Լսել

Հոգևոր կերակուրը ճիշտ ժամանակին 07/18/1965

Բովանդակություն

Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով

Շարք 1 թիվ 2

 

 

Ա Ս Վ Ա Ծ    Խ Ո Ս Ք Ը

Ուիլյամ Մարրիոն Բրանհամի

միջոցով

 

 

Հ Ո Գ Ե Վ Ո Ր    Կ Ե Ր Ա Կ Ու Ր Ը 

 Ճ Ի Շ Տ   Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ի Ն

(Spiritual food in due season)

 

Հուլիսի 18 1965, առավոտ

Բրանհամի խորան

Ջեֆերսոնվիլ, Ինդիանայի նահանգ, ԱՄՆ



Եկեղեցու երգը.

 

Միայն հավատա, միայն հավատա,

Ամեն բան կարելի է հավատացողին,

Միայն հավատա, միայն հավատա,

Ամեն բան կարելի է հավատացողին:

 

1 Աղոթք. «Տեր, թող սա չլինի միայն մեղեդի, որ երգում ենք, այլ մեր անկեղծ փափագը, որ գալիս է մեր սրտի խորքից: Մի օր աշակերտներն ասացին այն բանից հետո, երբ Հիսուսը զորավոր գործեր արեց. «Տեր, այժմ մենք հավատում ենք»: Հիսուսը պատասխանեց. «Այժմ հավատու՞մ եք»: Հայր, այս երեկո մենք հասկանում ենք, որ ոչ թե Դու կարիք ունես, որ Քեզ սովորեցնենք, այլ մենք Քո վարդապետության կարիքն ունենք: Նաև խնդրում ենք, որ Դու մեզ սովորեցնես, թե ինչպես պետք է աղոթենք, ապրենք և հավատանք: Շնորհիր այդ, Տեր, այսօրվա հավաքույթի համար: Եթե ինչ-որ բանի կարիք ունենք, շնորհիր մեզ, Տեր, որովհետև մենք Քեզ խնդրում ենք Հիսուսի անունով: Ամեն»:

2 Գիտեմ, որ ձեզանից շատերը ստիպված են կանգնած մնալ այս երեկո, մյուսներն էլ դրսում են: Ես հանդիպել եմ տարբեր խմբի մարդկանց. նրանք չեն կարողացել եկեղեցի մտնել և հավաքույթը լսել են մեքենայի մեջ, ռադիոընդունիչով:

3 Այսօրվա հավաքույթը կնվիրենք հիվանդների համար աղոթքին: Ուզում եմ, որ հիմա Աստծո սուրբ խոսքերով հաստատվեք հավատքի մեջ, այս ժամի, ժամանակաշրջանի հավատքի, որովհետև հիմա ավելի շատ հավատքի կարիքն ունենք քան նախորդ ժամանակաշրջաններում: Դա պետք է լինի մի հավատք, որ կարողանա հափշտակության ժամանակ բարձրացնել մեզ: Արդ, ուզում ենք, որ հավատաք այն բոլոր բաներին, որ տեսել եք, բոլոր խոսքերին, որ լսել եք, ձեր տեսած բոլոր հրաշքներին և նշաններին: Ուզում ենք, որ դրանց մասին հիշողությունները պահեք ձեր սրտերում և մտածեք դրանց մասին՝ իմանալու համար, Աստծու՞ց է, թե՞ ոչ: Մի ժամանակ Եղիան ասում էր. «Եթե Եհովան է Աստված, Նրա հետևից գնացեք» (3 Թագ.18:21): Եթե Հիսուսն է ամեն բանի կենտրոնը քրիստոնյայի համար, ուրեմն պետք է ամեն բան թողնենք և հավատարիմ լինենք միայն Նրան: Հիշեք, Նա է կենտրոնը, Նա է գերագույն նպատակը, բացարձակ հիմքը և բևեռային աստղը: Եթե Նա է բևեռային աստղը, մի բան ուղղվում է դեպի Նա. կողմնացույցը՝ ձեր նավարկության գործիքը: Այդ կողմնացույցը միշտ ցույց կտա աստղը, իսկ այդ կողմնացույցը Աստծո Խոսքն է, որ միշտ մեզ վերադարձնում է Նրա մոտ:

4 Մենք անցնում ենք նեղությունների, դժբախտությունների, փորձությունների, մոլորությունների միջով, ազգերի և ժողովորդների մեջ: Շատ բաներ են կատարվում: Երբեմն ամեն կողմից շրջափակված եմ զգում, ուր որ նայում եմայնպիսի տպավորություն ունեմ, որ ես ծովում եմ, մի նավի մեջ, որի պատասխանատուն ես եմ: Ինքս ինձ հարց եմ տալիս. «Ինչպե՞ս ենք դուրս գալու այստեղից»: Որովհետև ահա գալիս են փրփրադեզ ալիքներ, որոնք հարյուր անգամ ավելի բարձր են իմ նավից: Բայց մենք կբարձրանանք դրանցից վեր: Նրանով մենք ավելին ենք, քան հաղթող: Նա է գլխավոր Նավապետը և ամուր պահում է նավին ամրացրած պարանը: Նա մեզ դուրս կհանի այդ ամենի միջից:

5 Մենք հասկանում ենք, թե ինչ երկար ճանապարհ եք անցել և ինչ զոհաբերություններ եք արել այս հանդիպմանը գալու համար. դա ինձ շատ է հուզում: Ես  կուզենայի կանգնել այստեղ, անդադար քարոզել, փորձելով անել ամեն հնարավորը ձեզ օգնելու համար այս պահերին, երբ հավաքված ենք այստեղ: Բայց եթե մարդկանց միանգամից շատ տաս, նրանք չեն կարող բոլորը հիշել: Ուրեմն ամեն անգամ պետք է մի թեմա վերցնել և համբերությամբ բացատրել, մինչև նրանք կարողանան ըմբռնել այդ: Հետո, երբ դա հաստատվի նրանց սրտերում, քարոզեք մեկ  ուրիշ  ճշմարտություն: Մենք առաջ ենք շարժվում քայլ առ քայլ:

6 Այժմ աղոթեք և քաջացեք: Հավատացեք ձեր բժշկությանը այս երեկո: Չեմ կարծում, որ ձեր սրտում որևէ հարց կա մեր ապրած ժամանակի վերաբերյալ: Չեմ կարծում, որ դուք կասկածներ ունեք այն բանի վերաբերյալ, թե Աստված իր ժողովրդի մեջ է, թե ոչ: Համոզված եմ, որ բոլորդ հավատում եք, որ Նա ներկա է այստեղ: Սրա վերաբերյալ ես ոչ մի կասկած չունեմ: Ես ճանաչում եմ ինձ լսողներին, իմ բարեկամներին և Քրիստոսի բարեկամներին: Աստծո զավակներն էլ են այդպես հավատում:

7 Երբ գիտեք, որ Աստծո կողմից պատգամ ունեք տալու մարդկանց, որոնք անմիջապես արձագանքում են դրան, իսկական հաճույք եք ապրում: Այնժամ կարող եք հոգով շրջվել դեպի Աստված և ասել. «Շնորհակալ եմ, Հայր»: Ոհ, ի~նչ ուրախություն է տեսնել, որ երեխաները  ուտում են իրենց ուղարկված հացը:

8 Հիշու՞մ եք այն տեսիլքի մասին, որը տրվեց այս դահլիճում մի քանի տարի առաջ «Կյանքի Հաց»-ի վերաբերյալ: Ճիշտ է, Նեվիլ եղբայր, հիշում եք, չէ՞:

9 Չեմ կարծում, որ պատշաճ է հավաքույթ անցկացնել առանց միասին Աստծո Խոսքը կարդալու և քննարկելու, եթե նույնիսկ դա բժշկության ծառայություն է կամ մեկ ուրիշ հավաքույթ: Կարծում եմ, որ մեր մեջ ոչ մի օտար մարդ չկա, և բոլորը հասկանում են, թե ինչ ենք հասկանում «բժշկություն» ասելով: Դա մարդու գործ չէ, այլ այն, ինչ Աստված արդեն արել է ձեզ համար:

10 Փրկությունն էլ հաստատված է նույն հիմքի վրա: Կարևորն այն է, որ մարդկանց օգնես հավատալու, որ դա ճշմարտությունն է: Աստված դա սովորեցնում է Իր Խոսքի մեջ և հետո ապացուցում նրանց համար, ովքեր ուզում են հավատալ: Տերն ասում է. «Հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է» (Մարկ.9:23): Դուք ասում եք, որ Աստծո համար անհնարին բան չկա: Հավատու՞մ եք դրան: Նույն կերպ ձեզ համար էլ անհնարին բան չի լինի: Աստված մեկ Անձ է, նրանց համար, ովքեր հավատում են: Հասկանու՞մ եք այդ: Ձեզ հետ, ձեզ համար ոչ մի անհնար բան չի լինի, եթե միայն կարողանաք հավատալ:

11 Այժմ ուզում եմ կարդալ 3 Թագ. 17-րդ գլխի առաջին յոթ համարները. «Եվ Գաղաադի բնակիչներից Թեզբացի Եղիան ասաց Աքաաբին. ՚՚Կենդանի է Իսրայելի Տեր Աստվածը, որի առաջ կանգնում եմ, որ այս տարիներին ցող և անձրև պիտի չլինի, բայց եթե իմ խոսքով՚՚: Եվ Տիրոջ Խոսքը եղավ նրան՝ ասելով. ՚՚Գնաայստեղից և դարձիր դեպի  արևելք և թաքնվիր Քերիթ հեղեղատի մոտ, որ Հորդանանի դեմ է: Եվ այն հեղեղատից կխմես, և Ես ագռավներին հրամայել եմ, որ քեզ կերակրեն այնտեղ: Եվ նա գնաց և արեց Տիրոջ խոսքի համեմատ, և գնաց ու բնակվեց Քերիթ հեղեղատի մոտ, որ Հորդանանի դիմացն է: Եվ ագռավները նրա համար հաց և միս էին բերում առավոտը, և հաց ու միս՝ իրիկունը, և նա խմում էր հեղեղատից: Եվ եղավ, որ մի քանի ժամանակից հետո չորացավ հեղեղատը, որովհետև երկրում անձրև չկար» (3Թագ.17:1-7):

12 Թող Աստված օրհնի Իր Խոսքի ընթերցումը: Այս երեկո այս խոսքերից եմ վերցնում թեման, որը կոչվում է «Հոգևոր սնունդը ճիշտ ժամանակին»: Այս առավոտ սերտեցինք  Աստծուն ծառայություն մատուցելու մասին թեման, երբ մարդիկ փորձում են ծառայություն անել Աստծուն առանց իմանալու, թե որն է դրա համար նախատեսված ժամը, պահը, վայրը և այն մարդը, որը պետք է անի այդ: Մենք շատ քիչ բան գիտենք Եղիա մարգարեի մասին, բայց գիտենք, որ նա Աստծո ծառան էր այդ ժամի համար: Աստված արդեն երեք անգամ գործել է այն Հոգով, որ հանգչում էր Եղիայի վրա, և խոստացել է երկու անգամ էլ ուղարկել այն: Այդ նույն Հոգին կդրսևորվի հինգ անգամ, իսկ հինգը շնորհքի թիվն է: Նախ այդ Հոգին հանգչեց Եղիայի վրա (3 Թագ. 17:1), հետո՝ Եղիսեի վրա կրկնակի չափով  (4 Թագ.2:9) և վերջապես եղավ Հովհաննես Մկրտչի վրա (Մաղաք. 3:1 և Մատթ. 2:14): Ասվում է, որ նա վերադառնալու է Հարսին հավաքելու  համար (Մաղաք.4:5,6), հետո Մովսեսի հետ վերադառնալու է հրեաներին կանչելու համար (Հայտն.11:3): Իրականում, չգիտենք, թե որտեղից և ինչպես եկավ այդ մեծ մարգարեն: Բայց գիտենք, որ նա թեզբացի էր:

13 Որքան գիտեմ, ոչ մի մարգարե երբևէ դուրս չի եկել որևէ եկեղեցու միջից: Նրանք բոլորը հասարակ մարդիկ են եղել, առանց վախի, երբեմն առանց կրթության: Բացի մի քանիսից, ինչպես Եսային և Երեմիան էին, նրանք նույնիսկ գրել չգիտեին:   Եղիան՝ այդ բացառիկ մարդը, երբեք ոչինչ չի գրել: Շատ մարգարեներ ոչինչ չեն գրել, գուցե այն պատճառով, որ գրել չգիտեին: Նրանք անկիրթ մարդիկ էին:

14 Աստվածաշնչում նշված մարդկանցից ամենանշանավորները այդ հին մարգարեներն էին, որոնք մարտահրավեր էին նետում թագավորներին, թագավորություններին, մարդկանց, համայնքներին՝ հաստատուն մնալով Աստծո Խոսքի մեջ, և Աստված էր հաստատում նրանց իրավացի լինելըՆրանք շատ խիստ մարդիկ էին, և Եղիան նրանց ամենաբնորոշ ներկայացուցիչն էր: Նա անապատի մարդ էր, Սուրբ Գիրքն ասում է. «Նա մեկ մազոտ մարդ էր, և մի կաշի գոտի մեջքին կապած» (4 Թագ.1:8): Նրա մորուքը ծածկում էր ողջ դեմքը, և պատկերացնում եմ, թե ինչ կոպիտ տեսք պետք է ունենար: Այդ տեսակը դեռ չի վերացել, նրանք բոլորը չեն մահացել: Եթե տեղեկություններ ունեք Նիկիայի տիեզերաժողովի վերաբերյալ, գիտեք, որ նրանք բոլորը կազմակերպություն դարձան, ոչնչացնելով մյուս բոլոր եկեղեցիները և նրանց ստիպելով մեկ եկեղեցի դառնալ: Բայց հենց այդ ժամանակաշրջանում Եղիայի նման կոպիտ մարդիկ հայտնվեցին, նրանք անապատից էին գալիս և բավարարվում շատ հասարակ կերակուրով: Բայց Կոնստանդինի օրոք բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց շքախումբը լռեցրին այդ մարդկանց: Այս մարգարեները գիտեին, որ ցորենի հատիկի նման Հարս-Եկեղեցին պետք է ընկներ հողի մեջ, Փեսայի նման, որը եղավ հողի մեջ ընկած առաջին հատիկը: Նրանք գիտեին, որ այդ հատիկը կմնար հողում հազար տարի: Դրա համար են այսօր որոշ անհավատներ գրում իրենց գրքերում. «Ու՞ր է այն լուռ Աստվածը, որը նայում էր, թե ինչպես էին սպանում փոքրիկ երեխաներին, թե ինչպես են առյուծները պատառոտում կանանցև մնում էր երկնքում առանց ոչ մի բառ ասելու»: Նրանք բոլորովին չգիտեն Խոսքը: Հատիկը պետք է ընկներ հողի մեջ: Ինչպե՞ս արդար Աստված կարող էր նայել, թե ինչպես են թքում Իր Որդուն և ինչպես էր Նա մահանում: Բայց դա Խոսքի համաձայն էր: Պետք է այդպես լիներ: Հիմա էլ ամեն բան կկատարվի ճշտորեն մինչև վերջին ժամը:  

15 Եղիան մեծ մարդ էր: Նա պետք է դիմակայեր մեղքով լցված սերնդին: Աքաբը թագավոր էր, և նրա հայրը նույնպես չար թագավոր է եղել: Սողոմոնից հետո իրար հաջորդեցին մեկը մյուսից չար թագավորներ: Աքաբը, որ 22 տարի թագավորեց Սամարիայում, նրանցից ամենավատն էր: Նա էլ իր ժամանակաշրջանում ժամանակակից մարդ էր համարվում: Անշուշտ, նա կրոնասեր էր, բայց ամեն բան հարմարեցնում էր իր ժամանակաշրջանին: Նա ուներ 400 եբրայեցի մարգարեներ: Նրանցից յուրաքանչյուրը դպրոց էին գնացել և լավ կրթություն ստացել: Մինչդեռ Աստված նրա մոտ ուղարկեց մեկին, որին նա չէր հավատում՝ թեզբացի Եղիային՝ անապատի մարդուն:

16 Աքաբը այնքան մեղքեր էր կուտակել, որ Աստված այլևս չէր կարող հանդուրժել նրան: Մի օր Նա խոսեց Եղիայի հետ անապատում, և նա ուղևորվեց դեպի Սամարիա: Ես միշտ սիրում էի նրան պատկերացնել դեմքը ծածկող սպիտակ մորուքով, արևի տակ փայլող ճաղատ գլխով և խորաթափանց հայացք ունեցող փոքր աչքերով: Ժպիտը դեմքին, գավազանը ձեռքին նա ուղիղ մտավ Իսրայելի թագավորի մոտ՝ ասելով. «Նույնիսկ ցող չի իջնի առանց իմ ասելու»: Թող Տերը մեզ այդպիսի մարդիկ տա, որոնք գիտեն, թե ինչ պետք է անեն «Այսպես է ասում Տերը» խոսքի հետ:

17 Մենք պետք է իմանանք սա. մինչև Եղիայի գործելը Աստված դիմել էր նրան և կանչել էր: Ահա թե ինչու այսուհետ նրան ոչինչ չէր կարող վախեցնել: Նա չէր վախենում, որ իր բերած պատգամը չի իրագործվի. այն պետք է իրականանար, որովհետև նա գիտեր, որ դա Տիրոջ Խոսքի համաձայն է, և ինքն էլ այդ ժամանակի համար ուղարկված Աստծո մարգարեն է: Նրան չէր հուզում այն, որ թագավորը կարող է իրեն գլխատել, բանտ գցել կամ մեկ ուրիշ բան անել: Նա պարտավոր էր հռչակել «Այսպես է ասում Տերը»:

18 Այս կոպիտ մարդը մեծ երաշտ կանխասեց, որովհետև Աստված անպատիժ չի թողնում մեղքը: Պատիժն անհրաժեշտ էր: Օրենքն առանց պատժի ազդեցություն չունի: Այսօր ի՞նչ իմաստ կունենար ասելը «Օրենքին հակառակ է կարմիր լույսի տակով անցնելը», եթե տուգանք կամ ուրիշ պատիժ չլիներ, որը ազդեցիկ կդարձներ օրենքը: Հակառակ դեպքում օրենքն անզոր կլիներ: Մեղքը պետք է պատժվի: Երբ Աստված օրենք է տալիս, և օրենքը խախտվում է, պատիժը պետք է հետևի խախտումին: Իսկ այդ ազգը խախտել էր Նրա բոլոր օրենքները:  

