Ասված Խոսքը Վիլլիամ Բրանհամի միջոցով
Շարք 2 թիվ 10
Ա Ս Վ Ա Ծ Խ Ո Ս Ք Ը
Ուիլյամ Մարրիոն Բրանհամի միջոցով
Գործերը
հավատքի արտահայտությունն են
(Works is faith expressed)
1965 թ. նոյեմբերի 26 երեկո
«Լայֆ» խորան
Շրիվպորտ, Լուիզիանա, ԱՄՆ
Շնորհակալ եմ:
1. Ինչ լավ է նորից լինել այստեղ այս երեկո: Չգիտեմ, թե ինչպես եք
իմացել, որ աղոթելու եմ հիվանդների համար: Բոլորը եկել են, որ իրենց համար աղոթեմ:
Գիտե՞ք, կարծում եմ, որ լավ կլինի, որ հետևեք Սուրբ Հոգու առաջնորդությանը: Դա է
լավագույնը, դա մի պատգամ է, որը երբեք չի սխալվում:
2. Այն օրը նստած էի սենյակում… երեք հովիվներ կային, երեք լավ
բարեկամներ, որոնք ուզում էին նախաճաշել ինձ հետ: Ես նրանց պատասխանեցի. «Ո՛հ, դա
պարզապես հրաշալի է»:
3. Դրա համար շատ թեթև նախաճաշ արեցի՝ համոզված լինելով, որ նրանք
կցանկանան իմ փոխարեն վճարել: Հետո լիարժեք կճաշեի: Արդեն ժամը տասներկուսն էր,
հետո մեկը, երկուսը և դեռ ոչ ոք չկար: Ոստիկանությունը հետապնդում էր ինչ-որ
հանցագործի, և ես իջա դա տեսնելու: Չտեսա ո՛չ Ջեք եղբորը, ո՛չ մյուսներին: Ես
գնացի նրանց փնտրելու և պարզեցի, որ հյուրանոցի աշխատողը սենյակի սխալ համար էր
տվել նրանց: Նրանք երկար ժամանակ սխալ դուռ են զանգել, որտեղ ոչ ոք չկար: Դե լավ,
կմնա մեկ ուրիշ անգամ: Այնքան ուրախ էի տեսնելով այս երեք եղբայրներին՝ Ջեք
եղբորը, Թրեյսի եղբորը և Բրաուն եղբորը: Կարծում եմ, որ շուտով Արիզոնա
կվերադառնանք:
4. Հիշում եմ, թե ինչպես այն օրը անցանք անապատով: Կնոջս ասացի. «Ահա
այստեղ էր Ջեք եղբայրը նստել իր փոքրիկ Շևրոլեի հետևի նստարանին»: Նա և Բրաուն
եղբայրը երկար վիճում էին սկզբնական արարչագործության վերաբերյալ՝ վեց օրում է դա
եղել, թե՞ վեց միլիոն:
5. Այն աստիճանի վիճեցին, որ մեքենայից իջան, ամեն մեկը մի բուռ մանր
քարեր վերցրին և սյան հետևում թաքնվելով սկսեցին քարեր նետել իրար վրա: Բայց
դրանով համաձայնության չեկան: Այդ ժամանակ ասացին. «Ես կարող եմ քեզանից արագ
վազել»: Նրանք սկսեցին վազել ճանապարհի վրա: Դուք պետք է դա տեսնեիք: Ջեք եղբայրը՝
կարճահասակ մի մարդ, իսկ Յանգ եղբայրը՝ իր երկար ոտքերով, պատկերացնում եք:
Կյանքումս այդքան չէի ծիծաղել:
6. Հետո Ջեք եղբայրը նստեց մեքենան և հանեց կոշիկները: Շարիթ եղբայրը
մեզ մի մեծ տոպրակ նարինջ էր տվել և մինչև հասանք Շրիվպորտ, նա կեսը կերավ:
7. Ի՜նչ երջանիկ օրեր էին: Դա ճիշտ է: Գիտեմ, որ կարող է կատակ թվալ,
բայց իրականություն է: Երբ ավելի տարիքով ես դառնում, սկսում ես մտաբերել այդ բաները:
Մենք հիշում ենք մեր երիտասարդության ժամանակները և կուզեինք նորից դրանք ապրել:
Եվ քանի ծերանում ենք, դրանք մեզ համար պատկերներ են դառնում: Ես ուրախ եմ, որ այդ
պատկերները սուրբ և մաքուր են, լի հաղորդակցությամբ և եղբայրասիրությամբ: Գիտենք,
որ լինելու է մի երկիր, ուր երբեք չենք ծերանալու… Այն փառավոր երկիրը, ուր երբեք,
երբեք չենք ծերանալու ու չենք մահանալու:
8. Բայց ահա մեր սիրելի եղբայրներից մեկը, ով շատ թանկ էր մեզ համար,
անցավ մյուս կողմը, գնաց այդ Երկիրը: Ամեն անգամ, երբ մոտենամ այս ամբիոնին,
հիշելու եմ Լայլ եղբորը: Անցած երեկո նայեցի և տեսա դահլիճում նստած փոքրիկ
Ջուդիին և սիրտս ճմլվեց՝ մտածելով, թե ինչ է նա զգում հիմա: Գիտեմ, թե ինչպես
կզգա, երբ իր հայրը մահացել է… Բայց անհրաժեշտ է, որ անցնենք տառապանքի դպրոցով,
որ ավելի լավ հասկանանք ուրիշների տառապանքները:
9. Այստեղ տեսնում եմ իմ հին հովիվ ընկերներից մեկին: Չեմ կարողանում
հիշել նրա անունը: Տարիներ առաջ դուք միշտ այստեղ աղոթել եք հիվանդների համար,
չէ՞: Ձեր ազգանունը Գերհոլցեր է, գերմանական ազգանուն, որը ես երբեք ճիշտ չէի
արտասանում: Թրեյսի եղբայրը այնտեղ հանդիպել էր նրան: Մոտ տասը տարի է, որ
ճանաչում եմ նրան: Ես նրան ասացի. «Այս տասը տարվա մեջ վեց ամսով էլ չեք ծերացել»:
Մենք ապրում ենք մի աշխարհում, որը մի օր ոչնչանալու է:
10. Այս երեկո կփորձեմ ձեզ երեկվա նման շատ երկար չպահել: Այս երեկո
մտադիր էի խոսել եկեղեցու հափշտակության մասին, այն պայմանների մասին, որոնց,
Սուրբ Գրքի համաձայն, պետք է համապատասխանի Եկեղեցին՝ հափշտակությանը մասնակցելու
համար, այն մասին, թե ինչ է լինելու հափշտակությունից առաջ և ինչպես է դա տեղի
ունենալու: Մենք բոլորս հավատում ենք հափշտակությանը, չէ՞: Մենք հավատում ենք
դրան: Բայց ահա ինչ-որ բան ինձ ասաց. «Այս երեկո աղոթիր հիվանդների համար»: Ես նոր
էի ճաշել մի մեքսիկացի եղբոր հետ, որին հանդիպել էի փողոցում: Կարծեմ նա այս երեկո
այստեղ է իր կնոջ հետ:
11. Հետո մեկը եկավ և վկայություն տվեց: Նա ինձ ասաց. «Հենց այս
եկեղեցում… մի մարդ… կարծեմ մեկ տարի առաջ կանգնած էր շարքի մեջ զանազանության
ժամանակ»: Ես մտածեցի, որ այս երեկո հին, բարի ժամանակների նման աղոթքի շարք
կանենք, ինչպես անում էինք Ջեք եղբոր հետ և…
12. Յանգ Բրաուն եղբայրը երբեմն օգնում էր ինձ՝ բաժանելով աղոթքի
թերթիկները: Ես նկատեցի, որ նա շատ ազնիվ է, երբեք չեմ տեսել, որ աղոթքի թերթիկ
վաճառի կամ որևէ սխալ բան անի: Նա ազնիվ մարդ է: Յանգ եղբայրն իր աշխատանքը միշտ
կատարել է ազնվորեն և հավատարմությամբ: Ես հիշում եմ, որ նա վերցնում էր աղոթքի
թերթիկները և հիվանդներին առաջնորդում աղոթքի շարք: Ես աղոթում էի նրանց համար և
մենք առաջ էինք գնում. նրանց մեջ այնպիսի անկեղծ հավատք կար, որ նրանք մտածում
էին, որ հենց մոտենան քեզ, բժշկվելու են: Կարծում եմ, որ այսօր քսան անգամ ավելի
շատ բժշկություններ կունենանք:
13. Նաև մի մարդ կար, որը հավանաբար հիմա այստեղ է: Մոտ մեկ տարի
առաջ նա եկավ աղոթքի շարք, և զանազանության պարգևը ցույց տվեց, որ նա խոզուկ է
ունեցել: Եվ բժիշկներն ասել էին, որ դրանից հետո էլ երբեք չի կարող երեխաներ
ունենալ: Իսկ նա շատ էր ուզում փոքրիկ աղջիկ ունենալ: Կարծեմ տղա ուներ: Բայց
Տիրոջ տված տեսիլքի համաձայն նրան ասվեց. «Դուք կունենաք փոքրիկ աղջիկ»:
14. Նա ինձ ասաց, որ իր փոքրիկ աղջկան այսօր բերել է այստեղ: Չգիտեմ՝
այս երեկո եկե՞լ է: Այստե՞ղ է: Ինչ-որ մեկը դրսում պատմեց ինձ այդ մասին: Ահա, տեսա
նրան փոքրիկին գրկած: Ի՜նչ սիրունիկ աղջնակ է: Կուզեի, որ նրանք գային այստեղ
վկայություն տալու: Գուցե փոքրիկի մայրիկն էլ վաղը գա կամ գալիք հավաքույթներին:
15. Վաղը քրիստոնյա գործարարների հետ նախաճաշ կա: Հաղորդե՞լ եք դա:
Շատ լավ:
16. Այժմ փոքրիկ դաս կունենանք աստվածային բժշկության վերաբերյալ:
Քանի՞սդ եք հավատում դրան: Շատ լավ, ուրեմն հրաշալի երեկո կունենանք, եթե այդպիսի
հավատք ունեք: Միայն պետք են հավատացող մարդիկ: Այս բաները հավատացյալների համար
են:
17. Ես վերցրել էի մատիտս և սուրբգրային համարներ էի նշում, երբ
Բիլլին դուռը թակեց և ասաց. «Հայրիկ, կարելի՞ է մտնել»:
18. Ես նրան պատասխանեցի. «Մի րոպե սպասիր, դեռ չեմ վերջացրել»:
19. «Բայց Ջեք եղբայրն է սպասում»: Պետք էր գնայի: Քանի որ ամրակ
չունեի, վերցրի Մեդայի քորոցներից մեկը: Պետք է թղթերս իրարից առանձնացնեի:
20. Երբ ծերանում ես… Առաջ հեշտությամբ կարողանում էի հիշել
սուրբգրային հատվածները: Բայց հիմա ավելի ու ավելի եմ դժվարանում: Դու՞ էլ ես
դժվարանում, Ջեք եղբայր: Դա այդպես է: Վերջերս ասացի Ջեք եղբորը. «Գիտես, եղբայր,
սկսել եմ մոռանալ: Ինչ-որ բան եմ սկսում ասել, հետո մոռանում եմ
շարունակությունը»: Նա ինձ պատասխանեց. «Դա այդքան էլ ծանր բան չէ»: Ես նրան
ասացի. «Կարծում ես՝ դա քի՞չ է»:
21. Նա ինձ ասաց. «Դա այդքան էլ սարսափելի չէ: Պատահել է, որ զանգել
եմ մեկին և նրան հարցրել. «Ի՞նչ եք կամենում»: Ջեք եղբայր, այն ժամանակ կարծում
էի, որ կատակ ես անում, բայց տեսա, որ իրոք հենց այդպես է:
22. Դա այդպես է: Ինչքա՜ն բաներ ենք մենք մոռանում: Բայց թող մեր
բոլոր գործերն արդարությամբ արվեն, որովհետև բոլորը գրանցված են Գրքի մեջ,
ձայնագրված են սկավառակի վրա և լսվելու են դատաստանի օրը:
23. Մենք մի մեծ ընտանիքի պես ենք: Չեմ կարծում, որ այսօր ամեն տեղից
եկած մարդիկ կան, ինչպես երեկ: Կարծում եմ, որ այստեղ հավաքված է տեղական
եկեղեցին: Երեկ երեկոյան ես շատ գնահատեցի ձեր հարգալից վերաբերմունքը, երբ
կանգնեցիք… Ես չեմ ուզում շահագործել Ջեք եղբոր վստահությունը, բայց նա միշտ ինձ
ասել է. «Ասա այն, ինչ ուզում ես…»: Երբ եկա այստեղ, բարձրացա ամբիոն և մի քիչ
վարդապետական թեմաներից խոսեցի, բայց… կարծեմ հարանվանությունից եղբայրներ կային:
24. Վերջերս մի երազ տեսա առավոտվա կողմ: Մինչդեռ ես հաճախ չեմ երազներ
տեսնում: Երազում տեսա մի երիտասարդի, որի ոտքերը շղթայակապ էին, և նա փորձում էր
ազատվել այդ շղթաներից: Ինչ-որ մեկն ինձ ասաց. «Նրանք սարսափելի մարդիկ են, ոչ մի
կապ մի ունեցիր նրանց հետ»:
25. Հետո ես տեսա, թե ինչպես երիտասարդը ազատվեց այդ երկաթներից, և
ես նրան հանգիստ թողեցի: Ես մտածեցի. «Տեսնեմ, թե ինչ է անելու»: Երբ դուրս եկավ
կապանքներից, դարձավ շատ բարետես: Հետո տեսա, որ ուրիշներն էլ էին փորձում
ազատվել:
26. Բայց դա ընդամենը երազ էր: Այս ուղղությամբ քայլեցի և տեսա Ռոյ
Բորդըրս եղբորը՝ իմ լավ բարեկամներից մեկին, ով ապրում է Կալիֆորնիայում: Նա
հիվանդ տեսք ուներ, աչքերը կիսափակ էին, կար մի մեծ… թվում էր, թե քաղցկեղ կամ
նման մի բան է իր աչքերի վրա: Ինչ-որ մեկը փորձում էր ինձ հեռացնել նրանից: Ես
սկսեցի գոռալ. «Բորդըրս եղբա՛յր, Տեր Հիսուսի Անունով ազատվիր դրանից»:
27. Նա հազիվ էր կարողանում խոսել և ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, դա
բավարար չէ: Ես չեմ կարող այն ըմբռնել, չեմ կարող»:
28. Ես ասացի. «Ո՛հ, Բորդըրս եղբա՛յր»: Ես շատ եմ սիրում այդ եղբորը:
29. Ինչ-որ մեկն ինձ հետ քաշեց. ես նայեցի և տեսա մի կնոջ, որ
կանգնած էր այնտեղ: Երբ ես փոքր էի, նպարեղենի խանութի պատվերներն էի տանում
տները: Այդ կնոջ անունը տիկին Ֆենտոն էր, և նա ապրում է Ջեֆերսոնվիլում: Ես և կինս
բարեկամություն ենք անում նրա հետ:
30. Այդ կինն ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, ազատիր մեզ դրանից: Այս
տունը դժոխային տուն է: Ձեզ լավ չեն հասկացել: Եվ դուք էլ այդ մարդկանց լավ չեք
հասկացել: Այս մարդիկ լավ մարդիկ են, բայց…»: Ես նայեցի այնտեղ. կարծես մեծ նկուղ
լիներ, կամ բարձր պատեր և դրա տակ հսկայական քարանձավ: Հսկայական երկաթե ճաղեր
կային ութ կամ տասը դյույմ լայնությամբ: Մարդիկ խելագարված էին, գալարում էին
իրենց ձեռքերն ու ոտքերը, այսպես հարվածում էին իրենք գլխին: Այդ կինը լաց էր
լինում՝ ասելով. «Ո՛հ, Բրանհամ եղբայր, ազատեք այդ մարդկանց»: Նաև ասում էր.
«Հասեք մեզ օգնության: Մենք տառապանքի մեջ ենք»: Իսկ այդ կինը, որին ճանաչում եմ,
պատկանում է Քրիստոսի եկեղեցուն, կամ «Եղբայրական եկեղեցի» անունով քրիստոնեական
եկեղեցուն:
31. Ես նայեցի շուրջս և ասացի. «Կուզենայի, որ կարողանամ այդ անել»:
Ես նորից նայեցի: Ես իմ թույլ մարմնով ի՞նչ կարող էի անել այդ հսկայական
վանդակաճաղերի դեմ: Իսկ այդ խեղճ մարդիկ ներսում էին: Դու չէիր կարող մոտենալ
դրանց, որովհետև այդ ճաղերը շատ մոտ էին տեղադրված: Ես տեսա, որ նրանք հարվածում
էին իրենց գլխին, կարծես խելագարված լինեին:
32. Հետո տեսա, որ մոտակայքում ինչ-որ լույսեր էին վառվում: Նայեցի և
տեսա, որ այնտեղ կանգնած էր Տեր Հիսուսը՝ շրջապատված ծիածանագույն լույսերով: Նա
նայեց աչքերիս մեջ և ասաց ինձ. «Գնա այդ մարդկանց ազատելու»: Եվ հեռացավ:
33. Ես մտածեցի. «Ինչպե՞ս կարող եմ նրանց ազատել: Իմ ձեռքերում
այդքան ուժ չկա այդ վանդակաճաղերը կոտրելու համար»:
34. Բայց այդ ժամանակ ասացի. «Դժոխային տուն, հանձնվիր Հիսուս
Քրիստոսի Անունով»:
35. Ճռռոց լսվեց, ցնցումներ եղան, աղմուկով քարերն ընկան իրար վրա,
վանդակաճաղերն ընկան, և մարդիկ սկսեցին դուրս նետվել՝ ամբողջ ձայնով աղաղակելով՝
«Մենք ազատված ենք»: Նրանք բոլորն ազատվեցին:
36. Այդ ժամանակ ես գոռացի. «Ռոյ Բորդըրս եղբայր, ու՞ր ես, ու՞ր ես:
Աստված ազատում է Իր ժողովրդին: Որտե՞ղ ես դու, Բորդըրս եղբայր»: Ես ուզում էի այդ
իմանալ:
37. Գիտեք, Բորդըրս եղբայրը շատ վախեցած էր: Դուք գիտեք
մարգարեության մասին: Դուք բոլորդ, որ ստանում եք ձայներիզները, գիտեք արևմտյան
ափի վերաբերյալ մարգարեության մասին:
38. Այս երեկո այստեղ ներկա է մի մարդ, ով այնտեղ էր, երբ դա
կատարվեց (երբ գնացել էինք որսի): Դա մի հովիվ է, որն անցած երեկո այստեղ էր: Նրա
մի աչքը կույր է: Նա առաջ եկավ և ներկայացավ: Լեռները գնալու համար նա արևային
ակնոց էր դրել: Նա ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, ես Մակհյուզ եղբայրն եմ: Ես ձեր
հավաքույթներից մեկի հովանավորն էի Կալիֆոռնիայում»:
39. Ես նրան ասացի. «Մակհյուզ եղբայր, ես ուրախ եմ ձեզ հետ
ծանոթանալու համար»:
40. Մենք մոտ քսան հոգով գնացել էինք վարազ որսալու: Լեռներ գնալու
նախորդ օրը ես ասել էի Բենքս Վուդ եղբորը… Դուք բոլորդ ճանաչում եք նրան. իմ
մտերիմ ընկերն է: Ես ասացի. «Վուդ եղբայր…»: Ես վերցրի մի խճաքար, օդ նետեցի, և
այն ցած ընկավ: Ասացի. «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ. ինչ-որ բան է կատարվելու»:
41. Նա ինձ հարցրեց. «Բրանհամ եղբայր, ի՞նչ է լինելու»:
42. Ես նրան պատասխանեցի. «Ես չգիտեմ, բայց քսանչորս ժամվա ընթացքում
դա կտեսնես: Ինչ-որ բան է կատարվելու: Մեծ նշան է լինելու»:
43. Իսկ հաջորդ օրը… երեկոյան մոտ էր: Հաջորդ օրը առավոտյան ժամը
տասի կողմ մենք պատրաստվում էինք գնալ: Մենք բոլորս վարազներ էինք որսացել,
կանգնած էինք այնտեղ: Մակնելի եղբայրը և մյուսները քերթում էին դրանք… ես և
Բորդըրս եղբայրը, Ռոյ Ռոբերսոն եղբայրը՝ հաշմանդամ մի վետերան, մի շատ թանկ և
սիրելի եղբայր, կանգնած էինք այնտեղ: Մակհյուզ եղբայրը այդ ժամանակ ինձ հարցրեց.
«Բրանհամ եղբայր, պատահու՞մ է, որ Տիրոջ հրեշտակը հայտնվի ձեզ, երբ որսորդությամբ
եք զբաղվում»:
44. Ես նրան պատասխանեցի. «Պատահում է, Մակհյուզ եղբայր: Բայց ես
այստեղ եկել եմ մի քիչ հանգստանալու համար»:
45. Նա ինձ ասաց. «Ո՛հ, Բրանհամ եղբայր, չեմ ուզում ձեզ
անհանգստացնել»:
46. Ես նրան պատասխանեցի. «Բոլորովին չեք անհանգստացնում»:
47. Այդ պահին ես տեսիլք ունեցա: Ես տեսա, որ բժիշկը քննում է նրա
աչքը: Ես անձամբ չէի ճանաչում այդ եղբորը, նա սև ակնոց էր դրել, քանի որ լույսը
շատ ուժեղ է Արիզոնայում: Ես տեսիլքում տեսա, որ բժիշկը նրան ասում է. «Պարո՛ն, ես
երկու տարի է բուժում եմ ձեր աչքը: Դուք ալերգիա ունեք, և կկորցնեք ձեր աչքը:
Հիվանդությունը ոչնչացնում է ձեր տեսողությունը, և ոչ մի կերպ չենք կարող դա
կանգնեցնել»:
48. Ես ասացի Մակհյուզ եղբորը. «Դուք ինձ այդ հարցը տվեցիք ձեր աչքի
համար: Դուք այդ ակնոցը կրում եք, որովհետև ձեր աչքը հիվանդ է»:
49. Նա ինձ պատասխանեց. «Դա ճիշտ է»:
50. Նաև ասացի նրան. «Մի քանի օր առաջ ձեր բժիշկն ասաց, որ կկորցնեք
այդ աչքը ձեր հիվանդության պատճառով: Նաև ասաց, որ երկու տարի է, որ ձեզ բուժում
է, բայց ոչինչ չի կարող անել դա կանգնեցնելու համար»:
51. Նա ինձ ասաց. «Բրանհամ եղբայր, դա ճիշտ է»:
52. Ես շրջվեցի և մեկ ուրիշ տեսիլք տեսա: Տեսա մի թխամաշկ կնոջ, որն
իրենից շատ ավելի տարիքով էր: Նրանք Արկանզասից են: Ես տեսա, որ նա մի փոքր
բարձրացրեց իր զգեստը և ոտքերը ցույց տալով որդուն՝ ասաց. «Որդիս, եթե Բրանհամ
եղբորը տեսնես, խնդրիր նրան աղոթել իմ ոտքերի համար»: Նրա ոտքերի մատները ծածկված
էին երկար ուռուցքներով:
53. Ես ասացի եղբորը. «Ձեր մայրը սպիտակ մազերով կին է: Նա
բարձրացրեց զգեստը, հանեց գուլպաները, որ ձեզ իր ոտքերը ցույց տա, ասաց, որ խնդրեք
ինձ աղոթել իր համար, եթե ինձ տեսնեք»:
54. Նա ասաց. «Ո՛հ, գթությու՛ն»:
55. Ես նորից նայեցի և նրան տեսա կանգնած, առանց ակնոցի: Ասացի.
«ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ. Աստված բժշկել է ձեր աչքը, բժշկում է նաև ձեր մորը»:
56. Ես նորից շրջվեցի և տեսա Ռոյ Ռոբերսոն եղբորը: Քանի որ նա
պատերազմի հաշմանդամ է, ես ձեռքս դրեցի նրա ուսին և ասացի. «Ռոյ եղբայր, արագ
թաքնվելու տեղ գտեք, որովհետև ինչ-որ բան է կատարվելու»:
57. Նա ինձ հարցրեց. «Ի՞նչ եք ուզում ասել, Բրանհամ եղբայր»:
58. Բայց ես նրան պատասխանեցի. «Մի՛ խոսեք, գնացեք թաքնվելու,
արա՛գ»: Ես շրջվեցի, բահը վերցրի և հեռացա նրանցից, որովհետև գիտեի, որ այն ինչ
պիտի պատահեր, կատարվելու էր այնտեղ, որտեղ ես եմ գտնվում:
59. Այնտեղից շատ մոտ գտնվում էր մի խոր կիրճ, որն այս տնից 8-10
անգամ ավելի բարձր էր: Կարծես կրակ իջավ երկնքից պտտահողմի պես, իմ գտնված վայրից
մի քանի քայլ հեռավորության վրա: Լեռներից քարեր պոկեց, կտրեց թփուտների ծայրերը
մոտ հարյուր մետր բարձրության վրա: Բոլորը փախան և գնացին թաքնվելու մեքենաների
տակ և ուրիշ տեղերում: Նորից բարձրացավ և որոտի նման դղրդաց: Նորից բարձրացավ
երկինք, նորից իջավ: Եվ դա կատարվեց երեք անգամ: Երբ ամեն բան վերջացավ, նրանք
դուրս եկան թաքստոցներից, եկան ինձ մոտ և ասացին. «Ի՞նչ է դա նշանակում»:
60. Ես նրանց պատասխանեցի. «Ես ձեզ կասեմ: Սա դատաստանն ազդարարող
նշան էր: Մի քանի օրից մեծ երկրաշարժը ցնցելու է արևմտյան ափը: Դրանով չի վերջանա:
Կալիֆոռնիան, Լոս Անջելեսը կսուզվեն ջրի տակ: Այն կսուզվի օվկիանոսում»: Երկու
օրից երկրաշարժը ցնցեց ողջ Ալյասկան:
61. Կալիֆոռնիայում անցկացրած վերջին հավաքույթի ժամանակ ես խոսում
էի այս բաների մասին և չգիտեի, թե ինչ է կատարվելու, մինչև չիջա փողոց: Դա ասվում
էր Կալիֆոռնիայի մասին. «Կափառնայու՛մ, Կափառնայու՛մ, որ կոչվում ես հրեշտակների
անունով (դա Լոս Անջելեսն է), դու բարձրացել ես մինչև երկինք, մինչև դժոխք պիտի
իջնես: Որովհետև եթե Սոդոմում լինեին այն զորավոր գործերը, որոնք եղել են քո մեջ,
Սոդոմը մինչև հիմա կանգուն կլիներ:
62. Մի քանի օր առաջ այդ որոտներն ու կայծակները… Կարճ ժամանակ անց
գիտական թերթում մի հոդված հրապարակվեց, որտեղ ասվում էր, որ այդ շրջանը սուզվելու
է: Նրանք դա գիտեն:
63. Տեսեք, թե ինչ է լինելու. ջուրը բարձրանալու է մինչև Սոլթոն Սի
լիճը: Լոս Անջելեսը դատապարտված է դատաստանի: Ես ձեզ դա ասում եմ կատարվելուց
առաջ, որ երբ կատարվի, իմանաք: Ես դա ինձանից չեմ ասում: Երբ Նա ինձ ինչ-որ բան է
ասել, միշտ կատարվել է: Դուք բոլորդ կարող եք վկայել դա: Դա ճիշտ է: Իսկ ե՞րբ է
կատարվելու: Չգիտեմ:
64. Ես դուրս եկա տեսիլքից, և նրանք կրկնեցին այն, ինչ ես ասել էի:
Լսեցի և սկսեցի քննել Սուրբ Գիրքը: Գիտեք, Հիսուսը Կափառնայումի մասին խոսել է
գրեթե նույն բառերով: Սոդոմն ու Գոմորն արդեն Մեռյալ ծովի խորքում էին: Հիմա հերթը
Կափառնայումինն էր, որը մոտ հարյուր տարի հետո սուզվեց ծովը: Նույն Աստվածը, ով
ծովում սուզեց Սոդոմը իր մեղքերի պատճառով, նույն Աստվածը, ով ծովում սուզեց
Կափառնայումը իր մեղքերի պատճառով, այդ նույն Աստվածը կսուզի ծովում Լոս Անջելեսը
իր մեղքերի պատճառով, որովհետև դա ապականության քաղաքն է:
65. Ռոյ Բորդըրս եղբայրը մահու չափ վախեցած է: Չգիտեմ՝ դա էր
նշանակում թե մեկ ուրիշ բան: Ես չգիտեմ: Աղոթենք:
66. Ո՛վ Տեր, այնքան լավ է ուշադիր ունկնդիրների առջև վկայելը: Մենք
հավատում ենք, որ Դու կօգնես մեր անհավատությանը: Մենք հասկանում ենք, որ այն
ճանապարհի ծայրին ենք, որը տանում է այս աշխարհի վերջին: Թե որ պահին դա կկատարվի,
մենք ոչինչ չգիտենք: Բայց ինչ վերաբերում է Հարսի գաղտնի հափշտակությանը, գիտենք,
որ մոտ օրերս կլինի, ո՛վ Տեր, և մենք կհափշտակվենք Նրա հետ: Մենք այդ օրվան ենք
սպասում: Խնդրում ենք, պատրաստիր մեր սրտերը, ո՛վ Տեր:
67. Այստեղ շատերը հաշմանդամի սայլակի կամ պատգարակի վրա են, կապված
են թշնամու կողմից: Եթե Դու չդիպչես նրանց, ոմանք կմահանան սրտի հիվանդությունից
կամ քաղցկեղից:
68. Ո՛վ Հայր, Դու գիտես յուրաքանչյուրի սիրտը: Դու գիտես՝ ճիշտ է դա
թե ոչ: Եվ մենք ասում ենք այս բաները, որովհետև գիտենք, որ Դու դա արել ես,
գիտենք, որ Քո փառավոր ներկայությունն ազատել է շատերին: Մենք դրա վկաներն ենք,
թեև կան մարդիկ, որոնք պնդում են, որ նման բաներ չեն լինում: Բայց լինում են,
Տե՛ր, և մենք դրա վկաներն ենք:
69. Խնդրում եմ Քեզ, Տե՛ր, որ վերականգնես հավատքը այս մարդկանց
սրտերում, որ հիվանդներից ու տանջվողներից յուրաքանչյուրն ազատվի: Այնպես արա,
Տե՛ր, որ մենք կարողանանք ցույց տալ, թե որքան պարզ է դա, երբ փորձում ենք
սովորեցնել Քո Խոսքը: Թող Սուրբ Հոգին վերացնի իմ սխալները և թող ուղղի սխալները
մարդկանց սրտերում: Եվ թող դա այնքան իրական լինի, որ Նա բնակություն հաստատի
այստեղ ներկա հավատացյալներից յուրաքանչյուրի սրտում: Տե՛ր, մենք դրա համար ենք
եկել այս երեկո: Եվ հատկապես նրանք, ովքեր դեռ չեն փրկվել, թող պատրաստ լինեն, թող
պատրաստվեն, քանի դեռ Շնորհքի դռները բաց են: Մենք դա խնդրում ենք Հիսուսի
Անունով: Ամեն:
70. Այժմ կսկսենք կարդալ Սուրբ Գրքից…
71. Ինչ-որ մեկը ամբիոնի վրա երկտող է թողել, որում գրված է, որ այս
երեկո ինձ համար ընծաներ են հավաքել: Դա պետք չէ: Մի արեք դա: Հիշում եմ, որ մի
անգամ Կալգարիում, Կանադայում ինձ համար ընծա հավաքեցին՝ մի քանի հազար դոլար:
Մենք ունեինք երկու խարխուլ սենյակ, և կինս ծածկոցներ էր դրել դռան առաջ, որպեսզի
դուռը փակվի և երեխաները թոքերի բորբոքում չստանան: Եվ Ջեք եղբայրն ինձ ասաց.
«Բրանհամ եղբայր, ճիշտ չի նրանց այդպես վերաբերվել»:
72. Ես նրան ասացի. «Հետ վերցրու փողը»:
73. Բայց նա ինձ ասաց. «Ինչպես՞ կարող ենք այդպես անել»: Այդպես ես
տուն գնեցի Աստծո փառքի համար: Մենք դա ընդունեցինք որպես սիրո ընծա այս եկեղեցու
անդամների կողմից:
74. Բայց ես մտածեցի. «Դա ինձ ճիշտ չի թվում: Ես ոչինչ չեմ բերել այս
աշխարհ և աշխարհից հեռանալուց ոչինչ չեմ տանելու ինձ հետ»: Դրա համար ես այդ տունը
գրեցի եկեղեցու անունով: Երբ ես իմ ծառայությունն այստեղ ավարտեմ, մեկ ուրիշ Աստծո
ծառա կարող է այն օգտագործել, եթե ժամանակ մնա: Դրա համար ես ամբողջ սրտով
շնորհակալություն եմ հայտնում ձեզ, սիրելի՛ բարեկամներ: Թող Աստված օրհնի ձեզ դրա
համար:
75. Կարդալու ենք Հակոբի թղթի երկրորդ գլխից, 21-րդ համարից սկսած:
76. Մենք որոշ ժամանակ կհատկացնենք քարոզին, հետո հնարավորինս շուտ
կսկսենք աղոթել հիվանդների համար: Նաև չեմ ուզում մոռանալ Աննա Ջին քրոջն ու Դոն
եղբորը, որոնք Թայլանդում են: Հիմա որտե՞ղ են: Բանգկոկում, միսիոներական դաշտում:
Այնքան բաներ կան, որոնց մասին մտածում ես և ուզում ես մարդկանց ասել: Բայց երբ
գալիս եմ այստեղ, քարոզից բացի ուրիշ բանի մասին չեմ մտածում:
77. Այժմ կարդանք Հակոբի թղթի երկրորդ գլուխը: Կկարդանք 21-րդ
համարից սկսած: «Չէ՞ որ Աբրահամը՝ մեր հայրը, իր գործերով արդարացավ, երբ իր
որդուն՝ Իսահակին դրեց սեղանի վրա՝ զոհաբերելու: Տեսնու՞մ ես, որ հավատքը գործի
հետ մեկտեղ էր ու այդ գործերով էր, որ հավատքը կատարյալ եղավ: Ու կատարվեց Գրքի
խոսքը, որ ասում է. «Աբրահամը հավատաց Աստծուն, և դա նրան արդարության համարվեց, և
ինքը Աստծո բարեկամ կոչվեց»:
78. Այժմ, այս երեկոյան քարոզի թեմայի վերաբերյալ… Խնդրում եմ,
Աստվածաշունչը դեռ բաց պահել, որովհետև էլի մի քանի սուրբգրային հատվածներ եմ նշել
այստեղ: Եթե ժամանակ ունենանք, շատ սուրբգրային հատվածներ կսերտենք: Իմ թեման սա
է՝ «Գործերը հավատքի արտահայտությունն են»: Հիշեք՝ գործերը հավատքի
արտահայտությունն են: Գործերը ցույց են տալիս, որ հավատքն արդեն հաստատվել է ձեր
մեջ: Հասկանու՞մ եք: Ես ընտրեցի այս թեման, որովհետև մտածեցի, որ դա ձեզ կօգնի
ավելի լավ հասկանալու: Հիմա լավ լսեք. մենք դա սերտելու ենք որպես կիրակնօրյա
դպրոցի դաս:
79. Իր ուսուցման մեջ Հակոբը հիշատակում է Աբրահամի պատմությունը,
որը շարադրված է Ծննդոց 22-րդ գլխի 1-11 համարներում.
80. Այժմ հետ դառնանք. այստեղ մի քանի սուրբգրային հատվածներ եմ
դուրս գրել: Ծննդոց գիրք, 22-րդ գլուխ, 1-9 համարները: Եվ եղավ, որ այս ամենից
հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. «Աբրահամ»: Եվ նա ասաց. «Ահա, այստեղ
եմ»: Եվ Նա ասաց. «Վերցրու քո սիրելի միամորիկ որդուն՝ Իսահակին և Մորիայի երկիր
գնա և այնտեղ նրան ողջակիզիր այն լեռներից մեկի վրա, որ Ես քեզ կասեմ: (Տեսնու՞մ
եք, Նա նույնիսկ չասաց, թե որ լեռը պետք է գնա: Երբ Աստված խոսում է, դուք առաջ եք
շարժվում, պարզապես առաջ եք գնում): Եվ Աբրահամը առավոտ վաղ վեր կացավ և դրեց իր
էշի համետը և իր հետ վերցրեց իր մարդկանցից երկու երիտասարդների և իր որդի
Իսահակին և ողջակեզի փայտ ջարդեց և վեր կացավ ու գնաց այն տեղը, որ Աստված իրեն
ասել էր: Եվ երրորդ օրն Աբրահամն իր աչքերը բարձրացրեց և հեռվից տեսավ այն տեղը:
Եվ Աբրահամն ասաց իր ծառաներին. «Դուք այս էշի հետ այստեղ մնացեք, ես և տղան մինչև
այնտեղ կգնանք և պաշտամունք կմատուցենք, և ձեզ մոտ կվերադառնանք»:
81. Նա, ուրեմն, մտադիր էր ողջակիզել իր որդուն, որովհետև Աստված էր
նրան այդ ասել: Բայց կարդանք շարունակությունը: «…ես և տղան մինչև այնտեղ կգնանք և
պաշտամունք կմատուցենք» (նա և տղան): Եվ Աբրահամն առավ ողջակեզի փայտը և դրեց իր
որդի Իսահակի վրա, և ինքն իր ձեռքն առավ կրակը և դանակը, և երկուսով միասին
գնացին: Եվ Իսահակը խոսեց իր հայր Աբրահամի հետ և ասաց. «Հայր իմ», և նա ասաց.
«Այստեղ եմ, որդիս»: Եվ նա ասաց. «Ահա կրակը և փայտը, բայց որտե՞ղ է ողջակեզի
գառը»: Եվ Աբրահամն ասաց. «Որդի՛ս, Աստված Իր ողջակեզի համար գառնուկ կհայթայթի»: Եվ
երկուսը միասին գնացին: Եվ եկան այն տեղը, որ Աստված նրան ասել էր. և Աբրահամն
այնտեղ զոհասեղան շինեց և փայտերը շարեց և իր որդի Իսահակին կապեց, դրեց
զոհասեղանին՝ փայտերի վրա: Եվ Աբրահամն իր ձեռքը մեկնեց և վերցրեց դանակը, որ իր
որդուն մորթի: Եվ Տիրոջ հրեշտակը երկնքից նրան ասաց. «Ձեռքդ տղային մի դիպցնիր, և
նրան ոչ մի բան մի արա, որովհետև հիմա իմացա, որ դու վախենում ես Աստծուց, և քո
մեկ հատիկ որդուն չխնայեցիր Ինձնից»: (Ո՛հ, ինչպիսի՜ գործ):
82. Այսպիսով, տեսնում ենք, որ Հակոբն ասում է, որ Աբրահամն
արդարացավ գործերով:
83. Բայց կարդանք, թե ինչ է ասում Պողոսը հռոմեացիներին ուղղված
նամակի 4-րդ գլխի 1-8 համարներում: Ընդամենը մեկ հատված կկարդամ: «Ապա ի՞նչ ասենք,
թե՝ մեր հայր Աբրահամը արդարություն գտավ մարմնի՞ կողմից: Որովհետև եթե Աբրահամը
գործերով արդարացած լիներ… (հիշեք, որ երեկ երեկոյան սերտեցինք «արդարանալ» բառը)
ապա նա կարող էր պարծենալ, բայց ո՛չ Աստծո առջև: Որովհետև ի՞նչ է ասում Գիրքը.
«Աբրահամը հավատաց Աստծուն, և դա արդարություն համարվեց իրեն»: Արդ, նրան, որ գործ
է անում, վարձը ոչ թե որպես շնորհ է դիտվում, այլ՝ որպես պարտք»:
84. Այստեղ Պողոսը մեզ ցույց է տալիս, թե ինչ տեսավ Աստված Աբրահամի
մեջ:
85. Եթե ուզում եք, վերադառնանք Ծննդոց գիրք, 15-րդ գլուխ, համար 6:
Կսկսենք 5-րդ համարից: «Եվ Նա դուրս բերեց նրան ու ասաց. «Դեպի երկինք նայիր և
հաշվիր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել»: Եվ ասաց նրան. «Այսպես կլինի քո
սերունդը»: Եվ նա հավատաց Տիրոջը և Նա նրա կողմից արդարություն համարեց սա»:
86. Տեսնում ենք երկու մարդու, որոնք խոսել են հավատքի մասին: Պողոսն
ասում է, որ Աբրահամն արդարացավ այն բանով, ինչ Աստված տեսավ նրա մեջ, Հակոբն էլ
ասում է, որ Աբրահամն արդարացավ այն բանով, ինչ մարդը տեսավ նրա մեջ:
87. Հակոբն ասում է. «Նա արդարացավ իր գործերով»:
88. Պողոսն ասում է. «Նա արդարացավ իր հավատքով»:
89. Աբրահամը հավատաց Աստծուն, և Աստված դա տեսավ նրա մեջ: Բայց երբ
Աբրահամը սկսեց վարվել այնպես, կարծես խոստումն արդեն դրսևորվել էր, մարդը
կարողացավ դա տեսնել նրա մեջ:
90. Նույնը վերաբերում է մեզ, որովհետև մեր գործերն արտահայտում են
մեր ունեցած հավատքը: Բայց եթե մենք վախենում ենք գործել մեր հավատքի հիման վրա,
ուրեմն չենք հավատում: Պետք է հավատալ:
91. Աբրահամի գործերն արտահայտում էին այն հավատքը, որը նա ուներ
Աստծո խոստումների հանդեպ: Մենք գիտենք, որ Աբրահամը հարյուր տարեկան էր, իսկ
Սառան՝ իննսուն: Նրանք երկուսն էլ ծեր էին, տարիքն առած, վաղուց դուրս էին եկել
այն տարիքից, երբ հնարավոր է երեխա ունենալ: Ու թեև երիտասարդ տարիքում էին
ամուսնացել, երբեք երեխաներ չէին ունեցել: Մինչդեռ երբ Աբրահամը յոթանասունհինգ
տարեկան էր, իսկ Սառան՝ վաթսունհինգ տարեկան, Աստված նրանց ասաց. «Դուք երեխա
կունենաք»: Եվ Աբրահամը հավատաց Աստծո խոստումին: Նա հավատաց: Նա ամեն բան
պատրաստեց երեխայի գալստյան համար: Երբ Աբրահամը հավատաց Աստծուն, Աստված դա
տեսավ: Իսկ մարդը տեսավ այն, ինչ Աբրահամն արեց արտահայտելու համար իր հավատքը:
(Այս երեկո նույնը վերաբերում է մեզ): Դա նրան տրվել էր հայտնությամբ: Տեսնու՞մ
եք: Դա նրան տրվեց հայտնությամբ, դրա համար հավատաց և վարվեց այնպես, կարծես
խոստումն արդեն իրականացել էր:
92. Մի պահ կանգ առնենք այստեղ: Երբեմն մենք շատ բաներ չենք
հասկանում այնպես, ինչպես պետք է հասկանայինք: Մարդիկ ապրումներ են ունենում և
փորձում են վարվել այդ ապրումների համաձայն: Բայց դա ոչ մի արդյունք չի տալիս:
93. Ես այստեղ ներկա գտնվող Գերհոլցեր եղբոր նման եմ: Երկուսս էլ ծեր
ենք, թեր ու դեմ կարծիքներ ենք տեսել, շատ բաներ ենք տեսել: Աշխարհով մեկ աղոթել
ենք հիվանդների համար, տեսել ենք հիասթափված մարդկանց, ամեն կողմից հնչող «ալելուիա»-ներ
ենք լսել: Դա մեզ շատ բան է սովորեցրել: Երբ ես ու Գերհոլցեր եղբայրը սկսեցինք
քարոզել, նման էինք երեխաների, որոնք փորձում են լողալ սովորել: Ավելի տարեց
եղբայրները գիտեն, որ այդ ժամանակ ես շատ տեսիլքներ էի տեսնում և դժվարանում էի
ուշքի գալ: Եղբայրները հոգ էին տանում իմ մասին և ուղեկցում էին ինձ:
94. Ես երբեք չեմ մոռանա այն երեկոն Սան-Խոսեում կամ այդ կողմերում:
Նա եկել էր ինձ արթնացնելու (ես մի քանի օր չէի քնել), և ես նրա հետ խոսում էի
առանց արթնանալու: Հետո նա ինձ պատմեց դա: Ես քնիս մեջ լաց էի լինում և ասում էի
նրան. «Ուզում եմ տուն վերադառնալ»:
95. Բայց նա ինձ պատասխանեց. «Դու չես կարող տուն վերադառնալ,
որովհետև հավաքույթը սկսվելու է»:
96. Ես նրան պատասխանեցի. «Ես վեր կկենամ և մի քանի րոպեից պատրաստ
կլինեմ տուն գնալու»: Ես ինձ կորցրել էի: Հասկանում եք, այն ժամանակ ես շատ
երիտասարդ էի:
97. Նման է լողալ սովորելուն: Դուք ջրի մեջ շրմփացնելով դժվարությամբ
անցնում եք լողավազանով և երբ հասնում ենք մյուս կողմը, շնչասպառ եք լինում, ասում
եք. «Ո՛հ, հասա՛»: Բայց երբ արդեն սովորել եք, շարժումներն ավելի վայելչագեղ են
դառնում, և էլ այդքան չեք հոգնում: Որովհետև արդեն սովորել եք: Ավելի ու ավելի լավ
ես այդ անում, ավելի քիչ ջանք ես գործադրում, և ամեն բան ավելի հեշտ է դառնում:
98. Փոքրիկ տղան, որը երբեք չի քայլել, եթե փորձի այս շարքերի միջով
անցնել, տասն անգամ կընկնի և մինչև հասնի դահլիճի ծայրին, ուժասպառ կլինի: Բայց նա
ով սովորել է քայլել, այդ նույն ճանապարհը կանցնի առանց նույնիսկ ուշադրություն
դարձնելու: Մինչդեռ նա էլ սովորել է քայլել փոքրիկ երեխայի նման:
99. Նույնը վերաբերում է աստվածային բժշկության քարոզչությանը կամ ցանկացած
այլ բանի: Կամաց-կամաց սովորում ենք գործնական կիրառության միջոցով: Եթե չես
սովորում, ուրեմն ինչ-որ բան սխալ է: Դուք պետք է սովորեք: Պետք է սովորեք
ընդունել Աստծուն և թե ինչ է դա իսկապես նշանակում:
100. Երբեմն ասում ենք. «Այս մարդը բավականաչափ հավատք չուներ: Նա
այս չարեց, այն չարեց»: Դրա համար կարող է պատճառ լինել: Երբեմն պատճառը
չխոստովանված մեղքն է: Կարող ես լիտրերով օծման յուղ լցնել, գոռալ մինչև ձայնդ
կտրվի, բայց դա դևին չի հանի: Անկասկած: Դուք պետք է դա խոստովանեք: Հենց դա է
անում զանազանությունը, ասում է. «Գնա, դա կարգավորիր, հեռացրու դա քեզանից»:
101. Բայց դա արվում է դանդաղորեն, դուք գիտեք: Մարդիկ չեն
կարողանում համբերել, ասում են. «Նա երբեք ժամանակ չի ունենա մեզ համար աղոթելու»:
Դրա համար մենք ուզում ենք իմանալ, թե ինչպես է պետք վարվել, իմանալ, թե ինչ է
կատարվում, իմանալ աստվածային բժշկության իրական հիմքերը:
102. Անցած երեկո ասացի պարգևների վերաբերյալ. «Պարգևը հրաշալի բան
է, բայց ձեր հավիտենական վերջնանպատակը չեք կարող հիմնել պարգևների վրա»: Դուք չեք
կարող գլխավորը հիմնել երկրորդականի վրա, իսկ պարգևները երկրորդական են: Իսկ
սատանան կարող է Աստծո պարգևներից յուրաքանչյուրը նմանակել, նա կարող է այնպես
անել, որ շատ նման լինի: Դրա համար մենք պետք է շատ ուշադիր լինենք:
103. Ես դա ասացի նաև աղաղակների վերաբերյալ: Ես տեսել եմ, որ դևերն
աղաղակում են և լեզուներով խոսում: Հաստատ նա կարող է նմանակել պարգևները: Դա
իսկականը չէ, նմանակումն է: Բայց այնպես է անում, որ շատ նման լինի: Եվ մարդիկ,
որոնք տարբերությունը տեսնել չեն կարողանում, կարծում են, թե դա իսկականն է,
մինչդեռ դա նմանակումն է:
104. Նրանք այդպես են վարվում աստվածային բժշկության հետ: Ասում են.
