Լսել

Նշանը 09/01/1963Ա

Բովանդակություն

Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

Բարի լույս բոլորիդ: Երջանիկ եմ այս առավոտ կրկին այստեղ լինելուս համար, Տիրոջ ծառայության համար: Ես չգիտեի, թե արդյոք կարող էինք վերադառնալ, բայց Աստված հոգ տարավ այդ մասին, և մենք վերադարձանք այսօրվա պաշտամունքի համար: Մեծ բաների ենք սպասում այսօր, այս կիրակնօրյա դպրոցի դասի ժամանակ, երբ սերտելու ենք Խոսքը: Այս երեկո նորից բժշկության ծառայություն կլինի, հետո Հաղորդությունը կվերցնենք: Կարծեմ՝ այսօր մանկան ընծայման արարողություն ունենք: Նեվիլ եղբայրն ինձ քիչ առաջ ասաց, որ մի զույգ ուզում է, որ իրենց երեխան ընծայվի: Եթե ուզում են, թող հիմա մանկանը բերեն, և մի եղբայր թող մնա դաշնամուրի մոտ: Թող բերեն մանկիկին, որ սկսենք ընծայման արարողությունը, իսկ հետո հնարավորինս արագ կսկսենք կարդալ Խոսքը: Որովհետև մենք սիրում ենք խորհրդածել Խոսքի շուրջը: Դա է կարևորը՝ հավատարմությամբ մեր ժամանակը տալ մեր Տիրոջ Խոսքին: Դրա համար մենք երախտապարտ ենք այսօր այդ պաշտամունքին հանդիպելու համար: Կարծեմ, ես սխալվել եմ: Քույրս, ներեցեք: Հնարավոր է, որ դա պարզապես սխալմունք էր: Կարծում եմ, ինձ ինչ-որ բան սխալ է փոխանցվել: Լավ, արդյո՞ք բոլորդ լավ եք զգում: Ո՛հ, ահա և փոքրիկ մանկիկը: (Մանկան ընծայումը. Բրանհամ եղբայրը խոսում է ծնողների հետ: Եկեղեցին երգում է. «Բերեք նրանց». ծան. խմբ.): Հրաշալի է: Նրանցից, ում համար աղոթել ենք անցած կիրակի, քանի՞սն են զգում, որ բժշկվել են: Բարձրացրեք ձեր ձեռքը և օրհնեք Տիրոջը: Ո՛հ, գրեթե բոլորը: Այո, պարոն, ես պետք է այդ անեմ: Ես միայն ուզում էի… Ինչ-որ բան է կատարվում, այդ մասին հետո ձեզ կասեմ: Դա այնքան փառավոր ու հրաշալի է, և մենք այդ մասին կխոսենք մեկ ուրիշ հանդիպման ժամանակ: Դա նոր է սկսվել, և մենք այնքան երախտապարտ ենք դրա համար: Ես Կենտուկի էի գնացել, ամեն տարվա նման: Ին ընկերներից մի քանիսն այնտեղ… Ինչպես գիտեք, միայն սկյուռ որսալու համար չէինք գնացել: Մենք հրաշալի պահեր ենք անցկացրել, և դրա համար շնորհակալ ենք Տիրոջը: Այս հավաքույթից հետո պետք է տուն վերադառնամ: Հետո նորից կվերադառնամ մեկ հավաքույթի համար Նյու Յորք գնալու համար: Եվ եթե առիթ ունենանք նորից այստեղ կանգ առնել երջանիկ կլինենք ևս մեկ հավաքույթ անցկացնել այստեղ՝ խորանում: Այնուհետև պետք է վերադառնամ Շրեվպորտ գնալու համար: Այնուհետև տուն կվերադառնանք, և եթե Տերը թույլ տա, ընտանիքով արձակուրդներն այստեղ կանցկացնենք: Հունվար ամսին Ֆենիքսում մի հավաքույթ ունեմ (քրիստոնյա գործարարների տարեկան հավաքույթն է): Այդ հանդիպումից մեկ շաբաթ կամ տասը օր առաջ կփորձեմ վարձել այդ մեծ դահլիճը («Հիսուսի անուն» եկեղեցունն է, որով զբաղվում է իսպանացի Գարսի եղբայրը): Դա շատ գեղեցիկ դահլիճ է: Նոր են կառուցել: Այդ դահլիճում կարող են տեղավորվել հազարավոր մարդիկ, բայց նրանց եկեղեցին փոքրաթիվ է: Նրանք ինձ ասացին, որ ցանկացած ժամանակ կարող եմ վարձել այն: Հովտի մեջ եկեղեցուց եկեղեցի գնալու փոխարեն կարծում եմ, որ ամեն բան կհամախմբեմ մի մեծ հավաքույթի մեջ, որին կարող են բոլորը մասնակցել: Մենք կարող ենք վարձել տաճարը (տեսնենք, թե հնարավոր է), հետո կունենանք քրիստոնյա գործարարների համաժողովը: Սպասելով արտասահման ճամփորդությունների պատրաստությանը, մենք կփորձենք հավաքույթներ անցկացնել հարավի նահանգներում հունվար, փետրվար և մարտ ամիսների ընթացքում: Որովհետև, եթե մենք Աֆրիկա գնանք Սուրբ Ծննդի ժամանակ, նրանց համար դա հուլիսի 4-ի նման է (ազգային տոն. ծան. թարգմ.): Նրանց մոտ այդ ժամանակ շատ վատ և անձրևոտ եղանակ է, և մենք չենք կարող այնտեղ գնալ: Ուրեմն նախընտրելի է այնտեղ ավելի ուշ գնալ: Հնարավորության դեպքում ուզում ենք մեր ճամփորդությունը սկսել Նորվերգիայից, հետո կշրջենք աշխարհով մեկ և կհասնենք Աֆրիկա, որտեղ էլ կանգ կառնենք, եթե Տերը թույլ տա: Բայց արդեն այժմվանից աղոթեք մեզ համար: Մենք ձեզ սիրում ենք, դուք գիտեք այդ: Այսպես, մենք ակնկալում ենք, որ Տերը կանի շատ ավելին, քան մենք կկարողանայինք անել կամ մտածել: Հավատում եմ, որ այս երեկո բժշկության հրաշալի ծառայություն կլինի: Կարծում եմ, որ… Ես շատ կարճ կխոսեմ, որովհետև Հաղորդություն է լինելու: Ես, ուրեմն, կսահմանափակվեմ քսան կամ երեսուն րոպեով, հետո կաղոթենք հիվանդների համար և դրանից անմիջապես հետո կվերցնենք Տերունական Ընթրիքը: Սիրով ձեզ հրավիրում ենք մնալ մեզ հետ, և մենք երջանիկ կլինենք…Մենք չունենք փակ հաղորդություն: Դա ամեն հավատացյալի համար է, ամեն հավատացյալի: Սուրբ Գիրքը կարդալուց առաջ կուզենայի մի պահ խոնարհենք մեր գլուխները: Ես կխնդրեի մեր սիրելի բարեկամ Լի Վեյլ եղբորը մեզ առաջնորդել աղոթքի մեջ, որպեսզի Տերը օրհնի Իր Խոսքը: Վեյլ եղբայր, կուզե՞ք աղոթել մեզ համար: (Վեյլ եղբայրն աղոթում է. ծան. խմբ.): Այժմ ակնածանքով մոտենում ենք Խոսքին: Այս առավոտ ցանկանում եմ կարդալ Ելից 12-րդ գլխից 12 և 13 համարները: 11-րդ համարում նկարագրված են պատրաստությունը և ընթրիքը մեկնումից առաջ: «Եվ այն գիշերը Եգիպտոսի երկրով պիտի անցնեմ և զարկեմ Եգիպտոսի երկրում ամեն առաջնեկը մարդուց մինչև անասուն, և Եգիպտոսի բոլոր աստվածների վրա դատաստան պիտի անեմ ես՝ Եհովաս: Եվ արյունը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վրա և երբ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ, և հարվածը ձեր վրա պիտի չգա ձեզ կորցնելու համար, երբ Եգիպտոսի երկիրը զարկեմ» (Ելից 12:12,13): Թող Տերը օրհնի Իր Խոսքը: Ես ուզում եմ իմ թեման վերցնել այդ հատվածից: Կվերցնեմ հինգ տառանոց մի փոքրիկ բառ՝ նշանը (անգլերենում՝ token- ծան. թարգմ.): Ես ուզում եմ խոսել կամ տալ կիրակնօրյա դպրոցի մի դաս «նշան» բառի վերաբերյալ: Աստվածաշունչն ասում է. «Եվ արյունը ձեզ համար նշան լինի»: Լավ, ես չգիտեմ… երբ նայում եմ ժամացույցին և տեսնում եմ, որ ժամանակն առաջ է գնում… ես մի շարք հատվածներ եմ նշել: Եվ իմանալով, որ երկար ժամանակ ձեզ հետ չեմ լինելու… Եվ ի՞նչ իմանանք, թե մեզանից ոմանք վերջին անգամ չեն հանդիպում իրար: Ուրեմն մոտենանք Խոսքին ողջ ակնածանքով: Գիտեմ, որ դժվար է: Տերը մեզ գեղեցիկ առավոտ է տվել այս պաշտամունքի համար, մի գեղեցիկ առավոտ: Եվ հիմա ջանանք կենտրոնանալ այն ամենի վրա, ինչի մասին պետք է խոսենք, որպեսզի, եթե կա մի բան, որը Տերը ուզում է ձեզ հայտնել, տրվի ձեզ: Մենք չենք եկել այստեղ պարզապես երևալու համար: Մենք չենք եկել այստեղ, որպեսզի ուրիշները հիանան մեր հագուստներով կամ… Մենք եկել ենք մեկ նպատակով, ինչպես մեր եղբայրն ասաց իր աղոթքի մեջ. «Մենք եկել ենք լսելու Խոսքը, այն Խոսքը, որ գալիս է դեպի մեզ»: Մենք դրան ենք փափագում, որովհետև հենց դա արժեք ունի մեզ համար, իսկական արժեք, որը կարող է մեզ օգնել: Մենք մահկանացու մարդիկ ենք: Բոլոր մարդիկ ուղևորվում են դեպի հավիտենություն: Իսկ հետո… Մենք ժամանակ ունենք որոշում ընդունելու համար՝ իմանալու համար, թե որ ճանապարհով ենք ուզում գնալ: Ճանապարհը մեր առջև է: Մենք պետք է ընտրենք, թե որ կողմով ենք ուզում գնալ: Այդպես Նա վարվեց Ադամի ու Եվայի հետ, այդպես է վարվում նաև մեզ հետ: Մենք պետք է հիշենք, որ ինչ էլ անենք այս կյանքում, ինչ հաջողություն էլ ունենանք, առանց Քրիստոսի ամեն բան կորցրել ենք: Ուրեմն եթե Նա է այն ամենը, ինչ մենք պետք է փնտրենք, մենք ամենահիմար մարդիկ կլինենք, եթե չընդունենք և չսիրենք Նրա Խոսքը: Բավական չէ միայն Խոսքը ընդունել, պետք է ավելին անել: Խոսքն ընդունելուց հետո մի բավարարվեք այն դարակում դնելով. գործի դրեք այն: Նման է այն բանին, եթե գնաք բժշկի, դեղ վերցնեք և դնեք պահարանում: Եթե դեղը գնել եք, խմեք այն: Եթե մի հիվանդություն ձեզ տանջում է, իսկ այդ դեղը կարող է ձեզ թեթևացնել, խմեք այն: Եվ խմեք հենց բժշկի նշանակած ժամին, որովհետև մի քանի րոպեի պատճառով արդյունքը կարող է տարբեր լինել: Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ այսօր ձեր որոշման պահը չի որոշելու ձեր հավիտենական ճակատագիրը: Ընդունեք այն հենց նույն պահին, երբ Նա տալիս է ձեզ: Նշանը… «Եվ արյունը ձեզ համար նշան լինի»: Բայց նախ ի՞նչ է նշանը: Այդ բառը շատ է գործածվում մեր՝ անգլիախոսներիս կողմից, հատկապես Ամերիկայում: Բառարանն ասում է, որ նշանը ապացույց է: Դա ցույց է տալիս, որ ինչ-որ բանի գինը վճարված է (ինչպես օրինակ երկաթուղայինի տոմսը): Երբ վճարում եք ձեր ուղևորության համար, ձեզ մի կտրոն (անգլերեն «token»՝ «նշան» բառը նշանակում է նաև կտրոն - ծան. թարգմ.) են տալիս: Եվ այդ կտրոնը կարող է օգտագործվել միայն երկաթգծի տվյալ երթուղու համար: Երկաթգծի ընկերության համար դա նշան է, որ դուք վճարել եք ձեր երթևեկության համար: Այն ուժի մեջ չի ուրիշ ոչ մի երթուղու համար: Այն ուժի մեջ է միայն այդ երթուղու համար: Դա նշան է: Անդրադառնանք մեր թեմային. Աստված ասում է Իսրայելին. «Գառան արյունը ձեզ համար նշան կլինի»: Իսրայելի մորթված գառնուկը Եհովայի պահանջած նշանն էր: Դա պետք է արյունը լիներ: Ուրիշ ոչ մի նշան նվազագույն ազդեցություն անգամ չէր ունենա: Աշխարհի համար դա հիմարություն է, բայց Աստծո համար դա միակ միջոցն է: Այդ նշանը միակ բանն է, որ Նա պահանջում է. այն պետք է այնտեղ լինի: Եվ դուք չեք կարող ունենալ այդ նշանը, եթե գինը վճարված չէ: Իսկ եթե վճարված է, դուք դառնում եք նշանի սեփականատերը և ունենում եք ազատորեն երթևեկելու արտոնությունը: «Եվ երբ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ»: Ի՜նչ առանձնաշնորհում է իմանալ, որ դուք ունեք այդ անցաթուղթը: «Եվ երբ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ»: Դա միակ բանն է, որ Նա կընդունի: Ուրիշ ոչ մի բան չի կարող դրան փոխարինել, ոչ մի հարանվանություն, ոչ մի բան: Աստված ասաց. «Ես այն կտեսնեմ»: Կարևոր չէ, թե ինչքան արդար, ինչքան լավն էին նրանք, ինչ կրթություն ունեին, ինչպես էին հագնվում, կարևոր էր միայն Նշանը: «Եվ երբ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ»: Արյունը նշան էր, որը ցույց էր տալիս, որ Եհովայի պահանջը կատարված էր, ամեն բան կատարված էր: Արյունը նշանն էր: Հասկանու՞մ եք: Աստված ասել էր. «Որովհետև նրանից կերած օրդ մահով պիտի մեռնես»: Մի կյանք վերցվեց հավատացյալի կյանքի փոխարեն: Աստված Իր Շնորհքով մի փոխանորդ ընդունեց ապականված անձի կյանքի փոխարեն: Երբ Նրա զավակը ապականվեց՝ գործելով Աստծո Խոսքի հանդեպ անհավատության մեղքը, ողորմությամբ լեցուն Աստված մի փոխանորդ հաստատեց, որը պետք է մեռներ մեղավորի փոխարեն: Ուրիշ ոչ մի բան չէր կարող գործել: Ահա թե ինչու Կայենի խնձորներն ու դեղձերը ոչ մի արժեք չունեին: Պետք է լիներ մի կյանք, որ արյուն պարունակեր իր մեջ և կյանքը պետք է դուրս գար զոհից: Արյունը նշան էր, որ Աստծո պատվիրանը կատարվել էր: Ի՞նչ էր Աստված պահանջում: Կյանք: Արյունը ցույց էր տալիս, որ մի կյանք էր վերցվել, որ մահ էր եղել: Աստծո պատվերով մի կյանք էր զոհաբերվել և արյուն էր թափվել: Եվ արյունը նշան էր, որ կյանքը հեռացել էր: Նշանը կենդանու արյունն էր, որը զոհաբերվել էր Աստծո պատվերով: Աստծուն պաշտողը՝ հավատացյալը, նույնանում էր իր զոհի հետ նշանի միջոցով: Չէի ուզենա շատ երկար խոսել քիչ առաջ կարդացած փոքրիկ հատվածի վերաբերյալ (դրանցից յուրաքանչյուրին մեկ հավաքույթ կարելի էր տրամադրել), բայց այնուամենայնիվ ուզում եմ մի պահ կանգ առնել այս հատվածի վրա՝ ցույց տալու համար, որ հավատացյալը պետք է նույնանար իր զոհի հետ: Հարցը միայն զոհաբերությունը չէր, հավատացյալը պետք է նույնանար դրա հետ: Նա պետք է ձեռքերը դներ զոհի վրա՝ նրա հետ նույնանալու համար: Այնուհետև արյունը այնպիսի տեղ պետք է դրվեր, որ նա կարողանար կանգնել դրա տակ: Արյունը պետք է իր վերևում լիներ, և դա մի նշան էր, որը ցույց էր տալիս, որ նա մեղավոր էր ճանաչվել, և մի անմեղ փոխանորդ գրավել էր իր տեղը: Ի՜նչ գեղեցիկ խորհրդապատկեր: Փրկագնված մեկը… Արդարությունը կատարված էր, և Աստծո սուրբ արդարարության պահանջները՝ բավարարված: Աստված ասել էր. «Ես քո կյանքն եմ պահանջում»: Այն բանից հետո, երբ մեղքը մտավ կյանքի մեջ, անմեղ փոխանորդը պետք է զոհվեր: Դա արյուն ունեցող անասուն էր, ոչ թե խնձոր կամ դեղձ: Դա պետք է օձի սերունդը բոլորի համար բացարձակապես պարզ դարձներ: Պետք է արյուն լիներ, իսկ արյունը չէր կարող դուրս գալ մրգից, պետք է թափվեր անմեղ փոխանորդի արյունը: Այդ կյանքը հեռացել էր, իսկ արյունը խորհրդանիշ էր, որ անասունը սպանվել էր, և արյունը դուրս էր եկել նրա միջից: Իսկ հավատացյալը, որը արյունը կիրառում էր իր վրա, ցույց էր տալիս, որ ինքը փրկության մասնակից է, որովհետև նույնացել է զոհի հետ, իսկ արյունը այդ մասին վկայող նշանն էր: Ի՜նչ հրաշալի է, ինչպիսի՜ խորհրդապատկեր: Դա Քրիստոսի կատարյալ խորհրդապատկերն է: Ճշմարտապե՛ս: Այսօր հավատացյալը, որը կանգնած է հեղված Արյան ներքո, նույնանում է Զոհի հետ. այդ ամենը պարզապես կատարյալ է: Սպանվում էր կենդանին… Կարծում եմ, որ կենդանիներից ամենաանմեղը գառնուկն էր: Երբ Աստված ուզում էր նմանեցնել Քրիստոսին, Նրան նույնացրեց Գառան հետ: Երբ ուզում էր Ինքն Իրեն նմանեցնել, նույնացրեց թռչունի՝ աղավնու հետ: Աղավնին թռչուններից ամենաանմեղն ու ամենամաքուրն է, իսկ գառնուկը կենդանիներից ամենաանմեղն ու ամենամաքուրն է: Տեսեք, թե ինչ կատարվեց, երբ Հիսուսը մկրտվեց Հովհաննեսի կողմից: Աստվածաշունչն ասում է. «Նա տեսավ Աստծո Հոգին, որ աղավնու պես վայր էր իջնում ու նրա վրա գալիս»: Եթե դա լիներ գայլ կամ մեկ ուրիշ կենդանի… աղավնու բնույթը չէր կարող ներդաշնակվել գայլի բնույթի հետ: Նա չէր կարող ներդաշնակ լինել ուրիշ ոչ մի կենդանու հետ, բացի գառնուկից: Եվ այդ երկու բնույթները միացան: Նրանց միջև համաձայնություն կարող էր լինել: Հիմա տեսնու՞մ եք նախասահմանությունը: Գառնուկը եկավ այստեղ: Դա գառնուկ էր: Նա ծնվեց և մեծացավ որպես Գառնուկ: Դրա համար դա միակ հոգևոր բնույթն է, որը կարող է ընդունել Խոսքը և Քրիստոսին: Մյուսները կփորձեն: Նրանք կփորձեն Աստծո Հոգին իջեցնել գայլի վրա՝ բարկացկոտ, չար, անարգ: Նա այնտեղ չի մնա: Սուրբ Հոգին անմիջապես կհեռանա: Նա չի ուզում այդ: Ի՞նչ կկատարվեր, եթե Աղավնին իջներ մեկ ուրիշ կենդանու վրա, բացի Գառնուկից: Նա անմիջապես կհեռանար, կգնար այնտեղ, որտեղից եկել էր: Բայց երբ գտավ այն բնությունը, որի հետ կարող էր ներդաշնակվել, մեկ դարձավ Նրա հետ: Այնժամ Աղավնին առաջնորդեց Գառնուկին: Ուշադրություն դարձրեք, որ Նա Գառնուկին տարավ զոհվելու: Արդ, Գառնուկը հնազանդ էր Աղավնուն: Ուր էլ, որ Նրան տաներ, Նա պատրաստ էր գնալու: Այսօր ես ինձ հարց եմ տալիս. երբ Աստված մեզ առաջնորդում է լիովին Իր ծառայությանը ընծայված կյանքի, ես ինքս ինձ հարցնում եմ, թե արդյոք երբեմն մեր հոգին չի ըմբոստանում, ես հարցնում եմ, թե իրոք մենք գառնուկներ ենք: Գառնուկը հնազանդ է: Գառնուկը անձնազոհ է: Նա իր համար ոչինչ չի պահանջում: Դուք կարող եք նրան պառկեցնել և վերցնել իր ողջ բուրդը (իր ունեցածը միայն դա է), նա չի գանգատվի, նա զոհում է իր ողջ ունեցածը: Այդպիսին է գառնուկը: Նա ամեն բան տալիս է, թողնում է իր ողջ ունեցածը: Այդպիսին է ճշմարիտ քրիստոնյայի կյանքը: Նա անձնուրաց է, աշխարհի հոգսեր չունի և Աստծուն է տալիս իր ողջ ունեցածը: Քրիստոսը կատարյալ Գառնուկ էր: Եգիպտոսում թափվում էր բնական գառնուկի արյունը: Եվ դա նշան էր: Ուրեմն ի՞նչ էր նշանակում այս Գառնուկի Արյունը: Դա նշան է, որ մենք մեռած ենք մեր անձերի համար և նույնացել ենք Զոհի հետ: Այնժամ Գառնուկը, Արյունը և անձը նույնանում են՝ հավատացյալը և Զոհը: Դուք ձեր կյանքում նույնանում եք ձեր զոհի միջոցով: Դա է ձեզ դարձնում այն, ինչ կաք: Ուրեմն արյունը ինքնության նշան էր: Արյունը ցույց էր տալիս, որ երկրպագողը զոհաբերել էր գառնուկը, ընդունել էր այն և արյունը կիրառել ինքն իր վրա և չէր ամաչում դրանից: Կարևոր չէր, թե ով կտեսներ իրեն: Նա ուզում էր, որ ողջ աշխարհը տեսնի այդ: Եվ արյունը այնպիսի տեղում էր քսված, որ իր տան մոտով անցնող ամեն մարդ կարող էր տեսնել այդ: Գիտեք, շատ մարդիկ են ուզում քրիստոնյա լինել, բայց գաղտնի, որպեսզի ոչ ոք իրենց շրջապատում չիմանա, որ իրենք քրիստոնյա են: Ոմանք մտածում են. «Ես կուզեի քրիստոնյա լինել, բայց թող Այսինչը չիմանա»: Դա քրիստոնյայի վարվելակերպ չէ: Քրիստոնյան պետք է նշանը հրապարակավ ցույց տա, հասարակական կյանքում, գրասենյակում, փողոցում, եկեղեցում, ամենուր, նույնիսկ այնպիսի տեղերում, ուր նեղություններ կան: Արյունը Նշան է, իսկ Նշանը պետք է կիրառվի, այլապես ուխտը ազդեցություն չի ունենա: Արյունը ինքնության նշան էր, որը հաստատում էր, որ անձը փրկագնված է: Իսրայելացիները փրկված էին, մինչև որևէ բան կատարվելը: Նրանք հավատքով կիրառեցին Արյունը: Մինչև որևէ բան կատարվելը նրանք հավատքով կիրառեցին արյունը, հավատալով, որ այդ բաները կատարվելու են: Արյունը պետք է կիրառվեր, երբ դեռ Աստծո բարկությունը