Էլ բավական է ձեզ, քանի որ ամբողջ ժողովքը սուրբ է, նրանցից ամեն մեկը, և Տերը նրանց
մեջ է, ուրեմն ինչու՞ եք բարձրացնում ձեզ Տիրոջ ժողովրդից վեր: Երբ Մովսեսը լսեց սա,
երեսնիվայր ընկավ» (Թվոց 16:3,4): 36. Մեր երկնային Հայր, օրհնիր այս խոսքերը: Թող
մեր սրտերի խորհուրդները և շրթունքների պտուղը հաճելի լինեն Քո աչքերի առջև: Խնդրում
ենք Հիսուսի Անունով: Ամեն: 37. Այս առավոտվա քարոզը կուզեի անվանել՝ «Կանգնած խրամատում»:
38. Մենք հասկանում ենք, որ խոսքն այն ժամանակվա մասին է, երբ Դաթանն ու Կորխը ցանկանում
էին միջամտել այն հանձնարարությանը, որն Աստված վստահել էր Մովսեսին, և ասացին. «Դու
պետք է թույլ տաս, որ ամբողջ ժողովքը անի այս կամ այն բանը, որովհետև բոլորը սուրբ
են»: Բայց Աստված Մովսեսի՛ն էր պատվիրել, որ ժողովրդին առաջնորդի դեպի խոստումի երկիրը:
Բայց մյուսներն ասում էին. «Դու չափազանց շատ բան ես քեզ վերագրում, ուզում ես միակ
ղեկավարը լինել»: 39. Դա այնքան դուր չեկավ Աստծուն, որ նա ասաց Մովսեսին. «Առանձնացեք
նրանց միջից: Ես ոչնչացնելու եմ նրանց և նոր սերունդ եմ բերելու քո միջոցով»: Բայց
Մովսեսը երեսնիվայր ընկավ Աստծո ներկայության մեջ՝ կարծես ցանկանալով ասել. «Դրա համար
նախ պետք է իմ վրայով անցնես»: 40. Եթե Աստված այլևս չհանդուրժեր մեր մեղքերը և կամենար
ազատվել մեզանից, որովհետև անընդհատ սխալներ ենք գործում, ո՞վ կկանգներ ժողովրդի համար
Մովսեսի նման: Որտեղի՞ց գտնենք մի մարդու, ով կկանգներ Աստծո և մեր միջև և կընդունվեր
Աստծո կողմից Մովսեսի նման: Մովսեսի երկրային կյանքը այնքան կարևոր է եղել Աստծո համար,
որ Նա զսպեց Իր բարկությունը: Եվ Աստված չանցավ Մովսեսի վրայով: Դա միշտ հանելուկ է
եղել ինձ համար, մինչև այն օրը, երբ Սուրբ Գրքից հայտնություն ունեցա: Մովսեսը վարվում
էր փոխարինողի նման: Նա Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն էր: 41. Աստված պիտի վերցներ
ողջ մարդկության կյանքը և ոչնչացնելու էր այն, որովհետև բոլորս մեղավոր էինք և մահվան
դատապարտված, բայց Քրիստոսը բոլորիս համար մեռավ: Եվ Աստված չէր կարող անցնել Քրիստոսի
վրայով, որովհետև Նա Իր հարազատ Որդին էր: Հիսուսը կամավոր Իր անձը զոհեց, որ վճարի
գինը: Մովսեսը չէր կարող այդ անել, որովհետև մարդկային արյուն ուներ և նման էր մեզ:
Նրա արյունը բավարար չէր: Բայց Հիսուսի մեջ Աստծո Արյունն էր, Աստծո արարչագործ Արյունը,
և Աստված ողջ մարդկության մեղքը ներեց, որովհետև այդ մեղքը դրվեց Քրիստոսի վրա: Եվ
Քրիստոսը բարձրացավ Գողգոթա, չարչարվեց ու մահացավ Աստծո ներկայությունից դուրս: Նա
գնաց դժոխք, որովհետև մեղք էր կրում, մեր մեղքերն էր կրում Իր վրա: Կրելով մեր բեռները՝
Նա մեր մեղքերը տարավ Գողգոթա, Գողգոթայից էլ դժոխք, հետո Աստված երրորդ օրը Նրան հարություն
տվեց մեր մեղքերի քավության համար: 42. Այսօր Նա միակ միջնորդն է Աստծո և մարդու միջև,
և մենք ձրի ներում ենք ստանում: Աստված նույնիսկ չի հիշում, որ մենք երբևէ մեղք ենք
գործել: Մեր մեղքերը նետվել են մոռացման ծովը, որպեսզի այլևս երբեք չհիշվեն: Մենք դա
ինքներս չենք կարող անել, որովհետև սահմանափակ ենք, բայց Աստված անսահման է: Մենք դեռ
հիշում ենք դրանք, որովհետև բավական զորեղ չենք: Բայց Աստված այնքան մեծ է, որ կարողացավ
մոռանալ, որ մենք մի ժամանակ մեղք ենք գործել: Մենք Նրա որդիներն ու դուստրերն ենք
Նրա ներկայության մեջ: Այն ամենը, ինչ Նա է եղել, մենք դարձել ենք: Նա դարձավ իմ մեղքը,
որ ես դառնամ Իր արդարությունը: Աստված մեղք չի տեսնում քո մեջ, քանի դեռ դավանում
ես Հիսուս Քրիստոսին: 43. Մի անգամ մեկն ինձ ասաց. «Եթե ես հավատայի դրան, ինչ կուզեի,
կանեի: Կզվարճանայի, ոչ մի պարահանդես բաց չէի թողնի, կարբեի և այլն…»: «Ինչու՞ պիտի
այդպես վարվեիք»: «Որովհետև Քրիստոսով ապահովություն ունես արդեն: Էլ ի՞նչ տարբերություն,
թե ինչպես ես վարվում»: 44. Ես նրան պատասխանեցի. «Դա ցույց է տալիս, որ դուք չունեք
դա»: Եթե Աստծո սերը դիպչեր ձեր սրտին Հիսուս Քրիստոսի գորովագթությամբ, դուք այնքան
շատ կսիրեիք Նրան, որ աշխարհը, ինչպես նաև ձեր մեղքը մեռած կլիներ ձեզ համար: Այդպես
եք իմանում, որ ստացել եք Սուրբ Հոգին: Ոչ թե որովհետև աղաղակում եք, խոսում եք լեզուներով
և այլն, այլ որովհետև մեղքը մեռնում է ձեր մեջ, և դուք ապրում եք Քրիստոսի մեջ: Ո՛հ,
Աստծո սերը այնքա՜ն անհուն է, այնքա՜ն մաքուր: 45. Վերջերս Քենթուքիում, Լուիզվիլում
մի հովիվ խոսում էր մի երիտասարդ կնոջ մասին: Նա մի քիչ երկար սպասեց ամուսնանալուն.
մոտ երեսուն տարեկան էր, երբ ամուսնացավ: Նա մի հրաշալի, հաստատակամ քրիստոնյա աղջիկ
էր: Լուիզվիլում մի մարդ կար, որը քրիստոնյա չէր և առաքինի կյանքով չէր ապրում: Անընդհատ
պարերեկույթներում էր, ճանապարհամերձ ռեստորաններում: Բայց մի օր մեղքերի թողություն
գտավ ու դարձավ իսկական, նվիրված քրիստոնյա: Մեկ տարի հետո նա սիրահարվեց այդ աղջկան,
աղջիկն էր խենթի պես սիրահարվեց նրան: Եվ նրանք ամուսնացան: 46. Մոտ երկու տարի հետո
մի օր նա ասաց ամուսնուն. «Սիրելիս, ես կարծում եմ, որ քեզ համար դժվար է հոգևոր կյանքը,
որովհետև նորադարձ քրիստոնյա ես: Ես մանկությունից քրիստոնյա եմ եղել: Իսկ դու, որպես
նորադարձ քրիստոնյա, այնքան շատ փորձությունների պետք է դիմադրես, քանի որ երկար ժամանակ
ես մեղքի մեջ եղել»: Նա պատասխանեց. «Իրոք, դա իսկական պայքար է»: 47. Կինը նրան ասաց.
«Ես ուզում եմ, որ դու մի բան հիշես: Եթե սատանան ինչ-որ տեղ քեզ պարտության մատնի,
և դու նորից ընկնես մեղքի մեջ, մի՛ խուսափիր տուն գալուց: Տուն վերադարձիր, տանը դու
կգտնես այն նույն կնոջը, որի հետ դու ամուսնացար: Ես կօգնեմ քեզ աղոթել ու վերադառնալ
Աստծուն: Ես չեմ ուզում, որ դու հեռանաս: Ես չեմ ամուսնացել քեզ հետ հիմնվելով այն
բանի վրա, թե ով ես դու եղել, այլ որովհետև սիրում եմ քեզ: Ինչ էլ անես, միշտ կսիրեմ
քեզ: Դրա համար եմ քեզ հետ ամուսնացել»: 48. Այդ մարդը այդ օրը գնաց աշխատանքի, և կնոջ
խոսքերը հնչում էին իր ականջներում: Նա ասաց. «Դրանից հետո ինչպե՞ս է հնարավոր որևէ
վատ բան անել»: Եթե կինն այնքան է սիրում ամուսնուն, որ ինչ էլ նա անի, պատրաստ է ընդունել
նրան և շարունակել նրա հետ ապրել… Դե ուրեմն այդ սերը բազմապատկեք մի քանի միլիարդով
և պատկերացում կունենաք, թե ինչպիսին է Աստծո սերը: 49. Երբ մարդը «սիրահարվում է»
Հիսուս Քրիստոսին, աշխարհի բաները… Երբ մտածում եք, թե Նա ինչ է արել ձեզ համար Սուրբ
Գրքի լույսի տակ, ոչ թե ինչ-որ զգացմունքի, այլ իրական փաստերի լույսի տակ, իմանալով,
թե ինչ է կատարվել, ինչ-որ բան է ձեզ հետ կատարվում վերստին ծնունդի ժամանակ: Մեղքը
հարյուր տոկոսով մեռնում է: Քանի դեռ Լույսը ձեր մեջ է, ինչպե՞ս կարող է հայտնվել խավարը:
Դա անհնար է: Ահա թե ինչ Աստված արեց այն մարդու համար, ով կանգնեց խրամատում՝ ընդունելու
համար խոստումը: Մովսեսն իրականությունը ազդարարող խորհրդապատկերն էր, այդ պատճառով
խրամատում կանգնեց ժողովրդի համար: 50. Դրա համար ինքս ինձ հարց եմ տալիս այս սանձարձակ,
ծույլ, գաղջ լավոդիկյան ժամանակաշրջանի վերաբերյալ, որում ապրում ենք մենք: Սերտելով
եկեղեցու շրջանները՝ գիտենք, որ հիմա ապրում ենք վերջին շրջանում՝ Լավոդիկեի ժամանակաշրջանում:
Տեսնելով ծուլության, սանձարձակության, անհոգության, խեղկատակության, մեղքի և մեղավոր
ցանկությունների այս ժամանակաշրջանը, զարմանում եմ, որ Աստված չի ասում. «Եկեղեցի՛,
մի կողմ գնա, որովհետև ես կործանելու եմ այս ողջ ժողովրդին»: Ինչպիսի՜ ժամանակաշրջանում
ենք ապրում: Նա մի օր հենց այդպես էլ կանի: Մենք գիտենք, որ այդ օրը գալու է, և դրանից
խուսափել չի լինի, որովհետև Մեկը մեռավ նրանց համար, ովքեր ուզում են ազատվել: Նա կհափշտակի
նրանց, ովքեր ընդունել են Քրիստոսին և քրիստոնյա են դարձել: Նրանք կհափշտակվեն և կազատվեն
բարկությունից: Այն ժամանակ Աստված չէր կարող դա անել. բարկությունը չէր կարող դրսևորվել
Մովսեսի ժամանակ: Հայտնության գրքի 3-րդ գլխում Աստվածաշունչն ասում է Լավոդիկեի վերաբերյալ,
որը կույր է. «Որովհետև ասում ես. «Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ
չեմ»: Հոյակապ շենքեր, շքեղ հագնված մարդիկ, ինչպիսին չեն եղել որևէ այլ ժամանակաշրջանում:
«Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես»: Եթե մարդը այդպիսի
վիճակում է, և դու փորձում ես նրան ցույց տալ իր վիճակը, նա պետք է ջանար այդ վիճակից
դուրս գալ, եթե հոգեպես առողջ է: Բայց եթե նա այդ վիճակում է, և դու չես կարող նրան
դա հասկացնել, նա չի հավատում, որ մերկ է, չի հավատում, որ այդ վիճակում է, որովհետև
նա պարզապես կույր է: Այս աշխարհի աստվածը կուրացրել է նրանց աչքերը, ովքեր չեն ցանկանում
ծառայել Քրիստոսին, և նրանք այնքան կույր են, որ չեն կարողանում զանազանել մեր ապրած
ժամանակաշրջանի նշանը, ոչ էլ այն ժամն ու ժամանակը, որում ապրում ենք: Եվ հիշեք, որ
կա Մեկը, ով կանգնած է խրամատում, և ուրիշ ոչ մեկը չի կարող այդ անել: Դուք պետք է
ընդունեք այդ դեղամիջոցը, այլապես կորսված եք: Այժմ մոտենում ենք այն թեմային, որի
մասին ուզում եմ խոսել: Այս ասելով ես ինքս ինձ եմ քարոզում: Կարո՞ղ ենք կանգնել ու
նայել երբ մի ֆիզիկապես կույր մարդ մոտենում է քարափին, և գիտեք, որ ընկնելու է: Եթե
առողջ դատողություն ունենք, կարո՞ղ ենք թույլ տալ, որ կույրը մոտենա քարափին ու նրան
չզգուշացնենք: Դա դաժանություն կլիներ: Մենք անսիրտ կլինեինք: Կարո՞ղ եք պատկերացնել
մի անսիրտ մարդու, ով կարող է ծիծաղել, երբ կույրը, որը միայնակ չի կարող քայլել, գնում
է դեպի քարափը: Շատ վատ բան է, երբ ոչինչ չես անում նրան օգնելու համար: Ողջ աշխարհում
գտնվող եղբայրներիս ուզում եմ մի խոստովանություն անել: Ամենայն խոնարհությամբ կասեմ,
որ հենց դա էի պատրաստվում անել: Ես քարոզել եմ տարիներ շարունակ, ծերացել եմ ու քարոզիչների
մեջ վետերան եմ դարձել: Շատ դժվար մարտեր եմ ունեցել: Ներքուստ ծածկված եմ վերքերով
ու սպիներով: Տիրոջ կողմից տրված իմ բաժինը չի եղել գրկել փոքրիկներին, ամուսնացնել
երիտասարդ զույգերին և թաղել ծերերին: Ինձ սահմանված էր լինել ճակատամարտի առաջին գծում,
երկսայրի Սուրը ձեռքիս պայքարել հեթանոսության խաբեությունների, դևերի և խավարի ուժերի
դեմ, պատերազմել Աստծո Խոսքով, մինչև տեսնեմ թշնամուն պարտված: Հաճախ ծանր վերքեր եմ
ստացել: Հետո եկա այս օրվա պատգամով և Եկեղեցուն ասացի բաներ, որ հիմա էլ եմ ասում:
Եվ կանխասել եմ տարիներ առաջ, երբ Սուրբ Հոգին ինձ կանչեց այս գործի համար: Երկրի վրա
չկա մեկը, ով կկարողանա ասել, որ այն ամենը, ինչ Տերն ինձ պատվիրել է ասել Իր անունով,
ճշտությամբ չի իրականացել: Նա ինձ տվեց առաջին պարգևը, հետո երկրորդը, և այն ամենի
միջոցով, ինչ ասվել ու կատարվել է աշխարհով մեկ, միլիոնավոր մարդիկ եկան Քրիստոսին:
Տասնյակ հազարավոր քարոզիչներ ոգեշնչվեցին, ինչն էլ արթնության սկիզբ դրեց, որը հիմա
տարածվում է աշխարհով մեկ: Հոգեգալստականներն էին, որ ընդունեցին իմ պատգամը և հենց
նրանք էլ առաջ շարժվեցին: Հոգեգալստականների փոքրիկ խմբում ավելի շատ ապաշխարություններ
են լինում, քան բոլոր եկեղեցիներում միասին վերցրած: Վիճակագրությունը դա հաստատում
է: Ինչու՞: Որովհետև ճշմարտությունն ընդունելով՝ արթնություն ունեցան: Հետո եկավ այն
փառավոր ժամանակաշրջանը, երբ հիվանդները բժկվում էին, դևերը՝ հանվում, մեռածները հարություն
առնում: Մենք բոլորս այդ բաների վկան ենք, ինչպես նաև այս աշխարհի շատ բժիշկներ և հայտնի
մարդիկ: Եղավ Տեր Հիսուսի հայտնությունը մեր մեջ, այն նշանի տեսքով, որը գրվեց պատի
վրա, որտեղ գրեց Տիրոջ հրեշտակը: Գիտնականները հաստատեցին դրա իսկական լինելը: Այսօր
դա աշխարհով մեկ հայտնի փաստ է: Մենք տեսել ենք, որ կանխասված բաները ամեն անգամ իրականացել
են: Մովսեսը կոչվել է Տիրոջ ծառան. գիշերը նա հետևում էր Կրակի սյանը, ցերեկը՝ Ամպին:
58. Երբ Հիսուսը երկրի վրա էր, ասաց, որ Ինքն Աստված է: Նա ասաց. «Աբրահամի լինելուց
առաջ եմ ես»: Եվ ԵՍ ԵՄ-ը Կրակի սյունն էր, որը վառվող մորենու մեջ էր ու խոսում էր
Մովսեսի հետ այն ժամանակ: Կարծում եմ որ այդպես է, չէ՞, Վեյլ եղբայր: Նա նաև ասաց.
«Աստծուց եմ եկել և Աստծո մոտ եմ գնում»: Երբ Նա խաչվեց, մահացավ, հարություն առավ
և բարձրացավ վերև, Իր մարմինը դրեց հավիտենական Աստծո փառավոր զոհասեղանին: Նա այնտեղ
է, հավիտյան ներկա է մեզ համար բարեխոսելու, որ իմանան, որ Նա վճարել է մեր մեղքի պարտքը:
Այժմ Նա երկիր է վերադարձել փառավոր Կրակի սյան տեսքով: 59. Պողոսի անունը Սողոս տարսոնացի
էր նախքան Պողոս անվանվելը: Նա գնում էր Դամասկոս, որ ձերբակալեր այն մարդկանց, ովքեր
աղաղակում էին, աղմկում, Ավետարան էին քարոզում, որը հակառակ էր իր եկեղեցու ավանդույթներին:
Երբ նա ճանապարհին էր, մոտավորապես օրվա այս ժամին, մի մեծ Լույս հարվածեց Նրան: Լինելով
հրեա՝ նա գիտեր, որ Կրակի սյունն առաջնորդել է Իսրայելի ժողովրդին: Եվ ահա ինքը կանգնած
է Նրա առջև: Դրա համար նա աղաղակեց՝ «Տեր»: 60. Ջեյմս թագավորի անգլերեն թարգմանություններում
Պողոսի ասած «Տեր» բառի բոլոր տառերը մեծատառ են. ով ծանոթ է այդ թարգմանությանը, գիտի,
որ այս դեպքում «Տերը» «Էլոհիմ» անվան թարգմանությունն է: Էլոհիմ՝ Ամենակարող Աստված,
ով ստեղծել է երկինքն ու երկիրը, Ծննդոց 1:1-ի Տերը: Պողոսն այդպես չէր դիմի որևէ տեսապատրանքի
կամ մի անհայտ բանի, որովհետև Սուրբ Գրքով կրթված մարդ էր: Նա կրթվել էր Գամաղիելի՝
իր ժամանակի մեծ վարդապետի մոտ, և այդ տեսիլքին Տեր չէր անվանի, եթե համոզված չլիներ,
որ խոսքը Եհովայի մասին է: Նա ասաց. «Ո՞վ ես, Դու, Տե՛ր»: 61. Լսեք, թե ինչ պատասխանեց
այդ Ձայնը. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես, Ես նույնն եմ երեկ, այսօր և հավիտյան»:
62. Բայց այս ամենի մեջ, նախքան առաջ գնալը և տեսնելը, թե ինչ է կատարվում այստեղ և
ամբողջ աշխարհում, կուզենայի ասել սա՝ մարդիկ, ովքեր հիմա լսում են և նրանք, ովքեր
հետո են լսելու, կիմանան, որ ամեն գործ ապացուցում է, որ Հիսուս Քրիստոսը նույնն է
երեկ, այսօր և հավիտյան: Այն նույն գործերը, որոնք Նա է արել, հիմա էլ արվում են՝ հիվանդները
բժշկվում են, սրտերի գաղտնիքները՝ բացահայտվում, կատարվելիք իրադարձությունները կանխասվում
են: Տարիներ շարունակ ամեն բան կատարյալ կերպով իրականացել է: Հիմա ես հիսունչորս տարեկան
եմ, տեսիլքներ եմ տեսել տասնութ ամսականից: Ոչ մեկը սխալ դուրս չի եկել: Դա պետք է
Աստծուց լինի: Եվ ես ինձ հարց եմ տալիս. «Ինչու՞ են մարդիկ այդ աստիճանի կույր, որ
չեն կարողանում զանազանել այդ բաները»: 63. Հովիվները միշտ գոռում են ինձ վրա, երբ
ես կանանց հետ խոսում են իրենց կտրած մազերի, անպարկեշտ հագուստի, կարճատաբատների,
վատ պահվածքի վերաբերյալ, երբ ես տղամարդկանց հետ խոսում եմ իրենց կենսակերպի, ծխելու,
խմելու և այլ բաների վերաբերյալ: Եվ իրենք իրենց քրիստոնյա են կոչում ու մասնակցում
են հաղորդությանը, որովհետև կազմակերպության են պատկանում: Նրանք կարծում են, որ ես
Աստծո դեմ հայհոյություն եմ անում: Այդ ամենով հանդերձ մի՞թե կանայք ավելի լավ են վարվում:
Նրանք ավելի վատն են դառնում, ամբողջ երկրով մեկ: 64. Թեև հանգիստ եմ խոսում, ես նյարդային
մարդ եմ, գուցե նևրոտիկ, և այդ իմանալով, ես հենց սկզբից հարմար չեմ եղել այս գործի
համար, ինչպես շատերը գանգատվում էին, թե իրենք պետք է անեն այս աշխատանքը: Դժվար է:
Ես մտածում էի. «Աստված իմ, ինչու՞ չես կանչել մեկ ուրիշին, ով կկարողանար այս գործն
անել: Ցավում եմ, բայց ինձ մոտ չի ստացվում: Մարդիկ պարզապես չեն ուզում ինձ լսել:
Ես չեմ արել այն, ինչ պետք է անեի, որովհետև նրանք չեն ուզում ինձ լսել»: 65. Մեկ տարուց
ավելի է անցել, ինչ մայրս գնացել է փառքի մեջ:Նրա հայրը որսորդ էր: Կարծում եմ, որ
նրանից եմ ժառանգել անտառի հանդեպ սերը: Ես մտածում էի. «Եթե քրիստոնյա կոչվող մարդիկ
չեն ուզում լսել իմ քարոզած պատգամը, ես նրանց հանգիստ կթողնեմ: Ես կդադարեցնեմ այս
ամենը և կգնամ սարերը: Այնտեղ մի ընկերոջ եմ ճանաչում…»: Ձեզանից շատերը հիշում են,
որ ես կատարվելուց վեց ամիս առաջ կանխասել եմ (հենց այստեղ), որ ես կգնամ այսինչ տեղը
որսորդության, և այնտեղ կլինի եղնիկի նման մի կենդանի, հարյուր վեց սանտիմետր երկարությամբ
եղջյուրներով և երկու մետրանոց գրիզլի արջ: Դա ձայնագրված է եղել: Բոլորդ հիշում եք
դա: Ի դեպ, դա հիմա իմ սենյակում է, որպեսզի ցույց տամ, որ դա ճշմարտություն է:
66. Այսպիսի բաներ կատարվեցին մորս մահվանից առաջ: Աստված ուզում էր ինձ հանգստություն
տալ այդ մեծ ստրեսից առաջ, գիտեր, որ մորս կյանքը վերցնելու է: 67. Ես ճանաչում եմ
մի քրիստոնյայի, որը մեծ տարածք ունի Ալյասկայի մոտ: Ես որոշել էր, որ այստեղից արևմուտք
գնալուց հետո կվերցնեմ կնոջս և կհամոզեմ գնալ արկածների ճանապարհով: Կգնայի այնտեղ
և կդառնայի ուղեկցորդ: Մազերս կերկարացնեի և մորուք կպահեի: Ընդամենը երկու-երեք հնդկացիներ
են այդ շրջանում ապրում: Կդառնայի ուղեկցորդ և կօգնեի իմ ընկեր Բադին: Եվ եթե Տերը
կամենար, որ ինչ-որ բան անեի, ես կասեի. «Շատ լավ, Տեր»: Նա ինձ տեսիլք կտար, և Ես
կգնայի: 68. Մարդիկ ինձ ասել են. «Բրանհամ եղբայր, Տերը քեզ կանչել է Իր մարգարեն լինելու»:
Ես երբեք ինձ մարգարե չեմ համարել, բայց եկավ մի պահ, երբ սկսեցի մտածել. «Գուցե ես
մարգարե եմ: Եթե այդպես է, ես կգնամ ապրելու անապատներում: Եթե ես գնամ անապատներում
ապրելու, կլինեմ Իր մարգարեն»: Հասկանու՞մ եք: «Եվ այն ժամանակ, երբ Նա ինձ չօգտագործի,
ես կարող եմ գնալ ձկնորսության և հետաքրքիր բաներ անել»: Անկասկած, դա եսասիրական վերաբերմունք
էր, որովհետև դա իմ ցանկությունն էր: Դա այն չէր, ինչ պետք է անեի, այլ ես էի որոշել
անել: 69. Հենց եկեղեցու յոթ շրջանների քարոզներից առաջ (այսօր ներկա են շատերը, որոնք
այն ժամանակ այնտեղ էին և գիտեն, թե ինչպես Տերն օրհնեց, ինչպես պատկերը հայտնվեց պատին)…
այստեղ գտնվողներից քանի՞սդ եք այն օրը տեսել, երբ Նա հայտնվեց: 70. Հիշեցի Ջունիոր
Ջեքսոն եղբորը: Սովորաբար նա մեզ հետ է: Ջեքսոն եղբայրը հին, մեթոդական քարոզիչ է:
Եվ ահա, նա հիմա այստեղ է, մեզ հետ նստած: Նա եկավ ինձ պատմելու իր տեսած երազը: Ուրիշ
եղբայրներ էին եկել ինձ մոտ, որոնք նման երազներ էին տեսել: Տերն իրոք բարի է եղել
իմ հանդեպ, և դուք այս առավոտ վկա եք. երբևէ ես սխալ մեկնություն տվե՞լ եմ երազին:
Ո՛չ, երբեք: Որովհետև ես այդ մասին չեմ խոսում, մինչև Տերն ինձ որևէ բան չի ասում դրա
վերաբերյալ. միայն այդ ժամանակ եմ ասում: Ես պետք է հավաքույթ անցկացնեի այդ եղբոր
եկեղեցում: Այն երեկո նա շատ էր անհանգստանում: Նա դուրս վազեց եկեղեցուց, մյուս կողմով
եկավ, որ ինձ դիմավորի մեքենայի մոտ, իսկ կողքով մարդիկ էին անցնում: Ասաց. «Ուզում
եմ քեզ մի բան ասել»: 71. Նա ինձ պատմեց իր երազը: Նա մի վայրում էր, որը նման էր Ինդիանային:
Կար մի երկար, խոտածածկ բլուր, որի գագաթի հողն անձրևը լվացել էր: Գագաթը նմանվել էր
սարի գագաթի ծածկույթից զուրկ ժայռի: Ժայռի վրա կար մի արտասովոր գրություն: Նա ասաց,
որ ես այնտեղ էի այս եկեղեցու բոլոր եղբայրների հետ և մեկնում էի այդ գրությունը: Երբ
ամեն բան մեկնաբանեցի, եթե լավ եմ հասկացել երազը, ձեռքս վերցրի լծակի կամ լինգի նման
մի բան, կտրեցի սարի գագաթը և բարձրացրի: Ներսում սպիտակ ժայռ էր, գրանիտի նման մի
բան, որի վրա ոչինչ գրված չէր: Ես ասացի եղբայրներին. «Մնացեք այստեղ և նայեք, իսկ
ես…»: Մինչ նրանք նայում էին, ես նրանց խմբից դուրս սահեցի և գնացի դեպի արևմուտք:
Ջեքսոն եղբայրն ասաց, որ տեսավ, թե ինչպես եմ հեռանում՝ բլուրից բլուր գնալով, ավելի
ու ավելի փոքր դառնալով, երբ հեռանում էի դեպի արևմուտք: Դուք դա հիշում եք: 72. Այդ
երազի մեկնությունը տրվեց այս եկեղեցում, մինչև դրա իրականանալը: Ես հավատում եմ, որ
մենք հիմա ապրում ենք լիակատար հայտնության ժամանակում, հայտնություն, որը դրսևորվել
է Լյութերի, Ուեսլեյի, Ջոն Սմիթի, Ալեքսանդր Քեմփբելի և Աստվածաշունչը քարոզած մյուս
մարդկանց ժամանակաշրջաններում: Հետո Աստվածաշնչից ցույց տվեցինք, որ պատգամ կա յոթերորդ
հրեշտակի համար: Յոթերորդ հրեշտակի պատգամի հռչակման ժամանակ Աստծո բոլոր խորհուրդները
կբացահայտվեն: Այնուհետև գալիս են յոթ խորհրդավոր որոտները: 73. Այժմ մենք ապրում ենք
վերջին ժամանակներում, որտեղ հասել ենք արդարացմամբ, սրբացմամբ և Սուրբ Հոգու մկրտությամբ:
Մենք ունեցել ենք նշաններ, հրաշքներ և այլն, պարգևները վերադարձել են եկեղեցի՝ աստվածային
բժշկությունը, մարգարեությունը, լեզուներով խոսելը և մեկնությունը, և թեև այդ ամենը
սարսափելի ձևով կեղծում են, դա չի խանգարում, որ իսկականն էլ լինի: Կա լեզուներով խոսելու
իսկական, ճշմարիտ պարգև, որը միշտ պետք է լինի եկեղեցում: 74. Կան շատ նմանակումներ:
Կան մարդիկ, որոնք «քրիստոնյա» են խաղում, բայց նրանց կյանքը չի համապատասխանում, դրա
համար ինչ-որ սխալ բան կա: Հիսուսն ասաց. «Իրենց պտուղներից կճանաչեք նրանց»: Հասկանու՞մ
եք: Ահա թե ինչպես կարող եք ճանաչել իսկական քրիստոնյային՝ նրա կենսակերպով: Ուրեմն
ձեր վերմակի համեմատ պարզեք ձեր ոտքը: Դրա համար սատանան խրտվիլակ է պատրաստում, որ
ճշմարիտ հավատացյալներին հեռացնի ճշմարտությունից: Բայց թող Աստված մեզ օգնի զանազանել
և ճշմարիտը կեղծիքից տարբերել: Խոսքը միշտ ամեն բան ուղղում է: 75. Ես ձեզ տվեցի եղբոր
տեսած երազում ժայռի վերաբերյալ մեկնությունը: Դա Քրիստոսն է: Դա սուրբգրային մեկնություն
է: Բոլոր այս տարիների ընթացքում Աստվածաշունչն այնքան են մարդկային ձևով մեկնաբանել,
որ կրոնական մեկնությունից բացի ուրիշ ոչինչ չի մնացել: Բայց Լավոդիկեի ժամանակաշրջանին
ավելացված վերջին պարգևը յոթերորդ հրեշտակի պատգամն է, որը քարոզվում է Լավոդիկեի ժամանակաշրջանում:
Մինչ այդ, ժամանակաշրջանների ընթացքում շատ բաներ սխալ են հասկացվել: 76. Լյութերը
քարոզեց արդարացումը, բայց նրա պատգամը առանց հսկողության մնաց, որովհետև նա բավական
երկար չապրեց: Նրանք այդ եկեղեցին կազմակերպություն դարձրին: Դա Լյութերը չէր արել:
Կազմակերպությունը եկավ նրանից հետո: Հետո եկավ Ուեսլեյը: Ուեսլեյից հետո ստեղծեցին
ուեսլեյական եկեղեցին: Հետո եկավ մկրտական Ջոն Սմիթը, այնուհետև Ալեքսանդր Քեմփբելը
և մյուսները: Բայց ռեֆորմացիայի գործիչները այդքան երկար չապրեցին, որ այդ ամենը ի
մի բերեն: Դրա համար հիմա շատ անհստակ կետեր են մնացել: Օրինակ, Ջոն Սմիթը բերեց ընկղմելու
միջոցով մկրտությունը, բայց երեք տիտղոսներով: Շատ բաներ մնացին օդի մեջ: Բայց վերջում
վերջին պատգամը բերվում է, որ ամեն բան կարգի բերվի, որ ամեն բան բերվի մեկ Տիրոջ,
մեկ հավատքի, մեկ մկրտության: Հասկանու՞մ եք: 77. Այժմ, երբ Աստվածաշունչը կատարելապես
մեկնաբանվել է, դուք կնկատեք, որ բուրգի տեսք ունեցող ժայռը բացվել է (խոսքը բուրգի
վարդապետության մասին չէ. կարծում եմ, որ նրանք ովքեր դա սովորեցնում են, գիտեն, թե
ինչի մասին են խոսում, իսկ ես ոչինչ չգիտեմ դրա վերաբերյալ): Ամեն դեպքում դա բուրգի
տեսք ունի: Բայց բուրգի գագաթը երբեք չի դրվել: Ես գնացել եմ Կահիրե, Եգիպտոս և տեսել
եմ, որ բուրգի գագաթը երբեք չի դրվել, որովհետև դա անկյունաքար է, գագաթի քար: Եկեղեցում
դա անկյունաքար է, կատարելության հասած Եկեղեցում կլինի գագաթի քար: Դրա համար այդ
քարը երբեք չի դրվել: Այն մերժվել է: Դա Քրիստոսն է: Բայց Նա կգա: Երբ Գագաթի քարը
գա, Եկեղեցին կընդունի իր տեսքն ու դիրքը՝ Լյութերի ժամանակվա արդարացումից անցնելով
դեպի սրբացում Ուեսլեյի ժամանակում, հետո դեպի Պենտեկոստեի պատգամ: Դա եկեղեցին փոքրամասնություն
կդարձնի: Այդ ժողովրդի մեջ կլինի այնպիսի ծառայություն, որն աստիճանաբար լիովին կնմանվի
Հիսուս Քրիստոսի ծառայությանը: Դրանից հետո Հիսուս Քրիստոսը կվերադառնա և կհափշտակի
Իր Եկեղեցին: 78. Բոլոր այդ անկեղծ և հավատարիմ լյութերականնեը, երիցականները, մկրտականները,
մեթոդականները, որոնք ծնված են Աստծո Հոգուց, կհափշտակվեն Հիսուս Քրիստոսի հետ, երբ
Նա վերադառնա: Ես հավատում եմ դրան: Ես համաձայն չեմ մի քանի հոգեգալստական եղբայրների
հետ, ովքեր հավատում են, որ հափշտակվողների մեջ լինելու է միայն վերջին ժամանակների
եկեղեցու փոքրիկ մնացորդը: Ես համաձայն չեմ, որովհետև ինչպե՞ս կարող էր Աստված…Ի դեպ,
մենք չպետք է ասենք. «Ինչպե՞ս կարող է Աստված…»: Նա կարող է անել այն, ինչ ուզում է:
Բայց Աստված խոստումներ էր տվել Լյութերին նաև արդարացման պատգամի ժամանակ. դա այն
ամենն էր, ինչ նրանք գիտեին: Դուք հասկանու՞մ եք: Նա խոստացել էր հափշտակել Եկեղեցին:
Ես դրան հավատում եմ Աստծո շնորհքով, և դա համապատասխանում է Սուրբ Գրքին: Որովհետև
Նա չվերադարձավ գիշերվա առաջին ժամին, և կույսերը բոլորը քնած էին: Նա չեկավ նաև երկրորդ
ժամին և հաջորդ ժամերին: Նա եկավ յոթերորդ ժամին: Դա Եկեղեցու յոթերորդ ժամանակաշրջանն
է: Դա յոթերորդ հրեշտակի պատգամն է: Դուք հասկանու՞մ եք: Երբ Նա եկավ, բոլոր կույսերը
վեր կացան և կարգի բերեցին իրենց ճրագները: Երիցականները, լյութերականները, մկրտականները,
բոլոր նրանք, ովքեր ծնված են Աստծո Հոգուց, կմասնակցեն հափշտակությանը: Ես հավատում
եմ, որ Հարսը կկանչվի այս ժամանակաշրջանում: Ես հավատում եմ, որ վերջին օրերում կլինեն
մարդիկ, ովքեր մահ չեն ճաշակի, այլ կփոխվեն մեկ վայրկյանում, մեկ ակնթարթում: 79. Բայց
գուցե դուք արդեն նկատել եք, որ Ջեքսոն եղբոր երազում ժայռի մեջ գրություն չկար: Ես
դրա համար գնացի արևմուտք: Ես ձեզ ասել էի. «Մի օր ձեզ կասեմ, թե դա ինչ է նշանակում»:
Դրա համար ես գնացի արևմուտք: Բոլոր նրանք, ովքեր լսել են ձայներիզները կամ ներկա են
այստեղ, գիտեն, որ ես այդ մասին պատմել եմ «Պարոնա՛յք, ժամը քանի՞սն է» քարոզում: Իսկ
դուք, սիրելի բարեկամներ, որ լսում եք այդ ձայներիզները և այդ մասին չգիտեք, լսեք այդ
քարոզը՝ «Պարոնայք, ժամը քանի՞սն է»: Կատարվելուց շաբաթներ, նույնիսկ ամիսներ առաջ
ես տեսիլք տեսա, որն ինձ ցույց տվեց, որ ես Թուսոնում եմ, ավելի ճիշտ՝ Թուսոնի հյուսիսում,
Ֆլագսթաֆի արևելքում, պոկում էի տաբատիս կպած ուղտափշերը, և հանկարծ այնպիսի փոթորիկ
բարձրացավ, որն իմ կարծիքով այնքան ուժեղ էր, որ կարող էր ցնցել ողջ շրջանը: 80. Այս
առավոտ գոնե մի մարդ կա այստեղ, ով ներկա էր, երբ դա կատարվեց: Այդ քամին իրոք սարից
խճաքարեր պոկեց: Այդ ժամանակ ես տեսա բուրգի ձևով դասավորված յոթ հրեշտակների, որոնք
իջան և ինձ վեր բարձրացրին: Ինձ տարան արևելք՝ բացելու համար յոթ կնիքներն Աստծո համար:
Եվ եթե Հիսուսն ուշանա… իմ ծոռները, փոքրիկ Պոլի երեխաները կարող են վկայել, որ դա
կենդանի Աստծո հավիտենական ճշմարտությունն է: Այն կնքված էր այդ սարի վրա: Դա գրված
չէր: Պետք էր, որ դա մեկնաբանվի: Երբ ես վերադարձա, առաջին երեկոյան առաջին հրեշտակը
բացեց առաջին կնիքը. դա հակառակ էր այն ամենին, ինչ մենք մինչ այդ լսել էինք: Նույնն
էլ բոլոր կնիքների ժամանակ: Դուք դա գիտեք: Ձեզանից շատերը ներկա են եղել, երբ դա կատարվեց:
81. Գիտեմ, որ Սոթման եղբայրն այստեղ է: Համարյա համոզված եմ, որ Նորման եղբայրը նույնպես
ներկա է: Ես պետք է Հյուսթոն գնայի՝ փրկելու այն փոքրիկ տղային էլեկտրական աթոռից:
Վերադարձին ես որսորդության գնացի եղբայրների հետ: Այն առավոտ, երբ ես տաբատիս կպած
ուղտափշերն էի պոկում, փոթորիկը հայտնվեց ճիշտ այնպես, ինչպես ինձ ցույց էր տրվել:
Այդպես է, չէ՞, Ֆրեդ եղբայր: Ես պետք է, որ գետնից շատ բարձր ցատկած լինեի: Եվ հենց
իմ վերևում Տիրոջ հրեշտակներն էին, որոնք եկել էին պատգամ բերելու՝ այստեղ կնիքները
բացելու համար: Ինչու՞ այստեղ: Ինչու՞ խորանում: Ինչու՞ ոչ այնտեղ: Այն խոստումի համար,
որ ես տվել էի իմ եկեղեցուն, որ ամեն նոր պատգամ գալու է այս խորանից և ձայնագրվելու
է այստեղ: Եվ Նա ինձ օգնում էր, որ կատարեմ իմ խոստումը՝ վերադառնամ այստեղ այն իրականացնելու:
82. Ես այն ժամանակ չգիտեի, որ լուսանկարներ են արել: Գիտնականները լուսանկարներ էին
արել այն ժամանակ, երբ հրեշտակներն իջնում էին երկնքից պատգամը բերելու համար: Հիշում
եք, որ ես խոսել եմ այն հրեշտակի մասին, որը գտնվում էր համաստեղության աջ կողմում,
կանգնած առանձնահատուկ ձևով: Հիշու՞մ եք այդ ամենը: Եվ այն, որ ես զննում էի նրան:
Նա շատ էր տարբերվում մյուսներից: Ես չգիտեի, որ լուսանկարել են, որովհետև անմիջապես
գնացի արևելք: Բայց վերադառնալով Թուսոն՝ ես տեսա, որ այդ ամենը նկարագրված է լրագրերում
որպես արտասովոր երևույթ, որը տեսանելի է եղել համարյա ողջ երկրում, մինչև Մեքսիկա
և արևմտյան նահանգներ: Այն հրատարակվել էր «Ասոշիեյթիդ Փրես»-ում: Քանի՞սդ եք տեսել
այդ խորհրդավոր ամպը երկնքում: Տեսեք, որ բոլորը ձեռք են բարձրացրել: «Լայֆ» ամսագիրը
հրատարակել է այն: Այս առավոտ հոդվածն ինձ մոտ է: Տեսնու՞մ եք: Դա նույնն է, ինչ ես
տեսա այնտեղ: Տեսնու՞մ եք բուրգի տեսքով այս ամպը: Ես հենց դրա ներքևում էի: Տեսնու՞մ
եք, որ աջ կողմի հրեշտակը տարբերվում է մյուսներից: Տեսնու՞մ եք նրա սրածայր թևը: Ճիշտ
այնպես, ինչպես ասվել էր: Դա երևացել է Մեքսիկայից և տարբեր վայրերից, որտեղից արել
են այս լուսանկարները: Գիտնականները հիմա փորձում են հնարավորինս շատ տեղեկություն
հավաքել այս լուսանկարի և լուսանկարող մարդկանց վերաբերյալ: Նրանք դա հետազոտում են:
83. Նրանք ասում են, որ անհնար է, որ դա ամպ լինի, որովհետև խոնավությունն այդքան վեր
չի բարձրանում: Այն գտնվում էր վեց կամ ութ մղոն (10 կամ 14 կմ) բարձրության վրա: Երբ
մենք գնում ենք արտասահման, սովորաբար թռչում ենք հինգուկես կիլոմետր բարձրության վրա.
