Լսել

Արևածագ 04/18/1965

Բովանդակություն

Ջեֆերսոնվիլ, Ինդիանայի նահանգ, ԱՄՆ Ապրիլի 18, 1965թ, Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

Խոնարհենք մեր գլուխները: Տե՛ր, մինչ մենք հավաքված ենք Զատկի այս գեղեցիկ առավոտյան, տեսնելով, թե ինչպես են բացվում բողբոջները, մեղուները փնտրում իրենց կերակուրը, թռչունները երգում այնպես, կարծես նրանց սիրտը պայթում է ուրախությունից Զատկի օրվա համար, մենք հավատում ենք, որ Դու շատ տարիներ առաջ հարություն ես տվել Հիսուսին, և մենք հիմա տոնում ենք այդ հիշարժան օրը: Եվ թող այսօր մենք տոնենք իսկական Զատիկը: Թող մենք, որպես Նրա ծառաներ, հասկանանք Նրա Խոսքը, որովհետև հաղորդակցություն ունենք Նրա հետ, և հիմա, որ հարություն ենք առել Նրա հետ, թող Նրա հետ լինենք երկնային վայրերում: Օրհնիր հավաքույթը այս խորանում և այն բոլոր շրջաններում, ուր հաղորդվում է հեռախոսով: Բժշկիր հիվանդներին և տկարներին: Թող այս Զատիկը նրանց համար լինի անցում հիվանդությունից դեպի զորություն և առողջություն: Եվ նրանք, ովքեր մեռած են մեղքերի և անօրենությունների մեջ, թող կյանք ստանան Քրիստոսով: Քեզ ենք տալիս փառքն ու պատիվը և խնդրում ենք Նրա անունով: Ամեն: Ի՜նչ հրաշալի առանձնաշնորհում է ինձ համար այս առավոտ գտնվել Ինդիանայում, Ջեֆերսոնվիլում, այս մեծ, լեփ-լեցուն եկեղեցում, այս կանգնած մարդկանց հետ և նրանց հետ, որոնք դրսում են: Իսկ դուք, որ երկրով մեկ լսում եք հեռախոսով, իմացեք, որ հրաշալի առավոտ է այստեղ բացվում: Առավոտյան իմ փոքրիկ բարեկամ շիկահավը եկավ իմ պատուհանի մոտ և ինձ արթնացրեց: Կարծես նա ուրախությունից ցնծալով երգում էր. «Նա հարյավ»: Ես միշտ այդ փոքրիկ թռչունին համարել եմ իմ բարեկամը, որովհետև սիրում եմ նրան: Շիկահավի մասին մի լեգենդ են պատմում: Ասում են, որ այդ թռչուններից մեկը տեսավ Տիրոջը խաչի վրա տանջվելիս, որտեղ Նրան գամել էր մեղքը: Անշուշտ, այդ թռչնակը ոչ մի մեղք չուներ, անհրաժեշտ չէր, որ Նա մեռնի այդ թռչնակի համար, բայց թռչունը թռչեց դեպի խաչը և փորձեց մեխերը հանել իր փոքրիկ կտուցով, և այդպես նրա կուրծքը կարմիրով պատվեց: Ես էլ կուզենայի այդպես լինել, ունենալ այդ արյունոտ վահանը, որը Նա ստացավ փորձելով պաշտպանել Նրան Իր փառավոր մահվան ժամանակ: Իմանալով, թե ինչքան սուղ է մեր ժամանակը, և հատկապես նրանց համար, ովքեր հեռախոսով են լսում, կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել մի տեսիլքի լուսանկարի վրա. տեսիլք, որ ես ունեցա այստեղ, երբ պատրաստվում էի Ինդիանայից գնալ Արիզոնա: Ես հանդիպեցի յոթ հրեշտակների, որոնք կանգնած էին բուրգի տեսքով: Չիմանալով, թե ինչ է կատարվելու, երբ գնացի այնտեղ, կարծեցի, թե կյանքս մոտենում է իր ավարտին և ոչ ոք չէր կարող դիմանալ այդ պայթյունին…(կարծում եմ, բոլորդ ծանոթ եք այդ պատմությանը): Այնուհետև, երբ այս առավոտվա նման մի առավոտ ես աղոթում էի Սաբինոյի կիրճում, մի սուր դրվեց իմ ձեռքում և ես լսեցի այս խոսքերը. «Դա Խոսքն է, Խոսքի սուրը»: Այնուհետև հրեշտակներ հայտնվեցին, ինչպես մարգարեությամբ ասվել էր: Նույն պահին իմ գտնված վայրից Լույսի մի մեծ զանգված բարձրացավ վերև, երեսուն մղոն բարձրության վրա և տարածվեց հրեշտակների թևերի պես և երկնքում պատկերվեց բուրգի պես մի բան՝ ինձ հայտնված հրեշտակների համաստեղության մեջ: Գիտնականները լուսանկարեցին այդ երևույթը Մեքսիկայից, երբ նա տարածվում էր Արիզոնայի հյուսիսից (Թուսոնից 40 մղոն հյուսի-արևելք), որտեղ, ինչպես ասել էր Սուրբ Հոգին, ես կանգնած էի լինելու: Եվ դա բարձրացավ օդերում, իսկ «Լայֆ» ամսագիրը հրապարակեց բազմաթիվ լուսանկարներ՝ ասելով, որ դա ինչ-որ խորհրդավոր երևույթ է, որովհետև այդ բարձրության վրա չի կարող լինել խոնավություն կամ գոլորշիացում. դա 30 մղոն բարձրություն և 27 մղոն լայնություն ուներ և բարձրանում էր հենց այնտեղ, որտեղ հրեշտակներն էին: Գիտնականներն ուզում էին իմանալ, թե ինչ էր կատարվում: Թուսոնում նրանցից մեկը ինձ հարցրեց դրա նշանակության մասին, բայց ես ոչինչ չասացի: Դուք արդեն գիտեիք դրա նշանակությունը: Բայց դա նրանց համար չէր: Դա սահմանված էր ձեզ համար: Այն ժամանակ Նա խոսեց ինձ հետ և ասաց. «Յոթ կնիքները կբացվեն: Յոթ խորհուրդները՝ Աստվածաշնչի յոթնապատիկ խորհուրդը, որ կնքված է եղել աշխարհի ստեղծումից ի վեր, բացահայտվելու է»: Իսկ մենք, որ աշխարհի հետ համեմատած ընդամենը մի փոքր խումբ ենք, ստացանք այդ օրհնությունները՝ լսելով այդ խորհուրդների բացահայտումը՝ Ամուսնությունը և ամուսնալուծությունը, Օձի սերունդը: Բոլոր այդ բաները լիովին բացահայտվեցին ոչ թե մարդու կողմից, այլ անձամբ Աստծո: Աստված բացեց յոթ խորհուրդները՝ ցուց տալով, թե ինչ է Եկեղեցին, ինչպես է նա սկզբից ի վեր եղել Քրիստոսի մեջ և ինչպես է նա հայտնվելու վերջին օրերում: Մենք փակցրել ենք այդ նկարը դրսում: Իսկ այստեղ ինձ մոտ նույն նկարն է, որը հրապարակվել է «Լայֆ» ամսագրում: Բայց ինձ հետաքրքրում է, թե արդյոք ներկաները ճիշտ կողմից են նայել այս նկարին: Հիշում եք, երբ ես քարոզում էի Հայտնության գրքի վերաբերյալ (ես խոսում էի այն հին դատավորների մասին) մենք տեսանք Հիսուսին Հայտնության առաջին գլխում: Երբ սկսեցինք բացել յոթ կնիքները, ավելի ճիշտ՝ Եկեղեցու յոթ շրջանները, որոնք յոթ կնիքներից անմիջապես առաջ են գտնվում, տեսանք, որ Քրիստոսի մազերը բրդի պես սպիտակ էին: Եվ ես պատմեցի, որ անցյալում Անգլիայի դատավորները երդվելուց հետո սպիտակ կեղծամ էին հագնում, որը ցույց էր տալիս նրանց գերագույն իշխանությունը: Շատ լավ: Եթե այսպես թեքեք լուսանկարը (հավանաբար դահլիճում տեսնում եք), կտեսնեք Քրիստոսին: Տեսնու՞մ եք Նրա աչքերը, գերագույն Աստվածության, երկնքի և երկրի Դատավորի սպիտակ կեղծամը: Պարզապես այսպես շրջեք լուսանկարը այն դիրքով, որով նրանք ցույց են տվել և կտեսնեք: Կարո՞ղանում եք տեսնել: Նա գերագույն Դատավորն է: Ուրիշը չկա: Եվ դա նույնպես կատարելապես հաստատում է, որ այս Պատգամը Ճշմարտություն է: Սա ճշմարտությունն է: Եվ Նա ոչ թե երրորդ մի անձնավորություն է, այլ միակ Անձը… Տեսնու՞մ եք Նրա դեմքը, մորուքը, աչքերը: Ուշադրություն դարձրեք, որ Նա նայում է: Նրանից է գալիս այն Լույսը, որը փայլում է աջ կողմում, որտեղ Նա նայում է: Խաչի վրա էլ Նա աջ կողմը նայեց, այն մեղավորին, որին ներում շնորհեց: Նրա հարության լույսի մեջ ենք շարունակում առաջ շարժվել Իր անունով: Կուզենայի ժամանակ ունենալ խոսելու համար այն երևույթների շուրջը, որոնք այս եկեղեցում կատարվում ենք բացարձակապես անվիճելի կերպով, երեսունհինգ տարի շարունակ: 1933 թվականին այդ Լույսը իջավ այստեղ՝ Ջեֆերսոնվիլում, գետի մոտ և երկնքից հնչեցին այս խոսքերը. «Ինչպես Հովհաննես Մկրտիչը ուղարկվեց ազդարարելու համար Քրիստոսի առաջին գալուստը, նույն կերպ քո պատգամը կազդարարի Նրա երկրորդ գալուստը»: Մենք վերջին ժամանակներում ենք և տեսնում ենք այդ: Երբեմն հարցնում ենք, թե ինչու դա չտարածվեց երկրով մեկ. Աստծո կամքով գուցե մի օր առիթ կունենանք բացատրելու այդ: Այժմ ես կուզենայի, որ բացեիք ձեր Աստվածաշնչերը, որովհետև մենք հավատում ենք, որ Խոսքը պետք է առաջինը լինի, և մենք պետք է սկսենք Խոսքը կարդալուց: Ես միշտ կարդում եմ այն, որովհետև իմ խոսքը մարդու խոսք է, որը սխալական է, բայց Աստծո Խոսքը երբեք չի կարող սխալվել: Այժմ հատված կկարդանք Սուրբ Գրքից: Կկարդանք երեք տարբեր տեղերում: Առաջինը Հայտն.1:17,18 համարներն են: Սա այն հատվածն է, որտեղ տեսնում ենք Նրան բրդի պես ճերմակ մազերով և շիկացած պղնձի նման ոտքերով: Այնուհետև կխնդրեմ ձեզ կարդալ Հռոմ.8:11 համարը: Այս առավոտ ընտրել եմ երեք սուրբգրային հատվածներ. Տերն է դրանք դրել սրտիս վրա, որպեսզի խոսեմ հարության մասին: Վերջապես ուզում եմ, որ կարդաք Մարկ.16:1,2 համարները, որն էլ կլինի քարոզի բովանդակությունը: Կարդանք Հայտնության առաջին գլխի 17 և 18 համարները. «Երբ Նրան տեսա, մեռածի պես Նրա ոտքերի առաջ ընկա: Նա Իր աջ ձեռքն ինձ վրա դրեց ու ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Առաջինն ու Վերջինը և կենդանի եղողը: Ես մեռած էի և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից: Ամեն: Եվ դժոխքի ու մահվան բանալիներն ունեմ»: Նաև Հռոմ. 8-րդ գլխի 11-րդ համարը. «Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի Իր Հոգով, որ բնակվում է ձեր մեջ»: Վերջապես Մարկ.16-րդ գլուխը (հարության մասին գլուխը): «Եվ երբ շաբաթն անցավ, Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի մայր Մարիամն ու Սաղովմեն խունկեր առան, որ գան նրան օծեն: Եվ շաբաթվա առաջին օրվա առավոտյան շատ վաղ, արեգակը ծագելիս, գերեզման եկան» : Այս առավոտյան իմ քարոզի վերնագիրն է՝ «Արևածագը», իսկ թեման՝ «Կյանք տվող զորությունը» (հարության զորությունը): Գուցե ռադիոյով լսել եք տարբեր հովիվների քարոզները, մեր սիրելի Նեվիլ եղբայրն էլ Զատկի այս առավոտյան խոսեց Հարության մասին: Ես մտածեցի, որ կարող էի մի քիչ այլ ուղղությամբ գնալ. ոչ թե տարբերվելու համար, այլ ավելացնելու ինչ-որ բան, որպեսզի այդ ամենին այլ տեսանկյունից նայենք: Ինչ տեսանկյունից էլ քննեք Սուրբ Գիրքը, այն միշտ հռչակում է Հիսուս Քրիստոսին: Դուք չեք կարող դրանից դուրս գալ: Այն միշտ Նրան է հռչակում: Այսօր ամենուրեք տոնակատարություններ են (համենայն դեպս Միացյալ Նահանգներում կամ երկրի այս հատվածի բոլոր եկեղեցիներում): Սա մի ծառայություն է, որը տոնում է մարդու երբևէ ունեցած ամենամեծ հաղթանակը: Ես կարծում եմ, որ երբ Փրկիչը մեռավ կամ երբ ծնվեց որպես Մանուկ… (Նա չէր կարող այստեղ ներկա լինել, եթե երկիր եկած չլիներ): Երբ Նա մեռավ, քավեց մեր մեղքերը: Շատ գեղեցիկ մանուկներ են ծնվել այն ժամանակից ի վեր և շատ մարդիկ են տանջվել և մահացել լավ պատճառների համար, բայց մինչև այսօր ոչ ոք հարություն չի առել: Այս շաբաթը պատմության մեջ ամենափառավոր շաբաթն է, սա բոլոր ժամանակների ամենամեծ տոնն է. Զատկի ժամանակ Նա ապացուցեց այն, ինչ ասել էր: Ինչ էլ որ մարդն ասի, չենք կարող հավատալ կամ հիմնվել նրա ասածի վրա, քանի դեռ դա չի ապացուցվել որպես ճշմարտություն: Եվ Աստված ասել է. «Ամեն բան փորձեք, բարին ամուր բռնեք»: Նա մեզ չէր ասի անել մի բան, որն Ինքը չի արել: Այդպես Նա ցույց տվեց, որ Ինքը պետք է մեռներ մեր մեղքերի համար: Եվ սա հիշարժան օր չէ Զատկի ճագարների կամ ձվերի կամ այդ սուրբ ծիսակատարությունների համար. այդ ամենը լավ է, բայց իրականում իմաստը դրա մեջ չէ: Այսօր կան մարդիկ, որոնք ասում են, որ ոտնալվան պետք է անենք տարին մեկ անգամ հինգշաբթի օրը և հաղորդությունը վերցնենք ուրբաթ օրը և նման այլ ուսմունքներ… Նրանք վիճում են՝ իմանալու համար թե դա պետք է անել այս օրը, թե այն օրը, շաբաթ օրը, թե շաբաթվա առաջին օրը: Դրանք ընդամենը ավանդույթներ են: Ինչ օգուտ նրանից, թե պահում եք մեծ պասը թե ոչ, եթե ձեր մեջ Կյանք չկա: Դրանք միայն տոնակատարություններ են, և ոչինչ չենք ասում դրանց դեմ, բայց նրանք պահել են ավանդույթները և մոռացել գլխավորը: Սատանային չի մտահոգում քո կրոնասեր լինելը, կամ այն, թե ինչքանով գիտես վարդապետությունը. եթե կյանք չկա ձեր մեջ, դուք չեք հափշտակվի: Կարևոր չէ, թե ինչքան կրոնասեր եք, ինչքան լավն եք, ինչքան եկեղեցիների եք պատկանել կամ կպատկանեք. այս ամենը ձեզ օգուտ չի բերի, եթե վերստին ծնված չեք: Այսպես, եթե Աստված Քրիստոսին մեռելներից հարություն է տվել, արդյո՞ք Նա հարություն է տվել տոնակատարությունը նշելու համար, և հարության այս օրը պարզապես մի օր է տարվա մեջ, թե՞ հատուկ օր, որը նշում ենք: Թե՞ մենք օգտվում ենք Նրա հարությունից: Ի՞նչ է դա նշանակում ինձ համար: Ի՞նչ է դա նշանակում ձեզ համար: Մենք հավատում ենք, որ Նա հարություն է առել մեռելներից, բայց դա ի՞նչ կապ ունի ինձ հետ: Դա կատարվել է երկու հազար տարի առաջ: Մինչ ես փնտրում էի իմ թեման, թևս ցավում է բուժքրոջ արած ներարկումների պատճառով: Ինչպես գիտեք, մի քանի օրից օվկիանոսից այն կողմ պիտի գնամ, և ես ու որդիս պետք է ունենայինք այդ պատվաստումները խոլերայի դեմ, դեղին տենդի դեմ և այլն: Ես բավական հոգնած էի (այդ ներարկումները հիվանդացնում են ինձ)… Կայսրն է պահանջում, որ պատվաստվեն նրանք, ովքեր գնում են ուրիշ ազգերի մոտ: Հիսուսն ասել է. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն»: Եվ այդ ժամանակ հարցնում էի, թե ինչ թեմա պետք է ընտրեմ այս եկեղեցու համար, որ սպասում է (ես շնորհակալ եմ այս եկեղեցու համար), ես մտածում էի, որ բոլոր այս տղամարդիկ և կանայք իրենց կյանքը հիմնելու են այն բաների վրա, ինչ ասելու եմ: Ի՞նչ պետք է անեի: Ի՞նչ թեմա պետք է ընտրեի: Մինչ այնտեղ կիսաքուն նստած էի, տան առջևի դուռը աղմուկով բացվեց: Որքան գիտեի՝ մենակ էի, և ականջ դրեցի: Կարծեցի, թե լավ չեմ լսել: Հետո, երբ վերադարձա աշխատասենյակ, տեսա, որ աշխատասենյակի դուռն է շարժվում. ինչ-որ մեկը ցնցում էր դուռը: Գնացի բացելու և ի զարմանս ինձ, տեսա կապուտաչյա, շիկահեր մի սիրունիկ աղջնակի. նա մարգարտածաղկի տեսք ուներ և նայում էր ուղիղ աչքերիս: Նա ինձ մի բացիկ տվեց: Տանից դուրս գալուց հետո միակ բացիկն է, որ ստացել եմ (անշուշտ, եթե տուն վերադառնամ, բազմաթիվ բացիկներ ստացած կլինեմ…): Նա ասաց. «Բրանհամ եղբայր, սա հայրիկի և իմ կողմից». նա անպայման ուզում էր, որ «իմ կողմից»-ը լիներ: Եվ հոդացավով տառապող նրա հայրը, որ նստած է շարժասայլակի մեջ, ինձ ուղարկել էր այդ բացիկը: Ես շնորհակալություն հայտնեցի այդ սիրելի փոքրիկ աղջնակին և վերցրեցի բացիկը, որը բացեցի նրա գնալուց հետո: Այդ բացիկի վրա էլ գտա իմ այսօրվա թեման, որովհետև այնտեղ գրված էին Մարկ.16:1,2 համարի խոսքերը՝ «…արեգակը ծագելիս»: Ես մտածեցի այդ մասին, մեռելներից Հիսուսի հարության մասին և այդտեղից էլ վերցրի իմ թեման: Արևածագի ժամանակ… կար մի ժամանակ, երբ աշխարհը կատարյալ խավարի մեջ էր: Երկիրը անձև և դատարկ էր, և ջրերը ծածկում էին այն: Երկիրը սուզված էր մռայլ խավարի մեջ: Աստծո Հոգին շարժվում էր ջրերի վրայով և ասաց. «Թող լույս լինի»: Պատճառ կար, որ Աստված այդպես աներ, որովհետև այդ ջրերի տակ թաղված էին Իր ցանած սերմերը և ապրելու համար արևի լույս էր պետք: Եվ առաջին Լույսը, որ լուսավորել է երկիրը, դա Աստծո ասված Խոսքն էր: Առաջին Լույսը, որ դիպչել է այս երկրին, Խոսքն էր, որ հռչակեց Աստված: Նա ասաց. «Թող լույս լինի», և լույս եղավ: Այդ Խոսքը ցրեց խավարը և լույսի վերածեց, որպեսզի երկրի վրա բերի ուրախության և կյանքի արարչագործություն: Այնժամ, այդ փառավոր օրը Աստծո Հոգին սիրով ու գթությամբ լեցուն, շարժվելով ջրերի վրայով այդ առաջին օրը, արարչագործության արևածագին… արևը ծագեց և իր ճառագայթներով չորացրեց երկիրը, և ջրերը գոլորշիանալով ստեղծեցին մթնոլորտը: Եվ առաջին անգամ ուրախություն և կյանք պիտի բերեր երկրի վրա սերմի միջոցով: Դա փառավոր ժամ էր: Մինչդեռ այդ առաջին արևածագը ոչինչ էր համեմատած Զատկի արևածագի հետ: Այդ ժամանակ, երբ արևը փայլեց երկնքում, մի ավելի փառավոր լուր բերեց: Այս արևածագը ավելի փառավոր լուր բերեց, քան առաջինը: Ահա այդ լուրը. «Նա հարյավ, Նա հարություն է առել մեռելներից, ինչպես խոստացել էր: Նա հարյավ»: Ծննդոց գրքում երբ արևն առաջին անգամ ծագեց, պատգամ բերեց, որ կյանք է լինելու երկրի վրա, մահկանացու կյանք: Բայց երբ արևը ծագեց նոր օրվա արշալույսին, այդ արևածագը շատ տարբեր էր: Ոչ միայն արևը ծագեց, այլև Որդին հարություն առավ (Բրանհամ եղբայրը բառախաղ է անում. անգլերեն SUN (արև) և SON (Որդի) բառերը նույն հնչողությունն ունեն: Rise բայը նշանակում է ոչ միայն ծագել, այլև հարություն առնել. ծան. թարգմ.) կյանք բերելու համար Աստծո նախասահմանած սերմին, որն Իր կանխագիտությամբ դրել էր երկրի վրա: Ոչ մի բան, նույնիսկ ամենափոքր բույսը չէր կարող ապրել առանց արևի (sun), որը կյանք էր բերում: Այսօր էլ միայն Աստծո Որդու (Son) լույսը կարող է հավիտենական կյանքի տանել Աստծո որդիներին, Իր ընտրյալներին, որոնց ճանաչել է աշխարհի ստեղծումից առաջ: Եվ Զատկի առավոտյան մեր մարմինները ինչ-որ տեղ հանգչում էին հողի մեջ, որովհետև մենք հողից ենք ստեղծված: Իսկ երկնքում կար մի Գիրք և Նրա հատկությունները դրա մեջ էին, և մենք գիտենք, որ քանի որ Աստծո Որդին հարություն առավ, Նա կյանք կտա նաև իր ընտրյալ որդիներից յուրաքանչյուրին այս փառավոր ժամանակներում: Նա գիտեր, որ այս ամենը կկատարվի, և այս առավոտը ավելի փառավոր կլինի, քան սկզբինը, առաջին օրվա արշալույսը: Այսօր, մինչ բացում ենք Զատկի կնիքը… Այսօր մենք «Զատկի կնիք» ունենք նվիրված պալարախտի դեմ պայքարին (փոստային կնիք. ծ. թ.): Մարդիկ հաղորդագրություններ են ուղարկում մեկը մյուսին՝ աջակցելու համար պալարախտի դեմ պայքարի բժշկական հետազոտություններին: Դա ենք անվանում «Զատկի կնիք», երբ պատգամներ ենք ուղարկում մեկս մյուսին: Բայց երբ պատգամ ենք ստանում, բացում ենք կնիքը, որովհետև կնիքը իր մեջ պատգամ է պարունակում: Եվ նոր առավոտի վերաբերյալ Զատկի իսկական կնիքը բացվեց, և մահից հետո կյանքի գաղտնիքը բացահայտվեց: Առաջ մենք դա չգիտեինք, աշխարհը խարխափում էր խավարում, մարդիկ ամեն տեսակ ենթադրություններ էին անում: Մարդու սրտում կային տեսություններ, մարդկանց կողմից հնարված ավանդույթներ: Մարդը պաշտում էր կուռքերի՝ արևին և ամեն տեսակ աստվածներին: Եվ բոլոր այդ մարդիկ, որոնք կարծում էին, թե ամեն բան ունեն, ի վերջո մտան գերեզման և մնացին այնտեղ: Բայց իսկական կնիքը բացվել է, և կա Մեկը, որ ապրեց մեզ նման, մեռավ մեզ նման, բայց հարություն առավ մեռելներից: Ի՜նչ փառավոր առավոտ: Պատմության մեջ դրա նմանը չի եղել: Մի գաղտնիք բացահայտվեց. Նա հարությունն է և կյանքը: Երբ այն առավոտ Նա հարություն առավ, ասաց. «Որովհետև ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի կլինեք»: Հարությունը միայն Նրա համար չէր, այլ Աստծո փառավոր նախասահմանության մեջ եղած ամեն սերմ ստացավ կյանքի հարությունը, որովհետև Նա ասել է. «Որովհետև ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի կլինեք»: Ահա թե ինչպես բացվեց այդ Կնիքը: Քանի որ Նա բարձրացավ, բոլոր Նրան հավատացողները կբարձրանան Նրա հետ: Այդ փառավոր առավոտյան Աստված ապացուցեց, հաստատեց Իր Խոսքը: Բոլոր վհատությունները, կասկածները, որոնք թափանցել էին մարդկանց միտքը, ջնջվեցին, որովհետև Նա, ով ապրել էր մարդկանց մեջ, կերել, խմել և հաղորդակցություն ունեցել նրանց հետ, ասաց. «Ես իշխանություն ունեմ կյանքս դնելու և իշխանություն ունեմ այն նորից ստանալու»: Նա չբավարարվեց միայն այդ ասելով, այլև ապացուցեց, որ դա Ճշմարտություն է: Ո՛հ, որքան փառավոր է այդ: Ես համոզված եմ, որ այս առավոտ, նույնիսկ մենք, որ հավատում ենք, չենք կարող լիովին ըմբռնել այդպիսի սքանչելի մի բան: Քանի որ Նա հարություն է առել մեռելներից, ուրեմն մենք էլ ենք հարություն առել, որովհետև մենք Նրա մեջ էինք: Երբ խավարը պատում էր երկիրը, սերմերը չէին կարող կյանքի գալ արևը (sun) ծագելուց առաջ, բայց Որդին (SON) հարություն առավ, և խավարը ցրվեց այդ լույսով, որը տարածվեց ազգերի մեջ. «Այստեղ չէ Նա, այլ հարություն է առել»: Ի՜նչ հրաշալի լուր: Նա հաստատեց Իր Խոսքը, Նա հաստատեց, որ Իր Խոսքը Ճշմարտություն է, որովհետև Նա հաղթեց մահին, դժոխքին և գերեզմանին: Նա հաղթել է սատանայի երրորդությանը՝ մահին, դժոխքին և գերեզմանին: Որովհետև սատանան մահվան հեղինակն է, նրանն է դժոխքն ու գերեզմանը: Եվ դա սատանայի երրորդությունն է, որի ծագումը մահն է: Որպես մեռած՝ պատկանում եք գերեզմանին, որպես մեղավոր՝ գնում եք դժոխք: Տարիներ շարունակ դա մարդուն գերության մեջ է պահել, բայց հիմա միակ Աստված հայտնվել է Քրիստոսով, որը Կյանքն է: Նա բացել է կնիքները և հաղթել թշնամուն, հարություն առել մեռելներից, լինելով Միակը, Ճշմարիտը, կենդանի Աստված: «Ես մեռած էի և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից: Ամեն: Եվ դժոխքի ու մահվան բանալիներն ունեմ»: Աստված մեկ է, Նա մարդ դարձավ և բնակվեց մեր մեջ: Նա հաղթեց բոլոր թշնամիներին և ապացուցեց, որ սատանայի երրորդությունը պարտված է, այնժամ Աստծո «երրորդությունը» բացահայտվեց, որովհետև միայն Աստված իշխանություն ունի նորից կյանքի բերելու: Նա է Էմմանուելը: Աստված հայտնվեց մարմնով: Նա իրավունք ուներ հայտարարելու. «Երկնքում ու երկրիս վրա ամեն իշխանություն ինձ տրվեց: Ուրեմն գնացեք բոլոր ազգերին աշակերտ դարձրեք…» (Մատթ.28:18,19): Նա հաղթել էր մահին, դժոխքին և գերեզմանին: Եվ ոչ միայն որպես հաղթող, իշխանություն ստացավ երկնքում և երկրի վրա, այլև այն ամենը, ինչ Հայրն էր, այն ամենը, ինչ Սուրբ Հոգին էր, և այն ամենը, ինչ երբևէ գոյություն է ունեցել, Նրա մեջ էր: «Երկնքում ու երկրիս վրա ամեն իշխանություն ինձ տրվեց»: Ուրիշ ոչ մի տեղ իշխանություն չկա, որովհետև Նա՛ է հաղթել: Ավելին, Նա հաղորդեց Իր աշակերտներին, Իր հավատացյալներին այս խոսքերը. «Մի՛ վախեցեք, ես մեռած էի, և կենդանի եմ հավիտյան: Ես ունեմ մահվան ու դժոխքի բանալիները: Ես հաղթել եմ»: Այլևս մի՛ վախեցեք, որովհետև Աստծո նախասահմանած յուրաքանչյուր սերմ կյանքի կգա, երբ այս փառավոր Ավետարանի լույսը կտարածվի երկրով մեկ: Ամեն ժամանակաշրջանում այդ լույսը կհասունացնի այն բերքը, որը Աստված է սահմանել: Նա հարություն է առել մեռելներից: Ի՜նչ հրաշալի է. «Ես կենդանի եմ», ավելի ճիշտ՝ «կենդանացել եմ»: Հունարեն բառը ցույց է տալիս, որ մահն իր գործն արել էր, մինչև կյանքի հայտնվելը: Դա հողի մեջ դրված սերմի պես է. այն պետք է լիովին մեռնի: Պետք է հատիկը լիովին քայքայվի: Եվ կյանքի ամեն մասնիկ, որը սերմի մեջ էր, նորից պետք է հայտնվի: Ոչ միայն Նա հարություն առավ, այլև՝ «Ես ձեզ կուղարկեմ այն Կյանքը, որն ինձ հարություն տվեց: Այն զորությունը, որն ինձ հանեց գերեզմանից, կուղարկեմ ձեզ կյանք տալու համար, որպեսզի դուք էլ լինեք այնտեղ, ուր ես եմ»: Ղուկաս 24:49 համարում Նա ասում է. «Եվ ահա ես իմ Հոր խոստումը ձեզ կուղարկեմ. դուք էլ Երուսաղեմ քաղաքում նստեք, մինչև վերևից զորություն ստանաք»: Նա ցույց է տալիս, որ միայն Նա չօգտվեց այդ բարիքից, այլ բաժնեկցեց մեզ հետ: Նա եկավ փրկագնելու, կյանք բերելու այդ նախասահմանված սերմին, որին Աստված տեսել էր աշխարհի ստեղծումից առաջ, երբ նրանց անունները գրեց Կյանքի Գրքում: Եվ ահա նրանք երկրի վրա են առանց հույսի: Բայց Նա եկավ ոչ միայն օրհնություն լինելու, այլև այդ օրհնությունը կիսելու ամեն նախասահմանված սերմի հետ: Եթե սերմը երկրի վրա չլիներ, չէր ապրի: Պետք էր, որ սերմը երկրի վրա լիներ, սաղմ ունենար, որպեսզի ծիլ տար: Կարևոր չէ, թե ինչքան ժամանակ է այն մնացել խավարում. այն ծիլ է տալիս, երբ Որդին (Son) Իր ճառագայթները տարածում է նրա վրա: Տեսեք, հիմա Նա եկել է դա բաժնեկցելու մեզ հետ: Զարմանալի չէ, որ Ավետարանը Բարի լուր է: Ի դեպ, «ավետարան» բառը նշանակում է «բարի լուր»: Ո՞րն է այդ «բարի լուրը»: Երբ մեկը իր կյանքը տալիս է և մեռնում մեզ համար, սա՞ է բարի լուրը: Եթե Քրիստոսը ծնվեց, սա բարի լուր է: Բայց երբեք ավելի բարի լուր չի եղել, քան սա. խոստում տվողը կատարեց Իր Խոստումը, և սա է այդ խոստումը՝ Նա կենդանի է հավիտյան և Իր ձեռքում է պահում մահվան ու դժոխքի բանալիները: Ողջ խավարը ցրվեց, այլևս խավար չկա, որովհետև Որդին դուրս եկավ գերեզմանից: Այլևս չկա՝ «Նա կգա», կամ «Նա կարող էր գալ», այլ Նա արդեն եկել է: Ավետարան, բարի լուր: Ուշադրություն դարձրեք, որ Ավետարանի բուն նպատակն է ժողովրդին ապացուցել, որ Նա հարություն է առել. «… գնացեք նրա աշակերտներին ասեք, որ Նա հարություն է առել: Նա ձեզանից առաջ Գալիլիա կգնա, այնտեղ Նրան կտեսնեք»: Ես նրանց ընդառաջ կգնամ և կհաստատեմ այդ: Ով Աստված իմ, վերջին օրերում նորից լույս է լինելու երկրով մեկ: «Ես ցույց կտամ իմ աշակերտներին, գնացեք նրանց ասեք, որ Ես մեռած չեմ, ավանդույթ չեմ, կենդանի Քրիստոսն եմ: Ես նրանց ընդառաջ կգնամ: Հաղորդեք Իմ Պատգամը Իմ աշակերտներին՝ ասելով, որ Ես հարություն եմ առել մեռելներից»: Ավետարան, բարի լուր: Կարող եք ասել. «Այս ամենը ճի՞շտ է»: Եբր.13:8 համարն ասում է, որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Մենք, որ օգտվել ենք դրանից, պետք է ապացուցենք, որ Նրա կյանքը մեր մեջ է, մենք մասնակից ենք Իր կյանքին: Ոչ ոք երբեք չի ապրել Նրա նման. Նա Աստծո Որդին էր: Երբ Նա մահացավ, այդ կյանքը վերջացավ: Բայց Զատկի առավոտյան Նա հարություն առավ, և մենք՝ Իր ծառաները, Նրանից առաջադրանք ենք ստացել գնալ աշխարհով մեկ և բոլորին հայտնել բարի լուրը՝ Նա կենդանի է: Եվ մի՞թե այդ պետք է անենք միայն բառերով: Որովհետև գրված է. «Եվ մեր Ավետարանի քարոզչությունը ոչ թե մարդկային իմաստության համոզիչ խոսքերով եղան, այլ Հոգու և զորության ապացուցումով»: Բայց եթե կա մեկ ուրիշ Ավետարան… Պողոսն ասել է եկեղեցիներից մեկին. «Զարմանում եմ, որ դառնում եք այլ ավետարանի (որն ընդամենը նմանակում է) գնում եք դեպի հարանվանական հերյուրանք և հեռանում եք բարի լուրից»: Որովհետև ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի կլինեք, և ես ապրում եմ ձեր մեջ: Եվ իմ կատարած գործերը հաստատում են Ինձ ձեր մեջ: Ո՛հ, ինչպիսի պատգամ: Զարմանալի չէ, որ աստվածաբանության աշխարհը խավարի աշխարհ է: Բայց երեկոյան ժամանակ լույսը կհայտնվի: Լույս կլինի: Իսկ Պատգամի էությունը սա է. «Նա հարյավ մեռելներից»: Իսկ մենք, որ օգտվում ենք դրանից, մասնակից ենք Իր հարությանը. մենք օգտվում ենք դրանից՝ ապացուցելով աշխարհին, որ Նա կենդանի է: Մենք չենք կարող այդ անել միայն խոսքերով, ոչ էլ մարդկային ավանդույթներով: Կարող ենք միայն հավատարմորեն արտացոլել այն, ինչ քարոզում ենք: Վախենում եմ, որ այսօր մեր մեջ շատ են այն մարդիկ, որոնք մարդկանց չեն բերում Քրիստոսի մոտ: Մենք նրանց բերում ենք եկեղեցի, տանում ենք դեպի տեսություն: Բայց պետք է Քրիստոսի մոտ բերենք: Նա միակն է, որ կյանք ունի: «Որդուն ունեցողը կյանք ունի»: Եթե մի մեռած մարդու կյանքը մարմնավորվեր ձեր մեջ, դուք նույն կյանքը կապրեիք, ինչ, որ նա է ապրել: Եթե որոշակի խմբի արյուն ունեցող մարդու արյունը ներարկես ուրիշ մարդու մեջ, նա նույն տեսակի արյուն կունենա: Իսկ եթե ձեր մեջ եղած բնական հոգին համարվում է մեռած, և դուք օծված եք ձեր մեջ եղած Քրիստոսի կյանքով… Հռոմ.8:11 համարում ասվում է. «Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի Իր Հոգով, որ բնակվում է ձեր մեջ»: Նույն կյանքը, նույն զորությունը, նույն առավելությունները, որոնք Նա Աստծուց ստացավ երկրի վրա ապրած ժամանակ: Նա գնել է ձեզ, որ նախասահմանված սերմ եք և ձեր անունը գրված է եղել Կյանքի Գրքում աշխարհի ստեղծումից առաջ: Եվ հարության այդ Ավետարանի Լույսը, Խոսքի հաստատումը… Ինչպե՞ս ենք իմանում, որ Նա Քրիստոսն էր: Որովհետև Նա հաստատել է այն ամենը, ինչի մասին խոսում էր: Ինչպե՞ս ենք ճանաչելու մեր ժամանակների Պատգամը: Աստված կհաստատի այն, ինչ խոստացել է և ինչի մասին խոսել է: Սա հաստատումն է այն փաստի, որ Նրա հետ մասնակից կլինենք Իր հարությանը: Նա հաստատում է այն, ինչ ասել է: Նա հաստատել է այն, ինչ խոստացել էր Մովսեսի ժամանակներում: Նա հաստատել է այն, ինչ խոստացել էր Ենովքի ժամանակներում: Նա այդ հաստատել է առաքյալների ժամանակներում: Եվ հիմա այսօր, Նա հաստատում է այն, ինչ ասել է, որովհետև նրանք Կյանքի Գրքում գրված սերմի մի մասնիկն են, և Նա եկել է նրանց փրկագնելու և Աստծո մոտ բերելու: Ո՛հ, ի՜նչ հրաշալի պատգամ: Զատկի այդ առավոտյան ոչ միայն Նա հարություն առավ, այլև բոլոր Իրեն պատկանողները հարություն առան Իր հետ: Նրանք Քրիստոսի մեջ էին Իր խաչելության ժամանակ և Նրա մեջ եղան Իր հարության ժամանակ: Մենք օգտվել ենք Իր զոհաբերությունից, մենք կյանք ենք ստացել, բայց առաջ մեռած էինք խավարում, անհավատությամբ խավարած աշխարհում, որտեղ եկեղեցիները, հարանվանությունները տարել էին մեզ: Բայց մեր մեջ ինչ-որ բան կար, որ կանչում էր. «Մենք Աստծուն ենք փափագում: Մենք քաղցած և ծարավ ենք Աստծուն»: Եվ մենք միացանք մեթոդականներին, մկրտականներին, հոգեգալստականներին, երիցականներին և ուրիշներին, բայց ինչ-որ բան այնպես չէր: Մենք չէինք կարողանում գտնել այդ: Եվ հանկարծ, մինչ խարխափում էինք խավարում, այդ փառավոր Հարությունը հայտնվեց մեզ Աստծո խոստումի հայտնությամբ, որովհետև Նա Աստծո խոստումի հայտնությունն է: «Որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնի և քո սրբին ապականություն տեսնել չես տա»: Նա այդ ցույց տվեց, հաստատեց Աստծո Խոսքի ամեն խոստում: Նա հաստատեց այդ Իր հարության ժամանակ, Զատկի առավոտյան: Կային մարդիկ, որոնք փնտրում էին իրենց ճանապարհը՝ խավարի մեջ խարխափելով. նրանք պետք է ոտքերը լվանային ինչ-որ որոշակի օր, սուրբ պահեին այն կամ այն օրը, հետևեին մի շարք կանոնների: Այս բոլոր բաները մնացին անցյալում, որովհետև փառավոր հարություն եղավ, որը ոչնչացրեց մարդու ձեռքով, մարդկային տրամաբանությամբ արված բոլոր բաները: Մինչ այդ օրը, ոչ մի մարդ չէր կարողացել կորցնել իր կյանքը և վերագտնել այն: Բայց Նա հարություն առնելով մարտահրավեր նետեց գիտական ապացույցներին: Նրանք ասում են, որ Հիսուս Քրիստոսը նույնը չէ երեկ, այսօր և հավիտյան, որ Նրա զորությունը նույնը չէ, ինչ նախկինում էր, որ Նրա Ավետարանը փոխվել է, մինչդեռ Աստվածաշունչն ասում է, որ Նա նույնն է: Աստված մարտահրավեր նետեց ամեն հարանվանության, ամեն հավատամքի, և եկավ Սուրբ Հոգու կերպարանքով Իր խոստման համաձայն և ապացուցեց, որ Ինքը կենդանի է: Մենք բարիք ենք ստացել Նրա հարությունից, մենք կյանք ենք ստացել մեղքի և աշխարհի անօրենությունների մեջ մեռնելուց հետո, Նա մեզ հարություն է տվել և բարձրացրել Իր հետ, և հիմա մենք Հիսուս Քրիստոսով նստած ենք երկնային վայրերում: Նրա Հոգին Իր Կյանքն է բերում այս երկրի վրա, որը առաջվա նույն Կյանքն է: Եթե Աստծո Հոգին հարություն է տվել Քրիստոսին, օծյալ մարմինը… Աստծո Հոգին այնպես է օծել այդ մարմինը, որ երբ սերմն ընկավ հողի մեջ, Նա թույլ չտվեց, որ Նա մնա այնտեղ: Ո՛չ, Նա հարություն տվեց և բարձրացրեց Նրան: Նույն Հոգին, որը կատարում է նույն գործերը, նույն զորությամբ, նույն նշաններով, եթե Նա ձեր մեջ է, ձեզ էլ հարություն կտա: Այժմ ուզում եմ մի կարճ հատված կարդալ Սուրբ Գրքից: Դա կարող էր ձեզ օգնել: Դա Ղևտացիների գրքի 23-րդ գլխում է, 9-11 համարները: Լավ լսեք, սա օրենքն է, ղևտացիների օրենքը: Աստված է խոսում Մովսեսի հետ: Լսեք: Բոլոր այս բաները խորհրդապատկերներն են: Մենք մի պահ կանգ կառնենք այստեղ, որպեսզի ավելի լավ ըմբռնենք այդ խորհրդապատկերները: «Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. «Խոսիր Իսրայելի որդիների հետ և ասա նրանց. «Երբ որ մտնեք այն երկիրը, որ ես ձեզ պիտի տամ (այն վայրը, այն դիրքը, որ ձեզ տվել եմ: Նա խոսում է Իսրայելի զավակների հետ՝ ասելով, որ երբ նրանց առաջնորդի իր խոստացած երկիրը, երբ հասնեն այդ երկիրը… այստեղ խոսվում է բնական բաների մասին, որոնք հոգևոր բաների խորհրդապատկերներն են) և հնձեք նրա հունձը (լսեք եք, թե ինչ եմ ձեզ ասել), ձեր հունձքից մի երախայրի որա բերեք քահանայի մոտ: Եվ նա Եհովայի առաջին երերացնելով՝ մատուցանի որան, որ ձեզ համար ընդունելի լինի. քահանան շաբաթի հետևյալ օրը երերացնելով մատուցանի այն»: Երբ որևէ սուրբ ծիսակատարություն պետք է լիներ, պետք է դա կատարվեր շաբաթ օրը, որը շաբաթվա յոթերորդ օրն է: Բայց նկատե՞լ եք, որ վերոհիշյալ ծիսակատարության մեջ որան պետք է մատուցվեր շաբաթվա առաջին օրը, այդ որան, որը ցանածի առաջին սերմից էր: Երբ այն հասունանում է, կտրում եք որան և բերում քահանայի մոտ, որը երերացնելով մատուցում է Տիրոջ առաջ, որ ձեզ համար ընդունելի լինի: Դուք պետք է գաք՝ բերելով ձեր որան, իսկ քահանան դա պետք է երերացնելով մատուցի Տիրոջ առաջ ոչ թե շաբաթ օրը՝ յոթերորդ օրը, այլ առաջին օրը, որը մենք անվանում ենք կիրակի (անգլերենում՝ sunday): Անշուշտ, սա հռոմեական բառ է, որովհետև հռոմեացիները այդ օրը կոչել էին արևի աստծո անունով: Բայց ինչպե՛ս ամեն բան փոխվեց: Այլևս արևի օրը չէ (անգլերենում՝ sunday) այլ Որդու օրը (Բրանհամ եղբայրը բառախաղ է անում Sunday և Sonday բառերի միջև: Նույն հնչողությունն ունեն, բայց երկրորդը բառացիորեն նշանակում է «Որդու օր». ծան. թարգմ.): Այդ Սերմը, մեռելներից Անդրանիկը, պետք է երերացվի Եկեղեցու վերևում, որը Իր սերմն է, և Նա ննջեցյալների Երախայրին է (առաջին պտուղը)… այն երերացնում էին շաբաթվա առաջին օրը: Կիրակի օրը Նա հարություն առավ, հետո ձեռքով նշան արեց հեռանալիս: Նա հրաժեշտ տվեց և Իր ժողովրդի աչքի առջև բարձրացավ վերև: Ուշադրություն դարձրեք, որ Նա Աստծո բերքի երախայրին է, որը հարություն է առել մեռելներից: Աստծո հարության զորությամբ Աստված Նրան կյանք տվեց՝ հարություն տալով մեռելներից: Նա ննջեցյալների Առաջին Պտուղն է: Նա էր Որան. նրանք պետք է երերացնեին այդ Որան, որովհետև առաջինն էր հասունացել: Եվ այդ Որան երերացնում էին Աստծո առաջ գոհությամբ, որովհետև հավատում էին, որ մնացած որաներն էլ կգային: Դա նշան էր: Եվ այսօր, քանի որ Նա Աստծո Անդրանիկ Որդին է, որը կատարյալ հասունության է հասել Աստծո մեջ լինելու համար, Նա վերցվել է երկրից. Նա հիմա երերացվում է ժողովրդի վերևում Հարության զորությամբ (ո՛հ, ինչ փառավոր դաս): Առաջինը… Թեև Նա եղել է… Նրա խորհրդապատկերը ներկայացված է բազմիցս, ինչպես հետո կտեսնենք, բայց Նա իրոք ննջեցյալների Անդրանիկն է: Նա երերացվեց նախասահմանված սերմի վերևում, որը ստացել էր կյանքի խոստումը: Նա երերացվեց Պենտեկոստեի օրը, երբ երկնքում ուժեղ քամու ձայն լսվեց, Նա երերացվեց այդ օրը հավաքվածների վերևում, որոնք սպասում էին գալիք օրհնությանը: Նա պետք է երերացվի նաև վերջին օրը, ինչպես տեսնում ենք Ղուկ.17:30 համարում, Որդու օրը (անգլերենում՝ sonday), այն օրը, երբ Մարդու Որդին նորից կերերացվի (կբացահայտվի) Իր ժողովրդի վերևում: Բայց ո՞վ է այդ Մարդու Որդին. «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստուած էր… և Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց» (1 Հովհ. 1:1,14): Բոլոր մեր ունեցած ուսմունքները, Աստծո Խոսքի հաստատումը Նրա Խոսքի միջոցով, հրաշքներով և նշաններով (Ղուկ.17:30 համարը, որ մեջբերեցինք, Մաղաք.4-րդ գլուխը և շատ այլ համարներ, որոնց ծանոթ ենք) ցույց են տալիս, որ այդ Խոսքը նորից երերացվում է Իր ժողովրդի վերևում, որ մարդկային մեռած ավանդույթները իրոք մեռած են, որ Աստծո Որդին կենդանի է, և վերադարձել է մեզ մոտ Սուրբ Հոգու մկրտությամբ և մեզ կյանք է տալիս: Քրիստոսը բոլոր մարգարեներից առաջինն էր, որ հարություն առավ (Նրա խորհրդապատկերները ներկայացված են շատ տեղերում, Նա ննջեցյալների Առաջին Պտուղն է ): Քրիստոսի կողմից դրված և եկեղեցական համակարգից դուրս եկած Հարսի մեջ Որան նորից պետք է երերացվի վերջին օրերում: Երերացնել որան: Ո՞ր որայի մասին է խոսքը: Առաջինը հասունացածի, որն առաջինն է ապացուցում, որ ինքը ցորեն է: Ալելուիա: Վստահ եմ, որ հասկանում եք, թե ինչ եմ ասում: Այն երերացվում էր ժողովրդի վերևում, իսկ Հարսի ժամանակաշրջանում առաջին անգամ հարանվանական խավարից հարություն առնելու համար լինելու է մի Պատգամ, որը կհռչակի, որ Խոսքի կատարյալ հասունությունը վերականգնվել է Իր ողջ զորությամբ և երերացվելու է ժողովրդի վերևում նույն նշաններով ու հրաշքներով, որոնք Նա գործել է առաջ: «Որովհետև ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի կլինեք»,---- ասում է Նա Իր Հարսին: «Որովհետև ես կենդանի եմ, և դուք էլ կենդանի կլինեք»: Ինչպիսի՜ հարություն եղավ: Եվ ինչպիսի՜ հարություն ենք ապրում մենք հիմա. հարություն առնել մեռելներից, Հիսուս Քրիստոսով կյանք ստանալ Աստծո հարության զորությամբ: Նա երերացվեց նրանց վերևում. Նա Խոսքն էր, և Նա երերացվեց նրանց վերևում Պենտեկոստեի օրը. դա բացահայտված Խոսքն էր: Եվ ես ձեզ ասում եմ. այդ Խոսքը նորից կերերացվի վերջին օրերում: Բայց դուք ինձ կասեք. «Բրանհամ եղբայր, սպասեք մի րոպե: Ես ճանաչում եմ մի եկեղեցի, որը…»: Ես էլ եմ ճանաչում: Հասկանու՞մ եք: Վերցնենք մի օրինակ: Ենթադրենք կեսօրից հետո Թուսոն վերադառնալու համար յուրաքանչյուրս մեծ, բոլորովին նոր Կադիլակ ունենք: Նստարանները ծածկված են ամենափափուկ զամշով, գորգը պյուշե է, ղեկանիվը նիկելապատ է և ալմաստով զարդարված: Շարժիչը շատ լավ ստուգված է և սարքին վիճակում: Անիվների առանցքակալները խնամքով յուղված են, անվադողերը պատռվածքադիմացկուն են և ստուգված են մասնագետների կողմից: Երկուսն էլ դուրս եկան հավաքման հոսքագծից և բենզինով լցվեցին: Շարժիչ ուժը բենզինն է, որով մեքենան գնում է: Բայց այն պահին, երբ ուզում են շարժիչը գործի գցել, դրանցից մեկը տեղից չի շարժվում, թեև երկուսն էլ բոլորովին նման են իրար: Դրանցից մեկին պակասում է այդ փոքրիկ կայծը: Դուք ինձ կասեք. « Մինչդեռ, Բրանհամ եղբայր, ողջ հզորությունը բենզինի մեջ է»: Կարևոր չէ, թե ինչքան հզորություն կա բենզինի մեջ: Եթե կայծ չկա այդ զորությունը ցույց տալու համար, եթե զորություն չկա, որը ցույց տա, որ դա բենզին է, նույն բանն է, եթե ջուր լցնեիր շարժիչի մեջ: Կարևոր չեն աստվածաբանների պնդումները: Այդքան կարևոր չի այն, թե ինչքան նվիրված եք ձեր եկեղեցուն, ինչքան շատ գիտելիքներ ունեք, ինչքան եք հնազանդվում Աստվածաշնչին: Եթե Որան չի երերացվել, եթե Սուրբ Հոգին չի գալիս Խոսքին կյանք տալու (բենզինը ներկայացնում է Խոսքը)… Խոսքը Ճշմարտությունն է, բայց առանց Հոգու չի շարժվի: Մենք չափազանց շատ կարևորություն ենք տվել մեխանիզմին, բայց ոչ մի ուշադրություն չենք դարձրել Դինամիկային: Պետք է, որ Աստծո դինամիկ զորությունը, Եկեղեցու վրա Հիսուս Քրիստոսի հարության զորությունը ապացուցի և հաստատի, որ դա իրոք բենզին է Դա բենզին չէ միայն նրա համար, որ բենզինի բիդոնի մեջ է. այնտեղ կարող էր նաև ջուր լինել: Հասկանու՞մ եք: Այն ստուգելու համար պետք է Կյանքի կայծը մոտեցնել դրան, և այն ժամանակ կտեսնենք, թե բենզին է դա, թե ոչ: Երբ փորձում եք Սուրբ Հոգուն դնել հարանվանության մեջ, նույնն է, եթե փորձեք… շարժիչը ընդհատումներով կաշխատի, ի վերջո կփչացնեք այն: Ո՛հ, ես այնքան ուրախ եմ, որ կա տասը հազար օկտանանոց բենզին. դա Աստծո Խոսքն է: Եվ կա Սուրբ Հոգին՝ այն այրելու և մարդու կյանքում կամ եկեղեցում Աստծո զորությանը հարություն տալու համար: Այնժամ այդ Կադիլակը սլանում է ճանապարհով Սուրբ Հոգու հզոր զորությամբ, որը վերադարձել է և Պենտեսկոստեի օրը երերացվել ժողովրդի վերևում՝ հաստատելով, որ Ինքը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Բոլոր մարգարեներից եկավ Առաջին Որան. դա Աստծո Որդին էր, բոլոր մարգարեների Թագավորը: Եղան եկեղեցիներ, հարսեր, էլի եկեղեցիներ և հարսեր, բայց հիմա կա մի Հարս, որ գալու է: Ալելուիա: Պետք է հայտնվի իսկակա՛ն Հարսը: Այն, որ պետք է հայտնվի, միայն մեխանիզմ չունի, այլ իր մեջ պետք է ունենա նաև այդ Դինամիկան, որը Եկեղեցուն տալիս է կյանք և շարժում Նրա հարության զորությամբ: Ի՞նչ օգուտ կա սռնակալները փայլեցնելուց, եթե չգիտենք, թե ուր ենք գնալու: Ի՞նչ օգուտ ունի նոր տեսք տալը, եթե Դինամիկան չկա նրա մեջ: Ինչքան էլ կատարյալ լինի մեխանիզմը, այն շարժման մեջ դնելու համար Դինամիկա է պետք: Դա է Նա մեզ ցույց տվել: Ալելուիա: Դա է մեզ ապացուցում Զատիկը: Նա միայն Խոսքը չէր, այլ Աստված Ինքը, Խոսքի Դինամիկան, որի շնորհիվ գերեզմանում սառած Հիսուս Քրիստոսի մարմինը կյանքի վերադարձավ, վեր կացավ և գլորեց քարը: «Ես մեռած էի…». մեռած այնպես, որ արևը, լուսինը, աստղերը, ողջ բնությունը հռչակում էին, որ Նա մեռավ: Իսկ հիմա ողջ աշխարհը պետք է ճանաչի, որ Նա նորից ողջ է: Նա միայն մեխանիզմը չէր (Աստծո Խոսքը), այլև Դինամիկան, որ հաստատեց այն: Եվ եթե Նա Փեսան է, ուրեմն պետք է դուրս գա Հարսը, որովհետև նա Փեսայի մի մասն է: Եվ դա կարող է միայն լինել Հարսի մասին ասված բոլոր անցած հայտնությունների իրականացման դրսևորում: Եվ Նա կդրսևորի միայն… Եթե նա մի բան Փեսայի նման չի անում, ուրեմն Նա Հարսը չէ, որովհետև Հարսը մարմին է Նրա մարմնից և ոսկոր Նրա ոսկորից, կյանք՝ Նրա կյանքից, զորություն՝ Նրա զորությունից: Նա Նրա նման է: Ինչպես տղամարդն ու կինը մեկ են, որովհետև կինը վերցված է նրա կողքից, այնպես էլ Հարսը ընդունեց Նրա Հոգին, վերցվեց Նրա կողքից, միաժամանակ եղավ մեխանիզմ և Դինամիկա. Նրա Հոգին և Նրա մարմինը միացան՝ միասին կազմելու համար մեխանիզմ և Դինամիկա: Քանի դեռ եկեղեցին կամ ժողովուրդը… Բոլոր այդ Զատկի ճագարները, ծիսակատարությունները, մեծ եկեղեցիները, այդ ամենը կանցնեն և կանհետանան, մինչև Եկեղեցին չդառնա միաժամանակ Մեխանիզմ և Դինամիկա… և Աստծո Հոգին, որ Նրան մղեց կատարելու այն, ինչ Նա կատարեց… եթե Նա սեղմում է «տասնվեց մխոցագլանները», նույնը կանի Հարսը: Որովհետև ասվում է Հովհ.14:12 համարում. «ինձ հավատացողն այն գործերն էլ կանի, որ ես եմ անում …»: «Ես կդնեմ իմ Դինամիկան մեխանիզմում, որպեսզի աշխարհը չկարողանա դիմադրել դրան: Ես նրան հարություն կտամ վերջին օրը»: Ահա Զատկի Պատգամը՝ մեխանիզմի և դինամիկայի միությունը: Մեխանիզմը առանց Դինամիկայի ոչ մի օգուտ չունի, ոչ էլ Դինամիկան առանց մեխանիզմի: Դուք կարող եք աղաղակել, ցատկել, բայց ուրանալ Խոսքը. դա ձեզ օգուտ չի բերի: Դուք միայն պտտում եք շարժիչի մխոցը, բայց դուք վառելանյութ չունեք: Կա կայծ, բայց չկա վառելանյութ: Դրանք կարող են միայն միասին գործել: Ամե՛ն: Այսպես, մի մեքենան անշարժ կմնա, մյուսը կգնա: Մինչդեռ այս երկուսը իրար շատ նման են, երկուսն էլ եկեղեցի են համարվում, երկուսն էլ կարծում են, թե Հարսն են, բայց միայն մեկը ունի թե՛ մեխանիզմը, թե Դինամիկան: Այդպես է կատարվում դա: Այն, ինչ Նա ասել է, Ճշմարտությունն է: Ինչքան էլ կատարյալ լինի մեխանիզմը, մեկ մետր էլ չի շարժվի, եթե Դինամիկան չկա: Երբ Դինամիկան գալիս է, Կրակը միանում է վառելանյութի հետ: Տեղի է ունենում պայթյուն, այրում, իսկ այրումը շարժում է ստեղծում, յուրաքանչյուր շարժումը, որովհետև Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Սա է հարությունը, սա է Աստծո իսկական զորությունը. մեխանիզմի և Դինամիկայի միությունը: Ուշադրություն դարձրեք, որ Հոգին է կենդանացնում, կայծն է կրակ բերում: Ոչ թե վառելանյութն է այրում, այլ կայծն է այրում վառելանյութը: «Առանց Ինձ ոչինչ չեք կարող անել, որովհետև միայն Ինձանով է ամեն բան հնարավոր: Ինչպես (Նա Խոսքն է, կենդանի Հայրը) Հայրն ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում: Ինչպես Հայրը Կրակ դրեց Իմ մեջ և առաջնորդեց ամեն տեղ, և Ես անում եմ միայն այն, ինչ Իրեն հաճելի է: Ինչպես Նա Ինձ ուղարկեց, այնպես էլ Ես եմ ձեզ ուղարկում այս մեխանիզմով: Դուք նույն Դինամիկայի կարիքն ունեք առաջ շարժվելու համար: Այս նշանները կհետևեն նրանց, ովքեր ասում են, թե ունեն Դինամիկան. Դինամիկան կգրավի իր տեղը: Պողոսն ասել է. «…. մեր Ավետարանը ձեզ չքարոզվեց միայն խոսքով…» (վառելանյութը մենակ ոչինչ է, այլ կայծի հետ է շարժում բերում ): Ահա Նա այդպես եկավ մեզ մոտ: Հոգին, որը ճշմարիտ հավատացյալին հավիտենական կյանքի հարություն է տալիս, նույն Հոգին է, որը հարություն է տվել Նրան: Բայց հիշեք, հնարավոր է…. Նույն Հոգին… Նորից կարդանք Հռոմ.8:11 համարը և տեսնենք, թե ինչ է ասում: «Եվ եթե… (սա է խնդիրը, շատ կարևոր է սա հասկանալ) … և եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ… »: Ահա: Եթե Փեսայի Հոգին բնակվում է Հարսի մեջ: Երբ Աստված ստեղծեց առաջին փեսային, Նա ստեղծեց մարդուն, որը հոգով միաժամանակ տղամարդ էր և կին: Որպեսզի նրան դարձնի նյութական էակ, նրան շինեց երկրի հողից: Եվ ուշադրություն դարձրեք. երբ Նա Եվային ստեղծեց Ադամից, մեկ ուրիշ կավի կտոր չվերցրեց, այլ վերցրեց նույն կավի կտորը, նույն Խոսքը, որովհետև Ադամը արտաբերված Խոսք էր: Նա վերցրեց նրանից… Նա ուներ արական և իգական հոգի, բայց իգական հոգին Ադամից հանեց և դրեց Եվայի մեջ, որը, հետևաբար, Ադամի հոգու մի մասն է: Ադամի մարմինն է: Այսպես, Ադամի հոգին (դինամիկան) կյանք տվեց նրա մարմնի մեխանիզմին: Հետևաբար, Հարսն էլ պետք է լինի մարմին Նրա մարմնից, ոսկոր Նրա ոսկորից: Ինչպե՞ս կարող է այս մահկանացու մարմինը դառնալ Նրա մարմինը: Մենք այդ կտեսնենք: Ինչպիսի՜ փառավոր կերպարանափոխություն: Տեսնենք այդ: «Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի Իր Հոգով, որ բնակվում է ձեր մեջ»: Նա Ընտրյալն է անշուշտ: Նման է հողը գցված Սերմին, որը Կյանք ուներ Իր մեջ: Դրանց մի մասը մեռավ: Դրանք նեխած սերմեր էին: Ջուրը և մնացած բաները ոչնչացրել էին դրանց: Բայց, գիտեք, այնտեղ կար մի Սերմ, որը պատրաստ էր Կյանքը ընդունելու: Աստված գիտեր, որ այդ սերմն այնտեղ է: Ընտրյալները առաջինն են Կյանք ստանալու Սուրբ Հոգով, որովհետև Սուրբ Հոգին գալիս է պահանջելու Իրեններին: Ո՛հ, ինչքա՜ն խորն է այս ամենը: Անպայման աշխատեք ըմբռնել այդ: Երբ արևը սփռում էր իր ճառագայթները երկրի վրա, դա նրա համար չէր, որ կյանք տար խճաքարերին (որոնք նույնպես հողից են), դա նրա համար չէր, որ կյանք տար ամբողջ հողին, այլ միայն հողի այն հատիկներին, որոնք կյանք էին պարունակում իրենց մեջ: Բոլորը չեն ընդունի Քրիստոսին (ոհ, ո՛չ), այլ միայն նրանք, ովքեր այդ փոքրիկ հողակույտի մեջ ունեն Աստծո նախասահմանած կյանքը: Նրանց է Նա հարություն տալու: Այդ նրանք են… Հողը կասի. «Ի՜նչ տաք է այս արևը», խճաքարերը նույնպես կասեն. «Ի՜նչ տաք է այս արևը»: Բայց փոքրիկ սերմը կասի. «Ահա հենց այն, ինչ ինձ պետք էր»: Եվ կյանքը սկսում է բարձրանալ նրա մեջ: Արևը սկսեց կյանք տալ հողի այդ մասին, որովհետև նա ուղարկվել է ոչ թե կյանք տալու խճաքարերին և հողին, այլ միայն սերմին: Ահա գալիս է Սուրբ Հոգին: Անշուշտ, Նա չի ուղարկվել բոլորի մոտ: Ինչու՞ բոլորը չեն ընդունում Նրան: Որովհետև նրանց մոտ չի ուղարկվել: Մի օր մեկն ինձ ասաց. «Ես չեմ հավատում… ես ծաղրում եմ ձեր ասածները: Եթե նույնիսկ հարություն տաք մեռելներին, բժշկեք հիվանդներին և ապացուցեք, ես ձեզ ոչ մի դեպքում չեմ հավատա»: Ես ասացի. «Իհարկե, չեք հավատա, որովհետև դուք անհավատ եք: Դա ձեզ համար ոչ մի նշանակություն չունի: Դա ձեզ մոտ չի էլ ուղարկվել: Ուղարկվել է նրանց մոտ, ովքեր կհավատան»: Պատգամն