Լսել

Տերունական Ընթրիքը 12/12/1965

Բովանդակություն

Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

(Ծան. խմբ. Այստեղ ձեզ ներկայացնում ենք Բրանհամ եղբոր հրապարակավ ասած վերջին խոսքերը, որոնք նա ասել է իր մահից կարճ ժամանակ առաջ): Փիրի Գրին եղբայրը այսօր մեզ հուզիչ պատգամ տվեց Աստծո Խոսքից: Որքա՜ն ճշմարիտ է այն, որ մենք Աստծուն սահմանափակում ենք տարածության և ժամանակի մեջ: Նա հավիտենական է, մենք չենք կարող սահմանափակել Նրան: Այսօր մենք ուրիշ բանի մասին ենք խոսելու՝ Տերունական Ընթրիքի: Երեք տարի ես սպասեցի, որ Թուսոնում եկեղեցի լինի, և ահա կա արդեն: Փառք Աստծուն, Նա մեզ սպասել տվեց մինչև հիմա, և մենք կարող ենք գնահատել այդ: Կուզենայի մի բան ասել հաղորդությունը վերցնելուց առաջ: Կարծում եմ, որ վերջին օրերում բավականին շատ բաներ ենք տեսել, որ հանձնենք մեր ողջ էությունը Աստծուն: Մենք պետք է Աստծուն իսկապես ծառայենք: Կարծում եմ, որ Նա մեզ օրհնել է անմիջապես Սուրբ Գրքից եկող պատասխանով: Ինչպես քիչ առաջ ասաց Փիրի Գրին եղբայրը, մենք իսկապես այդ ժամանակներում ենք: Մենք կույր չենք, և տեսնում ենք, որ իսկապես այդտեղ ենք հասել: Մենք հասել ենք: Մենք կարող ենք նայել մեր շուրջը, և տեսնել, թե ինչպես են մարդիկ կորցնում մարդկային դատողությունը: Դա չի կարող երկար շարունակվել: Ողջ աշխարհը հոգեբուժական հիվանդանոց կդառնար: Մենք վերջին ենք հասել: Կարծեմ՝ վերջերս Հովսեփն էր, որ ինձ ասաց. «Հայրիկ, առաջին անգամ ե՞րբ Աստված հայտնվեց: Որտեղի՞ց եկավ: Նա մի անգամ սկիզբ է ունեցել, չէ՞»: Ես նրան պատասխանեցի. «Ոչ, այն ամենը ինչ սկիզբ է ունեցել, վերջ էլ ունի, միայն սկիզբ չունեցողը վերջ չունի»: Իհարկե, նա տասը տարեկան է, և նրա համար դժվար է դա հասկանալը: Ինչպե՞ս կարող է նա հասկանալ, որ կա մի բան, որ երբեք չի սկսվել: Եվ ոչ միայն նրա համար… Ինձ համար էլ դժվար է դա հասկանալ. ինչպե՞ս է ամեն բան սկսվել: Այժմ պետք է կատարենք մի բան, որ իսկապես սրբազան է: Վերջերս ինձ զանգահարեցին: Զանգահարողը լավ մարդ էր, մի հրաշալի քրիստոնյա, որը լսել էր, որ մենք բառացիորեն ենք հաղորդություն վերցնում: Նա ասաց, որ իր եկեղեցում հավատում են «հոգևոր հաղորդությանը»: Ինչ վերաբերում է հաղորդությանը, ես կասեի, որ դա ճիշտ է, որովհետև «հաղորդակցվել» նշանակում է մեկի հետ խոսել: Եթե ես քննարկում եմ այս, ապա նրա համար, որ դուք հասկանաք, թե ինչ եք անում: Եթե քայլելիս դուք բախվեք ձեր ճանապարհին դրված իրերին, դուք չեք հասկանում, թե ինչ եք անում: Դուք չեք կարող վստահել ձեզ, եթե չգիտեք, թե ինչ եք անում և ինչու եք անում: Մի եղբայր ինձ ասում էր. «Եթե ընդունում ենք Աստծո Խոսքը, չէ՞ որ Աստծուն ենք ընդունում»: Ես նրան պատասխանեցի. «Սիրելի բարեկամ, այդ ամենը կատարելապես ճիշտ է: Բայց Խոսքի մեջ կարդում ենք, որ Պողոսը սովորեցրեց բառացիորեն վերցնել Տերունական Ընթրիքը»: «Այս արեք իմ հիշատակի համար» (Ղուկաս 22:19, 1 Կորնթ.11:24): «Որովհետև քանի անգամ, որ այս հացն ուտեք ու և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա» (1 Կորնթ.11:26): Դա նշանակում է, որ մենք պե՛տք է վերցնենք այդ Ընթրիքը: Մենք գիտենք, որ Պողոսը, ով հաստատեց դա եկեղեցու մեջ, Նոր Կտակարանի մարգարեն էր: Պետրոսը, Հակոբոսը, Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը պատմել են Հիսուսի գործերի մասին որպես դպիր, բայց Պողոսը ամեն բան իր տեղն է դրել: Նա Նոր Կտակարանի մարգարեն էր: Ինչպես Մովսեսը գնաց անապատ ներշնչանք ստանալու և գրեց Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը, այնպես էլ Պողոսը գնաց անապատ և Աստծուց ներշնչում ստացավ Նոր