այնտեղ փոթորիկ լինել չի կարող: Բայց այդ ամպը, այդ գիտնականի հոդվածի համաձայն, գտնվում
է 42 կիլոմետր բարձրության վրա: Այն շատ ավելի բարձր էր ցանկացած խոնավությունից: Ինչ
վերաբերում է աղմուկին, քանի՞սդ եք հիշում, որ ես ասել եմ, որ դա հիշեցնում էր գերձայնային
ինքնաթիռի ձայն: Դուք դա հիշու՞մ եք: Մինչդեռ շրջանում ինքնաթիռ չկար: Նրանք դա հաստատել
են թերթում: Դա չէր կարող առաջացած լինել ռեակտիվ ինքնաթիռից, որովհետև այդ շերտագիծը
որը դուրս է գալիս ռեակտիվից ընդամենը գոլորշի է, և այդ շերտագիծն ուղեկցում է ողջ
թռիչքի ընթացքում: 84. Եվ ահա, այդ ամպը գտնվում էր այնպիսի բարձրության վրա, որտեղ
գոլորշի չի կարող լինել, և ոչ մի ինքնաթիռ չի եղել այդ շրջանում: Չէր կարող լինել խոնավություն
և մնալ այնտեղ այդ օրը: Այն ուներ 48 կիլոմետր լայնություն և գտնվում էր 42 կիլոմետր
բարձրության վրա: Տեսնու՞մ եք: Ճիշտ այնպես, ինչպես ես ձեզ այն ժամանակ ասել էի, շատ
ավելի վաղուց, քան արվել էր այդ լուսանկարը. «Աստծո հրեշտակը կրակի սյան տեսք ունի»:
Աստված այնպես արեց, որ գիտությունն ընդունում է, որ դա ճշմարտություն է: Ուրեմն ո՞րն
է մեր դիրքորոշումը այս ամենի մեջ: Ես ուզում եմ պահել այս փաստաթուղթը, որովհետև գուցե
խոսեմ մի ընկերոջ հետ, ով այս առավոտ այստեղ է և խմբագրելու է յոթ կնիքների մասին գիրքը:
Գուցե նա դրա կարիքն ունենա: Եթե դուք այդ թերթի պատճեններն ունեք, պահեք դրանք քաղվածքի
համար: 85. Տեսնու՞մ եք, աշխարհը փորձում է բացահայտել, թե դա ինչ է նշանակում: Բայց
ի՞նչ իմաստ ունի նրանց ասել այդ: Նրանք կծաղրեն: Պարզապես կծիծաղեն: Դրա համար չնետենք
մեր մարգարիտները: Մենք դա գիտենք, Եկեղեցին գիտի, և Աստված գիտի, որ դա ճշմարտություն
է: 86. Ես աղոթել էի դրա վերաբերյալ, հարցնելով, թե ինչ է կատարվելու, և տեսա՞ք, թե
ես որտեղ էի, երբ դա կատարվեց: Թուսոնի հյուսիսում, Ֆլագսթափի արևելքում: Հենց այն
վայրում, որի վերաբերյալ ամիսներ առաջ էի ասել, որ լինելու եմ այնտեղ: Եվ այդ թերթը
լիովին համապատասխանում է մեր վկայության հետ: Այն տալիս է ճիշտ վայրը: Աստված կատարյալ
է և չի կարող ստել: Այն, ինչ Նա ասել է, կատարվելու է: 87. Հիշու՞մ եք այդ քարոզը՝
«Պարոնայք, ժամը քանի՞սն է»: Ես ասել էի. «Ինչ-որ շատ կարևոր բան է կատարվելու»: Եվ
դա կատարվեց այնպես, որ ողջ երկիրը կարող է այդ մասին վկայել: «Ասոշիեյթիդ փրես»-ի
բոլոր լրագրերը դա հրապարակեցին, ինչպես նաև մեր առաջատար թերթերից մեկը, և դա վերջը
չէ: Բայց ի՜նչ արտոնյալ ժողովուրդ են քրիստոնյաները, որ գիտեն այդ բաները, երբ մեր
ապրած խավար աշխարհում գիտությունն ապացուցում է, որ հույս չկա և աշխարհին սպասում
են ատոմային ռումբերը: Ոչ մի հույս չկա մեր կազմակերպություններում, եթե նույնիսկ միաբանվեն,
որովհետև դա անում են գազանի դրոշմի տակ: Այդ ուղղությամբ ամեն հույս ունայն է: Մեր
տնտեսությունը, կազմակերպությունների ներսում մեր քրիստոնեական, եղբայրական հաղորդակցությունը
մեզ տանում են կաթոլիկություն, որը լինելու է գազանի դրոշմը եկեղեցիների միությունում:
88. Բայց նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և փնտրում են Ճշմարտությունը…Այն նույն
Աստվածը, ով Աստվածաշնչում խոստում է տվել, մեր աչքերի առջև դնում է այս ճշմարտությունը
և այնպես է անում, որ եկեղեցին, աշխարհը, գիտությունը և թերթերը, բոլորը ճանաչեն, որ
Նա նույն Աստվածն է և կարող է մեզ ցույց տալ, թե որ ժամանակում ենք ապրում: Ո՞րն է
այն ժամը, որում ապրում ենք: 89. Այն առավոտ ես Սաբինոյի կիրճում էի, աղոթում էի և
մտածում, թե ինչ է կատարվելու, երբ հանկարծ իմ ձեռքում մի սուր ընկավ: Այն ուներ մարգարտյա
բռնակ, պատյան և մոտ մեկ մետր երկարությամբ սայր, քրոմի պես փայլուն էր, ածելու պես՝
սուր: Ես չգիտեի, թե դա ինչ է: Ինքս ինձ ասացի. «Վախենում եմ այդ բաներից»: 90. Այդ
ժամանակ հնչեց մի զորավոր ձայն, որը ցնցեց ողջ կիրճը: Ձայնն ասաց. «Դա Տիրոջ սուրն
է»: Տիրոջ սուրը Աստծո Խոսքն է: Որովհետև Աստծո Խոսքը երկսայրի սրից ավելի կտրուկ է:
91. Այդ ժամանակ այստեղ մի հրաշալի եղբայր կար: Նա զինվոր էր, որը ծանր վիրավորվել
էր պատերազմի ժամանակ: Կարծում էին, որ նա կմեռնի, և բժիշկները նույնիսկ անհրաժեշտ
չէին համարում նրան խնամելը, որովհետև չափազանց ծանր վիրավոր էր: Ոտքի գլխավոր նյարդը
պատռվել էր, թևերից մեկը համարյա պոկվել էր, մեկ ոտքը չկար: Բայց Աստված ցույց տվեց
Իր ողորմությունը՝ փրկեց և բժշկեց նրան նույն օրը: 92. Դա Ռոյ Ռոբերսոն եղբայրն է:
Նա ներկա էր, երբ Հյուսթոնում արվեց այդ լուսանկարը: Նրա կնոջը տեսիլքով ասվեց, թե
ինչ է արել օրվա ընթացքում, ինչ հիվանդություն ունի և որ պիտի բժշկվի: Դա իր ամուսնուն
հավատքի բերեց: Հուսով եմ, որ նա ինձ կների դա ասելու համար, բայց նա եղել է մի քիչ
կոպիտ և ճշտապահ զինվոր: Նա հրամայելու սովորություն ուներ: Այնուամենայնիվ նա հավատաց:
Նա կանոնավոր եկեղեցի էր գալիս, տեսնում էր գերբնական դրսևորումները և ասում էր. «Ես
հավատում եմ այս ամենին, բայց դա ուրիշների համար է»: 93. Մի գիշեր, առավոտվա կողմ
Տերը նրան արթնացրեց: Նա և ես նստած էինք սեղանի մոտ, կարծես Երուսաղեմում Տերունական
ընթրիքը լիներ, և ես խոսում էի: Նա չէր կարող դա հասկանալ: Նա նստած նայում էր ինձ
և տեսավ այդ բոլոր բաները: Նա ինձ Արիզոնայից նամակ գրեց, և ես պատասխանեցի հեռախոսով:
Նա ինձ ասաց. «Դու այնտեղ նստած էիր, Բրանհամ եղբայր, և ես տեսա, որ Կրակի սյունը ներս
մտավ և քեզ տարավ Տիրոջ սեղանից. դու գնացիր արևմուտքի ուղղությամբ»: Նա նստած էր արևելյան
կողմում: Նաա տեսավ, որ Լույսը ներս մտավ ու ինձ տարավ արևմուտք: 94. Նա ինձ ասաց,
որ դա առավոտյան էր, և տեսիլքի նման էր: Նա վեր էր կացել ժամը երեքին կամ չորսին և
տեսել, թե ինչ է կատարվել: Ինձ ասաց, որ սկսել է երկար ժամանակ գոռալ, իրեն թվում է,
որ օրեր շարունակ: Նա գոռում էր. «Բիլլ եղբայր, վերադարձիր»: Ռոյը և ես իսկական եղբայրներ
ենք: Միասին ենք ապրում, միասին որսի ենք գնում եղբայրների պես: Նա ինձ կանչում էր
գոռալով, մինչև ձայնը խռպոտվեց. «Վերադարձի՛ր, վերադարձրեք, վերադարձրե՛ք նրան»: Ահա
մի ամպ եկավ և ինձ նստեցրեց սեղանի գլխին, և ես փոխվեցի: Ռոյ եղբոր համար խորհրդավոր
էր ինձ տեսնել փոխված, այլ տեսքով: (Ես դա նշում եմ, որպեսզի մի բան հիշեմ: Փոխվել…
ես նրան տվեցի դրա մեկնությունը): 95. Դա կատարվեց հենց այն բանից առաջ, երբ ես վերադառնում
էի յոթ կնիքների համար: Մի առավոտ նա կանգնեցրեց Բիլլին, որովհետև ցանկանում էր ինձ
հետ խոսել: Ես զբաղված էի յոթ կնիքների համար աղոթելով: Նա ինձ ասաց, որ նորից տեսել
է այս երազը: Հիմա, Ռոյ եղբայր, եթե սխալվեմ, ինձ նշան արա: Նա ինձ ասաց, որ առավոտ
վաղ էր արթնացել, և նայել էր սենյակին, տեսել էր այդ մեծ Լույսը կամ մի մեծ ամպ սարի
վրա: Նա վերջերս ինձ հարցրել էր. «Ինչ-որ առանձնահատուկ բան կա՞ սարի վրայի ամպի վերաբերյալ»:
Ես նրան պատասխանեցի. «Այո, այդ մասին խոսվում է Աստվածաշնչում»: 96. Ես նրան ասացի.