«Սա աճպարարություն է կամ նման մի բան»: Ամենևի՛ն: Դա ճշմարիտ և անեղծ հավատք է
այն բանի հանդեպ, որն Աստված անվանել է Ճշմարտություն: Եվ դա խարիսխ է մեզ տալիս:
Եվ երբ մենք խարսխված ենք, ոչինչ չի կարող մեզ սասանել: Դա կմնա իր տեղում: Դրա
համար ավելի քիչ ջանք է պահանջվում…
105. Հավատքը «Աստծուց եկող հայտնություն է»: Հավատքը հայտնություն
է: Կուզեի մի պահ կանգ առնել այստեղ: Դա հայտնություն է: Այդ հայտնությունը ձեզ
տրվել է Նրա շնորհքով: Դա դուք չեք արել: Դուք չեք ձեզ բերել հավատքին: Դուք
հավատք չունեիք ձեր մեջ. այն ձեզ տրվեց Աստծո շնորհքով: Դա Աստված է ձեզ հայտնել,
դրա համար հավատքը հայտնություն է: Եվ Աստծո եկեղեցին ամբողջությամբ հիմնված է
հայտնության վրա:
106. Վերջերս մի մկրտական հովիվ ինձ ասաց. «Ես պարզապես չեմ կարող
ընդունել հայտնությունը»:
107. Ես նրան պատասխանեցի. «Ուրեմն չեք կարող ընդունել
Աստվածաշունչը: Չեք կարող ընդունել նաև Քրիստոսին, որովհետև Նա Աստծո
հայտնությունն է: Նա մարմնով հայտնված Աստված է»: Դրա համար ողջ եկեղեցին հիմնված
է աստվածային հայտնության վրա:
108. Հիսուսը հարցրեց. «Մարդիկ Իմ մասին ի՞նչ են ասում. Մարդու Որդին
ո՞վ է»: (Նա խոսում էր Իր աշակերտների հետ:)
109. Նրանք էլ ասացին. «Ոմանք՝ թե Հովհաննես Մկրտիչն է, մյուսները՝
Եղիան, ուրիշներն էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»:
110. Նրանց ասաց. «Իսկ դու՞ք Իմ մասին ինչ եք ասում, թե ով եմ»:
111. Սիմոն Պետրոսը պատասխան տվեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝
կենդանի Աստծո Որդին»:
112. Հռոմի կաթոլիկ եկեղեցին ասում է, որ երբ Հիսուսն ասաց՝ «այս
վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին», Նա նկատի ուներ Սիմոն Պետրոսին:
113. Իսկ բողոքականներն ասում են. «Նա Եկեղեցին կառուցեց Իր վրա»:
114. Նրանք կարող էին իրավացի լինել: Բայց իմ կարծիքով երկուսն էլ
սխալվում են: Եկեղեցին կառուցված է այն հայտնության վրա, թե ով է Նա: «Երանի~ քեզ,
Սիմոն, Հովնանի որդի, որովհետև մարմինն ու արյունը չհայտնեցին քեզ, այլ Իմ Հայրը,
որ երկնքում է: Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա
(հայտնության վրա, թե ով է Նա, այն հայտնության վրա, որ Նա է Խոսքը, ամբողջ Խոսքը)
Իմ եկեղեցին կշինեմ և դժոխքի դռները նրան չեն հաղթի»: Դա ցույց է տալիս, որ դժոխքի
դռները հակառակ կլինեն Եկեղեցուն:
115. Աբելը հավատքով, հայտնությամբ (այն ժամանակ գրված Աստվածաշունչ
չկար)… Աբելը հավատքով ավելի գերազանց զոհ մատուցեց քան Կայենը: Աստված նրա մասին
վկայեց, ասաց՝ «Նա արդար էր»: Ինչո՞վ. հավատքո՛վ: Ինչպե՞ս. հայտնության միջոցով:
Հայտնության միջոցով Աբելն Աստծուն ավելի գերազանց զոհ մատուցեց, որովհետև նրան
բացահայտվել էր, որ անհրաժեշտ են ոչ թե երկրի պտուղները, այլ արյունը:
116. Դրա համար կան մարդիկ, որոնք կարողանում են հավատալ դրան, կան
մարդիկ, որոնք չեն կարողանում հավատալ, նաև կան մարդիկ, որոնք ձևացնում են, թե
հավատում են:
117. Հավաքույթի ժամանակ, երբ աղոթքի շարքն առաջ է գալիս, կտեսնեք
ոմանց… Ասենք, որ նրանք բոլորը լավ մարդիկ են: Բայց կան մարդիկ, որոնք փորձում են
հավատալ, իրենք իրենց մեջ հավատք դնել: Ոմանք չեն հասնում դրան: Ոմանք հասնում են,
բայց դա շնորհք է, դա պարզապես տրվում է նրանց: Ահա ողջ տարբերությունը:
Հասկանու՞մ եք: Սա է ճշմարիտ հայտնությունը, որովհետև հավատքը Աստծուց եկող
հայտնություն է: Պետք է, որ առաջին հերթին հայտնություն լինի:
118. Հիսուսը հստակ կերպով արտահայտեց դա՝ ասելով. «Ոչ ոք չի կարող
Ինձ մոտ գալ, եթե Հայրը, որ ինձ ուղարկեց, նրան չքաշի: Այն ամենը, ինչ Հայրը տալիս
է Ինձ, Ինձ մոտ կգա»: Մենք պետք է կարդանք այդ հատվածը: Դա գրված է Հովհ. 6:44-46
համարներում: Նրանք չգիտեին, թե ով է Նա: Նրանք կարծում էին, թե Նա ուրիշների նման
մարդ է: Նրանք այսօրվա շատ մարդկանց նման կարծում էին, թե Նա պարզապես մարգարե է:
Նա անշուշտ Մարգարե էր, Մարդ էր, բայց դրանից ավելին էր:
119. Անցած երեկո խոսում էի… Երբ գիրքը ստանաք, հնարավոր է, որ
սկզբում մի քիչ շփոթվեք,: Ես խոսել եմ Կյանքի երկու գրքերի մասին: Դա նույն Գիրքն
է, բայց մեկը վերաբերում է մեր բնական ծննդին, մյուսը՝ հոգևոր: Մեկն առաջնորդում է
մյուսին, ինչպես կատարվում է ցորենի ցողունի հետ: Երբ խոսում եք ինձ հետ, խոսում
եք կենդանի արարածի հետ: Բայց այստեղ իմ մասն է, մարդ, որը պետք է մեռնի: Դա է այն
գիրքը, որից անունները կարող են ջնջվել: Բայց նա, ով հավիտենական է, նախասահմանված
է, ընտրյալ է, նրա անունը չի կարող ջնջվել, որովհետև ընդմիշտ գրված է: Երբեք չի
կարող ջնջվել: Ուշադրություն դարձրեք դրան, երբ կարդաք այդ գիրքը՝
խառնաշփոթությունից խուսափելու համար: Դուք կտեսնեք, որ այդպես է գրված, որովհետև
Վեյլ եղբայրը, ով խմբագրել է և ուղղել քերականական սխալները, այսօր էլ ինձ այդ
մասին հիշեցրեց: Ես նրան ասացի. «Դա ճիշտ է»:
120. Ոմանք կարծում են, թե երկու տարբեր գրքեր կան: Որոշ իմաստով
երկու առանձին գրքեր են, բայց նաև երկու առանձին գրքեր չեն: Ես հոգի, շունչ և
մարմին եմ. երեք, բայց միայն մեկ անձ եմ:
121. Իրականում մեկ Կյանքի Գիրք կա: Ցորենի հատիկը անցնում է տարբեր
փուլերով: Ցողունը դեռ հասկը չէ, իսկ հասկը դեռ ցորենի հատիկ չի, բայց միասին
կազմում են ցորենը: Ցորենի հատիկը լինում է վերջում: Ցողունը պարզապես կրում է
ցորենը, բայց վերջում կանհետանա: Երբ կարդում ենք մի հատված, թվում է, թե ձեր
անունը կարող է ջնջվել Գառան Կյանքի Գրքից, իսկ մեկ այլ հատվածում՝ որ չի կարող
ջնջվել: Այդ ամենն ընդգրկված է այն փառավոր հայտնության մեջ, որը մեզ տրվեց յոթ
կնիքների հայտնության ժամանակ: Ի՞նչ է դա նշանակում: Դա նրանց համար դժվար է:
Մարդիկ չեն կարող հավատալ դրան:
122. Հիսուսն ասաց. «Ոչ ոք, ոչ ոք չի կարող Ինձ մոտ գալ, եթե Հայրը,
որ ինձ ուղարկեց, նրան չքաշի: Այն ամենը, ինչ Հայրը տալիս է Ինձ, Ինձ մոտ կգա»: Ոչ
ոք չի կարող հասկանալ, թե ով է Նա, կամ ինչպես է դա լինում, եթե Աստծուց
հայտնություն չստանա: Եվ երբ դուք հավատում եք դրան, վարվում եք դրա համաձայն:
Մենք պարզ տեսնում ենք, որ Աստված բացահայտվել է Հիսուսի մեջ, և դա կհասկանան
միայն նրանք, ովքեր նախասահմանված են հասկանալու: Չմոռանաք կարդալ Հովհ. 6:44-46
համարները: Ես չկարդացի, որովհետև կարծում եմ, որ ժամանակ չէինք ունենա, ժամերն
արագ են անցնում:
123. Եվ այսպես… ուշադրություն դարձրեք. «Ոչ ոք, ոչ ոք չի կարող Ինձ
մոտ գալ, եթե Հայրը, որ ինձ ուղարկեց, նրան չքաշի: Այն ամենը, ինչ Հայրը տալիս է
Ինձ, Ինձ մոտ կգա»: Նրանք դա կճանաչեն: Ուրիշ ոչ ոք չի կարող, ինչքան էլ լավը
լինի. դա պետք է հայտնությամբ ստանաք: Միայն այդ ժամանակ կհասկանաք, թե ով է
Հիսուս Քրիստոսը:
124. Այսպես, ահա պարզ երևում է նախասահմանության ծրագիրը: Ամեն սերմի
նման, Աստծո Խոսքն էլ, որ սերմ է, պետք է ցանվի նախապես պատրաստված հողատարածքում:
Եթե պարզապես դրանք նետեք հողի վրա, ոչ մի օգուտ չի լինի. թռչունները կուտեն: Եթե
նետեք փշերի և տատասկների մեջ, շուտով այն կխեղդվի: Այդպես է ասվում Հիսուսի
պատմած առակում: Ուրեմն հողը պետք է պատրաստվի: Դրա համար Աստված Իր գերագույն
Շնորհքով նախ պատրաստում է սիրտը: Նա ձեզ պատրաստել է աշխարհի հիմնումից առաջ, որ
ընդունեք Իրեն այս ժամանակաշրջանում: Նա ձեզ նախապես ճանաչել է Իր կանխագիտությամբ
և նախասահմանել հավիտենական կյանքի համար: Նա ձեզ ճանաչել է, դրա համար պատրաստել
է ձեզ:
125. Այդ պատճառով երերուն քայլերով դուրս եկաք այդ բաներից և հասաք
այնտեղ, ուր հիմա եք: Աստված էր ձեզ առաջնորդում այնտեղ, որտեղ սահմանված էիք
լինելու: Եթե հողը նախապես պատրաստված չէ, սերմը չի կարող աճել: Դրա համար պետք է
հավատքի սերմը լինի, երբ հավատք եք քարոզում, պետք է գործեն զանազանության պարգևը
և Աստվածաշնչում նշված մյուս պարգևները: Այլապես մարդիկ աղաղակում են «Ալելուիա,
ես հավատում եմ», բայց հետո հիասթափված հեռանում են: Դրա համար հողը պետք է
պատրաստվի, նախասահմանվի: Այդ ժամանակ կտեսնեք, թե ինչ կլինի, երբ սերմն ընկնի
այնտեղ:
126. Դուք հիշում եք փոքրիկ արծվիկին, որի մասին այն երեկոյան
խոսեցի: Նա ճանաչեց մոր կանչը: Մեծ տարբերություն կա արծվի կանչի և հավի կչկչոցի
միջև: Եվ արծվիկը կարողացավ դա զանազանել, որովհետև ձվի մեջ էլ արդեն արծիվ էր: Նա
հիմա արծիվ չդարձավ. նա միշտ արծիվ է եղել: Քրիստոնյան միշտ քրիստոնյա է եղել:
Դուք զատվել եք Աստծուց, որովհետև ընկել եք ձեր նախահայրերի՝ Ադամի և Եվայի մեղքի
մեջ: Դուք բնությամբ մեղավոր եք: Դուք չեք ցանկացել այդպիսին լինել, բայց հիմա
լսել եք Ավետարանը, իսկ «հավատքը գալիս է լսելուց»: Հայտնությունը գալիս է
լսելուց: Ինչ-որ բան կատարվեց ձեր մեջ:
127. Գուցե ձեր կողքին նստած է մեկը, որը ձեզ կասի. «Ես այս
հիմարություններին չեմ հավատում: Դա անմտություն Է: Ես այդպիսի բաներին չեմ
հավատում: Ոչինչ լսել չեմ ուզում»:
128. Նրանք վարվում էին այնպես, ինչպես Պենտեկոստեի օրը այն մարդիկ,
որոնք ասում էին. «Այդ մարդիկ լցված են նոր գինով»: Բայց նրանց համար, ովքեր
ունեցան այդ փորձառությունը, փառավոր բան էր: Ինչու՞: Աստված բացահայտվեց առանձին
մարդկանց համար: Մինչ մյուսները ծաղրում էին, աշակերտները ուրախանում էին: Դա
անձնական հայտնություն էր, որը հավատքն է, հայտնությամբ տրված հավատքը: Եթե հավատք
չլիներ, հայտնություն չէր լինի: Դա հավատքն էր:
129. Սերմն ընդունելու համար հողը պետք է նախապես պատրաստված լինի:
«Որովհետև նրանց, ում սկզբից ճանաչեց, նույնպես նախասահմանեց…»: Եթե ուզում եք
կարդալ, դա գրված է Հռոմ. 8:28-34 համարներում: Կարող եք կարդալ նաև Եփես. 1:1-5
համարները: Եվ նրանց ում նախասահմանեց, նաև կանչեց, և ում կանչեց, նաև արդարացրեց,
և ում արդարացրեց, նաև փառավորեց: Ամեն բան կարգ ու կանոնով է: Երբեմն կարող ենք
հակառակը մտածել, բայց կարդացեք Սուրբ Գիրքը: Դա լիովին համապատասխանում է Աստծո
Խոսքում գրվածին: Մենք այսօր տեսնում ենք, որ պատգամը մերժվում է: Մի՞թե Սուրբ
Գիրքը չի ասում, որ նրանք այդպես կվարվեն: Ամեն բան հաստատված է Աստծո կողմից:
130. Դա պետք է ձեզ լցներ ուրախությամբ: Դա է այսօրվա և այն
ժամանակվա քրիստոնյաների միջև եղած մեծ տարբերությունը: Երբ այդ մարդկանց սրտերում
բնակվում էր Հիսուս Քրիստոսի հայտնությունը որպես Էմմանուել… Նրանք հաստատուն
մարդիկ էին: Բայց այսօր մարդիկ գերադասում են լսել հարանվանությունների ձայնը, որը
նրանց ասում է. «Այդ մարդիկ հայտնություն չունեն: Ավելի լավ է՝ մեզ մոտ եկեք»: Այդ
ժամանակ դուք հիմնվում եք նրանց հայտնության վրա: Եվ եթե նրանց հայտնությունը չի
համապատասխանում Աստծո Խոսքին, ուրեմն կեղծ է: Լինի դա իմ հայտնությունը, կամ
ուրիշինը, չափանիշը դա է: Աստծո Խոսքն է մեզ ասում՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ:
131. Ամեն սերմի համար հող է պետք. դա ակնհայտ է: «Որովհետև նրանց,
ում սկզբից ճանաչեց…»: Տեսնում եք, Նա արդեն գիտեր, թե ինչ էր կատարվելու: Հիսուսը
դա կրկնեց, երբ խոսեց սերմի մասին. «Եվ մի քանիսն ընկան քարքարոտ տեղում… և մի
քանիսն ընկան փշերի մեջ»: Այնտեղ, ուր փշեր կամ տատասկներ կան, սերմը չի կարող
աճել: Բայց մի քանի սերմեր ընկան լավ հողի մեջ, պարարտ հողի մեջ, որն արդեն
պատրաստված էր:
132. Ամեն մարդ նման է այն ճուտիկին, որի մասին արդեն խոսել եմ, որն
անընդհատ փնտրում է, փորձում է գտնել: Նա գտնում է այս բանը, այն բանը, բայց ահա
հանկարծ երկնքից կանչ է լսվում: Նա անմիջապես ճանաչում է դա. «Սա Աստծո Խոսքն է»:
Հասկանու՞մ եք, նա ճանաչում է դա, որովհետև նրա սրտում մի բան կա, որն իրեն
հայտնում է այդ մասին:
133. Ուշադրություն դարձրեք. Եսայի մարգարեն ասաց. «Կույսը կհղիանա»:
Ի՜նչ տարօրինակ հայտարարություն: Ինչպե՞ս կարող է առողջ դատողություն ունեցող
մարդը նման բան ասել: Երբեք ոչ մի կույս չէր հղիացել: Բայց ահա՝ «Կույսը պիտի
հղիանա»: Նա չանհանգստացավ, պարզապես ասաց այդ: Ինչպե՞ս էր դա լինելու: Դա իր
գործը չէր: Նա միայն ասաց այն, ինչ Աստված էր ասել: Աստված նրան հայտնություն
տվեց, ցույց տվեց տեսիլքով: Աստված նրան ցույց տվեց, և դա ճշմարտություն էր:
134. Նույն Աստվածն ինձ ասաց, որ այդ զույգը երեխա էր ունենալու՝
փոքրիկ աղջիկ, այն դեպքում, երբ նրանք այլևս երեխա ունենալ չէին կարող: Եվ դա
նույնպես այնքան տարօրինակ էր այն դեպքում, երբ բժիշկը հայտարարել էր. «Դա անհնար
է»:
135. Եթե Աստված է ասում. «Դա լինելու է», կախված է նրանից, թե ինչ
հողում է ընկել Խոսքը: Մարգարեն հայտնվում է, Աստծո Խոսքը դուրս է գալիս:
136. Ծննդոց 1-ին գլխում Աստված ասաց. «Թող լույս լինի: Թող այս
լինի, թող այն լինի…»: Նա ստեղծեց մարդուն Իր պատկերով: Նա ստեղծեց տղամարդուն և
կնոջը: Սկզբում ոչինչ չկար երկրի վրա: Ծննդոց գրքում տեսնում ենք, որ Նա մարդուն
ստեղծեց Իր պատկերով: Արարչագործությունն ավարտելուց հետո դեռ մարդ չկար հողը
մշակելու համար: Բայց ինչպե՞ս էր այդ ամենը կատարվել: Նրա ասած Խոսքով: Երբ Նա
խոսեց, ասաց. «Թող լույս լինի»: Եթե նույնիսկ լույսը ութ հարյուր տարի հետո
հայտնվեր, անպայման լինելու էր, որովհետև Նա խոսել էր: Եվ երբ Նա ասաց. «Թող
արմավենի լինի, թող կաղնի լինի, թող այս լինի, այն լինի…», սերմերը սկսեցին
ձևավորվել ջրի տակ: Դա ճիշտ է: Եվ հարմար ժամանակին հողից դուրս եկան: Աստծո Խոսքը
չի կարող չկատարվել: Այն պարզապես չի կարող չիրականանալ, երբ ասվել է:
137. Նախկինում Աստված մարդու հետ խոսում էր դեմ առ դեմ: Բայց
Մովսեսի ժամանակ, երբ երկնքից կրակ իջավ, նրանք ասացին Մովսեսին. «Դու խոսիր մեզ
հետ, և մենք քեզ կլսենք: Բայց թող Աստված չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»:
138. Այդ ժամանակ Աստված ասաց. «Ես քեզ նման մարգարե կհանեմ իրենց
եղբայների միջից, Իմ խոսքերը կդնեմ իր բերանում, և նա կասի այն ամենը, ինչ ես
կպատվիրեմ»: Աստված միշտ այդպես է արել:
139. Ահա մի մարգարե. նա կանգնած է ներշնչանքի տակ: Նրան չեն
մտահոգում ինտելեկտուալ կարծիքները. «Սպասիր մի րոպե, եթե ես ասեմ սա, մարդիկ
կմտածեն, թե ես խելագար եմ»: Եթե նա այդպես ասեր, կառաջնորդվեր իր հասկացողությամբ
և դրանով կլսեր սատանային, ինչպես Եվան:
140. Բժիշկն ասաց. «Դուք չեք ապրի: Ձեր հիվանդությունն անբուժելի է:
Դուք չեք կարող այս անել, այն անել…»: Քանի դեռ դուք լսում եք նրա փաստարկները,
սերմը չի կարող պարարտ հող գտնել և աճել: Դա անհնար է: Բայց երբ ինչ-որ բան այդ
ամենը պոկում է, սերմը կընկնի պատրաստված հողի մեջ, և ոչինչ չի կարող այն հանել:
141. Կարևոր չէ, թե ինչքան ժամանակում դա կլինի, բայց անպայման
կիրականանա: «Կույսը կհղիանա»: Գիտե՞ք, որ դա կատարվեց ութ հարյուր տարի հետո:
Բայց Աստված արդեն ճանաչում էր այդ կնոջը, գիտեր, թե ով է լինելու, ինչ է լինելու
նրա անունը: Նա գիտեր, թե որտեղ է ընկնելու այդ Սերմը: Հավատու՞մ եք դրան: Իհարկե,
Նա գիտե՛ր: Եվ այդ մեծ հրաշքն իրականացավ մարմնեղեն մարմնի մեջ: Աստված դա գիտեր:
Նա պարզապես դա հայտնեց Իր հավատարիմ մարգարեին, ով միայն Իր Խոսքն էր հաղորդում:
Նույնիսկ նա չմտածեց, թե դա ինչ կարող է նշանակել, պարզապես հաղորդեց: Նա երբեք
չփորձեց դատողություններ անել դրա վերաբերյալ:
142. Երբ փորձում եք դատողություններ անել… Ի՞նչ կլինի, եթե այդ
տղամարդը, այդ կինը, այդ հաշմանդամը կամ որևէ այլ մեկը փորձի դատողություններ
անել, տրամաբանել՝ ասելով. «Ես հաշմանդամ եմ եղել այսքան տարի: Եվ բժիշկն ասել է,
որ ես ոչ մի հույս չունեմ բժշկվելու..»: Բայց ճշմարտությունն այն է, որ դա վեր է
մարդկային հասկացողությունից:
143. Բայց եթե ինչ-որ բան պոկի այդ մոլախոտերը, եթե Աստված Իր
շնորհքով… Ոչ թե քարոզիչը կամ մեկ ուրիշը, այլ Աստված ձեր սրտում հայտնություն