Կտակարանի Եկեղեցում կարգ ու կանոն հաստատելու և ներկայացնել այդ Եկեղեցուն Հին Կտակարանի խորհրդապատկերներով: Հին Կտակարանում նրանք ունեին զոհաբերության Գառը: Իսրայելը կատարում էր այդ ծիսակատարությունը որպես հիշատակ: Իրականում այն մեկ անգամ կատարվեց (Եգիպտոսից դուրս գալու ժամանակ), բայց նրանք պետք է դա կրկնեին հիշատակի համար բոլոր ժամանակաշրջանների ընթացքում, որովհետև օրենքը գալիք բաների շուքն է: Ես համոզված եմ, որ Տերունական Ընթրիքը, կամ այն, ինչ մենք անվանում ենք Հաղորդություն, իսկապես Տերունական Ընթրիք է: Մենք երեք աստվածային պատվերներ ենք ստացել, որոնք պետք է բառացիորեն կատարենք՝ Տերունական Ընթրիքը, ոտնալվան, մկրտությունը: Միայն այդ երեք բաները: Կատարելությունը արտահայտվում է երեք թվով: Ես չեմ հավատում, որ որևէ մեկը իրավունք ունի մասնակցելու Տերունական Ընթրիքին, քանի դեռ Աստծո Խոսքը չի ընդունել իր սրտում: Հիմա մի բան կկարդամ, և դուք կհասկանաք: Ուշադրություն դարձրեք, եթե դուք ասում եք, որ Տերունական Ընթրիքը ընդամենը Խոսքը ընդունելն է, ուրեմն նույն հիմքի վրա կարող եք լիովին արդարացնել Փրկության Բանակի ուսմունքը: Նրանք ընդհանրապես չեն հավատում ջրի մկրտությանը և ասում են. «Մենք դրա կարիքը չունենք»: Եթե ջրի մկրտության կարիք չունենք, ուրեմն ինչու՞ ենք մկրտվել: Նրանք ասում են. «Ջուրը ձեզ չի փրկի: Արյունն է փրկում»: Համաձայն եմ: Դա ճիշտ է: Արյունն է փրկում, ոչ թե ջուրը: Բայց մենք պետք է անցնենք ջրով՝ այդ արտաքին գործողության միջոցով ցույց տալով, որ շնորհաց գործը իրականացել է մեր մեջ: Նույնն էլ վերաբերում է Տերունական Ընթրիքին: Երբ մեր մեջ ընդունել ենք Տիրոջը՝ Զոհին, որպես հոգևոր ծնունդ, մենք այսուհետ Նրա համար ենք ապրում Խոսքի միջոցով, և պետք է կատարենք նաև խորհրդանշական գործողությունը, որովհետև դա պատվիրան է: Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցե’ք և ձեզանից ամեն մեկը թող Հիսուս Քրիստոսի Անունով մկրտվի՝ մեղքերի թողության համար» (Գործք 2:38): Պողոսն ասաց. «Որովհետև ես Տիրոջից եմ ընդունել այն, ինչ ձեզ եմ ավանդել. որ Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հացը վերցրեց և գոհանալուց հետո կտրեց ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար է կոտրվում. այս արեք իմ հիշատակի համար»: Այդպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. քանի անգամ, որ խմեք, այս արեք իմ հիշատակի համար»: Որովհետև քանի անգամ, որ այս հացն ուտեք ու և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա» (1 Կորնթ.23-26): Այդ սիրելի եղբայրը, որին շատ եմ սիրում, եկավ և ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, ես երբեք չեմ վերցրել Տերունական Ընթրիքը: Ես չեմ հասկանում, թե դա ինչ է: Ինձ ուրիշ բան են սովորեցրել»: Ես նրան պատասխանեցի. «Հիշեք, որ մենք ընդունում ենք, որ Պողոսն է այդ հաստատել առաջին քրիստոնեական եկեղեցում, որովհետև «Ամեն օր միաբանությամբ տաճարում էին լինում և տներում հաց էին կտրում, ուրախությամբ ու պարզ սրտով կերակուր էին ուտում» (Գործք 2:46): Պողոսը եկեղեցում հաստատեց այդ և Գաղատ.1:8 համարում ասաց. «Բայց եթե մենք էլ կամ երկնքից մի ուրիշ հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովված լինի»: Դա վերաբերում է նաև Հովհաննեսի մկրտությամբ մկրտվածներին, որովհետև անհրաժեշտ եղավ, որ նրանք վերամկրտվեն Հիսուս Քրիստոսի Անունով: Երեք բան կա, որոնք մենք պետք է կատարենք խորհրդանշական ձևով՝ Տերունական Ընթրիքը, ոտնալվան և ջրի մկրտությունը: Բայց Փրկության բանակը հիմնվում է խաչի վրա մեռնող ավազակի պատմության վրա: Երբ նա