«Երբ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը սարի վրա էին, մի ամպ ծածկեց Տեր Հիսուսին: Այնուհետև
Աստված ասաց. «Դա է իմ սիրելի Որդին»: Ես վերջերս քարոզել եմ դրա վերաբերյալ: Փոքրիկ
պատգամ էր, որպեսզի ձայներիզ լսող եղբայրները հասկանան: Այն կոչվում էր՝ «Նրան լսեք»:
Կարծում եմ, որ դա ունեք ձայներիզի վրա: Վստահ եմ: 97. Նա ասաց, որ բարձրացել էր սարը:
Բարձրանալով վեր՝ տեսավ ինձ: Այդ ժամանակ ամպից մի ձայն դուրս եկավ (այդպես է, չէ՞,
Ռոյ եղբայր) և ասաց մոտավորապես այս խոսքերը. «Ահա Իմ ծառան: Ես նրան կանչել եմ լինելու
մարգարե այս ժամանակաշրջանի համար, որ առաջնորդի Իմ ժողովրդին, ինչպես մի ժամանակ Մովսեսը:
Նա իշխանություն է ստացել խոսքով ստեղծելու»: Մոտավորապես այդպես էր. ինչպես Մովսեսը
խոսքով գոյություն տվեց շնաճանճերին: Եվ մենք գիտենք սկյուռիկների մասին և այլ բաների
մասին, որ կատարվեցին: Ես կարծում եմ, որ դուք գիտեք, թե ինչ կատարվեց Հեթթի Ռայթի
հետ: Աստված ասաց Ռոյ եղբորը, որ ես արել եմ Մովսեսի նման: 98. Նա ինձ դա պատմեց ճամփորդությունից
վերադառնալով: Ես որոշել էի գնալ այցելելու Բադ եղբորը, ով վատ վիճակում էր: 99. Գնալուց
առաջ կուզեի ասել սա: Հետո կշտապենք: Ես մի տարօրինակ երազ եմ տեսել, մի անսովոր երազ:
Եթե աներորդիս լսի, հուսով եմ, որ չի վիրավորվի: Եվ հուսով եմ, որ դա չի վիրավորի այստեղ
գտնվող կնոջս: Բայց կինս դա արդեն գիտի: Մի քանի ամիս առաջ (կարծեմ՝ հոկտեմբերին կամ
նոյեմբերին) երազ տեսա, որ քայլում եմ մթության մեջ: Ես չգիտեի, թե ուր գնամ, ոչ ոք
չէր հետաքրքրվում ինձանով: Ես դարձել էի թափառաշրջիկ, սովորական թափառաշրջիկ: Ես մրսում
էի, նայեցի հեռուն և կրակ նկատեցի: Մոտեցա և տեսա, որ քաղաքային աղբանոց էր: Փոսեր
կային և այդ փոսերի մեջ կրակ կար: Փոսերի միջև քնած էին թափառաշրջիկները: Նրանք այնտեղ
էին մնում, որ չսառչեն այդ գիշերվա սառնամանիքում: Ես մրսում էի: Մոտեցա կրակին, որ
տաքանամ: Այնտեղ ամենուրեք թափառաշրջիկներ կային: Ես նրանց չէի տեսնում, բայց նրանք
բոլորն էլ մսուրի նման բաներ ունեին քնելու համար: Եվ նրանց մեջ ես տեսա իմ աներորդուն՝
Ֆլեչեր Բրոյին: 100. Ես շատ լավ եմ հիշում Ֆլեչերին: Նա հրաշալի տղա էր: Բայց թող դա
դաս լինի երեխաների համար: Ես հիշում եմ, որ մի քանի տարի առաջ նա երիտասարդ, գեղեցիկ
տղա էր: Ջեյմս Ֆլեչեր Բրոյը հայտնվեց վատ շրջապատում և առաջին անգամ խմեց: Ես դեռ հիշում
եմ նրա առաջին այցելությունը իմ տանը: Նրա հայրը, ով արդեն մի քանի տարի է, ինչ գնացել
է փառքի մեջ, վերցնում էր իր կիթառը և երգում էր. Բլրո վրա մը հեռի, իբր նշան ամոթի
Կանգնած էր խաչ մը անհարթ ու հին… 101. Ֆլեչերն ինձ կանչել էր, որ ասեր. «Բիլլ եղբայր,
աղոթիր ինձ համար: Հիշում եմ այս երգը, որը հայրս նվագում էր… իսկ ես այսօր նորից եմ
խմել»: 102. Ես նրան ասում էի. «Ֆլեչեր, մի՛ հետևիր այդ ճանապարհին»: Այն ժամանակ նա
տասնութ տարեկան էր: Բայց նա ինձ չլսեց: Շարունակեց խմել և այսօր նա բացարձակ ալկոհոլիկ
է: Նրա կինը հեռացավ նրանից, իսկ երեխաները… Մինչդեռ Աստված գիտի, որ ես նրան սիրում
եմ: 103. Ես վերջերս գնացել էի նրա համար աղոթելու: Նա ընդամենը թափառաշրջիկ է: Գնացի,
որովհետև այստեղ էի եկել յոթ կնիքների համար: Ես նրան ասացի. «Ֆլեչ, ուզում եմ մի քանի
կոստյում տալ քեզ»: Բայց նա ասաց. «Մի՛ արա այդ, Բիլլ եղբայր»: Բայց ես գիտեի, որ նա
հագուստ չունի: Ես նրան հարցրի. «Ինչու՞ չես ուզում վերցնել այդ հագուստները»: Նա ինձ
ասաց. «Դու գիտես, թե ես ինչ կանեմ դրանք: Գրավ կդնեմ ու կգնամ խմելու»: Նաև ասացի.
«Ֆլեչ, ես ուզում եմ քեզ մի քիչ փող տալ»: 104. Բայց նա ասաց. «Ո՛չ, մի՛ արա այդ, Բիլլ
եղբայր: Ես չեմ ուզում, որ տաս»: Նա իրոք լավ տղա է, բայց հիմա դարձել է ալկոհոլիկ
և թափառաշրջիկ: Նրա կինն էլ սխալ ճանապարհ ընտրեց: Ո՛հ, այդ ամենը պատահեց խեղճ տղային:
105. Արթնանալուց առաջ երազումս Ֆլեչերն ինձ ասաց. «Բիլլ, ես քեզ համար տեղ կգտնեմ:
Դու կերակրել ես իմ սոված երեխաներին: Հայր ես եղել նրանց համար: Ես քեզ համար շատ
տաք տեղ կգտնեմ»: Մենք անցանք թափառաշրջիկների մսուրների մոտով և հասանք մի վայրի,
որտեղ ես ասացի. «Ես այստեղ կնստեմ»: Ասացի. «Գնամ այնտեղ, տեսնեմ՝ տեղ կգտնե՞մ»:
106. Ես շարունակեցի առաջ գնալ, ցուրտ, մութ գիշերվա մեջ շուրջս նայելով: «Ու՞մ մտքով
կանցներ: Մի ժամանակ Ամենակարող Աստված թույլ էր տալիս ինձ առաջնորդել Իր եկեղեցին:
Մի ժամանակ Նա ինձ թույլ էր տալիս քարոզել Ավետարանը և տեսնել փրկված հոգիներ: Ողջ
աշխարհից տղամարդիկ և կանայք գալիս են մի քանի րոպեով ինձ հետ խոսելու: Իսկ հիմա ու՞ր
եմ հասել: Իսկ հիմա թափառաշրջիկ եմ ու ոչ ոքի պետք չեմ: Եվ մրսում եմ: Ի՞նչ պիտի անեմ»:
Եվ ես արթնացա: 107. Ես կնոջս ասացի. «Գուցե դա նշանակում է, որ Ֆլեչը կարիքի մեջ է»:
Մենք շտապեցինք նրան փնտրելու: Իր եղբայրը գտավ նրան: Նա Վեյդներների տանն էր, որոնք
ձիեր են վաճառում: Նա պետք է քներ ցախանոցի մի անկյունում: Ես գնացի: Մտածում էի.
«Թողնենք, որ անի այն, ինչ ուզում է»: 108. Վերջերս վերադարձա Կանադայից Ֆրեդ եղբոր
և մյուսների հետ: Սրտիս մեջ ասում էի. «Դե, եթե այս մարդիկ չեն ուզում լսել իմ պատգամը,
նրանց ոչ ոք չի ստիպում»: Մոտ երեսունհինգ տարի է, ինչ քարոզում եմ և անցած տասնհինգ-տասնութ
տարիների ընթացքում ջանացել եմ հնարավորինս մոտ ապրել Նրան, մի բառ չեմ ասել առանց
Նրանից կարգադրություն ստանալու: 109. Մարդիկ ասում են. «Եթե Բրանհամ եղբայրը ձեզ ասում
է, որ գալու է, ուրեմն եկեք հավաքույթներին, որովհետև նա գալիս է Տիրոջ անունով: Նա
ոչինչ չի անի, եթե Տերը նրան ցույց չտա»: Դա ճիշտ է: Ես սպասում եմ, որ Նա ինձ ցույց
տա, թե ես ինչ պիտի անեմ: Ես չէի շարժվում, քանի դեռ Նա ինձ հետ չէր խոսում: Վերջին
մի քանի ամիսների ընթացքում նա ինձ չի ասել, թե ուր պիտի գնամ: 110. Այնուհետև ես վերադարձա
Կանադայից և Ռոյ եղբայրը ինձ պատմեց իր երազը, երբ մենք՝ նա, Բենքս եղբայրը և ես, ճանապարհին
էինք: Նա ինձ դա պատմեց հրաժեշտ տալուց առաջ: 111. Հաջորդ օրը մենք գնացինք Ֆրեդ եղբոր
տուն, բայց նրա որդի Լինը տանը չէր: Նա չկարողացավ մեզ հետ գալ: Նա և իր կինը ստիպված
եղան սպասել: Նա գնաց իր կնոջը բերելու Ռոուզվուդից, Սասկաչեվանից: 112. Բիլլին և ես
գնացինք Ֆրեդ եղբոր բեռնատար մեքենայով: Մեքենան վարեցինք համարյա ողջ գիշեր և հաջորդ
օրը: Հաջորդ առավոտյան դուրս եկանք Հելենայից Մոնտանա նահանգում և հասնում էինք սահմանին:
Ես կարող եմ արթուն մնալ մինչև ժամը իննը, հետո քունս տանում է, պետք է քնեմ: Իսկ Բիլին
սիրում է քնել մինչև առավոտյան տասը, երբ ցերեկվա լույսը շատ ուժեղ է լինում: Դրա համար
մենք կարողանում ենք լավ ճանապարհորդել միասին: 113. Ես արթնացա ժամը չորսին և սկսեցի
մեքենան վարել: Բիլլին քնած էր: Ես սկսեցի մտածել: Ես մտածում էի. «Գիտե՞ս ինչ, մի
օր հենց որ կարողանամ կնոջս տանել այնտեղ (ես նրան չեմ ասի, թե ինչ եմ անելու), կգնանք
այնտեղ: Մի օր ես նրան կասեմ. «Ես այնքան եմ սիրում այս վայրը: Արի ուրիշ տեղ չգնանք:
Մնանք այստեղ»: Այդ վայրը հազար ութ հարյուր կմ հեռու է քաղաքակրթությունից: Անապատի
մեջ է: Ես մտածում էի. «Մի՞թե հիանալի չի լինի: Կարիք չի լինի վարսավիրի մոտ գնալու,
շքեղ հագնվելու: Ես կլինեմ իսկական լեռնաբնակ, ինչը միշտ երազել եմ: Ես կունենամ մի
քանի հրացան և կդառնամ ուղեկցորդ, որի նմանը չի եղել: Ինչքա՜ն շատ կսիրեմ այդ կյանքը:
Եվ հետո, եթե Տերն ինձ պատվիրի իջնել իմ սարերից և ինչ-որ բան ասել, ինչ-որ մեկին,
կգնամ նրան կասեմ, ինչ որ պետք է, հետո կվերադառնամ: Ես կօգնեմ Բադին, և մենք այնտեղ
իրոք հրաշալի վայր կունենանք»: Ես այդպես էի մտածում: 114. Ժամը յոթին կողմ կանգ առանք,
որ ճաշենք սարերում գտնվող մի փոքրիկ ռեստորանում: Քանի որ արդեն ուշ էր, արթնացրի
Բիլլին: Բենզինը վերջացել էր, և մենք այնտեղ մեքենան լցավորեցինք: Մինչ մենք այնտեղ
էինք, մի տղամարդ անցավ փողոցը: Նա գուցե ինձանից մի քիչ տարիքով էր, բայց իմ կարծիքով
իսկական տղամարդու տեսք ուներ: Նա հագել էր կոմբինեզոն, բանվորական բաճկոն, ձիավարության
երկարաճիտ կոշիկներ: Նա ուներ սև գլխարկ և ձյունաճերմակ այտամորուք, մազերը դուրս էին
ցցվել գլխարկի տակից: Ես մտածեցի. «Այ, սա իսկական տղամարդու տեսք է»: Ոչ թե այն փափկասուն
և ծույլ տղամարդկանց նման, որոնք այսպիսի երկար սիգարը բերանում, կարճատաբատով նստած
են բակում կամ լողավազանի մոտ: Այդ հաստափոր արևելքցիների նման… Կներեք այս արտահայտության
համար: Իսկ այդ մարդը թվում էր իսկական տղամարդ՝ կոփված, կոպիտ: 115. Նա մտավ ռեստորան,
պատվիրեց մի քանի յուղաբլիթ: Մենք տասնհինգ-քսան հոգի էինք: Հանկարծ նա ուզեց փռշտալ:
Գիտեք, թե որոշ մարդիկ ինչպես են… (Բրանհամ եղբայրը նմանակում է զսպված փռշտոց. ծան.
խմբ.): Բայց նա ուժեղ փռշտաց՝ «Հաափչիի»: Ոնց որ փոթորիկ լիներ: Ոչ ոք նրան նկատողություն
չարեց: Ես ասացի որդուս. «Բիլլի, այս մարդն իմ սրտով է»: Նա ինձ պատասխանեց. «Ո՛հ,
հայրիկ, բայց դու իհարկե, չես ցանկանա նրան նմանվել»: Ես նրան ասացի. «Ահա, այդպիսին
եմ ես լինելու ապագայում: Հենց այսպիսին եմ լինելու»: 116. Մենք էլի մի քիչ նստած մնացինք,
մինչ Բիլլին վերջացնում էր իր բլիթները: Ես արդեն կերել էի: Մենք նստած էինք առանձին
խցիկներում և չէինք կարող տեսնել նստած մարդկանց: Քիչ անց կողքի խցիկից մի մարդ վեր
կացավ: Մինչ այդ նրան չէի տեսել: Նա ուներ ճիշտ նույն կիսադեմը, ինչ ես: Նա կլիներ
մոտ յոթանասունհինգ տարեկան: Ցածրահասակ մարդ էր, պատռված, մաշված հագուստով: Իսկ իր
ընկերը, ով նրա հետ միասին վեր կացավ, Ֆլեչեր Բրոյի արտացոլանքն էր: Նրա սպիտակ մազերը
կախված էին դեմքին: Բիլլին նրանց տեսնելով՝ ինձ ասաց. «Հայրի՛կ, կարծես դու և Ֆլեչերը
լինեք»: Պատկերացրեք իմ զգացողությունը: Թվում էր, որ այս երկու մարդիկ գիշերն անցկացրել
են խարույկի կողքին. նրանք ծխահարված էին, կեղտոտ դեմք ունեին: Ես կարծում եմ, որ երկուսով
քսան ցենտից ավելի չծախսեցին իրենց նախաճաշի համար: Գուցե բավարարվել էին մի գավաթ
սուրճով: Սիրտս թրթռում էր: Ես շարունակում էի նայել նրանց: Բիլլին ինձ հարցրեց. «Քեզ
ի՞նչ պատահեց»: Ես պատասխանեցի. «Ոչինչ»: Նորից նայում էի: Նրանք վեր կացան և գնացին:
Բիլլին նորից ինձ հարցրեց. «Ի՞նչ է կատարվում»: Ես ասացի. «Ոչինչ»: Մենք վերադարձանք
մեքենայի մոտ: Նա ինձ ասաց. «Դեմ չե՞ս մեքենան վարել: Ես դեռ քնաթաթախ եմ»: Ես ասացի.
