Լսել

Այս չար աշխարհի աստվածը 01/08/1965

Բովանդակություն

Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

Շարք 2 թիվ  12

 

 

Ա Ս Վ Ա Ծ    Խ Ո Ս Ք Ը

 

Ուիլյամ Մարրիոն Բրանհամի

 

միջոցով

 

 

 

Այս չար աշխարհի աստվածը

(The god of this evil age)

 

 

 

  1965 թօգոստոսի 1 առավոտ

Բրանհամի խորան

Ջեֆերսոնվիլ, Ինդիանա, ԱՄՆ

 

 

 

1. Խոնարհենք մեր գլուխները: Սիրելի երկնային Հայր, այս առավոտ շնորհակալ ենք Քեզ, որ մենք կարողանում ենք հավատալ: Դա հնարավոր դարձավ Քո Որդի Հիսուսի թափած արյունով, որպեսզի մենք Նրա շնորհքին հաղորդ լինենք և դառնանք Աստծո որդիներ և դուստրեր: Քանի որ Նա հնազանդվեց մինչև խաչի մահվան, մենք արդարացանք Նրա և Իր հարության հանդեպ մեր ունեցած հավատքով: Եվ հիմա Սուրբ Հոգով են լցված մեր սրտերը:

2. Մենք շնորհակալ ենք, որ կարողացել ենք այս առավոտ գալ այստեղ, բաժնեկցել մեր մտքերը, երկրպագությունը, այն արտահայտել երգերով, վկայություններով, սաղմոսներ կարդալով, Խոսքը կարդալով և սպասել այն հանդիսավոր պահին, երբ Սուրբ Հոգին մեզ կտա այս ժամի համար նախատեսված պատգամը: Շնորհիր մեզ դա, ո՛վ Տեր: Թող մեր ներկայությունն այստեղ օգտակար լինի: Եվ երբ գնանք այստեղից, թող կարողանանք ասել Էմմաուս գնացող աշակերտների նման. «Մի՞թե մեր սրտերը չէին վառվում մեր ներսում, երբ Նա այս առավոտ խոսում էր մեզ հետ»: Շնորհիր մեզ դա, ո՛վ հավիտենական Հայր, Հիսուսի Անունով: Ամե՛ն: Կարող եք նստել:

3. Ողջունում եմ ձեզ, եղբայրներ, որ այս խորանում եք, և ձեզ, որ երկրի տարբեր մասերում եք, արևմտյան ափում, արևելյան ափում, հյուսիսում, հարավում և հեռախոսային կապի մեջ եք մեզ հետ:

4. Այստեղ` Ինդիանայում, լավ եղանակ է: Մի քիչ ամպամած է, զով: Խորանը լեփ-լեցուն է, մարդիկ կանգնած են պատի դիմաց և նույնիսկ բակում: Մեծ հույս ունենք, որ Տերը մեզ այցելելու է այսօր: Եվ հուսով ենք, որ Տերը ձեզ գեղեցիկ օր կպարգևի, որտեղ էլ որ գտնվեք: Ամեն դեպքում գեղեցիկ օր է, որովհետև մեզ Տերն է դա պարգևել: Ինչպիսի եղանակ էլ լինի, գեղեցիկ օր է: Մենք երջանիկ ենք, որ այստեղ ենք և երջանիկ ենք, որ աշխարհին կարող ենք հայտնել Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատքը: Եվ մենք ուզում ենք ամեն առիթ օգտագործել` հռչակելու համար Նրա սերը, պատմելու համար, թե Նա ինչ է արել մեզ համար:

5. Ինձ քիչ առաջ խնդրեցին, որ մի հայտարարություն անեմ. մի քանի բան կա, որ կուզեի ձեզ ասել: Երեկ երեկոյան եղբայրական հավաքույթ է եղել: Մեր սարկավագներից մեկը` Քոլինզ եղբայրը, տեղափոխվել է և հիմա ապրելու է Արիզոնայում: Եղբայրները նրա փոխարեն նշանակել են Չարլի Քոքս եղբորը, որը նրան կփոխարինի իր բացակայության ընթացքում: Չարլի Քոքս եղբայրը եկեղեցու պատասխանատուների կողմից նշանակվել է, որ փոխարինի Քոլինզ եղբորը իր բացակայության ժամանակ:

6. Կուզեի էլի մի բան ասել, որովհետև հետո գուցե շատերը տուն վերադառնան այս երեկոյան բժշկության ծառայությունից առաջ: Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր նվերների և ուշադրության համար: Ինչ մենք եկել ենք այստեղ, դուք մեզ շատ կերակուրներ եք բերել: Ես, կինս, ընտանիքս շատ ենք գնահատում դա: Երբեմն ես նույնիսկ մոռանում եմ այդ մասին խոսել: Գիտեք, երբեմն այնքան զբաղված եմ լինում, մտքերիս մեջ էլ խառնաշփոթ է լինում: Կարող եք պատկերացնել, երբ այսքան մարդիկ, ոչ միայն մեր եկեղեցում այլև ամբողջ աշխարհում… Եվ այդ ամենը ինձ միշտ զբաղվածության մեջ է պահում:

7. Ինչ-որ մեկն ինձ ասաց մանուկների ընծայման մասին, մկրտության ծառայության մասին և այլն: Դա շատ լավ է: Կուզեի այդ անել, բայց հիմա ընդհանրապես ժամանակ չունեմ, պետք է ողջ ուշադրությունս կենտրոնացնեմ այս պատգամի վրա: Դուք գիտեք, թե առաքյալներն ինչ ասացին Աստվածաշնչում. «Ընտրեք ձեր միջից անկեղծ, բարի համբավ ունեցող, Սուրբ Հոգով լցված մարդկանց, որոնք կարող են զբաղվել նման բաներով»: Ես ասում էի Բիլիին… Նա ինձ ասաց. «Հայրիկ, այս անգամ դու կկատարե՞ս այս մանկան ընծայման արարողությունը»: Ես մտածեցի. «Դե, լավ…»: Եթե շատ մանուկներ լինեին ընծայվելու (և դա լավ կլիներ), պետք է վերադառնայի և մեկը օրը հատկացնեի դրան: Ես կուզենայի անել դա:

8. Ես և ընտանիքս ուզում ենք ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել: Մեզ նվիրել են ամեն տեսակ պահածոյացված ուտեստներ, թարմ լոբի, ձմերուկ, սեխ, ելակ… Ինչ մտքով կարող է անցնել, բերել են:

9. Մի քանի օր առաջ մի թանկագին եղբայր և իր կինը մեզ բերեցին մի մեծ հնդկահավ: Դեռ ամբողջությամբ չենք կերել այն: Երևում է, որ ես պետք է դա վերջացնեմ մեկնելուց առաջ: Եթե ոչ, պիտի մեզ հետ տանենք: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր այդ բաների համար: Այս նվեր տվողներից շատերին ես ճանաչում եմ: Բայց ոչ բոլորին: Երբեմն վերադառնում ենք տուն, տեսնում ենք, որ դրել են մուտքի մոտ: Մենք շատ շնորհակալ ենք: Շատերին ճանաչում եմ, բայց ոչ բոլորին: Ես վստահ եմ, որ դուք հասկանում եք, որ ես կուզեի բոլորին հանդիպել, բայց միաժամանակ ամեն տեղ լինել չեմ կարող: Բայց անում եմ այն ամենը, ինչ հնարավոր է:

10. Թող Աստված ձեզ հետ լինի: Վստահ եմ, որ կա Մեկը, ով կարող է գալ ձեզ մոտ. դա Հիսուս Քրիստոսն է, Նա կարող է այդ անել: Նա միակն է, ով կարող է լինել ամեն տեղ, միակն է, որ Ամենակարող է, միակն է, ով կարող է հոգալ ձեր բոլոր կարիքները: Նաև Ամենագետ է, և գիտի ձեր բոլոր կարիքները: Նա գիտի, թե ձեզ ինչ է պետք:

11. Այս առավոտից ինչքան հնարավոր է եղել, հանդիպել եմ ու էլի կհանդիպեմ շատերին: Իսկ մյուսները թող իմանան, որ Աստված Ամենակարող է և կարող է հոգալ իրենց բոլոր կարիքները Իր փառավոր ճոխության համեմատ:

12. Այստեղ մի բան կա, որ չեմ կարողանում կարդալ: Սա մի հայտարարություն է: Կարծում եմ, որ Բիլլի Պոլն է գրել: Նա էլ ինձ նման է. ես իմ սեփական ձեռագիրը նույնիսկ չեմ կարողանում կարդալ: Ես իմ սեփական սղագրությունն ունեմ: Եթե իմ նշումները տեսնեիք, երբեք չէիք հասկանա, թե ինչ եմ գրել: Նկարել եմ մի աստղ, որն անցնում է կամրջի վրայով… (Բրանհամ եղբայրը կարդում է հայտարարությունը. ծան. խմբ.):

13. Էլի մի բան կա, որ կուզեի հայտարարել: Այս երեկոյան ունենալու ենք բժշկության ծառայություն: Աղոթելու ենք հիվանդների համար, և ես կարծում եմ, որ բոլորդ կգաք:

14. Նաև Տեր Հիսուս Քրիստոսի Անունով ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր այս առավոտ լսում են մեզ ամբողջ երկրում: Թող Աստված օրհնի ձեզ: Ոմանց մոտ արդեն ժամը տասներկուսն է: Նյու Յորքում ժամը տասներկուսն է, իսկ Արիզոնայում և արևմտյան ափում դեռ յոթն է: Իսկ մենք մեջտեղում ենք: Աստված օրհնի ձեզ` բոլոր լսողներիդ:

15. Մենք չէինք կարողանում վարձել դահլիճը: Վերջապես կարծես թույլտվություն տվեցին. մենք իրավունք ունենք մեկ հավաքույթ անցկացնել, բայց չաղոթել հիվանդների համար: Մինչդեռ սա իմ ծառայությունն է: Ես պետք է անեմ այն, ինչ Սուրբ Հոգին է պատվիրում: Դրա համար ես մերժեցի դահլիճը, որովհետև ես պետք է ազատություն ունենամ անելու այն, ինչ Սուրբ Հոգին է պատվիրում: Հասկանու՞մ եք: Դրա համար կարծում եմ, որ մեկ օր էլ կարող ենք հանդուրժել այս խորանում: Այս առավոտ զով է: Տերը մեզ գեղեցիկ օր է շնորհել, և մենք շնորհակալ ենք Նրան:

16. Ես եկել էի այս նպատակով, որ քարոզեմ Հայտնության գրքի յոթ գավաթների, յոթ փողերի, յոթ որոտների վերաբերյալ` այդ ամենը կապելով այն ժամանակների հետ, որում ապրում ենք, հետո հասնել Եկեղեցու յոթ շրջանների և յոթ կնիքների հայտնությանը: Մենք բավականաչափ տեղ չունենք դրա համար, բայց հուսով եմ, որ շուտով հարմար տեղ կունենանք այստեղ, կամ Լուիզվիլում, կամ Նյու Օլբանիում: Կամ էլ վրան կդնենք` մնալու համար այնքան երկար, որքան Տերը կառաջնորդի:

17. Նաև ուզում եմ ինձ տրված առիթն օգտագործել` արտահայտելու համար Աստծո հանդեպ իմ հավատքը և հետո ցույց տալ ձեզ այն ժամանակը, որում ապրում ենք: Եվ դա կապված չէ որևէ մարդու կամ հավատքի ուսմունքի հետ. ես պարզապես ասում եմ այն, ինչ հասկանում եմ Սուրբ Գրքից: Եվ անցած կիրակի Խոսքի վերաբերյալ Հոգու հրաշալի օծություն ունեցանք: Ես շատ երկար խոսեցի, որը չեմ սիրում անել, բայց պետք է ասեմ, որ մենք չգիտենք, թե որն է լինելու մեր վերջին հավաքույթը: Եվ կուզեի, որ կարողանամ ասել այն, ինչ իր ժամանակում Պողոսն ասաց. «… քանի որ խույս չտվեցի Աստծո ամբողջ խորհուրդը ձեզ հայտնելուց»: Հիսուսն ասաց, որ ոչինչ չի թաքցրել Իր աշակերտներից: Ես երբեմն այնքան եմ ջանում, որ մնամ Սուրբ Հոգու օծության ներքո, որ երբեմն չեմ հասցնում կատարել իմ պարտականությունը որպես Քրիստոսի սպասավոր, որպես հովիվ: Բայց շնորհակալ եմ, որ այնքան մարդիկ կան, որոնք փորձում են ինձ օգնել` իմ հովիվ եղբայրները:

18. Ես մտադիր չեմ մարդկանց շատ երկար պահել: Բայց եթե դուք, որ ստանում ենք այս պատգամը երկրի տարբեր մասերում, գաք և տեսնեք, թե ինչ է կատարվում այս առավոտ այս եկեղեցում. շարքերի միջև, մանկական սենյակներում, դրսում, իրենց մեքենաների մեջ, վագոններում, ավտոբուսներում ռադիոյով լսում են պատգամը, կհասկանայիք, թե ինչումն է խնդիրը: Ամեն հավաքույթի ժամանակ լինում է այնպես, որ գալիս են հեռվից և նույնիսկ չեն կարողանում ներս մտնել: Մեզ պետք է ավելի մեծ տեղ, որպեսզի մարդիկ կարողանան նստել և հարմարավետ զգալ: Երբ մտածում եմ այս պատգամի կենսական կարևորության մասին, կարծում եմ, որ յուրաքանյուր մարդ պետք է հարմարավետ տեղ ունենա նստելու` վերցրած թուղթ, գրիչ, Աստվածաշունչ. այն ամենը, ինչ պետք է նշումներ անելու համար: Այդ դեպքում կկարողանայի երկար խոսել` ցույց տալու համար, թե ինչ ժամանակներում ենք ապրում և ինչ իրադարձությունների ենք հանդիպելու: Դուք կարիք ունեք իմանալու դա:

19. Եվ եթե մի օր, ես կամ մեկ ուրիշը փորձի բերել այս ժողովրդին (այս մեռնող ժողովորդին, որ մենք ենք այս վերջին ժամանակներում), մի պատգամ, որն իրեն է հաճելի և գրավում է ամբոխներին, բայց հակառակ է Աստծո Խոսքին, ես միայն կեղծավոր կլինեի: Ես չէի լինի այն, ինչ պետք է լինեմ` Քրիստոսի սպասավոր: Ես կուզեի ձեզ բերել մի բան, որը կենսական անհրաժեշտություն է ձեզ համար, մի բան, որ եթե ես այսօր մեռնեմ, խարսխված կլինի ձեր սրտում վաղը և կօգնի ձեզ շարունակել և ծառայել Աստծուն:

20. Կուզեի նաև ձեզ ասել, որ շուտով ինչ-որ բան է կատարվելու: Ես դա գիտեմ: Շատերդ հիշում եք այն երազը, որը տեսել էր Ջունիոր Ջեքսոն եղբայրը և իր մեկնելուց առաջ պատմեց ինձ: Դա տարօրինակ բան էր: Քանի՞սդ եք հիշում: Տերը մեզ տվեց դրա մեկնությունը, և դա բառացիորեն կատարվեց: Իսկ հիմա նա ուրիշ երազ է տեսել:

21. Վերջերս մի տարօրինակ բան է կատարվել: Օրեգոնից մի մարդ էր եկել այստեղ: Նա ինձ համարյա չէր ճանաչում, բայց տեսել էր նույն երազը, ինչ Ջեքսոն եղբայրը, և եկել էր ինձ դա պատմելու: Ես չգիտեմ դրա մեկնությունը. սպասում եմ. որ Տերը տա: Բայց գիտեմ, որ դա Աստծուց է: Լավ հիշեք. սա է ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ: Դա Աստծուց է: Ես չգիտեմ, թե ինչ է: Դա իրոք մի ցնցող բան է, իրոք ցնցող: Անկեղծ ասած` այս երկու մարդկանց երազների համաձայն… նրանցից մեկը… գուցե նա մկրտական է կամ երիցական: Գուցե նա այստեղ նստած է այս առավոտ: Ես դա չգիտեմ: Մի քանի օր առաջ այստեղ էր, և ես նրան չեմ ճանաչում:

22. Նա ինձ երազը պատմեց արցունքն աչքերին: Դա ցնցել էր նրան: Նա Օրեգոնից այդքան ճանապարհ եկել էր ինձ դա պատմելու համար: Նույն ձևով այս առավոտ եկավ Ջեքսոն եղբայրը: Նրանք իրար չեն ճանաչում, հազարավոր մղոններ իրարից հեռու են ապրում: Բայց երկու երազները ճիշտ նույն թեմայի վերաբերյալ են: Բայց Սուրբ Հոգին ինձ դրա մեկնությունը չի տվել, և ես չգիտեմ, թե ինչ ասեմ այդ մարդկանց: Բայց ես գիտեմ, որ Աստված պատրաստվում է անել մի բան, որը փառավոր է լինելու մեր աչքում:

23. Բայց վերադառնանք այս առավոտվա պատգամին: Ես ուզում եմ մի բան կարդալ Գաղատացիս թղթից: Այսօր կունենանք կիրակնօրյա դպրոցի դաս: Իսկ հիմա եթե պատի մոտ կանգնածներին իրենց տեղը զիջողներ լինեն, որ նրանք էլ կարողանան մի պահ նստել, կարող եք հանգիստ անել դա. դուք ինձ չեք խանգարում: Եվ եթե կան փոքրիկ երեխաներ, որոնք լաց են լինում, խնդրում եմ զիջեք ձեր տեղը մանկական սենյակում:

24. Այժմ վերցրեք ձեր մատիտները, ձեր Աստվածաշունչը և այն ամենը, ինչ պետք է նշումներ անելու համար: Ես չէի ցանկանա, որ դուք անհարմար զգայիք: Ես կուզեի, որ դուք հանգիստ նստեք և սերտեք: Գուցե դուք համաձայն չլինեք իմ ասածների հետ, բայց ոչինչ. ես հիմա խոսում եմ ողջ ազգի համար, որպեսզի նրանք, ովքեր հավատացել են այն պատգամին, որը Տեր Հիսուսն է ինձ տվել, հասկանան, թե ինչ է կատարվելու և բացահայտեն դա Սուրբ Գրքում:

25. Անցած կիրակի խոսեցինք «Վերջին ժամանակների օծյալների» մասին: Եթե դուք սովորություն ունեք ձայներիզները լսելու, ձեռք բերեք այդ ձայնագրությունը: Ես դա չեմ ասում ձայներիզ վաճառելու համար, այլ որպեսզի ստանաք այդ պատգամը: Եթե դուք ընդամենը մեկ ձայնագրիչ ունեք մոտակայքում, հավաքվեք մի քանի հոգով և ուշադիր լսեք այդ պատգամը:

26. Օծյալները… դուք կլսեք, որ մարդիկ ասում են. «Աստվածաշունչն ասում է, որ վերջին օրերում ելնելու են սուտ մարգարեներ, որոնք անելու են նույն նշանները» (հենց այդպես է ասում Աստվածաշունչը): Ուրեմն, ինչի՞ն է դա վերաբերում: Պետք է ճիշտ հասկանալ: Այս երեկո եթե Տերը թույլ տա, ես կխոսեմ այս թեմայով` «Աստված բացահայտվում է Իր Խոսքով»: Այնտեղ ցույց կտանք, թե ինչպես չի կարելի օգտագործել աչքն այնտեղ, որտեղ պետք է լինի ականջը: Տեսնում եք, թե ինչպես է գրված Աստվածաշունչը: Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս Հիսուս Քրիստոսի պատկերը: Այս երեկո կխոսեմ դրա մասին, եթե Տերը թույլ տա: Հակառակ դեպքում, մեկ ուրիշ օր կխոսեմ դրա մասին:

27. Այժմ կարդանք Գաղատ. 1:1-5 համարները. «Պողոսը` առաքյալ (մի բան ասեմ. առաքյալ նշանակում է ուղարկված կամ միսիոներ) ո՛չ մարդկանց կողմից և ո՛չ էլ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի միջոցով և Հայր Աստծո, որ հարություն տվեց Նրան մեռելներից, և բոլոր եղբայրները, որոնք ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիներին. շնորհ և խաղաղություն լինի ձեզ Հայր Աստծուց և մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որ Իր անձը մեր մեղքերի համար տվեց, որ մեզ փրկի այս ներկա չար աշխարհից, Աստծո և մեր Հոր կամքի համաձայն. փառք լինի Նրան հավիտյանս հավիտենից:

28. Կարդանք նաև 2 Կորնթ. 4:1-6 համարները. «Դրա համար այս ծառայությունն ունենալով, ինչպես որ ողորմություն գտանք, չենք ձանձրանում, այլ ամոթալի ծածուկ բաները մերժել ենք և խորամանկությամբ չենք վարվում և Աստծո Խոսքն էլ չենք ծռում, այլ ճշմարտությունը բացահայտելով ներկայացնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին՝ Աստծո առաջ: Իսկ եթե մեր Ավետարանը ծածկված էլ լինի, այն կորսվածների համար է ծածկված (եթե սա մեզ ցույց չի տալիս նախասահմանությունը, ես չգիտեմ, թե էլ ինչը ցույց կտա) որոնց մեջ այս աշխարհի աստվածն անհավատների սրտերը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսը,(հենց դա էլ կատարվեց Եդեմի պարտեզում. նրանք վռնդվեցին, որ չմոտենան Կյանքի Ծառին) որ աներևույթ Աստծո պատկերն է: Որովհետև մենք ոչ թե մեր անձերն ենք քարոզում, այլ Տեր Հիսուս Քրիստոսին, և մենք ձեր ծառաներն ենք Քրիստոսի համար: Որովհետև Աստված որ ասաց, թե խավարից լույս ծագի, ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց` Աստծո փառքի գիտության լույսը տալու Քրիստոսի դեմքով» : (Ամե՛ն: Խոսքն է այդ ասում):

29. Այս առավոտ իմ քարոզի թեման սա է. «Այս չար աշխարհի աստվածը»: Ինչպես կարդացինք Սուրբ Գրքում` այս աշխարհի աստվածը, այս դարի աստվածը: Այս պատգամը ցույց է տալիս այս չար աշխարհի չարիքները և համապատասախանում է այս չար աշխարհի վերաբերյալ մարգարեությանը: Ես հավատում եմ, որ այս ժամանակաշրջանի հավատացյալի համար յուրաքանչյուր հարցի պատասխանը գրված է Աստվածաշնչում: Եվ հավատում եմ, որ այն ամենը, ինչի կարիքն ունենք, գրված է հենց այստեղ, և դա պետք է մեկնաբանվի միայն Սուրբ Հոգու կողմից: Ես չեմ հավատում, որ երկրի վրա որևէ մարդ իրավունք ունի Խոսքին տալ իր սեփական մեկնությունը: Աստված ոչ մեկի կարիքը չունի Իր Խոսքը մեկնելու համար: Աստված Ինքն Իր մեկնաբանն է: Նա ասել է, որ Ինքն է այդ անելու և Ինքն էլ անում է:

30. Ինչպես ասացի, Աստված ասել է. «Ահա կույսը կհղիանա և կծնի մի որդի»: Նա այդ ասաց մարգարեի միջոցով: Եվ դա կատարվեց: Պետք չէր, որ դա ինչ-որ մեկը մեկնի: Սկզբում Նա ասաց. «Թող լույս լինի», և լույս եղավ: Պետք չէր, որ դա ինչ-որ մեկը մեկնի: Նա ասաց, որ վերջին օրերում Իր Հոգին թափելու է ամեն մարմնի վրա, և դա կատարվեց: Մեկնության կարիք չեղավ: Նա ասել է, որ վերջին օրերում կատարվելու են բաներ, որոնք մենք հիմա տեսնում ենք: Դա մեկնության կարիք չունի: Դա արդեն մեկնաբանված է: Հասկանու՞մ եք:

31. Ուշադիր եղեք, մինչ մենք սերտում ենք Խոսքը այս չար ժամանակաշրջանի աստծո վերաբերյալ, այս ժամանակաշրջանի, որի մեջ ապրում ենք: Կարող է տարօրինակ թվալ, շատ տարօրինակ, որ այս շնորհքի ժամանակաշրջանը, որում Աստված պատրաստում է Իր անունը կրող ժողովուրդ, կոչվում է չար ժամանակաշրջան: Մենք կարող ենք Աստվածաշնչով ապացուցել, որ այն ժամանակաշրջանը, որում մենք ապրում ենք, հենց այն ժամանակաշրջանն է, որի մասին Նա խոսում էր:

32. Տարօրինակ է մտածել, որ հենց այսպիսի չար ժամանակաշրջանում է Աստված կանչելու Իր Հարսին: Նկատե՞լ եք, որ Նա ասել է` ժողովուրդ, ոչ թե եկեղեցի: Ինչու՞: Մինչդեռ այդ ժողովուրդը կոչվում է Եկեղեցի: Բայց Նա կանչում է մի ժողովրդի: Եկեղեցին տարբեր խառնվածքներ ունեցող մարդկանց հավաքույթ է: Բայց Աստված կանչում է մի որոշակի ժողովրդի: Նա չի ասում. «Ես կանչելու եմ մեթոդականներին, մկրտականներին, հոգեգալստականներին…»: Նա ասել է, որ կանչելու է մի ժողովրդի ինչի՞ համար: Իր Անվան համար: Տեսնու՞մ եք. մի՛ ժողովուրդ: Մեկը կլինի մեթոդականներից, մեկը` մկրտականներից, մեկը` լյութերականներից, մեկը` կաթոլիկներից: Նա չի կանչում որևէ եկեղեցական շարժման, այլ մի ժողովրդի Իր անվան համար, որն ընդունել է Իր Անունը, նշանվել է Իր Անունով, հրավիրված է հարսանիքի, որ դառնա Իր Հարսը, դառնալու է Նրա մի մասնիկը նախասահմանությամբ: Ճիշտ այնպես, ինչպես այս կյանքում. մի մարդ ընտրում է իր համար սահմանված կնոջը, որն իր մարմնի մասնիկ է դառնալու: Հենց այդպես էլ լինելու է Քրիստոսի Հարսը, հնագույն ժամանակներից Աստծո կողմից ընտրված է Իր Մարմնի մասնիկ դառնալու: Հասկանու՞մ եք: Ո՛հ, Սուրբ Գիրքն այնքան հարուստ է, այնքան մեղրով լեցուն:

33. Ուշադրություն դարձրեք, որ ոչ թե ինչ-որ մեկն է ասել, ինչ-որ մեկն է կանչել, այլ Աստված աշխարհի ստեղծումից առաջ ընտրել է և կանչում է այդ ժողովրդին այս վերջին օրերում: Դա մի կազմակերպություն չէ, այլ Իր անունը կրող մի ժողովուրդ: Եվ Նա այդ անում է այս չար ժամանակաշրջանում, այլ մոլորության ժամանակաշրջանում:

34. Անցած շաբաթ Մատթ. 24-րդ գլխում տեսանք, որ բոլոր ժամանակաշրջաններից ներկա ժամանակաշրջանում է իշխում ամենամեծ մոլորությունը: Մոլորության բոլոր ժամանակաշրջաններում, Եդեմի պարտեզից մինչև մեր օրերը, երբեք այնքան շատ մոլորության չի եղել, ինչքան այսօր: Սուտ մարգարեներ կելնեն, սուտ նշաններ ու հրաշքներ կանեն, որ եթե հնարավոր լիներ, ընտրյալներին էլ մոլորեցնեն: Պարզ է, որ խոսքը մարդկային աստվածաբանությամբ առաջնորդվող սառը, պաշտոնական, չոր եկեղեցիների մասին չէ խոսքը. ընտրյալները դրանց ուշադրություն չեն դարձնի: Այլ վտանգն այնտեղ է, որտեղ համարյա նմանություն կա բնօրինակին: Բավական է անտեսել միայն մեկ Խոսք: Այս ժամանակաշրջանի համար խոստացված Խոսքը, փառավոր ժամանակներ… Բոլոր վայրերում գտնվող քրիստոնյաներ, ուշադրություն դարձրեք այն ժամանակին, որում ապրում ենք: Նշեք, կարդացեք և լսեք ուշադրությամբ:

35. Ի՞նչ պատճառով է Աստված Իր Անունը կրող ժողովրդին կանչում այս չար ժամանակաշրջանում: Նրան` Իր Հարսին փորձելու համար: Որպեսզի Հարսը բացահայտվի, փորձվի և սատանային ապացուցի… Ինչպես եղել է սկզբում, լինելու է վերջում:

36. Ինչպես սերմը, որն ընկնում է հողի մեջ, և որի կյանքը կամաց-կամաց բարձրանում է այն կրողների միջոցով: Բայց վերջում նույն սերմն է, որն ընկել է հողի մեջ: Նույնը վերաբերում է մոլորության սերմին, որը ցանվել է Եդեմի պարտեզում, հիմա նորից հայտնվում է վերջին օրերում: Ինչպես Ավետարանը արժեզրկեցին հարանվանության միջոցով Նիկեայի տիեզերաժողովի ժամանակ, Հռոմում, այդպես էլ հիմա ամեն ինչ տանում է դեպի գերկազմակերպություն: Նույնը վերաբերում է Եկեղեցու սերմին, որն ընկավ հողի մեջ, բերեց նշաններ և հրաշքներ` ունենալով Իր մեջ բնակվող Քրիստոսին, վերջացնում է իր ընթացքը վերջին օրերում, Մաղաքիա 4-րդ գլխում նկարագրված ծառայության համաձայն, որտեղ տեսնում ենք նախկինում տրված բնօրինակ հավատքի վերականգնումը:

37. Այժմ մենք բացահայտում ենք, որ այս չար ժամանակաշրջանը նրա համար է, որ սատանային ապացուցվի, որ այս Հարսը Եվայի նման չէ, այդպիսի կին չէ: Այս Հարսը փորձվելու է Աստծո Խոսքի միջոցով, ինչպես Ադամի հարսնացուն փորձվեց Խոսքի միջոցով: Ադամի հարսնացուն հավատում էր յուրաքանչյուր Խոսքին (որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան), բայց թշնամու փորձության դիմաց կանգնած ընկավ մեկ խոսքի պատճառով: Նրա անունը կրող ժողովուրդն, անշուշտ, Նրա Հարսն է: Հարսը հիմա կանգնած է նույն բանի առջև. ոչ թե կարևոր են այն ճշմարտությունները, որոնք սովորեցնում են հարանվանություններում, այլ յուրաքանչյուր Խոսքը:

38. Աստվածաշնչի սկզբում մենք տեսնում ենք, որ Աստծո Խոսքը տրվեց, որ մարդն ապրի այդ Խոսքով: Մեկ սխալ մեկնաբանված Խոսքը… Որպեսզի կարողանա խոսել Եվայի հետ, սատանան մտավ օձ անունով մի կենդանու մեջ, Խոսքը սխալ մեկնաբանեց, և ամեն բան կորսվեց: Հասկանու՞մ եք: Մեզ պետք է յուրաքանչյուր Խոսքը:

39. Աստվածաշնչի մեջտեղում Հիսուսը եկավ և ասաց. «Մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս» (Մատթ.4:4): Նա այդ ասաց, երբ փորձվում էր սատանայի կողմից: Այժմ Աստված մեզ ասում է, որ վերջին օրերում այս աշխարհի աստվածը ելնելու է, և ով որ մեկ բառ ավելացնի Խոսքին, կամ մեկ բառ պակասեցնի, նրա բաժինը կհանվի Կենաց Գրքից: Թող Աստծո ողորմությունը մեզ վրա լինի: Եկեք չքայլենք հպարտների պես, փքված, գլուխը բարձր, կարծելով, թե ամեն ինչ գիտենք, որովհետև մենք էլ մի ժամանակ ապստամբ ենք եղել: Եկեք շնորհքով ու ողորմությամբ, Աստծո հանդեպ սիրով, խոնարհությամբ գնանք շնորհաց գահի մոտ:

40. Տարօրինակ է, որ հազար ինը հարյուր տարի Ավետարանը քարոզվելուց հետո այս աշխարհի համակարգն էլ ավելի չար է, քան այն ժամանակ, երբ Հիսուսը երկրի վրա էր: Այս աշխարհի համակարգն ավելի չար է, քանի երբևէ: Չարությունը հասնում է գագաթնակետին: Դուք այդ գիտեք: Տերն իրականացնում է Իր Խոսքը ամեն դեպքում:

41. Երեկ մենք գնացել էինք առևտրական կենտրոն գնումներ կատարելու: Մի անծանոթ երիտասարդ մոտեցավ և ներկայացավ: Մեկ ուրիշ երիտասարդ մոտեցավ, և երկուսով ինձ ասացին, որ իրենք Ալաբամայից են, չէ, կարծեմ, Ջորջիայից (որովհետև ես նրանց հարցրի, թե արդյոք ճանաչում են Ուելչ Էվանս եղբորը): Մենք մի քանի րոպե խոսեցինք: Երբ ես պատրաստվում էի հրաժեշտ տալ նրանց, այդ երիտասարդն ուշադիր նայեց ինձ: Երբ մյուս երիտասարդը հեռանում էր իր փոքրիկ տղայի հետ, նա նայեց ինձ և ասաց. «Պարզապես մեկ բան եմ ուզում ասել»: Ես նրան հարցրի. «Դուք հավատացյա՞լ եք, քրիստոնյա՞ եք»: Նա ինձ պատասխանեց. «Ո՛չ, պարոն»:

42. Ես չեմ կարող ճշտորեն հիշել նրա խոսքերը, բայց նա մի քիչ կասկածամիտ էր: Ես նրան հարցեր տվեցի Տիրոջ հրեշտակի հայտնվելու վերաբերյալ: Նա ինձ ասաց, որ այդ մասին լսել էր, բայց երբեք չէր գնացել եկեղեցի, այդ եկեղեցին: Ես հարցրի նրան. «Հավատու՞մ եք դրան»: Նա ինձ պատասխանեց. «Այո՛, պարոն: Ես հետևում էի: Մարդիկ ինձ պատմել են այդ կանխատեսումների մասին: Ես ձայներիզով լսել եմ, որ դուք մարգարեացել եք, որ Կալիֆորնիան քանդվելու է: Երբ ես այդ մասին կարդացի թերթում, հավատացի»: Նա ինձ նաև ասաց. «Ես վաղը առաջին անգամ կգամ»: (Դա այսօր է): Ես նրան ասացի. «Տերն օրհնի ձեզ, որդիս», և սեղմեցի նրա ձեռքը: Բայց նա ասաց. «Մի բան եմ ուզում ձեզ ասել, պարոն: Ես չափազանց կորած եմ: Ինչպես մետաղադրամը ավազակույտի մեջ»:

43. Ես նրան ասացի. «Բայց պետք չի, որ այդ վիճակում մնաք: Կա Մեկը, որ այստեղ է: Նա պատրաստ է ձեզ գտնելու, եթե դուք պատրաստ լինեք գտնվելու»: Նա աղաղակեց. «Ես պատրաստ եմ»: Այդ ժամանակ ասացի նրան. «Ուզու՞մ եք խոնարհել ձեր գլուխը»: Նա ինձ պատասխանեց. «Ես չեմ ամաչում դրանից»: Ոչ միայն դա, նա նաև ծնկի իջավ հենց կայանում, բոլորի աչքի առաջ: Փողոցով անցնող մարդիկ կանգնում, նրան էին նայում: Մենք աղոթեցինք նրա հետ, մինչև նա իր սիրտը տվեց Աստծուն: Նա եկել էր որպես մեղավոր, հեռացավ որպես Աստծո զավակ: Նա մեքենային մոտեցավ մեռած, հեռացավ ողջ:

44. Ես ասացի. «Վաղը ջրավազանը բաց կլինի»: Արյունով լցված մի աղբյուր կա, Որ հոսում է Էմմանուելի երակներից, Որի մեջ մեղավորներն են սուզվում Ու մեղքերից լվացվում: Ես նրան ասացի. «Վեր կացեք և մկրտվեք Հիսուս Քրիստոսի Անունով` կանչելով Տիրոջ անունը: Աստված կլցնի ձեզ Իր Հոգով և կտա ձեզ այդ փառավոր նշանները, կօգնի ձեզ, որ տեսնեք դրանք»:

45. Ի՞նչ է կատարվում: Աշխարհը հասնում է գագաթնակետին: Ինչու՞: Անիրավության, բարոյական քայքայման և գիտական կրոնի հոգին մեզ տարել է դեպի անսուրբ ու ատելի թռչնի վանդակ, ինչպես ասում է Աստվածաշունչը: Կարդանք այդ մասին. դա գրված է Հայտնության 18-րդ գլխի 1-5 համարներում. «Դրանից հետո տեսա երկինքից վայր եկող մի ուրիշ հրեշտակ, որ մեծ իշխանություն ուներ: Եվ երկիրը նրա փառքից լուսավորվեց: Բարձրաձայն, ուժգին աղաղակեց ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը ու դևերի բնակավայր դարձավ, ամեն պիղծ հոգու արգելանոց և ամեն անսուրբ և ատելի թռչնի վանդակ: Որովհետև նրա պոռնկության թունդ գինուց բոլոր ազգերը խմեցին, և երկրի թագաւորները նրա հետ խառնակվեցին, ու երկրի վաճառականները նրա զեխությունից հարստացան: Եվ երկնքից մի ուրիշ ձայն լսեցցի, որ ասում էր. «Դրանից դուրս եկեք, ով Իմ ժողովուրդ, որպեսզի դրա մեղքերին մասնակից չլինեք ու դրա պատուհասից չընդունեք: Որովհետև դրա մեղքերը մինչև երկինք հասան, և Աստված դրա անիրավությունները հիշեց»:

46. Ինչպիսի՜ նախազգուշացում: Դա եկեղեցուն տանում է դեպի Հայտն. 3:14, Լավոդիկեի շրջան, որը շատ կրոնական, բայց նաև շատ անօրեն շրջան է: «Որովհետև ասում ես. «Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ չեմ»: Բայց չգիտես…»: Սուրբ Գրքում գրվածը լիովին համապատասխանում է այս ժամանակաշրջանի հետ, ոչ թե Նոյի կամ Դանիելի: Դա վերջին ժամանակաշրջանի մասին է, այս չար ժամանակաշրջանի:

47. Ուշադրություն դարձրեք: Ասում է. «Դու մերկ ես»: Թող դա խորությամբ թափանցի ձեր մեջ: Գուցե այս մտքի վերաբերյալ շատերը չհամաձայնեն ինձ հետ, բայց մենք հասել ենք մի կետի, երբ անհնար է քրիստոնյայի համար տանից դուրս գալ և չզգալ այս չար ժամանակաշրջանի ներկայությունը` տեսնելով այս անվայել հագնված կանանց:

48. Կանա՛յք, ես ուզում եմ ձեզ մի բան ասել, լավ լսեք: Դուք, տղամարդիկ և կանայք, կարող եք չհամաձայնել իմ ասածի հետ, բայց ես առաջնորդություն եմ զգում ասելու: Չգիտե՞ք, որ այդպես հագնված կինը բանականությունից զուրկ է: Հավատա դրան, թե չհավատա, այդպես կարծի կամ չկարծի, նա անբարոյական է: Եթե նույնիսկ նա կարող է կանգնել Աստծո առաջ, ձեռքը բարձրացնել և երդվել, որ ամուսնուց բացի ոչ մի տղամարդ չի դիպչել իրեն, և դա լինի զուտ ճշմարտություն, դա չի խանգարում նրան անբարոյական լինել: «Ամեն ոք, ով մի կնոջ նայում է նրան ցանկալու համար, իր սրտում նրա հետ արդեն իսկ շնանում է»: Եվ այդ կինը կարող է…

49. Հասկանում եք, նա մերկ է: Աստվածաշունչն է այդպես ասում, բայց նա այդ չգիտի: Հոգին, որը մղում է նրան այդպես վարվելու, չար հոգի է, անբարոյականության հոգի: Նա կարող է արտաքնապես, մարմնով մաքուր լինել: Հնարավոր է, որ նա երբեք շնություն չի գործել, նույնիսկ կարող է անկեղծորեն երդվել Աստծո առաջ. չնայած այդ ամենին, նրա մեջ անբարոյականության հոգի կա: Նա այնքան է կուրացել այս նորաձևության աշխարհի աստծո կողմից, որ գայթակղիչ հագուստ է հագնում և դուրս գալիս:

50. Վերջերս Վուդ եղբայրն ու ես ուզում էինք մեր նավակը դեպի ջուրը հրել: Տանից մինչև գետին հասնելը մի քանի րոպե էր: Ամենուրեք կանայք էին այդ փոքրիկ լաթերը հագած, որը կոչում են «բիկինի». դա խայտառակություն է: Խելքը գլխին կինը նման բան չի՛ հագնի: Նրանք բռնված են անբարոյականության ոգով: Տիկնայք, հիմա Աստծո հետ կարգավորեք այս հարցը, որովհետև մի օր կպարզեք, որ ես ճշմարտությունն էի ասում:

51. Տիկի՛ն, ինչպե՞ս կարող եք դուք, իմանալով, որ ձեր մարմինը սրբազան է, ցուցադրել այդ մեղավոր, ցանկությամբ լեցուն դևերի առաջ, որոնք այսօր վազում են փողոցներով: Եթե Աստծո որդիները իրոք Աստծո որդիներ լինեին, եթե ձեր ամուսինը Աստծո որդի լիներ, կստիպեր ձեզ հագնվել կամ էլ կլքեր ձեզ: Մի տղա, որն Աստծո որդի է, երբեք այդպիսինի հետ չէր ամուսնանա: Դուք հասկանու՞մ եք, հասկանու՞մ եք: Դուք ինձ կասեք. «Դու պատմում ես…»: Ո՛չ, ես ճշմարտությունն եմ ասում: Եվ մի օր դուք կհանդիպեք այդ Ճշմարտությանը: Նրանք մերկ են, շնանում են և չգիտեն այդ մասին:

52. «Երդվում եմ, որ երբեք չեմ խախտել իմ ամուսնական ուխտը»: Ձեր ամուսինը կդատապարտի ձեզ, եթե անեք այդ: Բայց Աստված ձեզ կդատի ձեր մեջ եղած հոգու համաձայն, Նա ձեզ չի դատի ըստ մարմնի, այլ ըստ հոգու, ներքին մարդու:

53. Արտաքին մարդը ֆիզիկական էակ է, որն առաջնորդվում է հինգ զգայարաններով: Ներքին մարդը հոգի է, որը նույնպես առաջնորդվում է հինգ զգայարաններով` խղճմտանք, սեր և այլն: Արտաքին մարդն ունի հինգ զգայարան` տեսողության, համի, շոշափելիքի, հոտառության, լսողության: Բայց հոգու ներսում անձն է, որն առաջնորդվում է մեկ բանով` ազատ կամքով: Դուք կարող եք ընդունել կամ սատանայի ասածը, կամ Աստծո ասածը: Եվ դրանով կորոշվի, թե ինչ հոգի կա ձեր մեջ: Եթե Աստծո Հոգին է, Աստծուց եղող բաներով կկերակրվի, ոչ թե աշխարհիկ բաներով: Հիսուսն ասաց. «Եթե դուք սիրում եք աշխարհը և աշխարհային բաները, ուրեմն Աստծո սերը չի թափանցել ձեր ներսի մարդու մեջ»: Սատանան ձեզ մոլորեցրել է: «Մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս»:

54. Մենք տեսնում ենք, որ նա մերկ է և անպարկեշտ: Ոչ մի ժամանակաշրջանում կանայք այդպես չեն վարվել բացի ջրհեղեղին նախորդող ժամանակաշրջանից: Հիսուսն ասել է այդ մասին: Ավելի ուշ կանդրադառնանք դրան:

55. Մի՞թե Աստված կորցրել է Իր իշխանությունը կամ թողնու՞մ է, որ մեկ ուրիշ զորություն գործի: Հետաքրքիր է: Իմ կարծիքով գործում են երկու իրար հակառակ հոգիներ: Չի կարող լինել երկուսից ավելին… երկու գլուխ: Մեկը Սուրբ Հոգին է, որը գործում է, մյուսը` սատանայի հոգին է, որն այս վերջին ժամանակներում գործում է մոլորությամբ: Ես իմ մտքերը հիմնելու եմ սրա վրա պատգամի շարունակության մեջ:

56. Ուրեմն երկու հոգի կա. մեկը Սուրբ Հոգին է, մյուսը` սատանայի հոգին է, որը գործում է մոլորությամբ: Հիմա են երկրի ժողովուրդները կատարում իրենց ընտրությունը: Սուրբ Հոգին այստեղ է, դուրս է կանչում Հարսին Քրիստոսի համար: Նա այդ անում է` հաստատելով այս ժամանակաշրջանի համար խոստացված Իր Խոսքը, ցույց տալով, որ այդ Խոսքը Քրիստոսն է: Եթե այս ժամանակաշրջանի համար է նախատեսված, որ մատը պետք է շարժվի, այն կշարժվի: Եթե այս ժամանակաշրջանում ոտքը պետք է շարժվի, այն կշարժվի: Եթե այս ժամանակաշրջանում աչքը պետք է տեսնի, կտեսնի: Սուրբ Հոգին գործում է մինչև հասնենք Քրիստոսի կատարյալ հասակին: Մեր ապրած ժամանակաշրջանում Սուրբ Հոգին ներկա է` հաստատելով ժամի պատգամը: Եվ Սուրբ Հոգին անում է այդ, որպեսզի Աստծուն հավատացողները դուրս գան քաոսից: Իսկ սատանայի անմաքուր հոգին սովորության համաձայն կանչում է իր եկեղեցուն մոլորությամբ, Աստծո Խոսքն աղավաղելով, ինչպես արեց սկզբում: Տեսնու՞մ եք, թե ինչպես ենք վերադառնում սերմի ժամանակին: Եդեմից դուրս եկանք և ահա նորից այնտեղ ենք:

57. Մյուս ժամանակաշրջաններում դուք պատկանում էիք այս կամ այն հարանվանությանը: Ի՞նչ պատահեց հարանվանական ցողունին: Այն չորանում է: Հոգին հեռանում է նրանից և առաջ գնում: Եվ վերջում սերմն է:

58. Դուք կարող եք տեսնել փորձությունը երկու դեպքերում. դա մեզ վերադարձնում է սկզբին: Մի՛ մոռացեք դա: 1 Հովհ. 4:5,6 համարներում (եթե ուզում եք նշել) խոսվում է խաբեության հոգու մասին: Եվան ոչ թե դուրս եկավ և հոժարակամ ասաց. «Ես չեմ հավատում Աստծուն»: Ո՛չ, այլ նա հավատաց խաբեությանը:

59. Սատանան չասաց. «Սա բոլորովին էլ Աստծո Խոսքը չի»: Ո՛չ, նա ընդունեց, որ դա Աստծո Խոսքն է, բայց իր սեփական մեկնությունը տվեց. մի բան, որ Աստված պարզ ասել էր, որ չանեն: Եվ ի՞նչ հետևան ք դա ունեցավ: Դա մարդկանց մղեց հավատալու ստին և նրանց տարավ դատապարտության: Դուք կարող եք դրա վերաբերյալ կարդալ 2 Թես. 2:11 համարում, եթե ուզում եք: Ես դրա վերաբերյալ շատ նշումներ ունեմ, բայց բոլորը չենք կարող կարդալ: Ժամանակ առ ժամանակ մեկ առ մեկ կխոսեմ դրանց մասին:

60. Որպեսզի հարցեր չառաջանան, մենք կարող ենք նշումներ անել և կարդալ, որպեսզի ձեզ համար լավ լինի:

61. 2 Թես. թղթում Աստվածաշունչը խոսում է ուժեղ մոլորության մասին: Այդ անօրենը կհայտնվի, ինչպես Աստվածաշունչն է ասում, և կնստի Աստծո տաճարի մեջ, ինքն իրեն ցույց տալով, որպես Աստված, մարդկանց կտանի ուժեղ մոլորության մեջ, որ հավատան ստին: Եվ նրանք դատապարտված են ստին հավատալու: Հենց դա էլ կատարվեց Եվայի հետ: Օձը նրան չասաց, որ Խոսքը սխալ էր, այլ մոլորեցրեց նրան, որ Եվան հավատա ստին:

62. Մոլորության ոգին սատանայից է, և սատանան հիմա աշխատում է ապստամբության, անհնազանդության որդիների մեջ: Ինչի՞ն չեն հնազանդվում նրանք: Ինչի՞ն չեն հնազանդվում այս օրվա որդիները: Նրանք չեն հնազանդվում Աստծո մաքուր Խոսքին, ինչպես Եվան սկզբում արեց: Դա ճիշտ է: Հիմա մի պահ կանգ առնենք և կարդանք Եփես. 2:1,2 համարները (հուսով եմ, որ շատ չեք շտապում): «Եվ Նա ձեզ կենդանացրեց, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի մեջ, որոնց մեջ մի ժամանակ քայլում էիք այս աշխարհի ընթացքով, ըստ օդի իշխանության իշխանի, այն ոգու, որ հիմա ներգործում է անհնազանդության որդիների մեջ» (Անհնազանդության որդիների մեջ):

63. Եվ եթե հակաքրիստոսի հոգին ներգործում է անհնազանդության որդիների մեջ, ի՞նչ կլինի, եթե գործի հակաքրիստոսի անձի մեջ: Էլ ավելի ուժեղ կմոլորեցնի: Չափահասն ավելի շատ զորություն ունի մոլորեցնելու աշխարհին քան երեխան: Գրված է. «Ոգին, որ հիմա ներգործում է անհնազանդության որդիների մեջ», նրանց մեջ, ովքեր ապստամբում են Խոսքի դեմ:

64. Ուշադրություն դարձրեք: Ուզում եմ մի պահ էլ կանգ առնենք այստեղ: Անհնազանդության որդիներ, երեխաներ: Ես ձեզ կարող եմ Աստծո Խոսքով ապացուցել, որ այստեղ գտնվող ամեն մարդ գոյություն է ունեցել իր նախապապի մեջ: Դուք նախ եղել եք ձեր պապիկի մեջ, հետո հոր, հետո ինքներդ եք հայտնվել: Դուք գիտե՞ք այդ: Աստվածաշունչն ասում է, կարծեմ Եբր. 7-րդ գլխում, որ երբ Աբրահամը վերադառնում էր թագավորներին կոտորելուց, Մելքիսեդեկին ամեն ինչից տասանորդ տվեց: Աստվածաշունչն ասում է, որ Ղևին, որը ժողովրդից տասանորդ էր ստանում, ինքը նույնպես տասանորդ է տվել, որովհետև Աբրահամի երանքում էր, երբ նա հանդիպեց Մելքիսեդեկին: Ուրեմն, մենք տեսնում ենք, որ այն ամենը, ինչ Աբրահամն արեց, արել է նաև Ղևին, որովհետև Աբրահամը նրա նախապապն էր: Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց նահապետներին: Ղևին.. Տեսնու՞մ եք, թե ինչպես է բացվում նախասահմանության կատարյալ պատկերը:

65. Այս պատգամներում ես ուզում եմ շեշտը հատկապես դնել երեկոյան լույսի վրա, որի մասին Աստված ասաց, որ գալու է այս երկրի վրա:

66. Ուշադրություն դարձրեք նաև, որ երկրի վրա եկող գազանը մոլորեցնելու է բոլոր նրանց, ում անուններն աշխարհի հիմնադրումից ի վեր մորթված Գառնուկի Կենաց գրքի մեջ չեն գրվել:

67. Աստծո մտքում… Աստված, փառավոր Հոգին, սկզբում, երբ դեռ սկիզբն էլ չկար, Աստված էր: Իսկ դուք գիտե՞ք, որ այն ժամանակ դուք Նրա մեջ եք եղել: Եթե դուք հիմա քրիստոնյա եք, Նրա մեջ եք եղել այն ժամանակ, երբ դեռ սկիզբը չկար: Եվ եթե այդպես է, ողջ աստվածությունը մարմնապես ձևավորվել է Հիսուս Քրիտոսի Անձում: Ուրեմն, եթե Հիսուսը մեռել է խաչի վրա, ես նույնպես այնտեղ մեռել եմ Նրա հետ, որովհետև ես այդ պահին Նրա մեջ էի, որովհետև Նա բացահայտված Խոսքի լեցունությունն էր, իմանալով, որ հետագայում մենք էլ ենք հայտնվելու: Եվ մենք Նրա հետ Գողգոթա ենք գնացել: Նրա հետ մտել ենք գերեզման և Նրա հարության ժամանակ Նրա հետ հարություն ենք առել, այժմ Նրա Հոգով բարձրացել ենք շնորհաց գահի մոտ և հավիտյան Հիսուս Քրիստոսով նստել ենք երկնային վայրերում:

68. Ինչպես բնական կյանքի սաղմը փոխանցվում է մեկ հորից հաջորդին, հետո հաջորդին և այսպես շարունակ, Քրիստոսի Կյանքն էլ փոխանցվում է սերմի միջոցով: Ահա թե ինչու Աստված Եղիայի հոգին օգտագործում է հինգ անգամ: Ի՞նչ է դա: Դա մի բան է, որը փոխանցվում է:

69. Ինչպես մարդու բնավորության հատկությունները փոխանցվում են բնական ծննդի միջոցով այնպես էլ դրանք փոխանցվում են Աստծո Հոգու միջոցով նրանց, ովքեր աշխարհի ստեղծումից առաջ նախասահմանված են: Եվ երբ ողջ Աստծո Խոսքը լիովին փոխանցվեց Հիսուս Քրիստոսի մարդկային մարմնի մեջ, Նրա մեջ Աստված ինձ վճարել տվեց իմ մեղքերի համար: Հետո Նա ինձ Նրա հետ հարություն տվեց հարության ժամանակ: Եվ հիմա մենք նստած ենք Նրա հետ միասին և զորություն ու իշխանություն ունենք ամեն դևի վրա: Ո՛հ, եթե միայն հավատայիք այն բանին, ինչ Աստված տվել է: Բայց եթե դուք այնտեղ նստած չեք, դուք չունեք դա: Բայց եթե նստած եք այնտեղ ու չեք հավատում, վախենում եք գործել, դուք դա երբեք չեք օգտագործի: Բայց եթե նստած եք այդտեղ, դուք կօգտագործեք դա, որովհետև նշանակվել եք անելու այն, ինչ անում եք:

70. Մյուս կողմից` Փարավոնը, ինչպես Աստվածաշունչն է ասում, սահմանված էր անելու այն, ինչ պետք է աներ Փարավոնը լինելու համար: Հուդան էլ սահմանված էր կորստյան որդի լինելու:

71. Տեսնու՞մ եք, թե ինչ փառավոր ճշմարտությունների ենք մոտենում: Տեսնում ենք, որ եկեղեցին չցանկացավ, որ Աստծո Խոսքն իշխի իր վրա. նա նախընտրեց Բարաբբային: Եթե այս մասին վկայող սուրբգրային հատված եք ուզում, կարդացեք Մատթ. 27:15-23 համարները: Ի՞նչ եղավ դրա արդյունքը: Ի՞նչ դիրքորոշում դա տվեց: Մտածեք այդ մասին: Կրոնական աշխարհը, որը քայլում է իր սուրբ մարդկանց (որոնք իրենց սուրբ են համարում և մարդկանց աչքին սուրբ են երևում) հարանվանական լույսի մեջ, խաչեց Հիսուսին` ասելով. «Չենք ուզում, որ այս մարդն իշխի մեզ վրա»: Հիսուսը Աստծո Խոսքի լեցունությունն էր (մենք այդ մասին կարդում ենք 1 Հովհ. 1-ին գլխում): Բայց նրանք ասացին. «Մենք չենք ուզում, որ Աստծո Խոսքը իշխի մեզ վրա»: Մինչդեռ Նա Խոսքն էր, բայց նրանց աչքերը կուրացել էին, և չէին կարողանում տեսնել, թե ով էր Նա: Նա անմիջական պատասխանն էր այն մարգարեությունների, որոնք պետք է իրականանային Նրանով: Հիմա մենք բոլորս հավատում ենք, որովհետև հետ ենք նայում և տեսնում ենք, թե ինչպես է դա կատարվել: Բայց եթե աշխարհը, այսինքն, ներկայիս չար ժամանակաշրջանը լիներ այն ժամանակ, նրանք հենց նույնը կանեին, ինչ այսօր են անում, որովհետև միշտ նույն Խոսքն է, որը բացահայտվում է այս ժամանակաշրջանում: Նրանք այդ կանեն: Ուրիշ բան չեն կարող անել: Նրանք անհնազանդության որդիներ են, ուժեղ մոլորություն են ստացել, որ հավատան ստին և դրանով դատապարտվեն:

72. Ուշադրություն դարձրեք. ինչու՞ կրոնական աշխարհը չցանկացավ ընդունել Հիսուսին` այդ ժամանակ բացահայտված Խոսքին: Որովհետև այդ Խոսքը մեկնել էին այլ կերպ: Մինչդեռ պետք է իմանային, որ Նա Խոսքն էր, որովհետև Նա արեց այն ամենը, ինչ Աստված ասել էր, որ Նա կանի: Նա Ինքն էլ ասել էր նրանց. «Քննեք Գրքերը, եթե Ես չեմ կատարում ինձ համար դրված պայմանները, ուրեմն մի՛ հավատացեք Ինձ»: Բայց նրանք պատասխանեցին. «Մենք Մովսեսին ենք հավատում»:

73. Նա ասաց նրանց. «Եթե Մովսեսին հավատայիք, Ինձ էլ կհավատայիք, քանի որ նա Իմ մասին գրեց»: Բայց չնայած դրան` նրանք չհասկացան: Երկնքի Աստվածն Ինքը մեռնում էր խաչի վրա և ասում էր այն խոսքերը, որոնց մասին ասել էին մարգարեները, և նրանք ոչինչ չտեսան: Հասկանու՞մ եք: Բայց նրանք նույն բնությունը չունեին, ինչ Նա ուներ: Նրանք շատ կրոնասեր էին, բայց Խոսքը չէին: Նրանք Խոսքը չէին, որովհետև Խոսքը կճանաչեր այդ ժամի համար իր դերը:

74. Ուշադրություն դարձրեք, թե ինչքան հրաշալի ձևով են սուրբգրային հատվածները կապված իրար հետ յուրաքանչյուր ժամանակաշրջանում: Կրոնական աշխարհը մերժեց Աստծո Խոսքի իշխանությունն իր վրա և ընտրեց Բարաբբային` մարդասպանի: Ի՞նչ է դա նշանակում: Այդ անելով` նրանք մեծարեցին սատանային, այս չար աշխարհի աստծուն` նրան տալով այն դիրքը, որն ինքը միշտ ցանկացել է ստանալ: Այժմ լսեք սա. սատանան նկարագրված չի, որպես անցած դարերի աստված, այլ այս դարի աստվածը: Նա նկարագրված չէ որպես Նոյի ժամանակաշրջանի աստվածը: Նա նկարագրված չէ որպես Մովեսեսի ժամանակաշրջանի աստվածը, Եղիայի ժամանակաշրջանի աստվածը: Բայց լավ լսեք և բաց մի թողեք սա. նա այս չար դարի աստվածն է, որին պաշտում են միլիոնավոր, միլիարդավոր մարդիկ և չեն գիտակցում դա:

75. Բայց թույլ տանք, որ այս առավոտ Սուրբ Գիրքը քողազերծի նրան. քննենք սա և դուք կտեսնեք: Թույլ տանք, որ Սուրբ Գիրքը մեզ լուսավորի, ինչպես այն հավաքույթների ժամանակ, որտեղ գործում է զանազանության պարգևը, երբ Սուրբ Հոգին հայտնվում է Իր Խոսքի մեջ, կանչում է որևէ մարդու և ասում է. «Դու իրավունք չունես ապրելու ուրիշ կնոջ հետ: Ի՞նչ արեցիր տասը տարի առաջ, երբ գնացիր ուրիշի կնոջ հետ»: Ի՞նչ է Նա անում: Քողազերծում է սատանային, որը կապել է այդ տղամարդուն կամ այդ կնոջը, որն ապրում է ուրիշ կնոջ, ուրիշի ամուսնու հետ: Նա ցույց է տալիս նրանց գործած մեղքերը, այն ամենը, ինչ արել են: Ի՞նչ է կատարվում: Սատանան է քողազերծվում:

76. Բժիշկները վերցնում են սարքերը և փորձում են իմանալ, թե ինչ հիվանդություն կա: Նրանք չեն կարողանում այդ անել: Մենք չենք կարող ոչինչ ասել: Բայց հետո գալիս է Սուրբ Հոգին, բացահայտում է, որ դա սատանայի գործն է, քողազերծում է նրան: Տեսեք, այսպիսին է Աստծո Խոսքը: Լույս է, որը փայլում է խավարում: Ձեր սենյակում ինչ-որ առեղծվածային աղմուկ եք լսում: Ինչ-որ բան է շարժվում, բայց չգիտեք, թե դա ինչ է, և լույսը վառում եք: Ծղրիդներ են, ուտիճներ, խավարի զավակներ: Բայց հենց լույսը փայլում է, նրանք փախչում են: «Մեզանից դուրս եկան, բայց մեզանից չէին», - ասում է Աստվածաշունչը: Տեսնու՞մ եք: Նրանք չեն կարող ապրել աշխարհի Լույսի մեջ, որովհետև երկնքի Աստվածն Իր Լույսն ուղարկել է այս վերջին օրերում, որպեսզի լուսավորի Իր զավակների ճանապարհը, և նրանք չքայլեն մթության մեջ, որտեղ կարող էին սայթաքել և ընկնել, այլ քայլեն Հիսուս Քրիստոսի փայլող Լույսի մեջ, ով նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ամե՛ն:

77. Ուշադրություն դարձրեք, որ սատանան չի կոչվում որևէ դարի աստվածը, այլ այս դարի: Հենց սկզբից նա փառասիրական ձգտում ունեցավ Աստծուն նմանվելու: Կարդանք դա: Ես դա նշել եմ: Դա գրված է Եսայի 14:12-14 համարում. «Ինչպե՜ս ընկար երկնքից, ո՛վ Լուցիֆեր, որդի՛ առավոտի, ինչպե՜ս գետին տապալվեցիր, դու՛, որ ազգերին նկուն էիր դարձնում: Քանի որ ինքդ ասել էիր քո սրտում. «Երկինք կբարձրանամ, իմ գահն Աստծո աստղերից (Աստծո որդիներից) բարձր կդնեմ. նույնպես կնստեմ ժողովի լեռան վրա, հյուսիսային կողմերում: Կբարձրանամ ամպերի բարձրությունների վրա, Բարձրյալին կնմանվեմ»:

78. Սա սատանայի փառասիրական ձգտումն է` պաշտվել Աստծո պես: Նա վերցրեց երկնքի աստղերի երկու երրորդին, բարձրացավ նրանցից վեր և քարոզեց նրանց. մոլորեցրեց երկու երրորդին: Տեսնու՞մ եք: Դա փառասիրությունից էր: Եվ հիմա իր խնամքով ընտրված և իր գիտությամբ կրթված, իր գեղեցիկ շենքերի, մեծ հարանվանությունների, գիտության, աստվածաբանության, կրթության մոլորությամբ ներկված հարսի հետ պատրաստ է մոլորեցնելու ամբողջ աշխարհին և աստված դառնալ (ի դեպ, այդպես էլ արեց): Եվ հիմա ամեն բան տանում է դեպի հակաքրիստոսի անձը, որն արդեն թագադրվել է որպես Աստծո փոխանորդ, այդ գիտուն, աշխարհի բարեկամ հարսի կողմից, որը հագնված է նրա կրոնական և ինտելեկտուալ գիտության ու կրթության շքեղությամբ: Այդ հարսը դարձավ նույնքան կրոնասեր որքան ինքը, Աստծո Խոսքի վերաբերյալ իր սեփական մեկնությամբ, ինչպես որ վարվեց Եվայի հետ և ինչպես վարվեց իր որդի Կայենը:

79. Դուք կասեք. «Ինչպե՞ս, սատանայի որդի՞ն»: Ցույց տվեք ինձ Աստվածաշնչից թեկուզ մեկ հատված, որտեղ Կայենը կոչվում է Ադամի որդին: Աստվածաշունչն ասում էր, որ նա չարի որդին էր, օձի սերմը: Եղբայրնե՛ր, այժմ քողը վերցված է: Բուրգը բացվել է, և հայտնությունը տրվել:

80. Ուշադրություն դարձրեք, թե նա ինչ է անում, ինչպես է մտածում: Նա մտածում էր, թե Աստված ապրում է աշխարհի գեղեցկության մեջ: Այդպես էր մտածում արդեն երկնքում: Մեղքը չսկսվեց Եդեմի պարտեզում: Այն սկսվեց երկնքում, որտեղ Լուցիֆերը`առավոտի որդին, ինքն իրեն բարձրացրեց գեղեցկությամբ և ցանկացավ ունենալ Միքայելի թագավորությունից գեղեցիկ թագավորություն: Նա կարծում էր, որ Աստված բնակվում է գեղեցկության մեջ:

81. Ուշադրություն դարձրեք Կայենին. նա չէր ուզում արյունոտ զոհ: Նա եկավ զոհասեղանի վրա մատուցելու միրգը կամ դաշտերի գեղեցկությունը: Նա շատ կրոնասեր էր, արեց այն, ինչ Աբելն էր անում` զոհ մատուցեց, երկրպագեց Աստծուն, ամեն հնարավոր կերպերով ցույց տվեց իր հնազանդությունը, բայց առանց Խոսքի հայտնությունն ունենալու: Իսկ Խոսքը հենց սկզբից եղել է Աստծո ծրագիրը: Եվ Աստված հայտնության միջոցով բացահայտեց այն, ինչ Ինքն էլ հաստատեց և շեշտեց, որ ճիշտ է: Ոչ թե կրոնով, զոհասեղանով, որևէ եկեղեցուն պատկանելությամբ, ոչ թե զոհ մատուցելով, ոչ էլ անկեղծությամբ, այլ Աստծո Խոսքի հայտնությամբ: Աստված հայտնություն տվեց Աբելին, որ իր մայրը ոչ թե կերել է օձի տված խնձորը, այլ սեռական հարաբերություն է ունեցել սատանայի անձի հետ, որը կենդանու կերպարանք էր ստացել. ոչ թե սողունի, այլ դաշտի գազաններից ամենախորամանկի, որը մարդու պատկերն ուներ և միակն էր, որ կարող էր նրան սերմ տալ: Գիտությունը փորձում է գտնել այդ արարածին, բայց չի գտնի, որովհետև նրա մարմնի ամեն ոսկորը փոխվել է: Աստվածաշունչն ասում է, որ դա այդպես է:

82. Տեսեք, թե հիմա ինչ է անելու: Այդ անձնավորությունը նստելու է Աստծո տաճարում, որը եկեղեցին է, և իրեն Աստծո տեղ է դնելու: Եթե ուզում եք կարդալ, դա գրված է 2 Թես. 2:3-4 համարներում և Հայտն.13:4, 11, 12 համարներում, որտեղ երկու մարգարեներ` Հովհաննեսն ու Պողոսը խոսում են այն մասին, թե ինչ է կատարվելու վերջին օրերում: Կարդացեք դա տանը: Ժամանակ չկորցնելու համար հիմա չենք կարդում:

83. Աստվածաշնչում այն օրը, որում մենք ապրում ենք, կոչվում է մարդու օր: Դա Աստծո օրը չէ: Աստված այս երկրի Աստվածը չէ: Աստվածաշունչն է այդ ասում: Նա երկնքի Աստվածն է: Բայց հիմա Աստծո օրը չէ. ընտրության օրն է. կամ ապրել այս օրվա համար և մեռնել, կամ ընտրել Աստծուն և ապրել: Եվ Աստված Խոսքն է: Իսկ Խոսքը այս օրվա և այս ժամի համար բացահայտված Խոսքն է:

84. Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Պողոսը 1 Կորնթ. 4:1-5 համարներում: «Բայց ինձ համար ոչ մի նշանակություն չունի, եթե դատվեմ ձեզանից, կամ մարդկանց դատաստանով, այո, ես ինքս ինձ էլ չեմ դատում...» (1 Կորնթ 4:3): Տեսնում եք, սա մարդու օրն է:

85. Դուք ինձ կհարցնեք. «Ինչու՞ ես դու դա անվանում «մարդու օր»»: Որովհետև դա այն օրն է, երբ փառավորվում են մարդկային գիտությունից բխող գործերը: Տեսեք կոմունիստների պարծենկոտությունը: Մարդիկ փորձում են ինչ-որ մեկին լուսին ուղարկել, իսկ Աստված փորձում է երկինք ուղարկել: Եվ տեսնում եք, թե ինչքան միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ են վատնում դրա համար: Բայց երբ հասնեն այնտեղ, ոչինչ չեն գտնի: Ի՞նչ է պետք նրանց: Մեր ինչի՞ն է պետք լուսինը: Ես ուզում եմ ավելի բարձր գնալ, լուսնից վեր բարձրանալ այնպիսի արագությամբ, որ այն չտեսնեմ էլ: Ես ուզում եմ վեր բարձրանալ Ծիր Կաթինից ու շարունակել էլ ավելի վեր գնալ: Դա ճիշտ է:

86. Բայց այսօրվա աշխարհը նվիրվում է այն գիտությանը, որը գալիս է սատանայից: Եվ մարդու օրը փառավորվում է ոչ թե Աստծո Խոսքով, այլ մարդկային գիտությամբ: Մտածեք այդ մասին. թող դա թափանցի ձեր մեջ: Եվ երբ կլսեք այս ձայներիզը, կանգնեցրեք և մի պահ խորհեք դրա շուրջ: Մարդու գործերը բարձրացնում են Աստծո Խոսքից և արտահայտված գործերից վեր: Սատանայի իմաստությունը, որը նա սկզբում տվեց Եվային… Լավ լսեք, բաց մի թողեք սա: Մարդու մեջ սատանայի իմաստությունը մեծարվում է երկրպագության աստիճանի, բարձրացվում է ներկա ժամանակի համար հաստատված Խոսքից վեր: Մեր եկեղեցիները դա ապացուցում են իրենց ճեմարաններով, կրթական կենտրոններով, որոնցում սովորեցնում են ավելին, քան իրենց կարծիքով Աստծո Խոսքը գիտի: Ահա դոկտոր Այսինչը, պրոֆեսոր Այնինչը, և նրանք մեծարում են սատանայից եկող իրենց սեփական գիտությունը, իրենց կարծեցյալ ճշմարտությունը բարձր են դասում Աստծո հաստատված խոստումից, որը սակայն, բացահայտվել է նրանց աչքերի առաջ: Եվ մարդիկ դա ընդունում են:

87. Իրենց գիտական ձեռքբերումներով ձգտում են ժխտել Աստծո Խոսքի ճշմարտությունը: Մտածեք այդ մասին: Մարդկային աստվածաբանությունը մարդկանց բացատրում է Աստծո Խոսքը և խափանում է Աստծո Խոսքն այսօր այնպես, ինչպես այն հարանվանական ժամանակաշրջանում, երբ Հիսուսը հայտնվել էր երկրի վրա: Հիսուսն ասաց. «Կեղծավորնե՛ր, ձեր ավանդույթով (ձեր մեկնություններով) անարգում եք Աստծո Խոսքը»: Նույնն անում են այսօր: Խափանում են Աստծո Խոսքը:

88. Տեսեք, թե ինչպես են նրանք դա բարձրացնում ամեն բանի վրա, որ Աստված է կոչվում: Մի՞թե այդպես չի ասվում 2 Թեսաղոնիկեցիս թղթում: Եվ ինչպիսի՜ հեղինակություն ունի հարանվանական եկեղեցին. մարդիկ ավելի շատ հարանվանությանն են հավատում քան Աստծուն: Մինչդեռ Աստված Խոսքն է: Բայց նրանք իրենց հարանվանական ուսմունքը Աստծուց բարձր են դասում, այդպիսով սատանային բարձրացնում են ամեն բանի վրա, որ կոչվում է Աստված: Բայց միայն մեկ Աստված կա. Նա Խոսքն է: Բայց սատանան նստում է Աստծո եկեղեցու մեջ որպես աստված, ապացուցում է, որ ինքն աստված է, որովհետև այնպես է արել, որ մարդիկ իրեն պաշտեն: Աստված Խոսքն է: Բայց սատանան բարձրացնում է ինքն իրեն ամեն բանի վրա, որ Աստված է կոչվում: Մինչդեռ միայն մեկ Աստված կա, և Աստված Խոսքն է: Հասկանու՞մ եք: Այս աշխարհի աստվածը ինքն իրեն բարձր է դասում Աստծո ճշմարիտ և հաստատված Խոսքից, բարձրացնում է ինքն իրեն ամեն բանի վրա, որ Աստված է կոչվում, Աստծո տաճարի մեջ իշխանությամբ նստում է որպես աստված, և նրան փառաբանում են դրա համար: Ո՛հ, Աստված իմ, այնպես արա, որ մարդիկ տեսնեն այս մոլորությունը: Նրան փառաբանում և հավատում են այս չար աշխարհի մարդիկ: Կարո՞ղ եք զանազանել այս չար աշխարհի աստծուն և նրա ծառաներին:

89. Այժմ տեսնենք, թե ինչպես է դա արտահայտվում: Նա ասում է, որ իր գիտության միջոցով, Աստծո Խոսքից դուրս, մարդկանց համար կստեղծի ապրելու համար ավելի լավ աշխարհ: Միավորելով հարանվանություններին, հավատքի ուսմունքները, գիտությունը և այլն, նա մարդկանց համար ստեղծում է մի աշխարհ, որտեղ ավելի լավ կապրեն` անտեսելով Աստծո խոստումը, որն ասում է, որ միակ ժամանակաշրջանը, երբ աշխարհն ապրելու համար լավ կլինի, դա հազարամյան է: Գիտեք, իմ կարծիքով նա ավելի լավ աշխարհ է ստեղծում մեղք գործելու, ոչ թե ապրելու համար:

90. Մի՞թե նա այդպես չարեց: Նա օրինականացրել է մեղքը: Նա օրինականացրել է խմիչքն ու ծխախոտը: Եկեղեցիները թույլ են տալիս կանանց եկեղեցու անդամ դառնալ, եթե նույնիսկ կտրում են իրենց մազերը: Մի պահ կանգ առնենք այստեղ:

91. Կինը կարող է կարճատաբատ հագնել, շպարվել, և չնայած դրան` պատկանել կրոնական խմբի. մի բան, որ լիովին հակառակ է Աստծո Խոսքին: Բայց սատանան ասում է, որ դա ճիշտ է: Տեսնու՞մ եք, թե ինչպիսին է նրա գիտությունը: «Իսկ ի՞նչ կապ ունի դա կանանց հետ»: Սա հենց նույնն է, ինչ արգելված պտուղը ուտելը կամ չուտելը: Աստված պատվիրել է, որ չանեն, բայց անում են:

92. Այդպիսի կինը հավատում և սիրում է սատանային: Նա ատում է Աստծուն: Նրա գործերը դա են ցույց տալիս: Նա ասում է, որ սիրում է Աստծուն, բայց իրականում սատանային է սիրում: Նա պաշտում է նորաձևության աստծուն, այս աշխարհի աստծուն, Հոլիվուդի աստվածուհիներին: Նա սիրում է սատանային, բայց ատում է Աստծո ճշմարիտ Խոսքը, որը միակ ճշմարիտ Աստվածն է: Նրանք օրինականացնում են դա, ասում են. «Դա եկեղեցուն վնաս չի տալիս: Մեր կանայք կարող են անել այս կամ այն բանը»: Նրան նույնիսկ չի թույլատրվում գալ կենդանի Աստծո ներկայության մեջ, եթե չզղջա:

93. Սատանան աշխարհիկ գեղեցկության աստվածն է: Դա ճիշտ է: Կինն ուզում է գեղեցիկ լինել, իսկ նա հենց սկզբից աշխարհիկ գեղեցկության աստվածն է: Նա կարողացել է գիտական և նյութական աշխարհի իմացությամբ գեղեցկություն ստեղծել այս ժամանակակից չար աշխարհի համար: Նա գեղեցկություն է ստեղծել:

94. Ուշագրավ է, որ հենց սկզբից Սեթը և իր զավակները չհետևեցին գիտության ճանապարհին: Մի քանի րոպեից կխոսենք գիտության մասին: Ես դա չեմ ասում իմ անգիտությունն արդարացնելու համար. իսկական անգետը նա է, ով մերժում է Աստծո Խոսքը: Դա հաստատ է: Դրան պետք է ուշադրություն դարձնել: Դուք կտեսնեք, որ Սեթի զավակները չհետևեցին գիտության ճանապարհին: Նրանք խոնարհ հովիվներ էին, գյուղացիներ և այլն: Կայենի զավակները, հակառակը, հետևեցին գիտության ճանապարհին: Ինչու՞: Որովհետև նրանք ներշնչված էին իրենց հորից` սատանայից: Կայենը ներշնչված էր իր հորից` սատանայից, և նրանք ներշնչվեցին այդ սերմից:

95. Տեսեք, թե ժամանակների ընթացքում ինչպես է առաջ գնացել Աստծո սերմը և տեսեք, թե որ ուղղությամբ է առաջ գնում հիմա: Քրիստոնյաները, իսկական քրիստոնյաները այդքան չեն հետաքրքրվում գիտական հետազոտոթյուններով և նման բաներով: Ո՛չ: Մի քանի րոպեից կանդրադառնանք դրան: Բայց Կայենը գործեց իր հոր` սատանայի բնույթով. նա լցված էր աշխարհիկ գիտելիքներով, գեղեցկությամբ, գիտությամբ և այլն: Կայենի զավակները գիտնականներ էին, կրթված մարդիկ: Նրանք երաժշտական գործիքներ էին նվագում (ժամանակակից Էլվիս Փրիսլի. նման բաները դպրոցական խորհուրդը թույլ է տալիս անցկացնել ամեն շաբաթ գիշեր), քաղաքներ էին կառուցում, գեղեցկացնում էին կանանց` իրենց սեփական ցանկությունների համար, ինչպես սատանան կանանց տվեց շպարը, կտրած մազերը, կարճատաբատները և այլն: Այդ ամենը իրենց անմաքուր ցանկությունները բավարարելու համար: Դա կարող է կոպիտ հնչել, բայց ես չգիտեմ ուրիշ ինչպես ասել դա:

96. Մենք գիտենք, որ սատանայի ավետարանը գիտության և առաջընթացի ավետարան է: Այդ սատանան էր (ոչ թե Աստված), որ գիտություն և առաջընթաց քարոզեց Եդեմի պարտեզում: Գիտություն և առաջընթաց. ահա սատանայի ավետարանը: Տեսեք, թե դրանով ուր մեզ հասցրեց այսօր:

97. Եվ ու՞մ քարոզեց դա Եդեմի պարտեզում: Ադամի հարսին, և նա դա ընդունեց: Նա գայթակղեց Եվային`նրան մղելով կասկածել Աստծո Խոսքից մեկ բառի: Տեսնենք, թե ինչ կարող էր նա ասած լինել: Նա կարող էր ասել. «Այս սուրբ եկեղեցում, ըստ գիտության, հնարավոր չէ մեռնել», կամ «Դպրոցում քեզ կսովորեցնեն չհավատալ այդպիսի անտրամաբանական բաների, ինչպիսին մահն է: Կարևոր չէ, որ դա հենց Աստծո Խոսքն է ասում: Դա ուղղակի անտրամաբանական է»:

98. Լսեք, թե այսօր ինչ է ասում. «Աստված բարի Աստված է: Դուք Նրա սուրբ եկեղեցում եք: Ուրեմն ինչպե՞ս կարող եք մեռնել»: Մինչդեռ Աստված ասել է, որ կմեռնեք, դրանով հարցը փակված է: Կարո՞ղ եք այսօր զանազանել սատանայի գործերը: Նա ասում է. «Ո՛հ, պարզապես պատկանեք եկեղեցուն: Կարևոր չէ, որ անում եք այս կամ այն բանը: Պարզապես եկեք եկեղեցի և լավ անդամ եղեք: Մազերը կտրելու այդ պատմությու՞նը: Ինչպիսի՜ անհեթեթություն: Կարճատաբատ հագնելը, շպարվելը, պարի գնալը, երբեմն գարեջուր խմելը ձեզ չի վնասի, եթե դրանց չտրվեք: Անկեղծ ասած, թող երեխաները փորձեն դա, որ իմանան` դուր է գալիս դա իրենց թե ոչ»: Այդպիսին է այս դարի աստվածը, այս չար աշխարհի աստվածը:

99. «Աստված բարի Աստված է». ես սա այնքան եմ լսել, որ կուշտ եմ: Աստված նաև արդար Աստված է: Նա մի ցնորամիտ պապիկ չէ, ում կարող ես խաբել, ում թոռնիկները մեղքեր չունեն: Նա արդարության և սրբության Աստված է: Նա դա ապացուցեց Եդեմի պարտեզում Իր առաջին զավակների միջոցով: Եթե դուք Նրա Խոսքերից մեկին սահմանն անցեք, դուք մեռած եք. հիմա էլ է այդպես:

100. Ուշադրություն դարձրեք, որ այս առաջընթացի, գիտության, սոցիալական, կրթության ավետարանը նա քարոզեց Եվային, և Ադամի հարսն այն ընդունեց: Նրան հաջողվեց այդպիսի փաստարկներով լցնել նաև Քրիստոսի կարծեցյալ հարսին, երկրորդ Ադամի եկեղեցուն: Դա ճիշտ է:

101. «Ո՛հ, ո՛չ, Աստված այդպես չէր անի: Աստված չափազանց բարի է: Եթե միայն եկեղեցի գնաք… եթե հավատաք»: Սատանան հավատում է: Նա չի ձևացնում, թե հավատում է, նա իրոք հավատում է: Բայց այդուհանդերձ փրկված չէ: «Եթե հավատաս…»:

102. Նա երկրորդ Ադամի հարսին այսպիսի բաներ է սովորեցնում. «Աստվածային բժշկությունը գոյություն չունի. մենք դա կարող ենք ապացուցել: Ոչ մի այդպիսի դեպք չի ապացուցվել: Իսկ ինչ վերաբերում է Հիսուս Քրիստոսի Անունով մկրտությանը, մի՞թե չեք հասկացել, որ ես եմ եկեղեցու հեղինակությունը և որ մենք այդ հարցը լուծել ենք Նիկիայում, Հռոմում»: Այնտեղ, որտեղ երեք պիղծ ոգիներ դուրս եկան վիշապից: «Մենք հավատում ենք, որ կա աստվածների երրորդություն»: Ո՛հ, Աստված իմ: Այդ ամենը զուտ հեթանոսություն է: Երբեք մի եկեք Աստծո ներկայության մեջ, մի փորձեք կանգնել Նրա ներկայության մեջ այդպիսի բաներով:

103. Ոչ մի տարբերություն չկա, եթե մկրտում են Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվանումներով: Ի՞նչ կարևորություն ունի դա: Այնքան կարևորություն, որ Պողոսը պատվիրեց մի խումբ մկրտականների վերամկրտվել Հիսուս Քրիստոսի Անունով, որպեսզի Սուրբ Հոգին իջնի նրանց վրա: Հենց դրա համար նույն առաքյալն աղաղակեց. «Եթե երկնքից մի հրեշտակ ուրիշ բան ավետարանի, թող անիծյալ լինի»: Անկասկած, նշանակություն ունի:

104. «Սուրբ Հոգու մկրտությունը մեր օրերում այլևս գոյություն չունի. դա առաքյալների համար էր: Դա անցյալում է: Ի դեպ, մի՞թե դեռ մարգարեներ կան: Ես երբեք այդ մասին չեմ լսել: Հրաշքնե՞ր. դա հակառակ է գիտությանը: Մաղաքիա 4-րդ գլու՞խ. դա ուրիշ ժամանակաշրջանի համար էր: Հովհ. 14:12-ում գրվա՞ծը. Հիսուսն իրականում դա նկատի չուներ: Ղուկաս 17:30- ում գրվա՞ծը. դա միայն առասպել է: Սխալ է մեկնաբանվել, բնագրում չի եղել»: Ինչպիսի՜ անմտություն, երբ Ամենակարող Աստված իջել է մեր մեջ և ապացուցել, որ դա դեռ գոյություն ունի: Երբ Նա ասում է, որ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, Նա ապացուցում է, որ դա այդպես է: Հոգ չէ, որ ինձ հակառակն են ասում: Աստված մեկնաբանում է Իր իսկ Խոսքը: Նա ասել է, որ այդ բաներն անելու է վերջին օրերում: «…իրիկնաժամին լույս պիտի լինի»: Լույս կա Աստծո Որդու բացահայտման համար:

105. Արևը, որը մայր է մտնում արևմուտքում, նույն արևն է, որը ծագում է արևելքում: Մարգարեն ասել է. «Դա պիտի լինի Տիրոջ հայտնի մի օր, ո՛չ ցերեկ, և ո՛չ գիշեր»: Մռայլ օր է, ամպերը ծածկել են արևը: Բայց ասվում է. «Երեկոյան ժամանակ նորից լույս կլինի»: Դա նույն Որդին է, ով Ալֆան և Օմեգան է: Այն Որդին, ով մարգարեության համաձայն, նորից հայտնվելու է արևմուտքում հենց օրվա ավարտից առաջ, նույն Որդին է, որը մի ժամանակ հայտնվեց արևելքում: Ես չեմ ուզում իմանալ, թե մարդիկ ինչպես են դա մեկնաբանում: Աստված մեկնաբանում է Իր սեփական Խոսքը: Նա հաստատում է այն: Մենք երեկոյան ժամանակում ենք:

106. Տխուր է այդ մասին ասելը, բայց նա նորից ընկել է ծուղակի մեջ: Քրիստոսի Հարսն ընկել է ծուղակի մեջ և ընդունել է ճեմարան ավարտած որևէ քարոզչի ինտելեկտուալ գիտությունը` փոխանակ հավատալու Աստծո մաքուր և հաստատված Խոսքին:

107. Այժմ, դուք, ողջ երկրի վրա գտնվող քարոզիչներ, որտեղ էլ որ լինեք, գուցե ինձ հետ համաձայն չլինեք, բայց ես չեմ ուզում ձեզ վիրավորել: Ես խոսում եմ իմ խմբի հետ: Հասկանու՞մ եք: Եթե ուզում եք միանալ, ես ուրախ կլինեմ: Եվ դուք կլսեք այդ բաները: Ես պարզապես նրանց ասում եմ այն, ինչ նրանք տեսել են, և ցույց եմ տալիս, որ Աստված ապացուցել է, որ դա ճիշտ է: Ժամը եկել է: Նա ոչ մեկի կարիքը չունի Իր Խոսքը մեկնելու համար: Ձեր աշխարհիկ գիտությունը չունի ոչ մի… Դուք կարող եք ունենալ ամեն տեսակի դիպլոմներ ու վկայականներ, բայց դա ոչինչ չի նշանակում: Աստված Ինքն է մեկնում Իր Խոսքը: Նա այդ խոստացել է և կատարում է Իր խոստումը:

108. Բայց ճեմարանական գիտությունը և հարանվանական քարոզչությունը այնպես արեցին, որ աշխարհը զարմանում է, որ մահացու վերք ստացած գազանը բժշկվել է հեթանոսությունից պապականության անցնելով: Տեսնու՞մ եք, թե դա ուր է տանում: Հարսը հավատում է դրան: Նա հավատում է նրա տված գիտությանը:

109. Մենք տեսնում ենք, որ այս երկու հարսերը ավելի շատ հավատացին սատանայի գիտությանը քան Աստծո Խոսքին: Ադամի հարսը ավելի շատ հավատաց սատանայի գիտությանը քան Աստծո Խոսքին, և Քրիստոսի Հարսն էլ այս չար ինտելեկտուալ ժամանակաշրջանում ավելի շատ հավատաց սատանայի գիտությանը քան Աստծո Խոսքին: Ուշադրություն դարձրեք, որ Եվան բնական կյանքում հավատաց և ողջ մարդկային ցեղը տարավ մահվան: Բնական հարսը… Ադամը երկրի վրա բնական մարդն էր, և իր հարսնացուն, որին դեռ որպես կին չէր վերցրել, ողջ մարդկային ցեղը տարավ մահվան: Լինի դա գիտական ճշմարտություն թե ոչ, մենք բոլորս մեռնելու ենք, որովհետև Աստված է դա ասել: Լինեք սուրբ Եդեմում, թե սուրբ եկեղեցում կամ սուրբ հարանվանությունում, կամ էլ որևէ այլ տեղ, դուք մեռնելու եք, եթե չհավատաք Աստծո Խոսքից թեկուզ մեկ բառի ճշմարտությանը, երբ այն ապացուցվել ու հաստատվել է: Այդ ժամանակ դուք բաժանվում եք Աստծուց: Եթե կասկածես ոչ թե մեկ ամբողջ նախադասություն, այլ մեկ բառի: Ով որ մեկ բառ ավելացնի կամ պակասեցնի, այդ օրը կմեռնի:

110. Տեսեք, թե ինչպես Ադամի հարսնացուն մահ բերեց իր ցեղին, մարդկային ցեղին, և ինչպես երկրորդ Ադամի հարսը, Քրիստոսի հարսը ողջ եկեղեցին սուզեց հարանվանական մահվան մեջ` մղելով նրան ընդունելու գազանի դրոշմը իր մեծ գիտական ու ինտելեկտուալ հարանվանություններով: «Մենք մկրտական ենք», «մենք երիցական ենք», «մենք հոգեգալստական ենք» և այլն: «Մենք այս ունենք, այն ունենք, մեր ունեցվածքն ավելի շատ է: Մեզ ընդունում է կառավարությունը: Մենք հայտնի ենք ամբողջ աշխարհում: Մեր քաղաքապետը մեր եկեղեցին է գալիս: Մեր նախագահը մեզ մոտ պատարագի է գալիս: Մենք ունենք այս, ունենք այն…»: Ողջ եկեղեցին սուզվեց հոգևոր, հարանվանական մահվան մեջ: Այն մեռած է: Դուք կասեք. «Դե, ըստ ձեզ, դա վերաբերում է բոլորին»:

111. Հիսուսն ասաց. «Ինչպես եղավ Նոյի օրերում, երբ միայն ութ հոգի փրկվեցին, այդպես էլ կլինի մարդու Որդու գալստյան ժամանակ: Ղովտի օրերում միայն երեք հոգի դուրս եկան Սոդոմից…»: Հիշեք, որ մի խումբ արդեն դուրս է եկել, բայց այդ ժամանակ է հայտնվելու մարդու Որդին: Ուշադիր եղեք և հասկացեք, թե ինչ ժամանակներում ենք ապրում:

112. Հիմա նա ողջ աշխարհին մղեց ընդունելու կրթական համակարգի գիտական ղեկավարումը, որը սատանան նրան տվեց եկեղեցու անվան տակ. կրթական համակարգի ղեկավարումը: Ես փորձում եմ ձեզ ներկայացնել այս աշխարհի աստծո պատկերը: Երբ եկեղեցին, Եվայի նման իր ձեռքում ուներ Աստծո Խոսքի լեցունությունը… Նա կարող էր վերցնել Աստծո Խոսքը, բայց ի՞նչ արեց նա: Փոխանակ համբերությամբ սպասեր Սուրբ Հոգու մկրտությանը, նա թույլ տվեց, որ գիտությունն իրեն ապացուցի, որ Սուրբ Հոգին տրվել է միայն աշակերտներին: Փոխանակ շարունակեր աստվածային բժշկության ծառայությունը, երբ նա հիմա պիտի մեռելներին հարություն տար և մեծ հրաշքներ գործեր, նա թույլ տվեց, որ սատանան կրոնական մարդկանց իշխանության միջոցով վերցնի Խոսքը և ասի, որ դա ուրիշ ժամանակաշրջանի համար էր: Եվ եկեղեցին հավատաց դրան:

113. Աստվածաշունչն ասում է. «Այն բաները, որ Ես եմ արել, դուք էլ կանեք»: Հիսուսն ասաց. «Ամբողջ աշխարհը գնացեք, ամեն արարածի (մենք արարած ենք) Ավետարանը քարոզեք: Ով որ հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդատապարտվի: Նրանց էլ, ովքեր կհավատան, այս նշանները կհետևեն…»: Բայց նա լիովին մերժում է այս խոսքը:

114. Նա մերժում է այն ամենը, ինչ գերբնական է, որովհետև նա դա փոխանակել է Աստվածաշնչի ինտելեկտուալ հասկացողության հետ, որին իրենց սեփական մեկնությունն են տվել քահանաները, այսպես կոչված սուրբ հայրերը, եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, երեցները, վերակացուները, քարոզիչները և այլն: Աստված նրանց թողեց այնտեղ և մեռան: Այն ամենը, ինչ մնացել է վերջին օրերում, դա հոգեգալստականների փոքր խումբն է, որոնց երաժշտությունը չափազանց աղմկոտ է, որոնք վազում են, աղաղակում, ունեն աստվածապաշտության կերպարանքը, բայց ուրացել են նրա զորությունը: Ասեք նրանց, որ մկրտվեն Հիսուս Քրիստոսի Անունով, և նրանք կծիծաղեն ձեզ վրա: Չնայած այդ ամենին` Աստված շարունակում է Իր գործը` ապացուցելով, որ Իր Խոսքը միշտ նույնն է:

115. Ուշադրություն դարձրեք. ծառը, որից սատանան Եվային ուտել տվեց, բարու և չարի գիտության ծառն էր: Դա խառնակազմ ծառ էր: Հիմա տեսեք, թե ինչպիսի օրերում ենք ապրում: Երբ Նա կանչում է Հարսին, ստանում է մի եկեղեցի, որը ձևացնում է, թե գործում է բարին, բայց իրականում նրա գործերը չար են, քանի որ մերժում է Խոսքը: Դա խառնակազմ ծառ է: Դուք կասեք. «Ո՛հ, բայց նրանք մեծ կազմակերպություններ ունեն: Նրանք օգնում են սրանց, օգնում են նրանց: Նրանք համագործակցում են Կարմիր խաչի հետ, դպրոցներն էլ…»: Բայց հիշեք, մեկ խոսք մերժելը բավական է, որ դուք մեռնեք, ինչքան էլ դա ինտելեկտուալ կամ լավ թվա: Հիսուսն ասաց. «Մի փոքր թթխմորը խմորում է ամբողջ զանգվածը»: Մի փոքրիկ խմորիչը փչացնում է խմորը: Աստծո մեկ Խոսքը սխալ տեղում դնելը ամեն բան փչացնում է: Ի՞նչ կլիներ, եթե թևս լիներ այնտեղ, որտեղ պետք է ոտքս լիներ: Ի՞նչ կլիներ, եթե բերանիս տեղը ականջս լիներ: Մի փոքր թթխմորը խմորում է ամբողջ զանգվածը: Դուք ինձ կհարցնեք. «Ինչպե՞ս կիմանամ, որ դա ճիշտ է»: Աստված է ապացուցում, որ դա ճիշտ է: Նա հաստատում է: Նա դա ասել է Խոսքի մեջ և այնուհետև, դա հաստատում է: Այդպես մենք կիմանանք` դա ճիշտ է թե ոչ: Մեկ խոսք մերժելը բավական է, որ մեռնեք: Այս չար ժամանակաշրջանում դա բերել է նույն արդյունքը, այսինքն` հոգևոր մահը, ինչպես ֆիզիկական մահն է ողջ մարդկության համար:

116. Ուշադրություն դարձրեք, թե ինչպես Նոյի ժամանակ սատանան բերեց այս գիտական ժամանակաշրջանը, երբ մարդիկ վստահում էին իրենց սեփական հասկացողությանը: Առակաց գրքում Աստվածաշունչը մեզ ասում է. «Եվ քո հասկացողությանը մի վստահիր»: Նաև ասում է. «Արդ, թող Աստված ճշմարիտ լինի և ամեն մարդ՝ սուտ, ինչպես, որ գրված է»: Բայց սատանան Եդեմի պարտեզում սկզբում տված իր գիտության միջոցով մարդկանց մղեց վստահելու իրենց սեփական հասկացողությանը: Եվ գիտեք, Մաքս Ֆակտորի իր մեծ աշխատանքների միջոցով կանանց այնքան գեղեցկացրեց, որ ստիպեց Աստծո որդիներին ընկնել մեղքի մեջ և ամուսնանալ նրանց հետ: Դա ճիշտ է: Այդ կանայք այնքան գեղեցիկ ու գրավիչ էին:

117. Փողոցում նայեք որևէ սովորական կնոջ: Դուք բոլորդ այդ պատմությունը կարդացել եք: Անմիջականորեն չեք լսել, որովհետև շատ վաղուց է եղել: Լսե՞լ եք Փըլ Օ Բրայենի մասին: Նա համարվում էր աշխարհի ամենագեղեցիկ կինը: Բայց այսօր չկա մի դպրոցական աղջիկ, որ նրանից կրկնակի գեղեցիկ չլինի: Ինչու՞: Կանանց գեղեցկությունը այն բաներից մեկն է, որոնք պետք է լինեին վերջին օրերում: Նրանք կտրում են մազերը, հագնում են փոքրիկ աղջիկների համար նախատեսված զգեստներ: Հագնում են կարճատաբատ, բիկինի և այլն: Նրանք շպարվում են, օգտագործում են կարմրաներկ և ամեն տեսակ բաներ, որ երևան այն, ինչ իրականում չկան: Տեսնու՞մ եք: Եվ գիտության միջոցով է, որ կարողանում են այդ անել: Գիտե՞ք, որ այստեղ` Միացյալ Նահանգներում երկու-երեք անգամ ավելի շատ են ծախսում կոսմետիկայի, քան կերակուրի համար: Դա ապացուցված է:

118. Ուշադրություն դարձրեք, որ ասվում է` Աստծո որդիները տեսան, որ մարդկանց աղջիկները (ոչ թե Աստծո աղջիկները) գեղեցիկ էին: Դա Աստծո որդիներին գցեց մոլորության մեջ և այդպիսի կանանց հետ ամուսնացան: Դրանով սկսվեց անբարոյականության ժամանակաշրջանը, ինչպես հիմա է, ինչպես Սոդոմում էր, ինչպես կանխասվել է ներկա ժամանակաշրջանի համար` մարդիկ ամուսնալուծվում են չնչին պատճառներով: Եթե իրենց կնոջը չեն սիրում, գնում են Ռենո՝ Նեվադայի նահանգ, և տասնհինգ րոպեից ամուսնալուծվում են ու նորից ամուսնանում: Եվ կանայք այնքան են գեղեցկացել, որ գրեթե անդիմադրելի են: Որտեղի՞ց է դա գալիս. սատանայի՛ց: Սատանան դեռ զբաղվում է գեղեցկությամբ:

119. Զգուշացեք նման բաներից: Այդ մեղքը նրանց չներվեց: Գեղեցկության ու գիտության այդ ժամանակաշրջանը այն չար ժամանակաշրջանն էր, որն Աստված ոչնչացրեց երկրի երեսից, այդ գեղեցիկ գիտական ժամանակաշրջանը: Հիսուսն ասել է, որ այդպես է լինելու Մարդու Որդու գալստից անմիջապես առաջ: Մի՞թե ճիշտ չէ:

120. Հիսուսն ասաց. «Եվ ինչպես Նոյի օրերին էր, մարդու Որդու գալուստն էլ այնպես կլինի»: Աստծո որդիներն ամուսնացան մարդկանց գեղեցիկ աղջիկների հետ, և Աստված չներեց նրանց: Ճիշտ այնպես, ինչպես Բաղաամի ուսմունքը. այդպես գեղեցիկ, խելացի, ինտելեկտուալ մովաբուհիները իրենց կոկետ հայացքներով, շպարով ու դիմափոշիներով, գրավեցին Աստծո որդիներին և հեռացրին նրանց իրենց կանանցից, որոնք ունեին աշխատանքից կոշտացած ձեռքեր և շպարված չէին: Նրանք մոլորեցրին նրանց. «Արի ամուսնանանք, որովհետև մենք նույն ժողովուրդն ենք»: Դա խաբեություն էր: Դա սուտ էր և սատանայի գործն էր, որ ստիպեր Աստծո որդիներին ամուսնանալու մարդկանց աղջիկների հետ: Դա սատանայի սուտն էր, որովհետև Բաղաամը` այդ սուտ մարգարեն, փորձեց մարգարեանալ Մովսեսի դեմ, ով ջանում էր միասնական պահել ազգը: Բաղաամն ասում էր. «Մենք հավատում ենք նույն Աստծուն: Մենք մատուցում ենք նույն պատարագները, նույն զոհերը: Մենք ամեն բան անում ենք ձեզ նման»: Այնքան նման էին, որ ընտրյալներն էլ կմոլորվեին, եթե հնարավոր լիներ: Հասկանու՞մ եք: Դուրս եկեք այդ ժողովրդի միջից: Դուք ոչ մի ընդհանուր բան չունեք նրանց հետ:

121. Բնավ հնարավոր չէր, որ Աստված մեկներ Իր Խոսքը Կայենի չար սերնդին: Աստված չէր մեկնի Իր Խոսքը նրանց համար: (Չձայնագրված հատված ձայներիզի վրա. ծան. խմբ.): Գիտության միջոցով աշխարհը դարձրին այնքան գեղեցիկ, գիտական ու մեղավոր, որ անհրաժեշտ եղավ, որ Աստված այն կործանի: Մի՞թե Աստված աշխարհն այդպես կգեղեցկացներ: Մի՞թե Աստված Իր աղջիկներին այդպես կգեղեցկացներ ու կհագցներ գայթակղիչ հագուստներ, որ Իր որդիները ցանկանային ու շնություն գործեին: Մի՞թե Աստված այդպես կաներ: Այդ անվայել հագնված, մերկ լավոդիկեցիները, որոնք պաշտում են այս աշխարհի աստծուն իրենց բարոյականությամբ, իրենց արժեքներով, կրթությամբ, խորամանկությամբ, հմայքով… Աստվածաշունչն ասում է. «Դրանից դուրս եկեք, ով Իմ ժողովուրդ, որպեսզի դրա մեղքերին մասնակից չլինեք ու դրա պատուհասից չընդունեք»: Աստված հիսուն կիլոգրամանոց կարկուտ կուղարկի և կոչնչացնի նրան Իր Խոսքի օրենքի համաձայն: Եթե Աստված Իր Խոսքը այդպիսի մարդկանց բացահայտեր, կգործեր Իր սեփական ծրագրերի համաձայն: Բայց Աստված հիմար չէ, Նա ամեն իմաստության աղբյուրն է: Ուրեմն դուք տեսնում եք, թե որտեղից են այդ բաները գալիս: Դրանք սատանայից են: Իսկ եկեղեցին հավատաց դրան:

122. Կանա՛յք, հասկացեք, որ ես ջանում եմ ձեզ ցույց տալ Աստծո Խոսքը: Աստվածաշունչն ասում է, որ եթե կինը կտրում է իր մազերը, նա անարգում է իր գլուխը, որն իր ամուսինն է: Իսկ ամուսնու գլուխն Աստված է: Այդպիսով, կինն անարգում է Աստծուն և իր ամուսնուն:

123. Դա մեզ ցույց է տալիս, թե ով է եկեղեցիների համաշխարհային համակարգի գլուխը: Գլուխը սատանան է գերմարդու տեսքով, գերագույն գիտության տեսքով: Նա բոլորից շատ գիտի: Ինչ էլ ասի Աստծո Խոսքը, նա իր սեփական մեկնությունն ունի, այս չար ժամանակաշրջանի մեկնությունը:

124. Ուշադրություն դարձրեք նրա ծրագրերին` հիմնել գերհարանվանական եկեղեցի, եկեղեցիների համաշխարհային խորհուրդ (տեսնու՞մ եք), մի գերհարանվանություն, որպեսզի բոլորը պաշտեն գազանին` միացյալ քրիստոնեություն անվան տակ: Կուզեի՞ք դրա վերաբերյալ կարդալ Աստվածաշնչի մեջ: Դա գրված է Հայտն. 13:6 և 8 համարներում: Դա ժամանակակից Բաբելոնյան աշտարակ է:

125. Չե՞ք հիշում, թե ինչպես այդ կեղծավոր Նեբրովթը կառուցեց այդ մեծ աշտարակը և ստիպեց բոլոր փոքր քաղաքներին տուրք վճարել իրեն: Բաբելոնն ու Բաբելը (անգլերենում՝ Babel և Babylon. ծան. թարգմ.) նույն բանն են: Պարզապես ժամանակի ընթացքում անունն է փոխվել: Հիմա Հռոմն է Բաբելոնը: Եվ հիմա ամբողջ աշխարհը գնում է Բաբելոն, այնտեղ նրան առաջնորդում է եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, որը բոլորին կստիպի երկրպագել նրան: Եվ դուք կընդունե՞ք գազանի դրոշմը առանց իմանալու, թե ինչ եք անում… Բայց ընտրյալները կլսեն Խոսքը և դուրս կգան այնտեղից:

126. Որքա՜ն հակառակ է հարանվանությունն Աստծո Խոսքին: Աստված երբեք հարանվանություն չի ունեցել, երբեք չի գործել հարանվանության մեջ, գործ չի ունեցել հարանվանության հետ: Կուզեի գտնել մի պատմաբանի, ով ինձ ցույց կտար, որ մարգարե է դուրս եկել որևէ եկեղեցուց: Ցույց տվեք ինձ, թե Աստված երբ է օրհնել մի եկեղեցու, որը կազմակերպություն է դարձել: Նա դադարեց գործել և իր առաջնորդների կողմից մեռավ իր ինտելեկտուալ գիտությամբ, որ գալիս էր սատանայից: Նա մերժեց Աստծո Խոսքը, մինչդեռ պետք է աճեր Քրիստոսի կատարյալ հասակին հասնելու համար: Այժմ պետք է Գլուխը գա: Հեռացեք այդ անհավատ Եվայից, երեկոյան Լույսի զավակնե՛ր:

127. Սատանան` այս աշխարհի աստվածը, իր գիտությամբ մարդկանց ուտել տվեց բարու և չարի գիտության խառնակազմ ծառից: Ուշադրություն դարձրեք, որ սատանան իր գիտությամբ այնպես է անում, որ այս չար ժամանակաշրջանի մարդիկ ուտեն բարու և չարի գիտության իր ծառից: Նա ասում է, որ պատրաստվում է բարու և չարի իր գիտությամբ հիմնել ամենամեծ քրիստոնեական քաղաքակրթությունը: Բայց Քրիստոսի` Խոսքի խոնարհ կույսը, փոքր հոտը, չի հետաքրքրվում սատանայի գիտությամբ: Նա հեռու է մնում նրա կապանքներից:

128. Մի պահ խոսենք այս Հարսի մասին: Նա սպասում է իր Տիրոջը և իր մեղրամսին` Հազարամյային, որը կանցկացնի (դա հաստատ է) Փեսա-Խոսքի հետ, որովհետև ինքն էլ Հարս-Խոսքն է:

129. Գիտությունն ու քաղաքակրթությունը մի կողմից և ճշմարիտ քրիստոնեությունը` մյուս կողմից, ոչ մի ընդհանուր բան չունեն իրար հետ: Քաղաքակրթությունը գալիս է գիտությունից: Բոլորս գիտենք դա: Գիտությունը գալիս է Եդեմի պարտեզից (դրա ապացույցն այն է, որ նա քարոզեց Եդեմի պարտեզում), և այդ գիտությունը մահ բերեց: Մի՞թե այդպես չէ: Եդեմի պարտեզում ի՞նչը դարձավ մահվան պատճառ. գիտությու՛նը: Հետևաբար դա Աստծուց չի կարող լինել, այլ սատանայից է: Գիտությունը, կրթությունը մեծագույն խոչընդոտն է, որ Աստված երբևէ ունեցել է: Դա գալիս է սատանայից: Կարծում եմ, որ սրա վերաբերյալ շատ նամակներ կստանամ: Ես սպասում եմ դրան:

130. Նայեք, թե մշակույթը ուր տարավ մեզ: Տեսեք, թե ինչ արեց: Որտե՞ղ ենք մենք: Մենք շրջվեցինք դեպի այդ բաները մեր գիտության միջոցով: Դուք կասեք. «Ուրեմն ի՞նչ. Աստված անգիտությա՞ն մեջ է»: Ո՛հ, ո՛չ: Աստված երկրի վրա կհաստատի Իր սեփական քաղաքակրթությունը, երբ իշխի դրա վրա: Այս աշխարհը սատանայի իշխանության տակ է: Այժմ նա է ժամանակակից գիտական իմացության աստվածը: Բայց Աստված կհաստատի Իր սեփական քաղաքակրթությունը: Մի մոռացեք, որ այն նման չի լինի ներկայիս քաղաքակրթությանը: Ո՛հ, ո՛չ: Դա կլինի քաղաքակրթություն Իր Խոսքի և Իր ծրագրի համաձայն: Որովհետև կկործանվի այս ներկա չար աշխարհի աստվածն ու իր թագավորությունը:

131. Ներկայիս աշխարհը, որն այնքան շատ է սիրում գիտություն, չէր կարող ավելի լավ առաջնորդ ունենալ, քան իր ունեցածը` սատանան, որն աղավաղեց Աստծո Խոսքը այնպես, ինչպես արել էր Եդեմի պարտեզում: Կրոնասեր մարդը վստահում է իր սեփական հասկացողությանը (Առակաց 3:5 համարը մեզ ցույց տվեց, որ չպետք է վստահենք մեր սեփական հասկացողությանը): Նրանք պետք է անպայման աստված ունենան, քանի որ մարդ են, բայց նա նրանց դարձնում է այնպիսին, ինչպիսին իրենք են ուզում: Երբ մենք եկանք այստեղ, տեսանք, որ հնդկացիները պաշտում են կուռքերին, արևին և այլն: Մարդկային էակը որևէ աստծո կարիք ունի: Դրա համար այս մեծ, ինտելեկտուալ դարը աստծո կարիք ունի: Այս աշխարհի աստվածը դարձել է գիտելիքը, հարանվանությունը, գիտությունը, և նրանք ունեն աստվածապաշտության կերպարանքը, բայց ուրանում են նրա զորությունը:

132. Տեսեք, թե ինչպես է նրանց աստվածը նրանց դարձնում հենց այնպիսին, ինչպիսին ուզում են լինել: Նրանք մարմնավոր ցանկություններ ունեն, և նա տալիս է նրանց դա: «Նրանք ուզում են բիկինի՞ հագնել: Թող հագնեն: Նրանք ուզու՞մ են այս կամ այն բանն անել: Թող անեն: Դրա մեջ վատ բան չկա: Դրանց մեջ վատ բան չկա, նրանք եկեղեցի են գնում: Նրանց մայրը մկրտական էր, մեթոդական էր, երիցական էր, հոգեգալստական էր, ուրեմն հանգիստ թողեք նրանց»: Այդպիսին է այս չար աշխարհի աստվածը: Խորամանկ, խելացի, գիտուն... հավատքի կարիք չկա: Ոչ մի ապացուցելու բան չկա. դա ապացուցվում է իրենց գիտությամբ: «Մենք քաղաքի ամենամեծ եկեղեցին ենք»: Նրանց գիտությունը… «Մեր հովիվը աստվածաբանության դոկտորի, փիլիսոփայության դոկտորի կոչում ունի»: Տեսնու՞մ եք: Նրանք հավատքի կարիք չունեն, որովհետև վստահում են իրենց գիտելիքներին: Նա թողնում է, որ նրանք ապրեն ինչպես ուզում են, միայն թե պաշտեն իրեն իրենց հարանվանություններով ու հավատո հանգանակներով: Տեսեք, թե ինչպիսի խայտառակություն է: Նրանք ծաղրում են Աստծո Խոսքը` փորձելով գիտականորեն ապացուցել, որ Խոսքը ճշմարիտ չէ: Ո՛հ, ինչպիսի ժամանակաշրջանում ենք ապրում: Տեսնու՞մ եք այս աշխարհի աստծուն:

133. Բայց Աստված սպասում է, որ այս ժամանակակից ամորհացիների անօրենությունները հասնեն գագաթնակետին: Մի՛ անհանգստացեք. Աստված ճիշտ ժամանակին կպատրաստի Իր Մովսեսին: Մի օր կսկսվի Ելիցը դեպի խոստումի երկիր: Մի Մովսես կհայտնվի, որը կվերականգնի հայրերի հավատքը որդիների մեջ: Մի օր դա կլինի: Դուք կասեք. «Տեսեք, թե ինչպիսի առաջընթաց ունենք»: Դա ճիշտ է: Ամորհացիների անօրենությունը դեռ չի հասել իր գագաթնակետին: Մի օր դա կպատահի, նրանք կոչնչացնեն իրենք իրենց:

134. Այս քաղաքակրթությունը իր գիտությամբ աղավաղում է Աստծո Խոսքը` իրենց ճաշակին համապատասխանեցնելու համար: Բոլոր հարանվանությունները նույն բանն են անում: Այդ ժամանակ սատանան քարոզում է իր սեփական գիտության ավետարանը իր սեփական եկեղեցում:

135. Նոր Կտակարանում խոսվում է միայն երկու խմբի մարդկանց մասին` Աստծո զավակներ և սատանայի զավակներ: Դուք գիտեի՞ք այդ մասին: Ուզու՞մ եք սուրբգրային համար դրա վերաբերյալ: Դա 1 Հովհ. 3:10-ն է: Ես դա նշել եմ:

136. Եփես. 2:2 համարում նրանք կոչվում են անհնազանդության որդիներ, ինչպես Եվան, որ չհնազանդվեց Աստծո Խոսքին: Հնազանդության որդիները և անհնազանդության որդիները ոչ մի ընդհանուր բան չունեն: Ինչպե՞ս կարող է Քրիստոսի Հարսը միանալ որևէ հարանվանության, երբ մեկն անհնազանդ է, մյուսը` հնազանդ: Ինչպե՞ս կարող են քայլել Խոսքի հետ և աղավաղված խոսքի հետ միաժամանակ: Ինչպե՞ս կարող են միաբանվել անառակ կինն ու պարկեշտ կինը: Դա անհնար է: Ոչ մի հաղորդակցություն հնարավոր չէ: Դուրս եկեք դրանց միջից: Դա գալիս է սատանայից: Դա գազանի դրոշմն է, և բոլոր հարանվանությունները, ինչպիսին էլ լինեն, գնում են այնտեղ: Աստված վերցնում է ոչ թե հարանվանություն, այլ մի ժողովուրդ, որ կրում է Իր Անունը: Հարանվանությունը չի ընդունի այս ճշմարտությունը, այլ միայն անհատ մարդիկ, որոնք նայում են Աստծուն, Նրա Խոսքին և հավատում են, չեն պատկանում որևէ կազմակերպության, այլ ապրում են Աստծո համար: Նրանք չեն ապրում որևէ կազմակերպության կամ ինտելեկտուալ գիտության համար, որը գալիս է ինչ-որ եպիսկոպոսից կամ որևէ սովորեցնողից: Դա ճիշտ է:

137. Ապստամբության որդիները և անհնազանդության որդիները ոչ մի ընդհանուր բան չունեն: Նրանք լույսի զավակներ են, իսկ մյուսները` գիշերվա, այս չար աշխարհի խավարի, գիշերային ակումբների, պարերի, և չնայած դրան` պատկանում են որևէ եկեղեցու: Իրենց աստծո համար դա միանգամայն նորմալ է: Նրանց չեն ասում, որ դա դատապարտություն է բերում, ոչինչ նրանց չի անհանգստացնում: Մի կին ինձ ասաց. «Իմ խղճմտանքը ինձ բոլորովին չի դատապարտում, երբ ես կտրում եմ մազերս»: Նա խղճմտանք ունի այնքան, որքան օձը` ոտքեր: Դա ճիշտ է: Նա չգիտի, թե ինչ է խղճմտանքը: Նրա խղճմտանքը այնքան խանձված է, որ էլ չգիտի, թե դա ինչ է:

138. Շրջանցում են Աստծո Խոսքը` ասելով. «Ո՛հ, դրանք հնացած բաներ են: Մի՛ գնացեք այնտեղ, նրանք միայն աղմկում են ու այդպես են պահում իրենց»: Բայց Աստծո մասին գիտեն այնքան, ինչքան հոտենտոտները Եգիպտոսի հրաշալիքների մասին: Դա ճիշտ է: Աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց ուրանում են դրա զորոթյունը: Հեռացեք դրանցից, որովհետև տնից տուն են գնում և մոլորեցնում են տկարամիտ կանանց. «Ո՛հ, թանկագինս, այսպես պետք է անես: Ես կարծում եմ, որ քո հետամնաց հովիվը… դուք շատ գեղեցիկ կլինեք բիկինիով… եթե ուզում եք այս կամ այն բանն անել… մի քիչ ծխելը ոչ ոքի վնաս չի տվել: Ես պատկանում եմ եկեղեցուն, և մեր հարանվանությունը շատ հարգված է»: Մի հավատացեք այդ ներկված ստախոսին: Նա ձեզ խաբում է:

139. Նրանց աստծո համար դա շատ նորմալ է: Նա կարծում է, որ դա հրաշալի է: Եվ նրանք նրան սիրում են դրա համար: Նրանք կվիճեն քեզ հետ: Նրանք հպարտորեն կկանգնեն և կվիճեն քեզ հետ այդ բաների շուրջ: Դա այդպես է: Ի միջի այլոց, սատանան կանգնեց Հիսուս Քրիստոսի` Խոսքի առջև և փորձեց ասել. «Գրված է»: Բայց այնտեղ էր Աստծո հաստատված Խոսքը: Եվ Նա ասաց. «Ետևս անցի՛ր, սատանա»: Դուք էլ նույնն արեք: Մի անգամ մեկն ինձ ասաց. «Եթե դուք հավատում եք, որ Սուրբ Հոգու մկրտությունը գոյություն ունի և դուք ստացել եք, ուրեմն զարկեք ինձ կուրությամբ»: Դա մի քարոզիչ էր, և ինձ ասաց. «Զարկեք ինձ կուրությամբ, ինչպես մի անգամ Պողոսն արեց»:

140. Ես նրան պատասխանեցի. «Պարոն, ինչպե՞ս կարող եմ ձեզ կուրությամբ զարկել, երբ դուք արդեն կույր եք: Ինչպե՞ս կարող եմ ձեզ սպանել, երբ արդեն մեռած եք»: Նա ինձ ասաց. «Իմ տեսողությունը հարյուր տոկոսանոց է»: Ես պատասխանեցի. «Ձեր ֆիզիկական տեսողությունը` այո, բայց դուք կույր եք»: Նա ինձ նաև ասաց. «Դա անհնար է: Աստվածաշունչը չի մեկնաբանում: Մենք խոսում ենք, երբ խոսում է Աստվածաշունչը, և լռում ենք, երբ լռում է Աստվածաշունչը»:

141. Վերջում ես նրան ասացի. «Երբ Եղիսեն և իր ծառան Դոթայիմում էին, տեսան ողջ սիրիական բանակը իրենց առջև: Ծառան ասաց Եղիսեին. «Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ ենք անելու»: Բայց Եղիսեն արթնացավ, տրորեց աչքերն ու ասաց. «Մի՛ վախենար, որովհետև մեզ հետ եղողները շատ են, քան թե նրանց հետ եղողները»: Նա աղոթեց և ասաց. «Ո՛վ Տեր, բաց նրա աչքերը, որ տեսնի»: Նա կույր էր, և չէր տեսնում, որ Եղիսեի շուրջբոլորը, լեռը ծածկված էր հրեղեն ձիերով և կառքերով: Հետո Աստվածաշունչն ասում է, որ ասորիները իջան Եղիսեի մոտ, և նա նրանց հարվածեց կուրությամբ: Ինչպե՞ս կուրացան: Նրանք չէին տեսնում, որ դա Եղիսեն էր: Նա ասաց նրանց. «Դուք Եղիսեի՞ն եք փնտրում»: «Այո՛»: «Եկե՛ք, ես ձեզ ցույց կտամ, թե որտեղ է նա»: Եղիսեն նրանց տանում էր Եղիսեի մոտ: Նրանք կուրացել էին»: Այդ ժամանակ ես ասացի այդ մարդուն. «Գիտե՞ք, թե ինչ պիտի ասեմ ձեզ: Հենց այն, ինչ իմ Տերն ասաց ձեր հորը. «Ետևս անցի՛ր»:

142. Ուշադրություն դարձրեք, հնազանդության որդիները ոչ մի ընդհանուր բան չունեն ապստամբության որդիների հետ: Անհնազանդերը պաշտում են իրենց աստծուն: Նրանք ասում են. «Մենք հավատում ենք Աստվածաշնչին»: Բայց դա խառնակազմ ծառ է: Նրանք դրան ավելացնում են աշխարհ և գիտություն: Դա սատանայի ծառն է, խառնակազմ ծառ է: Եվան վերցրեց սատանայի ծառից, չարի և բարու գիտության ծառից: «Մենք հավատում ենք Խոսքին, բայց ոչ ամբողջությամբ»: Եվան նույնպես հավատում էր Խոսքին, բայց թույլ տվեց, որ սատանան վերցնի իր ծառը և թեթևակի աղավաղի Խոսքը: Խնդիրը դա էր: «Ով որ մի բան ավելացնի կամ պակասեցնի»: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան:

143. Լավ: Ուշադրություն դարձրեք: Այս չար աշխարհը խավարից է, թեև պատկանում է եկեղեցուն: Նրանք սիրում են իրենց աստծուն, որովհետև թույլ է տալիս, որ անեն այն, ինչ ուզում են: Նրանց համար դատապարտություն չկա: Նրանք երբեք անհանգստանալու բան չունեն, քանի դեռ պատկանում են եկեղեցուն: Բաղաամը նույն ուսմունքը տվեց եկեղեցուն. «Եկեք միաբանվենք, որովհետև բոլորս մեկ ենք»: Դա նրա վերջին խորամանկ հնարքն էր: Աստված չներեց նրանց, որ հավատացին այդ ստին:

144. Իմացեք, որ Աստվածաշնչում երեք անգամ է խոսվել աններելի մեղքի մասին. մարդիկ Աստծո Խոսքի իրենց սեփական մեկնության մեկ բառ էին ավելացնում, երբ Խոսքը հաստատված էր որպես Ճշմարտություն: Եդեմի պարտեզում մեկ բառը մահ բերեց: Հետո Բաղաամը մեկ խոսք ավելացրեց` ասելով, որ բոլորը մեկ են: Աստված չներեց Իսրայելին դրան հավատալու համար: Բոլորը մեռան անապատում, բացի այն երեք հոգուց, որոնց Աստված դուրս հանեց: Հիսուսն ասաց. «Նրանք բոլորը մեռան», այսինքն` հավիտյան բաժանվեցին: Նրանք մեռան, և դա նրանց չներվեց: Դա աններելի մեղք էր և չներվեց: Ո՛վ երեկոյան Լույսի զավակներ, փախեք դրանից:

145. Այժմ դուք հասկանու՞մ եք, թե ով է այս ժամանակակից և կրոնական չար աշխարհի ղեկավարը: Դա սատանան է: Նա վերցրեց բարու և չարի գիտության ծառը և դրեց այնտեղ` առաջնորդելով իր գեղեցիկ հարս-եկեղեցուն դեպի էկումենիկ խորհուրրդ հարսանիքի համար (լավ է ասված), իր գեղեցիկ գիտուն եկեղեցուն, որի ղեկավարները զարդարված են ամեն հնարավոր դիպլոմներով, Քրիստոսի եկեղեցու, մկրտական եկեղեցու, երիցական, հոգեգալստական եկեղեցու դիպլոմներով, այդ մեծ եկեղեցիների շքեղ զարդերով: Նրանք գալիս են էկումենիկ խորհուրդ` ասելով. «Մենք բոլորս նույնն ենք»: Դա նրանց երբեք չի ներվի: Կրել հարանվանության կնիքը նշանակում է կրել գազանի կնիքը: Մենք այդ մասին սերտել ենք: Փախե՛ք այդ բաներից, զավակներ, փախե՛ք: Այդ գեղեցիկ եկեղեցին գնում է էկումենիկ հարսանիքի` կրելով դրոշմը, կրելով կարճատաբատ, աշխարհիկ, գայթակղիչ զգեստներ, շպար. նա իրոք լավ աշակերտուհի է սատանայի համար, որ կարողանա որսալ Աստծո որդիներին, որպեսզի լավ, ազնվազարմ տղան ամուսնանա այդպիսի անառակի հետ:

146. Սատանան ասում է. «Ի՞նչ նշանակություն ունի մազերը կտրելը»: Եղբայրներ և քույրեր, մի պահ կանգ առնենք այստեղ: Ես զգում եմ, որ ինչ-որ մեկը վրդովվում է այս խոսքերից: Գուցե դա մեկն է, որը ինչ-որ տեղ կապի մեջ է հիմա մեզ հետ: Լավ լսեք: Կնոջ համար մազերը ուխտի նշան են: Սամսոնի համար մազերը ուխտի նշան էին: Երբ կինը կտրում է իր մազերը, նա լիովին ժխտում է իր ուխտը` որ Քրիստոսի Հարսն է: Եվ այդ մեկ բանով աղավաղում է ողջ պատկերը: Դա ճիշտ է: Ուխտավորը դա մի մարդ է, որը նվիրված է հատուկ նպատակի համար: Ճիշտ չէ՞: Սամսոնը նվիրված էր որոշակի ժամանակաշրջանի և նպատակի համար: Այդ պատճառով երկար մազեր ուներ:

147. Եթե որևէ կին Աստծո զավակ է, թող երկարացնի իր մազերը` ցույց տալու համար, որ նվիրված է Աստծո յուրաքանչյուր Խոսքին. եթե նա կտրում է իր մազերը, ինչքան էլ երգի ու պարի Հոգով, երգչախմբի անդամ լինի, լեզուներով խոսի, այս ու այն կողմ վազի, բարեգործական ընկերությունների անդամ լինի, նա մեռած է: Սա է ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ, Աստծո Խոսքը (1 Կորնթ. 14): Հասկանու՞մ եք: Նա մերժել է իր ուխտավորի խոստումը և նվիրվել ներկա աշխարհի աստծուն: Այդպես է նա վարվում: Ամո՛թ ձեզ, կանայք:

148. Նրանք գայթակղում են Աստծո որդիներին, ինչպես Հիսուսն ասաց. «Ինչպես եղել է Նոյի օրերին (կանայք գեղեցիկ էին, և Աստծո որդիները սկսեցին ամուսնանալ նրանց հետ), այնպես էլ Մարդու Որդու գալստյան ժամանակ կլինի»: Բայց նրանց աստվածը մտածում է, որ դա փառավոր, գեղեցիկ ու խելացի բան է:

149. Գիտելիքը, Հոլիվուդի նորաձևությունը արտադրվում են իր սեփական արհեստանոցներում… Դե, նրա եկեղեցին այնքան է սիրում այդ բաները: «Իմացեք, որ ես մեթոդական եմ, երիցական եմ… մեր հովիվը այնքան խելք ունի, որ նման բաներ չի ասում»: Դժբախտաբար, այնքան խելք չունի, որ ասի այն, ինչ Աստծո Խոսքն է ասում:

150. Իսկ եկեղեցին երկրպագում է դրան, սիրում է այդ բաները: Դա հենց իր ուզածն է: Նա չի միանա որևէ բանի, չի մտնի որևէ այլ տեղ, որտեղ պետք է վարվի այլ կերպ, քան այս ժամանակակից Հեզաբելները, որովհետև այդպիսին է նրա բնությունը: Ո՞վ կարող է իր հասակին մի կանգուն ավելացնել: Եթե ծնվել եք, որ ունենաք հիսուն ֆուտ հասակ, երբեք չեք ունենա վաթսուն ֆուտ: Հասակը երկրարացնելու մեքենա չկա:

151. Այժմ լսեք դուք, Ռիկիների խումբ. եթե տղամարդ եք ծնվել, տղամարդուն վայել պահեք ձեզ: Այդ մազափնջերը, որոնք ընկնում են ձեր դեմքին և խոպոպները… Իժերի այլասերված սերու՛նդ, ի՞նչ է կատարվում ձեզ հետ: Իմ Աստվածը կդատի մի օր այս ազգը կրակով: Նա այն կնետի օվկիանոսի խորքը: Դատաստանի ժամը մոտ է: Ողջ աշխարհը ոչնչանալու է: 152. Կրոնական այլասերում, մարդկային այլասերում: Տղամարդիկ և կանայք արդեն չգիտեն, թե որ սեռին են պատկանում: Կանայք կրում են տղամարդու հագուստ, հագնում են կարճատաբատ և այնպիսի հագուստ, որն ընդգծում է մարմնի բոլոր ուրվագծերը, և այդքանով հանդերձ իրենք իրենց քրիստոնյա են համարում: Նրանք նույնիսկ տիկին (անգլերենում` lady- ծան. թարգմ.) չեն կարող կոչվել, էլ ուր մնաց, թե քրիստոնյա կին: Նրանք սատանայի կողմից օգտագործվող և նրա կողմից ներշնչված փողոցային աղջիկներ են, որպեսզի Աստծո որդիներին դժոխք ուղարկեն, որպեսզի իրականանա Հիսուս Քրիստոսի Խոսքը, որ այդպիսի բաներ լինելու են: Ես չէի ուզում այս բաներն ասել, բայց Նա՛ ասաց: Տեսնու՞մ եք հիմա, թե որտեղից է գալիս այս կրոնական ոգին, ինչպես է գալիս խառնակազմ ծառից:

153. Նրանք ասում են. «Իսկ ի՞նչ վատ բան կա շալվար հագնելու մեջ»: Աստվածաշունչն ասում է, որ Աստծո առաջ գարշելի է, երբ կինը տղամարդու հագուստ է հագնում: Դա է ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈԻՆՉԸ: Իսկ եթե կինը կտրում է իր մազերը, անարգում է իր գլուխը: Նույնիսկ կնոջ համար մեղք է աղոթելը, եթե նա կարճ մազերով է: Աստվածաշունչն ասում է, որ նա չպետք է հրապարակավ աղոթի չծածկված գլխով:

154. Դուք կասեք. «Ես գլխարկ եմ հագնում»: Կեղծավո՛ր: Պետք է այդ կանանց սովորեցնել, որ Աստվածաշունչն ասում է, որ նրանց ծածկոցի տեղ են տրված մազերը, ոչ թե մարդու ձեռքով պատրաստված ինչ-որ գլխարկ: Այսպես է ասում Աստվածաշունչը: Ես դրա համար պատասխանատու չեմ: Ես պատասխանատու եմ միայն ասելու համար ճշմարտությունը: Անազնիվ մի եղեք, ինչպես Աստվածաշունչն է ասում, մի հարմարեցրեք Աստծո Խոսքը` բավարարելու համար այդ Ռիկետաների խմբի պահանջները:

155. Այստեղ իմ նշումներում ես ուզում էի գրել «չար» բառը (անգլերենում` evil- ծան. թարգմ.): Բայց սխալվել եմ և դրա փոխարեն գրել «Էլվիս» (Elvis): Համարյա նույնն է: Էլվիս նշանակում է կատու, իսկ Ռիկի նշանակում է առնետ: Երբ դուք ասում եք` «փոքրիի Ռիկի», իրականում ասում եք «փոքրիկ առնետ»: Ինչպիսի անուն դնեք, այնպիսին կլինի: Եթե այդպիսի անուն եք դրել ձեր երեխային, անմիջապես փոխեք, հանուն Ավետարանի: Երբեք նման անուններ չեն եղել Աստվածաշնչում կամ որևէ այլ ժամանակաշրջանում: Սա այս ժամանակաշրջանի անուն է: Եթե եղել են այլասերված կատուներ և առնետներ, ապա դա այս ժամանակաշրջանում է:

156. Այդ ձայնասկավառակներ թողարկողները, որոնք միլիոնավոր դոլարներ են վաստակում, և այս փոքրիկ երեխաները, որոնք նույնիսկ դպրոց չեն կարող գնալ առանց այդ ականջակալների և գրպանում դրված ռադիոյի: Նրանցից մի քանիսը եկել էին մեր տուն պատերը ներկելու: Երբ նրանք միացրին իրենց երաժշտությունը, մենք ասացինք. «Անջատեք դա: Եթե չեք կարող առանց դրա աշխատել, թողեք գործը և գնացեք: Դա ինձ այն աստիճանի է նյարդայնացնում, որ չեմ կարող տանը մնալ: Մենք այս տունը նվիրել ենք Աստծուն, և չենք ուզում, որ այստեղ լսվի այդ վերջին ժամանակների երաժշտությունը: Կամ անջատեք, կամ գնացեք»:

157. Նրանք կրոնասեր են և գնում են եկեղեցի: Բայց միջանցքում կանգնած բուգի-վուգի են լսում:

158. Ուշադրություն դարձրեք, որ Քրիստոսի Խոսքի Հարսը առաջ է գնում, նույնն էլ անում է հակաքրիստոսի հարսը: Այնտեղ սկսվեց և առաջ է գնում դեպի գլուխը, և հիմա էկումենիկ խորհուրդը նրան կրոնական գլուխ է տալու: Փոքրիկ Եկեղեցին` Քրիստոսի Հարս-Խոսքը նույնպես, անցավ այդ բոլոր ժամանակաշրջաններով, և այժմ մոտենում է Գլխին, որ միանա Իր Փեսայի հետ: Միշտ այդպես է: Յուրաքանչյուրը պետք է միանա իր գլխի հետ: Ցորենի հատիկն էլ է վերադառնում իր սկզբին: Ամեն բան պետք է այդպես լինի, ինչպես տեսանք Կայենի և Աբելի դեպքում: Հարս-Խոսքը գնում է դեպի Աստծո Խոսքը, որը բացահայտվել է այս չար ժամանակաշրջանում, որում ապրում ենք: Հասկանու՞մ եք, թե ուր է մեզ տանում այս ամենը:

159. Եվ շուտով սատանան կվերցնի իր ինտելեկտուալ հարսին և կմեծարի այդ մեծ անձնավորությանը, որը հակաքրիստոսն է, նվիրապետությունը, և կնստեցնի նրան գահին, և ողջ աշխարհը կզարմանա դրա վրա: Եվ այդ ժամանակ Քրիստոսը կգա, և երկուսը միաժամանակ չեն կարող լինել: Դրա համար հակաքրիստոսի թագավորությունը կվերանա, իսկ ինքը կոչնչանա: Այդ ժամանակ Քրիստոսը` Աստծո Խոսքը… Կինը տղամարդու մի մասն է: Նրանք երկու չեն, այլ մեկ: Եվ Հարսը` Խոսքի Եկեղեցին, որը բոլոր կողմերից կանչված ժողովուրդ է Նրա Անվան փառքի համար, կմիանա Հիսուս Քրիստոսի մարմնի մեջ: Հակաքրիստոսի թագավորությունը կվերանա, իսկ Քրիստոսը կնստի Իր գահին: Նա կնստի Իր հայր Դավթի աթոռին` երկրի վրա հազար տարի թագավորելու համար և Աստծո առաջ կկանգնեցնի մի Եկեղեցի, որն անբիծ և անարատ է:

160. Նրա երկար մազերը Խոսքի հանդեպ ուխտի նշան են: Ես այժմ ուզում եմ ձեզ տալ Քրիստոսի Հարսի պատկերը: Մենք ցույց տվեցինք, թե ինչպիսին է հակաքրիստոսի հարսը` կրոնասեր, գիտուն և այլն: Իսկ հիմա ահա` Քրիստոսի խոնարհ հարսը, որը պարզապես հավատում է Խոսքին: Նրա անդամներից յուրաքանչյուրը, ով էլ լինի, հավատում է Խոսքին: Հուսով եմ և հավատում եմ, որ այդպիսի մարդիկ շատ կան այստեղ և կապի միջոցով մեզ լսողների մեջ: Եվ հուսով եմ, որ ես էլ, ու այստեղ գտնվողներից յուրաքանչյուրը այդ Հարսի մասնիկ են: Բոլոր նրանք, ովքեր նախասահմանված են, կլինեն այդպիսին, որովհետև դա նրանց բնությունն է: Խոսքը ճանաչում է միայն Խոսքը: Խոսքը չի կարող ճանաչել հարանվանությունը կամ այլասերումը: Նա հաստատ գիտի: Հարսն էլ Խոսքն է: Հասկանու՞մ եք: Ցորենի հատիկը կարող է միայն ցորեն լինել: Նա սկսեց ցորենի բնությամբ և վերջում էլ ցորեն կմնա: Բայց որոմը երբեք չի կարող ցորեն տալ, մինչդեռ նույն օծությունն է նրան ոռոգում: Հասկանու՞մ եք: Բայց նա ցորեն չի, ինչպես այն օրը դա ձեզ ցույց տվեցի, երբ խոսում էի ծառի մասին, որի վրա տարբեր ճյուղեր են պատվաստել:

161. Կնոջ երկար մազերը` ուխտի նշանը, ցույց են տալիս, որ նա նվիրված է Աստծուն: Նա հագել է իր ապրած ժամանակաշրջանի համար խոստացված Խոսքի գեղեցիկ հագուստը: Նա հագել է այդ հագուստը, որը հաստատում է, որ ինքը մի մասնիկն է Նրա, ում մասին խոսվում է Եբր. 13:8 համարում` Հիսուս Քրիստոսի, ով նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նա Խոսք-Փեսայի մի մասնիկն է, ամեն ինչում հավատարիմ է Նրան:

162. Եթե մի կին ամուսնանա, հետո սկսի ուրիշի հետ հանդիպել, նրա ամուսինը կարող է նրան վռնդել: Այդպես չէ՞: Նա պարտավոր է ամուսնուն հավատարիմ լինել, որովհետև ուխտ է արել: Եվ Քրիստոսի Հարսը ուխտ է արել Քրիստոսի հանդեպ, որը Խոսքն է: Այևս իրավունք չունի շուրջը նայելու: Կինը ոչ մի հայացք չպետք է գցի ուրիշ տղամարդու: Ոչ մի նշան չպետք է անի, ոչ մի զգացմունք չպետք է ունենա ուրիշի հանդեպ, որովհետև նա բացարձակապես միակ փեսայի միակ հարսն է: Մենք չենք ուզում խառնակազմ ծառեր, հարանվանություններ: Հավատարիմ եղեք Քրիստոսին` Խոսքին: Նա կհաստատի Խոսքը որպես Ճշմարտություն:

163. Բացարձակապե՛ս ոչ մի զգացմունք ուրիշի հանդեպ, չսիրատածել, նրա շարքերում չլինել, թույլ չտալ, որ նա ձեզ ձեռքերի վրա վերցնի կամ խնամք տանի, կամ այս կամ այն կերպ խոսի ձեզ հետ… Դուք միայն մե՛կ ձայն պետք է լսեք. «Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում են: Բայց օտարի ետևից չեն գնա, այլ կփախչեն նրանից, որովհետև նրանք օտարների ձայնը չեն ճանաչում»: Ի՞նչ է Նրա ձայնը: Մարդու ձայնը իր խոսքն է: Իսկ Նրա ձայնը Աստվածաշունչն է: Խոսքին ոչինչ մի ավելացրեք ու մի պակասեցրեք: Պարզապես մնացեք այդ Ձայնի հետ: Նրանք չեն հետևի որևէ օտարի, որևէ հարանվանության:

164. Հարսը Փեսայի մի մասն է, ամեն ինչում հավատարիմ է Նրան, սպասում է հարսանիքին, երբ կմիանան ոչ թե էկումենիկ խորհրդում, այլ երկնքում, Գառան հարսանիքին ընթրիքին: Նրան են տրված Աստվածաշնչում կնքված յոթ խորհուրդների հայտնությունը: Նա զանազանում է մոլորեցնողի անմտությունը, որն այնքան մոտ է ճշմարտությանը, որ համարյա կմոլորեցներ ընտրյալներին: Նա տեսնում է այդ բաները:

165. Տեսնու՞մ եք այս երկու հակառակ հոգիները, որոնք գործում են այս չար ժամանակաշրջանում: Դուք դա տեսնու՞մ եք: Երկուսն էլ կրոնասեր են` Կայենն ու Աբելն են: Մենք նորից տեսնում ենք, որ այս երկու հոգիները առաջ են գնում դեպի իրենց գլուխները` ղեկավարները, ինչպես արեցին սկզբում: Մեկը երկրպագում է գեղեցկությամբ, գիտելիքով, կրթությամբ, գիտությամբ, բարոյականությամբ, մյուսը` Աստծո Խոսքի հայտնությունից բխող հավատքով: Այդ երկու հոգիները գտնվում են հիմա այս դահլիճում այս առավոտ: Դա ճիշտ է:

166. Հայտնությունը կամ Նրա Խոսքի հանդեպ հավատքը գիտության չի հավակնում: Նրանք ասում են. «Դուք աստվածաբանության դոկտորի կոչում ունե՞ք»: Ճշմարիտ քրիստոնյան ոչինչ չի հավակնում: Նա ասում է. «Ես հավատում եմ Խոսքին»: Նա ոչինչ չի պահանջում, չի հավակնում գիտության: Նա չի պատկանում որևէ հարանվանության, որևէ կուսակցության, որևէ աղանդի, նա պատկանում է Քրիստոսին: Նա Նրա Հարսն է, ոչ թե եկեղեցու, որը պոռնիկն է: Աստվածաշունչն ասում է, որ նա պոռնիկ է և պոռնիկների մայրը, և նրանք բոլորը միանում են, որ դառնան այնպիսի կին, որն անհավատարիմ է իր ամուսնուն: Նա ասում է, որ Քրիստոսն է իր Փեսան, բայց պատկանում է հարանվանությանը: Ինչպիսի՜ անհեթեթություն: Դուք պատկանում եք Քրիստոսին:

167. Բայց ահա հավատարիմ և հնազանդ Հարսը, ով ապրում է հավատքով. մեկն այստեղ է, մեկն` այնտեղ, մեկը մի եկեղեցուց է, մյուսը` մի ուրիշ. նա հավատում է Աստծո Խոսքին, հնազանդության մեջ է ապրում և սիրով սպասում է այս ժամանակաշրջանի համար տրված խոստման հաստատմանը: Նրա հայացքն ուղղված է այդ խոստմանը: Նա Խոսքի մի մասնիկն է և սպասում է, որ իր կյանքն արտահայտի այդ Խոսքը: Եղբայրներ և քույրեր, տեսնու՞մ եք դա: Հուսով եմ, որ դա աննկատ չանցավ ձեր կողքով: Մարմինը, որը Խոսքն է, սպասում է, որ Կյանքը, որը Հոգին է, հաստատի իրեն, կենդանացնի: Դրան է նա սպասում: Ուրիշ ոչ մի կյանք չի կարող ներգործություն ունենալ նրա վրա: Նա չի կարող կյանքի գալ մեկ ուրիշ ձևով, բայց գիտի, որ կյանքը կա և դա կկատարվի: Հետո դա կատարվում է, և նա արթնանում է: Աստված ասում է. «Թող այդպես լինի», և դա լինում է, ինչպես առաջին անգամ եղավ:

168. Ապստամբության որդիները…. Ինչի՞ դեմ են նրանք ապստամբում: Աստծո բացահայտված Խոսքի դեմ: Ինչպես Կայենն ապստամբեց Աբելին տրված հայտնության դեմ, երբ Աստված հաստատեց, որ դա ճիշտ էր: Կայենն ապստամբեց դրա դեմ և սպանեց իր եղբորը: Փարիսեցիները` ընտրախավի մարդիկ, Աստծո Խոսքի վերաբերյալ իրենց հարանվանական գիտելիքներով ապստամբեցին այդ ժամանակի համար բացահայտված Աստծո Խոսքի դեմ` Հիսուսի Քրիստոսի դեմ և սպանեցին Նրան: Մի՞թե ճիշտ չէ: Նրանք ապստամբության որդիներ էին, ապստամբում էին Աստծո Խոսքի դեմ: Իսկ հիմա որտե՞ղ ենք նրանց գտնում: «Հրաշքների ժամանակներն անցել են», «Հիսուս Քրիստոսը նույնը չէ…», «Չկա Սուրբ Հոգով մկրտություն», «Այդ ամենը անհեթեթություն է»: Տեսնու՞մ եք: Ահա ապստամբությունը: Նրանք կարիք չունեն երկու բան ասելու, մեկն էլ բավական է: Ահա և վերջ, ահա ապստամբությունը: Նրանք չեն կարող ասել. «Դուք աչքերի կարիք չունեք, ականջների կարիք չունեք»: Դուք պետք է վերցնեք ողջ մարմինը, ողջ Խոսքը: Սուրբ Հոգին նրանց ասում է, որ դուրս գան դրանց միջից. «Մի՛ մասնակցեք նրանց հարանվանական դոգմաներին»: Բայց հարանվանությունը ծիծաղում և ծաղրում է այս օրվա համար տրված Խոսքը: Բայց Աստված չի ծաղրվում: Հիշեք, որ նա պատասխան է տալու դրա համար: Մի՛ անհանգստացեք, նա պատասխան է տալու: Եթե ուզում եք նշել, Աստվածաշունչն ասում է Գաղատ. 6:7 համարում. «…Աստված չի ծաղրվի, որովհետև մարդ ինչ որ ցանում է, այն էլ պիտի հնձի»: Հնարավոր չէ, որ ծաղրեն, ծիծաղեն, այդ բոլոր բաներն ասեն ու պատասխան չտան: Ինչպես հացը, որ նետում ես ջրերի երեսին. այն վերադառնալու է:

169. Նա սատանայի հարսն է, հագել է նրա կրոնական գիտությունը և մեղքի բարեկամուհի է, հայտնվել է այս չար ժամանակաշրջանում, որ ձեզ մոլորեցնի: Ո՛հ, մոլորեցնող, հարանվանական ոգիների հանցախումբը, որոնք մոլորեցնում են իրենց գիտական իմացությամբ և ժամանակակից քաղաքակրթությամբ (մի քանի րոպեից կվերջացնեմ, որովհետև, միևնույն է, չենք կարող լիովին քննարկել այս թեման): Հայտարարում է, թե լավագույն աշխարհ է մեզ համար ստեղծում ապրելու: Նա հայտարարում է, որ իր քաղաքակրթությամբ կառուցել է գեղեցիկ եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ, համալսարաններ, գրադարաններ, որոնք ժամանակավոր օգնություն են մարդկանց համար, բայց առանց Աստծո Խոսքի: Նա այդ է արել: Ապացուցել է, որ կարող է դա անել: Եվ ժողովուրդն ընկել է այդ ծուղակը: Դպրոցներ, հարանվանություններ, մշակույթ, ավելի լավ հագնված, ավելի լավ կերակրված մարդիկ… Ես նախընտրում եմ հերթ կանգնել մեկ կտոր հացի համար և Աստծուն հավատարիմ լինել, քան օրը երեք անգամ խորոված հավ ուտել և պատկանել այդ պոռնիկ եկեղեցուն:

170. Հիշեք, որ մոտենում է այն ժամը, երբ գալու է գազանի դրոշմը: Կամ դրա մեջ պիտի լինեք, կամ դրանից դուրս: Դա կգա գիշերվա գողի պես: Եթե դուք այնտեղ եք, նա ձեզ կբռնի: Փախչելու միջոց չի լինի, դուք գերի կլինեք: Դուրս եկեք այնտեղից: Լուսափայլ դեմքով մի հրեշտակ իջավ երկնքից, ժողովուրդներին աղաղակեց մի ձայնով, որ ցնցեց երկիրը. «Դուրս եկեք Բաբելոնից, որովհետև նա ընկավ: Նրա պատուհասներից բաժին մի ստացեք, ո՛վ Իմ ժողովուրդ»: Դուրս եկե՛ք դրա միջից, դուրս եկե՛ք: Մի քանի օր առաջ չկարդացի՞նք դրա մասին Խոսքում: Հրեշտակը պատգամաբեր է, որ իջնում է: Լսեք, թե ինչ է ասում Սուրբ Հոգին. «Դուրս եկեք դրա միջից, որպեսզի չմասնակցեք դրա պատուհասներին»:

171. Նա կառուցել է բոլոր այդ բաները: Նա կառուցել է մեծ եկեղեցիներ: Նա կառուցել է համալսարաններ, դպրոցներ, կրթում է մարդկանց, որ ներգրավի նրանց այսպես կոչված լավագույն քաղաքակրթության մեջ: Նա նրանց կրթում է ժամանակակից քաղաքակրթությամբ, որը նրանց գիտության միջոցով սուզում է մահվան հորի մեջ` բաժանելով նրանց Աստծուց և Նրա Խոսքից: Մի՞թե չեք զանազանում այդ ողջ ծրագիրը: Չե՞ք տեսնում այդ եկեղեցին: Դուք, որ հեռվում լսում եք ռադիոյի միջոցով և ձեր եկեղեցում զանազանում եք այդ բաները, ասեք «ամեն»: Այդպես ուրիշներն էլ կտեսնեն ձեր դիրքորոշումը: Տեսնու՞մ եք: Նա է դա արել, այս աշխարհի աստվածը: Նա կառուցել է դպրոցներ, համալսարաններ, հիվանդանոցներ, գրադարաններ, որոնք միայն ժամանակավոր օգնություն են մարդկանց համար և նպատակ ունեն նրանց մոլորեցնել և դուրս բերել Խոսքից: Դա ու՞ր է տանում նրանց: Ողջ կրոնական աշխարհը սուզված է մահվան մեջ, որովհետև Աստված ասել է, որ չմարող կրակի մեջ է գցելու պոռնիկին և իր աղջիկներին: Մարդի՛կ, դուրս եկեք դրա միջից: Թույլ մի՛ տվեք, որ ձեզ որսան այդ բաների միջոցով: Մեծ արագությամբ դուրս եկեք այդտեղից: Ուշադրություն դարձրեք, որ նա այդ ամենն արել է իր գիտական գիտելիքներով, ոչ թե Աստծո Խոսքով:

172. Աստված մեզ երբեք չի պատվիրել դպրոցներ կառուցել: Երբե՛ք: Նա երբեք մեզ չի պատվիրել հիվանդանոցներ կառուցել: Դրանք լավ բաներ են: Նա մեզ երբեք չի ասել գրադարաններ բացել: Նա ասել է. «Քարոզեք Ավետարանը»: Իսկ Ավետարանը Սուրբ Հոգու զորության արտահայտումն է, դրսևորումը: Պողոսն ասել է. «Քանի որ մեր ավետարանը ոչ միայն խոսքով քարոզվեց ձեզ, այլ նաև զորությամբ, Սուրբ Հոգով»: Այլ կերպ ասած` «Ես չեկա ձեզ մոտ աստվածաբանության դոկտորի իմաստության գեղեցիկ խոսքերով, այլ Սուրբ Հոգու զորության դրսևորումով, որպեսզի ձեր հավատքը հիմված չլինի այս աշխարհի մարդկային գիտության կամ իմաստության վրա, այլ Հիսուս Քրիստոսի հարության զորության վրա, որովհետև Նա կենդանի է և նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Թող Աստված օգնի, որ հավատանք սրան և հաստատի սա, ինչպես միշտ արել է:

173. Իր դպրոցներով, գրադարաններով, գրականությամբ, հիվանդանոցներով և այլ բաներով նա ձեզ խանգարում է զանազանել ճշմարիտ հայտնությունը, այսօր բացահայտված և հաստատված Աստծո Խոսքից բխող հավատքը: Տեսնու՞մ եք: Նա ձեզ հեռացնում է դրանից: Նա այսօր մեկնաբանում է այնպես, ինչպես նախկինում Փարավոնին` փորձելով ձեզ խանգարել տեսնելու այս ժամանակաշրջանի համար հաստատված Խոսքի նշանակությունը: Այս ժամանակաշրջանում մեզ տրված է երեկոյան Լույսի հաստատված և ապացուցված խոստումը: Իր գիտելիքներով, դպրոցներով, կրթված մարդկանցով, բարոյականությամբ փորձում է ձեզ խանգարել տեսնելու դա: Նա ամեն ինչ կանի, որ դուք չնայեք այդ ուղղությամբ ու չտեսնեք, որ Հիսուս Քրիստոսի մասին է խոսքը: Նա Խոսքն է, մեր ժամանակաշրջանի համար տրված Խոսքը: Եվ այս ժամանակը ցույց է տալիս, թե ինչ պիտի կատարվի մեր ժամանակաշրջանում, և դրանք կատարվում են: Հասկանու՞մ եք: Բայց նա ամեն ջանք անում է, որ մենք չտեսնենք դա: Ամեն տեսակ վատ անուններ կտա, կանվանի «ֆանատիկներ» և այլն: Նա Հիսուսին անվանեց Բեեղզեբուղ: Եթե տանտիրոջն անվանեց Բեեղզեբուղ, որքան ավելի այդպես կանվանի Նրա աշակերտներին:

174. Նա փորձում է ձեզ խանգարել հասկանալու Խոսքի ճշմարիտ նշանակությունը: Նա մեկնություն է տալիս, ասում է, որ Խոսքն այս կամ այն բանը նկատի ուներ: Աստված ասել է. «Ես ձեզ խոստանում եմ, որ վերջին օրերում կուղարկեմ Մաղաքիա 4-ի իրականացումը»: Դա մեկնության կարիք չունի: Նա դա իրականացրեց: Նա ասել է. «Ինչպես եղել է Ղովտի օրերում, աշխարհը կվերադառնա Սոդոմի վիճակին: Եվ այդ ժամանակ ես կբացահայտեմ Մարդու Որդուն»: Մենք տեսել ենք ամեն տեսակ կեղծումներ ու նմանակումներ, բայց ունենք նաև իրականությունը: Տեսնու՞մ եք: Նա ասել է, որ կանի դա: Նա ասել է, որ հայտնվելու է հակաքրիստոսը և փորձելու է մոլորեցնել նույնիսկ ընտրյալներին, եթե հնարավոր լիներ: Բայց մեզ ասվում է. «Հանգիստ թողեք նրանց: Թողեք, որ առաջ գնան: Նրանց անմտությունը կբացահայտվի»: Ինչու՞: Որովհետև Խոսքի քննությունն է դա ցույց տալու: Երբ դուք գալիս եք Խոսքի մոտ և ասում. «Այն ժամանակ այսպես է եղել… ես չեմ հավատում օձի սերմի պատմությանը… ես չեմ հավատում այս կամ այն բանին»: Դա պարզապես չի բացահայտվել ձեզ:

175. Նա փորձում է ձեզ խանգարել տեսնելու մեր ժամանակվա համար տրված Խոսքի ճշմարիտ նշանակությունը, ժամանակաշրջան, որում փայլում է երեկոյան լույսը : Մինչդեռ ի՞նչ է դա նշանակում: Որ ելիցի ժամանակը մոտ է, և Աստված վերադառնում է տանելու Իր Հարսին. դա նույնքան հաստատ է, որքան այն, որ երկիրը պտտվում է:

176. Այժմ կուզեի ձեզ մի հարց տալ… Տասներկուսն անց հինգ է, և մենք կշարունակենք այս երեկո: Դուք տեսնու՞մ եք այս աշխարհի աստծուն: Հավատու՞մ եք, որ նա գոյություն ունի: Տեսնու՞մ եք, թե ինչպիսին է այդ ամենը` եկեղեցին, գիտությունը, կրթությունը: Ողջ աշխարհը պատկանում է հարանվանություններին: Դուք ասում եք. «Ես քրիստոնյա եմ: Իսկ դուք ո՞ր հարանվանությունից եք»: Եթե ես որևէ հարանվանության պատկանեի, չեմ կարծում, որ քրիստոնյա կլինեի: Սա խիստ խոսք է, բայց ճիշտ է: Քիչ առաջ ասում էի, որ գիտությունն ու կրթությունը քրիստոնյա լինելու հետ կապ չունեն: Առաջինները սատանայից են, մյուսն Աստծուց է: Հեռու մնացեք այն ամենից, ինչը մերժում է Աստծո Խոսքը:

177. Վերջին ժամանակներում Աստվածաշունչը կոչ է անում քրիստոնյաներին հեռանալ չարի և բարու գիտության ծառի անառակությունից: Մինչդեռ դրա մեջ լավ բաներ կան: Մի՞թե կարող ենք հիվանդանոցների, գրադարանների, կրթության դեմ որևէ վատ բան ասել: Ո՛չ: Բայց տեսնում եք, նրանք դա տալիս են առանց Խոսքի: Տեսնու՞մ եք, թե ինչպես է դա մեզ խաբում: Նրանք տալիս են ցանկացած եկեղեցի՝ հաճախելու համար, ցանկացած բան՝ պաշտելու, գահի վրա որևէ աստծո նստեցնելու համար: Աստվածաշունչը դա կանխասել էր:

178. Եթե դուք պատկանում եք այդ երկու մարմիններից մեկին… միայն երկու մարմին կա երկրի վրա այսօր, ինչպես, որ միշտ էլ եղել է, և ինչպես էլ լինելու է Հիսուսի վերադարձի ժամանակ: Դրանցից մեկը կործանվելու է: Դուք պատկանում եք այդ երկու մարմիններից մեկին: Մեկին դու անդամակցում ես, իսկ մյուսում ծնվում ես: Դուք այդ մարմիններից մեկի անդամ եք. եթե ծնվել եք դրա մեջ, դրա անդամ եք: Կարո՞ղ եմ ժխտել, որ ես ձեռք ունեմ: Ոչ էլ կարող եմ ժխտել Աստծո Խոսքերից մեկը, եթե Աստծո մասնիկ եմ: Ես, Ուիլյամ Բրանհամը, ես բաղկացած եմ բազմաթիվ անդամներից և յուրաքանչյուր անդամ իմ մասնիկն է, և իմ անձը, իմ հոգին, իմ ողջ կյանքը պետք է համապատասխանի Աստծո ամեն Խոսքին: Եթե իմ մտքերը համապատասխան չեն Աստծո Խոսքին, ուրեմն իմ մեջ չի բնակվում Աստծո Հոգին: Դա ճիշտ է: Ես չեմ կարող ժխտել Աստծո Խոսքից որևէ բառ:

179. Դուք պատկանում եք երկու մարմիններից մեկին: Այլ կերպ չի կարող լինել: Կամ Քրիստոսի Մարմնին՝ Խոսքի միջոցով, կամ սատանայի մարմնին՝ եկեղեցու միջոցով: Եթե ես աշխարհում եմ, պիտի պատկանեմ այս կամ այն եկեղեցուն, իսկ նա պաշտում է այս կամ այն աստծուն: Դու կամ պաշտամունք ես մատուցում գիտության աստծուն, հենվում ես այն բաների վրա, որոնք ստանում ես գիտելիքների միջոցով, ապավինում ես այս կամ այն բանին, կամ էլ հավատքի միջոցով վստահում ես Աստծո Խոսքին և սպասում, որ Աստված դա հաստատի և իրական դարձնի: Աստծո ճշմարիտ եկեղեցին այսպիսին է. Սպասում ենք երջանիկ Հազարամյային, Երբ Տերը կգա տանելու Իր Հարսին, Սիրտս լի է զմայլումով, մինչ գործում, հսկում և աղոթում եմ, Քանզի մեր Տերը նորից է երկիր գալու: Սատանան կկապվի հազար տարով, Այլևս մոլորեցնող չի լինի, Երբ Հիսուսը երկիր վերադառնա:

180. Ո՛վ մարդիկ, որ ապրում եք Միացյալ Նահանգներում, որտեղ հիմա տարածվում է այս պատգամը, ողջ արագությամբ փախեք այդ գիտությունից, մեր ապրած գիտական ժամանակաշրջանից: Փախեք Աստծո Խոսքի մոտ: Դուք, ես, ոչ ոք չգիտի դա: Ոչ ոք չի կարող դա ապացուցել: Աստված Ինքն է տալիս ապացույցը: Ոչ ոք իրավունք չունի Նրան մեկնաբանելու: Ո՛չ ես, ո՛չ էլ դուք: Աստված Իր իսկ մեկնաբանն է: Նա դա խոստացել է: Նա ասել է, որ դա կանի վերջին օրերում: Եվ այս վերջին օրերում այս չար աշխարհի աստվածը կուրացնելու է մարդկանց աչքերը իր ինտելեկտուալ գիտությամբ, որը հիմնված է չարի և բարու գիտության խառնակազմ ծառի վրա, տալու է աշխարհի գիտությունը: Եվ ահա դա գալիս է, դա մոտենում է, այդ հարանվանությունը, որը գալիս է խավար դարերից, նույնիսկ խավար դարերից էլ առաջ և կենտրոնանում է սատանայի գերմարդու մեջ, որն ասում է. «Ես կբարձրանամ Աստծո որդիներից վեր, և նրանք ինձ կլսեն»: Եվ որպես աստված կնստի տաճարի մեջ, և Աստծո որդիները կընկնեն նրա ծուղակը:

181. Դուք կհարցնեք. «Ինչու՞ ես դու ասում՝ Աստծո որդիները»: Հենց Աստծո որդիների մասին է գրված: Տղամարդը, ով էլ լինի, ստեղծված է Աստծո պատկերով, Աստծո փառքի համար, իսկ կինը նրանից է վերցված, տղամարդու համար է ստեղծված: Դա ճիշտ է: Երբ Աստծո որդիները տեսան, որ մարդկանց աղջիկները գեղեցիկ են, իրենց համար նրանց կին վերցրեցին: «Եվ ինչպես Նոյի օրերին էր, մարդու Որդու գալուստն էլ այնպես կլինի»: Եթե ուզում եք տեսնել, թե որ փուլում է եկեղեցին, տեսեք, թե ինչպես են վարվում կանայք, որովհետև նրանք նշան են եկեղեցու համար: Նայեք, թե ինչ են նրանք անում այս չար և անառակ ժամանակաշրջանում:

182. Բայց նայեք, թե ինչքան վատ, չար և անառակ քաղաք էր Նազարեթը, և Աստված այնտեղից ընտրեց մի կույսի: Նազարեթից լավ բան կարո՞ղ էր լինել: Նույնպես այս չար ժամանակաշրջանում, երբ այս աշխարհի աստվածը կուրացրել է մարդկանց աչքերը իր դոգմաներով ու հարանվանություններով, հենց այդ չար ժամանակաշրջանում է Աստված ընտրում մի ժողովուրդ Իր անվան համար: Թեև այստեղ մոռացված ու անտեսված են, Տերը մի օր կտանի ընտրյալներին Այն դարպասներից ներս և դա ամեն բան արժի: Կաղաղակենք, կերգենք, կպարենք, Գառնուկը կսրբի արցունքները մեր: Մենք տուն կունենանք, տունդարձի շաբաթ, Առաջին տասը հազար տարին: Աստծո Որդու թանկագին Արյունը մաքրել ու սրբացրել է Մի ժողովուրդ Իր անվան համար և նա կոչվում է «հարս», Թեև այստեղ մոռացված ու անտեսված են, Տերը մի օր կտանի ընտրյալներին Այն դարպասներից ներս և դա ամեն բան արժի:

183. Ես սկսում եմ ծերանալ, օրերս մոտենում են ավարտին: Տեսողությունս թուլանում է, կյանքի փոքրիկ կրակը սկսում է մարել, բայց ես չեմ վախենում խավարից, և կուզենայի ասել Պողոսի պես. «Ես ճանաչում եմ Նրան Իր հարության զորությամբ»: Եթե նույնիսկ ես թաղվեմ, կամ լինեմ օվկիանոսի խորքում, կամ վառվեմ հնոցում, կամ ինձ հոշոտի առյուծը, Նա կկանչի իմ անունը, և ես կպատասխանեմ: Ամեն: Աղոթենք:

184. Եթե կա մեկը, որը լսում է այս պատգամը, ռադիոյով, ինչ-որ տեղ այս երկրում, կամ փոքրիկ եկեղեցիներում, որևէ փոքր խմբում, փոքր դահլիճում, որտեղ էլ, որ լինեք, եթե լսում եք ու դեռ չեք ճանաչում Նրան, թույլ տվեք ձեզ համոզել, ձեզ աղաչել, որպես Ավետարանի սպասավոր, թույլ տվեք ձեզ աղաչել Տեր Հիսուս Քրիստոսի Անունով, որ փախչեք այս չար ժամանակաշրջանի բարկությունից: Մի՛ ծառայեք այս չար աշխարհի աստծուն: Գիտեմ, որ կասեք. «Դա լավ է, նորմալ է»: Ճիշտ է, բայց դա խառնակազմ ծառ է: Դուք չեք կարող գիտությունը խառնել Աստծո Խոսքի հետ: Խոսքը պետք է ընդունել հավատքով, ոչ թե գիտությամբ: Ոչ թե պետք է հասկանաք, այլ ընդունեք: Ասացեք, որ Խոսքը ճշմարիտ է և հետո ապրեք այդ Խոսքով: Նա միայն դա է ձեզանից պահանջում: Եթե կա մեկը այս դահլիճում (մենք չենք կարող կանչել խորանի մոտ, որովհետև տեղ չկա), կամ հեռախոսային կապի մեջ, ով չի ճանաչում Նրան…

185. Կանայք, ես ձեզ հանդիմանեցի այս առավոտ, բայց դա ես չեմ, ես միայն մեջբերում եմ անում Խոսքից: Կարճ մազեր, գայթակղիչ հագուստ. դուք չեք գիտակցում, թե ինչ հոգի է ձեզ առաջնորդում: Սիրելի քույրեր, դուք կարող եք մարմնավոր տեսանկյունից մաքուր լինել, բայց ի՞նչն է իշխում ձեր հոգու վրա: Մի՞թե Աստված Իր սեփական աղջիկներին գայթակղիչ կդարձնի, որ գայթակղեն Իր սեփական որդիներին, և երկուսն էլ պատասխան տան շնության մեղքի համար: Մի՞թե Նա այդ կանի, քույրեր: Տվեք ձեզ այդ հարցը: Ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Դա մի վերագրեք Աստծուն:

186. Եղբայրներ, մի՞թե Աստված ձեզ կտար այնպիսի աշխարհիկ հոգի, որ չկարողանայիք տեսնել, որ դա սխալ է: Մի՞թե Նա կկուրացներ ձեր աչքերը եկեղեցու, հարանվանության, հավատամքի բարոյականությամբ, որ չկարողանայիք տեսնել, որ Աստված հաստատում և իրականացնում է Իր Խոսքը: Արդյո՞ք ձեր աշխատանքը, ձեր տնօրենը, ձեր կինը, երեխաները, ձեր եկեղեցին կամ որևէ այլ բան ձեզ հեռացրել են Աստծո Խոսքից, որը կյանքի միակ աղբյուրն է: Փախեք դրանից, եղբայրներս: Ես ձեզ սիրում եմ Աստծո սիրով: Ես իմ հարազատ եղբայրներին ձեզանից ավելի շատ չեմ հարգում: Եթե այդպես լիներ, աչառություն անող կլինեի: Ես այդ բաները չասացի ձեզ բարկացնելու համար, այլ որովհետև դրանք գրված են Աստծո Խոսքում: Որպես Աստծո ծառա և իմ սրտում եղած Աստծո սիրով ես ասում եմ այդ բաները, որ դուք տեսնեք և հասկանաք: Գուցե չիմանայի՞ք, եթե ձեզ չասեի: Ուզու՞մ եք փախչել այսօր: Այժմ բոլորս ողջ երկրով մեկ խոնարհենք մեր գլուխները:

187. Ո՛վ իմ Աստված, իմ առջև դրված են թաշկինակներ: Կան հիվանդներ, և ես ձեռքս դնում եմ այս թաշկինակների վրա, որ Դու բժշկես այդ հիվանդներին: Եվ ես հավատում եմ, Տեր, որ այս երեկո կունենանք փառավոր հավաքույթ, և Աստծո զորությունը կլինի այստեղ:

188. Վերջին հավաքույթների ժամանակ եղել են մեծ նշաններ ու հրաշքներ, մենք իմացանք, որ հրաշալի արդյունքներ են եղել և թե ինչ է կատարվել: Խնդրում եմ Քեզ, ո՛վ Աստված, որ այսօր կրկնակի բաժին տաս: Ո՛վ Տեր, խնդրում եմ Քեզ անկեղծ սրտով, որովհետև սիրում եմ Քեզ, սիրում եմ Քո Խոսքը, սիրում եմ այս մարդկանց: Շնորհիր մեզ դա, ո՛վ մեր Աստված:

189. Եվ եթե այս երկրի որևէ վայրում կամ հենց այստեղ կան մարդիկ, որոնք հիվանդ են, տառապանքի մեջ են և հիմա պետք է մեկնեն և չեն կարող այս երեկո այստեղ գալ, կամ լինելու են եկեղեցիներում կամ այնտեղ, որտեղ իրենք հավաքվում են, խնդրում եմ, որ նրանց Դու բժշկես: Եվ Տեր, խնդրում եմ, որ նրանց շնորհես բոլոր բժշկություններից ամենամեծ բժշկությունը, որովհետև եթե Դու նրանց մարմինը բժշկես քաղցկեղից, թոքախտից, թոքաբորբից կամ որևէ այլ հիվանդությունից, նրանք էլի կհիվանդանան, եթե երկար ապրեն, որովհետև նրանց մարմինը դեռ մեղքի, անեծքի իշխանության տակ է: Այլ շնորհիր նրանց ճշմարիտ աստվածային բժշկությունը` հոգու բժշկությունը, որը մարդուն նոր արարած է դարձնում, մահից կյանքի է փոխադրում, այդ ժամանակ նրանք կարող են այս հին խորանում սպասել մարմնի փրկագնմանը, երբ նրանց հոգին փրկագնվել է: Շնորհիր մեզ դա, ո՛վ Տեր:

190. Թող նրանք հեռու փախչեն հարանվանություններից ու հավատամքներից: Ո՛վ Աստված իմ, այնտեղ` այդ հարանվանություններում տեսել եմ հրաշալի եղբայրների, բայց Աստված իմ, ինչպե՞ս խոսեմ նրանց հետ, որ ընդունեն Խոսքը: Դա ինձ տանջում է, բայց ես գիտեմ Քո ասած Խոսքը. «Ոչ ոք Ինձ մոտ չի գա, ինչքան էլ լավ, խոնարհ ու հեզ լինի, եթե Իմ Հայրը չկանչի նրան: Եվ բոլոր նրանք, ում Հայրը տվեց ինձ, կգան Ինձ մոտ»: Եվ Տեր, ես հավատում եմ, որ իմ միակ պարտականությունը ճշմարտությունն ասելն է, ինչպես Պողոսն ասաց, ոչ թե խորամանկությամբ ներկայացնել Խոսքը` խառնելով հարանվանական դոգմաների հետ, մատուցելով չարի և բարու գիտության խառնակազմ ծառը, այլ Խոսքը ներկայացնեմ բաց սրտով ու Սուրբ Հոգու օգնությամբ: Շնորհի՛ր մեզ դա, Հա՛յր: Խնդրում եմ, փրկիր բոլորին:

191. Փակ պահենք մեր աչքերը և մեր գլուխները` խոնարհած: Ես չեմ կարող ասել. «Ինձ համար մեկ է` այդպես եք դուք վարվում, թե ոչ»: Ինձ համար մեկ չէ՛: Չեմ ուզում, որ դուք կարծեք, թե ես ձեզ չեմ սիրում, որովհետև այդքան խիստ եմ խոսում: Ինչպես Պողոսն ասաց. «Մի ստիպեք ինձ, որ վերաբերմունքս փոխեմ, երբ ներկա կլինեմ ձեր մեջ»: Ոչ թե նա չէր սիրում նրանց: Նա շատ էր սիրում: Ինչպես Հիսուսը հանդիմանում էր մեղավորներին և կյանքը տվեց նրանց համար: Տեսնու՞մ եք: «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: Պատկերացրեք. մի մարդ ուզում է արդարություն մեջ քայլել, ուզում է արդար լինել, և տեսնում ենք, թե ինչպես սատանան… ահա ես դրա՛ն եմ հակառակվում: Նա կուրացրել է այս ժողովրդի աչքերը: Այս երկիրը պետք է բոցավառված լիներ Աստծո փառքով այն ամենից հետո ինչ վերջերս կատարվեց… Ինչու՞ այդ արթնությունը չբռնկվեց հին ազգերի մեջ: Սա արևմտյան ափն է, դրանից հեռու չեք կարող գնալ:

192. Այժմ մեղքի ուղեկալը աստիճանաբար սուզվում է անդունդը: Որոշ շրջաններ Լոս Անջելեսում և Հոլիվուդում ժամում մի քանի մատնաչափով սուզվում են ծովի մեջ, և հնարավոր չէ այն կանգնեցնել: Այո, մենք հասել ենք այդտեղ: Մենք անընդհատ լսում ենք նախազգուշացումները: Ես ձեզ հարցնում եմ. կարո՞ղ էի ես տեսնել, թե ինչ կա ձեր սրտում, եթե Աստված ինձ չհայտներ: Բայց ինքներդ նայեք ձեր սրտի մեջ և եթե տեսնեք, որ հավատքի մեջ այն վիճակում չեք, որում պետք է լինեք Աստծո և Իր Խոսքի հետ, չե՞ք ուզում բարձրացնել ձեր ձեռքը և ասել. «Տե՛ր, օգնիր ինձ»: Ո՛վ Աստված իմ, այս լեփ-լեցուն դահլիճում, որտեղ մարդիկ նույնիսկ պատերի մոտ սեղմված են, ես տեսնում եմ հարյուրավոր, նույնիսկ երկու հարյուր բարձրացրած ձեռքեր: Շնորհակալություն ձեր անկեղծության համար:

193. Ո՛վ Հիսուս, մի թույլ տուր, որ նրանցից որևէ մեկը կորսվի: Որպես մեռածների և ողջերի միջև կանգնած Քո ծառա` ես նրանց ցույց եմ տալիս Աստծո Խոսքում գրվածները, բայց չեմ կարող փրկել նրանց, մինչդեռ նրանք ուզում են փրկվել: Ո՛վ Հայր, ինչպես հաճախ ասել եմ. «Առավոտյան ծագում է արևը և Աստծո կողմից ուղարկվում, որ անցնի ողջ երկրի վրայով, հասունացնի հացահատիկը, որ մարմնավոր կերակուր պատրաստի մեր մարմնավոր կյանքի համար: Բայց Աստված իմ, Դու ասել ես. «Բայց ձեզ համար, որ Իմ անունից վախենում եք, պիտի ծագի արդարության արեգակը, և բժշկություն պիտի լինի նրա թևերի վրա» (Մաղաք.4:2): Թող Արդարության Որդին (բառախաղ անգլերենում. Sun` արև և Son` Որդի բառերը նույն հնչողությունն ունեն. ծան. խմբ.), Աստծո Խոսքը ծագի մարդկանց սրտերում, և թող այդ Խոսքի հանդեպ հավատքի բժշկարար շողերը բժշկեն նրանց, ովքեր անհնազանդ են Խոսքին և բերեն նրանց Աստծո որդիներ և դուստրեր լինելու կատարյալ վիճակին: Նրանք Քոնն են, ո՛վ Տեր: Հիսուս Քրիստոսի Անունով Քեզ եմ հանձնում բոլորին, ովքեր այստեղ և հեռվում ձեռք են բարձրացրել իրենց հոգու փրկության համար: Ամե՛ն: Կա մի թանկագին աղբյուր. Հոսում է բոլորի համար, բժշկում է ջուրը նրա Հոսում է Գողգոթայից, Խաչի մոտ, խաչի մեջ է պարծանքն իմ (բարձրացնենք մեր ձեռքերը), Մինչև հափշտակված հոգիս հանգիստ գտնի Գետի այն կողմում:

194. Մեկնիր ձեռքդ, սեղմիր ինչ-որ մեկի ձեռքն ու ասա. «Թող Աստված օրհնի ձեզ, քրիստոնյա եղբայր»: (Բրանհամ եղբայրը զրուցում է երաժիշտների հետ): Զգու՞մ եք Նրա ներկայությունը: Իսկ դուք, հեռվում գտնվողներ, որ մեզ հետ եք ռադիոկապի և հեռախոսային կապի միջոցով, սեղմեք միմյանց ձեռք և ասեք. «Թող Աստված օրհնի ձեզ, քրիստոնյա եղբայր»:

195. Գիտեք, այստեղ ջրավազան կա: Տերը ժողովուրդ է պատրաստում Իր անվան համար: Եթե դեռ չեք մկրտվել Հիսուս Քրիտոսի Անունով ձեր մեղքերի թողության համար, այստեղ ավազան կա, մկրտության զգեստներ և եղբայրներ, որոնք պատրաստ են ծառայության համար: Համեցեք, եթե ճշմարտապես ընդունել եք Հիսուսին որպես ձեր Փրկիչ և հավատում եք, որ սա ճշմարտությունն է:

196. Հիշեք, որ Աստվածաշնչում և կաթոլիկ եկեղեցու կազմակերպությունից առաջ որևէ ժամանակաշրջանում ոչ ոք չի մկրտվել այլ կերպ, քան Հիսուս Քրիստոսի Անունով: Սուրբ Գրքում և պատմության մեջ չեք գտնի մի դեպք, որ կենդանի Աստծո եկեղեցում որևէ մեկը մկրտված լինի Հոր, Որդու և Սուրբ Հոգու տիտղոսներով: Դա կաթոլիկ դոգմա է, ոչ թե աստվածաշնչյան ուսմունք:

197. Մի քահանայի հետ զրույցի ժամանակ հարցրի նրան այդ մասին: Նա ինձ պատասխանեց. «Դա ճիշտ է: Բայց մենք եկեղեցին ենք, և կարող ենք դա փոխել, եթե ուզենք: Ամենակարողությունը եկեղեցու մեջ է: Աստված եկեղեցու մեջ է»:

198. Ես նրան ասացի. «Աստված Իր Խոսքի մեջ է: Եվ եթե եկեղեցին հակասում է Խոսքին, ես չեմ հավատում եկեղեցուն»: Թող ամեն մարդ, լինի դա քահանա, պապ, կամ մեկ ուրիշ բան, սուտ լինի, իսկ Աստծո Խոսքը` ճիշտ: Եվ Պողոսը պատվիրեց, որ նրանք, ովքեր չեն մկրտվել Հիսուս Քրիստոսի Անունով, վերամկրտվեն:

199. Գործք 10:47 համարում, երբ Պետրոսը տեսավ, որ մարդիկ ընդունեցին Սուրբ Հոգին, ասաց. «Մի՞թե մեկը կարող է արգելել, որպեսզի սրանք ջրով չմկրտվեն, որոնք Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպես և մենք»: Եվ պատվիրեց, որ մկրտվեն Հիսուս Քրիստոսի Անունով: Որովհետև Պետրոսը ստացել էր Թագավորության բանալիները, և Հիսուսը նրան ասել էր. «Ինչ որ կկապես երկրի վրա, կապված կլինի երկնքում»: Ի՞նչ է անում բանալին: Բացում է: Այն բացում է խորհուրդների դուռը:

200. Երբ Հիսուսն ասաց` «Գնացեք և մկրտեք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով», դա անհավատներին կուրացնելու համար էր: Լավ լսեք սա: Ինչու՞ Պետրոսը դա չարեց բառացիորեն: Նա պետք է դա աներ… Բայց եթե մարդը մկրտված է Հոր, Որդու և Սուրբ Հոգու տիտղոսներով, նա նույնիսկ մկրտված էլ չէ: Անուն չկա: Հայրը անուն չէ, Որդին անուն չէ, Սուրբ Հոգին հենց Ինքն է, ինչպես ես մարդ եմ: Նա Սուրբ Հոգին է: Հայրը տիտղոս է, ինչպես ես էլ հայր եմ: Որդին տիտղոս է: Ես որդի եմ: Մարդն էլ տիտղոս է. ես մարդ եմ: Բայց անունս Ուիլյամ Բրանհամ է: Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունը Հիսուս Քրիստոս է: Հիսուսն ասաց. «Ես եկա Իմ Հոր Անունով»: Ո՞րն է Հոր Անունը: Ամեն որդի գալիս է իր հոր անունով, և Հոր Անունը Հիսուս Քրիստոս է: Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել:

201. Եթե ես ձեզ խնդրեի գնալ ինչ-որ բան բերել քաղաքապետի անունով… քանի՞սդ գիտեք մեր քաղաքեպետի անունը: Դա իմ լավ ընկեր Ռիչ Վիսինգն է: Եթե դուք գնաք այնտեղ, չեք ասի. «Քաղաքապետի անունով…», այլ կասեք` «Ռիչ Վիսինգի անունով»: Ջեֆերսոնվիլում գտնվողներդ լավ եք ճանաչում նրան: Ահա թե ինչու Նա ասաց` հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու: Նրանում է բնակվում աստվածության ողջ լիությունը: Դրա համար Նա ասաց. «Մկրտեք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»:

202. Պետրոսը կանգնած էր այն հայտնության վրա, որով Տերը հիմնել է Իր Եկեղեցին և ասաց. «Ապաշխարեք և մկրտվեք Հիսուս Քրիստոսի Անունով»: Բանալիները պտտվեցին երկնքում և երկրի վրա: «…մարդկանց տրված ուրիշ մի անուն չկա երկնքի տակ, որով մենք կարողանայինք փրկվել»:

203. Դուք հարցնում եք. «Ինչու՞ եք մկրտում Տեր Հիսուս Քրիստոսի Անունով»: Մեղքերի թողության համար: «Ում մեղքերը դուք ներեք` ներված կլինեն…»: Հասկանու՞մ եք: Բայց եթե կարծում եք, որ այդ մարդը արժանի չէ կամ պատրաստ չէ մկրտվելու, մի մկրտեք: Բայց եթե անեք դա, այն կատարված է: Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Խոնարհենք մեր գլուխները:

204. Ո՛վ մեր Աստված, ավազանը պատրաստ է: Այժմ, Տեր, խնդրում եմ, խոսիր մեր սրտերի հետ: Թող նրանք լսեն Քրիստոսի ձայնը` Խոսքը, ով նրանց կանչում է հետևելու Իրեն ողջ ճանապարհին: «Կանցնեմ Նրա հետ պարտեզի միջով: Կիջնեմ Նրա հետ ջրի մեջ: Կընդունեմ Իր Անունը: Ես փափագում եմ լինել նրանցից մեկը, ում Նա կանչել է կրելու Իր անունը: Ես կհավատամ Նրա Խոսքին: Ես կհետևեմ Նրան: Այլևս երբեք «սիրախաղ» չեմ անի աշխարհի հետ: Ես կլինեմ իսկական, հավատարիմ Հարս: Ես չեմ անտեսի Նրա Խոսքից ոչ մի կետ: Ես կկատարեմ բոլոր պայմանները իսկական, հավատարիմ Հարս լինելու համար: Այն, ինչ Նա ինձ կասի, ես կկատարեմ: Եթե իմ Փեսան, ով պիտի գա, պահանջում է, որ մազերս երկարացնեմ, ես դա կանեմ: Եթե Նա պահանջում է հրաժարվել շպարից, ես դա կանեմ: Եթե Նա ասում է, որ դա չար ոգուց է, երբ ես սեթևեթում եմ գայթակղիչ հագուստով, ես կփոխեմ դա: Մարդիկ ինչ էլ ասեն, ես Նրա՛ ասածը կանեմ: Եթե Նա ինձ պատվիրում է, որ դուրս գամ անհավատների այս խմբից, որում գտնվում եմ, ես դուրս կգամ: Եթե նույնիսկ դրա պատճառով զրկվեմ ապրուստի միջոցներից: Բայց Նա ինձ խոստացել է, որ երբեք չի լքի ինձ. ես դա կանեմ: Ես կգնամ Նրա հետ մինչև ճանապարհի ծայրը: Եթե Նա ուզում է, որ ես մկրտվեմ Իր անունով, ես կմկրտվեմ»: Տե՛ր, Քո Խոսքում Դու ասել ես, որ դա ես Դու կամենում: Թող յուրաքանչյուրը կարողանա դա տեսնել, ո՛վ Տեր, և հանդարտությամբ, խոնարհությամբ ենթարկվի Քո կամքին: Խնդրում եմ Քեզ Հիսուսի Անունով: Ամեն:

205. Դուք պատկանում եք Աստծուն: Թող Աստված վերցնի իմ թույլ, կոտրված խոսքերը և իրական դարձնի ձեզ համար: Դա է իմ անկեղծ աղոթքը: Ավազանը պատրաստ է: Նա, ով զղջացել է և փափագում է մկրտվել Հիսուս Քրիստոսի Անունով, թող առաջ գա: Ամեն բան պատրաստ է: Մենք այստեղ ենք, որ անենք ամեն բան, ինչը ձեզ կօգնի քայլել Աստծո հետ: Թող Աստված օրհնի ձեզ:

206. Այժմ կանգնենք և երգենք այս երգը` «Կը սիրեմ Զինք, կը սիրեմ Զինք, զի նախ Ինքը զիս սիրեց»: Մեր գլուխները և սրտերը խոնարհած` կամացուկ երգենք այս երգը Նրա համար: (Բրանհամ եղբայրը սկսում է երգել և աղոթել. ծան. խմբ.): Ո՛վ Աստված, մեր Հայր, ողորմած եղիր մեզ` խեղճ արարածներիս հանդեպ, Տե՛ր: Զորացրու մեզ մեր առաջ դրված աշխատանքի համար: Օգնի՛ր ինձ, ո՛վ Աստված իմ, օգնի՛ր ինձ: Զգում եմ, որ ինչ-որ բան շատ մոտ է: Հա՛յր, օգնիր ինձ, որ ճանաչեմ Ճշմարտությունը: Օրհնի՛ր այս մարդկանց, ո՛վ իմ Աստված: Խնդրում եմ, առաջնորդիր նրանց: Աղոթում եմ Հիսուսի անունով: Ամեն:

207. Մինչ մենք խոնարհել ենք մեր գլուխները, ուզում եմ խնդրել մեր հովվին` մեր թանկագին Նեվիլ եղբորը գալ այստեղ և խոսել մկրտության ծառայության վերաբերյալ: Կարծում եմ, որ կարող եմ այդ մասին հայտարարել, որովհետև կարծեմ ավազանը բաց է:

 

 

 

Բովանդակություն