մեռավ, մկրտված չէր, բայց Հիսուսը նրան ասաց, որ կգնա երկինք: Դա կատարելապես ճիշտ է, բայց հասկացեք, որ նա Հիսուսին ընդունեց իր մահվան ժամին: Նա ուրիշ առիթ չունեցավ: Նա ավազակ էր: Նա մեռնելու վրա էր, բայց երբ Լույսը տեսավ, ընդունեց այն և ասաց. «Տե՛ր, հիշիր ինձ…»: Դա ճիշտ է: Բայց եթե գիտեք, որ պետք է մկրտվեք և մերժում եք այդ անել, դա մի բան է, որ կմնա ձեր և Աստծո միջև: Նույնը վերաբերում է Տերունական Ընթրիքին: Երբ դուք վերցնում եք այդ ընթրիքը, մի մտածեք, թե գալիս եք մի կտոր հաց վերցնելու և ասելու. «Կարծում եմ, որ ես քրիստոնյա եմ»: Տեսեք, թե ինչ է Աստվածաշունչն ասում դրա վերաբերյալ: «Որովհետև անարժանաբար ուտողն ու խմողն իր անձի համար դատապարտություն է ուտում ու խմում, որ չի զանազանում Տիրոջ մարմինը» (1 Կորնթ.11:29): Աստծո և մարդկանց առջև ձեր կյանքը պետք է ցույց տա, որ դուք անկեղծ եք: Հին Կտակարանում զոհաբերությունը պատվեր էր, պարտադիր էր: Նույնը վերաբերում է ջրի մկրտությանը, ոտնալվային և Տերունական ընթրիքին: Երանի նրան, ով կատարում է բոլոր այդ պատվիրանները, պահում է բոլոր այդ կանոնները, որովհետև իրավունք կունենա հաղորդ լինելու Կենաց Ծառին: Նկատեք, թե ինչ էր կատարվում, երբ սկզբում Աստված պատվիրեց զոհաբերություն անել տաճարում և մեղքերի համար ընծա՝ զոհի գառնուկ մատուցել: Ես պատկերացնում եմ մի հրեա եղբոր, որը ճանապարհով քայլում է՝ իմանալով, որ ինքը մեղավոր է: Նա մոտենում է զոհասեղանին՝ բերելով մի պարարտ զվարակ կամ ցուլ կամ մեկ ուրիշ բան, կատարելով Աստծո պատվիրանը ամենայն անկեղծությամբ: Այնուհետև նա ձեռքը դնում է զոհի վրա՝ խոստովանելով իր մեղքերը. քահանան նրա մեղքերը դնում է գառնուկի վրա, որը մորթվում էր նրա համար: Փոքրիկ գառնուկը թպրտում էր և արյունաքամ լինում, այդ մարդու ձեռքերը ծածկվում էին արյունով, արյունը ցայտում էր ամենուրեք, այդ գառնուկի շուրջը, որը մայում էր, այնժամ նա հասկանում էր, որ ինքը մեղք էր գործել, և մեկը պետք է մեռներ իր փոխարեն: Դրա համար նա գառնուկ մատուցեց, գառնուկի մահը փրկեց նրա կյանքը: Գառնուկը մեռավ իր փոխարեն: Մարդը այն մատուցել էր անկեղծությամբ, սրտի խորքից: Այդ զոհաբերությունը կրկնվում էր անդադար: Նրանք այդ պատվիրանը պահեցին այնքան ժամանակ, մինչև Աստծո պատվիրանը սովորական ավանդույթ դարձավ մարդկանց աչքերում: Այլևս անկեղծություն չկար: Չէին հասկանում դրա իմաստը: Մենք այդպես չենք ընդունում Տերունական Ընթրիքը, բայց հենց այդպես նրանք վարվեցին՝ մոտենալով Տիրոջ սեղանին: «Որովհետև բոլոր սեղանները լիքն են պիղծ փսխվածքով, այլևս տեղ չի մնացել» (Ես.28:8): Եվ այսպես, մենք տեսնում ենք, որ մեծ գործ է այն, որ մենք պատրաստվում ենք կատարել այս երեկո՝ ի հիշատակ Նրա մահվան և Մարմնի, որից մենք ճաշակում ենք ամեն օր կամ քիչ առաջ ճաշակեցինք, երբ մեր եղբայրը քարոզում էր մեզ: Մենք Աստծո Խոսքին հավատում ենք ամբողջ սրտով: Մենք տեսնում ենք բացահայտված Խոսքը: Մենք տեսնում ենք, որ դա տրված է մեզ: Տեսնում ենք Խոսքի հաստատումը: Մենք դա զգում ենք մեր կյանքերում և այդ պատվիրանին պետք է մոտենանք լիովին գիտակցելով, թե ինչ ենք անում, ոչ միայն այն պատճառով, որ դա հրաման է: Ինչքան ուզեք կարող եք եկեղեցիներ գտնել, որտեղ տալիս են չոր թխվածքաբլիթ կամ խմորված հաց: Խմող, ծխող մարդիկ գալիս և մասնակցում են Տերունական ընթրիքին, որովհետև այդ եկեղեցու անդամներ են: Այդ ամենը ապականություն է Աստծո առաջ: Ճիշտ այնպես, ինչպես զոհաբերությունը: «Ի՞նչ պետք է ինձ ձեր զոհերի շատությունը, ասում է Տերը. ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից և պարարտների ճարպից, և զվարակների ու ոչխարների ու նոխազների արյունը չեմ ախորժում: Երբ գալիս եք իմ երեսը տեսնելու, դա ո՞վ է պահանջում ձեր ձեռքից՝ կոխատել իմ սրահները: Այլևս ունայն ընծաներ մի բերեք, ձեր խունկը ինձ համար պիղծ է, ամսագլուխներին և շաբաթներին ու ժողովներ գումարելուն չեմ տանի. անօրենություն ու տոնախմբություն: Ձեր ամսագլուխներից ու տոներից զզվել է հոգիս, նրանք ինձ վրա բեռ են. հոգնել եմ տանելուց: Եվ դուք ձեր ձեռքերը տարածելիս՝ իմ աչքերս ծածկում եմ ձեզանից, նաև երբ աղոթքը շատացնում եք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լի են արյունով» (Ես.1:11-15): «Ես ատում եմ, մերժում եմ ձեր տոները, ես չեմ հոտոտում ձեր հանդեսներում: Թեև ինձ ողջակեզներ էլ մատուցանեք, և ձեր հացի ընծաներն էլ, Ես չեմ ընդունի և ձեր պարարտ անասունների խաղաղության զոհին մտիկ չեմ տա: Քո երգերի աղմուկը հեռացրու ինձանից, որ չլսեմ տավիղներիդ եղանակը» (Ամովս 5:21-23): Տոնակատարություններն ու զոհաբերությունները գարշահոտություն էին դարձել Աստծո ռունգերին: Մինչդեռ Նա էր պատվիրել այդ զոհաբերությունը: Այն զոհաբերությունը, որ Աստված Ինքն էր պատվիրել, գարշահոտություն էր դարձել նրանց մատուցելու ձևի պատճառով: Չափազանց շատ քրիստոնյաներ են այսօր այդպես վարվում: Այդպես են նրանք երկրպագում Աստծուն: Մենք վեր ենք կենում քարոզելու Խոսքը, ասում ենք, որ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, սովորեցնում ենք, որ Նա կկատարի Իր տված խոստումները, և այնուհանդերձ ասում ենք. «Ո՛հ, այդ ամենը նախատեսված էր ուրիշ ժամանակի համար»: Այսպես մեր հանդիսավոր տոնակատարությունը գարշահոտություն է դառնում Նրա ռունգերին: Նա ոչ մի դեպքում չի ընդունի այդպիսի երկրպագությունը: Ավանդույթի համար չէ, որ մասնակցում ենք Տերունական ընթրիքին: Դուք մասնակցում եք դրան, որովհետև ձեր սրտում եղած սերն է ձեզ մղում պահելու Նրա պատվիրանները: Եթե դուք Տերունական ընթրիքը չեք վերցնում անկեղծորեն, այլ միայն որպես ավանդույթ, որը ձեր եկեղեցին պահում է ամեն կիրակի, ամեն ամիս, կամ տարին երկու անգամ, ապա դա գարշահոտություն է դառնում Աստծո համար: Հիշեք, որ Աստված, ով ձեզ դրել է այս երկրի վրա, նույն Աստվածն է, որին դուք ծառայում եք: Դուք այդ անում եք, որովհետև Նա է ասել, որովհետև դա Նրա հրամանն է: Այդ ժամանակ մենք փափագում ենք գալ և վերցնել ամենայն անկեղծությամբ, իմանալով, որ Աստծո շնորհքով ենք փրկված: Մենք սիրում ենք Նրան և զգում ենք Նրա ներկայությունը: Մենք տեսնում ենք, որ դա փոխում է մեր կյանքերը: Մեր ողջ էությունը վերափոխվում է: Մենք ուրիշ մարդիկ ենք դառնում: Մենք այլևս չենք ապրում առաջվա պես, չենք մտածում առաջվա պես, չենք խոսում առաջվա պես: Ինչպես հիշատակեցինք այն երկու Գրքերի մասին, որոնք իրականում մեկ Գիրք են՝ Կյանքի Գիրքը: Առաջին Կյանքի Գիրքը վերաբերում է ձեր ծնունդին, ձեր բնական կյանքին: Մինչդեռ այնտեղ, ձեր ներսում կար Կյանքի սերմը: Թույլ տվեք մի բան ասել իմ սեփական կյանքից: Եթե հարցնեք. «Ո՞վ է Ուիլյամ Բրանհամը»: Դե, քառասուն տարի առաջվա Ուիլյամ Բրանհամը նույնը չէ, ինչ որ այս երեկո այստեղ կանգնածը: Քառասուն տարի առաջ կարող էին ասել. «Դա իսկական խաբեբա է»: Դա ճիշտ է, որովհետև ես Չարլզ և Էլլա Բրանհամների որդին էի: Այն բնության մեջ ես մեղավոր էի, և աշխարհ էի եկել ստախոսի բնույթով: Աշխարհի բոլոր սովորույթները իմ մեջ էին, բայց խորքում կար նաև մեկ ուրիշ բնություն: Դա նախասահմանված բնությունն էր, որ Աստված դրել էր այդ նույն մարմնի մեջ: Այնտեղ են երկու բնությունները: Այն ժամանակ ես ծառայում էի միայն մեկ բնությանը: Մեծանալով դարձա ստախոս և այլն, որովհետև