չէր անցել երկրով մեկ: Երբ Աստծո բարկությունը թափվեց երկրի վրա, արդեն շատ ուշ էր: Դա պետք է մեզ մտածելու առիթ տար. մինչև կատարվելը: Կգա մի ժամանակ, երբ այլևս չեք կարող կիրառել արյունը: Գառնուկը մորթվեց երեկոյան, մինչև տասնչորսերորդ օրը պահվելուց հետո: Այնուհետև Գառնուկը մորթվեց, և արյունը կիրառվեց երեկոյան: Հասկանու՞մ եք այդ: Նշանը չերևաց երեկոյից առաջ: Հիմա այս ժամանակաշրջանի երեկոն է: Երեկո է Եկեղեցու համար: Երեկո է ինձ համար: Իմ պատգամի համար նույնպես երեկո է: Ես մեռնելու եմ: Ես հեռանալու եմ: Հեռանալու եմ Ավետարանի իրիկնաժամին: Մենք անցել ենք արդարացման միջով և այլն, բայց հիմա այն ժամանակն է, որում Նշանը պետք է կիրառվի: Անցած կիրակի ասացի, որ ուզում էի մի բանի մասին խոսել. հենց սրա մասին էր: Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ չեք կարող այդ բաների հետ խաղ անել: Պետք է գործել: Այն, ինչ պետք է արվի, պետք է անել կամ հիմա կամ երբեք, որովհետև շուտով բարկությունը թափվելու է երկրի վրա, և բոլոր նրանք, ովքեր Արյան տակ չեն, կորսվելու են: Արյունով եք դուք ճանաչվում: Ուշադրություն դարձրեք, որ կենդանու արյունը չէր կարող վերադառնալ և մտնել մարդու մեջ: Երբ արյունը թափվում էր, կյանքն, իհարկե, դուրս էր գալիս, որովհետև դրանք մեկ էին: Եվ երբ կյանքի արյունը հանվում էր, կյանքը՝ արյունից տարբեր լինելով… Արյունը կյանքի քիմիան է, բայց կյանքը տարբեր է արյունից: Կյանքը արյան մեջ է: Եվ կենդանու արյունը չէր կարող վերադառնալ պաշտողի վրա: Երբ հեղում էր գառնուկի արյունը, պետք է քիմիական բաղադրությունը օգտագործեր, որովհետև կյանքը հեռացել էր և չէր կարող վերադառնալ: Այն չէր կարող վերադառնալ մարդու վրա, որովհետև կենդանու կյանքը հոգի չունի: Կենդանին չի կարող հասկանալ, որ մերկ է և մեղքի մասին գիտակցություն չունի: Ոչ մի գիտակցություն: Դրա համար նա կենդանի էակ է, ոչ թե կենդանի հոգի: Կենդանական կյանքը չէր կարող վերադառնալ մարդկային կյանքի մեջ, որովհետև հոգի չկա դրա մեջ: Ուրեմն, կա կյանք… արյուն, կյանք և կյանքի մեջ՝ հոգի: Հոգին կյանքի բնությունն է: Հետևաբար անասունը ոչ մի առանձնահատուկ բնություն չունի: Դա կենդանի է: Այսպիսով, արյունը նշան էր, որ կյանքը տրվել էր: Բայց հիմա՝ Նոր Ուխտի ժամանակ, տարբերություն կա արյան և կյանքի միջև: Այսօրվա հավատացյալի համար Նշանը Սուրբ Հոգին է, ոչ թե արյունը՝ քիմիական բաղադրությունը: Աստծո Սուրբ Հոգին է: Այդ Նշանն է Աստված պահանջում Իր Եկեղեցուց: Աստված ուզում է տեսնել այդ Նշանը: Նա պետք է այն տեսնի մեզանից յուրաքանչյուրի մեջ: Ուրեմն հիմա, երբ ստվերները երկարում են, և բարկությունը պատրաստ է վերևից թափվել ամբարիշտ ազգերի և ամբարիշտ մարդկանց վրա, նրանց վրա, ովքեր դավանում են, բայց ոչինչ չունեն… Ես փորձել եմ բացատրվել և արդարությամբ ապրել ձեր մեջ, տեսնելու համար, թե ինչ դիրքորոշում պիտի ընդունենք: Մենք ապրում ենք երեկոյան ստվերում, և բարկությունը պատրաստ է հարվածելու: Աստված մի ապացույց է պահանջում, որը ցույց կտա, որ ստացել եք Նշանը՝ Սուրբ Հոգին: Դա միակ միջոցն է, միակ Նշանը, որով Աստված ձեզ կխնայի, որովհետև դա բառացիորեն Հիսուս Քրիստոսի կյանքն է՝ վերադարձած հավատացյալի մեջ: Կենդանու կյանքը չէր կարող վերադառնալ: Ահա թե ինչու արյունը պետք է դռան վրա քսվեր, դռան կողափայտերին և սեմին, որպեսզի այնտեղով բոլոր անցնողները կարողանային այդ նշանը տեսնել դռան վրա: Ամեն: Այդպես պետք է լինի այսօր բոլոր հավատացյալների համար: Նրանք պետք է լցված լինեն Սուրբ Հոգով, որը Նշան է, որ Գառնուկի Արյունը (Գառնուկի մեջ եղած Կյանքը) վերադարձել է: Եվ այդ կյանքը հրապարակավ կնքվում է, որպեսզի ձեր մոտով անցնող յուրաքանչյուր մարդ, որը խոսում է ձեզ հետ և հարաբերություն ունի ձեզ հետ, տեսնի, որ Արյունը կիրառվել է, և այդ Արյան մեջ եղած Կյանքի Նշանը ձեզ վրա է: Միայն այդպես կարող եք պատսպարվել բարկությունից, ոչ թե որևէ եկեղեցու անդամ լինելով: Կենդանու կյանքը չէր կարող վերադառնալ հավատացյալի վրա, որովհետև դա կենդանի էր և միայն ցույց էր տալիս, որ հավատում էին կատարյալ Զոհի գալստին: Ուրեմն ո՞ր զոհը կարող էր ավելի կատարյալ լինել, քան Աստծո Զոհը, որ մեզ համար քավություն դարձավ: Աստված Իր սեփական արարչագործ Արյամբ մարմին դարձավ… Միայն այդպես Աստծո կյանքը կարող էր վերադառնալ, որովհետև մենք բոլորս ծնվել ենք սեռական հարաբերությունից: Ահա թե ինչու այստեղի կյանքը աշխարհից է և չի կարող մնալ: Այն արդեն դատված և դատապարտված է: Դուք չեք կարող այն նորոգել: Դրա համար ոչ մի միջոց չկա: Ոչինչ չի կարող այն բարելավել: Այն պետք է մեռնի: Դա միակ հնարավորությունն է: Այն պետք է մեռնի, և փոխանորդը (Հիսուս Քրիստոսի Կյանքը) մտնի ձեր մեջ: Դա Սուրբ Հոգին է, Աստծո Նշանը, որը ցույց է տալիս, որ դուք ընդունել եք Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի Արյունը: Ուեսլեյի, Լյութերի ժամանակներում հավատում էին Արյունին: Բայց մենք ապրում ենք վերջին ժամանակներում, երբ Նշանը պահանջվում է: Միայն այդպես կարող ենք ունենալ այն, ինչ անհրաժեշտ է հափշտակության համար: Հասկանու՞մ եք այդ: Երբ մի մայր երեխա է ծնում, գալիս են ջուրը, արյունը և հոգին: Բնական ծննդի ժամանակ առաջինը ջուրն է գալիս, այնուհետև՝ արյունը, և վերջապես հայտնվում է կյանքը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմնից դուրս եկան արյունը, ջուրը և Կյանքը: Եվ ողջ Եկեղեցին՝ Հարսը կազմվեց արդարացման, սրբացման և Սուրբ Հոգու մկրտության միջոցով, որը Նշանն է: Եբր. 11-րդ գլխում գրված է. «…ոչխարի մորթիներով ու այծի կաշիներով ման եկան՝ կարոտություն քաշելով, նեղված, չարչարված… որպեսզի դրանք առանց մեզ չկատարվեն»: Եվ այս ժամանակվա Եկեղեցին ստացել է Սուրբ Հոգու մկրտության Նշանը՝ ցույց տալով, որ Արյունը հեղվել է, և Սուրբ Հոգին Եկեղեցու վրա է (առանց մեզ նրանք հարություն չէին կարող առնել, այլ սպասում են մեր կատարելությանը): Որովհետև Աստված խոստացել է կատարել այդ: Ինչ-որ մեկը կլինի այնտեղ: Ես չգիտեմ, թե ով կլինի, բայց ինչ-որ մեկը կընդունի այդ: Ես պատասխանատու եմ միայն մեկ բանի համար՝ քարոզել Նրան: Աստծո գործն է փնտրել նախասահմանված սերմը: Նրանցից յուրաքանչյուրը ներկա կլինի. ջրի ժամանակաշրջանը, արյան ժամանակաշրջանը և հիմա Սուրբ Հոգու Նշանի ժամանակաշրջանը: Հիշեք, որ Իսրայելը անցավ շատ փորձություններով, բայց նշանը ցույց տվեց երեկոյան, ոչ թե առավոտյան, ոչ թե պատրաստության ժամանակ, երբ գառնուկը պետք էր պահել մինչև տասնչորսերորդ օրը: Իսրայելը գիտեր, որ ինչ-որ բան պետք է գար: Լյութերը նույնպես այս գիտեր, ինչպես նաև Ուեսլեյը, Ֆիննեյը, Նոքսը և Կալվինը: Նրանք գիտեին, որ կգար մի ժամանակ, երբ Կրակի Սյունը կվերադառնար Եկեղեցու վրա: Նրանք գիտեին, որ կգար մի ժամանակ, երբ այդ բաները նորից կլինեին: Նրանք այդքան չապրեցին, որ տեսնեին դրանք, բայց սպասում էին: Իսրայելը գիտեր, որ ինչ-որ բան կատարվելու էր, բայց դա լինելու էր երեկոյան, երբ արյունը քսվեր դռան վրա: Մինչդեռ գառնուկը արդեն պատրաստ էր: Գառնուկին գտնում ենք ամենուրեք: Լյութերի ժամանակ Գառնուկն էր, ինչպես նաև Ուեսլեյի ժամանակ: Բայց հիմա Նշանի ժամանակն է, երբ ամեն տուն պետք է ծածկված լինի Նշանով: Աստծո ամեն տուն պետք է ծածկված լինի Նշանով: Այնտեղ գտնվող ամեն բան ծածկված լինի Նշանով: Աստծո Տունը Հիսուս Քրիստոսի Մարմինն է: Եվ մեկ Հոգով ենք մենք մկրտվել այդ Նշանի ներքո և դարձել ենք դրա մասնիկը, և Աստված ասել է. «Եվ երբ նշանը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ»: Ինչպիսի՜ ժամանակաշրջանում ենք մենք ապրում: Արյան միջոցով էին հավատացյալները ճանաչվում, որովհետև կյանքը հեռացել էր: Այդ կյանքը չէր կարող վերադառնալ, դրա համար անհրաժեշտ էր քիմիական բաղադրության առկայությունը: Արյունը պետք էր որպես ներկ, որպես քիմիական տարր, որը ցույց էր տալիս, որ կյանքը հեռացել էր: Այժմ Հոգին Ինքն է Նշանը: Սուրբ Հոգին Ինքն է Նշանը, ոչ թե Արյունը: Արյունը թափվեց Գողգոթայում. դա ճիշտ է, բայց Արյունը վերադարձավ այն տարրերին, որից եկել էր: Բայց հասկանում եք, որ արյան բջջի մեջ կյանք կար, որը շարժում էր տալիս բջջին: Եթե այդպես չլիներ, քիմիական տարրը իր մեջ կյանք չէր ունենա, շարժում չէր լինի: Բայց երբ կյանքը մտավ արյան քիմիական բաղադրության մեջ, բջիջ կազմեց: Այն կազմեց իր սեփական բջիջները, բջիջ բջջի հետևից: Դա մարդ դարձավ, և այդ Մարդը Էմմանուելն էր՝ Աստված Մարմնի մեջ: Բայց երբ այդ կյանքը վերադարձավ քիմիական տարրերին… Բայց Նշանը Սուրբ Հոգին է, որ իջնում է Եկեղեցու վրա, որպեսզի նրանք տեսնեն Քրիստոսին: Պետք է այդպես լինի, որովհետև կինը և իր ամուսինը մեկ են դառնում: Նրանք մեկ են դառնում, ինչպես որ Հարսը և Քրիստոսը մեկ են: Հարսի ծառայությունը և Քրիստոսի ծառայությունը նույն ծառայությունն է: Հիշեք սա. «Առաջին գիրքը, ով Թեոֆիլե, գրեցի այն ամենի մասին, ինչ Հիսուսն սկսեց անել ու սովորեցնել»: Մահը չկանգնեցրեց Նրան: Ոչ, Նա վերադարձավ: Նա երրորդ Անձ չէ, Նա նույն Անձն է, որ վերադարձավ Սուրբ Հոգու տեսքով և շարունակում է գործել, ինչպես գրված է Գործք առաքելոց գրքում: «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր.13:8): Դա է նշանը: Երբ Պետրոսն ու Հովհաննեսը անցան Գեղեցիկ կոչված դռան մոտով, այնտեղ ի ծնե հաշմանդամ մարդ կար: Պետրոսը նրան ասաց «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն կտամ քեզ. Հիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունով վեր կաց ու քայլիր»: Նրանց հետ խոսում էին՝ իմանալով, որ անգետ և կրթություն չունեցող մարդիկ էին, բայց նկատել էին, որ նրանք Հիսուսի հետ են եղել: Տեսնում եք, Նշանը առկա էր, և այդպես բացահայտվեց: «…. բայց այն, ինչ ունեմ». տեսնել մի խեղճ անկյալ եղբոր, անդամալույծ, խեղանդամ, հիվանդ… Քրիստոսում եղած կյանքը նրանց մեջ էր. «… բայց այն, ինչ ունեմ»: «Իմ անունով դևեր կհանեք»: Ոչ թե Ես կանեմ, այլ դուք կանեք: «Եթե ասեք այս լեռանը…». ոչ թե եթե Ես ասեմ, այլ՝ «Եթե դուք ասեք այս լեռանը…»: Ո՛հ, սիրելի եղբայրներ, մոտ է այն ժամանակը, երբ Նշանը պետք է բացահայտվի: Մենք տեսնում ենք այդ: Մենք գիտենք, որ մոտենում ենք վերջին, որովհետև ամեն տեսակ պատգամներ…նշաններ և հրաշքներ կլինեն: Բայց անդրադառնանք այն բանին, թե ինչ պետք է անի Եկեղեցին. Նշանը պետք է հայտնվի: «Եվ երբ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ»: Ուրիշ ոչ մի բան չէր կարող գործել: Արյունն էր պետք: Արդ, Սուրբ Հոգին այն Նշանն է, որ ստացել ենք Աստծուց: Մի օր մի ճանաչված աստվածաբան, մի մկրտական եղբայր՝ հրաշալի անձնավորություն, եկավ ինձ ասելու. «Բրանհամ եղբայր, դուք խոսում եք Սուրբ Հոգու մասին, բայց դա նոր բան չէ: Մենք այդ մասին սովորեցրել ենք դարեր շարունակ»: Նա նաև ասաց. «Մենք ստացել ենք Սուրբ Հոգին»: Ես նրան հարցրի. «Ե՞րբ եք ստացել»: Նա ասաց. «Երբ հավատացինք» (Ես գիտեի, որ դա մկրտական աստվածաբանությանն էր, որի համաձայն Սուրբ Հոգին ստանում եք մկրտվելու ժամանակ): Ես նրան պատասխանեցի. «Գործք 19-րդ գլխում Պողոսը խոսում էր մի խումբ մկրտականների հետ, որոնցից էր մի մկրտական քարոզիչ, որը դարձի էր եկել Հովհաննեսի կողմից, և Աստվածաշնչի միջոցով ապացուցում էր, որ Հիսուսը Քրիստոսն է: Երբ անցնում էր Եփեսոսով, գտավ մի քանի աշակերտների և նրանց հարցրեց. «Հավատալուց հետո Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»: Նրանք պատասխանեցին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա»: Այնժամ նա նրանց հարցրեց, թե ինչպես են մկրտվել: Նրանք մկրտված չէին Հիսուս Քրիստոսի՝ մորթված Գառնուկի Անունով: Նրանք չէին նույնացել Նրա հետ: Նրանք պարզապես հավատում էին: Կարծես թե, դեղը նրանց ձեռքում էր, բայց դեռ չէին խմել: Պողոսը նրանց պատվիրեց նորից մկրտվել Հիսուս Քրիստոսի Անունով: Եվ միայն դրանից հետո Նշանը իջավ նրանց վրա: Նրանք նույնացան Սուրբ Հոգու գործերի և նշանների հետ: Նրանք խոսում էին լեզուներով, մարգարեանում և փառավորում էին Աստծուն: Նրանք նույնացել էին իրենց զոհի հետ: Եվ Սուրբ Հոգին մեր ինքնությունը հաստատող Նշանն է: Դա է հաստատում քրիստոնյայի ինքնությունը, ոչ թե այս կամ այն եկեղեցուն պատկանելը, Սուրբ Գրքի իմացությունը, Աստվածաշունչը ճանաչելը. կարևորը Հեղինակի՛ն ճանաչելն է, կախված է նրանից, թե ինչ չափով է Հեղինակն ապրում մեր մեջ: Ձեր բնությունն անհետացել է: Դուք այլևս չկաք: Ինքներդ ձեզ մեռած համարեք, Նշանն է ապրում ձեր մեջ. դա ոչ թե ձեր կյանքն է, այլ Նրա: Պողոսն ասել է. «Կյանքը, որ ապրում եմ հիմա…»: Այժմ նա ուրիշ կյանքով էր ապրում: «Եվ կենդանի եմ, այլևս ոչ թե ես, այլ Քրիստոսն է իմ մեջ կենդանի»: Աստված Ինքնության հաստատման Նշանն է պահանջում մեզանից: Նույնանալ մեր Զոհի հետ: Մեր Փրկչի Կյանքը՝ Սուրբ Հոգին մեր մեջ է: Ո՛հ, ինչպիսի դրական նշան. ուրիշ նշան չի կարող լինել: Ո՚հ, Աստված իմ: Եթե միայն կարողանայիք հասկանալ այդ միտքը: Եթե այս առավոտ կարողություն ունենայի բառերով արտահայտել սա և դնել ձեր հոգու մեջ… ոչ թե ձեր ականջներում, այլ ձեր հոգու մեջ: Եթե կարողանայիք տեսնել, թե ինչ երաշխիք է դա ներկայացնում: Դա այնպիսի՜ խաղաղություն է բերում ձեր մեջ: Եթե հանցանք գործած լինեիք և դատվեիք, իմանալով, որ ձեզ հանցավոր են ճանաչելու և մեռնելու եք, ինչպե՞ս կարձագանքեիք: Իմանալով, որ մեղավոր եք և գնալու եք գազախցիկ կամ էլեկտրական աթոռին, կամ կախաղան եք հանվելու կամ էլ ենթարկվելու եք ցանկացած այլ մահապատժի: Դուք գիտեք, որ մեղավոր եք և մեռնելու եք, եթե չգտնեք մի փաստաբան, որը ձեզ կպաշտպանի: Դուք կուզենայիք օգտվել ամենալավ փաստաբանի ծառայությունից: Իմանալով, որ ձեր փաստաբանը լավ փաստաբան է, ավելի քիչ կանհանգստանայիք, որովհետև փաստաբան ունեք: Բայց միշտ կմնա այն հարցը, թե արդյոք փաստաբանը կկարողանա փոխել դատավորի կամ երդվյալ ատենակալների կարծիքը, թե արդյոք կկարողանա իր հնարամիտ ելույթով և օրենքի իմացությամբ փոխել և ձեր դատը պաշտպանելով ապացուցել, որ կարելի է ձեզ կյանք շնորհել: Բայց չնայած իր հեղինակությանը և գեղեցիկ ելույթներին, չնայած այն տպավորությանը, որ նա կարող է գործել դատավորի կամ ատենակալների վրա (ձեր անհանգստությունը կարող է մի պահ նվազել), այնուամենայնիվ կմնա այս հարցը. «Արդյո՞ք դա նրան կհաջողվի»: Բայց մեր դեպքում Դատավորն Ինքն է մեզ պաշտպանում: Աստված Մարդ դարձավ: Ոչ մի փաստաբան չէր կարող այդ անել: Այդպիսի մեկին երբեք չէինք կարող գտնել: Մովսեսը, օրենքը, մարգարեները ոչինչ չէին կարող անել: Այսպես, Դատավորը դարձավ միաժամանակ Ատենակալ, Դատապաշտպան և Դատավոր, Իր Օրենքի արդարությունը վերցրեց իր սեփական ձեռքերում և Ինքն էլ վճարեց գինը. սրանից ավելի մեծ վստահություն մի՞թե կարող էինք ունենալ: Եվ Նա վերադարձրեց Իր Կյանքը մեր մեջ՝ որպես վկայություն, որ Ինքն ընդունել էր այդ: Ինչպիսի՜ ապահովություն մեզ համար: «Թեև գնամ մահվան շուքի ձորում, չարից չեմ վախենա, որովհետև Դու ինձ հետ ես…»: Երբ Նա դարձավ միաժամանակ Դատավոր, Ատենակալ և Դատապաշտպան, Նա պաշտպանեց մեր դատը: Մենք, որ մեղավոր էինք ճանաչվել Նրա իսկ Օրենքով… Նա եկավ և սրբարանում գրավեց մեղավորի տեղը: Նա մեղավորի մեղքը վերցրեց իր վրա, մեռավ, վճարեց գինը, թափեց Իր Արյունը, տվեց Իր Նշանը, Իր սեփական Կյանքը: Գործը փակված է: Հավատացյալի համար այլևս մեղք չկա: Ո՛հ, Աստված իմ, ողորմիր նրանց: Եթե մարդիկ չեն կարողանում տեսնել, որ գործը փակված է: «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Իմ Խոսքը լսողը և Ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի և չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել»: Ահա այդ գործը: Գործը կարճված է: Այլևս դատ չկա: Ամեն: Ուրեմն, ապահովություն կա, երբ Նշանը կիրառվում է: Երբ մահը սկսի դուռը զարկել, այլևս ոչ մի իշխանություն չի ունենա: Այո, Նշանը կիրառված է: Միայն Նշանն է ընդունելի: Նա այդ բաներն արեց, որ Նշանը գա: Նշանը Աստծո Կյանքն էր: Երբ Աստված ստեղծեց առաջին մարդուն, նրան որդի դարձրեց: Իսկ որդին այնպես ապականվեց, որ լսեց իր կնոջը, ոչ թե Աստծուն, իսկ կինը լսեց սատանային՝ իր ամուսնուն լսելու փոխարեն: Եվ երկուսով ապականվեցին, ինչն էլ պղծեց աշխարհը: Բայց Նա գիտեր, եթե այդպես վարվեին, պետք է երեխաներ աշխարհ բերեին: Նրանք չպետք է դիպչեին պարտեզի մեջտեղում գտնվող ծառի պտուղին: Բայց երբ վերցրեցին այդ, դա մեղք բերեց նրանց վրա: Այդ պատճառով դրանից հետո ծնված ողջ մարդկային սերունդը մեղքի մեջ էր: Ուրեմն լուծում չկար: Այնժամ Աստված իջավ: Նրան ընդունելու միայն մեկ հնարավորություն կար՝ նորից ընդունել նրան որպես որդի: Բայց ինչպե՞ս կարող էր այդ անել, երբ Իր սեփական Օրենքն ասում էր. «Նա դատապարտված է»: Այնժամ Հայրը դարձավ մեզանից մեկը: Այդպիսին է ճշմարիտ Գառնուկը: Դա էր Նրա Մտքում եղած ծրագիրը: Ահա թե ինչու արդեն Եդեմի պարտեզում ճանաչվեց Գառնուկը: Իմանալով, որ Գառնուկն ու Աղավնին հանդիպելու են մի օր, Գառնուկն ու Աղավնին միանալու են… Երբ մենք տեսնենք այդ, բոլորս կմիանանք: Նա համաձայնեց գնալ այդպիսի զոհաբերության: Հիմա,երբ Նշանը կարող է կիրառվել, մենք այլևս օտարներ չենք: Մենք Աստծո որդիներ և դուստրեր ենք: Ադամն ու Եվան, տղամարդն ու կինը բոլորը միասին Աստծո որդիներ ու դուստրեր են Հիսուս Քրիստոսով, Նրա փառավոր Զոհով: Բայց որպեսզի սխալ չհասկանան… կյանքի սերմը, որը պետք է ցանվի այս մարմնի հողի մեջ, կորստական սերմ է: Իսկ կյանքը… այն խեղաթյուրված կյանք է, որ սերմի մեջ է. այն կորչում է սերմի հետ: Բայց Նա հավիտենական Կյանք դրեց դրա մեջ և ճանաչեցրեց որպես Իր սեփականը: Եվ հարության ժամանակ այն հարություն կառնի, և ոչինչ չի կորսվի: Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Այն չի կարող կորսվել: Կյանքը նրա մեջ է: Նշանը այդ փոքրիկ մարմնի վրա է, այդ մարդու հոգու վրա: Նշան կա նրա վրա, և Սուրբ Հոգին ցույց է տալիս, որ նա պատկանում է Աստծուն: Նա Նրանն է: «Եվ երբ նշանը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ»: Դա դրական Նշան է: Սուրբ Հոգին մեր Կնիքն է: Դրա համար երբ ստանում եք Սուրբ Հոգին, մահից դեպի կյանք եք անցնում: Կյանքը ձեր մեջ է: Դուք չեք կարող կորսվել: Աստվածաշունչն ասում է . «Ամեն ոք ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում»: Նա չի կարող մեղք գործել, որովհետև Աստծո Սերմը… ամեն, Աստծո սերմը մնում է նրա մեջ, և ինչպե՞ս կարող է մեղք գործել, երբ նրա մեջ բնակվում է Աստված, որ առանց մեղքի է: Երբ նա բնակվում է մի Աստծո մեջ, որն առանց մեղքի է, ինչպե՞ս կարող է մեղք գործել: Ինչ էլ նա արած լինի, Արյունը ծածկում է նրան: Հիմա նա նոր ստեղծագործություն է: Նրա փափագներն ու ձգտումները գալիս են երկնքից, որովհետև նա այլևս որոմ չէ, այլ ցորեն: Նրա ցանկություններն արդեն առաջվանը չեն, և նա ցույց է տալիս այդ: Դուք ասում եք. «Ես այդ բաներին հավատում եմ» ու դեռևս մե՞ղք եք գործում: Դուք խաբված եք: Նշանն ունեցողը Նշանից բացի ուրիշ բան չի կարող ցույց տալ: Իսրայելը պատվեր ստացավ մնալ արյան տակ, մինչև որ ճանապարհ ընկնելու պատվերը գա: Դուրս մի եկեք արյան պաշտպանության տակից: Մտնելով նշանի տակ՝ նրանք կնքվեցին դրանով: Մի հեռացեք այդտեղից: Նրանք մնացին այնտեղ մինչև կեսգիշեր, մինչև փողերը հնչեցին: Երբ փողերը հնչեցին և խոյի հին եղջյուրները փչեցին, յուրաքանչյուրը իր պաշարն առած դուրս եկավ և ճանապարհ ընկավ դեպի խոստումի երկիր: Այսպես է վարվում Սուրբ Հոգով լցված տղամարդը կամ կինը: Նա կնքվում է և ամեն չարիքից ու վտանգից հեռու մնում: Նրա ողջ կյանքը վկայում է, թե ով է ինքը: Ուր էլ, որ գնա, ինչ էլ, որ անի, ում հետ էլ խոսի, կանանց հետ հաղորդակցվի թե իր գործընկերների կամ ցանկացած մարդու, ամեն տեղ այդ Նշանը նրա վրա է: Ամեն: Մահվան ժամին Նա ասում է. «Չարից չեմ վախենա, որովհետև Դու ինձ հետ ես…»: Նշանն այնտեղ է: Հարության օրը այնտեղ կլինի: Հիսուսն է այդ ասել. «Եվ երբ արյունը՝ նշանը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ»: Ո՛հ, Աստված իմ: Հիշեք, որ եթե Նշանը չկիրառվեր, ուխտը ազդեցություն չէր ունենա: Դա ճիշտ է: Ուխտը չեղյալ կհամարվեր: Ոչ մի ուխտ չկար, քանի դեռ առկա չէր Նշանը: Նշանը ուխտի վկայությունն էր: Աստված ուխտ արեց նրանց հետ: Բայց այդ ուխտը ոչ մի ուժ չուներ առանց Նշանի: Շատ հրեաներ կարող էին ասել. «Լսեք, ես արյունը չեմ քսել դռան վրա: Բայց ձեզ մի բան ցույց կտամ: Ես թլփատված հրեա եմ: Ես թլփատված եմ»: Դա ոչ մի նշանակություն չուներ: «Երբ տեսնեմ արյունը, երբ տեսնեմ Նշանը»: Դուք կարող եք ասել. «Ես մկրտական եմ… մեթոդական եմ… երիցական…» կամ մեկ ուրիշ բան. կարևորը Նշանն է: Դուք կասեք. «Ես հավատացյալ եմ: Մայրս այս եկեղեցու անդամ էր, հայրս այս եկեղեցու անդամ էր: Ես էլ վաղ մանկությունից այս եկեղեցու անդամ եմ»: Դա ոչ մի նշանակություն չունի: «Ես չեմ ստում… չեմ գողանում… այս չեմ անում, այն չեմ անում…»: Դա ոչ մի կարևորություն չունի: «Ես Բրանհամի խորանից եմ: Այս եմ անում, այն եմ անում, հավատում եմ ամբողջ Խոսքին»: Հրեաները կարող էին ասել. «Ես հավատում եմ Եհովային»: Եթե հավատայիք, կլսեիք ժամի Պատգամը: Անկասկած: Նրանք բազմաթիվ պատգամներ էին ունեցել, բայց դա այդ ժամի Պատգամն էր: Ես հավատում եմ ա՛յս ժամի Պատգամին: Արյունը քսվեց երեկոյան: Նրանք կարող էին ասել. «Ես հրեա եմ»: Մարդիկ հիմա ասում են. «Ես քրիստոնյա եմ: Ես հիմա ձեզ ցույց կտամ, թե երբվանից եմ եկեղեցու անդամ: Ցույց տվեք ինձ, թե ես երբ եմ գողացել, երբ եմ դատական գործ ունեցել: Ցույց տվեք, թե ես երբ եմ շնացել, այս կամ այն բանն արել: Ցույց տվեք ինձ»: Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում: Ինչ էլ արած լինեք, ուխտը ազդեցություն չունի: Դուք կասեք. «Ես ուսումնասիրում եմ Աստվածաշունչը»: Կարևոր չէ, թե ինչ եք անում: Առանց Ուխտի Աստծո բարկությունը ձեզ վրա է: Դա ճիշտ է: Այն կհասնի ձեզ: Այո: Ձեր մեղքերը կհետևեն ձեզ և կգտնեն: Ի՞նչ է մեղքը: Դա անհավատությունն է: Դուք չեք հավատացել պատգամին: Դուք չեք հավատացել Խոսքին: Դուք չեք հավատացել Նշանի վկայությանը, երբ Նա Իր Ինքնությունը հաստատեց մեր մեջ: Դուք կասկածե՞լ եք դրան: Կարևոր չէ, թե ինչքան եք կասկածել: Նշանը պետք է կիրառվի: Դուք կարող էիք ասել. «Ես դրան հավատում եմ: Ես տեսնում եմ, որ դա Ճշմարտությունն է: Ես ընդունում եմ դա որպես Ճշմարտություն»: Այդ ամենը շատ լավ է, բայց պետք է Նշանը կիրառել: Պատկերացրեք, որ մի հրեա վերցնում է Գառնուկի արյունը և ասում .«Դա Եհովան է պատվիրել»: Եվ այնտեղ գտնվող քահանան ասում է. «Այո, կարծում եմ, որ դա ճիշտ է»: Բայց իր սեփական տան վրա չի քսել արյունը, որովհետև չի ուզում նույնանալ այդ խմբի հետ… «Ո՛հ, ոչ, այդ ֆանատիկները, որոնք դռան վրա արյուն եք քսում…»: Նրանք չէին ուզում այդ նույնացումը: Կարևոր չէ, որ նա քահանա էր, Խոսքը գիտեր, լավ էր դաստիարակվել, բարի գործեր էր արել, շատ ողորմություններ էր տվել աղքատներին, շատ զոհեր էր մատուցել… Պողոսն ասում է. «Եթե իմ մարմինը մատնեմ, որ այրվի, եթե իմ բոլոր ապրանքներն աղքատներին կերցնեմ, եթե մինչև իսկ սարերը տեղափոխելու ամեն հավատն ունենամ… եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, ես ոչինչ եմ, եթե նշանը չկա»: Քանի դեռ չկա այդ Նշանը, որի մասին այս երեկո խոսեցի և դա սերն է… ես ոչինչ եմ, քան դեռ դա չկա: Դուք կարող էիք դևեր հանել, բժշկություններ անել ձեր հավատքով լեցուն աղոթքով: Դուք կարող էիք այդ բոլոր բաներն անել, բայց եթե Նշանը չկա, դուք Աստծո բարկության տակ եք: Դուք կարող եք հավատացյալ լինել: Կարող եք լինել ամբիոնի մոտ և քարոզել Ավետարանը: «Այն օրը շատերն Ինձ կասեն. ՚՚Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք ու Քո անունով դևեր հանեցինք, Քո անունով շատ հրաշքներ արեցինք… Չէ՞ որ Քո անունով քարոզեցինք… ՚՚: (Դա վերաբերում է ինչպես մեթոդականներին, այնպես էլ մկրտականներին և հոգեգալստականներին): Բայց Հիսուսը նրանց կպատասխանի. «Ձեզ երբեք չեմ ճանաչել. Ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ»: Բայց «Երբ նշանը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ»: Դա է Աստված պահանջում այս ժամին: Երեկոյի պատգամը պատվիրում է կիրառել Նշանը: Սատանան ցանել է ամեն տեսակ նմանակումներ, ձեռքսեղմումներ, ապացույցներ և նման բաներ: Մոռացեք այդ մասին: Եկել է ժամը Նշանի, ոչ թե նմանակումների, կեղծ փոխարինիչների: Եկել է ժամը, երբ Նշանը Իր Ինքնությունը հաստատում է մեր մեջ և ապացուցում, որ նույն Հիսուսն է երեկ, այսօր և հավիտյան և ներդաշնակ է Խոսքի հետ: Նշանը պետք է կիրառվի: Ի՞նչ կասեք այն մարդու մասին, որը հավակնում է, թե ունի Նշանը, բայց մերժում է Խոսքը: Դուք չեք կարող այդ անել: Նշանը պետք է առկա լինի: «Արյունը ձեզ համար Նշան կլինի»: Արդ, Սուրբ Հոգին… Կյանքը, որ Արյան մեջ էր, Նշան է ձեզ համար: Քիչ հետո կհասնենք դրան: Սուրբ Հոգին Նշանն է: Գործը փակված է: Լավ հիշեք. կարևոր չէ, թե դուք ով եք, թե ինչքան լավն եք, թե ինչքան եք ցատկոտել, ինչքան շատ եկեղեցիներ եք հաճախել, բազում բարի գործեր եք արել: Դա ձեզ ոչ մի օգուտ չի բերի, եթե Նշանը չունեք: Մենք երեկոյան ժամանակում ենք ապրում: Այդ ամենը լավ էր Լյութերի ժամանակ, Ուեսլեյի ժամանակ, բայց այսօր դա բավարար չէ: Ոչ: Գառնուկը պահելը լավ էր այն ժամանակ: Նրանց համար, ովքեր մեռան մինչև գառնուկի արյունը կիրառելը, տարբեր էր: Նրանք հեռացան մաքուր խղճմտանքով: Նրանք կդատվեն համաձայն… Եթե նրանք նախասահմանված լինեին, կընդունեին այդ: Այլապես ոչ: Ամեն բան այնտեղ է: Այդ ամենը Աստծուց է գալիս: Նա արդարացնում է ում որ ուզում է, ողորմում է ում որ ուզում է, դատապարտում է ում որ ուզում է: Նա Աստված է: Ահա ամենը: Ողորմում է, ում ուզում է ողորմել, դատապարտում է ում ուզում է դատապարտել: Հրեան թլփատության միջոցով կարող էր ցույց տալ, որ ինքը հավատացյալ է: Շատ մարդիկ, շատ հիմնադավաններ կարող են վերցնել այս Աստվածաշունչը և ասել. «Ես հավատացյալ եմ»: Իսկ Հիսուսն ասաց. «Հավատքով պիտի փրկվեք»: Ոմանք ասում են. «Ես հավատացյալ եմ, բայց Սուրբ Հոգով մկրտությունը անհեթեթություն է»: Ուրեմն Նշանը կիրառված չէ: Ինչպիսին էլ լինի հավատքը, չեղյալ է համարվում: Ճիշտ ինչպես հրեաների թլփատությունը: Հրեան ասում էր. «Ես հրեա եմ: Ինչու՞ պիտի գնամ և այդ ֆանատիկների պես վարվեմ»: Մովսեսը անցնում էր փողոցներով և ասում. «Սա երեկոյի պատգամն է: Տասնչորսերորդ օրը կհավաքվեք գառնուկը մորթելու: Իսրայելի ողջ ժողովուրդը պետք է մորթի այն՝ ձեռքերը նրա վրա դնելով և նույնանալով նրա հետ: Արյունը պետք է քսվի դռան սեմին և կողափայտերին: Եվ երբ Արյունը տեսնեմ, ձեր վրայով պիտի անցնեմ, որովհետև դա մի նշան է, որ դուք ընդունել եք ձեզ տրված գառնուկի մահը»: Արյունը նշանն էր: Այժմ Հոգին է Նշանը: «Կարճ ժամանակ հետո դուք Սուրբ Հոգով կլցվեք»: Եվ երբ Արյունը հեղվեց, Նշանն ուղարկվեց Պենտեկոստեի օրը սաստիկ փչող քամու պես: Դա յուրաքանչյուր առաքյալի թեման էր: «Երբ հավատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»: «Ապաշխարեցե՛ք և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի Անունով մկրտվի՝ մեղքերի թողության համար և Սուրբ Հոգու պարգևը կընդունեք, որովհետև դա նշան է (ամեն), որ մահից դեպի կյանք եք անցել»: Ահա այդպես: Երբ հրեական Եկեղեցին անհետացավ, նրան փոխարինեցին հեթանոսները այս ողջ ապականության մեջ: Այժմ հեթանոսների Եկեղեցու մնացորդը դուրս կգա Նրա Անվան փառքի համար. դա Հարսն է: Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Հասկանու՞մ եք, թե Սուրբ Գիրքն ինչի մասին է խոսում: Եթե Նշանը չկիրառվեր, ուխտը ազդեցություն չէր ունենա: Պետք է այդպես լինի, որովհետև եթե ասում եք, որ հավատում եք, բայց Խոսքի հրահանգներին չեք հետևում, ուրեմն չեք հավատում: Դուք կարող եք թլփատված լինել, կարող եք եկեղեցու անդամ լինել և մկրտվել: Այդ ամենը կարող եք անել: Բայց դա Նշանը չէ, Սուրբ Հոգին չէ: Ես շարունակեցի խոսել քիչ առաջ հիշատակված աստվածաբանի հետ: Նա ինձ ասաց. «Բիլլի, Աբրահամը հավատաց Աստծուն, և դա նրան արդարություն համարվեց: Աստծուն հավատալուց ավելի ի՞նչ կարող էր անել»: Ես պատասխանեցի. «Դա ճիշտ է, պարոն: Դա ճիշտ է: Նա հավատաց Աստծուն: Աստվածաշունչն է այդ ասում: Դուք իրավացի եք: Մինչև այստեղ դուք իրավացի եք: Քանի դեռ լրտեսները քայլում էին դեպի Քանան, ամեն բան կարգին էր, բայց երբ հասան սահմանին, այնտեղ մերժեցին»: Ես նաև ասացի. «Դուք՝ մկրտականներ, ճիշտ եք մինչև այնտեղ, ուր հասել եք, բայց հավատալուց հետո Սուրբ Հոգին ընդունեցի՞ք: Հիշեք, որ Աստված ընդունեց Աբրահամի հավատքը: Նա հավատում էր Աստծուն, և դա նրան արդարություն համարվեց: Դա ճիշտ է: Բայց հետո Աստված նրան թլփատության կնիքը տվեց որպես նշան: Դա նրա համար նշան էր: Դա չի նշանակում, որ իր մարմնի թլփատությունը կապ ուներ իր հոգու հետ, բայց դա մի նշան էր, որով Աստված ճանաչեց նրա հավատքը: Որովհետև ասված է. «Ապաշխարեցե՛ք և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի Անունով մկրտվի՝ մեղքերի թողության համար և Սուրբ Հոգու պարգևը կստանաք, որովհետև այս խոստումը ձեզ համար է…»: Հասկանու՞մ եք հիմա: Հրեաների համար կարևոր չէր, որ ապացուցեին իրենց թլփատված լինելը, կարևորն այն էր, որ նշանը կիրառվեր: Այլապես նրանց ուխտը ազդեցություն չէր ունենա: Այսօր էլ նույնն է: Կարևոր չէ, թե ինչ եք անում, կարևոր չէ, որ կարող եք Աստվածաշունչը բացատրել (հնարավոր է, որ Աստվածաշունչը սերտեք, բայց լինեք…), դուք կարող եք ասել. «Ես հավատացյալ եմ» և այլն, այնուամենայնիվ Նշանը պարտադիր է: Դուք կարող էիք ասել. «Ես լավ մարդ եմ եղել, Բրանհամ եղբայր»: «Մարդիկ կարող են ասել ինչ ուզում են, նրանից լավ մարդ չկա: Ես կյանքում չեմ տեսել, որ նա որևէ վատ բան անի»: Դա ոչ մի կապ չունի Աստծո հետ: Մեկ բան է պահանջվում, մեկ բան: Դուք չեք կարող արյունը քսել դռան սեմին, չեք կարող կիրառել նշանը, եթե գառնուկը չի մորթվել: Եվ արյունը դրական նշան էր, որ վկայում էր, որ գառնուկը մորթված է: Նմանակում չէր կարող լինել: Գառնուկն իրոք մորթված էր: Սուրբ Հոգին Նշան է, որ ձեր Գառնուկը մորթված է, և դուք Նշան եք ստացել ձեզ վրա, որովհետև Նրա Կյանքը ձեր մեջ է: Հասկանու՞մ եք: Նմանակել կամ կեղծել հնարավոր չէ: Նշանը կա: Դուք դա գիտեք: Աշխարհը գիտի: Նշանն այնտեղ է: Կարևոր չէ, թե մարդ ինչքան բարի է… կարող է դա լինել Աստվածաշունչ ուսումնասիրող, լավ եկեղեցու անդամ, լավ մարդ, որևէ հարանվանության առաջնորդ, հռոմեական նվիրապետության անդամ և այլն: Մարդը կարևոր չէ, այդ ամենը ոչինչ չի նշանակում: Բայց Իսրայելը… Աստվածաշունչը սերտող բոլոր մարդիկ գիտեն, որ Իսրայելը Եկեղեցու խորհրդապատկերն է, որը գնալու է Խոստումի Երկիր: Եվ դեպի այնտեղ է նա ճանապարհ ընկել: Բայց ճամփորդության ժամանակ, երբ եկավ երեկոն, հանդիսավոր պատվեր եղավ. կարևոր չէր, որ նրանք հրեա էին, որ լավ էին հոգ տարել իրենց բերքի համար, հարգել էին հարևաններին, եկեղեցու լավ անդամներ էին եղել, շատ տասանորդներ էին վճարել. այդ ամենը լավ էր, լավ մարդիկ էին, յուրայինների կողմից ճանաչված էին որպես լավ մարդիկ: Չնայած ամեն ինչին, առանց արյան նշանի, բոլորն էլ կկորսվեին: Ո՛հ, թող Աստված ինձ օգնական լինի, որպեսզի կարողանամ դա լավ հասկացնել այս դահլիճում գտնվողներին և ձայներիզները լսողներին: Դուք կարող եք քարոզել Ավետարանը, դևեր հանել, լեզուներով խոսել, Հոգով պարել, բայց Նշանը չունենալ: Դուք կասեք. «Մի՞թե դա հնարավոր է»: Պողոսն ասում է, որ դա հնարավոր է. «Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, եթե իմ բոլոր ապրանքներն աղքատներին կերցնեմ, Եթե իմ մարմինը մատնեմ, որ այրվի, եթե մինչև իսկ սարերը տեղափոխելու ամեն հավատն ունենամ, և այլն: Այդ ամենով հանդերձ, ես ոչինչ եմ»: Ձեր հույսը մի դրեք նման բաների վրա: Կարևորը Նշանն է: Կարևոր չէ, թե ինչքան բարիք եք գործել, ինչքան լավ մարդ եք եղել: Երբ Աստծո բարկությունը պայթի, միակ բանը, որ Նա կընդունի, դա Նշանն է: Պահանջը սա է՝ մի Նշան, որը ցույց կտա, որ գինը վճարված է: Վճարված գինը Հիսուս Քրիստոսի Կյանքն է, ով Իր Կյանքը տվեց, և Իր Հոգին վերադարձավ մեր մեջ՝ որպես Նշան, որ դուք ընդունված եք: Այսպես, դուք Կնիքը կրում եք ձեզ վրա օր ու գիշեր, ոչ միայն կիրակի օրերին: Դա անընդհատ ձեզ հետ է: Դուք Կնիքն ունեք ձեզ վրա: Արյունը ձեզ համար նշան կլինի: Դուք ասում եք. «Ես հավատում եմ: Ես հավատացյալ եմ»: Դա շատ լավ է, մինչդեռ եթե մերժում եք Նշանը, ինչպես կարող եք հավատացյալ լինել: Նա ձեզ մեղադրում է: Նա վկայում է ձեր դեմ: Լինեք աստվածաբանություն ուսումնասիրող, լավ մարդ, եկեղեցու անդամ կամ մեկ ուրիշ բան, դա ոչ մի արժեք չունի: Ոչ մի: Հնարավոր է, որ ձեր հայրը քարոզիչ էր, իսկ մայրը՝ սուրբ: Շատ լավ է: Բայց նրանք իրենց համար են պատասխանատու: Ինչպես արդեն ասել եմ, որոշ մարդիկ փորձում են Աստծուն դարձնել մի բարի, երես տվող ծեր պապիկ, որն ունի Ռիկիների և Էլվիսների նման մի խումբ թոռնիկներ: Ոչ, Աստված թոռնիկներ չունի: Աստված Հայր է: Դուք պետք է վերստին ծնվեք: Նա գիրուկ, բարի ծերուկ չէ: Նա դատաստանի Աստվածն է: Աստվածաշունչն է այդ ասում: Ահեղ է Նրա բարկությունը: Մի արհամարհեք այդ, և սպասեք, որ Աստծո բարությունը ձեզ ձեր մեղքերով կվերցնի ու երկինք կտանի: Եթե Նա այդ աներ, պետք է ներեր այն ամենը, ինչ կատարվում է այստեղ: Կամ պետք է հավատաք Նրա Խոսքին կամ կորսվեք: Եվ երբ հավատաք, Նրա Խոսքը, Նրա Նշանը կլինի ձեզ վրա: Այն գիշեր մահը պատրաստ էր հարվածելու Եգիպտոսը ցանկացած պահի: Դա սարսափելի պահ էր: Նրանց ծիսակատարությունները տոնակատարությունները, ծոմերը… Աստված նրանց այցելել էր: Աստված մեծ նշաններ և հրաշքներ էր կատարել նրանց մեջ: Մի պահ կանգ առնենք այստեղ: Աստված ցույց էր տվել նրանց Իր Շնորհքը: Նա նրանց նոր հնարավորություն