դնի, որը ձեզ հավատք կտա՝ «Ես կբժշկվեմ», այդ ժամանակ ոչինչ չի կարող ձեզ պահել:
Ոչինչ չի կարող ձեզ պահել հիվանդության մեջ, դուք կբժշկվեք: Բայց քանի դեռ դա ձեզ
հետ չի կատարվել, կկատարվի այն, ինչ բժիշկն է ասել: Մինչև որ դա ձեր մեջ կատարվի…
Պետք է հայտնություն լինի: Աստծո շնորհքն է ձեզ հայտնություն տալիս:
144. Ուշադրություն դարձրեք, որ Աստված ճանաչում էր այդ կնոջը, ում
հետ պետք է դա կատարվեր: Եսային ոչ մի հարց չտվեց: Նա չասաց. «Ո՛հ, Տեր, մի րոպե
սպասիր: Ի՞նչ ես Դու ինձ ասում: Կույսը կհղիանա՞: Բայց, Հայր, երբեք նման բան չի
եղել»:
145. Նա չվարանեց, պարզապես ասաց. «Կույսը կհղիանա»: Դա ճիշտ է:
146. Մի՞թե Մարիամն ասաց. «Բայց Տեր, ես դեռ այր չգիտեմ: Դա անհնար
է: Երբեք նման բան չի եղել: Ո՛հ, ո՛չ, երբեք չի եղել: Ինչպե՞ս կարող եմ երեխա
ունենալ: Ես այր մարդու չգիտեմ, ուրեմն չի կարող լինել: Հրեշտա՛կ, դու սխալվում
ես: Ես տեսողական պատրանք եմ ունեցել: Իմ եկեղեցում ասում են. «Հրաշքների օրերն
անցել են»: Սերմն այդպիսի հողի մեջ չէր ընկնի: Բայց Մարիամը չկասկածեց:
147. Նա հարցրեց. «Այդ ինչպե՞ս կլինի. չէ՞ որ ես դեռ այր չգիտեմ»:
148. Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և
Բարձրյալի զորությունը քեզ հովանի կլինի»:
149. Եվ Մարիամն ասաց. «Ահա Տիրոջ աղախինն եմ, թող ինձ քո ասածի պես
լինի»:
150. Երբ Աստված Իր Խոսքը հայտնության միջոցով հաստատեց Եսայիի
սրտում, սերմն ընկավ լավ հողի մեջ. նա մարգարե էր: Այդ մարգարեին չէր հետաքրքրում
մարդկային իմաստությունը: Նրան չէր հետաքրքրում մարդկային գիտությունը: Նա
մարդկանց կարծիքը հաշվի չէր առնում: Նա Աստծո Խոսքը փոխանցելու միջոց էր, և երբ
Աստված խոսում էր, նա խոսում էր: Ահա ամենը: Վիրավորական է թե ոչ, անմտություն է
թվում թե ոչ, դա նրան չէր հուզում: Աստված էր խոսում, ոչ թե մարդը:
151. Երբ Խոսքն ասվում էր, սերմ էր դառնում, և պետք է, որ ինչ-որ տեղ
ընկներ: Եթե Աստված ասել էր, պետք է արգանդ լիներ, որ ընդուներ այդ Սերմը: «Ամեն
բան հնարավոր է հավատացողին: Եթե այս լեռանն ասեք. «Ելիր ու ծովն ընկիր», և ձեր
սրտում չկասկածեք, այդպես էլ կլինի: Եվ ամեն բան, ինչ որ աղոթքի մեջ խնդրեք
հավատալով, դուք պիտի ստանաք»: Տեսեք, ինչ-որ տեղ պետք է լինի: Դա ճիշտ է:
152. Ուշադրություն դարձրեք. տեսանք, որ Եսային ասաց Խոսքը:
153. Ինչ վերաբերում է Մարիամին, հողն արդեն պատրաստ էր: Նա կույս
էր: Նա այս ու այն կողմ չէր վազել: Հողն արդեն պատրաստված կամ նախասահմանված էր
Աստծո կանխագիտությամբ:
154. Գրված էր. «Նա կույս է»: Աստված արդեն գիտեր նրա անունը: Նրա
անունն արդեն գրված էր երկնքում, Կյանքի Գրքում:
155. Այնուհետև Խոսքը հաստատվեց: Մարդիկ Խոսքի հաստատումը տեսան
գործերով, երբ այն իրականացավ: Այժմ մենք ետ ենք նայում և ասում. «Անշուշտ, այդ
Խոսքը կատարվեց»: Որովհետև տեսնում ենք կատարված գործերը:
156. Նոյի գործերն արտահայտվեցին մարդկանց առաջ Աստծո խոստումների
հանդեպ նրա հավատքով: Աստված խոսեց Նոյի հետ և ասաց նրան. «Նո՛յ, անձրև է գալու:
Ես կործանելու եմ աշխարհը ջրով»: Դա անհավանական էր թվում, քանի որ երբեք
նախկինում անձրև չէր եկել: Բայց Աստված նրան ասաց. «Պատրաստիր մի տապան իմ ասած
չափսերով»: Եվ նա հյուսն լինելով գործի անցավ՝ վերցրեց իր գործիքները, սկսեց
գերաններ կտրել խեժաբեր փայտից և կուպրով ծեփեց, ինչպես Աստված ասել էր:
Պատկերացրեք, թե ինչ կմտածեին մարդիկ:
157. Նրանք կմտածեին. «Այս մարդը խելագար է: Նա ասում է, որ երկնքից
ջուր է գալու: Մինչդեռ երկնքում ջուր չկա»: Բայց, տեսեք, Նոյին այդ բաները չէին
հուզում: Նրա գործերն արտահայտում էին իր հավատքը, և այն, որ Աստծո ասածն
իրականանալու էր:
158. Դրա համար է ճշմարիտ հավատացյալը զատվում այն ամենից, ինչ Աստծո
Խոսքով չէ, ինչ էլ որ մարդիկ ասեն: Նա զատվում է, որովհետև… Նա միայն չի ասում, որ
զատվում է: Եթե այդպես լիներ, նրա գործերը շուտով դա կբացահայտեին: Նա կընկներ և
հետ կգնար, կմիանար այս կամ այն խմբին, կաներ այս կամ այն բաները, կբացահայտեր իր
ով լինելը: Բայց եթե նա ճշմարիտ քրիստոնյա է, եթե Աստծո Խոսքը տեղ է գտել նրա մեջ,
նա իր տեսակի պես պտուղ կտա, և կտեսնեք, թե ինչպես է նա պատրաստվում այդ մեծ ժամի
համար: Այդպես վարվեց Նոյը:
159. Մովսեսը՝ գավազանը ձեռքին, եկավ ազատելու ժողովրդին Փարավոնի
իշխանությունից: Կարո՞ղ եք պատկերացնել… Աստվածաշունչն ասում է, որ Մովսեսը
սովորել էր եգիպտացիների ողջ իմաստությունը: Նա խելացի էր և կարող էր ինտելեկտուալ
բաներ սովորեցնել: Նա սովորել էր նրանց ողջ գիտությունը: Նա կարիք չուներ
շարունակելու իր ուսումը: Պատկերացրեք, որ այդպիսի գիտելիքներ ունեցող մարդը
զբոսնում է անապատում… և հանկարծ Աստված հայտնվում է նրան և ասում. «Մովսես,
վերցրու քո ձեռքի գերեզմանը, իջիր Եգիպտոս և այդ գավազանով կազատես Իմ ժողովրդին:
Դու ամեն բան կանես այդ գավազանով»:
160. Ի՞նչ կլիներ, եթե Մովսեսն ասեր. «Ո՛հ, մի րոպե, խնդրում եմ: Ես
կարծում էի, թե խոսում եմ ինտելեկտուալ Էակի հետ, այն փառավոր ԵՍ ԵՄ-ի հետ, ինչպես
Քո մասին ասացիր: Ինչպե՞ս կարող եմ իմ այս ծուռ գավազանով հաղթել միլիոնավոր
նիզակակիր ռազմիկների բանակին, երբ ես ինքս ռազմիկ չեմ, հովիվ եմ: Ինչպե՞ս կարող
եմ այդ անել:
161. Բայց նա ոչ մի նման հարցեր չտվեց: Ինչու՞, ինչու՞: Որովհետև նրա
սրտում հողը պատրաստված էր: Նա նախասահմանված մարդ էր: «Որովհետև Աստծո պարգևներն
ու կոչումն անդառնալի են»: Աստված Աբրահամին ասել էր, որ անելու է այդ, և հողը
պատրաստվեց:
162. Մովսեսը վերցրեց իր գավազանը, իջավ Եգիպտոս և այդ երկրից հանեց
իր ժողովրդին: Մովսեսը գնաց Փարավոնի մոտ և նրան ասաց. «Արձակիր իմ ժողովրդին»:
Փարավոնը Մովսեսի գործերից տեսավ, որ նա հավատում է այն բաներին, որ պատրաստվում է
անել, կամ փորձում է անել: Նա հավատում էր Աստծո տված խոստումին, և իջավ Եգիպտոս
ազատելու ժողովրդին: Ոչ մի ուրիշ մարդ դա չէր անի, ոչ մի ուրիշ մարդ չէր կարող դա
անել: Բայց նա նախասահմանված էր այդ անելու համար: Աստված նախապես Աբրահամին ասել
էր, որ հենց այդպես էր դա լինելու: Երբ ժամանակը հասավ, մի մանուկ ծնվեց: Նրա
ծնողները՝ Ամրամն ու Հոքաբեդը չվախեցան թագավորի հրամանից: Տեսնու՞մ եք, ինչ-որ
բան կար. հողը պատրաստված էր:
163. Ո՛վ Աստված, այս երեկո երբ խոսում եմ, ես հուսով եմ, որ հողը
պատրաստված է: Եթե Սերմն ընկնի լավ հողի մեջ, արդյունք կտա… Այլապես ոչինչ դուրս
չի գա:
164. Դուք կասեք. «Բրանհամ եղբայր, ինչ-որ բան պակասում է մեզ»: Եթե
այդպես է, ուրեմն քրիստոնեությունն է ձեզ պակասում: Դուք կարող եք ամեն ինչին
նմանակել: Բայց երբ ճշմարիտը գալիս է, երբ Աստծո Խոսքն ընկնում է լավ հողի մեջ,
պտուղ է տալիս իր տեսակի պես: Այլ կերպ չի կարող լինել, որովհետև Խոսքը Սերմ է:
165. Մովսեսի գործերն արտահայտում էին այն հավատքը, որը նա ուներ
Աստծո խոստումների հանդեպ: Փարավոնը, մարդը կարող էր դա տեսնել: Նա չէր կարող
հասկանալ, թե ինչպես էր Մովսեսն այդ անելու, բայց գիտեր, որ Մովսեսը հավատում է իր
ասածին, որովհետև հակառակ դեպքում պալատ չէր գնա գավազանը ձեռքին: Նա ասաց. «Այս
գավազանով ես կազատեմ նրանց քո իշխանությունից»: Մինչդեռ նա ծերուկ էր, արդեն
ութսուն տարեկան էր: Ըմբիշ չէր, ծեր էր, նրա ուսերը կորացել էին, հավանաբար երկար
մորուք ուներ: Մազերն էլ սպիտակած կլինեին, եթե մազեր դեռ ունենար: Գավազանը
ձեռքում բռնած՝ նա ասաց. «ԱՅՍՊԵՍ Է ԱՍՈՒՄ ՏԵՐԸ. արձակիր իմ ժողովրդին: Եթե
չարձակես, Աստված կդատի քեզ»: Ամեն: Արդյո՞ք նա վախենում էր: Բավական էր մեկ նետ,
նիզակի մեկ հարված, և նրան կոչնչացնեին: Բայց նա վախ չուներ: Հաստատ գիտեր, թե
որտեղ է ինքը: Դրա համար կարողացավ ասել. «Փարավո՛ն, Աստված քեզ կհարվածի»:
166. Որովհետև Աստված նրան ասել էր. «Դու կվերադառնաս այս լեռան
վրա»: Եվ նա գիտեր, որ վերադառնալու է:
167. Ալելուիա՛: Մենք գիտենք, թե ուր ենք գնալու այս ճամփորդության
վերջում: Աստված դա խոստացել է մեզ: Գետի այն կողմում երկիր կա: Անվախ եղեք ձեր
վկայության մեջ: Ամեն: Եթե հայտնություն եք ստացել, անվախ կլինեք: Ինչ էլ ասի ողջ
աշխարհը, դուք չեք վախենում: Երբ դա բացահայտված է քեզ համար, դու գիտես, որ
Աստծուց եկող ճշմարտությունն է: Միայն այդ ժամանակ կարող եք անվախ լինել: Այլ կերպ
հնարավոր չի:
168. Դավիթը, իր հասարակ պարսատիկով, ողջ Իսրայելի առաջ արտահայտեց
իր Աստծո հանդեպ ունեցած հավատքը: Մյուս կողմում Գողիաթն էր իր ամբարտավան
պահվածքով: Նա Դավթից բարձրահասակ էր, նրա մատների երկարությունը երեսուն
սանտիմետրից ավելի էր: Նա վիթխարի մարդ էր, փղշտացի հսկա: Եվ գիտեք, որ Դավիթը շատ
փոքր էր, այնքան փոքր էր, որ նրան պատերազմ չէին տանում: Նա ցածրահասակ էր, նրանց
համար հարմար չէր: Բայց նրա բոլոր եղբայրները բանակում էին: Իսկ այնտեղ պարծենում
էր Գողիաթը:
169. Բայց հիշեք, որ Դավիթը հայտնություն էր ունեցել: Նա մտածում էր.
«Ի՞նչ է լինելու այն մարդուն, որ կսպանի այս փղշտացուն ու Իսրայելից նախատինքը
կվերացնի: Քանի որ ո՞վ է այս անթլփատ փղշտացին, որ նախատում է կենդանի Աստծո
զորքերին»: Այսօր մենք այդ հսկային կարող էինք անվանել «քաղցկեղ» կամ
«կաթվածահարություն»:
170. Ինչ զենք էլ նրան տային, Դավիթը չէր կարող հավասարվել այդ
փղշտացու հետ: Այս Գողիաթը գուցե հինգ մետր հասակ ուներ: Նրա գեղարդը ջուլհակի
ասեղի նման գուցե տասներկու ֆուտ երկարություն ուներ, իսկ դրա սայրը գուցե չորս
ֆուտ լայնություն ուներ:
171. Եվ ահա այնտեղ կանգնած է փոքրիկ Դավիթը իր պարսատիկով, որն
ընդամենը կաշվի կտոր էր՝ երկու թելերով ամրացրած: Բայց նա հայտնություն ուներ:
Հայտնությունը ցնցեց նրան: Ամեն: Նա ասաց. «Առյուծի ու արջի ձեռքից ինձ ազատող
Տերն այս փղշտացու ձեռքից էլ կազատի»:
172. Մինչդեռ նրա եղբայրներն իրենցից ավելի ընդունակ էին այդ անելու
համար: Սավուղն էլ մեկ գլուխ բարձր էր իր բանակի բոլոր մարդկանցից: Բայց ահա,
նրանք հայտնություն չէին ստացել: Ամե՛ն: Այդպես էր: Նրանք հավատում էին, որ դա
կարող է կատարվել, հավատում էին, որ Աստված կարող է այդ անել, բայց հայտնություն
չէին ստացել: Իսկ Դավիթը ստացել էր: Դա էր ողջ տարբերությունը: Եթե իրոք
հայտնություն եք ստացել, որ Աստված ձեզ բժշկելու է, ուրեմն բժշկություն կստանաք:
(Չձայնագրված հատված. Ծան. խմբ.): Դուք դա կստանաք: Ինչ խնդիր էլ ունենաք, ինչ
հանգամանքներ էլ լինեն (գուցե Դավթի և Գողիաթի դեպքից ավելի դժվար լինի)… Բայց եթե
հայտնություն եք ստացել…
173. Ուշադրություն դարձրեք, որ երբ Դավիթը հայտնություն ստացավ,
անվախ դարձավ: Նա ասաց. «Այսօր ես քո գլուխը կկտրեմ: Ամե՛ն: Նույն օրը: Մեր
Աստվածը Իր շնորհքով այն վճռական պահին, երբ պետք է որոշում ընդունվեր… նույն
Աստվածը, ով այն օրը ցույց տվեց Իր շնորհքը և հավատքի սերմը ցանեց այդ տղայի
սրտում, երբ զանազանեց նրա սրտում եղածը, նույն Աստվածը այս վճռական պահին կարող է
այս կնոջը հանել այս անվասայլակից և բժշկել այս տղամարդուն, եթե նրանք կարողանան
հավատալ: Երբ հավատքի այդ փոքրիկ սերմը բացահայտվում է ձեզ համար… Եվ կարևոր չէ,
թե ինչքան ժամանակ կպահանջվի…
174. Ուշադրություն դարձրեք, որ մյուս կողմում կանգնած այդ հսկան չէր
հավատում: Քաղցկեղն էլ չի հավատա: Գողիաթը ծիծաղելով ասաց. «Մի՞թե ես շուն եմ: Ինձ
հետ կռվելու համար երեխա՞ եք ուղարկում: Ես քեզ իմ գեղարդի ծայրով կբարձրացնեմ և
մարմինդ կտամ թռչուններին ուտելու»: Դա ճիշտ է, թվում է, որ հաջողություն
հնարավորություններն իրենն էին:
175. Բայց չնայած ամեն ինչին՝ ոչինչ չսասանեց Դավթին: Ինչու՞:
Որովհետև հայտնություն էր ստացել: Նա հավատում էր այն բանին, ինչ պետք է աներ: Նա
գիտեր, որ հաջողություն է ունենալու: Եվ հաջողություն ունեցավ, որովհետև
հայտնություն էր ստացել և գիտեր՝ ինչպես վարվել:
176. Եվ եթե այսօր, այս երեկո Աստված խոսի ձեր սրտի հետ և ասի. «Դու
չես մնա անկողնում գամված, դու չես մնա այդ անվասայլակում նստած, դու առողջանալու
ես», այդ դեպքում ոչինչ չի կարող ստիպել ձեզ, որ կասկածեք:
177. Բայց մինչ այդ աշխարհի բոլոր քարոզիչները կարող են աղոթել… (ես
չեմ ասում, որ դա ձեզ օգուտ չէր տա. անկասկած դա ձեզ կքաջալերեր): Բայց քանի դեռ
այդ հավատքը… Լավ հասկացեք սա. բժշկության զորությունը ձեր մեջ է: Այն չի գալիս
քարոզչից: Այն ձեր մեջ հայտնվում է հայտնության միջոցով, հավատքով: «Ոչ թե
զորությունով, ոչ թե ուժով, այլ իմ Հոգով,--ասում է զորաց Տերը»: «Իմ Հոգին, Իմ
Շնորհքն է ձեզ հայտնում այդ բաները»: Եվ ոչինչ չի կարող դա խլել ձեզանից:
Հավատքո՛վ, հայտնությա՛մբ… Այդ ժամանակ Դավիթը իր հավատքը դրսևորելու համար…
178. Նրա եղբայրները նրան ասացին. «Չար տղա, դու եկել ես այստեղ
պատերազմը տեսնելու, հիմա շուտ վերադարձիր ոչխարները պահելու»:
179. Նա նրանց պատասխանեց. «Թույլ տվեք խոսեմ զորավարի՝ Սավուղի
հետ»:
180. Բայց Սավուղը նրան պատասխանեց. «Որդիս, ես հիանում եմ քո
քաջությամբ, բայց դու ընդամենը երեխա ես, իսկ նա իր մանկությունից ի վեր պատերազմի
մարդ է: Դու զորություն չունես նրան հաղթելու»:
181. Այդ ժամանակ Դավիթը նրան ասաց. «Քո ծառան իր հոր ոչխարներն էր
արածեցնում…»: Նա կարող էր իր հավատքը ինչ-որ բանի վրա հիմնել: Ամեն: Ո՛հ,
եղբայրներս… Աստված որ փրկել է ձեր հոգին, չի՞ կարող բժշկել ձեր մարմինը: Նա միշտ
նույնն է, Նա ուզում է բացահայտվել ձեզ, Նա ձեզ բժշկողն է, ինչպես և փրկողը:
Հասկանու՞մ եք դա: Բայց պետք է, որ նախ հայտնություն ստանաք. ամեն բան դրանից է
կախված: Դավիթն ուներ մի բան, որի վրա կարող էր հիմնել իր հավատքը:
182. Դավթին ասացին. «Բայց նախկինում երբեք նման բան չի եղել»:
183. Բայց Դավիթը պատասխանեց. «Առյուծի ու արջի ձեռքից ինձ ազատող
Տերն այս փղշտացու ձեռքից էլ կազատի»: --- Որտեղի՞ց դա գիտես, Դավի՛թ: --- Ես
հավատում եմ դրան: --- Ինչու՞: --- Ինձ հայտնություն է տրվել:
184. Նա գիտեր, թե ինչի մասին է խոսում: Դրա համար երբ հսկան նրան ասաց.
«Ես քո մարմինը կտամ թռչուններին ուտելու», նա կարողացավ պատասխանել. «Իսկ ես
կտրելու եմ քո գլուխը»: Ահա ողջ տարբերությունը: Դավիթն իր ասածն արեց:
185. Մի անգամ դաշտում Սամսոնին հանկարծակիի բերեց փղշտացիների
հազարանոց բանակը: Նա նայեց շուրջը և տեսավ էշի մի դիակ: Նա վերցրեց էշի ծնոտը և
սկսեց հետապնդել նրանց՝ այդ ծնոտով հարվածելով: Որքան գիտեմ, դրանից մեկ ատամ էլ
չընկավ: Եվ հավանաբար փղշտացիների սաղավարտները շատ հաստ էին, որովհետև այն
ժամանակ սովորություն ունեին մահակներով կռվելու: Բայց նա վերցրեց էշի ծնոտը և
դրանով տապալեց հազար փղշտացու, բայց ծնոտը չկոտրվեց: Նա անդադար հարվածում էր
նրանց, հենց մոտենում էին: Զորքի մնացած մասը փախավ սարերը: Ինչու՞ նա կարողացավ
այդ անել: Որովհետև նա հավատաց:
186. Կուզեի ձեզ էլի մի բան ասել: Պետք է գործեք ներքին մղումով,
օգտվեք հարմար պահից, ինչպես այդ արեցին Հեսուն, Մարիամ Մագդաղենացին և մյուսները:
Հենց որ հայտնություն եք ստանում, կառչեք դրանից: Կառչեք այդ պահից:
187. Այո, նա հայտնություն ստացավ: Դրանից հետո դուրս եկավ հազարավոր
փղշտացիների դեմ: Պատկերացրեք, թե ինչ կասեին այդ փղշտացիները. «Նայեք այս թզուկ
Սամսոնին իր մի թիզ բոյով և մեջքին փռած յոթ հյուսքերով. իսկական մամայի բալիկ: Նա
մեր դեմ դուրս է եկել էշի ծնոտով, իսկ մենք մեծ բանակ ենք: Ծիծաղելի չէ՞»: Բայց
այդ պահին ի՞նչ էր նա անում: Փղշտացիների առաջ արտահայտում էր այն, ինչ իրեն
հայտնվել էր Աստծուց: Նա վերցրեց այդ ծնոտը և գրոհեց նրանց վրա, որովհետև դա այն
զենքն էր, որն Աստված է դրել իր ձեռքում: Աստված այդ զենքը դրել էր իր ձեռքում, և
Սամսոնը հավատաց, որ կարող է հաղթել այդ զենքով: Այդ անելով նա փղշտացիների առաջ
արտահայտեց այն, ինչ Աստված դրել էր իր սրտում:
188. Հովհաննես Մկրտիչն իր հավատքն արտահայտեց իր գործերով. նա ասաց.
