Լսել

Բացարձակը 12/30/1962

Բովանդակություն

Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

Այժմ մի պահ խոնարհենք մեր գլուխները Խոսքին մոտենալուց առաջ: Ես գիտեմ, որ շատ խնդրանքներ կան այս առավոտ, որպեսզի հնարավոր լինի բոլորը թվարկել, բայց մինչ մենք աղոթում ենք, մտածեք ձեր անձնական խնդրանքի մասին, պահեք այն ձեր սրտում, բարձրացրեք ձեր ձեռքը ասելով. «Ով Աստված իմ, Դու գիտես, թե ինչի մասին եմ մտածում հիմա»: Տեր Աստված, Դու տեսնում ես բոլոր այս ձեռքերը: Դու գիտես, թե ինչ է դա նշանակում: Բարձրացրած ձեռքերը խնդրանք են նշանակում: Եվ մենք գալիս ենք խոնարհվելու կենդանի Աստծո գահի առջև, այն մեծ սպիտակ մարգարտի առջև, որ տարածվում է ժամանակների սահմանից այն կողմ. այնտեղ է նստած Եհովան՝ մեր Աստվածը, այնտեղ է Հիսուս Քրիստոսի Արյունը՝ զոհասեղանի վրա: Եվ մենք խոսում ենք Հիսուս Քրիստոսի Արյան միջոցով, ով ասել է. «Այն ամենը, ինչ Հորը կխնդրեք Իմ անունով, ձեզ կտա»: Հայր, մի՞թե չես լսի մեզ այս առավոտ ու չե՞ս շնորհի մեր խնդրանքները: Ես Քեզ եմ բերում իմ աղոթքը նրանց աղոթքների հետ միասին և խնդրում, որ պատասխանես: Այստեղ են հիվանդների և տանջանքի մեջ եղող մարդկանց թաշկինակները: Աստվածաշնչում ասվում է, որ նրանք բերում էին թաշկինակներ ու գոգնոցներ, որոնք դիպչել էին Պողոսին: Դրանք դնում էին հիվանդների վրա, և հիվանդները բժշկվում էին և չար ոգիները դուրս էին գալիս: Եվ Հայր, վաղուց գիտենք, ու անկասկած գիտենք, որ մենք Պողոսը չենք: Բայց դա Պողոսը չէր, այլ Քրիստոսը նրա մեջ: Եվ ինչպես Սուրբ Գիրքն է ասում՝ Դու նույնն ես երեկ, այսօր և հավիտյան: Տեր, այստեղ գտնվող մարդիկ հավատում են, որ եթե խնդրենք Աստծուն, վերցնենք այդ թաշկինակները և դնենք հիվանդների վրա, նրանք կբժշկվեն: Խնդրում եմ, որ այդպես լինի, Տեր: Երբ Իսրայելը ճանապարհ ընկավ Եգիպտոսից դուրս գալու համար, քայլելով Աստծո որոշած ճանապարհով՝ Ավետյաց երկիրը հասնելու համար, Կարմիր ծովը փակում էր այդ ճանապարհը: Բայց Աստված Կրակի Սյան միջոցով զայրացած հայացքով ցած նայեց, ծովը վախեցավ և ետ քաշվեց՝ թույլ տալով Իսրայելին անցնել ցամաքով ու հասնել Ավետյաց երկիր: Այսօր, Տեր, նայիր Հիսուսի Արյան միջոցով: Դու տեսնում ես հավատքի այդ գործողությունը, որ կատարում ենք այս առավոտ: Թող սատանան վախենա և հեռանա: Թող այստեղ գտնվող պանդուխտներից յուրաքանչյուրի համար, որոնց վրա դրվելու են այս թաշկինակները ճանապարհը բացվի, և հիվանդությունը հեռանա: Թող կարողանան շարունակել իրենց ճանապարհը դեպի Ավետյաց երկիր՝ առաջնորդվելով Սուրբ Հոգով, Կրակի Սյունով: Շնորհիր մեզ դա, Տեր: Օրհնիր ծառայությունը, խոսքերը, քարոզները, ընթերցանությունը: Թող Սուրբ Հոգին վերցնի Խոսքը այս առավոտ և բաժանի մեզանից յուրաքանչյուրին, Տեր, որովհետև մենք կամաց-կամաց մոտենում ենք մի արտասովոր բանի, որը չենք ճանաչում: Մեր սրտերը անսովոր կերպով հուզված են, Տեր, և մենք Քեզ և Քո Խոսքին մոտենալուց առաջ խնդրում ենք, որ Դու տաս մեզ մեկնությունը: Մենք քեզ խնդրում ենք Հիսուսի Անունով: Ամեն: Չմոռանաք, որ այս երեկո քարոզելու եմ այս թեմայով՝ «Պարոնայք, արդյո՞ք այդ ժամն է»: Այս առավոտ կուզեի մի հատված կարդալ Գործք առաքելոց գրքից: Պետք է կարդանք երկու-երեք հատվածներ՝ Գործք 26:15, հետո՝ Գործք 25:15, այնուհետև՝ Գործք 23:11: Գուցե ժամանակ չունենաք, բայց կարող եք ավելացնել նաև Փիլիպ.1:20-ը: Բոլոր այս հատվածները նույն թեմային են վերաբերում: «Ես էլ ասացի. «Դու ո՞վ ես, Տեր»: Նա էլ ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես: Բայց վեր կաց և ոտքերիդ վրա կանգնիր, որովհետև քեզ նրա համար երևացի, որ պաշտոնյա դարձնեմ քեզ՝ այն բաներին վկա լինելու համար, ինչ դու տեսար, նաև այն բաներին, որոնցով պիտի երևամ քեզ: Որպեզի քեզ ազատեմ այդ ժողովրդից ու հեթանոսներից, որոնց մեջ ուղարկում եմ քեզ՝ նրանց աչքերը բացելու, խավարից դեպի լույսը և սատանայի իշխանությունից դեպի Աստված դարձնելու համար, որպեսզի նրանք, ինձ հավատալով, մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն ստանան»: Ուստի, ո՛վ Ագրիպաս արքա, ես այն երկնային տեսիլքին անհնազանդ չեղա: Այլ նախ նրանց, ովքեր Դամասկոսում, Երուսաղեմում և ամբողջ Հրեաստանի երկրում էին, նաև հեթանոսներին քարոզեցի ապաշխարել և դեպի Աստված դառնալ՝ ապաշխարության արժանի գործեր կատարելով»: Այնուհետև կարդանք Գործք 23:11-ը. «Հաջորդ օրը գիշերը Տերը կանգնեց նրա մոտ ու ասաց. «Քաջացիր, Պողոս, որովհետև ինչպես իմ մասին Երուսաղեմում վկայեցիր, այնպես էլ Հռոմում պետք է վկայես»: Թող Աստված օրհնի Իր սուրբ Խոսքի ընթերցումը, շնորհքով լեցուն Խոսքի, որ ունենք մեր առջև: Վերջերս լսեցի, որ մի մարդ օգտագործում է «բացարձակ» բառը: Ես մտածեցի. «Շատ գեղեցիկ բառ է: Հաճախ եմ լսել: Բացարձակապես»: Ես նայեցի Վեբստերի բառարանում: Ահա թե ինչ իմաստ ունի. «Ինքնին կատարյալ, անսահմանափակ իշխանությամբ, հիմնական, վերջնական, որոշիչ»: Իսկ այդ վերջնականը, որոշիչը «ամենն» է: Բացարձակ լինել նշանակում է անսահմանափակ իշխանություն ունենալ: Դա մի բան է, որ «ինքնին կատարյալ» է: Ամեն բան դրա մեջ է: Ես մտածեցի. «Ինչ հրաշալի բան, ինչ հիանալի բառ է»: Խոսքը արտահայտված միտքն է: Նախ պետք է միտքը լինի, այնուհետև այն խոսք է դառնում, դուք չեք կարող խոսքեր ասել, եթե դրանց հետևում միտք չկա: Երբ մենք լեզուներով խոսում ենք, մեր սեփական միտքը չունենք, Աստված է վերցնում մեր մտքերը: Աստծո Միտքն է արտահայտվում մեր շուրթերով: Դուք չեք մտածում, չեք հասկանում, թե ինչ եք ասում, երբ խոսում եք լեզուներով, ներշնչանքի տակ: Երբ թարգմանում եք, չգիտեք, թե ինչ եք ասում: Պարզապես ասում եք: Հասկանու՞մ եք: Դա Աստծուց է: Երբ մարգարեանում եք, չեք արտահայտում ձեր սեփական մտքերը: Դա գալիս է Աստծուց, որովհետև դուք ասում եք բաներ, որոնց մասին չեք էլ մտածել: Հասկանու՞մ եք: Բացարձակը ինչ-որ վերջնական բան է: Դրա համար կարծում եմ, որ ամեն մարդ պետք է ունենա իր համար մի բացարձակ իշխանություն: Ամեն մեծ նվաճման հետևում միշտ եղել է մի բացարձակ հիմք: Ինչ էլ կատարված լինի, դրա հետևում եղել է մի բացարձակ հիմք: Եվ նա, ով ուզում է որևէ բան կատարել, պետք է ունենա այդ բացարձակը: Եվ դա է, որ ձեզ առաջնորդում է ամեն բանում, մինչև «ամեն», մինչև վերջ: Այլ կերպ ասած՝ պետք է ունենաք մի բան, որից պետք է կառչեք: Դա յուրաքանչյուր ձեռքբերման միացման տեղն է: Ձեր ճանապարհը շատ ոլորաններով կանցնի դրան հասնելուց առաջ: Բայց կա «ամեն» այդ ամենի համար: Այդպիսի բան պետք է լինի: Դուք չեք կարող ապրել առանց այդ ունենալու: Երբ դուք ամուսնացաք, կարծես շրջապտույտ էր ձեր մտքերի մեջ տեղի ունենում մինչև հասնեիք այդ միացման տեղին: Դա սերն էր, որ տածում էիք ձեր կնոջ կամ ձեր ամուսնու հանդեպ: Գուցե նա այնքան գեղեցիկ չէ, որքան Ջոնի կինը: Գուցե նա այսպիսին չէ, այնպիսին չէ, բայց նրա մեջ կա մի բան, որ ձեզ ցնցել է: Դուք կասեք. «Գուցե նա այն մյուսի նման գեղեցիկ չէ, բայց կար մի բացարձակ հիմք, որը նրան տարբերում է բոլոր մյուսներից: Իսկ եթե այդ հենման կետը, այդ բացարձակ հիմքը չկա, ավելի լավ է չամուսնանաք: Մենք կարող ենք հիշել Աստվածաշնչից շատ մարդկանց, որոնք ունեին այդ բացարձակ հիմքը: Երկու շաբաթ շարունակ կարող էինք խոսել այս թեմայի շուրջ և Աստվածաշնչում փնտրել բացարձակ հիմքեր, բայց միայն թեթևակի կշոշափեինք այս թեման: Թույլ տվեք մի օրինակ բերել: Նայեք Հոբին: Նա ուներ մի բացարձակ հիմք: Ամեն բան վատ էր ընթանում այդ արդար մարդու համար: Մենք չէինք համարձակվի ասել, որ նա արդար չէր, որովհետև Աստված Ինքն է հաստատել, որ արդար էր: Երկրի վրա Հոբի նման մարդ չկար: Նա կատարյալ էր Աստծո աչքում: Նա այդ գիտեր, որովհետև ուներ բացարձակ Չափանիշ, նա ուներ այդ բացարձակ հիմքը: Երբ վիճակը ավելի էր վատանում, և հիվանդությունը նրան հարվածեց, նրա ընկերները իրեն ասացին. «Տես, Հոբ, դա ապացուցում է, որ դու մեղավոր ես»: Այնուհետև քահանաները եկան: Նրանց անվանում էին Հոբի մխիթարիչները: Բայց մխիթարելու փոխարեն նրա կյանքում մեղքից բացի այլ բան չտեսան այն բանի պատճառով, որ Աստված այդպես էր վարվել իր հետ: Նրա երեխաները մահացան, նրա ողջ ունեցվածքը կրակով ոչնչացավ: Ամեն ինչ իր համար վատ էր ընթանում, իր կյանքն էլ վտանգի տակ էր, երբ նստած էր մոխրի վրա, ոտքի թաթերից մինչև գագաթը ծածկված պալարներով: Եվ նույնիսկ իր կինը՝ իր երեխաների մայրը, ասաց. «Անիծիր Աստծուն և մեռիր»: Բայց այդ ամենով հանդերձ, Հոբը ուներ Բացարձակ հիմք: Ոհ, եթե հիվանդության ժամանակ կարողանայինք կառչել այդ Բացարձակ հիմքից: Հոբը գիտեր, որ ինքը կատարել է Աստծո կամքը և հավատք ուներ իր կատարածի հանդեպ, որովհետև Եհովան էր դա պահանջել: Եթե մենք էլ կարողանայինք այդպես վարվել: Եհովան ողջակեզ էր պահանջել մեղքերի համար: Եվ Հոբը ողջակեզ էր մատուցում ոչ միայն իր համար, այլև իր երեխաների. Աստված ընդամենը դա էր պահանջում: Դուք կասեք. «Ո՛հ, եթե այսօր էլ միայն դա պահանջեր »: Նա դրանից էլ քիչ բան է պահանջում: Նա պահանջում է հավատք ունենալ Իր Խոսքի հանդեպ: Եվ եթե Նրա Խոսքը դարձրել եք Բացարձակ չափանիշ ձեզ համար, ձեր հոգին կարող եք կապել Աստվածաշնչի յուրաքանչյուր աստվածային խոստումի հետ: Ինչքան էլ ալիքները ձեզ ցնցեն, դուք կառչում եք խոստումից: Դա է ձեր Բացարձակ հիմքը: Նա հաստատուն կերպով կառչեց դրանից, և նույնիսկ այն ժամանակ, երբ իր ընկերները եկան իրեն «մխիթարելու»՝ ասելով, որ նա մեղք է գործել, ինքը գիտեր, որ չի գործել: Երբ եկան նրան ասելու. «Երեխաներդ մահացել են, ուղտերդ, ողջ ունեցվածքդ ոչնչացել են երկնքի կրակով…»: Ահա թե ինչ փաստարկ օգտագործեցին իր ընկերները. «Երկնքից կրակ իջավ: Տեսնում ես, Հոբ, դա ապացուցում է, որ…»: ---- Դա ոչինչ չի ապացուցում: ---- Նա չէր հարվածի քո երեխաներին, Հոբ, դու պարզապես մի մարդ ես… Բայց Հոբն ասաց. «Ես գիտեմ, որ արել եմ այն, ինչ արդար է»: Նա մնաց իր դիրքում: Նա ուներ մի բան, որի վրա կարող էր հիմնվել: Այդպես էր: Նա ընդունել էր այդ: Նա արել էր հենց այն, ինչ Աստված էր պատվիրել: Նա բացարձակապես վստահ էր դրանում: Եվ երբ հասավ այնտեղ, ուր գտնվում էր Բացարձակ հիմքը, զգաց, որ այդ կապը, որ առաջ թուլացած էր, ձգվեց: Այն սկսեց ձգվել, և Հոգին իջավ նրա վրա: Այնժամ նա վեր կացավ և սկսեց մարգարեանալ՝ ասելով. «Ես գիտեմ, իմ Փրկիչը ողջ է»: Ամեն: Դուք հասկանու՞մ եք: Երբ լարը ձգվեց, նա հաղորդակցության մեջ մտավ Բացարձակ հիմքի հետ: Նա գիտեր, որ իր արածը ճշմարիտ էր, և մի օր ինքը կհասներ դրան: «Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս կենդանի է, և Նա վերջը պիտի կանգնի հողի վրա: Եվ իմ մորթը այսպես թափվելուց հետո, այն ժամանակ իմ մարմնից տեսնելու եմ Աստծուն»: Այդ պահից նա գիտեր, իր ունեցած Բացարձակ հիմքը խարիսխ էր գցել: Աբրահամը նույնպես ուներ Բացարձակ հիմք: Նա իջավ Բաբելոնից, այնտեղ կառուցված աշտարակից, Սենաարից և բնակվեց այնտեղ իր հոր հետ: Գուցե նա ագարակատեր էր: Եվ մի օր, երբ գուցե անտառում էր հատապտուղ հավաքելու կամ որս անելու համար, Աստված խոսեց իր հետ: Այն ժամանակ յոթանասունհինգ տարեկան էր: Նրա կինը՝ Սառան վաթսունհինգ տարեկան էր: Նրանք երեխաներ չունեին: Բայց Աստված նրան ասաց. «Սառան քեզ որդի կծնի, բայց դրա համար հեռացիր այստեղից»: Միշտ պայման կա Աստծո խոստումների համար: Դուք պետք է բացարձակապես… կարևոր չէ, թե ինչքան շատ եք հավատում խոստումին, այն միշտ պայմանից է կախված: Այստեղ կարող էինք կանգ առնել և ժամեր շարունակ Սուրբ Գիրքը նայել սկզբից մինչև վերջ՝ ցույց տալու համար, որ պայմանն է ամենակարևորը: Ինչքան էլ սկզբունքային լինեք, խոստումի հետ կապված պայմանն է ամենակարևորը, նախասահմանության վերաբերյալ և այլն: Ուշադրություն դարձրեք, որ Աբրահամը հավատաց Աստծուն, և դա նրան արդարություն համարվեց: Պատկերացրեք, մեր քաղաքակրթված աշխարհում ինչ սարսափելի բան կլիներ հանդիպել մի յոթանասունհինգամյա մարդու և վաթսունհինգամյա կնոջ, որոնք միասին են ապրել վաղ երիտասարդությունից (Իրականում Սառան Աբրահամի արյունակից քույրն էր) և սպասում էին, որ երեխա կունենան: Բայց նա Բացարձակ հիմք ուներ: Ոչինչ չէր կարող նրան սասանել: Եվ երբ մեկ ամսից ոչինչ չկատարվեց, նա հաստատուն պահեց իր Բացարձակ հիմքը, որովհետև Աստված էր իր հետ խոսել: Երկու ամիս անցավ, երկու տարի, տասը տարի, քսանհինգ տարի, նա պահեց իր Բացարձակ հիմքը: Այդ ժամանակ նա հարյուր տարեկան էր, իսկ Սառան՝ իննսուն: Եվ որպես նրա մասին դամբանական խոսք, Աստվածաշունչն ասում է. «Աբրահամը անհավատությամբ չկասկածեց Աստծո խոստումի վրա, այլ հաստատուն մնաց հավատքի մեջ՝ Աստծուն փառք տալով»: Ինչու՞: Մտածե՞լ եք այդ մասին: Նա ուներ Բացարձակ հիմքը, և միակ բանը, որ պետք է նա աներ, իր ժողովրդից զատվելն էր: Աստված նրան չշնորհեց Իր օրհնությունը մինչև չհնազանդվեց Իր պատվերին: Նա իր հորը տարավ իր հետ: Հայրը մահացավ: Իր հետ տարավ նաև Ղովտին: Երբ Ղովտը հեռացավ Աբրահամից, Աստված նրան ասաց. «Շրջիր երկրով մեկ»: Աստծո և Իր Խոսքի հետ միշտ հնազանդություն է պետք: Միշտ Նրա խոստումների հետ պայման է կապված: Այժմ վերցնենք Մովսեսի դեպքը: Մովսեսը՝ փախստական ծառա-մարգարեն, որին Աստված մեծացրել և դաստիարակել էր Փարավոնի պալատում…Իր ողջ աստվածաբանական կրթությամբ, առաջին անգամ երբ դուրս եկավ, մարդ սպանեց: Առաջին իսկ դժվարությունից մահի չափ վախեցավ: Ինչու՞. որովհետև նա չուներ Բացարձակ հիմքը: Նա միայն ուներ իր մոր վկայությունը իր ծննդյան վերաբերյալ: Նա ուներ գլանափաթեթներ (գուցե թղթից, որոնց վրա գրել էին և իրենց հետ վերցրել), որոնց վրա գրված էր, որ Աստված այցելելու է Իր զավակներին: Նա գիտեր, որ ժամանակը մոտ էր (ինչպես մենք էլ գիտենք մեր ժամանակը): Մենք գիտենք, որ ինչ-որ բան է կատարվելու: Մովսեսը գիտեր, որ ժամանակը եկել էր, և որ ինքը ընտրված էր: Բայց նա դեռևս չուներ Բացարձակ հիմքը: Տեսնու՞մ եք: Մի օր, անապատում, երբ նա կորել էր, Աստված նրան հայտնվեց վառվող մորենու մեջ և ասաց. «Մովսես, Ես տեսա Իմ ժողովրդի չարչարանքը, Ես լսեցի նրանց աղաղակն ու լացը, երբ նրանք կռացան իրենց հարստահարող վերակացուների մտրակի տակ: Ես հիշեցի Իմ խոստումը: Ես եկա նրանց ազատելու: Այժմ գնա Եգիպտոս»: Մովսեսը սկսեց հառաչել՝ ասելով. «Ես չեմ կարող արտահայտվել, ես վատ եմ խոսում: Նրանք ինձ չեն հավատա»: Բայց Աստված ասաց. ---- Ի՞նչ ունես քո ձեռքում: ---- Գավազան: ---- Գցիր այն գետնին: Եվ դա օձ դարձավ: Աստված ասաց. «Բռնիր պոչից»: Նորից դարձավ գավազան: Աստված այդպիսով նրան վստահություն էր տալիս, հաստատում: Երբ Աստված տալիս է Բացարձակ հիմքը, տալիս է միշտ դրա հաստատումը: Նաև երբ Մովսեսը գնաց Փարավոնի առջև և գավազանը գցեց գետնին կախարդների ու Փարավոնի առջև (կախարդներն էլ իրենց գավազանները գցեցին), նա չփախավ, չասաց. «Ես սխալվել եմ, փորձել եմ սովորական կախարդական հնարք ցույց տալ: Գուցե ես սխալվել եմ»: Ոչ, նա գիտեր: Գիտեր, որ հանդիպել է Աստծուն: Այդպես նա պահեց իր հանդարտությունը: Նա արել էր հենց այն, ինչ Աստված էր ասել: Մովսեսը հետևել էր Նրա պատվիրաններին: Նա մնաց վստահությամբ լեցուն և տեսավ թե ինչպես հայտնվեց Աստծո փառքը: Մովսեսը կառչել էր այդ Բացարձակ հիմքից, իր հանձնարարությունից և պահեց իր հանդարտությունը: Երբ նա արեց այդ, նրա օձը կուլ տվեց մյուս օձերին: Հասկանու՞մ եք: Նա կառչել էր իր ունեցած Բացարձակ հիմքից: Աստված ասել էր. «Երբ կազատես Իսրայելի զավակներին, նրանք կգան երկրպագելու Ինձ լեռան վրա»: Բայց տեսեք, թե ինչպես թշնամին իր բոլոր միջոցներով փորձեց հեռացնել ձեզ Բացարձակ հիմքից: Հենց որ դուրս եկան Եգիպտոսից, հայտնվեցին Կարմիր ծովի առջև: Ամեն կողմից լեռներ կային: Նրանք անցել էին հովտի միջով և հասել Կարմիր ծովի ափին: Փախչելու ոչ մի միջոց չկար՝ ո՛չ աջ, ո՛չ ձախ, իսկ Փարավոնի բանակը գալիս էր նրանց հետևից: Նրանք իրոք վատ վիճակում էին: Տեսեք, թե ինչպես է սատանան ձեզ դնում այնպիսի իրավիճակներում, երբ չեք իմանում ինչ անել: Բայց երբ դուք կառչում եք Բացարձակ հիմքից, էլ ոչինչ պետք չէ: Մովսեսը գիտեր, որ Աստված խոստացել էր, որ «նրանք կգնան Իրեն երկրպագելու լեռան վրա, երբ Մովսեսը նրանց հաներ Եգիպտոսից: Եվ Աստված լինելու էր իր կողքին ժողովրդին ավետյաց երկիր առաջնորդելիս: Նա հավատաց այդ խոստումին, և Աստված ուղարկեց արևելյան քամի, որը բացեց ծովի ջրերը, և նրանք ցամաքով անցան: Նրանք ունեին Բացարձակ հիմք: Կարող էինք անցնել ողջ Սուրբ Գրքով: Դանիելը և իր Բացարձակ հիմքը, Սեդրակը, Միսակը, Հաբեթնակովը և իրենց Բացարձակ հիմքը: Դավիթը նույնպես ուներ Բացարձակ հիմք: Բոլորն էլ ունեին: Պողոսն էլ ուներ: Նրա մասին քիչ առաջ կարդացինք: Նա Քրիստոսակենտրոն կոչում էր ստացել, և դա էր նրա Բացարձակ հիմքը: Ահա թե ինչու նա չվախեցավ, թե ինչ կասեր Ագրիպասը: Նա կանգնեց նրա առջև (գիտենք, որ Ագրիպասը հրեա էր): Եվ երբ նա պետք է հայտնվեր թագավորների և մյուս իշխանավորների առջև, Տերը նրան արդեն ասել էր այդ մասին: Նա ուներ Բացարձակ հիմք, դրա համար նա ճշտությամբ պատմեց իր երկնային տեսիլքի մասին: Նա ասաց. «Այդ անելը անպատվաբեր չէր, ես սխալ չեմ վարվել»: Բայց նա հնազանդ մնաց նույնիսկ ամենափոքր մանրամասներում, որովհետև ուներ Բացարձակ հիմքը: Եվ ամեն քրիստոսակենտրոն կյանք ձեր Բացարձակ հիմքն է: Պողոսի այդ հանդիպումը Աստծո հետ դեմ առ դեմ Դամասկոսի ճանապարհին մեծ նշանակություն ունեցավ իր վրա: Հիշեք, որ նախկինում նա գիտակ էր: Նա զորավոր էր Սուրբ Գրքի իմացության մեջ, բայց նա ուրիշ Բացարձակ հիմք չուներ, բացի ատյանից, որն աջակցում էր իրեն և մի մեծ վարդապետի կողմից տրված դիպլոմից: Նա իր ոլորտում մեծ մարդ էր, բայց տատանվում էր: Նրա Բացարձակ հիմքը նույնքան ուժեղ էր, որքան այն կազմակերպությունը որին պատկանում էր: Նա ավելի ուժեղ լինել չէր կարող: Նա հավատարիմ էր իր ունեցած Բացարձակ հիմքին՝ հալածում էր քրիստոնյաներին, բանտարկում, ոչնչացնում: Նա մասնակցեց նույնիսկ Ստեփանոսի մահվանը, որը քարկոծվեց իր ներկայությամբ: Ես կարծում եմ, որ հենց դա էր պատճառը, որ նրան մղեց հետագայում գնալու Երուսաղեմ, չնայած մարգարեի նախազգուշացմանը, որն ասել էր. «Մի գնա, որովհետև բանտ կնետվես և կշղթայվես»: Բայց Պողոսը պատասխանեց. «Ես այդ գիտեմ: Ես Երուսաղեմ չեմ գնում պարզապես վկայելու համար, ես գնում եմ և պատրաստ եմ Հիսուս Քրիստոսի համար մեռնելու»: Նա հասկացել էր թե ինչ էր արել և փափագում էր իր վկայությունը կնքել սեփական արյունով, մեռնել նահատակի մահով, որովհետև ինքն էլ սպանել էր Աստծո նահատակներից մեկին: Եվ ահա նա Դամասկոսի ճանապարհին էր, իր ողջ կրթությամբ (նա հրեաների ողջ կրոնը սովորել էր Գամաղիելի մոտ): Չնայած դրան՝ նա անկայուն էր, չէր կարող որոշ բաներ անել: Հանկարծ մեծ լույս հայտնվեց և որոտ, ու նա ընկավ գետնին: Երբ նա վեր կացավ, մի Լույս կար, որ այնպես էր փայլում, որ նա կուրացավ: Ինչ տարօրինակ բան: Նրանից բացի ոչ ոք չտեսավ Լույսը: Լույսն այնքան իրական էր իր համար, որ կուրացրեց իրեն: Նա ոչինչ չէր տեսնում, լիովին կույր էր իր առջև վառվող Կրակի սյունի առջև: Նա մի ձայն լսեց, որ իրեն ասում էր. «Սավու’ղ, Սավու’ղ, ինչու՞ ես Ինձ հալածում»: Նա ասաց. «Ո՞վ ես, Տեր», ու Տերն ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես. դժվար է քեզ համար խթանին քացով տալը: Կանգնիր և քաղաք մտիր, և կասվի քեզ, թե ինչ պետք է անես»: Անանիան՝ մի մարգարե, աղոթքի ժամանակ մի տեսիլք տեսավ և գնաց Սողոսի հետևից, երբ նա վեր էր կացել և մտել քաղաք: Այս մարգարեն՝ Անանիան, Սողոսի վրա ձեռք դրեց և բժշկեց նրան աստվածային բժշկությամբ: Այնժամ նա վեր կացավ, մկրտվեց, լվացվեց իր մեղքերից՝ կանչելով Տեր Հիսուսի Անունը: Այդ ժամանակ նա ստացավ Բացարձակ հիմքը: Դրանից հետո նա այլևս նույնը չմնաց: Նա գնաց եկեղեցուց եկեղեցի, վայրից վայր՝ ջանալով կառուցել այն, ինչ մի ժամանակ փորձում էր քանդել: Ո՛հ, այդ Բացարձակ հիմքը որքան պետք է այս երկրին, քրիստոնեական աշխարհին: Նրանք, ովքեր հավատո հանգանակներ են սարքում, փորձում են մարդկային ուսմունքների միջոցով որակազրկել Խոսքը և հավատացնել, որ Նա նույնը չէ երեկ, այսօր և հավիտյան: Նրանք կարիք ունեն մի Բացարձակ հիմքի, նրանց պետք է մի փորձառություն նման Պողոսի ունեցած փորձառությանը Դամասկոսի ճանապարհին: Նրանք կարիք ունեն հանդիպելու կենդանի Աստծուն, ով բժշկում է հիվանդներին, հարություն տալիս մեռելներին, հանում դևերին: Նրանց պետք է մի իսկական Բացարձակ հիմք: Պողոսը գիտեր, որ իր հետ մի բան է կատարվել, մի բան, որն իրենից ոչ ոք չէր վերցնի: Ուրիշ ոչինչ նրա համար կարևոր չէր: Նա կապված էր և վերջ: Հոգ չէր, թե ինչ կպատահի, նա գիտեր, իր կյանքը կապված է Քրիստոսի հետ: Ո՛հ,այդ օրվանից նրա կյանքը շատ տարբեր էր դարձի գալուց առաջ ապրած իր կյանքից: Հիշեք, որ նա միշտ կրոնասեր մարդ էր եղել: Եվ դա վերաբերում է ձեզ բոլորիդ (գիտեմ, որ հասկանում եք, որ այս քարոզը ձայնագրվելու է, և ձայներիզները լսելու են ողջ աշխարհում): Ոմանք այս առավոտ ներկա են այստեղ: Մյուսները կլսեն սա ուրիշ երկրկներում, թարգմանչի միջոցով (այս պատգամը կտրվի Աֆրիկայի տարբեր ցեղերին, հոտենտոտներին): Դուք էլ կլսեք, կրոնական առաջնորդներ, որ աստվածաշնչային կրթություն եք ստացել (դուք սովորել եք բոլոր պատմական տվյալները և կարող եք այդ բաները բացատրել), բայց եթե դուք չունեք Բացարձակ հիմք, ինքներդ փորձառություն չեք ունեցել կամ էլ ձեր ունեցած փորձառությունը ձեզ չի մղում ընդունելու որ այս պատգամի ամեն խոսքը նույնքան ճշմարիտ է այսօրվա եկեղեցու համար, որքան այն ժամանակվա եկեղեցու, եթե ձեր հույսը դնում եք ձեր բակալավրի աստիճանի վրա կամ ձեր հարանվանության, որն ասում է. «Հրաշքների ժամանակներն անցել են, աստվածային բժշկություն չկա, Պենտեկոստեի ժամանակվա Սուրբ Հոգով մկրտությունը այսօրվա համար չէ» և այլն. եթե սա է ձեր ողջ ունեցածը, սիրելի եղբայր, սիրելի քույր, ուրեմն դուք կարիք ունեք Դամասկոսի ճանապարհի փորձառության: Դուք կարիք ունեք հանդիպելու կենդանի Աստծուն, ոչ թե որևէ միստիկական գաղափար ընդունել ձեր հոգում, կամ ինչ-որ զգացողություններ ունենալ, այլ անցնել իսկական փորձառության միջով: Այն նույն Հիսուսը, որ քայլում էր Գալիլիայով, կենդանի է մեր մեջ այսօր և ապրում է հավիտյան: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Դա է Բացարձակ հիմքը, երբ կարիք չունես ուրիշների խոսքերն ընդունել, այլ ինքդ գիտես, դա ինչ-որ զգացողություն չի: Եվ եթե ձեր ունեցած զգացողության վերաբերյալ (դա կարող է լինել ճշմարիտ, սուրբգրային ապրում) մեկը փորձում է ձեզ համոզել, թե դա ուրիշ ժամանակների համար էր, զգույշ եղեք: Մի լավ միջոց կա իմանալու համար, թե ինչից կառչեք: Պետք է քննեք Խոսքով: Դա է չափանիշը: Եթե տունը նախագծի համաձայն չի կառուցված, տերը կքանդի և կվերակառուցի նախագծի համաձայն: Տունը պետք է նախագծի համաձայն լինի: Կարևոր չէ թե ինչ փորձառություն եք ունեցել, եթե ձեր մեջ ինչ-որ բան ասում է, որ Աստվածաշունչը ճշմարիտ չի, որ Աստծո զորությունը, առաքյալները, մարգարեները, քարոզիչները, հովիվները, Սուրբ Հոգու պարգևները և բոլոր մյուս բաները Պենտեկոստեի ժամանակվա նման ուժի մեջ չեն այսօր, ուրեմն ինչ-որ սխալ բան կա ձեր բացարձակ հիմքի մեջ: Այն ավելի շուտ կապված է հարանվանության քան թե Աստծո Սուրբ Գրքի հետ, որովհետև ասվում է. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ Խոսքերը չեն անցնի»: Ուշադրություն դարձրեք ձեր Բացարձակ հիմքին: Գուցե դուք լիովին վստահ եք, որ լավ հարաբերություններ ունեք ձեր հովվի, վերակացուի, երեցի կամ եկեղեցում որևէ հայտնի մարդու հետ, բայց եթե ձեր Բացարձակ հիմքը Հիսուս Քրիստոսը չէ… «Այս ժայռի վրա ես կկառուցեմ իմ Բացարձակ իշխանությունը, և դժոխքի դռները չեն հաղթի նրան»: Դա հոգևոր հայտնությունն է և Նրա ճանաչողոթյունը: Դա ճիշտ է: Երբ դուք դառնում եք Պողոսի նման, ունենում եք նույն Բացարձակ Հիմքը, ինչ որ նա ուներ: Քրիստոսակենտրոն կյանքը շատ տարբեր է այն կյանքից, որ մի ժամանակ ունեիք, եթե նույնիսկ դա շատ կրոնասեր կյանք էր: Ես լսել եմ, որ մարդիկ ասում են. «Նրանք շատ կրոնասեր են»: Դա ոչինչ չի նշանակում: Բոլոր կրոններում ես տեսել եմ շատ կրոնասեր մարդիկ, որոնք նույնիսկ ավելի անկեղծ են քան այսօրվա քրիստոնյաներից շատերը: Երբ մի մայր վերցնում է իր թմբլիկ սևամորթ բալիկին մոտավորապես այս հասակի և նետում է նրան կոկորդիլոսի բերանը հանուն իր աստծո, ես ինձ հարցնում եմ, թե ինչքան անկեղծություն կա քրիստոնեության մեջ: Երբ մարդ իր մարմնի մեջ հազարավոր կեռիկներ է դնում, ծանրություն է կախում ու դրանով քայլում է կրակե գծի միջով որի երկարությունն այնքան է ինչպես այստեղից մինչև դահլիճի ծայրը ի նշան զոհաբերության իր աստծուն (մի կուռք որի աչքերը թանկարժեք քարերից են), ես ինձ հարցնում եմ, թե ուր է քրիստոնեությունը: Ուրեմն մի վստահեք անկեղծությանը: Անկեղծությունը դեռ մեծ բան չէ: Անկեղծությունը ճիշտ է, եթե ճիշտ բանի է ուղղված: Երբ բժիշկը ձեզ դեղատոմս է գրում, կարող է սխալվել ու ամենայն անկեղծությամբ ձեզ մկնդեղ նշանակել կամ ծծմբական թթու ամենայն անկեղծությամբ: Գուցե ձեզ սխալ դեղատոմս են գրել, և դուք դեղը ընդունում եք ամենայն անկեղծությամբ, բայց դա ձեր կյանքը չի փրկի: Ամենևին: Դուք պետք է իմանաք թե ինչ եք անում: Այն, ինչ Աստծո Խոսքին հակառակ է, կարևոր չէ թե ինչքան ժամանակ է գոյություն ունեցել, միշտ էլ սխալ կլինի: Պենտեկոստեի օրը Պետրոսը տվեց հավիտենական դեղատոմսը: Նա ասաց. «Ապաշխարեցե՛ք և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի Անունով մկրտվի՝ մեղքերի թողության համար և Սուրբ Հոգու պարգևը կստանաք: Որովհետև այս խոստումը ձեզ ու ձեր զավակների համար է, նաև այն հեռավորների համար, ում մեր Տեր Աստված կկանչի»: Դա ճիշտ է: Հավիտենական Դեղատոմս է: Որևէ խաբեբա դեղագործ կարո՞ղ է վերցնել դեղատոմս, որը կսպանի ձեզ: Անշուշտ: Դուք գիտեք, որ դեղի մեջ որոշակի չափով թույն կա, որը բացիլներին սպանելու համար է և բժիշկը գիտի, թե ինչքանի կարող է դիմանալ ձեր մարմինը: Եթե թույնը չափից շատ լինի, կսպանի ձեզ: Իսկ եթե բավարար չափով չլինի, դեղը ոչ մի օգուտ չի տա: Նա գիտի, թե ինչ չափի պետք է լինի, որ ձեր մարմինը դիմանա: Նույնը վերաբերում է Աստծո Դեղատոմսին: Մի հավատացեք նրանց ովքեր ասում են, որ պետք է այս անել կամ այն: Բառացիորեն հետևեք Խոսքին: Կառչեք Խոսքից: Ոմանք ասում են որ մկրտությունը պետք է լինի ջրցողման միջոցով՝ օգտագործելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու տիտղոսները: Նման բան չկա Աստվածաշնչում: Ոչ մի տեղ չի ասվում, որ որևէ մեկը մկրտված լինի այլ կերպ քան Տեր Հիսուս Քրիստոսի Անունով: Այդ դոգման ավելացվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից և մնացել է որպես ավանդույթ (այդ մասին կխոսենք այս երեկո): Բայց ուշադրություն դարձրեք, որ չնայած այդ ամենին, Դեղատոմսը շարունակում է մնալ: Ահա թե ինչու այդքան հիվանդներ կան ձեր մեջ: Որովհետև նրանք չեն լսում Բժշկի խոսքերը: Այդ Բժշկի ասածն է Բացարձակ իշխանությունը: Երբ կապված է այդ Բացարձակ իշխանության հետ, ուրեմն վերջ: Դա Աստծո Խոսքն է: Դա անսխալական է: Այնքան կրոնասեր մարդիկ կան, որոնց կյանքի կենտրոնը Քրիստոսը չի: Այսօր այդպիսիները շատ են: Երբ դուք սկսում եք ապրել քրիստոսակենտրոն կյանքով այն ձեզ մղում է անելու բաներ, որոնք նախկինում չէիք անում: Այլ կերպ եք վարվում: Դա չի նշանակում որ հիմարություններ եք անում: Ոչ, դուք քայլում եք Հոգու համաձայն, այն բաների համաձայն, որ ճշմարիտ և իսկական են: Երբ տեսնում եք, որ մեկը հիմարություններ է անում, գիտեք, որ ինչ-որ բանի է նմանակում: Նա փորձում է նմանակել իսկականը: Երբ տեսնում եք կեղծ դոլար, հիշեք, որ կրկնօրինակվել է իսկական թղթադրամից: Երբ որևէ նմանակում եք տեսնում, նշանակում է, որ ինչ-որ տեղ իսկականն էլ կա: Կեղծը ճշմարիտի, իսկականի նմանակումն է: Հիշեք, որ այդ կյանքը ձեզ մղում է անելու բաներ, որոնք սովորաբար չէիք անում: Դա մի բան է, որ… Երբ ընդունում եք այդ Բացարձակ Հիմքը, ոչ մի կասկած չեք ունենում, դուք վստահ եք լինում դրանում: Դուք չեք օգտագործում մեկ ուրիշի փորձառությունը: Դրա համար քրիստոնյաները դառնում են Աստվածաշնչի փոքր երեխաների նման, ավելի ճիշտ (կներեք)՝ դպրոցի երեխաների նման, որոնք իրարից արտագրում են: Եթե նա, ումից արտագրում են, սխալ բան գրի, ողջ դասարանը սխալ կգրի, ամեն ինչ սխալ կլինի: Ոհ, մի արտագրեք, ինքներդ ունեցեք Նրան հանդիպելու փորձառությունը: Այստեղ է իմ լավ բարեկամներից մեկը, որդին իմ ընկերներից մեկի, որի հետ ծանոթ եմ եղել ողջ կյանքում՝ Ջիմ Փուլը: Նրա հայրը և ես միասին ենք դպրոց գնացել: Ինչ հրաշալի տղա էր: Կրտսեր Ջիմը և ես անդադար աղոթում էինք, որ ավագ Ջիմը իսկական հավատացյալ դառնա: Երեկ միասին խոսում էինք այն մասին, որ միշտ Աստծուն գտնում ենք անտառում, տեսնում ենք Նրան ողջ բնության մեջ: Այնտեղ կգտնեք Նրան, որովհետև Նա է Արարիչը, և Նա արարչագործության մեջ է: Հիշում եմ, որ ես ու Ջիմը հաճախ էինք գնում որսի: Երբ մութն ընկնում էր, դուրս էինք գալիս, վերցնում մեր հեծանիվները և իջնում փողոցով ողջ արագությամբ (շատ էինք վախենում գերեզմանի մոտով անցնել մութ ժամանակ) և գնում էինք մեզ համար պաղպաղակ գնելու: Մենք տասը, տասներկու, տասնչորս տարեկան տղաներ էինք: Ջիմը սիրում էր կարդալ պատմություններ որսորդների մասին: Իսկ ես նստում էի ու երազում այն մասին որ… (այստեղ տղաներից ոմանք կարող են ինձ հասկանալ): Ինչ-որ տեղ մի փոքրիկ հյուղակ էի տեսել և ասում էի. «Այ, այսպիսի մի հյուղակ կուզեի ունենալ սարերում»: Եվ երազում էի որ մի օր այդպիսի հյուղակ կունենամ սարերում, որ գնամ որսի: Ջիմը սովորություն ուներ նստելու և գիրք կարդալու: Ես ասում էի. «Ջիմ…», նա ասում էր. «Ես սիրում եմ այդ մասին կարդալ»: Ես նրան պատասխանում էի. «Այս ամենը ուրիշների արածներն են: Իսկ ես կուզեի դա անձամբ անել»: Երբ ես եկա Քրիստոսին, ես չցանկացա օգտագործել ուրիշների փորձառությունները, ես ուզում էի ինքս փորձառություն ունենալ: Երբ երիտասարդ էի արևմուտքի վերաբերյալ պատմություններ էի կարդում և ուզում էի նույն բաներն ապրել և նմանվել հերոսներին: Բայց մի օր Աստծո Շնորհքով ձեռքս վերցրի ճշմարիտ Գիրքը՝ Աստվածաշունչը: Այն ժամանակվանից իմ երգն ու վկայությունը եղել է. «Լինել Հիսուսի նման: Արդեն երկրի վրա ես ուզում եմ լինել Հիսուսի նման»: Ես չեմ ուզում եկեղեցում լինել եպիսկոպոս կամ իշխանություն ունեցող, պապ կամ քահանա: Ես ուզում եմ լինել Հիսուսի նման: Երբ դուք ունեք Բացարձակ Հիմք, դա ձեզ տարբեր է դարձնում: Ինչ-որ բան կա, երբ կարդում եք Իր Խոսքը… Մի բան կա ձեր սրտի մեջ, որը ձեր մեր փափագ է դնում նմանվելու Նրան: Դուք համոզված եք… Այն, ինչ խարիսխն է նավի համար, Բացարձակ Հիմքն էլ՝ քրիստոնյայի համար: Այո, դուք պետք է ունենաք Բացարձակ Հիմք: Եվ եթե Քրիստոսն է ձեր Բացարձակ Հիմքը, դուք խարիսխ ունեք: Երբ ծովն ալեկոծված է, և նավը՝ սուզվելու մոտ, միակ լուծումը խարիսխ գցելն է: Եվ եթե նավը տարուբերվում է ալիքների վրա, խարիսխը այն կպահի: Մենք դրա մասին երգ ունենք (չեմ հիշում, թե ով է հեղինակը)՝ «Իմ խարիսխը հաստատուն է»: Մտածեք փոքրիկ տղայի մասին, որը թռցնում է իր օդապարուկը: Նա այն չի տեսնում, բայց պարանը իր ձեռքում է: Մի մարդ անցավ և նրան հարցրեց. «Փոքրիկ, ի՞նչ ես անում»: ---- Ես թռցնում եմ իմ օդապարուկը: ---- Ի՞նչ կա քո ձեռքում: ---- Պարան: ---- Ու՞ր է օդապարուկը: Ես չեմ տեսնում: Որտեղի՞ց գիտես, որ մյուս ծայրին ինչ-որ բան կա: Երեխան պատասխանեց: Ես այն զգում եմ, որովհետև ձգում է»: Տեսնու՞մ եք: Պարանի մյուս ծայրին բացարձակ հիմք կար: Այդ փոքրիկ երեխայի համար բացարձակ հիմքը օդապարուկն էր: Դրա համար կարող էր ասել, որ թռցնում է: Նա չէր տեսնում այն, բայց զգում էր, որ ձգում է: Այդպես վերստին ծնված, Սուրբ Հոգուց ծնված մարդը զգում է, որ իր ձեռքում պահում է մի բան, որի խարիսխը այն կողմում է: Եվ փոթորիկը չի կարող նրան սուզել: Նա գիտի, որ ամեն բան կարգին է, որ ինքը ամուր հաստատված խարիսխ ունի: Եթե մենք մեր նավով սահում ենք կյանքի մեծ օվկիանոսով… Ինչպես ասում էր մեծ բանաստեղծը. Կյանքը ունայն երազանք չէ Ու մեռած է հոգին նիրհող, Թվացյալը իրական չէ, Կյանքն է իրական, Նպատակը գերեզմանը չէ, «Հող ես, հող դարձիր» խոսքերը հոգուն չեն ուղղված: Ես շատ եմ սա սիրում: Լոնգֆելոուն է գրել այս կյանքի սաղմոսը: Կյանքի փոթորկոտ օվկիանի վրա Մոլորված ու հոգնած եղբայր, Տեսնելով դա, նորից կքաջանաս: Մենք սահում ենք կյանքի մեծ օվկիանոսով, և Քրիստոսը փոթորկի ժամանակ… Երբ փոթորիկը մոլեգնում է և ալեկոծում է լինում, ես սիրում եմ մտածել, որ Խարիսխ ունեմ, որ հաստատուն կերպով ամրացած է այն կողմում. մահն էլ չի կարող այն հանել: Ձեր խարիսխը Բացարձակ Հիմքն է: Քրիստոսն է մեր Խարիսխը: Ո՞վ է Նա: Բանն է՝ Խոսքը: «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր: Եվ Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց»: Ուրեմն, երբ մենք գիտենք, որ մեր գործերը կատարյալ ներդաշնակության մեջ են Խոսքի հետ, երբ մեր ուսմունքը կատարյալ ներդաշնակության մեջ է Խոսքի հետ (ոչինչ չենք ավելացնում ու չենք պակասեցնում), մեր կյանքում կտեսնենք նույն արդյունքը, որ ունեցել են բոլոր նրանք, ովքեր խարսխված էին այդ Խոսքի մեջ. մեր խարիսխը հաստատուն է: Քրիստոսի Կյանքը ձեր մեջ մարմնավորվում է համարյա այնպես, ինչպես Քրիստոսի մեջ, որովհետև Աստված էր Քրիստոսի մեջ, որ աշխարհը հաշտեցնում էր Իր հետ… Եվ տեսնում եք, որ Աստված ձեր մեջ պահում է Խոսքի նույն ողնուցը, ճիշտ այնպես, ինչպես Հիսուսն արեց, և տեսնում եք Նրա կյանքը: «Դուք էլ կանեք Իմ կատարած գործերը: Նա, ով Ինձ հավատում է (ոչ թե ձևացնում է, թե հավատում է, ոչ թե կարծում է, թե հավատում է) կանի այն գործերը, որ Ես եմ անում»: Ինչու՞: Որովհետև նա խարսխված է նույն Ժայռի վրա: Ո՞րն էր այդ Ժայռը: Խոսքը, միշտ Խոսքն է եղել: Այնտեղ եք ձեր խարիսխը: Դա ձեր բևեռային Աստղն է, երբ մոլորվել եք ծովի վրա: Շատ աստղեր կան, բայց միայն մեկ աստղ կա, որը չի շարժվում: Դա բևեռային աստղն է, որովհետև գտնվում է երկրի բևեռում: Անկախ նրանից, թե դուք որտեղ եք, այդ բևեռային աստղը միշտ նույնն է մնում: Դա ձեր բևեռային աստղն է: Հասկանու՞մ եք: Շատ աստղեր կան, որոնք տեղափոխվում են: Ամեն նավաստի և ամեն որսորդ գիտի, որ բևեռային աստղը միակ աստղն է, որով կարող ես կողմնորոշվել: Դա կողմնացույցի նման է: Կողմնացույցը ցույց չի տալիս Մարսի կամ Յուպիտերի ուղղությունը, այլ հյուսիսի: Դա է բացարձակ հիմքը: Ուշադրություն դարձրեք՝ ձեր բացարձակ Հիմքը: Ո՛հ, ես հիմա ձեզ մի բան կասեմ: Զգում եմ, թե ինչպես է դա ինձ համակում (Այդ վստահությունը ինձ լցնում է ակնածանքով): Դուք գիտեք, որ կողմնացույցը ցույց է տալիս միայն դեպի հյուսիս և ոչ մի ուրիշ տեղ: Եթե դա լավ կողմնացույց է, միշտ ցույց կտա հյուսիսը: Մի՞թե այդպես չէ: Եթե դուք ունեք Սուրբ Հոգին, նա ձեզ կառաջնորդի միայն դեպի Խոսքը: Նա ձեզ երբեք չի առաջնորդի դեպի որևէ հարանվանություն կամ հավատամք: Նա Խոսքից բացի ուրիշ տեղ չի առաջնորդի ձեզ (ոհ, կուզեի աղաղակել): Դա մի բան է, որ սրտի նման բաբախում է ձեր մեջ: Երբ տեսնում եք, որ այնտեղ փայլում է ձեր Աստղը, Հիսուս Քրիստոսը՝ Խոսքը… Հոգին, որ ձեր մեջ է, բնավ չի թողնի, որ դուք աջ կամ ձախ թեքվեք: Նա միակն է, որ կարող է… Նա եկել է, որ վերցնի ու ցույց տա, բացահայտի Աստծո գործերը: Հիսուսն ասաց. «Նա կանի հենց այն, ինչ ես ասել եմ, որ անելու է: Նա ձեզ ցույց կտա գալիք բաները (նախօրոք, մինչև կատարվելը): Նա կվերցնի այն, ինչ Իմն է և ձեզ ցույց կտա: Նա ձեզ ցույց կտա գալիք բաները» (Հովհ. 15-րդ գլուխ): Մենք տեսնում ենք, որ Նա մեզ ցույց է տալիս այդ բաները: Նա վերցնում է այն, ինչ Աստծունն է և ցույց է տալիս մեզ: Նա մեզ կբացահայտի Հիսուսի ասածները: Այլ կերպ ասած՝ Նա ամեն բան պարզ կդարձնի: (Նշեք դա ինչ-որ տեղ, որովհետև այս երեկո օգտագործելու ենք դա): Վստահ լինել… դուք գիտեք, որ ձեր բևեռային Աստղը, որը յուրաքանչյուր քրիստոնյայի համար Խոսքն է … Այն ամենը, ինչ հակառակ է Խոսքին… Թույլ տվեք ձեզ մի բան ասել: Ուշադիր լսեք: Սա է Աստծո կատարյալ աստվածային հայտնությունը, Նրա կամքը, Քրիստոսի գալուստը. և ամեն բան իրականացավ այս Գրքում: Եվ եթե ցանկացած բան ձեզ հեռու է տանում Խոսքից, դեն նետեք այդ սխալ կողմնացույցը, որովհետև դա միայն հավատամք է: Դա միայն թուղթ է, որը պահում եք ձեր գրպանում, շրջանակի մեջ եք դնում և կախում ձեր սենյակում: Դա հավատամք է: Մարդիկ եղբայրներ, գտեք Կողմնացույցը, որը ձեզ առաջնորդում է Խոսքին: Ամեն: Ուշադրություն դարձրեք, որ երբ Պողոսը ունեցավ այդ փորձառությունը, գնաց Եգիպտոս կամ Արաբիա և երեք տարի սերտեց այնտեղ: Փառք Աստծուն: Նա պետք է վստահ լիներ: Եվ երբ նա հասկացավ, երբ Սուրբ Հոգին նրան առաջնորդեց, բառ առ բառ, նա կարողացավ գրել եբրայեցիներին ուղղված նամակը և լույս բերել հրեաներին: Անկասկած: Ինչու՞: Որովհետև նա գտել էր ճիշտ ուղղությունը: Սուրբ Հոգու կողմնացույցը նրան ցույց էր տվել Բևեռային Աստղի ուղղությունը: Եթե որևէ բան ձեզ հեռացնում է Խոսքից, լավ կլինի լքեք այդ բանը: Դա ճիշտ է: Նա ձեզ կառաջնորդի Իր Խոսքին, և միայն Իր Խոսքին, որովհետև Սուրբ Հոգին եկավ բացահայտելու Աստծո խոստումը: Ոչ մի հավատամք ու ոչ մի կազմակերպություն չի կարող անել այդ: Ոչ մի զորություն չի կարող անել այդ, ոչ ոք չի կարող բացի Սուրբ Հոգուց, որ գործում է Խոսքով: Դա Սերմն է: Վերցրեք մի ցորենի հատիկ, մի գեղեցիկ հատիկ: Այն ոչինչ չի կարող անել: Մեռած է, մինչև սաղմի հայտնվելը, իսկ հետո շատ ցորենի հատիկներ կարող է բերել: Եվ Քրիստոսն է այդ Կյանքը, այդ Բացարձակ Հիմքը: Եթե ցորենի հատիկի մեջ չկա այդ բացարձակ հիմքը, երբեք հարություն չի առնի: Եթե ցորենի հատիկը իր մեջ չունի այդ բացարձակ հիմքը, ինչքան էլ գեղեցիկ տեսք ունենա, երբեք չի կարող ապրել, որովհետև դրա մեջ կյանք չկա: Բայց երբ ստանում է այդ Բացարձակ Հիմքը, կարող է բոլոր այդ քննադատներին նայել դեմ առ դեմ և ասել. «Ես հարություն կառնեմ»: Ինչու՞: Որովհետև ունի իր մեջ այդ Բացարձակ Հիմքը: Դա իր մեջ է և հարություն կտա նրան: «Եթե Իմ մեջ մնաք, Իմ Խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ էլ, որ կամենաք, կխնդրեք, ու կլինի ձեզ»: Սա է Բացարձակ Հիմքը: Բայց եթե միայն հավատո հանգանակներ և նման բաներ ունեք… Յուղն ու ջուրը չեն խառնվում: Դուք կարող եք դրանք տարրալուծել, բայց երբեք չեն խառնվի, որովհետև բնույթով տարբեր են: Այդպես էլ չեք կարող հավատամքները խառնել Աստվածաշնչի հետ: Չեք կարող Աստվածաշունչը խառնել իրեն հակառակ բաների հետ: Դուք չեք կարող խառնել հարանվանությունները վերստին ծնունդով անցածների հետ, որովհետև դա հաստատ է, որ Աստված գործ ունի միայն… Հիմա կասեմ այդ մասին: Աստված երբեք չի փոխում Իր ծրագիրը: Նա չի կարող այդ անել, որովհետև Նա անսահման է: Ես շատ լավ գիտեմ, որ այն ամենը, ինչ ասելու եմ, շատերն են լսելու: Բայց դա ճիշտ է. Աստված չի կարող փոխել Իր ծրագիրը: Նա չի կարող մի օր մի կերպով վարվել, մեկ ուրիշ օր՝ ուրիշ կերպով՝ ասելով, որ առաջին անգամ սխալվել է: Աստված գործ չունի մարդկանց խմբերի հետ: Նա գործ ունի միայն անհատների հետ, որովհետև բոլոր մարդիկ ունեն տարբեր գաղափարներ: Նա նրանց ստեղծել է տարբեր բնություններով: Եվ անհրաժեշտ է, որ Աստված վերցնի մարդուն, թափ տա այնքան, որ մարդ ազատվի իր «ես»-ից: Միայն այդ ժամանակ Աստված կարող է գործ ունենալ այդ մարդու հետ: Տեսեք, թե ինչ է կատարվել դարերի ընթացքում: Եղել են, Նոյը, Մովսեսը, մարգարեները: Երբեք նույն ժամանակաշրջանում երկուսը չեն եղել, այլ ամեն անգամ՝ մեկը, դարերի ընթացքում: Դրա համար, եթե դուք ասում եք. «Մեծամասնությունն իրավացի է…»: Վերջերս այստեղ քարոզեցի Աքաաբի և Հովսափատի մասին: Երբ նրանք գնացին Ռամովթ-Գաղաադ՝ հակահարված տալու… Սկզբունքորեն նրանք ճիշտ էին: Երկիրը իրենց էր պատկանում: Եվ նրանց թշնամիները՝ ասորիները, իրենց երեխաներին կերակրում էին այն ցորենով, որը պետք է իսրայելացիները ուտեին, որովհետև Աստված Ինքն էր նրանց տվել այդ տարածքը: Սկզբունքորեն ամեն բան ճիշտ էր թվում: «Արի ինձ հետ, և մենք նրանց կվռնդենք երկրից»: Ամեն բան կատարելապես ճիշտ էր թվում, սկզբունքորեն ճիշտ էր, բայց կային