տվեց: Նրանք չէին կարող չճանաչել այդ: Բայց նրանք ասացին. «Այդ ամենը ոչինչ է: Պարզապես ջրվեժի վերին հոսանքներից կարմիր ցեխ է ժայթքել: Դրա համար էլ գետը արյան գույն է ստացել»: Այնուհետև եկավ կարկուտը, հետո՝ գորտերը: Աստված մի տեղ էր պատրաստել և Խոսքը դրել մարգարեի բերանում, և երբ մարգարեն խոսում էր, դա կատարվում էր: Նրանք տեսան այդ բաները և չկարողացան ժխտել: Այն, ինչ Մովսեսն ասում էր, Աստծուց էր ստանում, որովհետև նա Աստծո Խոսքից բացի ուրիշ բան չէր ասում: Աստված ասել էր. «Ես քեզ աստված կդարձնեմ»: Մովսեսը նրանց համար Աստծո պես էր: Նրանք չէին տեսնում տարբերությունը, ուստի Նա ասաց. «Դու աստված կլինես, իսկ Ահարոնը կլինի քո մարգարեն»: «Դու աստծո նման կլինես: Ես կվերցնեմ քո անձը, քո ձայնը, և կստեղծեմ քո միջոցով: Ես կխոսեմ, և ժողովուրդը չի կարող այն ժխտել, որովհետև այդպես է լինելու: Այն, ինչ կասես, կկատարվի»: «Ես քեզ ցույց կտամ այս բաները»: Եգիպտոսը տեսավ այդ բաները: Նրանք այդ տեսան իրիկնաժամից անմիջապես առաջ: Նա նրանց ցույց տվեց Իր գթությունը: Նա ցույց տվեց, որ կարող էր նրանց բժշկել: Մոգերը փորձեցին նրա նման անել: Նրանք նմանակողներ էին: Այդպիսիններին ամենուրեք կարող եք գտնել: Այնտեղ էին Հանեսն ու Համրեսը: Բայց երբ գործը հասավ իրական բաներին, նրանք չունեին այդ: Դա ճիշտ է: Նրանք մի փոքր ժամանակ հետևեցին, հետո նրանց անմտությունը հայտնի դարձավ: Մի՞թե Աստվածաշունչը չի ասում, որ դա նորից կկատարվի վերջին օրերում: «… ինչպես որ Հանեսն ու Համրեսը Մովսեսին հակառակ կանգնեցին…»: Բայց նրանց անմտությունը բոլորին հայտնի կլինի: Նորից նույնն է լինելու: Ապականված մտքով մարդիկ, ճշմարտության համար անպիտան… Նրանք կարող են գեղեցիկ հավաքույթներ անցկացնել, արտաքնապես գեղեցիկ բաներ անել, բայց շուտով կգա ժամը: Ամուր պահեք նշանը: Աստված այդ է պահանջում մեզանից: Մահը սկսեց հարվածել: Աստված ողորմություն էր արել նրանց, ցույց էր տվել Իր զորությունն ու նշանները: Կառչեք այդ Խոսքից: Մի՛ հեռացեք Նրանից: Հավատարմությամբ պահեք այդ Խոսքը: Աստվածաշունչն է այդ ասում: Կանգ առնենք մի պահ՝ նայելու ժամանակների ժամացույցին: Հիշենք, թե ինչ է Նա խոստացել վերջին ժամանակներում կատարվելիք բաների վերաբերյալ: Արդյո՞ք իսկական ժամանակը չէ, որ ինքներս մեզ քննենք: Աստված արեց այդ բոլոր բաները, և չնայած դրան, նրանք չկամեցան ո՛չ ապաշխարել, ո՛չ հավատալ օրվա պատգամին: Չնայած, որ այդ բաները հստակ ապացույցներով դրված էին նրանց առջև: Երբ տեսնում եք, որ նման բաներ են կատարվում, դա նշան է, որ դատաստանը մոտ է: Այդ բաներին հետևելու է դատաստանը: Միշտ այդպես է եղել, և բացառություն չի լինելու: Շնորհքին դատաստանն է հետևում: Երբ Շնորհքն արհամարհում են, մնում է միայն դատաստանը: Միշտ էլ այդպես է լինելու: Նայենք այդ տեսարանին: Ամեն հոգևոր իրադարձություն նշան է Աստծո կողմից: Ուշադրություն դարձրեք: Ամեն հոգևոր իրադարձություն: Այն ամենը, ինչ կատարվում է, նշան է: Մենք պատահականորեն չենք այստեղ: Այդ բոլոր բաները պատահաբար չեն կատարվում: Դրանք նշան են: Դրանք նշան են, որոնք մեզ ցույց են տալիս, որ պետք է շտապենք և ապաստարան գտնենք: Նոյը նշան էր իր սերնդի համար: Եղիան էլ՝ իր սերնդի համար: Հովհաննեսը նշան էր իր սերնդի համար: Ամեն բան… ժամի պատգամը նշան է: Ուշադրություն դարձրեք դրան: Տեսեք, թե ինչ է անում: Դա նշան է: Ամեն բան նշանակություն ունի: Ուրիշ ոչ մի ժամանակաշրջանում այդպիսի պատգամ չէր կարող լինել: Այն չէր կարող լինել ո՛չ Լյութերի, ո՛չ էլ Ուեսլեյի ժամանակներում: Այն չէր կարող գալ նույնիսկ հոգեգալստական արթնության ժամանակ: Դա անհնար էր: Դա երբեք չի եղել: Բայց այդ ամենը խոստացված է եղել Աստվածաշնչում: Մենք հասել ենք վերջին: Այսօրվանից շուտ դա չէր կարող լինել, իսկ հիմա դա կատարվում է որպես նշան, որպես հրաշք: Ի՞նչ է նշանը: Ով փոքրիկ հոտ, իմ եղբայրներ և քույրեր, շտապեք կանգնել նշանի տակ: Մի՛ բավարարվեք փոխարինիչներով: Երբեք մի արեք այդ, երբե՛ք: Ոչինչ մի երևակայեք: Մնացեք այնտեղ, որտեք որ եք, մինչև որ Նշանը դրվի: Մինչև որ Քրիստոսի մեջ եղած Հոգին ձեր մեջ լինի, մինչև որ աշխարհի ողջ անմտությունը դուրս գա ձեր միջից, մինչև որ ձեր սրտի միակ փափագը Նա՛ լինի: Այն ժամանակ կտեսնեք, որ ինչ-որ բան է կատարվում: Հիսուսն ասաց. «Հավատացողներին այս նշանները կուղեկցեն…». ոչ թե նմանակողներին, այլ հավատացողներին: Մենք չենք ուզում վտանգի ենթարկվել: Մենք չպետք է այդ անենք: Ժամի պատգամը նշան է եկեղեցիների համար: Դա նշան է աշխարհի համար: Հասկանու՞մ եք այդ բաները: Հուսով եմ, որ ձայներիզների միջոցով աշխարհի մյուս մասերում գտնվող մարդիկ էլ դա կհասկանան: Ժամի նշանն այստեղ է: Մի նշան կա, որ պետք է կիրառվի: Ուրիշ ժամանակում այն չէր կարող գալ: Տեսեք, թե Աստված ինչպես է պատրաստում այդ ժամանակը: Ինչպես գիտենք, Աստվածաշունչն ասում է, որ այդ բաները կատարվել են մեզ օրինակ լինելու համար: Տեսեք, երբ Աստված պատրաստ էր Եգիպտոսին հարվածել իր դատաստանով, Նա նրանց պատրաստեց: Ինչպե՞ս արեց սկզբում (Նա երբեք Իր գործելակերպը չի փոխում): Իր ժողովրդին պատրաստելու համար նախ մի մարգարե ուղարկեց մի պատգամով: Այնուհետև իր մարգարեի ինքնությունը հաստատելու համար Նա Կրակի Սյուն ուղարկեց՝ որպես ճանաչման նշան: Երրորդ բանը, որ Նա ուղարկեց, Նշանն էր: Այդպես է: Ի՞նչ է նշանակում նշանը. ապահովությու՛ն: Առաջին հերթին, մարգարեն եկավ պատգամով: Նա հաստատեց Իր Անձը մարգարեի մեջ Կրակի Սյունի միջոցով: Այնուհետև մի Նշան ուղարկեց մարդուն, որ նա կանգնի արյան տակ և ցույց տա, որ ընդունել է այդ փոխանորդի մահը: Այնժամ արյունը եղավ Նշան, որ Նա ընդունել է ձեզ: Դուք լսել եք պատգամը, հավատացել եք Կրակի Սյունին, և ընդունել եք Նրա տված փոխանորդը: Դուք կանգնած եք ձեզ համար զոհաբերված Արյան տակ: Որքա՜ն կատարյալ է այդ: Դուք Արյան տակ եք: Այժմ դուք Հոգու ներքո եք, Սուրբ Հոգու: Դուք հավատում եք օրվա պատգամին: Դուք հավատում եք զորությանը, Կրակին Սյունին: Դուք հավատում եք դրան և հիմա… Բայց գիտեք, միայն հավատալը բավարար չէ: Շրջել այդ բաների շուրջը բավարար չէ: Դա ձեզ կարող է ավելի վատը դարձնել: «Որովհետև նա, ով բարին գիտի ու չի անում, մեղքի մեջ է մնում»: Այդ սահմանն անցած հավատացյալները… Հիսուսը նրանց մասին խոսել է Եբր. 6:4-6 համարներում. «Որովհետև անկարելի է նրանց, ովքեր մի անգամ լուսավորվել են, այն երկնային պարգևի համն առել, Սուրբ Հոգուն մասնակից եղել և Աստծո բարի խոսքի ու հանդերձյալ աշխարհի զորությունները ճաշակել, եթե ընկնում են, որ դարձյալ նորոգվեն ապաշխարության համար, որովհետև Աստծո Որդուն իրենց համար կրկին խաչեցին ու խայտառակ արեցին»: Նրանք անարգում են Ուխտի Արյունը, որով սրբացել են: Սրբացած… դա չէ Նշանը: Արյունը չէ Նշանը. Նշանը Կյանքն է: Կյանքը չէր կարող վերադառնալ, որովհետև կենդանու կյանք էր: Նշանը այդ քիմիական բաղադրությունն էր: Այն ժամանակ բառացիորեն արյուն էր քսվում դռանը, իսկ հիմա Նշանը Սուրբ Հոգին է: Հիմա մենք դա կապացուցենք: Կյանքն է Նշանը: Ձեր կյանքն անհետացել է: Դուք Քրիստոսով թաքնված եք Աստծո մեջ, Նրա մեջ կնքված եք Սուրբ Հոգով: Քրիստոսի մեջ եղած միտքը ձեր մեջ է: Քրիստոսը և Աստվածաշունչը՝ Խոսքը մեկ են: «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստված էր»: Ուրեմն դուք, Խոսքը, Աստված, Քրիստոսը մեկ եք: «Եթե Իմ մեջ մնաք, Իմ Խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ էլ, որ կամենաք, կխնդրեք, ու կլինի ձեզ» : Նա զորություն դրեց Մովսեսի բերանում, որպեսզի Նա դուրս գա Իր Խոսքով: Նա խոսեց, և գորտերը հայտնվեցին, խոսեց, և գորտերն անհետացան: Նա խոսեց, և մժղուկները հայտնվեցին, խոսեց, և մժղուկներն անհետացան: Ամեն: Այսպես, նշանը պարտադիր էր ողջ Իսրայելի համար: Ողջ Իսրայելը պետք է կիրառեր նշանը: «Եվ երբ նշանը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ»: Ո՛վ Աստված իմ, ինչպիսի՜ ապահովություն: Իսրայելի ժողովրդի՝ Եգիպտոսից դուրս գալը այսօրվա իրականության խորհրդապատկեր է: Եգիպտոսը խորհրդանշում է եկեղեցին, իսկ Իսրայելը Հարսի խորհրդապատկերն է: Ինչպես Իսրայելը դուրս եկավ Եգիպտոսից, Հարսը դուրս է գալիս եկեղեցուց: Եվ եթե դա խորհրդապատկեր էր… եկեղեցին Եգիպտոսում է, աշխարհում և մեղքի մեջ, և բոլորովին հոգ չի անում նշանի համար: Նա նույնիսկ չի հավատում դրան: Բայց Իսրայելը սիրում էր այդ նշանը, որովհետև նրա համար դա փրկություն էր: Ո՛հ, դա պետք է ուրախացներ մեր սրտերը: Ով Եկեղեցի, կիրառիր այդ Նշանը: Մի՛ մոռացիր այդ մասին: Ինչու՞ չես անում այդ: Մի սպասիր, որ արևը մայր մտնի: Հանգիստ մի ունեցիր օր ու գիշեր: Վտանգի մի՛ ենթարկիր քեզ: Այլապես դա չի գործի: Դուք պետք է ունենաք Նշանը: Դուք կարող եք ասել. «Ես հավատում եմ…այո, ես հավատում եմ պատգամին»: Շատ լավ է այդ: Բայց պետք է Նշանն ունենաք: Լսու՞մ եք, Բրանհամի խորան: Դուք պետք է ցույց տաք Նշանը: Առանց դրա ձեր հավատքն իզուր է: Դուք լավ մարդու կյանքով եք ապրում: Դուք լսում եք, թե ինչ է ասում Խոսքը, գնում եք Եկեղեցի: Փորձում եք արդար ապրել: Այդ ամենը շատ լավ է, բայց ամենակարևորը չի: «Եվ երբ արյունը տեսնեմ…»: Դա է նշանը: Նա պետք է տեսներ բնական արյունը, որից կյանքը դուրս էր եկել: Դա կենդանու արյուն էր: Բայց այնուհետև Իր սեփական Կյանքն էր Արյան մեջ, իսկ քիմիական բաղադրությունը միայն սրբացման նշան էր: Բայց Նշանը Կյանքն Ինքն է: Որովհետև առանց թլփատության, առանց նշանի դուք նույնիսկ ուխտի մեջ չեք: Այդ ամենը միասին են գործում: Եթե ասում եք, որ Խոսքով, միայն Խոսքով եք թլփատված, ուրեմն կհավատաք Խոսքին: Եթե հավատաք Խոսքին, Նշանը կգա: Որովհետև Նա ասել է. «Ապաշխարեցե՛ք և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի Անունով մկրտվի՝ մեղքերի թողության համար և Սուրբ Հոգու պարգևը կստանաք»: Տեսեք, թե ինչպես է ամեն բան պատրաստվել խոստումի երկրի ժողովրդի համար: Տեսեք, թե ինչ է արել Նա: Առաջին, Նա ուներ մի ժողովուրդ, որի համար երկիր պատրաստեց: Նա նրանց համար երկիր էր պատրաստել: Այնուհետև ուղարկեց այն, ինչ պետք էր խոստումի երկիր գնացող ժողովրդին պատրաստելու համար: Դա միայն նրանց համար էր, ովքեր նախասահմանված էին մտնելու խոստումի երկիրը: Ինչպե՞ս Նա արեց այդ: Նա պատգամ ունեցող մի մարգարե ուղարկեց՝ հաստատված Կրակի Սյունով և նրանց մի նշան տվեց՝ վստահեցնելու համար, որ դա ճշմարիտ էր: Դա ճշմարիտ էր: Դա նրանց համար մխիթարություն եղավ: Իսրայելի ժողովրդի՝ Եգիպտոսից դուրս գալը խորհրդապատկեր էր: Դա Եկեղեցու խորհրդապատկերն էր, որը դուրս է գալիս հարանվանություններից. ես նկատի ունեմ Հարսին: Որոշ անկախ խմբեր կամ անհատներ նույնքան վատն են, որքան հարանվանությունները, նույնիսկ ավելի վատ.. . Ես խոսում եմ Նշանը կիրառելու մասին: Նշանն ընդունում է յուրաքանչյուր Խոսք: Դա այդպես պետք է լինի, որովհետև Նա Խոսքն է: Նա այն Կյանքն է, որ կար Խոսքում: «Իմ Խոսքը Հոգի է և Կյանք»,--- ասում է Հիսուսը: Երբ Մովսեսը Իսրայելում սկսեց նշաններով ուղեկցվող իր ծառայությունը, Իսրայելն անմիջապես ողջ Եգիպտոսից եկավ, հավաքվեց Գեսեմում, վերադարձան իրենց հատկացված շրջանը, որովհետև գիտեին, որ ինչ-որ բան է կատարվելու: «Նրանք գալիս են արևելքից և արևմուտքից, Գալիս են հեռավոր երկրներից», (Ճիշտ է, դուք գիտեք այս երգը): «Գալիս են Թագավորի տոնին, Լինելու հյուրերն Իր խնջույքի: Որքան օրհնյալ են պանդուխտները այդ, Հայացքներն ուղղած Նրա սուրբ դեմքին, Փայլելով սիրով աստվածային: Նրա շնորհքի օրհնյալ մասնակիցներ, Որ փայլում են որպես Նրա թագի թանկագին քարեր: Ոհ, Հիսուս, վերադարձիր շուտով, Եվ կվերջանան նեղությունները մեր: Ոհ, եթե Տերը գար հենց այս պահին, Տանելու նրանց, ովքեր ազատ են մեղքից, Արդյո՞ք կուրախանայիք, Թե՞ կլինեիք հուսահատության ու վշտի մեջ: Երբ մեր Տերը գա Իր փառքով, Կդիմավորենք Նրան այնտեղ՝ օդերում»: Ցույց տվեք Նշանը: «Եվ ես վերջին օրը նրան հարություն կտամ»: Դա հաստատ է: Մենք այդ օրերում ենք: Ժողովուրդը հավաքվեց Գեսեմի երկրում: Նրանք պատրաստ էին: Նրանք գիտեին, որ ինչ-որ բան է կատարվելու: Երբ բադիկների չվելու ժամանակը գալիս է, նրանք բոլորը միասին են թռչում: Մեղուներն էլ նույնն են անում. երբ ամեն բան պատրաստ է, մի բնազդ հավաքում է նրանց: Սուրբ Հոգին ձգում է մարդկանց: Նոյի ժամանակ, երբ Աստծո բարկությունը մոտենում էր, եկան երկու բադիկ՝ մի արու և մի էգ: Եկան երկու սագ՝ մի արու և մի էգ: Հետո եղան ձիեր՝ մի արու և մի էգ: Ինչ-որ բան գրավում էր նրանց, նրանք նախասահմանված էին: Մնացածները կորսվեցին: Այո, կորսվեցին: Բայց նրանք, ովքեր զգում էին այդ ձգողությունը, գիտեին, որ տապանը պատրաստ էր: Դա մի նշան էր, որ անձրևը շուտով գալու էր: Նրանք գիտեին, որ անձրևը գալու էր: Կարևոր չէր, թե ինչ էր կատարվում, թե ինչ էին մտածում ուրիշ մարդիկ, նրանք գիտեին, որ ինչ-որ բան իրենց ներսում ասում է. «Արագ մտի՛ր: Մտի՛ր, սա միակ վայրն է, որտեղ ապահովություն կգտնես»: Աստված մի մարգարե էր պատրաստել: Նա տապան էր ուղարկել՝ որպես նշան: Նա նրանց ասաց. «Մտեք այնտեղ»: Եվ երբ անձրևը եկավ, նրանք զույգերով ներսում էին: Բոլոր կենդանիները զույգերվ մտան տապան, որովհետև պետք էր… մյուսները կարևոր չէին… Բոլոր տապանից դուրս գտնվողները կորսվեցին: Բոլոր նրանք, ովքեր նշանից դուրս էին, կորսվեցին: Բոլոր նրանք, ովքեր Սուրբ Հոգու Նշանից դուրս կլինեն, կկորսվեն: Կարևոր չէ, որ եկեղեցու հավատարիմ անդամներ են եղել (այդպիսիները շատ էին նաև Նոյի և Մովսեսի օրերում), արյան նշանը չկիրառողները բոլորն էլ կորսվեցին: Տապանը չմտնողները կորսվեցին: Նրանք, ովքեր չեն մտնում Քրիստոսի մեջ (քանի որ Նա Տապանն է)… 1 Կորնթ.12:13 համարն ասում է, որ «մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար»: Խորհրդավոր Մարմինը, ոչ թե եկեղեցին, այլ Հիսուս Քրիստոսի խորհրդավոր Մարմինը. մեկ Հոգով բոլորս ընկղմվեցինք մեկ Մարմնի մեջ: Ուրեմն, Նշանը դռան վրա է, որովհետև Քրիստոսի մեջ եք, իսկ Նա ձեր Զոհն է: Նա է դատապարտությունը առել իր վրա: Երբ Աստված նայում է դրան, չի կարող ձեր դեմ ինչ-որ բան անել: Դուք կատարյալ ապահովության մեջ եք, որովհետև Աստված և Քրիստոսը նույն Անձն են: Հոգին մարմին դարձավ և բնակվեց մեր մեջ: Ահա այնտեղ է Աստված Ինքը, և դուք Իր սեփական զավակներն եք մկրտված Իր Մարմնի մեջ: Ահա: Դա քիմիական բաղադրություն չէ, այլ Հոգին: «Ձեր վրայից պիտի անցնեմ»: Նրանք Եգիպտոսի բոլոր վայրերից եկան, հավաքվեցին այդ վայրում, որպեսզի նշանի տակ լինեն: Եկան մեթոդականները, մկրտականները, երիցականները, լյութերականները, հոգեգալստականները՝ Նշանի տակ մտնելու համար: Ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ: Այն ժամանակ Կրակի Սյունը հայտնվեց: Մեկը ասաց մյուսին, նա էլ՝ մեկ ուրիշին և այսպես շարունակ, և շուտով բոլորն էլ սկսեցին գալ: Նրանք սկսեցին գալ և նայել Աստծո նշանին՝ ասելով. «Դատաստանը մոտ է»: Այնժամ մարգարեն նրանց ասաց. «Աստված խոսել է ինձ հետ: Նշան է լինելու: Դուք գառնուկ կմորթեք և նրա արյունը կքսեք դռան վրա: Դա նշան է լինելու, որովհետև մահը շուտով հարվածելու է»: Թույլ տվեք ձեզ մի բան ասել որպես Նրա սպասավոր. եթե դռան վրա Նշանը չկա, հոգևոր մահը կհարվածի: Բոլոր եկեղեցիները կամաց-կամաց գնում են Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ: Նրանք վերադառնալու են կաթոլիկություն, և միայն ճշմարտապես վերստին ծնվածները դուրս կմնան դրանից: Դրանք հոգեգալստական հարանվանությունները չեն լինելու, որովհետև նրանք արդեն ներսում են: Նրանք մեռած են, կործանված: Նրանք վաճառել են իրենց անդրանիկության իրավունքը: Նրանք հետ են դարձել: Նրանք Հիսուսին դռնից դուրս են արել: Բայց Նա նայում է Նշանին: Իսկ նրանք միայն լեզուներով խոսելու վրա են հենվել: Հույս մի դրեք լեզուներով խոսելու կամ մեկ ուրիշ բանի վրա, այլ թողեք, որ Նշանը դրվի ձեզ վրա: Հիսուս Քրիստոսի Անձը, Իր սեփական Կյանքը ձեր մեջ… Թող ձեր ողջ էությունը թլփատվի, որ մեկ լինեք Քրիստոսի մեջ: Քրիստոսը ձեր մեջ է, և Նրա կյանքը արտահայտվում է ձեր միջոցով: Նրանք Եգիպտոսի բոլոր կողմերից եկան… Մտածենք այդ բաների մասին, հիմա, երբ գիտենք, թե ինչ էին նրանք անում: Հիմա, երբ տեսնում ենք, որ ժամանակը մոտ է, մենք հրաման ենք ստացել նույնը անելու: Գիտեի՞ք այդ մասին: Լսեք, թե ինչ է ասում մարգարեն: Եթե ուզում եք, կսկսենք կարդալ Եբր. 10-րդ գլխից: Նրանց համար, ովքեր ուզում են կարդալ ինձ հետ, կարդում ենք Եբր. 10-րդ գլխի 26-րդ համարից սկսած: «Որովհետև եթե մենք ճշմարտության գիտությունն ընդունելուց հետո հոժար կամքով մեղք գործենք, այլևս նրանից հետո մեղքերի համար զոհ չի մնա, այլ դատաստանի հավաոր սպասում և կրակի զայրույթը, որ հակառակորդներին կլափի: Մեկը, որ Մովսեսի օրենքն անարգում էր, երկու կամ երեք վկայի խոսքով առանց ողորմության մեռնում էր: Էլ որքա՜ն ավելի կարծում եք, սաստիկ պատժի