ուղղված է հավատացյալին: Կորսվածների համար դա հիմարություն է, բայց Կյանք է նրանց համար, ովքեր Քրիստոսի մեջ են և այդ Սերմի մասնիկ են: Հիշեք ագարակատիրոջ մասին փոքրիկ պատմությունը, որը հավի թխսի տակ արծվի ձու դրեց: Այդ փոքրիկ արծվիկը բոլորովին մի տարօրինակ բան էր հավի համար: Երբ այդ ագարակատերը կատարեց իր մտածածը, արծվի ձուն դրեց հավի տակ: Իսկ ձվից դուրս եկած փոքրիկ ճուտիկը բոլորովին տարօրինակ տեսք ուներ: Ի դեպ, նա բոլորովին տարբերվում էր բոլոր ճուտիկներից: Նա նրանց նման չէր, նրա փետուրները տարբերվում էին, նա իրոք տարօրինակ մի բան էր: Եվ բոլոր մյուս ճուտիկները տեսնում էին, որ նա տարբերվում էր իրենցից: Նա չէր սիրում հավի տված կերակուրը: Նա երբեք չէր գնում բակում քուջուջ անելու: Այդ ամենը խորթ էր իր բնությանը: Նա ինքն իրեն հարցնում էր, թե ինչու էր մյուսներից տարբերվում: Նա ուտում էր միայն այնքան, որ սովից չմեռներ, նրան դուր չէր գալիս կերակրի համը, և դա նորմալ էր, որովհետև նա հավ չէր: Իսկ հավը կչկչում էր. «Հրաշքների ժամանակներն անցել են: Այլևս նման բան չկա: Միացեք եկեղեցուն»: Դա սխալ էր թվում փոքրիկ արծվի ականջներին: Բայց նա շարունակում էր հետևել հավին, մինչև որ իր մայրը… Ծեր արծիվը գիտեր, որ ինքը այսքան ձու էր ածել, բայց մեկը պակասում էր: Նա գիտեր, որ այդ արծվիկը ապրում էր ինչ-որ տեղում և գնաց նրան փնտրելու: Նա թափ առավ, թռչեց սարերի վրայով, իջավ հովիտների խորքը, ամենուր փնտրելով իր կորած արծվիկին: Բայց այդ ընթացքում նա ծնվեց: Նա մտածում էր. «Գուցե մի ագռավ կամ անգղ եկել և վերցրել է իմ ձուն: Ես չգիտեմ: Բայց գիտեմ, որ ինչ-որ մեկը այն վերցրել է ինձանից, որովհետև ես անընդհատ այդ մասին եմ մտածում: Ես ինչ-որ վայրում որդի ունեմ: Պետք է գնամ նրան փնտրելու»: Այդպես է գործում Աստված: Նա մեծ Արծիվն է: Իր մտքում Նա գիտի, որ Ինքը մի Եկեղեցի պիտի ունենար: Նա գիտի, որ մի ժողովուրդ պիտի ունենար: Կարևոր չէ, թե մինչև հիմա ով է նրանց համար հոգ տարել, որտեղ են նրանք փակված, Նա փնտրում է նրանց: Նա գնում է նրանց որոնելու: Շարունակենք մեր պատմությունը: Մի օր այդ արծիվը թռչում էր ագարակի վրայով: Նա նայում էր ամենուրեք և գտավ նրան: Ո՛հ, այդ Հարությունը ցույց տվեց, որ ինքն իրականում հավիկ չէր, այլ արծիվ: Նրան միշտ սովորեցրել էին միշտ գետնին նայել ագարակի հավանոցում կերակուր, միջատներ գտնելու համար: Բայց նա մի կանչ լսեց. «Նայիր վերև»: Նա նայեց, և ահա իր վերևում օդերում թռչում էր մի արարած, որի թևերի բացվածքը մի քանի մետր էր, նա շատ ավելի զորավոր էր ագարակի բոլոր հավերից և կանչում էր իր որդուն: Նա ասաց. «Մայրիկ, ինչպե՞ս կարող եմ գալ քեզ մոտ»: Նա ասաց. «Ցատկիր և թափահարիր թևերդ, որովհետև դու արծիվ ես»: Հասկանու՞մ եք: Նա գիտեր, որ ինչ-որ վայրում որդի ուներ: Կարևոր չէր, թե նա որտեղ էր մեծացել. նա որդի ուներ ինչ-որ վայրում: Եվ Աստված գիտի, ալելուիա, որ Ինքը մի նախասահմանված Եկեղեցի ունի: Նա գիտի, որ որդիներ ու դուստրեր ունի, Հարս ունի, որը սպասում է ինչ-որ վայրում: Եվ երբ Սուրբ Հոգին սկսեց ճախրել նրա վերևում (երերացված Որան)… ո՛հ, Աստված իմ: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Սա առասպել չէ, իրականություն է: Կարևոր չէ, թե մարդը ինչ է փորձում նրան ասել… արծի՞վ: Նա նույնիսկ չգիտեր, որ ինքն արծիվ է: Այնուամենայնիվ նա արծիվ էր: Նա չէր կարող այդ հասկանալ, մինչև որ ինչ-որ բան արտացոլեց իր պատկերը: Եվ երբ մենք տեսնում ենք ոչ թե որևէ հարանվանություն, հայտնի աստվածաբան, լավ հարևան, այլ Աստծո որդի՝ Աստծո պատկերով, որը Աստծո դինամիկ զորությունն ունի օրվա հարցին պատասխանելու համար, որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան, ուրեմն ոչ մի հավ չի կարող նրան հետ պահել: Նա փնտրում է իր իսկական մորը, որովհետև ամենից առաջ նա արծիվ է: Այդ իսկական արծիվը ճանաչում է Աստծո Խոսքի կանչը: Ինչու՞: Որովհետև նա արծիվ է: Արծիվը գնում է արծվի մոտ, աշխարհի ստեղծումից առաջ եղած Խոսքը գնում է Խոսքի մոտ, նախասահմանված Խոսքը գնում է այս ժամի համար գրված Խոսքի մոտ: Հասկանու՞մ եք այդ: Նա փնտրում է Խոսքը: Այսպես, այս երկրային մարմինը կյանք է ստանում, և Աստծո Հոգու այդ կյանքը նրան մղում է Աստծո Խոսքին հնազանդվելու: Եվ երբ նա ուզում էր իմանալ, թե ինչպես կարող էր թռչել դեպի արծիվը… նրան սովորեցրել էին, թե նա չի կարող նման բան անել. «Դու ցատկելուց ավելի վերև չես կարող բարձրանալ»: Հավն է այդպիսին: Բայց արծիվն ասաց. ---- Դա ճիշտ չէ: ---- Բայց նայիր այս բոլոր հավերին: ---- Կարևոր չէ, թե ինչ են անում հավերը, դու արծիվ ես: Բացիր այդ թևերը: Գործի դիր դրանք: Սկսիր բարձրանալ: Խոսքը դիմում է Խոսքին… «… դուք էլ կանեք այն գործերը, որ Ես եմ անում: Ինձ հավատացողը նույնպես կանի այն գործերը, որ Ես եմ անում: Քանի որ ես կենդանի եմ, դուք էլ կենդանի կլինեք: Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի»: Ի՞նչ է նշանակում այս ամենը: Լավ լսեք հիմա, որովհետև ես ուզում եմ, որ Զատկի այս տոնը ավելի մեծ նշանակություն ունենա ձեզ համար, քան մինչև հիմա տոնածները: Կուզենայի, որ հասկանայիք: Մենք գիտենք, թե ինչ է արվել Նրա համար, բայց կուզենայի, որ տեսնեիք, որ ոչ թե ինչ է արվելու, այլ արդեն նույնը արվել է մեզ համար: Ի՞նչ է կատարվել: Ձեր մահկանացու մարմինը կյանք է ստացել: Այս մահկանացու մարմինը, որի մեջ ապրում ենք, կյանք է ստացել, այլ կերպ ասած՝ հարություն է առել: Դուք, որ միշտ ծխախոտ ունեիք ձեր բերանում, իսկ դուք, կանայք, որ առաջ կտրում էիք ձեր մազերը, կարճատաբատ էիք հագնում, շպարվում էիք, սխալ էիք վարվում և այլն, հանկարծ ինչ-որ կանչ լսեցիք, նայեցիք և տեսաք, որ դա Խոսքն է: Դուք ասացիք. «Այլևս ոչ մի կարճատաբատ, ոչ մի ալկոհոլ, ոչ մի սուտ և նման բաներ…»: Տեսնու՞մ եք: Նրան հարություն տվողի Հոգին, որ բնակվում է ձեր մեջ, հողից ստեղծված ձեր մահկանացու մարմիններն էլ կհնազանդեցնի: Հասկանու՞մ եք: Հնազանդեցնի ու՞մ: Քրիստոսի՛ն: Ո՞վ է Քրիստոսը: Խո՛սքը: Ոչ թե աստվածաբանությունը, այլ Խոսքը: Դուք ասում եք. «Իմ կարծիքով, ոչ մի վատ բան չկա, երբ կանայք տաբատ են հագնում»: Բայց Խոսքը ասում է. «Ո՛չ…»: Հասկանու՞մ եք: Նա ձեզ կենդանացնում է: Դուք հաղորդակից եք լինում Խոսքին: Նա կենդանացրեց ձեր մարմինը… դուք ասում եք. «Թույլ տվեք մի բան ասել. իմ հովիվը…»: Կարևոր չէ, թե ինչ է ասում ձեր հովիվը: Կարևորն այն է, ինչ Խոսքն է ասում: Եթե դուք ճուտիկ եք, ուրեմն շարունակեք նրան լսել: Բայց եթե հովիվը Խոսքից բացի ուրիշ բան է սովորեցնում, նա չի կարող կերակրել արծիվներին: Նա կարող է կերակրել միայն ճուտիկներին, ոչ թե արծիվներին: Արծիվները արծվի կերակուր են ուտում, նրանք մաքուր են: Աստվածաշունչն ասում է, որ վատ է այս կամ այն բանն անելը. եթե անում եք այդ, վատ է: Դուք ասում եք. «Հրաշքների ժամանակներն անցել են»: Բայց Աստվածաշունչն ասում է, որ Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նրանք, ովքեր ասում են, որ հոգիների զանազանումը և տեսիլքները հեռազգացություն և գուշակություն են, որ այդ բաները հիմարություն են, այդպես ասողները հավերն են: Նրանց ծանոթ չէ արծվի կերակուրը: Բայց եղբայրս, եթե լսում ես այդ կանչը, ինչ-որ բան կա քո մեջ, դու սկզբից ի վեր արծիվ ես: Իսկ ինչու՞: Որովհետև դուք այն Սերմն եք, որի համար բացահայտվել է Որդու հարությունը, և երկրի վերևում երերացված Որան ձեզ հայտնել է, որ դուք արծիվ եք, ոչ թե հարանվանական հավիկ: Հասկանու՞մ եք: Այսպես, եթե Նրան հարություն տվող Հոգին, Խոսքը, Խոսքի զորությունը բնակվում է ձեր մեջ, կյանք է տալիս նաև ձեր մահկանացու մարմիններին: Բայց ինչպե՞ս կարող ենք լինել մարմին Իր մարմնից, ոսկոր Իր ոսկորից. երբ մենք մահացու մեղավորներ էինք (այս մահկանացու մարմինները պատրաստ էին մեռնելու), Նա կյանք տվեց այդ մարմիններին: Այն հոգին, որ առաջ սիրում էր խմել, շնանալ և այլն, կյանք ստացավ: Այդ բաները մեռած են, և դուք հարություն եք առել: Նա կյանք է տալիս ձեր մահկանացու մարմնին: Ահա թե ինչու ձեր մարմինը Դինամիկայի տաճարն է: Ինչու՞: Որովհետև սկզբից ի վեր հաղորդ եք եղել մեխանիզմին: Այնուհետև հարություն կա: Եկեղեցին հարության մեջ է Նրա հետ: Այդ մարմինները հիմա կյանք են ստանում: Հասկանու՞մ եք: Դուք լսել եք, հավատում եք. դա ձեզ հարանվանությունից տանում է դեպի Խոսքը: Եթե Դինամիկան դիպչի ջրին, խափանում կլինի. «Հրաշքների ժամանակներն անցել են, այլևս չկան…»: Բայց եթե դիպչի հազար օկտանանոց բենզինին… ո՛հ, ինչպիսի՜ փառք: Դինամիկան եթե դիպչի հավին, ոչինչ տեղի չի ունենա… բայց եթե դիպչի արծվին, նա թափ կառնի: Ամեն: Դինամիկան մեխանիզմի հետ: Հասկանու՞մ եք, ինչ եմ ասում: Իսկական արծիվը կհասկանա: Եվս մեկ հատված նայենք Սուրբ Գրքից (կարծեմ՝ հեռախոսակապն ընդհատված է, բայց մենք բոլորս դեռ այստեղ ենք): Կարդանք Հովհ.5:24 համարը. «…Իմ Խոսքը լսողը և Ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի…»: Հիմա նայեք. ես փողոց եմ դուրս գալիս՝ այս խոսքերը հասկանալով բառացիորեն, առանց հոգևոր նշանակության: Բնագրում՝ հունարենում, իրականում գրված է «Իմ Խոսքը հասկացողը…»: Այժմ որպեսզի ապացուցենք, որ հենց այդպես է պետք դա հասկանալ: Փողոց եմ դուրս գալիս, որտեղ հանդիպում եմ մի հարբեցողի, որը գրկել է ուրիշի կնոջ, հայհոյում է, Աստծո անունը պարապ տեղը բերանն առնում և ուրիշ նման բաներ է անում: Ես նրան հարցնում եմ. «Ասացեք, դուք լսեցի՞ք այդ քարոզիչին: Դուք լսե՞լ եք նրան»: «Այո, լսել եմ»: Դա չի նշանակում, որ նա հավիտենական կյանք ունի: «Իմ Խոսքը հասկացողը…», այսինքն՝ նա, ով արծիվ է: «Բրանհամ եղբայր, դրա վերաբերյալ ուրիշ հատվածներ էլ կուզենայի լսել»: Շատ լավ: «Իմ ոչխարները լսում են Իմ ձայնը: Օտարին չեն հետևի»: Այն օրը, ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ, երբ Սուրբ Հոգին ինձ ասաց այդ բաները, ես միայն կրկնեցի այնպես, ինչպես Նա ասել էր: Մի հովիվ կին ինձ խստորեն հանդիմանեց՝ ասելով. «Կարծեմ՝ դուք ձեզ Աստծո տեղն եք դրել»: Ես պատասխանեցի. ---- Ոչ, տիկին: Նա ասաց. ---- Մինչդեռ ասացիք, որ նրանց մեղքերը ներված են: Միայն Աստված իշխանություն ունի այդ ասելու… Տեսնու՞մ եք: Եվս մեկ փարիսեցի: Այն ժամանակ ես ասացի. «Դուք պետք է իմանայիք, որ այն բանից հետո, երբ Պետրոսը հայտնություն ստացավ այն բանի վերաբերյալ, թե ով է Հիսուսը և ասաց. «Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո Որդին», Հիսուսը նրան և առաքյալներին ասաց. «Երանի~ քեզ, Սիմոն, Հովնանի որդի, որովհետև մարմինն ու արյունը չհայտնեցին քեզ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է: Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա Իմ եկեղեցին կշինեմ և դժոխքի դռները նրան չեն հաղթի Ես քեզ երկնքի արքայության բանալիները կտամ, և ինչ որ երկրի վրա կապես, երկնքում կապված կլինի, և ինչ որ երկրի վրա արձակես, երկնքում արձակված կլինի»: Սա Խոսքի աստվածային հայտնությունն է, որը այն ժամանակ մարմնավորվեց Որդու՝ Փեսայի միջոցով, հիմա հայտնությունը մարմնավորվում է Հարսի միջոցով: Ում մեղքերը, որ ներեք, ներված կլինեն, ում, որ չներեք, չեն ներվի: Կաթոլիկ եկեղեցին վերցրել և այս հատվածը և վերագրել իր քահանաներին, բայց դա մարմնավոր է: Հոգևոր բացահայտված Խոսքն է իրականացել: Դրա համար Նա պատվիրեց մկրտել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Նա գիտեր, որ նրանք գիտեին, թե ով էր Ինքը: Վերջերս խոսում էր մի քարոզչի հետ, որն ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, ես դուրս եմ եկել, որ միանամ այսինչ, այնինչ եկեղեցուն, հոգեգալստական եկեղեցուն, որտեղ…» (կարծեմ՝ հոգեգալստականները սկսել են կլոր նշխարք ընդունել: Հնարավոր է, որ այդ մասին լսած լինեք: Կոշերը (ըստ հրեական օրենքի թույլատրված ուտելիք. ծան. թարգմ.), լուսնի աստվածը. նրանք դա ընդունել են: Այդ մարդն ասաց…Եկեղեցին գնաց նրա մոտ, և նա ասաց. «Այն, ինչ ես օրհնում եմ, օրհնված է»: Մի՞թե նույն բանը չի ասում քահանան, երբ պնդում է, թե կարող է դա դարձնել Քրիստոսի մարմինը: Նույն բանն է: Նա ինձ ասաց. «Կուզենայի ձեզ մի բան հարցնել» (նա ուզում էր արդարանալ Տեր Հիսուս Քրիստոսի անունով մկրտության վերաբերյալ, որովհետև նա էր ասել, որ դա նեռից է): Նա ասաց. «Կարծում եք, որ անհրաժե՞շտ է, որ մարդը մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով»: Ես ասացի. ---- Այո, պարոն: Նա ասաց. ---- Նույնիսկ այն ժամանա՞կ, երբ արդեն մկրտվել է հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու: Ես ասացի. ---- Այո, պարոն, նա ամենևին էլ մկրտված չի եղել: Դա անուն չէ, այլ անվանումներ: Նաև ասացի. «Դա չի ընդունվում: Ինչու՞ Պետրոսը…»: Նա ինձ ասաց. ---- Լավ, թույլ տվեք մի բան ասել. Գործք 10:44 համարում գրված չէ՞. «Երբ Պետրոսը ասում էր այս խոսքերը, Սուրբ Հոգին իջավ բոլոր նրանց վրա, ովքեր լսում էին Խոսքը»: ---- Բայց,---- ասացի ես,---- Պետրոսը ասաց. «Մեկը կարո՞ղ է մկրտության ջուրը արգելել նրանց, ովքեր Սուրբ Հոգին ընդունեցին մեզ նման»: Նա պատասխանեց. ---- Վերջերս դուք խոսեցիք Գործք 19-րդ գլխի վերաբերյալ, որտեղ Պողոսը անցնելով Եփեսոսով, գտնում է մի քանի աշակերտների: Նրանք մկրտված չէին հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու: Ես ասացի. ---- Ո՛չ, նրանք մկրտված էին ապաշխարության մկրտությամբ, ոչ թե մեղքերի թողության համար: Նրանք մկրտված էին ապաշխարության մկրտությամբ, որովհետև Հիսուսն Իր անձը դեռ չէր հայտնել: Զոհաբերությունը չէր եղել: Նա ինձ հարցրեց. ---- Ուրեմն ինչու՞ անհրաժեշտ եղավ, որ նրանք վերամկրտվեն: Ես նրան ասացի. «Բանալիներն ունեցող մարդն ասաց. «որովհետև երկնքի ներքո մարդկանց տրված ուրիշ անուն էլ չկա, որով հնարավոր լինի մեզ փրկվել»: Փրկության չկա ուրիշ ոչ մի տեղ, այլ միայն Հիսուս Քրիստոսի անվան մեջ: «Ինչ, որ անեք՝ թե խոսքով, թե գործով, արեք Հիսուս Քրիստոսի անունով»: Չկա ոչ մի ուրիշ անուն, եկեղեցի, ստորակարգություն, տիտղոս: Մինչդեռ Նա Սարոնի Ծաղիկն է, Հովիտների Շուշանը, Առավոտյան Աստղը, Ալֆան և Օմեգան, Սկիզբը և Վերջը, Եհովա-Յիրեն, Եհովա-Ռաֆան… Այդ ամենը Նա է, բայց տիտղոսների (անվանումների) մեջ փրկություն չկա: Եհովա՞. այդ անվանման մեջ չէ փրկությունը: Սարոնի Ծաղի՞կ. (մինչդեռ դա Նա է) այդ անվանման մեջ էլ չէ: Հայր, Որդի և Սուրբ Հոգի. այդ անվանումների մեջ էլ չէ: Փրկությունը միայն Հիսուս Քրիստոսի անվան մեջ է: Նաև Աստվածաշունչն ասում է, որ ապաշխարություն և մեղքերի թողություն պետք է քարոզվի Նրա անունով, Երուսաղեմից սկսած մինչև երկրի ծայրերը: Նա ասաց. ---- Մի՞թե կարծում եք, որ որևէ տարբերություն կա: Ես նրան ասացի. ---- Կուզենայի ձեզ մի բան հարցնել (Մենք նստած էինք սեղանի մոտ՝ նա, կինս և ես: Նա հատուկ եկել էր ինձ տեսնելու): Մենք երկուսս էլ Արիզոնայից ենք, այստեղ ենք ապրում: Մենք լավ ենք ճանաչում մեր խորհուրդը, կառավարությունը, քաղաքապետին, նահանգապետին և այլն: Նա ասաց. ---- Անշուշտ: Ես ասացի. ---- Եղբայրս, եթե ես ձեզ խնդրեի հաշիվը ստորագրել Արիզոնայի նահանգապետի անունով, մի՞թե այդպես կգրեիք: Կարծում եք՝ դրամարկղում այդպես կընդունե՞ին: ---- Դե,---ասաց ինձ,---- ոչ, այդպես չեմ կարծում: Բայց ինչու՞ Հիսուսն ասաց այդ: Ես պատասխանեցի. ---- Հենց այդ է հարցը: Եթե ես ձեզ խնդրեի այս ընթրիքի հաշիվը ստորագրել Արիզոնայի նահանգապետի