որոշ պայմաններ: Հովսափատն արդար մարդ էր, նա ասաց. «Արդյո՞ք չպետք է հարցնենք Տիրոջը»: Անշուշտ, Աքաաբ ուրացողը ասաց. «Համաձայն եմ: Ինչպես չէի մտածել այդ մասին: Ես ձեռքիս տակ չորս հարյուր հրեա մարգարեներ ունեմ, որոնց կերակրում եմ և հոգ տանում: Ողջ երկրի վրա նրանք լավագույններն են: Կանչենք նրանց»: Բոլորը միաբան ասացին. «Գնանք, Տերը մեզ հետ է»: Սկզբունքորեն նրանք ճիշտ էին, բայց չէին գտել այդ Բացարձակ Հիմքը: Երբ Հովսափատը հարցրեց. «Արդյո՞ք բոլոր մարգարեներն այստեղ են», Աքաաբը պատասխանեց. «Ոչ, մեկն էլ կա, բայց ես նրան ատում եմ, որովհետև չար մարգարեություն է անում իմ վերաբերյալ, միշտ ասում է…»: Ինչպե՞ս կարող էր լավ բան մարգարեանալ, երբ ամբողջ Խոսքը… Եղիան նախկինում եկել էր նրա առաջ և ասել էր. «Շները կլակեն քո արյունը»: Ինչպե՞ս կարող էր Աստծո կողմից հաստատված մարգարեն ասել մի բան, որը չհամապատասխաներ Աստծո կամքին: Եվ եթե շները պիտի ուտեին Հեզաբելի մարմինը և նրա դիակը աղբի պես լիներ ագարակի մեջ, այնպես որ ոչ ոք չկարողանար ասել. «Սա Հեզաբելն է», ինչպե՞ս որևէ մեկը կարող էր օրհնել մի մարդու, որ իր վրա այսպիսի անեծք էր կրում: Նույնը վերաբերում է այսօրվան: Ինչպե՞ս կարող ենք Աստծո օրհնությունը խնդրել այն բաների վրա, որոնք մարդկանց հեռացնում են Աստծուց: Միայն մեկ բան կա անելու: Եթե նույնիսկ բոլորովին մենակ եք մնալու, անիծեք դա Տիրոջ անունով և մնացեք ձեր Բացարձակ Իշխանության հետ: Դուք ինձ կասեք. «Բրանհամ եղբայր, եթե այդպես անեք, մարդիկ ձեզ կատեն»: Բայց Աստված ինձ կսիրի: Սա է իմ Բացարձակ Հիմքը: Ես չեմ կարող հենվել մարմնեղեն բազուկի վրա, այլ միայն Խոսքի: Անում եմ այն, ինչ Աստված է ասում: Ինչպե՞ս Միքիան իմացավ, որ ինքն իրավացի էր: Նա սպասեց: Նա տեսիլք էր ունեցել: Մյուսներն էլ էին տեսիլք ունեցել, բայց նրանց տեսիլքը չէր համապատասխանում Խոսքին: Այսօր էլ նույնն է: Միքիան իր տեսիլքը համեմատեց Խոսքի հետ և տեսավ, որ այն ներդաշնակ է Խոսքի հետ: Այսօր եթե ձեր տեսիլքը չի համապատասխանում Խոսքին, հրաժարվեք դրանից, դա կեղծ հիմք է: Միքիայի բացարձակ հիմքը կատարելապես համապատասխանում էր Խոսքի հետ, դրա համար նա կարող էր հենվել դրա վրա և հավատալ դրան: Երբ հարվածեցին նրա ծնոտին ասելով. «Ինչպե՞ս է անցկացել Տիրոջ Հոգին ինձանից որ քեզ հետ խոսի», նա պատասխանեց. «Ահա կտեսնես այն օրը որ սենյակից սենյակ կմտնես թաքնվելու համար»: Աքաաբն ասաց. «Բանտ տարեք դրան, և երբ վերադառնամ, կզբաղվեմ նրանով»: «Միքիա, ի՞նչ արեցիր: Երբ վերադառնա, գլուխդ կտրել կտա»: Միքիան մնաց նույնքան հաստատուն, որքան Ստեփանոսը (ամեն), նույնքան հնազանդ, որքան մեր Տերը, որ քայլեց դեպի խաչ, նույնքան հանդարտ, որքան Դանիելը, երբ իջավ առյուծների գուբի մեջ կամ Սեդրակը, Միսակը և Հաբեթնակովը, երբ գցվեցին կրակի հնոցի մեջ: Կատարելապե՛ս: Նա կանգնեց այնտեղ և ասաց. «Եթե վերադառնաս…»: Ինչու՞: Որովհետև նա ուներ Բացարձակ Հիմքը: «Եթե դու վերադառնաս, ուրեմն Տերը ինձանով չի խոսել: Այդ ժամանակ կարող ես գլուխս կտրել»: Նա ուներ Բացարձակ Հիմքը: Նա գիտեր, որ այն Կողմնացույցը, որն իրեն առաջնորդել է այդ տեսիլքում, իրեն հստակ կերպով ցույց էր տալիս բևեռային Աստղը: Այո, նրա խարիսխը հաստատուն էր: Այո, Խոսքը և միայն Խոսքը… Եթե դուք ձեր կյանքում ունեք Բացարձակ Հիմք… Դուք գիտեք, որ մի ժամանակ բացարձակ չափանիշ կար էթիկայի համար: Ես այլևս չեմ հիշում այդ կնոջ անունը, ով… բայց բոլորը հավատում էին, որ նրա ասածները ճիշտ էին: (Ես չեմ հիշում նրա անունը: Այստեղ մի փոքրիկ նշում էի արել, բայց նրա անունը չեմ հիշում): Մի քանի տարի առաջ պետք էր… Այն ամենը, ինչ այդ կինն ասում էր… Եթե նա ասում էր, որ դանակը պետք է բռնել ձախ ձեռքում, ուրեմն բոլորը պետք է այդպես անեին. դա բացարձակ չափանիշ էր: Այդ կինը բոլոր այդ հարցերի պատասխանն էր: Եթե դուք պատառաքաղը բռնեիք ձախ ձեռքով, սխալ կլիներ: Ի՞նչ էր նրա անունը: (Եկեղեցին պատասխանում է. Էմիլի Պոստ -- ծան. խմբ.): Այո, հենց նա է: էթիկայի հարցում բացարձակ հեղինակությունը նա էր: Պետք էր անել այնպես, ինչպես նա էր ասում: Դրա նման շատ բաներ կան: Բայց հիմա գիտենք, որ դա անցյալում է, այդ կանոնները այլևս արժեք չունեն: Այժմ կարող եք ուտել այնպես, ինչպես ուզում եք: Բայց այն ժամանակ այդ կինը էթիկայի հարցում բացարձակ հեղինակություն էր: Պետք էր անել նրա ասածները: Կար մի ժամանակ, երբ Գերմանիայի համար բացարձակ հեղինակությունը Հիտլերն էր: Այն ամենը, ինչ նա ասում էր… Երբ նա ասում էր. «Ցատկեք», բոլորը ցատկում էին: Երբ ասում էր. «Սպանեք», բոլորը սպանում էին: Միլիոնավոր հրեաներ այդպես մեռան: Տեսաք, թե ինչ ստացվեց այդ բացարձակ հեղինակությունից: Թվում էր, որ զորություն է, բայց այդ զորությունը հակառակ էր Խոսքին: «Որտեղի՞ց գիտեք, որ դա հակառակ էր Խոսքին»: Աստված ասաց… Մի՞թե Բաղաամը չէր, որ հայացքը ուղղելով Իսրայելին՝ ասաց. «Միեղջերուի զորություն ունի նա: Արդարություն է նրա վրաններում: Նրան անիծողը անիծյալ կլինի, նրան օրհնողը օրհնյալ կլինի»: Հիտլերը կարող էր տեսնել դա: Բոլոր գերմանացի քրիստոնյաները կարող էին տեսնել դա: Այդ բացարձակ հեղինակությունը լրիվ հակառակ էր Խոսքին: Գիտեք, որ ասում են. «Աստված մարդուն ստեղծեց, բայց մարդը ստրուկ ստեղծեց»: Միշտ լինում է մեկը, որը ձգտում է մյուսների վրա իշխել: Բայց մենք մեկ Իշխան ունենք՝ Աստված: Բայց Հիտլերը Գերմանիայի բացարձակ հեղինակությունն էր: Ի՞նչ մնաց նրանից այսօր: Ի՞նչ կատարվեց: Դա ճիշտ հեղինակություն չէր: Իսկ ինչու՞: Որովհետև հակառակ էր Խոսքին: Եվ այս ամենը ու՞ր տարավ: Այդ ողջ խայտառակությանը: Եթե ձեր բացարձակ հեղինակությունը կազմակերպություն է, ինչ-որ զգացողություն կամ որևէ ուրիշ բան Հիսուս Քրիստոսից բացի, դուք էլ կընկնեք նույն խայտառակության մեջ կամ ավելի վատ: Եթե ձեր բացարձակ Հեղինակությունը Քրիստոսը չի… Նա է մարդկային կյանքի միակ Առանցքը: Եվ Քրիստոսն է Խոսքը, ոչ թե ձեր եկեղեցին, կամ ձեր սեփական խոսքը: Հասկանու՞մ եք: «Այս Բացարձակ Հիմքի վրա կշինեմ Իմ Եկեղեցին». Քրիստոսի՝ Խոսքի վրա: Կար մի ժամանակ, երբ Իտալիայի բացարձակ հեղինակությունը Մուսոլինին էր: Գուցե այդ մասին կարդացել եմ գրքում, ամսագրում կամ ինձ ասել են, չեմ հիշում: Կարծեմ՝ Մուսոլինին ուզում էր ատլետիկա բերել Հռոմ: Այնտեղ կար նրա մեծ արձանը՝ ատլետի տեսքով: Այդ ամենը շատ լավ է: Հունաստանը վաղուց էր այդ գաղափարն ունեցել: Հռոմը միշտ ձգտել է նրան նմանվել: Ատլետիկան շատ լավ է, բայց չպետք է Քրիստոսի տեղը գրավի: Ինչքան էլ մկանուտ լինեք, դա ոչ մի դեր չի խաղում: Քրիստոսն է Ամենակարողը: Իսկ ինչի՞ վրա էր ուզում Մուսոլինին հիմնել Հռոմը: Այդ հիմքի վրա: Նա էր ուզում լինել նրանց բացարձակ հեղինակությունը: Ասում են, որ մի օր նրա վարորդը եկավ մեկ րոպե շուտ, և նա սպանեց նրան հրացանով: Ասաց նրան. «Ես քեզ չէի ասել, որ այստեղ լինես իննին մեկ պակաս, այլ իննին»: Եվ սպանեց նրան: Տեսնու՞մ եք: «Ոչ թե իննին մեկ պակաս, այլ իննին»: Տեսնում եք, թե ինչ աստիճանի նա ջանաց ինքն իրեն դարձնել բացարձակ հեղինակություն: Բայց նաև տեսաք, թե դա ինչպես վերջացավ: Դուք հիշում եք (հատկապես հնաբնակները՝ Ռոյ Սլաֆթերը և մյուսները), որ ես մարգարեացել էի այդ ժամանակի վերաբերյալ: Մի անգամ «Օդ ֆելոու բիլդինգում» (երբ դեռ խորանը չկար) ասել էի. «Մուսոլինին կմահանա խայտառակ մահով»: Ես ասել էի. «Առաջինը նա կներխուժի Եթովպիա, և Եթովպիան կընկնի իր ոտքերի մոտ: Բայց կգա նրա վերջը և ոչ ոք նրան օգնության չի գա: Նա կմեռնի խայտառակ մահով»: Եվ ահա: Ես ասել էի. «Հայտնվելու են երեք «իզմ»-եր՝ նացիզմը, ֆաշիզմը և կոմունիզմը: Այդ երեք «իզմ»-երը կմիաձուլվեն մեկի՝ կոմունիզմի մեջ: Կոմունիզմը կրակով կկործանի Հռոմը»: Տեսնու՞մ եք: Ուշադրություն դարձրեք, դա գործիք է Աստծո ձեռքերում: Նրանք կարծում են, որ Աստծո դեմ են գործում, բայց անում են հենց այն, ինչ Աստված է կամենում, բայց նրանք չգիտեն այդ մասին: Նա նրանց օգտագործում է խամաճիկների պես: Նրանք գործիք են Նրա ձեռքում, ինչպես Նաբուգոդոնոսորը և մյուսները: Ուշադրություն դարձրեք նաև սրան: Կար մի ժամանակ, երբ Փարավոնը Եգիպտոսի բացարձակ հեղինակությունն էր, բայց տեսաք, թե հետո ինչ եղավ նրա հետ: Նման բաները չեն կարող մնալ: Նրանք կեղծ հեղինակություններ են և միշտ ընկնելու են: Դուք չեք կարող հաստատել մի բացարձակ հեղինակություն, որ մարդու ձեռքով է արված՝ լինի դա նախագահ, դիկտատոր, թագավոր, եկեղեցի, կազմակերպություն, հավատո հանգանակ կամ ցանկացած այլ բան, որոնք սահմանված են կործանվելու ինչպես այդ տեսակի ցանկացած հեղինակություն դարերի ընթացքում: Նայենք անցյալին. տեսեք այն մարդկանց, որոնք իրենց հույսը դրել են կայսեր կամ դիկտատորի վրա: Տեսեք այդ մարդկանց, որոնք իրենց հույսերը կապել են այդ տեսակ հեղինակությունների հետ:Տեսեք, թե ինչ են դարձել նրանք այսօր: Այժմ ուրիշ ուղղությամբ գնանք, նայեք այն մարդուն, որը հույսը դրել է Աստվածաշնչի՝ Աստծո Խոսքի վրա և համարում է այն բացարձակ Հեղինակություն: Տեսեք, թե ուր են նրանք հիմա: Պողոսը դրա վերաբերյալ մեզ մի բան է ասում Եբրայեցիս 11-րդ գլխում: Ի՞նչ արեցին նրանք: «…հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին… և այլն… ոչխարի մորթիներով ու այծի կաշիներով ման եկան՝ կարոտություն քաշելով, նեղված, չարչարված: Որոնց աշխարհը արժանի չէր…»: Նրանք սպասում էին այդ փառավոր Հարությանը: Նրանցից ոմանք չստացան այն, ինչ խոստացված էր իրենց, բայց հանձնեցին իրենց մարմինը չարչարանքների, չնայած ամեն ինչին՝ հայացքն ուղղելով դեպի այդ Հարությունը: Հասկանու՞մ եք, նրանք չվախեցան իրենց կյանքը կորցնելուց: Նրանք փափագում էին զոհաբերվել՝ ստանալու համար այդ առաջին Հարությունը: Դա էին նրանք ուզում: Ինչ վերաբերում է Բացարձակ Իշխանությանը… Դուք գիտեք, որ գերագույն դատարանը բացարձակ իշխանություն է: Դա բացարձակ իշխանություն է: Մեր երկրում այնտեղ են արձակում վերջնական դատավճիռները, բոլոր տարաձայնություններում վերջնական խոսքը: Ոհ, գիտեմ, որ միշտ մեզ դուր չի գալիս դա, բայց այդպես է: Դա բացարձակ իշխանություն է: Ի՞նչ կլիներ, եթե մենք չունենայինք դա: Բայց մենք ունենք այդ բացարձակ հիմքը: Մեր ազգը կապված է դրա հետ: Երբ գերագույն դատարանը արձակում է իր վճիռը, այլևս ոչինչ չկա անելու: Էլ ի՞նչ եք ուզում անել դրանից հետո: Դուք պետք է հնազանդվեք դրա դատավճռին և վերջ: Ուրիշ բան չեք կարող անել: Նրանք ունեն վերջնական խոսքը: Նրանք ունեն «ամեն»-ը: Դուք կարող եք փորձել բոլոր տեղական դատարանները, բոլոր մագիստրատները, գնալ մինչև դաշնային դատարան, բայց չեք կարող գնալ գերագույն դատարանից այն կողմ: «Ոհ, ինձ դուր չի գալիս նրանց որոշումը». բայց ոչ մի տեղ չեք կարող նրանցից փախչել: Դա բացարձակ իշխանություն է երկրի համար: Ի՞նչ կլիներ, եթե չունենայինք դա: Պետք է մենք ունենանք բացարձակ հիմք: Ամեն մարդ պիտի ունենա: Դուք ունեք այդ: Բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ … Ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ է բացարձակ հիմքը: Դուք գիտեք, որ գերագույն դատարանը երկրի բացարձակ իշխանությունն է: Դա վերջնական խոսքն է ցանկացած վիճաբանության ժամանակ: Այն վերջնական լուծում է տալիս: Նրա ասածը հեղինակավոր է: Բեյսբոլի մրցախաղի ժամանակ բացարձակ հիմք կա: Դա մրցավարն է: Եթե նույնիսկ խաղացողները տարբեր կարծիքի են և սկսում են վիճել, մրցավարն է ասում վերջին խոսքը: Եթե մրցավար չլիներ բեյսբոլի խաղի ժամանակ, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ խաղ կլիներ: Կվերածվեր կռվի: Այդ դեպքում էլ բացարձակ հիմքն անհրաժեշտ է, անկախ նրանից համաձայն եք թե ոչ: Նրա խոսքը վճռական է: Նա բացարձակ իշխանություն ունի: Ես ձեզ ցույց կտամ մեկ ուրիշ բացարձակ հիմք: Դա կարմիր լույսն է: Երբ լույսը կարմիր է, նշանակում է «կանգ առեք»: Եթե այնուամենայնիվ անցնեք կարմիր լույսի տակով, դա ձեզ վրա թանկ կնստի: Բայց եթե քաղաքը լուսակիրներ չունենար, ի՞նչ կկատարվեր: Պետք է բացարձակ հիմք: Կարևոր չէ, թե ինչ է ասում ոստիկանության տեսուչը կամ որևէ այլ մարդ: Նրանց խոսքը երկրորդական է: Եթե մեկը կարող է ապացուցել, որ դուք անցել եք կանաչ լույսի տակով, ուրեմն կարևոր չէ, թե ինչ է ասում ոստիկանության տեսուչը. նրանք սխալվում են: Եթե լուսակիրի լույսն ասում է. «Անցեք», ուրեմն կարող եք անցնել: Դա բացարձակ հիմք է: Այնտեղ կարող է կանգնած լինել ոստիկանը կամ քաղաքապետը. դա ոչ մի նշանակություն չունի: Դու ապացույց ունես, որ լուսակիրը ցույց էր տալիս «անցնել», ուրեմն կարող ես անցնել: Իսկ եթե մեկը բախվի մեքենայիդ, մեղավորը ինքը կլինի: Դուք ապացույց ունեք:Ի՞նչ կլիներ, եթե լուսակիրներ չլինեին: Ինչպիսի խցանումներ կլինեին: Ահա թե ինչ է կատարվում եկեղեցիներում: Ահա թե ինչու են նրանք հարանվանական խցանումների մեջ: Դա ճշմարտություն է: Ոչ ոք առաջ չի գնում, բոլորը մնում են իրենց դիրքում և մյուսների հետ վիճում: Ահա Աստծո լուսակիրը: Երբ ասում է. «Գնա», գնացեք: Երբ ասում է. «Կանգնիր, բավական է», կանգ առեք: Այդպես է: Դրա վրա ենք մենք հիմնվում, այդ Խոսքի վրա, ոչ թե այս կամ այն խմբի ասածների: Հիսուսն ասաց. «Նրանց էլ, ովքեր կհավատան, այս նշանները կհետևեն…»: «Ամբողջ աշխարհը գնացեք, ամեն արարածի Ավետարանը քարոզեք»: Ուրեմն, գնանք այնտեղ: Գիտեք, կրթությունը լավ բան է, բայց Հիսուսը երբեք դրա կարիքը չունեցավ: Այդ գեղեցիկ եկեղեցիները լավ բան են, բայց