կարժանանա նա, ով Աստծո Որդուն ոտնակոխ արեց և պիղծ համարեց ուխտի արյունը, որով նա սրբվեց և շնորհի Հոգուն նախատեց» (Եբր.10:26-29): Քարոզիչներ, եկեղեցու անդամներ, լավ մարդիկ, ով էլ որ լինեք, գիտեք, որ Աստված է ձեզ ազատել ծխախոտից: Կանայք, դուք գիտեք, որ Նա է ձեզ ազատել կարճատաբատներից, կարճ մազերից և բոլոր մյուս բաներից: Դուք գիտեք, որ Նա է արել այդ, բայց եթե այնուհետև հետ դառնաք, արհամարհեք Նրան և անսուրբ համարեք Ուխտի Արյունը, որը ձեզ սրբացրել է բերել մինչև այստեղ… Լրտեսների նման: Նրանք ասացին. «Ես գիտեմ, որ սա խոստումի երկիրն է, բայց չափազանց շատ խոչընդոտներ կան ինձ համար: Մենք մորեխների պես ենք»: Եվ նրանք կորսվեցին անապատում: Նրանք սահմանամերձ հավատացյալներ են: Մի՛ կանգնեք ճանապարհի կեսին և բավարարվեք ասելով. «Ես հավատում եմ պատգամին»: Հնազանդվեք պատգամին: Եկեք Քրիստոսին: Դուք ասում եք. «Ես հավատում եմ ձեր ասած ամեն խոսքին, Բրանհամ եղբայր»: Շատ լավ է, բայց դա պարզապես ցույց է տալիս, որ դուք կարդալ գիտեք: Վերցրեք պատգամը; Ընդունեք այն ձեր սրտում, որպեսզի ստանաք Նշանը: Թող Քրիստոսի մեջ եղած Կյանքը լինի ձեր մեջ: «Երբ տեսնեմ այդ, ձեր վրայով կանցնեմ»: Տեսնելով այսօր վերջին ժամանակների փառավոր նշանները երկրի վրա, մենք գիտենք, որ դա ճիշտ է: Ես երկար եմ սպասել ձեզ այս պատգամը բերելու համար, իսկ դուք տեսել եք ժամանակների նշանները: Ես ձեզ այն քարոզել եմ և ապացուցել Քրիստոսի խոսքերով: Մի՞թե այդպես չէ: Դուք ընդունել եք այդ: Վերջին ժամանակների նշաններից ոչինչ չի մնացել, որ չկատարվի: Դուք կասեք. «Իսկ Գազանի դրո՞շմը»: Նրանք, ովքեր մերժում են Սուրբ Հոգուն, արդեն ունեն այդ դրոշմը: Պատիժը հետո կգա: Իսրայելում, երբ փողը հնչում էր՝ ազդարարելու համար հոբելյանական տարին, ամեն մարդ… Ուշադրություն դարձրե՞լ եք, երբ Քրիստոսը կարդաց այդ հատվածը: Նա կարդաց հատվածի կեսը, որովհետև մյուս կեսը վերաբերում էր մեր ժամանակներին: «…որովհետև ինձ օծեց. Նա ինձ ուղարկել է աղքատներին բարի լուրը քարոզելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու, կույրերին՝ տեսողություն, արստահարվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու»: Շարունակությունը Նա չկարդաց: Նա ցած դրեց գլանափաթեթը, որովհետև այդ բաները այսօրվա համար էին: Նա կարդաց միայն մեկ մասը՝ այն մասը, որը վերաբերում էր Իր ժամանակին: Բայց ահա թե ինչ է Նա անելու հիմա: Դրա մասին է Նա այսօր խոսում Իր Եկեղեցու հետ Հոգու օծության միջոցով: Ժամը եկել է: Ժամանակը լրացել է: Ընդունեք այդ բոլորդ: Ընդունեք այդ: Ուշադրություն դարձրեք. մենք տեսնում ենք փառավոր վերջին ժամանակները, կարմիր լույսերը առկայծում են ամենուրեք՝ բնության մեջ, եկեղեցում: Նա դատապարտված է: Ժամանակը մոտ է: Այդ լույսն աշխարհում է: Մենք տեսնում ենք այդ լույսը երկնքում, ծովում, ազգերի մեջ, ամենուրեք, արևի մեջ, լուսնի, աստղերի, նշանների մեջ: Մենք տեսնում ենք վերջին ժամանակների նշանները: Սուրբ Հոգին վերադառնում է ժողովրդի մեջ: Ինչպես եղավ Ղովտի ժամանակներում, երբ Սուրբ Հոգին գործում էր մարդկային մարմնի մեջ… Աստված մարմնի մեջ էր հայտնվել: Մեր օրերում Աստված հայտնվում է Իր Հարսի մեջ՝ գործելով նույն նշանները: Հիսուսն ասաց. «Այդպես կլինի նաև վերջին օրերում»: Մենք այդ տեսնում ենք: Մենք նորից տեսնում ենք նույն Կրակի Սյունը: Նույնիսկ գիտնականները լուսանկարներ արեցին: Ժամանակների նշանները կան: Մենք հասել ենք դրան: Տեսնելով դա, եթե ինչ չեք հավատում, հավատացեք նշաններին, հավատացեք Խոսքին. նրանք վկայում են իմ ասածների մասին: Եթե ճշմարտությունը չասեի, հաստատում երբեք չէր լինի: Աստված երբեք սուտ չի ասի: Աստված Ճշմարտությունն է ասում: Եվ այս խոսքերը վկայում են, որ ես ձեզ ճշմարտությունն եմ ասել: Ոչ միայն նրա համար, որ հրեշտակը գետի մոտ ասաց. «Քո պատգամը կպատրաստի Քրիստոսի երկրորդ գալուստը», այլև գործերն են հաստատում այդ: Եթե չեք հավատում, որ այդ հրեշտակը ճշմարտությունն է ասել, ուրեմն գործերին հավատացեք, որովհետև Աստվածաշունչն ասում է, որ վերջին ժամանակներում այդ բաները կատարվելու են: Դրանք են վկայություն տալիս: Դրանք ավելի բարձր են խոսում քան իմ կամ մեկ ուրիշի խոսքերը: Դա Նրա՛ Խոսքն է: Այդ Խոսքը վկայում է այս ժամանակի մասին: Մենք տեսնում ենք, որ բոլոր այդ ահազդու նշանները տարածվում են ժողովրդի մեջ: Հուսահատությունը իշխում է ազգերի մեջ: Տեսնում ենք, որ Իսրայելը վերադարձել է իր հայրերի երկիրը. ծածանվում է նրա դրոշը՝ վեցթևանի աստղը, Դավթի աստղը, աշխարհի ամենահին դրոշը: Իսրայելը ազգ է: Ունի իր սեփական կառավարությունը: Ունի իր սեփական ժողովուրդը, ՄԱԿ-ի անդամ է: Ունի իր սեփական արժույթը, ունի ամեն ինչ: Հիսուսն ասաց. «Այս սերունդը չի անցնի, մինև որ այս ամենը չկատարվի»: Եվ հիշեք. այն նույն գիշերը, որ Իսրայելը պետություն դարձավ, ինձ հայտնվեց հրեշտակը: Դա ճիշտ է: Ահա թե ուր ենք հասել: Ամեն բան ապացուցվում է որպես զուտ Ճշմարտություն: Ես ձեզ սուտ չեմ ասել: Ես ձեզ ասել եմ Ճշմարտությունը: Աստված վկայել է, որ ես ձեզ Ճշմարտությունն եմ ասել: Բայց հիշեք, որ ես ձեր եղբայրն եմ, ձեզ նման մարդ եմ: Բայց պետք էր, որ ինչ-որ մեկը պատգամը բերի: Պետք էր, որ մեկը քարոզի այդ: Ես չեմ որոշել այդ անել, Նա՛ է ինձ ընտրել: Ես ձեզ ասել եմ Ճշմարտությունը, իսկ Նա վկայեց, որ դա Ճշմարտությունն է: Մենք տեսնում ենք, թե այսօր ինչեր են կատարվում երկրի վրա: Ո՛հ, սիրելի բարեկամներ, սա վերջին ժամն է: Վերցրեք այդ Նշանը ձեզ վրա հնարավորինս արագ, մտե՛ք Նշանի մեջ, մտե՛ք Նշանի մեջ: Որովհետև մենք տեսնում ենք ժամանակների նշանները, որոնք մեզ զգուշացնում են և ասում են՝ պահը եկել է: Ո՛հ, լուրջ ընդունեք այս բաները: Մենք պետք է սիրենք միմյանց: Մենք բոլորս պետք է սիրենք միմյանց: Ոչ մի չար բան մի ասեք իրար մասին: Եթե մեկը սխալ է գործում, անմիջապես աղոթեք նրա համար: Մենք բոլորս միասին ենք, Աստծո հետ: Մենք բոլորս քույրեր և եղբայրներ ենք: Սուրբ կյանք ապրեք: Ապրեք որպես Աստծո դուստրեր: Ապրեք որպես Աստծո որդիներ: Ապրեք հեզության, սիրո, խոնարհության մեջ: Թույլ մի տվեք ոչ մի չար բան ձեր մտքերում և հոգում, վռնդե՛ք այն: Եթե չարը կթակի ձեր դուռը, վռնդեք նրան, ցույց տվեք ձեր Նշանը: Շարունակեք առաջ գնալ՝ ասելով. «Ես Արյան տակ եմ»: Հիշեք, որ շատերը գալիս են և ասում. «Հեյ, աղջիկներ, եկեք գնանք երեկույթի, մի լավ զվարճանանք»: «Ո՛չ, ես Արյան տակ եմ: Ես Նշանի տակ եմ և այնտեղ էլ կմնամ: Իմ սերը իմ Արարչին է պատկանում: Այդ գիշեր մահն է թափառում երկրի վրա»: Այսօր մահը թափառում է երկրի վրա: Դատաստանն է մեր գլխավերևում: Ատոմային ռումբերը, ամեն տեսակ աղետները պատրաստ են հարվածելու ազգերին: Իսկ Աստված հավաքում է Իր Եկեղեցին: Մենք Գառնուկին պահել ենք բավական երկար, նայեցինք, տեսանք, թե ինչ է Նա անում, դիտեցինք Նրա բնությունը, իսկ հիմա Նշանը պետք է կիրառվի: Պետք է կիրառել Նշանը: Դա միակ բանն է, որ մենք պետք է անենք: «Եթե մեկը վերստին չծնվի, չի կարող տեսնել Աստծո թագավորությունը»: Դուք պետք է միմյանց սիրեք: Հավատացյալները պետք է զատվեն աշխարհից: Դա թեթևամտորեն մի ընդունեք: Դուք բոլորդ՝ տղամարդիկ և կանայք, որ լսում եք այս ձայներիզները, լավ լսեք սա. հավատացեք իմ ասածներին ավելի քան, երբևէ: Պետք է դադարեք կռվել միմյանց հետ: Հավատացեք Աստվածաշնչի Պատգամին: Հավատացեք Հիսուս Քրիստոսին: Սիրեք, պատվեք և հարգեք միմյանց: Ամուսիններ, հարգանք ունեցեք ձեր կանանց հանդեպ, պատվեք ձեր տունը: Համախմբեք ձեր տունը, որովհետև, հիշեք, որ այդ գառնուկը ողջ ընտանիքի համար էր, ոչ թե մեկ հոգու: Բոլորը պետք է ներսում հավաքվեին: Մենք պետք է սիրենք միմյանց, և հավատացյալները պետք է զատվեն աշխարհից: Հիշեք, որ նրանք չէին հավաքվել պատգամի մասին խոսելու համար, այլ արյունը՝ նշանը կիրառելու համար: Դուք էլ պետք է այդպես անեք: Հովիվ Նեվիլ, և այս եկեղեցու բոլոր պատասխանատուներ, սարկավագներ, եղբայրներ և քույրեր, ճիշտ ժամանակն է, որ մենք թողնենք աշխարհի անմտությունը և բոլոր նման բաները: Բավական շատ բաներ ենք տեսել՝ համոզվելու համար, որ նշանը պետք է կիրառվի: Այլապես կկորսվեք: Մի բավարարվեք միայն հավաքվելով և ասելով. «Ես հավատում եմ»: Կանգնեք Նշանի տակ, մտեք Նշանի մեջ: Ինչպե՞ս անել այդ: Մեկ Հոգով մենք մկրտվել ենք Հիսուս Քրիստոսի Մարմնի մեջ: Թող ամեն մեկդ հավատա ողջ սրտով: Հիսուսը պատասխանատու չէր նրանց համար, ովքեր դուրս էին գալիս Նշանի տակից: Ո՞վ է խոսում: (Ռադիոյի խանգարումներ. Բրանհամ եղբայրը մի պահ դադարեցնում է քարոզելը և մի քանի բացատրություններ է տալիս): Բայց դուք հավատում եք: Կանգնեք նշանի տակ: Իսրայելը չհավաքվեց՝ ասելով. «Եկեք այսօր գնանք Գեսեմ: Վերցրեք ձեր ուղտերը, մենք էլ կվերցնենք մեր եզներով սայլերը: Ճանապարհին կվերցնենք Ջոնսերի և Գոլդբերգների ընտանիքներին, և կգնանք Գեսեմ: Գիտեք, այսօր Մովսեսն է խոսելու»: Ամենևին էլ դա՛ պետք չէր անել: Ո՛չ, սիրելի եղբայրներ: Պետք էր կանգնել արյան տակ: Այո: Ոչ թե պետք էր արյան մասին խոսել, այլ արյան տակ կանգնել: Բոլորը խոսում էին դրա մասին. «Պարոն Գոլդբերգ, ես գիտեմ, որ սա իրոք ճշմարտությունն է: Այո, եղբայր, հավատում եմ, որ սա ճշմարտությունն է: Գիտեմ, որ սա ճշմարտությունն է»: ---- Պարոն Լեվիսնկի, ի՞նչ եք կարծում սրա մասին: ---- Դա իրոք ճշմարտությունն է: Ես տեսել եմ, որ Եհովա Աստվածը ցույց է տվել Իր զորությունը: Ես տեսել եմ, որ գորտեր են դուրս գալիս երկրից: Ես գիտեմ, որ դրանք դուրս չեկան առանց Նրա պատվերի, և գիտեմ, որ դա Եհովա Աստծուց էր: Ուրեմն, դա ճիշտ է: ---- Դուք թլփատված եք: ---- Այո՛: ---- Դուք հավատացյա՞լ եք: Այնուհետև նա լսեց, որ խոսում է հովիվ Մովսեսը, ով ասում էր. «…բայց պետք է կանգնել արյան տակ, որովհետև Աստված ասել է. «Արյունը ձեզ համար նշան կլինի»: Եվ դա նշան է: Բավարար չէ, որ դուք հավատացյալ եք, թլփատված եք (դա մի ուխտ է, որ Աստված արեց Աբրահամի հետ), դուք պետք է արյան տակ լինեք: Դա նշան է: Որովհետև Նա ասել է. «Եվ երբ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ»: Լինեք Իսրայելացի, թե ոչ, հարանվանության անդամ լինեք, թե ոչ, պետք է Արյան տակ կանգնեք: Լինեք մեթոդական, մկրտական, երիցական, հոգեգալստական, թե չպատկանեք ոչ մի հարանվանության, ով էլ որ լինեք, այդ պատվերը ամեն անձի համար է: Դուք պետք է արյան տակ կանգնեք: Մի բավարարվեք միայն լսելով: Ընդունեք այն: Լսեք ինձ, Տիրոջ անունով լսեք ինձ: Դուք պետք է կանգնեք Արյան տակ: Աստված պարզ ասել է, որ կորսվելու են բոլոր նրանք, ովքեր Արյան տակ չեն: Կարո՞ղ եմ օգտագործել Նրա Խոսքերը: «Նրանք, ովքեր Քրիստոսի մեջ չեն, կկորսվեն»: Ինչպե՞ս եք մտնում Քրիստոսի մեջ: 1Կորնթ. 12:13 համարն ասում է. «Մեկ Հոգով…»: Ոչ թե ձեռքսեղմումով, եկեղեցու անդամ դառնալով, կամ որևէ հարանվանության պատկանելով: Նրանք փորձում են ձեզ հավատացնել այդ, բայց «մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար»: «Բայց եթե երկնքից մի ուրիշ հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովված լինի»,---- ասում է Պողոսը: Սա է պատգամը. եկեք Քրիստոսին: Աստված պատասխանատվություն չէր կրում նրանց համար, ովքեր նշանից դուրս էին: Եվ Աստված պարտավոր չէ հաշիվ տալ ոչ մեկին. լինի նա մեծ թե փոքր, հռչակավոր թե անհռչակ, հարուստ է թե աղքատ, ազատ թե կապված, տղամարդ թե կին: Նա պատասխանատու չէ նրանց համար, ովքեր դուրս են գալիս Ուխտի արյան տակից: Նա պատասխանատու չէ: Դուք կարող եք ասել. «Տեր, ես արել եմ այս, արել եմ այն: Դևեր եմ հանել, Ավետարանն եմ քարոզել»: «Ձեզ երբեք չեմ ճանաչել. Ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ»: Նա ընդունում է միայն Նշանը: Հասկանու՞մ եք, թե ինչ եմ ուզում ասել: Ուրեմն, ասե ք՝ ամեն: Լավ: Այժմ դուք պատասխանատու եք: Վերջերս անտառում էի մի քանի ընկերների հետ: Նրանցից մեկն ինձ ասաց. «Ահա երկու օր է, որ չեմ կարողանում նույնիսկ մեկ սկյուռ բռնել: Ի՞նչ է կատարվում»: Աստված ինձ ասաց. «Դիր նրան այդ պատասխանատվության առաջ և ասա. «Դու ինձ հետ խոսել ես այդ մասին: Հիմա, որ գիտես, պատասխանատու ես»: Նա ոչինչ չի ընդունի Սուրբ Հոգու Ուխտից բացի: Եվ դուք չեք կարող ընդունել այդ Ուխտը, եթե չփրկվեք, չսրբանաք, Մարմնում չմկրտվեք: Հնարավոր է՝ նմանակումներ լինեն. դուք կարող եք լավ զգացողություններ ունենալ, ցատկել, լեզուներով խոսել, Հոգով պարել: Այդ ամենը ոչ մի կապ չունի իսկականի հետ: Լսեք Տիրոջ Անունով. Աստված այդ բաները չի ճանաչում: Հեթանոսներն էլ կարող են այդ անել, կախարդներն էլ կարող են: Դուք կասեք. «Ես կրթություն ունեմ: Այս եմ անում, այն եմ անում»: Նրա համար նշանակություն չունի ձեր գիտուն լինելը: Սատանան նույնպես գիտուն է: Բայց Աստված նշանից բացի ուրիշ բան չի ճանաչում: Սա է այս ժամի պատգամը: Սա է այս օրվա պատգամը: Սա է մեր ժամանակների համար տրված պատգամը: Հիսուս Քրիստոսի Անունով ընդունեք այն: Մի ընդունեք ոչ մի փոխարինիչ, որը սատանան կարող է ձեզ առաջարկել: Դա նման է այն կեղծ սիրուն, երբ տղամարդը իր կնոջից բացի ուրիշ կնոջ է սիրում, կամ կինը ուրիշ տղամարդու է սիրում իր ամուսնուց բացի: Դա իսկական սեր չէ: Դա սատանայից է: Նա ձեզ կստիպի խմել, խմիչքի մեջ հաճույք գտնել: Դուք ասում եք. «Տրամադրությունս վատ է, պետք է դուրս գամ մի բաժակ խմելու, որ մոռանամ»: Դա մահ է: Աստված է ձեր ուրախությունը: Աստված է ձեր զորությունը: Նա ձեզ տալիս է պատգամի գիտությունը, Ճշմարտության գիտությունը: Դա մեզ բավարար է: Միայն Նա է ինձ պետք: Նրանում ես ունեմ այն ամենը, ինչ պետք է ինձ: Դա է մեր զորությունը: Իմ օգնությունը Տիրոջից է: Ո՛վ քրիստոնյաներ, ձեր ուրախությունը փնտրեք Նրա մեջ: Ստացեք ձեր զորությունը Նրանից: Փնտրեք ձեր երջանկությունը Նրա մեջ: Նա իմ խաղաղությունն է: Նա իմ ուրախությունն է: Նա իմ սերն է: Նա իմ կյանքն էլ: Սա է ուխտը՝ դռան վրա դրված Նշանը: Նա պատասխանատու չէ Նշանից դուրս գտնվողների համար, ով էլ որ լինի: Եվ հիշեք, որ ողջ ընտանիքը հավաքված էր: Դուք կարող եք ասել. «Հայրս քարոզիչ է: Իմ եղբայրը, իմ հովիվը, իմ…»: Հնարավոր է, որ դա ճիշտ է: Իսկ դու՞ք: Հիշեք, որ դուք անվտանգ կարող եք լինել միայն Նշանի տակ: Եթե մի մարդ լիներ նշանի տակ, իսկ նրա որդին փողոցի այն կողմում, վտանգի մեջ էր լինելու և կորսվելու էր: Նրա հայրը ապահովության մեջ էր: Եթե որդին լիներ նշանի տակ, իսկ հայրը՝ փողոցի այն կողմում, հայրն էր կորսվելու: Միայն նշանը…. «Եվ երբ նշանը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ»: Դա միակ պայմանն է: Դուք ասում եք. «Որդիս քարոզիչ է…»: Դուք, մայրեր, ասում եք. «Իմ որդին ամենալավն է, իմ դուստրը ամենալավն է: Նրանք հրաշալի են: Նրանք լցված են Սուրբ Հոգով և այնպիսի սեր կա նրանց մեջ… նրանք հնազանդ են… երբեք չեմ տեսել, որ…»: Իսկ դու՞ք, մայրի՛կ: Դուք կասեք. «Իմ մայրը շատ բարի է: Ես գիտեմ, եթե մահանա, երկինք կգնա, որովհետև ունի Նշանը, Բրանհամ եղբայր»: Շատ լավ է, իսկ դու՞ք ինքներդ, սիրելի՛ քույրիկ: Ողջ ընտանիքը պետք է լինի Նշանի տակ: Դուք հոգնած եք: Շուտով կվերջացնեմ: Ես հիմա կարող էի վերջացնել և շարունակել վաղը երեկոյան, բայց եթե մի քիչ սպասեք, կփորձեմ արագացնել: Կուզենայի այս բաների մասին հիմա խոսել, քանի դեռ Հոգու օծության տակ եք… Նախընտրելի է հիմա շարունակել: … միայն այն ժամանակ, երբ Նշանը ցույց է տրված: Ողջ ընտանիքը պետք է գտնվի Նշանի տակ, Արյան տակ: Սիրելի հայրեր և մայրեր, ես գիտեմ, թե ինչ եք դուք զգում: Ես ինքս էլ երեխաներ ունեմ: Ուզում եմ, որ նրանք փրկվեն: Ես այսօր ինձ համար եմ խոսում: Ես եղբայրներ ունեմ, մեկ քույր ունեմ: Սիրելի ընտանիք ունեմ: Ուզում եմ, որ նրանք էլ փրկվեն, բայց առանց Նշանի կկորսվեն: Նրանց համար առաջին հարություն չի լինի: Նրանք կկորսվեն: Միայն այն ժամանակ, երբ Նշանը ցույց տրվի… Հիշեք Հեսուի դեպքը: Կուզենայի ժամանակ ունենալ այդ մասին կարդալու համար: Նշեք՝ Հեսուի 2-րդ գլուխ: Ռախաբ պոռնիկը հավատաց: Ոհ, ինչպես կուզեի, որ ժամը ինը լիներ: Կուզենայի քննարկել այդ դեպքը և ձեզ ցույց տալ… Այդ պոռնիկը հեթանոս կին էր… Նրա ողջ ընտանիքը… Ադ կինը հավատաց: Նրա ողջ ընտանիքը պետք է հավաքվեր կարմիր չվանի տակ, որը նշանն էր: Նրանք կամ պետք է այնտեղ հավաքվեին, կամ կորսվեին: Նրանք լսել էին Աստծո բարկության մասին: Լսել էին այն նշանների և հրաշքների մասին, որոնք Աստված կատարել էր Իր ժողովրդի մեջ, և այդ կինը պետք է ընդուներ այդ: Աստծո կործանիչ հրեշտակը պետք է գար: Նրանք այդ գիտեին: Այդ հրեշտակը Հեսուն էր: Նրանք պատրաստ էին դատաստանի համար: Այս աշխարհի բոլոր ազգերը ենթարկվելու են Աստծո դատաստանին: Այդ պոռնիկը լսել էր: Հավատքը լսելուց է: Նա ասաց. «Բոլոր ազգերը դողում են ձեր առաջ»: Դա ճիշտ է: Lրտեսները ուղարկվել էին անհրաժեշտ պատրաստություններ տեսնելու համար: Նա պատվով ընդունեց այդ մարդկանց և ցանկացավ փրկվել: Նա ասաց. «Ես գիտեմ, որ ձեր Աստվածը ճշմարիտ Աստվածն է: Ես լսել եմ Նրա կատարած մեծ բաների մասին: Ես գիտեմ, թե ինչ է Նա արել Ովգին և տարբեր ազգերին: Ես տեսնում եմ, որ Նրան ընդունողները փրկվում են, իսկ Նրան չընդունողները՝ կործանվում: Իսկ ես ապրել եմ ուզում»: Ահա. «Ես ապրել եմ ուզում»: Նկատեք, որ Երիքովը լսել էր Աստծո գործերի մասին, բայց նրանք չցանկացան ուշադրություն դարձնել այդ նախազգուշացմանը: Մեր երկրում էլ չկա մի հարանվանություն, որ լսած չլինի, թե ինչ է Աստված հիմա անում: Բայց նրանք չցանկացան լսել նախազգուշացումը: Նրա մեծ զորությունը և նշանները հայտնի են դարձել: Նա նրանց անցկացրեց Կարմիր ծովով այնպես, կարծես ջուր չկար: Տարբեր բաներ ստեղծեց. գորտեր, մժղուկներ: Նա ստեղծեց Իր Խոսքով, Իր մարգարեի միջոցով: Ռախաբն ասաց. «Ես լսել եմ այդ բաների մասին: Ես չեմ ուզում կորսվել անհավատների հետ»: Ոչ: Նա գիտեր, որ դատաստանը գալու էր, որովհետև նրանք հասունացել էին դատաստանի համար: Նա այդ գիտեր: Իսկ նրանք նրան դրանից խուսափելու միջոց տվեցին: Իսկ մյուսները կարծում էին, որ Երիքովի մեծ հարանվանությունը կկարողանար դիմադրել Աստծո բարկությանը: Նրանց մեծ հարանվանությունը… Այսօր շատերն են այդպես մտածում: «Ո՛հ, ո՛չ, Աստված անշուշտ, այդ չի անի»: Այդպես սատանան ասաց Եվային. «Ո՛հ, Աստված անշուշտ, այդ չի անի»: Աստված կանի այդ, որովհետև ասել է, որ կանի, իսկ դա Իր Խոսքն է: «Եթե մեկը վերստին չծնվի… վերստին ծնվածներին այս նշանները կուղեկցեն… սրանով կիմանան, որ Իմ աշակերտներն եք…» և այսպես շարունակ: Ոմանք ցանկացան այդ: Բայց ի՞նչ պատահեց: Նրանց լռեցրին: «Մենք չենք ուզում ոչ մի արթնության հավաքույթներ»: «Մեր հարանվանությունը չի աջակցի նման բաների»: « Մենք չենք ուզում այդպիսի հիմարություններ»: «Ես բոլորիդ արգելում եմ գնալ այդ հավաքույթին»: Ահա Երիքովը դատապարտության ճանապարհին է: Բայց անշուշտ կային այնտեղ մի քանիսը իրենց ձայներիզներով՝ հասցնելու համար պատգամը նախասահմանված սերմերին: Նրանք գնացին Ռախաբի մոտ, նրան ձայներիզներ տվեցին լսելու: Նա իր տունը դարձրեց պատգամը ընդունող եկեղեցի: Պատգամը այս կամ այն կերպ հասավ նախասահմանված սերմերին: Մենք չգիտենք, թե ինչպես հասավ, բայց այնուամենայնիվ հասավ, որպեսզի արդարները չկորսվեն ամբարիշտների հետ: Այսօր Աստված հոգ է տանում դրա համար. այս կամ այն կերպ պատգամը տարածվում է: Չգիտեմ, թե ինչպես, բայց չնայած, որ հարանվանությունները մերժում են այն, պատգամը հասնում է նախասահմանված սերմերին: Յուրաքանչյուր մարդ, որ մի քիչ գիտի Աստվածաշունչը, գիտի, որ այդ պոռնիկը նախասահմանված էր: Դա հաստատ է: Աստվածաշունչն է ասում. «Նա չկորսվեց անհավատների հետ»: Դա ճիշտ է: Նա հավատաց ժամի պատգամին և Աստված նրան մի նշան տվեց պատգամաբերների միջոցով: Նա ասաց. «Կապիր կարմիր դերձանի չվանը…»: «Հիշիր, եթե դու կարմիր չվանը չկապես ու չթողնես այնտեղ, որտեղից մենք փախանք, մենք անպարտ կլինենք մեր երդումից»: Նաև ասացին. «Եթե տանից դուրս լինես, մենք պատասխանատու չենք քեզ համար»: «Ռախաբ, այստեղ գտնվող նախասահմանված սերմերից յուրաքանչյուրդ, դուրս եկեք և գնացեք կանչելու ձերոնց: Բերեք ձեր հորը, մորը: Քանզի մենք Եգիպտոսից դուրս եկանք այդ քավության նշանի տակ լինելով և բոլոր նրանց, ում չկարողացանք բերել այդ նշանի տակ, կորսվեցին: Ռախաբ, ես քեզ մի նշան եմ տալիս, մի նշան»: Եվ ես ասում եմ ձեզ Տիրոջ Անունով. մենք նույն իրավիճակում ենք: «Ես ճանաչում եմ պատգամաբերին: Ես ճանաչում եմ բարկության հրեշտակին՝ Աստծո պատգամաբեր Հեսուին, որ կործանում է բերելու: Ես ճանաչում եմ նրան և գիտեմ, որ մի նշան է լինելու: Դրեք այդ նշանը այստեղ, և ես ձեզ երդվում եմ…»: Աստված Ինքն էլ երդվեց, որ Նշանի տակ չգտնվողները կորսվելու էին, իսկ Նշանի տակ գտնվողները՝ ապրելու: Նույն երդումը, նույն բանը ուժի մեջ է նաև այսօր, և ես չեմ ուզում, որ դուք կորսվեք պատգամին չհավատացողների հետ: Ռախաբը լսել էր արդեն կատարված գործերի մասին և հավատաց: Նա հավաքեց իր ընտանիքը. միայն նրանք հավատացին: Տեսնում եք, թե ինչքան քիչ էին նրանք: Ողջ երկրից միայն մի փոքր ընտանիք դուրս եկավ: Մի՞թե դա ճիշտ չէ: Դա լիովին ճիշտ է: Դրանք փաստեր են: Եթե դուք ուզում եք հասկանալ իրականությունը, պետք է իմանաք թե ինչպիսին է եղել խորհրդապատկերը: Նախ պետք է տեսնեք ստվերը, որպեսզի զանազանեք իրականը: Նա ցույց տվեց Իր զորությունը, դատապարտությունը պետք է գար: Փրկվելու համար պետք է հավատային: Դա ճիշտ է: Իսկ պատգամաբերները գնացին քաղաք և հոգ տարան նախասահմանված սերմերի համար, որոնք հավատում էին: Նա իր տունը դարձրեց պատգամաբերներին ընդունող եկեղեցի: Նրանց եկեղեցիներում չէին ընդունի: Ո՛չ, նրանք ձեզ էլ թույլ չեն տա մտնել այնտեղ: Նրանք ձեզ կվռնդեն, եթե այդ մասին մի բան ասեք: Նրանց քաղաքում հավատացողները մտան նշանի տակ: Այսօր մենք էլ պետք է այդպես անենք: Եթե ուզում եք, որ ձեր սիրելիներից մեկը փրկվի, նրանց առաջնորդեք Նշանի տակ հենց հիմա: Երբ Աստված կործանեց այդ մեծ քաղաքը, Նշանը փրկեց այդ տունը: Ինչու՞: Որովհետև Նշանը այդ տան վրա էր: Իսկ քաղաքի մնացած մասը ավերվեց: Ի՞նչ էր դա նշանակում: Հեսուն՝ Աստծո պատգամաբերը… Աստված Ինքը հաստատեց Իր պատգամաբերի պատգամը: Ամեն: Նա այդ հաստատեց: Նրանք ընդունեցին Պատգամը: Աստված հաստատեց Իր պատգամաբերի պատգամը, և երբ քաղաքի մնացած մասը կործանվեց, ահա կարմիր չվանը Ռախաբի տան դռան վրա էր: Քաղաքի մնացած մասը ավերակ դարձավ: Կործանիչ հրեշտակները անցնում էին քաղաքով և ավերում այն ամենը, ինչ կար: Նրանց ունեցվածքից ոչինչ չթողեցին: Նա, ով ինչ-որ առարկա էր վերցնում, այդ հարանվանությունից մի բան էր վերցնում, պետք է նրա հետ կորսվեր: Նրանք ամեն ինչ ավերեցին: Անիծյալ լինի այդ մարդը, որը կվերակառուցի այդ քաղաքը, իր անդրանիկով դնի դրա հիմքերը: Աստված անեծք հռչակեց այդ քաղաքի վրա, այդ մեծ քաղաքի վրա, որը մերժեց շնորհքի և ողորմության պատգամը, երբ դեռ ապահովության մեջ էր: Շատերն այսօր մտածում են. «Քանի որ եկեղեցու անդամ եմ, ուրեմն ապահովության մեջ եմ»: Մի՛ հավատացեք նման անհեթեթությունների, Արյունը ձեզ համար Նշան կլինի: Հոգին այսօր Նշան է ձեզ համար. Կյանքը Արյան մեջ էր: Մտածեք այդ մասին: Նույն նշանը, որ նրանք ունեին Եգիպտոսում, նույն կյանքի նշանը… Աստված այստեղ նույն խորհրդանիշն է օգտագործում: Հեսուն, որ Քրիստոսի կատարյալ խորհրդապատկեր էր, հավատարիմ եղավ այն նշանին, որ իր պատգամաբերները քարոզել էին: Հեսուն ասաց. «Չդիպչեք այդ տանը և այն ամենին, որ այնտեղ են: Այն Տիրոջ համար է պահված»: Ամեն: Այդ կինը հեթանոս էր և պոռնիկ, բայց նա լսեց և հավատաց, նա կիրառեց նշանը: Կարևոր չէ, թե ինչքան եք սուզված եղել մեղքի մեջ, կարևոր չէ, թե ինչ եք արել: Դա կապ չունի: Կիրառեք Նշանը, այն ձեզ համար է: Եթե ձեր սրտում զգում եք մի բան, որը ձեզ գրավում է, ուրեմն դա ձեզ համար է, եթե ուզում եք կիրառել Նշանը: «Հեսու» անունը նշանակում է «Եհովա՝ Փրկիչ»: «Հիսուս» նույնպես նշանակում է «Փրկիչ»: Պատգամաբերները վերադարձան Հեսուի մոտ և ասացին. «Մենք հնազանդվել ենք քո հրամաններին: Մենք մի կին գտանք, որը հավատաց մեզ, և մենք նրան ասացինք, թե ինչ էր նշանակում այդ կարմիր պարանը, այդ նշանը: Դու կպատվե՞ս այդ, Հեսու»: «Ես հենց դրա համար եմ ձեզ ուղարկել»: Ամեն: Եվ հետագայում այդ ավերածությունների ժամանակ այդ տունը չքանդվեց: Երբ Հեսուն տվեց կործանման ազդանշանը, երբ սկսեցին ամեն բան կործանել, Ռախաբը և իր ընտանիքը իրենց ողջ ունեցվածքով ապահովության մեջ էին: Ամեն, ամեն: Նրանց ողջ ունեցվածքը անվտանգ էր տան մեջ: Նրանք մնացին այնտեղ և կարիք չունեին նույնիսկ լուսամուտից նայելու: Նրանք կարող էին Սուրբ Գիրքը կարդալ, մինչ ճակատամարտը շարունակվում էր: Ռախաբն ամուսնացավ Իսրայելի հրամանատարներից մեկի հետ և գնաց ապրելու Բեթլեհեմում, որտեղ ժառանգություն ստացավ Իսրայելի ժողովրդի հետ: Եվ նա ծնեց մի որդի, որը անվանի դարձավ, այդ որդին էլ ծնեց մեկ ուրիշ անվանի որդի, այս որդին էլ մեկ ուրիշ անվանի որդի, մինչև որ եկավ մեծ անվանի Որդին: Ովբեդը ծնեց Հեսսեին, Հեսսեն էլ՝ Դավթին: Դա ճիշտ է: Ռախաբ պոռնիկը պատգամաբերին հավատալով կիրառեց նշանը և իր տունը փրկվեց, այլապես նա կկորսվեր հենց այնտեղ, ուր գտնվում էր: Լավ լսեք: Եգիպտոսում նշանի տակ գտնվողները փրկվեցին: Երիքովում նշանի տակ գտնվողները փրկվեցին: Այսօր Նշանի տակ ապրողները կփրկվեն: Արյան Նշանը, մորթված գառնուկը Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է: Եբր. 13:10-20… ժամանակ չունեմ կարդալու: Նշեք այդ համարը: Այն կոչվում է «հավիտենական Ուխտ» (անգլերենում՝ everlasting ): Այո, հավիտենական ուխտ: Ինչու՞ այն հավիտենական (անգլերենում՝ eternal) չի կոչվում (անգլերենում everlasting և eternal բառերը երկուսն էլ թարգմանվում են «հավիտենական», բայց առաջինը նշանակում է մշտատև, իսկ երկրորդը՝ «սկիզբ և վերջ չունեցող» --ծան. թարգմ.): Որովհետև կարիք չկա, որ այն հավիտենական լինի: Երբ մեր փրկությունը ավարտին հասնի, ամեն բան կվերջանա: Այն մշտատև է, որը նշանակում է, որ տևելու է որոշ ժամանակ, մինչև ժամանակների ավարտը: Ուրիշ ուխտ չի լինելու: Բայց մինչև ժամանակը հասնի ավարտին, մենք ուխտի կարիք ունենք: Հիշեք Եբր. 13:10-20 համարները. «հավիտենական Ուխտ»: Արյունով կնքված Աստծո խոստումը մեզ ազատում է մեղքից: Ամեն: Նրանց մեջ այլևս մեղք չկա: Պաշտեք Նրան, ցույց տվեք Նրա խոստացված զորությունը: Արյունով և Նշանով կնքված Աստծո Ուխտի ժողովուրդը Հիսուս Քրիստոսի Հոգին ունի իր մեջ. «Ինձ հավատացողն այն գործերն էլ կանի, որ ես եմ անում, և դրանցից էլ ավելի մեծ բաներ կկատարի»: Նոր Կտակարան: Կտակարան նշանակում է «ուխտ», այդպես չէ՞, դոկտոր Վեյլ: Կտակարան Ուխտ է նշանակում: Նոր Կտակարանը նոր Ուխտ է:: Հին Կտակարանը ուխտ էր գառնուկների զոհով, կյանքը չէր կարող վերադառնալ հավատացյալի վրա: Նոր Կտակարանում Աստծո Գառն է, և Նրա կյանքը վերադառնում է մեզ վրա: Արյունը Կյանք է: Նոր Կտակարանում Արյունը Կյանք է: Կյանքը գալիս է Գառնուկի Արյունից: Նոր Կտակարանում Աստված ասել է. «Այն օրերից հետո իմ օրենքը կգրեմ նրանց սրտերի մարմնեղեն տախտակների վրա»: Այլևս քարե տախտակների վրա չի գրվելու և գառնուկների արյունով, այլ ձեր սրտի տախտակների վրա: «Ես Իմ ժողովրդի հետ Հոգու ուխտ կանեմ»: Դա է բացահայտում Նրա զորությունը: Հովհ. 14:12 համարում Նա ասում է. «Ինձ հավատացողն այն գործերն էլ կանի, որ ես եմ անում, և դրանցից էլ ավելի մեծ բաներ կկատարի»: Նոր Կտակարան՝ նոր Ուխտ, նոր կյանք: Դա ցույց է տալիս, որ Հիսուսը մեզ համար արել է այն ամենը, ինչ Աստված պահանջում էր, որպեսզի մեզ իրոք վերադարձնի Աստծո որդիների և դուստրերի վիճակին Արյան ներքո, որտեղ այլևս դատապարտություն չկա: Հռոմ.8:1 համարն ասում է. «Ուրեմն հիմա չկա այլևս դատապարտություն Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար», ոչ թե նրանց համար, ովքեր հավատում են, այլ Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար, որոնք մարմինը չեն փնտրում, այլ Հոգին: «Իմ Խոսքը Հոգի է»: Մի՞թե այդպես չէ: Ո՛հ, եթե կարողանայի մի քանի ժամ էլ քարոզել դրա վերաբերյալ, բայց մենք պետք է շտապենք: Այլևս դատապարտություն չկա, նրանք ազատ են մեղքից, ազատ են այս աշխարհի հոգսերից: Այլևս դատապարտություն չկա: Ու՞մ համար չկա: Նրանց համար, ովքեր մեկ Հոգով մկրտվել են մեկ Մարմնում: Գառնուկի Արյունն է կիրառվել: Երկնքի Աստվածը ընդունել է ձեզ: Նրա Կյանքը ձեր մեջ է, և դուք Աստծո որդիներ ու դուստրեր եք: Ձեր բնավորությունը Աստծո բնավորությունն է: Աստված դատաստանի Աստված է: Նա մի Աստված է, որն ուղղում է: Ամեն բան պետք է ուղիղ լինի: Ուրիշ միջոց չկա: Ահա թե ինչպիսին պետք է լինեք, որովհետև ունեք ձեր Հոր բնությունը: Ուշադրություն դարձրեք դրան: Կյանքը արյան մեջ է: Արյունը կիրառվեց, բայց կյանքը չէր կարող վերադառնալ հավատացյալի վրա այն ժամանակ, որովհետև դա կենդանու կյանք էր… Բայց տեսեք, մարդկային էակի փոխարեն եղավ գերմարդկային Էակ: Եվ դա մարդուն դարձնում է ոչ թե սովորական մարդկային էակ, այլ Աստծո որդի կամ դուստր, որը գերբնական կյանք ունի իր մեջ. այդ կյանքը գալիս է ձեր մեջ և ձեզ, որ աշխարհիկ բաների հետ կապված մեղավոր էիք, եկեղեցու կամ հարանվանության անդամ, դարձնում է վերստին ծնված, Հոգով լցված քրիստոնյա, և Աստծո կյանքը ժայթքում է ձեր մեջ զնդանի կայծերի պես: Դուք քայլում եք առաքինությամբ, սիրով և գթությամբ, և Աստծո Հոգին է գործում ու խոսում: Ինչպե՞ս է դա կատարվում: Պատգամը լսելով, Կրակի Սյունին նայելով, ստանալով այն օրհնյալ ապահովությունը, որը ձեզ ասել է տալիս. «Ես մահից դեպի կյանք եմ անցել»: Ուրեմն, այլևս չկա դատապարտություն: «Եթե մեր սրտերը մեզ չմեղադրեն, վստահություն ունենք, որ կստանանք այն, ինչ խնդրում ենք Նրանից»: Բայց եթե մեղք կա մեր սրտի մեջ, դատապարտում է մեզ: Մենք ոչինչ չենք կարող անել: Դուք պետք է մեղքից ազատվեք: Իսկ մեղքից ազատվելու միակ միջոցը Հիսուսի մեջ մտնելն է: Քրիստոսը միակն է, որը կարող է մեզ մեղքից ազատել: Հիշեք, որ ուխտի արյունը չի ճանաչվում առանց նշանի: Դուք ասում եք. «Ես սրբացել եմ, այլևս նման բաներ չեմ անում»: Նշանը դա չի: Նշանը Հոգին է, Քրիստոսի Հոգին ձեր մեջ: Հավատացեք: Դուք գիտեք, որ Խոսքը մեզ ինչ-որ բան է խոստանում: Կան շատ հատվածներ… կարող էի դրանց վերաբերյալ ողջ օրը քարոզել: Խոսքը մեզ վստահություն է տալիս խոստումի մասին: Խոսքը խոստումն է, Խոսքը Աստված է, և Խոսքը մեզ համար է: Մենք Խոսքն ենք դառնում, իսկ Խոսքը դառնում է մենք: «Եթե Իմ մեջ մնաք, Իմ Խոսքերն էլ ձեր մեջ մնան… »: Այնժամ բոլորս մի մեծ ընտանիք ենք դառնում: Դա մեզ վստահություն է տալիս, որովհետև Խոսքը մեր մասնիկն է: Ինչպիսի՜ քարոզչության թեմա: Լավ: Խոսքը մեզ խոստումի վստահությունն է տալիս: Նշանը ցույց է տալիս, որ գինը վճարվել է, և մենք ընդունվել ենք: Երբ դուք գնացք եք նստում, չեք կարող տոմսը ստանալ առանց վճարելու: Իսկ վճարելու միակ ձևը… պարզապես պետք է վճարել: Դա ճիշտ է: Հավատացեք և ընդունեք այն: Աստծո ողջ Խոսքին լիովին հնազանդվելը ձեզ իրավունք կտա ստանալու նշանը: Կատարյալ հնազանդություն ոչ թե Խոսքի մի հատվածին, որը ձեր հարանվանությունն է ընդունում, այլ ողջ Խոսքին: Կատարյալ հնազանդությունը Խոսքին, որը Քրիստոսն է, ձեզ տանում է Քրիստոսի մոտ: Ի՞նչ կլիներ, եթե դուք ներսում լինեիք, իսկ ձեր ոտքերը կամ ձեռքերը դրսում լինեին: Մենք գրեթե լիովին ներսում ենք, բայց մեր սիրտը դուրսն է մնացել: Սիրտը մնացել է աշխարհ մեջ: Նման բան չպետք է լինի: Կատարյալ և լիակատար հնազանդության միջոցով դուք և Խոսքը մեկ եք դառնում: Դուք հավատում եք Խոսքի ամեն հատվածին, այն ամբողջությամբ ձեր մեջ է, և դուք տեսնում եք, որ այն գործում է ձեր միջոցով: Դուք այլևս չեք վարվում ինչպես պատահի: Դուք քրիստոնյա եք: Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են ասում, դա ձեզ չի վերաբերում. դուք Քրիստոսի մեջ եք: Դուք կատարյալ ապահովության մեջ եք: Երբ մահը ձեր դուռը թակի, ոչ մի իշխանություն չի ունենա ձեզ վրա: Ինչու՞: Որովհետև պարզապես մի աշխարհից դուրս եք գալիս մյուսը մտնելու համար: Տարիքը ոչ մի կարևորություն չունի: Դուք տարիքից կախված չեք: Դուք հավիտենության մեջ եք, որովհետև Նրա մեջ եք, իսկ Նա հավիտենական է: Երիտասարդ լինեք, թե ծեր, կամ միջին տարիքի… գեղեցիկ, տգեղ, կարճահասակ, գեր. դա ոչ մի նշանակություն չունի: Դուք չեք տատանվում այս ու այն կողմ և այդպիսի բաներ չեք անում: Դուք մեռած եք: Ձեր կյանքը Աստծո մեջ ծածկված է Քրիստոսով: Դուք Նրա մեջ կնքված եք Սուրբ Հոգով և քայլում եք Քրիստոսի մեջ: Միայն Քրիստոսին եք դուք տեսնում: Դա ճիշտ է: Միայն Նրան եք փափագում: Զարմանալի չէ, որ մի ժամանակ երգում էինք այս երգը. «Ամեն օր ճամփաս լցրու Քո սիրով, Երբ քայլում եմ Աղավնու հետ երկնային Թող քայլեմ անվերջ երգելով, ժպիտը շուրթերիս»: Թող ես լինեմ ձեր եղբայրը, թող օրինակ լինեմ, ինչպես Քրիստոսն է պատվիրել: Թող ես եղբայր լինեմ եղբոր համար, քրոջ համար: Քարոզիչ լինեմ քարոզիչների համար: Թող ես օրինակների օրինակը լինեմ: Թող ցույց տամ աշխարհին, որ այս Խոսքը Քրիստոսն է, իսկ դա կարող եմ միայն Նրա մեջ լինելով, որովհետև ինքս ոչինչ չեմ կարող: Դուք էլ չեք կարող, այլ թույլ տվեք, որ դուք և Խոսքը մեկ դառնաք և ապրեք այդ Խոսքը: Դուք Հիսուս Քրիստոսի կենդանի նամակն եք, եթե Նա կատարյալ իշխանություն ունի ձեզ վրա և ձեր մեջ հաստատում է Իր յուրաքանչյուր Խոսքը: Եթե Նա գալիս է ձեզ մոտ և ասում է. «Ես ուզում եմ անել այս», իսկ դուք ասում եք. «Ոչ, ես չեմ հավատում դրան», ուրեմն դուք լիովին Խոսքի մեջ չեք: Ուշադիր լսեք, թե ինչ եմ հիմա ասելու: Ողջ Խոսքի հանդեպ կատարյալ հնազանդությունն է մեզ իրավունք տալիս կրելու Նշանը: Ուրեմն երբ մենք աղոթում ենք, մենք պետք է ներկայացնենք Նշանը մեր աղոթքի հետ: Եթե դուք ասում եք. «Տեր, ես Քեզ խնդրում եմ, բայց իրականում չունեմ…», ուրեմն դա ոչ մի օգուտ չի տա: Նախ մտեք և առաջին հերթին վերցրեք Նշանը, որովհետև Նա Նշանն է ընդունելու: Երբ աղոթում ենք, պետք է ներկայացնենք Նշանը. «Տեր, ես հավատարմությամբ հնազանդվել եմ Քեզ: Ես զղջացել եմ իմ մեղքերի համար: Ես հավատում եմ, որ Դու ընդունել ես ինձ: Ես մկրտվել եմ Հիսուս Քրիստոսի Անունով: Սուրբ Հոգին իմ մեջ է: Այժմ ինձ մի բան է պետք Քո փառքի համար: Ես խնդրում եմ այն, ուրեմն ստացա հիմա»: Եվ դա պատկանում է ձեզ: Ամեն բան վերջացած է: Ամեն բան կարգավորված է: Ես այս եմ խնդրում, այն եմ խնդրում: Դա ինձ պետք է Քո փառքի համար: Այնժամ Նա տալիս է ձեզ և գիտեք, որ ստացել եք: Նույնը մեր երեխաների համար է և այսպես շարունակ: Մենք կիրառում ենք Արյունը: Հավատացեք դրան: Ահա ամենը: Լավ: Իսկ ի՞նչ է անում Նա: Երբ կարող եք Նշանը ներկայացնել աղոթքի հետ, դա ցույց է տալիս, որ դուք լիովին հնազանդ եք ողջ Խոսքին: Երբ դուք ստացել եք Նշանը, դա ցույց է տալիս, որ հնազանդվել եք յուրաքանչյուր Խոսքին, որ դուք և Խոսքը մեկ եք, և դուք խնդրում եք միայն, այն ինչ արդեն կաք իրականում: Ես ասում եմ. «Ձեռք, հնազանդվիր ինձ: Գնա բեր թաշկինակը»: Նա անում է այդ: Ձեռքը հնազանդվում է ինձ: Ինչու՞: Որովհետև իմ մի մասնիկն է: Ուրեմն երբ դուք և Խոսքը մեկ եք դառնում, յուրաքանչյուր խոստում… Փառք Աստծուն: Յուրաքանչյուր խոստում ձեր տրամադրության տակ է: Նա հնազանդվում է ձեզ: Իսկ դուք պետք է ուշադրություն դարձնեք, թե ինչ եք անում: Դուք չեք դնի ձեր ձեռքը կրակի մեջ՝ տեսնելու համար, թե կարող եք այդ անել: Բայց եթե կրակի մեջ մի բան կա, որը պետք է հանեմ, նա կհնազանդվի ինձ: Դուք պետք է ուշադրություն դարձնեք, թե ինչ եք անում: Ահա թե ինչու Սուրբ Հոգին չափավոր է տրվում: Դուք գիտեք, թե ինչ նկատի ունեմ: Աստծո ճշմարիտ ծառան ցուցադրական բաներ չի անում: Երբ աղոթում ենք, պետք է ներկայացնենք նշանը: Դա ցույց է տալիս, որ մենք լիովին հնազանդվել ենք: Պողոսն ասում է, որ արյունը խոսում է: Բոլորս գիտենք, որ արյունն ինքը իրականում չի կարող խոսել: Դա քիմիական բաղադրություն է: Մի՞թե այդպես չէ: Քանի՞սդ գիտեք այդ: Քանի՞սդ գիտեք, որ արյունը խոսում է: Այդ մասին կարող եք կարդալ Ծննդ.4:10 համարում: Աստված ասաց. «Ի՞նչ ես արել. քո եղբոր արյունի ձայնը երկրից բողոքում է ինձ»: Ամեն: Մի՞թե դա ճիշտ չէ: Նրա արյունն աղաղակում էր: Ալելուիա: Աստված ասաց. «Ի՞նչ ես արել»: Նա պատասխանեց. «Մի՞թե եղբորս պահապանն եմ»: Բայց Աստված ասաց. «Նրա արյունը բողոքում է ինձ, նրա արյունը բողոքում է ինձ»: Դա նշան էր: Նշան, որ նա սպանվել էր: Աբելի արյունը Աստծուն էր աղաղակում Կայենի դեմ: Եթե դա գտաք Ծննդ.4:10 համարում, կարդացեք նաև Եբր.12:24-ը. «…ու այն արյան սրսկմանը, որ ավելի լավ է խոսում, քան Աբելի արյունը»: Աբելն արդար էր: Նա մահացավ: Նա անմեղ մահացավ, որովհետև արդար էր: Նա քայլում էր իր ստացած հայտնության բարի ճանապարհով: Նրա արյունը աղաղակում էր: Աբելի արդար արյունը աղաղակում էր Կայենի դեմ: Բայց Հիսուս Քրիստոսի Արյունը ոչ միայն աղաղակեց, այլև գնեց մեզ: Ամեն: Այն ավելի լավ է խոսում: Այն ձեզ որդիներ և դուստրեր է դարձնում: Այն ձեզ պաշտպանում է Աստծո բարկությունից: Աբելի արյունը չէր կարող պաշտպանել Կայենին, Հիսուսի Արյունը կարող է այդ անել: Ամեն: Այսօր Կայենը նորից հայտնվում է: Եթե հալածել եք Խոսքը, ասել եք. «Հրաշքների ժամանակներն անցել են, այդ ամենը անհեթեթություն է և այլն…», չնայած ամեն ինչին՝ Արյունն աղաղակում է: Հիսուս Քրիստոսի Արյունը աղաղակում է, որ մեզ ընդունել է, եթե ընդունել եք Նրան: Կուզենայի մի պահ կանգ առնենք խոսելու համար այս թեմայի վերաբերյալ. Արյունն ավելի լավ է խոսում: Շտապեք ապաստարան գտնել: Հետո կիրառեք Արյունը: Ահա թե ինչին պետք է հավատաք: Դուք կարիք ունեք ապահովություն գտնելու: Դուք հավատում եք ձեր ապահովության համար, հետո Նշանը կիրառեք ձեր ողջ ընտանիքի համար: Դուք կասեք. «Ինչպե՞ս անել այդ»: Պահանջեք այդ, եթե այն գործի, ուրեմն դուք և Խոսքը մեկ եք դառնում: Այնուհետև կիրառեք ձեր երեխաների համար: Կիրառեք ձեր սիրելիների համար, ինչպես Ռախաբն արեց: Նա նշանը կիրառեց իր հոր, մոր, եղբայրների և քույրերի համար: Նա նրանց հավաքեց նշանի տակ: Դուք պետք է կիրառեք այն: Ասեք. «Տեր, ես գնում եմ բերելու իմ որդուն, իմ դստերը: Սատանա՛, հանգիստ թող նրանց: Ես գնում եմ նրան բերելու: Ես պետք է կիրառեմ իմ Նշանը»: Սուրբ Հոգին… «Ով Սուրբ Հոգի, որ ապրում ես իմ մեջ, Քո ձեռքը վերցրու իմ աղջկան: Ես հիմա գնում եմ նրա մոտ Քո օծությամբ, որ ինձ վրա է»: Նա կանի այդ: Ամեն: Այդպես վարվեցին Եգիպտոսում: Այդպես վարվեցին Երիքովում: Եթե ուզում եք, մեկ ուրիշ հատված կարդանք: Կարդանք Գործք 16:31 համարը: Պողոսն ասաց բանտապետին. «Ես այս ժամանակվա համար պատգամաբեր եմ: Հավատա: Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվես դու և քո տունը»: Մի՞թե ճիշտ չէ: Հավատացեք ձեր ողջ տան համար: Բոլորին բերեք Նշանի տակ: Դուք տեսաք, որ երկնքի Աստվածը մի հրաշք գործեց հենց դատաստանից առաջ: Դուք հավատացիք: «Ի՞նչ պետք է անեմ»: Նա ասաց. «Վեր կաց և մկրտվիր»: Պողոսը նրան մկրտեց և ասաց. «Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, և կփրկվես դու և քո տունը»: Հավատալ ինչի՞ն: Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին քո ողջ տան համար: Կիրառիր Նշանը քո տան համար: Ի՞նչ ես անելու, երբ կիրառես Նշանը քո տան համար: Դուրս նետիր բոլոր աղբը: Դուրս նետիր բոլոր այդ կարճ շրջազգեստները, կարճատաբատները, թղթախաղի քարտերը, ծխախոտը, հեռուստացույցը և բոլոր նման բաները: Դու կիրառել ես Նշանը, այդպես չէ՞: Այո: Ուրեմն ազատվիր բոլոր այդ բաներից: Բոլոր այդ պարահանդեսները, երեկույթները, պարերը, այդ գռեհիկ թերթերը, աշխարհիկ բաները, այդ ամենը դուրս նետիր: Ասա. «Մենք մաքրելու ենք մեր տունը»: Այդպես վարվեց Հակոբը: Նա ասաց իր կնոջը և իր հարազատներին. «Լվացեք ձեր հագուստները և դուրս նետեք այդ կուռքերին»: Ամեն: Ի՞նչ արեց Հեսուն Հորդանանը անցնելիս: «Լվացեք ձեր հագուստները, չմոտենաք ձեր կանանց և այլն… պատրաստվեք, որովհետև երեք օրից անցնելու ենք Հորդանանը»: Ամեն: Նրանք պատրաստվեցին: Նրանք կիրառեցին նշանը: Հենց դա է պետք անել: Պատրաստվեք: Կիրառեք Նշանը: Մաքրվեք: Թող ձեր ընտանիքը, երեխաները, ձեր բոլոր սիրելիները դա տեսնեն ձեր մեջ: Դա ճիշտ է: Դա ազդեցություն կունենա: Այո: Կիրառեք Նշանը աղոթքի մեջ հարգանքով, հավատքով: Կիրառեք այն սիրով: Դուք գիտեք, որ կատարվելու են բոլոր այդ բաները: Կիրառեք այն վստահությամբ՝ հավատալով, որ կգործի: Երբ խոսում եք ձեր երեխայի հետ, ձեր ամուսնու, կնոջ հետ, որևէ սիրելի անձի հետ, հավատացեք, որ Նշանը ձեզ օգնության կգա: Ասեք. «Տեր, ես պահանջում եմ նրանց: Նրանք իմն են: Ես ուզում եմ նրանց բերել Քեզ մոտ, Տեր»: Կիրառեք Նշանը: Ստեղծեք այդ մթնոլորտը ձեր շուրջը, որպեսզի այն թափանցի նրանց մեջ: Ո՛հ, եթե դուք ստացել եք Նշանը, այնպիսի զորություն է լինում ձեր շուրջը, որ մարդիկ իմանում են, որ քրիստոնյա եք: Դուք նրանց հետ խոսում եք սիրով: Նրանք կհավատան ձեր խոսքին, ձեր ասածներին, կհիմնվեն ձեր ասածների վրա: Կիրառեք Նշանը: Քայլեք Նրա հետ: Պահանջեք ձեր ողջ ընտանիքը: Դուք պետք է անեք այդ հիմա: Իրիկնաժամ է: Արդեն երկար ժամանակ է, որ լսում եք այս պատգամը: Այժմ իրիկնաժամ է: Ժամանակն է գործի դնելու այն: Շուտով բարկությունը կհարվածի և այնժամ շատ ուշ կլինի: Նշանը կիրառեք վստահությամբ: Եթե ուզում եք այդ մասին կարդալ, կարդացեք Եփես. 2:13-ը: Նշեք, եթե ուզում եք. Եփես. 2:13. «Բայց հիմա Հիսուս Քրիստոսի միջոցով դուք, որ մի ժամանակ հեռավոր էիք, Քրիստոսի արյունով մերձավոր եղաք»: Ո՛հ, կենդանի գործեր, կենդանի նշաններ: Հավատու՞մ եք կենդանի նշաններին: Նշեք նաև Եբր. 9:11-14-ը: Կենդանի նշաններ, կենդանի գործեր: Կիրառեք դա, ոչ թե մեռած հավատամքներ: «Ես ուզում եմ տղայիս տանել եկեղեցի և գրանցել այնտեղ…»: Մի լավ տղա, մի լավ քրիստոնյա բարեկամ եկավ այստեղ և մկրտվեց: Նրա մայրն ասել էր. «Ես կուզեի, որ դու մկրտվես ավելի մեծ եկեղեցում»: Բայց նա չէր ուզում այդ մեռած հավատամքները և այլն: Մենք չենք ծառայում մեռած հավատամքների և աստվածների: Մենք ծառայում ենք կենդանի Աստծուն, ում Արյունը հեղվել է, և Նշանը դրվել է մեզ վրա, որ ապրենք: Մի՛ ծառայեք մեռած հավատամքներին: Նրանք մերժում են Նշանը և նման բաները: Նրանք ասում են, որ հրաշքների ժամանակներն անցել են, և Սուրբ Հոգով մկրտությունը գոյություն չունի: Ինչու՞ եք միանում նման բաների: Մի արեք այդ: Կիրառեք Նշանը և ծառայեք կենդանի Աստծուն՝ գործելով կենդանի գործեր և կենդանի նշաններ, ինչպիսիք են հիվանդներին բժշկելը, մեռելներին հարություն տալը, գալիք բաների վերաբերյալ մարգարեությունը, լեզուներով խոսելը: Նշաններ կլինեն երկնքում և երկրի վրա: Նշաններ և հրաշքներ: Ամեն: Ճիշտ այնպես, ինչպես Աստվածաշունչն է ասում: Ծառայեք կենդանի Աստծուն: Կիրառեք Նշանը: Մի գնացեք այդ եկեղեցիները՝ միանալու մեռած գործերին և նման բաներին, որովհետև նրանք նույնիսկ նշաններին չեն հավատում: Բայց մենք հավատում ենք… ամեն: Նրանք ասում են, որ նշաններ չկան, որ մեր ասածները անհեթեթություն ու հիմարություն են, որ նման բան չկա, որ կարևոր չէ, թե կանայք ինչպես են հագնվում: Մինչդեռ Աստվածաշունչն ասում է, որ կան նշաններ: «Ի՞նչ կապ ունեն մազերը…»: Նա Աստված է, և դա ինչ-որ բան նշանակում է: Նրանք կարծում են, որ դա հիմարություն է, բայց մենք, որ հավատում ենք և գիտենք Ճշմարտությունը, գիտենք, որ դա Նրա կենդանի Ներկայությունն է, որովհետև հիմա Նա անում է նույն գործերը, ինչ որ անում էր երկրի վրա եղած ժամանակ: Ամեն: Ասում են. «Նրանք երևակայում են, թե Կրակի Սյուն են տեսնում»: Ո՛հ, ո՛չ: Մենք ամենևին չենք երևակայում: Պողոսի մասին էլ էին մտածում, որ նա երևակայում էր, թե տեսել է: Եգիպտոսը նույնպես մտածեց, թե Իսրայելը երևակայել էր Կրակի Սյան մասին, մինչդեռ այդ Սյունը Իսրայելին առաջնորդեց դեպի խոստումի երկիր: Եբր.13:8 համարն ասում է. «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» : Ուշադրություն դարձրեք այս խոսքերին: Նա միշտ Նույնն է: Իսկ նրանք ասում են, որ դա մեր երևակայությունից է գալիս: Ես այդ հատվածները նշում եմ, որ հետո կարողանամ հեշտությամբ գտնել դրանք: Սա Նրա կենդանի ներկայությունն է, որովհետև Նա գործում է նույն Հոգու միջոցով: Եթե դա մեզ տաներ որևէ մարդկային հավատամքի կամ հարանվանության մեջ, մենք անմիջապես կիմանայինք, որ դա Քրիստոսից չէ: Եթե ես ձեզ առաջնորդեի դեպի որևէ հավատամք, ուրեմն ես ուղարկված կլինեի որևէ հարանվանության կողմից: Բայց ես ձեզ ոչ մի հավատամք չեմ բերում, ոչ մի հարանվանական ուսմունք չեմ սովորեցնում, այլ սովորեցնում եմ Աստծո Խոսքը, որը Հիսուս Քրիստոսի հարության Զորության դրսևորումն է, ոչ միայն ինձ համար, այլև բոլոր նրանց, ովքեր ուզում են ընդունել: Ես ձեր եղբայրն եմ: Ոչ մեծ մեկն եմ, ոչ էլ փոքր: Մենք Աստծո մեջ բոլորս էլ փոքր ենք: Մենք Նրա փոքրիկ երեխաներն ենք: Մենք իրականում չգիտենք այն, ինչ պետք է իմանայինք: Նա է մեզ հայտնում Իր կամքի համեմատ, և մենք երախտապարտ ենք, որ ճանաչում ենք Նրա օրհնությունները: Եվ ես այդ բաները միայն ինձ համար չեմ պահում: Ես ուզում եմ ձեզ էլ հաղորդակից դարձնել դրանց: Ես ուզում եմ, որ դուք մտնեք և ստանաք այդ Նշանը: Եվ եթե չեք ստացել այն (գիտեմ, որ մեծամասնությունդ ստացել եք), ես նկատի ունեմ նրանց, ովքեր դեռ չեն ստացել Սուրբ Հոգու պարգևը (նաև նրանց, ովքեր կլսեն այս պատգամի ձայնագրությունը)…Ձեզանից շատերը… (ես չեմ խոսում այս եկեղեցու մասին, կարծում եմ, որ նրանք բոլորն էլ աշխարհից դուրս են եկել), այլ կլինեն հազարավորներ, որոնք կլսեն այս ձայներիզները: Սա ծառայություն է: Անշուշտ կլինի մեկը, որը Երիքով կմտնի ձայներիզներով: Դրա համար մենք պետք է Քրիստոսին առաջնորդենք այդ նախասահմանված սերմը, երբ այդ ձայներիզը կհասնի այնտեղ, որովհետև Բարկությունը գալու վրա է: Մենք գիտենք, որ այդ Նշանը կենդանի Աստծո ներկայությունն է: Դա մեզ ապացուցում է, որ Աստված Նրան հարություն է տվել Խոսքի խոստումի համաձայն: «Մի փոքր ժամանակ էլ, և աշխարհն այլևս Ինձ չի տեսնի… »: Երիքովն ու Եգիպտոսը Ինձ այլևս չեն տեսնի, բայց դուք կտեսնեք, որովհետև Ես (Ես՝ անձնական դերանուն, որով Նա միշտ ներկայանում է) ձեզ հետ կլինեմ: Ես Նշանն եմ: Իմ հարությունը Նշանն է: Գործերը, որոնք կատարում եմ, կբացահայտեն Ինձ ձեր մեջ: «Նույն ձևով էլ ինչպես Ղովտի օրերին եղավ… նույն կերպ էլ այն օրը կլինի, երբ Մարդու Որդին հայտնվի»: Երբ երեկոյան Լույսը կհայտնվի: Որովհետև երեկոյան կողմ Լույսը կհայտնվի: Այն կհայտնվի անմիջապես երեկոյից առաջ: Փառք Աստծուն: Այնպիսի զգացողություն ունեմ, թե կարող էի ճեղքել մի ողջ զորախումբ և ցատկել պարսպի վրայով: «Երեկոյան ժամանակ լույս կլինի»: Դա ճիշտ է: Մարգարեն է այդ ասել: Նաև՝ «Ես ձեզ հետ կլինեմ…»: «Ես կլինեմ Լյութերի, Ուեսլեյի ժամանակաշրջանում, Հոգեգալուստի ժամանակաշրջանում…»: Բայց՝ «Երեկոյան ժամանակ լույսը կհայտնվի»: Հարանվանությունները կամաց-կամաց կհանգեն, իսկ հետո Նշանը կկիրառվի: Եվ բոլոր նրանք, ովքեր սրտով անկեղծ են եղել բոլոր ժամակակներում, չէին կարող կատարելության հասնել առանց մեզ: Գլուխը գնում է, ոտքը հետևում է նրան: Գլուխը գնում է, ձեռքը հետևում է նրան: Գլուխը գնում է, սիրտը պետք է գնա նրա հետ, բերանը պետք է գնա նրա հետ: Վերջին ժամանակներն են: Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ արյունը քսվում է դռան սեմին և կողափայտերին: «Եվ երբ Արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ»: Այժմ պետք է շտապեմ: Մեզ մնում է 5 կամ 10 րոպե: Նշանն ապացուցում է, որ Աստված Նրան հարություն է տվել մեռելներից: Հավատու՞մ եք դրան: Հիմա Նա կենդանի է մեր մեջ: Եվ Քրիստոսը մեզ հետ է մինչև աշխարհի վերջը: Իր Խոսքի խոստումի համաձայն: Նա այդ խոստացել է: «Դուք էլ կանեք իմ կատարած գործերը…»: Մեզ համար դա հիմարություն չէ: Դա Նշանն է: Մենք ընդունում ենք Նրա սրբազան Արյունը, Զոհաբերությունը: Մենք ընդունում ենք Նրա արյունոտ Զոհը: Նա է մեզ Կյանք տալիս: Դա Նշանն է, խոստումի Կնիքը: Մի՞թե Եփես. 4:30-ում գրված է. «Մի՛ տրտմեցրեք արյունը»: Ոչ, այլ գրված է. «Մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար»: «Դուք կնքվել եք, դուք նշան եք, Սուրբ Հոգին Կնիքն է լինելու»: Երբ ինչ-որ բան կնքվում է կնիքով, դուք չպետք է կնիքը քանդեք: Չի կարելի քանդել Աստծո Կնիքը: «Եվ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար», երբ մարմինը հարություն կառնի: Դա նշան է, որ սերմը բեղմնավորվել է հավիտենական կյանքով և աճում է: «Եվ Ես նրան հարության կտամ վերջին օրը»: Ձեր ընթացքի մեջ դուք վստահություն ունեք, որ Քրիստոսի Կյանքը ձեր մեջ է, և դուք Նրա մեջ եք: Մեկ Հոգով մենք մկրտվեցինք մեկ Մարմնի մեջ, կնքվեցինք Սուրբ Հոգով, մինչև որ Հիսուսը մեզ հարություն տա: Ո՛հ, կիրառեք Նշանը: Ահա թե ինչ է դա նշանակում մեզ համար: Մենք հավատում ենք, որ զոհաբերությունը մեզ կյանք է տալիս, և դա ճիշտ է: Մենք ստանում ենք Նշանը, կիրառում ենք Նշանը, որը մեր Կնիքն է, մինչև որ… … Մասնակից եղեք դրան: Որքա՜ն փառավոր է այս ամենը: Մենք մասնակից ենք դարձել (մկրտվելով մեկ Հոգով) այդ խորհրդավոր Մարմնին. ճի՞շտ ասացի այս բառը: Խորհրդավոր Մարմնին, Հիսուս Քրիստոսի խորհրդավոր Մարմնին (Բրանհամ եղբայրը «mystic»` «խորհրդավոր» ասելու փոխարեն ասում է «mythical»` «առասպելական»): Տեսեք, Սուրբ Հոգին ինձ կանգնեցրեց. «Դու սխալ ես ասում»: Ի՜նչ հիմար եմ: Նա ասաց. «Դու սխալ ես ասում»: Ես ասացի «առասպելական», փոխանակ ասեի «խորհրդավոր»: Հիսուս Քրիստոսի խորհրդավոր Մարմինը: Մենք կրթության կարիք չունենք, Սուրբ Հոգու կարիքն ունենք: Նրա՛ կարիքն ունենք: Այս վրիպակը կարող էր գայթակղեցնել որևէ կրթված մարդու: Կարծում եմ, ամեն բան կարգին է: Խորհրդավոր Մարմինը: Պատճառ կար, այլապես Նա այդ չէր ասի: Նա այստեղ է հիմա: Այս ամբիոնի մոտ: Նա այստեղ է: Նրա մեջ մահ չկա: Նրա մեջ տառապանք չկա: Նրա մեջ մեղք չկա: Նրա մեջ հիվանություն չկա, մահ չկա: Մենք Նրա մեջ ենք: Եվ եթե սատանան ուզում է ձեր դեմ ինչ-որ բան անել, օրինակ, հիվանդացնել ձեզ, վերցրեք ձեր Նշանը և կիրառեք այն: Վերցրեք ձեր Նշանը և կիրառեք այն, որովհետև Հիսուսը ձեզ համար գին է վճարել: Նշանը վկայում է, որ գինը վճարված է: Սատանան ձեզ կասի. «Երբ մեռնես, դու կորսված ես»: Ասեք նրան. «Դա սուտ է: Ես փրկագնված եմ Տիրոջ կողմից: Ես ունեմ Նշանը»: Ի՞նչ է Նշանը: Սատանան ճանաչում է այդ Նշանը: Մի փորձեք նրան խաբել, որովհետև նա այն ճանաչում է: Եթե վիճեք որոշ քարոզիչների հետ, նրանք ձեզ կհակաճառեն: Սատանան այդ չի անի: Նա երկու-երեք անգամ Տիրոջը փորձեց և հենց այնտեղ սխալվեց: Նա գիտի, թե ինչի մասին եք խոսում: Ցույց տվեք այդ Նշանը, և նա կփախչի: Ինչու՞: Որովհետև դուք կնքված տուփ եք: Նա չի կարող այն բացել և այնտեղ մեկ ուրիշ բան դնել: Միայն ասեք. «Հեռացիր ինձանից: Ես կնքված եմ»: Այո, դուք կնքված արտադրանք եք: Դուք գնված եք: Վեր բռնեք ձեր Նշանը Նրա խոստումի հանդեպ ունեցած ձեր անսասան հավատքի վրա: Տեսեք, թե ինչպես նա կհեռանա: «Արդարի ջերմեռանդ աղոթքը մեծ ազդեցություն ունի»: Վերցրեք ձեր Նշանը: Դրա համար է այն: Սատանան գալիս է ձեզ փորձելու: Նա Եգիպտոսում էր փորձելու համար: Երբ Ռախաբը կապեց այդ չվանը, պատկերացնում եմ, որ այնտեղ զինվորներ կային, որոնք ծաղրում էին նրան և ասում. «Տեսեք այդ խելագար կնոջը: Նա լրիվ խելքը թռցրել է: Տեսեք, թե ի՞նչ է արել: Նման բան տեսած կա՞ք: Դոկտոր Ջոնսը մեզ ասաց, որ նման բաները իմաստ չունեն»: Մինչդեռ իմաստ ունեին, որովհետև Աստծո պատգամաբերն էր պատգամը բերել և նրանց հաղորդել այդ: Մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպես էին եգիպտացիներն ասում. «Տեսեք այդ ֆանատիկների խմբին, որոնք արյուն են քսում…Հետո ո՞նց են լվանալու: Այս գեղեցիկ տները ծածկում են արյունով: Ինչպիսի՜ գարշահոտություն: Մի քանի օրից ի՜նչ սարսափելի է լինելու: Եվ սա ոչ մի իմաստ չունի: Մեր Այսինչ «սուրբ հայրն է» այդպես ասել»: Բայց այդ ամենը իմաստ ուներ: Մեզ համար էլ իմաստ ունի, որովհետև հավատում ենք: Հիշեք, Խոսքի հանդեպ ձեր անսասան հավատքը… Դուք այլևս Եվաներ չեք: Դուք այն կասկածամիտների նման չեք, որոնք փոխզիջման են գնում սատանայի հետ: Դուք պահում եք Աստծո Խոսքերից յուրաքանչյուրը: Եվան ասել էր. «Տերն է այդպես ասել»: Բայց սատանան նրան պատասխանեց. «Բայց գիտես, որ Տերը քեզ նման լավ անձնավորության հանդեպ այդպես չի անի: Դու այնքան գեղեցիկ ես»: Բայց Նա կանի այդ: Նա ասել է, որ կանի: «Դե, իմ հայրը հովիվ էր: Ես ինքս էլ հովիվ եմ»: Դա ձեզ ոչ մի օգուտ չի բերի: Առանց Նշանի դուք կորսված եք: Բարկությունը հասնելու է բոլորիդ վրա, որ Նշանը չունեք: Նա ասել է, որ կանի այդ, ուրեմն կանի: Դա հաստատ է: Նա կանի այդ: «Ես կարծում եմ, որ հրաշքների ժամանակներն անցել են»: Մինչդեռ Նա ասել է, որ չեն անցել: «Ես նույնն եմ երեկ, այսօր և հավիտյան»: Նա մեզ այդ է ապացուցում: Ուրիշները չեն հավատում դրան: Մենք հավատում ենք, գիտենք, որ դա ճշմարտություն է: Լինելով Ճշմարտության մեջ՝ մենք մասնակից ենք դառնում Խոսքին և վերցնում ենք Նշանը՝ Հոգին այս խոստումի հետ. «Ես եմ Տերը, որ բժշկում եմ քեզ»: Այսպես պատրաստվեք այս երեկոյան բժշկության հավաքույթին: Վերցրեք Նշանը, դրեք Խոսքի վրա, Խոսքի հանդեպ ունեցած ձեր անսասան հավատքի վրա: Դա է վռնդում սատանային, որովհետև Քրիստոսով մենք ազատագրված ենք: Կուզենայի մի քանի վկայություններ անել այն բաների վերաբերյալ, որ տեսել եմ վերջին շաբաթների ընթացքում: Ո՛հ, ինչպիսի վկայություններ կարող էի տալ: Դուք գիտեք, թե ինչ է ասել Հովհաննեսը. «Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ-մեկ գրված լինեին, կարծում եմ, թե աշխարհս էլ բավական չէր լինի այդ գրված գրքերը պարփակելու»: Եթե ես մանրամասն նկարագրեի այն ամենը, ինչ ես տեսել եմ, որ Նա արել է, այս բեմի վրա տեղ չէր լինի տեղավորելու համար բոլոր գրքերը: Նա իմ ծառայության մեջ ավելի շատ գործեր է կատարել, քան Իր սեփական ծառայության մեջ: Հիշեք, որ այդ Նա՛ է ավելի շատ հաջողություն ունեցել իմ ծառայության մեջ, ոչ թե ես: Փառք Աստծուն: Ալելուիա: Նա ավելի շատ հաջողություն է ունեցել Ջեֆերսոնվիլում, քան Նազարեթում: Դա ճիշտ է: Այս չար քաղաքում: Ամեն: Փառք Աստծուն: Այնտեղ Նա հրաշքներ չկարողացավ գործել, բայց այստեղ գործեց: Նա կարողացավ թափանցել այստեղ: Այո, Նա՛ կարողացավ: Գուցե անհրաժեշտ եղավ դրսից մարդիկ բերելու, այնուամենանայնիվ Նա կարողացավ այդ անել: Նա այստեղ ավելի շատ հաջողություն ունեցավ քան Կափառնայումում կամ Նազարեթում: Նա այս խորանում ավելի շատ հրաշքներ գործեց քան աշխարհի մյուս մասերում: Դա ճիշտ է: Ի՞նչ է կատարվել աշխարհի մնացած մասերում: Այդ ամենը Նա է կատարել, ոչ թե ես, որովհետև ես ոչինչ չեմ արել: Ես միայն սիրել եմ Նրան և հնազանդվել, ասել եմ այն, ինչ Նա է ասել: Սուրբ Հոգին իջավ մյուսների վրա նույնպես, նրանք հավատացին Նրա ասածին, և Նա կարողացավ իրականացնել այդ գործը: Ահա ամենը: Եթե Նա այնպես աներ, որ բոլորս հավատայինք… Ի՞նչ կլիներ այն պահին, եթե Նա բոլորիս բերեր հավատքի: Ոչ մի հիվանդ չէր մնա ողջ երկրում, եթե բոլորիս հավատքի բերեր: Ամեն բան կվերջանար: Պահեք ձեր Նշանը Իր Խոսքի խոստումի հանդեպ անսասան հավատքով, և սատանան կհեռանա: Այժմ ես կվերջացնեմ: Մեկ ուրիշ առիթով նույնպես Աստված նշան տվեց աշխարհին: Դա ծիածան էր: Հիշու՞մ եք այդ: Նա միշտ հավատարիմ է եղել այդ նշանին, որովհետև այն տվեց որպես նշան: Եվ բոլոր այս հազարամյակների ընթացքում երբեք չթերացավ ցույց տալ այս նշանը: Այդպես չէ՞: Ինչու՞: Որովհետև Նա պատվում է այդ: Նա է այդ տվել: Նա նշան է տվել աշխարհին՝ ցույց տալով, որ աշխարհը չի կործանելու ջրհեղեղով: Եվ այն օրվանից Նա միշտ ցույց է տալիս այդ նշանը: Օդի մեջ որոշ տարրեր կան, որոնք ծիածան են ստեղծում: Երբ անձրև է գալիս, և արևը երևում է, ծիածանը հայտնվում է: Արևը չորացնում է անձրևը: Նա այդպես ցույց տվեց, որ այլևս այնքան ջուր չի թափվի՝ երկիրը կործանելու համար: Դա Նրա Ուխտն է: Նրա նշանն է: Նա ասաց. «Դա նշան կլինի»: Նա պատվեց Իր նշանը: Նա այն պատվեց Նոյի օրերում: Նա այն ցույց է տալիս հիմա էլ: Նա պատվեց Իր նշանը Եգիպտոսում: Նա պատվեց այն Երիքովում: Նա պատվում է այն նաև այսօր: Նա միշտ պատվում է Իր նշանները, երբ ցույց է տալիս դրանք: Բոլոր այս հազարամյակներիմ ընթացքում Նա սիրել է ցույց տալ այդ Նշանը: Նա երբեք չի մոռացել այդ: Նա երբեք չի մոռանում Իր նշանը: Ինչքան էլ աշխարհը փոխվի, ծիածանը միշտ կա: Նա պատվում է Իր նշանը: Նա պատվում է այն մեր օրերում էլ: Նա պատվում է Իր նշանը: Ինչքան էլ եկեղեցին փոխվի, ինչ էլ անի, Աստված միշտ պատվում է Իր Նշանը և միայն Նշանը: Նա այդպես ցույց է տալիս, որ Նա միշտ պատվում է այն, ինչ Ինքն է անում և ասում: Մենք հարգում ենք այն: Ես հարգում եմ այն: Նա սպասում է մեզանից, որ մենք տարածենք մեր Նշանը մեր հավատքի վերևում, սատանայի դիմաց, բոլոր այդ անհավատ դավանանքների և հարանվանությունների դիմաց, և հավատանք, որ Իր խոստումը ճշմարիտ է, և Նա կանի այն, ինչ խոստացել է: Ահա թե ինչպիսին է Եկեղեցին: Զարմանալի չէ, որ նրանք նվազագույն առաջընթաց չեն ունենում, և անընդհատ ընկնում են իրենց հարանվանությունների մեջ՝ կազմելով կրթված, գրագետ և լավ հագնված մարդկանց մի խումբ: Դա նրանց ոչ մի տեղ չի տանի, որովհետև ահա այն նշանը, որ նրանք ցույց են տալիս. «Ես մեթոդական եմ», «Ես երիցական եմ»: Եվ դա այդպես է: Իսկ հավատացյալները Նշանն են վերցնում: Այն, ինչ Հիսուսը սկսեց Գալիլիայում, շարունակում է հիմա, ցույց տալով Սուրբ Հոգու Նշանը, որը վերադարձել է Եկեղեցու վրա: Դրանք ոչ թե առաքյալների գործերն էին, այլ Սուրբ Հոգու գործերը առաքյալների մեջ: Դա էր Նշանը: Նրանք ասացին, որ նկատեցին Պետրոսին և Հովհաննեսին, երբ նրանք անցան տաճարի «Գեղեցիկ» կոչված դռան մոտով: Նրանք անուսում մարդիկ էին: Միգուցե նրանց խոսքի քերականությունն այնպիսին էր, որ մարդիկ չէին հասկանում նրանց: Գուցե նրանք չգիտեին Սուրբ Գրքի ողջ մաթեմատիկան, բայց մարդիկ նկատեցին, որ նրանք Հիսուսի հետ են եղել: Նրանք ցույց էին տվել Նշանը, որովհետև Հոգին, որ նրանց վրա էր, նույն Հոգին էր, որ եղել էր Նրա վրա՝ Իր խաչելությունից առաջ: Հարությունից հետո այդ Հոգին իջավ նրանց վրա: Ամեն: Նա այդպես բացահայտվեց Եբր.13:8 համարի համաձայն. «Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Դրա համար մենք գիտենք, որ Նա կենդանի է: Որտեղի՞ց գիտենք, որ մենք Կյանք ունենք: Որովհետև Նա կենդանի է: Եվ մենք գիտենք, որ պատճառը, որի համար ապրում ենք, այն է, որ մենք նման ենք Նրան և Նրա մեջ ենք: Նա ասաց. «Որովհետև Ես կենդանի ու եմ, և դուք էլ կենդանի կլինեք»: Հայտնության գրքում գրված է. «Ես մեռած էի և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից»: Եթե մենք մեռնենք մեր անձերի համար և կենդանի լինենք Նրա մեջ, հավիտենական կյանք ունենք: Եվ եթե Նրա Կյանքը մեր մեջ է, դա ցույց է տալիս, թե ով է Նա: Դրանով Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ո՞վ կարող է ժխտել այդ: Մի՞թե չեք զանազանում մեռած գործերը: Ծառայեք կենդանի Աստծուն հավիտենական Ուխտով այն Կյանքի, որը Հիսուս Քրիստոսի Արյան մեջ էր: Շարունակենք: Ո՛հ, կուզենայի լիովին ցույց տալ Նրա Շնորհքի, Նրա սիրո Նշանը: Եվ քանի դեռ Նշանը կիրառված չէ… Ի՞նչ է նշանը: Դա մի բան է, որ ցույց է տալիս, որ պարտքը վճարված է, գինը վճարված է: Մեր փրկության գինը Նրա մահն էր, և Քրիստոսից բացի ոչ ոք չէր կարող վճարել այդ: Ոչ թե որևէ հարանվանության հոգին, պապի հոգին, որևէ մարդու կամ սրբի հոգին, այլ Հիսուս Քրիստոսի Հոգին է Եկեղեցու վրա իջնելով Նշան հանդիսանում, որ գինը վճարված է, որ Աստծո օրենքը կատարված է: Այնժամ մենք մեկ ենք դառնում Նրա հետ: «Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, ես էլ՝ ձեր մեջ»: Կիրառեք Նշանը: Կիրառեք Նրա հարության Նշանը: Քանի որ Նա հարություն է առել մեզ արդարացնելու համար, մենք հարություն կառնենք Նրա հետ: Այժմ մենք Հիսուս Քրիստոսով Նրա հետ նստած ենք երկնային վայրերում, հավաքված Նշանի եղբայրական հաղորդակցությամբ: Այն ժամանակ, երբ դրսում ճիչեր էին լսվում, Իսրայելի զավակները նստած էին իրենց տներում և ոչ մի բանի համար չէին մտահոգվում: Միակ կարևոր բանն այն էր, որ համոզված լինեն, որ արյունը քսված է դռան վրա: Եվ այսօր էլ դա միակ բանն է, որով պետք է մտահոգվենք: Նեղություններ կան, բարեկամներ: Բայց դրանք էլ երկար չեն տևելու: Չարիքները հարվածում են: Դուք այդ գիտեք: Համոզվեք, որ Նշանը ձեր դռան վրա է: Նշանը Սուրբ Հոգին է: «Որովհետև մենք ամենքս էլ մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին լինելու համար և Իր փառքին մասնակից եղանք»: Քայլենք դեպի խոստումի երկիր: Սիրու՞մ եք Նրան: Հավատու՞մ եք Նշանին: Ձեզանից քանի՞սը կուզեին ասել. «Բրանհամ եղբայր, աղոթեք ինձ համար, որ մտնեմ Նշանի տակ»: Խոնարհենք մեր գլուխները: Տեր Հիսուս, ամենագթասիրտ, երբ աշխարհը մեղքի մեջ էր, և ոչինչ չէր կարող նրան փրկել, այնժամ, ո՛վ գթության Աստված, Դու մի խորհրդապատկերի միջոցով ցույց տվեցիր, որ մի Նշան է գալու և վերցնելու է մեղքը, ոչ միայն ծածկելու, այլ վերցնելու: Հիսուսը եկավ որոշված ժամանակին և հեղեց Իր Արյունը, Իր սեփական կյանքը՝ դրանով քավելով մեր մեղքերը, այնուհետև վերադարձավ Սուրբ Հոգու տեսքով, որը այն Նշանն է, որ Եկեղեցին պետք է պահի մինչև Նրա վերադարձը: Որովհետև Պետրոս առաքյալն ասել է. «Որովհետև այս խոստումը ձեզ ու ձեր զավակների համար է, նաև այն հեռավորների համար, ում մեր Տեր Աստված կկանչի»: Տեր, Քո շնորհքով և աջակցությամբ ես պահանջում եմ յուրաքանչյուրին, ով լսում է այս պատգամը: Ես պահանջում եմ նրանց Աստծո համար: Ես Քեզ խնդրում եմ, Տեր, թե՛ նրանց համար, ովքեր այստեղ են այս առավոտ, թե՛ նրանց համար, ովքեր լսելու են այս ձայնագրությունը: Եվ եթե կա որևէ նախասահմանված սերմ, որտեղ էլ որ լինի, թող լինի վերջին օրերի համար տրված այս Խոսքը, Տեր: Թող նրանք գան ամենայն խոնարհությամբ, իրենց հաղթանշանը բերեն խաչի մոտ, իրենք իրենց բերեն որպես իրենց կանչող Աստծո շնորհքի հաղթանշան: Եվ թող նրանք լցվեն Սուրբ Հոգով և իրենց երկրային կյանքի մնացած օրերում ցույց տան այն Կյանքի Նշանը, որը Հիսուս Քրիստոսը տվեց Իր հարության ժամանակ: Շնորհիր այդ մեզ, ով Տեր: Տեր, հնարավոր է, որ ես հստակ չեմ խոսել, այդ դեպքում խնդրում եմ, որ Սուրբ Հոգին վերցնի այդ խոսքերը և ներկայացնի այնպես, ինչպես պետք է ներկայացված լինեին, որպեսզի մարդիկ հասկանան առանց չարության, և հասկացրու նրանց, որ սերն ուղղիչ է: Թող նրանք իմանան այդ բաները, որովհետև վերջին ժամում ենք ապրում և Տիրոջ գալուստը մոտ է: Աշխարհում ամենուրեք տեսնում ենք ազդանշանային կարմիր լույսեր, որոնք հիշեցնում են, որ ժամանակը մոտ է: Թող այս մարդիկ ստանան Սուրբ Հոգին. սա է իմ աղոթքը և ես այն Քեզ եմ բերում Հիսուս Քրիստոսի Անունով: Եվ դա թող Նշան լինի մեզ համար մեր կյանքի մնացած օրերում, ինչպես Դու ես խոստացել: Հեշտ է դա խնդրել Քեզանից, որովհետև Դու ես խոստացել, և ես գիտեմ, որ այդպես կլինի: Խնդրում ենք Քեզ Հիսուսի Անունով: Ամեն: Մի պահ գլուխներս խոնարհած պահենք: Հավատքով աղոթեցի ձեզ համար ողջ սրտով, ինչքան կարողացա, ամենայն անկեղծությամբ: Ես լիովին գիտակցում եմ… Ես ձեր տասանորդների և ընծաների միջոցով եմ ես ապրում: Ձեր եկեղեցու աջակցությունն է ինձ հնարավորություն տալիս քարոզչության գնալու: Ձեր սերը, ձեր «ամեն»-ները, ձեր եղբայրական հաղորդակցությունը, ձեր բարի խոսքերն են հնարավորություն տալիս, որ այս ամենը տարածվի աշխարհում, այս երկրի տարբեր նահանգներում: Ձեր խոսքերն են օգնում տարածելու այս պատգամը: Այդ դուք եք: Մենք բոլորս մասնակից ենք այս գործին Քրիստոսի հետ: Մենք բոլորս եղբայրներ ու քույրեր ենք, և Նա մեր Թագավորն է: Ես ձեզ սիրում եմ: Ես ուզում եմ, որ դուք լինեք այնտեղ, ուր ես եմ: Ես երթևեկում եմ երկրով մեկ, որպեսզի մի քանի անգամ կարողանամ խոսել ձեզ հետ: Ես սիրում եմ այստեղ հանդիպել ձեզ կիրակի առավոտյան: Ես ձեզ սիրում եմ: Միշտ էլ սիրել եմ ձեզ: Երբեմն ստիպված եմ լինում խիստ խոսել ձեզ հետ, բայց միայն նրա համար, որ կարողանաք ուղղվել: Որովհետև ես ձեզ սիրում եմ: Ես չէի ուզենա, որ դուք շրջանցեք այդ պատգամը: Դուք չպետք է այդ անեք: Ընդունեք այն ամենայն խոնարհությամբ, սիրով, ձեր սրտի խորքից: Ասեք. «Տեր Հիսուս, հենց այս պահին վերցրու իմ միջից այն ամենը, ինչ Քեզ հաճելի չէ, հանիր ին միջից հպարտությունը, ամեն բան: Ողջ այդ ապականությունը, ողջ անհավատությունը, որ կա իմ մեջ, ես մերժում եմ, Տեր: Ես այն մերժում եմ: Եվ թող քաղցր Սուրբ Հոգին աղավնու նման իջնի ինձ վրա: Ես ուզում եմ հավիտենապես ապրել և ուզում եմ, որ Դու օգնես ինձ հիմա: Շնորհիր այդ, ո՛վ Աստված»: Մինչ դուք աղոթում եք, մենք կիսաձայն կերգենք «Կսիրեմ զինք» երգը: Հիշեք, որ այս ամենը կատարվում է սիրով, որովհետև Նա սեր է: Մինչ ես ձեռքերս դնում եմ այս թաշկինակների վրա, որովհետև մարդիկ գուցե գան դրանք վերցնելու երեկոյից առաջ: «Կսիրեմ զինք, կսիրեմ զինք Զի նախ Ինք զիս սիրեց, Եվ Գողգոթայի խաչի վրա Փրկությունս գնեց»: Մինչ երաժշտությունը ուղեկցում է մեզ, եթե մեղք եմ գործել, եթե ինչ-որ սխալ բան եմ արել… այժմ ես աղոթում եմ ձեզ համար: Տեր, եթե ինչ-որ սխալ բան եմ արել, ձեռքերս բարձրացնում եմ որպես ապաշխարության նշան, վկայելով, որ ես չէի ուզենա անել այդ: Տեր, գիտեմ, որ մեռնելու եմ, որ ֆիզիկապես հեռանալու եմ այս աշխարհից: Ես ուզում եմ Քեզ հանդիպել: Երբ բարձրացնում եմ ձեռքս, դա նշանակում է. «Վերցրու այն, Տեր: Լցրու ինձ Հոգով: Դիր ինձ վրա Քո սիրո Նշանը՝ Սուրբ Հոգին, որը իմ կյանքը կդարձնի սիրո և բարության կյանք: Ապրեցրու ինձ այն Կյանքով, որ Քրիստոսի մեջ էր, որպեսզի սիրտս այրվի ուրիշների համար: Թող օր ու գիշեր հանգիստ չունենամ, որ կարողանամ հնարավորինս շատ հոգիներ բերել: Ես կուզեի լինել Երիքով գնացող պատգամաբերների պես: Իմ հնարավորության սահմաններում կգնամ յուրաքանչյուրի մոտ և կփորձեմ նրանց բերել Ուխտի Արյան տակ, Գառնուկի Արյան տակ, որպեսզի ստանա Նշանը: Արյունը մաքրում է: Հոգին Նշան է, որը ցույց է տալիս, որ Արյունը կիրառվել է: Քանի դեռ Արյունը չի կիրառվել, Հոգին չի կարող գալ: Բայց երբ Արյունը կիրառվում է, այնժամ ձեզ ուղարկված Հոգին Նշան է, որ Արյան հանդեպ ունեցած ձեր հավատքը ընդունվել է: Գինը վճարված է. ամեն բան կատարված է: Գործը կարգավորված է: Դուք քրիստոնյա եք: Դուք հավատացյալ եք: Քրիստոսը ձեր մեջ է, և դուք Քրիստոսի մեջ եք: «…զի նախ Ինք զիս սիրեց, Եվ Գողգոթայի խաչի վրա Փրկությունս գնեց»: Խոնարհենք մեր գլուխները Աստծո առաջ: Լսեք, թե ինչ կասի ձեր հովիվ Նեվիլ եղբայրը եզրափակելու համար: Չմոռանաք այս երեկոյան բժշկության հավաքույթի մասին: Շուտ եկեք: Սկսում ենք ժամը յոթին: Ես ամբիոնի մոտ կլինեմ յոթն անց կեսին: Այդպե՞ս է եղբայր: Այս երեկոյան նաև Տերունական Ընթրիք ենք վերցնելու: Եկեք կեսօրից հետո: Մնացեք այստեղ: Թույլ մի տվեք, որ պատգամը դուրս գա ձեր միջից: Հիշեք: Երբեք թույլ մի տվեք, որ պատգամը դուրս գա ձեր միջից: Արյունը կլինի Նշան, որ դուք կյանք եք ստացել: «Եվ երբ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ»: Սուրբ Հոգին Նշան է, որը ցույց է տալիս, որ Արյունը կիրառվել է ձեր սրտում: Նա Նշան է, որ Արյունը կիրառված է: Եթե Արյունը չի կիրառվել, Նշանը չի գա: Եթե հասկանում եք այդ, ասեք. «ամեն»: Պետք է Արյունը կիրառել, և հետո Նշանը կգա: Նշանը ցույց է տալիս, որ փրկագնման Արյունը կիրառված է, և գինը՝ վճարված: Թող Աստված օրհնի ձեզ:
Բովանդակություն