Լսել

Ժամանակակից իրադարձությունները պարզ են դառնում մարգարեությամբ 12/06/1965

Բովանդակություն

Դեկտեմբերի 6, 1965թ, Սան Բեռնարդինո, Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ, Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

Ես երջանիկ եմ այս հրաշալի եկեղեցուն դիմելու համար: Ես մեծ հաճույք ստացա լսելով այս հրաշալի, փոքրիկ երգչախմբին, որը երգեց մեզ համար: Ես մտածում էի, թե ինչ մեծ տարբերություն կա այս կոկիկ, կտրած մազերով հրաշալի տղաների և խուլիգանների այն խմբի միջև, որոնք անցած գիշեր փորձում էին խեղդել մեկ ուրիշ տղայի այն հյուրանոցի լողավազանում, որտեղ ես մնում եմ: Ստիպված եղան օգնության կանչել նրանց այնտեղից դուրս բերելու համար: Ինչպիսի~ մեծ տարբերություն: Մի եղբայր պատմեց այն մարդկանց մասին, որոնք Անգլիայում երկար մազեր են պահում կանանց նման: Դա ճիշտ է: Այդ երիտասարդ տղաները նույնիսկ դեմքի շուրջը կախված խոպոպիկներ ունեն: Չգիտեմ. ես երբեմն վհատության մեջ եմ լինում: Իսկապես այլասերման ժամանակներ են: Տղամարդիկ կանացի հագուստ են հագնում, իսկ կանայք՝ տղամարդու: Տղամարդիկ երկար մազեր ունեն, ինչպիսին պետք է կանայք ունենային, իսկ կանայք տղամարդու կարճ սանրվածքով են: Մի՞թե պարկեշտության ու պատվի զգացումը լիովին անհետացել է այս ազգից, այս ժողովրդից, այս աշխարհից: Ի~նչ սարսափելի ժամանակներ են: Բայց միաժամանակ սա Ավետարանը քարոզելու համար ամենափառավոր ժամանակն է: Եթե ես կանգնած լինեի ժամանակի սահմանագծին, դրա գոյությունից առաջ, և եթե Հայրը դիմեր ինձ՝ ասելով. «Այս բոլոր ժամանակաշրջաններից ո՞րը կընտրեիր քարոզելու համար», ես կընտրեի այս վերջինը՝ Իր վերադարձից անմիջապես առաջ գտնվող ժամանակը: Դա ճիշտ է: Հայացք գցելով դահլիճի վրա՝ ես նկատեցի իմ լավ բարեկամներից մեկին, որը քարոզիչ է Թուսոնում: Երեկ նա ընկավ ձիուց: Ինչ-որ մեկը առավոտյան եկավ հյուրանոց և ինձ ասաց. «Այդ եղբայրը վետերանների հիվնադանոցում է: Նրա հայացքը անկենդան է, մեջքը կոտրված է, երիկամները վնասված են, իսկ սրտի աշխատանքը քիչ է մնում դադարի»: Ես անմիջապես ծունկի եկա հատակին: Նրան բերեցին հեռախոսի մոտ, և ես աղոթեցի նրա համար: Այս երեկո հիմա նա նստած է մեզ հետ: Իսկ դա կատարվել է անցած գիշերը: Աստված պատասխանում է մեր աղոթքներին, լինի դա առավոտյան, կեսօրին թե կեսգիշերին. ցանկացած ժամանակ: Ես ամբողջ սրտով գնահատում եմ ձեր սիրալիր հրավերը այս խորանում: Անցած գիշեր պատիվ ունեցա լինելու Աստծո ժողովների հետ: Հրաշալի պահեր անցկացրինք այնտեղ, իսկ վաղը երեկոյան մեկ ուրիշ եկեղեցի ենք այցելելու: Նրանք կազմակերպում են հավաքույթները, իսկ ես շարունակում եմ աղոթել, կարդալ և քարոզել: Դա է իմ ծառայությունը: Մեր օրերում տարօրինակ բաներ ենք տեսնում: Հիշում եմ այն ժամանակը, երբ վերջին անգամ այստեղ էի՝ Սան Բեռնարդինոյում: Ես գտնվում էի վրանի տակ անցկացվող հավաքույթում: Ես այդ մասին խոսեցի անցած երեկո՝ հիշելով այն խոնարհ զույգին, որոնք ինձ մոտ բերեցին իրենց մեռած մանկիկին: Նրանք մեքենան վարել էին ողջ օրն ու գիշերը: Երիտասարդ մայրիկը բոլորովին տխուր նստած էր մեքենայի մեջ՝ մանկիկին պահած իր ձեռքերի մեջ: Հնարավոր է, որ նա այս երեկո նստած է մեզ հետ: Երիտասարդ հայրիկը ինձ հարցրեց, թե կարող եմ գնալ մեքենայի մոտ: Ես փոքրիկին վերցրի ձեռքերիս մեջ: Նա մահացել էր, փայտացած և սառած էր: Ես սկսեցի աղոթել: Մինչ աղոթում էի, այդ փոքրիկ մարմինը սկսեց տաքանալ: Ես շարունակեցի աղոթել: Շուտով նա սկսեց շարժվել և շարժել տոտիկները: Հետո սկսեց գոռալ և ես նրան հանձնեցի իր մայրիկին: Նա անմիջապես տուն գնաց փոքրիկի հետ: Ես նույնիսկ չգիտեմ, թե նրանք քրիստոնյա էին, թե ոչ: Դա հրաշալի էր, բայց ահա թե ինչ եմ մտածում այս երեկո. ես գիտեմ մի եկեղեցի, որը նույնպես մեռնելու մոտ է. դրանք մեր հոգեգալստականներն են: Մենք պետք է մեզ թափ տանք, և այդ հոգեվարքից դուրս գալու միակ միջոցն այն է, որ աղոթենք ու կառչենք Աստծո Խոսքից: Միայն մեկ ելք կա: Դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա, և սա է այդ ճանապարհը. «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Մի՞թե ուզում եք, որ մեր եկեղեցին էլ դառնա այնպիսին, ինչպիսին Անգլիայում են: Դրա համար այդքան խիստ եղա ձեր հանդեպ՝ ձեզ հանդիմանելով: Ես չեմ սիրում այդպես հանդիմանել ձեզ, բայց չեմ ուզում, որ այս եկեղեցին այդ վիճակին հասնի: Դուք էլ չեք ուզում: Միայն պետք է տապալեք այդ կեղծ վարդապետությունները և մեխեք դրանք: Այդպես է պետք վարվել: Ես այստեղ մի քանի սուրբգրային հատվածներ և թեմա եմ նշել, որոնց շուրջ կուզենայի մի պահ խոսել: Չգիտեմ, թե ինչքան ժամանակ կունենամ: Գուցե կես ժամից ոչ ավելի: Միշտ թողնում եմ Սուրբ Հոգու հայեցողությանը, որ Նա առաջնորդի ինչպես, որ ուզում է: Մի պահ խոնարհենք մեր գլուխները և խոսենք այն Գրքի Հեղինակի հետ, որը հիմա բացելու ենք: «Ամենակարող Աստված, Դու, որ այս Գրքի Հեղինակն ես, խնդրում ենք Քեզ Հիսուս Քրիստոսի միջոցով: Գոհանում ենք Քեզանից այն բաների համար, որ արդեն լսել ենք այս երեկո: Թող որ այս հավաքույթը փակենք՝ ասելով «ամեն» և վերադառնանք մեր տները՝ մտածելով. «Լավ էր այնտեղ», որովհետև գիտենք, որ Դու մեզ հետ էիր: Հա՚յր, մինչ բացում ենք այս Խոսքը, խոսիր մեզ հետ հիմա դրա միջոցով, որպեսզի հասկանանք, թե ինչ ժամանակում ենք ապրում: Եթե ճանաչենք այդ ժամը, կկարողանանք պատրաստվել այդ ժամի համար: Բայց եթե քայլենք կույրերի պես, չիմանալով ինչուն և ինչպեսը, անհնար կլինի մեզ համար պատրաստվելը: Նաև, Հայր, խնդրում ենք օգնիր մեզ տեսնել Տապանը, բաց դուռը և լսել պատգամը, որը մեզ հրավիրում է մտնել այնտեղ: Լսիր մեր աղոթքը Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն»: «Այդ նույն օրը նրանցից երկուսը մի գյուղ էին գնում, որ Երուսաղեմից վաթսուն ապսարեզ հեռու էր, անունը Էմմաուս: Նրանք իրար հետ խոսում էին այդ բոլոր պատահած բաների մասին: Եվ երբ նրանք խոսում ու խորհրդակցում էին, հենց ինքը՝ Հիսուսը, մոտեցավ ու նրանց հետ գնում էր: Բայց նրանց աչքերը բռնված էին, որպեսզի Նրան չճանաչեին: Եվ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց մասին գնալիս իրար հետ վիճում եք ու տրտմած եք»: Եվ նրանցից մեկը, անունը՝ Կղեոպաս, պատասխանեց ու նրան ասաց. «Միայն դու՞ ես Երուսաղեմ եկողներից, որ չիմացար այն բաները, որոնք այս օրերին պատահեցին այնտեղ»: Եվ նա ասաց նրանց՝ «Ո՞ր բաները»: Նրանք էլ ասացին. «Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր՝ զորավոր գործերով Աստծո և ամբողջ ժողովրդի առաջ: Ինչպես մեր քահանայապետներ ու իշխանները նրան մահվան դատաստանի մատնեցին, նրան խաչ հանեցին: Իսկ մենք հույս ունեինք, թե նա էր, որ Իսրայելը փրկելու էր. բայց այսուամենայնիվ այս երրորդ օրն է, ինչ այս բաները եղան: Սակայն մեր միջից մի քանի կանայք էլ, որ վաղ առավոտյան գերեզման էին գնացել, մեզ զարմացրին: Նրա մարմինը չգտնելով՝ եկան ու ասացին, որ հրեշտակների տեսիլք են տեսել, որոնք ասում էին, թե նա ողջ է: Մեզանից ոմանք գերեզման գնացին, և հենց այնպես գտան, ինչպես որ ասել էին կանայք, բայց նրան չտեսան»: Եվ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտներ և թուլասիրտներ, որպեսզի հավատաք այն բոլոր բաներին, որ մարգարեները խոսեցին: Չէ՞ ր պետք էր, որ Քրիստոսն այս չարչարանքները քաշեր ու փառքի մեջ մտներ»:Եվ սկսելով Մովսեսից ու բոլոր մարգարեներից՝ նրանց բացատրում էր, ինչ որ գրքերի մեջ Իր մասին գրված էր» (Ղուկաս 24:13-27): Թող Աստված օրհնի Իր Խոսքի ընթերցումը: Ես կուզենայի այս քարոզի թեման անվանել «Ժամանակակից իրադարձությունները պարզ են դառնում մարգարեությամբ»: Դա միշտ էլ Աստծո անփոփոխ գործելակերպն է եղել՝ ցույց տալ Իր ժողովրդին որոշ իրադարձություններ դրանք կատարվելուց առաջ: Եթե Տեր Հիսուսի ժամանակներում մարդիկ փնտրեին Աստծուն, կհասկանային, թե ինչ է կատարվում: Այդ ժամանակ նրանք Հիսուսին մահվան չէին դատապարտի: Ամեն դեպքում Սուրբ Գրքում գրվածները պետք է կատարվեին, և հրեաները պետք է կուրանային, որ դրանք կատարվեն: Մենք բոլորս տեղյակ ենք դրանից: Գիտակցու՞մ եք, որ դա նորից է կրկնվելու Լավոդիկեի՝ յոթերորդ ժամանակաշրջանում: Հայտն.3:17 համարում Հիսուսն ասում է, որ նրանք մերկ, թշվառ, կույր են և նույնիսկ չգիտեն այդ մասին: Ինչպես նա կուրացրեց Հիսուսի ժամանակվա ապրողներին՝ Իր պատգամը ընտրյալ ժողովրդին տալու համար, Հիսուսը խոստացել է նույնն անել այսօր: Ես դա ասում եմ Քրիստոսով իմ եղբայրների և քույրերի հանդեպ ամենայն հարգանքով: Բայց գուցե մեկն ասի. «Մի՞թե գրված չէ, որ նախ այս բաները պետք է կատարվեն»: Եվ դա կկատարվի այնպես, ինչպես գրված է Աստվածաշնչում, բայց նրանք ոչինչ չեն նկատի: Հիշեք, երբ Հիսուսին հարցրին, թե ինչու են դպիրներն ասում, որ նախ Եղիան է գալու, Նա ասաց. «Իրոք նախ Եղիան կգա և ամեն ինչ կարգի կդնի: Եվ ինչպես Մարդու Որդու մասին է գրված, շատ պիտի չարչարվի և անարգվի: Բայց ձեզ ասում եմ, որ Եղիան եկավ և նրանք ինչ որ ուզեցին, արեցին նրան, ինչպես որ նրա մասին գրված էր» (Մարկ. 9:12,13): Եվ Մատթ.17:12 համարում Հիսուսը հաստատում է. «Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան արդեն եկել է, և Նրան չճանաչեցին»: Գուցե հիմա էլ նույնը լինի: Մենք ուզում ենք անընդհատ տեղյակ լինել այս ժամանակաշրջանում կատարվող դեպքերից: Աստված Եկեղեցու յոթ շրջաններից յուրաքանչյուրին տվել է Խոսքի անհրաժեշտ բաժինը: Նաև կարող ենք նկատել, որ ամեն ժամանակաշրջան ունեցել է իր առանձնահատուկ պատգամը, որը չի եղել ուրիշ ժամանակաշրջանի համար: Պետք է այդպես լիներ: Ի՞նչ օգուտ կլիներ, եթե Մովսեսը փորձեր քարոզել Նոյի պատգամը: Ի՞նչ օգուտ կլիներ, եթե Հիսուսը փորձեր քարոզել Մովսեսի պատգամը: Ի՞նչ օգուտ կլիներ, եթե Մարտին Լյութերը շարունակեր քարոզել կաթոլիկ եկեղեցու պատգամը: Ի՞նչ օգուտ կլիներ, եթե Ուեսլեյը շարունակեր քարոզել լյութերականների պատգամը՝ սեփական պատգամը տալու փոխարեն: Ի՞նչ օգուտ կլիներ, եթե հոգեգալստականները շարունակեին քարոզել մեթոդականների պատգամը: Ի՞նչ օգուտ հոգեգալստական պատգամը շարունակելուց, երբ նա կանչում է Հարսին: Մենք հասնում ենք հատիկի հասունացման ժամանակաշրջանին: Մենք ժամանակների վերջում ենք: «Եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի ու մեռնի, միայն ինքը կմնա» (Հովհ.12:24): Մի գերմանացի հեղինակ քննադատական հոդվածներ է հրատարակել իմ մասին: Նա անհավատի նման է խոսել: Ես չեմ դատապարտում նրան այն բանի համար, որ նա այդպես դատապարտել է ինձ, այլ որ նա անհավատ է: Այդ գիրքը չպետք է լինի ոչ մի գրադարակում: Նա հայհոյություն է արել Աստծո դեմ՝ ասելով, որ մի Աստված, որն ասում է, թե կարող է բացել Կարմիր ծովը Իր ժողովրդին ազատագրելու համար, չէր կարող ձեռքերը ծալած նստել և ոչինչ չանել, երբ խավարի ժամանակաշրջանում կոտորում էին քրիստոնյաներին՝ նրանց առյուծների առջև նետելով, երբ ձյութ էին քսում մայրերի մազերին և խաչից կախելով այրում, երբ կտրում էին հղի կանանց որովայնը՝ ստուգելու համար երեխայի սեռը, որն իրենց համար գրազի առարկա էր: Ինչպե՞ս կարող էր Աստված ձեռքերը ծալած նստել և ոչինչ չանել այն մարդկանց համար, որոնք Աստծո ծառաներ էին համարվում: Տեսնու՞մ եք, այդ մարդը ոչինչ չի հասկացել: Սուրբ Գիրքը ներշնչված է: Այն երբեք չես հասկանա, եթե կարդաս աստվածաբանական կամ մանկավարժական տեսանկյունից: Դա երբեք ոչինչ չի տվել: Վերջերս զրուցում էի մի մկրտական քարոզչի հետ, որն ինձ ասում էր. «Մինչև չսովորենք հունարեն բառերի ճիշտ նշանակությունը, երբեք չենք կարողանա հասկանալ Աստվածաշունչը»: Ես նրան պատասխանեցի. «Նիկիայի տիեզերաժողովում, նույնիսկ դրանից առաջ վիճում էին բառերի մեկնության շուրջը հունարեն Աստվածաշնչում»: Երբեք այդպես չեք կարող հասկանալ: Աստվածաշունչը պետք է բացահայտվի Հոգու ներշնչմամբ: Միակ ճանապարհը հայտնությունն է: Հիսուսն ասաց Պետրոսին. «Այս վեմի վրա… հայտնության վեմի վրա ես կշինեմ Իմ Եկեղեցին»: Այդ հայտնության վեմն է բացահայտում, թե ով է ինքը: «Սիմոն Պետրոսը պատասխան տվեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»: Հիսուսը պատասխան տվեց և ասաց. «Երանի~ քեզ, Սիմոն, Հովնանի որդի, որովհետև մարմինն ու արյունը չհայտնեցին քեզ, այլ Իմ Հայրը, որ երկնքում է: Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա Իմ եկեղեցին կշինեմ, և դժոխքի դռները նրան չեն հաղթի» (Մատթ.16:16-18): Նրա Եկեղեցին կառուցված է ո՛չ Պետրոսի վրա, ո՛չ Հիսուսի, այլ այն հոգևոր հայտնության վրա, թե ով է Հիսուսը: Նա Խոսքն է: Հովհ.1:1,14 համարներում գրված է. «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստուած էր… և Բանը մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց և նրա փառքը տեսանք որպես Հորից եղած Միածնի փառք՝ լի շնորհով ու ճշմարտությամբ» (1 Հովհ. 1:1,14): Եվ Եբր.13:8 համարում՝ «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան»: Հետևաբար, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ Աստծո Խոսքի բացահայտումը ոչ թե հոգեգալստական, այլ մեկ ուրիշ ժամանակաշրջանի համար է: Հիշեք, որ… ես կրթություն չունեցող մարդ եմ, բայց չեք կարող հաղթել բնությանը, որովհետև Աստված գործում է բնության երևույթների հաջորդականության մեջ: Այդպես է արևը ծագում, կատարում իր ճամփորդությունը օրվա ընթացքում և երեկոյան մայր մտնում: Ձմռանը ծառի հյութը իջնում է մինչև արմատները և գարնանը նորից բարձրանում: Աստված Հարսին համեմատում է ցորենի հատիկի հետ: Այդ իսկապես ճշմարիտ Եկեղեցին, որը հաստատվել է Պենտեկոստեի օրը, աճել և գնալով ավելի ու ավելի է մեծացել: Խավարի ժամանակաշրջանում պետք եղավ, որ նա ընկնի հողի մեջ և թաղվի, ինչպես բոլոր սերմերը: Նա պետք է մեռներ, որ նորից հայտնվեր Ռեֆորմացիայի ժամանակ: Եվ Ռեֆորմացիայի ժամանակ նա նորից կյանք ստացավ մի մարդու՝ Մարտին Լյութերի միջոցով: Առաջին բանը, որ հատիկից դուրս է գալիս, երկու փոքրիկ ծիլեր են, և հետո նոր ծիլեր են ավելանում նախորդներին: Նախ եկավ Մարտին Լյութերը, հետո Ցվինգլին, Կալվինը և այսպես շարունակ: Հետո ձևավորվեց թռչող սերմը. դա Ջոն Ուեսլեյն էր, ուեսլեյական ժամանակաշրջանում: Դրանից ծաղկափոշի