Հիսուսը երբեք դա չի պահանջել: Եկեղեցիները հիվանդանոցներ են կառուցում. դա շատ լավ է, մենք գնահատում ենք դա, բայց Հիսուսը երբեք չի պահանջել դա: Նա ասել է Եկեղեցուն. «Քարոզեք Ավետարանը»: Իսկ Ավետարանի քարոզչությունը ոչ միայն բառերով է, այլև Խոսքի զորությամբ ու հայտնությամբ: Պողոսն է այդ ասել: ՈՒրեմն դրսևորեք Ավետարանի զորությունը: Ոհ, եթե դա այդպես իրականանար: Այսօր ունենք երբևէ եղած ամենալավ բժիշկները: Մենք ունենք լավագույն դեղերը: Դուք դա գիտեք: Մենք հարգում ենք մարդկային գիտությունը: Մենք աղոթում ենք նրանց համար: Ես ինքս աղոթում եմ, հուսով եմ, որ դուք էլ եք աղոթում: Այդ մարդիկ, որոնք իրենց գիտելիքներով ու զգայարաններով… Նրանք աշխատում են իրենց զգայարանների միջոցով՝ տեսողության, շոշափելիքի և լսողության: Նրանք լսում են սրտի զարկերը, կարող են զանազանել ուռուցքը, ինչ-որ տեսանելի բան, որը երևում է հիվանդի դեմքի վրա և էլի շատ բաներ: Նրանք դրանց վրա հիմնվելով են գործում, որովհետև… Նրանք օգտագործում են դեղեր, որոնք կսպանեն հիվանդությունը, ոչ թե հիվանդին… Դա է նրանց գործը և մենք գնահատում ենք դա: Դա հրաշալի աշխատանք է: Մենք ունենք լավագույն բժիշկները, լավագույն հիվանդանոցները, լավագույն դեղերը, բայց չնայած այդ ամենին, ավելի շատ հիվանդներ կան, քան երբևէ: Ավելի շատ անհավատություն կա, քան երբևէ: Դա ճշմարտություն է: Հովիվները կազմակերպություններ են ստեղծել և հիմնել հարանվանություններ, որտեղ ընդունում են ինչ պատահի (ամեն ինչ կանեն նոր անդամներ ունենալու համար): Նրանք պատրաստվել են ճեմարաններում ինկուբատորի ճտերի պես: Աստծո մասին գիտեն այնքան, որքան հոտենտոտները՝ եգիպտական քաղաքակրթության… Այդտեղ ենք հասել: Մեր եկեղեցիներում մեզ պետք է Բացարձակ հիմքը ունեցող մարդ: Մեր մեթոդական, մկրտական, հոգեգալստական, երիցական եկեղեցիներում մեզ պետք է Բացարձակ Հիմք՝ Աստծո մի մարդու կողմից, որը կապված կմնա Խոսքի և Քրիստոսի հետ և եկեղեցին կհասցնի այն վիճակին, որ ամեն մարդ կքայլի Խոսքի մեջ՝ տեսնելով Խոսքի դրսևորումը… «Հավատացողներին այս նշանները կհետևեն… ողջ աշխարհում»: Նրանք ասում են. «Դրանք անցյալում են եղել»: Բայց Հիսուսն ասաց. «Ամբողջ աշխարհը գնացեք, ամեն արարածի Ավետարանը քարոզեք»: Մենք դեռ ամբողջ աշխարհը չենք գնացել, ամեն արարածի քարոզելուց դեռ շատ հեռու ենք: Որտե՞ղ քարոզել. ամբողջ աշխարհում: Ու՞մ. ամեն արարածի: Ի՞նչ կկատարվի: «Նրանց էլ, ովքեր կհավատան, այս նշանները կհետևեն. Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներով կխոսեն, օձեր կբռնեն ու եթե մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռքերը կդնեն, ու նրանք կառողջանան»: Սա է Բացարձակ հիմքը: Դա Խոսքն է, բևեռային Աստղը, կողմնացույցը, որ մեզ ճիշտ ուղղությունն է ցույց տալիս: Բայց մենք ելանք ու հիմնեցինք հաստատություններ, ստեղծեցինք կազմակերպություններ, անդամներ գրանցեցինք, վիճեցինք մկրտականների հետ (որովհետև այս կամ այն բանին չեն հավատում), մեթոդականների հետ (որովհետև մեզ նման չեն վարվում): Մեծ ճեմարաններ հիմնեցինք, մեծ եկեղեցիներ կառուցեցինք, այնտեղ դրեցինք ամենահարմարավետ աթոռները, ամենամեծ երգեհոնները: Մեր անդամները բոլորից լավ են հագնվում: Քաղաքապետը գալիս է մեր եկեղեցին: Բայց այդ ամենով հանդերձ ի՞նչ ունենք ավելի: Ինչ-որ մեռած բան, որ կապված է հարանվանական բացարձակ հիմքի հետ: Մահ է դա: Ես ուզում եմ մեռնել՝ ունենալով Հիսուս Քրիստոսին, որպես Բացարձակ Իշխանություն: Ես հավատում եմ դրան: Դոկտոր Դեյվիս անունով մի մարդ մի օր ինձ ասաց. «Բիլլի, եթե դուք շարունակեք նման բաներ քարոզել, շուտով միայն եկեղեցու սյուները ձեզ կլսեն»: Ես պատասխանեցի. «ՈՒրեմն կքարոզեմ սյուներին: Աստված կարող է այս սյուներից Աբրահամի որդիներ հանել»: Այդպես է: Աստծո Խոսքը Ճշմարտություն է: Նա ինձ ասաց. «Կարծում եք՝ նրանք ձեզ կհավատա՞ն»: Ես պատասխանեցի. «Դա իմ գործը չէ: Իմ գործը Խոսքին հավատարիմ մնալն է»: Դա ճիշտ է: Նաև ինձ ասաց. «Մի՞թե կարող եք հանդիպել քաղաքակիրթ աշխարհին ձեր աստվածային բժշկության ուսմունքով»: Ես նրան ասացի. «Դա իմ աստվածային բժշկությունը չի: Դա Նրա խոստումն է: Նա է ինձ տվել այդ պատվերը»: Ես լավ եմ հիշում 1933 թվականի հունիսյան այդ օրը, երբ Նա իջավ ինձ մոտ գետի ափին. «Ինչպես Հովհաննես Մկրտիչը ուղարկվեց Քրիստոսի առաջին գալուստը ազդարարելու համար, Ես քեզ ուղարկում եմ մի պատգամով, որը կազդարարի Քրիստոսի երկրորդ գալուստը»: Այդ օրվանից հետո մոտ 15 տարի է, որ արթնության կրակը վառվում է գրեթե ամեն լեռան վրա: Աստվածային բժշկությունը տարածվել է բոլոր ազգերում, զորություն է եղել, ամեն բան շուտով կվերականգնվի, և հիմա ես հավատում եմ, որ դա կհասնի իր հանգուցալուծմանը ու կառաջացնի այն հավատքը, որը Եկեղեցուն կտանի փառքի մեջ հափշտակությանը: Այդ լույսը պատգամի մեջ է: Մենք իրոք վերջին ժամանակներում ենք ապրում: Մենք դրա մասին շատ ենք խոսել, բայց հավատում եմ, որ հիմա արդեն հասել ենք: Լսեք Նրան: Այո, ահա Նա գալիս է: Դա ճիշտ է: Կարմիր լույսն է վառվում: Ինչպես ասացի, կարմիր լույսն է որոշում: Կարմիր լույսն է ասում, թե ով պիտի անցնի: Կարևոր չէ, թե մարդիկ ինչ են ասում, կարմիր լույսն է որոշում: Խցանումներ կլինեն, եթե անտեսեք կարմիր լույսը: Պետք է լինի բացարձակ հիմք: Այո: Եկեղեցին նույնպես պիտի բացարձակ հիմք ունենա: Դուք պետք է բացարձակ հիմք ունենաք եկեղեցու անդամների համար: Բայց հիմա ամեն եկեղեցի իր սեփական հիմքն ունի: Նրանք չեն փորձում վերցնել… «Մենք՝ մկրտականներս այսպես ենք հավատում»: «Մենք՝մեթոդականներս, այսպես ենք հավատում»: «Մենք՝ երիցականներս այսպես ենք հավատում»: «Մենք՝ հոգեգալստականներս այսպես ենք հավատում»: Շատ լավ է, բայց ինչու՞ չեք ընդունում նաև մնացածը: Իսկ մնացա՞ծը: «Մենք՝ մկրտականներս, հավատում ենք, որ մկրտությունը պիտի լինի ընկղմելով»: «Շատ լավ է, բայց ի՞նչ կասեք Սուրբ Հոգով մկրտության, լեզուների, բժշկության պարգևների, մարգարեության մասին»: «Ոհ, ոչ, այդ ամենը անցած դարերի համար էր»: Իսկ դուք՝ հոգեգալստականներ, ասում եք. «Մենք հավատում ենք, որ լեզուներով խոսելը ապացույց է»: Անշուշտ, շատ լավ է լեզուներով խոսելը, բայց ապացույց չէ: Շատերն են լեզուներով խոսում, բայց այդտեղ էլ կանգ են առնում: Սատանան կարող է նմանակել Աստվածաշնչում նկարագրված բոլոր պարգևները: Պողոսն ասել է. «Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, մարմինս այրվելու տամ, ողջ ունեցվածքս աղքատներին բաժանեմ, լեռները տեղաշարժելու հավատք ունենամ, (գնամ աստվածաբանական ճեմարան ողջ գիտությունը հասկանալու համար), էլի ոչինչ եմ: Գլխավորը Հիսուս Քրիստոսի Անձն է: Քրիստոսն է: Ընդունեք Նրան: Բայց չեք կարող Նրան ընդունել, եթե չեք ընդունում Նրա Խոսքը: Նախ պետք է Խոսքը գա, հետո Կյանքը մտնում է Խոսքի մեջ և դրսևորում Խոսքը: Մի՞թե Հիսուսը չասաց. «Իսկ եթե կատարում եմ, թեկուզ ինձ չհավատաք էլ, գոնե գործերին հավատացեք»: Դա Աստծո բացահայտված Խոսքն էր: Աստված Քրիստոսի մեջ էր՝ աշխարհը հաշտեցնելով Իր հետ, աշխարհին ցույց տալով, թե ով էր Նա: Դուք կասեք. «Բրանհամ եղբայր, դա՞ էր Հավիտենականը»: Այո, այդպես է: «Իսկ այսօ՞ր»: Հիսուսն ասաց. «Ինձ հավատացողը Իմ կատարած գործերը կանի»: Նույն բացարձակ Հիմքն է: Ամեն մարդ իր սեփական չափանիշն ունի: Այո: Ճիշտ այնպես է, ինչպես դատավորաց ժամանակներում, երբ ամեն մարդ իր ուզածն էր անում: Դատավորաց գրքի ժամանակներում ամեն մարդ իր սեփական չափանիշն ուներ և իր ուզածն էր անում: Եվ հիմա այդ ճանապարհով ենք մենք գնում: Ամեն մարդ անում է այն, ինչ ինքն է ճիշտ համարում: Գիտե՞ք, թե ինչու էին դատավորաց ժամանակներում այդպես վարվում: Գուցե դա ձեզ մի քիչ կցնցի: Պատճառը, որի համար դատավորաց ժամանակներում այդպես էին վարվում, այն է, որ չկային մարգարեներ, որոնց հայտնվում էր Աստծո Խոսքը: Հետևաբար ամեն մարդ կարող էր անել այն, ինչ իր աչքերին հաճելի էր թվում: Նույնը կատարվում է մեր օրերում: Մենք չունենք «մարգարե» այս հարանվանական ժամանակներում: Բայց Աստված խոստացել է մեզ մի մարգարե ուղարկել: Դա ճիշտ է: Նա ասել էր, որ վերջին օրերում կուղարկի Եղիա մարգարեին, որը որդիների սրտերը կդարձնի հայրերին, կտանի դեպի սկզբնական Պենտեկոստե: Դուք գիտեք, որ Նա ասել է այդ: Գիտեմ նաև, որ վկայակոչում եք Մատթեոս 11:10 համարը (կարծեմ՝ այդ համարն է), ուր Հիսուսն ասում էր Հովհաննեսի մասին. «Այդ նա է, ում մասին գրված է. «Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստի իմ առաջին»: Խոսքը Մաղաքիա 3-ում գրվածի մասին է, ոչ թե Մաղաքիա 4-ում գրվածի: Եթե դա Մաղաքիա 4-րդ գլուխը լիներ, ողջ երկիրը կրակով կվառվեր ու արդարները կքայլեին ամբարիշտների մոխրի վրայով: Մի շփոթեք, սիրելի եղբայրներ: Թողեք, որ Խոսքն ասի հենց այն, ինչ ասում է: Այո, Նա այդ խոստացել է վերջին օրերի համար և դա լինելու է: Հիշեք, որ դատավորաց ժամանակներում ամեն մարդ իր ուզած ձևով էր վարվում: Ոչ մի մարդ չէր կարող դրսևորել այդ Խոսքի կենդանությունը: Մարգարե չկար: Աստծո Խոսքը միշտ գալիս է մարգարեի մոտ, և մարգարեին միշտ ատում են: Միայն մի փոքրիկ խումբ է նրան սիրում: Տեսնու՞մ եք: Միշտ այդպես է եղել: Աստված Իր գործելակերպը չի փոխում: Նա չի կարող փոխել Իր գործելակերպը և լինել Աստված: Երբ Աստված մի բան է ասում կամ անում, Նա շարունակում է այդպես: Եթե Նա երկրորդ անգամ չի անում այն, ինչ առաջին անգամ, ուրեմն առաջին անգամ սխալվել էր: Իսկ ո՞վ կմեղադրի Աստծուն սխալվելու մեջ: Ո՞վ եք դուք որ մեղադրեք Աստծուն: Հիսուսն էլ այդ ասաց. «Ո՞վ կարող է Ինձ մեղքի համար հանդիմանել»: Ի՞նչ է մեղքը. անհավատությունը: Չհավատացողը արդեն դատապարտված է: «Ո՞վ Ինձ ցույց կտա, որ Ես չեմ կատարել այն ամենը, ինչ Մեսիան պետք է աներ»: Տեսնու՞մ եք: Ոչ ոք չէր կարող պատասխանել: Նա էր խոսել: Մեսիան մարգարե էր, և Նա ապացուցել էր այդ: Մաղաքիայից հետո հարյուրավոր տարիներ ի վեր մարգարե չէին ունեցել, բայց ահա Նա հայտնվեց ասպարեզում: Նա գաղտնիք էր ժողովրդի համար, գայթակղության քար՝ եկեղեցու համար, որովհետև ասում է. «Ահա ես Սիոնում գայթակղության քար ու գլորվելու վեմ եմ դնում, և ամեն նրան հավատացող չի ամաչի»: Դա ճիշտ է, Նա եկավ և ճշտությամբ իրականացրեց Սուրբ Գրքում գրվածը: Նրան հավատացողները ունեին Բացարձակ Հիմք: Երբ Մարթան տեսավ Ղազարոսին գերեզմանից դուրս գալիս, հասկացավ, թե Ով էր Հիսուսը: Մինչև տեսնելն էլ Մարթան ուներ Բացարձակ Հիմքը և գիտեր. «Ես հավատում եմ, որ Դու ես Աստծո Որդին, որ աշխարհ ես եկել: Թեև եղբայրս մահացած է, մի Խոսք ասա, և Աստված այն կիրականացնի»: Ամեն: Նա բացարձակապես վստահ էր: Ճիշտ է: Երբ Մարթան այդ ասաց (նա ողջ սրտով հավատում էր), Հիսուսը նրան հարցրեց. «Որտե՞ղ են Նրան թաղել»: Նա պատասխանեց. «Արի և տես»: Նա գնաց, տեսիլք տեսավ, քանի որ Նա ասել էր. «Ես ոչինչ չեմ անում, եթե Հայրը Ինձ նախապես ցույց չի տվել»: Նա գնացել էր Ղազարոսի տնից: Բայց նրանք մարդ ուղարկեցին Նրան կանչելու, որ աղոթի նրա համար: Նա գիտեր, որ Ղազարոսը մահացել էր: Որոշ ժամանակ անց Նա ասաց. «Մեր Ղազարոս բարեկամը քնել է»: Նրանք ասացին. «Ուրեմն կլավանա»: Բայց Նա ասաց. «Նա մահացել է: Եվ Ես ձեզ համար ուրախ եմ, որ այնտեղ չէի» (Նրան խնդրել էին, որ աղոթի Ղազարոսի համար): Հետո շրջվեց, ասաց. «Գնում եմ նրան արթնացնեմ»: Նա չասաց. «Գնամ՝ տեսնեմ ինչ կարող եմ անել նրա համար», այլ «կարթնացնեմ Նրան»: Ինչու՞: «Հայրը Ինձ արդեն ցույց է տվել, թե ինչ պետք է անեմ»: Նրանք գնացին գերեզմանի մոտ: Այնտեղ մի Մարդ կար՝ Աստված էր մարմնի մեջ: Նա կարող էր քարին ասել. «Անհետացիր», ու քարը կանհետանար: Բայց Նա ասաց այդ կանանց. «Վերցրեք այդ քարը»: Պետք է դուք ինչ-որ բան անեք: Հասկանու՞մ եք: Այդ ժամանակ նրանք վերցրին քարը: Նրանք սրտխառնոց ունեցան վատ հոտի պատճառով: Իսկ Նա կանգնած էր: Պատկերացնում եմ, թե ինչպես էր Նա ուղղում Իր թույլ մարմինը (որովհետև Սուրբ Գիրքն ասում է, որ Նա մի տեսք չուներ, որ Նրան ախորժեինք): Դավթի նման, ով թագավոր ընտրվեց, երբ դեռ կարմիր այտերով պատանի էր: Եվ թագավորության բոլոր մեծերը ասում էին. «Ինչ զվարճալի քայլվածք կունենա, երբ թագը կդնի գլխին»: Հեսսեն ասել էր. «Ահա իմ ավագ որդին»: Բայց Սամվելն ասաց. «Աստված մերժեց նրան»: Այդպես նա կանչեց բոլոր որդիներին մեկ առ մեկ: Սամվելը նրան հարցրեց. «Ուրիշ որդի չունե՞ս»: «Այո, բայց նա թագավորի նման չէ: Նա ցածրահասակ, կոր ուսերով, կարմրաթուշ պատանի է»: «Գնա նրան կանչելու»: Հենց որ Դավիթը հայտնվեց, Հոգին իջավ մարգարեի վրա: Նա վերցրեց յուղը, լցրեց նրա գլխին և ասաց. «Ահա ձեր թագավորը»: Հիսուսը գուցե նույնպես այդպիսին էր՝ կոր ուսերով, սպիտակող մազերով, թեև տարիքը երեսունից ավել չէր: (Աստվածաշունչն ասում էր, որ Նա քառասուն տարեկանի տեսք ուներ): «Հրեաները նրան ասացին. «Դու դեռ հիսուն տարեկան չկաս և Աբրահամին տեսա՞ր»: Բայց Նա ասաց. «Աբրահամի լինելուց առաջ եմ ես» (Հովհ. 8-րդ գլուխ): Տեսնում ենք Նրան կանգնած գերեզմանի մոտ: Նա գիտեր, որ պետք է տեսիլք տեսներ, որ այդպես պետք է լիներ: «Վերցրեք քարը»: Դիակից սկսել էր վատ հոտ գալ, որովհետև չորս օրվա մեռած էր: Բայց Հիսուսն այնտեղ էր: Նա ասաց. «Ես եմ Հարությունն ու Կյանքը: Ինձ հավատացողը թեկուզ մեռնի էլ, կապրի»: Ո՞վ է այն մարդը, որ կկարողանար նման բան ասել: «Ինձ հավատացողը երբեք չի մեռնի: Հավատու՞մ ես»: Մարթան պատասխանեց. «Այո, Տեր»: Թեև նախկինում Հիսուսը չէր պատասխանել, երբ ինքը Նրան կանչել էր (Նա չեկավ), նորից Նրան կանչեց: Դարձյալ չեկավ: Բայց չնայած ամեն ինչին Մարթան ասաց. «Ես գիտեմ, որ Դու ես Քրիստոսը, որ պիտի աշխարհ գայիր»: Նա ասաց. «Ղազարոս, դուրս արի»: Ասաց չորս օրվա մեռածին: Ինչու՞, ինչու՞: Քրիստոսն ուներ Բացարձակ Հիմքը: Նա տեսիլք էր ունեցել: Այդ տեսիլքը չէր կարող սուտ լինել: Դա ճիշտ է: Տեսիլքը չէր կարող սուտ լինել: Հիսուսը բացարձակապես վստահ էր դրանում: Մարթան նույնպես բացարձակապես վստահ էր: Եթե միայն կարողանար այնպես անել, որ Նա տեսնի, որ Մարթան հավատում էր, թե ով է Ինքը, անպայման կստանար իր խնդրածը: Դա ճիշտ է: Սա է Բացարձակ հիմքը: Այն համապատասխանում է Խոսքին: Այսօր ամեն մարդ իր ուզածն է անում, որովհետև մարգարե չկա: Նայեք Դատավորաց ժամանակներին: Նայեք այն ժամանակներին, երբ… կարծեմ Եղիան էր կամ Եղիսեն, երբ մեռավ փոքրիկ տղան: Սունամացի կինը… Եղիան Աստծո մարդն էր այդ ժամանակի համար: Նա պարզապես լավ քարոզիչ չէր: Դա մի ծերունի էր: Այնպիսի մի մարդ, որ եթե հիմա գար ձեր դռան զանգը տար, դուք նրան դուրս կհանեիք: Ողջ երկիրն ատում էր նրան: Հեզաբելը և մյուսները ատում էին նրան, որովհետև Հեզաբելը նստել էր Սպիտակ տանը և այնպես էր անում, որ բոլոր կանայք նմանվեն իրեն: Բոլոր կանայք նմանվում էին նրան: Իսկ Աքաաբը հրապուրվել էր նրանով և նրա իշխանության տակ էր: Այսօր նման իրավիճակից շատ չենք հեռացել: Ճիշտ հակառակը: Այդ սունամացի կինը, երբ հեռվից տեսավ Եղիսեի զորությունը, ասաց. «Սա սուրբ է»: Եվ երբ երեխան մահացավ, նա ասաց ծառային. «Թամբիր էշը և ճանապարհին կանգ մի առ»: Նա գնաց: Ինձ դուր է գալիս, թե ինչպես նա գնաց դեպի իր բացարձակ հիմքը, իր խարիսխը: Եղիսեն ասաց.«Ահա սունամացի կինը: Նա տանջվում է, բայց ես չգիտեմ, թե ինչ է պատահել իրեն»: (Տեսեք, Աստված ամեն ինչ չէ, որ հայտնում է Իր ծառաներին, այլ միայն այն, ինչ կամենում է, որ նրանք իմանան): Դրա համար նա ասաց. «Նրա սիրտը ցավում է, բայց ես չգիտեմ, թե ինչու: Վազիր, Գեեզի, և տես, թե ինչ է պատահել»: Նա նրան հարցրեց. «Ամեն ինչ լա՞վ է քեզ մոտ: Ամուսինդ ու որդիդ լա՞վ են»: Նայեք: Սունամացի կինը պատասխանեց. «Ամեն բան լավ է»: Ինչու՞ այդպես ասաց: Որովհետև եկել էր իր բացարձակ հիմքի մոտ: «Ամեն բան լավ է»: Նա ընկավ Եղիսեի ոտքերի մոտ, և Գեեզին նրան բարձրացրեց: Նա չպետք է խոնարհվեր իր տիրոջ առաջ, դրա համար նրան բարձրացրեց: Այնուհետև նա սկսեց պատմել մարգարեին: Այդ ժամանակ Եղիսեն բացարձակ հիմք չուներ: Նա տեսիլքով գիտեր, որ կարող էր կնոջը վերադարձնել իր երեխային, բայց ի՞նչ պիտի աներ հիմա: Նա վերցրեց իր գավազանը և մտավ սենյակ: Նա փակեց բոլոր դռները՝ բոլորին սենյակից դուրս հանելուց հետո: Նա Բացարձակ հիմք ուներ: Եթե միայն կարողանար հաղորդակցվել Նրա հետ: Նա սկսեց այդ փոքրիկ սենյակում հետ ու առաջ քայլել: Հանկարծ զգաց, որ ինչ-որ բան դիպչում է իրեն: Նա պառկեց երեխայի վրա, հետո վեր կացավ: Փոքրիկը սկսեց շարժվել և տաքանալ: Նա նորից սկսեց: Բայց չէր կարողանում կապ գտնել բացարձակ հիմքի հետ: «Ի՞նչ կա, Տեր, ի՞նչ է պետք անել»: Անշուշտ նա տեսիլք ունեցավ, որտեղ կարող էր տեսնել երեխային վազելիս, պարանով ցատկելիս և այլն: Նորից պառկեց երեխայի վրա, դրեց իր բերանը նրա բերանին, իր աչքերը նրա աչքերին, իր ձեռքերը նրա ձեռքերին: Այդ ժամանակ Աստծո զորությունը նրան կենդանացրեց: Ի՞նչ էր կատարվել: Սունամուհու բացարձակ հիմքը մարգարեն էր, մարգարեինը՝ Աստված: Երկուսն էլ Խոսքի մեջ էին: «Ես եմ Հարությունը և Կյանքը, Արարիչ Աստծո զորությունը…»: Երեխան հարություն առավ: Դա հաստատ է: Պատճառը, որի համար մարդիկ գնում էին իրենց սեփական ճանապարհներով, այն էր, որ չկար մարգարե, որը կտար Տիրոջ Խոսքը: Այդ ժամանակ Խոսքը և մարգարեները բացակա էին: Ես դա հասկացա իմ դարձի գալու օրը, հասկացա, թե որն է այն օրը, որում ապրում ենք: Ես ուրախ եմ, որ Աստված ինձ գտավ ավելի շուտ, քան եկեղեցին: Հավանաբար անհավատ կմնայի, եթե ընկնեի այդ ողջ խառնաշփոթության մեջ: «Արի միացիր մեր եկեղեցուն, եթե չմիանաս, վերցրու փաստաթղթերդ և գնա ուրիշ եկեղեցի»: «Չե՞ս բերի քո փաստաթղթերը մեր եկեղեցին»: Անշուշտ, ես հավատում եմ, որ փաստաթուղթ կա: Այն ժամանակ, երբ Քրիստոսը ձեր անունը գրում է Գառան Կյանքի գրքում: Դա միակ տեղն է, որտեղ ձեր անունը գրվում է: Երբ ես տեսա բոլոր այդ հարանվանությունները… Ծագումով ես իռլանդացի եմ, ուրեմն կաթոլիկ, և կարողացա տեսնել, որ կաթոլիկությունը փտած, նեխած էր: Դրա համար ես գնացի այդ քաղաքի հարանվանական եկեղեցին: Նրանք ասում էին. «Մենք ենք ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Մենք ունենք այդ ամենը»: Ես գնացի մի ուրիշ եկեղեցի Նյու Ալբանիայում: Նրանք ինձ ասացին. «Իրենք էլ չգիտեն, թե ինչ են խոսում»: Կաթոլիկներն ասում են. «Դուք բոլորդ մոլորության մեջ եք»: Ես մտածում էի. «Դե լավ»: Մի ժամանակ խաղում էի լյութերական եկեղեցուց մի փոքրիկ տղայի հետ: Ես նրան հարցրի. «Ո՞ր եկեղեցին ես գնում»: Նա ասաց. «Գնում եմ այսինչ եկեղեցին»: Ես գնացի, և տեսա, որ նրանք էին ասում, թե իրենք են ճանապարհը: Հետո գնացի Դեյլ եղբոր մոտ՝ մկրտական եկեղեցուց: Նրանք ասացին. «Այստեղ է ճանապարհը»: «Ոհ, Աստված իմ,--- ասացի ես,---- ես լիովին խճճվել եմ: Չգիտեմ, թե ինչ անեմ: Ուզում եմ լինել ճշմարտության մեջ»: Ես չգիտեի, թե ինչ անեի կամ ինչպես ապաշխարեի: Ես մտածեցի. «Կգնամ անտառ»: Ես Նրան նամակ գրեցի այս բառերով. «Հարգարժան Պարոն, ես գիտեմ, որ Դուք անցնում եք այստեղով, քանի որ ես այստեղ նստած՝ սկյուռ եմ որսում: Գիտեմ, որ Դուք այստեղով անցնում եք և գիտեմ, որ այստեղ եք: Ես ուզում եմ… ես ուզում եմ Ձեզ մի բան ասել»: Ես մտածեցի. «Բայց սպասիր, ես ոչ ոքի չեմ տեսել: Կուզեի խոսել… կուզեի խոսել Նրա հետ: Չգիտեմ՝ ինչպես այդ անեմ»: Ես մտա ցախատուն և ծնկի եկա: Գետինը թաց էր, հին, ջարդված մեքենա կար: Ինքս ինձ ասացի. «Մի նկարի մեջ տեսել եմ, որ մարդիկ ձեռքերը այսպես են ծալում»: Այդպես ծնկի եկած մտածում էի. «Ի՞նչ ասեմ. հաստատ այդ անելու համար մի ձև կա, բայց ես չգիտեմ: Ես գիտեմ, որ ամեն բանի համար մի ձև կա»: Ես ձեռքերս այսպես ծալեցի և ասացի. «Հարգելի Պարոն, կուզեի, որ գայիք և մի պահ խոսեիք ինձ հետ: Ուզում եմ ձեզ ասել, թե ինչքան վատն եմ»: (Ձեռքս այսպես էի պահել): Ես ականջ դրեցի… Մարդիկ ասում են. «Աստված ինձ հետ խոսեց»: Ես գիտեի, որ Նա խոսում է, որովհետև փոքր ժամանակ լսել էի, որ Նա ինձ ասաց չխմել և այլն: Բայց Նա ինձ չպատասխանեց: Ես մտածեցի. «Գուցե պետք է ձեռքերը այսպե՞ս ծալել»: Ես նորից սկսեցի. «Հարգարժան Պարոն, ես չգիտեմ, թե ինչպես է պետք անել, բայց հուսով եմ, որ Դուք… կօգնե՞ք ինձ»: Եվ բոլոր այդ քարոզիչները, որոնք ասում էին ինձ, որ միանամ իրենց եկեղեցուն, պնդում էին, որ ընդունել են Հիսուս Քրիստոսին և ասում էին, որ հավատում են, որ Նա Աստծո Որդին է: Դևերն էլ են հավատում, դրա համար ես մտածեցի. «Ինձ պետք է ավելին»: Ուրեմն այսպես նստած էի: Ես կարդացի այն հատվածը, որում պատմվում է, որ Պետրոսն ու Հովհաննեսն անցնելով Գեղեցիկ դռան մոտով տեսան ի ծնե կաղ մի մարդու: Պետրոսը նրան ասաց. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն կտամ քեզ…»: Ես գիտեի, որ չունեմ դա: Ուստի ուզում էի ունենալ: Ես չգիտեի, թե ինչպես աղոթեմ: Ես ձեռքերս ծալում էի այսպես, երկրպագում էի այսպես: Իհարկե, սատանան հայտնվեց և ասաց. «Տեսա՞ր, դու երկար սպասեցիր: Դու համարյա քսան տարեկան ես: Էլ պետք չի փորձել»: Այնժամ ես կոտրվեցի և սկսեցի լաց լինել: Երբ իսկապես կոտրվեցի, ասացի. «Ես կխոսեմ: Եթե Դուք ինձ հետ չխոսեք, ես կխոսեմ Ձեզ հետ: Իմ մեջ լավ բան չկա, ես ամաչում եմ ինքս ինձանից: Պարոն Աստված, ես գիտեմ, որ ինչ-որ վայրում Դուք լսում եք ինձ: Ինձ լսու՞մ եք: Ես ամաչում եմ: Ամաչում եմ, որ անտեսել եմ Ձեզ»: Այդ պահին բարձրացրի աչքերս և մի տարօրինակ զգացողություն ինձ համակեց: Մի Լույս մտավ սենյակ՝ ընդունելով խաչի տեսք: Հետո մի Ձայն, որի նմանը կյանքում չէի լսել, խոսեց ինձ հետ: Ես նայեցի այդ Լույսին. սառած էի, վախից քարացած: Չէի կարողանում ոչ մի շարժում անել: Մնացել էի այնտեղ և նայում էի: Շուտով Լույսը հեռացավ: Ես ասացի. «Պարոն, ես չեմ հասկանում Ձեր լեզուն: Եթե չեք կարող խոսել իմ լեզվով… Ես չեմ հասկանում Ձեր ասածը… Եթե Դուք ինձ ներել եք, գիտեմ, որ այդ խաչը ինձ հետ կապ ունի ու իմ մեղքերը պետք է դրա վրա լինեն: Եթե Դուք ինձ ներում եք, վերադարձեք և խոսեք ձեր լեզվով: Այդպես կհասկանամ, որ ներված եմ, եթե նույնիսկ չեք կարող իմ լեզվով խոսել: Թող այդ Լույսը մեկ անգամ էլ գա»: Եվ նորից եկավ: Ոհ, այդ ժամանակ ես Բացարձակ հիմք ունեցա: Ամե՛ն: Այո՛: Կարծես ուսերիցս քառասուն տոննանոց բեռ էին վերցրել: Ես սկսեցի իջնել մայթի վրայով, կարծես գետինը չէի զգում: Մայրս ինձ ասաց. «Բիլլի, դու նյարդայնացած տեսք ունես»: Ես պատասխանեցի. «Ոչ, մայրիկ, բայց չգիտեմ, թե ինչ է ինձ պատահել»: Մեր տան հետևում երկաթուղի կար: Ես սկսեցի խելագարի նման ցատկել և վազել այդ երկաթուղու վրա: Ես չգիտեի, թե ինչպես արտահայտեմ զգացմունքներս: Ոհ, եթե կարողանայի աղաղակել: Ես իրոք աղաղակում էի, բայց իմ ձևով: Հասկանու՞մ եք: Ի՞նչ էր կատարվել: Հոգիս խարիսխ էր գցել Հանգստի նավահանգստում: Ամեն ինչ կարգավորվել էր: Դա էր իմ Բացարձակ հիմքը: Ես այնտեղ ինչ-որ բան էի գտել, ոչ թե որևէ գաղափար կամ առասպել: Ես խոսել էի այդ Մարդու հետ: Ես խոսել էի այն նույն Մարդու հետ, ով ինձ ասել էր, որ երբեք չխմեմ, չծխեմ ու չանեմ մի բան, որով մարմինս կպղծվեր, կանանց հետ և այլն: Հետագայում երբ մեծանայի, ինձ համար գործ կար անելու: Նրա հետ էր իմ կապը, ոչ թե եկեղեցու: Այո, Նրա հետ: Եղբայրներ, այդպես է: Երբ մարդը գալիս է Քրիստոսի մոտ, նա չի ուզում ընդունել որևէ քահանայի կամ քարտուղարի խոսքը: Դուք՝ բողոքականներ, մի վերցրեք այս, այն և այլն: Ուղիղ գնացեք Բացարձակ Իշխանության մոտ, մինչև խարսխվեք Նրա մեջ վերստին ծնունդով, ծնվելով նորից և Սուրբ Հոգով լցվելով. այնժամ կտեսնեք, որ Աստվածաշունչը դրսևորվում է ձեր կյանքում սիրով ու խոնարհությամբ: Դա է ձեր Բացարձակ Հիմքը: Այո, բարեկամներս: Խոսքի մեջ կարդում եմ, որ Նա է Խոսքը: Մինչ գերմանական եկեղեցին ասում է. «Սա այսպես է», մեթոդականները, մկրտականները, կաթոլիկներն ասում են… Բայց Խոսքի մեջ կարդում եմ, որ Նա ասել է. Այս վեմի վրա կշինեմ Իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան»: Հիմա լսեք: Կաթոլիկներն ասում են, որ Նրա եկեղեցին կառուցված է Պետրոսի վրա: «Դու Պետրոսն ես ու այս վեմի վրա…»: Բացարձակապես ո՛չ: Եթե այդպես լիներ, Եկեղեցին անմիջապես կընկներ: Նրանք եկեղեցին մարդու վրա են կառուցում: Բայց Նա ի՞նչ արեց: Բողոքականններն էլ ասում են, որ Նա Եկեղեցին Իր վրա է կառուցել: Դա սխալ է: Նա Իր վրա չի կառուցել: Ուրեմն ի՞նչ է արել: ---- Ի՞նչ են ասում թե ով եմ Ես՝ Մարդու Որդին: ---- Ոմանք ասում են՝ Եղիան ես, ոմանք՝ Մովսեսը: ---- Իսկ դուք ի՞նչ եք ասում. ո՞վ եմ Ես: Պետրոսն ասաց. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո Որդին»: Լավ լսեք դրան հետևող խոսքերը. «Երանի քեզ Պետրոս, Հովնանի որդի, որովհետև մարմինն ու արյունը քեզ չհայտնեցին սա, այլ Իմ Հայրը, որ երկնքում է (քեզ քահանան ու ճեմարանը չսովորեցրին դա): Բայց Ես քեզ ասում եմ, որ դու Պետրոսն ես ու այս վեմի վրա (Խոսքի հոգևոր հայտնության) Ես կշինեմ Իմ Եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան»: Ես մտածեցի. «Ահա Տեր»: Նորից կարդացի Հայտն.22:18 և 19 խոսքերը, որտեղ Նա ասում է. «Եթե մեկը այստեղ մի բան ավելացնի (ողջ խնդիրը սա է), Աստված կհարվածի նրան այս Գրքում գրված պատուհասներով, և եթե մեկը մի բան պակասեցնի այս Գրքի մարգարեության խոսքերից (այսինքն ժխտի կամ փորձի ավելի գրավիչ դարձնել, հարմարեցնել օրվա ճաշակին), եթե մեկը ավելացնի կամ պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի Կյանքի Գրքից»: Ես ասացի. «Տեր, ես սրա կարիքն ունեմ, ինձ միայն պետք է հավատալ դրան: Դրանով, այդ Խաչով Քրիստոսը եկավ»: Դա ամեն ինչով կատարյալ է, Նրա ասած ամեն Խոսքը կատարյալ է: Վերցրեք այդ Գիրքը ձեր ձեռքում, պատմության գիրքը՝ մյուս ձեռքում և կտեսնեք, որ կատարելապես համապատասխանում են: Այնժամ ես ասացի. «Տեր, ընդունիր ինձ»: Եվ անմիջապես ընդունեցի Քրիստոսին, Սուրբ Հոգուն իմ սրտի մեջ: Նա էր իմ Բացարձակ Հիմքը: Ես չէի: Երբ կորցրի կնոջս և երեխայիս, վշտի մեջ էի: Կորցրի հորս, եղբորս, եղբորս կնոջը: Իսկ Բիլլին մահամերձ պառկած էր, ես էլ հուսահատության վերջին աստիճանում էի… Ես լաց լինելով քայլում էի, գնում էի կնոջս գերեզմանի մոտ (նա թաղվել էր երեխան գրկում): Այցելում էի նրա գերեզմանը, ճանապարհին տեսա, որ մեքենայով գալիս է պարոն Այսլերը (Ինդիանայի սենատորը, որը հաճախ նվագում էր մեր եկեղեցում): Նա նույնպես գերեզման էր բարձրանում: Նա կանգ առավ, դուրս եկավ մեքենայից և վազելով գրկեց ինձ (ջրհեղեղից հետո էր, 1937 թվականին): Նա ինձ հարցրեց. «Ու՞ր եք գնում, Բիլի: Այնտե՞ղ եք բարձրանում»: Ես պատասխանեցի. «Այո»: «Ի՞նչ եք այնտեղ անելու»: Ես նրան ասացի. «Գնում եմ աղավնու երգը լսելու: Կնստեմ կնոջս և երեխայիս գերեզմանի մոտ: Մի աղավնի գալիս ու խոսում է ինձ հետ»: «Ոհ, Բիլի»,--- ասաց նա: Ես ասացի. «Այո: Եվ լսում եմ քամուց տերևների սոսափյունը: Դա ինձ համար երաժշտություն է»: Պարոն Այսլերը ինձ հարցրեց. «Ի՞նչ երաժշտություն է դա»: Ահա այսպիսին է. Գետից այն կողմ մի երկիր կա, Որ հավիտյան քաղցր են կոչում, Միայն հավատքով են այդ ափին հասնում Քայլ առ քայլ դռանը կհասնենք մենք: Հավիտյան կմնանք այնտեղ, ուր անմահներն են ապրում Երբ մի օր կհնչեն զանգերը ոսկյա Ինձ և քեզ համար: Նա ինձ ասաց. «Բիլի, ես ուզում եմ ձեզ մի բան հարցնել: Ի՞նչ է Քրիստոսը նշանակում ձեզ համար»: Ես պատասխանեցի. «Նա իմ Կյանքն է, իմ Ամեն բանը: Նա այն ամենն է, ինչ ես ունեմ, պարոն Այսլեր: Ամենաբարձրն է ինձ համար: Նա միակն է, ումից կարող եմ կառչել»: Ինչու՞: Որովհետև ինչ-որ բան է կատարվել: «Այս վեմի վրա…»: Նաև ինձ ասաց. «Ես տեսել եմ, թե ինչքան երկար էիք քարոզում, այնքան, որ քիչ էր մնում ուժասպառ լինելուց մեռնեիք: Տեսել եմ, որ գիշերվա ցանկացած ժամին վազում էիք հիվանդների մոտ: Եվ այն բանից հետո, երբ Նա վերցրեց ձեր կնոջն ու երեխային, դուք շարունակում եք ծառայել Նրան: Ես նրան պատասխանեցի. «Եթե Նա ինձ սպանի, կշարունակեմ հուսալ Նրան»: Ինչու՞: Որովհետև Նրա խարիսխն է ինձ պահում: Ես Բացարձակ Հիմք ունեի: Ես կապված էի Նրա Խոսքի հետ, իսկ Նրա Խոսքը անսասան է: Նա իմ Բացարձակ Հիմքն է: Ես գտել եմ, որ մնացած բոլոր բաները կարող են հուսափաբ անել, բայց Քրիստոսը երբեք հուսախաբ չի անի: Կաթոլիկ եկեղեցու բացարձակ հիմքը Հռոմի պապն է: Բողոքականներինը՝ իրենց հովիվը, հավատամքը, երեցները և այլն: Բայց իմ Բացարձակ Հիմքը, ինչպես նաև Պողոսինը… Մատիտ կա՞ ձեզ մոտ: Ուրեմն նշեք սա. Պողոսը տեսավ, թե ինչ էր կատարվելու, ինչպես ասվում է Գործք առաքելոց 20-րդ գլխում, բայց չսասանվեց. «Բայց ես ոչ մի բանի չեմ նայում և իմ անձն էլ պատվական չեմ համարում…»: Ոհ, նրանք կարող են ունենալ իրենց հավատո հանգանակները: Դուք կարող եք անել այն, ինչ ուզում եք, բայց դա ինձ չի հուզում: Հոգուս խարիսխը հանգստի նավահանգստում է, Անցնելու համար փոթորկոտ ծովով, (Ես չգիտեմ, թե դուք ուր եք հասել) Ու թեև փոթորիկ է շուրջը, Հիսուսի մեջ հավիտյան եմ ապահով: Այո, ոչինչ չի կարող ինձ սասանել, որովհետև ես խարիսխ ունեմ: Պողոսն ասում է. «Այն ժամանակվանից, երբ ես հանդիպեցի Նրան ճանապարհին, ես կապվեցի խարսխի հետ: Նա ինձ զրոյից սկսել տվեց»: Դուք հիշում եք, որ Պողոսը նույնպես պատկանում էր կազմակերպության (երկրի ամենամեծ կազմակերպությանը), բայց կապված էր մնացել Բացարձակ հիմքի հետ: Լսեք, ուզում եմ ձեզ մի բան ասել: Նա նպատակ ուներ ինձ փրկելով: Նա նպատակ ուներ ձեզ փրկելով: Եվ ես վճռել եմ Իր կամքով ոչինչ չավելացնել Իր Խոսքին ու ոչինչ չպակասեցնել (Հայտն.22:19. եթե ուզում եք նշել): Լավ: «Եթե մեկը մի բան պակասեցնի…»: Ես որոշել եմ… (գիտեք, որ հեռանալու եմ այս եկեղեցուց) ես վճռել եմ հաստատուն մնալ Ավետարանի մեջ քանի դեռ ապրում եմ, Աստծո օգնությամբ: Հիշեք, որ սա Շնորհք է: Միլիոնավոր մարդիկ մեռնում են մեղքի մեջ, մինչդեռ Նա ինձ փրկեց: Ինչու՞ փրկեց ինձ: Նա ծրագիր ուներ ինձ փրկելիս, և ես որոշել եմ իրականացնել այդ ծրագիրը: Մնացածը կարևոր չէ: Գուցե ինձ շատ ժամանակ չի մնացել ապրելու: Բայց ինչ էլ լինի, կապված եմ խարսխի հետ: Երբեք չեմ փոխի սա: Այն օրը, երբ մենք քայլում էինք, պարոն Այսլերն ինձ հարցրեց.«Բիլլի, այդ բոլոր փորձությունների մեջ դուք պահեցի՞ք ձեր հավատքը»: Ես նրան պատասխանեցի. «Ոչ, պարոն, հավատքը ինձ պահեց»: Տեսեք, իմ խարիսխը դիմացավ: Դա ճիշտ է: Ես չեմ հավատքս պահել, հավատքն է ինձ պահել: Ես չեմ կարող այն պահել, ես ոչ մի միջոց չունեմ պահելու: Հավատքն է ինձ պահում: Հենց այդպես: Նա ծրագիր ուներ ինձ փրկելով: Միլիոնավոր մարդիկ մեղքի մեջ էին, երբ ես եկա Նրա մոտ, բայց Նա ինձ փրկեց, որովհետև պատճառ ուներ դրա համար: Քրիստոսի մահը բացարձակ իշխանություն էր մահվան վախի դեմ: Քրիստոսի մահը լուծեց խնդիրը: Երբ մահվան մեղուն Նրան խայթեց և թողեց իր փուշը… դուք գիտեք, որ մեղուն, խայթոց ունեցող միջատը, երբ խայթում է, փուշը դուրս է գալիս իրենից: Մահը միշտ խայթոց ունի: Մահը միշտ խայթոց ունի, և մի օր, երբ Նա գնաց Գողգոթա, Նրա արյունոտ ոտքը բախվելով քարերին… Երբ Նա քայլում էր դեպի Գողգոթա, խաչի հետևից մնում էին արյունոտ հետքերը այն թույլ մարմնի, որ գնում էր այնտեղ: Նրանք մտրակում ու հարվածում էին Նրան: Բայց Նա Բացարձակ հիմք ուներ: Նա գիտեր, թե ինչ էր անում, որովհետև Աստծո Խոսքը ասել էր Դավթի միջոցով. «Որովհետև Իմ սրբին ապականություն տեսնել չեմ տա ու Նրա անձը գերեզմանում չեմ թողնի»: Նա գիտեր, որ մարմինը սկսում է ապականվել յոթանասուներկու ժամ հետո: Նա ասաց. «Քանդեցեք այս տաճարը, և Ես երեք օրում կկանգնեցնեմ այն»: Նա Բացարձակ հիմք ուներ: Ահա Նա բարձրանում է բլուրը՝ շրջապատված ծաղրողներով, հարբած զինվորներով, որոնք թքում էին Նրա դեմքին, ծածկում էին Նրա դեմքը կտորով, հարվածում և ասում. «Մարգարեացիր՝ ո՞վ քեզ հարվածեց»: Նա շարունակում էր բարձրանալ սարը խայտառակության և ամոթի մեջ, Նրա հագուստները հանել էին, բայց Նա արհամարհեց ամոթը և մերկ գամվեց խաչին ողջ ժողովրդի առաջ: Նա մահացավ՝ դատապարտվելով հռոմեացիների կողմից նրանց մահապատժով, Նա, որ ոչ մի վատ բան չէր արել: Մի պատմություն ասում է, որ Մարիամ Մագդաղենացին սկսեց վազել՝ ասելով. «Ի՞նչ է Նա արել: Նա բժշկել է ձեր հիվանդներին, հարություն տվել ձեր մեռելներին, ազատել գերիներին: Ի՞նչ է Նա արել»: Բայց քահանան հարվածեց նրա բերանին այնպես, որ արյունը հոսեց և պատասխանեց. «Նրա՞ն եք լսելու թե՞ քահանայապետին»: Ո՛հ, այդ հարանվանական աշխարհը: Դա անեծք է: Այդպես է: Եվ Նրան տարան: Երբ Նա բարձրացավ սարը… Սատանան միշտ կասկածել է թե ով է Նա: Նա ասաց. «Եթե Դու Աստծո Որդին ես, այս քարերը հաց դարձրու: Դու ասում ես, որ հրաշքներ ես անում: Եթե Դու Աստծո Որդին ես, այս քարերը հաց դարձրու: Ասում ես, որ կարող ես հրաշքներ գործել, եթե Աստծո Որդին ես, հրամայիր, որ այս քարերը հաց դառնան: Այդ նույն սատանան հիմա էլ է ապրում: Դա ճիշտ է: «Եթե դու աստվածային բժշկություն ես անում, այստեղ է ծեր Ջոն Այսինչը, որ կանգնած է անկյունում. նա հաշմանդամ է, բժշկիր նրան»: Չե՞ք տեսնում, որ նույն սատանան է: Հիսուսն ասաց. «Ես անում եմ միայն այն…»: Լավ ուշադրություն դարձրեք սրան. Նա գնաց Բեթհեզդայի ավազանը, ուր կային հազարավոր կաղեր, կույրեր, հաշմանդամներ և այլն: Բայց Նա մոտեցավ մի մարդու, որը դեռ կարողանում էր քայլել և շարժվել: Գուցե նրա շագանակագեղձն էր հիվանդ: Ինչ էլ լիներ նրա հիվանդությունը, նա հաշմանդամ էր (նա դրանով տառապում էր երեսունութ տարուց ի վեր): Նա ասաց. «Երբ ես մոտենում եմ ավազանին, ինչ-որ մեկը ինձանից առաջ է մտնում»: Նա կարողանում էր քայլել: Բայց Հիսուսը բոլոր մյուսներին թողեց, գնաց և բժշկեց նրան: Ինչու՞: Նա ասաց, որ գիտեր այդ մարդու վիճակը: Երբ Նրան հարց տվեցին, Նա պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին իրենից չի կարող ոչինչ անել, եթե չտեսնի Հորն անելիս…» (Հովհ.5:19): Դա էր Նրա Բացարձակ հիմքը: Մի օր, երբ Ֆինլանդիայում էի և տեսա այն փոքրիկ տղային, որ պառկած էր ճանապարհի ծայրին, կես ժամ առաջ մահացած (դուք դա կարդացել եք գրքում)… Ես մտածեցի. «Մի վայրկյան»: Ես նայեցի իմ Աստվածաշնչի առաջաթերթին. «Կպատահի այնպես, որ ինը տարեկան մի փոքրիկ տղայի վրաերթի կենթարկի ավտոմեքենան: Այնտեղ կլինի եղևնիների երկար շարք ժայռերի հետ: Ջարդված մեքենան կլինի ճանապարհի մեջտեղում: Նա հագած կլինի շատ երկար գուլպաներ և մազերը շատ կարճ կտրած կլինեն: Աչքերը շրջված կլինեն և ոսկորները՝ կոտրված»: Ես նայեցի և ասացի. «Ոհ, Աստված իմ»: Այն ժամանակ ասացի. «Բոլորդ լռեք: (Քաղաքապետը ներկա էր): Եթե այս տղան երկու րոպեի ընթացքում վեր չկենա, ուրեմն ես սուտ մարգարե եմ և կարող եք ինձ վռնդել Ֆինլանդիայից: Բայց եթե վեր կենա, տվեք ձեր կյանքերը Քրիստոսին»: Դա ճիշտ է: Նրանք անշարժ կանգնեցին: Ես ասացի. «Երկնային Հայր, երկու տարի առաջ օվկիանոսից այն կողմ Դու ինձ ասացիր, որ այս փոքրիկ տղան մեռած ընկած կլիներ ճանապարհին…»: Այնտեղ էին Մուր եղբայրը և Լինդսեյ եղբայրը, որոնք նայում էին: Նրանք, ինչպես և մյուսները իրենց Աստվածաշնչի մեջ գրել էին այդ մարգարեությունը, երբ ես ստացել էի այն: Այն գրված էր հազարավոր Աստվածաշնչերի մեջ երկրով մեկ: Ի՞նչ էր դա: Բացարձակ հիմք: Այնտեղ՝ Ֆինլանդիայում, հազարավոր մարդիկ էին գալիս ամեն երեկո (նստածները իրենց տեղերը զիջում էին կանգնածներին)… Բոլոր այդ մարդիկ ինձ սիրում էին: Նրանք բժշկություններ էին տեսել, բայց ահա այս վայրում մի փոքրիկ տղա մեռած պառկած էր ճանապարհի վրա: Ի՞նչն էր բացարձակ հիմքը: Տեսիլքը: «Ես անում եմ այն, ինչ տեսնում եմ Հորն անելիս: Ինձ հավատացողն էլ կանի իմ կատարած գործերը»: Սա է ձեր Բացարձակ հիմքը: Ես ասացի. «Մահ, դու չես կարող երկար պահել նրան: Աստված է խոսել: Հեռացիր: Թող այդ երեխային»: Այդ ժամանակ փոքրիկ տղան հարություն առավ, վեր կացավ, այսպես նայեց շուրջը: Կային մարդիկ, որոնք ուշաթափվեցին: Կա այս իրադարձության գրավոր վկայությունը, որը ստորագրվել է քաղաքապետի և նոտարի կողմից: Դա ճիշտ է: Ի՞նչ է սա: Բացարձակ հիմք: Մի՞թե նույն Աստվածը չէ, որ կանգնեցրեց Նային քաղաքում բնակվող կնոջը, որը տանում էր իր երեխային: Այն ժամանակ նրանք մեռելներին անմիջապես էին թաղում, մի քանի օր չէին պահում: Անմիջապես նրանց գերեզմանի մեջ էին դնում: Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Հիշեք այն մանկիկին, որը Մեխիկոյից էր (ձեզանից մի քանիսը այնտեղ էին): Նա մահացել էր առավոտյան ժամը իննին, և բժիշկն արդեն գրել էր մահվան արձանագրությունը: Երբ մայրը նրան բերեց, արդեն երեկոյան ժամը տասն էր: Նա չէր ուզում մխիթարվել: Բիլլին՝ իմ որդին, փորձեց նրան ետ պահել: Կարծեմ մոտ երկու հարյուր հոգի զբաղվում էին կարգուկանոնով: Բայց նա նրանց միջով անցավ: Նախորդ երեկոյան մի կույր նորից տեսողություն էր ստացել, և նա այդ գիտեր: Այդ կինը կաթոլիկ էր: Բայց ի վերջո ես ասացի Մուր եղբորը. «Գնա աղոթիր այդ կնոջ համար, որովհետև երեխան…»: Տեղատարափ անձրև էր գալիս, և բոլորը վաղ առավոտից այդ մեծ հրապարակում էին: Եվ ես ասացի… (Նրանք ստիպված էին ինձ բեմ իջեցնել պարանով): Ես այնտեղ կանգնած ասում էի. «Ինչպես արդեն ասացի…». քարոզում էի: Իմ առջև տեսա մի մեքսիկացի երեխայի, որը դեռ ատամներ չուներ և ծիծաղելով ինձ էր նայում: Հենց իմ դիմաց: Այդ ժամանակ ասացի. «Մի րոպե սպասեք: Մուր եղբայր, նրան այստեղ բերեք»: Ո՛հ, այդ Բացարձակ հիմքը: Կարգուկանոնի պատասխանատուները մի կողմ քաշվեցին, և կինը մոտեցավ: Նա ծնկի եկավ և ինձ ասաց. «Պադրե, պադրե»: Ես նրան ասացի. «Վեր կացեք»: Էսպինոզա եղբայրն էլ նրան իսպաներեն ասաց. «Վեր կացեք»: Այդ ժամանակ նա կանգնեց իմ առաջ: Ես ասացի. «Երկնային Հայր, ես կանգնած եմ այստեղ անձրևի տակ…»: Դա մի գեղեցիկ կին էր մոտ քսաներեք տարեկան, երկար մազերով եւ նրա դեմքն ուղղված էր իմ կողմը: Նա տեսել էր քառասուն տարուց ի վեր կույր մարդուն, որի աչքերը բացվել էին հենց այս բեմի վրա: Նա գիտեր, որ եթե Աստված կարողացել էր բացել կույրի աչքերը, կկարողանար նաև բժշկել իր երեխային, այդ փայտացած մարմինը, որը փաթաթված էր թրջված ծածկոցի մեջ: Ողջ առավոտը նա այստեղ էր, ցերեկը՝ նույնպես: Եվ երեկոյան ժամը տասին ինձ մեկնեց իր երեխային (այդ մասին կարող եք կարդալ քրիստոնյա գործարարների թերթի մի հոդվածում): Ես ասացի. «Երկնային Հայր, ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում: Ես ընդամենը Քո ծառան եմ: Բայց տեսա, որ երեխան այնտեղ կանգնած էր. նա ողջ էր: Ես ձեռք եմ դնում նրա վրա Տեր Հիսուսի Անունով»: Մանկիկը սկսեց ճչալ. «Ուա, ուա»: Մայրը վերցրեց իր երեխային և սկսեց գոռալ: Ամենուրեք մարդիկ գոռում էին, կանայք՝ ուշաթափվում և այլն: Ես ասացի. «Այդ ամենի մասին ոչինչ մի ասեք: Ինչ-որ մեկին այդ կնոջ հետ ուղարկեք բժշկի մոտ, որ վկայական գրի այն մասին, որ երեխան առավոտյան ժամը իննին մահացել էր թոքաբորբից»: Մենք ստացել ենք այդ վկայականը բժշկի ստորագրությամբ: Երեխայի մահը այդ առավոտ հաստատվել էր բժշկի կողմից, և մայրը այն պահել էր իր մոտ ողջ օրը: Ի՞նչ էր դա: Բացարձակ հիմք: Ի՞նչ էր կատարվել: Նա հավատացել էր, որ եթե Աստված բացել էր կույրի աչքերը, կարող էր նաև մեռելին հարություն տալ: Որովհետև Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Մինչև տեսնելը համոզված չէի: Բայց երբ տեսա երեխային, դա բացարձակ հիմք էր: Դա բացարձակապես ճիշտ է: Եվ ահա: Մահը ստիպված էր թողնել իր զոհին: Աստծո Որդին եկավ: Մահվան մեղուն սկսեց բզզալ Նրա շուրջը. «Ոհ, ինչպե՞ս կարող է Նա մարգարե լինել: Ինչպե՞ս կարող է մնալ այնտեղ և թույլ տալ, որ թքեն Իր դեմքին: Ինչպե՞ս կարող է մնալ այնտեղ և թույլ տալ, որ Իրեն ծաղրեն ու չհակազդի: Դա Էմմանուելը չի: Դա սովորական մարդ է: Նայեք, թե ինչպես են հարբած զինվորները թքում: Նայեք Նրա արյունոտ դեմքին»: Սատանան ասաց. «Նա իմը կլինի, իմը կլինի»: Եվ մեղվի պես եկավ իր մահվան խայթոցով և սկսեց բզզալ Նրա շուրջը: Բայց, սիրելի եղբայրներ, երբ այդ մեղուն իր խայթը թողեց Էմմանուելի մեջ, այդ խայթը իրենից վերցվեց, այդ խայթը հենց մահն էր: Զարմանալի չէ, որ հետագայում Պողոսը կարողացավ ասել. «Ու՞ր է, ով մահ, քո խայթոցը, ու՞ր է, ով գերեզման, քո հաղթությունը: Գոհություն Աստծուն, որ մեզ հաղթություն է տալիս»: Քրիստոսի մահը բացարձակ իշխանություն էր մահից վախեցող ամեն մարդու համար: Սիրտս «ամեն» է ասում Նրա Գրքի ամեն խոսքին (Շուտով կանգ կառնեմ: Պետք է վերջացնեմ): Ահա թե ինչու գիտեմ, որ Սուրբ Հոգին է այն Կողմնացույցը, որն առաջնորդում է ինձ: Նա է ինձ սովորեցնում, որ Նրա Խոսքը Ճշմարտություն է: Նա է իմ Բացարձակ Հիմքը: Նա է իմ Արևը: Նա իմ Կյանքն է: Իմ Խարիսխն է: Երբ աղետները գալիս են, Նա է իմ Բևեռային Աստղը: Երբ ես կորած եմ, Սուրբ Հոգին այն Կողմնացույցն է, որն ինձ տանում է ճիշտ ճանապարհի վրա: Հարանվանությունները մյուս աստղերի նման են: Աշխարհով մեկ տեղաշարժվում են: Մյուս աստղերը հետևում են աշխարհի շարժումներին, բայց ոչ բևեռային աստղը: Աշխարհը կարող է գնալ ուր ուզում է, բայց բևեռային աստղը մնում է իր տեղում: Ոհ, եղբայրս: Բևեռային աստղը հաստատուն է: Մյուսները շարժվում են, դրանց կարող եք տեսնել տարբեր վայրերում. նույնը վերաբերում է հարանվանական եկեղեցիներին: Բայց Քրիստոսը Բացարձակ Հիմքն է: Նա Միակն է, որին կարող եք վստահել: Երբ հարանվանությունները խճճել են քեզ, նայիր այդ Բևեռային Աստղին: Սուրբ Հոգին է ձեր Կողմնացույցը: Նա հավիտյան հավատարիմ է մնում Իր Խոսքին: Երբ ինձ ասում են, որ այդ բաները չեն կարող կատարվել ժամանակակից աշխարհում, ես գիտեմ, որ եթե Աստված չլիներ, ուրեմն ուտենք, խմենք, ուրախանանք: Բայց եթե Աստված կա, ուրեմն ծառայենք Նրան: Եվ ես ապրել եմ այն օրերում, երբ Նա ամեն բան կատարել է, մինչև մեռելներին հարություն տալը, ճիշտ այնպես, ինչպես անում էր երկրի վրա եղած ժամանակ: Եվ պաշտոնական փաստաթղթերից գիտենք, որ դա ճշմարտություն է: Այո, Նա է իմ Բացարձակ Իշխանությունը: Դարձրեք Նրան ձեր Բացարձակ Իշխանությունը: Իմ տառապանքների ժամանակ Նա է եղել իմ Բացարձակ Հիմքը: Նա է միշտ եղել իմ Բացարձակ Հիմքը: Այժմ ուշադիր եղեք, Աստծո շնորհքով… (ոհ, պետք է վերջացնեմ: Արդեն ուշ է: Ես կարծում էի, որ ժամը տասնմեկն է, բայց տասներկուսն անց կես է): Սիրելի բարեկամներ, դուք երբեք չէիք կարողանա նկարագրել դա, եթե նույնիսկ ունենաք ողջ հավիտենությունը: Մի փորձեք դա պատկերացնել: Դա անհնար է: Ոչ մի կերպ չեք կարող դա պատկերացնել: Դուք կարող էիք ասել. «Բրանհամ եղբայր, եթե դուք…»: Ես չգիտեմ: Ես պարզապես հավատում եմ: Ես դրա վերաբերյալ ոչինչ չեմ անում: Պարզապես հավատում եմ: Եվ վերջ: Տեսնու՞մ եք: «Ապա ուրեմն ողորմությունը ո՛չ կամեցողից է, ո՛չ էլ վազողից, այլ Աստծուց որ ողորմում է»: Հասկանու՞մ եք: Ոչինչ գործերից չէ, ամեն բան Շնորհքով է: Ես պարզապես հավատում եմ: Մնացածն Աստված է անում: Պարզապես հավատացեք և գործեք ձեր հավատքի համաձայն: Այս հայտնի երգը ես լսել եմ այստեղ կամ ուրիշ տեղ: Աստծո սերը որքան մեծ և սուրբ է, Որքան անհուն և հզոր, Հավիտյան կմնա այդ սերը. Սրբերի ու հրեշտակների երգն է սա: Երբ մի գիտնական փորձում է այդ բաները բացատրել մաթեմատիկայի միջոցով կամ իր կրթության, դա ձեզ տանում է խելագարության: Դա անհնար է: Մի փորձեք անել դա: Մի փորձեք պատկերացնել այդ բաները: Աստված բարձր է ձեր հաշվարկներից: Դուք չեք կարող պատկերացնել Աստծուն: Պարզապես հավատացեք: Դա է գաղտնիքը: Մի փորձեք Նրան հասկանալ, այլ հավատացեք: Ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչ է դա նշանակում կամ ինչ անել: Միայն գիտեմ, որ հավատում եմ: Եվ վերջ: Դա նման է այն բանին, երբ մի բան եք խոստանում փոքրիկ երեխային. նա հավատում է դրան: Ուրեմն դուք պետք է պահեք ձեր խոսքը: Դուք Աստծո զավակ եք, Նա էլ պահում է Իր Խոսքը: Պարզապես հավատացեք Նրա Խոսքին: Մի սասանվեք, հաստատուն մնացեք: Այն, ինչ Աստված արդեն արել է, նորից կանի: Եթե Նա չի անում այդ, ձեզ կասի, թե ինչու չի անում: Դա ճիշտ է: Ուրեմն հաստատուն մնացեք: Դուք գիտեք երգի այս տունը… Ես կարծում եմ, որ մեր սիրելի եղբայրը, որ այստեղ է (անցած երեկո մկրտվեց), երգում է այս երգը. «Աստծո սերը»: Ինձ ասել են, որ այս տունը գրված է եղել հոգեբուժարանի պատին: Եթե օվկիանոսը ողջ լիներ թանաք Ու երկինքը՝ մագաղաթ, Երկրի վրա ամեն խոտ լիներ գրիչ, Եվ ամեն մարդ՝ բանաստեղծ, Ու եթե Աստծո սերը գրեին, Կչորանար օվկիանոսը, Ու մագաղաթը՝ երկնքի հավասար Չէր կարող այդ սերը լիովին ընդգրկել: Մտածեք այդ մասին. երկրի մակերեսի երեք քառորդը ջուր է: Եվ օդի ջրածինն ու թթվածինը, խոնավությունը և այլն… Եթե ողջ ջուրը թանաք լիներ, եթե այս միլիարդավոր խոտերը գրիչ լինեին, եթե երկրի վրա բնակվող միլիարդավոր մարդիկ գրող լինեին… Թաթախել այդ գրիչները օվկիանոսներում՝ նկարագրելու համար Աստծո սերը. դա կցամաքեցներ ջուրը, և մագաղաթը երբեք չէր կարող դա ընդգրկել, եթե տարածված էլ լիներ հավիտենությունից հավիտենություն: Մի փորձեք դա չափել: Դուք կկորցնեք ձեր բանականությունը: Պարզապես հավատացեք: Թող Նա ձեզ համար լինի Բացարձակ Հիմք: Պարզապես մնացեք այդ քաղցր խաղաղության մեջ, այդ փորձառության մեջ, որը երբեք չեք մոռանա: Խարիսխ գցեք դրա մեջ, և ձեր խարիսխը առագաստում կմնա հաստատուն: Մի պահ խոնարհենք մեր գլուխները: Որքա՜ն փառավոր ես Դու, որքա՜ն փառավոր ես Դու: Այս առավոտ, ձեզանից քանի՞սը, որ խոնարհել են իրենց գլուխը… Շուտով Նոր տարի է: Դուք շատ հավատարիմ եք եղել (ես անչափ գնահատում եմ այդ և վստահ եմ, որ Աստված նույնպես գնահատում է): Բայց իրականում չեք ունեցել այդ բացարձակ փորձառությունը. ոչ թե այն, ինչ դուք եք մտածել կամ պատկերացրել, այլ այն, ինչ խոսել է ձեզ հետ ի պատասխան: Եվ այդ պահից տեսել եք, որ ձեր կյանքը փոխվում է, և Աստծո ամեն խոսքին, ամեն խոստումին ասում եք «ամեն»: Այդ ժամանակ կառչում եք ձեր Բացարձակ հիմքից, որովհետև հիշում եք, որ Նա ասել է. «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ Խոսքերը բնավ չեն անցնի»: Դուք չեք կարող գալ այստեղ և «ամեն» ասել յուրաքանչյուր խոսքին, եթե դա հակասում է ձեր հավատո հանգանակներին և հարանվանություններին, այլ ուզում եք գալ Մովսեսի և մյուսների նման (նրանք չկարողացան այդ անել, քանի դեռ չէին կառչել իրենց Բացարձակ հիմքից), դուք ուզում եք որ այդ Բացարձակը թափանցի ձեր մեջ այս առավոտ: Նրանք, ովքեր փափագում են այդ, թող դա ցույց տան իրենց ձեռքը Աստծուն բարձրացնելով: Շատ լավ: Աստված օրհնի ձեզ: Ողջ դահլիճով մեկ: Ողորմած Հայր, գիտեմ, որ շուտով պիտի բաժանվենք: Գալիս է ժամանակը, երբ պիտի թողնենք այս աշխարհը: Մենք չգիտենք, թե դա երբ կլինի, և կարևոր էլ չի: Երբ մեր ժամը հասնի, ցանկանում ենք գալ: Մենք այստեղ ենք Քեզ ծառայելու համար: Թող լինենք Պողոսի նման, որը ճանապարհ էր ընկել Քո Եկեղեցուն վնաս տալու և Դամասկոսի ճանապարհին կուրացավ Լույսի կողմից: Ով Աստված, այդ Լույսը ուղեկցում էր նրան, որովհտեև Քրիստոսն էր: Եվ նա իր խարիսխը գցեց Բացարձակ հիմքի մեջ այնպես, որ կարող էր ծիծաղել մահվան վրա և ասել. «Գոհություն Աստծուն, որ մեզ հաղթություն է տալիս Հիսուս Քրիստոսով»: Դու Բացարձակ Հիմք ես եղել այդ առաքյալի համար: Նրա համար եղել ես Ամենը յուրաքանչյուր Խոսքին: Դու եղել ես նրա կյանքի Աստղը, նրա Ուղեցույցը: Դու այն Կողմնացույցն էիր, որ առաջնորդեց իրեն փոթորկի ժամանակ: Դու էիր Հայտնությունը, Տեսիլքը: Դու էիր նրա Հույսը, նրա Փրկությունը: Եվ նույնիսկ մահվան ժամին, երբ գիտեր, թե ինչ է պատահելու իր հետ, Դու նորից նրա Բացարձակ Հիմքն էիր: Դու եղել ես Դանիելի Բացարձակ Հիմքը: Դու եղել ես բոլոր մարգարեների Բացարձակ Հիմքը: Այն ժամանակվա հարանվանական տարաձայնությունների և դժվարությունների մեջ (փարիսեցիների, սադուկեցիների) միշտ եղել են մարդիկ, ովքեր Քեզ են ընդունել որպես Բացարձակ Հիմքի: Եվ այսօր նույնպես, Տեր, գթա այս տղամարդկանց և կանանց, ովքեր սիրում են Քեզ և որոնց սրտերը արյունոտվում են, որովհետև ուզում են ունենալ այդ իրական փորձառությունը՝ Աստծուն ճանաչելու փորձառությունը և ստանալու Բացարձակ հիմքի վստահությունը: Ով Տեր, գուցե մինչև հիմա նրանք ոչինչ չեն արել որևէ եկեղեցու միանալուց բացի: Եվ մենք գիտակցում ենք, որ ես ջանացել եմ ոչ թե ուրիշներից տարբերվել (Դու գիտես իմ սիրտը), այլ ասել, որ անհնար է Եկեղեցուն միանալ. միանալ հնարավոր է տարբեր ժողովարանների՝ մեթոդական, մկրտական, կաթոլիկ, հոգեգալստական: Իսկ Եկեղեցու մեջ մտնում ես վերստին ծնունդով (Եկեղեցին Քրիստոսի խորհրդավոր Մարմինն է) և դառնում Նրա Մարմնի անդամները՝ ստանալով Հոգու պարգևները Նրա փառավոր Մարմնին շարժում և ուժ տալու համար: Ով Աստված, այդ են ուզում ասել՝ այս առավոտ իրենց ձեռքերը բարձրացնելով դեպի Քեզ: «Դիր ինձ իմ տեղը, Տեր, վերցրու ինձ, ծեփիր ինձ, կերտիր ինձ: Թող իմ դիրքը կյանքում այնպիսի բացարձակ հիմք լինի Քրիստոսի հետ կապված, որպեսզի ուրիշ ոչ մի բանի մասին չմտածեմ այդ Բացարձակ հիմքից բացի»: Շնորհիր այդ, Տեր: Օրհնիր բոլորին: Բժշկիր հիվանդներին և մխիթարիր վշտացածներին: Փրկիր կորսվածներին: Տեր, մենք սովորություն ունենք մարդկանց խորանի մոտ կանչելու, բայց դա մեզ համար ավանդույթ է դարձել: Եվ այս առավոտ այս լցված խորաններով, այս փոքրիկ մանուկներով… Տեր, Դու խոսել ես նրանց հետ, նրանք ձեռք են բարձրացրել: Նրանք որոշում են ընդունել: Նրանք իրական բան են ուզում: Եվ ես աղոթք եմ բերում նրանց համար: Շնորհիր յուրաքանչյուրին իր խնդրածը, Տեր: Եղիր մեզ հետ, ներիր մեր մեղքերը, բժշկիր մեր հիվանդությունները և շնորհիր մեզ այն ազատագրումը, որի կարիքն ունենք: Եվ թող, Տեր, ամեն բանից վեր, այսօրվանից մենք չմոռանանք, որ կապված ենք Բացարձակ հիմքի հետ, մեր Բևեռային Աստղի հետ, Գողգոթայի և Քրիստոսի հետ, և թող Սուրբ Հոգին վերցնի Աստծո խոսքերը և բառացիորեն դրսևորի դրանք՝ բժշկելով հիվանդներին, տեսիլքներ տալով, մեռելներին հարություն տալով և անելով այն ամենը, ինչ խոստացել է անել: Թող այս Եկեղեցին, այս մարդիկ այստեղ հավաքված Քրիստոսի Մարմնի այս մասը ապրեն այնպես, ինչպես Հիսուսն է պատվիրել. «Դուք եք երկրի աղը»: Թող նրանք այնքան աղի դառնան, որ նրանց շրջապատողները ծարավեն: Աղը ծարավ է առաջացնում և աղը կարող է փրկել միայն շփման միջոցով: Նաև խնդրում եմ Տեր, որ այս մարդկանց շնորհես լինելու հոգիներ շահող: Օրհնիր մեր հովվին՝ Նեվիլ եղբորը, խոնարհ սպասավորին, Տեր: Կանգնած է իր պահակակետում որպես հովիվ, որպես Քրիստոսի Մարմնի անդամ՝ ամեն կերպ ջանալով հետևել Քո բոլոր Խոսքերին: Օրհնիր այս հոգաբարձուներին, որոնք այնքան աջակցել են ինձ այս նեղության ժամանակներում: Տեր, ես նրանց սիրում եմ և իմ աղոթքն եմ բերում, որ Քեզ նայեն: Թող նրանք հեռացնեն իրենց հայացքը այս մահկանացու կավից, որ ես եմ: Թող իրենց հայացքն ուղղեն Ամենակարողին: Մենք գիտենք, Տեր, որ սահմանափակ ենք: Ով էլ լինենք, բոլորս էլմահկանացու ենք: Բայց ոչ պատգամը: Շնորհիր այդ, Տեր: Մենք պետք է շրջվենք դեպի Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին: Շնորհիր որ այս երեկո Նա այնքան իրական լինի մեզանից յուրաքանչյուրի համար (նույնիսկ փոքրիկ երեխաների), որ ողջ Եկեղեցու համար դառնա Բացարձակ Հիմք: Խնդրում ենք Հիսուսի Անունով: Ամեն: Կը սիրեմ զինք Կը սիրեմ զինք, Զի նախ Ինք զիս սիրեց Եվ Գողգոթայի խաչի վրա Փրկությունս գնեց: Մինչ նորից ենք երգում, սեղմեք ձեր առջևում, կողքին կամ հետևում նստածների ձեռքը: Թող բոլորը իրար ձեռք սեղմեն: Նստած մնացեք: Շրջվեք և ձեռք սեղմեք, եթե կարող եք: Կը սիրեմ զինք Կը սիրեմ զինք, Զի նախ Ինք զիս սիրեց Եվ Գողգոթայի խաչի վրա Փրկություն գնեց: Հայտարարել են, որ երկուշաբթի օրը Տերունական ընթրիքը կվերցնենք կեսգիշերին: Բարձրացնենք մեր ձեռքերը և երգենք Տիրոջը: Քանի՞սդ եք զգում, որ Նա ձեր Բացարձակ Հիմքն է: Խոսքը… Նա է Խոսքը: Հավատու՞մ եք Նրան: Նա Խոսքն է, և Սուրբ Հոգին բեղմնավորել է Խոսքը, որ կենդանացնի այդ Լույսը ձեր մեջ, այդ Լույսը՝ Խոսքի հաստատումը: Դրեք Խոսքը ձեր սրտում: Թույլ տվեք, որ Սուրբ Հոգին մտնի և կտեսնեք, թե ինչպես Խոսքը կմտնի շարժման մեջ: Հավատացեք, խոնարհ մնացեք: Մի փափագեք մեծ լինել: Ոչինչ եղեք, որ Աստված ինչ-որ բան անի ձեզ հետ: Հասկացա՞ք: Լավ: Ուրեմն արեք այդ հիմա: Թող բոլոր Նրան սիրողներն ասեն «ամեն» (Դահլիճը պատասխանում է՝ «ամեն» - ծան. խմբ.): Գիտե՞ք, թե ինչ է նշանակում «ամեն»: Նշանակում է՝ «թող այդպես լինի»: Ամեն: Բոլորս ասենք «ալելուիա»: (Դահլիճը պատասխանում է՝ «ալելուիա» - ծան. խմբ.): Գիտե՞ք, թե դա ինչ է նշանակում: Դա նշանակում է «Օրհնեք մեր Աստծուն»: Վերջերս, երբ Գերմանիայում էի, խոսում էի երեսուն կամ քառասուն հազար մարդկանց ներկայությամբ: Ես ասացի. «Տարօրինակ է, որ դուք՝ գերմանացիներդ, չեք կարողանում ինձ հասկանալ: Այսօր մի շուն ինձ վրա հաչեց անգլերեն: Ճիշտ է: Նա ոչ մի դժվարություն չունեցավ: Նաև տեսա մի թռչուն: Ինձ համար նա անգլերեն երգեց: Փողոցոց իջնելիս տեսա մի մայրիկի, որը գրկած տանում էր իր փոքրիկին: Փոքրիկը լաց էր լինում անգլերեն: Իսկ դու՞ք ինչու չեք կարող»: Դա ճիշտ է: Եթե նայեք ձեր շուրջը, ամենուր կտեսնեք Նրան: Նա ամենուր է: Այժմ բարձրացրեք ձեր ձեռքը, փակեք ձեր աչքերը, երգեք, մինչ ձեր հովիվը գալիս է հավաքույթը վերջացնելու: Նախ վեր կենանք: Թող բոլորը վեր կենան: Բոլորդ սիրու՞մ եք Նրան: Ուրեմն ասեք «ամեն»: Եվ գիտե՞ք, որ «ալելուիա» բառը նույն հնչողությունն ունի բոլոր լեզուներով: Նույնիսկ Աֆրիկայի ջունգլիներում: Ալելուիա: Դա գրեթե քրիստոնեական ողջույն է, չէ՞: Ալելուիա: Դա նշանակում է «օրհնեք մեր Աստծուն»: Նա արժանի է դրան, չէ՞: Նա իմ Փրկիչն է, Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին: Ինձ համար Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Իսկ ձե՞զ համար: Կը սիրեմ զինք Կը սիրեմ զինք, Զի նախ Ինք զիս սիրեց Եվ Գողգոթայի խաչի վրա Փրկություն գնեց:
Բովանդակություն