«Ձեր մեջ կա Մեկը…»: Մտածեք այդ մասին: Ես նշել եմ այդ հատվածը՝ Հովհ.1:26:
189. Մարդիկ ասում էին. «Դու ասում ես, որ Մեսիա՞ն է գալու: Ի՞նչ է
քեզ հետ կատարվում: Չորս հազար տարի է Նրան ենք սպասում»:
190. Բայց Հովհաննեսը նրանց պատասխանեց. «Նա ձեր մեջ է»: Ալելուիա՛:
Այս երեկո նույնպես Նա մեր մեջ է:
191. Նա իր հավատքն արտահայտեց իր ստացած հայտնությամբ, որովհետև
նրան հայտնվեց, որ… Նա գիտեր, որ մկրտելու է Մեսիային: Հովհաննեսը երեսուն տարեկան
էր: Նա գիտեր, որ Մեսիան գտնվում է ինչ-որ տեղում, բայց դեռ չգիտեր, թե ով է Նա:
Եվ ահա նա տեսնում էր Նրան իրենց մեջ կանգնած: Դրա համար նա ասաց. «Ձեր մեջ կա
Մեկը, ում դուք չեք ճանաչում, և ես նրա կոշիկների կապերը քանդելու արժանի չեմ: Նա
ձեզ մկրտելու է Սուրբ Հոգով: Հիմա Նա ձեր մեջ է»: Նա արտահայտեց իր հավատքը,
որովհետև գիտեր, որ իր կենդանության ժամանակ տեսնելու է և մկրտելու է Աստծո
Մեսիային: Տեսնելով նրա քարոզելու ձևը, գործելու եղանակը՝ մարդիկ կարող էին
տեսնել, որ նա Աստծուց ճշմարիտ հայտնություն է ստացել:
192. Հաստատելու համար, որ այդ հայտնությունը ճշմարիտ է, Մեսիան
դուրս եկավ բազմությունից և մոտեցավ Նրան: Նա սովորական մարդ էր, բոլորի նման
հագնված: Հովհաննեսն ասաց. «Ահա Աստծո Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը»:
193. --- Որտեղի՞ց գիտես:
194. --- Նա ինձ ասաց անապատում. «Ում վրա դու տեսնես Սուրբ Հոգին
կիջնի և կմնա, Նա է, որ մկրտում է Սուրբ Հոգով»:
195. Նա ճանաչեց Նրան, որովհետև պետք է լիներ այդ ժամանակի համար
սահմանված նշանը: Զանազանու՞մ եք դուք այդ նշանը: Հովհաննեսը ճանաչում էր
ժամանակը, որովհետև մարգարե էր: Նա հայտնություն ուներ, որ երբ ժամանակը գար, նշան
էր տեսնելու: Եվ երբ նշանը տեսավ, ասաց. «Նա ձեր մեջ է»: Նա գիտեր, որ այնտեղ է:
196. Ո՛հ, ես տեսնում եմ նշանը, որը ցույց է տալիս, որ վերջին
ժամանակներն են: Ես տեսնում եմ, որ կատարվում են վերջին ժամանակների պատգամի հետ
կապված բաները ճիշտ այնպես, ինչպես ցույց է տվել Սուրբ Գիրքը: Ես դա ասում եմ
առանց նվազագույն կասկածի: Ես հավատում եմ, որ ժամանակը շատ մոտ է, որովհետև
տեսնում եմ այն նշանները, որոնց մասին Նա ասել է, որ լինելու են այդ ժամանակից
առաջ: Ամեն բան կարող է կատարվել հիմա:
197. Հովհաննեսն արտահայտեց իր հավատքը Աստծո տված հայտնության
հանդեպ: Ահա թե ինչու գործերը հավատքի վկայությունն են: Երբ մարդիկ տեսնում են, որ
դու քեզ պահում ես բժշկվածի պես, իմանում են, որ բժշկվելու հավատք ունես:
198. Ի՞նչ է ասում վկայությունը: Ասում է. «Ես հիմա դա ունեմ,
որովհետև ստացել եմ Աստծո խոստումը: Այժմ դա գործում է իմ մեջ: Ես հիմա
պատրաստվում եմ, որ դա կատարվի»: Ձեր գործերն են այդ անում: Դա ճիշտ է:
199. Ահա թե ինչ կատարվեց Աֆրիկայում իմ նախավերջին ճամփորդությունից
առաջ: Այնտեղ մի երեխա կար խեղված ոտքերով, և մեկ ոտքը մյուսից կարճ էր: Նա երբեք
չէր կարողացել կոշիկ հագնել: Սարսափելի խեղված էին նրա ոտքերը: Նրա ծնողները,
տեսնելով հիվանդների համար արվող աղոթքների ժամանակ կատարված հրաշքները, ինձ հետ
աղոթեցին իրենց երեխայի համար: Հաջորդ օրը կոշիկի խանութ գնալով՝ տեսա, որ հայրը
մեկ զույգ կոշիկ է գնում իր երեխայի համար: Ահա թե ինչ է նշանակում հավատք
ունենալ:
200. Ինչպես այն մարդը, ով հավատաց, որ Աստված իրեն երեխա է տալու:
Նա իրոք հավատում էր և պատրաստվում էր դրա համար: «Ես պատրաստություն եմ
տեսնում»,- ասում էր նա: Թեև ոչ մի տեսանելի նշան չկար, նա այնուամենայնիվ
հավատում էր: Աբրահամի պես, ով չեղած բանն արդեն կատարված էր համարում: Եվ ահա՛:
201. Եթե մեկն ասում է իր հասկացողությամբ. «Դա ճշմարտություն է,
Աստված է հիվանդությունների Բժիշկը» և դուք դա ընդունում եք ձեր հասկացողությամբ և
ասում եք՝ «դա ճիշտ է», բայց ձեր սիրտը պատրաստ չէ, որ հավատքն ընկնի այնտեղ ու դա
ապացուցի, դա չի կատարվի: Նաև եթե արտաքին մարդը իր մտքով ընդունի Խոսքը և ասի.
«Դա ճիշտ է», դեռ չի նշանակում որ իր համար դա ճիշտ է:
202. Ձեզանից քանի՞սն են ձայներիզներ ստանում: Ստացե՞լ եք իմ վերջին
քարոզը՝ «Վերջին ժամանակների օծյալները» (Ասված Խոսքը. շարք 1 թիվ 3 – ծան.
թարգմ.): Հավատու՞մ եք դրան: Ասվում է. «Որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ
մարգարեներ վեր կկենան ու մեծ նշաններ ու սքանչելիքներ կանեն, մինչև որ եթե
հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն»: Բայց ընտրյալներին մոլորեցնել անհնար
է, որովհետև իրոք ընտրյալներ են: Հասկանու՞մ եք դա: Լավ:
203. Բայց նա ասաց, որ «օծյալներ» են նրանք: Դուք հասկանում եք, որ
«քրիստոս» նշանակում է «օծյալ», բայց նրանք «հակա» էին: Նրանք օծված էին, բայց
«հակա», այսինքն իրենց ուսմունքով հակառակ էին Քրիստոսին: Բայց նրանք էլ կարող էին
անել այն, ինչ ուրիշներն էին անում:
204. Հիշեք, որ դուք երեք մասից եք կազմված, բայց մեկ անձ եք: Ինչպես
Հայրը, Որդին, Սուրբ Հոգին են նույն Աստծո երեք հատկությունները: Նույն Աստծո երեք
հայտնություն՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու: Դուք էլ երեք մասից եք բաղկացած՝ հոգի,
շունչ և մարմին:
205. Ձեր արտաքին մարդը հինգ մուտք ունի, որոնք հնարավորություն են
տալիս հաղորդակցության մեջ լինել ձեր երկրային բնակարանի հետ՝ տեսողության,
լսողության, համի, հոտառության և շոշափելիքի զգայարանները: Ներքին մարդը, որը
հոգին է, նույնպես հինգ զգայարան ունի՝ խղճմտանքը, սերը և այլն: Բայց ավելի
ներսում շունչն է, որը միայն մեկ զգայարան ունի: Դուք այդ զգայարանով եք ապրում:
206. Հոգին կարող է իջնել և ձեզ օծել ինչ-որ բան անելու համար, բաց
դա չի նշանակում, որ դուք փրկված եք: Մտածեք այդ մասին. Կայիափան մարգարեացավ,
Հուդան դևեր հանեց: Հոգին նրանց օծել էր: Այդ անձրևն իջնում է թե՛ արդարների, թե՛
մեղավորների վրա, որով ուրախանում են թե՛ մոլախոտը, թե՛ ցորենը: Բայց կարևորն այն
է, թե ինչ կա սրտում: Դրա համար, դուք՝ ինտելեկտուալ մարդիկ, եթե նույնիսկ այդ
բաներն ընդունում եք և ասում եք. «Այո, դա լավ է թվում, ես հավատում եմ», ոչինչ չի
փոխվում: Եթե նույնիսկ հոգին է վկայում այդ մասին, էլի ոչինչ չի ստացվի: Բայց եթե
այդ հոգին Աստծուց չէ, ինչքան էլ նմանակումներ անի, չի կարող իսկականը լինել:
Կարող ես ձևացնել, թե բժշկված ես, կարող ես ձևացնել, թե ստացել ես: Քրիստոնյաները
կարող են քրիստոնյայի դեր խաղալ և կատարյալ դերասաններ լինել, բայց դա չի նշանակում,
որ նրանք փրկված են: Դա զուտ ճշմարտություն է: Հոգին կարող է ներկա լինել, ճշմարիտ
Հոգին, իսկական Հոգին: Հոգին կարող է ձեզ օծել, բայց դա չի նշանակում, որ դուք
փրկված եք: Չի մեռնում երբեք ներքին մարդը, որը հավիտենական կյանք է ստացել: Դա
միշտ հավիտենական կյանք է եղել: Այն գալիս է Աստծուց և վերադառնում է Աստծո մոտ:
Դա անձի մեջ է:
207. Եթե Հիսուսը՝ Հոգին, որ ձեր մեջ է, ձեր հավատքը դրսևորվում է
արտաքնապես: Հասկանու՞մ եք: Դրա համար երբ ես կանգնած եմ այստեղ և նայում եմ ձեզ,
ես ձեզանից ոչ ոքի չեմ ճանաչում: Հոգին կարող է ինձ օծել, բայց անկախ ամեն ինչից,
ես ոչինչ չգիտեմ ձեր մասին: Բայց ներքին մարդու ամենախորքում Աստված է բնակվում:
208. Արտաքին մարդը դատողություններ է անում: Նա կասի. «Ես գիտեմ, որ
չպետք է շնություն գործեմ: Հոգին ինձ ասում է, որ չպետք է շնություն գործեմ: Բայց,
տեսնում ես, դա դեռ այնտեղ խորքում նստած է: Դա ձեզ վրա կիշխի, ուրեմն լավ կանեք
զգուշանաք:
209. Բայց երբ կառավարումը ներսից է, մերժում է դրսից եկող ամեն վատ
բան: Դա ցուցաձողն է, հսկիչի աշտարակը, ներսի ներսը: Շունչը ղեկավարում է հոգուն,
իսկ հոգին՝ մարմնին:
210. Դրա համար արտաքին սպիտակեցումը ոչինչ չի փոխում: Այդ
կրոնավորները, որոնց Պողոսն անվանում էր «ծեփած պատ», արտաքինից հարյուր
տոկոսոանոց հավատացյալ էին թվում, ունեին մարգարեություններ և մյուս բաները, բայց
ներքուստ չէին հավատում:
211. Դրա համար եմ ասում, որ մարդը կարող է ցատկել, լեզուներով
խոսել, հիվանդների վրա ձեռք դնել ու նրանք բժշկվեն, ամեն տեսակ մեծ գործեր անել
Հոգով, բայց կորսված լինել: Մինչդեռ նրանք օծված են:
212. Հիշեք, որ Հիսուսն ասաց. «Հավատացեք պարզապես, ամեն բան
հնարավոր է հավատացողին»: Հավատքն ու գործը ամուսնու և կնոջ նման են. միասին են
գործում: Ամուսինն աշխատում է կնոջ հետ, կինն՝ ամուսնու հետ. նրանք նույնանում են
իրար հետ:
213. Եթե մի տղամարդ ասի, որ ինքն ամուսնացած է, բայց չկարողանա
ասածը հաստատել և իր կնոջը ցույց տալ, դուք կկասկածեք իր խոսքերին: Այդ մարդը
կասի. «Ես ամուսնացած եմ»: --- Որտե՞ղ է ձեր կինը: --- Ես չեմ հասկանում, թե դուք
ինչի մասին եք խոսում: Տեսնու՞մ եք, ես կդժվարանայի հավատալ: Կհարցնեի նրան. ---
Իսկ որտե՞ղ է ձեր կինը: --- Ո՛հ, ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Ես չէի հավատա նրա ասածին:
214. Իսկ եթե դուք ունեք այն, ինչի մասին ասում եք, որ ունեք… Դուք
ասում եք. «Ես հավատք ունեմ»: Ինչպե՞ս կարող եք ինձ ցույց տալ ձեր ունեցած
հավատքը. գործերո՛վ: Հասկանու՞մ եք: --- Ես ամուսնացած եմ: --- Որտեղի՞ց կարող եմ
իմանալ, որ դուք ամուսնացած եք: --- Ահա իմ կինը: Տեսնու՞մ եք, ահա՛: --- Ես
ամուսնացած եմ, ահա իմ ամուսինը: --- Ես բժշկված եմ: --- Որտեղի՞ց գիտես:
215. Իմ գործերն ապացուցում են իմ հավատքը: Ձեր հավատքն այն է, ինչ
Աստված է տեսնում ձեր մեջ, գործն այն է, ինչ մարդիկ են տեսնում ձեր մեջ:
216. Ահա տարբերությունը Աբրահամի վերաբերյալ Հակոբի և Պողոսի
բացատրությունների միջև: Դրանք չեն հակասում իրար. նրանց բացատրությունները իրար
լրացնում են, ինչպես ամուսինն ու կինը:
217. Դրա համար եթե ձեր հավատքը գործերով չի արտահայտվում, բոլորն
իրավունք ունեն կասկածելու ձեր վկայությանը: Արդյո՞ք դուք լավ հասկացաք սա, աղոթքի
շարքը սկսելուց առաջ: Եթե ձեր հավատքը գործերով չի ուղեկցվում, դուք չեք կարող ոչ
ոքի հավատացնել, որ դուք բժշկված եք: Դուք կասեք. «Դե… ես ոչինչ չգիտեմ դրա մասին» կամ «Անշուշտ, ես
ամենամեծ հավատքն ունեմ»: Դա ճիշտ չէ: Որովհետև եթե հավատք ունենայիք, հավատքն ու
գործն ամուսնացած են իրար հետ: Ամուսնու և կնոջ նման են. նույնանում են իրար հետ:
218. Էլի մի քանի րոպե խորհրդածենք Աբրահամի դեպքի վերաբերյալ:
Աբրահամն այդ միությունը այնքան լավ էր հասկացել, որ իր հավատքին հակառակ բաները
համարում էր գոյություն չունեցող: Եվ նա գործում էր նույն սկզբունքների համաձայն:
Պատկերացնում եմ, թե ինչպես մեկը քսան տարի հետո գալիս է նրա մոտ և ասում. «Շատ
ազգերի հա՞յր: Աբրա՛մ, դու ասացիր, որ քո անունը փոխվել և Աբրահամ է դարձել, որը
նշանակում է «շատ ազգերի հայր»: Իսկ հիմա դու քանի՞ երեխա ունես, Աբրահա՛մ»:
219. Բայց դա նրան բնավ չկանգնեցրեց: Աստվածաշունչն ասում է, որ նա
անհավատությամբ չկասկածեց Աստծո խոստմանը: Նա առաջ գնաց, պատրաստեց փոքրիկ
կոշիկներ, չխչխկան խաղալիքներ, որովհետև ունենալու էր այդ երեխային: Ահա և վերջ:
220. Նույնիսկ Սառան էր ասել. «Գիտե՞ս, թե ինչ կանենք: Դու այդ
երեխան կունենաս, բայց ես քեզ կասեմ, թե ինչպես: Դուք քեզ կին կվերցնես իմ աղախին
Հագարին (այն ժամանակ դեռ բազմակնությունը օրինական էր), նա երեխա կունենա, և ես
այդ երեխային կվերցնեմ»: Բայց Աբրահամը չէր հավատում դրան: Նա չէր ցանկանա այդպես
վարվել: Բայց Սառան ներշնչվեց այդպես վարվելու:
221. Բայց Աստված ասաց Աբրահամին. «Լսիր նրան, բայց ես դա չեմ
խոստացել քեզ: Ես չեմ խոստացել, որ դա այդպես է լինելու»:
222. Տեսեք, նա անհույս տեղը հույսով հավատաց… Նրա մարմինը ծերացել
էր, նա այլևս չէր կարող երեխա ունենալ, Սառան էլ նույն վիճակում էր: Բայց նրանք
հաշվի չառան իրենց ծերությունը:
223. Լսեք սա. «Քանի որ Աբրահամին և նրա սերնդին աշխարհը ժառանգելու
խոստումը ոչ թե Օրենքի միջոցով տրվեց, այլ՝ հավատքի արդարության: Որ, եթե Օրենքից
եղողները լինեին ժառանգներ, ընդունայն է հավատքը, իսկ խոստումը՝ ապարդյուն:
Որովհետև Օրենքը բարկություն է առաջ բերում, քանի որ որտեղ Օրենք չկա՝
օրինազանցություն էլ չկա»:
224. Հիմա սա լսեք. «Ինչպես գրված է. թե՝ «Քեզ շատ ազգերի հայր
դարձրի», Նրա առջև Ում նա հավատաց, Աստծո, որ կենդանացնում է մեռելներին և չեղած
բաները կանչում է եղածի պես: Ով անհույս տեղը հույսով հավատաց, թե ինքը բազում
ազգերի հայր է լինելու, ինչպես իրեն ասվեց. «Այդպես էլ քո սերունդը պիտի լինի»:
225. Այժմ լսենք, թե ինչ է գրված 19-րդ համարում. «Եվ հավատքի մեջ
թույլ չլինելով՝ նա չնայեց ո՛չ իր մարմնի մեռած լինելուն, երբ մոտ հարյուր տարեկան
էր, ո՛չ էլ՝ Սառայի արգանդի մեռածությանը: Եվ Աստծո խոստման հանդեպ անհավատությամբ
չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն»:
226. Հարյուր տարեկանում նրա առնականությունը մեռած էր, Սառայի
արգանդն էլ մեռած էր: Բայց նա դա հաշվի չառավ: Երբ հայտնություն ստացավ, նա իր
ծերությունը հաշվի չառավ: Եթե կաթվածահար եք, կամ մեկ ուրիշ հիվանդություն ունեք,
դուք դա հաշվի չեք առնի: Դուք հաշվի չեք առնի ձեր անվասայլակը: Եթե այս փոքրիկ
տղան կաթվածահար է կամ մեկ ուրիշ խնդիր ունի (ես չգիտեմ), դա հաշվի չի առնվում: Մի
նայեք այդ բաներին:
227. «Բայց բժիշկն ասաց. «Նա չի բժշկվի»: Բժիշկն ասաց. «Երբեք այդ
վիճակից դուրս չի գա»: Հաշվի մի առեք նման բաները:
228. «Ո՛հ, գիտեք, ես ծերանում եմ, այլևս երիտասարդ չեմ»: Ես չպետք է
դա հաշվի առնեմ:
229. Մենք Աբրահամի զավակներն ենք (ալելուիա՛), ոչ թե Իսահակի նման,
այլ նրա թագավորական սերունդն ենք Հիսուս Քրիստոսով, ունենալով նույն հավատքը:
Աբրահամի սերունդը հայտնվում է վերջին օրերում և փայլում է լուսատուների պես:
Աբրահամի զավակները… «Նա չնայեց իր մարմնի մեռած լինելուն…»: Նա բնավ չնայեց դրան:
Նա երբեք ինքն իրեն չհարցրեց՝ արդյոք Աստված կանի դա: Աստված ասել էր, որ կանի:
Ինչու՞: Որովհետև հայտնություն էր ստացել: Մի՞թե այդպես չէ:
230. Երբ հայտնություն եք ստանում, երբ իսկական… Դուք չեք կարող
այնպես անել, որ դա կատարվի. հայտնություն է պետք: Դուք այլևս ուրիշ ոչնչի չեք
նայում: Ինչքան էլ դա անհնար լինի, ինչ էլ որ ասի բժիշկը, ինչ էլ ասեն ձեր հայրը,
մայրը, հովիվը, դուք նայում եք միայն Աստծո ասածին:
231. «Նա չնայեց ո՛չ իր մարմնի մեռած լինելուն, երբ մոտ հարյուր
տարեկան էր, ո՛չ էլ՝ Սառայի արգանդի մեռածությանը»: Նա այդ ամենը հաշվի չառավ: Ես
ցնցված եմ դրանից: Ո՛չ իր մարմնի մեռած լինելը, ո՛չ Սառայի արգանդի մեռածությունը
հաշվի չառավ:
232. Ոչ մի հանգամանք հաշվի չի առնվում, երբ հավատքը այնպիսի հող է
գտնում, որտեղ կարող է արմատ գցել: Երբ տղամարդու սերմնաբջիջը կնոջ ձվաբջիջն է
գտնում, և երկուսն էլ հասուն են, ինչ-որ բան կկատարվի: Ալելուիա՛: Բայց եթե բժիշկն
ասի. «Դուք չեք կարող երեխա ունենալ, որովհետև ձեր մարմնում սերմնաբջիջները մեռած
են, իսկ ձվաբջիջները այլևս պտղաբեր չեն»: Բայց եթե մեկ հասուն սերմնաբջիջ միայն
հասնի ձվաբջջին, կտեսնեք, թե ինչ կկատարվի. մի փոքրիկ տղա կամ աղջիկ լույս աշխարհ
կգա: Ի՞նչ կատարվեց: Հավատքը պարարտ հող գտավ: Գործը սկսված է, բջիջ բջջի վրա է
ավելանում, և ահա ձևավորվում է փոքրիկ արարածը: Ամե՛ն: Ո՛վ մեր Աստված, ողորմի՛ր
մեզ: Ո՛վ մեր Աստված, թող մենք անսասան քրիստոնյաներ լինենք, ինչպես պետք է
լինեինք: Եթե մենք ճշմարիտ տղամարդիկ և կանայք լինեինք, կկարողանայինք կառչել
Աստծո Խոսքից: Բայց չենք կարող այդ անել, քանի դեռ հայտնություն չենք ստացել (պետք
է հիմա շտապեմ):