թափվեց: Հետո եկավ Պենտեկոստեի ժամանակաշրջանը: Դա այնքան մոտ էր, այնքան նման: Դա գրեթե նման էր իսկական հատիկի, եթե միայն տեսքին նայեիք: Բայց եթե ավելի մոտիկից նայեիք, եթե հանեիք թաղանթը, ներսում ոչինչ չկար: Դա միայն թաղանթն է, որը հատիկի տեսք ունի: Դա այնտեղ է միայն մեկ նպատակի համար՝ պաշտպանել հատիկը, երբ այն կհայտնվի: Եթե արևը հարվածի թաղանթով չպաշտպանված հատիկը, այն կմեռնի: Այդ հատիկը պետք է պաշտպանության տակ լինի որոշ ժամանակ, մինչև կյանքը թաղանթից դուրս գա, ինչպես նախկինում դուրս էր եկել ցողունից և ծաղկափոշուց: Ողջ կյանքը կենտրոնանում է ցորենի հատիկի մեջ, որը նորից դառնում է ճիշտ այնպիսին, ինչպիսին էր հողի մեջ ցանվելու ժամանակ: Բոլորս գիտենք, որ պատգամաբերի հայտնվելուց երեք տարի հետո մի կազմակերպություն է ստեղծվում: Երբ դա կատարվում է, մահ է բերում: Այդպես եղավ Լյութերի ժամանակ, Ուեսլեյի ժամանակ, Ալեքսանդր Քեմփբելի ժամանակ: Նույնը կատարվեց բոլոր կազմակերպությունների հետ մինչև Պենտեկոստեի ժամանակները: Այդ կազմակերպությունը այնքան չոր է դառնում և այնքան է հեռանում Աստծո Խոսքից, որ այլևս չի կարողանում նոր հայտնություններ ստանալ: Նա հաստատվում է այնտեղ և մեռնում: Կյանքը տարածվում է ցողունի միջով՝ ձևավորելու համար ցորենի հատիկը, իսկ հարությունը նրան ազատում է իր կեղևից, որպեսզի այն պատրաստ լինի հափշտակությանը: Հիշու՞մ եք, որ այս պատգամը սկսվեց աստվածային բժշկությամբ և հրաշագործություններով: Աստված կարիք չունի ցուցադրելու: Եթե Նա թույլ տար, որ այս պատգամը տարածվի սովորական եկեղեցու միջոցով, ինչպիսին արդեն ունեինք, դա Աստծուց չէր լինի: Նա այդ բաները չի անում մեզ զվարճացնելու համար, որին մենք՝ ամերիկացիներս սովոր ենք, այլ միայն նրա համար, որ մարդկանց ուշադրությունը հրավիրի այն փաստի վրա, որ Նա պատրաստվում է ինչ-որ բան անել: Նայեք Քրիստոսին, երբ Նա եկավ. այդ գալիլիացի հրաշալի մարգարեն, այդ Ռաբբին. Նրա ծառայությունը հրաշալի էր, Նրան սիրով ընդունում էին բոլոր եկեղեցիներում: Բայց մի օր Նա նստեց և ասաց. «Ես և Հայրը մի ենք» (Հովհ.10:30): Ո՚հ, ամեն բան վերջացավ: «Հեռու մնանք այդ մարդուց»: Հետո Նա ասում է. «Եթե Մարդու Որդու մարմինը չուտեք ու արյունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա» (Հովհ.6:53): «Ուրեմն նա վամպիր է: Հեռու մնացեք այդ մարդուց»: Ինչ-որ բան պետք է հետևեր այդ նշանին: Կեղևն էր նրան պահում մինչև այդ պահը, բայց հիմա այն պետք է թափվի: Հիշեք, այս պատգամը գալուց հետո քսան տարի անցել է, և ոչ մի հարանվանություն դուրս չի եկել, և չի էլ լինի: Հարանվանությունների համար եկել է վերջը: Ցորենն է ձևավորվում: Իսկ ի՞նչ է անելու ցորենը հիմա: Այն պետք է մնա արևի ճառագայթների տակ, մինչև կատարյալ հասունանալը, մինչև որ հնձվորները գան հավաքելու: Իրադարձությունները, որոնց կատարումը մենք տեսնում ենք, ցույց են տրված Աստվածաշնչում յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար: Մենք կարծում ենք, թե ամեն ինչ հունից դուրս է եկել, բայց այդպես չէ: Ամեն ինչ ընթանում է Աստծո Խոսքի համաձայն: Աստվածաշունչը տարբերվում է ցանկացած այլ սրբազան գրքերից: Աստվածաշնչի նման ուրիշ գիրք չկա, որովհետև Աստվածաշունչը Աստված է Խոսքի ձևով: Խոսքը մտքի արտահայտումն է: Աստծո միտքն է արտահայտել այդ Խոսքը: Նրա Խոսքը տրվել է Իր մարգարեներին: Նրանք գրել են Աստվածաշունչը Խոսքի ձևով, իսկ Հիսուսն այն անվանում է սերմ: Ամեն սերմ պտուղ է տալիս իր տեսակի պես, եթե ամեն ինչ անցնում է նորմալ պայմաններում և համապատասխան մթնոլորտում: Այս մարգարեությունների գիրքը հաղորդում է գալիք իրադարձությունները: Այս գիրքը պարունակում է Հիսուս Քրիստոսի ամբողջական հայտնությունը: Դուք չպետք է այդ Խոսքին որևէ բան ավելացնեք կամ պակասեցնեք: Ամեն հայտնություն գալիս է այս Գրքից: Հայտնությունը պետք է լինի Խոսքի համաձայն: Ոմանք կարող են ասել, որ հայտնություն են ունեցել: Մենք գիտենք, որ Ջոզեֆ Սմիթը և շատ ուրիշներ հայտնություն են ունեցել, բայց դա հակառակ էր Խոսքին: Եթե հայտնությունը Աստծուց է գալիս, պետք է համապատասխան լինի Խոսքին: Այդ հայտնությունը կվկայի կամ կապացուցի Աստծո ներկայությունը, որովհետև կհաստատի, որ Աստված նախօրոք գիտեր այդ բաները և Իր կանխագիտությամբ նախօրոք կարգադրել էր դրանք: Աստվածաշնչում դա կոչվում է նախասահմանություն, ըստ որի ամեն ժամանակաշրջան ունի իր սեփական տեղը, ամեն մարդ ունի իր սեփական տեղը և ամեն պատգամաբեր ունի իր տեղը: Նա Աստված է, և սատանան չի կարող խանգարել Նրան: Աստված Աստված է, և Նա կարգադրել է, որ ամեն բան կատարվի և լինի Իր Խոսքի համաձայն: Ուրիշ շատ գրքեր կան, որոնք սրբազան են համարվում: Ես կարդացել եմ Ղուրանը և շատ ուրիշ գրքեր, բայց գիտե՞ք, այն ինչ, իրենք սրաբազան գիրք են անվանում, ընդամենը բարոյական օրենսգիրք է կամ աստավածաբանություն: Իսկ այս Գիրքը մարգարե է: Այն տարբերվում է բոլոր մյուս գրքերից: Աստվածաշունչը Աստծո Խոսքն է, որը կանխասում է ապագան: Այն կանխասում է զգուշացնելու համար: Եթե Աստված ուզում է ինչ-որ բան ուղարկել, Նա խոստացել է Աստվածաշնչում, որ ոչինչ չի անի, եթե նախօրոք չհայտնի Իր ծառաներին, մարգարեներին (Ամովս 3:7): Աստված չի կարող սուտ ասել, և Իր Խոսքի համաձայն, Նա նախ և առաջ հայտնում է: Այդպես է Նա գործել բոլոր ժամանակաշրջաններում: Մենք խոստում ունենք, որ այս ամենը վերականգնվելու է վերջին ժամանակներում: Չկա մի եկեղեցի կամ հարանվանություն, լինի դա մեթոդականը, մկրտականը, երիցականը կամ հոգեգալստականը, որ կարողանա իր ներկա վիճակում, եկեղեցուն հասցնել Հարսի վիճակին. նրանք բոլորն ընկել են: Նրանք չափից դուրս շատ են իրար հետ կռվում: Աշխարհասիրությունը սողոսկել է եկեղեցիների մեջ, և նրանք մեռած են իրենց ճանապարհներում: Աստված գիտի այդ ամենը: Ամեն բան ճիշտ այնպես է, ինչպես Հիսուսի առաջին գալստյան ժամանակ: Ամեն մեկը որևէ առանձնահատուկ վարդապետություն ունի: Ինչ-որ բան պետք է մեզ ուղարկվի Աստծուց: Նա այդ խոստացել է, և միակ բանը, որ պետք է անեք, սա է՝ հարմարվել սկզբնական Օրինակին: Ըստ Մաղաք.4:6 համարի, Նա խոստացել է, որ վերջին օրերում կուղարկի մի մարգարե, որը որդիների սիրտը կդարձնի առաքելական հայրերին: Ղուկ.17-րդ գլխում և ուրիշ շատ հատվածներում Աստված հայտնել է, թե ինչ է անելու վերջին ժամանակներում: Մենք ունենք Խոսքի մեր մեկնությունները: Մենք ասում ենք, որ սա այսպես է նշանակում, մեթոդականներն ասում են, որ դա այնպես է նշանակում, մկրտականներն ուրիշ բան են ասում, հոգեգալստականներն էլ՝ մեկ ուրիշ բան: Միադավաններն այս են ասում, երկդավանները՝ այն… Ո՚հ, ահա թե ինչ: Բայց Աստված ոչ մի մեկնաբանի կարիք չունի. Նա Ինքն Իր մեկնաբանն է: Նա մեզ տալիս է մեկնությունը՝ հաստատելով այդ Խոսքը այն ժամանակաշրջանում, որի համար նախատեսված է: Մենք չենք ապրում հոգեգալստական շարժման ժամանակաշրջանում: Մենք ուրիշ ժամանակաշրջանում ենք ապրում: Հասկանու՞մ եք, մենք մեթոդական ժամանակաշրջանում չենք ապրում, այլ ուրիշ: Մենք ապրում ենք Հարսի ժամանակաշրջանում, երբ եկեղեցին կանչվում է հավաքվում է հափշտակության համար: Ամենայն անկեղծությամբ դա է իմ կարծիքը, կատարյալ ճշմարտությունը: Աստվածաշունչը մարգարեության գիրք է: Դրան հավատացողներին պատվիրվում է հարգել այն, կարդալ այն, հավատալ դրա Հեղինակին, որովհետև ամեն Խոսքը պետք է կատարվի: Ամեն Խոսք պետք է կատարվի, որովհետև այդ Խոսքը Հիսուսն է ամեն ժամանակաշրջանում: Նա միշտ նույնն է երեկ… Հիսուս Քրիստոսն էր Նոյի մեջ, Հիսուս Քրիստոսն էր Մովսեսի մեջ, Հիսուս Քրիստոսն էր Դավթի մեջ, Հիսուս Քրիստոսն էր Հովսեփի մեջ: Հիսուս Քրիստոսն է այսօր Իր ժողովրդի մեջ անում այն գործերը, որոնք խոստացել էր անել այս ժամանակաշրջանում: Այդ Հիսուս Քրիստոսն է, բայց եկեղեցին այնքան սառն է դարձել, այնքան է հեռացել, որ մենք պետք է ինչ-որ բան ստանանք, որ մեզ ուժգին ցնցի, որ կարողանանք վերադառնալ Խոսքին: Որտեղի՞ց գիտենք, որ դա այդպես է լինելու: Դա կատարվելու է Աստծո ծրագրի համաձայն: Դա չի կարող կատարվել աշխարհականների կողմից, գործարարների կողմից: Դա չի կատարվի որևէ եկեղեցու միջոցով, որովհետև Աստված հաստատել է Իր ծրագիրը: Վերջերս Լուիզիանայում՝ Շրեվպորտում ես խոսեցի և պատգամ տվեցի ազգային ռադիոյով: Պատգամի թեման սա էր. «Ծառայություն մատուցել Աստծուն առանց Աստծո կամքի»: Դավիթը փորձեց տուն վերադարձնել Աստծո տապանակը: Նա թագավորական օծություն էր ստացել: Նա խորհրդակցեց իր պաշտոնյաների, հարյուրապետների, հազարապետների հետ և այլն: Նրանք միաբան ասացին, որ Դավթի ծրագիրը Աստծո Խոսքի համաձայն էր: Նա խորհրդակցեց քահանաների հետ: Նրանք մտածեցին, որ դա հրաշալի է, և այնքան ոգևորվեցին, որ սկսեցին աղաղակել և ամեն տեսակ կրոնական գործեր կատարել: Բայց այդ ամենը բացարձակապես հակառակ էր Աստծո կամքին: Այդ երկրում Նաթան անունով մի մարգարե կար, բայց նրանից նույնիսկ խորհուրդ չհարցրին: Բայց տեսանք, որ չնայած իրենց անկեղծությանը, նրանք չկարողացան իրականացնել իրենց ծրագրերը: Ինչքան էլ անկեղծ լինեք, քանի դեռ չգիտեք, թե ինչ եք անում, անօգուտ է: Վերադարձեք: Մտեք Աստծո Խոսքի մեջ և հարմարվեք Խոսքին: Իսկ հետո առաջ շարժվեք: Զինվորը քանի դեռ հրաման չի ստացել, չգիտի, թե ինչ է անելու: Մենք պետք է Քրիստոսի զինվորները լինենք և մեր հրամանները Աստվածաշնչից ստանանք. հրամաններ ոչ թե երեկվա, երեկ չէ առաջին օրվա, այլ այսօրվա համար: Ու՞ր ենք գնում: Ճանաչեք այն ժամը, որում ապրում ենք: Այդ ժամանակակից իրադարձությունները այնքան արագ են անցնում մեր կողքով: Մի օր կնկատենք, որ հետ ենք մնացել, ամեն ինչից զրկվել ենք, կնքվել ենք գազանի դրոշմով, առանց այդ նկատելու: Այժմ մենք համբերությամբ սպասում ենք խոստացված մարգարեություններին: Դրանցից յուրաքանչյուրը պետք է կատարվի այն ժամանակաշրջանում, որի համար սահմանվել է: Հեղինակն արդեն այդպես է գործել նախկինում, և մենք սպասում ենք, որ նույնը անի նորից: Ինչպիսի~ ժամանակաշրջանում ենք ապրում: Դա օրացույցի նման է: Նայում եք օրացույցին՝ իմանալու համար, թե տարվա որ օրն է, բայց Աստվածաշնչին եք նայում՝ իմանալու համար, թե որ ժամանակաշրջանում եք ապրում: Մենք չենք ապրում մեթոդական կամ մկրտական ժամանակաշրջանում, այլ Հարսի: Մենք ապրում ենք այն ժամանակաշրջանում, երբ Հարսը կանչվում է Աստծո մոտ վերադառնալու Իր խոստացած ճանապարհի միջոցով: Ինչպես արդեն եղել է անցած ժամանակաշրջաններում, մարդը դեռևս ձգտում է տալ Խոսքի իր սեփական մեկնությունները, աստվածաբանության միջոցով և մերժում է հավատալ, երբ Աստված հաստատում է Իր Խոսքը աստվածային կերպով: Ոչ մի ասածն է կարևոր, ոչ էլ մեկ ուրիշի, այլ Աստծո խոստումներն ու գործերն են հաստատում, որ Նա է տալիս Իր Խոսքի մեկնությունը: Քառասուն կամ հիսուն տարի առաջ, երբ դուք իսկական հոգեգալստականներ էիք, ձեզ ասացին. «Դուրս եկեք կազմակերպությունից»: Ձեր հայրերն ու մայրերը նզովեցին այդ կազմակերպությունը: Բայց ինչպես շունը վերադառնում է իր փսխածին, դուք նորից վերադարձաք այնտեղ: Այն, ինչ սպանեց այն եկեղեցուն, ձերն էլ սպանեց նույն կերպ: Ես ոչինչ չունեմ այն մարդկանց դեմ, որոնք այդ եկեղեցիների անդամ են. այդ ամենը կազմակերպության համակարգն է անում: Երբ վերադառնամ տուն, քարոզելու եմ «Օձի հետքի» վերաբերյալ: Եթե ձայներիզները վերցնեք, կարող եք լսել այդ քարոզը: Այդ քահանաները տեսան Աստծո Խոսքի մարգարեությունների իրագործումը: Նրանք գիտեին, թե ինչպես է լինելու Մեսիայի գալուստը: Նրանք գիտեին, թե ինչ է կատարվելու: Փարիսեցիներն ունեին իրենց սեփական գաղափարները, սադուկեցիները՝ իրենց, հերովդեսյաններն՝ իրենց, բայց նրանց գաղափարների սխալ լինելը երևաց, երբ Նա եկավ ճիշտ Խոսքին համաձայն: Հիսուսն ասում էր, որ եթե Իրեն ճանաչեին, Իր օրն էլ կճանաչեին: Փարիսեցիները նրան ասացին. «Մենք Մովսեսն ունենք»: Հիսուսը նրանց պատասխանեց. «Եթե Մովսեսին հավատայիք, Ինձ էլ կհավատայիք, քանի որ նա Իմ մասին գրեց» (Հովհ.5:46): Աստված հաստատում էր այն, ինչ խոստացել էր: Նրանք պատկերացրել էին, որ Մեսիան գալու էր իրենց խումբը շատ արժանավայել ձևով, այլապես դա Մեսիան չէր կարող լինել: Այսօր էլ նույնն է. «Եթե իմ ակնոցով չնայեք, ոչինչ չեք տեսնի»: Մենք չենք սիրում այդ մասին խոսել, բայց դա զուտ ճշմարտություն է: «Շատ անգամներ ու շատ ձևերով Աստված առաջուց մարգարեների միջոցով մեր հայրերի հետ խոսելով…» (Եբր.1:1): Աստված տարբեր ժամանակաշրջաններում գրեց Աստվածաշունչը Իր ընտրած ձևով, ոչ թե աստվածաբանների միջոցով: Նա չի մեկնում Իր Խոսքը աստվածաբանների միջոցով: Երբեք ոչ մի աստվածաբան չի ունեցել Աստծո Խոսքի մեկնությունը: Մեկնությունը տրվում է միայն մարգարեին, և այս խառնաշփոթությունից դուրս գալու միակ միջոցն այն է, որ Աստված մեզ մարգարե ուղարկի: Դա այլ կերպ չի կատարվի: Մենք պետք է հավատանք և սպասենք իրագործմանը: Գիտեք, Աստվածաշունչը մարդու կողմից չի գրվել, այլ Աստծո: Դա աստվածաբանական գիրք չէ: Դա Աստծուց եկող Գիրք է, մարգարեության Գիրք, որը գրվել և մեկնաբանվել է մարգարեների կողմից: Աստվածաշունչն ասում է, որ Տիրոջ Խոսքը գալիս է մարգարեի մոտ: Ինչ կատարյալ կերպով դա ցույց տրվեց և ապացուցվեց, երբ Հիսուսը եկավ երկիր: Հովհաննես Մկրտիչը, որն այդ ժամանակվա մարգարեն էր, հայտնեց, որ գալու է մի ժամանակ, երբ Աստված զոհաբերելու է Աստծո Գառին՝ մի Մարդու: Հովհաննես Մկրտիչն ասում էր, որ Նրան կճանաչի, երբ Նա գա: Նա այնքան վստահ էր իր պատգամի վրա, որ ասում էր. «Ձեր մեջ կա մեկը, որին դուք չգիտեք» (Հովհ.1:26): Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ, որ Հիսուսը գալիս է Իրեն ընդառաջ: Հովհաննեսը բարձրացրեց հայացքը և տեսնելով Նրա վրա եղած նշանը՝ ասաց. «Ահա Աստծո Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ.1:29բ): Այն ժամանակ Հիսուսն իմացավ, որ հաստատված է ժողովրդի առաջ: Նա Խոսքն էր: Կարո՞ղ ենք կասկածել դրան: Հիսուսը գալիս է Հովհաննեսի մոտ մկրտվելու համար: Մատթ.3:13 համարում Նա մտավ ջուրը և գնաց մարգարեի մոտ: Դա ճիշտ է: Խոսքը գալիս է Իր մարգարեի մոտ: Այնպես, որ մենք չենք կարող սպասել, որ այն գա աստվածաբանների մոտ: Խոսքը հետևում է Աստծո