այդպես էի դաստիարակվել: Բայց այնտեղ՝ խորքում այդ ամբողջ ժամանակ կյանքի կայծ կար: Ես հիշում եմ, երբ ես փոքր տղա էի, հայրս ու մայրս (հիմա նրանք հեռացել են մեզանից) մեղավորներ էին: Քրիստոնեական ոչ մի բան չկար մեր տան մեջ: Խմել, երեկույթներ և նման բաներ: Դրանից ես վատ էի զգում: Այն ժամանակ ես վերցնում էի իմ լապտերը, իմ շանը, գնում էի անտառ և մնում էի այնտեղ ողջ գիշեր: Ձմեռը ես որսորդությամբ էի զբաղվում այնքան ժամանակ, մինչև երեկույթը վերջանար (երբեմն դա տևում էր մինչև հաջորդ առավոտ): Ես տուն էի վերադառնում, և եթե ամեն ինչ վերջացած չէր լինում, գնում էի քնելու մարագի տանիքին և սպասում էի լուսաբացին: Հիշում եմ, թե ինչ էի անում ամռանը: Ճյուղեր էի հավաքում ինձ համար պաստպարան պատրաստելու համար, եթե հանկարծ անձրև գար: Ես այնտեղ էի քնում, կարթաձողերն էլ ջրի մեջ էին: Ես ձուկ էի որսում, իսկ իմ ծեր շունը քնում էր մոտակայքում: Ես ասում էի. «Անցած ձմեռ այստեղ վրան եմ զարկել, հենց այստեղ կրակ եմ վառել, մինչ սպասում էի իմ ծեր շանը: Տաքանալու համար ես պետք է կրակ անեի, որովհետև այնքան սառած էր գետինը: Բայց դու, փոքրիկ ծաղիկ, որտեղի՞ց ես գալիս: Ո՞վ է քեզ այստեղ տնկել: Ո՞ր ջերմոցից ես եկել, ո՞րն է քո ծագումը: Ես կրակ եմ արել հենց այնտեղ, որտեղ դու գտնվում ես: Սառնամանիքից հետո այդ տաքությունը եղավ: Դեռևս մնում են այն մեծ կոճղի կտորները, որոնք ես այրեցի, մինչդեռ դու այստեղ ես և ապրում ես: Որտեղի՞ց ես գալիս»: Ի՞նչ էր այդ ամենը: Դա մի ուրիշ Ուիլյամ Բրանհամ էր… հավիտենական կյանքի մի մասնիկն էր դա, որ գալիս էր Աստծո գեներից, Աստծո Խոսքն էր դրված ներսում: Մեզանից յուրաքանչյուրը կարող է նման բաներ հիշել: Նայում էի ծառերին և մտածում. «Տերև, ես անցած տարի տեսա, որ դու ընկար, բայց ահա նորից այստեղ ես: Որտեղի՞ց ես գալիս: Ո՞վ քեզ դրեց այնտեղ»: Հավիտենական կյանքն էր իր գործը կատարում մարմնի մեջ: Բայց մի օր երբ քայլում էի, մի ձայն խոսեց ինձ հետ. «Երբեք մի ծխիր և մի խմիր…»: Հասկանում եք, ինչ-որ բան էր շարժման մեջ մտել: Ես բարձրացրի աչքերս և ասացի. «Ես Չարլզ և Էլլա Բրանհամների որդին չեմ: Ինչ-որ բան կանչում է….»: Դա նման էր փոքրիկ արծվիկի վերաբերյալ իմ պատգամին: «Ես հավիկ չեմ, վերևում ինչ-որ բան կա: Ո՛հ, մեծ Եհովա, Ով էլ որ լինես, հայտնվիր ինձ: Ես փափագում եմ Տուն վերադառնալ: Իմ մեջ մի բան կա, որ կանչում է»: Այսպես ես վերստին ծնվեցի: Կյանքի այդ փոքրիկ սերմն այնտեղ էր: Կենաց ջուրը թափվեց նրա վրա, և նա սկսեց աճել: Իմ հին կյանքը մոռացվեց, ընկավ Աստծո ներման օվկիանոսի մեջ, և այլևս երբեք չի հիշատակվի ինձ հակառակ: Այսպես մենք արդարացված ենք Աստծո ներկայության մեջ, կարծես երբեք մեղք չենք գործել: Դրա համար, երբ մենք մոտենում ենք Տիրոջ սեղանին, պետք է լցված լինենք վախով, սիրով և ակնածանքով, հիշելով, թե ինչ կլինեինք մենք, եթե Նա այդ արած չլիներ մեզ համար: Դրա համար է Պողոսն ասում. «Ուրեմն, եղբայրներ,երբ ուտելու համար հավաքվեք, իրար սպասեցեք» (1 Կորնթ.11:33): Դա նշանակում է՝ մի քանի րոպե սպասեք, աղոթեք, քննեք ինքներդ ձեզ, և եթե գիտեք, որ ձեզ հետ ընթրիքին մասնակցող մի եղբայր ինչ-որ սխալ բան է անելու, աղոթեք նաև նրա համար: Սպասեք իրար: Եթե ձեր մեջ թշնամական զգացումներ կան, նախ դա կարգի բերեք, որովհետև մենք ուզում ենք, որ մեր մտքերը հնարավորին չափ մաքուր լինեն Աստծո և մեր եղբայրների հանդեպ: Միայն այդ ժամանակ կարող ենք հաղորդության գալ Տիրոջ սեղանի շուրջը: Մենք անում ենք այդ, որովհետև Նրան գոհություն ենք մատուցում՝ միասին ուտելով հացը և խմելով գինին որպես Իր Մարմին և Արյուն: «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե Մարդու Որդու մարմինը չուտեք ու արյունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա: Իմ մարմինը ուտողը և իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի, և ես վերջին օրը հարություն կտամ նրան: Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ ըմպելիք է; Իմ մարմինը ուտողը և իմ մարմինը խմողն իմ մեջ է մնում, և ես էլ՝ նրա մեջ: Ինչպես որ ինձ ուղարկեց կենդանի Հայրը, և ես կենդանի եմ Հոր միջոցով, այնպես էլ նա, ով ինձ ուտում է, կենդանի կլինի ինձանով: Սա է այն հացը, որ երկնքից է իջել. ոչ թե ինչպես ձեր հայրերը կերան մանանան ու մեռան. այս հացն ուտողը հավիտյան կապրի»: Տեսեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը: Եթե դուք այդ չեք անում, ուրեմն կյանք չկա ձեր մեջ: Ինչ-որ կերպ դուք ցույց եք տալիս, որ ամաչում եք քրիստոնյա կոչվելուց ձեր ապրած կյանքի պատճառով: Եվ ահա այստեղ գաղտնիքները բացահայտվում են: Եթե դուք չեք մասնակցում ընթրիքին, ուրեմն կյանք չկա ձեր մեջ: Եթե անարժան կերպով եք մասնակցում, ուրեմն մեղավոր եք Տիրոջ Մարմնի առջև: Նույնը վերաբերում է ջրի մկրտությանը: Եթե ասում ենք, որ հավատում ենք Հիսուս Քրիստոսին, որ Նա մեզ փրկել է մեղքից, եթե մկրտվել ենք Հիսուս Քրիստոսի անունով, ուրեմն մենք Նրան անպատվում ենք, երբ չար բան ենք անում: Մենք պետք է հատուցենք դրա համար: Եվս մեկ բան ասեմ. մենք դավանում ենք մեկ բան, գործում ենք այլ կերպ: Դա է այսօրվա դժբախտությունը: Ես ասում եմ՝ մենք. ես և եկեղեցին, որին դիմելու հնարավորություն է տվել Տեր Աստվածը այս վերջին ժամերին: Մենք հավատում ենք, որ վերջին ժամանակներում ենք: Մենք հավատում ենք, որ Աստված մեզ պատգամ է տվել: Այն հաստատվել է Աստծո կողմից: Մենք ապացույց ունենք, որ դա Աստծուց է եկել: Աստված մեզ ցույց է տվել, որ դա Իրենից է: Ուրեմն, մենք պետք է Նրան մոտենանք ակնածանքով և սիրով, մաքուր սրտով, հոգով և մտքով: Գիտեք, գալիս է այն ժամը, երբ մեր մեջ Հոգին կխոսի այնպես, ինչպես Անանիայի և Սափիրայի հետ: Այդ ժամը գալիս է: Հիշեք այդ: Աստված գալու է բնակվելու Իր ժողովրդի մեջ: Նա փափագում է անել այդ հիմա: Եթե ես երիտասարդ տղա լինեի, որը հարսնացու է փնտրում և եթե գտնեի մեկին, կասեի. «Նա կատարյալ է: Նա քրիստոնյա է: Նա լավ վարվելակերպ ունի: Ես համոզված եմ, որ հենց նա է ինձ պետք»: Բայց այնուամենայնիվ, կարևոր չէ, թե ինչքան եմ համոզված, կարևոր չէ, թե ինչքան գրավիչ եմ նրան համարում, կարևորն այն է, որ ես նրան ընդունեմ, նա էլ ինձ ընդունի: Նույնը վերաբերում է պատգամին: Մենք տեսնում ենք, որ այն ճշմարիտ է: Մենք տեսնում ենք, որ Աստված հաստատել է այն որպես կատարյալ: Բոլոր կանխասված բաները կատարվում են ճիշտ այնպես, ինչպես կանխասվել են: Բայց մի ընդունեք այն ինտելեկտուալ ձևով: Եթե այդպես եք ընդունում, ուրեմն ձեր կրոնը երկրորդ ձեռքից ստացված կրոն է: Մենք չենք ուզում երկրորդ ձեռքից ստացված կրոն, որը ուրիշներն են ապրել, իսկ մենք ապրում ենք նրանց վկայությամբ: Հիսուսը Պիղատոսին ասաց Հովհ.18:33-37 համարներում. «… թե՞ ուրիշներն են իմ մասին ասել քեզ (երբ Պիղատոսը նրան հարցրեց, թե ինքն է հրեաների թագավորը): Դա մի մա՞րդ է քեզ ասել, թե՞ քեզ հայտնել է իմ Հայրը, որ երկնքում է: Ինչպե՞ս ես դու այդ իմացել: Դա պատահական տեղեկությու՞ն է փոխանձանց կողմից, թե՞ Աստծո կատարյալ հայտնություն»: Արդյո՞ք Տերունական ընթրիքը մի բան է, որը ես վերցնում եմ՝ մոտենալով սեղանին և մտածելով. «Մյուսները վերցնում են, ես էլ վերցնեմ»: Պետք է հայտնություն լինի: Ես Նրա մասնիկն եմ և ձեր մասնիկը: Ես ձեզ սիրում եմ և սիրում եմ Նրան, և մենք միասին վերցնում ենք Տերունական ընթրիքը որպես Նրա հանդեպ սիրո և միմյանց հանդեպ մեր սիրո և եղբայրական հաղորդության խորհրդանիշ: Այժմ կուզենայի կարդալ Խոսքը: «Որովհետև ես Տիրոջից եմ ընդունել այն, ինչ ձեզ եմ ավանդել. որ Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հացը վերցրեց և գոհանալուց հետո կտրեց ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար է կոտրվում. այս արեք իմ հիշատակի համար»: Այդպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. քանի անգամ, որ խմեք, այս արեք իմ հիշատակի համար»: Որովհետև քանի անգամ, որ այս հացն ուտեք ու և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա: Ուրեմն ով որ ուտի այս հացը կամ Տիրոջ բաժակը խմի անարժանաբար, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին ու արյունին: Ուրեմն թող մարդ իր անձը փորձի ու հետո այն հացից ուտի և այն բաժակից խմի: Որովհետև անարժանաբար ուտողն ու խմողն իր անձի համար դատապարտություն է ուտում ու խմում, որ չի զանազանում Տիրոջ մարմինը: Դրա համար էլ ձեր մեջ հիվանդներ ու ցավագարներ կան, և շատերն էլ ննջած են: Որովհետև եթե ինքներս մեզ դատեինք, չէինք դատապարտվի: Բայց դատվելով՝ խրատվում ենք Տիրոջից, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք: Ուրեմն, եղբայրներ,երբ ուտելու համար հավաքվեք, իրար սպասեցեք: Ապա եթե մեկը քաղցած է, թող իր տանն ուտի, որ դատապարտության համար հավաքված չլինեք: Բայց մյուս բաները, երբ գամ, այն ժամանակ կպատվիրեմ» (1 Կորնթ.11:23-34) Ջեֆերսոնվիլի մեր խորանում մենք միշտ Տերունական ընթրիքը և ոտնալվան միաժամանակ ենք արել, որովհետև երկուսը կապված են իրար հետ: Կարծեմ, այս եկեղեցում տեղ չլինելու պատճառով ոտնալվան չորեքշաբթի երեկոյան են անում: Լավ հիշեք սա. «Բայց եթե մենք էլ կամ երկնքից մի ուրիշ հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովված լինի» (Գաղատ.1:8): «Որովհետև ես Տիրոջից եմ ընդունել այն, ինչ ձեզ եմ ավանդել. որ Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հացը վերցրեց և գոհանալուց հետո կտրեց ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար է կոտրվում. այս արեք իմ հիշատակի համար» (1 Կորնթ.11:23,24): Ես կանգ եմ առնում այստեղ՝ ասելու համար հետևյալը. Տերունական ընթրիքի ժամանակ Քրիստոսի Մարմինն ընդունել, չի նշանակում, որ Տերունական ընթրիքը բառացիորեն Քրիստոսի Մարմինն է: Դա Հռոմի կաթոլիկ եկեղեցու վարդապետությունն է: Ես հավատում եմ, որ դա պարզապես Աստծո պատվիրանն է մեզ տրված: Դա իսկապես մարմին չէ: Դա միայն անթթխմոր հացի կտոր է: Նաև ես չեմ հավատում, որ Հիսուս Քրիստոսի Անունով ջրի մկրտությունը մեղքերի թողություն է տալիս: Ես գիտեմ, որ այստեղ մարդիկ կան միացյալ հոգեգալստական եկեղեցուց, որտեղ այդպես են սովորեցնում: Բայց, գիտեք, ես չեմ հավատում, որ ջուրը կարող է մեղքերի թողություն տալ: Նույն կերպ, ես հավատում եմ, որ հացն ու գինին վերցնելը պարզապես մի պատվեր է, որ Աստված տվել է մեզ: Հիսուսը կատարել է այդ ամենը և լվացել է աշակերտների ոտքերը՝ մեզ օրինակ թողնելով: «Այդպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. քանի անգամ, որ խմեք, այս արեք իմ հիշատակի համար»: Որովհետև քանի անգամ, որ այս հացն ուտեք ու և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա: Ուրեմն ով որ ուտի այս հացը կամ Տիրոջ բաժակը խմի անարժանաբար, նա պարտական կլինի Տիրոջ մարմնին ու արյունին» (1 Կորնթ.11:25-27): Կանգ առնենք մի պահ: 21-րդ համարում բացատրվում է, թե Պողոսն ինչու է այդպես ասում. «Որ ամեն մեկն ուտելու ժամանակ նախ իր