233. Ուշադրություն դարձրեք, որ Աստծո հանդեպ սուրբ հավատքը կապված է
Իր մարգարեի սուրբ գործերի հետ: Հիշեք, որ Աստծո հանդեպ սուրբ հավատքը
հայտնությամբ տրվեց Աբրահամին: Նա այն ընդունեց, և այդ մեկնակետից նա սկսեց
հավատքով սուրբ գործեր գործել: Խոստումի սերմը հող էր գտել, որտեղ կարող էր աճել:
Ի՞նչ կլիներ, եթե Աբրահամն ասեր. «Գիտես, Սառա, ահա արդեն քսանհինգ տարի է Աստված
մեզ տվել է այդ խոստումը. հիմա պետք է ինչ-որ բան կատարված լիներ»: Բայց դեռ ոչինչ
չէր կատարվել. Աստված գիտեր, որ պետք է այդպես լինի:
234. Իսկ եթե կույս Մարիամն ասեր. «Կույսը հղիանա՞: Ինձ եկեղեցուց
կվռնդեն, եթե ես նման բան ասեմ»: Եթե հողը պատրաստված չլիներ, նա այդպիսի մտքեր
կունենար:
235. Բայց երբ մարգարեն ասաց. «Կույսը կհղիանա», էլ ավելացնելու բան
չկար:
236. «Հավատացողներին այս նշանները կուղեկցեն…»: Եթե պարարտ հող կա,
որտեղ կարող է Խոսքն ընկնել, այն արմատ կգցի»: Ոչինչ չի կարող խանգարել դրան:
237. Հիմա շտապենք, որ ժամանակին վերջացնենք: Տեսնում եք, այդ սերմը
կարող էր մի տեղ գտնել թաքնվելու համար: Աստված դա գիտեր, այլապես այդ խոստումը
չէր տա Աբրահամին: Այժմ լավ լսեք, թե ինչ եմ ասելու: Աստված գիտեր, թե ում էր
տրվելու այդ խոստումը: Աստված Աբրահամի հետ խոսեց միայն այն ժամանակ երբ նա դարձավ
յոթանասունհինգ տարեկան: Մինչդեռ Աբրահամը Իր նախասահմանված ծառան էր հենց սկզբից,
ինչպես որ Սառան էլ աղախինն էր:
238. Եվ հիշեք, որ նա Աստվածաշունչ չուներ կարդալու համար: Նրանց
համար այնքան հեշտ չէր, որքան մեզ համար. մեզ պետք է միայն բացել Իր Խոսքը և
կարդալ Նրան ընդունողների գործերը: Նա Խոսքն ուներ միայն հայտնությամբ, և իսկականը
հենց դա է: Նույնը վերաբերում է Հովսեփին: Ծննդոց գրքի իրադարձությունների ժամանակ
Աստվածաշունչը չկար: Հիշեք, որ Մովսեսն է գրել Ծննդոց, Ելից, Ղևտացիների, Թվոց և
երկրորդ Օրինաց գրքերը: Մինչև Մովսեսը աստվածաշնչյան հերոսներից ոչ մեկն Աստվածաշունչ
չուներ կարդալու համար: Մի՞թե այդպես չէ: Նրանք մեզ նման Աստվածաշունչ չունեին,
որը մեզ օգնում է տկարության ժամանակ: Նրանք հաստատուն մարդիկ էին, Աստծուց
հայտնություն էին ստանում և կառչում էին այդ հայտնությունից: Ոչինչ չէր կարող
նրանց սասանել: Կարծում եք, որ մե՞նք էլ կարող ենք ունենալ այդ անսասան հավատքից:
Այո՛, եթե հայտնություն ստանանք:
239. Ներեցեք ինձ, ևս մեկ վկայություն եմ ուզում տալ ավարտելուց
առաջ: Դա տեղի ունեցավ Թուին Սիթիում: Կարծեմ Բրաուն եղբայրն ինձ հետ էր: Ես այդ
ժամանակ Աստվածաշնչում սերտում էի Հովսեփի կյանքը: Եվ Աստվածաշունչը կարդալով
տեսնում էի, որ դա մի մարդ է, որի դեմ ոչինչ չէին կարող ասել: Աբրահամի, Իսահակի,
Հակոբի դեմ ասելու ինչ-որ բան հնարավոր է գտնել, բայց ոչ Հովսեփի: Ինչպիսի՜ մարդ
էր, Քրիստոսի կատարյալ խորհրդապատկեր:
240. Մի օր, երբ հյուրանոցի իմ համարում էի, այդ հատվածը կարդալու
ժամանակ սկսեցի լաց լինել: Ասացի. «Ով Աստված, ուզում եմ Քեզ շնորհակալություն
հայտնել Հովսեփի նման մարդու համար: Մի մարդ, ով երկրի վրա ապրեց իմ մարմնի պես
մարմնի մեջ և հավատում էր Քո Խոսքին և ընդունում այն»: Իր եղբայրներն ատում էին
նրան: Բայց ոչինչ չէր կարող խանգարել, որ նա հոգևոր լինի: Նա տեսիլքներ էր
տեսնում, կարող էր երազներ մեկնել: Եվ դրա պատճառով բոլորն ատում էին նրան: Բայց
նա այլ կերպ չէր կարող, որովհետև այդպիսին էր:
241. Տեսնում եք, նա բոլորից տարբերվում էր: Նրանք պետք է սիրեին
նրան, բայց դրա փոխարեն… Երբ նա իրենց հակառակ ինչ-որ բան էր պատմում, նրանք ասում
էին. «Ահա երազ տեսնողն է գալիս»: Տեսնու՞մ եք, նրանք առանց պատճառի էին նրան
ատում:
242. Ես ինձ հարցնում էի. «Ինչու՞ են նրան այդպես ատում»: Բայց նա
երբեք չսասանվեց, մնաց այնտեղ, որտեղ պետք է լիներ: Հասկանու՞մ եք: Ես այդ ժամանակ
ասացի. «Շնորհակալություն, ով Տեր: Շնորհակալություն, Աստված իմ, որ այդպիսի մարդ
է եղել»:
243. Եվ հենց այդ ժամանակ Սուրբ Հոգին ինձ հայտնեց. «Դու որդի
կունենաս և նրա անունը Հովսեփ կդնես»: Այդ ժամանակ այդտեղից վեր կացա և գոհացա
Տիրոջից:
244. Բեքին, որ հիմա նստած է այս դահլիճում, այդ ժամանակ մոտ մեկ
տարեկան էր: Նա ծնվել էր կեսարյան հատումով: Միշտ այդպես է եղել իմ կնոջ
ընտանիքում. պատճառն այն է, որ նրանց ոսկրերը չեն բացվում, տղամարդկանց ոսկրերի
պես ամուր են: Եվ բժիշկն ինձ ասել էր. «Դուք չպետք է այլևս երեխա ունենաք այս
կնոջից: Նրա արգանդը փուչիկի պես բարակ է: Ավելի լավ է թույլ տաք, որ
արգանդափողերը կապեմ»:
245. Բայց ես նրան ասացի. «Ո՛չ, բժիշկ, ես չեմ ուզում, որ դուք անեք
այդ»:
246. Նա ինձ ասաց. «Ինչպես ուզում եք, բայց նա այլևս չպետք է երեխա
ունենա, որովհետև կմահանա: Շատ ծանր փորձություն ունեցանք այս անգամ, նա հազիվ
փրկվեց»:
247. Եվ ահա Տերն ինձ ասում է, որ էլի երեխա եմ ունենալու, որդի, որի
անունը Հովսեփ է լինելու: Բայց ես չվախեցա այդ մասին ասել: Անկասկած, դուք հիշում
եք այդ ամենը:
248. Ես հայտարարեցի. «Ես որդի եմ ունենալու, և նրա անունը Հովսեփ է
լինելու»: Քանի՞սդ եք հիշում: Անկասկած, բոլորը հիշում են, որովհետև ես ամեն տեղ
ասում էի. «Ես որդի եմ ունենալու, և նրա անունը Հովսեփ է լինելու»:
249. Ինչպես այն փոքրիկ տղայի դեպքը Ֆինլանդիայում, որը մահացավ և
հարություն առավ: Ջեք եղբայրն այնտեղ էր, երբ դա կատարվեց: Ես կատարվելուց առաջ
երկու-երեք անգամ խոսել էի ձեզ հետ այդ մասին: Ես ասել էի, թե ինչպես է նա հագնված
լինելու, որտեղ է պառկած լինելու: Ինձ Աստված էր ասել դա:
250. --- Ինչպե՞ս է դա լինելու:
251. --- Ես ոչինչ չգիտեմ: Բայց ինձ հայտնվել է, որ դա կատարվելու է:
252. Ես հայտնություն էի ստացել. «Ես կգնամ Արիզոնա, և այնտեղ յոթ
հրեշտակներ կհանդիպեն ինձ: Նրանք ինձ քարոզելու պատգամ կտան»: Դրանք յոթ կնիքներն
էին: Եվ դա կատարվեց: Ո՞վ է հիշում, որ ես այդ մասին խոսել եմ: Ձայնագրությունները
հաստատում են դա: Եվ դա կատարվեց: Լրագրերը հրապարակեցին լուսանկարը: Նրանք
չհասկացան, թե ինչ է նշանակում օդերում գտնվող այդ Լույսը: Մինչդեռ դա կատարվեց:
253. Ես հիշում եմ, որ զանգահարեցի Ջեք եղբորը և հարցրեցի այնտեղ
կանգնած Քրիստոսի մասին: Ջեք եղբայրն ինձ պատասխանեց. «Այդ Նա է՝ փառավորված
վիճակում»: Ես սիրում եմ Ջեք եղբորը. նա իմ ճանաչած աստվածաբանների մեջ
լավագույններից մեկն է, բայց նրա պատասխանը լիովին չգոհացրեց ինձ:
254. Ես այնտեղ կանգնած աղոթում էի. «Տեր, ի՞նչ է դա նշանակում՝
երիտասարդը բրդի պես ճերմակ մազերով»:
255. Տերն ինձ պատասխանեց. «Նա կեղծամով է»: Կարդացեք գրքում և
կտեսնեք, որ ես կատարվելուց առաջ այդ մասին ասացի: Եվ այն օրը, երբ դա կատարվեց,
տեսիլք հայտնվեց: Եթե դուք ունեք «Լայֆ» թերթը, կողքի շրջեք և կտեսնեք: Շատ նման է
Հոֆֆմանի «Քրիստոսի դեմքը» նկարին: Նա նայում էր ներքև, հենց այնտեղ, որտեղ ես էի
գտնվում: Եվ ահա այդ նկարը այս թերթում է: Քանի՞սդ եք տեսել դա: Անշուշտ, բոլորդ:
Հետ նայելով՝ տեսնում ենք, որ դա հաստատեց, որ հայտնությունը ճշմարիտ էր:
256. Ինչու՞ էր Նա կեղծամով: Անգլիացի դատավորները, հրեա դատավորները
հնում կեղծամ էին կրում… Անգլիայում մինչև հիմա էլ կրում են: Այն խորհրդանշում է
գերագույն իշխանությունը: Այնտեղ Նա երևում էր հրեշտակների թևերի միջոցով
ձևավորված կեղծամով: Նա Ալֆան և Օմեգան է, գերագույն Դատավորն է, Նրանից բացի
ուրիշ մեկը չկա: Նրան պետք է նայենք որպես Ալֆա և Օմեգա: Ահա Նա երիտասարդի
տեսքով, որը երեսուն տարեկան է և կրում է սպիտակ կեղծամ: Այդպիսով Նա ցույց էր
տալիս, որ Ինքը Գերագույնն է, Աստված է: «Հայրն ամեն դատաստանը Որդուն տվեց»:
Ալելուիա՛: Հայտնությունը երբեք սխալ չէ: Խոսեք այդ մասին, ինչպիսին էլ այն լինի,
միայն թե Աստծո Խոսքին համապատասխանի:
257. Հիշեք, դրանից չորս տարի հետո ես և կինս իմացանք, որ երեխա ենք
ունենալու: Բոլորը հարցնում էին. «Արդյո՞ք դա կլինի փոքրիկ Հովսեփը»:
258. Ես պատասխանեցի. «Այդպես եմ ենթադրում, բայց չգիտեմ: Բայց
գիտեմ, որ փոքրիկ Հովսեփին ունենալու եմ»:
259. Երբ երեխան ծնվեց, դա փոքրիկ Սառան էր: Մի մարդ ծաղրեց ինձ
ասելով՝ «Կարծում եմ, որ նկատի ունեիք, որ Ջոզեֆինան է ծնվելու (Անգլերեն Joseph
(Հովսեփ) անվան իգական ձևը: Ծան. թարգմ.): (Այդ մարդը հիմա մահացել է):
260. Բայց ես նրան պատասխանեցի. «Պարոն, Աստված ինձ ասել է, որ ես
որդի եմ ունենալու և նրան Հովսեփ եմ անվանելու»:
261. Երեք հոգի դուրս էին եկել հարանվանական մի եկեղեցուց և եկել էին
մեր եկեղեցին և լսել էին, որ ես այդ մասին ասել էի: Երբ Սառան ծնվեց, նրանք
ասացին. «Նա սուտ մարգարե է»:
262. Բայց ես ասացի. «Մի րոպե, տիկի՛ն: Ես երբեք չեմ ասել, թե դա երբ
կլինի, և Աստված ինձ երբեք չի ասել, թե երբ եմ որդի ունենալու: Նա միայն ասաց.
«Դու կունենաս»: Նա Աբրահամին ասել էր, որ որդի է ունենալու՝ Իսահակին, բայց
նրանից առաջ ծնվեց Իսմայելը: Բայց դա բնավ չփոխեց մարգարեությունը: Ես կրկնեցի.
«Աստված ինձ ասել է, որ տղա ենք ունենալու և նրան Հովսեփ ենք անվանելու»:
263. Բժիշկը եկավ և ինձ ասաց. «Պարոն հովիվ, ես պետք է կապեմ
արգանդափողերը»:
264. Բայց ես նրան ասացի. «Չանեք դա»:
265. Նա ինձ պատասխանեց. «Հնարավոր է, որ նորից ամուսնանաք և
կունենաք այդ տղային»:
266. Բայց ես նրան ասացի. «Ես իմ կնոջից եմ ունենալու այդ երեխային:
Աստված է դա ասել»: Ես չէի կարող այդ մասին կարդալ Աստվածաշնչում, բայց դա գրված
էր իմ սրտում հայտնությամբ, հավատքի միջոցով: Աստված էր դա ասել: Ես չէի ցանկանում
անհավատությամբ երկմտել Աստծո խոստման հանդեպ: Ոմանք ասացին. «Դուք ուզում էիք
ասել, որ կծնվի Ջոզեֆինան»: --- Ո՛չ, ես ուզում էի ասել, որ կծնվի հենց Հովսե՛փը:
--- Բայց բժիշկն ասաց, որ ձեր կինն էլ չի կարող երեխա ունենալ: --- Բայց ես ասում
եմ ձեզ, որ նա էլի մեկ երեխա կունենա:
267. Անցավ չորս տարի, կինս նորից հղիացավ:
268. Այդ ժամանակ մի կին երկրով մեկ ուղարկված իր սուտ մարգարեության
մեջ գրեց. «Այժմ Մեդան մահանալու է, որովհետև ես ուղարկվել եմ Բիլլին առաջնորդելու
համար»: Այդ մարգարեությունն ասում էր. «Նա ինձ չի լսի, որովհետև ես կին եմ, բայց
Աստված նրան դաս կտա և կվերցնի իր կնոջը»:
269. Ես պատասխանեցի. «Աստված Հիսուս Քրիստոսին է ուղարկել ինձ
առաջնորդելու համար, ես առաջնորդվում եմ Նրա Հոգով»:
270. Իմ խեղճ Մեդա՛: Մենք մի բուժքույր ունեինք, որը բժշկվել էր
հավաքույթի ժամանակ: Դուք բոլորդ ճանաչում եք նրան. տիկին Մորգանն է: Նա Մայոյի
կլինիկայում բուժքույր է աշխատել: Դա ծանր դեպք էր: Լուիզվիլի մկրտական
հիվանդանոցում նրա հիվանդության թերթիկում գրված էր՝ «Մահանում է քաղցկեղից»: Դա
քսան տարի առաջ էր, իսկ հիմա նա աշխատում է Ջեֆերսոնվիլի հիվանդանոցում, որովհետև
Աստված ասել էր. «Նա ապրելու է»:
271. Մեդան նրան շատ է սիրում և ինձ խնդրել էր. «Բիլլ, ես շատ եմ
ուզում, որ Մարջին մեր տուն գա. չեմ ուզում ծննդատուն գնալ»:
272. Ես նրան ասացի. «Մի անհանգստացիր. մենք սիրում ենք Մարջիին,
բայց Մարջին մեր Աստվածը չի, նա մեր քույրն է»: Հետո ես գնացի Գրինս Միլլ: Սիրտս
կտոր-կտոր էր լինում, որովհետև սիրում եմ նրան: Ես բարձրացա Գրինս Միլլ:
273. Նա ինձ հարցրեց. «Բիլլ, կարծում ես, որ ես կմեռնե՞մ»:
274. Ես նրան ասացի. «Չգիտեմ, բայց այդ երեխան ամեն դեպքում ծնվելու
է: Դու աշխարհ կբերես փոքրիկ Հովսեփին»:
275. Նաև հարցրեց. «Այդ նա՞ է ծնվելու»:
276. Ես նրան պատասխանեցի. «Չգիտեմ, սիրելիս: Չեմ կարող ասել, բայց
Աստված ասել է, որ մենք փոքրիկ Հովսեփ ենք ունենալու, և կունենանք»: Կարևոր չէ, թե
մարդիկ ինչ են ասում, մենք կունենանք փոքրիկ Հովսեփ: Աստված, որ ինձ ասաց դա,
նույն Աստվածն է, որ տվել է ինձ բոլոր այդ մյուս հայտնությունները: Քանի որ այդ
հայտնություններից ոչ մեկում չի սխալվել, այս անգամ էլ չի սխալվի»:
277. Ես բարձրացա Գրինս Միլլ աղոթելու համար: Ես սկսեցի աղոթել, երբ
տեսա, որ Լույսը կանգնած է երկու ծառերի միջև, և մի ձայն ինձ ասաց. «Վերադարձին քո
աշխատանքին, քո գրքին»: Ես նորից իջա:
278. Աստվածաշունչը բացված թողել էի մեքենայիս մեջ: Երբ ես
վերադարձա, քամին շրջել էր էջերը հենց այն տեղում, որտեղ Աստված ասում էր Նաթանին.
«Ուստի, հիմա Իմ ծառա Դավթին այսպես ասա. «Զորքերի Տերն այսպես է ասում. «Քեզ
փարախից՝ ոչխարների ետևից վերցրի, որպեսզի Իմ Իսրայել ժողովրդի առաջնորդը լինես:
Եվ ուր որ գնում էիր, քեզ հետ էի և քո առջևից բոլոր թշնամիներիդ կոտորեցի ու երկրի
վրա եղող մեծ մարդկանց անվան նման քո անունը բարձրացրի»: Նա Բիլլի Գրեհեմ չէր,
բայց երկրի վրա եղող մեծ մարդկանց անվան նման անուն ուներ: Նա ասում է. «Ես այս
ամենն արեցի նրա համար, բայց նա չի կառուցելու տաճարը, այլ նրա որդին…»: Այն պահին
երբ հասա «նրա որդին» բառերին, հասկացա…
279. Ես ասացի. «Հովսե՞փը»: Դա այդպես էր:
280. Ես անմիջապես տուն իջա: Մեդան այնտեղ էր. նրա մեջ գտնվող այդ
մարդուկն այնքան մեծ էր, որ հազիվ էր կարողանում քայլել: Ես գրկեցի նրան և ասացի.
«Սիրելի՛ս, Հովսեփը գալիս է»:
281. Բոլորը գիտեն, որ կեսարյանի դեպքում երեխան չպետք է իջնի: Հենց
այդ գիշերը մանկիկն իջավ… (Ձայներիզի վրա չձայնագրված հատված. ծան. խմբ.):
282. Հաջորդ օրը ժամ յոթին գնացինք ծննդատուն: Բժիշկը բացականչեց.
«Ո՛հ, Աստված իմ»:
283. Ես գրկեցի կնոջս, ասացի նրան. «Սիրելիս, շուտով Հովսեփն այստեղ
կլինի»: Նա աստիճաններով բարձրացավ, գնաց վիրահատարան:
284. Մի քանի րոպեից բուժքույրն իջավ և ասաց. «Հովիվ Բրանհա՞մ»:
285. --- Այո, ես եմ:
286. --- Դուք երեք ու կես կիլոգրամանոց որդի եք ունեցել:
287. Ես ասացի. «Հովսեփ, որդիս, բարի գալուստ»: Ինչու՞ դա կատարվեց:
Աստվածաշնչում գրված չէր, որ դա կատարվելու էր, բայց մենք վարվեցինք Աբրահամի
նման, ով հաշվի չառավ այն, որ իրենք երեխա ունենալու տարիքից անցել էին, որովհետև
մեզ հետ խոսողը նույն Աստվածն էր, ով խոսել էր Աբրահամի հետ: Դուք չպետք է
անհավատությամբ երկմտեք Աստծո խոստման հանդեպ, այլ փառք տալ Աստծուն՝ հավատալով,
որ դա կատարվելու է: Կարևոր չէ, թե բժիշկն ինչ է ասում, կարևոր չէ, թե ինչպիսին են
հանգամանքները. դրանց մի հավատացեք, որովհետև դա սատանայի սուտն է: Հավատքը
գործերի հետ առաջ է գնում՝ խոստման իրականացման համար:
288. Ինչպես Հակոբն ասաց. «Ռախաբ պոռնիկն արդարացավ իր գործերով»:
Բայց ինչպե՞ս: Իր հավատքի շնորհիվ:
289. Նա ասաց. «Ես գիտեմ, որ Աստված ձեզ հետ է»: Նրա համար կարևոր չէր,
թե ինչ սանրվածք ունի Հեսուն կամ ինչպես է հագնվում: Նա ասաց. «Ես հավատում եմ, որ
Աստված ձեզ հետ է»: Հենց դա էր անհրաժեշտ, և նա պատրաստվեց:
290. Դա վերաբերում է նաև այսօրվա տեսիլքներին (շուտով կվերջացնեմ),
Աստծուց եկող ճշմարիտ տեսիլքներին: Դա խոստում է մեր ժամանակների համար: Դուք
կասեք. «Բրանհամ եղբայր, որտեղի՞ց դա գիտեք»: Մարդիկ այդ բաներից գայթակղվում են:
Մինչդեռ Գործք 2:17 համարում գրված է. «Եվ պիտի լինի, որ վերջին օրերում,-ասում է
Աստված,- Իմ Հոգուց ամեն մարմնի վրա պիտի թափեմ. ձեր որդիները և դուստրերը պիտի
մարգարեանան, ու ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, և ձեր ծերերը երազներ
պիտի տեսնեն»: Մի՞թե այդպես չէ: Այդպես է ասում Աստվածաշունչը:
291. Ուրեմն, եթե այդպես է, նայենք Մաղաքիայի մարգարեության 4-րդ
գլուխը և տեսնենք, թե արդյոք այդ խոստումը մեր ժամանակների համար է: Ինչպե՞ս կարող
եք դրան հավատալ: Որովհետև Աստվածաշունչն է այդ ասում:
292. Կարդացեք նաև Ղուկաս 17:30 համարը, որտեղ Հիսուսն ասում է.
«Մարդու Որդու գալստյան ժամանակ կլինի այնպես, ինչպես եղել է Սոդոմի օրերում»:
Ճիշտ այնպես, ինչպես եղել է Սոդոմի ժամանակներում: Տեսեք, թե ինչ է կատարվում
աշխարհում այսօր: Սոդոմացինե՛ր: Կան նաև երկու վկաները՝ Բիլլի Գրեհեմն ու Օրալ
Ռոբերտսը, որոնք եկել են վկայելու հարանվանական եկեղեցիներին: Մեկը գնում է
մեթոդականների, մկրտականների և երիցականների մոտ, մյուսը՝ հոգեգալստականների:
293. Բայց հիշեք, որ Աբրահամը Սոդոմում չէր, նա արդեն այնտեղից դուրս
էր կանչվել: Եվ կար Մեկը, ով մնաց Աբրահամի մոտ և խոսեց նրա հետ: Եվ Նա, ով մնաց և
խոսեց նրա հետ, մի նշան տվեց նրան: Վրանին մեջքով կանգնած՝ ասաց, որ Սառան կունենա
այդ սպասված երեխային: Ամե՛ն: Նա մեջքով էր կանգնած: Աբրահամը Նրան անվանեց «Տեր
Էլոհիմ»:
294. Այսօր էլ է դա կատարվում, որովհետև մենք հավատք ունենք: Եվ ես
գիտեմ, որ դա Աստծուց է, որովհետև այս հատվածը և ուրիշ շատ հատվածներ մեզ ցույց են
տալիս այս ժամը: Հայտնության 10-րդ գլուխն ասում է, որ յոթերորդ հրեշտակի պատգամի
ժամանակ, երբ փչեր իր պատգամի փողը… Ոչ թե բժշկության ծառայության մեջ, այլ դրան
հաջորդող պատգամի մեջ:
295. Հիսուսը քարոզում էր: Մարդիկ ասում էին. «Նա բժշկում է
հիվանդներին, ամեն տեսակ հրաշքներ է գործում: Ո՛հ, այս երիտասարդ Ռաբբին, այս
մարգարեն լավ մարդ է: Մենք շատ ենք ուզում, որ Նա գա մեր եկեղեցին»:
296. Բայց մի օր Նա վեր
կացավ և ասաց. «Ես և Հայրը մեկ ենք»: Ո՛հ, դրանից հետո նրանք այլևս չէին ուզում
Նրան: Ո՛հ, ո՛չ:
297. «Եթե Մարդու Որդու մարմինը չուտեք ու արյունը չխմեք…»: Նա դա
չբացատրեց: Նա ասաց. «Եթե Մարդու Որդու մարմինը չուտեք ու արյունը չխմեք, կյանք
չունեք ձեր մեջ»:
298. Ես կարծում եմ, որ Իր ժամանակվա բժիշկներն ու բուժքույրերը
կասեին. «Այս մարդը վամպիր է, Նա ուզում է, որ մենք խմենք Իր արյունը»: Նրանք չէին
կարող դա հասկանալ: Եվ Նա գիտեր դա:
299. Իսկ Նրա աշակերտները նույնպես գուցե չէին կարող դա բացատրել,
բայց միևնույն է, հավատացին (ամեն), որովհետև հայտնություն ստացան: Դա ճիշտ է:
Նրանք դա գիտեին, որովհետև Սուրբ Գիրքն էր այդ ասել:
300. Գուցե ինձ հարցնեն. «Ինչպե՞ս կարող եք հավատալ այդ տեսիլքներին,
երբ աշխարհում այնքան նմանակումներ ու կեղծումներ են տարածված»:
301. Այժմ մի քանի բան կասեմ, որոնք գուցե շատ խիստ թվան: Եթե
աշխարհում այդքան նմանակումներ կան, հիշեք, սիրելի եղբայրներ. գրված է, որ այդպես
էր լինելու մեր ժամանակներում: Ճիշտ այնպես, ինչպես Մովսեսի ժամանակ: Մովսեսը
ներկայացավ ժողովրդի առջև Աստծո գործերը կատարելու համար, բայց հայտնվեցին Հանեսն
ու Համրեսը: Բայց սկզբում ո՞վ կատարեց այդ գործերը: Մյուսներն ընդամենը
նմանակողներն էին, որովհետև նախ պետք է բնօրինակը լինի, որ մյուսները կարողանան դա
նմանակել: Նախ պետք է բնօրինակը լինի: Տեսնում եք, մենք կորսված չենք, մենք
գիտենք, թե որտեղ ենք: Եթե ունեք Սուրբ Գիրքն ու Աստծո հայտնությունը, դրանով
հաստատուն կմնաք:
302. «Այս մարդը տեսիլքներ է տեսնում, ամեն տեսակ գործեր է կատարում:
Անում է այս կամ այն բաները, բայց միաժամանակ շնություն է գործում այսինչի կնոջ
հետ»: Դա մեզ չի սասանում: Կա մի բան, որ նա չի կարող նմանակել: Նրանք կարող են
բոլոր այդ բաներն անել, լեզուներով խոսել, աղաղակել, պարել հոգով, բայց լինել
դևերի հետ: Դա ճիշտ է: Բայց այս Խոսքը տալիս է նրանց գնահատականը: Հասկանու՞մ եք:
Դա զուտ ճշմարտություն է: Ահա թե ինչին է դա հասցնում: Իսկ Հանեսն ու Համրեսը…
Հիշեք, որ Նա ասաց. «Ինչպես Հանեսն ու Համրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ
վերջին ժամանակներում նորից նմանակողներ կհայտնվեն երկրի վրա»: Մի՞թե Նա չէր ասել
դա: (Ժողովուրդը պատասխանում է՝ ամեն: Ծան. խմբ.): Դրա համար մեր մեջ կան
այդպիսիները:
303. Բայց դա չսասանեց Մովսեսին: Երբ Մովսեսը Տիրոջ Անունով հրաշք
գործեց, նմանակողները նույն արեցին: Բայց նա չնահանջեց՝ ասելով. «Լավ կլինի ես
հեռանամ և ասպարեզը թողնեմ նրանց»: Ո՛չ, նա մնաց այնտեղ: Ինչու՞: Որովհետև դա նրան
տրվել էր հայտնությամբ: Ալելուիա՛: Նա գիտեր, որ դա Աստծո Խոսքն է: Նա գիտեր, որ
Խոսքը կշփոթեցնի նրանց: Նա գիտեր, որ կգար մի ժամանակ, երբ Խոսքը կդրսևորվեր, և
այդ ժամանակ նրանք հեռուն գնալ չէին կարող:
304. Տարիներ շարունակ ես դա գիտեի: Ճիշտ է, որ այդ ժամը գալու է:
Երբ Աստծո կողմից ուղարկված հրաշք է լինում, իսկական հրաշք, դա միշտ փոփոխություն
է բերում ողջ համակարգի մեջ: Եթե Աստված ինչ-որ բան ուղարկի եկեղեցի, և հին
համակարգը չփոխվի, իզուր ուղարկած կլինի: Երբ նշաններով ու հրաշքներով պատգամ է
լինում, մեկ ուրիշ պատգամ է դրան հաջորդում: Երբ Հիսուսը սկսեց բժշկել
հիվանդներին, դրանից հետո եղավ Նրա պատգամը՝ «Ես և Հայրը մեկ ենք: Ես Նա եմ»:
Նրանք դրան չհավատացին: Նրանք հավատացին Նրա հրաշքներին: Նաև Նա ասաց. «Եթե Ինձ
չեք հավատում, գոնե այս հրաշքներին հավատացեք, որովհետև դրանք վկայում են, թե ով
եմ Ես»: Ո՛հ, Աստված իմ, ինչպիսի՜ հրաշք: Ո՞վ եկավ առաջինը: Մովսեսը, իսկ
մյուսները նմանակեցին: Բայց մեծ ճշմարտությունները նույնն են մնում, ցույց են
տալիս ճշմարտության և կեղծիքի միջև տարբերությունը: Բայց նրանք չեն կարող ընդունել
պատգամը, չեն կարող ընդունել Աստծո Խոսքից եկող մաքուր պատգամը:
305. Կարևոր չէ, որ Հուդան կարող էր ամեն տեսակ հրաշքներ և նշաններ
անել: Բայց մինչև Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու գալուստը նրա իսկական բնույթը բացահայտվել
էր: Սատանան իր նմանակումներով կարող է շատ մոտենալ իսկականին, նույնիսկ Խոսքին,
բայց չի կարող վերցնել ողջ Խոսքը: Գուցե կարող է մի խոսք վերցնել, ինչպես արեց
Եվայի դեպքում, բայց ավելի հեռուն չի կարող գնալ: Որովհետև ամբողջականը, կատարյալը
Քրիստոսի Մարմինն է: Տեսնում եք, Խոսքը… Նրանք չեն կարող պատգամն ընդունել, ինչպես
Հանեսն ու Համրեսը չընդունեցին Մովսեսի պատգամը: Նրանք չէին կարող դա անել: Նրանց
նմանակումները բացահայտվեցին, որովհետև չկարողացան հետևել օծված մարգարեի միջոցով
հաստատված Աստծո Խոսքին: Հասկանու՞մ եք:
306. Նրանք չէին կարող հետևել Իսրայելին Եգիպտոսից դուրս գալու
ժամանակ: Ինչու՞: Որովհետև նրանք հարանվանականներ էին, Եգիպտոսի զավակներ: Նրանք
չէին կարող հետևել այդ Խոսքին: Եթե այդ անեին, ստիպված կլինեին Եգիպտոսից դուրս
գալ: Նեղոսը… Նրանց համար այնտեղ այնքան լավ բաներ կային, որ չէին կարող դուրս գալ
այնտեղից: Նրանք կարող էին նմանակել Խոսքը և Մովսեսի կատարած գործերը, բայց երբ
գնալու ժամանակը եկավ, նրանց անմտությունը բացահայտվեց: Այդ ժամանակ Աստված իրոք
Իր օրհնությունները հեղեց Իր ժողովրդի վրա:
307. Այսօր էլ նույնն է: Նրանք ամեն տեսակ նմանակումներ կարող են
անել, բայց իրենց արածը միայն նպաստում է, որ իսկականը բարձրանա: Աստծո ամեն
հավատացյալ զավակ գիտի, որ դա ճշմարտություն է: Ահա դուք բացահայտ տեսնում եք
նրանց նմանակումների անմիտ գործերը: Եթե ձեր գործերը ճշմարիտ Խոսքին
համապատասխանում են և հաստատված են այդ Խոսքով, ձեր հավատքով, այդ ժամանակ դրանք
կդրսևորվեն սկզբնական գրված Խոսքի համաձայն (դա Աստծո խոստումն է):
308. Հիսուսն ասաց. «Եթե ես գործերը չեմ անում…» (ուշադիր լսեք):
«Եթե ես գործերը չեմ անում…» (թույլ տվեք ավելացնել սա). «Այսինքն՝ եթե Ես չեմ
անում այն գործերը, որոնք Սուրբ Գիրքն ասում է, որ Ես պետք է անեի, որոնք պետք է
արվեին Իմ ժամանակում, եթե ես չեմ անում այն գործերը, որոնք պետք է Մեսիան աներ
երկիր գալիս… Եթե Իմ գործերում Աստված չի հաստատում այն Խոսքը, որն ասել է, թե
պիտի իրականանար, եթե Իմ կյանքը ճշտորեն չի կենդանացնում այդ Խոսքը, ինչպես գրված
է…» (բաց մի թողեք սա): Հիսուսն ասաց. «Դուք գիտեք, թե ինչ պետք է անի Մեսիան: Ահա
թե ինչու եթե այս գրված Խոսքը չի դրսևորվում Իմ միջոցով, ուրեմն ես Մեսիան չեմ»:
Ամեն: «Ուրեմն Իմ ասածները սխալ են, ուրեմն այն, ինչ Հովհաննեսն ասաց Իմ մասին,
սխալ է: Եթե Ես Մեսիան չեմ, եթե այս գործերը, որոնք պետք է Մեսիան աներ…Գրված է.
«Ձեր Տեր Աստվածը ձեր եղբայրների միջից ինձ նման մարգարե կհանի…»: Հարյուրավոր
տարիներ շարունակ դուք մարգարե չեք ունեցել: Եթե իմ կատարած գործերը, որոնք Աստված
խոստացել է, չեն դրսևորվում Իմ այսօրվա կյանքում, ուրեմն Ես Մեսիան չեմ: Բայց եթե
այս ժամանակաշրջանի համար խոստացված Խոսքը հաստատվում է իմ մեջ, ուրեմն Ես Մեսիան
եմ, և Աստծո խոստումը հասել է ձեզ»: (Ո՛հ, չեմ պատկերացնում, որ սրանից ավելի պարզ
կարող էր լինել):
309. «Ահա թե ինչու, եթե այս ժամանակի համար տրված խոստումը
դրսևորվում է Իմ ծառայության մեջ,-- ասաց Հիսուսը,-- ուրեմն Ես Մեսիան եմ: Ուրեմն
եթե դժվարանում եք ինձ հավատալ, նայեք այս օրվա համար խոստացված գործերին»: Ամեն:
«Նայեք խոստացված գործերին: Եթե այդ գործերից նույնիսկ մեկը չի իրականանում Իմ
միջոցով, ուրեմն Ինձ մի հավատացեք, որովհետև սուտ ասած կլինեմ: Եթե չեք կարողանում
Ինձ հավատալ, նայեք, թե Աստվածաշունչն ինչ է ասում այս ժամանակներում կատարվող
բաների մասին: Եթե դրանք չիրականանան, ուրեմն սխալ է: Եթե սխալ բաներ կան, եթե
չիրականանան այն բաները, որոնք պետք է իրականանային, ուրեմն Ես ստախոս կլինեի:
Բայց եթե այդ բաները իրականանում են, ուրեմն ես Մեսիան եմ»: Ամեն: «Ուրեմն Ես Նա
եմ, ում գալուստը ազդարարված էր խոստումներով»: (Հենց այն գործերը, որոնք
խոստացված էին Իր ժամանակաշրջանի համար ապացուցեցին, որ Նա է Մեսիան: Չե՞ք
հավատում):
310. Այժմ, սիրելի եղբայրներ, եթե Ղուկաս 17:30-ում գրված բաները չեն
կատարվում, եթե չի իրականանում այն խոստումը, որը Հիսուսը տվեց Իր գալստից անմիջապես
առաջ կատարվելիք բաների վերաբերյալ, որոնք մեզ ցույց են տալիս, որ աշխարհը
վերադառնալու է այն վիճակին, որում եղել է Սոդոմը, որ պատգամաբերներ են
ուղարկվելու, կարճ ասած՝ ամեն բան կատարվելու է կանխասվածի համաձայն… Եթե դրանք
չեն կատարվում, ուրեմն մի՛ հավատացեք, երբ ասում եմ, որ ձեզ Ճշմարտությունն եմ
հաղորդում: Բայց եթե կատարվում են, հավատացեք, որ դա Նրանից է: «Այդպես կլինի այն
օրը, երբ Մարդու Որդին կհայտնվի»: Ամե՛ն: Եկեղեցու մարդի՛կ, Մարդու Որդին
կբացահայտվի մարմնեղեն մարմնի մեջ, ինչպես եղավ Սոդոմի ժամանակ. կլինի մի խումբ,
որը դուրս կկանչվի այդ բոլոր բաներից, հավատքվ լցված կլինի Աստծո խոստումի հանդեպ:
Ինչպիսի՜ փառք:
311. Այսօր Աստվածաշնչում տրված առաքելական նշանները Մաղաքիայի 4-րդ
գլխում, Հայտն. 10:7-ում գրվածներն իրականանում են: Եվ այն ապացուցվում է գիտությամբ
և այլ միջոցներով: Եթե ես ձեզ ճշմարտությունը չեմ ասում, այդ բաները չեն կատարվի:
Բայց ես ձեզ ճշմարտությունն եմ ասել, և այդ բաները վկայում են, որ ես
ճշմարտությունն եմ ասել: Նա նույնն է երեկ, այսօր և հավիտյան, և Նրա Հոգու
դրսևորումը շուտով հափշտակելու է Հարսին: Թող այս հավատքը (հայտնությունը)
հաստատվի ձեր սրտերում: Ժամը մոտ է: Այժմ աղոթենք:
312. Ը՛վ մեր Աստված, Դու, որ հայտնվել ես մարմնով Հիսուս Քրիստոսի
մեջ, ով երրորդ օրը հարություն առավ մեռելներից Գրքերի համաձայն, երկինք
բարձրացավ, աշխարհով մեկ աշակերտներ ուղարկեց, որ աշակերտեն բոլոր ազգերին, ով
ասաց. «Նրանց էլ, ովքեր կհավատան, այս նշանները կհետևեն…»:
313. Ո՛վ մեր Աստված, ներկայիս հոգեգալստական եկեղեցիներում
գտնվողներին… պարգևների վերականգնման վերաբերյալ… Տեր, թող այդ մարդիկ հասկանան.
այստեղ ներկա գտնվողները, ինչպես նաև աշխարհի տարբեր վայրերում ձայնագրությունները
լսողները հասկանան, որ հիմա խոսքը Հարսի կանչվելու, ոչ թե սովորական հոգեգալստական
պատգամի մասին է: Հոգեգալստական պատգամն ուղարկվել է եկեղեցում պարգևները
վերականգնելու համար: Բայց հիմա Հարսն է կանչվում, սա ուրիշ պատգամ է, նման այն
պատգամին, որն ուղարկվեց Սոդոմ՝ դրա այրվելուց առաջ: Ով մեր Աստված, թող նրանք
հասկանան դա: Ես հավատք ունեմ, ես հավատում եմ Քեզ, որովհետև այդ բաները մեզ համար
բացահայտվեցին Քո Հոգով, Քո Խոսքի միջոցով, հաստատվեցին և բացահայտվեցին ողջ
աշխարհի համար: Ճիշտ է, Տեր, որ դա ընդունվում է միայն փոքրամասնության կողմից,
բայց Քո խմբերը միշտ այդպիսին են եղել: Բայց Դու Ինքդ ես ասել. «Մի՛ վախեցիր,
փոքրիկ հոտ, որովհետև Հայրը կամեցավ Թագավորությունը ձեզ տալ»:
314. Դրա համար խնդրում եմ, ով Աստված, որ նրանք շրջեն իրենց հայացքը
իրենց ինտելեկտից, իրենց կարծած ճշմարտությունից և նայեն միայն Սուրբ Գրքին:
Ինչպես երեկ ասացինք, թող այստեղ գտնվողները մտածեն այն թագուհու նման, որը
Բաբելոնի կործանման ժամանակ ասաց. «Ձեր մեջ Դանիել անունով մի մարդ կա, ով ապրում
է քո հոր թագավորությունում»: Պենտեկոստեի Հայրն Իր Թագավորությունում է և
փարատում է բոլոր կասկածները:
315. Այժմ Տեր, թող բացահայտվի Սուրբ Հոգին, ով հոգեգալստական
թագավորությունում էր, այն թագավորությունում, որը կար Լյութերի ժամանակ, Ջոն
Ուեսլեյի, Ջոն Սմիթի և Ալեքսանդր Քեմփբելլի ժամանակ, մինչև մեր ժամանակաշրջանը: Նա
է, որ փարատում է բոլոր կասկածները: Լյութերի ժամանակում ապրողների համար պատգամը
սա էր՝ «Արդարը հավատքով պիտի ապրի»: Մեթոդականների համար Նա փարատեց բոլոր
կասկածները և նրանց ցույց տվեց, որ «պետք է սրբանան»: Պենտեկոստեի ժամանակ խոսում
էին լեզուներով և արտահայտում էին Հոգու զորությունը աստվածային բժշկությամբ և
այլն: Նա փարատում էր բոլոր կասկածները հոգեգալստականների սրտերում: Բայց, ո՛վ իմ
Աստված, նրանք հարանվանություն դարձան: Նրանք հետ դարձան, վերադարձան մարդկային
գաղափարներին: Ահա թե ինչու հիմա Հարսն է կանչվում Սուրբ Գրքում խոստացածիդ
համաձայն, ինչպես այդ մասին օրեցօր կարդում ենք բոլորի առաջ և տեսնում սեփական
աչքերով: Դրա համար, ո՛վ մեր Աստված, թող Սուրբ Հոգին փարատի բոլոր կասկածները,
որոնք կան մարդկանց սրտերում: Թող այդ մարդիկ ամբողջ ուժով վազեն Որդու մոտ, որ
աճեն, հասունանան և տարվեն շտեմարանները, չմնան հարդի հետ, որը պիտի այրվի: Թող
հենց այս երեկո լինեն շտեմարաններում: Հիսուս Քրիստոսի Անունով: Ամեն: Շնորհակալ
եմ այն ուշադրության համար, որ հատկացրիք ինձ այս երեկո: Թող Աստված գործի ձեր
սրտերի հետ:
316. Մենք բաժանել ենք աղոթքի թերթիկները: Այժմ մենք քսան րոպե
կհատկացնենք աղոթքի շարքին: Մենք պետք է շտապենք աղոթքի շարք կազմելու համար,
որպեսզի հիվանդները գան և ես աղոթեմ նրանց համար: Ես չգիտեմ, թե քանի աղոթքի թերթիկներ
են բաժանվել: Ես դա երբեք չեմ հարցնում Բիլլին: Պարզապես ասում եմ. «Բաժանե՞լ ես…»
կամ «Գնա բաժանիր աղոթքի թերթիկները…»: Հետո նա վերադարձավ վերցնելու մեզ՝ ինձ և
իր մորը, որ այստեղ բերի:
317. (Բրանհամ եղբայրը Բիլլիի հետ խոսում է աղոթքի թերթիկների վերաբերյալ:
Ծան. խմբ.):
318. Լավ, այժմ կանչում եմ թիվ մեկ աղոթքի թերթիկը: Նա, ում մոտ է
այդ թերթիկը, թող ձեռք բարձրացնի, որ տեսնեմ նրան: Եթե կարող եք կանգնած մնալ… եթե
ոչ, մենք ձեզ կտեղափոխենք այստեղ: Խնդրեմ, աղոթքի թերթիկ թիվ մեկ… Ի՞նչ եք ասում:
Ո՛հ, կներեք, աղոթքի թերթիկ Ա 1: Կարո՞ղ եք մոտ գալ, տիկին: Ձե՞զ մոտ է այդ
թերթիկը: Ուրեմն, կգա՞ք այստեղ: Աղոթքի թերթիկ Ա 2: Ու՞մ մոտ է Ա 2 աղոթքի
թերթիկը: Խնդրում եմ, ձեռք բարձրացրեք: Այդ դու՞ք եք, տիկին: Ուրեմն, արագ եկեք
այստեղ: Այժմ աղոթքի թերթիկ Ա 3: Դուք թերթիկ ունե՞ք: Չունե՞ք: Ոչինչ, դա պարտադիր
չէ: Երեք, չորս, հինգ: Ա, մեկ, երկու, երեք, չորս, հինգ… Լավ: Հինգ, վեց, յոթ,
ութ, ինը, տասը: Շատ լավ, շարք կանգնեք: Սկսեք շարք կանգնել:
319. Եթե դուք չեք կարող գալ, այսպես թափահարեք ձեր ձեռքը, և ձեզ
կբերեն այստեղ: Ես հարցրեցի այստեղ գտնվողներին, որոնք աղոթքի թերթիկ չունեն:
Պարտադիր չէ դա ունենալ, ես պարզապես հարցնում եմ: Դուք, որ հաշմանդամ եք, կարծում
եմ, որ ստիպված եք եղել ավելի շուտ գալ: Բայց պարտադիր չէ, որ աղոթքի թերթիկ
ունենաք, բավական է, որ հավատք ունենաք, ինչպես ասացի ձեզ: Եթե հայտնություն եք
ստացել, շատ լավ է: Բայց եթե հայտնություն չեք ստացել, տասնյակ աղոթքի շարքերի մեջ
էլ լինեք, դա օգուտ չի տա: Դուք այդ գիտե՞ք: Հավատու՞մ եք դրան: Ես կարող էի
աղոթել, ամեն բան անել, ծնկի գալ, ձեռք դնել ձեզ վրա, յուղով օծել, անել ինչ ուզում
եք, աղոթել… Միայն այն ժամանակ, երբ Աստված Իր Շնորհքով ձեր սրտին հայտնություն
տա, որ «ամեն բան կատարված է», դա կլինի: Եվ նույնիսկ կարիք չի լինի, որ գաք
աղոթքի շարքի մեջ կամ որևէ այլ տեղ, ամեն դեպքում բժշկություն կլինի:
320. Լավ: Հասանք թիվ 20 աղոթքի թերթիկին: Կա՞ մեկը, որն աղոթքի
թերթիկ ունի, բայց չի կարող վեր կենալ: Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր աղոթքի
թերթիկ ունեն, բայց չեն կարող վեր կենալ: …միայն հավատա (ես տեսնում եմ, թե ինչպես
խեղճ Աննա Ջինը նստում և նվագում էր սա երբեմն ամբողջ գիշեր: Ես ուզում եմ, որ
բոլորդ լուռ լինեք և ակնածալից)… միայն հավատա: (Կարծեմ մեկից տասնհինգ աղոթքի
թերթիկներն են): …միայն հավատա… (Այստեղ նեղվածք է, դրա համար անմիջապես սկսենք:
Ի՞նչ եք ասում):
321. Դուք չափազանց շատ եք, այստեղ ավելի շատ են, քան մենք կանչել
ենք: Բայց ոչինչ: Պարզապես հանգիստ մնացեք այնտեղ, որտեղ գտնվում եք: Պարզապես
սպասեք մինչև ձեր համարը կանչվի, որպեսզի բեմի վրա նեղվածք չլինի: Եթե Տերը ինչ-որ
բան անի, դուք կփակեք դահլիճում գտնվողների տեսադաշտը: Թող Աստված օրհնի ձեզ: Այժմ
աղոթենք այս թաշկինակների համար, մինչ հիվանդները պատրաստվում են:
322. Ո՛վ մեր Աստված, ահա այստեղ հիվանդ և տառապող մարդկանց
թաշկինակներն են: Նրանք ունեն այն հավատքը, որի մասին ես խոսեցի, Տե՛ր: Ես հիշում
եմ, որ Դու ասել ես Աստվածաշնչում, Հուդայի 3-րդ համարում, որ «պայքարենք այն
հավատքի համար, որ մեկընդմիշտ ավանդվեց սրբերին»: Եվ նրանք թաշկինակներ էին
վերցնում սրբերի մարմնից, ոչ թե որովհետև նրանք առանձնահատուկ մարդիկ էին, այլ
որովհետև հավատացյալ էին: Նրանք ունեին նույն բնությունը, ինչ մենք: Գրված է.