կողմից ուղենշված ճանապարհին: Այդ Խոսքը ատելի կլինի, անարգված և մերժված: Այն կմերժվի, բայց ամեն դեպքում Աստված կիրականացնի այն: Խոսքը մերժվեց Հիսուս Քրիստոսի մեջ, մերժվեց Հովհաննես Մկրտչի մեջ, մերժվեց Երեմիայի մեջ, Մովսեսի մեջ, բայց Աստված միշտ գործում է այնպես, ինչպես խոստացել էր: Երբեք չի պատահել, որ Նա նույն կերպ չգործի: Նրա մարգարեն, որը տեսիլք ուներ, հաճախ չէր հասկանում այն, ինչ տեսնում էր: Այն, ինչ նա գրում էր և ասում էր, Աստծո միտքն էր, որն արտահայտվում էր մարդկային շրթունքներով: Ակնհայտ է, որ խոսքը արտահայտված միտքն է: Աստված է ընտրում Իր նախասահմանածներին: Նա մի մարդ է ուղարկել յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար: Մովսեսի միջոցով պետք է կատարվեր այն, ինչ նախօրոք ասվել էր Աբրահամին: Մովսեսը մարգարե էր ծնվել: Նա դրանում ոչինչ չէր կարող անել, որովհետև այդ նպատակի համար էր ստեղծվել: Աստված է ընտրում Իր մարգարեներին ամեն ժամանակաշրջանի համար: Նա է որոշում մարդու բնությունը, քարոզելու ոճը, պարգևը և այն ամենը, ինչ նա պետք է անի այդ օրվա նպատակին հասնելու համար: Աստված է ստեղծում այդ մարդուն և ուղարկում է սահմանված ժամանակում: Ինչպես քարոզեցի անցած երեկո, մենք Աստծո սերմի սաղմն ենք: Նա գիտեր, թե ինչպիսին կլիներ մարդը ամեն ժամանակաշրջանում, քանի դեռ գոյություն չուներ ոչ մի մոլեկուլ, ոչ մի լույս կամ մեկ ուրիշ բան: Դուք ձեր հոր սերմն եք: Դուք ձեր հոր մեջ էիք, բայց նա ոչ մի հաղորդակցություն չէր կարող ունենալ ձեզ հետ: Դուք այնտեղ էիք, առանց այդ իմանալու: Նա նույնպես չգիտեր այդ: Հետո դուք հայտնվեցիք, որպեսզի նա կարողանա հաղորդակցություն ունենալ ձեզ հետ: Երբ վերստին ծնվեցիք, հավիտենական կյանքից ծնվեցիք: Հավիտենական կյանքի միայն մեկ ձև կա, և դա Աստծո կյանքն է. «Զոե»՝ հունարեն բառը: Ուրեմն, եթե դուք Աստծո որդի կամ դուստր եք, Աստծո մեջ եք եղել ամեն ժամանակ: Նա գիտեր, թե պարտեզի որ մասում և որ ժամանակում դուք պետք է տնկվեիք: Այժմ դուք գոյություն ունեք որպես արարած, որը հայտնվել է որպես Աստծո դուստր կամ որդի, որպեսզի կատարեք ձեր ժամանակվա առաջադրանքը՝ հաստատել ճշմարիտ և կենդանի Աստծուն: Դուք ընտրվել եք աշխարհի ստեղծումից առաջ: Եթե այն ժամանակ ընտրված չլինեիք, ձեզ համար անհնար կլիներ այդ նպատակին հասնելը, ինչպիսին էլ լինեին ձեր ջանքերը: Շաղգամից արյուն չես կարող հանել, որովհետև դրա մեջ արյուն չկա: Երբ ես հանդիմանում եմ կարճ մազերով կանանց, մարդիկ ինձ ասում են. «Դուք կկործանեք ձեր ծառայությունը»: Կործանել մի ծառայություն, որն Աստված Ի՞նքն է կարգադրել: Քավ լիցի: Երբ երեխան ստեղծվում է մոր արգանդում, սկսվում է մեկ բջիջից: Հետո մեկ ուրիշ բջիջ է ավելանում դրան: Ոչ թե մեկ մարդկային բջիջ է, և հետո ավելանում է շան բջիջ, կատվի բջիջ և այլն: Նա ամբողջությամբ մարդ է: Երբ մարդ ծնվում է Աստծո Հոգուց, նա ոչինչ չի ներարկում իր կյանքի մեջ. նրա մեջ միայն այս ժամի համար հաստատված Աստծո անխարդախ Խոսքն է: Նա հավատում է Աստծո ողջ Խոսքին: Նա այդ չի խառնում հավատամքների կամ ուրիշ բաների հետ: Միայն Աստծո Խոսքն է, անխարդախ Խոսքը, որը բացահայտվել է մեր մեջ: Նայեք Աստվածաշնչի մեջ և կիմանաք, թե որ ժամանակաշրջանում ենք ապրում՝ տեսնելով այն մեծ բաները, որոնք կատարվում են: Երբ եկեղեցին հասնում է իր շրջադարձին, յուրաքանչյուր ժամանակաշրջանի վերջում նա լքում է Խոսքը և նորից ընկնում մեղքի մեջ, աշխարհասիրության մեջ: Աշխարհասիրությունը մեղք է: Աստվածաշունչն ասում է, որ, եթե սիրում եք աշխարհը և աշխարհի բաները, Աստծո սերը ձեր մեջ չէ: Ելից 13:7 համարն ասում է, որ ոչ մի թթխմոր չպետք է լիներ ժողովրդի մեջ յոթ օրվա ընթացքում, որոնք խորհրդանշում են եկեղեցու յոթ շրջանները: Դա նշանակում է, որ ոչ մի օտար բան չպետք է խառնվեր նրանց: Ոչ մի տեղ թթխմոր չէր գտնվում, իսկ դա նշանակում է, որ մենք չպետք է Աստծո Խոսքի հետ խառնենք հավատամքներ և աշխարհի թթխմոր: Մենք պետք է բաժանենք միայն Աստծո Խոսքի անթթխմոր հացը, որովհետև մարդ կապրի ամենայն Խոսքով, որը դուրս է գալիս Աստծո բերանից: Մեր հարանվանական համակարգերը և աշխարհի նորաձևությունները մեր մեջ թթխմոր են դրել: Հասել է այն վիճակին, որ գրեթե ամեն տեղ Հոլիվուդ է: Շուտով այստեղ էլ Անգլիայի նման կլինի, որտեղ խորանի մոտ կանչելը ամոթ է համարվում: Մենք պետք է քարոզենք Ավետարանը ամբողջությամբ, Աստծո զորությամբ, որ հաստատենք այդ այս ժամանակաշրջանի համար տրված խոստումի համաձայն և ապացուցենք, որ դա լիովին համապատասխանում է Աստծո Խոսքին: Դրանից դուրս դուք ընդամենը եկեղեցու անդամ եք: Ինչքան էլ ջանք անեք Աստծուն ծառայելու համար կամ հավատարիմ լինեք ձեր եկեղեցուն, եթե հավիտենական կյանքի սաղմը նախասահմանված չլինի ձեր մեջ, դուք ինչ-որ անճոռնի բան կդառնաք և երբեք չեք կարող լինել Աստծո իսկական որդի կամ դուստր: Ես հաճախ պատմություն եմ պատմում փոքրիկ արծվիկի վերաբերյալ: Մի ագարակատեր հավին թուխս էր նստեցնում: Նրան մի ձու էր պակասում թուխս դնելու համար: Չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը գիտի, թե քանի ձու է պետք թուխս դնելու համար, բայց համենայն դեպս նրան մի ձու էր պակասում: Եվ նա գողացավ արծվի բնից: Բնում երկու ձու կար, և նա մեկը դրեց թխսի տակ: Երբ արծվիկը ձվից դուրս եկավ, մյուս ճուտիկների մեջ նա տարօրինակ թռչուն էր: Նա չէր հասկանում հավի կչկչոցը: Նա չէր խոսում այնպես, ինչպես ինքը կուզենար: Երբ նա հավանոցում քջուջ էր անում ուտելիք գտնելու համար, այդ ուտելիքը նրան դուր չէր գալիս: Նա «անճոռնի ճուտիկ» էր մյուս ճուտիկների համար: Հավը կռթկռթում էր, իսկ ինքը չէր հասկանում: Հետո մի օր նրա իսկական մայրիկը, որը գիտեր, որ երկու ձու է դրել, նկատում է, որ միայն մեկը ունի: Այդ ժամանակ սկսեց փնտրել մյուս ձուն: Նա սկսեց թռչել գյուղով մեկ: Երբ թռչում էր հավանոցի բակի վրայով, նկատեց մի արծվիկի, որը հետևում էր ծեր հավին: Նա կանչեց. «Փոքրիկս, դու ճուտիկ չես, դու արծվիկ ես»: Արծվիկը ճանաչեց նրա ձայնը: Ինչու՞: Որովհետև նա արծիվ էր: Երբ մարդը սահմանված է Աստծո որդի լինելու համար, եթե նույնիսկ դրված է եղել հավատամքների և ձևապաշտական հին կրոնների մեջ, երբ նա լսում է զորությամբ քարոզված Աստծո Խոսքը և տեսնում է, որ Աստված հաստատում է այն, կվազի այդ Խոսքի մոտ. դա նույնքան հաստատ է, որքան, որ երկու անգամ երկու չորս է: Նա չի կարող այդ չանել, որովհետև նրա էությունը սիրում է Աստծո Խոսքը: Նրա համար կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են ասում: Երբ նա տեսնում է Աստծո Խոսքի բացահայտումը, թռչում է դեպի այդ Խոսքը, որովհետև նա արծվիկ է: Պատմությունը շարունակվում է այսպես: Արծվիկն ասաց «Մայրիկ, ինչպես կարող եմ բարձրանալ վերև»: Նա նրան պատասխանեց. «Միայն ցատկիր, և ես քեզ կբռնեմ»: Դա միակ բանն էր, որ նա պետք է աներ, դա միակ բանն է, որ դուք պետք է անեք: Վեր կացեք, թռչեք Աստծո մոտ, լսեք խոստումը: «Տեր Հիսուս, ես հավատում եմ Քեզ ամբողջ սրտով: Ես հավատում եմ այս ժամի պատգամին: Ես տեսնում եմ դրա հաստատումը և գիտեմ, որ դա ճշմարիտ է»: Կանգնի՚ր, քո մայրիկը քեզ կվերցնի: Մի՛ անհանգստացիր, եթե դու արծվիկ ես, նա քեզ անմիջապես կվերցնի: Մենք հասկանում ենք, որ ապրում ենք զարմանալի ժամանակներում, որովհետև հավատացյալները տեսել են, որ հաստատվում են Աստծո Խոսքի խոստումները: Այդ հաստատումն ապացուցում է, որ Աստված այս Խոսքի մեջ է: Բացարձակապես: Այդ ժամանակ է խոստացված Խոսքը ճանաչվում: Հատիկը պայթում է, հավատացյալները տեսնում են այդ և հավատում: Մնացածները պարզապես չեն կարող տեսնել: Դուք գիտեք, որ այս երկրով մեկ քարոզել եմ, որ այլևս ոչ մի տեղ չլինեն կարճ մազերով կանայք, բայց ամեն անգամ, երբ վերադառնում եմ, ավելի շատ են նրանք: Ի՞նչ է կատարվում: Ինչ-որ բան այնպես չէ: Դուք գիտեք, որ Խոսքը սովորեցնում է այդ, բայց ասում եք. «Ո՚հ, դա ոչ մի նշանակություն չունի»: Անշուշտ ունի: Մի օր մի լավ եղբայր, որին ճանաչում եմ, ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, ես ուզում եմ ձեռնադրել քեզ: Ես քեզ սիրում եմ, բայց դու կործանում ես քո ծառայությունը: Քո գործը չէ կանանց այդ մասին ասելը: Այդ հոգսը թող հովիվներին»: Ես պատասխանեցի. «Նրանք այդ չեն անի»: Նա պատասխանեց. «Բայց դա քո գործը չի: Դու միայն աղոթիր հիվանդների համար»: Ես ասացի. «Իսկ ու՞մ գործն է: Ես կանչվել եմ Ավետարանը քարոզելու»: Նա շարունակեց. «Ես ուզում եմ ձեռք դնել քեզ վրա և Աստծուն խնդրել, որ քեզ ազատի դրանից»: Ես պատասխանեցի. «Եթե դու թույլ տաս, ես էլ ձեռք կդնեմ քեզ վրա և կաղոթեմ, որ Տերը քո աչքերը բացի և դու հասկանաս այդ»: Նա նաև ասաց ինձ. «Մարդիկ հավատում են, որ դու Աստծո ծառա և մարգարե ես: Դու պետք է կանանց սովորեցնես մեծ պարգևներ ստանալ, մարգարեանալ և նման բաներ»: Ես ասացի. «Ինչպե՞ս կարող եմ նրանց հանրահաշիվ սովորեցնել, եթե նրանք այբուբենը չեն ուզում սովորել»: Դա ճիշտ է: Եթե հասարակ, պարզ բաները չեք կարող անել, հոգևոր բաներին ինչպե՞ս կարող եք հասնել: Եղբայրս, քույրս, դա կարող է ձեզ կատակ թվալ, բայց սա Ավետարանի ճշմարտոթյունն է: Շատ մարդիկ, նույնիսկ Սուրբ Հոգով լցված մարդիկ, չեն կարողանում հավատալ դրան: Ես հիմա մի բան կասեմ, որ ձեզ կցնցի: Սուրբ Հոգու մկրտություն ստանալը դեռ չի նշանակում, որ դուք ներս կմտնեք: Ամենևին: Դա ոչ մի կապ չունի ձեր հոգու հետ: Հոգին գտնվում է ձեր ներսում: Արտաքուստ դուք ունեք հինգ զգայարաններ, հինգ միջոցներ, որոնք ձեզ հնարավորություն են տալիս հաղորդակցվելու ձեր երկրային տան հետ: Բայց ներսում ունեք հոգի և հաղորդակցության հինգ հնարավորություններ՝ խիղճ, սեր և այլն: Հիշեք. դուք կարող եք իսկապես մկրտված լինել Աստծո Հոգով և այնուամենայնիվ կորսվել: Հոգին է կենդանի: Դա կարգադրվել է Աստծո կողմից: Մի՞թե Հիսուսը չասաց. «Այն օրը շատերն Ինձ կասեն. ՚՚Տե’ր, Տե’ր՚, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք ու Քո անունով դևեր հանեցինք, Քո անունով շատ հրաշքներ արեցինք՚՚»: Մի՞թե մարգարեությունը մեծ պարգև չէ: Հիսուսը նրանց կպատասխանի. ՚՚Ձեզ երբեք չեմ ճանաչել. Ինձանից հեռացե’ք, ո’վ անօրենություն գործողներ՚՚» (Մատթ.7:21-23): Մի՞թե Կայիափան չմարգարեացավ: Եվ մինչդեռ նա սատանայից էր: Մյուս քահանաները, որոնք պետք է լինեին այդ ժամանակվա հոգևոր առաջնորդները, գործեին խոնարհությամբ և այլն, նրանք չկարողացան տեսնել Աստծո Խոսքի բացահայտումը: Աստծո Խոսքում նման բազմաթիվ օրինակներ կարող ենք գտնել: Ի՞նչ կասեք Բաղաամի մասին: Ասում եք, որ Աստված փոխու՞մ է միտքը: Ո՛չ, նա այդ չի անում: Երբ Բաղաամը ճանաչվեց որպես մարգարե (եպիսկոպոս, քարոզիչ կամ ինչպես ուզում եք անվանեք), նա մեծ մարդ էր: Բայց երբ նա խորհուրդ հարցրեց Աստծուց Իսրայելին անիծելու համար, (նախ նա նրանց չէր սիրում), Աստված նրան ասաց. «Մի գնա այնտեղ»: Այդ ժամանակ նրա մոտ ուղարկեցին մի պաշտոնյա, գուցե մի եպիսկոսպոս կամ կրթություն ունեցող քահանա, որպեսզի նրան համոզի: Բաղաամը վերադարձավ Տիրոջը երկրորդ անգամ հարցնելու: Դուք կարիք չունեք Աստծուն երկրորդ անգամ հարցնելու: Երբ Նա առաջին անգամ ասաց, դա արդեն բավական է: Բայց Բաղաամը դա չէր հասկացել: Նա վերադարձավ Բաղակի մոտ և նայեց Իսրայելի ժողովրդին: Նա մտածում էր. «Մենք մեծ ժողովուրդ ենք, իսկ Իսրայելը փոքրիկ, ցրված խումբ է, մինչդեռ մենք բոլորս հավատում ենք միևնույն Աստծուն»: Դա ճիշտ էր: Նրանք բոլորը հավատում էին նույն Աստծուն: Բոլորը երկրպագում էին Եհովային: Նայեք Բաղաամի զոհաբերությունը յոթ զոհասեղանների վրա: Յոթը Աստծո կատարելության թիվն է. յոթ եկեղեցիներ, յոթ զվարակներ, որոնք բոլորը խոսում են Տիրոջ վերադարձի մասին: Բաղաամը նույնքան ֆունդամենտալիստ էր, որքան Մովսեսը: Բայց, տեսնում եք, նա աստվածային հաստատում չուներ: Այո՚, երկուսն էլ մարգարե էին, բայց Մովսեսի ծառայության հետ կար գերբնական կրակի սյունը, ճամբարի վրա կախված լույսը: Կար աստվածային բժշկությունը, կային ցնծության աղաղակներ, որովհետև Թագավորը ներկա էր ճամբարում: Նրանց մեջ մեծ նշաններ և հրաշքներ էին կատարվում: Դա Աստծո ներկայության նշանն էր Իր ժողովրդի մեջ: Հիմնականում երկուսն էլ իրավացի էին, բայց Բաղաամը փորձեց մոլորեցնել Իսրայելի ժողովրդին: Դա կատարվեց անմիջապես խոստացված երկիրը հասնելուց առաջ: Եվս մի քանի օր և նրանք այնտեղ կլինեին: Հիմա ձեզ մի բան կասեմ (մի օր ինձ կկրակեն դրա պատճառով): Բայց լավ հիշեք սա. բոլոր եկեղեցիները կախարդված են էկումենիկ խորհրդի կողմից: Նրանք փորձում են մեզ ասել, որ մենք բոլորս նույն խմբից ենք: Մենք նույն խմբից չե՛նք: Դուրս եկեք այդտեղից: Հեռու մնացեք դրանից: Մենք պետք է դրանից հնարավորին չափ հեռու լինենք: Բաղաամը կարծում էր, որ իրենց զավակները կարող էին իրար հետ ամուսնանալ, որովհետև նրանք հավատում էին նույն Աստծուն: «Ինչպե՞ս կարող են երկուսը միասին քայլել, եթե միաբան չլինեն»: Ինչպե՞ս կարող եք Աստծո հետ քայլել, եթե համաձայն չեք Նրա Խոսքի հետ: Ինչպե՞ս կարող եք ընդունել հավատամքներն ու նման բաները, եթե ձեզ այստեղ պատվիրված է չանել այդ: Դուք չեք կարող թթխմոր պարունակող բանը խառնել անթթխմորի հետ: Յուղը և ջուրը չեն խառնվում: Խավարն ու լույսը չեն խառնվում իրար: Լույսն անքան հզոր է, որ վռնդում է խավարը, և երկուսը չենք կարող խառնել իրար: Դուք չեք կարող Հարսին խառնել հարանվանությունների հետ: Դուք չեք կարող Հարսին խառնել հավատամքների հետ: Դուք չեք կարող խառնել Ավետարանը և աշխարհը. դրանք չեն խառնվում իրար: «Անհավատների հետ այլախառն լծակից մի եղեք, որովհետև արդարությունն անօրինության հետ ի՞նչ մասնակցություն ունի, և լույսը խավարի հետ ի՞նչ հաղորդություն ունի: Քրիստոսը Բելիարի հետ ի՞նչ միաբանություն ունի, կամ հավատացյալը անհավատի հետ ի՞նչ բաժին ունի: Կամ Աստծո տաճարը կուռքերի հետ ի՞նչ համաձայնություն ունի»:«Որովհետև դուք կենդանի Աստծո տաճարն եք, ինչպես որ Աստված ասաց. «Նրանց մեջ կբնակվեմ ու նրանց մեջ կշրջեմ, նրանց Աստվածը կլինեմ ու նրանք՝ Իմ ժողովուրդը»: «Դրա համար նրանց միջից դուրս գնացեք ու բաժանվեցեք,--- ասում է Տերը,--- և պիղծ բաների մի’ դիպչեք: Եվ ես ձեզ կընդունեմ ու ձեզ Հայր կլինեմ, և դուք Ինձ որդիներ ու դուստրեր կլինեք»,--- ասում է Ամենակալ Տերը» (2 Կորնթ.6:14-18): Դա չի կարող կատարվել, մինչև որ այդ բաները հայտնվեն, և այս ժամանակի համար տրված Աստծո Խոսքը հաստատվի որպես ճշմարտություն: Ուրեմն հետևեք այդ Խոսքին քայլ առ քայլ: Հոգեգալստականներ, հիշեք, որ դրա համար Լյութերը կորցրեց իր պատգամը: Ահա թե ինչպես Ուեսլեյը կորցրեց իր պատգամը: Եթե լյութերականները հետևեին Խոսքին, մեթոդական կլինեին: Եթե Ուեսլեյի եկեղեցին հետևեր Խոսքին, նրանք հոգեգալստական կդառնային: Իսկ հիմա, եթե հոգեգալստականները հետևեին Խոսքին, Հարսը կդառնային: Բայց եթե նորից ուզում եք կառչել աշխարհից և վերադառնալ այնտեղ, ինչպես, որ անում եք, դուք կկորսվեք: Դուք կլինեք ցորենի մղեղը, չորացած ցողունը, որոնք գցվելու են կրակի մեջ: Մենք գիտենք, որ Նա Իր ցորենը ամբարելու է շտեմարանում, իսկ հարդը այրելու է անմար կրակով (Մատթ.3:12): Չնայած դրան, տերևի մեջ կյանք կար, հետո նա մեկ ուրիշ բան է դառնում, և այդ կյանքը շարունակում է իր գործը, մինչև իր վերջնական ձևը: Այսպիսով եկեղեցին անցնում է սրբացման, արդարացման, Սուրբ Հոգու մկրտության, պարգևների վերականգնման միջոցով, մինչև որ հասնում է Քրիստոսի պատկերին: Քրիստոսը Փեսան է, Եկեղեցին՝ Հարսը: Հարսը Փեսայի մի մասնիկն է: Նա պետք է Խոսք-եկեղեցի լինի, ոչ թե հարանվանական: Դա կլինի Խոսք-Եկեղեցի, բացահայտված Խոսք, Աստծո հաստատված Խոսքի միջոցով: Ռեբեկան չսպասեց երկրորդ պատվերը ստանալու համար: Նրան հարցրին. «Ուզու՞մ ես գնալ Եղիազարի հետ»: Նա պատասխանեց. «Կգնամ»: Նա հաստատապես ներշնչված էր Աստծո կողմից: Նա գործեց Սուրբ Հոգու ներգործության տակ, որն իջավ նրա վրա, որպեսզի նրան ցույց տա, թե որն է բացարձակ և հաստատված ճշմարտությունը, և նա հավատաց այդ ճշմարտությանը: Բաղաամը չէր կարող տեսնել տարբերությունը: Շատերը չեն կարողանում: Փարավոնը չէր կարողանում տեսնել ճշմարտությունը, թեև այդ ճշմարտությունը հաստատվեց նրա առաջ: Դաթանը նույնպես չէր կարող տեսնել: Նա մոտեցավ Մովսեսին և ասաց. «Դու կարծում ես, որ միայն դու ես, որ կաս: Մինչդեռ ողջ եկեղեցին սուրբ է: Դու փորձում ես ցույց տալ, թե միակ գլաքարն ես ծովափին (այսօր մենք այդպես կասեինք)»: Դաթանը ավելի խելացի պետք է լիներ: Մովսեսը գիտեր, թե ինչու էր Աստված նրան ուղարկել այնտեղ: Երբ Մովսեսը լսեց սա՝ երեսնիվայր ընկավ խորանի մուտքի մոտ: Աստված նրան ասաց. «Զատվիր այդ մարդկանցից», և ոչնչացրեց նրանց: Հիշեք նաև, որ Իսրայելի մեղքը, երբ նրանք լսեցին Բաղաամին, այն էր, որ ասում էին, թե բոլորն էլ մեկ են. այդ մեղքը նրանց երբեք չներվեց: Թույլ տվեք ձեզ մի ցնցող թիվ ասել: Եգիպտոսից դուրս եկած երկու միլիոն հրեաներից միայն երկուսը կարողացան մտնել խոստացված երկիրը: Մինչդեռ նրանք բոլորը ուտում էին միևնույն կերակուրը, բոլորը պարում էին Հոգով, նրանց մոտ ամեն ինչ ընդհանուր էր, բայց երբ եկավ զատվելու պահը, Խոսքը ընտրություն կատարեց: Այսօր էլ նույնն է. Խոսքը ընտրում է: Դուք ասում եք. «Տեսեք, թե ինչքան նման ենք իրար»: Մատթ.24:24 համարում Աստվածաշունչն ասում է, որ վերջին օրերում երկու հոգիներն իրար այնքան նման կլինեն, որ նույնիսկ ընտրյալները կմոլորվեին, եթե հնարավոր լիներ: Հատիկի կեղևը նույն տեսքն ունի, ինչ որ հատիկը, բայց դա հատիկ չէ: Նմանությունն այնքան կատարյալ է, որ ընտրյալներն էլ կարող էին մոլորվել: Դուք, որ հարանվանությունների անդամներ եք, որ հետևում եք հարանվանություններին, կչորանաք և կմեռնեք. բայց հատիկի աճը, որին դուք մասնակցել եք, շարունակվել է առանց ձեզ: Հարդը կրում է հատիկը, բայց հատիկ չէ: Հիշեք, հատիկը շարունակում է ձևավորվել: Հարության ժամանակ ցորենի ողջ կենսունակությունը նորից կբարձրանա հատիկի մեջ: Մի պահ կանգ առնենք այստեղ: Հուսով եմ, դա ձեզ չի ցնցի, բայց թույլ տվեք ձեզ մի բան ասել: Եթե այդ հաշվարկը ճիշտ լիներ, մոտավորապես կհամապատասխաներ այն բանին, ինչ կատարվում է անասունների զուգավորման ժամանակ. այսինքն, արուի սերմնահոսության ժամանակ արտազատվում է մեկ միլիոն սերմնաբջիջ, բայց նրանցից միայն մեկն է բեղմնավորելու ձվաբջիջը: Մնացած բոլորը մեռնելու են: Նրանցից միայն մեկն է սահմանված կյանքի համար, իսկ մյուսները՝ ոչ: Մինչդեռ բոլորն էլ նույնն էին: Միլիոնից միայն մեկը: Հնարավո՞ր է, որ նույնը լինի այս երեկո: Աշխարհում 500 000 000 մարդիկ կան, որոնք իրենց քրիստոնյա են համարում: Դրա հիման վրա, եթե հափշտակությունը լիներ այս երեկո, միայն 500 հոգի կհափշտակվեին: Ամեն օր այդքան թվով մարդիկ են անհետանում, և նրանց չեն գտնում: Հարսի հափշտակության օրը նրանց պարզապես կզարմանան այդ հինգ հարյուր հոգու անհետացման համար: Եկեղեցիները կշարունակեն քարոզել սովորականի պես, ասելով, որ ստացել են այս կամ այն բանը: Պատկերացրեք, թե ինչքան մարդիկ խաբված կլինեն: Ես չեմ ասում, որ հենց այդպես էլ կլինի: Ես ոչինչ չգիտեմ: Ես լիազորված չեմ այդ իմանալու: Միայն Աստված է դատավորը, բայց տեսեք, որ դա հեշտությամբ կարող էր կատարվել: Ինչու՞ Կորխը չկարողացավ հասկանալ այդ: Ինչու՞ Դաթանը բոլորովին չհասկացավ այդ: Ինչու՞ Աքաբը բոլորովին չհասկացավ այդ: Երբ Հովսափատը իջավ նրան տեսնելու, Աքաբը նրան ասաց. «Դու գիտես, որ Հեսուն բաժանել է այս երկիրը, որը Աստված տվել է մեզ, բայց Ասորեստանը վերցրել է տարածքի այս մասը, որը մեզ է պատկանում: Մեր երեխաները քաղցած են, մինչդեռ ասորիները՝ մեր թշնամիները իրենց երեխաներին կերակրում են ցորենով, որը պետք է մեզ պատկաներ»: Նա իրավացի էր: Դա սուրբգրային է: Աքաբը նրան ասաց. «Կօգնե՞ս ինձ գնալ այնտեղ և հետ վերցնել այն»: Երբեմն լավ մարդը չարի ազդեցության տակ կարող է զիջել: Ուրեմն, ուշադիր եղեք: Հովսափատը, որը շատ կրոնասեր մարդ էր, ասաց. «Դե լավ, մենք միասին կգնանք: Մենք նույն ժողովուրդն ենք»: Բայց նրանք նույն ժողովուրդը չէին: «Անշուշտ, մենք կգնանք: Բայց նախ Տիրոջից խորհուրդ հարցնենք: Այստեղ Տիրոջ մարգարե չկա՞»,----հարցրեց Հովսափատը: Աքաբը պատասխանեց. «Մի ամբողջ ճեմարան. ես 400 մարգարե ունեմ և նրանք լավագույններն են»: Նրանք բոլորը դիպլոմ ունեին, և այն ամենը, ինչ կապված է դրա հետ: Հիշեք, դրանք եբրայեցիներ էին, որոնք գալիս էին մարգարեների դպրոցից: Լսենք նրանք խոսքերը: Ղեկավարը՝ Սեդեկիան, նրանց եպիսկոպոսն էր: Նա ներկայացավ թագավորների առաջ և լիովին ներշնչված էր: Նա երկու երկաթե մեծ եղջյուրներ էր պատրաստել և ասաց. «Այսպես է ասում Տերը. կվերցնենք այս եղջյուրները և ասորիներին կվռնդեք այս երկրից»: Բոլոր մյուս մարգարեներն ասացին, որ դա ճշմարտությունն է: Նրանցից յուրաքանչյուրը, ողջ ճեմարանը համաձայնություն տվեց դրան: Աքաբն ասաց. «Տեսնու՞մ ես»: Հովսափատը, որը հոգևորապես լիովին չէր չորացել, ասաց. «Այստեղ ուրիշ մարգարե չկա՞»: Ինչու՞ էր նա ուզում ուրիշների հետ էլ խորհրդակցել, երբ էկումենիկ խորհուրդը հավանություն էր տվել: Բոլորը համաձայն էին, որ այդպես պետք է վարվեն: Հովսափատը պնդում էր. «Բայց ինչ-որ տեղ ուրիշ մարգարե չկա՞: Այն տարօրինակ մարդը, գիտեք, չէ՞»: «Այո,---- ասաց Աքաբը,--- Հեմլայի որդի Միքիան: Բայց ես նրան ատում եմ: Ես նրան ատում եմ, որովհետև նա քննադատում է իմ ժողովրդին, անիծում է, իմ մասին ամեն տեսակ վատ բաներ է ասում: Ես ատում եմ այդ մարդուն»: Հովսափատն ասաց. «Ո՚հ, թող թագավորն այդպես չխոսի: Կանչենք նրան»: Այդ ժամանակ եպիսկոպոսներից կամ երեցներից մի քանիսը գնացին Միքիային բերելու, և նրան ասացին. «Լսի՛ր, եթե ուզում ես մտնել մեր կազմակերպության մեջ, դու պետք է նույն բանն ասես, ինչ որ մենք, և մենք քեզ նորից կընդունենք»: Բայց Աստված մի մարդ ուներ, որի վրա մարդիկ իշխանություն չունեին, և Աստծո ձեռքը նրա վրա էր: Նա արտացոլում էր Աստծո ճշմարտության լույսը: Նա նրանց ասաց. «Լավ, ես կգամ ձեզ հետ, բայց կասեմ միայն այն, ինչ Աստված կդնի իմ բերանում»: Ահա մի իսկական Աստծո մարդ: Միքիան նրանց ասաց. «Մի գիշեր ինձ մենակ թողեք»: Այդ գիշեր Տերը խոսեց մարգարեի հետ: Հաջորդ առավոտյան նրան հարցրին. «Ի՞նչ կասես, Միքիա»: Նա պատասխանեց. «Բարձրացեք, բայց ես Իսրայելին տեսա ցրված, ինչպես սարերի վրա հովիվ չունեցող ոչխարներ»: Այդ ժամանակ ավագ եպիսկոպոսը մոտեցավ և հարվածեց Միքիայի դեմքին և ասաց. «Ինչպե՞ս Տիրոջ Հոգին ինձանից հեռացավ, որովհետև ես գիտեմ, որ ունեի Հոգին: Ես պարել եմ Հոգով, արել եմ այս բոլոր բաները: Հոգին ինձ վրա էր: Ու՞ր է նա գնացել»: Այդ ժամանակ Միքիան, որ Աստծո ճշմարիտ մարգարե էր, քննեց իր տեսիլքը Խոսքով: Եթե տեսիլքը չհամապատասխաներ Խոսքին, ուրեմն կեղծ էր: Այդ ժամի Խոսքը. հասկանու՞մ եք: Սուրբգրային տեսանկյունից տարածքը իրենց էր պատկանում: Դա նրանցն էր: Սուրբգրային տեսանկյունից թվում էր՝ ամեն բան կարգին է, բացառությամբ մեկ բանի: Հիշեք, որ միայն ՄԵԿ բառի պատճառով ընկանք բոլոր այս դժբախտությունների մեջ. Աստծո մեկ խոսքի հանդեպ Եվայի անհավատության պատճառով: Մեկ բառ բերեց այս բոլոր նեղությունները: Հիսուսը գալիս է և Աստվածաշնչի մեջտեղում ասում Մատթ.4:4 համարում. «Մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս»: Իսկ Աստվածաշնչի վերջում Նա ասում է Հայտն.22:18,19 համարներում. «Եթե մեկը սրանց վրա բան ավելացնի, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս գրքում: Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի կյանքի գրքից, սուրբ քաղաքից և այս գրքում գրվածներից»: Դուք չեք կարող ընդունել Ավետարանի միայն մեկ մասը: Մեթոդականները, մկրտականները, երիցականները, կաթոլիկները, Եհովայի վկաները և բոլոր մյուս հարանվանությունները ունեն Ավետարանի միայն մեկ մասը, բայց կարևորը ողջ Խոսքն է, այս ժամի համար տրված Խոսքը: Նրանք երբեք չեն կարողանա ունենալ ամբողջությունը, մինչև որ Աստված օծի մի մարգարե, որը կկարողանա հայտնվել նրանց առաջ և ասել ճշմարտությունը՝ այն ապացուցելով և հաստատելով: Նույնիսկ այդ ժամանակ ճշմարտությունը աննկատ կմնա նրանց համար, և նրանք երբեք չեն իմանա այդ, ինչպես որ միշտ եղել է: Իսկ դուք, կաթոլիկներ, որ այրել եք Ժաննա դ՚Արկին որպես կախարդուհու: Երկու հարյուր տարի հետո հանեցիք դրա համար պատասխանատու քահանաների ոսկորները և նետեցիք գետը: Դուք չճանաչեցիք նաև սուրբ Պատրիկին և մյուսներին: Ճշմարտությունը այդ ժամանակ աննկատ մնաց ձեզ համար: Աստված նորից այդպես կվարվի, և դուք չեք իմանա, որ դա կատարվել է: Նա կգա աննկատ և կտանի Իր Հարսին, ժողովրդի միջից անաղմուկ կփախցնի նրան: Մենք տեսնում ենք, որ այդ խոնարհ Միքիան գիտեր, թե Աստված ինչ է ասել իրենից առաջ եղած մի ճշմարիտ մարգարեի միջոցով: 3 Թագ.21:19 համարում Եղիան ասում է Աքաբին. «Այսպես է ասում Տերը. այն տեղը, ուր շները լակեցին Նաբովթի արյունը, շները քո արյունն էլ պիտի լակեն»: Հենց այդպես էլ կատարվեց: Դա կատարվեց ըստ 3 Թագ.22:37,38 համարների: Որովհետև Աստված ասել էր այդ: Ինչպե՞ս մարգարեն կարող է լավ բան մարգարեանալ մի բանի վերաբերյալ, որն արդեն անեծքի առարկա է եղել: Ինչպե՞ս կարող եմ լավ բան ասել Լավոդիկեի եկեղեցու ժամանակաշրջանի վերաբերյալ, երբ Աստված արդեն խոսել է դրա դեմ: Դուք մերկ և թշվառ եք, թեև ասում եք. «Ես հարուստ եմ, ես մեծ եկեղեցիներ ունեմ, ինչպես մեթոդականները, մկրտականները, երիցականները: Ես այս ունեմ, այն ունեմ: Ես լավագույնն ունեմ սրանից, նրանից»: Դա ճիշտ է, բայց դուք չեք հասկանում, որ մերկ, կույր և թշվառ եք այն ճշմարիտ բաների հանդեպ, որ Աստված ցույց է տալիս ճշմարիտ Հոգով: Հավատանք, քանի դեռ շատ ուշ չէ: Միքիան ասաց. «Ես տեսա Տիրոջը նստած Իր աթոռի վրա և երկնքի բոլոր զորքերը կանգնած Նրա առաջին, Նրա աջ և Նրա ձախ կողմին: Եվ Տերն ասաց. «Ո՞վ կխաբի Աքաաբին, որ վեր գնա Ռամովթ-գաղաադի վրա և կորչի. և մեկը այսպես ու մյուսն այնպես էր ասում: Եվ մի ոգի դուրս եկավ և կանգնեց Տիրոջ առաջին և ասաց. «Ես նրան կխաբեմ»: Եվ Տերը նրան ասաց. «Ինչո՞վ»: Նա էլ ասաց. «Ես դուրս կգնամ և նրա բոլոր մարգարեների բերանում սուտ ոգի կլինեմ»: Եվ Տերն ասաց. «Դու կխաբես և կարող ես էլ. գնա և այդպես արա»: Եվ արդ Տերը սուտ ոգի է դրել այս բոլոր մարգարեների բերանում, բայց Տերը քեզ համար չարիք է խոսել»(3 Թագ.22:19-23): Հիշեք, այդ սուտ ոգին մտել էր սուտ մարգարեների մեջ: Նրանք պետք է իմանային, որ նրանց վրա իջած հոգին համաձայն չէր Աստծո Խոսքի հետ: Նրանք այնքան էին կլանվել թագավորի մարգարեները լինելու, ամեն ինչ իրենց տրամադրության տակ ունենալու ցանկությամբ, որ անցան Աստծո ճշմարիտ Խոսքի կողքով: Հենց այդ էլ անում է եկեղեցին այսօր: Նրանք հեռացել են այդ հնաոճ փորձառություններից: Դուք, հոգեգալստականներ, կանգնում էիք փողոցների անկյուններում և քարոզում էիք Ավետարանը: Դուք դուրս էիք եկել կազմակերպություններից և ասում էիք, որ ազատ ժողովուրդ եք: Այսօր դուք նորից առաջվա կապանքների մեջ եք, ինչպես խոզն է վերադառնում ցեխի մեջ թավալվելու, ինչպես շունն է դառնում իր փսխածին (2 Պետր.2:22): Եթե առաջին անգամ դա նրան փսխել տվեց, նորից կտա: Դա ճիշտ է: Աստված ասաց, որ ձեզ կփսխի Իր բերանից: Նա ասաց, որ դուք գաղջ եք՝ ո՛չ սառը, ո՛չ տաք: Դուք մի քանի հավաքույթ եք անցկացնում, մի քիչ նվագում եք, մի քանի երգ եք երգում: Այն աստիճանի եք հասցրել, որ խայտառակություն է դարձել քրիստոնեության համար: Վերջերս որդիս ինձ կանչեց մի հեռուստահաղորդում դիտելու համար: Դա հոգևոր երգի մրցույթ էր համարվում: Այդ «Ռիկիների» խումբը ցնցվում էր այնպես, կարծես ռոք-ն-ռոլի տակ էին հոգևոր երգեր երգում: Դա նշանակում է անպատվել Հիսուս Քրիստոսին: Եկեղեցում այլևս Տիրոջ վախը չկա: Կենդանի Աստծո եկեղեցին, ուր Հիսուս Քրիստոսը կարող է հայտնվել զորությամբ, կարծես դարձել է ռոք-ն-ռոլի ներկայացում և նորաձևության ցուցահանդես: Ինչ-որ տեղ ինչ-որ բան այնպես չէ: Նրանք մոլորվում են: Աստվածաշունչն ասում է, որ այդպես էր լինելու: Տեսեք, ուր եք հասել: Զգուշացեք: Արթնացեք, քանի դեռ շատ ուշ չէ: Հիշեք, որ Աստված ասաց. «Ու՞մ կարող ենք գտնել Աքաբին խաբելու համար, որպեսզի այս մարգարեի միջոցով ասված Խոսքը կատարվի»; Տեսեք, եթե մարգարեն Խոսք է ասում, երկինքն ու երկիրը կանցնեն, բայց այդ Խոսքը չի անցնի: Այն պետք է կատարվի: Որպեսզի մարգարեի Խոսքը իրականանա, պետք է իրադարձությունը կատարվի: Աքաբն ասաց. «Սրան դրեք բանտը և նրան կերակրեք նեղության հացով ու նեղության ջրով, մինչև իմ խաղաղությամբ գալը»: Միքիան անսասան մնաց՝ իմանալով, որ իր պատգամը ճշմարիտ էր, որովհետև դա էր «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈւՄ ՏԵՐԸ»՝ տեսիլքների և Խոսքի միջոցով: Պետք էր, որ այդպես լիներ: Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ ետ դառար, եկար, ուրեմն Տերն ինձանով չի խոսել»: Դուք գիտեք, թե ինչ կատարվեց: Լսեք, եղբայրներ և հասկացեք: Կայիափան չէր կարող դա հասկանալ: Ինչու՞: Նա եպիսկոպոս էր, բոլոր եկեղեցիների համար պապ: Ուրեմն ինչու՞ այդ մարդը չէր կարող ճանաչել Հիսուսին, երբ նա կանգնած էր իր առջև: Կամ ինչու՞ չէր կարողանում հասկանալ 22-րդ սաղմոսի նշանակությունը, երբ այն երգում էր տաճարում. «Աստված իմ, Աստված իմ, ինչու՞ ինձ թողեցիր»: Հենց այդ սուրբգրային հատվածները խոսում էին Նրա մասին, այն Աստծո մասին, որին նրանք երկրպագում էին, և, այնուամենայնիվ, նրանք դատապարտեցին, սպանեցին Նրան, ֆանատիկ համարեցին Նրան: Ձեզ կցնցի այն փաստը, եթե ասեմ, որ այս ամենը կրկնվում է: Աստվածաշունչն ասում է Հայտն.3:20 համարում, որ Քրիստոսը դրսում է, թակում է դուռը՝ փորձելով ներս մտնել, բայց ոչ ոք չի ուզում Նրան ներս թողնել: Հայտն.3:19 համարում գրված է. «Ում որ սիրում եմ, հանդիմանում եմ ու խրատում» (Հայտն.3:19): Այլ կերպ ասած՝ ես կշտամբում, թափ եմ տալիս նրան, որովհետև սիրում եմ: Բացեք դուռը և թույլ տվեք ինձ մտնել: Ես չեմ ուզում մտնել եկեղեցու մեջ, այլ յուրաքանչյուր անհատի: Հիսուսը չէր կարող մտնել եկեղեցի: Նրանք Նրան դուրս հանեցին և կողպեցին դուռը: Եկեղեցու բոլոր շրջաններից Լավոդիկեի եկեղեցու շրջանը միակն է, որում Հիսուսը գտնվում է եկեղեցուց դուրս: Հիսուսը դրսու՛մ, Հիսուսը մերժվա՛ծ, լքվա՛ծ: Մյուս եկեղեցիներում Նա բացահայտվել է մասամբ՝ արդարացման հետ կապված և այլն, բայց այս շրջանում կատարվում է Հիսուս Քրիստոսի լիակատար հայտնությունը, որը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ո՚հ, ես կընդունեմ, որ շատ նմանակումներ են եղել, բայց քննեք առաջինը, բնօրինակը: Մովսեսն իջավ Եգիպտոս Աստծո պատվիրաններով, որ ազատի Իսրայելին, և երբ գնաց, մի քանի հրաշքներ գործեց: Հայտնվեցին նմանակողները: Եթե նրանք առաջինը եկած լինեին, Մովսեսը կլիներ նմանակողը: Նա ուներ Տիրոջ Խոսքը, և Տերը նրան հաստատեց: Գիտե՞ք, որ նույն բանը խոստացված է վերջին օրերի համար: «Այլ ինչպես որ Հանեսն ու Համրեսը Մովսեսին հակառակ կանգնեցին, այդպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակ կանգնում» (2 Տիմ.3:8): Երբ մի կազմակերպություն հավանություն է տալիս մի մարդու կազմակերպության միջոցով, դա ապացուցում է, որ այդ մարդը Աստծուց չի եկել, որովհետև Աստված այդ հրաշքները և նշանները կատարում է մարդկանց ուշադրությունը գրավելու համար: Հետո գալիս է պատգամը, որը մերժվում է: Եթե այդպես չի, ուրեմն Աստծուց չի: Հուդան չկարողացավ հասկանալ այդ: Նա քայլեց Հիսուսի կողքով և բոլորովին չճանաչեց նրա պատգամը, բայց իսկական նախասահմանվածները, իսկական սերմը, կյանքի ճշմարիտ սաղմը, Աստծուց եկող հոգիները, որոնք Նրա հետ են եղել աշխարհի ստեղծումից առաջ, նրանք տեսան և հավատացին: Հիշեք, դուք, որ Աստծո Հոգին ունեք ձեր մեջ, դուք Քրիստոսի մեջ էիք, որովհետև Նա եղավ Խոսքի լեցունությունը: «Որովհետև Նրա մեջ Աստվածության ամբողջ լիությունը բնակված է մարմնապես» (Կողոս.2:9): «Աստված էր Քրիստոսի մեջ, որ աշխարհն իր հետ հաշտեցրեց» (2 Կորնթ.5:19): Հավատու՞մ եք դրան: Դուք Քրիստոսի մեջ էին, եթե սերմ եք եղել, Խոսք, Աստծո մասնիկ ի սկզբանե: Հետո դուք քայլել եք Նրա հետ երկրի վրա: Դուք խոսել եք Նրա հետ երկրի վրա: Դուք չարչարվել եք Նրա հետ երկրի վրա: Դուք մեռել եք Նրա հետ Գողգոթայում: Դուք նորից հարություն եք առել Նրա հետ: Այս պահին դուք նստած եք Հիսուս Քրիստոսով երկնային վայրերում, կապված եք Նրա հետ այն Խոսքով, որը սնում է ձեր հոգին: «Մարդ ապրում է այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս»: Ոչ թե մեթոդականների խոսքով, ոչ թե մկրտականների խոսքով, այլ Աստծո Խոսքով: Հիշեք, Ելից 12:5 համարում, որտեղ խոսվում է Զատկի զոհաբերության մասին, ասվում է, որ եթե առավոտյան ինչ-որ բան մնում էր, պետք էր այրել, որովհետև հաջորդ օրը խորհրդանշում է եկեղեցու մեկ ուրիշ շրջան: Ելից 12. դա ճիշտ է: Զոհաբերության խորհրդապատկերն է: Աստված ասաց. «Ես մի տեղ կպատրաստեմ: Դուք ինձ չպետք է երկրպագեք ամեն դռան մոտ, որ ձեզ տալիս եմ: Բայց կա ՄԵԿ դուռ, և այդ դռան վրա ես կգրեմ իմ անունը» (կարդալ 2 Օրին.12): Այնտեղ, ուր Տերը դնում է Իր անունը, այդ վայրում է ընդունում զոհաբերությունը: Մենք ամեն տեսակ դռներ ենք պատրաստել, բայց Աստված պատրաստել է մի Դուռ, որի մասին ասվում է Հովհ.10:7 համարում: Հիսուսն ասել է. «Ես եմ այդ Դուռը»: Աստված Իր անունը դրել է Հիսուսի մեջ: Հավատու՞մ եք: Նա Աստծո Որդին է: Ամեն զավակ գալիս է իր հոր անունով: Նա ասաց. «Ես Իմ Հոր անունով եկա, և Ինձ չեք ընդունում» (Հովհ.5:43): Ես գալիս եմ իմ հոր անունով, դուք գալիս եք ձեր հոր անունով: Հիսուսը եկավ Իր Հոր անունով: Հետևաբար Նրա Հոր անունը Հիսուս էր: Դա լիովին ճշմարիտ է: Նա եկավ Իր Հոր անունով: «…և Ինձ չեք ընդունում: Մեկ ուրիշը կգա, և նրան կընդունեք»: Նա կընդունի ձեր հարանվանությունները, կքայլի ձեզ հետ: Պարզապես շարունակեք: Աստվածաշունչն ասում է, որ նրանք առաջ են եկել, որ կատարվի այս սուրբգրային հատվածը. «… նրանք կույր են, մերկ և նույնիսկ չգիտեն այդ»: Եկեղեցի, կրոն… նրանք շատ կրոնասեր են, ճիշտ այնպես, ինչպես Կայենը: Նա Աստծուն զոհ մատուցեց, արեց այն ամենը, ինչ Աբելն էր անում, բայց Աբելը հայտնություն ստացավ այն մասին, թե ինչ է զոհը: Դա երկրի պտուղը չէր, ոչ էլ որևէ բան, որը կարելի է ձեռքերով պատրաստել: Հավատացյալը կարող է տեսնել Մարմին դարձած Խոսքը, բայց մյուսները՝ ոչ: Բոլոր այդ իսրայելացիները, որոնք տեսել էին, թե ինչպես էր գործում Մովսեսը, ասում էին. «Մենք կհետևենք Բաղաամին, որովհետև կարծում ենք, որ դոկտոր Բաղաամը ճշմարտության մեջ է: Նա ավելի խելացի է, ավելի շատ կրթություն ունի և այլն: Ուրեմն, նրան ենք լսելու»: Աստված երբեք չներեց նրանց: Նա նրանց անմիջապես ոչնչացրեց անապատում: Հիսուսն ասել էր. «Նրանք երբեք չեն գա: Նրանցից ոչ ոք չի փրկվի»: Հրեաները նրան ասացին. «Մեր հայրերը անապատում քառասուն տարի մանանան կերան»: Հիսուսը պատասխանեց. «Եվ բոլորը մեռան. հավիտենապես հեռացան Աստծուց»: Հիսուսը պատասխանեց. «Եվ բոլորը մեռան՝ հավիտենապես հեռացան Աստծուց»: Անշուշտ, որովհետև մոլորությանն էին ականջ դրել: Թեև Մովսեսը հաստատվել էր Աստծո կողմից որպես առաջնորդ, որպեսզի նրանց ցույց տա խոստացյալ երկրի ճանապարհը, թեև ամեն ինչ լավ էր անցել մինչ այդ, նրանք չցանկացան շարունակել նրա հետ: Հավատացյալները կարող են տեսնել Աստծո հաստատումը, բայց ոչ անհավատները: Տեսեք, թե ինչքան կրոնասեր էր Կայիափան: Բայց Հիսուսը կտրուկ ասաց նրանց. «Դուք ձեր սատանա հորից եք և ուզում եք ձեր հոր ցանկությունները կատարել» (Հովհ.8:44): Բայց այնտեղ մի քանի հավատացյալներ կային: Կարծում եք՝ այդ աշակերտները հասկանու՞մ էին, երբ Հիսուսն ասում էր. «Ես և Հայրը մի ենք»: Նրանք դա չէին կարող բացատրել: Իսկ երբ Հիսուսն ասաց. «Եթե Մարդու Որդու մարմինը չուտեք ու արյունը չխմեք, ձեր անձերի մեջ կյանք չեք ունենա» (Հովհ.6:53): Կարո՞ղ էին նրանք բացատրել այդ: Ո՛չ: Բայց հավատացին, որովհետև տեսել էին, որ Աստված մարմին էր դարձել և հաստատվել էր: Հիսուսն ասաց. «Եթե իմ Հոր գործերը չեմ կատարում, ինձ մի’ հավատացեք: Իսկ եթե կատարում եմ, թեկուզ ինձ չհավատաք էլ, գոնե գործերին հավատացեք, որպեսզի ճանաչեք ու հավատաք, որ Հայրն իմ մեջ է, ու ես՝ Նրա մեջ» (Հովհ.10:37,38): Հիսուսն ասաց. «Իմ ոչխարները ճանաչում են Իմ ձայնը: Նրանք ճանաչում են Իմ Խոսքը: Նրանք ճանաչում են այդ Խոսքը, երբ այն հաստատվում է իր ժամանակաշրջանում»: Կայիափան նույնպես գիտեր Խոսքը, բայց ոչ այն Խոսքը, որը տրված էր իր ժամանակաշրջանի համար: Նա ուներ այն խոսքը, որը փարիսեցիներն էին նրան տվել, բայց ոչ այդ ժամի համար տրված Խոսքը: «Նրանք ճանաչում են Իմ ձայնը, Իմ նշանները և հրաշքները»: Ո՚հ, վերադառնանք մեր թեմային, այլապես բաց կթողնենք սուրբգրային այս հատվածներից մի մաս: Ամեն դեպքում պետք է մի քանի րոպեից վերջացնեմ, որովհետև շուտով ժամը տասը կլինի: Ո՛հ, ես սիրում եմ Նրան: Դուք, որ անցաք այս միջանցքով ձեր ընծաները դնելու համար, որ հագցնեք և կերակրեք իմ երեխաներին, դուք, որ ձեր այնքան դժվարությամբ վաստակած գումարը դրեցիք ընծաների պնակի մեջ, գիտե՞ք, թե ինչպես է այն օգտագործվելու: Դա ինձ հնարավորություն կտա գնալ ծովից այն կողմ, այն հեթանոսների մոտ, որոնք երբեք Աստծո մասին չեն լսել: Այդպես է օգտագործվում ամեն լուման: Աստված իմ Դատավորն է: Այստեղ նստած է իմ եկեղեցու գանձապահը: Ամեն շաբաթ ես հարյուր դոլար եմ ստանում: Իսկ ընծաների մնացած մասը նախատեսված է արտասահմանում տեղի ունեցող հավաքույթների ծախսերը հոգալու համար: Այստեղի հարանվանությունները ինձ չընդունեցին: Նրանք մերժեցին ինձ: Նրանք ասում են. «Նա «Միայն Հիսուս» (Jesus only) վարդապետությունից է կամ դրա նման մի բան»: Նրանք ինձ հերետիկոս և ֆանատիկ են համարում, և ուրիշ բաներ, նույնիսկ Բեեղզեբուղ: Եթե տանտիրոջը Բեեղզեբուղ անվանեցին, որքան ավելի այդպես կկոչեն Նրա աշակերտներին: Դա ինձ համար միևնույն է: Մի՞թե կարծում եք, որ կարող էի կանգնել այս բեմում և կեղծավորի նման սխալ բաներ ասել: Մի՞թե չէի համաձայնի այն բաների հետ, որոնք Աստծուց են գալիս: Եթե ձեզ սիրում եմ և գիտեմ ճշմարտությունը, մի՞թե չպետք է ձեզ ասեմ: Երբևէ լսե՞լ եք, որ Տիրոջ անունով ձեզ մի բան ասեմ և չկատարվի: Ո՛չ, պարոն: Հազարավոր բաներ են ասվել և բոլորն էլ կատարվել են: Հիշեք, թե ինչպես Սամվելի ժամանակ Իսրայելը ձգտում էր նմանվել մյուս ազգերին: Ահա թե ուր եք հասել դուք, հոգեգալստականներ: Դուք ուզում եք մյուս մարդկանց նման լինել: Դուք նրանց նման չեք: Հեռացեք նրանցից: Դուք ուզում եք մեծ եկեղեցիներ, մեծ և գեղեցիկ բաներ… ո՛հ, եղբայրներ, մի՛ արեք այդ: Մենք քարոզում ենք, որ Տիրոջ գալուստը մոտ է: Ուրեմն գնանք այդ մասին տեղեկացնելու հեթանոսներին: Մի բան անենք դրա համար: Բայց, տեսեք, Սամվելն ասաց. ----- Ես երբևէ փող խնդրե՞լ եմ ապրելու համար ---- Ո՛չ, Սամվել, դու երբեք այդ չես արել: ---- Տիրոջ անունով ասե՞լ եմ մի բան, որը չի կատարվել: ---- Ո՛հ, դա ճիշտ է, Սամվել, մենք հավատում ենք, որ դու Աստծո կողմից ուղարկված մարգարե ես: Այո՛, քո բոլոր ասածները իրականացել են, բայց մենք այնուամենայնիվ թագավոր ենք ուզում (1 Թագ.8:5): Դուք գիտեք, թե ինչ կատարվեց: Ո՛հ, եղբայրներ, Սուրբ Գիրքը միշտ կրկնվում է, որովհետև այդպիսին է Աստծո գործելակերպը: Հիմա, այսքան ժամանակ անցավ, ես այդպես էլ չհասա իմ թեմային: Դա իմ սրտի մեջ է: Ես սիրում եմ ձեզ: Մի՛ կորսվեք աշխարհի հետ: Եթե աշխարհից լինեք, աշխարհի հետ կկորսվեք: Եթե Աստծուց եք, Նրա հետ կգնաք հարության ժամանակ: Ուրեմն, այս երեկո փոխեք ձեր բնությունը: Փախեք աշխարհասիրությունից, բոլոր հավատամքներից և նման բաներից, նայեք ուղիղ Գողգոթային, այն Զոհին, որը ձեզ համար է: Այնտեղ հանդիպեք Նրան, որովհետև դա միակ վայրն է, որտեղ Նա ձեզ կհանդիպի: Մեթոդականները կարող են ասել. «Նա ձեզ կհանդիպի մեր եկեղեցում», մկրտականները՝«Նա ձեզ կհանդիպի մեր եկեղեցում», երիցականները՝ «Նա ձեզ կհանդիպի մեր եկեղեցում», հոգեգալստականները նույնպես՝ «Նա ձեզ կհանդիպի մեր եկեղեցում»: Բայց ՆԱ ասում է. «Ես ձեզ կհանդիպեմ մի վայրում, այն վայրում, ուր ես դրել եմ Իմ անունը», այսինքն՝ Հիսուս Քրիստոսի մեջ: Այնտեղ է Աստված դրել Իր անունը: Դա միակ վայրն է, որտեղ Նա ձեզ կհանդիպի: Քրիստոսը Խոսքն է, որը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Քրիստոսի բնությունը տարածվել է ոտքերից մինչև իրանը: Իսկ հիմա հասնում է գլխին՝ պատրաստվելով մեկնելուն, բացահայտվելով կատարյալ չափով: Հարսն այնպիսին է, ինչպիսին Փեսան է: Այժմ վերադառնանք մեր թեմային մոտ տասը րոպեի չափով, հետո կվերջացնենք: Աստված ուղարկել է Իր մարգարեին, ինչպես խոստացված էր Խոսքի մեջ: Մաղաք.3-րդ գլխում ասվում է, որ Նա ուղարկելու է մի պատգամաբեր Նրա գալուստը պատրաստելու համար: Այժմ եթե ապացույց եք ուզում, Մատթ.11:10 համարը հաստատում է այդ: Երբ Հովհաննես Մկրտչի աշակերտները եկան տեսնելու Հիսուսին, հարցրին նրան. «Դու՞ ես նա, որ գալու էր, թե՞ ուրիշի սպասենք»: Հովհաննես Մկրտիչը բանտում էր, նա պատրաստվում էր մեռնել և արծվի նրա աչքը սկսել էր խամրել: Տեսեք, Հովհաննեսը ասել էր Հիսուսի մասին. «Հոսելին իր ձեռքին է, և նա իր կալը կսրբի»: Հովհաննես Մկրտիչը կարծում էր, որ հազարամյան պետք է այդ պահին սկսվի: Այն ժամանակ նա կարծում էր, որ հացահատիկը պատրաստ էր, մինչդեռ այն դեռ պետք է մեռներ և հարություն առներ, որպեսզի ձևավորվեր իսկական Հարսը: Նաև նա ասաց. «Ցորենն իր ամբարի մեջ կհավաքի, իսկ հարդն անշեջ հրով կայրի» (Ղուկ.3:17): Ուշադիր դիտեք այդ ժամանակաշրջանում Քրիստոսի առջևից գնացողին: Լսեք, թե ինչ էր նա կանխասում: Հատիկը… հուսով եմ՝ չեք քնում: Հատիկն այստեղ է. այն կհավաքվի ամբարում: Դա Հարսն է: Իսկ ի՞նչ ասաց դարմանի մասին: Այն պետք է այրվի անշեջ կրակով: Հատիկ եղեք և ոչ թե հարդ: Մտեք Քրիստոսի լույսի մեջ, բացահայտված և հաստատված Խոսքի մեջ, որովհետև հունձի ժամանակն է: Կոմբայնը մոտենում է: Արագ մտեք հատիկի մեջ, որովհետև հարդը թողնվելու է: Վերջացնեմ Մատթ.11:4,5 համարների մեջբերումը. մի՞թե Հիսուսը Հովհաննես Մկրտչի ուղարկածներին պատասխանեց. «Սպասեք մի րոպե: Ես Հովհաննեսին մի գիրք եմ տվել, որ բանտում իմանա, թե ինչպես պետք է իրեն պահի որպես հավատացյալ»: Ո՛չ, Նա ասաց. «Գնացե՛ք, Հովհաննեսին պատմեցեք, ինչ որ լսում եք ու տեսնում: Կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մեռելները հարություն են առնում, և աղքատներին Ավետարան է քարոզվում»: Հենց այդ մասին էր մարգարեացել մարգարեն: «Եվ երանելի է նա, ով ինձանով չի գայթակղվում» (Մատթ.11:6): Երբ Հովհաննեսի աշակերտները հեռացան սարի հետևում, Հիսուսը դիմեց բազմությանը և ասաց. «Ի՞նչ փնտրելու ելաք անապատում, երբ գնացիք Հովհաննեսին տեսնելու: Արդյո՞ք գնացիք տեսնելու մի մարդու, որ թանկարժեք հագուստներ է հագել, օսլայած օձիքով: Այդպիսիները թագավորական պալատներում են: Դրանք նրանք են, որոնք համբուրում են մանկիկիներին և թաղում են մեռելներին, բայց երկսայրի սուրը բռնել չգիտեն: Ի՞նչ տեսնելու ելաք: Քամուց շարժված եղե՞գ: Մի՞թե նա նրանցից է, որոնց կարելի է ասել. «Արի, Հովհաննես, ես քեզ ավելի շատ փող կտամ, եթե միանաս մեզ»: «Դե լավ, Տերը օրհնյալ լինի. ես այլևս չեմ ուզում մեթոդական լինել, այլ հոգեգալստական: Ես կլինեմ այս, կլինեմ այն, եթե ավելի շատ փող կարելի է վաստակել»: Հիսուսը շարունակեց. «Բայց ի՞նչ տեսնելու համար դուրս ելաք, մի մարգարե՞. այո՛, ասում եմ ձեզ, մարգարեից էլ ավելին: Որովհետև սա նա է, որի համար գրված է. «Ահա Ես իմ հրեշտակին ուղարկում եմ Քո առջևից, որ Քո առաջ Քո ճանապարհը պատրաստի»: Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից մեծը չի եղել» (Մատթ.11:9-11): Հովհաննեսը այդքան էլ հարգալից չվերաբերվեց Հիսուսին, երբ ուղարկեց Իր աշակերտներին՝ հարցնելու համար, թե իրոք Ինքն է Մեսիան: Այն բանից հետո, երբ Նրան ներկայացրել էր, տեսել էր նշանը Նրա վրա և ասել էր. «Նա է Մեսիան», հիմա գալիս է և հարցնում. «Դու՞ ես նա, որ գալու էր, թե՞ ուրիշի սպասենք»: Բայց Հիսուսը, իմանալով այդ, շրջվեց և հարգանքով խոսեց նրա մասին. «Բայց ի՞նչ տեսնելու համար դուրս ելաք. Քամուց շարժված եղե՞գ: Կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից մեծը չի եղել»: Մարդուն տրված ինչպիսի մեծ հաճոյախոսություն: Ահա մարգարեությունը իրականացավ նրանց աչքերի առաջ: Եկել էր նախակարապետը, ինչպես ասվել էր Մաղաք. 3:1 համարում: Հովհաննես Մկրտիչը Մաղաք.3-րդ գլխի պատգամաբերն էր, ինչպես ասաց Հիսուսը: Երբ Նրան հարցրին Եղիայի գալստյան մասին, Նա ասաց. «Նա արդեն եկել է» (Մատթ.17:12): Բայց ուշադրություն դարձրեք. անմիջապես Մաղաք.4-ից հետո, որում խոսվում է Եղիայի չորրորդ գալստյան մասին, լինելու է նրա հինգերորդ գալստյան հայտնությունը. երկու վկաները գալու են հրեաների համար: Աստված այդ նույն հոգին օգտագործել է հինգ անգամ: Հինգը շնորհքի թիվն է: շ-ն-ո-ր-հ-ք (grace), Հ-ի-ս-ու-ս (Jesus): Ամեն անգամ Հիսուսն էր: Հետո հ-ա-վ-ա-տ-ք (f-a-i-t-h), շ-ն-ո-ր-հ-ք և այսպես շարունակ: Տեսեք, հինգը շնորհքի թիվն է, բայց Աստված Եղիայի հոգին օգտագործել է ոչ թե երկու, երեք կամ չորս անգամ, այլ հինգ: Մաղաք.4-րդ գլխում ասվում է, որ այդ մարգարեի մարգարեանալուց հետո երկիրը կործանվելու է կրակով, և արդարները դուրս են գալու և քայլելու են ամբարիշտների մոխիրների վրայով: Ղուկ.17-րդ գլխում ասվում է, որ վերջին օրերում լինելու է այնպես, ինչպես եղել է Սոդոմում և Գոմորում: Հասե՞լ ենք այդ օրվան: Այո՛: Ողջ երկիրը այդ վիճակում է: Նայեք նրանց: Հիշեք, թե մեր եղբայրը ինչ պատմեց Անգլիայի ներկա վիճակի մասին: Ամեն ինչ ապականված է: Նույնիսկ ուտելիքն ապականված է: Լսեք, թե ինչ է ասում գիտությունը: Վերջերս մի գիտական հոդվածում գրված էր, որ ապացուցվել է, որ 20-25 տարեկան տղաներ և աղջիկներ ֆիզիոլոգիական տեսանկյունից հասել են հասուն տարիքին: Ես դրանում համոզվել եմ հավաքույթների ժամանակ, երբ 20-22 տարեկան աղջիկներ արդեն հասել են դաշտանադադարին: Դա ապականության, հիբրիդացման հետևանք է: Ամեն ինչ ապականված է, նույնիսկ մեր մարմինը: Ամեն ինչ խառնվել է իրար… Ճիշտ հիբրիդացված բույսի պես: Բոլոր մանրէները կհարձակվեն նրա վրա: Բայց իսկական բույսի վրա դրանք չեն հաստատվում: Նույնը կատարվում է եկեղեցում: Մենք նրան հիբրիդացրել ենք: Ահա թե ինչ անախորժություն բերեց մեր եղբոր ծեր ձին, երբ, ինչպես իմացանք, այն տղային տապալեց գետնին: Դա խառնածին ձի էր: Դա ջորու պես է: Ջորին նույնիսկ չգիտի, թե ովքեր են իր հայրն ու մայրը: Նա ոչինչ չգիտի: Նա կիսով չափ ավանակ է, կիսով չափ ձի: Նա ողջ կյանքը կսպասի ձեզ աքացի տալու համար: Դա ճիշտ է: Ինչքան էլ նրան կանչեք՝ «Արի այստեղ, արի այստեղ», նա ականջները կկախի և կսկսի՝ ի-ա, ի-ա: Նա այն մարդկանց նման է, որոնք ասում են. «Հրաշքների ժամանակներն անցել են. ի-ա, ի-ա»: Նրանք խառնածին են: Նրանք համարվում են եկեղեցու անդամներ, քրիստոնյաներ: Ես չեմ ասում կատակելու համար: Դա ճշմարտություն է: Բայց իսկական զտարյունը գիտի, թե ով է իր հայրը, մայրը, պապը, տատը: Դուք կարող եք նրան վարժեցնել: Նա հնազանդ է: Նույնը վերաբերում է իսկական քրիստոնյային, որը ծնված է Սուրբ Հոգուց, լցված է Աստծո զորությամբ և Խոսքով: Նա գիտի, թե ով է իր հայրը, մայրը, պապիկն ու տատիկը: Նա գիտի այդ ամենը: Նրան կարող ես ինչ-որ բան սովորեցնել: Բայց խառնածինը… հենց դա էլ կատարվել է եկեղեցում՝ խաչասերում Խոսքի և կրոնական կազմակերպությունների միջև, որոնք վերցնում են մի Խոսք այստեղից, մի Խոսք՝ այնտեղից, որպեսզի մոլորեցնեն: Կտեսնեք, որ Կայիափայի նման կշեղվեն, երբ ճշմարիտ Խոսքը բացահայտվի: Նրանք հիբրիդ են: «Անապատի մեջ կանչողի ձայնը. «Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը, և ուղիղ արեք ամայության մեջ շավիղը մեր Աստծո համար» (Ես.40:3): Այն ժամանակվա եկեղեցիները չէին հավատում Հովհաննես Մկրտչին, որովհետև իրենց խմբից չէր: Այդ մարգարեն՝ Հովհաննեսը, անապատից էր եկել: Նա մեծացավ ոչ մեկին չճանաչելով: Նա ուներ նույն Հոգին, ինչ որ Եղիան ուներ: Նա տանել չէր կարող անբարոյական մարդկանց: Հիշու՞մ եք, թե ով նրան գլխատել տվեց: Դա էլ մի Հեզաբել էր: Մի Հեզաբել եղավ նրա մահվան պատճառը: Հովհաննես Մկրտիչը անապատի մարդ էր, որսորդ, անտառի մարդ: Նա ոչ մի կրթություն չուներ և աստվածաբանի նման չէր խոսում: Նա ասում էր. «Դուք՝ իժերի ծնունդներ»: Ամենապիղծ, ամենագարշելի բանը, որ նա տեսել էր անապատում, դա օձն էր: Նա ասում էր այդ քահանաներին. «Դուք, իժերի ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել գալիք բարկությունից: Մի փորձեք ասել՝ մենք ունենք այս, ունենք այն, որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ հանել զավակներ… »: Ամեն անգամ, երբ կացին էր օգտագործում, հարվածում էր ծառի արմատին: Նա այդ օգտագործում էր նաև որպես օրինակ: «Բարի պտուղ բերեք, այլապես կկտրվեք և կրակը կգցվեք»: Ամեն: Հովհաննեսը բնության մեջ ապրող քարոզիչ էր, և բնությունից էր վերցնում օրինակները. նա Աստծո մեծ մարդ էր: Նա կարճ կյանք ունեցավ, բայց, անկասծած, բոցավառեց ողջ երկիրը: Իր ծառայության վեց ամիսների ընթացքում նա ցնցեց այդ սերնդին: Աստված երեսուն տարի դաստիարակեց նրան վեց ամսվա ծառայության համար: Բայց Աստված ունի Իր սեփական ճանապարհները: Նա ճանաչում է Իր բերքը: Նրանք չէին հավատում Հովհաննեսին, որովհետև նա իրենցից չէր: Նրանք չէին հավատում Մաղաքիա 3-րդ գլխում գրված Աստծո Խոսքին, այլապես գրվածից կտեսնեին, որ նա էր առջևից գնացողը: 400 տարի շարունակ մարգարե չէին ունեցել, և ահա նրանց առջև հայտնվում է մեկը: Իսկ հավատացյալները հավատացին, որ այդ նա էր: Հենց Խոսքն էր, որ ջրերի միջով ուղիղ գնում էր դեպի մարգարեն: Նրանք այնտեղ կանգնած էին: Շատերը վիճում են Հովհաննեսի վերաբերյալ գրված այս սուրբգրային հատվածի շուրջը: Մատթ.3:14,15 համարներում գրված է. «Հովհաննեսը նրան արգելում էր և ասում. «Ե՛ս պետք է քեզանից մկրտվեմ, իսկ դու ի՞նձ մոտ ես գալիս»: Եվ Հիսուսը պատասխան տվեց ու ասաց նրան. «Հիմա թույլ տուր, որովհետև մեզ այսպես է վայել, որ ամեն արդարություն կատարենք»: «Հովհաննես, դու, որ մարգարե ես, գիտես, որ զոհը մատուցվելուց առաջ պետք է լվացվի: Ես այդ զոհն եմ, իսկ դու մարգարե ես: Ուրեմն թույլ տուր…»: Եվ Հովհաննեսը մկրտեց Հիսուսին: Նա գիտեր, որ դա ճիշտ էր: Տեսեք, նրանք ծաղրում էին Հովհաննեսին, նրան համարում էին աղմկոտ և անգրագետ ֆանատիկ, մինչդեռ այդ մարգարեն Հիսուսի առաջին գալուստն ազդարարող նախակարապետն էր: Այսօր էլ նրանք կեղծում են այն, ինչ իսկական է: Բայց հիշեք, եթե տեսնում եք կեղծ դոլար, ուրեմն կա նաև իսկականը, որի նմանությամբ ստեղծել են կեղծը: Երբ տեսնում եք, որ մեկը նմանակում է քրիստոնյաներին, գիտեք, որ ինչ-որ տեղ իսկական քրիստոնյա էլ կա, որովհետև նմանակումը բնօրինակ չէ: Դուք պետք է հասնեք բնօրինակին: Քննեք և տեսեք, թե դա ճշտությամբ համապատասխանում է խոստումին: Եթե այո, ուրեմն հավատացեք: Բնօրինակն այն է, որը խոստացվել է այս ժամանակաշրջանի համար: Խոսքը եկավ մարգարեի մոտ և հաստատեց, որ նա իրոք այդ մարդն է: Երբ Հիսուսն եկավ, դեպքերը չկատարվեցին այնպես, ինչպես իրենք էին հասկացել այդ մարգարեությունից: Նրանք բոլորովին էլ այդպես չհասկացան, բայց դա կատարվեց մարգարեի միջոցով ասված Խոսքի համաձայն: Մարգարեությունը կատարվեց, բայց ոչ իրենց մտածածի պես: Նրանք կարող էին դա հասկանալ և ճիշտը սխալից զանազանել, եթե պարզապես ճանաչեին Աստծո կողմից տրված հաստատումը և իմանային, որ Աստված Ինքն է մեկնաբանում այն, ինչ ասում է Իր Խոսքում: Մինչ այդ եղել էր մի սուտ Հիսուս, որին 400 հոգի հետևում էին անապատում: Բայց Աստված երբեք Իր Խոսքի մեջ չէր ասում, որ Նա այդպես է գործելու: Ասվել էր, որ երբ Հիսուս Քրիստոսը գար, մարգարե պետք է լիներ: Այսօր, Հիսուսի վերադարձից առաջ Հիսուս Քրիստոսի անձնավորության կատարյալ հայտնությունը պետք է դրսևորվի մարմնի մեջ: Մտածեք այդ մասին. Հիսուսն ասաց. «Ինչպես Սոդոմի օրերում էր, այնպես էլ Մարդու Որդու գալստյան ժամանակ կլինի… երբ Մարդու Որդին կհայտնվի»: Ի՞նչ է նշանակում «հայտնվել»: Դա նշանակում է «ճանաչվել», «բացահայտվել»: Գաղտնիքը հաղորդվել և բացահայտվել էր: Այն օրերում, երբ Մարդու Որդին կհայտնվի, աշխարհը կլինի սոդոմական վիճակում: Մի՞թե այդ իրավիճակում չենք: Ամեն տեղ, ուր մարդիկ հավաքվում են, միշտ երեք խումբ կա՝ հավատացյալները, հավատացյալ կոչվածները և անհավատները: Այդ երեք խմբերը կան ամեն եկեղեցում: Նրանք գոյություն են ունեցել ամեն ժամանակաշրջանում: Դրանք էին՝ սոդոմացիները, Ղովտի խմբին պատկանողները և Աբրահամի խմբին պատկանողները: Աբրահամի խումբը զատված խումբ էր: Նախ նա Սոդոմում չէր: Նայեք նրանց պատգամը: Նրանք տարիներ շարունակ հույսով սպասում էին խոստացված որդուն: Աստված արդեն Աբրահամին մեծ նշաններ և հրաշքներ էր ցույց տվել, բայց այստեղ Աստված իջավ մարդու կերպարանքով: Դուք ինձ կասեք. «Դա հրեշտակ էր»: Ո՛չ, Աբրահամը նրան «ՏԵՐ» անվանեց: Աստվածաշնչի ամեն ընթերցող գիտի, որ ՏԵՐԸ ԷԼՈՀԻՄՆ է՝ «Ի սկզբանե Աստված», այսինքն՝ Տեր Աստված Էլոհիմը, Ամենակալը: Աբրահամը Նրան անվանեց Տեր Աստված՝ Էլոհիմ: Ուշադրություն դարձրեք, որ այս երկու մարդիկ պատգամով իջան Սոդոմ և քարոզեցին սոդոմացիներին: Նրանք ոչ մի հրաշք չգործեցին, բայց կուրացրին մարդկանց: Հենց այդ է անում Ավետարանի քարոզչությունը: Այն կուրացնում է անհավատներին: Բայց տեսեք, թե ինչ նշան ստացավ Աբրահամի խումբը: Այժմ մենք կոչված ենք լինելու Աբրահամի թագավորական սերունդը: Իսահակը բնական սերունդն էր, բայց հավատքի սերմը, խոստացված Խոսքի հանդեպ հավատքի սերմը… ուշադիր լսեք, դա էր թագավորական սերմը: Դա էր սերմը՝ Աբրահամի հավատքը: Մենք, որ Քրիստոսով մեռանք, Աբրահամի սերունդն ենք, ժառանգակից ենք նրան խոստումի համաձայն: Սոդոմում երկու քարոզիչներ կային, որոնք մեծ պատգամ էին քարոզում: Կար մեկը, որ մնաց վերևում՝ Աբրահամի խմբի հետ և ժամանակ չկորցրեց Սոդոմում: Ի՞նչ նշան տրվեց Աբրահամի խմբին: Այն ժամանակ կանայք տարբերվում էին այսօրվա կանանցից: Այժմ նրանք կարիք են զգում դուրս գալ և խառնվել իրենց ամուսնու գործերին և այլն: Բայց այն ժամանակ այդպես չէր: Նրանք մնում էին ստվերում: Այդ ժամանակ այդ Մարդը մեջքով կանգնած վրանին՝ ասաց. «Աբրահամ, որտե՞ղ է քո կինը՝ Սառան»: Ինչպե՞ս կարող էր իմանալ իր անունը: Աբրահամը պատասխանեց. «Նա վրանում է, Քո հետևում»: Նա ասաց. «Ես կվերադառնամ քեզ մոտ նշված ժամանակում, ինչպես խոստացել եմ, և Սառան որդի կունենա»: Սառան ինքն իրեն ծիծաղեց: Մեջքով վրանին կանգնած Նա ասաց. «Ինչու՞ նա ծիծաղեց՝ ասելով. «Ինչպե՞ս կարող է դա կատարվել»: Եթե նա այն ժամանակ Աբրահամի մեջ չլիներ, նրա կինը չլիներ, Աստված կսպաներ նրան: Նույնը կպատահեր մեզ, եթե Քրիստոսի մեջ չլինեինք: Նա չէր կարող վերցնել Սառային առանց ցավ պատճառելու Աբրահամին: Հիշեք, որ Հիսուսն ասում էր. «Ինչպես Սոդոմի օրերում էր, այնպես էլ Մարդու Որդու գալստյան ժամանակ կլինի… երբ Մարդու Որդին կհայտնվի»: Ամեն մարդ գիտի, որ ներկայիս աշխարհը գտնվում է սոդոմական վիճակում: Ես Լոս Անջելեսի թերթերից մեկում կարդացել եմ, որ համասեռամոլների թիվը ամեն տարի 20-30 %-ով աճում է: Ո՛հ, դա սարսափելի է: Այդպիսի մարդիկ կան նաև մեր կառավարությունում և ամեն տեղ: Զարմանալի չէ, որ ամեն բան ապականվում է: Դա ճիշտ է. ողջ համակարգը, եկեղեցին և մնացած բաները ապականվել են: Այս ժամանակաշրջանը ապականված է: Ես քեզ հակառակ չեմ խոսում, սիրելի եղբայրս: Ես այստեղ եմ, որ քեզ օգնեմ: Ես այստեղ եմ, որ հենվեմ Աստծո Խոսքում տրված պատվերի վրա. «Պարզիր ձեռքդ և այս ժողովրդին հանիր խառնաշփոթությունից»: Ուշադրություն դարձրեք. մինչև այսօր, Սոդոմի ժամանակներից ի վեր, չենք ունեցել մի պատգամաբեր, որի անունը վերջանում է «համ»-ով: Մենք ունեցել ենք Սպըրջն, Ուեսլեյ, Լյութեր և ուրիշներ, բայց երբեք չենք ունեցել միջազգային ճանաչում ունեցող մի պատգամաբեր, որի անունը վերջանում է «համ»-ով: Դա ճիշտ է. կա Գրեհեմը (անգլերենում՝ Graham ծան. թարգմ.): Բիլլի Գրեհեմը՝ այդ հայտնի ավետարանիչը, որը մեծ գործ է կատարում Աստծո համար: Նա Աստծուց ուղարկված մարդ է: Նա այնպես է քարոզում արդարացման պատգամը, որ ցնցում է ողջ ազգը: Նայեք Օրալ Ռոբերտսին հոգեգալստական հարանվանությունների հետ: Երբևէ եղե՞լ է նրա նման մեկը: Աբրահամ՝ յոթ տառ: Գրահամ՝ վեց տառ: Նայեք պատգամաբերներին: Տեսեք, թե ինչ ժամանակում ենք ապրում: Ողջ պատմության մեջ այդպիսի ժամանակաշրջան չի եղել: Նայեք այն նույն նշաններին, որոնք Նա խոստացավ տալ յուրաքանրյուր խմբին: Տեսեք, թե ուր են նրանք: Ամեն բան իր տեղում է այս ժամանակում: Այժմ ուշադիր լսեք, մինչ ներկայացնում եմ այս հատվածի շարունակությունը: Ուշադիր նայեք Աբրահամի խմբի համար ուղարկված պատգամաբերին: Նայեք նրա անվան տառերին և տառերի թվին: Կասեք. «Ոչ մի առանձնահատուկ բան չկա անվան մեջ»: Թող ոչ ոք ձեզ նման բան չասի: Ինչու՞ Տերը Աբրամի անունը դարձրեց Աբրահամ: Իսկ Սարայի անունը՝ Սառա: Ինչու՞ նա Սիմոնի անունը դարձրեց Պետրոս և ուրիշ շատերի անուններն էլ փոխեց: Այո, դրա համար պատճառ կա: Դրա համար եմ ձեզ ասում, որ ձեր երեխաների անունը չդնեք «Ռիկի» կամ «Էլվիս» կամ դրանց նման մի բան: «Էլվիս» նշանակում է «կատու», իսկ «Ռիկի» նշանակում է «առնետ»: Հենց այդպես: Երբեք այդպես մի անվանեք ձեր երեխաներին: Եթե նրանցից մեկը այդպիսի անուն ունի, հնարավորին չափ շուտ փոխեք նրա անունը: Եթե հավատում եք, որ ես Աստծո ծառա եմ, նման անուններ մի տվեք խեղճ երեխային: Ո՛չ, պարոն: Ուրիշ անուն դրեք: Նրանք Պատգամաբերին անվանում էին գուշակ, դև, Բեեզզեբուղ, և ասում էին, որ Նա Իրեն Աստծո տեղ է դրել: Ո՛հ, Եսային՝ այդ մեծ մարգարեն, մի՞թե չէր ասել, որ Նա Հզոր Աստված է կոչվելու: «Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի նրա ուսի վրա, և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան» (Ես.9:6): Դա ճիշտ է: Հովհ.1:1 համարում գրված է. «Սկզբում էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Բանն Աստուած էր… և Բանը մարմին եղավ» (1 Հովհ. 1:1,14): Մտածու՞մ եք, որ Հիսուսը մարգարե էր: Բայց Նա ավելին էր, քան մարգարե: Նա Աստված-Մարգարե էր: Ինչու՞ անհրաժեշտ եղավ, որ Նա գար: Ուշադրություն դարձրեք. Նա եկավ Որդու երեք անվանումներով: Նա եկավ Մարդու Որդու անունով և Ինքը երբեք Իրեն Աստծո Որդի չկոչեց: Դուք այդ գիտեք: Եհովան Ինքը՝ Հայրը, Եզեկիել մարգարեին կոչում էր «մարդու որդի»: Պենտեկոստեի օրվանից հետո Նա վերադարձավ Սուրբ Հոգու՝ գերբնական Հոգու տեսքով: Այժմ Նա Աստծո Որդին է: Հազարամյա Թագավորության ժամանակ Նա կլինի Դավթի Որդին՝ Դավթի գահին նստած: Նա Մարդու Որդին է, Աստծո Որդին, Դավթի Որդին: Ո՛հ, Աստվածաշունչը լեցուն է այս բնակտորներով: Մենք չենք կարող հայտնաբերել այդ բոլորը մեկ երեկոյի ընթացքում: Բայց անհրաժեշտ է ձեզ ասել այդ հիմա, որովհետև վաղը կարող է երբեք չգալ: Գուցե հիմա քարոզում եմ մի մարդու, որը լուսաբացից առաջ մեռած կլինի: Ես ինքս էլ կարող եմ անհետանալ վաղը առավոտից առաջ: Քույրս, եղբայրս, սա առասպել չէ: Սա իրական փաստ է: Մենք չգիտենք, թե որ ժամին կհեռանանք մենք: Դուք այլևս ոչ մի հնարավորություն չեք ունենա, երբ վերջին շունչը ձեզ լքի: Արեք այդ հիմա: Մի՛ սպասեք մինչև առավոտ: Կարող է չափազանց ուշ լինել: Նրանք Նրա հետ վարվեցին այնպես, ինչպես մարգարեներն ասել էին. այսօր՝ Լավոդիկեի եկեղեցու ժամանակաշրջանում նրանք ճիշտ նույն բանն են անում: Եթե ուզում եք, կարդացեք Հայտն.3-րդ գլուխը: Նրանք կույր և մերկ են, և այդ չգիտեն: Նրանք մերժում են Քրիստոսին: Մինչդեռ Նա սկսում է բացահայտվել նրանց համար սերմի տեսքով: Այն սերմը, որը գցվել է հողի մեջ, վերադառնում է, որ դառնա Հարսը: Հարսը և Փեսան նույն արյունն ու մարմինն են: Նրանք ունեն նույն ծառայությունը և անում են նույն գործերը: Նրանք անում են այն, ինչ Նա է արել: Կան ուրիշները, որոնք փորձում են Նրան նմանակել, բայց իրենց գործերը հակառակ են Նրա գործերին: Յուրաքանչյուրն ունի իր սեփական գիրքը: Նրանք այս ու այն կողմ են վազում, այս կամ այն բանն են անում: Ո՛հ, դուք ավելի շշմեցուցիչ բան լսած չեք լինի: Բայց դա բնավ սուրբգրային չէ: Իսկ այն, ինչ ճշմարիտ է, իրենց աչքերի առջև է, բայց նրանք անցնում են դրա կողքով: Նրանք կույր են և կույրերի առաջնորդ, և մի՞թե երկուսն էլ փոսը չեն ընկնելու: Նրանք կուրացած են մարդկային հարանվանական ավանդույթներով: Նրանք Հիսուսին եկեղեցուց դուրս են արել, ինչպես Աստված ասել էր Հայտն.3-րդ գլխում: Առավոտ էր, առաջին հարությունից հետո: Ի՜նչ գեղեցիկ առավոտ: Հիսուսը հարություն էր առել մեռելներից և ապրում էր Իր ժողովրդի մեջ: Ի՜նչ հրաշալի միտք: Նա նույնն է հիմա, ինչ որ այն ժամանակ, որովհետև Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Նա այսօր բացահայտվում է էլ ավելի, քան նախորդ ժամանակաշրջաններում Իր հարությունից ի վեր: Նա անցել է ցորենի հատիկի, ցողունի, մղեղի միջով: Ամեն ինչ անցել է, և մենք նորից ցորենի հատիկի մեջ ենք: Մենք վերադարձել ենք այնտեղ: Տեսեք, թե Նա ինչպես բացահայտվեց որպես Մեսիա Իր երկու աշակերտների՝ Կղեովպասի և իր ընկերոջ համար: «Հիսուսը նրանց ասաց.«Ո՛վ անմիտներ և թուլասիրտներ, որպեսզի հավատաք այն բոլոր բաներին, որ մարգարեները խոսեցին» (Ղուկաս 24:25): Դա պետք է կատարվեր, որովհետև Նա ուղղակիորեն վկայակոչում է Աստծո Խոսքը: Նա երբեք չի ներկայացել նրանց՝ ասելով. «Չե՞ք ճանաչում Ինձ: Ես հարուցյալ Մեսիան եմ»: Նա երբեք այդպես չասաց: Նա պարզապես նրանց ցույց էր տալիս Սուրբ Գրքում գրվածը, ինչպես Հովհաննես Մկրտիչն էլ էր անում, և իրենք ինքնուրույն պետք է հասկանային այդ: Այժմ մի քնեք: Ինքներդ դատեք: Հիսուսը նրանց ասաց.«Ո՛վ անմիտներ և թուլասիրտներ, որպեսզի հավատաք այն բոլոր բաներին, որ մարգարեները խոսեցին: Մի՞թե դա չպետք է կատարվեր»: Ինչպիսի՜ հանդիմանություն նրանց, ովքեր կարծում էին, թե ճանաչում էին Նրան: Տեսնու՞մ եք: Ո՛չ, Աստծո ճշմարիտ ծառան երբեք այդպես չի բացահայտվում: Սուրբ Գիրքն է ցույց տալիս իր ով լինելը: Այլ նրանց ուշադրությունը հրավիրում է Մեսիայի ժամանակաշրջանի համար մարգարեների ասածների վրա: Տեսնու՞մ եք: Նա և Հովհաննեսը թողեցին, որ Աստվածաշունչը ցույց տա իրենց ով լինելը. դա պետք է բավարար լիներ նրանց համար: Նրանք դիտում էին, քննում էին Խոսքը և գիտեին, որ ինչ-որ մեկը պետք է ասպարեզ գար այդ ժամանակաշրջանում: Չէ՞ որ Նա կասեր. «Թույլ տվեք ձեզ ցույց տալ, թե Խոսքն ինչ է ասում այն բանի վերաբերյալ, որը պետք է կատարվի այսօր»: Մի՞թե այս երեկո ես չեմ փորձում ձեզ ասել բառ առ բառ, ընդհուպ մինչև դիրքը, տեղը , անունը, թվերը, նշաններն ու ժամանակը, որոնք ցույց են տալիս, որ մենք վերջին ժամանակներում ենք: Դուք անշուշտ կհասկանաք, թե ինչի մասին եմ խոսում: Տեսեք, դա այնքան ակնհայտ է, որ ուրիշ հավաստիացում պետք չի: Երբ Հիսուսը երկրի վրա էր, ասում էր. «Քննեցեք գրքերը, որոնցով դուք ուզում եք հավիտենական կյանք ունենալ, և նրանք են, որ վկայում են իմ մասին»: Ուշադրություն դարձրեք. Տերը սկսեց Մովսեսից՝ մարգարեից: Նա նրա հետ խոսեց լեռան գագաթին: Ո՛հ, եղբայրներ, ի՜նչ շառաչյուն, ի՜նչ որոտումներ եղան վերևում: Իսրայելն ասաց. «Թող Մովսեսը խոսի մեր Աստծո հետ, որպեսզի չմեռնենք»: Աստված ասաց. «Նրանք ճիշտ են ասում: Այլևս այդպես չեմ խոսի նրանց հետ, այլ մարգարե կհանեմ նրանց համար»: Այն օրվանից այդպիսին է եղել Նրա պատգամը մինչ այսօր: Եվ ամեն բան մեկընդմիշտ կարգավորվեց: Պետք է այդպես լինի,որովհետև Տիրոջ Խոսքը գալիս է մարգարեների մոտ: Եթե այլ կերպ լիներ, Աստծո Խոսքին հակառակ կլիներ: Խոսքը երբեք չի հայտնվի ճեմարանին: Այն մարգարեին է տրվում: Մարգարեն ընտրվում և դրվում է Աստծո կողմից: Նա Աստծո կողմից ուղարկվածն է: Մենք ունեցել ենք «Եղիայի պատմուճանը» և ուրիշ անհեթեթություններ, որոնք ծնունդ են տվել կազմակերպություններին: Բայց երկրի վրա կլինի իսկական Աստծո ծառա, ինչպես Աստված խոստացել էր: Աստված ցույց կտա նրա ով լինելը, որովհետև նրա միջոցով ասված Խոսքը պատասխան է այս օրվա համար: Խոսքը կպատրաստի Հարսին՝ եկեղեցու մեջ եղած փոքրամասնությանը, և Հարսին կտանի հափշտակության: Նա կներկայացնի Քրիստոսին՝ ասելով. «Ահա Նա, ում մասին խոսել եմ»: Եվ դա կկատարվի: Այդպես են Նրա մասին ասել բոլոր մարգարեները այս օրվա համար: Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես էր Հիսուսը խոսում Իր աշակերտների հետ Էմմաուսի ճանապարհին, երբ մեջբերում էր այն խոսքերը, որոնք մարգարեներն ասել էին Իր մասին: Բայց հիշեք, երբ Նա մեջբերում էր մարգարեների խոսքերը, Իր իսկ Խոսքերն էր ասում, որովհետև Նա Խոսքն է: Հետևենք նրանց զրույցին վերջացնելուց առաջ: Նրանք իմացել էին խաչելության վերջին իրադարձությունները, գիտեին, թե ինչ էր կատարվել գերեզմանի մոտ, ինչպես էին կանայք և մյուսները տեսել Նրան: Նրանք Նրան պատմեցին այդ ամենը: Հիսուսը մեջբերեց այն բոլոր հատվածները, որոնք վերաբերում էին Իրեն Աստծո Խոսքի մեջ: Նայենք Զաքարիայի մարգարեությունը: Հիսուսը մեջբերեց Զաք.11:12 համարը. «Եվ նրանք կշռեցին իմ վարձքը երեսուն արծաթ»: Սաղմ.41:9 համարում Նա դավաճանվել է բարեկամի կողմից. «Իմ հատուկ բարեկամ մարդն էլ, որ նրան հուսացի, որ իմ հացս ուտում էր, ոտը բարձրացրեց ինձ վրա»: Զաք.13:7 համարում Նա լքվել է Իր աշակերտների կողմից. «Ով սուր, վեր կաց իմ հովվի վրա և իմ ընկեր մարդու վրա, ասում է Զորաց Տերը: Զարկիր Հովվին և ոչխարները ցրվեն»: Սաղմ.35:11համարում Նա մեղադրվել է սուտ վկաների կողմից. «Սուտ վկաներ են վեր կենում, իմ չիմացած բանը հարցնում են ինձ»: Ես.53:7 համարում Նա լուռ էր Իրեն մեղադրողների առջև և Իր բերանը չբացեց. «Նա անիրավություն կրեց և չարչարվեց, բայց իր բերանը չբացեց, ինչպես մի ոչխար, որ մորթելու է տարվում, և ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջ, այնպես իր բերանը չբացեց»: Ես.50:6 համարում Նա ծեծվեց. «Իմ թիկունքը տվի հարվածողներին և իմ ծնոտները կռփողներին, իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թուքից»: Սաղմ.22:1 համարում Հիսուսն աղաղակեց. «Աստված իմ, Աստված իմ, ինչու՞ ինձ թողեցիր»: Սաղմ.22:16,17 համարում՝ «Իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին: Ես համարում եմ իմ ամեն ոսկորները, բայց նրանք նայում և դիտում են ինձ»: Տեսեք այն բոլոր մարգարեությունները, որոնց մասին Նա խոսում էր: Ես.9:6 համարում՝ «Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունը կլինի նրա ուսի վրա, և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության Իշխան»: Սաղմոս 22:18 համարում՝ «Շորերս բաժանում են իրենց մեջ և պատմուճանիս վրա վիճակ են գցում»: Ես.7:14 համարում՝ «Սրա համար Տերն Ինքը ձեզ նշան կտա. ահա կույսը կհղիանա և կծնի մի որդի և Նրա անունը կկոչվի Էմմանուել»: Սաղմ.22:7,8 համարում Նրա թշնամիները ծաղրում են Նրան. «Ամեն ինձ տեսնողները ծաղր են անում ինձ. իրենց շրթունքները բաց են անում և գլուխ շարժում: Նա Տիրոջը հուսացավ, թող ազատի դրան. թող փրկի դրան, եթե հավանել է»: Ես.53:12 համարում Նա մեռավ հանցագործների հետ. «Դրա համար նրան բաժին պիտի տամ շատերի հետ, և նա հզորների հետ ավար պիտի բաժանի, նրա փոխարեն, որ իր անձը մատնեց մահվան, և հանցավորների հետ հաշվեցավ, և նա շատերի մեղքը վեր առավ և հանցավորների համար միջնորդեց»: Ես.53:9 համարում թաղվեց հարուստի հետ. «Ամբարիշտների հետ որոշվեց նրա գերեզմանը, հարուստի հետ եղավ նա մեռած ժամանակ»: Սաղմ.16:10 համարում հարություն առավ մեռելներից. «Որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնի և քո սրբին ապականություն տեսնել չես տա»: Ըստ Մաղաք.3:1 համարի Հովհաննես Մկրտիչը պետք է լիներ նախակարապետը. «Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանը, որ ճանապարհ պատրաստի իմ առաջին, և հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում եք, և ուխտի հրեշտակը, որին դուք հավանում եք. ահա նա գալիս է,--- ասում է զորաց Տերը»: Հիսուսը բացահայտվեց այդ բոլոր խորհրդապատկերներում: Նույնիսկ լեռան վրա իր հոր՝ Աբրահամի հետ, Իսահակը Քրիստոսի խորհրդապատկերն էր (Ծննդ.22): Այդ պահին այդ երկու աշակերտները սկսեցին տեսնել, թե ով էր Նա, որ իրականացրել էր Սուրբ Գրքում այդ բոլոր գրվածները, որոնք խոստացված էին այդ օրվա համար: Երեկոյին մոտ էր, երբ նրանց սկսեցին հասկանալ: Նրանք հասկացան, որ իրենց խաչյալ Բարեկամը՝ Հիսուսը, այն Մարգարեն էր, որ խոստացվել էր իրենց: Նրանք այդ իմացան, որովհետև այդ ամենը կանխասվել էր Սուրբ Գրքում: Այդ բոլոր բաները պետք է կատարվեին խաչի վրա: «Ո՛վ անմիտներ և թուլասիրտներ… Չէ՞ որ պետք էր, որ Քրիստոսն այս չարչարանքները քաշեր ու փառքի մեջ մտներ»: (Ղուկաս 24:25,26): «Չէ՞ որ մեր սրտերը մեր մեջ վառվում էին»,--- ասում էին նրանք (Ղուկաս 24:32): Զարմանալի չէր, որ նրանց սիրտը վառվում էր: Մարգարեությունները, որոնց մասին Հիսուսը խոսել էր, կատարվել էին: Այնժամ սկսեցին հասկանալ, որ իրենց Բարեկամը, այն Մարդը, որի հետ կերել էին, զրուցել, ապրել, ձկնորսության գնացել, գիշերել անտառում, իրականացրել էր այս ժամի համար խոստացված ամեն Խոսք: Այդպես է: Նրանք Նրա հետ տասնյակ կիլոմետրեր էին քայլել, և անշուշ, ժամանակը իրենց կարճ էր թվացել: Եվ վեց ժամ շարունակ լսել են իրականացած մարգարեությունների վերաբերյալ քարոզ, որն ավելի երկար է եղել քան այս երեկոյի քարոզը: Ժամանակն առաջ էր գնացել: Երեկոյան լույսն այնտեղ էր: Ո՚վ եկեղեցի, ժամանակը եկել է: Երեկոյան լույսն այստեղ է: «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր.13:8): Ո՛հ, իրադարձությունները պարզ են դառնում մարգարեության միջոցով: Ահա Աստծո խոստացած երեկոյան Լույսը, որի մասին գրված է Զաք.14:6,7 համարներում. «Եվ այն օրը պիտի լինի, որ լույս չի լինի, պայծառները կաղոտանան: Եվ մեկ օր կլինի Տիրոջը հայտնի, ոչ ցերեկ և ոչ գիշեր. և իրիկվա ժամանակին լույս կլինի»: Թող սա բացի ճշմարիտ հավատացյալների աչքերը, որ նրանք կարողանան հասկանալ այսօր կատարվող իրադարձությունները. մարգարեություններն, իրոք, ապացուցում են, որ մենք հասել ենք վերջին: Հիսուսը գալիս է: Սա վերջն է: Մենք գիտենք, որ աշխարհագրականորեն արևը ծագում է արևելքում և մայր է մտնում արևմուտքում: Մարգարեն ասել է, որ կլինի մի երկար մռայլ ժամանակաշրջան, որը չի կոչվի ո՛չ ցերեկ, ո՛չ գիշեր: Դա կլինի մի տեսակ մութ և տխուր օր: Բնական արևը ծագում է արևելքում և մայր է մտնում արևմուտքում: Աստծո Որդին նախ հայտնվեց արևելքում, արևելյան ժողովուրդների մոտ: Նրա համբարձումից հետո, 300 տարի անց, հայտնվեց առաջին կազմակերպությունը, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցին էր: Հավատացյալներն անցան խավարի ժամանակաշրջանների միջով և նորից դուրս կգան: Այնժամ նորից նույնն արեցին: Դա մի օր էր, որը չէր կարելի ո՛չ ցերեկ, ո՛չ գիշեր անվանել: Նրանք բավական գիտություն ունեին, որ հավատային, որ Նա է Աստծո Որդին և քայլեցին այն Լույսի մեջ, որն ունեին: Նրանք կառուցեցին իրենց