«Ո՛չ»: 117. Նա քնեց, իսկ ես սկսեցի արագ սլանալ՝ անցնելով սարերով և մոտենալով սահմանին:
Մենք վերադառնում էինք տուն՝ Արիզոնա, բայց հիմա Յուտայում էինք: Երբ հասնում էինք
սարի ստորոտին, քաղաքից քսան մղոն հեռավորության վրա, Մեկը սկսեց խոսել ինձ հետ (ինչպես
այն Ձայնը, որը խոսեց ինձ հետ սկյուռիկների և մյուս բաների մասին. ես դա պատմել եմ
ձեզ): Ես լսեցի, որ մի Ձայն խոսում է ինձ հետ, այնպես ինչպես հիմա դուք եք լսում իմ
ձայնը: Գուցե մտածեն, որ ես նյարդային հիվանդ եմ: Բայց ինչպես ես արդեն ձեզ ասել եմ.
«Երբևէ ձեզ ուրիշ բան ասե՞լ եմ ճշմարտությունից բացի»: Ձայնը սկսեց ինձ հետ խոսել:
Ես խոսում էի Աստծո հետ: 118. Նա ինձ ասաց. «Իրականացրու քո ծրագրերը և կլինես այդպիսին»:
Ես ասացի. «Տե՛ր, ես չեմ ուզում այդպիսին լինել»: 119. Նա ինձ պատասխանեց. «Քո կինն
էլ կգնա: Նա չի ցանկանա այդպես ապրել լեռներում: Եվ դու կդառնաս թափառաշրջիկ, ինչպես
տեսար երազում»: 120. Ես ասացի. «Ես չեմ ուզում լինել այդպիսին, բայց ուրիշ բան էի
ուզում: Ես հավատացել եմ, որ ինձ կանչել ես լինելու մարգարե, և կուզենայի մարգարեների
նման ապրել անապատում»: Դրանք ընդամենը պատրվակներ էին որսի գնալու հնարավորության
համար: Ես փնտրում էի իմ սեփական օգուտը: 121. Աստված ինձ ասաց. «Դա Հին Կտակարանի
մարգարեների համար էր: Դու կանչվել ես ավելի բարձր ծառայության համար: Բացի այդ, դու
ավելի շատ պարգևներ ունես, քան նրանք: Դու կանչվել ես հիվանդների համար աղոթելու և
Ավետարանը քարոզելու համար: Քո առաքելական ծառայության մեջ ավելի փառավոր բաներ գիտես
և բազմաթիվ մեծ պարգևներ ունես: Ինչու՞ ես դու սպասում, որ Ես քեզ առաջ մղեմ ամեն անգամ,
երբ պետք է առաջ շարժվես: Որտե՞ղ է քո վարձը: Հիշու՞մ ես, թե ինչ ասացի քեզ երեկ: Հիշու՞մ
ես, թե Ռոբերսոն եղբայրը քեզ ի՞նչ ցույց տվեց իր տեսիլքով: Դու արեցիր Մովսեսի նման:
Դու մոռացար զգալ քո ժողովրդի ապրումները: Դու մոռացար կոչումը, որի համար կանչել եմ
քեզ»: 122. Ես թողել եմ հիվանդներին իրենց հիվանդության մահճում: Ես խնդրել եմ, որ
Տերն ասի՝ ուր գնալ, ուր չգնալ: Դա սխալ է: Ես ինձ համար բարդույթ եմ ստեղծել, որովհետև
մարդիկ չլսեցին իմ պատգամը: Քավ լիցի, որ ես համեմատեմ իմ կյանքը Մովսեսի կյանքի հետ,
բայց հենց այդպես վարվեց Մովսեսը: Քանի որ ժողովուրդը չցանկացավ լսել նրան, երբ նա
եկավ ազատություն բերելու, նա նրանց լքեց և գնաց ապաստան գտնելու անապատում: Բայց Աստված
վերադարձրեց նրան: Նա երկար ժամանակ մոռացել էր իր ժողովրդի տառապանքները: 123. Ես
ասացի. «Տե՛ր, դա ճիշտ է: Ես ընդամենը տարրական կրթություն ունեմ, բայց մարդիկ ամեն
տեղից եկել են, որ լսեն պարզ Ավետարանը»: Եվ կա ավելին: Հիմա շատ ավելի փառավոր է,
քան Հին ուխտի ներքո, որովհետև Նա վեր բարձրացավ և պարգևներ տվեց մարդկանց: Հասկանու՞մ
եք: Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ես խոսում էի և լսեցի, որ այդ
Ձայնը խոսում է ինձ հետ: Հետո Ձայնը հեռացավ ինձանից: 124. Ես կանչեցի. «Բիլլի՛»: Նա
խորը քնած էր: Ես նորից կանչեցի. «Բիլլի՛, այդ դու՞ էիր»: Նա նույնիսկ չարթնացավ:
125. Ես մի քիչ դանդաղեցրի և մտածեցի. «Տեր Աստված, ի՞նչ է դա նշանակում»: Ես նորից
կանչեցի. «Բիլլի՛, Բիլլի՛»: Նա ինձ պատասխանեց. «Ի՞նչ կա»: Ես նրան հարցրի. «Դու ինձ
հետ խոսե՞լ ես»: «Ո՛չ, ինչու՞»: 126. Ես նրան ասացի. «Ուզում եմ քեզ մի բան ասել: Հիշու՞մ
ես այն երազը, որ վերջերս տեսա: Հիշու՞մ ես այն երկու մարդկանց, որոնք նման էին ինձ
և Ֆլեչերին: Երբ վերադառնանք Թուսոն, հարցրու մայրիկին. ես նրան պատմել եմ այդ երազը:
Բիլլի՛, ինչ-որ բան է հիմա կատարվում: Դա հիմա է կատարվում: Ինչ-որ մեկը խոսում էր
ինձ հետ, և ես կարծում էի, թե դա դու ես»: 127. Նա մի պահ զարմացած նայեց ինձ, մի քանի
վայրկյան սպասեց, և երբ շարունակում էինք ճանապարհը, նորից քնեց: Շարունակելով մեքենան
վարել՝ ես մտածում էի այդ ամենի մասին: Ի՞նչ էր այդ ամենը նշանակում: Հանկարծ այդ Ձայնը
նորից սկսեց խոսել ինձ հետ: 128. Նա ինձ ասաց. «Վերադարձիր: Երբ Ես քեզ կանչեցի ամենասկզբում,
չասացի՞, որ ավետարանչի գործը կատարես: Երբ Ես քեզ կանչեցի գետի ափին, մի՞թե չասացի.
«Ինչպես Հովհաննես Մկրտիչն էր ուղարկվել պատրաստելու առաջին գալուստը… Հովհաննեսը մարգարեից
ավելին չէ՞ր: Մի՞թե Հիսուսը չասաց. «Ի՞նչ գնացիք տեսնելու: Մարգարե՞: Այո՛, ավելի քան
մարգարե»: 129. Այդ ժամանակ ամեն ինչ սկսեցի հիշել: Ես սկսեցի ինքս ինձ հարցեր տալ:
Նա նորից ինձ հիշեցրեց Աստծո ժողովրդի մասին: Ինչպե՞ս կարող էր Մովսեսը հասնել Աստծո
ժողովրդին, երբ անապատում էր: Ինչպե՞ս կարող եմ ժողովրդի հետ հաղորդակցվել անապատում:
Նույն բանն է: Նա ինձ ցույց տվեց 2 Տիմ. 4-ը: Հիշու՞մ եք՝ երեսուն տարի առաջ այս խորանի
բացման արարողության ժամանակ (հնաբնակներդ հիշում եք) Նա ինձ ցույց տվեց այդ ծառերը,
և ես դրանք տնկել էի երկու կողմից: Դուք դա հիշու՞մ եք: Դուք հիշու՞մ եք այդ տեսիլքը:
Այդ մասին գրված է գրքերում, ձայնագրված է ձայներիզների վրա և այլն: Շատ տարիներ են
անցել այդ օրվանից, և ես երբեք չեմ խառնել միադավաններին և երրորդություն դավանողներին:
Ես կանգնած էի նրանց միջև, տնկել էի այդ ծառերը, բայց միայն երկուսի վրա պտուղներ կային:
Բոլոր մյուս ծառերն աճել էին տասը մետր և կանգ էին առել այնտեղ: Բայց այդ երկուսը ուղիղ
բարձրանում էին դեպի երկինք: Ես դրանք պոկել էի նույն ճյուղից և տնկել ամեն մեկը մի
կողմում: Դուք հիշում եք տեսիլքը: Այն նկարագրված է բրոշյուրներում, իմ կենսագրության
մեջ, ամեն տեղ: Դրանք արագ աճել էին մինչև երկինք: Աստված ասել էր. «Մեկնիր ձեռքդ պտուղները
հավաքելու համար»: Ես նույն պտուղը գտա խաչի մոտ, երբ վազեցի այնտեղ: Նա ինձ ասաց.
«Ավետարանչի գործն արա: Հաստատիր քո ծառայությունը: Կգա ժամանակ, երբ ողջամիտ վարդապետությանը
չեն համբերի: Բայց մի՛ դադարիր, շարունակիր գործել»: Այդ ամենը եկավ հիշողությանս մեջ:
130. Հետո ես հիշեցի Մերիլին Մոնրոյին, այն աղջկան որի մահը տեսել էի տեսիլքով նրա
մահից մեկ շաբաթ առաջ, նրանք ասել էին, որ նա ինքնասպանություն է գործել, բայց այդպես
չէր: Ես նախօրոք էի ասել, թե ինչ է կատարվելու, և կատարվեց: Ինչպես նաև այն երկու բռնցքամարտիկների
դեպքը, երբ մեկը սպանեց մյուսին: Բայց ես շփոթեցի այդ աղջիկներին: Սա այն աղջիկն էր,
որի զարմիկը Դենի Հենրին էր: Ի՞նչ է նրա անունը: Ջեյն Ռասել: Նրա զարմիկը մկրտական
է: 131. Ես քարոզում էի Լոս Անջելեսում քրիստոնյա գործարարների նախաճաշին: Ես խոսում
էի կազմակերպությունների մասին, և այնտեղ էր Աստծո ժողովների ղեկավարը և շատ բարձրաստիճան
մարդիկ: Երբ վերջացրի խոսելը, պատրաստվում էի բեմից գնալ: Պատգամը հեռարձակվում էր
ռադիոյով, և տեխնիկական պատճառներով որոշ փոփոխություններ էր պետք անել: Այդ ամենը
կատարվում էր Քլիֆթոնի հյուրանոցում, որտեղ մենք նախաճաշում էինք: Մինչ ես վերևի բեմից
իջնում էի դեպի ներքևի բեմը, մոտ երեսուն տարեկան մի գեղեցկատես երիտասարդ վազեց իմ
կողմը, գրկեց ինձ և ասաց. «Ես Դենի Հենրին եմ»: Ես չգիտեի, որ նրա եղբայրն է հեռուստահաղորդում
պատրաստում քրիստոնյա գործարարների համար (այդ նա է կինոդերասանուհի Ջեյն Ռասելի զարմիկը:
Դերասանուհու մայրը քարոզիչ է հոգեգալստականների մոտ): 132. Նա եկավ ինձ մոտ, գրկեց
ինձ և ասաց. «Աստված օրհնի ձեզ, Բրանհամ եղբայր: Հուսով եմ, որ այն, ինչ կասեմ, սրբապղծություն
չի թվա, բայց այս պատգամը կարող էր համարվել Հայտնության 23-րդ գլուխը»: Այդ ասելով՝
սկսեց լեզուներով խոսել: Մի մարդ, որը երբեք դրա մասին չէր լսել, մի մարդ, որը մկրտական
հարանվանությունից է: Նա գունատվեց և նայեց ինձ, չգիտեր, թե ինչ աներ: Այստեղ կան եղբայրներ,
որոնք այն օրը ներկա են եղել այնտեղ: Ֆրե՛դ, դուք այնտե՞ղ էիք: Քանի՞սդ էիք այնտեղ:
Այո՛, երեքդ: Դենի Հենրին չգիտեր, թե ինչ ասեր: 133. Ներքևում նստած մի հաղթանդամ կին
կար, ֆրանսուհի էր: Նա վեր կացավ և ասաց. «Դե, մեկնության կարիք էլ չկա: Դա մաքուր
ֆրանսերեն էր»: Դենին ասաց. «Ես ֆրանսերեն ոչ մի բառ չգիտեմ»: Բայց այդ կինը գրի էր
առել նրա ասածները: 134. Անկյունում նստած մի մարդ կար, որն ասաց. «Դա ճիշտ է: Ես գրի
եմ առել նրա ասածները: Դա ֆրանսերեն է»: Դահլիճի խորքից եկավ մի մարդ՝ մի համակրելի
շիկահեր, մոտեցավ և իր գրի առածը համեմատեց կնոջ գրածի հետ: Նա ֆրանսերենից թարգմանություն
է անում ՄԱԿ-ի համար: Նրա անունն էր Վիկտոր լը Դո և Էրնե Վիկի եկեղեցուց էր: Նա գրի
էր առել նրա ասածները: 135. Լսեք, ես հիմա այն կկարդամ: «Ես՝ Վիկտոր լը Դոն, զտարյուն
ֆրանսիացի եմ: Իմ հասցեն է՝ 809 Նորթ Քինգ Ռոուդ, Լոս Անջելես 46: Ես հաճախում եմ
«Բեթելի տաճար» եկեղեցի, որի հովիվն է Էրնի Վիկը: Ես հաստատում եմ, որ սա ճշգրիտ թարգմանությունն
է այն մարգարեության, որը եղավ Դենի Հենրիի միջոցով, ֆրանսերեն լեզվով, Բրանհամ եղբոր
վերաբերյալ, 1961 թվականի փետրվարի 11-ին, Լրիվ Ավետարանի քրիստոնյա գործարարների նախաճաշի
ժամանակ: Սա մարգարեության ճշգրիտ թարգմանությունն է: 136. Ահա այդ մարգարեությունը.
«Քանի որ դու ընտրեցիր նեղ ուղին, դժվար ճանապարհը, որով դու քայլեցիր քո սեփական ընտրությամբ
(այսօր ես կարող եմ դա հասկանալ. Մովսեսը նույնպես պետք է ընտրություն կատարեր): Դու
ընտրեցիր ճիշտ և ուղիղ ճանապարհը (ճիշտ որոշումը) և դա Իմ ճանապարհն է («Իմ ճանապարհը»
ընդգծված է, որովհետև դա Սուրբ Հոգու պատասխանն էր): Այդ կարևոր որոշման համար երկնքի
հսկայական մասը սպասում է քեզ: Ի՜նչ փառավոր որոշում (լսեք ուշադիր) ես դու կայացրել:
Եվ դա հենց այն է, ինչ կբերի և կիրականացնի մեծ հաղթանակը աստվածային սիրո մեջ»:
137. Անգլերենի սխալները պայմանավորված են նրանով, որ խմբագրողը ֆրանսիացի է: ՄԱԿ-ի
թարգմանիչն է սա թարգմանել, իսկ խոսողը ֆրանսերեն ոչ մի բառ չգիտի: Նույնիսկ երբեք
չէր լսել լեզուներով խոսելու մասին: Նա մկրտական է: Նա պատահաբար էր այդտեղ եկել՝ երաժշտությունը
լսելով: Տեսնելով ինձ բեմի վրա՝ մնացել էր, որ քարոզը լսի: 138. Ուշադրություն դարձրեք
այս արտահայտությանը՝ «Աստվածային սեր»: Ինչպե՞ս կարող է սերը աստվածային լինել, եթե
Սուրբ Հոգուց չի: Սուրբ Հոգին է աստվածային սերը: 139. Երբ մենք սկսեցինք սարերից իջնել,
Բիլլին նորից քնեց: Ձայնն ինձ ասաց. «Ես քեզ հավերժական նշան կտամ»: 140. Ես հարցրի.
«Ո՞րն է այդ հավերժական նշանը, Տե՛ր»: Մի պահ սպասեցի, ոչինչ չկատարվեց: Ես հարցս կրկնեցի.
«Ո՞րն է այդ հավերժական նշանը, Տե՛ր»: Ես ևս մի քանի րոպե սպասեցի: Մի հայացք գցեցի
Բիլլի վրա: Նա քնած էր: 141. Ձայնը նորից խոսեց ինձ հետ. «Ես քեզ հավիտենական նշան
կտամ: Քո գտնված վայրից նայիր արևմուտք»: 142. Ես դանդաղեցրի և գլուխս շրջեցի տեսնելու
համար… ո՛հ, եղբայրներ, երբ Տիրոջ Հոգին… Ինձ թվում էր, թե կաղաղակեմ ու լաց կլինեմ:
Ես նայեցի և տեսա միայն մի լեռ ձյունածածկ գագաթներով: Ես ինքս ինձ ասացի. «Ես չգիտեմ…
ես այստեղ հավիտենական նշան չեմ տեսնում»: 143. Բայց Ձայնն ինձ ասաց. «Այս ամենի մեջ
գրված է քո անունը»: 144. Ես ինձ հարցրի. «Ինչպե՞ս կարող է»: Եվ թուլություն զգացի
և դանդաղեցրի արգելակելու համար: 145. Բիլլին արթնացավ և ասաց. «Ի՞նչ է կատարվում»:
Ես նրան ցույց տվեցի իմ ձեռքերը. դրանք ծածկված էին քրտինքով: 146. Ես նրան պատասխանեցի.
«Բիլլի, ինչ-որ բան է կատարվում: Ես հիմա գիտեմ, որ սխալ եմ վարվել: Ես թերացա Աստծո
հանդեպ իմ պարտականության մեջ»: Կարծես ես լսում էի այս երգը և տեսնում էի հազարավոր
հաշմանդամ, կաղ, կույր, հիվանդ մարդկանց: Ես լսում էի մի խմբերգ, մի հայտնի ձայն երգում
էր. Անմաքուր, անմաքուր էր, Չար ոգիներն էին տանջում նրան (դուք գիտեք այդ երգը), Հիսուսը
եկավ և ազատեց նրան: Ես ամենուրեք տեսնում էի հերթի կանգնած հիվանդների խմբեր: Ես ստիպված
էի արգելակել: Բիլլին չգիտեր, թե ինչ է կատարվում: Ես նայեցի վերև: Ես կանգնեցրի մեքենան
և նայեցի սարին: Ես տեսա յոթ բլուրներ: Ես լսեցի. «Դու ուզու՞մ ես ինչ-որ բան տեսնել»:
Ահա, այստեղ, եթե ուզում եք ինչ-որ բան տեսնել: Այդ սարի վրա յոթ գագաթներ կային, մի
քանի մղոն երկարություն ունեցող մեկ սար էր: Սահմանին չհասած վերջին սարն էր: Դրանից
հետո էլ սար չկար: Այդ լեռնաշղթան ձգվում էր արևելքից արևմուտք: Իսկ լեռնագագաթները
ծածկված էին ձյունով: Նախ կային երկու փոքրիկ գագաթներ, հետո՝ մի մեծ գագաթ, հետո մի
փոքրիկ գագաթ, հետո մի հսկայական, մեծ, բարձր լեռ ձյունածածկ գագաթով: Ես ասացի. «Տե՛ր,
ես չգիտեմ, թե ինչ է դա նշանակում»: Նա ինձ ասաց. «Քանի՞ լեռնագագաթ կա»: Ես պատասխանեցի.
«Յոթ»: «Քանի՞ տառ կա քո անվան մեջ»: Ուիլլիամ Մարրիոն Բրանհամ: Երեք մեծ լեռնագագաթներ
կային: Նա ինձ ասաց. «Այս երեք լեռնագագաթները առաջին, երկրորդ և երրորդ ձգումներն
են: Գագաթներից առաջինը քո ծառայության առաջին մասն է. դա մի փոքր բլուր է: Հետո առաջին
ձգումն է, որը բավական բարձր է (դուք գիտեք, դա ձեռքի նշանն է): Հետո մի փոքր տարածություն
կա. դա այն ժամանակաշրջանն է, երբ ես հեռացել էի ծառայությունից գերհոգնածության պատճառով:
Շատերը դա հիշում են: Այնուհետև զանազանության պարգևն է. դա երկրորդ ձգումն է: Այնուհետև
ևս մի քանի տարի՝ մի քանի փոքրիկ գագաթներ, կարծես ծառայությունս դեռ լիարժեք չէր:
Եվ վերջապես երրորդ ձգման մեծ գագաթը: Երեքը ավարտի թիվն է: Հասկանու՞մ եք: Երրորդը:
Հաջորդ գագաթը հինգերորդն էր՝ շնորհքի թիվը: Հետո յոթերորդը՝ կատարելության թիվը, վերջինը:
«Դու վեց օր կաշխատես, յոթերորդ օրը շաբաթ օրն է, շաբաթվա ավարտը, ժամանակների վերջը»:
Հասկանու՞մ եք: Ես կանգ առա և ցույց տվեցի այդ լեռնաշղթան Բիլլիին: Ես նայում էի այդ
գագաթներին: Տերն ինձ ասաց. «Պահիր սա հիշողությանդ մեջ: Եթե երբևէ կասկած առաջանա
քո սրտում, հիշիր այս վայրը, վերադարձիր այստեղ»: Հանկարծ Բիլլին ափով թեթև խփեց ուսիս
և ասաց. «Հայրի՛կ, նայիր արևելք»: Չգիտեմ, թե ինչու էր այդպես, բայց ճանապարհի ձախ
կողմում վառվող քաղաքային աղբանոց էր: Քաղաքից մղոններ հեռավորության վրա, ճանապարհի
ձախ կողմում հին աղբակույտեր էին: Ես վերադառնում եմ ավետարանչական դաշտ: Երիտասարդ
լինեմ, թե ծեր, մեռնեմ, թե ապրեմ, կհնազանդվեմ Աստծուն, մինչև մահն ինձ ազատի: Ես թերացել
եմ Աստծո հանդեպ իմ պարտականության մեջ, բայց ոչ կամավորապես: Դեռ ձայներիզ կա՞ ձայնագրիչների
վրա: Կուզենայի ասել նաև սա. ես միշտ ցանկացել եմ տեսնել, որ Հիսուսի հայտնությունը
դրսևորվում է առանց որևէ թերության: Եվ թող այս ձայներիզը լսող եղբայրներն ու քույրերը,
ինչպես նաև այստեղ գտնվող եկեղեցին հիշեն, որ երբեք թերություն չի եղել: Եվ պատճառը,
որի համար այսքան տարիների ընթացքում… Դուք չեք կարող գտնել մի բան, որ ասվել է ու
չի իրականացել: Ես մարտահրավեր եմ նետում յուրաքանչյուրին գտնելու մի բան այս բեմի
վրա կատարված հազարավոր բաների մեջ՝ զանազանության, քարոզների և մյու բաների մեջ, որը
տառացիորեն չի իրականացել: Եթե Եկեղեցին հավատում է, թող ասի. «Ամեն»: (Եկեղեցին պատասխանում
է՝ «ամեն». ծան. խմբ.): Ոչ ոք չի կարող ինձ նման բան ցույց տալ: Բայց թող սա լավ հասկացվի
այս եկեղեցում, ինչպես նաև գալիք եկեղեցում: Եթե Աստված մարդուն անցկացնում է խողովակի
միջով, և մարդը ոչ մի շարժում չի անում առանց Աստծո ասելու, ուրեմն նրա մեջ ոչ մի հավատք
չկա: Աստված է ձեզ մղում ինչ-որ բան անելու: Իսկ այս ծառայությունն այնպես է հաստատված,
որ ոչ ոք չի կարող որևէ բան գտնել դրա դեմ: Բայց թույլ տվեք նախ խոսել ձեզ հետ Տիրոջ
անունով նախքան լսելը, որովհետև ես պետք է քայլեմ հավատքով: Ես պետք է դա անեմ հավատքով,
անկախ նրանից՝ ճիշտ եմ համարում, թե ոչ: Ես ընտրում եմ այն, ինչ ինձ թվում է լավագույնը
և անում եմ այդ: Եթե երբեք որևէ սխալ չի եղել, պատճառն այն է, որ ես միշտ սպասել եմ,
որ Նա ինձ ասի, թե ինչ անեմ: Ես սպասել եմ, որ Նա ինձ ասի, ահա թե ինչու ոչ թե ես էի
գործում, այլ Նա: Բայց տեսնում եք, նույնիսկ մեծն Պողոսը մի անգամ հայտնվեց նեղ դրության
մեջ: Աստված հաճախ թույլ է տվել, որ Իր ծառաները սխալ գործեն՝ այդ բաներն ապացուցելու
համար: Մենք գիտենք, որ եթե մարդը կարող է սխալներ գործել, Աստված երբեք չի կարող:
Հիմա եթե վերադառնում եմ ավետարանչական դաշտ՝ քարոզելու և անելու այն, ինչ պետք է անեմ,
պետք է հավաքույթները կազմակերպեմ նախօրոք և ամեն բան անեմ կարգուկանոնով: Եվ գուցե
այդպես գան այն փառավոր ժամանակները, որոնց սպասում ենք: Եվ եթե այդ բանը, որն ինքնին
արտակարգ է, իրականացնում է արտակարգ հաղթանակը Աստծո սիրո մեջ, ուրեմն խոսքն իրոք
աստվածային սիրո և Աստծո մասին է: Դրա համար անհրաժեշտ է Աստծո սերը, որպեսզի նետվես
մարտի առաջին գիծը և մարդկանց համար կանգնես խրամատում: Ինչ վերաբերում է այս երիտասարդներին,
որոնց ես անվանում եմ «Ռիկի» և «Ռիկետա», Տերն ինձ հասկացրեց, որ չպետք է այդպես ասեմ,
որովհետև այնուամենայնիվ նրանցից շատերն Իր զավակներն են: Նրանք ոչինչ չեն կարող անել,
որ այդպես են վարվում: Նրանց հաճախած սառը և ձևապաշտական եկեղեցիներում կա մի հոգի,
որը նրանց գերի է պահում, ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ Իսրայելին: Անհրաժեշտ էր,
որ Մովսեսը գար նրանց գերությունից ազատելու: Մարդիկ, որոնք սիրում են Հիսուս Քրիստոսին,
կուզենային Նրան ծառայել, եթե իմանային, թե ինչպես: Բայց նրանք կապված են հարանվանական
հոգով, որը նրանց ասում է. «Մի՛ արա այս, մի՛ արա այն»: Պետք է հնչի Աստծո կանչը.