անունով, մենք, որ այս նահանգի քաղաքացիներ ենք և ճանաչում ենք նահանգապետին, դուք կստորագրեիք «Սեմ Գոդդարդ», որովհետև նա է նահանգապետը: Կարիք չկա, որ ձեզ հարցնեմ այդ մասին: Դուք գիտեք, թե ով է նահանգապետը: Նույնպես, երբ Հիսուսն ասաց՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, Նա գիտեր, թե ինչպես կմկրտեին նրանք: Նրանք գիտեին, թե ով էր Նա: «Իմ ոչխարները լսում են Իմ ձայնը»: Հիմա հասկանու՞մ եք: ---- Կարծում եմ՝ այո: ---- Ուրեմն կհավատա՞ք: «…Իմ Խոսքը լսողը և Ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի…»: Եվ երբ այդ հավիտենական կյանքը գալիս է բնակվելու ձեր մեջ (երբ դուք ստացել եք Սուրբ Հոգին, ինչպես նրանք ստացան Պենտեկոստեի օրը): Նրանք ունեին մեխանիզմը: Այժմ անհրաժեշտ էր, որ Դինամիկան գար: Նրանք հավատացել էին: Դուք գիտեք, որ մեր սիրելի մկրտական եղբայրները մեզ ասում են, որ երբ հավատում ենք, ստանում ենք Սուրբ Հոգին: Մինչդեռ այնտեղ նրանք հավատացել էին, բայց դեռևս չէին ստացել: Գործք 19-րդ գլխում գրված է, որ նրանք հավատացել էին, բայց դեռևս չէին ստացել Սուրբ Հոգին: «Արդյո՞ք Սուրբ Հոգին ընդունեցիք, երբ հավատացիք»: Տեսնում եք, մեխանիզմը կարգին վիճակում էր, որովհետև Ապողոսը նրանց սովորեցրել էր և Աստվածաշնչով ապացուցել, որ Հիսուսը Քրիստոսն է, բայց նրանք դեռ չէին ստացել Դինամիկան: Ամեն ինչ այնտեղ է: Լավ…. (ձայնագրությունն ընդհատված է. ծան. խմբ.): Պոտենցիալ կերպով դուք ստացել եք գրավը, դուք սպասում եք: Բայց երբ ստանում եք Դինամիկան, այնժամ կյանք եք ստանում, ձեր մահկանացու վիճակից անցնելով անմահության: Ողջ մարմինը սկսում է ենթարկվել Խոսքին: Դուք կսկսեք այլ կերպ վարվել, ձեր արտաքինը կփոխվի, ձեր կյանքը կփոխվի: Դա ձեզ ամբողջությամբ նոր մարդ կդարձնի: Տեսեք… (ձայներիզի երկրորդ կողմը անավարտ է. ծան. խմբ.) կյանք եք ստացել: Այն ժամանակ դուք մեռած էիք մեղքերի և անօրենությունների մեջ, բայց Նա խավարը վռնդեց Իր Լույսով: Ինչպե՞ս դա կատարվեց: Իր Հոգով, որը Զատկի օրը հարություն տվեց Հիսուսին: Եվ եթե այդ Հոգին բնակվում է ձեր մահկանացու մարմիններում (ուշադիր եղեք), Նա կյանք է տալիս այդ մարմիններին և նրանց ենթարկում է Խոսքին: Բայց ինչպե՞ս կարող եք հավակնել, թե ունեք Հոգին և միաժամանակ Խոսքից դուրս գալ: Որովհետև դու որևէ ուրիշ բանով ես կենդանացած: Որովհետև Հոգին ձեր մարմնին կտա Խոսքի կյանքը: Դա հաստատ է: Առանց նրա ոչ մի տեղ չեք գնա: Շարժիչը կխափանվի, եթե կատարելապես չհավատաք Նրան: Եթե ջուր խառնեք բենզինի հետ, երբեք ոչ մի տեղ չեք գնա: Պետք է հարյուր տոկոսանոց բենզին լինի: Հակառակ դեպքում կխափանվի, ոչ մի հզորություն չի լինի: Հասկանու՞մ եք: «Բայց ես հավատում եմ այսինչ բանին, չեմ հավատում այնինչ բանին….»: Կխափանվի: Ոչ մի տեղ չեք գնա: Բայց եթե ընդունեք լեցունությունը… Այրվեք Նրանով: Խոսքի ամեն բառը Ճշմարտություն է: Այս թեման փակելուց առաջ ուշադրություն դարձրեք այս բանին: Սկզբում հողում թաղված մի փոքրիկ սերմ է: Դուք հարություն եք առնում զորությամբ: Դուք հարություն եք առնում, երբ ստանում եք Սուրբ Հոգին, հենց այդ պահին եք հարություն առնում: Ձեր մարմինը հարություն է առնում զորությամբ: Նայեք հողի մեջ ցանված փոքրիկ սերմին: Նա պետք է Նրա աղբյուրից բխող ջուրը խմի: Եվ մինչ խմում է ջուրը, բարձրանում է դեպի Նա՝ ավելի ու ավելի նմանվելով հողը գցված սերմին: Եկեղեցին այդպես է աճել: Նա անցել է Արդարացման, Սրբացման և Սուրբ Հոգու մկրտության փուլերով, և հիմա կատարյալ ծաղկման մեջ է: Այդ ճանապարհով է եկել Սուրբ Հոգին: Իսկ աշխարհիկ հոգին եկել է հակաքրիստոսի միջոցով, և այժմ ծաղկում է եկեղեցիների այդ մեծ միությունում: Եվ ամեն անհատ նույն ճանապարհով է գնում: Ամեն բան կատարվում է Աստծո կողմից հաստատված օրինակի համաձայն, որովհետև Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ուշադրություն դարձրեք այս բանին. առաջնորդվելով Հոգով, դուք աճում եք, մինչև հասնեք հարությանը: Ինչպես արևն է ձգում այդ փոքրիկ բույսին, որը խմում է Աստծո աղբյուրից… գիտեք, նա միայն մեկ աղբյուրից կարող է խմել: Եթե յուղ լցնեք այդ սերմի վրա, կսպանեք նրան: Եթե հին, անմաքուր, վարակված ջուր լցնեք, դա կխանգարի նրա աճին, պտուղ չի բերի: Մի՞թե դա ճիշտ չէ: Բայց եթե նրա վրա լցվի անձրևի մաքուր ջուրը, որի մեջ չկան մարդկային քիմիկատներ, որն անմիջապես գալիս է երկնքից, ուրեմն նայեք այդ բույսին: Ոչ մի ջուր նրան այնքան արագ չի աճեցնի, որքան մաքուր անձրևաջուրը: Եթե քլոր կամ որևէ այլ բան ավելացնեք, կսպանեք այդ բույսին: Ահա թե ինչ է կատարվում այսօր: Փորձում են նրանց ջուր տալ իրենց հարանվանական աղբյուրներից, իսկ դա խանգարում է աճին: Բայց թույլ տվեք, որ այն ստանա…. «Եկեք այնտեղ, ուր գթության շողի կաթիլներն են շողում Օր ու գիշեր իմ շուրջն է փայլում Հիսուսը՝ Լույսն աշխարհի»: Ուրեմն դուք ստացեք եք դա: «Կքայլենք Լույսի մեջ, այդ փառավոր Լույսի մեջ, Եկեք այնտեղ, ուր գթության շողի կաթիլներն են շողում Օր ու գիշեր իմ շուրջն է փայլում… Ես չեմ ուզում մարդկանց ձեռքով պատրաստված աղբյուրները: «Ուրիշ աղբյուր չգիտեմ, այլ միայն Հիսուսի արյունը»: Ահա միակ աղբյուրը, որն ուզում եմ ճանաչել: Թող Քո Խոսքը բնակվի իմ մեջ: Ջրի՛ր Քո Հոգով: Եթե Հիսուսին հարություն տվող Հոգին բնակվում է ձեր մեջ, դուք զորությամբ կյանք եք ստացել և դուք առաջնորդվում եք, որը կենդանացնում է Խոսքը ձեզ համար, որ հավատաք այդ Խոսքին: Փոքրիկ սերմը աճելով ճամփա է հարթում դեպի վեր: Պենտեկոստեի օրը նրանց մարմինները ստացան հարության Կյանքը՝ նոր կյանք ստանալու համար: Բայց նայեք այդ վախկոտներին: Շատ երկա՞ր եմ ձեզ պահում… բայց տեսնում եք, որ ես…. ես ինձ լավ եմ զգում: Այո՛, նրանք վախկոտներ էին: Բայց մեխանիզմը կար, հասկանու՞մ եք: Մինչդեռ նրանք կանգնած էին այնտեղ, ասում էին. «Ո՛հ, նրանք ինձ վախեցնում են: Ես վախենում եմ գնալ և ինչ-որ բան պահանջել, այդ եպիսկոպոսների, այդ բոլոր մարդկանց պատճառով: Ես վախենում եմ այդ ասել, վախենում եմ ասել, որ հավատում եմ Նրան: Ո՛հ, ես չեմ կարող նման բան անել»: Տեսնու՞մ եք: Բայց հանկարծ եկավ Դինամիկան: Այո, իսկ ի՞նչ արեց նա: Ոչ միայն լցրեց նրանց հոգին, այլև Կյանք տվեց մեխանիզմին: Նրանք աշխուժացան: Այլևս վախկոտներ չէին: Նրանք գնացին ժողովրդի առաջ և ասացին. «Ո՛վ Հրեաստանի մարդիկ ու բոլորդ, որ Երուսաղեմում եք ապրում…»: Դինամիկան գալուց առաջ կար միայն մեխանիզմը: Տեսնու՞մ եք: «Ո՛վ Հրեաստանի մարդիկ ու բոլորդ, որ Երուսաղեմում եք ապրում, սա թող հայտնի լինի ձեզ և իմ խոսքերին ականջ դրեք: Որովհետև սրանք ոչ թե, ինչպես դուք եք կարծում, հարբած են…»: Ես նրանցից մեկն եմ: Սա հենց այն բանն է: Ես ձեզ ցույց կտամ, թե ինչ է դա: Սուրբ Գրքում գրվածն է սա: Սա հենց այն բանն է: (ինչպես միշտ ասել եմ՝ եթե սա այն չէ, ուրեմն սա կպահեմ, մինչև այն գա): «… այլ սա Հովել մարգարեի միջոցով ասվածն է՝ «Եվ վերջին օրերին,---- ասում է Աստված,---- այնպես կլինի, որ իմ Հոգուց ամեն մարմնի վրա կթափեմ»: Տեսնու՞մ եք, Դինամիկան եկավ մեխանիզմի մեջ: Նրանք այլևս վախ չունեին: Ձեզանից ոմանք վախենում են, որ որևէ կին կարող է ձեզ ծաղրել, որովհետև երկար մազեր ունեք և այլևս չեք շպարվում: Տղամարդկանցից ոմանք վախենում են, որ կազմակերպությունը իրենց կլքի, եթե իրենց եկեղեցու անդամներին մկրտեն սուրբգրային մկրտությամբ: Դուք պարզապես պետք է փակվեք Վերնատանը, մինչև Դինամիկան գա: Դա այդպես է: Զորությունը նրանց փոխեց: Կյանք տվեց: Ուրիշ մարդիկ դարձրեց նրանց: Այդ պահից սկսած նրանք վերափոխված ժողովուրդ դարձան: Վախկոտների՝ նրանց նախկին կյանքը փոխվեց և նմանվեց Հուդայի ցեղից եղող Առյուծի կյանքին: Նրանք նահատակությունից չէին վախենում. նրանց գլխիվայր խաչեցին, այրեցին, առյուծների կերակուր դարձրին. նրանք վախկոտներ չէին, ընդհակառակը, մահը չէր կարող նրանց հաղթել: Դինամիկան եկել էր մեխանիզմի մեջ: Այո, պարոնայք, այն հարություն էր տվել նրանց մահկանացու մարմիններին: Եվս մի բան՝ դա ապացուցելու համար: Գիտե՞ք, թե ինչ աստիճանի Կյանքը մտավ նրանց մեջ: Նրանք բարձրացվել էին մինչև երկնային վայրեր, և նրանց մահկանացու մարմինները այնպիսի կյանք ստացան, որ նույնիսկ նրանց լեզուն փոխվեց: Նրանց խոսելաձևն էլ կենդանացրեց: Այդպես է ասում Աստվածաշունչը: Նրանց մահկանացու մարմինները կյանք ստացան, փոխվեց նրանց լեզուն, մտքերը, հոգին և կյանքը: Ամեն բան նրանց մեջ կենդանացավ: Նրանք փորձում էին խոսել, բայց այլևս չէին կարողանում մարդկանց լեզուներով խոսել: Նրանք այնպես էին լցված Աստծո զորությամբ, որ սկսեցին խոսել նոր լեզուներով, երկնային լեզվով: Ո՛հ, ինչպիսին է հարության զորությունը: Եթե Հիսուսին հարություն տվող Հոգին բնակվի ձեր մեջ (ալելուիա), Կյանք կտա ձեր մահկանացու մարմիններին: Նա ձեզ կմղի անելու բաներ, որոնք նախկինում չեք արել: Նրանք լցված էին Հարության Զորությամբ: Հասկանու՞մ եք այդ: Ձեր մարմինը այլևս չի ենթարկվում մեղքին: Ձեր փափագները… Եթե նա ձեզ ասում է. ---- Գնանք այնտեղ: Դուք ասում եք. ---- Լռիր: ---- Ո՛հ, մենք ունենք ամենամեծ…. ---- Լռիր: Անշուշտ, դուք արծիվ եք: Արդեն նկատե՞լ եք ծեր արծվի վեհությունը: Նա անգղի պես չի ցատկոտում ամեն դիակի և գետնին ընկած լեշի հետևից: Նա վեհությամբ է քայլում: ---- Լռիր: ---- Ո՛հ, բայց այստեղ լավ ընթրիքներ են տալիս: ---- Ո՛չ, շնորհակալություն: Դա ինձ համար չէ: Իմ ցանկությունները փոխվել են: Ուրիշ է իմ ախորժակը: Որովհետև աշխարհի լեշերով չի ապրի մարդ, այլ Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքով: Ահա թե ինչով է սնվում Կյանք ստացած ճշմարիտ արծիվը: Ամե՛ն: Ո՛հ, Նա Քրիստոսին հարություն է տվել մեռելներից, և երբ Նա բնակվում է ձեր մեջ, ձեր մահկանացու մարմինը հարություն է առնում և մտնում Նրա ներկայության մեջ: Դուք ճանաչում եք նրան: Դուք այլևս անգղի նման աղբահավաք չեք, այլ արծիվ: Դուք այլևս աշխարհիկ բաներին չեք փափագում: Դուք Աստծո որդի եք, Աստծո դուստր: Ձեր կերակուրը գալիս է մի աղբյուրից, որը բոլորովին անծանոթ է աշխարհին: Աշխարհը չգիտի այդ: Դուք ուտում եք պահված մանանայից, որի մասին աշխարհը չգիտի, որովհետև դուք արծիվ եք: Դուք կյանք եք ստացել, որպեսզի փնտրեք դա այնտեղ, որտեղ գտնվում է: Դուք չեք կարող դա ստանալ այստեղ, պետք է փնտրեք այնտեղ՝ վերևում: Դուք պետք է Կյանքը ստանաք, որպեսզի բարձրանաք մինչև այնտեղ և ստանաք կենարար կերակուրը: Ի՞նչ արեցին նրանք: Խոսեցին ուրիշ լեզուներով: Աստվածաշունչն է այդ ասում: Նրանք խոսում էին երկնքի տակ գտնվող բոլոր լեզուներով: Կարո՞ղ եք պատկերացնել այդ: Եվ այդ մահկանացու մարմինները, որոնք ասում էին՝ «Չգիտեմ, թե կարող եմ դրան հավատալ», հանկարծ կյանք ստացան, այնպես, որ Հուդայի ցեղից եղող Առյուծի ողջ քաջությունը իջավ նրանց վրա, մինչ այդ Որան երերացվում էր: Ո՛հ, այդ Արծիվը գալիս է կանչելու Իրեն պատկանողներին: Եվ իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ: Ամեն: «Ուրիշ շատերն էլ արյուն կթափեն Ավետարանի համար Սուրբ Հոգու»: Վերջին օրերում Որդին նորից պետք է բացահայտվի Հարսի մեջ. Կյանքի Զորությունն է գալու, որը հարություն է տալու շատերին, որոնք մեռած են հարանվանություններում և իրենց հավատամքներում՝ նրանց բերելով կենդանի Աստծո կենդանի Խոսքը: Ո՛հ, այդ Զորությունը նրանց հարություն կտա և նոր կյանք կբերի: Նույնը նա անում է մեզ համար հիմա: Նրանք այնպիսի Կյանք ստացան, այդ կենարար Զորությամբ: Այն ժամանակ … (ուշադիր լսեք. փորձում եմ ձեզ ցույց տալ): Կյանքի զորությունը ոչ միայն կար նրանց մեջ, այլև նրանք լցված էին դրանով: Դինամիկան եկավ ոչ միայն կյանք տալու համար, այլև կյանք տվեց ողջ մեխանիզմին: Նրանք այնպիսի կյանք ստացան, որ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել: Քրիստոսի հարության զորությամբ այնպիսի կյանք ստացան, որ երբ ձեռք էին դնում հիվանդների վրա, նրանք բժշկվում էին: Այդ զորությունը կյանք է տալիս ձեր մահկանացու մարմնին: Նրանք բժշկվում էին ձեռնադրության միջոցով: Եվ Հոգին նրանց տվեց այնպիսի հաղորդակցություն Աստծո հետ, նրանք Աստծո ներկայության մեջ ստացան հարության այնպիսի զորություն, որ եթե մի մարդ մեռնում էր, և նրա հոգին հեռանում էր մարմնից, այդ զորությունը կյանքի էր բերում: Ո՛հ, ինչպիսի՜ փառք: Դա ճիշտ է: Կյանքը… Հարությունը միայն Նրա համար չէր, այլ ամեն նախասահմանված Սերմի, կյանք ստացած մահկանացու մարմինների: Նրանք ձեռք էին դնում հիվանդների վրա, և հիվանդները առողջանում էին: Նրանք աղոթում էին, Հոգով տեսիլքներ էին տեսնում, հարություն էին տալիս մեռելներին: Այդ ամենը ճիշտ է: Զորությունը կյանք տվեց մահկանացու մարմիններին: Եթե այդ Զորությունը մտնի ձեր մեջ (դուք միշտ էլ կարող եք հավակնել, թե այն ձեր մեջ է), եթե իսկապես լինի ձեր մեջ, նշանները կուղեկցեն: Զորությունը կյանք է տալիս ձեր մահկանացու մարմնին: Այն կյանք է տալիս: Նկատեք սա. նրանք Կյանք ստացան, որը նրանց առաջնորդեց Աստծո ներկայության մեջ: Ինչու՞: Գործում էր Աստծո Հոգին, որը հարություն տվեց Հիսուսին: Եվ եթե Աստծո Հոգին… «Նա նրանց տալիս է հավիտենական կյանք (հունարենում՝ «զոե»), որ գալիս է նրանց մեջ և կենդանացնում նրանց միտքը»: Բայց ինչպե՞ս կարող եք ասել, որ այդ Հոգին բնակվում է ձեր մեջ, եթե արել եք այն ամենը, ինչը ճիշտ եք համարել դուք: Ահա այն նշանը, ոը ձեզ ցույց կտա, թե դուք ընդունել եք Նրան, թե ոչ: Եթե Քրիստոսի մեջ բնակված հոգին բնակվում է ձեր մեջ, Նա ձեզ կառաջնորդի Խոսքի մեջ, որովհետև Նա Խոսքն է: Իսկ եթե ձեզ Խոսքից դուրս է առաջնորդում, ուրեմն Քրիստոսի Հոգին չի: Կարևոր չէ, թե ինչ եք արել, բայց երբ դա ձեզ մոտեցնում է Խոսքին… «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը և կապրեն ամեն Խոսքով…»: Վերջերս ես խոսում էի այս մասին. իմ ծեր մայրը (նա արդեն հեռացել է) ուրիշների նման չէր: Գիտեք, որ նա կիսով չափ հնդկուհի էր և բավականին տարօրինակ: Տարօրինակ բաներից մեկն այն էր, որ նա երազ չէր տեսնում: Կարծեմ՝ ողջ կյանքում չորս կամ հինգ անգամ է երազ տեսել, բայց հենց, որ երազ էր տեսնում, կատարվում էր: Նրա երազները կատարվում էին: Ես հիշում եմ իմ քարոզչական ծառայության սկիզբը. վաղուց էր դա: Մենք ճանապարհի եզրին ենք բնակվում. այստեղից մոտիկ է: Եվ ես քարոզում էի այստեղ, հենց այս եկեղեցում: Մայրս մի երազ տեսավ: Նա տեսավ, որ ես կանգնած էի երեք աստիճանների մոտ: Եվ անցորդներին քարոզում էի, որ պետք է անցնեն այս երեք աստիճաններով, որպեսզի հասնեն մեծ ճանապարհին: Իսկ մեծ ճանապարհի վրա մարգարտե-ճերմակ շերտագիծ կար, որը հասնում էր մինչև երկինք, մինչև մարգարտյա դարպասներ: Եվ այդ մարգարտյա շերտագիծը տարածվում էր այդ երեք աստիճանների վերևից: Մի՞թե դա իմ այսօրվա պատգամը չէ՝ արդարացում, սրբացում, Սուրբ Հոգով մկրտություն: Ասացի, որ անհրաժեշտ էր բարձրանալ այդ երեք աստիճաններով՝ մեծ ճանապարհին հասնելու համար: Մայրս ասաց, որ տեսավ մի կնոջ, որը մոտենում էր: (Հիշու՞մ եք, թե մարդիկ ինչ կոշիկներ էին այն ժամանակ հագնում): Նա հագել էր բարձր, սուր կրունկներով կոշիկներ, ինչպիսիք հիմա էլ են հագնում: Ես ասացի. «Սպասեք, քույրս: Դուք չեք կարող մեծ ճանապարհի վրա քայլել այդ կոշիկներով: Դա անհնար է»: Նա ասաց. «Անհնա՞ր է»: Նա շրջվեց, նայեց մյուս կանանց և ասաց. «Մի հավատացեք նրան, նա խելագար է: Մի՛ հավատացեք նրան: Ես նրան ցույց կտամ, որ կարող եմ արդարացված, սրբացված, Սուրբ Հոգով լցված լինել և քայլել այս կոշիկներով, չնայած ամեն ինչին»: Ես թույլ տվեցի, որ նա անցնի: Ես ոչինչ չէի կարող անել նրան կանգնեցնելու համար: Նա ցատկեց մեծ ճանապարհի վրա, շրջվեց դեպի մյուս քույրերը և ասաց. «Տեսնու՞մ եք, ես ձեզ ասում էի»: Նա շարունակեց ճանապարհը… Դուք գիտեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը Ես.3-րդ գլխում. նրանք բարձր պարանոցով և անհամեստ հայացքներով են քայլում, կաքավելով են գնում և ոտքերով շաչյուն են հանում՝ վերջին ժամանակների Սիոնի աղջիկները: Նա սկսեց վազել հնարավորին չափ արագ, բայց աստիճանաբար ճանապարհը նեղանում էր: Շուտով նրա գոռոզ քայլվածքը իրեն սայթաքել էր տալիս, նա կորցրեց հավասարակշռությունը և ընկավ ճանապարհից դուրս: Եվ մայրս ինձ ասաց. «Ավելի սարսափելի աղաղակներ չեմ լսել, քան այդ կնոջ աղաղակները, երբ նա ավելի ու ավելի էր սուզվում բոցերի և ծխի մեջ»: Հետո մայրս ասաց, որ ես շրջվեցի և ասացի մյուսներին. «Դուք տեսա՞ք այդ»: Նա հնազանդվեց բոլոր խոսքերին, բացի մեկից, բոլորին, բացի մեկից: Անկասկած, հոգեգալստական կանայք կարող են փրկված, սրբացած և Սուրբ Հոգով լցված լինել, հետո նորից ընկնել: Անկասկած: Մարդ ոչ միայն հացով կապրի, այլ ամեն Խոսքով… Նա նորից ընկավ: Ինչպես ասացի, նա կարող էր այնտեղ գնալ, բայց չուզեց լսել: Ես նրան ասել էի, թե ինչ է իրեն սպասում: Իսկ Տերը Ավետարանը գրել է աշակերտների և առաքյալների ձեռքով. Նա տվել է առաքյալների և մարգարեների վարդապետությունը, բայց նրանք չեն ուզում լսել: Նկատեք սա. Կյանքի զորությունը՝ Զոեն, որ բերում է Խոսքը… Քրիստոսում եղած զգացմունքները եղան ձեր մեջ: Ես փորձում եմ ձեզ ցույց տալ, որ երբ Աստված հարություն տվեց Հիսուսին մեռելներից, ձեզ էլ հարություն և կյանք տվեց (այժմ դուք հարություն եք առել կյանքի համար), թեև այն ժամանակ դուք միայն Նրա մտքում էիք, բայց Աստված Նրանով ամեն բան կանխատեսել էր մինչև վերջնական իրականացումը: Երբ Աստված նայեց մարմնին…. (Հոգին Նրան լքել էր Գեթսեմանի պարտեզում. Նա պետք է որպես մարդ մեռներ): Հիշեք, սիրելի բարեկամներ, Նա պարտավոր չէր այդ անել, Նա Աստված էր: Աստված օծել էր այդ մարմինը, այդ մարդկային մարմինը, և Նա պարտավոր չէր…Եթե Նա գնար այնտեղ որպես Աստված, երբեք այդպես չէր մահանա. Աստծուն չեն կարող սպանել: Նա պարտավոր չէր այդ անել, բայց երբ Նա գնաց այնտեղ, դուք Նրա մեջ էիք: Հասկանու՞մ եք: Աստված դեռևս երբեք չէր բաժանել Հարսին Փեսայից: Եվ երբ Աստված հայացքն ուղղեց Քրիստոսի Մարմնին, միաժամանակ արու և էգ տեսավ: Ամեն բան փրկագնված էր այդ մեկ Մարմնի մեջ: Նրանք մեկ են, նույն Խոսքը: Այն Խոսքը, որը խոսում է Փեսայի մասին, խոսում է նաև Հարսի մասին: Ուրեմն ինչպե՞ս կարող է Հարսը չդրսևորել Փեսային խոստացված բոլոր բաները, և ինչպե՞ս կարող է Փեսան մեկ չլինել Հարսի հետ: Բայց երբ Նա կատարեց ամեն բան և հաստատեց դրանք մեռելներից հարություն առնելով, մի՞թե Հարսը չպետք է նույնն անի և լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին Խոսքն է ասում, որ նա կլինի վերջին օրերում: Նա չպե՞տք է վերադառնա Մաղաք. 4-րդ գլխում գրվածին: Չպե՞տք է բացահայտվի այնպես, ինչպես եղել է Սոդոմի օրերում: Չէ՞ որ աշխարհը պետք է հենց այնպիսին դառնար, ինչպես հիմա է: Այդ ամենը կատարելապես չի՞ համապատասխանում Աստծո Խոսքին, որ մեզ համար բացվել է: Սիրելի բարեկամներ, գիտեմ, որ ձեզ երկար եմ պահում (տասնհինգ րոպեից ճաշի ժամ կլինի): Բայց գուցե հասցնեմ հիմա վերջացնել: Բայց տեսեք, թե ինչքան կատարյալ է այս ամենը: (Ես չգիտեմ, թե էլ երբ ձեզ կտեսնեմ): Ուշադրություն դարձրեք այդ բաներին: Աստված Փեսայի մեջ նախատեսել էր Հարսին: Ալելուիա: Իր Հարսին փրկելու համար Նա պետք է (Ադամի նման) քայլեր նրա հետ: Ադամը գիտեր, թե ինչ էր անում: Եվան չգիտեր, թե ինչ էր անում, բայց Ադամը գնաց իր կնոջ հետ: Եվ Հիսուսը գրավեց Իր Հարսի տեղը, մեղք դարձավ նրա համար: Հիշեք այս. Նա գրավել է ձեր տեղը, Նա վերցրել է Իր վրա ձեր պատիժը, որպեսզի դուք գրավեք Նրա տեղը: Ինչպիսի՜ սեր, ինչպիսի՜ հաղորդակցություն: Ինչպե՞ս կարող ենք մերժել այդ սերը: Ինչպե՞ս կարող ենք չսիրել Նրան, բարեկամս: Ես կարող էի այս թեմայի վերաբերյալ ժամերով խոսել, բայց առաջ գնանք մի քիչ: Այսօրվա Հոգեգալուստի փորձառությունը, Սուրբ Հոգու օծությունը, որը խոստացվել է վերջին օրերի համար, իրավական փաստաթղթի նման է: Դուք կարող եք սեփականության վերաբերյալ փաստաթուղթ ստանալ: Դուք կարող եք փաստաթուղթ ստանալ ինչ-որ վայրի սեփականության վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ այդ վայրը ձեզ կպատկանի: Ոչ, պարոն: Ինչ-որ մեկը կարող է գալ և հայց ներկայացնել այդ գույքի վերաբերյալ: Բայց երբ իրավական փաստաթուղթ ունես, դրա դեմ եղած ամեն առարկություն միանգամից մերժվում է: Մի՞թե այդպես չէ: Երբ մարդն ասում է, որ հավատում է Խոսքին, և Սուրբ Հոգին գալիս է. դա իրավական փաստաթուղթն է: Եթե իրավական փաստաթուղթ ունես, դա քեզ թույլտվություն է տալիս… փաստաթղթում նշված ամեն բան, առանց վերապահման, ձեզ է պատկանում: Ամեն: Այսպես մենք իրավունք ենք ստանում, երբ Սուրբ Հոգին իջնում է այն Փաստաթղթի վրա, որն Աստված նախատեսել էր աշխարհի ստեղծումից առաջ: Նա գրել է ձեր անունը Կյանքի Գրքում, բայց, ծնվելով տղամարդուց ու կնոջից, դուք մեղքի ենթակա եք եղել և մեղավոր: Բայց երբ հավատացի, ստացա այդ Փաստաթուղթը: Դա Իրավական փաստաթուղթ էր, որ այն ամենը, ինչ ինձ հակառակ էր, այն, ինչ արել էին իմ մայրը, հայրը, տատը… (ինչպես այն ընկնավոր երեխան, որի համար քիչ առաջ աղոթեցի. դա նրան փոխանցվել էր նախածնողներից)…Բայց երբ հայտնվեց Իրավական փաստաթուղթը, ջնջեց, չեղյալ համարեց ամեն ինչ: Ուրեմն ես Իրավական փաստաթուղթ ունեմ: Ամեն: Եվ ինչքան, որ հաստատ է, որ Սուրբ Հոգին է Քրիստոսին մեռելներից հարություն տվել, նույնքան հաստատ է, որ ես Իրավական փաստաթուղթ ունեմ, որը հաստատում է, որ ես Մարմնի անդամ եմ. Սուրբ Հոգու այդ Իրավական փաստաթուղթը Կյանք է տալիս Խոսքի մարմնին, ինչպես Նրան տվեց, ինչպես խոստացել է, որ նույնը կանի վերջին օրերում: Իրավական փաստաթուղթը: Բոլոր իմ մեղքերը ջնջված են: Բոլոր ձեր մեղքերը ջնջված են Հիսուս Քրիստոսի Արյունով, և Սուրբ Հոգին եկել է որպես Իրավական փաստաթուղթ, որն Աստված ինձ շնորհքով է տվել, նախասահմանությամբ: Ո՛հ, Տե՛ր: Ինչու՞ եք վախենում: Զարմանալի չէ, որ գրված է. «Մի՛ վախեցեք: Ես Նա եմ, որ մեռած էի, ու հիմա կենդանի եմ հավիտյան: Ես ունեմ մահվան ու դժոխքի բանալիները: Ոչնչի համար մի անհանգստացեք, մահը ձեզ ոչինչ չի կարող անել»: Ի՜նչ գեղեցիկ է այդ: Շտապենք մի քիչ: Իրավական փաստաթուղթը… Պարտքը վճարված է: Ամեն բան ջնջվել է: Փառք Աստծուն: Գուցե տարօրինակ ձևով եմ ինձ պահում, բայց այնքա՜ն երջանիկ եմ: Դուք հասկացա՞ք: Իրավական փաստաթուղթ: Ըմբռնու՞մ եք, թե դա ինչ է նշանակում: Հասկանու՞մ եք, թե դա ինչ է նշանակում, սիրելի եղբայրներ: Ոչինչ չի կարող ձեզանից վերցնել այդ: Ամեն: Ես այդպիսի Փաստաթուղթ ունեմ: Ամեն: Ի՞նչ է այդ Փաստաթուղթը: Ես օգուտ եմ ստացել Նրա մահից, թաղումից, հարությունից: Նա դարձել է ես, որ ես դառնամ Նա: Նա մեղավոր է դարձել, որ ես որդի դառնամ (ամեն) և ստանամ այդ Իրավական փաստաթուղթը, որովհետև «… հավատացողներին այս նշանները կհետևեն»: Տեսնու՞մ եք: Իրավական փաստաթուղթը: Մոտ տասը րոպե էլ ժամանակ ունենք: Եկեք ևս մի քանի խոսք ասենք Հոգու տված Կյանքի վերաբերյալ: Ես ձեզ ցույց կտամ մի քանի նշաններ, որպեսզի ավելի լավ հասկանաք: Տեսեք, թե Հարության այդ Զորությունը (Որդու հարությունից հետո դա էր իմ քարոզի թեման) ինչ արեց աշակերտներին Պենտեկոստեի օրը: Այդ Զորությունը նրանց կյանք տվեց: Տեսեք, թե այդ Զորությունը ինչպես ներգործեց Ստեփանոսի վրա: Ստեփանոսը լցված էր Հարության Զորությամբ, այդպես չէ՞: Նա լցված էր Հարության Զորությամբ: Դա նրան քաջություն էր տալիս: Նա ասում էր. «Խստապարանոցներ և սրտերով ու ականջներով չթլփատվածներ, դուք Սուրբ Հոգուն միշտ հակառակվում եք. ինչպես ձեր հայրերը, այնպես էլ դուք: Ձեր հայրերը մարգարեներին ո՞րին չհալածեցին. սպանեցին նրանց, ովքեր նախապես պատմեցին այն Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք հիմա»: Ո՛հ, նրա մեջ ինչ-որ բան կար: Նա լցված էր Հարության Զորությամբ: Բայց ուրիշներն ասում էին. «Ազատվենք նրանից»: Եվ երբ նա մեռավ (նրան քարկոծեցին, քարերը հարվածում էին նրա գլխին), նայեց և ասաց. «Երկինքը բացված եմ տեսնում»: Դա Հարության Զորության գործն էր: «Տեսնում եմ երկինքը բացված և Մարդու Որդուն Աստծո աջ կողմում կանգնած»: Ահա թե ինչ արեց Ստեփանոսի համար Հարության Զորությունը: Խոսենք մեկ ուրիշ մարդու մասին, որը նույնպես ուներ Հարության Զորությունը: Նրա անունը Փիլիպոս էր: Նա լցված էր Հարության Զորությամբ և մեծ հավաքույթներ էր անցկացնում Սամարիայում: Դևերը դուրս էին գալիս, մարդիկ մկրտվում էին Հիսուս Քրիստոսի անունով: Նրանք մեծ հավաքույթներ էին անցկացնում և այդ ժամանակ Սուրբ Հոգին խոսեց Նրա հետ. Դինամիկան իջավ և նրան ասաց. «Թող այս արթնության ժողովը»: ---- Բայց ի՞նչ կասեն բոլոր այս հովիվները: ---- Դա կարևոր չէ: Հասկանու՞մ եք: Նա լցված էր Հարության Զորությամբ: Վառելանյութը կար… Դինամիկան իջավ նրա վրա և ասաց. «Գնա անապատ»: Այնտեղ գտավ մի ներքինու և նրան մկրտեց Հիսուս Քրիստոսի անունով: Եվ ահա մի մարդ, որը Պատգամը տարավ Եթովպիա: Մի՞թե այդպես չէ: Նա հնազանդվեց Աստծուն: Աստծուն հնազանդվելու համար, եթե դեռ չեք մկրտվել Հիսուս Քրիստոսի Անունով, մկրտվեք և կտեսնեք, թե ինչպես է Հարության Զորությունը իջնում ձեզ վրա: Երբ Փիլիպոսն արեց այդ փառավոր քայլը՝ թողեց արթնության ժողովները հնազանդվելու համար Աստծո պատվերին և մկրտեց ներքինիին Աստծո կամքի համաձայն, այնպես լցվեց Հարության Զորությամբ, որ հափշտակվեց: Այդ զորությունը Կյանք կտա ձեր մահկանացու մարմիններին, եթե Հիսուսին մեռելներից հարություն տվող Հոգին… Այդ զորությունը Փիլիպոսին այնպիսի կյանք տվեց, որ նա հափշտակվեց գուցե մինչև 200 կիլոմետր հեռավորության վրա, հայտնվեց երկրի մեկ ուրիշ վայրում: Այդ զորությունը Կյանք տվեց նրա մահկանացու մարմնին: Ինչպե՞ս: Դա կատարվեց, որովհետև նա այնքան լցված էր Հարության Զորությամբ: Ո՛հ, կենդանի Աստծո Եկեղեցի: Մենք չպետք է բավարարվենք սառնաշաքարե ձողիկներով, որոնցով կերակրվում ենք այսօր: Մենք պետք է լցվենք Հարության Զորությամբ, մինչև Սուրբ Հոգին գա… Մի օր պետք է հափշտակվենք: Այո, պարոնայք: Ամե՛ն: Ներեցեք այս արտահայտությանս համար: Ես հիշեցի այն մայրերին, որոնք փոքրիկ պարկեր էին կարում իրենց փոքրիկների համար: Տատիկներից ոմանք կհիշեն այդ: Երբ փոքրիկը սկսում էր ճչալ, վերցնում էիք մի քիչ սուրճի մրուր և շաքարավազ, լցնում այդ փոքրիկ պարկերի մեջ և տալիս էիք, որ երեխան ծծի, նրան հանգստացնելու համար: Դրա մեջ կոֆեին կար, իսկ շաքարը օգնում էր, որ կուլ տա այն. այդպիսով կոֆեին էին ներարկում նրա մեջ: Մենք հոգնել ենք բոլոր այդ հիմարություններից: Վերադարձեք բնօրինակին: Դուք արծիվներ եք: Վերադարձեք Աստծո Խոսքին: Հաստատուն եղեք: Ոչինչ չի կարող վիրավորել ձեր զգացմունքները: Հետևաբար դուք ազատ եք մարդկային գայթակղություններից: Ինչ էլ ձեզ հակառակ ասեն, դա ավելացնում է ձեր սերը: Դա Հարության Զորությունն է: Երկնքում արծիվը թռչում է հավերի վերևում և թափ է առնում երկնային վայրերում Հիսուս Քրիստոսով: Ո՛հ, այդ Զորությունը Փիլիպոսի վրա էր, որովհետև Կյանք տվեց նրան և հեռու տարավ: Խոսենք մեկ ուրիշ մարդու մասին: Նրա անունը Ենովք է: Նա քայլեց Աստծո ամեն Խոսքի հետ մոտ երեք հարյուր տարի: Նա տվեց այս վկայությունը. «Երբեք անհնազանդ չեմ եղել Խոսքին»: Նա այնքան լցված էր Հարության Զորությամբ, որ երբ Դինամիկան իջավ մեխանիկայի վրա, նույնիսկ կարիք չեղավ, որ նա մեռնի. նա պարզապես Տուն գնաց: Նա սկսեց պարզապես քայլել… Ինչպես Փիլիպոսը. նա այնքան լցվեց Հարության Զորությամբ, որ փոխանակ սկսեր քայլել դեպի Գազա… նրան գտան վերին ափերում: Նա պարզապես ասաց. «Ես ծեր եմ, իմ մեջ այնքան կա Հարության Զորությունը, որ ես պարզապես քայլելով կգնամ երկրից»: Մենք ունենք հիմա Հարության Զորությունը: Այն կյանք կտա ձեր մահկանացու մարմիններին: Մի՞թե այդպես չէ: Դա Հարության Զորությունն է: Ենովքը ունեցավ այս կատարյալ վկայությունը. «Այն, ինչ ինձ Աստված ասաց անել, ես արեցի, այն, ինչ տեսա, որ պատվիրում է, կատարեցի»: Նա այնպես էր լցված Խոսքով, որ երբ Հարության Զորությունը իջավ մեխանիզմի վրա, պարզապես հափշտակեց նրան: Նա պարզապես երկրից քայլեց դեպի երկինք: Հիշենք նաև Եղիային՝ այդ մեծ մարգարեին, որը իր ժամանակ հանդիմանում էր շպարված դեմքով կանանց, Հեզաբելներին, Աքաբներին… Թվում էր, թե ոչ ոք չի աջակցում իրեն: Նա հանդիմանում էր այնտեղ կանգնած, և Աստված հոգ տարավ նրա համար իր գնացած բոլոր վայրերում: Հիշեք, մի օր նա հոգնած էր, ասաց. «Ես ծերանում եմ, ավելի հեռուն չեմ կարող գնալ»: Ենթադրում եմ, որ իննսուն տարեկան պետք է լիներ նա: Նա իրոք ծեր էր, քայլում էր այնտեղ և այնպես էր լցված Հարության Զորությամբ, որ գիտե՞ք, թե ինչ կատարվեց: Նա նայում էր Հորդանանի մյուս ափին (Ո՛հ, Աստված իմ: Ես գրեթե կարող եմ տեսնել մյուս ափը: Իսկ դու՞ք): Նա այնպես լցված էր Հարության Զորությամբ, որ տեսավ այնտեղ կանգնած մի կառք՝ հրեղեն ձիերով. այդ ժամանակ նա պարզապես անցավ գետը և գնաց Տուն, նույնիսկ առանց մեռնելու: Հարության Զորության պատճատով երկնքից կառք ուղարկվեց նրա հետևից: Նա հանեց իր վերարկուն և նետեց Եղիսեին: Դա ճիշտ է: Եղիսեն վերցրեց վերարկուն (տեսնում եք, որ նորից Եկեղեցու խորհրդապատկերն է): Նա Եղիայից երկու անգամ շատ հրաշքներ գործեց (Քրիստոսի և Եկեղեցու խորհրդապատկերն է): Եղիան չորս հրաշք գործեց, իսկ նա՝ ութ: Նա կրկնակի զորություն ստացավ, որովհետև խնդրեց այդ: «Ինձանից ավելի մեծ գործեր կանեք»: Դուք գիտեք, որ այդ Հարության Զորությունը չլքեց նրան: Նրա մահից երկար ժամանակ հետո, երբ միայն ոսկորներն էին մնացել, մարմինն անհետացել էր, նա պառկած էր գերեզմանում: Եվ երբ այնտեղ մարդ էին թաղում, նկատեցին թշնամու զորքերին և այդ մարդուն նետեցին Եղիսեի գերեզմանը: Դիակը դիպչեց Եղիսեի ոսկորներին, և այնքան Հարության Զորություն կար այդ ոսկորներում, որ այդ մարդը հարություն առավ և ոտքի կանգնեց: Ո՛հ այո, Նա հարություն կտա ձեր մահկանացու մարմիններին: Չնայած, որ Եղիսեից միայն մի կույտ ոսկորներ էին մնացել, Հարության Զորությունը շարունակում էր հանգչել այդ հողի մեջ: Ալելուիա: Քրիստոսին հարություն տվողը հարություն կտա ձեր մահկանացու մարմիններին: Այդ մարդիկ՝ Եղիան և Եղիսեն… Հիշեք, որ այդ դիակը, այդ մարգարեն այնպես լցված էր Հարության Զորությամբ, որ չնայած իրենից միայն ոսկորներ էին մնացել, որ երբ մեռածին նետեցին նրա գերեզմանը և դիակը դիպչեց նրա ոսկորներին, դա նրան հարություն տվեց: Նա դեռևս կարող էր հիվանդների վրա ձեռք դնել: Այդպես չէ՞: Հիշեք նաև, որ մենք մարմին ենք Նրա՝ Հիսուս Քրիստոսի մարմնից: Մենք մարմին ենք Նրա մարմնից և ոսկոր՝ Նրա ոսկորից: Ո՛հ, ուրիշ հնարավորություն չկա: Մենք հարություն կառնենք. դա հաստատ է: Մենք հարություն կառնենք: Զատիկն ավելին է, քան միայն ավանդույթը: Դա ուժի մեջ է նաև այսօր, որովհետև մեր մարմինները հարություն են առել Նրա հետ, և մենք նստած