եկեղեցիները, հիվանդանոցները, դպրոցները, ճեմարանները և մնացած բաները: Նրանք իրենց երեխաներին դպրոց ուղարկեցին, բայց մարգարեն ասում է. «Երեկոյան ժամանակ լույս կլինի»: Արևը նորից մի քանի ճառագայթներ է արձակում: Լույս կլինի: Ուշադրություն դարձրեք. նույն Որդին, որը մարմնով բացահայտվեց առավոտյան, նորից կհայտնվի երեկոյան ժամանակ: «Եվ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս եկավ, երկնքից հուր ու ծծումբ տեղաց ու բոլորին կորցրեց: Նույն կերպ էլ այն օրը կլինի, երբ Մարդու Որդին կհայտնվի» (Ղուկաս 17:29,30): Ինչպես Սոդոմի օրերում էր. աշխարհի մթնշաղը այն ժամանակն է, որում բացահայտվում է մարդու Որդին: Երեկոյան ժամանակ լույս պետք է լինի, Փառքի ճանապարհն անշուշտ կգտնեք: Ո՛վ իմ ժողովուրդ, ու՞ր ենք մենք: Ազգերը սասանվում են , Իսրայելն արթնանում է: Մարգարեների ասած նշաններն են: Հեթանոսների օրերը լրացել են, սարսափով լցված են: (Տեսեք, թե ինչպես է նա ընկնում ծովը) Վերադարձիր տուն, ցրված ժողովուրդ: Փրկության օրը մոտենում է, Մարդկանց սիրտը նվաղում է վախից: Աստծո Հոգով լցված եղեք, Ճրագները պատրաստ պահեք: Բարձրացրեք ձեր աչքերը, փրկությունը մոտ է: Եղբայրներ, քույրեր, սարսափի ժամանակ է: Լսեք այն բաները, որոնք ասվել են մարգարեությամբ: Հսկեք կատարվող իրադարձությունները: Հսկեք, թե ինչպես են իրականանում բոլոր մարգարեությունները, և այնժամ կարող ենք հասկանալ այդ ամենը: Սա ֆանատիզմ չէ, Աստված Ինքն է ճշտությամբ հաստատում Իր Խոսքը: Ժայռը զարկված է, բարեկամներս: Վազեք Նրա մոտ հնարավորին չափ արագ: Մարգարեությունը ցույց է տալիս այն օրը, որում ապրում ենք: Հասկանու՞մ եք, բարեկամներս, թե որ ժամանակներում ենք ապրում: Կհամարձակվեի՞ք վիճել Աստծո հետ: Կարո՞ղ էիք ասել, որ Նա սխալվում է, երբ Նա ապացույցներ է բերել, երբ Ինքն Իր իսկ մեկնաբանն է: Ուզու՞մ եք ծառայել Նրան: Այժմ խոնարհենք մեր գլուխներն ու սրտերը, եղբայրներ, քույրեր: Գուցե սա մեր վերջին հավաքույթն է: Հնարավոր է, որ էլ երբեք… Եթե ես էլի ձեզ հանդիպեմ մեկ տարի անց (եթե ողջ լինեմ), շատերը, որ այստեղ ներկա են, բացակա կլինեն: Եվ ես ձեզ հանդիպելու եմ դատաստանի ժամանակ և պատասխան տալու այն ամենի համար, ինչ ձեզ ասել եմ այս երեկո: Աստծո առաջ, մինչ առողջ դատողության մեջ եք, կանե՞ք այդ Աստծո համար: Պարզապես նայեք ինքներդ ձեզ Աստծո հայելու՝ Աստվածաշնչի մեջ, ով էլ որ լինեք և ասեք. «Ես գիտեմ, որ հեռու եմ Աստծո դուստր լինելուց: Առաջնորդիր ինձ իմ քայլերում»: «Գիտեմ, որ հեռու եմ Աստծո որդի լինելուց, Քննիր ինձ: Բայց, ո՛հ, ես ուզում եմ Աստծո որդի լինել: Ուզում եմ Աստծո դուստր լինել: Ես ուզում եմ կատարել այն, ինչ Տերն ինձ պատվիրել է»: Աստված օրհնի ձեզ: Կարծում եմ, 90 տոկոսը ձեռք է բարձրացրել: Իսկ հիմա լսիր, բարեկամս: Եթե ապրեիր այն ժամանակ, երբ քարոզում էր Հովհաննես Մկրտիչը, եթե երկրի վրա լինեիր, երբ Հիսուսն այստեղ էր, ու՞մ կողմից կլինեիր: Եթե այն ժամանակ ապրեիր, ամեն ինչ կլիներ այնպես, ինչպես հիմա է: Նույն Հիսուսը ճանաչվում է Խոսքի միջոցով, և դա ժողովրդականություն չի վայելում: Բայց թույլ տվեք ասել, որ ես չեմ փորձում մարդկանց դրդել լքելու եկեղեցիները կամ ուրիշ նման բաներ: Ես ուզում եմ, որ դուք գնաք եկեղեցի: Շարունակեք հավաքվել: Բայց ես փորձում եմ ասել սա. նետվեք Աստծո թագավորության մեջ: Հոգեգալստականները չափազանց աշխարհիկ են դառնում: Դուք չափազանց շատ եք վազում աշխարհիկ բաների հետևից: Դա շատ ավելի հեշտ է: Դուք շարունակում եք հեռուստացույց նայել և ուրիշ նման բաներ: Այսպիսի իրավիճակում առաջին բանը, որ տեսնում ենք, այն է, որ ճեմարանները, դպրոցները փոխզիջումների են գնում այստեղ, այնտեղ և կարճ ժամանակ անց նորից հայտնվում են աշխարհի մեջ: Հոգեգալստական եկեղեցին շատ է աջակցել ինձ: Ես ոչ մի բան չունեմ նրա դեմ: Դրա համար եմ աղաղակում ձեզ, եղբայրներ: Դուրս եկեք: Դուք այլևս չունեք այն հավաքույթները, որ առաջ ունեիք: Մարդիկ այլևս այն չեն, ինչ առաջ են եղել: Բայց Հիսուսը միշտ նույնն է: Գնանք դեպի Նա: Դուք, որ բարձրացրել եք ձեր ձեռքերը, հիշեք, որ այն անապատում զարկված ժայռ կար: Եվ այդ աղբյուրը դեռևս բաց է այս երեկո, որքան ես գիտեմ: Քրիստոսն է այդ զարկված ժայռը: Հնարավոր է, որ կանչելու ժամանակն արդեն անցել է: Ես չգիտեմ: Ես չեմ կարող այդ ասել: Հիսուսի խաչելությունից հետո մարդիկ շարունակում էին հավաքույթներ անցկացնել ինչպես առաջ: Բոլոր մարդիկ կգան, իսկ իրենք կշարունակեն քարոզել և կասեն, թե իրենք փրկված են: «Եվ կասեն. «Ու՞ր է նրա գալստյան խոստումը, քանի որ այն ժամանակից ի վեր, որ հայրերը վախճանվեցին, ամեն բան աշխարհի արարչությունից հետո նույն ձևով կանգնած մնում է» (2 Պետր.3:4): Բայց այն ժամանակ չափազանց ուշ կլինի: Քանի դեռ հնարավորություն ունես, քույրս, եղբայրս, մտիր Աստծո թագավորության մեջ: Այնտեղ մտնելու համար քեզ ուրիշ բան պետք չի. պարզապես պետք է հավատաս Նրա Խոսքին: Նա է Խոսքը: Աղոթենք «Տեր Հիսուս, գիտեմ, որ այս պահին ինձ նայում եմ Աստծո Խոսքի հայելու մեջ: Ո՛հ, որքան թերություններ ունեմ: Բայց, ո՛վ Աստված, այս երեկո, այս երկուշաբթի երեկոյան, Սան Բեռնարդինոյում՝ Կալիֆոռնիայում, այս դահլիճում Քեզ եմ տալիս այն ամենը, ինչ ունեմ, Տեր: Կվերցնե՞ս ինձ այնպես, ինչպես կամ, Տե՛ր: Թույլ կտա՞ս ինձ անմիջապես ապաստանել խաչի մոտ: Ես տեսնում եմ պատգամաբերին, տեսնում եմ ժամանակը: Սպասում եմ կանչին, որ Սոդոմից դուրս գամ: Տեսնում եմ նշանները: Ես տեսնում եմ Աբրահամի խմբին, որ լույս է ստանում: Տեսնում եմ հայտնությունները: Հիսուսն այստեղ, մեր մեջ նորից է բացահայտվում առաջվա պես: Ես տեսնում եմ այն բոլոր բաները, որոնք Դու խոստացել ես: Ես տեսնում եմ նմանակողներին: Ես հասկանում եմ, որ Դու ասել ես, որ կլինի այնպես, ինչպես Մովսեսի ժամանակ էր. ինչպես են Հանեսն ու Համրեսը վերադառնալու կեղծիքով նմանակելու Իր գործերը, բայց մնալու են նույն աղբի մեջ: Նրանք չէին կարող Մովսեսին հետևել այդ Խոսքի միջոցով, որը Իսրայելի զավակներին Եգիպտոսից տարավ անապատ, որովհետև կապված էին Եգիպտոսի հետ: Նրանք չէին կարող այդ անել, թեև կատարում էին նույն գործերը, որոնք Մովսեսն էր արել: Բայց նրանց անմտությունը հայտնի դարձավ: Եվ Աստվածաշունչն ասում է. «Այսպես է ասում Տերը. դա կկատարվի նաև վերջին օրերում»: Եթե հոգևոր եք, ինքներդ կարող եք դա տեսնել: Ես չեմ կարող բացատրել այդ: Ինձ համար դա մեկնության կարիք չունի: «Իմ ոչխարներն Իմ ձայնը լսում են»: Գնանք Նրա մոտ հիմա, քանի դեռ ժամանակ կա, ուզու՞մ եք: Եթե կարիք ունեք Սուրբ Հոգու մկրտության, վերընծայման, նոր կյանքի… ձեր հովիվը ձեզ չի արհամարհի դրա համար, այլ կսիրի: Հանձնվեք ամբողջությամբ Տիրոջը այս երեկո, մինչ այստեղ ենք: Գիտեմ, որ իմ խոսքը խիստ էր, կտրուկ, տարօրինակ: Բայց ես դա ձևականորեն չեմ անում: Ես այդ անում եմ, որովհետև ուզում եմ անկեղծ լինել, որովհետև ձեզ սիրում եմ: Ես սիրում եմ Աստծուն: Ես անում եմ այդ, որովհետև փորձում եմ ձեզ օգնել: Ճշմարտապես, բարեկամներս, ես ողջ սրտով, ողջ համոզվածությամբ հավատում եմ, որ իմ պատգամը գալիս է Աստծուց: Դա ձեզ ապացուցվել է այս բոլոր տարիների ընթացքում: Այժմ լավ լսեք ինձ: Այս երեկո ամբողջությամբ հանձնվեք Աստծուն: Ես հավատում եմ մի սրտով, որն իսկապես տրված է Աստծուն, որ եթե միայն վեր կենայիք և ձեր ձեռքը բարձրացնելով ասեիք. «Սիրելի՛ Աստված: Ահա ես: Վերցրու ինձ, Տեր: Այլևս երբեք ես չեմ վստահի իմ սեփական իմաստությանը և մեկնությանը: Քո Խոսքն ասում է, որ ես պետք է սուրբ լինեմ: Պետք է վերստին ծնվեմ: Պետք է Սուրբ Հոգով լցված լինեմ, և Սուրբ Հոգին ինձ կառաջնորդի ողջ ճշմարտության մեջ: Սիրելի Աստված, ահա ես: Առաջնորդիր ինձ»: Ուզու՞մ եք անել այդ ամենը: Ինչպես որ եմ, չսպասելով Հոգիս սրբել պարապ հույսով, Լոկ արյունիդ վստահելով, Գառն Աստուծոյ, Քեզի կու գամ: Աստված «միակ դուռն» է: Այժմ նրան հանձնեք ձեր բոլոր գործերը և ամեն բան: Ձեր մեքենան, ամե՛ն ինչ: Ի՞նչ կլինեիր, եթե մեռնեիք: Ինչպես որ եմ, Տեր, Դու գիտես, Բոլոր մեղքերս կջնջես, Աղտոտ հոգիս դու կսրբես, Գառն Աստուծոյ, Քեզի կու գամ: Իսկ հիմա, մինչ երգեհոնարարը շարունակում է նվագել… դուք, պատանիներ, մի՞թե ուզում եք նմանվել այն փողոցային խուլիգաններին: Իսկ դուք, քույրեր, մի՞թե ուզում եք կարճ մազեր ունենալ, մինդեռ Աստծո առաջ «ուխտյալի» ձեր պատիվն է երկար մազեր ունենալը: Կնոջ համար ամոթ է մազերը կտրելը: Կշարունակե՞ք հագնել այդ մինի-շրջազգեստները և մյուս անվայել հագուստները, որոնք ցուցադրում են ձեր մարմինը: Գիտե՞ք, որ ամեն մարդ, որ այդպես նայում է ձեզ, իր սրտում շնություն է գործում ձեզ հետ: Դուք, որ շպարված եք, գիտե՞ք, որ Աստվածաշնչում միայն մեկ կին կա, որը երբևէ շպարվել է, և Աստված նրան շների կերակուր դարձրեց: Դա Հեզաբելն էր: Մի անուն, որն այն ժամանակվանից ատելի է եղել իր գործերի համար: Գիտե՞ք, որ Եղիա մարգարեն է անիծել այդ և խստորեն հանդիմանել նրան: Գիտե՞ք, որ Հովհաննես Մկրտիչն է բարկացել Հերովդիայի վրա: Չէ՞ որ դուք չեք ուզում նմանվել Հոլիվուդի կանանց, այդ աշխարհիկներին: «Եթե սիրում եք աշխարհը և աշխարհի բաները, Աստծո սերը ձեր մեջ չէ»: Եղբայրներ, քույրեր, քարոզիչ եղբայրներ, ինձ լավ հասկացեք: Ես ձեր եղբայրն եմ: Մի՞թե ուզում եք դուք և ձեր անդամները, ով էլ որ լինեք, հարանվանությունների անդամ դառնալ, որովհետև ձեր մայրիկն ու տատը դրանց անդամ են եղել: Նրանք ուրիշ տեղից են դուրս եկել այնտեղ գնալու համար, որովհետև դա էր այդ օրվա Լույսը: Այսօր մեկ ուրիշ օր է: Սա հոգեգալստի օրը չէ: Հոգեգալստական ժամանակաշրջանը անցել, գնացել է: Այսօր հունձի օրն է: Անձրևները ջրել են ցորենի հատիկը: Նա մեռնելու վրա է: Եղբայրներ, մտեք ցորենի մեջ: Լսեք ինձ, հավատացեք, եթե կարծում եք, որ Աստծո ծառա եմ: Թող ձեզանից յուրաքանչյուրը իր ձևով խոնարհի իր գլուխը խոնարհությամբ՝ մատուցելու համար այն աղոթքը, որը հիմա պետք է մատուցենք: «Ո՛վ Աստված, ընդունիր ինձ այնպես, ինչպես կամ»: Եղբայրս, քույրս, ես էլ ինձ դնում զոհասեղանի վրա այս երեկո: Ով Աստված, ծեփիր ինձ, փոխիր ինձ: Ո՛վ Աստված, ձևավորիր ինձ Քո մտքի համաձայն: Կարծու՞մ եք հեշտ է ինձ համար կանգնել այստեղ և այդպես հանդիմանել մարդկանց: Դա դժվար է: Բայց վայ ինձ, եթե չանեմ այդ: Աղոթենք. «Սիրելի Աստված, մինչ բոլորը խոնարհել են իրենց գլուխներն ու սրտերը, այս հանդիսավոր պահին, աստվածաշնչյան ընթերցման վերջում տեսնում ենք Սուրբ Հոգու հաստատումը, որը բոլոր իմաստներով ցնցել է այս ազգին տարբեր արթնություններով, հայտնելով, որ ինչ-որ բան է կատարվելու: Հետո տեսնում ենք այն յոթ հրեշտակներին, որոնք իջան այն սարի վրա, Արիզոնայում. իրադարձություն, որը լրագրերի միջոցով հայտարարվեց աշխարհի բոլոր երկրներում: Ո՛հ, տեսնել Իրեն՝ Հիսուսին ամպերում, որ ցած է նայում և ասում, որ յոթերորդ հրեշտակի պատգամով (Հայտն.10:7) այդ կնիքները բացվելու են և Աստծո խորհուրդները բացահայտվելու: Ռեֆորմատորներն այդքան չապրեցին, որ դա բացահայտեին, բայց այստեղ այդ կնիքները, որոնք ամբողջը կնքել էին, պետք է բացվեին այսօր: Ո՛հ, տեսնել բոլոր այդ մեծ նշաններն ու հրաշքները, որոնք կատարվել են, որոնք հաստատել են այն, ինչ գրվել և կանխասվել էր, տեսնել, որ Նա երբեք չի թողել Իր խոստումը, այլ միշտ կատարել է գրվածի համաձայն: Ոչ մի անգամ չի եղել, որ Դու չկատարես Քո Խոսքը: Սիրելի Աստված, մենք գիտակցում ենք, որ Հիսուս Քրիստոսը մեր մեջ է: Նա այստեղ է այս երեկո: Անտեսանելի Աստվածն այստեղ է, մեզ հետ և հաստատում է յուրաքանչյուր խոստում, որ արել է Իր Խոսքի մեջ: Ես մտածում եմ այն մասին, թե ինչպես էիր դու կանգնած Աբրահամի առաջ, մեջքով դեպի վրանը՝ ապացուցելու համար Քո աստվածությունը: Դա էր բնօրինակը, սկիզբը, երբ դեռ ասպարեզ չէին եկել նմանակողները: Դու ցույց տվեցիր այդ: Դու հաստատեցիր և մարգարեացար: Դու ճշտությամբ ասացիր, թե ինչպես է դա կատարվելու, և մենք տեսնում ենք, թե ինչպես է դա կատարվում Քո ասածի համաձայն: Հայր Աստված, գիտենք, որ դա չի կարող մարդուց լինել: Դա գալիս է Աստծուց: Գիտենք, որ Դու ես այստեղ ներկա այս երեկո: Ների՛ր մեր մեղքերը: Սիրելի՛ Աստված, Դու բժշկել ես մեր հիվանդությունները, այժմ ներիր մեր մեղքերը: Տեր, ներիր, որ այնպիսի քրիստոնյաներ չենք, ինչպիսին պետք է լինենք: Մենք դավանում ենք, որ Լրիվ Ավետարանի տղամարդիկ և կանայք ենք, բայց տեսնում ենք, որ նորից ընկնում ենք հարանվանական հավերի պես՝ չկարողանալով օդում սավառնել: Օգնիր մեզ, սիրելի Աստված: Վերցրու մեզ և թափ տուր մեզ Քո Սուրբ Հոգով: Եթե կա մեր մեջ մի բան, որը Քո փառքի համար չի, հանիր մեր միջից, Տե՛ր, և թող մենք արմատավորվենք Աստծո սուրբ Խոսքի մեջ: Թող Սուրբ Հոգին այրի մինչև մեր սրտի խորքը: Հանիր այս ժամանակաշրջանի անհավատության և թմրության բոլոր մնացորդները: Ո՛հ, վեր կենանք և սթափվենք: Շնորհիր այդ, ո՛վ Աստված: Մաքրի՛ր մեզ: Ծեփիր մեզ: Ձևավորիր մեզ Քո ուզած ձևով: Ո՛վ Աստված, շնորհիր այդ: Եթե այս երեկո այստեղ կան ոմանք, որոնք իրենց սրտի մեջ են պահում Աստծո այդ սերմը, որը կյանքի համար է նախասահմանված աշխարհի ստեղծումից ի վեր, գիտեմ, որ նրանք անպայման կլսեն այս պատգամը հիմա: Դրա համար խնդրում եմ, Աստված իմ, որ լցնես նրանց հոգին և լուսավորես նրանց Սուրբ Հոգու նոր մկրտությամբ: Թող նրանք տուն վերադառնան ուրախ և կատարելապես երջանիկ, Տեր Աստված: Թույլ տուր նրանց Քեզ հանձնել: Ես չգիտեմ, թե ով են նրանք, բայց Դու նրանց ճանաչում ես: Ես միայն պատասխանատու եմ Քո Խոսքը կարդալու համար, բայց Դու ես այդ Խոսքը բացահայտում: Մնացածի համար Դու ես պատասխանատու: Ես միայն սերմը գցում եմ այնտեղ, որտեղ պետք է ընկնի: Տեր Աստված, ես խնդրում եմ, որ այս երեկո այն ընկնի լավ և պարարտ հողի մեջ: Թող շատերն այն ընդունեն և տեսնեն, Տեր և կարողանան այս վերջին օրերում լինել փայլուն քրիստոնյաներ: Թող այն մեծ իրադարձությունը, որին սպասում ենք, արագ կատարվի: Շնորհիր այդ, և թող որ Դու գաս Քեզ հետ տուն տանելու Քո Եկեղեցին, Քո Հարսին: Մենք տեսնում ենք, որ ամեն բան պատրաստվում է: Եկ, Տեր Հիսուս: Մենք ամեն բան Քո ձեռքերի մեջ ենք հանձնում Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն:
Բովանդակություն