ընթրիքն է անում, և մեկը քաղցած է լինում, իսկ մյուսը՝ հարբած»: Նրանք այդ բաները չէին հասկանում, ինչպես այսօր մարդիկ չեն հասկանում: Նրանք ապրում են ինչպես պատահի, իսկ հետո գնում են հաղորդություն վերցնելու: Պողոսը նրանց ասում է, որ պետք է տանն ուտեն, իսկ սա Տիրոջ պատվերն է, որը պետք է հարգել: «Ուրեմն թող մարդ իր անձը փորձի ու հետո այն հացից ուտի և այն բաժակից խմի: Որովհետև անարժանաբար ուտողն ու խմողն իր անձի համար դատապարտություն է ուտում ու խմում, որ չի զանազանում Տիրոջ մարմինը» (1 Կորնթ.11:28,29): Ո՞վ եք դուք: Դուք քրիստոնյա՞ եք: Բոլորի առջև ձեր կյանքը քրիստոնեակա՞ն է: Եթե դուք մասնակցում եք Տերունական Ընթրիքին, բայց քրիստոնյայի նման չեք ապրում, ուրեմն չեք զանազանում Տիրոջ Մարմինը: Դուք գայթակղության քար եք դնում ուրիշի ճանապարհին: Նրանք տեսնում են, որ դուք մասնակցում եք Տերունական ընթրիքին, բայց չեք ապրում այն կյանքը, որ պետք է ապրեիք: Դուք չեք զանազանում Տիրոջ Մարմինը: Տեսնենք, թե ինչ անեծք է կապված դրա հետ: «Դրա համար էլ ձեր մեջ հիվանդներ ու ցավագարներ կան, և շատերն էլ ննջած են»: «Ննջած են» նշանակում է՝ «մեռած են»: Շատերն էլ մեռած են: «Որովհետև եթե ինքներս մեզ դատեինք, չէինք դատապարտվի: Բայց դատվելով՝ խրատվում ենք Տիրջից, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք: Ուրեմն, եղբայրներ,երբ ուտելու համար հավաքվեք, իրար սպասեցեք: Ապա եթե մեկը քաղցած է, թող իր տանն ուտի, որ դատապարտության համար հավաքված չլինեք: Բայց մյուս բաները, երբ գամ, այն ժամանակ կպատվիրեմ» (1 Կորնթ.11:31-34): Այլ կերպ ասած՝ մի վերցրեք Տերունական ընթրիքը ծիսակատարության համար, ինչպես հրեաներն էին անում իրենց զոհաբերություններով, ինչպես քիչ առաջ ասացի: Նրանց ծիսակատարությունը հրաշալի էր: Այն պատվիրվել էր Աստծո կողմից, բայց եկավ մի ժամանակ, որ նրանք այդ չէին պահում անկեղծությամբ, հարգանքով և կարգ ու կանոնով. այդ ծիսակատարությունը գարշահոտություն դարձավ Աստծո ռունգերին: Դա ճշտորեն վերաբերում է նաև Տերունական ընթրիքին մեր մասնակցությանը: Մենք պետք է իմանանք, թե ինչ ենք անում: Երբ մտնում եք ջուրը Հիսուս Քրիստոսի անունով մկրտվելու համար, դուք գիտեք, թե ինչ եք անում: Դուք եկեղեցու առջև ներկայացնում եք Նրան, ում Աստված դրել է ձեր մեջ՝ Քրիստոսին: Երբ մենք վերցնում ենք Տերունական ընթրիքը, եկեղեցուն ասում ենք. «Ես հավատում եմ Աստծո յուրաքանչյուր Խոսքին: Ես հավատում եմ, որ Նա երկնքից իջած Կյանքի Հացն է, որ Աստծուց է եկել: Ես հավատում եմ, որ Նրա ասած յուրաքանչյուր Խոսք Ճշմարտություն է, և ես ապրում եմ այդ Ճշմարտության համաձայն, իմ իմացածի չափով, իսկ իմ Դատավորն Աստված է: Դրա համար իմ եղբայների և քույրերի առջև ես չեմ երդվում, անվայել բառեր չեմ ասում, որովհետև սիրում եմ Տիրոջը: Տերը գիտի այդ և վկայում է այդ մասին: Ես հաղորդ եմ լինում Նրա Մարմնին՝ ցույց տալու համար, որ ես դատապարտված չեմ աշխարհի հետ»: Ահա: Այնժամ դա օրհնություն է դառնում: Մի՛ մոռացեք այդ: Ես կարող էի բազում վկայություններ տալ դրա վերաբերյալ: Ես հաճախ դա բացատրել եմ հիվանդներին, և տեսել եմ, որ նրանք բժշկվել են: Հիշեք, որ Իսրայելը դրա խորհրդապատկերն է: Երբ նրանք քառասուն տարի ճամփորդեցին անապատում, նրանց հագուստները չմաշվեցին, նրանցից ոչ ոք տկար չէր, երբ դուրս եկան, իսկ նրանք երեք միլիոն էին: Եվ դա միայն խորհրդապատկեր էր: Իսկ ի՞նչ կլինի բնօրինակի հետ: Եթե զոհաբերված կենդանիների մարմինը այդ արեց նրանց համար, ի՞նչ կանի Հիսուս Քրիստոսի՝ Էմմանուելի Մարմինը մեզ համար: Մոտենանք Տիրոջ սեղանին մեծագույն ակնածանքով
Բովանդակություն