ենք երկնային վայրերում: Հնարավոր է, որ այս մարմինը քայքայվի ծովում, հնարավոր է, որ քայքայվի հողում, հնարավոր է, որ դրանից միայն մի կույտ մոխիր մնա, միևնույն է, հարություն կառնի: Որովհետև իմ Տիրոջը մեռելներից հարություն տվող Հոգին Կյանք է տվել այս մահկանացու մարմնին: Նա կյանք է տվել ձեր մահկանացու մարմնին: Եվ մենք օգտվում ենք Նրա հարությունից, Հավիտենական Կյանքի փաստաթղթից, որի մասին այնքան խոսել եմ: Զարմանալի չէ, որ Նա ասում է. «Ոչնչից մի՛ վախեցիր»: Նա գիտեր, որովհետև Պողոսն ասել էր. «Մահ, ու՞ր է քո խայթոցը, գերեզման, ու՞ր է քո հաղթությունը: Ես լցված եմ Հարության Զորությամբ: Գոհություն Աստծուն, որ մեզ հաղթություն է տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսով»: Այո՛, սա է Հարության Զորությունը: Նա ապրում է ընդմիշտ: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նա Մեսիան է, Օծյալը: Դրա համար Նրա Հարսն էլ է օծյալ: Լավ հիշեք, որ մահը չի կանգնեցնում Աստծո Հարության Զորությունը: Այն չի կարող կանգնեցնել այդ Զորությունը: Երբ դուք ստացել եք այն, դա հավիտենական է: Ոչինչ չի կարող կանգնեցնել այդ: Դուք չեք կարող վարժեցնել այն: Դուք չեք կարող որևէ բան անել դրա հետ: Երբ ձեր օրերը հասնեն իրենց ավարտին, այդ Զորությունը կշարունակի մնալ: Այն առաջվա պես արդյունավետ է մնում: Մովսեսը լցված էր Հարության Զորությամբ: Մի՞թե ճիշտ չէ: Նա մի մարգարե էր, որի մոտ գալիս էր Խոսքը: Նա մասնակից եղավ Խոսքին: Նա Խոսքի մասնիկ էր այն օրերի համար: Մի՞թե ճիշտ չէ: Եվ իր մահից ութ հարյուր տարի հետո Եղիայի հետ կանգնած էր Այլակերպության լեռան վրա: Մահը չի կարող երբեք վերցնել Հարության Զորությունը: Ո՛չ: «Ես նրան հարություն կտամ»: Հրեշտակները եկան: Նա ինչ-որ տեղ թաղված էր հովտում: Նա վաղուց էր քայքայվել, նրա ոսկորներն էլ էին անհետացել, բայց Հարության Զորությունը միշտ այնտեղ էր: Այդ Զորությունը հարություն տվեց նրան, և ահա նա կանգնած էր լեռան վրա: Դուք կասեք. «Ի՜նչ, Բրանհամ եղբայր: Ութ հարյուր տարի հետո՞»: Եթե կարդաք Մատթ. 27:52 համարը (ես այն նշել եմ)…Նշեք այս համարը: Բոլոր նրանք, ովքեր հավատացել էին Նրա գալստին… նրանք ննջում էին հողի տակ, բայց Հարության Զորությունը նրանց վրա էր, և նրանք՝ սրբերը, պատկանում էին Նրան: Նրանք բաժին էին ստացել Նրա հետ, որովհետև հավատացել էին Նրան: Նրանք զորությամբ կյանք էին ստացել գառնուկի զոհով (քավչարար զոհով), մինչդեռ այդ զոհը չէր կարող գառան հոգին վերադարձնել մարդու վրա: Իսկ ի՞նչ կասեք այն մարդու Հոգու մասին, երբ Աստված իջավ նրա վրա: Հասկանու՞մ եք: Իսկ մենք որքան ավելի ենք ստանում Հարության Զորությունից: Մեղքերի քավության համար գառը զոհաբերվել էր որպես խորհրդապատկեր: Իսկ այն, ինչ մենք ունենք, ոչ թե խորհրդապատկեր է, այլ իրականություն: Ուրեմն ինչի՞ց պետք է վախենանք: Այն ժամանակվա մարդիկ միայն հարության խորհրդապատկերն ունեին, նրանք պետք է բավարարվեին դրանով և այդպես մտնեին գերեզման: Տեսեք Հոբին իր մեծ փորձության ժամանակ: Ամեն բան վերցվեց իրենից: Սատանան ասել էր. «Թող ինձ նրան… ես համոզված եմ, որ նա Քեզ կանիծի»: Տերը թույլ տվեց: Միայն ասաց. «Նրա կյանքին մի դիպչիր»: Նա ամեն բան վերցրեց, կյանքից բացի: Նույնիսկ նրա կինը նրա դեմ դուրս եկավ: Նա ասում էր, որ նույնիսկ նրա շունչը օտար էր նրան: Այլ կերպ ասած՝ ոչինչ չէր ուզում իմանալ Հոբի մասին: Նա այլևս նրան չէր սիրում, մերժել էր նրան: «Հոբ, դու թշվառ ես: Անիծիր Աստծուն և մեռիր»: Բայց նա պատասխանեց. «Հիմար կանանց մեկի խոսածի պես ես խոսում»: Տեսնու՞մ եք, նա կառչած էր իր ունեցածից, նա մարգարե էր: Նա ասաց. «Ես մեղք չունեմ, որովհետև մատուցել եմ նախատեսված զոհը»: Ամեն: Նա գիտեր, թե որտեղ էր կանգնած: Նա հենվում էր Խոսքի վրա: Կարևոր չէր, թե ուրիշներն ինչ էին ասում, նա ամուր կառչում էր Խոսքից: Եվ այդ սարսափելի ժամին ասում է. «Հիմար կանանց մեկի խոսածի պես ես խոսում: Տերը տվեց ու Տերը վերցրեց: Տիրոջ անունը օրհնյալ լինի»: Նաև ասում է. «Մերկ դուրս եկա իմ մոր արգանդից և մերկ պիտի դառնամ այնտեղ: Տիրոջ անունը օրհնյալ լինի»: Նա կանգնած էր այնտեղ՝ խոցերով ծածկված, ինքն իրեն քորելով, նրա երեխաները մահացել էին, նրա ունեցվածքը ոչնչացված էր, բոլոր իր բարեկամները, եկեղեցու անդամները ելել էին իր դեմ… ինչ թշվառ էր նա: Ձեզանից ոչ մեկը այդ վիճակում չի եղել: Մինչդեռ նա հավատարիմ մնաց Խոսքին. նա արծիվ էր: Անընդհատ չես կարող ծածկել նրա աչքերը: Ոհ, ո՛չ: Բայց հանկարծ, քանի որ նա հաստատուն էր Խոսքի մեջ, ի՞նչ կատարվեց: Երկինքը բացվեց, որոտ եղավ, կայծակը ճեղքեց ամպերը: Հոբը բարձրացրեց աչքերը, և մի տեսիլք հայտնվեց նրան: Այնժամ նա ասաց. «Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս կենդանի է, և Նա վերջը պիտի կանգնի հողի վրա: Եվ եթե նույնիսկ որդերն ուտեն այս մարմինն ու ոսկորները, հարության զորությունը դեռ այնտեղ կլինի: Ես դեմ առ դեմ կտեսնեմ Աստծուն: Ես անձամբ Նրան կտեսնեմ: Իմ աչքերն են նայելու Նրան, ոչ թե մեկ ուրիշը»: Մի՞թե դա ճիշտ չէ: «Երբ երիկամունքներս հալվեն իմ մեջ, երբ որդերը ուտեն իմ մարմինը…»: Գիտեք, որդերը չեն գալիս ձեր մեջ: Արդեն ձեր մեջ որդեր կան, ձեր սեփական որդերն են: Չգիտեի՞ք այդ մասին: Եթե ձեզ դնեն հերմետիկ փակված դագաղի մեջ, այնուամենայնիվ որդերը ձեզ կուտեն, որովհետև դրանք ձեր մեջ են: Նույնիսկ կարելի է ասել, որ ձեր մեջ որդերի խումբ կա: «Եթե նույնիսկ որդերը ուտեն իմ մարմինը, իմ մարմնով կտեսնեմ Աստծուն»: Իսկ այն հարության օրվա առավոտը… ինչպիսի՜ փառք: Ալելուիա: Մատթեոսը՝ այդ մեծ հեղինակը ասել է (27-րդ գլուխ, հհ. 52,53), որ Նրա հարությունից հետո, Հին Կտակարանում մահացած և հողի մեջ ննջած շատ սրբեր դուրս եկան գերեզմանից, մտան քաղաք և շատերին հայտնվեցին: Այդ Հարության Զորությունը դեռևս Եղիսեի մեջ էր այն ժամանակ, երբ իրենից միայն ոսկորներն էին մնացել, այդ Զորությունը Հոբի մեջ էր, երբ մի բուռ հող էլ չէր մնացել իր մարմնից: Հարության Զորությունը միշտ ներկա էր: «Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի Իր Հոգով, որ բնակվում է ձեր մեջ»: «Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, Նա հարություն կտա նաև ձեր մահկանացու մարմիններին»: Դուք ասում եք. «Ո՛հ, ինչքան կուզեի ապրել այն ժամանակներում…»: Բայց դուք էլ ավելի փառավոր ժամանակում եք ապրում: Այժմ… խնդրում եմ մի քանի սուրբգրային հատված նշեք: Շատ լավ է: Նշեք նաև 1Թես.4:16-ը: Հրաշալի է: Քրիստոսով ննջած սուրբերը: Աստված նրանց կբերի Նրա հետ: Գերեզմանում գտնվող սուրբերը… ոմանք հանգչում են Եղիսեի պես, ոմանք՝ Եղիայի, ոմանք հարություն կառնեն, ոմանք էլ՝ կհափշտակվեն: Ոմանք կլինեն գերեզմանում… այնուհետև մենք կբարձրանանք Նրա հետ: Աստծո փողը կհնչի, և Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն: Իսկ մենք, որ ողջ ենք մնացել, նրանց հետ կհափշտակվենք ամպերով՝ օդերում Տիրոջը դիմավորելու … Հարության Զորությունը կիջնի ողջերի վրա, Հարության Զորությունը կիջնի մեռածների վրա: Տեսնու՞մ եք, Աստծո Հարության Զորությունն է ներկա եղել երկու մարգարեների մեջ: Տեսեք, թե ինչքան նման են նրանց անունները՝ Եղիսե, Եղիա (անգլերենում գրեթե նույն հնչողությունն ունեն՝ Elisha, Elijah.ծան. թարգմ.): Տեսնու՞մ եք Հարսին ու Փեսային: Մեկը Տեր Հիսուս է, մյուսը՝ Տիրուհի Հիսուս (անգլերենում՝ Mr. Jesus, Miss Jesus): Տարբերությունը միայն Նա-ի և Նե-ի միջև է: Տեսեք, թե ինչպես է ներկայացված այստեղ: Արդ, Եղիան (որը խորհրդանշում է Եկեղեցին) հափշտակվեց երկինք: Բայց Եղիսեն հանգչում է մինչև հարության օրը: Դա կարելի է համեմատել թռչնի հետ, որը հավասարակշռությունը պահելու համար կարիք ունի երկու թևերի: Եկեղեցին խորհրդանշվում է այս երկու մարգարեների միջոցով: Որովհետև նրանք, ովքեր ողջ են և մնալու են մինչև Տիրոջ գալուստը ննջեցյալներից առաջ չեն անցնելու: Որովհետև, երբ փողը հնչի, երկու թևերը կմիանան և մենք կթռչենք: Ալելուիա: Մենք կթռչենք: Ինչու՞: Որովհետև այդ Հարության Զորությունը ապրում է թե՛ մեռածների, թե ողջերի մեջ: Մի՛ մոռացեք: Մենք կյանք ենք ստանում՝ այդ բաները զանազանելու համար: Նայեք այս օրվա Հարության Զորությանը: Հիշեք, մենք կյանք ենք ստացել… Բոլորովին վերջերս էր, որ … Կարծեմ մեր Տերն է ասել, ինչպես նաև Պողոսը. «Ես ձեզանից չթաքցրի ոչ մի բան այն ամենից, ինչ Հայրը ինձ ցույց է տվել, ես ձեզ ամեն բան ասացի»: Եվ այս վերջին օրերում տեսնում ենք, որ Հարության Զորությունը իջնում է մեզ վրա… Նա մեզ տալիս է նույն Հարության Զորությունը, որպեսզի հիվանդները բժշկվեն: Մենք տեսանք, որ Հարության Զորությունը գործում է մեր մեջ այնպես, ինչպես նախկինում է գործել: Այն վերադարձել է, մեզ տալիս է տեսիլքներ, հարություն է տալիս մեռելներին, բժշկում է հիվանդներին: Վերջերս խոսում էի Դոնավան Վիրթսի հետ (կարծում եմ, բոլորդ ճանաչում եք նրան): Նրա հետ որսի էի գնացել: Այս խեղճ բարեկամս (մի հրաշալի մարդ) գալիս է այստեղ եկեղեցի և ինձ ասում. «Ես չէի ուզենա ձեզ խանգարել»: Ես նայեցի նրա ականջին. այն լիովին ձևախախտված էր: Ես հարցրի. «Ինչպե՞ս եք, Դոնովան», և սեղմեցի նրա ձեռքը: Նա քաղցկեղ ուներ: Ես նրան հարցրի. «Դոնովան, ի՞նչ է պատահել ձեր ականջին»: Նա ասաց. ---- Չգիտեմ, Բրանհամ եղբայր: Վեց կամ յոթ ամիս է արդեն… Ես նրան հարցրի. ---- Ուրեմն ինչու՞ այդ մասին ոչինչ չեք ասել: Նա ասաց. ---- Չէի ուզում ձեզ խանգարել, Բրանհամ եղբայր: Ես հարցրի. ---- Իսկ գիտե՞ք, թե դա ինչ է: Նա պատասխանեց. ---- Կռահում եմ: Ես առանց մի բառ ասելու պարզապես ձեռքս դրի նրա վրա: Երկու օր հետո նույնիսկ սպի չէր երևում: Ուրեմն ի՞նչ էր դա: Հարության Զորությունը: Այն Կյանք է տալիս ձեր մահկանացու մարմնին: Նրա ականջը վնասված էր, նրա ուղեղին էլ կհասներ, նա կմեռներ, բայց կա Հարության Զորությունը: Հասկանու՞մ եք: Մի օր հուսահատված էի: Ինքս ինձ ասում էի. «Արդեն հիսուն տարեկան ես: Եթե կարող ես ինչ-որ բան անել Տիրոջ համար, պետք է ավելի շտապես: Դու ծերանում ես»: Եվ հենց այդ առավոտ Հարության Զորությունը մոտեցավ ինձ: Նա ինձ թույլ տվեց տեսնել վարագույրից այն կողմ, և ես բոլորիդ տեսա այնտեղ: Նա ինձ ասաց. «Բոլոր նրանց, ում երբևէ սիրել ես, և ովքեր քեզ են սիրում, տալիս եմ քեզ»: Ես բոլորին տեսա: Ի՞նչ էր այդ: Հարության Զորությունը: Հովհաննես առաքյալը լցված էր Հարության Զորությամբ. նա տեսիլք տեսավ այն ամենի մասին, ինչ կատարվելու է, սկզբից մինչև վերջ: Եսային լցված էր Հարության Զորությամբ. նա տեսավ Հազարամյա Թագավորությունը և բոլոր այդ բաները: Դա Հարության Զորությունն է: Եթե Քրիստոսին հարություն տվող Հոգին բնակվում է ձեր մեջ, հարություն կտա ձեր մահկանացու մարմիններին: Հիշեք այս՝ Հարության Զորությունը: Քննեք, թե ինչ ունենք այսօր: Հարության Զորությունը եկել է բացելու համար յոթ կնիքները: Ի՞նչ էր այդ: Մարդկային իմաստությու՞ն: Ոչ, դա Աստծո Հարության Զորությունն է: Աստծո Հարության Զորությունը նախատեսեց, որ այս բաները պետք է կատարվեին: Բայց Հարության Զորությունը ստիպեց աշխարհին, որ նա վկայի, որ այդ Զորությունը Ճշմարտություն է: Տիրոջ Հրեշտակը (որի մասին ասացի, որ ներկա էր), այդ Կրակի Սյունը, այդ Հարության Զորությունը. թող աշխարհը վկայի, որ դա Ճշմարտություն է: Իսկ դա, նրանք չիմացան, թե դա ինչ էր: Իսկ երբ մենք նայում ենք… դա մեր Տերն է, որ վերևում է: Նա է բացել Կնիքները. Նա այդ Կնիքների մեջ է: Որովհետև Աստծո ողջ Խոսքը Քրիստոսն է, իսկ Քրիստոսը բացված Կնիքներն է: Ուրեմն ի՞նչ է Կնիքների բացումը: Դա Քրիստոսի հայտնությունն է: Եվ յոթ հրեշտակները, որոնք ներկայացնում էին յոթ եկեղեցիները, եկան, և մենք նույնիսկ չտեսանք այդ: Նրանք, ոչ թե մենք, տեսան և լուսանկարեցին: Եվ ահա Գերագույն Դատավորը կանգնած է այնտեղ՝ ցույց տալով, որ Ինքն է Ալֆան և Օմեգան, Սկիզբը և Վերջը: Ինչպիսի՜ հաստատում: Հարության Զորությունը այդ արեց մեզ համար: Այդ Զորությունը մեզ ցույց տվեց Նրա գալուստը: Նա է մեզ մահից ազատել՝ կյանք տալու համար: Հարության Զորությունը ձեզ օգնում է զանազանել, իմանալ, թե ինչն է սխալ ձեր մեջ, ինչ պետք է անեք, ինչ եք արել, ինչ չպետք է անեիք, ինչ պետք է անեիք և ինչ եք լինելու: Այս ամենը Հարության Զորության միջոցով է: Մեր Տեր Հիսուսը այնպես էր լցված Հարության Զորությամբ, որ իրականում Ինքը հենց Հարության Զորությունն էր: Նա այնքան էր լցված Հարության Զորությամբ, որ կարող էր ասել. «Քանդեք այս տաճարը և ես երեք օրում կվերականգնեմ այն»: Ինչպիսի՜ վստահություն Հարության Զորության հանդեպ: «Քանդեք այս տաճարը և ես երեք օրում կվերականգնեմ այն»: Ինչու՞ Նա ասաց այդ: Նա գիտեր, որ դա Իր մասին էր գրված, և Աստծո Խոսքը չէր կարող սուտ ասել: Խոսքն ասում է. «Որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնի և քո սրբին ապականություն տեսնել չես տա»: Նա գիտեր, որ Հարության Զորությունը հարություն կտար Իրեն, և Իր բջիջներից ոչ մեկը ապականություն չէր տեսնի: Նա ասաց. «Քանդեք այս տաճարը և ես երեք օրում կվերականգնեմ այն»: Ինչու՞: Դա մարգարեություն էր, Աստծո Խոսքն էր: Իսկ մարգարեությունը չի կարող սուտ ասել, եթե իրոք Աստծո Խոսքն է: Իսկ այդ նույն մարգարեությունը, այդ նույն Աստծո Խոսքը, որն ասել էր, որ Նա հարություն է առնելու, ասում է նաև, որ Նրանով մենք արդեն հարություն ենք առել: Զարմանալի չէ, որ Նա ասում է. «Ոչնչից մի վախեցեք»: Գրված է, որ Նրա մեջ եղող Հոգին մեր մեջ է հիմա, և հարություն է տալիս նաև մեր մահկանացու մարմիններին: Մի վախեցեք ոչինչից, Որդին հարություն է առել: Որդին հարություն է առել: Այժմ նայեք այլակերպությանը: Մենք բոլորս ներկայացված ենք այնտեղ: Կան սրբեր, որոնք հափշտակվել են իրենց կյանքի ընթացքում (խորհրդապատկերը Եղիան է), կան սրբեր, որոնք մահացան (խորհրդապատկերը Մովսեսն է): Երկուսն էլ ստացել էին Հարության Զորությունը: Մեկը անցավ մահվան միջով, մյուսը՝ ոչ, բայց երկուսն էլ այնտեղ էին: Ո՛հ, նայեք, թե ինչ ենք տեսնում այս վերջին օրերում: Դրանք այն բաներն են, որոնք Նա խոստացել է Հովհ.14:12 համարում: Կարդացեք այն: Ճշմարիտ է այդ: Մարդիկ հարցնում են. «Դուք հավակնում եք, թե զորությու՞ն ունեք»: «Ո՛չ, ո՛չ, մենք պարզապես Այլակերպության լեռան վրա գտնվող մարդկանց պես ենք»: Դուք հասկանու՞մ եք: Անշուշտ, մենք չենք հավակնում, թե զորություն ունենք, բայց սա Այլակերպության լեռան վրա կատարվածի պես է: Մովսեսը աշակերտներին չասաց. «Ինձ ճանաչու՞մ եք», աշակերտներն էլ չհարցրին Մովսեսին. «Դու մեզ ճանաչու՞մ ես»: Ո՛չ, նրանք տեսան փառավորված Հիսուսին: Դա բավական էր՝ տեսնել Հիսուսին փառքի մեջ: Նույնն էլ այսօր: Մենք չենք ձգտում մեծ մարդիկ լինել: Կարևոր չէ, թե մարդիկ մեր մասին ինչ են ասում: Մեր անունը ոչինչ է, մեզ համար կարևոր է միայն Նրա Անունը: Մեր կյանքը ոչինչ է, մեզ համար կարևոր է միայն Նրա Կյանքը: Նրա՛ զորությունն է կարևորը, ոչ թե մերը: Եվ միայն մենք մեկ բան ենք փափագում՝ տեսնել Նրան փառավորված: Եվ ինչպե՞ս կարող է դա լինել: Երբ Նա փառավորվում է մեր մեջ Իր Հարությամբ, որ մեր մեջ է: Այժմ մենք Նրան տեսնում ենք այնպիսին, ինչպիսին նախկինում էր: Հասկանու՞մ եք: Մեր փափագը փառավորվելը չի: Մենք չենք ուզում մեծ անուն կրել: Մենք չենք ուզում փառավորել մեր եկեղեցին, լցնել կիրակնօրա դպրոցը, փորձել մարդկանց մեզ մոտ քաշել, զբոսախնջույքներ անել և այլն: Մենք չենք փափագում նման բաների: Մենք փափագում ենք Նրան փառավորված տեսնել: Ինչպե՞ս փառավորված: Ոչ թե հպարտությամբ, այլ, որ Նա մեր մեջ, մեր կյանքերում փառավորվի, որ ապացուցվի, որ Նա կենդանի է և ապրում է մեր մեջ: Ես կուզենայի մի կողմ քաշվել, որ ոչ ոք չմտածի Ուիլյամ Բրանհամի մասին, ոչ ոք չմտածի ձեր մասին, մինչև որ Հիսուսին տեսնենք փառավորված մեր մեջ: Նրան տեսնել՝ սա է մեր փափագը: Դա է մեզ տալիս Հարության Զորությունը: Եվ մենք մեծ ուրախություն ենք ապրում՝ տեսնելով, որ մենք Նրա մեջ ենք, Նրա մարմնից ու ոսկորից ենք, Նրա Հարսն ենք, և Նա հաստատուն ձևով ապացուցում է մեր մեջ, որ Ինքը հարություն է առել: Հասկանու՞մ եք: Զարմանալի չէ, որ Նա ասում է. «Ոչնչից մի վախեցեք»: Հիմա Նա մեզ փրկագնել է, և մենք հարություն ենք առել Նրա հետ: Ահա Զատկի նշանակությունը ժողովրդի համար՝ հարություն առնել Նրա հետ: Մենք հիմա ունենք Իր Հոգին մեր մեջ, լիովին վճարված Իրավական Փաստաթուղթը: Ո՛հ, մի ասեք. «Հուսով եմ, որ կունենամ այդ»: Դուք արդեն ունեք: Ոչ թե «կունենամ», այլ «արդեն ունեմ»: Ես չեմ ձեռք բերել այդ: Նա է ձեռք բերել ինձ համար: Տեսնու՞մ եք: Ես չեմ արել այդ, այլ Նա: «Մինչդեռ, Բրանհամ եղբայր, ոմանք ասում են…»: Կարևոր չէ, թե ինչ են ասում: Նա է այդ ձեռք բերել ինձ համար: Ահա այն ամենը, ինչ ինձ մտահոգում է: Ես ուզում եմ միայն Նրա հայտնությունը տեսնել: Ինչպե՞ս կարող եք այդ անել: Կանչե՞լ Նրան, որ իջնի ձեզ մոտ: Ամենևի՛ն: Նա ձեր մեջ է: «Այնժամ, Տեր, եթե կարողանամ ինքս ինձ վերցնել ճանապարհից, դու կարող ես հայտնվել… իմ մեջ»: Ինչպե՞ս կարող ես Դու այդ անել: Որովհետև Դու այսպես ես որոշել. «Այն ամենը, ում Հայրը տալիս է ինձ, կգան ինձ մոտ»: Ինչպիսի՜ փառք: Այս առավոտ մեզ մոտ եղած բոլոր վկայություններից հետո ես հիշում եմ այս երգը. Հարության օրը, Երբ մահվան բոլոր կապանքները կքանդվեն, Մենք հարություն կառնենք, ալելուիա, մենք հարություն կառնենք: Հավատու՞մ եք դրան: Մենք հարություն կառնենք: Նրանով մենք մասնակից ենք դարձել Իր բնությանը, Զատիկը, Աստծո խորհուրդը բացահայտվել է Իր սկզբնական ճշմարտությամբ՝ Կյանք մահից հետո: Իսկ մենք, որ մեռած էինք մեղքերի և անօրենությունների մեջ, կենդանի ենք հիմա: Զատկի ճշմարիտ Կնիքը խլել է մահին և ինձնից հեռու է տարել, և հիմա ես ապրում եմ: Սկզբում Զատկի Կնիքը քանդեց հռոմեական կնիքը, որը կնքել էր Նրան: Երբ մարդը մեռնում էր, նրա վերջը գալիս էր, բայց Նա քանդեց Կնիքը և բացահայտեց գաղտնիքը: Եվ հիմա Աստված Իր Սուրբ Հոգով քանդել է մեր կյանքերը կապող կնիքը, և Քրիստոսը բացահայտվել է մեր մեջ, որպես հավիտյան կենդանի, որովհետև մենք հարություն ենք առել Նրանով: Ոհ, էջ առ էջ…. Մենք հարություն կառնենք, ալելուիա, Մենք հարություն կառնենք, ամեն: Հարության օրը, Երբ մահվան բոլոր կապանքները կքանդվեն, Մենք հարություն կառնենք, ալելուիա, մենք հարություն կառնենք: Ո՛հ, մի՞թե երջանիկ չեք: Ես այնքան երջանիկ եմ, մտածելով այն օրվա մասին, երբ ես ածխի մարագում էի. կնիքները բացվեցին, ես հարություն առա և դարձա նոր արարած: Դա Հարության Զորությունն է: Որդին հարություն է առել: Վերջերս ինձ պատմեցին մի ձկնորսի մասին: Մի մարդ էր եկել և մի ծեր ձկնորսի էր վարձել, որ միասին ձկնորսության գնան Արևմտյան ափում: Նույն առավոտյան գնացին: Չգիտեմ՝ երբևէ գնացե՞լ եք այնտեղ՝ սաղմոն որսալու. գիտեք, որ այնտեղ շատ խիտ մշուշ է: Ես հիշեցի իմ սիրելի եղբայր Էդդի Բիսկալին, որն այնտեղ միսիոներ է հնդկացիների համար. մենք միասին այդ կողմերում ձկնորսության ենք գնացել: Այն ձկնորսը սկսնակ էր: Ձկնորսության ժամանակ նրանց նավը ուղուց շեղվեց, և նրանք այլևս չէին լսում մշուշի ազդանշանը: Սկսնակը սարսափով համակվեց և գոռաց. «Նայի՛ր, ծովը քշում է մեզ»: Ծեր ձկնորսը պատասխանեց. «Հանգիստ նստեք»: Նա չէր կորցրել սառնասրտությունը: Նա ճանաչում էր այդ շրջանը և գիտեր, թե ինչ էր ասում: Նա ասաց. «Պարզապես սպասենք, որ արևը ծագի, և կիմանանք, թե ուր ենք մենք»: Դուք ասում եք. «Արդյո՞ք պետք է մեթոդական լինեմ, թե՞ մկրտական, կամ հոգեգալստական»: Սպասեք միայն, սպասեք, որ Որդին (Sun՝արև, Son՝ Որդի. կարդացեք նախորդ ծանոթություններում) ելնի, այնժամ կտեսնենք, թե ուր ենք մենք: Նա Խոսքն է: Սպասեք մինչև, որ տեսնեք Խոսքի հայտնությունը, որը լույս է սփռում Սերմի վրա, երերացված Որայի վրա, և այնժամ կտեսնենք, թե ուր ենք մենք: Սիրու՞մ եք Նրան: (Ցավում եմ, որ ձեզ այսքան երկար պահեցի): Քանի՞սդ եք գիշերն այստեղ անցկացնելու: Ո՛հ, ես կվերադառնամ այս երեկո: Ժամը յոթի՞ն (Բրանհամ եղբայրը բեմի վրա խոսում է ինչ-որ մեկի հետ): Խոնարհենք մեր գլուխները. «Կա՞ն այստեղ ոմանք, ովքեր դեռ չեն ընդունել իրենց մեջ այդ Հարության Զորությունը: Որդու Լույսը փայլել է, դուք եկել եք այս խորան, լսել եք ձայներիզները, և չնայած դրան Սուրբ Հոգին դեռևս ձեզ չի՞ տվել այն Կյանքը, որպեսզի կարողանաք հետևել Աստծո Խոսքին: Եթե միայն դուք՝ տղամարդիկ և կանայք, կարողանայիք հետևել ամեն Խոսքին, որ Նա գրել է: Ո՚հ, դա մի վտանգավոր բան է: Եթե մեռած սերմ լինեիք, ոչ մի կյանք չէր լինի ձեր մեջ: Բայց ձեր մեջ կա մի բան, որ ասում է. «Այս առավոտ ես ուզում եմ հարություն առնել: Ես ուզում եմ իմ այժմյան վիճակից դուրս գալ: Ես չեմ ուզում հողի մեջ թողնված մեռած սերմ կամ չորացած փայտի կտոր լինել, ես ուզում եմ հարություն առնել»: Ուրեմն բարձրացրեք ձեր ձեռքը և ասեք. «Աղոթեք ինձ համար, եղբայր»: Աստված օրհնի ձեզ… Աստված օրհնի ձեզ… ո՛հ, բոլոր այդ ձեռքերը… Հնարավոր չէ խորանի հրավեր անել: Խորանի հրավերն այն է, երբ մարդիկ հավաքվում են խորանի մոտ: Ամեն դեպքում ես այդքան էլ չեմ պնդում, որ դա արվի: Դա հաստատվել է եկեղեցում մեթոդական արթնության ժամանակ: Աստվածաշունչն ասում է. «Բոլոր հավատացողները մկրտվեցին: Այստեղ ջրով լեցուն ավազան կա. այն սպասում է ամեն մարդու, որը պատրաստ է ինքն իր համար մեռնելու: Արդ, դուք կարող եք ձեր ուզածի չափ թաղվել Տեր Հիսուսի անունով, բայց եթե սերմի մեջ Կյանք չկա, հարություն չի առնի: Ո՛չ, մկրտությունը նման է երկնքից իջնող ցողին: Այն կարող է իջնել սերմի վրա, բայց եթե սերմի մեջ կյանք չկա, սերմը չի ապրի: Բայց եթե ջրի մկրտությամբ մեռնում եք ինքներդ ձեզ համար, եթե պատրաստ եք թողնել այն ամենը, ինչ ձեզ սովորեցրել են Խոսքին հակառակ հավատո հանգանակներն ու հարանվանությունները, և հետո սկսում եք քայլել որպես Աստծո ճշմարիտ որդի կամ դուստր, և սրտի խորքից կամենում եք այդ անել, ուրեմն կտեսնեք, թե որն է ջրի մկրտության ներգործությունը ձեզ վրա այս առավոտ: Ապաշխարեք բոլորդ և մկրտվեք Տեր Հիսուսի Անունով մեղքերի թողության համար, և կստանաք Որան՝ Երերացված Պատարագը: Դուք կստանաք Դինամիկան՝ Սուրբ Հոգին, որովհետև խոստումը ձեզ համար է, բոլոր սերունդների համար: Երկնային Հայր, ես երկար եմ խոսել, շատ ժամանակ եմ վերցրել այս մարդկանցից: Բայց, Տեր Աստված, ես չէի կարող կանգ առնել (պարզապես ինձ թվում է, որ դուք պետք է գնայիք հանգստանալու, հետո վերադառնայիք): Մենք հոգեվարքի մեջ գտնվող աշխարհում ենք ապրում, մեռնողների մեջ, և Կյանքի Պատգամն ու Հարության վկայությունն ենք բերում: Ո՛հ, մեր Հայր Աստված, մենք միայն մեկ անգամ ենք մեռնելու, ի՞նչ կլինի, թե բաց թողնենք այս առիթը: Մեր սրտերն այրվում են, մեր հոգիները հուզված են: Այստեղ շատերը լսում են այս պատգամը այս առավոտ: Այո, երկու- երեք հարյուր հոգի ձեռք են բարձրացրել: Նրանք ուզում են հավատալ, ով Հայր: Անշուշտ, այդ սերմը մեռած չէ, Տեր: Այլապես նրանք ձեռք չէին բարձրացնի: Անշուշտ, ինչ-որ բան կա: Ո՛հ, մեր Աստված, այդ հին «ես»-ը, այդ Հոբի կինը, որ կանգնել և ասում է. «Ա՛հ»: Բայց, Տե՛ր, թող այդ Հոբը վեր կենա այս առավոտ և մեռնի ինքն իր համար, թող թաղվի մկրտության ջրերում: Ցողի կաթիլները, որ թափվում են երկնքից, Աստծո Խոսքն ասում է, որ Նա մաքրում է ամեն մեղքից և փրկագնում: Ինչու՞ եք դուք մկրտվում Հիսուս Քրիստոսի Անունով: Մեղքերի թողության համար: Մեղքերը ներված են Հիսուս Քրիստոսի Անունով: Արդ, Հայր, եթե նրանք հիվանդ են, թող առողջ դուրս գան այստեղից: Եթե հաշմանդամ են, թող քայլեն Սուրբ Հոգու զորությամբ: Եթե մեղք են գործել, թող դուրս գան լվացված և մաքրված: Երբ մեխանիզմը աշխատի, թող երկնքից իջնի Դինամիկան՝ Սուրբ Հոգին և նրանց շարժման մեջ դնի, Տեր: Կյանք տուր նրանց մահկանացու մարմիններին, այնժամ կլսենք նոր լեզուներ, կտեսնենք Աստծո զորությունը, անպատմելի սեր, շնորհք մեռածների և ողջերի համար և հարություն Քրիստոսով, մի Մարմին, մի Հարս, որը Նրան է ներկայացնում այս երկրի վրա: Հա՛յր, նրանք Քեզ են պատկանում: Նրանք ձեռք են բարձրացրել: Ես քարոզել եմ Խոսքը: Հա՛յր, ընդունիր նրանց հիմա, աղաչում եմ: Ես դա խնդրում եմ Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: Սիրու՞մ եք Նրան: Նա հրաշալի է: Ուրա՞խ եք Զատկի Հարությանը մասնակից լինելու համար կամ հարություն առե՞լ եք Նրա հետ: «Որդյակներ, (ինչպես Պողոսը կասեր. ես չեմ ուզում նմանակել նրան, այն միայն սերը) ես ձեզ սիրում եմ»: Ես սլանում եմ այս ճանապարհներով, որպեսզի գամ ձեզ տեսնելու և խոսեմ ձեզ հետ: Ես անցնում եմ անապատները, ձնակույտերը և այլն, որպեսզի գամ այստեղ: Մենք ինքնաթիռ ենք նստում, դուք էլ մեքենայով անցնում եք երկրի կեսը, որպեսզի կարողանանք հանդիպել: Մենք բոլորս սիրում ենք իրար, մենք պատկանում ենք միմյանց: Երբեք թույլ չտաք, որ սատանան ձեզ ուրիշ բան ասի: Մենք բոլորս պատկանում ենք իրար և պատկանում ենք Նրան, մենք բոլորս Թագավորության հպատակներն ենք և միասին օգտվում ենք Հարության օրհնություններից: Եվ հիմա իսկ (հասկանու՞մ եք), հիմա իսկ դուք հարություն եք առել: Երբ Աստված Նրան հարություն տվեց, ձեզ էլ հարություն տվեց: Այժմ Որդին ձեր մեջ է: Եվ հիմա դուք աճելու եք և ունենալու այնպիսի Կյանք, ինչպիսին Նա է ունեցել, որպեսզի կատարելապես հարություն առնեք վերջին օրը: Դուք հիմա ունեք այդ ներուժը: Ինչպե՞ս կարող եք այդ իմանալ: Մի՞թե ձեր հոգին չի փոխվել: Ձեր մարմինը չի՞ հնազանդվում Խոսքին: Այն հնազանդվում է Խոսքին, որը Կյանք է: Դրա համար է, որ հարություն եք առել հիմա: Հիսուսի և իմ համար սա Զատիկ է: Զատիկ է ձեր և Հիսուսի համար, Զատիկ է ձեր, իմ և Հիսուսի համար: Մենք բոլորս՝ Հիսուսը, դուք և ես, հարություն ենք առել միասին և դուրս ենք գալու վերջին օրը, եթե նույնիսկ մեր հոգին լքի մեր մարմինը, եթե նույնիսկ մեր մարմինը քայքայվի, վերադառնա հողին կամ այրվի, կամ էլ հանգչի ինչ-որ տեղ ծովի խորքում: Աստվածաշունչն ասում է, որ մի հրեշտակ…. ծովի վրա, և ծովը տվեց իր մեջ եղած մեռելներին: Ոչինչ չի կարող մեզ թաքցնել կամ զատել այն Աստծուց, որին այնքան սիրում ենք, և Որը մեզ հարություն է տվել միասին: Աստված օրհնի ձեզ: Ես ձեզ երկար պահեցի: Եթե հեռախոսով լսողները դեռևս կապի մեջ են, երբ րոպեի համար հիսուն ցենտ են վճարում, այս առավոտը շատ թանկ նստեց նրանց վրա: Բայց ես չէի կարող կանգ առնել, պետք է շարունակեի: Տիրոջ կամքով այս երեկո կվերադառնամ ձեզ հետ խոսելու: Եվ եթե չկարողանամ… (կարծեմ՝ այլևս հեռախոսային կապի մեջ չենք, չէ՞: Ոչ, այլևս կապի մեջ չենք): Գիտեք, չէ՞, թե ուր եմ գնալու: Աֆրիկա: Վաղուց եմ այդ նախատեսել, տարիներ շարունակ ուզում եմ վերադառնալ այնտեղ: Այժմ տեսիլք եմ ստացել, և Տիրոջ Հոգին պատրաստել է ճանապարհը: Անցած անգա, երբ այդ խեղճ բնիկները լսեցին, որ ես չէի կարող գնալ, օր ու գիշեր պառկել էին գետնին, հառաչում էին և ասում. «Տեր, ի՞նչ ենք մենք արել»: Հազարավոր էին նրանք: Նրանցից ոմանք նույնիսկ չեն հավատում, որ հոգի ունեն: Նրանք աղաղակում էին, հառաչում և լաց լինում. «Նախօրոք ոչ ոքի մի ասեք: Ոչ մեկին մի զգուշացրեք»: Եթե իմ վիզան ընկներ այնտեղի քարոզիչներից մեկի ձեռքը, նրանք կարգելեին ինձ գնալ այնտեղ: Ես պետք է այնտեղ գնամ որպես որսորդ: Ես կգնամ թագուհու մոտ, որը տասնյոթ վագոնով մարդիկ էր բերել հավաքույթին: Ես կգնամ այնտեղ, որսորդություն անելու նրա տարածքում: Իմ անձնագիրը և բոլոր փաստաթղթերը ինձ ներկայացնում են որպես որսորդի, և չեն խոսում կրոնական ծառայության մասին: Բայց այնտեղ կհանդիպեմ մի եղբոր, որն ինձ կասի. «Ինչու՞ հավաքույթ չենք կազմակերպում: Մարզադահլիճները վարձված են, և ոչ ոք տեղյակ չէ»: Ո՛հ, ինչպիսի՜ փառք: Աղոթեք, որ հակառակություններ չլինեն Աստծո կամքին (իմ հոգին լալիս է Աֆրիկայի համար, այն օրվանից, ինչ վերադարձել եմ այնտեղից), որպեսզի վերադառնալիս ձեզ լուր տամ այն մասին, որ հրաշալի հավաքույթներ եմ ունեցել: Հավանաբար էլ ձեզ չեմ տեսնի մինչև իմ վերադարձը: Մի քանի օրից մեկնելու ենք, մայիսի տասին: Ուզու՞մ եք աղոթել մեզ համար: Չեք իմանա, թե այդպիսի վայրերում ինչ է ձեզ սպասում՝ կախարդներ, դևեր… և մի մտածեք, թե նրանք անզոր են: Եվ ավելի լավ պետք է իմանաք, թե ինչի մասին եք խոսում, երբ կանգնած եք նրանց առաջ: «Բայց ես գիտեմ, թե ում եմ հավատացել և համոզված եմ, որ Նա կարող է պահել այն, ինչ ավանդել եմ Իրեն մինչև այն օրը»: Այստեղ մի քանի թաշկինակներ են դրված: Ո՛հ, Աստված իմ, այս առավոր քարոզել եմ Հարության մասին՝ Խոսքի միջոցով ապացուցելով, որ Հարության Զորությունը գտնվում է այս երեխայի մեջ, որը հավատում է: Եվ այսպես, հավատալով, որ Հարության Զորությունը փոխել է իմ կյանքը… իսկ այս մարդիկ հավատում են, այդ զորությունը փոխել է նրանց կյանքը: Եվ մենք աղոթում ենք միմյանց համար: Ես ձեռք եմ դնում այս թաշկինակների վրա, որ Հիսուս Քրիստոսին հարություն տվող Աստված…. որ Նրան հարություն տվող Հոգին բնակվի ձեր մարմիններում: Հոգին Եղիսեի վրա էր, երբ նա մեռած էր և իրենից միայն ոսկորներ էին մնացել, իսկ Հարության Զորությունը դրանց մեջ էր: Առաքյալների ձեռքերը, հոգին, տեսողությունը… հավատացյալների լեզուները՝ այս ամենը կրում էին Հարության Զորությունը: Այժմ, մինչ դրանց վրա դնում եմ այս Խոսքը և ձեռքերս, որոնք Շնորհքով ներկայացնում են Հարության Զորությունը, թող այդ Զորությունը կյանք տա այս հիվանդ մարմիններին և բժշկի նրանց, ո՛վ Աստված: Հիսուս Քրիստոսի Անունով: Թող միայն այս թաշկինակների համար չլինի, այլ ողջ եկեղեցու, բոլոր տառապողների, փոքր մանուկների, ծերերի, թող այդ Հարության Զորությունը նրանց կյանք տա հենց այս պահին Հիսուսի Անունով: Ամեն: Ձեզանից քանի՞սը ունեն Հարության Զորությունը: Ձեռք դրեք միմյանց վրա: Եթե Հարության Զորությունը ձեր մեջ է…. միակ հնարավոր խոչընդոտը ձեր անհավատությունն է: Մի կին դիպչեց Նրա հագուստին և բժշկվեց: Մի հռոմեացի զինվոր թքեց Նրա դեմքին և գնաց դժոխք: Այսպիսով, դա ձեզանից է կախված: Հավատու՞մ եք: Հավատու՞մ եք: Ուրեմն, ուզում եմ, որ հիմա խոնարհեք ձեր գլուխները և աղոթեք միմյանց համար: Պարզապես աղոթեք: Միայն ասեք. «Տեր, այս անձը…»: Հասկանու՞մ եք: Պարզապես աղոթեք միմյանց համար: Աստված իմ, այն, ինչ անում ենք, Հիսուս Քրիստոսի Անունով ենք անում, այն միակ Անունով, որը տրվել է մարդկանց փրկվելու ու բժշկվելու համար: Այս մարդիկ Թագավորության քաղաքացիներ են, Հարության Զորության սեփականատերեր: Կյանք տուր հիմա նրանց, Տե՛ր: Եվ թող Հոգին գնա արծվից արծիվ, Խոսքից Խոսք, որ Հիսուս Քրիստոսի լեցունությունը դրսևորվի յուրաքանչյուրի մեջ, իրենց բոլոր կարիքների համար՝ հոգևոր, մարմնավոր և ցանկացած այլ կարիքի, որոնց համար մենք ձեռք ենք դնում նրանց վրա: Հիսուս Քրիստոսի Անունով:
Բովանդակություն