19 Եղիայի ժամանակ նրանք մեծ համայնք ունեին: Ունեին տաճարը, շատ կրթված մարդիկ և մարգարեներ ողջ երկրով մեկ: Նրանք կրթություն էին ստացել հատուկ կրթական հաստատություններում և այնտեղից դուրս էին գալիս թողարկված մեքենաների պես: Նրանք ունեին բազմաթիվ քահանաներ և դպիրներ, որոնք ամեն կողմից կրոնասեր էին, բայց հեռացել էին Աստծո Խոսքից: Նրանց կազմակերպությունից դուրս Աստված կանչեց մի մարդու, որին ուղարկեց «Այսպես է ասում Տերը» խոսքով:

20 Տեսեք, թե Աստված ինչպես է հոգ տանում Իրենների համար: «Եղիա,—ասաց նրան,— ասա բոլոր այս բաները Աքաբ թագավորին: Հետո անմիջապես հեռացիր նրանից, որովհետև Ես քեզ համար մի տեղ եմ պատրաստել. դու այնտեղ կմնաս երաշտի ժամանակ: Ես քեզ համար հոգ կտանեմ, Եղիա, բայց դու քարոզիր միայն Իմ Խոսքը և արա միայն այն, ինչ Ես եմ պատվիրում»:

21 Հիմա ուզում եմ Եղիայի այս մեծ ծառայությունը և նրա ապրած ժամանակաշրջանը համեմատել  մեր ապրած ժամանակաշրջանի հետ: Կարծում եմ, որ բնորոշ զուգահեռ կա այստեղ:

22 Նախ մտածում եմ այս երկու ազգերի նմանության մասին. նայելով պատմությանը՝ կտեսնենք, որ Իսրայելը իր տարածքը նվաճել է այնպես, ինչպես մենք են նվաճել Միացյալ Նահանգները: Մենք եկել ենք այս երկիրը՝ Ամերիկան, այնտեղից վռնդել բնակիչներին՝ հնդկացիներին  և նվաճել այս երկիրը: Այնպես էլ Իսրայելը եկավ Պաղեստին  Հեսուի առաջնորդությամբ, Աստծո առաջնորդությամբ: Նա վռնդեց այնտեղի բնակիչներին և  գրավեց երկիրը: Նրանց առաջին թագավորները մեծ և զորավոր մարդիկ էին՝ Դավիթը, Սողոմոնը: Մեր առաջին նախագահները՝ Վաշինգտոնը, Լինքոլնը, նույնպես մեծ մարդիկ էին: Բայց նրանց թագավորները ավելի ու ավելի ապականվեցին և վերջապես հասան Աքաբին: Դա նույնպես բնորոշ է մեր ժամանակաշրջանին: Մարդիկ այնքան ժամանակակից են դարձել, որ նույնիսկ չեն ուզում Աստծո ճշմարիտ Խոսքը լսել:

23 Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ազդեցություն կունենար Աստծո ճշմարիտ ծառայի պատգամը այդպիսի մի ժամանակակից ժողովրդի վրա: Ինչու՞: Նրանք կարծում էին, թե Եղիան խելագար էր, խելքը թռցրել էր: Նրա ասածը նրանց անմիտ էր թվում, որովհետև շատ կրոնասեր էին: Նրանք անկեղծ առաջնորդներ ունեին, և իրենք էլ անկեղծ ժողովուրդ էին: Եղիան գիտեր, որ պարզ աստվածաբանությունից և սովորական պատգամից ավելին էր հարկավոր, որ սրտերը կոտրելու համար բավական չէր միայն քարոզել Խոսքը: Գիտեր, որ պետք էր «Այսպես է ասում Տերը»՝ այդ ժողովրդի վրա դատաստան բերելու համար: Եղիան գիտեր, որ եթե գար «Այսպես է ասում Տերը» խոսքով, ժողովուրդը արհամարհանքով կմերժեր նրան և այնժամ կգար դատաստանը: Նույնը տեսնում ենք մեր օրերում: Նույնը տեսնում ենք բոլոր ժամանակաշրջաններում. դատաստանից բացի ուրիշ այլընտրանք չի մնում, երբ շնորհքի սահմանը անցնում են: Կուզենայի Եղիային համեմատել նաև այսօրվա եկեղեցու հետ: Եղիայի ստացած պատգամը անմիջապես նախորդեց դատաստանին: Այդ պատգամով նաև վստահություն ստացավ, որ Աստված կհոգար իր բոլոր կարիքներըՆույնիսկ նրա երկրային սնունդն ապահովված էր այն դեպքում, երբ երեք տարի և վեց ամիս անձրև չէր գալու, մինչև ինքը խնդրեր Աստծո Խոսքի համաձայն: «Երբ էլ դու խոսես, Եղիա, դա կլինի ճիշտ ժամանակը»: Նա գնաց թագավորի մոտ և ասաց. «Ոչ ցող, ոչ անձրև չի լինի, եթե ոչ իմ խոսքով»:  Այդպիսի պատգամ տալն իսկապես ծանր բեռ էր: Համեմատենք սա այսօրվա հոգևոր երաշտի հետ:

24 Մենք բոլորս լավ գիտակցում ենք, թե ինչ մեծ հոգևոր երաշտ է տիրում հիմա ողջ երկրի վրա: Գիտե՞ք, որ սա կանխասվել էր մարգարեների կողմից, որ պետք է կատարվեր Տիրոջ երկրորդ գալստից անմիջապես առաջ: Նրանք հաղորդել էին, որ երկրի վրա սով է լինելու ոչ միայն հացի, այլև Աստծո Խոսքը լսելու սով: Այդ օրը հիմա եկել է՝ Աստծո ճշմարիտ Խոսքը լսելու սովը (Ամովս 8:11): Այսպիսով բնական սովը հոգևոր սովի խորհրդապատկերն է: Սուտ վարդապետների և եկեղեցու մոդեռնիստների մեղքն ու անհավատությունը եկեղեցուն դրել են մոտալուտ դատաստանի վիճակում: Նրանք հեռացել են Աստծո Խոսքից և Նրա մարգարեներից և լսում են ժամանակակից աստվածաբանական լեզվին, որն օգտագործվում է Խոսքը մեկնելու համար: Այդպիսի մի ժամանակաշրջանում Աստված միշտ միջամտում է, բայց ոչինչ չի անում առանց նախօրոք ժողովրդին հայտնելու և այդ անում է Իր ծառաներից մեկի միջոցով:

25 Այդ ողջ ժամանակաշրջանում Եղիան մի գաղտնի վայր ուներ, որը պատրաստված էր իր համար, ուր Աստված պատվիրեց նրան գնալ: Մտածենք այս մասին մինչև հիվանդների համար աղոթելը: Եղիան Աստծո կողմից պատրաստված գաղտնի վայր ուներ: Ոչ կրոնական համայնքը, ոչ թագավորը, ոչ էլ Եղիան ինքն էր հոգում իր սնունդը, այլ Աստված էր նրան տալիս գաղտնի վայրում, երաշտի ողջ ժամանակաշրջանում: Այդ սնունդն ապահովված էր ամեն օր: Նա կարիք չուներ ինքն հարցնելու. «Ի՞նչ կլինի վաղը»,  կամ «Արդյո՞ք պաշարը կվերջանա»: Աստված ասել էր. «Ես ագռավներին հրամայել եմ կերակրել քեզ»: Ի~նչ հրաշալի է:

26 Դա այն գաղտնի վայրի խորհրդապատկերն է, որ ունենք Քրիստոսի մեջ, մինչդեռ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ասում է. «Հրաշքների ժամանակներն անցել են»: Մենք ինքներս տեսնում ենք, որ Աստծո մեծ զորությունը վերցվել է եկեղեցիներից, նրանք այլևս ոչինչ չունեն, այլ միայն ձայն հանող պղինձ կամ հնչացող ծնծղա: Մենք գիտենք, որ դա ճշմարտությունն է: Նրանք աստվածապաշտության կերպարանքն ունեն, բայց նրա զորությունն ուրացել ենՆրանք հենց այն են անում, ինչ Դավիթն էր անում եզներ լծած կառքով, երբ հեռանում էր Աստծո Խոսքից: Եվ երբ Աստծո Խոսքը մատուցվեց, նրանք մերժեցին. որովհետև շատ էին հեռացել դրանից:

27 Եղիայի  օրերում էլ ժողովուրդն այդպես վարվեց. նրանք շեղվել էին Խոսքից: Նրանք կարծում էին, որ Խոսքն ունեն, բայց իրականում չունեին: Այդ ողջ ժամանակաշրջանում Աստված պատրաստվում էր պատժել անհավատներին, բայց ճանապարհ էր պատրաստում հավատացյալների համար: Նա միշտ այդպես է գործում: Այն ժամանակ, երբ Աստված որոշեց ջրհեղեղով կործանել երկիրը, փրկության դուռ բացեց Նոյի համար: Երբ Նա սպառնաց և պատժեց Եգիպտոսին, ծովի միջով ճանապարհ բացեց Իսրայելի ժողովրդի համար: Ինչպե՞ս կարող է Աստված ճանապարհ բացել այնտեղ, ուր ճանապարհ չկա: Նա կարող է, որովհետև Ինքն է ճանապարհը:

28 Հիմա մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք պատմության մեջ եղած ամենահանդիսավոր ժամանակաշրջանում: Ոչ թե ինքնանշանառու հրթիռներից պետք է վախենանք, այլ եկեղեցիներն են մեզ վախ ներշնչում: Մեր ապրած ժամանակաշրջանը մեզ պետք է մղեր աչալուրջ լինելու: Աստված ելք էր պատրաստել Եղիայի համար, նույն կերպ ճանապարհ է պատրաստում, որպեսզի  Իր հավատարիմ զավակները կարողանան փախչել: Աստված Իր արդարությամբ դատապարտության մատնեց Սոդոմի, Գոմորի, Կափառնայումի մարդկանց. Նա նրանց պատժեց այդ չար քաղաքները անդունդ նետելով, այդ սերունդներին դատապարտելով: Հետևաբար Նա չէր կարող թույլ տալ, որ մենք էլ նույն բաներն անենք և փախչենք Նրա արդարադատությունից: Ինչպես նրանց, այնպես էլ մեզ համար անհնար է փախչել դատաստանից:

29 Այդ ժամանակաշրջանի չար միտումներին դիմակայելու  համար Աստված մի մարդ հանեց, որ հաղթի այդ զորություններին, բայց նրան չլսեցին: Նրանք նրան խելագար էին համարում: Նրանց համար նա մի ծեր ֆանատիկ էր, անապատից փախած մի խելագար, մի վայրենի: Բայց նա ուներ Տիրոջ Խոսքը

30 «Աստվածաշունչը չպետք է բառացի հասկանալ»,— ասում են այսօրվա վարդապետները: «Աստվածաշունչը պատմական գիրք է»: Կարծում եմ, բոլորդ լսել եք, թե ինչ են նրանք պնդում՝ Եվան ոչ թե խնձոր է կերել, այլ ծիրան: Ասում են նաև, որ Մովսեսը Իսրայելի զավակներին չի անցկացրել Կարմիր ծովի միջով: Ասում են, դա եղեգների մի ընդարձակ դաշտ էր, մեծ քանակությամբ եղեգներ էին աճում ծովի մյուս կողմում: Նա նրանց անցկացրել է եղեգների ծովով: Ուրեմն ինչպե՞ս բացատրել աստվածաշնչային պատմության այս խոսքերը. «Ջրերը նրանց աջ և ձախ կողմերից պարիսպ դարձան, և նրանք ցամաքով անցան»: Ինչպիսի~ անհեթեթությունԲայց գիտեք, պետք էր, որ այդ օրը գար, որպեսզի Աստծո բարկությունը թափվեր մարդկության վրա: Նույնիսկ եկեղեցական մարդիկ, որոնք հրաշքներին չեն հավատում, ձեզ կասեն. «Հազար դոլար կտամ, եթե ինձ մի հրաշք ցույց տաք: Ինձ հրաշք ցույց տվեք»: Նրանք երբեք չեն տեսնի այդ. տասը հազար փաստ էլ լինի նրանց առջև, մեկն էլ չեն տեսնի:

31 Դուք ասում եք. «Դա անհնար է»: Ոչ, հնարավոր է: Մի օր Եղիսեն իջել էր Դոթայիմ, ասորական բանակը շրջապատել էր քաղաքը՝ գերության առնելու համար, որովհետև գիտեին, որ այդ ազգի զորությունը տեսանողի մեջ էր: Մի մարդ ասել էր Ասորեստանի թագավորին. «Դու չգիտե՞ս, որ Եղիսե մարգարեն Իսրայելի թագավորին պատմում է այն, ինչ դու ասում ես քո գաղտնի սենյակում»: Թագավորն ասաց. «Գնացեք նրան բռնելու, որովհետև այդ մարդը միշտ հակառակվել է մեզ»:Այսպիսով ասորական բանակը շրջապատեց Դոթայիմը: Երբ Գեեզին՝ մարգարեի ծառան, արթնացավ և նրանց տեսավ, աղաղակեց. «Ոհ, իմ տեր, թշնամիները մեր շուրջն են, մենք շրջապատված ենք»: Բայց մարգարեն նրան պատասխանեց. «Միվախենար, որովհետև մեզ հետ եղողները շատ են, քան թե նրանց հետ եղողները: Եվ Եղիսեն աղոթք արեց և ասեց. «Ով Տեր, բաց նրա աչքերը, որ տեսնի», և Տերը բացեց ծառայի աչքերը, և նա տեսավ. և ահա սարը լիքն էր  հրեղեն ձիերով և կառքերով Եղիսեի  շուրջը: Եվ նրանք իջան նրա մոտ, բայց Եղիսեն աղոթք արեց Տիրոջը և ասաց. «Աղաչում եմ, զարկիր այս ժողովրդին կուրությամբ՚: Եվ նրանց զարկեց կուրությամբ Եղիսեի խոսքի համեմատ: Եվ Եղիսեն ասաց նրանց. «Ճանապարհը այս չէ և քաղաքը այս չէ, իմ հետևից եկեք, և ձեզ  կտանեմ այն մարդու մոտ, որին դուք որոնում եք» (4 Թագ.6:16-19): Եվ նրանց տարավ մինչև Սամարիա, ուր հավաքված էր Իսրայելի բանակը և սպասում էր:

32 Աստվածաշունչն ասում է. «Նրանց զարկեց կուրությամբ»: Այսօր մարդիկ հոգևոր իմաստով այնքան են կուրացել, որ անկարող են տեսնել, որ Աստված գործում է Իր ժողովրդի մեջ և անում այն, ինչ խոստացել էր: Մեր օրերում էլ են նույնն անում: Աստված նրանց զարկել է կուրությամբ, որովհետև ասում են. «Այլևս հրաշքներ չկան, դրանք կրոնական էմոցիաներ են»: Նույն խոսքերն ասում էին Եղիայի մասին: Երբ նա հափշտակվեց, Եղիսեն նրան փոխարինեց, և արդեն երիտասարդ տարիքում ճաղատացել  էր: Երեխաները վազում էին նրա հետևից և գոռում. «Ծեր ճաղատ, ինչու՞ երկինք չգնացիր Եղիայի հետ»: Տեսնում ենք, որ նրանք սկզբից էլ չէին հավատացել այդ իրադարձությանը: Թեև ականատես էին եղել Աստծո այդ մեծ մարդու ծառայության միջոցով կատարված արտասովոր բաներին, երբ նա հափշտակվեց, նրանք անհավատ մնացին: Եվ ահա նրանց թոռները վազում էին այդ մարդու հետևից և ծաղրում ասելով. «Ծեր ճաղատ, ինչու՞ դու չգնացիր»: Մարգարեն անիծեց երեխաներին, և երկու արջ սպանեցին նրանցից քառասուներկուսին:

33 Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, իրենց ձևով են մեկնում Աստծո Խոսքը: Ոչ միայն նրանք են այդ անում, այլև փորձում են մեզ էլ համոզել: Աստվածաշունչն ասում է, որ Աստծո Խոսքը ենթակա չէ հատուկ մեկնության (2 Պետր.1:20,21), որովհետև Աստված Իր իսկ մեկնաբանն է: Աստված հաստատում է Իր Խոսքը. այդպես է Նա այն մեկնաբանում

34 Ինչպես հաճախ կրկնել եմ, սկզբում Աստված ասաց. «Թող լույս լինի» և լույս եղավ: Ոչ մի մեկնություն պետք չէր, Խոսքն այն իրականացրեց: Նա ասաց. «Կույսը կհղիանա», և այդպես եղավ: Նա ասաց. «Իմ Հոգին կթափեմ» և այդպես էլ արեց: Նա ասել է նաև այն բաների մասին, որ կատարելու է վերջին ժամանակներում և կատարում է: Ի՞նչ մեկնության կարիք կա: Աստված Իր իսկ մեկնաբանն է: Մարդիկ կարող են ամենամեծ անմտություններն ասել, բայց դա բոլորովին էլ չի կարող կանգնեցնել Աստծուն: Երբ Հիսուսը երկրի վրա էր, կանգնած էր այնպիսի անհավատության դեմ, ինչպիսին կա նաև այսօր, գուցե ավելին: Բայց դա չկանգնեցրեց նրան: Նա հարատևեց և կատարեց Իր առաջադրանքը, իսկ Աստված հաստատում էր Նրա գործերից յուրաքանչյուրը:

 35 Նա ասաց. «Ես մենակ չեմ, այլ ես և ՀայրըՆա բնակվում է իմ մեջ: Ես չեմ անում այս գործերը, այլ Հայրը, որ իմ մեջ է: Եթե ես Նրա գործերը չեմ անում, ինձ մի’  հավատացեքԻսկ եթե անում եմ այդ գործերը, եթե ինձ էլ չեք հավատում, գոնե գործերին հավատացեք»: Նա պատվիրեց  քննել Սուրբ Գիրքը, որովհետև Նրանով ունենք հավիտենական կյանք: «Սուրբ Գիրքն իմ մասին է վկայում» (Հովհ. 5:39): Ինչպիսի~ հայտարարություն: Սուրբ Գիրքն է ասում, որ Ես եմ,— ասաց Հիսուսը: Նաև Սուրբ Գիրքն է ցույց տալիս այն ժամը, որում ապրում ենք և այն գործերը, որոնք կատարվում են ձեր աչքերի առջևԱստված Ինքը Իր ժողովրդի մեջ է: Աստծուց բացի ոչ ոք չի կարող մեռելներին հարություն տալ: Աստծուց բացի ոչ ոք չի կարող անել այն, ինչ Նա է հիմա անում: Աստվածաշունչն ասում է. «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր.13:8):

36 Մենք տեսնում ենք ժամանակակից միտումները նրանց, ովքեր ասում են. «Հրաշքների ժամանակներն անցել են. այս մարդիկ ուղղակի հուզված են և էմոցիաների ազդեցության տակ»: Լսեք Եղիա մարգարեին, որը  խստորեն դիմեց նրանց՝ դեմ կանգնելով նրանց աստվածաբանությանը: Եղիան խոսում էր Աստծո պես. «Նույնիսկ ցող չի իջնի երկնքից, եթե ոչ իմ խոսքով»: Այո’, մարգարեն այնքան երկար մնաց Աստծո ներկայության մեջՀին Կտակարանի մարգարեները և բոլոր մյուս ժամանակների մարգարեները ապրում էին Աստծո ներկայության մեջ այնքան, մինչև իրենք էլ դառնային Խոսքը: Նրանց պատգամը Խոսքն է: Հիշեք, նրանք հաղորդում են «Այսպես է ասում Տերը» խոսքը:

37 Աստծուց էին այդ մարդիկ իրենց պատգամը ստացել: Գուցե այդ պատգամը հակառակ էր իրենց սեփական մտքերին կամ գուցե լիովին չէին հասկանում, բայց հաղորդում էին այն և բառացիորեն կրկնում Աստծո Խոսքը: «Այսպես է ասում Տերը. ոչ ցող, ոչ անձրև չի լինի, եթե ոչ իմ խոսքով»:  Ոհ, ինչպիսի հայտարարություն: Եղիան կանգնել էր Աստծո ներկայության մեջ, և նրա խոսքը լիովին  հաստատվեց: Ամովս 3:7 համարում ասվում է. «Որովհետև Տեր Եհովան ոչ մի բան չի անում եթե չհայտնի Իր խորհուրդը Իր ծառաներին՝ մարգարեներին»:

38 Սկզբում մարդիկ ծաղրում էին նրանՆրանք ասում էին. «Նա խելագար է, ֆանատիկ է»: Բայց նա ուներ «Այսպես է ասում Տերը» խոսքը, դրա համար էլ անձրև չէր գալիս: Աստված հայտնել էր այդ Իր ծառա Եղիային: Քանի որ Աստված այդպես հաստատել էր մարգարեի ծառայությունը, ժողովուրդը պետք է հավատար նրան և ապաշխարերԲայց հակառակը, մարդիկ ծաղրում էին նրան և ասում. «Ոհ, մենք բավական անձրևաջուր ունենք, ջրամբարները լցված են, գետերը հոսում են առատորեն»: Բայց Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ նույնիսկ ցող չեղավ երեք տարի և  վեց ամիս շարունակ: Ոչ մի տեղ ջրի շիթ չկար: Ոչ թե մարդը, այլ Աստված էր խոսել այդ մարդու միջոցով: Այսպիսով, երբ մարդ գալիս է Աստծո կողմից, ընտրված է Աստծուց և ունի իսկական «Այսպես է ասում Տերը» խոսքը, պատգամաբերն ու պատգամը մեկ են դառնում: Նա ուղարկվել էր բառացիորեն կրկնելու «Այսպես է ասում Տերը» խոսքը: Դրա համար մարգարեն և նրա  պատգամը  մեկ են:

39 Եթե մի մարդ քրիստոնեական հարանվանության անդամ է և սերտորեն կապված է դրա հետ, նա և իր եկեղեցին մեկ են: Մի աստվածաբան, որի աստվածաբանությունը սերտորեն կապված է որևէ հարանվանության հետ, նա էլ է մեկ դառնում իր պատգամի հետ: Եկեղեցին, նրա աստվածաբանությունը և նրա աստվածաբանները մեկ են. սա տրամաբանական է: Երբ Եղիան եկավ «Այսպես է ասում Տերը» խոսքով, նա և իր պատգամը մեկ էին: Երբ Հիսուսը եկավ, Նա Խոսքն էր (Հովհ. 1:1 և 14): Այսպիսով, Աստծո Խոսքը և տվյալ ժամանակաշրջանի համար ուղարկված պատգամաբերը միշտ մեկ են: Դա ճիշտ է: Հիսուսը քարոզված Խոսքն էր: Նրա մասին էին հաղորդել մարգարեները. կույսը կհղիանա և որդի կծնի: Արդեն Ծննդոց գրքի սկզբում Աստված ասում է, որ կնոջ սերունդը կջախջախի օձի գլուխը, և օձը կխայթի նրա գարշապարը (Ծննդ. 3:15): Դավիթը և բոլոր մարգարեները խոսեցին Նրա մասին և ազդարարեցին Նրա մասին դարերի ընթացքում: Նա բացահայտված Խոսքն էր:

40 Հասկանու՞մ եք, թե ուր եմ ուզում հասնել: Այս առավոտ պարզ խոսեցի ձեզ հետ: Տեսնու՞մ եք կենդանի Աստծո իշխանությունը կենդանի Եկեղեցում՝ Հարսի մեջ: Հիվանդները բժշկվում են, մեռելները հարություն առնում, կաղերը քայլում և կույրերը տեսնում: Ավետարանը առաջ է շարժվում զորությամբ, որովհետև պատգամը և պատգամաբերը մեկ են: Խոսքը եկեղեցու մեջ է, մարդու մեջ: Աստծո Խոսքը Եղիայի մեջ էր, երբ նա բարձրացավ թագավորի մոտ և ասաց. «Այսպես է ասում Տերը. անձրև չի գալու»: Եղիան չէր, այլ Աստված Եղիայի մեջ:

41 Հաճախ պատմել եմ «Քրիստոնեական գիտությանը» պատկանող մի կնոջ մասին, որն ինձ ասաց.

—— Պարոն Բրանհամ, դուք չափազանց մեծ կարևորություն եք տալիս Հիսուսին:

Ես ասացի.

—— Հուսով եմ, դա միակ բանն է, որի համար պատասխան պետք է տամ:

Նա պատասխանեց.

—— Դուք փորձում եք նրան աստվածացնել:

Ես պատասխանեցի.

—— Նա իրոք աստվածային էր:

Իսկ նա ասաց.

—— Ոհ, նա մարգարե էր, լավ մարդ էր, բայց աստվածային չէր:

Լավ, — ասացի ես,— ցույց տվեք ինձ սուրբգրային մի հատված, որն ասում է, որ Նա Աստված չէր:

Նա պատասխանեց.

—— Հովհաննեսի ավետարանում գրված է, որ նա լաց եղավ Ղազարոսի գերեզմանի մոտ:

Ես նրան ասացի.

—— Անշուշտ, Նա լաց եղավ: Նա միաժամանակ մարդ էր և Աստված: Նա մարդ էր գերեզմանի մոտ լաց լինելիս, բայց պետք է Աստված լիներ մեռածին հարություն տալու համար: Նա մարդ էր, երբ սովից տանջվում էր, բայց Աստված էր, երբ հինգ հացով և երկու ձկով կերակրեց հինգ հազար հոգու: Նա մարդ էր, երբ քնեց նավի մեջ, բայց Աստված էր, երբ դադարեցրեց փոթորիկը: Ինչու՞: Որովհետև Նա և Իր պատգամը մեկ էին: Նա ասաց. «Ես և Հայրը մեկ ենք: Հայրը բնակվում  է  իմ  մեջ»: Նրա մեջ էր բնակվում աստվածության ողջ լեցունությունը մարմնապես:

42 Մի օր, Եկեղեցու յոթ շրջանները քարոզելիս մի ցնցող բան նկատեցի: Սկզբում չէի հասկանում, որ խոսքը Հիսուսի մասին էր, երբ ասվում էր. «Նրա մազերը սպիտակ բրդի պես էին»: Ես չէի հասկանում, թե ինչպես 33 տարեկան մարդը կարող է ձյան պես սպիտակ մազեր ունենալ: Ես դիմեցի մի հոգեգալստական աստվածաբանի, որը խելացի մարդ է և  սիրելի  բարեկամ: Նա ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, դա փառավորված Հիսուսն է: Այդպիսին պետք է լինի Նրա տեսքը փառավորվելուց հետո»: Ես դեռևս համոզված չէի: Մտա իմ սենյակը Աստծո հետ խոսելու համար: Համաբարբառի մեջ հանդիպեցի Դանիելի գրքի մի հատվածի, որտեղ ասվում էր. «… և Հինավուրցը նստեց. նրա հագուստը ձյունի պես սպիտակ և նրա գլխի մազը մաքուր ասրի պես» (Դան. 7:9):  Ես ասացի. «Տեր, չգիտեմ ինչ ասել, բայց պատասխանատվություն ունեմ»: Մեկ կամ մեկ տարուց ավելի անցան, մինչև յոթ կնիքները բացահայտվեցին: Ես աղոթում էի. «Տեր, ի՞նչ է սա»: Ես նայեցի, և ահա մի մարդ էր կանգնած իմ առջև: Նա դատավոր էր և սպիտակ կեղծամ էր կրում: Նախկինում դատավորները սպիտակ կեղծամ էին կրում՝ որպես գերագույն իշխանության նշան: Այսպիսով, սպիտակ մազերով Հիսուսի տեսիլքը հաստատեց այն ճշմարտությունը, որ բոլորս գիտենք. Նա գերագույն իշխանությունն է: Աստված նույն բանը հաստատեց Այլակերպության լեռան վրա, երբ ասաց. «Դա է Իմ սիրելի Որդին, Նրան լսեք»: Նա գերագույն իշխանությունն է:

43 Անդրադառնանք այն ժամանակաշրջանին, երբ յոթ կնիքների պատգամը դեռ չէր տրվել: Երբ հայտնվեց ամպը և յոթ հրեշտակները իջան բուրգի տեսքով, ինձ ասվեց վերադառնալ Ջեֆերսոնվիլ և քարոզել յոթ կնիքների վերաբերյալ: Նա ինձ վստահեցրեց, որ ինձ հետ կլինի և ցույց կտա, թե ինչ են նշանակում բոլոր այն  բաները, որ մոռացվել են

44 Ես միշտ կարծում էի, որ այն, ինչ կնքված էր Գրքի հակառակ կողմում, գրված չէր Գրքում: Բայց երբ դա բացահայտվեց, Նա ինձ հասկացրեց, որ այդպես չէր կարող լինել: Դա լրացուցիչ գրվածք չէ, որ չկա Գրքում, այլ այն, ինչ թաքնված է եղել Գրքի մեջ: Եթե մեկը այս գրքի մարգարեության խոսքերից մի բան պակասեցնի, Աստված կպակասեցնի նրա բաժինը Կյանքի ծառից, իսկ եթե մեկը այս Գրքին մի բան ավելացնի, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս Գրքում (Հայտն.22:18,19): Ուրեմն խոսքը մի խորհրդի մասին է, որը Գրքի մեջ էր եկեղեցու յոթ շրջանների ընթացքում: Ամեն կնիքը մեկ խորհուրդ է բացահայտում, օրինակ, ջրի մկրտության և այլ բաների վերաբերյալ, որ Եկեղեցին այսքան երկար ժամանակ փորձել է սխալ բացատրել:

45 Երբ ամպը բարձրացավ, Կալիֆոռնիայի, Մեխիկոյի  և Թուսոնի դիտարանները լուսանկարեցին այդ խորհրդավոր երևույթը: Ֆրեդ Սոտման եղբայրը, Ջին Նորման եղբայրը և ես ներկա էինք, երբ ամպը բարձրացավ: Նրանք լուսանկարեցին, բայց չգիտեին, թե դա ինչ էր: Ոմանք ասում էին, որ ամպը նման է այս բանին կամ այն բանին և կարծում էին, որ տեսնում են հրեշտակների ծալված թևերը:

46 Բայց երբ նայում էի նկարը, մի քիչ աջ թեքեցի և իմ առջև տեսա Քրիստոսի դիմանկարը, որ նկարել էր Հոֆմանը: Նրան տեսնում էին սպիտակ կեղծամով, հայացքն ուղղած դեպի երկիր, այդպիսով ցույց տալով, որ Նա է գերագույն իշխանությունը: Երկինքը, Աստվածաշունչը, պատգամը՝ բոլորը միասին հռչակում են, որ Նա է գերագույն իշխանությունը: Ձեզանից շատերը տեսել են այդ նկարը, այնքան կատարյալ է, կարծես լուսանկար լինի: Երբ առաջին անգամ Նրան տեսա, Նա այնպիսին էր, ինչպես Հոֆմանի նկարում, որը ես նախկինում չէի տեսել: Շատ տարիներ հետո տեսա այդ նկարը Բիլլի Սանդիի խորանում: Այն օրվանից այդ նկարներից մեկը միշտ փակցված է իմ տանը:

47 Եվ ահա նորից երկնքում հայտնվեց նույն Աստվածը, ում տեսել էի դեռ փոքր ժամանակ: Ես այդ տեսիլքը դրսում տեսա, այն դաշտում, ուր հիմա դպրոցի շենքն է: 33 տարի հետո Նա երկնքում հաստատում է, որ դա ճշմարտությունն է: Այդպիսին է Նրա կերպարանքը:

48 Դա ինչ-որ մեկի գաղափարի միստիկական պատկերացումը չէ, օրինակ Վատիկանում եղած նկարի պես: Նրանք մի նկար ունեն, որը իբր թե ներկայացնում է Քրիստոսին. «Նրան» պատկերել են կզակի շուրջ եղած մեկ սանտիմետր երկարությամբ փոքր մորուքով, որը հասնում է մինչև բերանի ծայրերը: Եվ ասում են, որ դա Քրիստոսի նկարն է:

49 Դա ինձ հիշեցրեց այն, ինչ մի օր տեսա մի  հին տաճարում. մի հույն նկարիչ նկարել էր Ադամին և Եվային և նրանց ինչ-որ գազանային տեսք էր տվել. այդպես է մարմնավոր միտքը հասկանում հոգևոր բաները: Ես կարծում եմ, որ Ադամը եղել է երբևէ ապրած տղամարդկանցից ամենագեղեցիկը, և Եվան կատարյալ է եղել ամեն տեսանկյունից: Մարմնավոր միտքը ամեն բան փաթաթում է իր սեփական գաղափարների մեջ, բայց Աստված մեզ ուղարկում է ճշմարտությունը և բացահայտում այն զորությամբ: Նույնը կատարվում էր Աքաբի օրերում:

50 Այժմ հասկացանք, թե ինչու Եղիան կարող էր նախօրոք ասել, թե ինչ էր կատարվելու: Ճիշտ ժամանակին տրված պատգամը (Աստծո Խոսքըև պատգամաբերը, ավելի  ճիշտ՝ պատգամաբերը, պատգամը և Խոսքը լիովին նման էին: Մարգարեն, Խոսքը, Պատգամը: Հիսուսն ասաց. «Եթե ես չեմ կատարում այն, ինչ գրված է Իմ մասին, մի հավատացեք Ինձ»: Մարդը և իր պատգամը մեկ են:

51 Եվ այսօր եթե Աստծո գործերի իրականացմանը չեն հավատում, պատճառն այն է, որ Աստծո պատգամը չեն ընդունում: Նրանք չեն հավատում պատգամին: Բայց նրանց համար, ովքեր հավատում են այս ժամանակի համար տրված պատգամին, այս բաները «պահված կերակուր» են:

 52 Տեսեք, թե Աստված ինչպես է թաքցրել այդ, որ նայելով չեն տեսնում: Ինչպես Եղիսեն կուրությամբ զարկեց ասորական բանակը, այնպես էլ Աստված է կուրացնում անհավատներինև նրանք չեն տեսնում հավատացյալների իսկական և ճշմարիտ կերակուրը:

53 Նոյին ֆանատիկ էին համարում, որովհետև տապան էր կառուցում: Բայց նրա աչքերը բաց էին Աստծո Խոսքի և խոստումի համար: Այն, ինչ նրանք ֆանատիզմ էին համարում, դարձավ նրա ընտանիքի փրկության պատճառը: Այն բաները, որ մարդիկ ծաղրում են, մեզ համար փառավոր են: Այն, ինչ նրանք անմիտ են համարում, մեզ համար փառավոր է: Այն, ինչ աշխարհը մեծ է համարում, Աստված համարում է անմիտ և հակառակը: Դա ճշմարիտի և կեղծի հակադրությունն է: Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան:

54 Հիշեք, որ Եղիան այդ գաղտնի վայրը եկավ Աստծո ծրագրի համաձայն, Աստծո կանչով և Աստծո Խոսքի հետ ներդաշնակության մեջ: Ահա թե ինչու Աստված Իր կանխագիտությամբ և Իր Խոսքի համաձայն նրան ուղղեց իր կյանքի կոչումը: Եթե մենք այդ ճանապարհով չենք մտել, չգիտեմ, թե ինչպես կհասնենք այնտեղ: Նկատենք, որ երաշտը սկսելուց առաջ Եղիան եկավ այս գաղտնի վայրը իր կյանքը փրկելու համար: Այստեղ ունենք խորհրդապատկերը Եկեղեցու, որը դուրս է կանչվում մինչև դատաստանը կհասնի երկրին. Հարսն արդեն ընտրված է  և պարզապես սպասում է, իսկ հետո կսկսվի դատաստանըՆա արդեն սպասում է՝ ուտելով Աստծո տված կերակուրը և ուրախանալով Նրա օրհնություններով: Ամեն ողջամիտ մարդ գիտակցում է, որ արդեն հասնում ենք այդ ժամանակին: Արդեն դատաստանի ժամն է:

55 Այս առավոտ Բենքս Վուդ եղբայրը և ուրիշներ սարի վրա էին: Աստծո կամքով ավելի երկար կպատմեմ այդ մասին եկող կիրակի: Մի մեծ հայտնություն է ինձ տրվել, և հազիվ եմ ինձ զսպում, որ այս երեկո չպատմեմ: Անընդհատ Նա ինձ մի բան էր ցույց տալիս, հետո՝ մեկ ուրիշ բան, առանց դադարի և «Այսպես է ասում Տերը» խոսքի իշխանությամբ:

56 Ձայներիզների վրա լսել եք, որ հազարավոր անգամներ ասել եմ «Այսպես է ասում Տերը. այս կամ այն բանը կկատարվի», և նույնիսկ օրաթերթերն ու ամսագրերն են այդ հաստատել: Նրանք չեն հասկանում, թե ինչ է այդ, բայց տեսել են: Նրանք չգիտեն, թե դա ինչ է, բայց տեսան, որ կատարվեց: Ասված խոսքը կատարելապես արտահայտում էր ճշմարտությունը:

57 Երբ կանգնած էինք գետափին, 1933 թվականի այն օրը, Տիրոջ հրեշատակը եկավ և ասաց, թե ինչ է կատարվելու: Գետափին կանգնածներից շատերը հարցնում էին. «Ի՞նչ է նշանակում սա, Բիլլի»: Ես պատասխանեցի. «Սա ինձ համար չէ,այլ ձեզ: Ես հավատում եմ, դուք չեք հավատում»: Ես պարզապես որոշել էի առաջ շարժվել: Մի հովիվ ինձ ասաց. «Դու, քո յոթամյա կրթությամբ, պատկերացնում ես, որ կգնա՞ս  երկրով մեկ և կաղոթես միապետների, տիրակալների և թագավորների համար: Մոռացիր այդ մասին»: Բայց ես չէի կարող մոռանալ: Դա գրված էր իմ սրտում: Եվ 33 տարի հետո այդ ամենը կատարվեց Նրա Խոսքի համաձայն: Նա Աստված է և չի կարող սխալվել: Նա հավատարիմ է Իր Խոսքին, երբեք չկասկածեք:

58 Հիմա գիտենք, որ դատաստանը մոտ է: Քիչ առաջ պատմում էի այն օրվա մասին, երբ բարձրանում էինք սարը Բենքս Վուդ եղբոր հետ, որը իր կնոջը հիվանդ թողել էր տանը: Երբ նա գալիս էր իմ հետևից, նկատեցի, որ նրա դեմքը ավելի ու ավելի էր կարմրում, և մտածեցի, որ գուցե դժվարանում է բլուրը բարձրանալիս: Սկսեցի դանդաղ գնալ: Ես ճանաչեցի այդ ամայի բլուրները, որտեղ ինձ հայտնվել էին Տիրոջ հրեշտակները, և մենք առաջ էինք գնում այդ ուղղությամբ: Հասնելով բլրի գագաթին՝ նայեցի շուրջս: Այդ ժամանակ Աստծո Հոգին ինձ ասաց. «Վերցրու այս քարը և ասա քո ուղեկցին. «Այսպես է ասում Տերը. մոտակա ժամերին կտեսնես Աստծո փառքը»: Ես վերցրի քարը և ասացի. «Բենքս եղբայր, չգիտեմ, թե ինչու,— և քարը օդ նետելով շարունակեցի, —այսպես է ասում Տերը. դու կտեսնես Աստծո փառքը»:

59 Շատ մարդիկ կային մեզ հետ հաջորդ առավոտ (մի քանիսը այս երեկո մեզ հետ այստեղ են): Նրանից մեկը, մի հովիվ, վեր կացավ և ինձ մոտենալով՝ ասաց. «Բրանհամ եղբայր, անունս Դուգլաս Մակհյուզ է: Կալիֆոռնիայում քո օգնականներից եմ եղել»: Ես սեղմեցի նրա ձեռքը, և նա ասաց. «Ուզում եմ քեզ մի բան հարցնել: Տերը քեզ այստե՞ղ էլ է տեսիլքներ տալիս»: «Այո’, եղբայրս,— ասացի,— բայց այստեղ եկել եմ մի քիչ հանգստանալու»: Բայց շրջվելով տեսիլքի մեջ տեսա մի բժշկի, որը նստած զննում էր նրա աչքերը և ասում. «Հովիվ Մակհյուզ, ձեր աչքում եղած ալերգիայի պատճառով կկորցնեք  այս աչքի տեսողությունը: Ես ձեզ բուժել եմ երկու տարի: Այլևս ոչինչ չեմ կարող ձեզ համար անել»:

60 Ես շրջվեցի նրա կողմը և ասացի. «Դու ուզում էիր ինձ հարցնել քո աչքում եղած ալերգիայի մասին, որի մասին բժիշկը քեզ ասաց այն օրը»: Առավոտյան ժամը տասնմեկն էր, և նա արևային ակնոցով էր: «Դու արևի պատճառով չես մուգ ակնոց կրում, այլ քո աչքի պատճառով, որովհետև բժիշկը հաստատել է, որ կորցնելու ես տեսողությունդ»: Նա պատասխանեց. «Դա ճիշտ է» և սկսեց լաց լինել: Երբ շրջվեցի գնալու, տեսա (նորից տեսիլքում), որ նա կանգնած է իմ առջև և բոլորովին պարզ հայացքով նայում է ինձ: Այդ ժամանակ ասացի. «Այսպես է ասում Տերը. դու չես կորցնի տեսողությունդ»: Այս աշնանը որսորդության էի գնացել նրա հետ, և նա ինձանից էլ, ուրիշներից էլ լավ էր տեսնում:

61 Հետո մեկ ուրիշ տեսիլք հայտնվեց, և ես տեսա մի ծեր կնոջ, որը հանում է գուլպաները և շրջազգեստի փեշը բարձրացնելով՝ ասում. «Որդիս, եթե տեսնես Բրանհամ եղբորը, ասա, որ իմ ոտքերի համար աղոթի»: Ես տեսա, որ նրա ոտքերը պատված են փոքր ուռուցքներով: Ես ասացի. «Մայրդ սպիտակ մազերով կին է: Քո գնալուց առաջ ասաց, որ եթե ինձ տեսնես, խնդրես աղոթել իր ոտքերի համար. դրանք ծածկված են մանր ուռուցքներով»: Քիչ էր մնում ուշաթափվեր և ասաց. «Դա ճիշտ է»: Ես ասացի. «Ասա, որ այլևս չանհանգստանա, ամեն ինչ լավ կլինի»:

62 Ես պատրաստվում էի  գնալ, երբ լսեցի Աստծո ձայնը. «Արագ  դուրս արի ճանապարհից»: Ռոյ Ռոբերսոնն այնտեղ էր, և ես գիտեի, որ նա պատերազմի վետերան է: Ես ձեռքս դրի նրա ուսին և ասացի. «Ռոյ եղբայր, թաքնվիր հնարավորին չափ արագ»:  Նա ասաց. «Ի՞նչ է կատարվում»: Ես ասացի. «Արագ դուրս արի ճանապարհից և թաքնվիր»: Մինչ նա փախչում էր, ես դրեցի բահը, որն օգտագործում էի, հետո նորից շրջվեցիհանեցի գլխարկս և ահա. Նա եկավ: Աստծո փառքը իջավ պտտահողմի մեջ, որը սարի կողքի ժայռից մեծ կտոր պոկեց: Դա պայթյունից առաջացած քամու հոսանքի պես էր, և այն վայրը, ուր գտնվում էի, ցնցվեց: Պոկված քարերի կույտը կտրեց թփուտների ծայրերը, որոնք պտտվում էին իմ գլխավերևում,  3-5 ոտնաչափ բարձրության վրա: Այնուհետև պտտահողմը բարձրացավ ձագարի նման, հետո նույն պայթյունը լսվեց, և դա կրկնվեց երեք անգամ: Երբ երկրաշարժը դադարեց, երրորդ  անգամից հետո Բենքս եղբայրը եկավ ինձ մոտ և ասաց. «Սրա՞ մասին էիր ինձ ասում»: «Այո»,—ասացի նրան: «Ի՞նչ էր սա»,— հարցրեց ինձ: Ես նրան պատասխանեցի. «Աստված հայտնվում է պտտահողմի մեջ»: Ես չգիտեի, թե արդյոք Աստծո կամքն է, որ այդ մասին պատմեմ մարդկանց: Ես մի պահ աղոթեցի, և Աստված թույլ տվեցԵս ավելացրի. «Դա դատաստանն է, որ հարվածում է արևմտյան ափը»: Տեսեք, թե ինչ կատարվեց այդ իրադարձությունից մի քանի ժամ հետո. Ալյասկան սարսափելի կերպով ցնցվեց, և ողջ ափը դատապարտված է ջրի տակ սուզվելու: Մենք հասնում ենք դատաստանին: Մարդիկ մերժել են շնորհքը: Բայց, փառք Աստծուն, մենք ունենք պահված կերակուրը, հոգևոր կերակուրը: Մենք ապրում ենք Հիսուս Քրիստոսի բարության, ողորմության և հայտնության մեջ, որը վերջին օրերում դրսևորվում է Նրա ժողովրդի մեջ:

63 Եղիան հեռացավ մինչև երաշտի սկսելը: Փառք Աստծուն, մենք էլ կհափշտակվենք մինչև դատաստանի սկսվելըՀիմա դուրս գալու և մտնելու ժամանակն է. կազմակերպություններից դուրս գալու և Հիսուս Քրիստոսի մեջ մտնելու: Դուրս գալու և մտնելու ժամանակն է  բոլոր ճշմարիտ հավատացյալների համար:

64 Հիշեք, որ Եղիան չլքեց իր հեղեղատը, մինչև Աստված կանչեց իրեն, երբ երաշտը հասնում էր իր ավարտին: Այնտեղից Աստված նրան առաջնորդեց մի այրու տուն: Այն կինը չէր միաբանվել անհավատների հետ, որոնք երաշտի ժամանակ ընդունեցին գազանի դրոշմը: Այսպես, Աստված կանչեց Եղիային՝ այդ այրուն օգնելու համար: Նրան մնացել էր միայն մի բուռ ալյուր սափորում և մի քիչ յուղ կուժի մեջ: Նա մտադիր էր մի փոքրիկ նկանակ պատրաստել, որը նրան թույլ կտար գոյատևել մի կարճ ժամանակ: Եղիան նրան ասաց. «Առաջ  ինձ տուր այն, ինչ պատրաստելու ես, որովհետև սափորից ալյուրը պիտի չվերջանա, և կուժից յուղը չի պակասի, մինչև այն օրը, երբ Տերը անձրև տա երկրի վրա» (3 Թագ.17:13,14): Այսպես Աստված և  Նրա Խոսքը դրվեցին առաջին տեղում:

65 Նկատենք, որ ալյուր կար սափորում և յուղ՝ կուժի մեջ ամեն անգամ, երբ նա գնում էր բերելու: Ինչու՞: Ալյուրը խորհրդապատկերն է Քրիստոսի, որ ընծայվեց մեզ կերակրելու համար: Ինչպես, որ բոլոր հատիկները աղվում են նույն ձևով՝ ալյուր դառնալու համար, այնպես էլ Տերը բոլոր ժամանակաշրջաններում հայտնվում է որպես նույնը երեկ, այսօր և հավիտյան: ԽոսքըԿյանքի Խոսքը հետևեց Պատգամին, Խոսքը հաստատելու համար: Այսօր էլ այդպես է, բարեկամներս: Կյանքի Հացը, որ երեխաներն ուտում են, հետևում է Աստծո պատգամին, որպեսզի նրանց զորացնի երաշտի ժամանակ:

66 Ի՞նչ կաներ Հիսուսը, եթե հիմա այստեղ լիներ և կանգներ ձեր առջև: Նա կգործեր նույն կերպ և կաներ նույն բաները, ինչ որ անում էր մարմնով երկրի վրա եղած ժամանակ: Հարսը Փեսայի մի մասն է, Եկեղեցին նման է Քրիստոսին: Նա մեզ խոստացել է. «Այն գործերը, որ ես եմ անում, դուք էլ կանեք»: Եվ Խոսքն է դրանք իրականացնում: Նորից նկատենք, որ եթե Խոսքը մեր մեջ է և հասել է մեզ, այնպես ինչպես Եղիայի ժամանակ էր, ուրեմն այն նույն բաները, որ նա արել է, կիրականանան մեզ համար: Նրանք կուտեն աշխարհի աչքերից ծածկված այդ կերակուրը: Այստեղ էլ տեսնում ենք, որ պատգամն ու պատգամաբերը մեկ են: Հոգևոր կերակուրը պատրաստ է, և հիմա ճիշտ ժամանակն է: Ձեզանից յուրաքանչյուրը, եթե ուզենա, կարող է ստանալ այդ կերակուրը, եթե միայն վճռել եք հեռանալ ամեն անհավատությունից հենց այս ժամին և պատրաստ եք գալ ՔրիստոսինԻր խոստումին: Ըստ Մաղաք. 4:5-6, Ղուկ.7:30, Հովհ.14:12 և Հովել 2:28 համարների, մենք տեսնում ենք այն ամենը, ինչ Նա անելու է վերջին ժամանակներում:

67 «…և երեկոյան ժամանակը լույս կլինի» (Զաք. 14:7): Այստեղ մարգարեն հայտնում է, թե ինչ է լինելու և ինչպես: Բոլոր այս սուրբգրային հատվածները ցույց են տալիս վերջին ժամանակները, այսինքն՝ Քրիստոսին: Եթե դուք կարող եք հիմա թաքնվել այս գաղտնի վայրում, կուտեք և կտեսնեք Աստծո ողորմությունն ու շնորհքը: Եթե դուք հիվանդ եք, Նրա մեջ է գտնվում նաև բժշկությունը: Հիշեք, այն բանից հետո, երբ Եղիան ընդունեց հացի ընծան, որը Քրիստոսի խորհրդապատկերն է, և որով պահեց այրու տունը, նա խնդրեց, որ երկնքից կրակ իջնի: Աստված, պատասխանելով Իր մարգարեին, ապացուցեց, որ Իր Հոգին հանգչում է նրա վրա: Անապատում, երբ նա պառկած էր գիհու տակ, հրեշտակը նրան բերեց նույն կերակուրը:

68 Նա նրա համար նկանակ պատրաստեց և կերակրեց նրանՀետո Եղիան նորից քնեց: Հետո հրեշտակը նրան նորից արթնացրեց և ստիպեց ուտել իր համար թխված այդ նկանակը: Գրված է, որ այդ նկանակը նրան ուժ տվեց քառասուն օրվա ընթացքում: Փառք Աստծուն: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Ոհ, ինչքա~ն ենք Նրան սիրում: Հոգևոր կերակուրը ճիշտ ժամանակին

69 «Լավ չէ երեխաների հացն առնել ու շներին գցել» (Մատթ.15:26): Մի՞թե Հիսուսն այս խոսքերը չասաց քանանացի կնոջը: Նա ուղարկվել էր Իրենների մոտ: Նա չէր եկել հեթանոսների համար: Բայց հիմա այցելում է հեթանոսներին իրենց ժամանակում: Դուք հարցնում եք. «Ինչու՞ այս պատգամը չի քարոզվում մեծ հավաքույթների, ավետարանչական մեծ արշավների ժամանակ, ինչպես նաև հարանվանություններում»: Այն պարզ պատճառով, որ դա նրանց կերակուրը չէ: Դա այսպես կոչված եկեղեցու կերակուրը չէ, սա հարսի կերակուրն է: Սա հոգևոր կերակուրն է հարմար ժամանակի համար: Եկեղեցին մարսողության խանգարում կունենար, այս կերակուրը չափազանց սննդարար է նրանց համար: Բայց երեխաների համար սա Հացն է, Կյանքն է, Հիսուս Քրիստոսն է, որ նույնն է  երեկ, այսօր և հավիտյան: Որպեսզի չափազանց ուշ չվերջացնենք, սկսենք աղոթել հիվանդների համար: Մի պահ խոնարհենք մեր գլուխները:

70 Աղոթք. Ով Աստված, ճիշտ ժամանակի համար տրված կերակուրը, հոգևոր կերակուրը, այն բաները, որոնց մասին աշխարհը ոչինչ չգիտի: Այնտեղ, Սամարիայում, որտեղ Եղիան ասել էր. «Ցողն էլ չի իջնի, եթե ոչ Իմ Խոսքով», կանգնած էր Հիսուսը: Նրա աշակերտները հարցրին Իրեն. «Վարդապետ, ինչու՞ չես ուտում»: Նա պատասխանեց. «Ես կերակուր ունեմ ուտելու, որ դուք չգիտեք»: Իսկապես, Տեր, Քո կերակուրը Աստծո կամքը կատարելն էր, հսկել, որ Աստծո գործերը կատարվեն ժամանակին: Նա այնտեղ էր, որ հսկեր դրանց իրագործումը: «Ես ոչինչ չեմ անում, այլ միայն այն, ինչ Հայրն է ինձ ցույց տալիս, և ինչ, որ Հայրն է ցույց տալիս, այն եմ անում»: Հայր, այսօր էլ նույնն է: Եկեղեցին, ճշմարիտ հավատացյալները, հավատացյալների Մարմինը սնվում է այն կերակուրով, հոգևոր կերակուրով, որի մասին  քրիստոնյա կոչվածները ոչինչ չգիտեն: Աշխարհը անտեսում է այս կերակուրը, Հայր: Բայց Քո Եկեղեցին, Քո ժողովուրդը, Քո Որդու Հարսը սիրում է այն: Մենք ունենք մեր մարմինների բժշկությունը, երբ բժիշկներն անզոր են, և դա այն ուտելիքներից մեկն է, որ Աստված տալիս է Իր ժողովրդին վերջին ժամանակներում: Նա նորից է այն խոստանում Իր հավատարիմ զավակներին: Հայր, օգնիր մեզ լինել հավատարիմ զավակներ, որովհետև ամեն բան հնարավոր է հավատացողներին: Շնորհիր այդ մեզ, ով Աստված: Խնդրում ենք Հիսուսի անունով: Ամեն:

Բովանդակություն