«Նա, ով ուզում է քայլել դեպի խոստացված երկիր, թող ճանապարհ ընկնի»: Մենք ճանապարհ
ենք ընկնում դեպի խոստացված երկիր: Ամեն: Թողնենք, որ նրանք գան և ճանապարհ ընկնեն:
Մենք ճանապարհ ենք ընկել, որ գնանք Քրիստոսին դիմավորելու ժամանակների վերջում: Ես
ուզում էի ձեզ բերել այս պատգամը, որ ցույց տամ, թե ինչ սխալներ կարող է մարդը գործել՝
անկեղծ լինելով հանդերձ: Մովսեսի զգացմունքները սառչեցին իր ժողովրդի հանդեպ, որովհետև
նրանք չէին ուզում լսել նրան: Ռոյ եղբայր, հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում ձեր երազը:
Դրա համար այսպիսի ծառայություն ունենալով, ես չեմ կարող շարունակել այդպես, քանի դեռ
սրտիս մեջ փոփոխություն չի եղել դրա վերաբերյալ, եթե նույնիսկ Աստված է ինձ ասել: Բայց
կարծում եմ, որ այդ փոփոխության մասին էր խոսում Ռոյ եղբայրը: Պետք է փոփոխություն
լինի իմ սրտի մեջ, որովհետև եթե շարունակեմ զգալ, այն ինչ հիմա եմ զգում… Ես դեռ մտածում
եմ, որ նրանք պետք է լսեին իմ պատգամը, պետք է անեին դա: Եվ իմ մեջ չկա այն կարեկցանքը
մարդկանց հանդեպ, որը պետք է լիներ: Եթե դա չկա իմ մեջ, անօգուտ է իմ գնալը, որովհետև
ես կեղծավորի պես վարված կլինեմ: Բոլոր այս տարիների ընթացքում ես ջանացել եմ Աստծուն
ծառայել մաքուր սրտով և ես չեմ ուզում վարվել կեղծավորի նման: Ես պետք է զգամ, որ սա
«Ռիկիների» և «Ռիկետաների» խումբ չի, այլ նրանք գերության մեջ գտնվող Աստծո զավակներ
են, և ես պետք է գնամ նրանց մոտ: Քանի դեռ այդպես չեմ զգում, ես ոչինչ չեմ կարող անել,
այստեղ-այնտեղ թափառելուց բացի: Գուցե կքարոզեմ որոշ ժողովներում, բայց կսպասեմ: Ինձ
մոտ մի փոքրիկ երգ կա, բայց ես չեմ կարող այն երգել: Ես դա կկարդամ: Չգիտեմ էլ՝ կարող
եմ ճիշտ կարդալ: Այն երգվում է «Հանրապետության ռազմական օրհներգ»-ի մեղեդիով: Փառք,
փառք, ալելուիա (դուք գիտեք այդ երգը) Փառք, փառք, ալելուիա (իհարկե, մենք դա բոլորս
գիտենք) Ճամփորդում էր քարոզիչը երկրով մեկ Ուսին հրացան և Աստվածաշունչը ձեռքին, Պատմում
էր մարդկանց այն օրհնյալ խոստացված երկրի մասին, Գնում էր ձիով և երգում ողջ ճանապարհին:
Հենվելով, հենվելով Հավիտենական բազուկների վրա, Հենվելով, հենվելով հավիտենական բազուկների
վրա: Նա հաղորդում էր գալիք դատաստանը կրակով ու ծծումբով, Պատմում էր փառավոր, հավիտենական
երկրի մասին, Որը միայն արդարացածների համար է, Մինչ նա անցնում էր սարերի վրայով,
Լսվում էր նրա երգը: Զորություն կա մեծ և հրաշալի Գառնուկի արյան մեջ, Զորություն կա
մեծ և հրաշալի Գառնուկի անգին արյան մեջ: Այդ ծեր, շրջիկ քարոզիչը: Հիշու՞մ եք նրան:
Այսօր նրա հրացանը ժանգոտվել է, Կախված է պատից, Նրա Աստվածաշունչը մաշվել ու փոշով
պատվել է, Հազվադեպ են բացում (դա ճիշտ է), Բայց պատգամը, որ այդ Գիրքն է բերում Կհանդիպի
մեզ դատաստանի օրը, Որովհետև Աստծո ճշմարտությունը առաջ է շարժվում: Բոլորս միասին.
Փառք, փառք, ալելուիա Փառք, փառք, ալելուիա Փառք, փառք, ալելուիա, Նրա Ճշմարտությունը
առաջ է շարժվում: Ես սովորելու եմ այս երգը: Այս առավոտ, երբ գրառում էի այս երգը,
ձեռքս դրեցի պատին կախված իմ հին հրացանի վրա: Ես գիտեմ, որ դա երկար չի շարունակվելու:
Այսօր նրա հրացանը ժանգոտվել է, Կախված է պատից, Նրա Աստվածաշունչը մաշվել ու փոշով
պատվել է, Հազվադեպ են բացում, Բայց պատգամը, որ այդ Գիրքն է բերում Կհանդիպի մեզ դատաստանի
օրը, Որովհետև Աստծո ճշմարտությունը առաջ է շարժվում: Աստծո ճշմարտությունը Աստվածաշունչն
է: Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ծեր շրջիկ քարոզիչը հրացանն ուսին,
Աստվածաշունչը ձեռքին, անցնում էր պրերիաներով, բարձրանում էր լեռները, անցնում էր
փոսերի վրայով, գնում էր ամենուր: Նա քարոզում էր Հազարամյայի գալուստը, կրակով դատաստանն
անարդարների, և Աստծո թագավորությունը՝ արդարների համար: Դա ճիշտ է: Բայց այսօր հին
հրացանը ժանգոտվել է: Իսկ ինչ վերաբերում է Աստվածաշնչին… դրա փոխարեն նրանք անպարկեշտ
գրքեր ունեն: Բայց Աստծո Ճշմարտությունը երբեք կանգ չի առնում, շարունակում է առաջ
գնալ: Այսօր էլ Նա նույնքան ճշմարիտ և հավատարիմ է ինչպես միշտ: Աստծո ճշմարտությունը
առաջ է շարժվում: Փառք, փառք, ալելուիա Փառք, փառք, ալելուիա Փառք, փառք, ալելուիա
Նրա Ճշմարտությունը առաջ է շարժվում: Ինչու՞: Որովհետև ինչ-որ մեկը կընդունի այդ Ճշմարտությունը:
Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նորից երգենք այս երգը: Այստեղ շատ
տարբեր մարդիկ կան՝ մեթոդականներ, մկրտականներ, լյութերականներ և շատ ուրիշներ: Մինչ
երգում ենք վերջին կրկներգը, եկեք սեղմենք մեր շուրջը գտնվողներից մեկի ձեռքը, հետո
կվերջացնենք: Իսկ այս երեկոյան, երբ ամեն մեկդ կվերադառնաք ձեր եկեղեցին, ողջունեք
հովվին իմ կողմից: Եվ յուրաքանչյուրդ աղոթեք ինձ համար: Իսկ եթե չգիտեք, թե ուր գնաք…
(Բրանհամ եղբայրը խոսում է Նեվիլ եղբոր հետ. ծան. խմբ.): Այս երեկո, երբ Նեվիլ եղբայրը
տա իր պատգամը, ես կուզեի ևս մեկ ձայներիզ ձայնագրել, որը ես կկոչեմ «Նրա գալստի կարմիր
լուսազդանշանը»: Թող Աստված օրհնի ձեզ: Եկող կիրակի Աստծո կամքով նորից այստեղ կլինեմ
ձայնագրելու համար մեկ ուրիշ ձայներիզ, որովհետև հաջորդ շաբաթ պետք է Արկանզասում լինեմ:
Լավ, հիմա երգենք սեղմելով միմյանց ձեռքը: Փառք, փառք, ալելուիա Փառք, փառք, ալելուիա
Տեր Հիսուս… (Բրանհամ եղբայրն աղոթում է, մինչ մարդիկ երգում են: Ծան. խմբ.): Թող փառավորվի
Աստված: Մի պահ խոնարհենք մեր գլուխները: Ռուդել եղբայր, ճիշտ ժամանակին եկաք: Մի պահ
բարձրացեք այստեղ: Ռուդել եղբայրը մեզ հետ համագործակցող եղբայրներից է: Նա այստեղ
գտնվող եկեղեցիների միջհարանվանական միությունից է: Ես լսել եմ, թե ինչ խիզախ դիրք
է ընդունել Ռուդել եղբայրը Ավետարանի համար: Եվ ես կուզենայի ասել սա՝ Ռուդել եղբայր,
Աստված մեզ չի խոստացել ծաղկավետ, հեշտ ճանապարհ, այլ պատերազմ: Բայց նաև խոստացել
է հաղթանակ: Դա է գլխավորը: Ես հիշում եմ այն օրը, երբ ես ինքս էլ այդ որոշումն ընդունեցի:
Իմ հայրն ու մայրն ուզում էին ինձ տանից դուրս հանել: Հասկանու՞մ եք: Բայց փառք Աստծուն,
ի վերջո ես մկրտեցի նրանց Տեր Հիսուսի Անունով: Միակ հույսը, որ ունեմ այսօր, իմ ունեցած
դիրքորոշման շնորհիվ է: Այնքան երջանիկ եմ, որ ընդունել եմ Աստվածաշնչի պատգամը այդ
ծեր շրջիկ քարոզչի միջոցով: Թեև մարդիկ վերցրել են այդ պատգամը, ձևափոխել, ստեղծել
հարանվանություններ, հավատամքներ և այլն, այդ Ճշմարտությունը երբեք չի վերջանում: Դա
ճիշտ է: Այն միշտ առաջ է շարժվում: Թող Աստված օրհնի յուրաքանչյուրիդ: Հուսով եմ, որ
շուտով ձեզ նորից կտեսնեմ: Մինչ այդ, այստեղ գտնվող եղբայրներ և քույրեր, ինչպես նաև
ձայներիզը լսողներ, ուզում եմ ձեզ մի բան խնդրել. աղոթեք, որ Աստված նորից իմ սրտի
մեջ դնի այն, ինչ ես կորցրի այդ բարդույթի պատճառով: Այնքան հեշտ է բարդույթ ստեղծելը:
Վերջերս մի զրույց ունեցա իմ եղբայր Ուեյի հետ, ով հիմա այստեղ է: Լավ մարդ է, բայց
ինքն էլ բարդույթ էր ստեղծել: Մեկ ուրիշ բարդույթ, բայց երկուսս էլ նույն իրավիճակում
էինք: Դա այնքան հեշտ է կատարվում: Ինչ-որ բան գալիս է ձեր մտքի մեջ և սկսում եք այդ
ուղղությամբ մտածել: Բայց վերադարձեք Սուրբ Գրքին, քննեք Սուրբ Գրքով, որ իմանաք՝ ճիշտ
է, թե ոչ, հետո առաջ գնացեք: Մի՛ կորցրեք մարդկանց հանդեպ ձեր կարեկցանքը: Դուք պետք
է հիշեք, որ նրանք փայտի տաշեղներից չեն պատրաստված, միս ու արյուն են, հոգի ունեցող
մարդ են: Աղոթեք ինձ համար, բոլորի համար, եթե ուզում եք: Թող Աստված օրհնի ձեզ: Այժմ
խոնարհենք մեր գլուխները և խնդրենք Ռուդել եղբորը (Դահլիճում ինչ-որ մեկը դիմում է
Բրանհամ եղբորը. ծան. խմբ.): Շատ լավ, եղբայր: Փառք Աստծուն: Նա հովիվ է: Գուցե ոմանք
դա չգիտեին: Ես ժամանակ չունեցա դրա մասին այս առավոտ ասելու, բայց նա մեկն էր նրանցից,
ով ներկա էր այդ երազներում և ինձ ասում էին գնալ ուրիշ ուղղությամբ, գնալ արևմուտք:
Դա Ջ. Թ. Փարնել եղբայրն է: Գուցե այստեղ մարդիկ կան, որոնք հարցեր ունեն երազ տեսնող
մարդկանց վերաբերյալ: Մենք չենք ընդունում ցանկացած տեսակի երազ, բայց հավատում ենք
այն բանին, ինչ ասում է Աստվածաշունչը. «Դրանից հետո Իմ Հոգին ամեն մարմնի վրա կթափեմ,
ձեր որդիներն ու դուստրերը կմարգարեանան, ձեր ծերերը երազներ կտեսնեն, ձեր երիտասարդները
տեսիլքներ կտեսնեն»: Եվ եթե դա գրված է Աստվածաշնչում, ուրեմն իմ պարտականությունն
է դրան հավատալ և քարոզել: Եթե մեկը երազ է պատմում, և Տերը մեկնություն չի տալիս,
մենք անտեսում ենք այդ երազը: Եթե մեկը լեզուներով խոսում է, դա պետք է լինի ինչ-որ
բան եկեղեցու համար և պետք է իրականանա: Եթե այդպես չէ, ուրեմն չար ոգի է: Դա պետք
է իրականանա, որովհետև լեզուների թարգմանությունը մարգարեություն է: Մենք գիտենք, որ
դա ճիշտ է: Դրա համար մենք ջանում ենք ապրել Աստվածաշնչի համաձայն, այնպես ինչպես Նա
սովորեցնում է: Մենք չենք ուզում որևէ բան ավելացնել և պակասեցնել, այլ պարզապես ապրել
այնպես, ինչպես սովորեցնում է Աստվածաշունչը: Թող Աստված փառավորվի: Դրան հավատալն
է ինձ օգնում: Աստված ինձ չի ասել մեղքի հետ փոխզիջման գնալ, այլ հարատևել Նրա կամքի
մեջ: Հիմա աղոթենք, եղբայր… (Մի կին դահլիճում ճչում է. ծան. խմբ.): Տեսնում եմ, որ
ինչ-որ մեկն ուշաթափվեց: Մի պահ հանգիստ մնանք: Երկնային Հայր, ցույց տուր Քո շնորհքը
և բժշկիր Ուեյ եղբորը: Հիսուս Քրիստոսի Անունով թող ուրիշ մարդ դառնա: Շնորհակալ ենք,
Տեր, որ նրան ուժ տվեցիր, որ կյանքի վերադառնա: Ահա, նրա սիրտը նորից սկսեց բաբախել;
Ամեն բան կարգին է: Ես կանգնած եմ այս ամբիոնի մոտ, որտեղ թաղման արարողությունների
ժամանակ քարոզներ են եղել: Իմ կանգնած տեղում հարյուրավոր մարդիկ են աղոթքով Քրիստոսի
մոտ եկել: Ես ձեռքս դրեցի նրա վրա, նրա աչքերը փակ էին, նրա երակազարկը կանգ էր առել:
Բայց երբ Տեր Հիսուս Քրիստոսի Անունը կանչվեց Նրա վրա, նրա երակազարկը վերադարձավ:
Որպես խաչի քարոզիչ՝ ես դա ասում եմ Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Մի՞թե դա հրաշալի
չէ: Սրտի նոպա էր: Ես այնքան շնորհակալ եմ, որ դա կատարվեց այստեղ, այս պահին, ոչ թե
այն ժամանակ, երբ մենք հեռու կլինեինք: Տեսնու՞մ եք Աստծո ողորմությունը: Թող օրհնյալ
լինի Աստված: Խոնարհենք մեր գլուխները: Երկնային Հայր, շնորհակալ ենք Քո բարության
և ողորմության համար: Դու մեր մեջ ես եղել: Ո՛վ Տեր, յուղ լցրու իմ ճրագի մեջ: Տուր
ինձ Տիրոջ գավազանը, որ ես այն տարածեմ հիվանդների և տառապողների վրա: Թող ես կարողանամ
ազատություն բերել կարիքի մեջ գտնվողներին և դատապարտություն նրանց, ովքեր մերժում
են Քեզ: Շնորհիր դա, ո՛վ Հայր: Շնորհակալ ենք Քո բարության համար Հիսուս Քրիստոսի Անունով:
Ամեն: Ռուդել եղբայր… Աստված օրհնի քեզ, եղբայր: (Ռուդել եղբայրն աղոթում է. ծան. խմբ.):