«Եղիան մեզ նման կրքերի ենթակա մի մարդ էր և անձկությամբ աղոթեց, որ անձրև չգա…»:
Աստված իմ, նա այդպես աղոթեց, որ ժողովուրդն ապաշխարի: Դու նրան հայտնություն
տվեցիր այդպես աղոթելու, որ Քո Խոսքն իրականանա: Անկասկած, Դու տեսիլք տվեցիր Քո
մարգարեին: Եվ Տեր, ես աղոթում եմ, որ այս մարդիկ բժշկվեն այս երեկո: Ես Եղիան չեմ
(նա երկինք է հափշտակվել), բայց նրա կյանքն ու հոգին միշտ ապրում են: Դրա համար
խնդրում ենք, ով մեր Աստված, որ Դու լսես Քո ժողովրդի աղոթքները: Խնդրում ենք, որ
լսես մեր աղոթքները, որ երբ այս թաշկինակները դրվեն հիվանդների վրա, նրանք
բժշկվեն:
323. Մենք հասկանում ենք, ո՛վ Հայր, որ մեռնող սերունդ ենք: Մենք
մոտենում ենք հավիտենությանը: Աշխարհը խելագարվել է: Սպանություններ են լինում,
փոքրիկ աղջիների են բռնաբարում և կտոր-կտոր անում: Տղամարդիկ կանանց նման երկար
մազեր են պահում, կանայք մազերը կտրում են. դա այլասերվածություն է: Ողջ սերունդը
մահամերձ է: Ողջ աշխարհը մահամերձ է: Ամեն բան մեռնելու վրա է: Եկեղեցին էլ է
մոտենում մահվանը:
324. Ո՛վ մեր Աստված, մեզ կյանք տուր: Մեզ կյանք տուր, ո՛վ Աստված,
հավատքի՛ կյանք: Հայտնություն տուր այս մարդկանց, ո՛վ Տեր: Ես ոչինչ չեմ կարող
անել աղոթելուց և ձեռնադրելուց բացի: Բայց Դու ես բժշկողը, Դու միակն ես, որ կարող
ես բժշկել: Խնդրում եմ, ո՛վ Հայր, որ Դու այդ անես, որ Դու այդ շնորհես
յուրաքանչյուրին: Շնորհիր այդ, երբ ես ձեռք եմ դնում նրանց վրա և աղոթում ողջ
սրտով: Հիսուս Քրիստոսի Անունով խնդրում եմ, բժշկիր բոլորին: Ամեն:
325. Եղբայրներ, բարձրախոսն աշխատու՞մ է: Բոլորը կարո՞ղ են լսել:
Բոլորը լսու՞մ են: Խնդրում եմ, ձեռք բարձրացրեք: Այստեղ կան մարդիկ, որոնք
անվասայլակների և պատգարակների վրա են, որոնք նույնիսկ աղոթքի թերթիկ չեն ստացել:
Բայց լավ լսեք սա, եղբայրներ. այստեղ կան մարդիկ, որոնք ստացել են աղոթքի թերթիկ,
բայց դա չի նշանակում, որ նրանք կբժշկվեն: Այնտեղ մարդիկ կան, որ նստած են
դահլիճում… դա չի նշանակում, որ նրանք կբժշկվեն… Ես չեմ ասում, որ նրանք կբժշկվեն
կամ չեն բժշկվի: Ամեն բան կախված է Աստծո հանդեպ նրանց հավատքից: Քանի՞սդ գիտեք,
որ դա այդպես է: Ամեն բան դրանից է կախված՝ Աստծո հանդեպ ձեր հավատքից: Կարևոր չէ,
թե որքան կրոնասեր եք, լավն եք կամ վատն եք, քանի դեռ Աստծո շնորհքը չի իջել ձեր
սրտի մեջ, երբեք չեք բժշկվի: Քանի՞սդ գիտեք, որ Աստված է այդ ամենն արել, որ հենց
սկզբից մեծ հրաշքներ, նշաններ ու սքանչելիքներ է արել: Եվ հիմա այս երեկո այստեղ
եք, աղոթքի շարքում, ոչ թե նրա համար, որ ընտրվել եք Աստծո կողմից աղոթքի շարքում
լինելու. դա այդպես չէ: Բայց աղոթքի թերթիկ եք ստացել և… (Չձայնագրված հատված.
ծան. խմբ.):
326. Ճիշտ այնպես, ինչպես այստեղ ներկա գտնվող իմ Գերհոլցեր եղբայրը,
որը շատ տարիներ առաջ է սկսել իր ծառայությունը… (Չձայնագրված հատված. ծան. խմբ.)…
հավատալով Աստծուն, հավատալով, որ Աստված է հավատքով բժշկում հիվանդներին: Եվ Նա
երբեք չի փոխվել: Բայց այս վերջին օրերում Նա ավելացրել է պարգևները, այն
պարգևները, որոնք Ինքը խոստացել էր: Աստված այդ արեց ոչ թե նրա համար, որ պարտավոր
էր, այլ որովհետև խոստացել էր: Եվ եթե Նա խոստացել է կանի, որովհետև Նա պահում է
Իր Խոսքը:
327. Եվ Նա ձեզ խոստացել է. «Եթե կարողանաք հավատալ, կկատարվի»: Եթե
չկարողանաք հավատալ, չի կատարվի: Ես չեմ կարող ձեզ ստիպել, որ հավատաք, դուք էլ
չեք կարող ինքներդ ձեզ ստիպել, որ հավատաք: Դա Աստված պետք է ձեզ տա: Հավատքը
Աստծո պարգևն է: Ոչ թե ձեր հավատքը, այլ Աստծո հավատքը: Ձեր ինտելեկտուալ հավատքը
կարող է շատ լավ հավատալ, բայց քանի դեռ Աստծո հավատքը չի իջել ձեր սրտերում…
Հասկանում եք, ձեր ինտելեկտուալ հավատքը կարող է դա ընդունել, կարող է այդ անել:
Շարունակեք ողջ սրտով հավատալ, մինչև Աստված ձեզ հայտնություն տա: Հասկանու՞մ եք:
Շարունակեք հավատալ, մինչև Աստված ձեզ հայտնություն տա: Բայց քանի դեռ
հայտնություն չեք ստացել…
328. Դուք ինձ կասեք. «Այդ ի՞նչ եք ասում, Բրանհամ եղբայր»:
329. Այո՛: Աստված Եզեկիայի մոտ մարգարե ուղարկեց, որը նրան ասաց.
«Այսպես է ասում Տերը. «Տունդ կարգի դիր, որովհետև դու մեռնելու ես, չես ապրելու»:
Մի՞թե այդպես չէ:
330. Բայց թագավորը երեսը շրջեց դեպի պատը և առատ արցունք թափելով
ասաց. «Ո՛վ Տեր, ես էլի տասնհինգ տարի ուզում եմ ապրել: Աղաչում եմ, Տեր, լսիր իմ
աղոթքը»: Թագավորը քաղաքական աշխարհում ամենաբարձր մարդն էր, բայց Աստծո համար
մարգարեն նրանից բարձր էր: Նա աստվածավախ թագավոր էր: Բայց մարգարեն Աստծո
մարգարեն էր: Դրա համար Աստված մարգարեին հայտնեց, որ պետք էր մի քանի չորացած
թուզ վերցնել… (Չձայնագրված հատված. ծան. խմբ.):
331. Այժմ որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչ եմ ուզում ասել (քանի
որ քարոզեցի այս հատվածի շուրջ՝ «Եվ ինչպես Սոդոմի և Գոմորի օրերին եղավ, այնպես
էլ Մարդու Որդու օրերին կլինի»:) Այն օրը, երբ եկեղեցի՞ն կհայտնվի: Ո՛չ, «այն օրը,
երբ Մարդու Որդին կհայտնվի»: Ի՞նչ է նշանակում հայտնվել. հայտնի դառնալ: Ճի՞շտ է:
Հայտնություն: Այն օրը, որում Մարդու Որդին կհայտնվի, նման կլինի Սոդոմի և Գոմորի
օրերին: Մի՞թե այդպես չէ:
332. Ուշադրություն դարձրեք, թե ինչ կատարվեց: Սոդոմն ու Գոմորը
այցելություն ստացան երկու հիմնական պատգամաբերների կողմից, որովհետև այնտեղ գաղջ
քրիստոնյաների մի խումբ կար: Երկու հիմնական պատգամաբերները գնացին Սոդոմ և Գոմոր
և քարոզեցին: Բայց նրանցից մեկը մնաց Աբրահամի խմբի հետ: Մի՞թե այդպես չէ:
333. Այժմ շատ ուշադիր լսեք: Ողջ եկեղեցու պատմության մեջ մինչև
այսօր դեռ չէր եղել եկեղեցիների մոտ ուղարկված, համընդհանուր ճանաչում ունեցող մի
պատգամաբեր, որի անունը վերջանում է «համ»-ով: Կա Գրեհեմը, որը վեց տառանի անուն
է. Գ-ր-ա-հ-ա-մ: (անգլերենում՝ Graham, հայերենում գրվում է «Գրեհեմ»): Բայց
Աբրահամի անունն այսպես է կարդացվում՝ Ա-բ-ր-ա-հ-ա-մ, յոթ տառանի է: Ուրեմն ունենք
համաշխարհային եկեղեցին, որի հետ մարդու թիվ է կապված (վեց, մարդու ձեռքով
ստեղծված կազմակերպություն), որն արդեն ընդունել է իր պատգամաբերին: Մինչև հիմա
եղել են Սենքին, Մուդին, Ֆիննին, Նոքսը, Կալվինը և ուրիշներ, բայց չի եղել «համ»
վերջավորությունով անուն ունեցող: Բայց հիմա հայտնվեց մեկը, որը Աստծո կողմից
ուղարկված պատգամաբեր է, և նա հնարավորինս ուժեղ թակում է բոլոր դռները և
աղաղակում. «Դուրս եկեք այդտեղից: Ապաշխարեք, այլապես կկորսվեք»:
334. Բայց հիշեք, որ նախասահմանվածներին, ուխտի զավակներին,
Աբրահամին ու իր խմբին նույնպես պատգամաբեր ուղարկվեց (դա ճիշտ է): Տեսեք, թե
Աստված ինչ արեց: Նա նրանց մի նշան տվեց՝ ցույց տալով, որ մոտ է այն ժամանակը, երբ
երկնքից կրակ է թափվում: Այժմ սպասում ենք Աստծո բարկության ատոմային կրակին:
335. Այդ պատգամաբերը ինչ-որ բան արեց: Նա խոսեց մի կնոջ վերաբերյալ,
որին Ինքը մեջքով էր կանգնած: Ասաց այդ կնոջը, որ ինքը կասկածում է Իր Խոսքին,
հայտնեց, թե ինչ է կատարվելու: Մի՞թե այդպես չէ: Մի՞թե Նա չի ասել, որ վերջին
օրերում Մարդու Որդին նույն կերպ կհայտնվի: Հավատու՞մ եք, որ դա ճշմարտություն է:
Ահա մի կին…
336. Եվ Եկեղեցու՝ Քրիստոսի Հարսի անտեսանելի միության մեջ այստեղ
ներկա է այդ Պատգամաբերը. դա Հիսուս Քրիստոսն է, որը նույնն է երեկ, այսօր և
հավիտյան:
337. Բայց Նա խոսում է Իր մարգարեների միջոցով: Աստվածաշունչն է
այդպես ասում. «Որովհետև Տեր Եհովան ոչ մի բան չի անի, եթե չհայտնի Իր խորհուրդը
Իր ծառաներին՝ մարգարեներին» (Ամովս 3:7): Նա միշտ այդպես է արել: Եվ Նա երբեք չի
փոխել Իր գործելակերպը: Իսկ մարգարեն, եթե իսկական մարգարե է, կկրկնի միայն Աստծո
ասածը: Ճիշտ չէ՞: Ճիշտ է:
338. Այժմ հավատու՞մ եք, որ Նա կարող է ինձ հայտնել, թե ինչ խնդիր
ունի այս կինը, երբ ես նույնիսկ չեմ նայել նրան: Նա տառապում է քաղցկեղից: Դա
կրծքի քաղցկեղ է: Նա հիմա մտածում է իր որդու մասին, որը տառապում է
բարդացումներով նյարդային հիվանդությունից: Դա ճիշտ է: Հավատու՞մ եք: Ճիշտ է, չէ՞:
Հավատու՞մ եք, որ ձեր հավատքն ասաց դա և ձեզ խարիսխ տվեց, և դուք ստացաք ձեր
խնդրածը: Ուրեմն, գնացեք, Տեր Հիսուսը ձեզ առողջություն կտա: Հավատու՞մ եք: Ձեր
ողջ սրտո՞վ:
339. Հավատու՞մ եք, որ Տեր Հիսուսը կարող է բացահայտել այս կնոջ
հիվանդությունը առանց նրան նայելու: Ձեզանի՞ց քանիսն են հավատում: Գիտե՞ք, ես նրան
երբեք չեմ տեսել: Եթե ես նրա հագուստը տեսած չլինեի, նույնիսկ չէի իմանա՝ տղամարդ
էր կանգնած թե կին: Ես ուզում եմ, որ նա հավատա: Հավատու՞մ եք, տիկին: Դուք, որ
հիվանդ եք, հավատու՞մ եք: Եթե հավատում եք, խնդրում եմ, բարձրացրեք ձեր ձեռքը: Եթե
հավատում եք ողջ սրտով, կունենաք այդ երեխային, որ Աստծուց խնդրում եք: Հավատու՞մ
եք: Աստծո հանդեպ հավատք ունե՞ք: Տեսիլքը չի բժշկում, դա միայն բացահայտում է, թե
ինչ հոգս կա: Գործերը հաստատում են Աստծո ներկայության, Նրա բացահայտված Խոսքի հանդեպ
հավատքը:
340. Իսկ այստեղ կանգնած կինը փառավոր բան է խնդրում: Նա երեխա չի
ուզում, այլ Սուրբ Հոգու մկրտությունը: Ես ձեզ կասեմ, թե ինչ պետք է անեք դրա
համար: Եթե դուք ազատվեք այդ ծխախոտներից, Աստված ձեզ կտա Սուրբ Հոգու
մկրտությունը: Գնացեք և հավատացեք: Հավատու՞մ եք: Աստծո հանդեպ հավատք ունե՞ք:
341. Ահա մի տղամարդ, որին կյանքում չեմ տեսել: Ես նրան չեմ
ճանաչում: Նա տառապում է կրծքավանդակի հետ կապված խնդիրներից: Պատճառն այն է, որ
նա վերջերս ընկել է: Նա այստեղից չէ, Արկանզասից է: Նա քարոզիչ է: Կարող եք վերադառնալ
և շարունակել Ավետարանի քարոզչությունը: Տեսնու՞մ եք: Ես նույնիսկ այդ տղամարդուն
դեմ առ դեմ չեմ տեսել:
342. Ահա մի կին, որին չեմ ճանաչում և երբեք չեմ տեսել:
343. Եթե Տերն ինձ հայտնի նրա հիվանդությունը կան որևէ բան նրա
վերաբերյալ, դուք կհավատա՞ք: Բոլո՞րդ: Դա ընդամենը գործ է, որը հաստատում է
հավատքը, որի մասին խոսեցի այս երեկո: Դա Աստված է բացահայտել և գործերը դա
ապացուցում են: Այժմ դուք բժշկվելու հավատք ունեք:
344. Այստեղ կանգնած կնոջը կարծում եմ, որ չեմ ճանաչում: Ճիշտ է,
նրան չեմ ճանաչում, բայց ճանաչում եմ մեկին, որին նա ճանաչում է, որովհետև տեսնում
եմ նրան այստեղ իմ առջև կանգնած: Նա տառապում է գլխացավից: Ճի՞շտ է, տիկին:
Հավատու՞մ եք, որ Աստված կբժշկի ձեզ: Նա Փիրի Գրինի քույրն է: Դա ճիշտ է, և ես
երբեք չէի տեսել այս կնոջը: Ես տեսա, որ Փիրի Գրինը կանգնած էր այստեղ և նայում էր
ինձ, հետո այսպես գնաց: Բայց չգիտեմ, թե այս պահին որտեղ է Փիրի Գրինը: Հավատու՞մ
եք: Քանի՞սդ հավատք ունեք: Եթե կարողանաք հավատալ, ամեն բան հնարավոր է: Եթե
չկարողանաք հավատալ, ոչինչ չի կատարվի:
345. Սպիտակ մազերով այն ցածրահասակ կինը, որ նստած է այնտեղ.
հավատու՞մ եք Աստծուն: Հավատու՞մ եք, որ Աստված ինձ կհայտնի, թե ինչ եք մտածում:
Դուք կրծքի ուռուցք ունեք: Հավատու՞մ եք, որ Աստված կարող է ձեզ ազատել դրանից: Դա
ճիշտ է: Հավատացեք, հավատք ունեցեք: Ինչի՞ն էր դիպչել այդ կինը:
346. Աստվածաշունչը պատմում է մի կնոջ մասին, որը դիպավ Նրա հանդերձի
փեշին… եթե ուզում եք, նայեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը. «Որովհետև ոչ թե
այնպիսի Քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել….»:
Մի՞թե այդպես չէ: Նա է այդ Քահանայապետը և հիմա կանգնած է այստեղ: Այժմ մարդիկ
Նրան են դիպչում:
347. Ահա մի ցածրահասակ, նիհար կին, որը բարձրացնում է ձեռքը: Նա
այստեղից շատ մոտ է նստած: Կյանքում չեմ տեսել նրան, բայց նա դիպավ ինչ-որ բանի:
Ահա թե ինչ կատարվեց: Նա աղոթեց Աստծուն: Նա ցավեր ունի կրծքավանդակում և ստամոքսում:
Աստված ձեզ բժշկել է, եթե հավատում եք: Դուք պետք է հավատաք: «Ամեն բան հնարավոր է
հավատացողին»:
348. Այնտեղ խորքում մի տղամարդ է նստած, որը նայում է այստեղ:
Այստեղից երկրորդ շարքում է նստած, տառապում է շնչարգելքով: Պարո՛ն, հավատու՞մ եք,
որ Աստված կբժշկի ձեզ: Եթե հավատում եք, Աստված կբժշկի ձեզ: Կարող եք ստանալ այն
ամենը, ինչ խնդրում եք, եթե հավատաք:
349. Ահա սպիտակ մազերով մի կին, որը նստած է այնտեղ և նայում է իմ
ուղղությամբ: Եթե հավատաք ձեր ողջ սրտով… հավատու՞մ եք: Լավ, եթե հավատում եք, ձեր
լեղապարկը կբժշկվի:
350. Ի՞նչ եք մտածում այս բաների մասին դուք, որ պառկած եք
պատգարակներին: Հավատու՞մ եք, որ Աստված կբժշկի ձեզ: Եթե Աստված ինձ ասի, թե ինչ
խնդիր ունեք, կհավատա՞ք: Եթե հավատում եք, այդ քաղցկեղը ձեզնից կհեռանա և դուք
տուն կվերադառնաք: Ինչու՞ վեր չկենաք, վերցնեք ձեր պատգարակը և տուն վերադառնաք:
Հավատու՞մ եք: Դուք բոլորդ հավատու՞մ եք: Ուրեմն ինչու՞ չանել այդ հիմա: Աստված
հավատք դրե՞լ է ձեր սրտերում: Այս շարքով մեկ միմյանց վրա ձեռք դրեք: Արեք այդ
հիմա, մինչ Սուրբ Հոգին շարժվում է այստեղ. միմյանց վրա ձեռք դրեք: Այն տղամարդը
վեր կացավ, շարքով մեկ վազում է և աղոթում մյուսների համար:
351. Այժմ կանգնենք և ողջ փառքը տանք Աստծուն: Ավելին անելու կարիք
չկա: Ճանաչեք Հիսուս Քրիստոսին, որը նույնն է երեկ, այսօր և հավիտյան, ինչպիսին էլ
լինեն ձեր նեղությունները: Եթե հավատում եք Նրան, հենց հիմա վեր կացեք և
հավատացեք: 352. Ո՛վ Ամենակարող Աստված, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստված,
ուղարկիր Քո զորությունը և բժշկիր այստեղ հավաքվածներին հենց այս պահին Հիսուս
Քրիստոսի Անունով: Ամեն: Փա՛ռք Աստծուն: Թող Աստված օրհնի ձեզ:

